Շիրվանզադե Ալեքսանդր՝   Քաոս

Հանկարծ նա աչքունքը սեղմեց, տեսողությունը լարեց` երեսը մոտեցնելով լուսամուտի ապակուն: Տիկին Մարթան, գլխին մի խայտաբղետ մեծ գլխարկ, որի մի զույգ բարձր փետուրները դողում էին, ինչպես դրագունի «սուլթան», ուրախ-ուրախ խոսելով, անցնում էր մի գեղեցկադեմ երիտասարդի հետ: Անծանոթն ինչ որ ասում էր, տիկինը ծիծաղում էր, աչքերը կոկետաբար ճպճպելով:

Տեսարանը շատ անախորժ թվաց այրիին: Նա ավելի ուշադիր նայեց, տիկինը կանգ առավ, երիտասարդն ամուր սեղմեց նրա ձեռքը, խորհրդավոր ժպտալով: Նրանք բաժանվեցին, և տիկինը իր շրջազգեստի փեշերը կոկետուհու պես բարձրացնելով, որ ցույց տա մետաքսյա ասեղնագործ ներքնազգեստը, անցավ դեպի մյուս մայթը: Մի քանի րոպե անցած` դռները բացվեցին, և շեմքի վրա երևաց Մարթան պճնված, ինչպես ծաղկած նռնենի:

Տա՞նն է, — հարցրեց նա, դեմքը ծռմռելով այնպես, որ այրին հասկանա, թե խոսքն Անտոնինա Իվանովնայի մասին է:

Աստված ոչ գիտե, — պատասխանեց մայրը դառնությամբ:

Կոլյայիս ուղարկեցի բոննայի հետ եկեղեցի, եկել եմ Սմբատի երեխաներին էլ տանելու: Այսօրվա օրը թոռներդ պիտի այնտեղ լինեն, որ թշնամիներդ չուրախանան: Հրամայիր, որ բերեն նրանց այստեղ:

Այրին կանչեց Անտոնինա Իվանովնայի աղախնին, հրամայեց երեխաներին տոնային հագուստ հագցնել և բերել իր մոտ: Աղախինը ոչինչ չասաց. վկա լինելով ընտանեկան անվերջ խռովություններին, գիտեր, որ պառավի ցանկությունը կարող է դուր չգալ իր տիրուհուն: Այսպես էլ եղավ. Անտոնինա Իվանովնան մերժեց երեխաներին սկեսուրի մոտ ուղարկելու, իմանալով, որ Մարթան է պահանջողը և ինչո՞ւ համար:

Տեսա՞ր, տեսա՞ր, — գոչեց Մարթան չարախնդությամբ, — պրծանք, էլ մնաս բարով ասա թոռներիդ:

Այրին պահանջեց իր մոտ Սմբատին, եղելությունը պատմեց:

Խե՜ղճ մարդ, խե՜ղճ մար՛դ, — գրգռեց Մարթան եղբորը, — սանձը տվել ես ձեռը, որտեղ ուզում է, քշում է, խե՜ղզճ մարդ: Գոնե այսօրվա օրը նա խնայեր քեզ:

Զարմանում եմ, ինչո՞ւ համար եք դատարկ բաների համար ահագին աղմուկ հանում: Մի՞թե միևնույն չէ, երեխաներն այսօր կգնան եկեղեցի, թե վաղը կամ բոլորովին չեն գնալ:

Պրծա՜նք, պրծա՜նք, — կրկնեց Մարթան, մշտաշարժ մեքենայի պես պտույտ-պտույտ անելով աթոռի վրա, — այսուհետ քրիստոնեությունը մոռանանք էլի, ի՞նչ կա:

Մարթա՛, տասն անգամ խնդրել եմ, որ կրակի մեջ յուղ չածես, վատ բան է:

Մարթան մորդ է խղճում, հասկանո՞ւմ ես, մորդ...

Խնդրում եմ, լռի՜ր, լռի՜ր, եթե չես ուզում, որ ինձ կատաղեցնես: Դու չար սիրտ ունիս...

Մարթան չարությունից կապտել էր, մի գույն ևս ավելացնելով իր բազմագույն հագուստին:

Ա՜խ, անբախտ կնիկ, — դարձավ նա մորը, — ի՞նչ չար աստղի տակ ես ծնվել, որ այսպես տանջվում ես:

Լսի՛ր, ինչ եմ ասում, Մարթա. եթե այս տան մեջ դու միշտ պիտի խռովարարի դեր կատարես, լավ կանես, որ այլևս չգաս այստեղ: Մարդդ քեզ բոլորովին հիմարացրել է. ես շատ լավ գիտեմ, թե նա ինչու է ջուրը պղտորում, բայց նպատակին չի հասնիլ: Միքայելը նրան արդեն ճանաչել է, հույս ունիմ, որ դու էլ, վերջապես, մի օր կճանաչես:

Ասաց և անցավ կնոջ բնակարանը: Այստեղ ազատություն տվեց սրտի անսահման գրգռին: Մինչև ե՞րբ պիտի շարունակվի այդ կնոջ կամակորությունը: Գալու օրից բոլորին լարեց իր դեմ, իսկ եկավ նախապաշարված: Չմտածեց, որ կրակը կրակով չեն հանգցնում: Մոռացավ, որ այստեղ բոլորը վաղօրոք լարված և նախապաշարված էին իր դեմ: Ինչո՞ւ չհարգել մի նահապետական կնոջ նույնիսկ անմիտ ավանդությունները: Այդ ի՞նչ հիմար գժտություններ են, վերջապես, չէ՞ որ մեկն ու մեկը պիտի հարմարվի մյուսի կամքին, եթե չեն կարող հաշտեցնել իրենց քըմքերը:

Եվ դուք ուզում եք, որ ե՞ս լինեմ հարմարվողը, — գոչեց հեգնաբար Անտոնինա Իվանովնան, — այդ անկարելի է: Ինչո՞ւ միշտ ինձ պիտի վիրավորեն, և ես լռեմ: Այդ պառավն ամեն օր անիծում է իր բախտն այն պատճառով, որ դուք ամուսնացել եք հակառակ իր հայացքների: Նա կարող է պախարակել ձեր արածը, բայց ինչո՞ւ է զրպարտում ինձ, թե իբր ես խաբել եմ ձեզ ու մոլորեցրել: Դո՞ւք սիրեցիք ինձ, թե՞ ես, դո՞ւք էիք իմ ոտների առջև չոքած խնդրում, որ կյանքս կապեմ ձեր կյանքի հետ, թե՞ ես: Մի՞թե մոռացել եք ձեր սիրո երդումները, ինչո՞ւ չեք ասում այդ կնոջը ճշմարտությունը: Փառք աստծու, այն ժամանակ երեխա չէիք, խելք ունեիք ձեր գլխում, ինչո՞ւ խաբվեցիք... Սմբատ Մարկիչ, Սմբատ Մարկիչ, ինձ մեղադրում են, որ փողի համար եմ ձեզ հետ ամուսնացել: Դա վիրավորական է: Ես հարուստ ծնողների զավակ չեմ, բայց... հպարտ եմ, այս ձեզ հայտնի է: Հասկացրե՛ք ձեր մորն ու քրոջը, որ ես ձեր հարստության համար չեկա այստեղ, այլ միայն երեխաներիս պատճառով: Նրանք կարոտում էին իրենց հորը, նրանց հայր էր հարկավոր, և ես իրավունք չունեի չբերել այստեղ: Հասկացրե՛ք այդ կանանց, որ ես արհամարհում եմ միլիոնները...

Նրա ձեռները դողում էին, աչքերի մեջ պսպղում էր խորը վիրավորված հպարտության կայծը: Նա խոսում էր անկեղծ և հոգու խորքից:

Գիտե՞ք, ինչու համար երեխաներին չթողեցի եկեղեցի գնալ, — շարունակեց նա, — որովհետև պահանջողը և ձեր մորը դրդողը ձեր քույրն էր: Այդ կինն ուզում է իմ գլխին բռնակալ դառնալ: Ես երբեք թույլ չեմ տալ, որ տգիտությունն իշխե ինձ վրա: Ես ոչ ձեր կրոնին դեմ եմ և ոչ ձեր ավանդություններին, ինձ ղեկավարողը միայն և միայն իմ ինքնասիրությունն է, իմ հպարտությունը: Ինչպես ձերոնք չեն ուզում ստրկանալ, ես ևս չեմ ուզում...

Դեմքի որոշ կնճիռները, ձայնի զորությունը և աչքերի մեջ փայլող հակակրությունը դեպի նոր շրջանըավելի չարացրին Սմբատին:

Ա՜խ, տիկին, — ասաց նա, — նախանձելի չէ այն մարդու դրությունը, որի կինը համառությունը կամքի ուժ է համարում, իսկ չարությունը` բարոյական պայքար: Ձեր բոլոր դժբախտությունն առատանում է ձեր հոգու թերի ուղղությունից և մտքի ծուռ կրթությունից: Դուք ավելի բախտավոր և ավելի լավ կին կլինեիք, եթե չլինեիք այդքան ուսում առած: Ճշմարիտ, մարդ կամա-ակամա մտածում է, ձեզ ճանաչելով, որ կնոջ գլուխն առհասարակ չափավորից ավելի ուսում տեղավորելու ընդունակ չէ:

Մի՞թե, — հեգնեց Անտոնինա Իվանովնան, — գուցե սխալվում եք, գուցե մենք միայն ընդունակ չենք, իսկ ձեր կանայք... օ՜օ...

Ահա, տեսնո՞ւմ եք, տեսնո՞ւմ եք: Ի՞նչ ասել է «մենք, դուք», «մերը, ձերը»: Մի՞թե չեք կարող գեթ մի րոպե մոռանալ այդ տարբերությունը:

Չե՛մ կարող, որովհետև ամեն րոպե ինձ հիշեցնում են: Չէ որ ձեր մոր, քրոջ ու բոլոր ազգականների հակակրանքը դեպի ինձ հենց այդ կետի վրա է հիմնված: Մի՞թե ես կույր եմ, խուլ եմ կամ հիմար և չեմ հասկանում քամին ո՞ր կողմից է փչում:

Եթե հասկանում եք, լռեցե՛ք. եթե չեք կարող լռել, հաշտվեցեք ձեր ճակատագրի հետ:

Այսինքն...

Այսինքն այն, ինչ որ մի քանի անգամ առաջարկել եմ ձեզ, տվեք երեխաներին ինձ և գնացեք այնտեղ, ուր ձեր կամակորության համպր կարող եք ասպարեզ գտնել: Ինչպես դուք եք համառ, ես էլ եմ ուզում համառ լինել նույնիսկ իմ շրջանի նախապաշարումների վերաբերմամբ:

Մի դառն, երկարատև ու թունալի ծիծաղ եղավ Սմբատի պատասխանը: Հետո Անտոնինա Իվանովնան թուլացած ընկղմվեց բազկաթոռի վրա: Կամ այդ մարդը չարամիտ է, կամ հարբած, ուրիշ կերպ չէր կարող այդ խոսքերն ասել: Սակայն նա գիտեր, որ Սմբատը ոչ այս է, ոչ այն: Գիտեր, որ անսահման սիրելով իր զավակներին, շատ անգամ այնպիսի խոսքեր է արտասանում, որոնք հակառակ են իր իսկ առողջամտությանը:

Սմբատը հուզումից բռունցքները սեղմել էր գլխին, կարծես, այսպիսով աշխատելով մեղմացնել ուղեղի մեջ անգամ տարածված ցավը:

Դռներն ուժգին թափով բացվեցին, ներս վազեցին Վասյան և Ալյոշան, միմյանց հրելով ու բարձրաձայն ծիծաղելով: Տեսնելով ծնողներին իրարու կատաղած նայելիս, լռեցին և բևեռվեցին իրենց տեղերում: Նայում էին վախեցած մերթ մոր, մերթ հոր երեսին: Ալյոշան մոտեցավ կամացուկ մորը, որի արտասվալի աչքերը շարժեցին նրա սիրտը:

Մա՛մա, էլի այդ կոպիտ հայերը քեզ վիրավորե՞լ են, — ասաց Վասյան, բռնելով մոր ձեռը:

Այո՛, ձեզ ուզում են ինձանից բաժանել, — գոչեց Անտոնինա Իվանովնան, ջերմ համբուրելով նրանց: — Նո՛ւ, տեսնո՞ւմ եք` ում են սիրումդարձավ նա Սմբատին:

Այդ ուրիշ ոչինչ չի ցույց տալիս, եթե ո՛չ ձեր էգոիզմը: Ուշադրություն դարձրեք այդ մանկան հարցի վրա. դուք այդ անմեղ երեխաների մեջ զարգացնում եք ատելություն դեպի ինձ և մերոնք: Դուք... դուք գողանում եք նրանց անպաշտպան զգացումները:

Եվ համբերությունը կորցնելով, բռնեց երեխաների թևերից, ուժով քաշեց իր կողմը:

Անտոնինա Իվանովնան արձակեց մի թույլ ճիչ և ամուր գրկեց երեխաներին: Սմբատը մի քայլ հետ կանգնեց, զգաց, որ չափազանցության է հասնում: Բայց ի՜նչ սոսկալի դրություն. տեսնել սիրելի զավակներին անխզելի կապով կապված մի ատելի դարձած կնոջ հետ, չկարողանալ հաղթել ատելությունը, չկարողանալով նաև բաժանվել ատելիից:

Նա ընկղմվեց աթոռի վրա, ձեռները ճակատին սեղմելով և գոչեց.

Որքա՜ն սխալվեցի, տեր աստված, որքա՜ն սխալվեցի...

Տեսարանը տեղի ուներ միջին ընդհանուր սենյակում, որ ծառայում էր իբրև հյուրասենյակ: Այրի Ոսկեհատը միայն այդ սենյակն էր երբեմն ոտք գնում:

Երևի, մարդ ու կնիկ շատ բարձր ձայնով էին վիճում, որ գրավեցին դրսում եղողների ուշադրությունը: Ներս մտան, մեկը մյուսի հետևից` այրին, Մարթան, Սրաֆիոն Գասպարիչը, Միքայելն ու աղախինը:

Ո՛չ ոքի, ո՛չ ոքի չեմ տալ իմ երեխաներին, թող բոլորն իմանան, կսպանեմ, բայց չեմ տալ, — կրկնեց Անտոնինա Իվանովնան բարձրաձայն: -Փորձեցեք խլել ինձանից իմ զավակներին և կտեսնեք...

Մայրական հիվանդոտ սերը մթագնել էր նրա ուղեղը, պղտորել աչքերը: Նրան թվում էր, ընկել է վայրենիների ձեռք և պետք է մինչև արյան վերջին կաթիլը պաշտպանի սիրեցյալներին...

Ա՜յ, տոն, ա՜յ, ուրախություն, այսօրվա օրը բոլոր քրիստոնյաների տներում ծիծաղ ու պար, իմ ծնողների տանը կռիվ ու արտասուք: Մամա, մտիկ արա հարսիդ աչքերին, տես ինչ գազան է դարձել ուսում առած կինը, մտիկ արա և ուրախացիր...

Սմբատն այլևս հոգեկան ուժ չուներ քրոջ այրող խոսքերի հոսանքի առաջն առնելու:

Հեռվից լսվում էր տոնային ուրախ զանգահարության ձայնը: Եվ դա ավելի էր գրգռում նրան:

Այրին ուժգին լալիս էր: Միքայելը լուռ նայում էր նրան: Պարզ էր, որ մոր արցունքները ազդում էին նրա վրա:

Ինչո՞ւ ճիպոտդ քոլիղդ չկտրեցիր, — ասաց Սրաֆիոն Գասպարիչը:

Սմբատը, դառնությամբ գլուխը շարժելով, նայեց նրան և դուրս գնաց: Այդ րոպեին թվաց նրան, որ ամբողջ աշխարհն ըմբոստացել է իր դեմ:

Ամբողջ գիշեր նա տուն չվերադարձավ:

Այրի Ոսկեհատը թաթախման սեղան նստեց միայն իր եղբոր և Միքայելի հետ: Իսկ Անտոնինա Իվանովնան դռները փակել էր, ոչ ոքի չէր թողնում իր մոտ, ոչ նույնիսկ եղբորը:

VII

Նրա խաղաղ հոգին վրդովվեց: Նա չկարողացավ ժամանակին մտածել, որ մի միլիոնատեր և ամուսնացած մարդու և մի աղքատ աղջկա մեջ չի կարող լինել ոչ մի առնչություն: Ինչո՞ւ այնքան ազատություն տվեց զգացումներին, հակառակ խելքի: Թող Սմբատ Ալիմյանը վարվեր նրա հետ այնքան սիրալիր, նայեր այնպիսի խոր հայացքներով, միշտ ձգտեր նրա հետ խոսել, մերթ հառաչեր խորհրդավոր, մերթ ժպտար ավելի խորհրդավորմի՞թե այսքանն իավունք էր տալիս մի խեղճ աղջկա մոռանալ անդամալույծ հորը, գործակատար հորեղբորը և այս աղքատ կեցությունը:

Նա մեղավոր է ոտից մինչև գլուխ: Ինչո՞ւ չտեսավ այն վիհը, որ բաժանում է աղքատին հարստից, ազատ աղջկան ամուսնացած տղամարդից: Նա պիտի լիներ համեստ ոչ միայն վարմունքով, այլև բոլոր զգացումներով, երևակայությամբ, ցնորքներով ու երազներով: Երբեք այդ առնական հասակը չպիտի գրավեր նրան, երբեք այդ խելացի ու արտահայտիչ աչքերը չպիտի հրապուրեին նրան և ոչ այդ բարեհնչյուն ձայնը շոյեր նրա լսելիքը: Չէ՞ որ կան բաներ, որոնց մասին մտածելն անգամ մեղք է մի աղջկա և մանավանդ աղքատ աղջկա համար:

Երբ այս մտքերից պաշարված, Շուշանիկը փորձում էր իրեն համոզել, թե դեռ կարող է մոռանալ Ալիմյանին, առնական կերպարանքն ավելի ռելյեֆ էր պատկերանում նրա առջև: Զուր էր աշխատում վերադարձնել վաղուց կորցրած հանգիստը և զուր ճգնում տնային գործերի կամ ընթերցանության մեջ գտնել մոռացում: Նրա նյարդերը լարվել էին, կարծես, րոպե առ րոպե սպասում էր ինչ-որ փոթորկի: Երբեմն հոգին հուզվում էր այնչափ, որ շունչը սպառվում էր, խառնիխուռն զգացումներից սիրտը թրթռում, ինչպես վիզը կտրած թռչնիկ: Պատահում էր, որ փորձում էր վերլուծել այդ զգացումները, պարզել, ինչպես նրանք հղացան ու զարգացան: Եվ խաղաղ մտածումներին միայն սովոր գլուխը շուտով հոգնում էր խայտառակ մտքերից, ամեն ինչ ձուլվում էր ու դառնում մի անթափանցելի քաոս...

Աղքատ, աննշան, աշխարհի աղմուկից ու իրարանցումից հեռու, քաղաքի մի խուլ անկյունում վարում էր մի տեսակ մենավոր կյանք, օրերը նվիրած անդամալույծ հորն ու ընտանեկան հոգսերին: Ոչինչ առանձին բան չէր սպասում կյանքից և ոչ մի լուսավոր կետ էր տեսնում հարյուրավոր մանր-մունր կարիքներով թունավորված գոյության մեջ: Անգամ անցյալում չէր հիշում մի փայլուն գիծ: Այնինչ, մինչև տասնվեց տարեկան հասակը չէր իմացել` ինչ ասել է կարիք կամ տանջանք: Թվում էր նրան, թե միշտ եղել է աղքատ, թե միշտ իր հայրը բևեռված է եղել անկողնակալին, միշտ այնպես տրտնջել է ճակատագրի դեմ և միշտ մորմոքել նրա սիրտը: Այդքան արդեն ճնշել էր ու աղավաղել նրա երևակայությունը վերջին տարիների ողորմելի կացությունը:

Եվ ահա մի օր հայտնվում է մեկը, թափանցում է նրա ներքին աշխարհը և կարճ միջոցում ձգում այնտեղ անսովոր փոթորիկ: Տակն ու վրա է անում թմրած հոգին և բռնադատում նրան ավելի սաստիկ ափսոսալ իր հոր անցյալի մասին: Ա՜խ, եթե նա լիներ հարուստ ծնողների զավակ, այն ժամանակ Ալիմյանի բարեկամական ցույցերից չէր նեղվիլ, կնայեր այդ մարդուն այնպես, ինչպես հավասարը հավասարին: Ոչ ոք իրավունք չէր ունենա ասելու ինչո՞ւ այդ երիտասարդն այնքան ուշադիր է դեպի նա:

Օր-օրի վրա նա ծուլանում էր ու դառնում անտարբեր դեպի իր շրջանը: Ոչ ոք չգիտեր նրա հոգեկան տվայտանքը, որովհետև ո՞վ էր տեսնում նրա գաղտնի արցունքները և լսում խեղդված հառաչանքները: Միայն մայրական զգաստ աչքերն էին որ նկատում էին աղջկա հետզհետե նիհարելը, գունատվելը: Ինչո՞ւ, տեր աստված, չէ՞ որ այժմ Շուշանիկն ավելի լավ է ապրում, քան առաջ քաղաքում, չէ՞ որ նրանք այժմ կուշտ ճաշ էլ ունին, տաք բնակարան էլ. մինչև անգամ ծառա էլ:

Շուշանիկը դառնորեն ժպտում էր. լավ է ապրում, այո՛, ինչ ասել կուզի: Ո՞րն է այդ ապրուստը. հիվանդ հոր ավելի կծու տրտունջները, հորեղբոր ավելի կորացած մե՞ջքը, թե՞ այն շրջապատող ամայությունը, ուր թառամում է Շուշանիկի ծաղիկ կյանքը: Ո՛չ, նա այլևս անկարող է դիմանալ այս միատեսակ կյանքին, նրա հոգին որոնում է ազատություն մանր-մունր հոգսերից, առօրյա կարիքներից և ձգտում դեպի անծանոթ աշխարհ:

Ա՜խ, մամա, ի՞նչ կլիներ, որ ինձ թողնեիք գոնե մի ամսով հեռանալ այս տնից:

Երբեք աղքատության լուծն այնքան ծանր չէր թվացել Շուշանիկին, որքան այն օրը, երբ Միքայելը փորձեց ստորացնել նրան: Նա համոզված էր, որ հարուստը միմիայն աղքատի վերաբերմամբ իրեն թույլ կտա այդչափ հանդգնություն: Եվ ատելով Միքայելին, զգում էր ատելություն նաև դեպի բոլոր հարուստները, ինչպես և դեպի իր աղքատությունը:

Երբ գիշերվա կեսին բերեցին Միքայելի կիսաշունչ մարմինը, զղջաց, որ այնպես սառն էր վերաբերվել դեպի նա մի քանի ժամ առաջ: Նրա առաջ պառկած էր անխնա ջարդված մի երիտասարդ, որին դեռ երկու շաբաթ չկար խայտառակ կերպով ապտակել էին հասարակական տեղում: Կարեկցության զգացումն ավելի զորեղացավ նրա մեջ, երբ մորից լսեց զառանցող հիվանդի արտասանած խոսքերը: Կնշանակե` հիվանդը զղջում է իր արածի մասին, նա զառանցում է այն, ինչ որ գուցե շատ մտածել է առողջ ժամանակ: Իսկ երբ Միքայելի գունատ դեմքի վրա կարդաց նույն զղջումը և լայն բացված աչքերի մեջ նշմարեց ակնածություն, զգաց, որ այժմ կարող է բոլորովին ներել նրան: Եվ ներեց:

Ամեն օր նա տեսնում էր լուսամուտից նոր կառավարչին պատշգամբի վրա և զգում, որ նրա հայացքը որոնում է իրեն:

Ակնածալի բարևներին պատասխանում էր սառն քաղաքավարությամբ և իսկույն լուսամուտից հեռանում, մինչդեռ Միքայելը նայում էր ու նայում երկար ժամանակ: Եվ այդ համառ հայացքներն սկսում էին հալածել Շուշանիկին:

Եղանակը պարզ էր և բավական ջերմ, երբ Շուշանիկը դուրս եկավ պատշգամբ մի փոքր օդ շնչելու: Նա մի երկու ժամով ազատ էր տնային գործերից: Անցավ ընդարձակ բակը, դուրս եկավ այն տափակ տարածությունը, ուր երեք շաբաթ առաջ ծեծվել էր Միքայելը: Դարձյալ Սմբատի առնական կերպարանքը նկարվեց նրա աչքերի առջև, դարձյալ նրա հայացքն ակամա դարձավ դեպի քաղաք տանող ճանապարհը: Այնինչ, երկու շաբաթ էր, Սմբատը չէր գալիս հանքերը:

Շուշանիկը հասավ փլատակներին, կանգ առավ: Ծանր, երկարատև հառաչանքները հոգնած ու ճնշված կրծքից այսօր դուրս էին թռչում առանձին դառնությամբ: Շուտ-շուտ կանգ էր առնում, մոլոր հայացքներ ձգում հեռու ու հեռու:

Օրիո՛րդ, — լսեց նա հանկարծ մի ծանոթ ձայն:

Հետ նայեց և տեսավ Միքայելին: Մի վայրկյանում պատկերացավ նրա առջև այն անախորժ տեսարանը, որ այնքան վիրավորել էր նրա համեստությունը:

Շուրջը ոչ ոք չկար: Միայն երբեմն անցնում էին հատ-հատ բանվորներ: Շուշանիկը լռիկ պարզեց աջը և շտապով հետ քաշեց, հազիվ ակնթարթ թողնելով Միքայելի ձեռում:

Միքայելի նիհար ու գունատ դեմքի վրա նկարված էր այնպիսի թախիծ, որպիսին երբեք Շուշանիկը չէր տեսել նույնիսկ Սմբատի դեմքի վրա: Մի ակնածալի հայացք ձգեց օրիորդի աչքերի մեջ և անվստահ եղանակով սկսեց ռուսերեն.

Օրիորդ, մինչև այսօր ես առիթ չեմ ունեցել ձեզ շնորհակալություն հայտնելու:

Ինչո՞ւ համար:

Եվ դուք դեռ հարցնո՞ւմ եք, չէ՞ որ ձեր ընտանիքը մոտ երկու շաբաթ ինձ խնամեց, ինչպես իր հարազատ որդուն:

Դուք իմ հորեղբոր տերն եք, այդ մեր պարտքն էր: Բացի դրանից, դուք արդեն շնորհակալություն հայտնել եք:

Նա քայլեց առաջ: Միքայելը գնում էր կից առ կից: Նա առիթ էր որոնում խոսելու, և ահա հենց առաջին խոսքերից Շուշանիկը դարձյալ սառը ջուր է ածում նրա վրա: Կրկին նրա ինքնասիրությունը վիրավորվեց, մի՞թե երբեք չպիտի կարողանա կոտրել այդ աղջկա հպարտությունը:

Ասացեք, ի սեր աստծո, — արտասանեց նա, փորձելով համարձակ նայել նրա աչքերին, — ինչո՞ւ համար եք դուք ինձանից փախչում:

Ես ձեզանից փախչո՞ւմ եմ, — կրկնեց Շուշանիկը կիսահեգնաբար, — ո՞վ ասաց:

Այդ չէի ուզում ասել... Դուք, դուք ինձ վրա վատ աչքով եք նայում:

Օրիորդի դեմքով անցավ դժկամության ժպիտը: Նա մտածեց, որ Միքայելը դարձյալ ուզում է փորձի ենթարկել իր ամոթխածությունը: Նա հետ դարձավ և քայլերն ուղղեց դեպի տուն: Մի րոպե Միքայելն ընթանում էր նրա հետ լուռ: Նա կանգ առավ, ձեռը սեղմելով ճակատին, ասե՞ր, արդյոք, բոլորը, ինչ որ կուտակվել էր սրտում, թե՞ զսպեր հպարտությամբ: Օրիորդը հետ նայեց և նույնպես կանգ առավ, հարկավ, քաղաքավարության համար: Նրա դեմքի անտարբեր արտահայտությունը, աչքերի մեջ խաղացող թեթև արհամարհանքը կատաղեցնում էին Միքայելին, միևնույն ժամանակ ճնշում, հաղթահարում:

Օրիորդ ես ձեր առջև մեղավոր եմ, խնդրում եմ, մոռացեք իմ հանդգնությունը: Օրիորդ, ես սխալված եմ եղել, ներումն եմ խնդրում, ես ձեզ չէի ճանաչում: Գիտեմ, դեռ ձեր սրտում ոխ եք պահում իմ դեմ: Դուք առաջ ինձ նայում էիք զզվանքով, այժմ ցավակցությամբ: Այդ ինձ վիրավորում է և ստորացնում իմ աչքում: Ատեցե՛ք ինձ, թշնամացե՛ք, բայց մի՛ արհամարհեք: Արհամարհանքն ինքնասերի մեծագույն պատիժն է:

Չեմ հասկանում, ինչո՞ւ համար եք այդ ասում: Ես ձեզ չեմ կարող ո՛չ ատել, ո՛չ արհամարհել: Ի՞նչ կապ կա մեր մեջ, բացի այն, որ դուք տեր եք, ես ձեր ծառայի եղբոր աղջիկը: Մի՞թե ինձ նման մի աննշան էակ կարող է ձեզ ստորացնել...

Մի կեղծեք, ի սեր աստծո, կեղծությունը ձեզ չի սազում: Դուք շատ լավ եք հասկանում, թե ես ինչ եմ ուզում ասել:

Շուշանիկը նայեց լրջորեն նրա գունատ երեսին և զգաց, որ նրա հոգին սաստիկ խռովված է: Ճակատի վերքից մնացել էր բավական մեծ սպի, որ նրա կանացի կերպարանքին այժմ տալիս էին առնականություն: Շուշանիկը շփոթվեց նրա աչքերի փայլից և գլուխը կրծքին թեքելով, հանդարտիկ շարունակեց ճանապարհը:

Միայն մի րոպե, օրիորդ, — գոչեց Միքայելը, — դուք շատ եք շտապում, իսկ ես կկամենայի մի քանի խոսք ասել, միայն մի քանի խոսք: Չգիտեմ` ինչպես ասեմ, բայց պիտի ասեմ... Թույլ տվեք անկեղծ լինել, այս հարկավոր է թե՛ ինձ և թե՛ ձեզ համար...

Հրամայեցեք, — ասաց Շուշանիկը կանգ առնելով և ձեռներն անփույթ դնելով կրծքին, գլուխը թեթևակի աջ ուսին թեքելով, — ես պատրաստ եմ լսել ձեզ:

Արդեն նա վճռել էր մտքում այս անգամ բացարձակ և աներկյուղ հայտնել, որ իր և այդ մարդու մեջ չկա և չի կարող լինել ոչ մի առնչություն:

Կարճատև տատանումից հետո Միքայելն սկսեց խոսել: Զգացումների բուռն հոսանքից չգիտեր ինչի՞ց սկսի և ինչպե՞ս: Կամենում էր միանգամից արտահայտել բոլորը, ինչ մտածել ու զգացել էր վեց-յոթ շաբաթվա ընթացքում, բայց վախենում էր, մի գուցե օրիորդը խստորեն ընդհատի նրա խոսքը և հեռանա: Եվ սկսեց իրեն պարսավել ոչ միայն իր սխալի համար, այլև ընդհանրապես: Նա խոստովանում էր, որ ինքը փչացած մարդ է, առանց ձգտելու բացատրել իր բարոյական անկման արդարացուցիչ պատճառները: Այն օրից, երբ Շուշանիկը հրեց նրան, սկսեց զգալ, որ, ճշմարիտ, սխալված է եղել առհասարակ կանանց մասին, չափելով բոլորին միևնույն չափով: Նա սկսեց մտածել ավելի լուրջ, հարգել կնամարդին այնպես, ինչպես երբեք չէր հարգել: Շուանիկի սառնությունն ու արհամարհանքը զորացրին նրա մեջ անսովոր զգացումը: Որքան օրիորդը երես դարձրեց, այնքան կին էակը բարձրացավ նրա աչքում: Որքան նա հպարտ պահեց իրեն, այնքան ինքն ընկավ իր աչքում: Շուշանիկը, և միայն նա զգալ տվեց, թե որքան փուչ է եղել իր կյանքը: Նա՛, միայն նա անգիտակցաբար արավ նրա համար այն, ինչ որ ահա մի քանի ամիս է, աշխատում է անել իր եղբայրը: Նրան վիրավորեցին հասարակության մեջ: Եղբայրն ամբողջ ժամերով աշխատում էր համոզել նրան մոռանալ այդ վիրավորանքը, բայց չկարողացավ: Նա միայն և միմիայն Շուշանիկի պատճառով կուլ տվեց ամոթալի ապտակը:

Մի՞թե այս բոլորը չի ուրախացնում օրիորդին, մի՞թե նա չի պարծենում իր բարոյական զորությամբ և ազդեցությամբ: Մինչև այսօր Միքայելի ականջներին հնչում են այս խոսքերը, «որքան զանազանություն կա ձեր և ձեր եղբոր մեջ»: Հասկանում է նա այդ զանազանությունը և տեսնում, որ իր եղբայրը բարձր է իրենից բարոյապես: Ուրեմն Շուշանիկն ունի իրավունք նրան ատելու, Սմբատին հարգելու, նրան պախարակելու, Սմբատին գովելու: Ինչո՞ւ է նա երեսը դարձնում, ինչո՞ւ է թաքցնում իր զգացումները, մի՞թե կարծում է, որ Միքայելը ոչինչ չի տեսնում, ոչինչ չի զգում:

Չէ՞ որ դուք նրան սիրում եք, այո՛, սիրում եք: Կարմրեցե՛ք, չարացե՛ք, բայց ես ճշմարիտն եմ ասում: Է՜հ, ի՞նչ արած, ուժով սիրելի դառնալ չի կարելի: Ատեցե՛ք ինձ, որքան ուզում եք, այսուհետև ես ձեզ հանգիստ կթողնեմ, միայն հասկացե՛ք, ես այնքան էլ փչացած չեմ, որքան կարծում եք, որ իմ սրտում դեռ կա մաքուր անկյուն: Եվ մի օր, մի օր կտեսնեք, որ այդ անկյունը պահված է ձեզ և միմիայն ձեզ համար:

Նա մի քանի քայլ առաջ անցավ, նորից կանգնեց գունատ, շնչասպառ:

Շուշանիկը տակավին լուռ էր. մերթ կարմրում էր, մերթ գունատվում, մերթ ուզում էր քայլերն արագացնել և շատով տուն հասնել, մերթ վախենում էր` մի գուցե այսպիսով դրդի Միքայելին ավելի համարձակ դառնալու: Միևնույն ժամանակ, ակամա հետաքրքրվել էր երիտասարդի զգացումներով և ուզում էր լսել նրան: Վախենալով և դողալով` նա ցանկանում էր իմանալ, վերջապես, ի՞նչ է պահանջում իրենից այդ մարդը: Երբ Միքայելը լռեց, նա մտածեց, ի՞նչ պատասխանի: Նա կարծում էր, թե պարտավոր է անպատճառ մի բան ասել: Նրա սրտում հղացավ կարեկցության պես մի բան, որ, սակայն չկամեցավ արտահայտել: Միևնույն ժամանակ զգաց, որ Միքայելի ասածներն անկեղծ են: Այս անկեղծությունը բարձրացրեց նրա աչքում այն մարդուն, որի մասին, նա այնքան ստոր գաղափար ուներ:

Մնաք բարով, — ասաց Միքայելը, չարժանանալով Շուշանիկի կողմից ոչ մի խոսքի:

Գնաք բարով:

Միքայելը հեռացավ արագ քայլերով, սիրտը դառնությամբ լի: Ի՜նչ հպարտություն, ի՜նչ ինքնազոտում մի աննշան աղջկա կողմից: Ո՞վ է նրան այդպես կրթել և պատրաստել: Ի՞նչ շրջան է նրա մեջ ամրացրել կամքի այդչափ հաստատություն: Նա այնքան զորեղ գտնվեց, որ մի խոսք անգամ չասաց Սմբատի մասին, ոչ հերքեց, ոչ բարկացավ և միայն լռեց: Ա՜խ, այդ համառությունը նրան հաղթահարեց ավելի քան եթե խոսեր:

Դարձյալ ուշ գիշեր էր և դարձյալ Շուշանիկն անքուն շրջում էր իր սենյակում առանձնացած: Նրա ականջներին դեռ հնչում էին Միքայելի խոսքերը: Արդյոք, իսկապես անկեղծ էին այդ խոսքերը, թե քինծու: Բայց որքան նա իրեն անխնա քննադատվեց, որքան պարսավեց: Ոչ, նա զղջում է իր արածների մասին և զղջում է, անշուշտ, առանց կեղծիքի: Է՜հ, տերը նրա հետ, թող այսուհետև ինչ ուզում է մտածի: Նա ինքն ասաց, «մնաք բարով», ուրեմն վճռեց վերջապես, թողնել Շուշանիկին հանգիստ: Ավելի լավ, Շուշանիկն էլ նրանից հենց այդ պիտի պահանջեր, և առանց պահանջելու ստացավ ուզածը: Տերը նրա հետ:

Եվ հետզհետե Միքայելի գրգռված կերպարանքը նսեմացավ, ներկայացավ Սմբատն իր առնական կերպարանքով:

Ինչո՞ւ նա հանքերը չի գալիս մի՞թե ուզում է Շուշանիկի հանդուգն երևակայության վրա սառը ջուր ածել կամ գուցե վճռել է ազատություն տալ իր եղբորը: Ի՞նչ, մի՞թե Սմբատն ընդունակ է այս տեսակ ստորության: Ո՛չ, երբեք... Նա ազնիվ է, նա չի թույլ տալ իրեն այդչափ վատ գաղափար ունենալ Շուշանիկփ մասին:

Բայց այդպես շարունակել այլևս անհնարին է: Դա հիմարություն է, նույնիսկ խելագարություն է` սիրել մի եղբորը, հետամուտ լինելով մյուսից, ձգտել դեպի մեկը, փախչելով մյուսից: Պիտի, մոռանալ ամեն ինչ և դարձյալ անձնատուր լինել նախկին կյանքին, բավական է, որքան հիմարացավ: Սակայն ինչպե՞ս. տեր աստված, ինչպե՞ս: Նա ականջ էր դնում շոգու աղմուկին և լսում էր բարեհնչյուն ձայնը, նայում էր փողոցի մթությանը և տեսնում միայն առնական կերպարանքը: Ամենուրեք նա, և մի¬միայն նա: Կարծես, դա մի չար ոգի է, որ մի անգամ ընդմիշտ վճռել է քայքայել նրա հանգիստը և հասցնել նրան մինչև խելագարության: Տեր աստված, մի՞թե այս է սեր ասված բանը, այն, ինչ որ կարդացել է հարյուրավոր վեպերում` հարյուրավոր վարիացիաներով: Եթե այո՛, ինչո՞ւ ասում են, թե սիրո նույնիսկ դառնությունը հաճելի է:

Շուշանիկը նստեց սեղանի քով: Նրա գլխում ծագել էր մի հանդուգն միտքդեն ձգել նախապաշարումները և համարձակորեն հաղորդել նամակով բոլոր տվայտանքը Սմբատ Ալիմյանին: Թո՛ղ, վերջապես, իմանա, թե ինչ արավ նա մի խեղճ գործակատարի խեղճ եղբորորդուն: Ի՞նչ կա վախենալու, ինչո՞ւ չլիներ համարձակ...

Նա գրեց մի երես, կարդաց, ամաչեց, պատռտեց, դեն ձգեց, նորեն սկսեց և դարձյալ պատռեց: Գրիչն անզոր էր արտահայտելու իսկական զգացումները:

Թիկն տվեց աթոռին, ձեռները թուլացած դնելով ծնկների վրա: Ո՛չ, ամոթ է, ի՞նչ գրի և ինչո՞ւ, ի՞նչ իրավունքով: Այդ մարդը կարող է ծաղրել նրան և արհամարհանքով դեն շպրտել նրա հիմար նամակը:

Դրսի մթությունն սկսեց փարատվել, արևելքը գունատվեց, ապա կարմրեց և հետո դեղնեց: Արեգակը հանդարտիկ բարձրացավ հեռավոր թումբերի հետևից: Փետրվարի անվստահ և թույլ արեգակը, որի ճառագայթները պաղում են դեռ երկրին չհատած:

Լսվեց երեխաների ձայնը, հետո անդամալույծի սիրտ մաշող առավոտյան հազը և նրա բողոքը երեխաների դեմ, որ չեն թույլ տալիս «ամբողջ գիշերը քնելու»:

Շուշանիկը դեռ անքուն էր: Հագուստը հագին, գլուխն անզոր դրել էր սեղանի եզրին, ձեռների վրա: Խիտ մազերը սփռվել էին ուսերին և ծածկել հոլանի բազուկները, որոնք փղոսկրի մաքրությունն ունեին: Ա՜խ, եթե տեսներ նրան այդ րոպեին Միքայելը, մի՞թե կհամարձակվեր նրան գեղեցիկ չհամարել: Արեգակի շողերն ընկան նրա վրա այնքան անվստահ, որ, կարծես, վախենում էին խանգարել տառապող աղջկա նիրհը... Գլուխը քիչ բարձրացրեց: Աչքերն անքնությունից կարմրել էին, կոպերը փքվել սպունգի պես, այտերի վրա երևում էր անբնական կարմրություն:

Գիգիշերն անքո՞ւն ես անցկացրել, — լսեց մոր ձայնը և ցնցվեց:

Նա կեղծելում վարպետ չէր, ուստի լռեց:

Ի՞նչ է պատահել քեզ, որդի, ի՞նչ ցավ է տանջում խեղճ երեխայիս:

Պետք էր կամ ստել կամ հարցուփորձից խույս տալ: Շուշանիկը վախեցավ և քայլերն ուղղեց դեպի դռները:

Մայրը կտրեց նրա ճանապարհը: Այս անգամ արդեն նա անպատճառ պիտի իմանա աղջկա ցավը: Գիշերն անքուն, ցերեկն անգործ, ոչ կարգին ուտում է, ոչ խոսում, ոչ էլ առաջվա պես կարդում: Նույնիսկ հորաքրոջ երեխաները գանգատվում են, թե վարժուհին դաս չի տալիս նրանց: Ման է գալիս քնածի պես, օր-օրի վրա լղարում է, դեղնում, չորանում: Ասա, որդի, ասա, որ չարն է քեզ տանջում, ո՞ւմ անեծքն է պատժում մորդ: Կարելի է հորդ մրմունջներն են մաշում քեզ, չէ՞ որ սկսել ես գանգատվել նրանց դեմ... Հիվանդ ու աստծուց պատժված մարդուց կարելի՞ է նեղանալ: Այսօր-վաղը կկտրվի նրա անբախտ կյանքի թելը: Ա՜խ, կար ժամանակ, որ նա էլ հայր էր, քեզ համար ոչինչ չէր խնայում, պահում էր քեզ ինչպես աչքի լույս: Նա չէ՞ր, որ քեզ ուսում էր տալիս ու կրթում մեծամեծների աղջկերանց պես: Մի օր մազիկի վարժուհին էր գալիս, մյուս օրն երգ սովորեցնողը: Ուրախանում էր երեխայի պես, երբ երգում էիր ու պիանո ածում: Ախ, Շուշանիկ, Շուշանիկ, երանի՜ այն օրերին, անցան, գնացին, մորդ սրտում դառը վիշտ թողնելով: Այժմ ձայնդ խեղդվել է կոկորդումդ, չես երգում, մատներդ կոշտացել են տնային աշխատանքից, պիանո չունես, որ նվագես: Որդի, շատ մի՛ մտածիր, համբերիր: Ա՜խ, սև լիներ այն օրը, երբ հայրդ կոտր ընկավ, եկավ այս սև աշխարհը: Ասա, ի՞նչ է պատահել, որդի...

Следующая страница