Շիրվանզադե Ալեքսանդր՝   Քաոս

Բայց գլխավորն այս չէ, կա ավելի լուրջ բան: Բոլոր նշաններից երևում է, որ Շուշանիկը դեպի մյուս Ալիմյանը տածում է խուլ համակրություն: Ահա վտանգավորը, ահա ինչի առաջը պիտի առնել: Ճշմարիտ է, Սմբատն ազնիվ մարդ է, Շուշանիկը խելոք աղջիկ է, բայց ո՞վ կարող է երաշխավորել նրանց զգաստության մասին, եթե հանկարծ համակրությունը փոխվի փոխադարձ սիրո: Չէ՞ որ այդ հնարավոր է. ինչ անենք, որ Սմբատը հարուստ է, Շուշանիկն աղքատ, այս տեսակ դեպքեր քի՞չ են պատահել: Պետք է զգույշ լինել, հետևել նրանց...

Դավիթն ուրախացավ, երբ Սմբատը դադարեց այցելել հանքերը: Սակայն շուտով զգաց, որ այդ ավելի է ազդում Շուշանիկի վրա: Նկատում էր, որ օրիորդն օրեցօր թառամում է, մաշվում ու մռայլվում, դառնալով, միևնույն ժամանակ ներվային, դյուրագրգիռ, որպես թոքախտավոր:

Աննան ամեն օր ասում էր.

Երեխաս մոմի պես հալվում է, աստված սիրես, Դավի՛թ, իմացիր նրա ցավը:

Մի գիշեր Աննան, անդամալույծին ջուր մատուցանելիս, լսեց մյուս սենյակից Շուշանիկի գոռոցը: Անցավ այնտեղ լամպը ձեռին, նայեց: Աղջիկը քնած էր և երազում խոսում էր: Աննան ցնցվեց, լսելով երազողի բերանից մի քանի անգամ Սմբատի անունը: Հետևյալ օրը նա տեսածը պատմեց Դավթին և կրկին թախանձեց նրան «իմանալ երեխայի ցավը»:

Շուշան, — ասաց Դավիթը նույն օրը երեկոյան` ընթրիքից հետո. — գնանք սենյակդ, ուզում եմ քեզ հետ մի բանի մասին խոսել:

Շուշանիկը կամեցավ ծալել ձեռի գիրքը և վեր կենալ: Սարզիսը ընդդիմացավ:

Չհամարձակվես, կարդա՛ մինչև քնելս...

Եվ մի ժամու չափ անդամալույծ եսամոլը տանջեց անձնվեր աղջկան, մինչև որ նիրհեց նրա քաղցրահնչյուն ձայնի օրորով:

Մտնելով օրիորդի սենյակը, Դավիթը մի հարատև, սուր ու թափանցող հայացք ձգեց նրա վրա: Եվ սկսելով հեռվից, շատ հեռվից զգուշաբար մոտեցավ էականին: Սիրող հովանավորի իրավունքով հորդորում էր Շուշանիկին խելքի գալ, դառնալ առաջվանը: Նա դատ է փոխվել... Էէ՜, մարդ ապահով չէ զանազան «ներելի և աններելի» զգացումներից երիտասարդ հասակում: Միայն Շուշանիկը չպիտի թույլ տա, որ ծնողներր անիծեն այն օրր, երբ դրվեց իրենց նյութական ապահովության հիմքը, այսինքն երբ հանքերը տեղափոխվեցին: Սմբատ Ալիմյանը շատ արժանավոր մարդ է, ո՜վ է հակառակում, նրան կարելի է սիրել, բայց...

Սպասի՛ր, — ընդհատեց Շուշանիկը, ցնցվելով, — ինչո՞ւ համար ես այդ ասում...

Դավիթը շարունակեց ավելի պարզ: Այո՛, Սմբատ Ալիմյանին կարելի է սիրել, բայց ամեն սեր պիտի որևէ արդարացուցիչ հիմք ունենա: Օօ՜, Շուշան, մի՛ ամաչիր. մի՛ կարմրիր, մի՛ ընդհատիր հորեղբորդ խոսքը: Նա գիտե, ինչ է խոսում: Ներիր, որ չի թաքցնում իր կասկածները: Երբ մեկին սիրում ես հարազատ հոր պես, պարտավոր ես նրա հետ, հարկը պահանջելիս, նույնիսկ խիստ վարվել: Լսի՛ր, Շուշան, լավ մտածիր, դու հասարակական կարծիքի հետ մաքառելու ուժ չունիս, իսկ հասարակական կարծիքը քեզ կհալածի: Ոչ ոք չի ասիլ, թե դու մի խեղճ, աղքատ մարդու աղջիկ, սիրում ես Սմբատ Ալիմյանին և ոչ նրա հարստությանը: Օօ՜, ո՛չ, մարդիկ այդպիսի դեպքերում միշտ տրամադիր են մտածելու ամենավատը, ամենագարշելին. այս արդեն նրանց հատկանիշն է...

Շուշանիկը կատարելապես տանջվում էր: Օօ՜, նա չի ուզում այդքան հոգացողության հորեղբոր կողմից: Թողեք նրան իր գաղտնի վշտերի հետ, մի՛ խառնվեք նրա հոգեկան գործերին: Տեր աստված, այս ի՞նչ փորձանք է, ինչո՞ւ է այդ մարդն այդչափ հավաստիացած խոսում նրա սիրո մասին: Նա երբեք ոչնչով չի արտահայտել Սմբատին որևէ զգացում, մինչև անգամ մտերմական խոսակցություն չի ունեցել նրա հետ: Ինչի՞ց է եզրակացնում, թե սիրում է նրան:

Կա լռություն, որ խոսքերից պերճախոս է: Շուշան, մի՛ խաբիր ինձ և քեզ: Դու այդ մարդով հափշտակված ես, վաղուց գիտեմ, դու գիշեր-ցերեկ նրա մասին ես մտածում, ինձ համար պարզ է, ինչպես այդ լամպի լույսը: Ինչո՞ւ հեռու գնանք: Այսօր պատահաբար բաց եմ անում քո կարդացած գրքերից մեկը... Ահա, սպասիր, կարծեմ հենց այստեղ է...

