Շիրվանզադե Ալեքսանդր՝ Քաոս | |
Քաղաքից եկան — Սրաֆիոն Գասպարիչը, գլխավոր հաշվապահի հետ, հետո Արշակը` Սուլյանի և, փոքր անցած, Անտոնինա իվանովնան` իր եղբոր հետ:
Դավիթը նրանց համար տանը պատվիրել էր առանձին նախաճաշ: Նա շտապեց Շուշանիկին կանչելու, որ գա Անտոնինա Իվանովնային զբաղեցնի: Մի քանի րոպե անցած` ամբոխը հարգանքով ճանապարհ էր տալիս այն աղջկան, որ շատերի համար էր նամակներ գրել ու կարդացել, շատերի համար կարել ու կարկատել է և շատերի վերքերի սպեղանին փոխել այդ կարճ միջոցում: Օդը բարձրացան ֆուրաժկաներն ու փափախները, դեմքերը ժպտացին այնպես, որպես միայն կարող է ժպտալ նավթային ծովը լուսնի շողերից:
— Добрая, славная барышня, — լսեց Անտոնինա Իվանովնան երախտագետ մուժիկների ձայնը:
Եվ նրան թվաց, որ նույնիսկ արեգակը կարող է նախանձել այն տպավորությանը, որ գործեց մի համեստ աղջկա երևալն այդ կոպիտ ամբոխի վրա:
Շուշանիկը մոտեցավ նրան, հարգանքով բարևեց: Նա չէր ուզում դուրս գալ, բայց դուրս եկավ, չէր ուզում Սմբատին հանդիպել, բայց եկավ հենց նրան տեսնելու հույսով: Սակայն ցնցվեց, երբ Անտոնինա Իվանովնան անկեղծ բարեկամությամբ սեղմեց նրա ձեռը: Ամոթի զգացումը նրա մեջ տեղի տվեց խղճի խայթոցի, որ այդ կնոջ առջև մեղավոր էր իր ապօրինի զգացումներով: Նա ավելի ցնցվեց, երբ տիկինը բռնեց նրա թևն ընկերաբար և խնդրեց միասին շրջել ամբոխի մեջ:
Հենց առաջին հայացքից տիկինը հետաքրքրվել էր տարօրինակ հասարակությամբ: Նրա աչքերի առջև տարածվել էր սև կերպարանքների մի բանակ, ուր տիրում էր ազգերի, կրոնների, լեզուների ու տարազների խառնուրդ: Խառնուրդ, որ առաջին անգամն էր նա տեսնում: Նա փափագեց մերձենալ մթին ծովին, նայել խրը, տեսնել, ինչ է կատարվում հատակում:
— Ֆո՛ւ, սատանան տանի, այստեղ ամեն ինչ ապականվում է, — ասաց Ալեքսեյ Իվանովիչը:
Նա շինելի փեշերը հավաքել էր ու բռնել փորի վրա, որպեսզի չշփվեն նավթահոտ ցնցոտիների հետ:
— Այո՛, բայց միայն դրսից, — նկատեց Շուշանիկը լուրջ:
— Կերա՞ր, — շշնջաց Անտոնինա Իվանովնան եղբոր ականջին, — պետք է զգույշ խոսել այդ աղջկա մոտ:
— Բայց բավական պիկանտ է, — ասաց Ալեքսեյ Իվանովիչը:
Անտոնիա Իվանովնան մի սաստող հայացք ձգեց նրա երեսին և ունքերը կիտեց: Շուշանիկը նրան ներշնչում էր համակրանք և հարգանք: Այդ աղջիկը նրան թվում էր սև աշխարհում մենակ բուսած մի հազվագույտ ծաղիկ: Այսօր, ավելի ուշադիր դիտելով նրան, դատապարտում էր մտքում իրեն, որ առաջին հանդիպման ժամանակ հետը վարվել էր անփույթ, հեգնաբար: Ո՛չ, այդ աղջիկը նման չէր իր շրջանի կանանց: Ռուսիայից գալուց հետո առաջին անգամ է տեսնում այդպիսի խոհուն կանացի դեմք, որ կրում է մտավոր զարգացման դրոշմ:
Նա սկսեց խոսել Շուշանիկի հետ ամբոխի մասին, աշխատելով ծանոթանալ օրիորդի մտավոր ու բարոյական աշխարհի հետ: Հարցուփորձ էր անում մշակների նիստ ու կացի, տնտեսական ու բարոյական վիճակի մասին: Շուշանիկը պատմում էր, ինչ որ գիտեր, պարզ խոսքերով, առանց սև գույնի նկարագրելու դառն աշխատանքի տակ հեծով ամբոխի դրությունը: Տիկինն իր անկեղծ վարմունքով կամաց-կամաց գրավում էր նրա համակրանքը և ակամա, անգիտակցաբար ենթարկում նրան իր մտավոր գերազանցության հրապույրին: Նա նույնպես օրիորդին թվում էր դրամի գործնական աշխարհը ճակատագրի քմքով ընկած մի բացառիկ էակ, որից միայն և միայն Սմբատը կարող է բարձր լինել: Եվ Շուշանիկը չէր սխալվում. ուսումով, կրթությամբ, ընտանեկան վիճակով Անտոնինա Իվանովնան ամբողջ քաղաքում ներկայացնում էր բացառություն: Գլխավորապես հենց այս էր պատճառը, որ նա բոլորի խոսակցության առարկան էր դարձել:
Ամբոխը, Դավթի նշանով, բազմեց սեղանների քով և կազմեց մի քանի երկայնաձև մթին քառակուսիներ: Անտոնինա Իվանովնան շարունակ, թևը Շուշանիկի թևին գցած, շրջում էր, անցնում սեղանից սեղան, դիտում, ուսումնասիրում, խնդրելով օրիորդին թարգմանել տեղացի մշակների ասածները: Իսկ մշակները հրում էին միմյանց, բարձրաձայն ծիծաղում ուրախ-ուրախ, ավելի ու ավելի հարմարեցնելով իրենց տեղերը: «Մեծամեծների» ներկայությունը նրանց չէր նեղում, բոլորն էլ կամենում էին ազատություն տալ իրենց տարիներով կաշկանդված կամքին: Իսկ սրա համար հարկավոր էր դիմել ըմպելիքների օգնության, Դավիթը մոտենում է սեղաններին ու կրկնում.
