Շիրվանզադե Ալեքսանդր՝   Քաոս

Ամեն առավոտ, տնից դուրս գալիս, նա համբուրում էր երկուսին էլ, և սրանով սահմանափակվում էր նրա ծնողական զգացումը: Մինչ նա, փոքրիկին գրկած ուզում էր հանգստացնել, որ դադարի լաց լինել, տիկինը ժպտում էրք նայելով Սուրյանին: Եվ նրա աչքերը արտահայտում էին ծաղր Իսահակի հայրական փաղաքշանքին դեպի զավակները:

Նա խլեց երեխային ամուսնուց, բռնեց մեծի ձեռից և տարավ նրանց դուրս:

Մի փոքր անցած, ներս մտան Սմբատն ու Միքայել Ալիմյաննսերը: Սուլյանը, որ դեռ ոչինչ չգիտեր և չէր սպասում յուր պարոններին այստեղ, շփոթվեց: Մարութխանյանը, թեթև գլուխ տալով, ձեռով նշան արավ հյուրերին նստել, ճիշտ այնպես, ինչպես առավոտը վարվեց նրա հետ Սմբատը: Թող հասկանան, որ Մարութխանյանն էլ գիտե արհամարհել, երբ կամենում է:

Սմբատն ամեն բան պատմել էր եղբորը: Ինչ որ Մարութխանյանն ասել էր ծովային սպայի և կոմիսիոների կանանց մասին, ճիշտ էր, Միքայելը հաստատեց: Բայց նա այդ մարդուց փող, մանավանդ այդքան մեծ գումար, չի վերցրել, այստեղ կա մի դավադրություն...

Մարտիրո՛ս, — գոչեց Մարութխանյանը:

Ներս մտավ բեղերը ներկած ու երեսը սափրած մի մարդ կեսասիական և կես-եվրոպական հագուստով: Դա Մարութխանյանի հավատարիմ ծառան էր, որ շատ բան գիտեր յուր տիրոջ անցյալից.

Չայ բեր աղաների համար:

Աս սհաթիս, — ասաց Մարտիրոսը, շամախու բարբառով:

Պարտաթղթերս, — գոչեց Միքայելն անհամբեր:

Մ՛ի վռազիր, մի բաժակ չայ խմենք, հետո... Նստեցեք... Սմբատը նստեց. Միքայելը` ոչ:

Պարտաթղթե՛րս, — կրկնեց նա:

Հեր օրհնած, պարտք ունեցողներն արքունական բանակումն էլ են նստում, իսկ ես ազգականդ եմ, փեսադ:

Նա ավելացրեց լամպայի լույսը: Ձեռը տարավ խալաթի գրպանը, հանեց մի մեծ բանալի: Սուլյանը մեկ ուզում էր հրաժեշտ տալ, մեկ էլ այնքան հետաքրքրվել էր, որ տեղից չէր շարժվում:

Այս մարդը, — ասաց Մարութխանյանը, — նոր եկավ, թողնենք, որ վկա լինի, հը՞մ...

Կարող է մնալ, — պատասխանեց Սմբատը:

Միքայելը հազիվ զսպում էր իրան: Մարութխանյանի դանդաղության մեջ տեսնում էր եզվիտական միտում` տանջել իրան, որքան կարելի է երկար:

Վերջապես տանտերը հանդարտ մոտեցավ երկաթե սնդուկին, բաց արավ, հանեց մի մեծ ծրար և նորից նստեց յուր տեղը:

Համեցեք, եղբայր, կարդացեք ու մեկ-մեկ միտներդ բերեք ձեր պարտքերը:

Նա հանեց չորս պարտաթուղթ, տվեց մեկ-մեկ Սմբատին: Միքայելը կարդաց բոլորը ծայրեծայր, զննեց յուր ստորագրությունները: Քանի խորն էր նայում, այնքան շնչառությունն արագանում էր, քթի պնչերի դողոցը սաստկանում: Նա չէր նկատում յուր հետևում կանգնած Մարտիրոսին, որ աչքերը սևեռել էր յուր տիրոջ երեսին, կարծես, պատրաստ` նրա դեմքի մի նշանով խեղդել Միքայելին, եթե հարկը պահանջի:

Այս ստորագրությունները կեղծ չեն, — Գոչեց Միքայելն ակամա:

Տեսա՛ր, — դարձավ Մարութխանյանը Սմբատին, առնելով նրանից վերջին պարտաթուղթը:

Մարտիրոսը տիրոջ նշանով դուրս գնաց: Միքայելը ձեռը սեղմեց ճակատին, սկսեց անցուդարձ անել: Հերքել անկարելի էր. այդ չորս թղթի տակ էլ ինքն էր ստորագրել: Բայց ե՞րբ, ի՞նչպես և ինչո՞ւ, ահա հարց: Նա կանգ առավ գրասեղանի առջև, բութ մատն անխնա սեղմելով ատամների մեջ: Սմբատն ու Սուլյանը լուռ հետևում էին նրա դեմքի արտահայտությանը: Թիկն թված բազկաթոռին, Մարութխանյանը ձեռների մեջ խաղացնում էր խալաթի դեղնագույն ծոպերը:

Աա՛, — գոչեց Միքայելը հանկարծ, — հիմա քիչ-քիչ մտաբերում եմ...

Ես կարծում եմ, — ասաց պարտատերը հեգնորեն, — երեք հարյուր հազարը հանաք բան չէ...