Նա բարձրացավ տեղից և սեղանի վրայից վերցրեց մի հաստ դիրք, որ Դիկկենսի վեպերից մեկն էր, թերթեց...

Նայիր, — շարունակեց, գիրքը դնելով օրիորդի առջև, — դու ընդգծել ես այս տողերը: Նայիր մյուս երեսը, այդ ո՞ւմ անունն է գրված լուսանցքների վրա մատիտով: Այս արդեն բավական պարզում է քո տրամադրությունն առանց քո կամքի: Բայց մտածի՛ր, Շուշան, ի՞նչ հետևանք կարող է ունենալ մի սեր` ազատ աղջկա և ամուսնացած տղամարդի մեջ: Դու կդժբախտանաս, իսկ ես այդ չեմ ուզում: Դու խելոք ես, զարգացած, լավ սիրտ ունիս... Պարծենալով կարող եմ ասել, որ դու իմ աշակերտուհին ես...

Յոթ տարի աշխատել է նրանից պատրաստել մի օրինակելի աղջիկ: Առաջին հոգսն է եղել սովորեցնել համբերությամբ տանելու կյանքի տառապանքները: Ձգտել է ներշնչել նրան սեր դեպի մերձավորները, հեզություն, սովորեցրել է սիրել կյանքն իր ամենամռայլ գույներով անգամ: Եվ համոզված էր, որ նա, վերջապես, հասել է նպատակին: Այժմ մի՞թե Շուշանիկը թույլ կտա նրան կարծելու, թե այդ համեստ կերպարանքի տակ թաքնված են հանդուգն ձգտումներ:

Նա կանգ առավ: Նրա նիհար ու երկայն մատները ցնցողաբար թերթում էին գիրքը: Վաղաժամ թառամած դեմքի վրա հայտնվեց մի նոր, տակավին Շուշանիկին անծանոթ մռայլ գիծ: Ներվային արագ շարժումով դեն շպրտեց գիրքր, կոր մեջքն ուղղեց և երերվող ձայնով շարունակեց: Թող չկարծի Շուշանիկը, թե նրա հորեղբայրը դեմ է առհասարակ սիրո զգացմանը: Ո՛չ, նա էլ քիչ թե շատ հասկանում է ու զգում: Նրա սիրտը մարմնի պես չոր չէ: Երբեմն այդ սիրտը բաբախել է: Եվ եթե այսօր այսպես նա ընկճված է, պատճառը հենց սերն է... դժբախտ սերը: Նա մի խեղճ վարժապետ էր Թիֆլիսում, դաս էր տալիս մի հարուստ վաճառականի երեխաներին: Դա մի կոպիտ բռնակալ էր ընտանեկան կյանքում: Առաջին կնոջը թաղելուց մի տարի անցած ամուսնացել էր մի թարմ օրիորդի հետ, որի ծնողներր շատ աղքատ էին: Դավիթը, հենց առաջին տեսնելուց, թույլ տվեց իրեն աններելի տկարություն: Տիկինն անտարբեր էր կամ գուցե այդպես էր ձևանում: Դավիթը հափշտակվեց, երևակայեց աններելի բաներ, հետո անգիտակցաբար նրա մեջ զարգացավ մի անհավասար սեր, գուցե ճիշտ այնպիսին, ինչպես ներկա դեպքում... Եվ դժբախտացավ:

Շուշա՛ն, սիրելը լավ է, բայց երբ չեն սիրվում, այդ է վատը: Սմբատ Ալիմյանը քեզ սիրել չի կարող, որովհետև նրա սիրտը պատկանում է իր զավակներին: Նա ազնիվ մարդ է, քեզ չի մոլորեցնիլ...

Այլևս Շուշանիկը չկարողացավ իրեն զսպել: Հորեղբոր խոսքերն արտահայտում էին այն, ինչ որ ինքը ևս զգում էր: Բողոքելով ձեռների բացասական շարժումներով, թույլ ճիչով ու ջղաձգական ցնցումներով, նա, միևնույն ժամանակ, չէր կարողանում հերքել իր սերր դեպի Սմբատ Ալիմյանը, որովհետև չգիտեր ստել ու կեղծել: Նրա կոկորդի երակները փքվեցին, կուրծքն ուռավ, բարձրացավ: Չդիմացավ բուռն զգացումներին, որ արձագանք էին տալիս հորեղբոր անսքող խոսքերին, թուլացավ, ընկղմվեց գահավորակի վրա: Գլուխը դրեց ասեղնագործ բարձիկին և հեկեկաց այնպես, որպես երբեք չէր հեկեկել:

Դավիթը խղճաց նրան, մոտեցավ, բռնեց ձեռներից: Ինչո՞ւ այդպես շուտ և այդպես անզգույշ դիպավ ամոթխած աղջկա սրտի նվիրական զգացմանը: Շուշանիկի հեկեկանքը փոխվեց հիստերիկայի: Այժմ նրա աչքերից արցունքներ չէին գալիս, չոր հեծկլտանքը խեղդում էր կոկորդը: Շրթունքները կապտել էին, այտերը կարմրել, աչքերն արյունով լցվել...

Բավական է, բավական է, երեխա չես, — հանգստացնում էր Դավիթը,

Ներս մտավ տիկին Աննան: Մյուս սենյակում անքուն սպասել էր եղբոր բացատրության հետևանքն իմանալու: Գրկեց Շուշանիկի գլուխն ու արտասվեց: Միամի՜տ կին. նա կարծում էր, թե դստեր վշտի պատճառր Միքայել Ալիմյանն է...