— Տղերք, խմեցեք, ինչքան քեֆներդ է, գինի, արաղ շատ եմ բերել տվել, բայց չհարբեք հա՜ա՜, էս է ասում եմ...
Այնինչ, մշակները շտապում էին շշերը միմյանց հետևից դատարկել: Սրախոսում էին խմելու մասին մի ժարգոնով, որ միայն նավթահանքերի բնակչությանն էր հասկանալի:
— Ադա, — ասում էր մեկը, ցույց տալով իր կոկորդը, — տրուբաս գըսարիցա իլավ, ռըզշիրիդելը դես տուր, լենացնեմ...
— Ադա, կռանդ բեց ըրա, վըեր չանս լեցնեմ, — ասում էր մյուսը:
— Տղերք, ղզղաններղ լյավ տքացրեք, էլ ըտենց տոպկա չեք տեսնիլ...
— Յավաշ, պառը գլխներիդ չի կյա...
— Ադա, շուռ տուր բըրաբանը...
Հայ մշակների մեջ կար մի պատկառելի ծերունի` Գասպար անունով: Նա մի ժամանակ եղել էր գյուղական տանուտեր ու հարուստ և «գիտեր մեծամեծների հետ նստել, վեր-կենալը»: Նա մեկ-մեկ առաջարկում էր «աղաների» կենացները և գոռում` «հուռա՜ա»: Ամբոխը ձայնակցում էր նրան, բաժակները վերև բարձրացնելով: Երբ հերթը հասավ ինժեներ Սուլյանի կենացին, տիրեց անհարմար լռություն: Ամբոխը չկարողացավ կեղծել: Ոմանք մի քիչ գինի կում անելով, բաժակները հետ դրեցին, իսկ շատերը բոլորովին չխմեցին:
— Գյադա մարդ է, — շշնջում էին միմյանց ականջին, — մեջն աղայություն չկա:
Այնինչ, Սուլյանը, ժպիտը երեսին, մի ձեռը կողքին հենած, մյուսով բեղերը ոլորելով նայում էր քծնությամբ Միքայելի դեմքին, շարունակ հետևելով նրան: Այսօր ինժեները մտադիր էր նրա միջոցով Սմբատին խնդրել, որ Ալիմյան ֆիրմն իր համար գնե մի բաժին ինչ-որ նոր կազմվող նավթային ընկերության մեջ:
Դարբասի առջև կանգնեց Սմբատի կառքը: Սև ծովը խլրտվեց, ոտքի կանգնեց: Գալիս էր այն մարդը, որը, հանքերը ոտ դնելու օրից, աշխատել էր բանվոր դասի կյանքը բարվոքել: Ա՜խ, որքան նա փոխվել է վերջին ժամանակ. դեմքը կարմրել է և մի փոքր ուռել, աչքերը լայնացել են ու արյունով լցվել: Մի՞թե այդպես շուտ են ազդել նրա վրա անքուն գիշերներն ու սուր ըմպելիքները.
— Հուռաա, — գոչեց ամբոխը Գասպարի նշանով:
Սմբատը ձեռով նշան արավ, որ ոչ ոք տեղից չշարժվի: Բայց հոգով ուրախ էր, որ ամբոխն այսպես հարգում ու սիրում էր իրեն: Մոտեցավ Միքայելին, հարցրեց` արդյոք գո՞հ է իր կարգադրությունից:
— Ո՛չ, — պատասխանեց Միքայելը հակիրճ:
— Ինչո՞ւ:
— Ես կեղծ բաներ չեմ սիրում:
— Կե՞ղծ, — զարմացավ Սմբատը:
— Այո՛, ես այդ բոլորը կեղծ եմ համարում: Իրենց փողերով խեղճերի համար տոնախմբություն եք սարքում ու կարծում եք մեծ բարության եք անում:
— Ես բնավ այդպես չեմ կարծում:
— Ո՛չ, կարծում ես: Դուք, բոլոր դեմոկրատներդ, այդպես եք... Ես բուրժուա եմ, ես այդպիսի բաներ չեմ սիրում...
