Շիրվանզադե Ալեքսանդր՝   Պատվի համար

ՄԱՐԳԱՐԻՏ. (Ուրախանալով և, միևնույն ժամանակ, դեռ կասկածելով): Այո՞, սխալվա՞ծ է քո մասին:

ԱՆԴՐԵԱՍ. Իհարկե, բաս ի՞նչ էիր կարծում:

ՄԱՐԳԱՐԻՏ. Հայրիկ, ինչու թաքցնեմ, ես երբեք չեմ կասկածել ոչ քո անցյալի և ոչ ներկայի ազնվության մասին: Բայց նա ինձ համոզում է, որ...

ԱՆԴՐԵԱՍ. Որ ես կողոպտել եմ նրա հորը, այնպես չէ՞: Բայց ինչո՞վ է համոզում, խոսքերո՞վ, թե փաստերով:

ՄԱՐԳԱՐԻՏ. Հայրիկ, ոչ քեզանից կարող եմ փաստ պահանջել, ոչ նրանից:

ԱՆԴՐԵԱՍ. Բայց առանց փաստերի կարող ես ծնողիդ դատապարտել, հաա՞: (Կեղծ վշտանալով) Ամո՜թ քեզ, Մարգարիտ, ամոթ: Դու ինձ ապտակ ես տալիս...

ՄԱՐԳԱՐԻՏ. (Վշտահար և ամոթահար) Հա՜յր...

ԱՆԴՐԵԱՍ. (Տակավին վշտացած ձևանալով) Ահ, թո՛ղ ինձ, ես ի՜նչ հայր եմ, երբ հարազատ աղջիկս, ուրիշների դատարկ խոսքերով, ինձ համարում է գող, ավազակ: Թո՛ղ ինձ, գնա՛ նրա հետևից: Նա է քեզ համար թանկ, իսկ ես ո՞վ եմ, ի՞նչ եմ: Ոչինչ, ցեխի կտոր:

ՄԱՐԳԱՐԻՏ. Դու ունիս իրավունք ինձ նախատելու, հայր, ես շտապել եմ եզրակացություն անելու: Ների՛ր ինձ, աղաչում եմ:

ԱՆԴՐԵԱՍ. Ներումն խնդրելուց ի՞նչ օգուտ, դու պետք է աշխատես մեղքդ քավել, սխալդ ուղղել:

ՄԱՐԳԱՐԻՏ. Բայց ինչպե՞ս հայրիկ, ի՞նչ միջոցով, սովորեցրո՛ւ, ես կքավեմ իմ մեղքերը:

ԱՆԴՐԵԱՍ. Այ ինչպես: Լսի՛ր: Նա ասում է, թե իր ձեռքում ունի ինչ-որ գրավոր ապացույցներ իմ դեմ: Դու... (Նայելով շուրջը): Բայց այստեղ անհարմար է ասել: Կարծեմ գալիս են: Գնանք իմ սենյակը, այնտեղ կբացատրեմ ինչ որ հարկավոր է: Գնանք: (Գնում են աջ կողմի առաջին դռներով):

ՏԵՍԻԼ 8

ՍՈՒՐԵՆ և ՍԱՂԱԹԵԼ

ՍՈՒՐԵՆ. Այո, քեռի, երևակայել չես կարող, թե ինչքան ծիծաղելի էր: Աբուլովտ, քաղաքի առաջին քեֆ անողն և ամենից շատ ծախսողը, հանկարծ մնում է թատրոնի դռների մոտ քիթը քաշ: Իսկ քո քրոջ որդին բռնում է գեղեցկուհի Առլովայի թևից և կառք նստեցնում:

ՍԱՂԱԹԵԼ. Ամոթ չլինի հարցնելըայդ ի՞նչ պարծենալու բան է:

ՍՈՒՐԵՆ. (Ոգևորված շարունակելով) Ամենքի ուշադրությունը մեզ վրա է, բոլորը նայում են նախանձով: Աբուլովի աչքերից կրակ է թափվում: Կրակոտ Ալի-Բաբան կառքը թռցնում է, մեզ կայծակի արագությամբ բերում է Գրանդ-հոթել: Ծառաները ձեռքի ոտքի են ընկել: Սեղանը պատրաստ է: Հյուրերը սպասում են...

ՍԱՂԱԹԵԼ. Ամոթ չլինի հարցնելըի՞նչ հյուրեր:

ՍՈՒՐԵՆ. Ինձ նման դարդիմաններ: Մեզ ծափահարում են: Կառքից ծառաները բերում են թատրոնում ստացված փունջերըկեսն իմ նվիրածն է: Առլովան հիացած է նվերներից: Երբեք այդպիսի բենեֆիս չի ունեցել: Հետս ի՜նչ քեֆ, ի՜նչ քեֆ: Շամպանիան ջրի պես է հոսում: Խմում են Առլովայի կենացը, հետո իմը: Մեկ, երկու, երեք, հանկարծ ես սեղանի տակ եմ: Կծում եմ Առլովայի ոտը: Նա, ծիծաղելով ու ծվվալով, նայում է ներքև: Ոտքի եմ կանգնում գեղեցկուհու կոշիկը ձեռքիս, լցնում եմ շամպանիայով և խմում եմ նրա կենացը: Ոգևորոլթյունն անասելի է: Առլովան սքանչացած է, ասում է, առաջին անգամն եմ տեսնում ձեզ նման երկրպագու գեղարվեստի: Ահ, շարմանտ մերվեյլ... Կին չէ, այլ դիցուհի... (Ձեռը զարկելով Սաղաթելի ուսին) Այժմ, քեռի, նրա սիրտն իմն է ամբողջովին: (Զեռը զարկելով Սաղաթելի փորին): Կկամենա՞ս, ծանոթացնեմ, ասա, առաքինի Բաղդասար...

ՍԱՂԱԹԵԼ. Գնա բանիդ է: Դու ինձ այն ասա, ի՞նչ նստեց այդ քեֆը:

ՍՈՒՐԵՆ. Համեմատաբար, ոչինչ, դատարկ բանվեց հարյուր ռուբլի:

ՍԱՂԱԹԵԼ. (Զարմացումից հետ թռխելով) Փա՜հ, քո տունը չքանդվի, օղո՜ւլ...