Այդ օրից հետո Շուշանիկը լուսնոտի պես չէր շրջում սենյակից-սենյակ, չէր հառաչում այնքան տխուր ու ցածր: Աշխատում էր միայն չհանդիպել հորեղբորը ամոթից: Նա սկսեց դարձյալ պարապել տնային գործերով նախկին եռանդով: Ձգտում էր նորից գրավել հոր սիրտը, որ վերջին ժամանակ բավական սառել էր դեպի անձնվեր աղջիկը: Սակայն այդ արդեն այնքան էլ դյուրին չէր:

Օր չէր անցնում, որ Սարգիսր չանիծեր աղջկան: Նա կրկնում էր, թե Շուշանիկը խոսք է կապել մոր, հորեղբոր ու հորաքրոջ հետ` կամաց-կամաց սպանելու հարազատ հորը, ինչպես բոլորի, նույնպես և Շուշանիկի յուրաքանչյուր քայլին վերաբերվում էր կասկածով: Երբեմն հրաժարվում էր կերակուր ճաշակելուց, ասելով, թե դեղած է: Հայհոյում էր բոլորին ամենաանվայել հիշոցներով, հիշոցներ, որ խեղճ աղջկա ամոթխածությունը վիրավորում էին և ստիպում նրան, երեսր ծածկելով, փախչել դուրս:

Մի առավոտ Սարգիսը քնից զարթնեց կանուխ, բարձրաձայն գոռալով: Նա սոսկալի երազ էր տեսել: Իբր թե բակում, ահա այն երկու երկաթե ամբարների մեջտեղում, վառել էին մի մեծ խարույկ: Դավիթր կապկապել էր նրան և, տնեցիների օգնությամբ, տանում էր, որ ձգի նրան խարույկի վրա, այրի:

Հեռացե՛ք աչքիցս, հեռացե՛ք, — գոչեց նա, ցույց տալով երկաթե ամբարներր, որ կանգնում էին հուժկու ժայռերի պես:

Այդ օրից միշտ կրկնում էր նույնը, միշտ սոսկալով ցույց տալով գմբեթաձև նավթամբարները, որոնք հալածում էին նրան, որպես չար երազի մարմնացում: Վերջապես, նրա թախտը տեղափոխեցին: Այժմ այլևս չէր տեսնում սարսափի առարկան: Սակայն պարզ օրերին, իրիկնադեմին նրա դիմացի պատի վրա, նկատվում էր մի լայն ստվեր սուր ծայրով, հետո երկրորդը, և հանդարտ, դանդաղ սահում էին առաջ:

էլի եկան, անիծվածները, — գոռում էր Սարգիսը, գլուխը ծածկելով վերմակով:

Նա սարսափում էր նավթամբարների ստվերներից անգամ: Նա վախենում էր շոգու աղմուկից, մեքենաների դղրդյունից, շվիկների սուլոցներից, նավթի խշշյուններից:

Դժոխք է, դժոխք, — գոչում էր նա, — այստեղ դևեր են ապրում...

Նայելով անդամալույծի պլշած աչքերին, Շուշանիկը նրանց մեջ պարզ տեսնում էր խելքի պղտորում: Նա վախեցած փախչում էր յուր սենյակը և այնտեղ աշխատում ընթերցանության մեջ խեղդել սոսկալի մտորումները: Բայց քայքայված հոգեկան հանգիստը չէր վերականգնվում, և նրա պայծառ ճակատի վրա վիշտը փորում էր վաղաժամ ակոսները:

Մի երեկո Դավիթը նրան կանչեց գրասենյակ և ասաց, թե քաղաքից Անտոնինա Իվանովնան ուզում է խոսել նրա հետ: Նա առավ տելեֆոնի փողը, դրեց ականջին:

Այդ դու՞ք եք, օրիորդ, — ճանաչեց նա տիկնոջ ձայնը:

Ես եմ:

Խնդրեմ վաղը գաք քաղաք ինձ մոտ, կարևոր գործ ունիմ:

Չեմ կարող, տիկին, վախենում եմ հորս մենակ թողնել: Նա միայն ինձ տեսնելիս է հանգստանում:

Աղաչում եմ, գոնե մի ժամով եկեք, եթե մի փոքր հարգում եք ինձ:

Ճար չկար, Շուշանիկն այլևս չկարողացավ մերժել:

Հետևյալ օրը նա առավոտը գնաց երկաթուղով քաղաք մի մեքենավարի օգնությամբ: Առաջին անգամ ոտ դնելով Ալիմյանների տունը, օրիորդը շփոթվեց, այլայլվեց: Նա վախենում էր հանդեպել Սմբատին և բարեբախտաբար չհանդիպեց:

Սիրելի՛ս, — դիմավորեց նրան Անտոնինա Իվանովնան յուր բնակարանում, — շատ շնորհակալ եմ, որ եկաք: Ես կամենում եմ ձեզ հետ խոսել մի ձեռնարկության մասին:

Նա ասաց, թե Միքայելից իրավունք է ստացել մշակների համար բանալ մի գրադարան-ընթերցարան, նաև հիմնել իրիկնային կուրսեր անգրագետ չափահասների համար: Կուրսերի համար թույլտվություն պիտի ձեռք բերել, իսկ գրադարանի մասին պիտի հոգալ հենց այժմ: Գործը բավական մեծ է, իսկ ինքը մենակ, խնդրում է Շուշանիկին օգնել իրեն:

Ուրախությամբ կօգնեմ, ինչով կարող եմ, — հանձն առավ Շուշանիկը:

Ես արդեն կազմել եմ ռուսերեն գրքերի ու լրագրերի ցուցակը: Իսկ դուք կազմեցեք հայերեն գրքերինն ու լրագրերինը: Դուք, իհարկե, գիտեք, թե ինչ գրքեր են հարմար հասարակ ամբոխի ընթերցանության համար: Կարո՞ղ եք:

Կփորձեմ հորեղբորս օգնությամբ:

Այո՛, շատ լավ, ձեր հորեղբայրը հասկացող մարդու է նման: Նա կարծեմ, ժողովրդական ուսուցիչ է եղել, չէ՞:

Այո՛:

Այդ շատ լավ է, շատ լավ: Նա կհասկանա ժողովրդի մտավոր և բարոյական պահանջները:

Նա առաջարկեց Շուշանիկին կակաո, շարունակ ոգևորված խոսելով յուր ձեռնարկության մասին: Թախանձեց օրիորդին մնալ ճաշին: Բայց Շուշանիկի հոգին ձգտում էր հանքերը, մերժեց և տիկնոջ աղախնի ուղեկցությամբ շտապեց երկաթուղու կայարանը:

Անտոնինա Իվանովնան շատ ուրախ էր, որ Շուշանիկը հանձն առավ յուր օգնականը լինելու: Նա հույսով էր, թե աղջիկը կդառնա յուր անկեղծ բարեկամուհին: Ախ, ի՜նչ համակրելի և խելոք դեմք ունի, երևում է, որ մտածող ու զարգացած աղջիկ է: Ի՜նչ անսպասելի գյուտ ասիական երկրում:

Նա այնքան ոգևորված էր, այնքան տրամադիր ներողամիտ և անհիշաչար լինելու, որ երեկոյան առաջին անգամ Սմբատին խոսք ավեց մյուս օրը գնալու նրա մի ազգականի տունը հյուր: Այդ ազգականը այրի Ոսկեհատի հորեղբոր որդին էր: Մի խոշոր վաճառական, որ Պարսկաստանի հետ բամբակի և գորգերի առևտուր ուներ: Ամեն տարի նա տալիս էր շքեղ տոնախմբություն յուր միակ աղջկա ծննդյան տարեդարձի պատվին:

Հետևյալ օրը երկու ժամին տիկինը Սմբատի հետ մտավ մի ընդարձակ հյուրասենյակ, որ կահավորված էր ամենայն շռայլությամբ: Այստեղ ամեն ինչ կար, բացի ճաշակից ու նրբությունից: Արդեն հավաքվել էին բավական թվով հյուրեր, և շարունակ գալիս էին նորերը: Սմբատը ներկայացրեց ամուսնուն բոլորին, որ մեծ մասամբ նրա ազգականներն ու ազգականուհիներն էին: Շուտով Անտոնինա Իվանովնան շրջապատվեց հետաքրքիր տիկինների ու օրիորդների մի խմբով: Սկսեցին կշտամբել իրանց «հարսին», որ ճգնավորի կյանք է վարում, ոչ մի տեղ չի երևում, «մարդու տեղ չի դնում» ազգականներին: Անտոնինա Իվանովնան պաշտպանվում էր, որքան կարող էր: Այս անծանոթ շրջանում, ուր խորին ասիական տարազների հետ խառնվել էին եվրոպական վերջին տարազի զգեստները, նա զգում էր իրան մի տեսակ քաոսի մեջ: Չգիտեր ինչ խոսեր, ինչպես պահեր իրեն, ինչով հետաքրքրեր իրան զբաղեցնողներին:

Փոքր առ փոքր շրջապատողները հեռացան: Նա մնաց մենակ: Նա այնքան նրբազգաց էր դարձել, որ իսկույն գուշակեց, թե կանայք խումբ-խումբ հավաքված, յուր մասին են խոսում: Տանտիրուհին, որ երեսուն տարեկան հասակումն էր միայն ասիական տարազը եվրոպականի փոխել, քննադատում էր նրա հագուստն իսկ և գտնում «շատ հասարակ»: Մյուսները սրախոսում էին նրա տարիքի, հասակի, աչքերի ու մազերի գույնի մասին: Կային և պաշտպանողներ, բայց նրանց ձայները խլանում էին մեծամասնության կարծիքների մեջ:

Քի՞չ աղջիկ մեր քաղաքում, մեր մեջ, — ասում էր մեկը:

Սմբատն էր, է՜լի, իրեն անբախտացրեց, — ասում էր մյուսը:

Ծնողներն են մեղավոր, ինչո՞ւ երեխա հասակում տարան գցեցին օտար երկիր:

Ամեն բան մոռացավ, անուն, պատիվ, ազգ, հավատ... խայտառակեց իրեն էլ, մեզ էլ...

Անտոնինա Իվանովնան տխրում էր: Ահագին բազմության մեջ զգում էր իրան մենակ և օտար...

Նայեցեք, — գանգատվեց նա Սմբատին, շշնջալով, — կարծես, ես վայրենի եմ դրանց մեջ: Տեսեք, ինչ խորթ աչքով են նայում: Բոլորի, բոլորի դեմքերն արտահայտում են կամ արհամարհանք, կամ ներողամտություն: Հավատացեք, ես ոչ ոքի չեմ մեղադրում, բայց ինչո՞ւ, ինչո՞ւ ինձանից պահանջում եք, որ այդ խորթությունը ես մարսեմ: Դրանք ինձ հետ երբեք չեն հաշտվիլ, ինչպե՞ս հաշտվեմ ես...

Տգետ են, ներողամիտ եղեք:

Գիտեմ, բայց չեմ կարողանում, ոչ, չեմ կարողանում... թույլ տվեք ինձ հեռանալ... շնորհավորեցի տոնը, բավական է, ճաշի մնալ չեմ կարող:

Ես ձեզ ստիպելու իրավունք չունեմ...