Նա կամացուկ վեր կացավ տեղից, պարտաթղթերը դրեց սնդուկը: Մոտեցավ դռներին, նայեց դեպի դուրս, ինչ-որ շշնջաց Մարտիրոսին, որ դրսում սպասում էր, դարձյալ հետ եկավ, նստեց:

Անազնի՛վ, — արտասանեց Միքայելը:

Կամաց, քույրդ կլսի, ի՞նչ հարկավոր է գոռալ:

Անազնի՛վ, — կրկնեց Միքայելը:

Լսո՞ւմ եք, պարոն Սուլյան, այս է աշխարհս, ա՜յ: Փող տվողը ե՛ս, նեղությունից ազատողը ե՛ս, անազնիվը ե՛ս, էլ աստծու արդարությունը որտե՞ղ մնաց:

Սուլյանը, որ արդեն հասկացել էր բանի էությունը, աչքերը արագ-արագ ճպճպելով, նայում էր մերթ Մարութխանյանին, մերթ Ալիմյաններին չիմանալով, ինչպես պահպանել իր հավասարակշռությունը երկու կողմի մեջ:

Հիմա լսիր, Սմբատ, ինչպես է պատահել բանը, — խոսեց Միքայելը, — միտքս պարզվում է, քիչ-քիչ հիշում եմ բոլորը:

Եվ նա պատմեց եղելությունը: Հայտնի է, թե ինչ ներգործություն ունեցավ նրա վրա հանգուցյալ հոր կտակը: Նրա բոլոր հույսերն օդը ցնդվեցին այդ կտակով: Նա կորցրեց բանականությունը, ենթարկվեց ինչ-որ չար ուժի զորության: Սկսեց այնպիսի բաներ անել, որ ուրիշ ժամանակ չէր անիլ: Թշնամացավ մեծ եղբոր հետ, դիմեց Մարութխանյանի խորհուրդներին: Միասին հնարեցին այն կեղծ կոնտր-կտակը: Նա այդ կտակով սպառնաց Սմբատին: Ըսպառնալիքը չազդեց: Նա ավելի կատաղեց: Ուղեղը մթնեց, չգիտեր ինչ էր անում: Իսկ Մարութխանյանը շարունակ նրան լարում էր հարազատ եղբոր դեմ: Հենց այդ ժամանակները պատահեց մի բան, որ ավելի մթագնեց նրա խելքը: Նա կրքերից հարբեց, գիշեր ու ցերեկ միացան նրա համար: Իսկ Մարութխանյանը շարունակ նրան լարում էր: Նա միշտ համոզում էր Միքայելին` դատ բանալ եղբոր դեմ: Մի օր, վերջապես, գլուխն ազատելու համար, Միքայելն ասաց նրան. «արա, ինչ որ ուզում ես, ես քեզ իրավունք եմ տալիս»: Ահա հենց այդ իրավունքը դեպի չարը գործ դրեց Մարութխանյանը: Այդ օրից նա ամեն օր բերում էր Միքայելի մոտ տեսակ-տեսակ թղթեր և ստորագրել տալիս: Շատ անգամ Միքայելը հարբած էր լինում, իսկ այդ մարդը հենց այդ միջոցներին էր գալիս նրա մոտ: Նա հիմար էր, չէր կարդում շատ թղթեր և միայն ստորագրում էր: Կարող էր մտածել, որ նրա թեթևամտությունից այդ մարդը պիտի օգտվի, բայց այդպես, այդ անամոթությամբ, այդ լրբությամբերբեք չէր կարող երևակայել:

Ահա երբ եմ ստորագրել պարտաթղթերը...

Նա բորբոքված դեմքը դարձրեց փեսային և ատամները սաստիկ կրճտելով` արտասանեց.

Անազնի՛վ, և դու ուզում ես այս տեսակ փողերով կերակրել իմ քրոջը...

Եվ բժշկել նրա հիվանդ երեխաներին, — ավելացրեց Մարութխանյանը, տակավին սառնարյուն, — ինչո՞ւ արյուն քրտինքով աշխատած փողերովս չպիտի պահեմ ընտանիքս: Սիրելի՛ս, փառք աստծու, այստեղ երեխաներ չեն նստած, որ ասածներիդ հավատան: Մարդ հասարակ նամակն էլ գրելիս` կարդում է ու հետո ստորագրում: Դու չորս փաստաթուղթ ստորագրեցիր և ոչ մեկն էլ չկարդացի՞ր, հահա-հա, երեխա մի՛ համարիր այս ուսումնական մարդկանց: Ինքդ աչքերովդ կարդացիր, որ թղթերից երեքը ստորագրված են Մարկոս աղայի մահվանից շատ առաջ և միայն մեկն է հետո ստորագրված:

Այո՛, բայց դու ժամանակն էլ ես խարդախել:

Հա-հա-հա, ժամանակն էլ եմ խարդախել... Կարելի է ասել, որ ես ե՛ս չեմ դու դո՛ւ չես, որ այդ մարդու ազգանունը Սուլյան չէ, որ Սմբատ Մարկիչը եղբայրդ չէ... Միխայիլ Մարկիչ, ինչո՞ւ չես ուզում խոստովանել, որ փողի գինը չես իմացել, շպրտել ես աջ ու ձախ:

Շպրտել եմ, բայց ոչ քո փողերը: Դատարանը թանաքը քիմիական անալիզի կենթարկի և կտեսնի, որ բոլոր թղթերը ստորագրված են մոտ ժամանակում:

Սուլյանը ներքուստ ծիծաղեց Միքայելի միամիտ սպառնալիքի վրա:

էհ, — ասաց Մարութխանյանը, — ուրեմն կդիմենք դատարանին, ինչո՞ւ ենք գլուխ ցավեցնում:

Միքայելին ավելի ու ավելի էր գրգռում նրա սառնությունը: Բայց վճռեց մեղմ խոսել, զգում էր, որ բարկանալը վնասում է գործին: Եվ, հակառակ հպարտության զգացմանը, սկսեց համոզել անողոք պարտատիրոջը` խնայել իրեն, խոստովանել ճշմարտությունը:

Խոսաովանել ճշմարտությունըահա մի բան, որ երբեք չէր կարող անել Մարութխանյանը: Գործի սկիզբը դրված էր, մի՞թե հնարավոր էր հետ կանգնել:

Միքայելը խոստացավ վճարել տասը, տասնուհինգ, քսան տոկոս, միայն թե Մարութխանյանը ասի, որ կատակ էր անում, որ ոչինչ ստանալիք չունի: Պարտատերը շարունակ ժպտում էր հեգնորեն, ուսերը վեր քաշելով:

Միքայելը հուսահատ նայեց եղբոր երեսին, կարծես, հարցնելով, արդյոք դեռ էլի՞ պարտավոր է իրեն զսպել: Սմբատի դեմքը մռայվել էր, ինչպես աշնանային գիշեր: Նա ոչինչ չասաց, հայացքը հառեց հատակի մի կետին:

Միքայելը շարունակեց խնդրել պարտատիրոջը, որ իրեն` չհուսահատեցնի: Ամենը գիտեն, որ նա եղել է շռայլ, բայց երեք հարյուր քսան հազա՜ր... ո՛չ, այդքան փող նա երբեք չի ունեցել:

Լա՛վ, ես քեզ չեմ խեղդում, — ասաց պարտատերը, — ժամանակ կտամ, որ քիչ-քիչ վճարես պարտքդ, — մի, երկու, էհ, երեք տարի, հերի՞ք է:

Իսահակ, — կրկնեց Միքայելը և ձայնը դավաճանեց կամքին:

Բավական է. ազգականությունն իր տեղն ունի, հաշիվն իր տեղը: Պարոննե՛ր, խոսեցե՛ք, ինչո՞ւ եք լռում:

Սուլյանը տակավին չգիտեր` ում կողմը բոնի: Հոգով Միքայելին էր հավատում, բայց ինչո՞ւ չլռել. քանի որ խոսելը կարող է գրգռել կամ մեկին, կամ մյուսին: Ավելի խելացի էր միամիտ ձևանալ, նայել ապշած մերթ մեկին, մերթ մյուսին, ցույց տալ, թե դեռ ոչինչ չի հասկանում վեճից:

Սմբատն աշխատեց համոզել փեսային` լավ մտածել արածի մասին: Չէ՞ որ նա քրեական հանցանք է գործում, կարող է աքսորվել:

էէ, թող աքսորվեմ, — ասաց պարտատերը, — եթե աշխարհի երեսին արդարադատություն չկա: Հավատացեք, ես ոչինչ չէի պահանջիլ, մի բան էլ գրպանիցս կբաշխեի , եթե Ալիմյանները միլիոններ չունենա էին: Ունեն, ուրեմն կստանամ հալալ փողերս, ինչպես արքունական բանկից:

Որ այդպես է, — կատաղեց Միքայելը, չկարողանալով այլևս ստորանալ հակառակորդի առջև, — մի հատ ասեղ չես ստանալ, որ ագահ աչքդ կոխես: Դու մոռանում ես, որ ես հավասար ժառանդ չեմ և միայն այն ժամանակ կդառնամ, երբ կամուսնանամ: Իսկ ես երբեք չեմ ամուսնանալ: Գնա, տեսնեմ ումից կառնես փողերդ:

Մարութխանյանը հեգնորեն ժպտաց, ոտը ոտի վրա գցելով` հաստլիկ բեղերի ծայրերը ոլորելով: Նա ապահով է. Սմբատը երբեք չի թույլ տա, որ եղբայրն «անկարող պարտապան» հրապարակվի: Նա կտա եղբոր պարտքերը: Այս էր արտահայտում նրա դիվային ժպիտը, որ օձի պես խայթեց Միքայելին:

Լի՛րբ, քանիսին ես կողոպտել, քանի՞ խեղճերի ես հացից զրկել...

Օօ՜, շատ շատերին, մինչև անգամ հանգուցյալ հորդ:

Խնդրեմ, մեր հոր մասին ոչ մի խոսք, — գոչեց Սմբատը խորին սրտմտությամբ:

Գո՛ղ; ավազա՛կ, վախկո՛տ, — մռնչաց Միքայելը, ոտն ուժգին զարկելով հատակին, — գոնե տաքացիր, բարկացիր, վախկո՛տ...

Այս արդեն չափազանցություն էր: Մարութխանյանը վիրավորվեց, որովհետև կողմնակի անձ էր ներկա: Նա ասաց.

Ես սկանդալիստ չեմ, վախկոտ եմ: Կռվել ես ուղում, գնա Գրիգոր Հաբեթյանի մոտ... Նա քեզ պատասխան կտա...

Ակնարկը պարզ էր: Նա սպառեց Միքայելի համբերության վերջին կաթիլը: Առանց այդ էլ, արդեն շատ էր զսպել իրեն: Արյունը խփեց գլխին: Վերջին ամիսներին կրած վիրավորանքներն ու դառն վշտերը մի վայրկյանում կուտակվեցին նրա սրտում: Առերևույթ մեղմացած հոգին բորբոքվեց նախկին կրակով, որ դեռ վառ էր: Դա այլևս այն Միքայելը չէր, որ սեփական հանցանքից ընկճված, այնպես կաշկանդվեց Գրիգոր Հաբեթյանի առջև: Այնտեղ նրան զսպողը խղճի սուր խայթոցն էր և այն հեզ կերպարանքը. այստեղ արդար էր, ոչ մի տարր չկար, որ զսպեր նրան:

Նա մի ակնթարթում վերցրեց մոմկալը սեղանի վրայից և շպրտեց այն մարդու վրա, որ այդ պահին պատկերացավ նրա աչքում կենդանի մարմնացում բոլոր թշնամիների թշնամության: Գործողությունը կատարվեց այնքան արագ, որ Մարութխանյանը ժամանակ չունեցավ դռների հետևում դրված Մարտիրոսին կանչելու: Մոմկալը մի պտույտ գործեց Սուլյանի գլխի վրա և տակի կողմով դիպավ տանտիրոջ ճակատին: Արյունը դուրս ցայտեց, թափվեց երեսի վրա, հոսաց ներքև, շաղախեց թանկագին խալաթը: Վիրավորվածը ձեռները սեղանին հենելով, կամեցավ վեր կենալ, չկարողացավ, նորից ընկղմվեց բազկաթոռի վրա, արձակելով մի խուլ ճիչ:

Ներս վազեց Մարտիրոսը և հետևից բռնեց Միքայելի ձեռները: Սուլյանը մոտեցավ վիրավորվածին օգնելու: Ի՜նչ վայրենություն, տեր աստված, ահա ի՜նչ ասել է տգիտություն, անկրթություն:

Վերքը բավական մեծ էր, արյունը չէր դադարում:

Դռների մեջ երևաց տիկին Մարթան: Մի վայրկյան ապշած նայեց տեսարանին և տեսնելով ամուսնուն արյունաթաթախ, ճչաց ու հարձակվեց նրա վրա:

Միքայելը նայում էր տեսարանին, անշարժ կանգնած: Մարտիրոսը նրան բաց էր թողել, ուշքի էր բերում տիրոջը: Լսելով քրոջ հուսահատ ճիչը, ցնցվեց, արձակեց խուլ հառաչանք և ընկղմվեց աթոռի վրա ուժասպառ:

Սմբատը բռնեց նրա թևից, դուրս տարավ:

IV

Փողոցի սառն օդը սթափեցրեց Միքայելին: Անսահման զղջումից կրծոտում էր շրթունքները մինչև արյուն: Հարձակվեց մի մարդու վրա, որ որքան վատ, որքան ստոր և անխիղճ լիներ, իր քրոջ ամուսինն էր: Եվ մի՞թե ասպետություն էր վախկոտի վրա ձեռ բարձրացնելը:

Նրա ականջներին հնչում էր սարսափած քրոջ ճիչը, հետոանեծքները, ինչո՞ւ, ի՞նչ մի մեծ բանի համար: Փողի՞: Ի՞նչ ստորություն, ի՜նչ հիմարություն անգամ: Չէ՞ որ նա ոչինչ չունի, ոչ մի կոպեկ, ի՞նչն էր պաշտպանում:

Բայց, զղջալով հանդերձ, արտաքուստ ցույց էր տալիս, թե դեռ կատաղած է հակառակորդի դեմ: Սմբատի լռությունը կրկնապատկում էր նրա տանջանքը: Նա չգիտեր` ինչպես արդարացներ իր վայրենի վարմունքը, բայց և չէր էլ ուզում խոստովանել զղջումը: Ուրախ կլիներ, եթե Սմբատը հանդիմաներ, պարսավեր, հայհոյեր, նույնիսկ ծեծեր իրեն ինչպես մի վատ, անպիտան երեխայի, միայն չլռեր:

Նա խլեց թևը եղբորից, կանգ առավ, գլուխը հենեց փողոցային լապտերի սյունին, մի ձեռով գրկելով սյունը: Լսվեց նրա խուլ հեկեկանքը: Երբեք իրեն այդչափ դժբախտ չէր զգացել: Նա ուրախ կլիներ մնալ քաղցած ու մերկ, միայն թե այդպես վայրենի վարված չլիներ նույնիսկ այն մարդու հեստ, որ բացարձակ կողոպտում էր նրան, ինչպես երդվյալ ավազակ:

Գնա՛ իմացիր, ինչպես է վերքը, — գոչեց նա Սմբատին:

Առաջ հարկավոր է քեզ տուն տանել: Անցնողներն ուշադրություն են դարձնում: Նստենք կառք:

Թող ինձ այստեղ, գնա, ուր ուզում ես:

Նա քայլերն ուղղեց փողոցի մյուս մայթը, որ ծովափն էր: Սմբատը հետևեց նրան, գրեթե ուժով կառք նստեցրեց և բերեց տուն: Մինչև կես գիշեր չէր հեռանում նրանից: Միշտ լուռ էր և չգիտեր` որքան իր լռությամբ տանջում է եղբորը:

Խոսելո՞ւ ես, թե չէ, — գոչեց, վերջապես, Միքայելը:

Ի՞նչ խոսեմ: Այս կարճ միջոցում դու երկու անգամ ծեծվում ես, մի անգամ ծեծում: Մի՞թե միայն բռունցքն է ազդում մեզ վրա, մի՞թե դեռ այդքան վայրենի ենք:

Սուլյանը լար բերեց, թե հրավիրված բժիշկը Մարութխանյանի վերքր թեև մեծ, բայց անվտանգ է համարում: Եթե մոմկալը հատակի տափակ կողմով դիպած չլիներ, վիրավորը չէր ապրիլ:

Ամբողջ գիշեր Միքայելը չկարողացավ քնել: Մարութխանյանի արյունը հալածում էր նրան, բորբոքում երևակայությունը, ինչպես մի ժամանակ Հաբեթյանի ապտակը: Ա՜խ, ճշմարիտ, որքա՜ն դեռ վայրենի է: Եվ դեռ զարմանում էլ է, որ մի հեզ, հրեշտականման էակ ատում, արհամարհում է իրեն:

Հազիվ լույսը բացված, ուղևորվեց հանքերը: Մի քանի ժամ անցած եկավ Սմբատը: Առավոտը կանուխ Մարթան արտասուքն աչքերին եկել է, բոլորը պատմել մորը: Այժմ այրին մազերը փետրում է, կուրծքը ծեծում, ողբալով Ալիմյան գերդաստանի բարոյական անկումը:

Ի՞նչ ես մտածում անել, — հարցրեց Սմբատը, այս բոլորը հաղորդելուց հետո:

Վճարել նրա պարտքերը: Գիտեմ, ես ժառանգ չեմ, բայց պետք է վճարել:

Սմբատը զարմացավ. ի՞նչ, մի՞թե ուզում է օրը ցերեկով կողոպտվել:

Այո՛:

Սմբատն ընկավ մտատանջության մեջ: Միքայելն ունի իրավունք այս կամ այն կերպ վարվել «պարտաթղթերի» հետ, վճարել, մերժել կամ դատարանին թողնել գործը, բայց առանց շեղվելու հոր կտակից:

Եթե ուզում ես վճարել, պիտի ամուսնանաս:

Այդ չեմ կարող անել:

Ինչո՞ւ:

Հենց այնպես, չեմ կարող ամուսնանալ:

Հասկացա, — արտասանեց Սմբատը, — դու սիրում ես մեկին, որ քեզ չի սիրում:

Իհարկե, կհասկանաս, որովհետև գիտես, որ այդ մեկը քեզ է սիրում:

Միքայե՛լ...

էհ, խորամանկությունը թող մի կողմ: Մի՛ փորձիր ինձ: Այո՛, դու ինձանից բարձր ես բարոյապես:

Այդ աղջկան ես առիթ չեմ տվել ոչ ինձ սիրելու, ոչ մանավանդ քեզ ատելու:

Հավատում եմ:

Միքայելը նստեց սեղանի քով, գլուխը դրեց ձեռների վրա:

Կկամենա՞ս, որ ես խոսեմ այդ աղջկա հետ, — հարցրեց Սմբատը:

Երևի, բարոյական կշիռս նրա աչքում բարձրացնելու համար, չէէ՞: Շնորհակալ եմ: Գիտեմ, որ վեհանձն ես, բայց ես ողորմություն չեմ ուզում: Բավական է, չեմ ուզում այս մասին երկար խոսել: Սիրում եմ, թե չեմ սիրում, իմ գործն է, իսկ ամուսնանալ չեմ կարող: Գրավ դիր ինձ, քանդիր հորս կտակը, ընդունիր ինձ քեզ մոտ ծառա, բայց վճարիր այդ փողերը:

Ես հանգուցյալի կտակից մազու չափ չեմ շեղվի:

Ինչո՞ւ միայն իմ վերաբերմամբ: Իսկ դու իրավունք ունե՞ս մեր հոր կամքն անկատար թողնելու:

Միքայե՜լ...

Մի՛ վիրավորվիր: Չէ՞ որ դեռ չես բաժանվել կնոջիցդ...

Ես երեխաներ ունիմ, որոնց սիրում եմ:

Եվ որոնք քո ժառանգներն են, էլի հակառակ հանգուցյալի կտակին:

Երբե՛ք:

Օրենքով, այո՛, բայց կողմնակի կերպով դու նրանց կդարձնես ժառանգ:

Միքայել, դու դեռ իրավունք չունիս այդպես խոսելու:

Դեռ չունիմ, բայց, երևի մի օր կունենամ, չէ՞: Ներիր, ես այսպես չէի խոսիլ, եթե դու առաջվա Սմբատը լինեիր: Վերջին ժա¬մանակ սկսել ես փողը հարգել... Ես կույր չեմ շատ էլ: Բավական է, վճարի՛ր իմ պարտքերը, եթե չես ուզում թշնամանալ ինձ հետ:

Եվ նա, գդակը վերցնելով, շտապեց դուրս: Սմբատն ընկավ խորին մտատանջության մեջ: Նա չէր կարողանում բացատրել Միքայելի համառությունը` վճարել անարդար, հնարովի պարտքերը: Չլինի՞ թե վախենում է, որ դատարանում բացվի մի կեղտոտ գաղտնիք... Եվ ի՞նչ կարող է լինել այդ գաղտնիքը:

Դրությունը տագնապալի էր: Նա իրավունք չուներ կես միլիոնի չափ մի գումար բաժանեք հայրական ժառանգությունից: Եվ եթե ունենար էլ, դյուրի՞ն է այդպես շուտով զրկվել ահագին գումարից: Այո՛, ճիշտ ասաց Միքայելը. նա այժմ զգում է փողի նշանակությունը, ավելի՜, նա սկսել է սիրել մետաղը: Գոնե այնչափ է սիրում, որ զգում է վեց-յոթ միլիոնից կես միլիոն դեն շպրտելու անկարելիությունը... Եվ ինչո՞ւ շպրտել, ի՞նչ հիմարության:

Նա փորձ՛եց համոզել Մարութխանյանին, որ հետ կանգնի անարդար պահանջից: Սակայն պարտատերն անողոք էր: Ի՞նչ, մի՞թե նա հիմար է, որ աչքերը բաց թողնի` «օրը ցերեկով իրեն կողոպտեն»: Նա զուտ փող է տվել Միքայել Ալիմյանին և պետք է ստանա: Առաջ նա դեռ կհամաձայնվեր «մի բան էլ դրամագլխից բաշխել», իսկ այժմ, Միքայելի վարմունքից հետո, տոկոսի տոկոսն էլ կառնի...