ՍՈՒՐԵՆ. Կծեց, հա՞ա :

ՍԱՂԱԹԵԼ. Վեց հարյուր մանե՜թ, մի գիշերո՜ւմ: Դե լավ, ամոթ չլինի հարցնելըե՞րբ ես վեքսելներս այնա անելու:

ՍՈՒՐԵՆ. Երբ որ պայմանավորված ժամանակը կգա, այնա կանեմ:

ՍԱՂԱԹԵԼ. Ես պետք է սպասեմ քո հոր մահվա՞ն:

ՍՈՒՐԵՆ. Այո, ի՞նչ արած:

ՍԱՂԱԹԵԼ. Բայց նա ինձանից առողջ է, կարող է ինձ նման տասին թաղել:

ՍՈՒՐԵՆ. Ես ինչ անեմ, դու ինքդ ես ինձ սովորեցրել: Տալիս ես 300, ստանում ես 2 հազարի վեքսել, որ հորս մահից հետո վճարեմ, (Լռության): Ախ, քեռի, գլուխս սկսեց ցավել: Տրամադրությունս փչացավ: Ամեն անգամ այդ տեսակ մեծ քեֆից հետո կյանքն ինձ թվում է հիմար, ձանձրալի բան: (Նկատելով Երանուհուն, Ռոզալիային և Բագրատին) Ահա գալիս է ընտանեկան իդիլիան:

ՏեՍԻԼ 9

ՆՈԻՅՆՔ, ԵՐԱՆՈՒՀԻ, ՌՈԶԱԼԻԱ և ԲԱԳՐԱՏ

Դարս են գալիս սեղանատնից:

ԵՐԱՆՈԻՀԻ. Սաղաթել, Զարուհուն հրամայիր, որ քեզ նախաճաշ տա:

ՍԱՂԱԹԵԼ. (Անմիջապես անցնում է սեղանատան):

ԵՐԱՆՈԻՀԻ. (Սուրենին): Իսկ քեզ ասելն ավելորդ է. դու, երևի, կուշտ ես:

ՍՈՒՐԵՆ. Մախոխ լիներ, ուրախությամբ մի աման կուտեի:

ԵՐԱՆՈԻՀԻ. Որտե՞ղ էիր ամբողջ գիշեր:

ՍՈՒՐԵՆ. Աստղագիտությամբ էի զբաղված, մամա: Այժմ աստղերն երկնքից իջել են օպերետային թատրոն:

ԲԱԳՐԱՏ. Ամաչելո՞ւ ես մի օր, թե՞ չէ: Ի՞նչ իրավունքով ես Դիլբարյաններից ստացել բնակարանի վարձը և ծախսել:

ՍՈՒՐԵՆ. Հարգելի ինժեներ-տեխնոլոգ, կարծեմ, ես նույնպես իմ հոր հարազատ որդին եմ, ինչպես դու:

ԲԱԳՐԱՏ. Դու ապականեցիր մեր ընտանիքի անունը:

ՍՈՒՐԵՆ. Դեռ հարց է. ե՞ս, թե՞ դու, պարոն Գեշեֆտմախեր: Ես կեղտը փչացն ում եմ, իսկ դու պաշտում ես: էհ, բերանս բաց մի անեք, թե չէլեզուս չար է:

ՌՈԶԱԼԻԱ. Գիտեմ, ինչ է քո չար լեզուն: Մայրիկ, երեկ նա ինձ անվանեց աղվեսի պոչ:

ՍՈՒՐԵՆ. Իսկ այսօր կանվանեմ մարքիզուհի Դալլաքյան. ի՞նչ էիր այսօր ուռել ու փքվել կարեթում: Ուղղակի ծիծաղելի էր: Այն կարտոֆիլի տոպրակ Վարդանին էլ կարմիր չերքեզի է հագցրել ու առաջքը նստացրել: Հերիք չէ, որ անունդ Գյուլում է, փոխել ես Ռոզալիայի, հիմա էլ իշխանուհու շիկ ես բանեցնում: Հե՜ե, դալլաք Էլիզբարի թոռն: Թողեք, աստված սիրեք, ամենքդ ինձ համար ծիծաղելի եք, բացի խղճալի մայրիկից:

ՄԱՐԳԱՐԻՏ. Դուրս է գալիս հոր սենյակից:

ՍՈՒՐԵՆ. Եթե ձեր մեջ կա մեկը, որ կարող է ինձ նախատել, ահա սա է: (Ցույց է տալիս Մարգարիտին):

ՏԵՍԻԼՔ 10

ՆՈՒՅՆՔ և ՄԱՐԳԱՐԻՏ

ՌՈԶԱԼԻԱ. Ինչ ասել կուզի, երևելի ռեկոմենդասիոն է:

ՍՈՒՐԵՆ. (Կծու) Համենայն դեպս, արժե Օթարյանի համակրանքից զրկվելուն:

ՌՈԶԱԼԻԱ. Մայրիկ, զսպի՛ր նրան: Նա ինձ վիրավորում է: (Սուրենին): Սուտ է, նա ինքն է զրկվել իմ համակրանքից:

ՍՈԻՐԵն. Այո, այն օրից, երբ զգացել ես, որ դու չես նրա հավանելին: Իսկ առա՞ջ, երբ ուսանող է՞ր: Քիչ էր մնում նրա անունով մոմ վառեիր: Այս այնքան ճիշտ է, որքան այն, որ այս րոպեիս իմ գրպաններում մեծ օդափոխություն կա: (Դադար) Որտե՞ղ է Հայրիկը:

ԲԱԳՐԱՏ. Քո բանը չէ:

ՍՈԻՐԵն. Հե, թաքցրեք ինձանից, բայց ես ամեն բան գիտեմ. գայլը թակարդ է ընկել, իր թաթերն է կրծոտում:

ԲԱԳՐԱՏ. Կարծեմ, դու սկսում ես չափից անցնել:

ՌՈԶԱԼԻԱ. Նա հարբած է, չարժե հետը խոսել:

ԵՐԱՆՈՒՀԻ. Գժվել է:

ՍՈԻՐԵն. էհ՞, ի՞նչ եք ամեն կողմից ապշած մտիկ անում: Ամբողջ քաղաքն է խոսում: Պետք է բամբասանքներին վերջ տալ: Երկուսից մեկկամ Օթարյանը ճշմարիտն է ասում, կամ զրպարտում է: Եթե զրպարտում է, պետք է պատժել: (Բագրատին) Աա՞, վախենո՞ւմ ես, դողո՞ւմ ես, դատարանո՞վ ես սպառնում:

ԲԱԳՐԱՏ. (վիրավորված և վրդովված) Վախկոտը նա է, որ մի կնոջ պատճառով ապտակ է ստանում և կուլ տալիս:

ՍՈՒՐԵՆ. Ձայնդ կտրիր, շուն: (Հարձակվում է վրեն):

ԵՐԱՆՈԻՀԻ. (Ընկնում է որդիների մեջ): Աման, տեր աստված:

ՄԱՐԳԱՐԻՏ. Աստված իմ, և սա ընտանիք է...