Անտոնինա Իվանովնան ոչ մի թախանձանքի չզիջեց, հրաժեշտ տվեց: Դուրս գալով փողոց, նա կրծքի խորքից արձակեց երկարատև մի հառաչանք: Կարծես, սուղ ու ծանր մթնոլորտից ազատվեց:

Եվ իրավ, սուղ ու ծանր էր նրա համար խորթ շրջանի մթնոլորտը: Սուղ, ինչպես դրսում, նույնպես և տանը:

Հետևյալ օրը նա տելեֆոնով Միքայելին խնդրեց յուր համար հանքերում պատրաստել բնակարան երկու կամ երեք սենյակից: Նա վճռեց տեղափոխվել երեխաների հետ հանքերը: Սմբատը չհակառակեց:

Միքայելը յուր բնակարանը դատարկեց, մաքրել և նորից կահավորել տվեց, իսկ ինքը տեղավախվեց նոր կառուցված կացարաններից մեկը:

Մի շաբաթ անցած Անտոնինա Իվանովնան երեխաների ու աղախնի հետ գնաց հանքերը:

Շուշանիկն ուրախացավ: Եվ այդ օրից նրա ու տիկնոջ մեջ առաջացավ բարեկամություն: Նրանք ամբողջ ժամերով խոսում էին ու խորհրդակցում տիկնոջ ձեռնարկությունների մասին: Քանդում էին, շինում, օգնում էին, աշխատում, մտածում, զգում ու ապրում: Երբեմն խոսում էին իրանց անձնականի մասին: Տիկինը սիրում էր պատմել յուր ուսանողական կյանքից (նա երեք տարի եղել էր Բեստուժյան կուրսերի հաճախորդ): Ախ, երանելի ժամանակներ, որ անցաք, գնացիք, ձեզ հետ տանելով ամենավառ հույսեր: Բայց փույթ չէ. Անտոնինան կաշխատի կորուստը վերադարձնել այժմ, այսուհետև:

Շուշանիկը լսում էր լուռ և ուշադիր: Հաճելի էր Անտոնինա Իվանովնային նրա հետաքրքրությունը: Թվում էր նրան, որ յուր զրույցներով ներգործում է մի դեռևս չկազմակերպված հոգու վրա և տալիս նրան յուր ցանկացած ուղղությունը:

Շուշանիկը հարգում էր նրա խելքը, կամքի ուժը, կրթությունը, զարգացումը, բայց մտերմանալ... ոչ... դեռ չէր կարողանում: Եվ ինչպե՞ս, ի՞նչ իրավունքով մտերմանալ: Երբեմն նա խղճում էր տիկնոջը, որ չի սիրվում ամուսնուց: Ինչո՞ւ արդյոք, կրթված մայր, առաքինի կին, ոչ տգեղ, ոչ հակակրելի, ոչ ծերմի՞թե կարող էր կյանքի ավելի լավ ընկերուհի ունենալ Սմբատ Ալիմյանը: Ա՜խ, չլինի թե այդ մարդու արտաքին շիտակության տակ թաքնված է վատ հոգի:

Մի օր անսպասելի ներս մտավ Սմբատը: Եկել էր երեխաներին քաղաք տանելու: Մյուս օրը ծաղկազարդ էր, Ոսկեհատը պահանջել էր, որ առավոտը թոռները եկեղեցի գնան:

Անտոնինա Իվանովնան չհակառակեց, թող տանեն, ո՛ր եկեղեցին ուզում են, միևնույնն է:

Տեսնելով կնոջ սեղանի վրա մի հայերեն ձեռնարկ, Սմբատը վերցրեց թերթեց, նայելով Շուշանիկին, և հասկացավ, որ օրիորդը դաս էր տալիս Անտոնինա Իվանովնային: Ոչինչ չասաց. միայն դառն հեգնության ժպիտն աղավաղեց նրա դեմքը:

Հետևյալ օրը երեխաներին հետ բերեց այն միջոցին, երբ դարձյալ Շուշանիկը տիկնոջ մոտ էր: Օրիորդը կամեցավ հեռանալ: Տիկինը չթողեց: Օրիորդն սկսեց խաղալ երեխաների հետ: Սմբատը գաղտնի դիտում էր նրան: Ա՛խ, որքա՛ն նրա հեզ կերպարանքը ներդաշնակում է այդ անմեղ զույգին: Ինչո՞ւ նա չէ նրանց մայրը, նա, որ արյունով ու հոգով մի է Սմբատի հետ:

Եվ այս մտածելով Սմբատը չէր կարողանում հայացքը հեռացնել Շուշանիկից: Նա ակամա հառաչեց, հիշելով քեռու խոսքը. «ճիպոտդ քոլիցդ պետք է կտրեիր»...

Վերջին ժամանակ նրա մեջ սկսել էր մի նոր հոգեկան փոփոխություն: Արդեն զգում էր, որ շարունակել ապրել այնպես, ինչպես ապրում է, անկարելի է, ամոթալի: Մի՞թե նա պիտի թույլ տա իրեն աստիճանաբար ընկնել ու ընկնել մինչև անդունդ: Կյանքի ուղին ոտների տակ դառնում է լպրծուն: Մոռանա՞լ հայրական կտակըոչ, մոր վշտերըոչ, եղբայրական պարտականություններըոչ, զավակների՞նմանավանդ ոչ: Պետք է ուրեմն կանգ առնել և լուրջ խորհել: Մի՞թե գտավ որևէ սփոփանք այս հյուրանոցային արբեցուցիչ մթնոլորտում: Այդ շռայլ սեղանները, անքուն գիշերները, ըմպելիքների սուր հոտը, բացի րոպեական թմրությունից, պարգևեցի՞ն նրա հոգուն որոնած անդորրությունը: Իհարկե ոչ: Նրա վիշտն անսպառ լավա է. արհեստական պատնեշնե՞րը պիտի կապեն նրա հոսանքը: Հեռո՜ւ, տկարամտություն. նա չի ուզում վերջապես կործանվել մի սխալի պատճառով: Թող այս քաղաքում լինի նրա դրությունը բացառիկ, իսկ ուրիշ տեղերում քանի-քանի մարդիկ կան նրա նման: Ինչո՞ւ նրանք հաշտվել են իրանց սխալի հետ, եթե միայն զգում են այդպիսի մի սխալի հոգեբանական ծանրությունը: Նա, որ աշխատում էր յուր եղբայրներին բարոյական կորստից ազատել, ի՞նքը պիտի կորչի: Նա՞, որ ոչ Արշակի պես պատանի է, ոչ Միքայելի պես անզուսպ: Օ, ոչ, պետք է սթափվե...