Սմբատն սպառնաց, թե ամեն ջանք գործ կդնի ապացուցելու, որ պարտաթղթերը խարդախ են. կհրավիրի Պետերբուրգից ամենաառաջին փաստաբանին, կծախսի կես միլիոն, բայց կապացուցի: Սակայն Մարութխանյանին այսպիսի սպառնալիքներով վախեցնելը դյուրին չէր: Նա ինքը հենց վճռել էր Պետերբուրգից փաստաբան հրավիրել: էհ, բոլորը գիտեն, որ Միքայելը եղել է շռայլ, փողը ծախսել է ջրի պես: Գիտեն նույնպես, որ Մարկոս աղան ժլատ էր: Որտեղի՞ց կարող էր Միքայելն այնքան փող ծախսել, եթե «բարեսիրտ ազգականը պարտք չտար»:

Վերջապես, Սմբատի համբերությունը սպառվեց: Նա ասաց, թե կվճարի եղբոր պարտքերը, բայց կհամոզի հասարակության, որ պարտատերը խարդախ էր: Այն ժամանակ տեսնենք` ինչ երեսով Մարութխանյանը կերևա հասարակության մեջ: Բայց ավելի երեխայական սպառնալիք չէր կարող լինել պարտատիրոջ համար: Նա բարձրաձայն ծիծաղեց: Թող Մարութխանյանը դառնա կլորիկ միլիոնի տեր, մարդիկ կարող են նրա մասին խոսել, ինչ ուզում են և որքան ուզում: Հասարակությո՞ւն, հա-հա-հա, հետաքրքրական է իմանալ, ո՞ր Սուլյանը, ո՞ր Սրաֆիոնը, ո՞ր Ղուլամյանը, ո՞ր Առաքելյանն այնուհետև մեջքը չի ծռիլ նրա առջև: նա մարդկանց շատ լավ է ճանաչում, մի ձեռով նրանց գրպանը ոսկի դիր, մյուսով խփիր գլխներին, էլի կժպտան: Ահա թե նա ինչ կարծիք ունի հասարակության մասին: Եվ մի՞թե քիչ կան քաղաքում խարդախներ, մաքսանենգներ, կեղծ սնանկությամբ հարստացածներ, նախկին գող գործակատարներ, որոնք այսօր պատիվ ու հարգանք են վայելում: Իսկ Մարութխանյանը գողություն չի անում, էէ՜ , նա իր «հալալ փողերն է» պահանջում:

Սխալվում եք, — ասաց Սմբատը, — հասարակության մեջ ազնիվ մարդիկ էլ կան...

Թող լինեն: Հետո նրանք էլ կբարեկամանան: Ահա, օրինակ, դուք, ազնիվ մարդ եք, չէ՞: Եթե փող չեք սիրում, ինչո՞ւ այդպես պինդ կպել եք ձեր հոր միլիոններին: Չէ՞ որ առաջ ասում էիք, թե Մարկոս աղան, չգիտեմ, տնտեսական այսինչայնինչ օրենքներով ուրիշների աշխատանքի վարձն է վայելում: Հիմա այդ միլիոնները հալալ են: Կարծում եք, ես ձեզ մեղադրո՞ւմ եմ: Աստված ոչ անի, ես հիմար չեմ: Բարեկա՛մ, աշխարհում գողերը երկու տեսակ են. ազնիվ և անազնիվ: Ազնիվն ինքն է գողանում, անազնիվն ուրիշի գողացածներն է ուտում: Ես այս ասում եմ հենց այնպես, չնեղանաք... Ուզում եմ ասել, որ բառի իսկական նշանակությամբ ազնիվ վաճառականն այնքան հազվագույտ է, որքան չգողացող խոհարարը:

Սմբատը տեսնում էր, որ այդ մարդը ոչ միայն չի մեղմանում, այլև հետզհետե ավելի ու ավելի հանդուգն ու աներես է դառնում: Մնում է մի ելք. թույլ տալ նրան, որ դիմի դատարանին: Այնտեղ թող գործը վճռվի նրա օգտին: Միքայելը կհրատարակվի «սնանկ» կամ «անկարող պարտապան», իբրև ոչ-ժառանգ Ալիմյան հարստության, այն ժամանակ Մարութխանյանն ումի՞ց կստանա կես միլիոնը: Սմբատի՞ց: Չի տալ և սրանով կպատժի նրան: Բայց այս միջոցը պիտի առմիշտ վայր գցեր Միքայելի առանց այն էլ արատավորված վարկը: Մի՞թե կարելի է այդչափ խիստ վարվել հարազատ եղբոր հետ:

Սմբատը հրամայեց գրասենյակում հաշիվ կազմել Ալիմյանների ընդհանուր կարողության մասին: Հայտնվեց, որ պարտքերը վճարել կարելի է միայն անշարժ կալվածներին ձեռնամուխ լինելով: Իսկ ծախել կամ գրավ դնել անշարժ կալվածները Մարկոսի կտակով արգելված էր: Բայց պարտքերը կարելի էր վճարել մաս-մաս մի քանի տարվա ընթացքում: Վճարե՞լ, արդյոք: Երբե՛ք: Սմբատը չի կարող և չի կամենում ենթարկվել պարզ խաբեբայության: Նա ծաղրի առարկա կդառնա, եթե խաբվելը հայտնվի հասարակության...

Նա սկսեց համոզել Միքայելին, թե միակ ելքը դարձյալ դատարանն է.

Միքայելը մի անգամ ևս դրականորեն հայտնեց, թե վճռել է պարտքերը վճարել: Թող նրա բաժինն անցնի քրոջ զավակներին, թող ինքն աղքատանա, բավական է որքան օգտվել է հայրական հարստությունից, այժմ ուզում է յուր աշխատանքով ապրել:

Տեսնելով համառությունդ, — ասաց Սմբատը, — մարդ կամա-ակամա մտածում է, չլինի՞ թե դու իսկապես պարտական ես Մարութխանյանին:

Մտածիր, ինչ որ ուզում ես, թող բոլորն այդպես մտածեն, բայց լսի՛ր, Սմբատ, ինձ ոչ միայն հարստությունը, այլ կյանքն էլ է ձանձրացրել... Վե՜րջ տուր այդ անտանելի գործին:

Նա չէր կեղծում, կյանքն այժմ, արդարև, դարձել էր նրա համար մի ծանր բեռ, որ կրում էր ավտոմատի պես: Բայց անցյալը տակավին հալածում էր նրան, և ոչ միայն յուր տխուր հիշողություններով, այլև կենդանի կապերով: Նա հանգստություն չուներ ընկերներից, որոնք դեռ հույս ունեին նրան վերադարձնել իրենց շրջանը: Այս կողմից առանձին ջանք էին ցույց տալիս իրավաբան Փեյքարյանը, իշխան Նիասամիձեն, մանավանդ «Պապաշան»:

Կա՛ց, մի՛ փախչիր, — բռնեց նրան մի օր պատկառելի ամուրին հանքերի միջին ճանապարհում:

Նա ցած իջավ կառքից մի տափակ դեմքով, դժգույն այտերով, սև միրուքով, մեծ բերանով երիտասարդի հետ:

Այ տղա, ըըը, գժվե՛լ ես, էդ հի՞նչ ճգնավորոթոն ա, վըեր, ըըը...