ԱՆԴՐԵԱՍ. (Երևում է իր սենյակի դռների մեջ` առանց պիջակի, ժիլետով): Այդ ի՞նչ աղմուկ է: (Նկատելով Սուրենին): Աա, այդ դո՞ւ ես, անառակ զավակ: Ես քեզ կխեղդեմ շան պես: (Հարձակվում է վրեն):

ՍԱՂԱԹԵԼ. (Որ դուրս է վազել Անդրեասի ձայնին սեղանատնից, անձեռոցիկը կրծքին փաթաթած): Հանգստացի՛ր, Անդրեաս... (Բռնում է նրա թևից, հետ է քաշում):

ԱՆԴՐԵԱՍ. Կորիր... ես քեզ ասել եմ, որ աչքիս չերևաս...

ՄԱՐԳԱՐԻՏ. (Բռնելով Սուրենի թևից) Ամոթ է, խելքի եկ: (Տանում է նրան ձախ կողմի դռներով և իսկույն մենակ վերադառնում):

ԱՆԴՐԵԱՍ. Ահա իմ կյանքը, պառկեցի մի քիչ հանգստանալու, չթողին: (Թույլ է տալիս, որ Սաղաթելն իրան տանի իր սենյակը): Անիծվիք դուք...

ՌՈԶԱԼԻԱ. (Մարգարիտին) Օձ, այդ դու ես նրան սովորեցրել:

ՄԱՐԳԱՐԻՏ. Ամաչիր ասածիցդ, Ռոզալիա:

ԵՐԱՆՈԻՀԻ, Հիմա էլ դուք: Այս ի՞նչ տուն է, տեր աստված:

ՌՈԶԱԼԻԱ. Սպասիր, մի օր ես քեզ հետ հաշվի կնստեմ: (Ուզում է գնալ իր սենյակը, բայց Օթարյանին տեսնելով, կանգ է առնում):

ՏԵՍԻԼ 11

ԵՐԱՆՈԻՀԻ, ՄԱՐԳԱՐԻՏ, ՕԹԱՐՅԱՆ և ՌՈԶԱԼԻԱ

ՕԹԱՐՅԱՆ. (Ներս է մտնում նախասենյակի դռներից ուրախ դեմքով): Բարով ձեզ, մայրիկ: (Ձեռը համբարում է) Օրիորդ Ռոզալիա, բարով: (Ուգում է ձեռք տալ):

ՌՈԶԱԼԻԱ. (Արհամարհանքով, բայց վրդովված): Մենք ծանոթ չենք, պարոն:

ՕԹԱՐՅԱՆ. (Ցնցվելով) Օրիորդ, այդ ի՞նչ է նշանակում:

ՌՈԶԱԼԻԱ. (Կծու ծիծաղով): Սիրահարներ: (Անցնում է իր սենյակը):

ՏԵՍԻԼ 12

ՆՈԻՅՆՔ, առանց ՌՈԶԱԼԻԱՅԻ

ՕԹԱՐՅԱՆ, (Ապշած նայելով Ռոզալիայի հետևից, մոտենում է և մեքենաբար սեղմում Մարգարիտի ձեռը): Չեմ իմանում ինչո՞վ եմ ես արժանացել նրա ատելությանը:

ԵՐԱՆՈԻՀԻ. (Որ նստել է աջ կողմի բազկաթոռներից մեկի վրա): Ոչինչ, որդի, մի՛ նեղանար: Այստեղ մի փոքրիկ ընտանեկան խռովություն պատահեց: Ռոզալիան վշտացած է:

ՕԹԱՐՅԱՆ. Եթե ես որևէ բանով մեղավոր եմ նրա առջև, պատրաստ եմ ներումն խնդրել:

ԵՐԱՆՈԻՀԻ. էհ, ուշադրություն մի՛ դարձրու, երեխա է, չի հասկանում: Նստի՛ր, ինչպե՞ս է մայրդ:

ՕԹԱՐՅԱՆ. (Զսպելով իրեն) Շնորհակալ եմ, մայրիկ, դուք շատ բարի եք դեպի մեզ:

ԵՐԱՆՈԻՀԻ. Ես քեզ սիրում եմ հարազատ որդուս պես: Ուրախ եմ, որ մեծացել ես և օրինավոր մարդ դարձել: Լսել եմ, որ քո և իմ մարդու մեջ ինչ-որ վեճ է բացվել: Այդ ինձ շատ է ցավեցնում, որդի, շա՜տ...

ՕԹԱՐՅԱՆ. Մայրիկ, ինչ էլ որ պատահի, իմ սերն ու հարգանքը դեպի ձեզ չի պակսիլ: Դուք բարձր եք բոլոր վեճերից:

ԵՐԱՆՈԻՀԻ. էհ, օրհնյալ լինես: Իմ ցանկությունն էլ այն է, որ բարեկամ մարդիկ հաշտ ապրեն, փողի համար չմոռանան աստծուն:

ԶԱՐՈԻՀԻ. (Գալիս է օրիորդների սենյակից` սեղանատուն անցնելու): Տիրուհի, օրիորդը ձեզ խնդրում է: (Անցնում է սեղանատուն և իսկույն բեմով վերադառնում է օրիորդների սենյակը` ձեռքին մի գրաֆին ջուր և դատարկ բաժակ):

ԵՐԱՆՈԻՀԻ. էհ, էլի երևի հիստերիկան սկսվեց: (Շտապով դնում է օրիորդների սենյակը):

ՏԵՍԻԼ 13

ՄԱՐԳԱՐԻՏ և ՕԹԱՐՅԱՆ

ՕԹԱՐՅԱՆ. (Անհամբեր մոտենալով Մարգարտին) Ի՛՞նչ է պատահել այստեղ,

ասա:

ՄԱՐԳԱՐԻՏ. Սովորական խռովություն: Սուրենն ընդհարվեց Ռոզալիայի և Բագրատի հետ ու միմյանց վիրավորեցին:

ՕԹԱՐՅԱՆ. Բայց ե՞ս ինչով եմ մեղավոր, որ քույրդ ինձ անպատվեց:

ՄԱՐԳԱՐԻՏ. Ներողամիտ եղիր, Ռոզալիան չգիտե իրան զսպել: Ես համոզված եմ, որ հետո ինքը կզղջա: (Զարուհուն, որ այդ միջոցին, օրիորդների սենյակից դուրս գալով, դրաֆինն ու բաժակը ձեռքին անցնում է սեղանատուն): Ինչպե՞ս է:

ԶԱՐՈԻՀԻ. Ոչինչ, մի քիչ լաց եղավ, հանդարտվեց (Գնում է սեղանատուն):

ՄԱՐԳԱՐԻՏ. Թողնենք այդ: Ավելի կարևոր գործ կա: Հայրս ուղարկել է քեզ կանչելո՞ւ:

ՕԹԱՐՅԱՆ. Այո: Ո՞ւր է նա:

ՄԱՐԳԱՐԻՏ. Իր սենյակումն է. հանգստանում է: Նստի՛ր: Եթե կամենաս, իսկապես ինձ ես հարկավոր: Նստի՛ր: (Նստում է աջ կողմի բաղկաթոոի վրա): Դու ինձ երկու կրակի մեջ ես գցել: Ես հավատում եմ քեզ, բայց ուզում եմ հորս էլ հավատալ: Դուրս բեր ինձ այս անտանելի դրությունից: Երկուսից մեկըկամ դու մոլորված ես, կամ հայրս իսկապես մի հանցավոր է:

ՕԹԱՐՅԱՆ. Լսի՛ր, Մարգարիտ: Ես քանիցս քեզ ասել եմ, որ այդ դատն ինձ համար բարոյական մեծ նշանակություն ունի: Հավատա, փողն արժեք չունի իմ աչքում:

ՄԱՐԳԱՐԻՏ. Ախ, մի՞թե ես քեզ նոր եմ ճանաչում: Բայց, հասկացի՛ր, քո և իմ հոր փոխադարձ թշնամությունը կարող է ինձ կործանել, ահա ինչիցն եմ վախենում:

ՕԹԱՐՅԱՆ. Սիրելի, անգին Մարգարիտ, մի՛ պղտորիր հոգիդ մռայլ մտքերով: Ես գիտեմ, որ դու պաշտում ես հորդ, բայց ես այնքան նրա դեմ չեմ զինված, որքան եղբորդ դեմ:

ՄԱՐԳԱՐԻՏ. Բագրատը բարեսիրտ չէ, ես գիտեմ այդ:

ՕԹԱՐՅԱՆ. նա ինձ արհամարհել է ընկերական շրջաններում: Նա ինձ ստորացրել է տեղի և անտեղի: Նա ինձ քանի-քանի անգամ անվանել է ձրիակեր: Ես ուզում եմ աղատվել մուրացկանի վիրավորական գրությունից: Ուզում եմ արժանանալ քո սիրո՛ւն: Մի՞թե չես հասկանում իմ պահանջի իսկական նպատակը,

ՄԱՐԳԱՐԻՏ. Հասկանում եմ, շատ լավ եմ հասկանում: Բայց ե՞ս ինչ անեմ, ես: Դու գիտես, որ ես քեզ սիրում եմ անսահման, բայց չէ՞ որ սիրում եմ և հորս: Այսօր նա ինձ այնպիսի խոսքեր ասաց, որ ամոթից պատրաստ էի գետինը մտնել: Ջեմ կարծում, որ նա այդ խոսքերն ասեր, եթե իսկապես իրան մեղավոր զգար: Նա փաստեր է պահանջում և կամենում է, որ ես ստուգեմ այդ փաստերը:

ՕԹԱՐՅԱՆ. Եվ դու ուզում ես ստուգե՞լ: Հասկանում եմ: Քո մեջ կռվում են երկու հավասար զգացումներհավատը դեպի հայրդ և հավատը դեպի ինձ:

ՄԱՐԳԱՐԻՏ. Ահա հենց այդ է ճիշտը, ի՜նչ լավ զգացել ես իմ դրությունը:

ՕԹԱՐՅԱՆ. Շատ լավ, ես քեզ դուրս կբերեմ այդ երկդիմի դրությունից:

ՄԱՐԳԱՐԻՏ. Այո, այո, դուրս բեր:

ՕԹԱՐՅԱՆ. Կներկայացնեմ քեզ իմ բոլոր ապացույցները:

ՄԱՐԳԱՐԻՏ. Ես հենց այդ մասին էի ուզում քեզ խնդրել:

ՕԹԱՐՅԱՆ. Թող այդպես լինի: Ինձ համար քեզանից ավելի մեծ դատավոր չի կարող լինել: Բավական է, որ դու, միայն դու, ասես եղբորդ, թե ես ձրիակեր չեմ եղել, և ես պատրաստ եմ հրաժարվել իմ ժառանգությունից: Ես կարող էի դատարանի դիմել, բայց այդ չեմ անում միայն քո պատճառով: Ուրեմն դու եղիր մեր դատավորը:

ՄԱՐԳԱՐԻՏ, Շնորհակալ եմ, անչափ շնորհակալ: Եվ հավատա, որ ես կլինեմ արդար դատավոր:

ՕԹԱՐՅԱՆ. (Թեթև ցնցումով): Ահ, հենց այդ է, որ ինձ սարսափեցնում է:

ՄԱՐԳԱՐԻՏ. Ինչո՞ւ...

ՕԹԱՐՅԱՆ. Մարգարիտ, տո՛ւր ինձ խոսք, որ երբ ճշմարտությունը կպարզվի քեզ համարչես ընկճվիլ նրա դառնությունից:

ՄԱՐԳԱՐԻՏ. Մի՛ առաջարկիր ինձ ոչ մի պայման: Դու ինքդ ես ինձ սովորեցրել ճշմարտությունը ամեն բանից գերադասել: Բե՛ր այդ թղթերը, ես ուզում եմ վերջին կասկածը հեռացնել իմ սրտից: Եվ չեմ թաքցնում, որ ում կողմ ևս լինի արդարությունըինձ է կործանելու, որովհետև անդունդը ուր որ բացվիիմ և հորս մեջ, թե՛ իմ և քո մեջես եմ գլորվելու այնտեղ: Բե՛ր այդ թղթերը. ես պահանջում եմ սիրող կնոջ իրավունքով:

ՕԹԱՐՅԱՆ. (Մինչ Մարգարիտն արտասանում է իր խոսքերը, Օթարյանը տանջվում է և կռվում իր հետ: Երբ Մարգարիտը վերջացնում է, լռություն): Շատ լավ, ես կբերեմ: (Վեր է կենում):

ՄԱՐԳԱՐԻՏ. Հենց այսօր:

ՕԹԱՐՅԱՆ. Մի քանի րոպեից հետո ես այստեղ կլինեմ: (Գնում է նախասենյակի դռներով):

ՄԱՐԳԱՐԻՏ. (Ուղեկցում է նրան մինչև դռները, ապա գալիս է բեմի կենտրոնը):