Նա հեռացավ: Սմբատը զարմացած նայեց հետևից, ուսերը վեր քաշելով:
Անտոնինա Իվանովնան շարունակ դիտում էր ամբոխը: Վաղաժամ թառամած դեմքերը, կոր մեջքերը, ներս ընկած կրծքերը նրան ներշնչում էին կարեկցություն: Առհասարակ մի ժամ էր նրան պաշարել էին անսովոր մտքեր ու զգացումներ: Ամբոխի մթին արտաքինի տակ տեսնում էր ավելի մթին հոգեկան աշխարհ, կարոտ լուսո ամենաթույլ շողերին: Նա մտածում էր. ինչո՞ւ օգնության չգալ այդ խեղճերին: Այլևս մարդիկ ո՞ր օրվա համար են ուսում ստանում, եթե չեն կարող կամ չեն ուզում ստացած լուսո գեթ թույլ շողերը տարածել այս մութ աշխարհը:
Եվ այստեղ, այդ պահին, նա առաջին անգամ սկսեց նախատել իրեն, որ մինչև հիմա նշանակություն էր տվել ազգերի ու կրոնների տարբերությանը: Ամաչեց այն բոլորից, ինչ որ գրգռված րոպեին ասել էր Սմբատին: Իսկ նա շատ բան էր ասել, շատ վիրավորական խոսքեր: Ի՞նչ, մի՞թե միայն ինքն էր ասել, առանց որևէ շարժառիթի: Ո՛չ, ինչո՞ւ է այսքան իրեն մեղադրում, մի՞թե ինքը պակաս է վիրավորվել Սմբատից, նրա մռայլ ճակատը հետզհետե պազվում էր, կապույտ աչքերը վառվում էին անսովոր հրով: Նրա մտքում սկսեցին պատկերանալ այն բոլոր վիպական հերոսուհիները, որոնց սիրել էր մայրենի վեպերում և որոնցով մի ժամանակ հափշտակվել էր: Ահա այն աշխարհը, որին օգնելու գաղափարը դրվատել են իր ազգի ամենաընտիր հեղինակները, ամենամաքուր մտածողները:
Նրա սիրտն սկսեց բաբախել բարձր մարդասիրական զգացումներից: Եվ այդ պահին նա պատրաստ էր ներել սկեսուրին, տալոջն ու բոլոր ազգականուհիներին, որոնցից նա իրեն արհամարհված էր զգում: Նա տեսնում էր ազգերի ու լեզուների մի խառնուրդ, տոգորված միևնույն ցավերով ու վշտերով: Մրի ու նավթի սև քողը սփռվել էր հավասար ամենքի վրա ու կազմել տխուր միօրինակություն: Մի՞թե մանրակրկիտ չէ այն մարդը, որ այդ մռայլ հարթության տակ տեսնում է ինչ-որ խորդուբորդներ, մեկին սիրում, մյուսին արհամարհում, մեկին օգնում, մյուսին բարձիթող անում, համարելով իր արյանն «օտար»:
— Օրիորդ, — դարձավ նա Շուշանիկին, — հանքերում դժբախտություններ պատահո՞ւմ են մարդկանց:
— Շատ:
— Մեծ մասամբ, իհարկե հրդեհից:
Շուշանիկը պատասխանեց, թե հրդեհներն ինքնըստինքյան, բայց առհասարակ այստեղ մարդկային կյանքն ապահով չէ: Կան ուրիշ անթիվ պատահարներ: Երեկ մեկի մատը մնաց պարանի տակ և արմատից թռավ, մեկել օրը մի անփորձ մշակի մեքենայի դողը ոլորեց, ջարդեց ու սպանեց: Իսկ սովորական հիվանդությունները տանում են մեծ թվով զոհեր:
— Լսել եմ, դուք միշտ օգնում եք մշակներին, և նրանք ձեզ պաշտում են, ինչպես մի բարի հրեշտակի, — ասաց տիկինը կես-հեգնությամբ և կես-լուրջ:
Շուշանիկը շփոթված, ակամա, երեսը մի կողմ դարձրեց: Երբեք նա իր չնչին ծառայությունների մասին չէր մտածել.
— Գիտեք, ինչ, — շարունակեց Անտոնինա Իվանովնան, նայելով օրիորդի աչքերին, — ինձ թվում է, որ դուք. եթե կամենաք շատ բաներ կարող եք անել մշակների համար: Օրինակ կարող եք Միքայել Մարկիչին համոզել, որ նա հիվանդանոց էլ բաց անի:
— Ես իրավունք չունեմ նրա գործերին խառնվելու:
— Այդ այդպես է, բայց մի՞թե բարի գործեր կատարելու համար իրավունք է հարկավոր: Ես էլ իրավունք չունիմ, բայց պիտի խառնվեմ... ձեր կողմից էլ: Այ, խնդրեմ, խնդրեմ... ինձ թվում է, որ նա ձեր խնդիրն ավելի շուտ կկատարի, քան իմը... Այո՛, այո՛, պիտի խնդրեմ ինքս էլ, ձեր կողմից էլ, թեկուզ թույլ էլ չտաք... Աա՜, դուք կարմրեցի՞ք, կնշանակե — ես ճշմարիտ եմ ասում:
Դավիթը Շուշանիկին կանչեց` քաղաքից եկած հյուրերի համար սեղան պատրաստելու:
Քառորդ ժամ անցած, հյուրերը հրավիրվեցին առանձին սենյակ: Սրաֆիոն Գասպարիչը բաժակ առաջարկեց Ալիմյան ֆիրմայի գործերի աջողության մասին: Տա աստված, որ ֆիրման օր-օրի վրա ծաղկի, մեծանա և «հազարավոր մարդկանց կերակրի»:
— Մեր ֆիրման ոչ ոքի չի կերակրում և չի էլ կերակրել, — ասաց Միքայելը տարօրինակ սրտմտությամբ:
— Այդ միայն ես գիտեմ, նկատեց Սրաֆիոն Գասպարիչը խորհրդավոր:
— Ո՛չ, դու չգիտես, քեռի... ես այսօրվա ճաշն էլ օյինբազություն եմ համարում:
Բոլորը զարմացած նայեցին նրան: Սմբատը չգիտեր ինչպես բացատրի եղբոր անսովոր տրամադրությունը:
— Այո՛, օյինբազություն եմ համարում, — կրկնեց Միքայելն ավելի տաքացած, — այստեղ ես անկեղծություն չեմ տեսնում:
— Միքայե՛լ, — ասաց Սրաֆիոն Գասպարիչը, — ջահել ես, ականջ դիր մի բան պատմեմ: Երբ ես ույեզդնի նաչալնիկ էի, նորին գերազանցության Վիսսարիոն Պրակոֆիևիչ Աֆանասևը, աստված հոգին լուսավորի... մի օր...
Մշակների միաձայն աղաղակները ընդհատեցին նրա խոսքը, Դավիթը Սրաֆիոն Գասպարիչի խոսքերը հաղորդել էր նրանց, և այժմ աղաղակում էին «հուռռա՛ ...»:
— Դե՛հ, ուրախացեք, — գոչեց Միքայելը և դուրս վազելով գոռաց–լռի՛ր, հիմար ամբոխ...
