Շիրվանզադե Ալեքսանդր՝   Պատվի համար

ԲԱԳՐԱՏ. (Գրգռվելով) Էհ, թո՛ղ այդ դատարկ ֆրազները, ի սեր աստծու: Ես գիտեմ, որ այդ պարոնը քո գլուխը մտցրել է մի քանի վայրիվերո մտքեր: Բայց մենք ասպետների դարում չենք ապրում:

ՄԱՐԳԱՐԻՏ. (Դառն հեգնությամբ) Կարծես, մեծ ասպետություն է տարրական ազնվություն, հասարակ մարդկային խիղճ ունենալը:

ԲԱԳՐԱՏ. Խղճի և ազնվության մասին ամեն մարդ իր գաղափարն ունի: էականն այն է, որ եթե այդ թղթերն անցնեն Օթարյանի ձեռքը, ես կզրկվեմ, իմ գործարանից: Իսկ այդ կնշանակե` ծովը նետել իմ բոլոր ծրագրերը: Դու շատ լավ գիտես, որ ես այդ գործարանով հիմք եմ դնում իմ ապագա ուժին, ազդեցությանը և բախտավորությանը: Ես ուզում եմ լինել հզոր ֆինանսական սյուն, մեկն այն հսկաներից, որոնց ձեռքումն է մեր ժամանակի ամենամեծ ուժըկապիտալը;

ՌՈԶԱԼԻԱ. Մի մարդ, որ կարող է հազարավոր անգործների համար աշխատանքի դուռը բաց անել և խեղճ ընտանիքներ կերակրել: Ես քեզ հասկանում եմ, Բագրատ:

ՄԱՐԳԱՐԻՏ. Եվ այդ բոլորը ուրիշի փողերո՞վ:

ԲԱԳՐԱՏ. Զավակները պատասխանատու չեն իրենց հայրերի փոխարեն: Մեր ծնողների անցյալը մեզ համար մեռած պատմություն է:

ՄԱՐԳԱՐԻՏ. Որը սակայն այսօր հարություն է առել և արատավորում է մեր ամբողջ գերդաստանը:

ԲԱԳՐԱՏ. Պետք է, ուրեմն, խեղդել այն և նորից հանձնել գերեզմանին:

ՄԱՐԳԱՐԻՏ. (Խորին դառնությամբ) Բագրատ:

ԲԱԳՐԱՏ. Ահ, ո՞ւմ հայրը չի զրկել մեկին կամ մյուսին, այս կամ այն կերպ: Վերջապես, հենց նորերից ո՞ր մեկը չի զրկում կամ հարստահարում: Տարբերությունն այն է, որ հները զրկում էին հին ձևով, նորերը զրկում են նոր ձևով: Մարգարիտ, ներկա դեպքում պետք է լինել ավելի խելացի, քան զգայուն:

ՄԱՐԳԱՐԻՏ. (Խորին սրտմտությամբ) Այսինքն` ավելի շահամոլ, քան ազնի՞վ: Թույլ տալ ծնողին կողոպտել մի որբ ընտանիք և փողոցնե՞րը գցել: Մասնակից լինել նրա ծանր հանցանքի՞ն, շարունակել նրա սկսա՞ծը: Եվ ինչո՞ւ: Որպեսզի ապրենք այս փառահեղ պալատո՞ւմ, ոսկեզօծ կահ-կարասու մե՞ջ, զուգվինքզարդարվինք, բալեր ու պարահանդեսնե՞ր այցելենք: Ո՛չ, ոչ, ես չեմ կարող և չեմ ուզում անել այդ: (Անցնում է դեպի ձախ):

ՌՈԶԱԼԻԱ. (Ատելությամբ և գրգռված): Տա-տա, տա-տա, ի՛նչ քաջն ես եղել: Ես չգիտեի, դու կատարյալ հերոսուհի ես:

ԲԱԳՐԱՏ. (Զգալով, որ շատ հափշտակվեց): Մարգարիտ, ես հարգում եմ քո գաղափարները, բայց մի հափշտակվիր: Մտածի՛ր, ինչ մթնոլորտումն ենք ապրում: Մեր հասարակության մեջ քո արածը ոչ ոքին չի հիացնիլ, ընդհակառակը, շատերը քեզ կհամարեն հիմար:

ՄԱՐԳԱՐԻՏ. Ես հասարակության համար չեմ անում, այլ իմ խղճի համար:

ՌՈԶԱԼԻԱ. (Կատաղի): Զզվում եմ այդ տեսակ ֆրազյորներից (Բագրատին): Զուր ես աշխատում նրան բան հասկացնել: Նրա վրա միայն ուժը կարող է ազդել: Խլի՛ր նրա ձեռքից այդ թղթերը, պրծավ գնաց:

ԵՐԱՆՈԻՀԻ. (Երևում է սեղանատան դռների մեջ):

ԲԱԳՐԱՏ. (Նույն մեղմ տոնով): Գոնե վաղը մի՛ հանձնիր: Սպասիր մի քանի օր, միասին կխորհրդակցենք: Դու խելոք ես, չես կամենալ մեզ մեր թշնամու ձեռքը գցել:

ՄԱՐԳԱՐԻՏ. Ահա մեր մայրը, թողեք, տեսնենք, նա ինչ է ասում:

ՏԵՍԻԼ 4

ՆՈԻՅՆՔ, ԵՐԱՆՈՒՀԻ, հետո ԶԱՐՈՒՀԻ

ԵՐԱՆՈՒՀԻ. (Առաջ է գալիս, ձեռքերը ծոցը դրած, տխուր): Այսքան տարի այդ մարդու արարքները թաքցրի երեխաներիցս, աստծուն է հայտնի ինչ տանջանքներով: Գիշեր-ցերեկ մտածել եմ այդ բանի մասին: Ժամանակ-ժամանակ բերան եմ բաց արել խոսելու, խոսքս կտրել է գոռոցով: Լռել եմ ու կրակս ներսումս պահել:

ՄԱՐԳԱՐԻՏ. Լսո՞ւմ եք:

ԲԱԳՐԱՏ. Մայրիկ, դու շատ ես լարված հայրիկի դեմ:

ԵՐԱՆՈԻՀԻ. (Սրտմտությամբ) Սուս, դու ոչինչ չգիտես: Հայրդ իր հոգին ծախել է սադայելին: Երեկ գիշեր երազումս տեսա հանգուցյալին: Կանգնած էր մեր դռների մոտ, վիզը ծուռ, ձեռքը ծոցը դրած, դեղնած, մաշված: Նա ասում էր. «Երանուհի, դու խոմ գիտես, որ մենք եղբայրներ ենք եղել, միասին ենք աշխատել այդ հարստությունը, ինչո՞ւ ես թողնում, որ նա երեխաներիս զրկի մի կտոր հացից»: Ախ, շատ եմ ուզեցել չթողնել, բայց ո՞վ է ինձ լսել: Բագրատ, Բագրատ, ինը տարի է այդ մարդը գերեզմանից անիծում է մեզ:

ԲԱԳՐԱՏ. (Գրգռված): Մեռելների անեծքի վրա երկու արշին հող է ծանրանում:

ԵՐԱՆՈՒՀԻ. Ախ մի՛ խոսիր եղբորս պես, մեղք է: Մենք ամենքս պարտական ենք ահեղ դատաստանի առաջ: Ես էլ եմ պատասխանատու, որ չեմ կարողացել հորդ հեռացնել չար ճանապարհից: Ես դողում եմ սարսափից:

ՄԱՐԳԱՐԻՏ. (Հազիվ կարողանալով հուզմունքը զսպել): Ոչինչ, մայրիկ: Հանգստացի՛ր: Հայրիկը բարի է, խելոք է, նա իր սխալը կուղղի:

ԵՐԱՆՈԻՀԻ. (Ձեռքով հուսահատական շարժումն է անում): է՜էհ, որ մեկը...

ԶԱՐՈՒՀԻ. (Ներս է մտնում սեղանատնից): Կլուբից ձեզ տելեֆոնով խնդրում են:

ԲԱԳՐԱՏ. Ա՛հ, այդ երեկույթն էր: Ես մոռացա, որ կարգադրիչ եմ:

ՌՈԶԱԼԻԱ. Դե, գնանք, շատ ուշացանք:

ԲԱԳՐԱՏ. (Մոտենում է Մարգարտին): Հույս ունեմ, որ մինչև առավոտ միտքդ կփոխես:

ՄԱՐԳԱՐԻՏ. (Չափազանց ազդվել է մոր խոսքերից, զգացված փաթաթվում է նրա պարանոցին): Մայրի՜կ, ինչ լավ սիրտ ունես:

ԵՐԱՆՈՒՀԻ. (Շոյելով նրա գյախո): Արի, աղջիկս, դու ես իմ միակ մխիթարությունը: Դրանք ուրիշ հոգի ունեն, օտար են ինձ համար (Համբուրում է):

ԲԱԳՐԱՏ. Ատելով ատում եմ այդ տեսակ սենտիմենտալ տեսարանները: (Դուրս է գալիս նախասենյակի դռներով):

ՌՈԶԱԼԻԱ. Պսիխոպատկա (Հետևում է եդբորը):

ԶԱՐՈՒՀԻ. (Ռոզալիային ուղեկցում է նախասենյակ):

ՏԵՍԻԼ 5

ՄԱՐԳԱՐԻՏ, ԵՐԱՆՈՒՀԻ և ՍՈՒՐԵՆ

ՍՈՒՐԵՆ. (Դուրս է գալիս ձախ կողմի դռներից): Գնա՞ց, վերջապես, եռանդուն կոմերսանտը, ճարպիկ սպեկուլյանտը, աստառը շուռ տված ամերիկացին: Կեցցե՛ս, Մարգարիտ: Ես այնտեղից բոլորը լսում էի: Մամա, այս անգամ անառակ որդիդ քեզ հետ համաձաjն է: Տուր ձեռդ համբուրեմ: Այսօր ես տեսնվեցի Օթարյանի հետ: (Մարգարիտին); Թույլ կտա՞ս խոսել մայրիկի ներկայությամբ:

ՄԱՐԳԱՐԻՏ. Ես մայրիկից գաղտնիք չունեմ:

ՍՈԻՐԵն. Պետք է խոստովանած, որ ջենտլմեն տղա է: Ես լավ չէի ճանաչում նրան: Այսօր շատ հավանեցի: Նա ասում է. «Ես աղքատ եմ, աղքատ էլ կմնամ, միայն թե Մարգարիտը չդադարի ինձ սիրել»: Լսո՞ւմ ես. պետք է մեծ սիրտ ունենալ, որպեսզի սիրո համար հրաժարվել ահագին ժառանգությունից: (Զարուհուն, որ վերադարձել է սենյակից և ականջ է դնում): Կորի՛ր, ի՞նչ ես ականջ դնում:

ԶԱՐՈՒՀԻ. (Գնում է սեղանատուն):

ՄԱՐԳԱՐԻՏ. Իսկ դո՞ւ ինչ ասացիր նրան:

ՍՈՒՐԵՆ. Ե՞ս: Ի՞նչ ես կարծում, ի՞նչ կարող էր ասել ինձ նման մի գիժ: Ես նրան ասացի. «Արտաշես, իմ քույրը հպարտ աղջիկ է: Նա քեզանից զոհաբերություն չի ընդունիլ: Դու վեհանձնությամբ նրանից գերազանցել չես կարող»:

ՄԱՐԳԱՐԻՏ. Շնորհակալ եմ:

ՍՈԻՐԵՆ. Սրանով էլ վերջացավ մեր բանակցությունը: Այժմ լսեցեք իմ կարծիքը, ախար, черт его дери, ես էլ ընտանիքի անդամ եմ: Եթե ապացուցված է, որ մեր հայրը զրկել է Օթարյանին, ամենքս պարտավոր ենք պահանջել, որ նա զրկվածներին բավարարություն տա:

ՄԱՐԳԱՐԻՏ. Մայրիկ, լսո՞ւմ ես ինչ է ասում:

ՍՈԻՐԵն. Էհ, ի՜նչ ես մայրիկին խոսեցնում իմ մասին: Նա ինձ վրա խաչ է դրել: Ես շառլատան եմ. փչացած: Բայց թող հայտնի լինի ձեզ, որ շուտով կհրաժարվեմ իմ բաժին ժառանգությունից, քան կհամաձայնվեմ, որ մարդիկ երեսիս ասեն. «Դու կողոպտչի որդի ես»: Այս մեկն արդեն վճռվաձ է և ստորագրված: (Սիգար է վառում):

ԵՐԱՆՈՒՀԻ. Խելքս քեզանից բան չի կտրում: Համ այդ ես ասում, համ էլ ինքդ կողոպտում ես հորդ:

ՍՈՒՐԵՆ. Աա՜, դու մուրհակների մասի՞ն ես ակնարկում: Մամա, աստված վկա, ես չեմ հնարել այդ բանը, այլ քեռիս, քո պատվարժան եղբայրը: Նա, օօ՜, նա Շեյլոկի խնամին է: Նա ինձ պարտք է տալիս միայն այն պայմանով, որ մեկին հինգ-տասը ստանա հորս մահից հետո: Բայց ագահությանը երբեմն մարդուն հիմարացնում է: Այժմ իմ պատվարժան քեռին վախենում է, որ հայրիկից շուտ կճանապարհվի ի վերին Երուսաղեմ: Մամա, մի նեղանար, եղբայրդ մարդ չէ, այլ գայլի ախորժակից և աղվեսի խորամանկաթյունից կազմած վինեգրետ: Իսկ ես թեև անառակ եմ, բայց ջենտլմեն եմ: Երևի Բագրատն ինձ վախկոտ անվանեց: Իբր թե ապտակ եմ կուլ տվել: Ուզո՞ւմ ես իմանալ, ինչո՞ւ եմ կուլ տվել:

ԵՐԱՆՈԻՀԻ. Ես չեմ ուզում լսել այդ բաները, չեմ ուզում:

ՍՈՒՐԵՆ. Ոչ, այս մեկը լսի՛ր: Ես ապտակը ստացել եմ մի շատ պատվարժան կնոջ պատճառով: Եթե կուլ չտայի պիտի կռվեի, եթե կռվեի, այդ կինը պիտի խայտառակվեր: Լսիր, ինչպես պատահեց:

ԵՐԱՆՈՒՀԻ. (Ականջները փակելով): Չեմ ուզում լսել, չեմ ուզում:

ՍՈՒՐԵՆ. Դե լավ, թող մնա: Լսեցի՞ր: Մարգարիտ, հայրիկը պարտավոր է իր անունն ազատել խայտառակությունից: (Ժամացույցին նայելով): Օ՜, տասևկեսն է, ես շոգիացա...

ԵՐԱՆՈԻՀԻ. Էլի ո՞ւր ես գնում կեսգիշերին, անառակ...

ՍՈՒՐԵՆ. Աստղերն ուսումնասիրելու: Առլովան ինձ սպասում է: Արևիդե՜րչի: (Գնում է նախասենյակի դռներով, երգելով):

ՄԱՐԳԱՐԻՏ. Տեսա՞ր, մայրիկ, շառլատան որդիդ ավելի ազնիվ է դատում, քան խելոքը:

ԶԱՐՈՒՀԻ. (Սեղանատան դռներից): Խոհարարը հարցնում է, ընթրելո՞ւ եք:

ԵՐԱՆՈՒՀԻ. Ես չեմ ուզում: Ահ, էլի գլխացավս բռնում է:

ՄԱՐԳԱՐԻՏ. Ես էլ չեմ ընթրելու: (Զարուհին գնում է): Մայրիկ, գնա, պառկիր, քո ներվերը բոլորովին քայքայվել են: Ես էլ ամբողջ գիշեր չեմ քնել, գլուխս պտտում է անքնությունից: (Համբուրվում է մոր նետ և անցնում իր սենյակս):

ԵՐԱՆՈՒՀԻ. (Նայելով նրա ետևից թախծալի): Երանի դու ինձանից բախտավոր լինես: Ա՜հ... (Անցնում է սեղանատուն):

ՏԵՍԻԼ 6

ԱՆԴՐԵԱՍ և ՍԱՂԱԹԵԼ

Դուրս են գալիս աջ կողմի առաջին դռներից, երբ Երանուհին արդեն բոլորովին հեռացել է:

ԱՆԴՐԵԱՍ. Փառք աստծու, վերջապես ցրվեցին: Այո՛, գիշերն ավելի լավ է, քան ցերեկը: Մթությունը մեղքի ընկերն է:

ՍԱՂԱԹԵԼ. (Տերողորմյայի տատիկները մեկ-մեկ գցելով): Խեր, շառ աստված: Խեր, շառ, աստված: Խեր, շառ, աստված: Խե՛ր: Ինչքան գցում եմ, խեր է գալիս:

ԱՆԴՐԵԱՍ. Բայց սիրտս ասում է, որ լավ բան չենք մտածել անելու:

ՍԱՂԱԹԵԼ. Ավելի վատ կլինի եթե չանես: Բացատրել ես, խնդրել ես, աղաչել ես, չի եղել, ճարդ ինչ: Խոմ չես կարող պատիվդ թողնել թշնամուդ ձեռքում:

ԱՆԴՐԵԱՍ. Զանգակ տուր, տեսնենք ինչ են անում:

ՍԱՂԱԹԵԼ. Ջայն-ձուն չի լսվում: (Մատը սեղմում է էլեկտրական զանգակի կոհակին` որ գտնվում է աջ պատի առաջին դռների մոտ: Բեմի հետևից լսվում է զանգակի թույլ հնչյունը):

ԱՆԴՐԵԱՍ. Քեզ համար ինչ, դու քո բանը դրստեցիր: Լավ կուրտաժ է իմ մեղքն ինձ ծախելու համարհինգ հարյուր սաժեն տափ:

ՍԱՂԱԹԵԼ. Ես քեզ խնդրեցի՞, աղաչեցի՞, որ ինձ այս գործին խառնես:

ԱՆԴՐԵԱՍ. Դե լա՛վ: (Զարուհուն, որ ներս է մտել սեղանատնից) Ո՞վ կա սեղանատանը:

ԶԱՐՈԻՀԻ. Ոչ ոք:

ԱՆԴՐԵԱՍ. (Կեղծ բաղկանալով): Բաս ինչո՞ւ ես ճրագները վառել: (Զարուհին ուզում է գնալ); Խանումդ ի՞նչ է անում:

ԶԱՐՈՒՀԻ. Հենց հիմա պառկեց: Էլի գլխացավը բռնել է:

ԱՆԴՐԵԱՍ. Պրծանք, այդ էր պակաս: Կանչի՛ր այստեղ Մարգարիտին:

ԶԱՐՈԻՀԻ. Նա քնած է:

ԱՆԴՐԵԱՍ. Քնա՞ծ: Այդպես շո՞ւտ: Լա՛վ գնա՛: Մենք կլուբ ենք գնում; ասա խանումիդ: Դու էլ կարող ես հանգստանալ: Ես ինքս դռները կփակեմ: Հարկավոր չես: Հանգցրո՛ւ սեղանատան ճրագները, դուք տնտեսություն ասած բանը չգիտեք: Կարծես ես փող եմ կտրում կամ մարդ կողոպտում, որ ամեն ինչ շռայլում եք: Գնա՛:

ԶԱՐՈՒՀԻ. Գնում է սեղանատուն: Փոքր անցած, այստեղ տիրում է մթություն:

ՍԱՂԱԹԵԼ. Մեկը հիվանդ է, մյուսը քնած, աստված ինքն է օգնում քեզ:

ԱՆԴՐԵԱՍ. Ահ մի՛ հիշիր այս րոպեին աստծու անունը: Նա ավելի կբարկանա մեզ վրա: Բ Հըմ, լավ էր, չէ՞, որ ասացի, թե կլուբ ենք գնում: Տես, ով կա նախասենյակում: (Սաղաթելը նայում է դեպի նախասենյակ): Դռները կողպիր. (Հուշիկ քայլերով մոտենում է Մարգարտի սենյակի դռներին և ականջ դնում: Նայում է իր գրպանի ժամացույցին և վերադառնում բեմի կենտրոնը):

ՍԱՂԱԹԵԼ. (Նախասենյակը նայելուց հետո դռները ծածկել է) Այնտեղ ոչ ոք չկա: Ավելի հարմար ժամանակ չէիր կարող ընտրել: (Տերողորմյան դնում է գրպանը): Ինչի՞ մասին ես մտածում:

ԱՆԴՐԵԱՍ. Երբ սատանան մարդու գլխի մեջ մի չար միտք է մտցնում, սրտի մեջ էլ մի ահ է գցում: Ծածկի՛ր սեղանատան դռները: (Սաղաթելր ծածկում է): Կարծես, այնտեղից աչքեր են նայում մեզ: Մոտս կաց: (Նստում է բաղկաթոռներից մեկի վրա):

ՍԱՂԱԹԵԼ. (Գալով բեմի առաջ) է՛հ, շատ բաներ ես արել, արա այդ մեկն էլ:

ԱՆԴՐԵԱՍ. (Կիսաձայն) Արե՛լ: Ես մենակ չեմ արել, դու էլ միշտ հետս ես եղել: Է՜հ, էլի հորդ կերպարանքն եկավ, կանգնեց աչքիս առաջ: Նա ասում էր. «Չարը չարության ճանապարհում կկորչի»:

ՍԱՂԱԹԵԼ. Էհ, դու էլ ժամանակ գտար հորս հիշելու:

ԱՆԴՐԵԱՍ. Հիսունվեց տարեկան մարդ եմ, Սաղաթել, գլխովս հազար ու մի փորձանք է անցել: Երդում եմ կոտրել, միամիտներ եմ խաբել, խեղճեր եմ գռփվել ու կողոպտել, երեք անգամ կաշառքով ազատվել եմ դատաստանից, բայց երբեք այս դրության մեջ չեմ եղել: Ինչի՞ցն է այս, Սաղաթել: Այ, տե՛ս, սառը քրտինքը պատեց մարմինս:

ՍԱՂԱԹԵԼ. Վաղն այս ժամանակ կհաշվես ու կտեսնես, որ մոտ յոթ հարյուր հազար ռուբլու կալվածք է մնացել ձեռքումդ:

ԱՆԴՐԵԱՍ. Ագահություն, աչքածակություն, ուրիշ ոչինչ:

ՍԱՂԱԹԵԼ. Էհե՛, դու սկսում ես դատողություններ անել: Շտապիր, գիշերն անցնում է:

ԱՆԴՐԵԱՍ. Չկարծես, թե միայն փողի համար եմ անում Սաղաթել: Ոչ, այլ այդ լակոտին խրատելու համար: (Վեր է կենում):

ՍԱՂԱԹԵԼ. Իհարկե: Այստեղ պատվի խնդիր կա, փողն ինչ...

ԱՆԴՐԵԱՍ. (Ատամները կրճտելով) Գոռոզ, ամբարտավա՜ն: Ուզում է ինձ խեղդել, ինձ, որ կարող եմ հարյուրին խեղդել այս ճանկերովս: Աա, եթե ձեռքս ընկնեին այդ թղթերը, ցույց կտամ քեզ, թե ով եմ ես... Սուս, այդ ի՞նչ ձայն է:

ՍԱՂԱԹԵԼ. Ես ոչինչ չեմ լսում:

ԱՆԴՐԵԱՍ. Դեհ, Անդրեաս, մի թուլանար, ամոթ է: Այս մեկն էլ: Ինչ որ լինելու է այն պիտի լինի: (Զգույշ քայլերով անցնում է, Մարգարտի սենյակը):

ՍԱՂԱԹԵԼ. Գայլը մտավ գառների փարախըկասեր հայրս:

(Մոտենում է սեղանատան դռներին և լույսը հանգցնում: Բեմում տիրում է խավար): Այսպես լավ է, ինձ չեն տեսնիլ: (Լռություն: Սեղանատնից լսվում է ժամացույցի տասնումեկ զարկը): Հիմա ես էլ եմ վախենում:

Երկարատև լռություն:

ԱՆԴՐԵԱՍ. (Երևում է դռների մեջ. չափազանց այլայլված է, դողում է, բայց ուրախ է: Ձեռում ամուր բռնած է թղթերի մի ծրար: Լռության: Հետո շշնջյունով) Սադաթել:

ՍԱՂԱԹԵԼ. Այստեղ եմ: (Սենյակը նորից լուսավորում է):

ԱՆԴՐԵԱՍ. (Առաջ է գալիս): Ահա նրա հոգին: Ահա ինձ քնից ու հանգստությունից զրկողը: Հարստությունս, անունս, պատիվս, յոթ հարյուր հազարի փրկությունը:

ՍԱՂԱԹԵԼ. Դե, գնանք, հեռանանք այստեղից:

ԱՆԴՐԵԱՍ. Թող դեռ տեսնեմ, նրանք են թե չէ: (Ծրարը զննում է): Իսկ և իսկ: Ինչպես լավ հաջողվեց: Նա քնած էր երեխայի պես, գիրքը կրծքի վրա բռնած: Բանալիները բարձի տակ էին: Վերցրի ու... ձայն չե՞ս լսում. (Ծրարը շտապով դնում է գրպանը):

ՍԱՂԱԹԵԼ. (Անհանգիստ) Լսում եմ: Հեռանանք:

Փողոցից լսվում է ոստիկանական շվոցի ձայն:

ԱՆԴՐԵԱՍ. Աա՜, ոստիկանները գող են բռնում: Երևի, խեղճերից մեկը քաղցածությունից ստիպված, գողացել է մի փալասի կտոր: Սուս հեռանանք:

ՍԱՂԱԹԵԼ. (Մոտենում է աջ կողմի առաջին դռներին, մի վայրկյան կանգ է առնում և անհետանում):

ԱՆԴՐԵԱՍ. Հետևում է նրան:

ՄԱՐԳԱՐԻՏ. (Դուրս է գալիս գիշերային սպիտակ հագուստով, նայում է աջ ու ձախ այլայլված, նկատում է հորը, որ այդ պահին արդեն դռների մոտ է: Ուժգին ցնցվում է ու ճչում թույլ): Հայրի՜կ: (Մի քանի քայլ առաջ է վազում և բարձր ճշում) Հայրի՜կ:

ԱՆԴՐԵԱՍ. Դռների միջից սարսափահար հետ է նայում և անհետանում:

ՄԱՐԳԱՐԻՏ. Հեկեկալով ընկնում է հատակի վրա:

Վարագույրն իջնում է հանդարտ:

ԱՐԱՐՎԱԾ ՉՈՐՐՈՐԴ

Առաջին արարվածի բեմը: Վաղ երեկո է: Գրասեղանների վրա վառվում են էլեկտրական ճրագներ: Գրասենյակի դռները բաց են: Այնտեղ ոչ ոք չկա:

Վարագույրը բարձրանալիս` ձախ կողմի գրասեղանի քով նստած է Բագրատը և դիտում է իր գործարանի հաշիվները: Սեղանի մոտ կանգնած է Կարինյանը և բացատրություններ է տալիս:

Դեպի աջ, Անդրեասի գրասեղանի քով, նստած է Սաղաթելը, ոտը ոտի վրա դրած և հանդարտ տերողորմյա է գցում:

ՏԵՍԻԼ 1

ԲԱԳՐԱՏ, ՍԱՂԱԹԵԼ և ԿԱՐԻՆՅԱՆ

ԲԱԳՐԱՏ. Խողովակների համար պարտ եմ մոտ ութ հազար ռուբլի. մեքենաների համար վճարված է քսան և յոթ հազար երկու հարյուր: Ընդհանուր գումարն է ծախսերի` երեք հարյուր տասներկու հազար... (Մեկուսի) Եվ այս բոլորը կարող է ձեռքիցս դուրս գալ. Ա՜հ: (Վեր է կենում) Թաքցրո՛ւ այս հաշիվը առայժմ հայրիկից: Հին վաճառականները սարսափում են համարձակ ձեռնարկություններից: Նրանց համար այսօրվա կոպեկը վաղվա ռուբլուց թանկ է:

ՍԱՂԱԹԵԼ. Ինձ համար էլ այդպես է. քիչ լինի, նաղդ լինի:

(Տերողորմյան տրորում է ձեռքերի մեջ և հոտ քաշում):

ԲԱԳՐԱՏ. Խանութպանի սկզբունք: (Կարինյանին) Դուք ազատ եք, կարող եք գնալ:

ԿԱՐԻՆՅԱՆ. (Սեղանի վրայից վերցրել է հաշվետետրը) Ես ուզում էի ձեզ հիշեցնել...

ԲԱԳՐԱՏ. Զեռ ռոճիկի մասի՞ն: Գիտեմ: Լավ, լավ կմտածեմ:

ԿԱՐԻՆՅԱՆ. Վեց ամիս է միևնույնն եք ասում: Հարյուր ռուբլի ամսականը իմ տաժանակիր աշխատանքի համար շատ չնչին վարձ է:

ԲԱԳՐԱՏ. Բավական մեծ վարձ է, եթե համեմատենք ձեր չնչին կրթության հետ: Մեր ժամանակում գնահատվում է միայն տաղանդը և գիտությունը:

ԿԱՐԻՆՅԱՆ. Իսկ երկար տարիների բարեխիղճ և ազնիվ ծառայությունը ոչի՞նչ:

ԲԱԳՐԱՏ. Լավ, հեռացե՛ք: Ես չեմ սիրում, երբ մարդիկ աշխատում են ինձ բան սովորեցնել: Ցտեսությո՜ւն:

ԿԱՐԻՆՅԱՆ. (Գնում է գրասենյակ դժկամակ դեմքով: Մի փոքր անցած այնտեղ տիրում է մթության):

ՏԵՍԻԼ 2

ԲԱԳՐԱՏ և ՍԱՂԱԹԵԼ

ԲԱԳՐԱՏ. (Անհամբեր) Քեռի, այժմ ասա տեսնեմ, ի՞նչ նորություն կա:

ՍԱՂԱԹԵԼ. Գոհություն աստծու, ամեն բան կարգին է: (Հանդարտ ոտքի է կանգնում, ուղղելով արխալուղի փեշերը):

ԲԱԳՐԱՏ. Օթարյանն եկե՞լ է այստեղ:

ՍԱՂԱՑԵԼ. (Ուսերը վեր քաշելով): Ես ինչ գիտեմ, խոմ պահապան չեմ: (Սկսում է ծանր քայլերով անցուդարձ անել):

ԲԱԳՐԱՏ. Անհրաժեշտ է իմանալ, տեսնվե՞լ է նա Մարգարտի հետ:

ՍԱՂԱԹԵԼ. Կարող է տեսնված լինել, կարող է չլինել, աստծու բանն է:

ԲԱԳՐԱՏ. Ես չեմ կարողանում ամբողջ օրը Մարգարտին հանդիպել: Չգիտեմ ինչու, նա փակվել է իր սենյակում և՛ ոչ ոքի չի ընդունում:

ՍԱՂԱԹԵԼ: Աստծու բանն է:

ԲԱԳՐԱՏ. Առհասարակ այսօր մեր տանը տարօրինակ տրամադրություն է տիրում: Նկատեցի՞ր հայրիկը որքան փոխված էր ճաշի ժամանակ: Ես երբեք նրան այդպես անկապ խոսելիս չեմ տեսել: Նա սովորականից ավելի էր գինի խմում: Այդ արթուն մարդը, կարծես ուզում էր դիտմամբ հարբել:

ԱԱՂԱԹԵԼ. Աստծու բանն է:

ԲԱԳՐԱՏ. Քե՞զ ինչ է պատահել, չեմ հասկանում: Այսօր շատ շուտ-շուտ ես հիշում աստծու անունը:

ՍԱՂԱԹԵԼ. Ես աստծուն միշտ հիշում եմ: Դու էիր, որ ուզում էիր ինձ շեղել նրա ճանապարհից քո ուսումնական բացատրություններով:

ԲԱԳՐԱՏ. (Կանգ է առնում և նայում նրան խորը, խորը) Դու ինձ հանդիմանո՞ւմ ես: Այդ վատ չէ, վատ չէ: Ես ինքս պատրաստվել էի քեզ մի թեթև նախատինք տալու:

ՍԱՂԱԹԵԼ. Նախատինք տալո՞ւ: Ի՞նձ: Ինչո՞ւ համար, ի՞նչ եմ արել:

ԲԱԳՐԱՏ. (Մոտենալով, ձեռր դնում է նրա ուսի վրա և կես բարեկամաբար, կես լուրջ) Արի, պատվելի քեռի, խոստովանիր, որ դու շատ կցանկանայիր համոզվել, որ (Ձեռքը դեպի երկինք բարձրացնելով) այնտեղ ոչինչ չկա:

ՍԱՂԱԹԵԼ. Յանի, ի՞նչ ես ուզում ասել, պարզ խոսիր:

ԲԱԳՐԱՏ. Ուզում եմ ասել, պատվելի քեռի, որ քեզ նման մարդկանց համար շատ ձեռնատու է ոչ այնտեղ (Ձեռը բարձրացնում է դեպի երկինք) երկյուղ ունենալ և ոչ այստեղ. (Ձեռը խփում է Սաղաթելի սրտին):

ՍԱՂԱԹԵԼ. Իսկ դո՞ւ ինչ ես, դո՞ւ: Դո՞ւ ումից և ինչից ես վախենում, անհավատ:

ԲԱԳՐԱՏ. Ե՞ս: Ահա (Ձեռը զարկում է իր ճակատին) թե ինչիցն եմ վախենում: Իմ միակ աստվածը բանականությունն է: Հիմա, քեռի, դառնանք գործնականին: Ասա, տեսնեմ, քսանուհինգ տարվա ընթացքում որքա՞ն ես գողացել Էլիզբարյաններից:

ՍԱՂԱԹԵԼ (Ցնցվում է և վիրավորված ձևանամ) Ի՞նչ, գողացե՞լ: Հարբա՞ծ ես, ի՞նչ է:

ԲԱԳՐԱՏ. (Սառն լրջությամբ) Ես երբեք չեմ հարբում: Լսիր, քեռի, հորս հարստահարել ես, ներել է, այդ իր հաշիվն է, իսկ ես... ես խոնարհաբար խնդրում եմ, իմ գործերում ձեռներդ մի փոքր մաքուր պահես:

ՍԱՂԱԹԵԼ. Տեր աստված, տեր աստված, այս տղան գժվել է:

ԲԱԳՐԱՏ,.Մի քիչ առաջ, երբ քննում էի գործարանիս հաշիվները, նկատեցի, որ քո ձեռքով գնված նյութերը մեկով մեկ ավելի թանկ են նստել: Ծախքերի համար արդարացուցիչ փաստեր չես ներկայացրել: Ինչ որ էլ ներկայացրել ես, կեղծ է: Մի խոսքով, բավական վերադիր ես արել: Ես գիտեմ, որ քո արածը սովորական բան է գործակատարների համար, բայց իմ վերաբերմամբ զգույշ կաց:

ՍԱՂԱԹԵԼ. (Վրդովված` զանազան խոշոր շարժումներ է անում, կարծես պատերին բողոքելով) Այստեղ մտիկ արեք, սրան, սրա՜ն, չի ամաչում, իր հարազատ քեռուն գող է անվանում: Եվ երկինքը չի որոտում, պատերը ձայն չեն հանում: Վա՜յ մեզ, վա՜յ մեր օրին:

ԲԱԳՐԱՏ. Էէ, թող այդ բոշայական ձևերը: Նրանք ինձ խաբել չեն կարող: Ես քեզ կրկին անգամ խնդրում եմ, ձեռներդ մաքուր պահիր: Ես արթուն մարդ եմ և վրիժառու, մորս եղբորն անգամ չեմ խնայիր:

ՍԱՂԱԹԵԼ. Անամոթ, չի էլ կարմրում ասածներից:

ՏԵՍԻԼ 3

ՆՈԻՅՆՔ և ԱՆԴՐԵԱՍ

ԱՆԴՐԵԱՍ. (Գալիս է ձախի դռներից: Ներքուստ անհանգիստ է, բայց աշխատում է անդորր ձևանալ) Հիմա ի՞նչ անենք, Սաղաթել: Կարծես վատ չի լինի գնալ կլուբ և մի պույլկա պրեֆերանս խաղալ: Վաղուց է չեմ եղել այնտեղ: Հը՜մ, ի՞նչ կասես, պարոն ինժեներ:

ԲԱԳՐԱՏ. Շատ ուրախ եմ, որ ուզում ես հասարակության մեջ երևալ: Կլուբ չգնալդ չար լեզուներին հազար ու մի բամբասանքի նյութ է տալիս: Բայց ես զարմանում եմ, որ այդպես հանգիստ ես:

ԱՆԴՐԵԱՍ. Ինչո՞ւ չպիտի հանգիստ լինիմ: Փառք աստծո, խոմ տունս կրակ չի ընկել կամ վեքսիլներս պրոտեստ չեն անում: (Անհանգիստ նայում է դեպի այն դռները, ուսկից դուրս է եկել):

ԲԱԳՐԱՏ. Երեկ դու այդպես չէիր խոսում:

ԱՆԴՐԵԱՍ. Երեկը երեկ էր, այսօրըայսօր: Սաղաթել, այդ տերողորմյան տուր ինձ: (Սաղաթելը տալիս է) Էհ, փառք քեզ աստված, մեծ է քո ողորմությունը: (Նստում է իր գրասեղանի մոտ):

ԲԱԳՐԱՏ. Հայրիկ, ուրեմն, դու այլևս չե՞ս վախենում Օթարյանից.