Նա հայտնեց, որ վաղն արդեն ուղևորվում է արտասահման երկար Ժամանակով:

Ես, ըըը, սատանին նահլաթ ասի, ըըը, միասին քինանք Պարիժ, ըըը...

Ո՛չ, Պապաշա, չեմ կարող, բարի ճանապարհ քեզ...

Ըմբո... Յավաշ, ա տղա, մղդսի Սամսոնի չա՛փ էլ ըըը, չկաս, նա կյամ ա, ըըը, Պարիժ...

Մղդսի Սամսոնը տափակ դեմքով երիտասարդն էր, քաղաքի առաջին հարուստներից մեկը, հայտնի հանքատեր, նավատեր, կալվածատեր: «Մղդսի» ածականն ստացել էր մի քանի պառավական հատկությունների շնորհիվ, ժլատ էր, չէր խմում, չէր ծխում, ծաղրում էր բոլոր զվարճասերներին...

Հա, բաս, քինում ըմ, քինում ըմ, Իտալիա, Անգլիա, Գերմանիա, լոխ էլ պիտի ման կյամ, — ավելացրեց Սամսոնը, բառերը միմյանց հետևից արագ-արագ դուրս տալով իր ձեռի «տերողորմյայի» հատիկների պես կլորիկ ու ամուր:

Միքայելը վաղուց էր ճանաչում այդ երիտասարդին, ատում էր նրան: Գա մի տեսակ Մարութխանյան էր և իր եղբայրների ու քույրերի վերաբերմամբ. զրկում ու կողոպտում էր նրանց հոր մահից հետո:

Հա, հինչ ըմ ասըմ, — շարունակեց մղդսի Սամսոնը, համրիչը բռնելով Միքայելի կրծքի վրա, — երեկ փեսադ ասում էր կլուբում, վըեր հինչ-որ գենգատ ունի քեզ վրա... էդ ի՞նչ նաղլ ա...

Չգիտեմ, — ասաց Միքայելը դժկամությամբ և, առանց ձեռ տալու, հեռացավ ձանձրալի խոսակիցներից:

Պենըդ պյուրթ ա, մեր տղա, — արտասանեք նրա հետևից մղդսի Սամսոնը և, կառք նստելով, պատմեց Պապաշային Մարութխանյանի պահանջի մասին:

Այժմ Միքայելը Շուշանիկին հանդիպում էր հաճախ, բայց Անտոնինա Իվանովնայի ներկայությամբ և նրա բնակարանում: Օրը մի անգամ գալիս էր տիկնոջ մոտ այն ժամանակ, երբ սովորաբար օրիորդն այնտեղ էր լինում: Նրանք բարևում էին միմյանց սառն քաղաքավարությամբ, և ուրիշ ոչինչ: Միքայելը անցնում էր երեխաների սենյակը և նրանց հետ խաղում, Շուշանիկը շարունակում էր պարապել տիկնոջ հետ:

Մի օր Անտոնինա Իվանովնան Միքայելին հաղորդեց, թե Շուշանիկի հայրը գրեթե խելագարվել է: Նա այժմ տանջվում է սարսափի մանիայից, և սարսափի առարկան կրակն է: Ամեն օր քնից զարթնում է թե չէ, սկսում է գոռալ և լաց լինել երեխայի պես: Նա միշտ կրկնում է, թե Դավիթն ուզում է իրեն դուրս տանել, ձգել կրակի մեջ, այրել: Անտոնինա Իվանովնան խորհուրդ է տալիս տնեցիներին` հիվանդին տեղափոխել քաղաք, բայց հիվանդը չի ուզում սենյակից անգամ դուրս գալ, կարծելով, թե իրեն պիտի ձգեն խարույկի մեջ:

Շուշանիկը դադարեց այցելել տիկնոջը: Այժմ Անտոնինա Իվանովեան ինքն էր օրը մի կամ երկու անգամ գնում նրա մոտ, սիրտ տալիս, մխիթարում: Դեռ մի շաբաթ առաջ նրա սրտում կար մի թեթև կասկած Շուշանիկի և Սմբատի վերաբերմամբ: Այժմ կասկածը ջնջվել էր: Ա՜խ, այդ աղջիկն այնքան համեստ է և ամոթխած, որ երբեք չի կարող տածել հանդուգն զգացումներ դեպի մի ամուսնացած մարդ: Ինչո՞ւ չշարունակել կարծել, որ նրա տխրության պատճառը Միքայելն է: Ինչե՞ր չի կարող անել մի երիտասարդ այդպիսի անցյալով, և ո՞ր համեստ աղջիկն է մեր ժամանակում պատրանքներից ապահով: Վերջապես, այդ առանձնությունն այս ամայի տեղում...