Նախաճաշը տևեց շատ կարճ միջոց, ուտում էին ոտքի վրա կանգնած: Միքայելի տարօրինակ տրամադրությունը խլեց բոլորի ախորժակը: Անտոնինա Իվանովնան դուրս եկավ պատշգամբ, առավ Միքայելի թևը և սկսեց նրա հետ խոսել:
Հյուրերը դուրս եկան բակը:
— Տղերք, դո՛ւրս, — գոչեց Դավիթը, — այժմ պիտի տեսնեմ, ով կարող է գործի գնա...
Ամբոխը միահամուռ հետևեց նրան, դուրս եկավ փողոց:
— Գասպար ապեր, — դարձավ Դավիթը նախկին տանուտերին, — դու հին չոբան ես, այծերին ոչխարներից ջոկիր...
— Աչքիս վրա: Տղերք, էն մեծ տախտակներից երկուսը բերեք այստեղ:
Փողոցում կար մի փոքրիկ և շատ նոսր նավթային լճակ, շրջապատված հողային թմբով: Գասպարը հրամայեց հաստ ու երկայն տախտակները ձգել մի ափից մինչև մյուսը և ծայրերն ամրացնել հողով ու քարով: Գոյացավ մի կամուրջ: Գասպարն ասաց, թե մշակները, բացի թուրքերից, մեկ-մեկ պիտի անցնեն այդ կամուրջով: Ով ընկավ — հարբած է:
Կատակը շատ դուր եկավ մշակներին, որ իսկույն բարձրացրին անասելի աղաղակ:
— Դե՛հ, մեկ, երկու, երեք, — գոչեց Գասպարը զորավարի եղանակով, և առաջինն ինքն անցավ հաջող:
Սկսվեցին ծիծաղ, քրքիջ, հրումներ, ոստոստումներ, բոթոցներ, գոռում-գոչյուններ: Մեկ-մեկու հետևից մշակները զգույշ անցնում էին կամրջով: Աշխատում էին չսայթաքել, օրորվելով աջ ու ձախ: Սրանց սև պատկերներն անդրադառնում էին լճակի անշարժ մակերևույթի վրա, որպես միգային ստվերագծեր: Ժամանակ առ ժամանակ հարբածները կորցնում էին հավասարակշռությունը, երերվում լարագնացի պես և ընկնում: Սև հեղուկի թանձր շիթերը բարձրանում էին նրանց անկումից և սփռվում ափերում կանգնածների վրա:
Բոլորը ծիծաղում էին, և ամենից ավելի ընկնողները: Երբեմն այս կամ այն կատակասերն սկսում էր պարել լճակի մեջ, ինքն իրեն ծափահարելով:
— Քաշեք մի կողմ, բանը պրծած է, — հրամայում էր Գասպարը:
Ամբոխը գոռաց.
— Չուպրո՜վը, Չուպրո՜վը:
Կամրջի ծայրին հայտնվեց մի ռուս բանվոր, բարձրահասակ, լայն թիկունքով: Նա աջ ուսի վրա նստեցրել էր մի հայ բանվորի, ձախի վրա` մի լեզգի բանվորի: -Երկուսն էլ հարբած էին և գրկել էին միմյանց: Չուպրովը խլեց մեկից «հարմոնիան» և սկսեց նվագելով անցնել կամուրջով, իր կապտագույն փոքրիկ ուրախ աչքերը հառած մյուս ափին: Նրա թևերը հոլանի էին, կուրծքը բաց կարմիր շիլա շապիկը ուռել էր թեթև քամուց, նա ինքն էլ բավական հարբած էր, բայց հավասարակշռությունը պահում էր: Այնինչ, կամուրջը չէր դիմանում ծանրությանը: Չուպրովը ցած եկավ և մի քանի հսկայական քայլեր անելով լճակի մեջ, անցավ իր բեռան հետ մյուս ափը:
Ամբոխը դարձյալ բարձրացրեց աղաղակ.
— Ռասո՜ւլը, Ռասո՜ւլը...
Դա մի բարեկազմ լեզգի էր: Հասնելով կամրջի մեջտեղը, հանեց պատյանից դաշույնը և սկսեց պարել ոգևորված Չուպրովի հարմոնիայից: Սուրը փայլում էր նրա շուրջը, ծնկների տակ, գլխի վրա, այտերի մոտ: Մի վայրկյան նա կանգ առավ հոգնած, երերվեց, քիչ էր մնում ընկնի: Այդ պահին մի մեծ ձեռ բռնեց նրա ոտներից, մի ուրիշը կռնատակից և, բարձրացնելով նրան, անցկացրեց մյուս ափը:
— Մալադե՛ց Կարապետ, — գոչեց Չապրովը...