Նա տեսնում էր, որ Միքայելը, որին անդառնալի կորած էր համարել հոգու խորքում, օրեցօր դառնում է լրջամիտ. երես դարձնելով քաղաքային կյանքից, կարծես, խորասուզվել է ինքն յուր մեջ և այնտեղ մաքրվում յուր անցյալ կեղտերից: Ո՞վ է պատճան այդ արմատական փոփոխության: Իհարկե, ոչ յուր խրատներն ու քարոզները, այլ ուրիշ, ավելի զորավոր բան: Եվ մի ներքին ձայն նրան ներշնչում էր` «Շուշանիկը»:

Իսկապես Սմբատը մի լուրջ փաստ չուներ, թե կա Միքայելի սրտում սիրո զգացում դեպի այդ աղջիկը, բայց դարձյալ համոզված էր, որ կա: Է՜է, թող լինի. կնշանակե այն, ինչ որ նրա մեջ ապականել են ուրիշ կանայք, դարմանում և առողջացնում է մի համեստ աղջկա հրապույրը: Հարկավ պիտի ուրախանալ, որ ախտավոր եղբայրը բարոյապես բուժվում է: Բայց ինչո՞ւ դարձյալ մի անմիտ նախանձի զգացում հանգիստ չի թողնում նրան: Միթե ներելի է նախանձել հարազատ եղբորը, միթե առհասարակ վայե՞լ է նախանձը կրթված մարդուն: Թող սիրեն միմյանց, եթե միայն սիրում են. նա պիտի ուրախանա, պարտավոր է ուրախանալ: Չէ՞ որ նրա համար ամեն ինչ վերջացած է, և մնում է միայն միշտ կրկնել յուր քեռու խորհրդավոր խոսքը.

Ինչո՞ւ ճիպոտդ քոլիցդ չկտրեցիր...

III

Սմբատ Ալիմյանը որքան ևս նախապաշարումներից ու սնահավատությունից զերծ լիներ, ուներ նախազգացումներ, որոնց կամա-ակամա հավատում էր: Երբ նրան հանկարծ տիրում էր տխրություն, գիտեր, որ իրեն սպասում է որևէ ուրախալի լուր: Ընդհակառակն, երբ զգում էր հոգեկան թեթևություն, գուշակում էր, որ իրեն սպառնում է որևէ անախորժ բան:

Այն օրը հանկարծ նրան պաշարեց ուրախություն: Նա երգում էր, շվացնում, մոռացած մշտական վիշտը: Նա խմեց մի բաժակ սուրճ, հանդիմանեց մորը, որ միշտ, ձեռները կրծքին դարսած, տխուր ու մռայլ, ուրիշներին էլ տխրեցնում է: Նույն տրամադրությամբ իջավ գրասենյակ: Այնտեղ արդեն բոլոր ծառայողները հավաքվել էին, իսկ յուր սենյակում սպասում էին մի քանի այցելուներ: Նա կարդադրեց սովորական գործերը. ճանապարհ դրեց այցելուներին, ուրախացավ, երբ լսեց, որ նավթի գինը կես կոպեկ փթին ավելացել է: Նա հաշվեց, որ եթե գործերն այսպես ընթանան, կարող է հորերի թիվը կրկնապատկել, երեք միլիոնը դարձնել տասը-տասնհինգ միլիոն: Զգաց փողի արժեքն ավելի, քան երբևէ զգացել էր, ամաչեց յուր նախկին «երեխայական գաղափարներից»: Նա նույն տրամադրությամբ կամեցավ դուրս գալ, մի քիչ զբոսնել: Հանկարծ ներս մտավ Իսահակ Մարութխանյանը, այն մարդը, որ երեքչորս ամիս էր` երես էր դարձրել Ալիմյաններից:

Ներեցեք, Սմբատ Մարկիչ, — լուրջ ու հանդիսավոր եղանակով ասաց անսպասելի հյուրը, — ես ձեզ հետ մի շատ կարևոր գործ ունիմ:

— «Մի շատ կարևոր գործ, — ուրիշ կերպ էլ չէր կարող կարծել Սմբատը: Անկասկած շարժառիթը շատ մեծ է, որ այդ մարդուն դրդել է գալու: Իսահակը նայեց շուրջը, հավաստիանալու համար, արդյոք, երրորդ անձ ներկա չէ՞: Մոտեցավ միջին դռներին, հարցնելով.

Կարելի՞ է փակել բանալիով:

Բայց ինչո՞ւ:

Անհրաժեշտ է:

Սմբատը ձեռքով նշան արավ նրան նստելու: Ինքն էլ նստեց:

Գիտե՞ք ինչ, Սմբատ Մարկիչ, — սկսեց հյուրը, ձեռնոցները հանելով, — դուք պետք է սառնասիրտ լինեք, համբերությամբ լսեք ինձ:

Որքան նա ինքը սառն լիներ, այնուամենայնիվ բարակ ու պաղ ձայնի մեջ զգացվում էր ինչ-որ անսովոր հուզում:

Ի՞նչ եք կամենում, կարճ ասացեք, — գոչեց Սմբատը անհամբեր:

Դուք դիտեք, որ Իսահակ Մարութխանյանը երկար խոսել չի սիրում: Եկել եմ իմանալու, ձեր եղբայրը Միխայիլ Մարկիչը ե՞րբ պիտի վճարի իմ փողերը:

Ձեր փողե՞րը...