Երբեմն նա փափագում էր թափանցել Շուշանիկի հոգեկան աշխարհի խորքերը, բայց զուր, այդ աղջիկն իր անհատական մտորումների վերաբերմամբ այնքան գաղտնապահ էր, որ ժամանակ-ժամանակ շարժում էր տիկնոջ զայրույթը: Եվ այս պատճառով տիկինը չէր կարողանում իմանալ նրա մռայլության հիմքը:

Գրադարան-ընթերցարանն արդեն բացվել էր: Տիկինը սպասում էր իրիկնային կուրսերի թույլտվության: Նա տեսնում էր, որ իր գործերը, առանց Շուշանիկի, շատ էլ հաջող չեն ընթանում: Միայն օրիորդը գիտեր մշակների հետ վարվելու եղանակը, և այժմ, երբ նա տնից դուրս չէր գալիս, շատ քչերն էին գրադարան մտնում գիրք վերցնելու: Տիկինն զգում էր, որ նրանց գրավելու ձևը դեռ չի սովորել, և սրա պատճառը բացատրում էր յուրովի: Նա գործում է խելքով, իսկ Շուշանիկը` զգացումներով: Այդ աղջիկը, որպես գթության քույր, խնամում է հիվանդներին ու վիրավորներին, կարում ու կարկատում անտուն-անտերների համար, գրում ու կարդում անգրագետների համար ոչ իբրև օգնող, այլ իբրև մերձավոր, արյունակից: Նա երբեք չի մտածումմ թե մի որևէ կարևոր գործ է կատարում: Անում է այն, ինչ որ թելադրում է սիրտը, և անում է այնքան հասարակ, այնքան անփույթ, որքան իր ծնողների, հորեղբոր ու հորաքրոջ համար: Այնինչ, իր` Անտոնինա Իվանովնայի գործունեության մեջ կա սիստեմ, հաջորդականութւուն, հասուն և զարգացած մտքի ձգտում: Ո՛չ, այսքանը բավական չէ, պետք է գործի մեջ մտցնել ավելի զգացում, քան խելք, ավելի ցանկություն, քան կամքի ուժ: Բացի դրանից, չպիտի միշտ մտածել, արդյոք, արածդ կարևո՞ր է, թե՞ ջուր ծեծելով ես զբաղված:

Անտոնինա Իվանովնայի գործունեության մեջ չկար կեղծիքի նշույլ անգամ, բայց հենց այս անկեղծությունն էլ, անձնվեր դառնալու փափագն էլ խելքի և ոչ զգացումների ծնունդ էին: Նա չէր խորշում ամբոխի կեղտից ու մրից, ոչ էլ նրա անախորժ գռեհիկությունից, բայց և չէր էլ կարողանում առանց քննության մերձենալ նրան: Նա մտածում էր. մի՞թե այժմ արդեն այն հասակումն է, որ չի կարող այնպես շուտ ընտելանալ մի նոր շրջանի կամ գործի, որպես Շուշանիկը: Նա տեսնում էր, երբ օրիորդն է երևում, մշակների դեմքերը փայլում են ուրախ ժպիտով, երբ ինքն է երևում, միայն խորին հարգանքի և պատկառանքի է արժանանում: Եվ երբ այս տարբերությունը, հակառակ յուր կամքի, վերագրում էր Շուշանիկի և յուր հասակների մեջ եղած տարբերությանը, զգում էր նախանձ: Մի զգացում, որին դեմ էր ամբողջ հոգով և որի համար դատապարտում էր իրեն, որպես խելոք ու ազնիվ կին:

Բայց ինչ ևս լիներ, Անտոնինա Իվանովնան հոգով անհամեմատ հանգիստ էր քան քաղաքում: Նրան այլևս չէին հալածում սկեսրի անվերջ տրտունջները, տալոջ կոպիտ ակնարկները, ազգականուհիների արհամարհական ժպիտները: Սակայն միթե ա՞յս էր միայն նրա դժբախտության հիմքը: Չէ՞ որ նա մի քանի ամիս առաջ ավելի հեռու էր նոր շրջանից: Բախտավո՞ր էր այն ժամանակ... Երբե՛ք: Նա դժբախտ է իբրև կինայս է գլխավորը: Եվ ահա գարնան մերձավորությունը նրա մեջ զարթեցնում է ինչ-որ փոթորիկ: Արյունը երակներոմ եռում է երբեմն այնպես, որպես քսան տարեկան հասակում: Տեր աստված, չէ՞ որ նա կին է և տակավին երիտասարդ կին: Պատահում է, որ նրան տիրում է հոգեկան թուլությունը, աշխարհը թվում է նրան այնքան ամայի, այնքան անհյուրընկալ, որ մտածում է. «արժե՞ արդյոք, էլի ապրել»: Մայրական զգացումները չեն լցնում այդ ամայությունը, նրա հոգին զգում է ուրիշ զգացումների պահանջ ևս: Նա փափագում է սիրել և սիրվել: Սակայն նրա աշխարհայացքը, նրա բարոյական էությունը չեն թույլ տալիս մտածել, թե կարող է սիրել ապօրինի սիրով: Ահա ինչու, զգալով հանդերձ սիրո փափագ, չի զգում ամուսնական Առագաստի դեմ մեղանչելու պահանջ: Եվ այստեղ մեծ դեր է խաղում անձնասիրությունը, սեփական պատվի զգացումը: Թող նրան մեղադրեն, որքան ուզում են, և ինչ բանում ուզում են, նա պիտի արդար մնա յուր խղճի առջև: Բարոյական անարատությունահա այն զենքը, որ խելացի կինը չպիտի զոհի որևէ մոլորեցուցիչ զգացման: Այս զենքով և միայն այս զենքով նա պիտի մաքառի յուր հակառակորդների դեմ...

Մի երեկո նա քաղաքից սպասում էր երեխաներին: Այժմ նրանց աղախինն էր տանում Ոսկեհատի մոտ և հետ բերում. Սմբատը չէր գալիս հանքերը: Աղախինը վերադարձավ մենակ: Անտոնինա Իվանովնան վախեցավ: Արդեն նա այնքան կասկածամիտ էր դարձել սկեսրի վերաբերմամբ, որ միշտ երկյուղով էր երեխաներին քաղաք ուղարկում:

Следующая страница