Տարբեր կրոնների, տարբեր լեզուների, տարբեր ցեղերի պատկանող այս երեք բանվորների մեջ կար մի ամենին հայտնի մտերմություն: Նրանք հռչակված էին իրենց անվախությամբ, վայելում էին բոլոր մշակների հարգանքն ու նախանձը: Գործի էին գնում միասին, վերադառնում էին միաժամանակ, բնակվում էին միևնույն սենյակում, գիշերում միևնույն թախտի վրա: Հրդեհների ժամանակ միշտ նրանց կարելի էր տեսնել ամենից առաջ, ամենավտանգավոր տեղերում: Երբ նրանք երևում էին հրդեհի վայրում, ամբոխին տիրում էր ոգևորություն, բոլորը սիրտ էին առնում: Երբ մեկը վտանգի էր ենթարկվում, մյուսներն իրենց կյանքի գնով ձգտում էին ազատել նրան կորստից: Երբ ուրախ էր մեկը, ուրախ էին և մյուսները, և ընդհակառակը: Նրանք իրարու հետ կատակներ էին անում, միմյանց ծաղրում, բայց վա՜յ այն մշակին, որ կհանդգներ նրանցից մեկին վիրավորել: Իսկույն փայլում է Ռասուլի դաշույնը, ասպարեզ էին գալիս Չուպրովի հուժկու բազուկները և Կարապետի լայն թիկունքները: Մի անգամ նրանք ընդհարվեցին հարևան հանքատիրոջ մշակների հետ և երեք հոգի քսան մարդու դիմադրեցին:
Այդ բոլորը պատմեց Դավիթ Զարգարյանն Անտոնինա Իվանովնային և պատմեց, կարծես, ոչ առանց նպատակի: Տիկինը լսում էր հետաքրքրված և... մտածում:
Ամբոխը ցրվեց: Մյուս օրն առավոտը նա կտեղավոխվի նոր կացարանները:
Դավիթը հյուրերին առաջարկեց` մյուս շինությունները ևս նայել: Դրսում սպասում էին մի քանի կառքեր: Բոլորն ընդունեցին նրա հրավերը: Բակն ու պատշգամբը դատարկվեցին:
Արդեն մի ամբողջ ժամ էր Միքայելն առիթ էր որոնում Շուշանիկի հետ առանձին տեսնվելու: Օգտվելով հյուրերի բացակայությունից, նա անցավ այն սենյակը, ուր օրիորդը մի մշակի օգնությամբ հավաքում էր սեղանը:
Նա ներս մտավ տենդային հուզման մեջ, նշան արավ մշակին հեռանալ և դռները փակեց:
Շուշանիկը ցնցվեց: Տեր աստված, էլի այդ մարդն ի՞նչ է ուզում նրանից: Նա ամոթից և երկյուղից սկսեց դողալ այնպես, որ ձեռքից բաց թողեց բաժակները և կոտրեց: Փախչե՞լ, թե՞ մնալ: Բ՛այց դռները փակ են: Էհ, թող ինչ լինելու է` լինի: Նա չպիտի վախենա, նա կարող է իրեն պաշտպանել:
Միքայելը մոտեցավ, կանգնեց դեմուդեմ, սեղանի մյուս կողմում:
— Ասեց եք խնդրեմ, — ասաց նա երերուն ձայնով, — դուք ո՞վ եք, որ մեր գործերին խառնվում եք, հը՞ը, ո՞վ եք: Դուք ի՞նչ իրավունքով եք Անտոնինա Իվանովնայի միջոցով ինձ խնդրում այս անել, այն անել մշակների համար, ըըը՞: Չլինի՞ կարծում եք, թե ես էլ ձեր սիրաձ մարդասերներից կամ դեմոկրատներից եմ: Ո՛չ, ես ատելով ատում եմ բոլոր բարեգործներին, ես ոչինչ, ոչինչ չեմ ուզում անել բանվորների համար և չեմ անիլ: Ես իմ քեֆի մարդ եմ, ուզածս եմ անում: Կամենաք հենց վաղը կհրամայեմ քանդել Սմբատի շինել տված տները և մշակներին կթողնեմ բաց օդի տակ: Այո՛, կանեմ... Կամենաք ձեր տունն էլ քանդել կտամ, այդ բոլոր հանքերն էլ կրակ կգցեմ: Ինձ համար գրոշի գին չունի մարդկանց կարծիք..,. Ի՞նչ իրավունքով եք ինձ խորհուրդներ տալիս...
— Սպասեցե՛ք, պարոն Ալիմյան, ես երբեք...
— Մի՛ կեղծեք, աստված սիրեք: Դուք Անտոնինա Իվանովնայի հետ խոսել եք: Կարելի է դուք այն էլ ասեք, թե ինձանից չե՞ք փախչում կամ Սմբատին չե՞ք սիրում: Էէ՜, ամաչո՞ւմ եք... Իսկ ես ոչինչից չեմ ամաչում, բոլորը կասեմ... Լսեցե՛ք... Դուք կամեցաք, որ ես ստորանամ — ստորացա, կամեցաք` արժանանամ ընկերներիս արհամարհանքին — արժանացա, փախչեմ հասարակությունից` փախա: Այժմ ուզում եք, որ ձեր գործակատա՞րը դառնամ: Ներեցե՛ք, չեմ կարող...
Շուշանիկը չգիտեր ինչպես պատասխանի այդ անկապ խոսքերին: Նա ուզում էր խոսել, բայց գրգռված Միքայելը չէր թույլ տալիս նրան բերանն անգամ բանալու:
— Ո՞վ եք դուք, ո՞վ է ձեր հորեղբայրը, ձեր բոլոր ընտանիքը կամ հենց ամբողջ հասարակությունն ինձ համար: -Ոչնչություն, քամի, այ, իմ նավթահորերի գազը... Ես արհամարհում եմ մարդկանց կարծիքները: Ես Միքայել Ալիմյանն եմ, հարուստ, ինքնագլուխ իշխան: Քեֆս կտա, կօգնեմ մարդկանց, չի տա — կջարդեմ ոտնատակ կանեմ: Ես ատելով ատում եմ բոլոր կանանց... Հա՜-հա՜-հա՜. «որքա՜ն զանազանություն կա ձեր և ձեր եղբոր մեջ»: Իմ և Սմբատի մեջ: Այո՛, կա: Նա խելոք է` ես հիմար, նա կրթված է` ես անկիրթ, նա բարոյական մարդ է` ես անբարոյական: Հետո, ինչ եք ուզում դրանով ասել: Բայց... բայց ես էլի ձեզ արհամարհում եմ... Հա՜-հա՜-հա՜, կոտր ընկած մի վաճառականի աղջիկ, ժամանակակից օրիորդ, գեղեցկուհի, համեստ, հրեշտակի պես հեզ, ինտելիգենտ իդեալներ երազող, հա՜-հա՜-հա՜...