ԱՆԴՐԵԱՍ. (Ծիծաղում է նյարդային, արվեստական ծիծաղով) Հի՛, հի՛, հի՛, լսեցի՞ր Սաղաթել: Ասում է Օթարյանից չե՞ս վախենում: (Որդուն) Ո՞վ է Օթարյանը: Ե՞րբ եմ ես նրանից վախեցել կամ ումի՞ց եմ վախեցել: Անդրեաս Էլիզբարովը վախեցող պտուղներից չէ: (Դարձյալ նայելով ձախի դռների կողմը) Սաղաթել, տես ով կա այն սենյակում: (Բագրատին) Հիմար բաներ ես խոսում:

ՍԱՂԱԹԵԼ. (Նայել է ձախ դռներով դեպի ներս) Այստեղ ոչ ոք չկա:

ԱՆԴՐԵԱՍ. Աչքիս մեկը երևաց սպիտակ հագուստով, երկայն մազերով: Ծածկիր այն դռները: Օթարյանչէ, շուն, կատու, մուկ, խլեզ:

ԲԱԳՐԱՏ. (Ուշադիր դիտել է հորը) Զարմանում եմ: Երեկ դու համարյա սարսափում էիր Օթարյան անունից, այսօր ծաղրում ես նրան: Իսկ ես, ընդհակառակը, երեկ նրան արհամարհում էի, այսօր չեմ կարող:

ԱՆԴՐԵԱՍ. Այդ քո գործն է: Ինչ ուզում ես, արա: Դեհ, Սաղաթել, գնո՞ւմ ենք կլուբ, թե չէ:

ՍԱՂԱԹԵԼ. (Համաձայնության նշան է անում):

ԲԱԳՐԱՏ. Երեկ երեկոյան ես Մարգարիտի մոտ տեսա և կարդացի այն թղթերը, որոնց գոյությունը քեզ հայտնի է:

Եթե Մարգարիտն այդ թղթերը վերադարձրել է Օթարյանին, չգիտեմ ինչպես կարելի է հանգիստ լինել.

ԱՆԴՐԵԱՍ. Դու կարող ես այդ մասին չմտածել: Գործարանդ կիսատ չի մնալ:

ԲԱԳՐԱՏ. (Ուրախացած): Ինչպե՞ս, հայրիկ, բացատրի՛ր, չէ՞ որ գործը որքան քեզ, նույնքան էլ ինձ է վերաբերում:

ԱՆԴՐԵԱՍ. (Վրդովված) Դադարելո՞ւ ես, թե՞ չէ: Գլուխս տրաքացրիր: Ես այսօր տրամադրություն չունիմ այդ մասին խոսելու:

ԲԱԳՐԱՏ. (Տարակուսանքով նայում է նախ նրան, ապա Սա-ղաթելին) Ոչինչ չեմ հասկանում: Պետք է անպատճառ տեսնվել Մարգարիտի հետ: Ես կգնամ և ուժով էլ լինի` կմտնեմ նրա սենյակը: Այստեղ մի բան կա, որ ինձանից թաքցնում եք (Գնում է ձախ դռներով):

ՏԵՍԻԼ 4

ԱՆԴՐԵԱՍ և ՍԱՂԱԹԵԼ

ԱՆԴՐԵԱՍ. Ա՜հ: (Նյարդային թափով տերողորմյան ձգում է սեղանի վրա և վեր է կենում) Քիչ էր մնում բերանիցս խոսք թռցնեի: Չի լինում, ինչքան աշխատում եմ հանգիստ ձևանալ, չեմ կարողանում:

ՍԱՂԱԹԵԼ. Մարդասպանն էլ վերջ ի վերջո մարսում է իր հանցանքը: Դժվարն այսօր է, էգուց, հետո կմոռանաս, կգնա:

ԱՆԴՐԵԱՍ. Այդ աղջկա կերպարանքը կեսգիշերին, սարսափած դեմքը, ձայնը... Ես մինչև գերեզման չեմ մոռանալ:

ՍԱՂԱԹԵԼ. Երեխա ես, ուրիշ ոչինչ: Դու այն ասաուրիշները չիմանան, թե չէ` Մարգարիտն ի՜նչ: Նա աղջիկդ է, կների քեզ:

ԱՆԴՐԵԱՍ. (Անցուդարձ անելով) Մի՛ ասա, չես իմանում ինչ եմ զգում: (Ցնցվելով) Տես, ով կա գրասենյակում, ձայն լսեցի:

ՍԱՂԱԹԵԼ. (Նայում է) Ոչ ոք չկա: (Դռները ծածկում է, հետո տերողորմյան վերցնում):

ԱՆԴՐԵԱՍ. Ամեն կողմից ձայն եմ լսում, ամեն տեղ մարդիկ եմ տեսնում: Ի՞նչ կմտածի հիմա իր հոր մասին: Նա երևի, ամոթից տանջվում է: «Հայրիկ», որ գոռոց սարսափից ոտներս թուլացան, քիչ էր մնում դռների մոտ ընկնեի: Սաղաթել ինձ թվում է, որ նա իմ հոգեհան հրեշտակն է, հետևում է ինձ շուքի պես և վերջը պիտի բռնի օձիքս և ասի. «Հաշիվ տուր, ես քո դատավորն եմ»: Ի՞Բնչ պիտի ասեմ: Սաղաթել, ես ու դու շատ բաներ ենք արել, բայց այս մեկը չենք մարսիլ, կմնա մեր կոկորդում, կտեսնես...

ՍԱՂԱԹԵԼ. Իհարկե, եթե քեզ այդպես կպահես, ինքդ քեզ փորձանքի մեջ կգցես: Պետք է սառը լինել, այնումն էլ չգցել: Մտածիր, թե ինչ ահագին հարստություն ես ազատել, այն ժամանակ արածդ քեզ ոչինչ կերևա: (Լռություն) Հա՛, քանի միտդ է խոստումդ կատարիր: Մի փոքրիկ թուղթ տուր, որ հինգ հարյուր սաժեն հող քաղաքի այս ինչ տեղում բաշխում ես ինձ:

ԱՆԴՐԵԱՍ. Անաստվա ծ, դու հենց քո մասին ես մտածում: Ագա՜հ:

ՍԱՂԱԹԵԼ. (Հեգնաբար) Ագա՜հ, քսանից մեկն է ինձ տալիս, էլի ես եմ ագահը:

ԱՆԴՐԵԱՍ. Լավ, հետո կտամ:

ՍԱՂԱԹԵԼ: Ոչ, ոչ, հիմա, հետո կուրանաս: Ես քեզ ճանաչում եմ:

ԱՆԴՐԵԱՍ. (Կատաղելով) Հետո, ասում եմ:

ՍԱՂԱԹԵԼ. (Նայում է նրան սուր և խորհրդավոր հայացքով) Դո՛ւ գի՛տես:

ԱՆԴՐԵԱՍ. (Հասկանում է նրա միտքը) Աա՜, սադայել, դու հորդ գերեզմանն էլ տակնուվրա կանես մի ոսկու համար: (Մոտենալով գրասեղանին): Տուր ինձ մի կտոր թուղթ:

ՍԱՂԱԹԵԼ. Ես արդեն ինքս գրել պատրաստել եմ, մնում է, ստորագրես: (Հանում է իր գրպանից մի գրած թուղթ և տալիս է նրան):

ԱՆԴՐԵԱՍ. (Թուղթը կարդալով) Սատանա, նոտարիուսի պես է գրել: Հինգ հարյուր սաժեն: Քաղաքի կենտրոնում ամենալավ տափերիցս մեկը: Շատ է, այսքանը չեմ կարող տալ:

ՍԱՂԱՑԵԼ. (Սառն) Խոստացել ես:

ԱՆԴՐԵԱՍ. Շատ է ասում եմ: Կեսը նվիրելու եմ քաղաքային ուսումնարանի համար: Վաղուց են խնդրում ինձ այդ մասին:

ՍԱՂԱԹԵԼ. Լավ բարեգործություն է, ուրիշի հաշվով: Ստորագրի՛ր:

ԱՆԴՐԵԱՍ. Շատ է, ասում եմ:

ՍԱՂԱԹԵԼ. (Սառնությամբ ձեռը մեկնելով, որ թուղթը վերցնի) Դո՛ւ գիտես: Ես կարծում էի, որ ազնիվ վաճառականն իր խոսքի տերը պիտի լինի:

ԱՆԴՐԵԱՍ. (Ատամները կրճտելով) Աա, գազա՜ն: (Ստորագրում է):

ՍԱՂԱԹԵԼ. (Թուղթը վերցնում է, կանխապես ստորադրությունը ցամաքիչով չորացնելով, և ծոցը դնում) Շնորհակալ եմ: Այժմ կարող ես ինձ վրա հույս դնել: Դե լավ, քիչ մտածիր: Մեղքն այն ժամանակ է մեղք, երբ հայտնի է հասարակությանը: Իսկապես, ի՞նչ ես արել: Մի քաղցած գայլի ատամները հանել եսպրծավ գնաց: Թող այժմ գոռա, ինչքան ուզում է, թե Էլիզբարովը նրա հորը կողոպտել է: Փաստեր կպահանջենք:

ԱՆԴՐԵԱՍ. (Ականջ է դրել ուշադիր այնպիսի դեմքով, որից երևում է, թե շատ ցանկանում է համոզվել) Այո՛, փաստեր կպահանջենք: Թող այժմ գնա դատարան: Այժմ ես եմ նրա դատավորը: «Պարոն, կասեմ նրան, դատավորների առաջ, հաստատիր, բե՜ր ապացույցներ և ժառանգությունդ ստացիր»: Նա ապացույցներ չունի, հա՛, հա՛, հա՛, չունի, կորել են, անհետացել: Եվ ես կթքեմ նրա երեսին, վրեժս կառնեմ: Օ՜օօ, Սաղաթել, ես շատ եմ տանջվել: (Բաց է անում բանալիով գրասեղանի արկղը) Ահա, այստեղ է նրա լեզուն, գոռոզությունը, նրա հոգին: (Հանում է ծրարը և նայամ) Երեկ ես էի նրա ձեռքում, այսօր նա է իմ ճանկերում:

ՍԱՂԱԹԵԼ. Այրիր, կորչեն, ինչո՞ւ ես պահում:

ԱՆԴՐԵԱՍ. Օ՜օ, այնպիսի մի խարույկ սարքեմ, որ քեֆդ գա: Բայց դեռ թող մնա այստեղ, թող տեսնեմ, կշտանամ: (Թղթերը հետ է դնում) Մտե՛ք այստեղ: Անդրեաս Էլիզբարովի ձեռքից Գաբրիել հրեշտակապետն էլ չի կարող ձեզ ազատել: Էհ, այժմ ումից եմ վախենում: Իմ աղջկանից:

ՍԱՂԱԹԵԼ. Նա երբեք քեզ չի մատնիլ:

ԱՆԴՐԵԱՍ. (Ցնցվելով, բանալին շտապով գրպանն է դնում) Ա՜հ, ոտքի ձայն լսեցի: Տես ո՞վ է գալիս: Պետք է սառնարյուն լինել...

ՍԱՂԱԹԵԼ. (Մոտեցել է նախասենյակի դռներին, բաց է արել ու նայել) Նա է: (Դեպի նախասենյակ) Համեցե՛ք... (Հետ է քաշվում, գլուխ տալով Օթարյանին):

ՏԵՍԻԼ 5

ՆՈԻՅՆՔ և ՕԹԱՐՅԱՆ

ՕԹԱՐՅԱՆ. (Ներս է մտնում անհանգիստ դեմքով, ղյուխ է տալիս Դնդրեասին, անուշադիր թողնելով Սաղաթելին: Վերարկուով է): Ներեցեք, որ ձեզ անհանգստացնում եմ: Ասացեք, ի սեր աստծու, ի՞նչ է պատահել ձեր տանը: Ինձ ասացին, որ մայրիկն ու օրիորդ Մարգարիտը հանկարծակի հիվանդ են:

ԱՆԴՐԵԱՍ. Շնորհակալ ենք, պարոն, որ այդպես մտածում ես մեր մասին: Բայց մեր տանը հիվանդ չկա: Ուրի՞շ:

ՕԹԱՐՅԱՆ. Պարոս Անդրեաս, ես գիտեմ, որ ամեն բան արդեն հայտնի է ձեզ: Չեմ թաքցնիլ, ինձ համար Մարգարտի առողջությունը թանկ է: Ահա երրորդ անգամն է այսօր գալիս եմ, ինձ չեն ընդունում ասելով, թե հիվանդ է: Այդ ինձ վախեցնում է: Անկարելի է, որ Մարգարիտը թեթև տկարության պատճառով ինձ չընդունի: Անշուշտ նա շատ ծանր հիվանդ է:

ԱՆԴՐԵԱՍ. (Հեգնաբար) Սաղաթել, լսո՞ւմ ես: Մարդը տանջվում է: Հանգիստ կաց, պարոն, իմ աղջիկը հիվանդ չէ, միայն երևի չի ուզում քեզ ընդունել: Սաղաթել, կարծեմ, ժամանակ է կլուբ գնալու:

Следующая страница