ՏԵՍԻԼ 14

ՄԱՐԳԱՐԻՏ և ՍՈՒՐԵՆ

ՍՈՒՐԵՆ. (Ներս է մտնում ձախ դռներից): Չկարողացա քնել: Հանգիստ չեմ: Մարդու հոգեկան տրամադրությունը զարմանալի կապ ունի գրպանի դրության հետ: Երբ այս անիծվածը դատարկ է, ինչ ուզում եք արեք` քնել չեմ կարողանում: Այո, սիրելի, Մարգարիտ, այս մի նոր հոգեբանական գյուտ է: Հետևաբար, չե՞ս կարող, արդյոք, ինձ հաշտեցնել նրա բթամիտ Մորփեոսի հետ:

ՄԱՐԳԱՐԻՏ. Ես փող չունիմ:

ՍՈՒՐԵՆ. Դու կարծեմ, հայրիկից ամսական 300 ռուբլի ես ստանում:

ՄԱՐԳԱՐԻՏ. Ես վաղուց եմ դադարել հայրիկից փող վերցնել:

ՍՈՒՐԵՆ. Ահա թե ինչ: Ատո՞ւմ ես փողը, փիլիսոփա ես:

ՄԱՐԳԱՐԻՏ. Ինչի՛ս է հարկավոր փողը, երբ տանն ամեն բան պատրաստ կա:

ՍՈՒՐԵՆ. Այդ էլ ճիշտ է: Բայց ինձ հարկավոր է, ախ, շատ հարկավոր: Առանց փողի ես համարյա առանց ոտների եմ: Ես էլ եմ ատում փողը և միշտ աշխատում եմ նրանից բաժանվել: Երբ գրպանս մի քանի գրոշներ են մտնում, մեկ էլ տեսար մոծակների պես կծոտեցին ինձ: էհ, ես էլ շտապում եմ նրանց բաց թողնել: Բայց, այնուամենայնիվ, առանց փողի տխուր է: Ախ, Մարգարիտ, կյանքը շատ տխմար բան է: (Քիչ լռում է). Տխուր է, շատ տխուր: Ես ուղղակի ձանձրացել եմ կյանքից:

ՄԱՐԳԱՐԻՏ. (Շրջվելով, թախծալի հանդիմանությամբ) Քսանուերեք տարեկան հասակում:

ՍՈՒՐԵՆ. Քի՞չ է: Մեր ժամանակում մարդիկ շատ են տեսնում. շատ են զգում և շուտ ձանձրանում: Ազնիվ խոսք, հիմա ես երբեմն ինքս ինձանից վախենում եմ: (Հանում է գրպանից ռևոլվերը): Այ, տե՛ս, մի հարված, և Ռուբիկոնն անցա:

ՄԱՐԳԱՐԻՏ. Թո՛ղ, հիմարություններ մի արա, կարող է տրաքվել:

ՍՈՒՐԵՆ. Ոչ, այս հեշտ տրաքողներից չէ: (Ցույց է տալիս): Այ, այսպես է տրաքում, պետք է այս հետ քաշել, մատով սեղմել, և պատրաստ է:

ՄԱՐԳԱՐԻՏ. Տո՛ւր ինձ: Մի՛ պահիր մոտդ, վտանգավոր է:

ՍՈՒՐԵՆ. Ես հենց ինքս ուզում էի դեն գցել: (Տալիս է) Վերցրու, հրաժարիմք ի սատանայե: (Լռություն): Ուրեմն չունի՞ս:

ՄԱՐԳԱՐԻՏ. Չունիմ: (Ռևոլվերը նայում է քիչ և դնում սեղանի վրա):

ՍՈՒՐԵՆ. (Լռություն) Եվ ոչ գոնե հիսուն ռուբլի՞:

ՄԱՐԳԱՐԻՏ. (Գլխով բացասական նշան է անում):

ՍՈՒՐԵՆ. Ցավալի է, շատ ցավալի: Կնշանակի` այսօր Առլովային չպիտի տեսնեմ: Այդ անկարելի է, ամոթ է, կասի` հայի տղան ծախսից փախավ և էլի կմոտենա Աբուլովին: (Նստում է ձախ կողմի բազկաթոռներից մեկի վրա, մտածում: Լռություն, հանկարծ ձեռը զարկում է ճակատին): Է՜վրիկա, Էդիսոն եմ, Էդիսոն: Ո՞րտեղ է Ռոզալիան:

ՄԱՐԳԱՐԻՏ. Իր սենյակում:

ՍՈՒՐԵՆ. Նա փող կունենա (Դիմում է դեպի խորքի ձախ դռները) :

ՄԱՐԳԱՐԻՏ. Այդքան վիրավորելուց հետո ուզում ես դիմել նրա՞ն:

ՍՈՒՐԵՆ. (Կանգ է առնում): Աա, այդ դատարկ բան է: Նա գիտե որ իմ սիրտը բարի է, լեզուս է միայն չար: Կհաշտվենք, դժվար չէ: Մի քիչ կշոյեմ, կգովեմ գեղեցկությունը իսկույն կկակղի:

Мрачна душа моя.
рвется она вдаль...

(Երգելով անցնում է օրիորդների սենյակը)

ՏԵՍԻԼ 15

ՄԱՐԳԱՐԻՏ և ՕԹԱՐՅԱՆ, հետո ԱՆԴՐԵԱՍ

ՕԹԱՐՅԱՆ. (Ներս է մտնում նախասենյակից, այս անգամ վերարկուով) Ահա, սիրելիս, բոլորը: (Տալիս է մի ծրար): Այստեղ է իմ պատիվը, ինքնասիրությունը և ամբողջ կարողությունը:

ՄԱՐԳԱՐԻՏ. Շնորհակալ եմ, դու մեծ հավատ ես ընծայում ինձ:

ՕԹԱՐՅԱՆ. Այդ տեսակ հավատը քո գործնական եղբայրն անշուշտ կհամարի հիմարություն: Սակայն այդ ինձ համար նշանակություն չունի: Ես սիրում եմ քեզ, ուրեմն և պետք է հավատամ:

ՄԱՐԳԱՐԻՏ. Որքա՜ն բարի ես դու և վեհանձն, Արտաշես:

ՕԹԱՐՅԱՆ. Միայն քո սիրո համար: (Համբուրում է):

ՄԱՐԳԱՐԻՏ. Վաղը կամ մյուս օրը դու բոլորը հետ կստանաս, թող իմ խոսքը քեզ համար գրավական լինի:

ՕԹԱՐՅԱՆ. Բավական է այդքանը: Ցտեսություն:

ՄԱՐԳԱՐԻՏ. Ցտեսություն: (Ուղեկցում է նրան մինչև նախասենյակի դռները):

ԱՆԴՐԵԱՍ. (Երևում է իր սենյակի դռների մեջ):

ՄԱՐԳԱՐԻՏ. (Վերադառնում է բեմի կենտրոնը և ուզում է գնալ իր սենյակը):

ԱՆԴՐԵԱՍ. (Իբր թե Օթարյանին չի նկատել) Այն ո՞վ էր:

ՄԱՐԳԱՐԻՏ. Ահա հայրիկ, ամեն ինչ այստեղ է: Այժմ ես կիմանամ ով է ձեզնից արդարը և մեղավորը:

ԱՆԴՐԵԱՍ. Ապրի՛ս զավակս: Քննիր և տես: (Համբուրում է ճակատը):

(Գնում են յուրաքանչյուրը իր սենյակը):

Վարագույր

ԱՐԱՐՎԱԾ ԵՐՐՈՐԴ

Նույն տեսարանը: Երեկո է: Վարագույրը բարձրանալիս բեմում տիրում է կիսախավար: Բոլոր դռները ծածկված են, միայն նախասենյակի դռների մի թևը բաց է: Այնտեղ լուսո մի շերտ, թեք գծով անցնելով բեմով, ընկել է դաշնամուրի վրա, որի քով Մարգարիտը նստած նվագում է ինչ-որ թախծալի եղանակ: Նրա ամբողջ մարմինը մթնումն է, միայն գլուխն է երևում լուսո շերտի մեջ: Միառժամանակ բեմի վրա, բացի Մարգարիտից, ոչ ոք չկա: Հեռու լսվում է զանգակի հնչյան: Սեղանատան դռներից դուրս է գալիս Զարուհին և անցնում է օրիորդների սենյակները:

ՏԵՍԻԼ 1

ՄԱՐԳԱՐԻՏ և ԲԱԳՐԱՏ

ԲԱԳՐԱՏ. (Դուրս է գալիս ձախ կողմի դռներից ֆրակով և կրծքին տեխնոլոգիական ճեմարանի նշան, փողկապը կապելով): Միշտ միևնույն տխուր եղանակը օրվա միևնույն միջոցին:

ՄԱՐԳԱՐԻՏ. (Նվագելով) Ասում են, ժամերն իրանց տրամադրությունն ունին: Երեկոներն ես տխրում եմ ու հուզվում և միշտ այս եղանակը հիշում:

ԲԱԳՐԱՏ. Եվ նվագում ես պոետիկական մթության մեջ, որպես իդեալական սիրահար: Բայց ինձ ներիր, ես ատում եմ խավարը, (Շուռ է տալիս սեղանատան դռների մոտ էլեկտրական թելի կոճակը):

Առաստաղից քաշ արած ջահը տարածում է պայծառ լույս:

ՄԱՐԳԱՐԻՏ. Բավական է: (Դադարում է նվագել և դաշնամուրի կափարիչը ցած գցում: Նկատում է Բագրատի պատրաստությանը): Այդ ո՞ւր ես պատրաստվում:

ԲԱԳՐԱՏ. (Կանգնելով հայելա առջև, որ փողկապն ուղղի): Տեխնոլոգների երեկույթ: Գնա, հագնվիր, քեզ էլ տանեմ: Ռոզալիան պատրաստվում է: Դու այնտեղ կտեսնես տեղական ինտելիգենցիայի ընտիր մասը:

ՄԱՐԳԱՐԻՏ. Ինչո՛՞ւ ընտիր:

ԲԱԳՐԱՏ. Երեկույթում միայն ինժեներներն են լինելու: Դու այնտեղ չես տեսնիլ ոչ պորտֆելի և ոչ ռուբլու հերոսներին, այսինքն` ոչ իրավաբաններին և ոչ բժիշկներին:

ՄԱՐԳԱՐԻՏ. Ինչպես երևում է, շատ մեծ կարծիք ունիս քո մասնագիտության մասին:

ԲԱԳՐԱՏ. Եռանդի, խելքի և ժամանակիս իսկական ներկայացուցիչներն ինժեներներն են: Կգա՞ս, թե չէ:

ՄԱՐԳԱՐԻՏ. Ես տրամադրություն չունիմ երեկույթ գնալու:

ԲԱԳՐԱՏ. Չսիրեցի սկզբից ևեթ այդ խոսքըտրամադրություն: Մարդուս իրանիցն է կախված այսպես կամ այնպես տրամադրել իրան: Ահ, այս անիծվածը չի կապվում:

ՄԱՐԳԱՐԻՏ. (Մոտենամ է, օգնում փողկապը կապելա) Քեզ համար հեշտ է այդ ասել: Դու հաշտվում ես կյանքի բոլոր հանգամանքների հետ:

ԲԱԳՐԱՏ. Եթե, իհարկե, հանգամանքներն արժանի չեն դիմադրության: Հակառակ դեպքում գիտեմ առողջ դատողությամբ կռվել նրանց դեմ: (Մարգարիտն ուղղել է Բագրատի փողկապը): Շնորհակալ եմ: (Նայելով եղունգներին): Գիտես, սիրելիս, մեր ժամանակի միակ գերիշխանը բանականությունն է: Այս տեսակետից ես չեմ կարող արդարացնել վերջին ժամանակվա քո տխրությունը, որ արդեն սկսել է բողոքի ձև ստանալ:

ՄԱՐԳԱՐԻՏ. Կկամենայի ես էլ ուրախ լինել քրոջս պես, թռչկոտել, ինչպես անհոգ թռչուն: Կկամենայի ոչնչի մասին չմտածել, բացի իմ անձնական զվարճություններից: Բայց, ի՜նչ արած, չեմ կարող: (Հառաչելով, արմունկները հենում է դաշնամուրին):

ԲԱԳՐԱՏ. (Հեգնաբար): Սիրահարվա՜ծ ես, տանջվում ես մի անզուգական երիտասարդի, մի աննման իդեալիստի համար: (Լուրջ): Բավակա՜ն է, Մարգարիտ: Ես չունիմ իրավունք քեզ հանդիմանելու, բայց այլևս լռել չեմ կարող: Բավակա՜ն է: Թող երեխայությունդ: Դու չափահաս օրիորդ ես, պետք է հասկանաս, որ չունիս իրավունք սիրելու քո հարազատ ծնողի զրպարտչին:

ՄԱՐԳԱՐԻՏ. (Գլուխը բարձրացնելով) Իսկ եթե նա զրպարտիչ չէ, այն ժամանա՞կ:

ԲԱԳՐԱՏ. Դու համոզվա՞ծ ես:

ՄԱՐԳԱՐԻՏ. (Դրականապես և եռանդով) Ավելի քան համոզված եմ:

ԲԱԳՐԱՏ. Քույր, ինձ թվում է, որ քո ուղեղը սկսում է խանգարվել: Տխմար սիրո զգացումը հարբեցրել է քեզ: Եթե այդպես շարունակես, ես քեզ էլ կատեմ, ինչպես ատում եմ նրան:

ՄԱՐԳԱՐԻՏ. Ինձ համար այսուհետև միևնույնն է: Ես ունիմ իմ ձեռքում փաստեր, որոնք քարերին անգամ կարող են համոզել, թե մեր հայրը կողոպտել է մի որբ ընտանիք, և կողոպտել է ամենայն անգթությամբ:

ԲԱԳՐԱՏ. Շփոթված և միևնույն ժամանակ վրդովված: Մարգարի՜տ:

ՄԱՐԳԱՐԻՏ. Հայրիկի ցանկությամբ ես Օթարյանից պահանջեցի նրա դոկումենտները: Նա տվեց, Բագրատ, բոլորը, ինչ որ ասում է նա, զուտ ճշմարտություն է: Ահ, այս միտքը կարող է ինձ խելքից հանել: (Ընկճված անցուդարձ է անում: Լռություն):

ԲԱԳՐԱՏ. (Շփոթված, չգիտե ինչ անե): Դու ինձ բոլորովին շփոթեցրիր: Որտե՞ղ են այժմ այդ գրավոր ապացույցները:

ՄԱՐԳԱՐԻՏ. Այնտեղ, իմ սենյակ ում, գրասեղանիս մեջ:

ԲԱԳՐԱՏ. Խոսե՞լ ես հայրիկի հետ:

ՄԱՐԳԱՐԻՏ. Այո:

ԲԱԳՐԱՏ. Ի՞նչ է ասում նա այդ փաստաթղթերի դեմ:

ՄԱՐԳԱՐԻՏ, Ի՜նչ կարող է ասել մի հանցավոր, որին ներկայացնում են իր հանցանքի լուսանկարը: Նա շփոթվեց, կարմրեց, կապվեց, բայց հերքել, իհարկե, չկարողացավ: Գնա պարահանդես, առավոտը, եթե կամենաս, կարող ես բոլորը կարդալ:

ԲԱԳՐԱՏ. Աա, ի՜նչ պարահանդես: Ես ամեն ինչ մոռացա: Ուրեմն ճի՞շտ է, որ մեզ սպառնում է սնանկություն:

ՄԱՐԳԱՐԻՏ. Ախ, քեզ սնանկությունն է անհանգստացնում, իսկ ինձ տանջում է անպատվությունը: Այժմ ամեն ինչ կախված է Օթարյանի կամքից:

ԲԱԳՐԱՏ. Նա կկամենա թե՛ անպատվել և թե՛ սնանկացնել մեզ: Նա սոսկալի ոխ ունի իմ դեմ: Ցույց տուր ինձ: Ես ուզում եմ իմ աչքով տեսնել այդ թղթերը և անձամբ հավաստիանալ:

ՄԱՐԳԱՐԻՏ. (Խորհրդավոր և եոանդով): Բայց զգո՜ւյշ, նրանց ապահովությունը պատվովս եմ երաշխավորել:

ԲԱԳՐԱՏ. (Վիրավորված): Ես ավազակ չեմ, Մարգարիտ:

ՄԱՐԳԱՐԻՏ. Գնանք: Տես և համոզվիր, թե ումի փողերով ես ուզում մեծ-մեծ ձեռնարկությունները սկսել:

Գնում են խորքի ձախ դռներով, այն է` օրիորդների սենյակները:

ՏԵՍԻԼ 2

ԱՆԴՐԵԱՍ և ՍԱՂԱԹեԼ

Գալիս են նախասենյակից

ԱՆԴՐԵԱՍ. Նա աղջիկ չէ ինձ համար, դատավոր է: Ամբողջ գիշեր աչքերս չեմ փակել, ամբողջ օրը տանջվել եմ: Ես կարծում էի, որ այդ թղթերը կորած են: էհ, ասում էի, կնիկ է, խելքը բան չի կտրիլ: Քի՞չ է պատահել, որ կանայք իրանց մարդուց մնացած հարկավոր թղթերն այրել են: Բայց այդ մեկը հիմարներից չի եղել. պահել է, որ այսօր որդին գլխիս փորձանք բերի: Նա չի խնդրում, Սաղաթել, այլ, հոգեհանի պես պահանջում է, որ վիզս ծռեմ այդ լակոտի առջև, մեղա գամ և տամ նրան կարողությանս կեսը:

ՍԱՂԱԹԵԼ. Դու ինքդ աչքովդ տեսա՞ր այդ թղթերը:

ԱՆԴՐԵԱՍ. Տեսա, բաս չէ՞: Նա ցույց տվեց մոր մոտ: Կանգնեց հեռվում, մեկ-մեկ կարդաց, հիշեցրեց բոլորը և հետո իսկույն փակեց իր գրասեղանի մեջ:

ՍԱՂԱԹԵԼ. Իհարկե, մայրն էլ պակասը լրացրեց, պատմելով աղջկան իր գիտեցածը:

ԱՆԴՐԵԱՍ. Օ՜օ, քույրդ աստծու պատիժն է իմ գլխին: Ինձ պաշտպանելու տեղ, ավելի խայտառակեց աղջկա մոտ: Ես կատաղեցի, հարձակվեցի վրեն, որ տեղնուտեղը խեղդեմ նրան: Բարեբախտաբար, Մարգարիտը ժամանակին մեջ ընկավ, չթողեց: Նա փաթաթվեց մոր վզին: Պետք է տեսնեիր, ինչպես էր լաց լինում: Դիակիս վրա էլ նա այնքան արտասուք չի թափիլ: Եվ հետո, երբ ուշքի եկավ, ի՜նչ խոսքեր, տե՜ր աստված, ի՜նչ լեզու: Հայրիկ, ասում է, մոլորվել կարելի է, բայց պետք է զղջալ, չզղջալն ավելի մեծ անազնվություն է: Ումի՞ց է սովորել այդ բաները:

ՍԱՂԱԹԵԼ. Ումի՞ց: Իհարկե, հենց այդ լակոտից: Դեռ աստված գիտե էլի ինչեր սովորեցրած կլինի:

ԱՆԴՐԵԱՍ. Փորձեցի ինձ արդարացնել: Ասացի, ընկերս մեռնելիս տափերը գին չունեին, եկամուտ չէին բերում, ի՞նչ կարող էի տալ որբերին: Ասացի, հետո են թանկացել, իհարկե, իմ բախտից, որովհետև եթե մեռելը բախտ ունենարչէր մեռնիլ: Բայց ես խոմ իմ ընկերոջ որբերին չեմ մոռացել: Ես օգնել եմ, հիմա էլ ուզում եմ օգնել, միշտ կօգնեմ, ձեռք վերցրու: Ոչ, ասում է, դու պարտավոր ես տալ նրանց բոլորը, ինչ որ հասնում է օրենքով: Լսո՞ւմ ես, Սաղաթել, բոլորը տար: Կարծում է այդ կարելի բան է, կարծում է, որ դա փող չէ, թեկուզ գողացած փող: Բայց փողը դեռ մի կողմ: Իսկ պատի՞վս: Ի՞նչ կմտածեն մարդիկ: (Անցուդարձ է անում):

ՍԱՂԱԹԵԼ. Ինչ պիտի մտածեն: Կասեն, որ Էլիզբարովը գող էր և այժմ, դատաստանից վախենալով, գողացածը հետ է տալիս: Արի ու այն ժամանակ երևացիր հասարակության մեջ: Աչքերդ թքով կհանեն: Իսկ ե՞ս... ես քեզ կհամարեմ հիմարի մեկը...

ԱՆԴՐԵԱՍ. Մնում էր մի բան, այն էլ վարձեցի: Ասացի, աղջի, սիրում ես այդ երիտասարդին, նա էլ քեզ է սիրում: Էլ դրանից չավ բան: Ես ձեզ պսակեմ: Լավ օժիտ կտամ, տուն ու տեղ կսարքեմ: Տո՛ւր ինձ թղթերը:

ՍԱՂԱԹԵԼ. Հըը՞, դրա՞ն ինչ ասաց:

ԱՆԴՐԵԱՍ. Ոչ, հայրիկ, ասում է, ես քեզանից փողի օժիտ չեմ ուզում, այլ պատվի օժիտ: Քանի որ դու ընկերոջդ գերեզմանի առջև մեղավոր ես, ես չեմ կարող նրա որդու հետ բախտավորվել: Նա ամեն րոպե իրավունք կունենա երեսիս ասելու. «Հայրդ կողոպտել է հորս»: Այդ նախատինքն ես տանել չեմ կարող իմ ամուսնուց:

ՍԱՂԱԹԵԼ. Լեզվին նայիր, լեզվին: Փիլիսոփայի պես է խոսում:

ԱՆԴՐԵԱՍ. Ա՜խ, Մարգարիտն իր պապի ժառանգն է, քո հոր կտորը: Երեկ, երբ նա խոսում էր, ինձ թվում էր, որ նրա հետևում, պատի տակ, կանգնած է տեր-Սիմոնը` Ավետարանի խոսքերը բերանում:

ՍԱՂԱԹԵԼ. Բայց ախար, հայրս հոգևորական էր, պարտավոր էր ճշմարտություն քարոզել, իսկ մենք աշխարհականներ ենք, մեր բանն ուրիշ է: Ինչո՞ւ չեն հասկանում այդ կանայք:

ԱՆԴՐԵԱՍ. Հիմա ճանապարհ ցույց տուր ինձ, Սաղաթել: Ի՞նչ անեմ, ինշպե՞ս ազատվեմ այդ լակոտից:

ՍԱՂԱԹԵԼ. Ինչ պիտի անես: Ինքդ վաղուց ես գտել ճանապարհը: Արա այն, ինչ որ վճռել ես անելու:

ԱՆԴՐԵԱՍ. Այո, պետք է անպատճառ անել, ուրիշ ելք չկա: Ես հենց դրա համար աշխատեցի, որ այդ թղթերը Մարգարիտի ձեռքն անցնին:

ՍԱՂԱԹԵԼ. Բայց պետք է անել շուտով, հենց այս գիշեր, վաղն ուշ կլինի:

ԱՆԴՐԵԱՍ. Սո՛ւս, ոտների ձայն եմ լսում: Գալիս են: Գնանք իմ սենյակը, այնտեղ կմտածենք ինչպես գլուխ բերենք այդ բանը: (Գնում են աջ կողմի աոաջին դոներով):

ՏԵՍԻԼ 3

ՄԱՐԳԱՐԻՏ, ԲԱԳՐԱՏ և ՈՈԶԱԼԻԱ

Դուրս են գալիս միաժամանակ օրիորդների սենյակից:

ԲԱԳՐԱՏ. (Հուզվում է): Բոլոր կասկածներս փարատվեցին, վտանգն անխուսափելի է:

ՌՌԶԱԼԻԱ. (Հագնվել է պարահանդեսի համար: Ձեռնոցներն է հագնում): Ես էլ ասում եմ քույրս երեկ ինչ թղթեր էր քրքրում և ինձ տեսնելիս թաքցնում: Ինչ ասել կուզիս երևելի սիրահարական նամակներ ենպայմանագրեր, առևտրական թղթեր, ֆի՜: (Մոտենամ է հայելուն և դիտում իրան):

ԲԱԳՐԱՏ. (Մտազբաղ, ձեռները մեջքին դրած, անցել է բեմի աջ կողմը): Ասա՛, ինձ, Մարգարիտ, կարո՞ղ ես այդ թղթերը մի քանի օր պահել մոտդ:

ՄԱՐԳԱՐԻՏ. Ոչ:

ԲԱԳՐԱՏ. Ինչո՞ւ:

ՄԱՐԳԱՐԻՏ. Ես խոսք եմ տվել վաղը վերադարձնել նրան:

ԲԱԳՐԱՏ. Ես կարծում եմ, նախքան վերադարձնելը, հարկավոր է մի լավ մտածել:

ՄԱՐԳԱՐԻՏ. Ի՞նչ ես ուզում ինձանից, պարզ ասա:

ԲԱԳՐԱՏ. (Տատանվելով) Ինձ թվում է, որ խելացի բան չէ մի այսպիսի զենք վերադարձնել մեր հակառակորդին:

ՄԱՐԳԱՐԻՏ. Ի՞նչ. ուրեմն, դու պահանջում ես, որ ես...

ԲԱԳՐԱՏ. (Սառը) Որ դու այդ թղթերը չտաս Օթարյանին:

ՄԱՐԳԱՐԻՏ. (Վրդովվելով) Ուրեմն դո՞ւ... Ամաչիր կրծքիգ նշանից, Բագրատ:

Следующая страница