Նրա ծիծաղն անբնական էր, նույնիսկ երկյուղալի Շուշանիկի համար: Նա, կարծես, զառանցում էր, չգիտեր իր ասածների միտքը: Շունչը հետզհետե սպառվում էր, մերթ նստում էր, մերթ վեր կենում, անգամ ձեռն ուժգին զարկելով սեղանին:
Նա շարունակեց նույն ուղղությամբ, նույն անկապ խոսքերով, օ՜օ, նա գիտե, այժմ Շուշանիկը ինչ է մտածում: Թող այնքան հիմար չհամարի Միքայել Ալիմյանին: Ո՞ւմ չի հայտնի, որ անվարձ կանայք այն տղամարդկանց են սիրում, որոնք «խորհրդավոր» են կամ դժբախտ, կամ քիչ են խոսում, կամ խելոք են ձևանում: Բայց բոլոր տղամարդիկ միմյանց նման են, եթե լավ ճանաչես: Ինքը` Միքայել Ալիմյանը կարող է վատ էլ լինել, լավ էլ, չար էլ, բարի էլ, վախկոտ էլ, քաջ էլ: Բոլորը կախված է հանգամանքներից: Նա րոպեի մարդ է, շատ անգամ մի բան մտածում է, անում է հակառակը:
— Հենց այն օրն էլ այդպես էի, հիշո՞ւմ եք այն օրը: Իհարկե, չեք մոռանալ: Բայց ես... ես իսկույն մոռանում եմ վիրավորանքը: Գիտեք, ես փչացած եմ, ընկած, զզվելի, ինչ կամենաք, բայց այստեղ, ա՜յ, այս կրծքի տակ զգացմունք կա, հասկանո՞ւմ եք: Ես ընդունակ եմ մի ժամում ձեզ և՛ ստորացնել և՛ բարձրացնել, և՛ տապալել, և՛ ձեր ոտների տակ տապալվել: Հասկացե՛ք այս բանը, ճանաչեցե՛ք ինձ, վերջապես: Հայրս ինձ գիժ էր համարում, բայց տեսա՜ք ես քանի՜-քանի՜ վիրավորանքներ ստացա և ինձ զսպեցի: Ես օրինավոր մարդ չեմ, էէ՜, շատ հարկավո՞րս է: Բայց, համբերեցե՛ք, մի օր ինձ համար... Ուզում էի գրազ գալ, որ դուք ինձ հաղթել չեք կարող... դուք բարոյական, ես անբարոյական...
— Ես ձեզ հետ մրցելու ո՛չ ուժ ունիմ, ո՛չ ցանկություն:
— Դուք ինձ զզվանք եք ցույց տալիս:
— Իմ զզվանքը ձեզ համար չի կարող նշանակություն ունենալ: Դուք հարուստ եք, ես աղքատ...
— Ես ձեզ խնդրում եմ հարստության և աղքատության մասին չխոսել...
— Ինչպե՞ս չխոսել, քանի որ ինքներդ մի քիչ առաջ պարծեցաք, թե հարուստ եք, ամեն բան կարող եք անել: Բա՛ց արեք դռները...
— Ես ձեզ այդ ասացի՞... Ի՞նչ է նշանակում... Ես ոչինչ չասացի, բայց կարելի է, ո՞վ գիտե... Ես այնքան գրգռված եմ, որ չգիտեմ ինչ եմ խոսում:
— Այդ երևում է: Բաց արեք դռները: Տանն ինձ սպասում է կոտր ընկած վաճառականը, անդամալույծ հայրս:
Այս խոսքերը բոլորովին զինաթափ արին Միքայելին:
— Օրիորդ, — արտասանեց նա, այժմ ինքն իր դեմ բարկանալով, — ես չգիտեի, որ ձեզ կարող է վիրավորել ամեն մի խոսք... Ներեցեք, ես ամեն մի բառ չեմ կարող մի ժամ մտածելուց հետո ասել... բերանիցս թռավ: Իսկ եթե կամենում եք ճշմարտությունն իմանալ, լսեցե՛ք. հարստությունը շատ մարդկանց է փչացնում... Երևի, այժմ կհավատաք...
— Մի՞թե, — արտասանեց Շուշանիկն աներկյուղ հեգնությամբ, — ինչո՞ւ բոլորին չի փչացնում ...
— Գիտեմ, իմ եղբոր մասին եք խոսում... Բայց դեռ վաղ է, սպասեցե՛ք, ո՞վ գիտե, ինչ կպատահի... նա դեռ նոր է փողի համն առնում... Իսկ ես արդեն զզվել եմ...
Քանի գնում` այդ մարդն անհասկանալի էր դառնում: Մերթ հանկարծ կատաղում էր ու ձայնը բարձրացնում, մերթ շփոթվում ու բառերը շփոթում: Եվ Շուշանիկը չգիտեր նրա ո՞ր խոսքին կամ տոնին հավատա, որին` ո՛չ: Միևնույն Ժամանակ, այժմ նա ակամա հետաքրքրվում էր հենց նրա անհասկանալիությամբ: Մի՞թե բոլորը, ինչ որ ասում է, կեղծ է: Կոմեդիա: Վերջապես, ի՞նչն է ստիպում այդ մարդուն խոսել այդպես: Մի փչացած մարդ, առանց խորին պատճառի այդպես չի բորբոքվիլ: Ի՞նչ է նշանակում այդ: Վիրավորված ինքնասիրությո՞ւն, սե՞ր, կի՞րք, ատելությո՞ւն, թե՞ զղջում: Կարծես, բոլորն էլ խառնվել են միմյանց: Նրա դեմքն անգամ անհասկանալի է դարձել, մերթ թվում է տգեղ ու հրող, մերթ գեղեցիկ: Իսկ այդ սպին նրա ճակատի վրա, խայտառակության այդ անշնչելի դրոշմը, կարծես, այլևս գարշ տպավորության չի անում...