Իմ հալալ փողերը: Հերիք է, որքան սպասեցի: Ասենք, մի բան չեմ կորցնում, տոկոսներն ավելանում են, բայց վերջապես, ե՞րբ պետք է տա պարտքը...

Ի՞նչ պարտք, չեմ հասկանում:

Չե՞ք հասկանամ, — զարմացավ Իսահակն այնքան ճարպիկ, որ դժվար էր կեղծիքը զգալ, — միթե ձեզ չի՞ էլ ասել, զարմանալի է, շատ զարմանալի, մարդ մոտ կես միլիոն պարտք ունենա և հարազատ եղբորից թաքցնի՞, այն էլ մեծ եղբորից: Իմ արևը, Միխայիլ Մարկիչը շատ բախտավոր մարդ է... Իսկ ես, խեղճ, երբ մի քանի ռուբլի պարտք եմ ունենում, գիշերները քունս չի տանում:

Կես միլիո՜ն... Սմբատը նայեց հյուրի կանաչ-դեղնագուչն աչքերին, որ ակնոցների տակից ժպտում էին անզսպելի չարախնդությամբ, արդյոք այդ մարդը չի՞ խելագարվել: Բայց խելագարության ոչ մի նշույլ. ընդհակառակը, երբեք Մարութխանյանի դեմքն այնքան խորամանկ չէր թվացել Սմբատին, որքան աչժմ:

Կես միլիո՜ն, — կրկնեց Սմբատը, — գիտեք, մենք միմյանց հետ հանաք չենք կարող անել այն օրից հետո, երբ դուք...

Աստված հեռու տանի, — ընդհատեց հյուրը, — ես իսկի հանաք չեմ անում: Միխաչիլ Մարկիչ Ալիմովը մասնավոր պարտաթղթերով ինձ, Իսահակ Սեմյոնովիչ Մարութխանովիս, պարտական է երեք հարյուր քսան հազար ռուբլի: Տոկոսներն էլ վրեն գանք, կանի մոտ կես միլիոն կամ մի բան էլ ավելի: — Ես հենց մտքումս ասում էի, Սմբատ Մարկիչը չի հավատալ խոսքիս, կզարմանա: Անունս վատ է դուրս եկել ձեզ մոտ, գիտեմ: Բայց խնդրեմ այս երեկո շնորհ բերեք չային մեր տուն, ցույց կտամ պարտաթղթերը;

Երևի, էլի այնպիսի մի թուղթ, ինչպես ձեր խարդախած կոնտր-կտակը...

Սմբատ Մարկիչ, այդ ձեր եղբոր գործն էր: Բայց այս երեկո, հենց այս երեկո, կտեսնեք ձեր աչքով: Միխայիլ Սարկիչին էլ բերեքեթե ինքը յուր բերանով չխոստովանի, այն ժամանակ թեկուզ երեսիս թքեցեք: Սպասե՞մ այս երեկո:

Բավական է, ես ժամանակ չունեմ կոմեդիա խաղալու...

Այս ասելով` Սմբատը ոտքի կանգնեց: Մարութխանյանը ձեռնոցը հանդարտ ձգեց գլխարկի մեջ, որ դրած էր սեղանի վրա, հանեց ծոցի գրպանից մի ծրար, դուրս բերեց այնտեղից մի քառածալ հասարակ թուղթ: Բաց արավ թուղթը, պահեց Սմբատի առջև` ասելով.

Կարդացե՛ք...

Սմբատը կարդաց. զննեց եղբոր ստորագրությունը: Այս մեկ թղթով պարտքի գումարը երեսուն հազար էր առանց տոկոսների:

Նա որոնեց գրասեղանի դարանները, գտավ Միքայելի հին մուրհակներից մեկը, համեմատեց ստորագրությունը և ակամա արտասանեց.

Այո՛, կարծես Միքայելի ձեռն է:

Կարծելու բան չկա, հաստատ է, — ասաց Մարութխանյանը թուղթը հետ առնելով հանդարտ և դնելով ծոցի գրպանը:

Բայց կեղծած է, — ավելացրեց Սմբատը, — Միքայելը ձեզ ոչինչ պարտ չէ:

է՜հ, որ այդպես է, ուրեմն դատարանը ցույ կտա: Ուզո՞ւմ եք իմանալ, թե ինչպես են գոյացել այս պարտքերը:

Պատմեցե՛ք, — ասաց Սմբատը, նստելով և թիկն տալով բազկաթոռին: -Սուտ պատմվածքն էլ ունի իր որոշ գեղեցկությունը:

Սրանից վեց տարի առաջ Միքայելը հափշտակվում է մի ծովային սպայի գեղեցկուհի կնոջով: Այդ կինը գցում է նրան յուր ցանցերի մեջ: Միքայելն սկսում է պարտքեր անել գեղեցկուհուն հագցնելու համար: Դիմում է Մարութխանյանին: Ուրիշ «ո՞ր հիմարը» նրան պիտի հավատար այդքան փող: Գեղեցկուհին խոստանում է Միքայելին փախչել նրա հետ արտասահման: Մարութխանյանը նրանց տալիս է ճանապարհածախս և երկու տարվա ապրուստի փող: Այս բոլոր պարտքերը տալիս է, Մարկոս աղայի մահից հետո ստանալու պայմանով: Ի՜նչ անպիտանություն որդու կողմից, այնպես չէ՞: Գեղեցկուհին խաբում է Միքայելին, փողերն առնում ձեռքից ու... մի ուրիշի հետ փախչում Ֆինլանդիա: Այս մեկ... Հետո, մի տարի անցած, ասպարեզ է գալիս ուրիշ գեղեցկուհիմի ինչ-որ կոմիսիոների կին: Դա նույնպես բավական «քամում է խելոքի գրպանը»: Իսկ խելոքը միշտ դիմում է փեսային: Տե՜ր աստված, այժմ էլ Իսահակը հիշում է, թե ինչպես էր աղաչում Միքայելը, ինչպես էր լալիս: Այնուհետև մեռնում է Մարկոս աղան, Միքայելը ձեռ չի քաչում փեսայից և հին պարտքերը տալու տեղ, նոր պարտքեր է անում... Ահա ամբողջ պատմությունը երեք հարյուր քսան հազար ռուբլու...