Բայց այդ ի՞նչ է: Այն մարդը, որ կատաղի արտահայտում էր սրտի թույնը, այժմ բոլորովին անհասկանալի դարձավ: Թուլացած, ընկճված նստեց աթոռի վրա, նայեց մոլոր հայացքով Շուշանիկի երեսին, դրեց գլուխը սեղանի ծայրին և հեկեկում է: Այո՛, հեկեկում է, ինչպես երեխա: Այդ արդեն կոմեդիա չէ, մարդ չի կարող արհեստական կերպով այդպես արտասվել: Բայց արտասուք և Միքայել Ալիմյան — ի՜նչ հակադրություններ:
Բեռները հենած աթոռի մեջքին, աչքերը լայն բաց արած Շուշանիկն ապշած նայում էր: Եվ այն, ինչ որ տեսնում էր, թվում էր նրան երազ այնքան անբնական էր նրա աչքում:
Միքայելն արագությամբ ոտքի կանգնեց, աչքերը սրբեց: Նա բաց արավ դռները և ասաց.
— Գնացե՛ք, այսուհետև ձեզ հանգիստ կթողնեմ, գնացեք... Բայց մոռացեք բոլոր ասածներս... Հենց այնպես, հիմար էի, անքնությունից էր, հիվանդ եմ...
Եվ դարձյալ մոտենալով սեղանին, ընկղմվեց աթոռի վրա:
— Տեր աստված, — դիմավորեց Շուշանիկին Անտոնինա Իվանովնան, կառքից ցած գալով, — այսօր դուք կատարելապես հիվանդ եք: Գնանք ձեր տուն, ես ուզում եմ ձերոնց հետ ծանոթանալ: Տվե՛ք ինձ ձեր թևը...
— Իմ թևը մի՛ առնեք, արժանի չէ, — ասաց Շուշանիկը, ձեռը ցնցողաբար խլելով տիկնոջից:
Անտոնինա Իվանովնան նայեց նրա երեսին զարմացած և հետո ներքևի շուրթը սեղմեց ատամներով, գլուխը խորհրդավոր շարժելով: Նա բոլորովին սխալ հասկացավ օրիորդի հոգեկան դրությունը, սխալ և վիրավորական...
II
Անցավ երկու-երեք շաբաթ: Քաղաքում կյանքը շարունակվում էր նույն ուղղությամբ: Տիկին Մարթան գրեթե ամեն օր գալիս էր և մորը լարում հարսի դեմ: Ոսկեհատը ստեպ-ստեպ ընդհարվում էր Անտոնինա Իվանովնայի հետ: Ընդհարման առիթները շատ էին, բայց մշտականը երեխաներն էին: Մայրն աշխատում էր նրանց հեռու պահել ընտանիքի վատ ազդեցությունից, տատը ձգտում էր տիրանալ նրանց: Այստեղից առաջանում էին ընտանեկան անընդհատ փոթորիկներ, որոնց դեմ Սմբատը միանգամայն իրեն անզոր էր զգում: Մերթ մորն էր հանդիմանում, մերթ կնոջը: Երկու կողմն էլ պաշտպանում էին իրենց իրավունքերը եռանդով:
— Նա մեզ բոլորիս ատում է, ուռած ու փքված է, — ասում էր այրին, — վիզիտներ չի անում, երեխաներին տանը փակած է պահում, ոչ ոքի մոտ չի թողնում գնան: Մոտս մի բարեկամ կին գալիս, առաջը չի դուրս գալիս, մի բաժակ թեյ չի առաջարկում: Ինձ ծաղրում են ազգականներս... Ես ապրուստ չունեմ, որդի, դու էլ չունես, ձեռ քաշիր այդ կնոջից:
Անտոնինա Իվանովնան բացատրում էր իրողությունն այլ կերպ: Նա ոչ ոքի չի ատում. չի արհամարհում, պատրաստ է բոլորի հետ հաշտվել, բայց թող նրանից անկարելին չպահանջեն: Նա ունի իր հայացքները, ճաշակը, ինքնասիրությունը: Չի կարող ժամերով նստել այս ու այն անկիրթ ազգականուհու հետ, լսել նրա բամբասանքները, ինքն էլ բամբասել: Նա չգիտե նրանց հետ վարվելու, մինչև անգամ խոսելու ձևը: Նա չի ուզում իր սիրտը բացատրել այդ կանանց, որոնք ուժով ներմուծում են նրա հոգեկան աշխարհը, կամենում են իմանալ` ո՛ր ժամին է քնում, որ ժամին զարթնում, ինչ է մտածում, ո՛ւմ սիրում, ի՛նչ ատում: Պահանջում են, որ նա այցելի աննպատակ, շռայլ ընտանեկան երեկույթներն ու ճաշերը, հագնվի այնպես, ինչպես ուրիշները, սիրե այն կերակուրները, որ սիրում են ազգականուհիները, չարախոսի նրանց թշնամիներին, կեղծավորի բարեկամներին, նույնիսկ թուղթ խաղա...
— Ես ինձ վերստեղծել չեմ կարող, թեկուզ կամենամ էլ: Իմ և այդ կանանց մեջ ահագին անդունդ կա, չեմ ուզում և չեմ կարող կեղծիքով լցնել այդ անդունդը: Եվ ոչ էլ ձեր մայրն է կարող: Ուրեմն ինչու միմյանց խաբենք...
Սմբատը փախչում էր տնից` այս գանգատներից ազատվելու համար: Առավոտն իջնում էր գրասենյակ, կարգադրում էր անհրաժեշտ գործերը և անհայտանում: Ոչ ոքի չէր հաղորդում սրտի դառնությունները և անվայել էր համարում հաղորդելը: Ո՞վ կհասկանա նրա կյանքի ամբողջ դրաման` իր բոլոր նրբություններով: Միայն նա, ով համանման վիճակի մեջ է: Իսկ այսպիսի մի երկրորդը դեռ չկա ամբողջ քաղաքում: Ուրիշ տեղերում շատ կան, բայց այստեղ միակն է, թող միայն ինքն իմանա իր ցավերը:
Արշակը Զինաիդային գտնելու հույսը թողել էր և, Ալեքսեյ Իվանովիչի շնորհիվ, գտել Էլմիրային: Դա մի նորեկ կոկետուհի էր — մայրաքաղաքի հաճույքների դպրոցն անցած մի գեղեցկուհի: Մի արկածախնդիր, որ եկել էր «ոսկե քաղաքում» բախտ որոնելու: Տեսնվելով նոր սիրուհու հետ գիշերները, ցերեկները Արշակը թափառում էր հյուրանոցից հյուրանոց և ամենուրեք որոնում նորանոր զվարճություններ: Ալեքսեյ Իվանովիչի պաշարն անսպառ էր. ամեն օր իր աշակերտի համար պարզվում էր աշխարհային մի որևէ նոր գաղտնիք, ծանոթացնելով նրան «կյանքը սիրողների» ամենանուրբ և ամենահուզիչ հաճույքների հետ: Այժմ պատանին փողի պակասություն չուներ: Սմբատը տալիս էր առատ, մասամբ մոր անվերջ թախանձանքներից ու արցունքներից հարկադրված, մասամբ իր գլուխն ազատելու համար:
Իհարկե Մարութխանյանը դադարել էր Ալիմյաններին այցելել, չէ որ Միքայելը նրան «անամոթաբար» վռնդեց իր տնից: Նա այլևս այդ ընտանիքի հետ ոչինչ կապ չունի, բայց սպասիր «անպատկառ մանուկ», մի օր Մարութխանյանը ցույց կտա քեզ իր ասեղները:
Ամեն երեկո նա իր կաբինետում համարակալի վրա զանազան հաշիվներ էր անում: Հանում էր երկաթե սնդուկից ինչ-որ թղթեր, նայում ստորագրությանը, կարդում, հրճվում և հետո ծալում խնամքով ու դնում նորից իրենց տեղը, կրկնելով.
«Հիմա՜ր տղա...»:
Երբեմն կնոջից տեղեկություններ էր հարցնում Ալիմյանների ընտանեկան գործերի մասին (առևտրականը նրանցից լավ գիտեր): Հետաքրքրվում էր եղբայրների հարաբերություններով, մասնավորապես հարցնում էր Միքայելի մասին. ինչո՞ւ քաղաք չի գալիս, մի՞թե հանքային գործերն են նրան այդչափ զբաղեցնում:
— Մեջտեղ անպատճառ մի և կլինի, — ասում էր խորհրդավոր: Նա մի առանձին հաճույքով վերագրում էր Միքայելին ամենագարշ հատկանիշներ, ամենաստոր միտումներ: Մի օր Մարթան հաղորդեց, թե Անտոնինա Իվանովնան տեղափոխվում է հանքերը: Իսահակը, կանաչ-դեղնագույն աչքերն ակնոցների տակից սևեռելով կնոջ երեսին, ասաց.
— Չե՞ս տեսնում, որ մեջտեղը մի և կա:
Նա կարծում էր, որ իր կինը, չափից դուրս ատելով Անտոնինա Իվանովնային, չի խղճահարվիլ մի ամենակեղտոտ ակնարկ ընդունելու եղբոր կնոջ վերաբերմամբ: Բայց Մարթան վրդովվեց մինչև հոգու խորքն ամուսնու ակնարկից և բորբոքված գոչեց.
— Չհամարձակվե՛ս, իմ եղբայրը քեզ պես մարդ չէ՛...
— Ես ոչինչ չասացի... Ես միայն ուզում եմ, որ եղբայրդ ամուսնանա:
Եվ այդ օրից նա նույնը կրնկում էր ամեն օր, ստիպելով Մարթային, որ համոզի Միքայելին ամուսնանալ: Մի անգամ, վերջապես, կինը զարմացած հարցրեց.
— Չեմ հասկանում, ինչո՞ւ ես դու այդպես հոգս անում նրա ամուսնանալու մասին...
— Հաշիվներ ունեմ...
— Ի՞նչ հաշիվներ:
— Է՜հ մի օր կիմանաս էլի, դեռ վաղ է...
Այնինչ, Միքայելը ոչ միայն ամուսնանալու տրամադրության չուներ, այլև կյանքի սերը, կարծես, օր-օրի վրա թուլանում էր նրա մեջ: Նա գործերը ամբողջովին հանձնել էր Դավիթ Զարգարյանին, որից հաշիվ անգամ չէր ուզում ընդունել: Նա ոչ միայն քաղաք չէր գնում, շատ անգամ տնից էլ դուրս չէր գալիս:
«Ինչո՞ւ, ի՞նչ պատահեց այս մարդուն» հարցնում էր մտքում Դավիթը և պատասխանը փորձում էր կարդալ Միքայելի դեմքի վրա: Ա՜խ, նա կույր չէր և ոչ հիմար. վաղուց արդեն զգում էր, որ Միքայելը հետամուտ է Շուշանիկին, որ օրիորդը ոչ միայն չի քաջալերում նրան, այլև փախչում է նրանից: Նա մտքում գովում էր իր եղբոր աղջկա հպարտությունը, բայց միևնույն ժամանակ, վախենում էր: Միքայելը կանանց վերաբերմամբ անզուսպ է, կարող է խիստ միջոցների դիմել` մի աղքատ աղջկա անտարբերությունը պատժելու համար: Ի՜նչ ստորության ընդունակ չէ մի բարոյապես ընկած մարդ, մանավանդ, երբ ձեռքում ունի փողի պես ամենազոր միջոց: Օ՛օ, ո՛չ, ո՛չ, թող միայն համարձակվի այդ մարդը, Դավիթը կյանքը չի խնայիլ` Շուշանիկի պատիվը պաշտպանելու համար:
Следующая страница |