Բավական է, — գոչեց Սմբատը, հուզված ոտքի կանգնելով, — դուք երևելի դարվիշ եք, ձեր ֆանտազիան խիստ հարուստ է: Այդ բոլորը, ինչ որ պատմեցիք, ինքներդ եք հնարել:

Կարճ ասացեք, ուզո՞ւմ եք փողերս տալ, թե` չէ:

Ո՛չ:

Մարութխանյանը վեր կացավ տեղից, հեգնական ժպիտը կարմրախայտ երեսին ու հաստլիկ շրթունքների վրա: Նա չկարողացավ Սմբատին համոզել խոսքով, կհամոզի դատարանի միջոցով: էքսպերտները չեն կարող չվավերացնել պարտաթղթերի իսկությունը. ինքը Միքայելը նույնպես չի հրաժարվում յուր ստորագրությունից. այս մասին նա ապահով էր: Բայց, այնուամենայնիվ, չէր կամենալ գործը դատարանը գցել: Ով գիտե, ինչ կարող է պատահել:

Նեղություն քաշեք, տելեֆոնով հայտնեցեք Միքայել Մարկիչին, որ այս երեկո գա քաղաք: Կգաք մոտսլավ, չեք գալ, դուք եք իմանում: Ցտեսության:

Նա դուրս եկավ այնքան հանգիստ, որքան հանգիստ ներս էր մտել:

Երեկոյան նա նստած էր յուր առանձնասենյակում երկայն կանաչագույն մետաքսյա խալաթը հագին: Գրում էր, ջնջում, հաշիվներ անում, գումարում էր յուր հարստությունը, որ իմանա` որքան մեծ է ուժը տնտեսական աշխարհում: Որքա՜ն հետ է մնացել նա. եթե Ալիմյաններից լիովին ստանա բոլոր «պարտքերը», դարձյալ ամբողջ կարողությունը հազիվ կազմի մի միլիոն: Չնչի՜ն բան այնտեղ, ուր ուրիշները միլիոնը վաստակում են մի շատրվանից...

Դռները բացվեցին, ներս մտավ Մարթան փոքր երեխային գրկած, մեծի ձեռից բռնած: Երկուսն էլ դեղնած էին, արյունաքամ, հիվանդոտ: Մեծը, որի վեց տարին շուտով պիտի լրանար, դեռ չէր կարողանում կանոնավոր ման գալ և հազիվ հազ հետևում էր մորը:

Էլի ինչո՞ւ բերեցիր դրանց, — գոչեց Իսահակը սրտմտությամբ:

Բերեցի, որ տեսնես ու ուրախանաս, այս րոպեիս մեծի քթից էլի արյուն գնաց,

էհ, ես ի՞նչ անեմ, բժիշկ կանչիր:

Բժիշկ, բժիշկ, տեսնո՞ւմ ես, որ ոչ մի բժիշկ չի օգնում:

Որ չի օգնում, ես ի՞նչ կարող եմ անել:

Խորհուրդ են տալիս արտասահման տանել: Եկ այս տարի տանենք:

Ի՞նչ, գործերի այս տաք ժամանակը վեր կենամ, արտասահմա՞ն գնամ: .

Գործեր, գործեր: Չեմ իմանում` ո՞ւմ համար ես հավաքում այդ փողերը...

Հա՜ հա՜ հա՜, — լսվեց Իսահակի չոր ծիծաղը, — ինչ խելոքացել ես, հա՜ հա՜ հա՜: Ո՞ւմ համար... փառքի համար, սիրելի՛ս, փառքի... Կապրեն երեխաներս, — կուտեն, չեն ապրիլ, աստծո կամքն է, բայց փո՜ղը, փողը միշտ հարկավոր է...

Լսվեց դռան զանգի ձայնը: Եկողը Սուլյանն էր, որ ներս մտավ ժպիտը երեսին, փոքրիկ աչքերն արագ-արագ ճպճպելով:

Մարութխանյանը նրա միջոցով բանակցություն էր սկսել մի թուրք հանքատիրոջ հետ, որի հանքերն ուզում էր գնել:

Էհ, նոր խաբա՞ր, — հարցրեց նա, ձեռով նշան անելով հյուրին, որ նստի:

Պետք է շտապել: Ուրիշ գնողներ են հայտնվել: Թուրքը քիթը բարձրացնում է:

Կշտապենք: Այսօր կվճռվի: Ինչ լավ եղավ, որ եկաք. դուք վկա կլինեք մի գործում... Մարթա՛, այ, իմ քեֆի մարդ, այ, իսկական ուսում առած երիտասարդ: Հասկանում է մեր ժամանակի ոգին: Հարցրու, նա քեզ կասի մարդիկ ինչու համար են ուզում հարստանալ:

Միթե տիկինը հերքո՞ւմ է հարստության նշանակությունը:

Փոքր երեխան սկսեց լաց լինել:

Տար, աստված սիրես, զուռնա լսելու ժամանակ չէ, — ասաց Իսահակը, — բայց սպասիր, թող համբուրեմ... Այսօր առավոտ չեմ համբուրել:

Следующая страница