Շիրվանզադե Ալեքսանդր՝   Քաոս

Այ, այժմ տղամարդի ես նման, պետք է գործել, սիրելիս, պետք է գործել:

Դռները բանալով, նա քիչ մնաց ընդհարվի Գրիշայի հետ: Պարարտամարմին երիտասարդը հարգանքով ճանապարհ տվեց Մարութխանյանին և ներս մտավ հոգնած, թաշկինակով սրբելով կարմրած երեսի ու պարանոցի քրտինքը: Նա ընկավ բազկաթոռի վրա` ինչպես մի ռետինե գնդակ:

Օ՜հ, — արտասանեց հևալով, — տանջանք է սանդուղքով բարձրանալը: Օրինավոր մարդկանց տունը սանդուղք չպիտի ունենա... Բժիշկների հերն անիծեմ, կանգնել են, թե ոտքով պիտի ման գաս, որ նիհարես: Այս տիկը ես ի՜նչպես ման ածեմ: Քյազիմ-բեգի մոտն ենք: Բարեկամ, քացախ խմիր, մի մեծ դեբոշ է կազմակերպվում, ե՞րբ է հորդ քառասունքը:

Կարծեմ, մի շաբաթից հետո:

Այդպես էլ ասացի: Ուրեմն մյուս կիրակի կտանք հանգուցյալի հիշատակին մեր վերջին հարգանքը, իսկ երկուշաբթի օրը քեզ սգից կհանենք: Բայց նաղդից խոսենք, եկել եմ խնդրելու, որ այս երեկո մոտս գաս, մի թեթև բակարա եմ ուզում սարքել: Հրամայիր մի բաժակ ջուր բերել:

Սպասավորը Միքայելի հրամանով բերեց մի շիշ նարզանի ջուր, որ Գրիշան խմեց ուղղակի շշից: Հետո նա համոզեց Միքայելին այսօր միասին ճաշել «Եվրոպա» հյուրանոցում: Այնտեղ են ճաշում նորեկ օպերայի դերասանուհիները` գեղեցկուհի «պրիմադոննա» Բարանովսկայայի հետ:

Դեհ, ես հանգստացա, հայդա, դուրս գանք...

Նրանք դուրս գնացին, եղանակը դեռ տաք էր, չնայելով, որ հոկտեմբերի սկիզբն էր: Անցան մի քանի բազմամարդ փողոցներ, հասան մի քառակուսի հրապարակ, որ ծառայում էր իբրև զբոսարան: Ընդունելով աջից ու ձախից իր բազմաթիվ ծանոթների բարևները, թվում էր Միքայելին, որ ամենքը լսել են իր հոր կտակի բովանդակությունը և ծաղրում կամ կարեկցում են իրեն:

Դու գնա հյուրանոց, — ասաց Գրիշան, — ես տելեֆոնով մի քանի մարդ պիտի հրավիրեմ այսօրվա խաղի համար:

Նա անցավ փողոցի մյուս մայթը և մտավ դեմուդեմ գրասենյակներից մեկը:

Միքայելը ծռվեց մի նեղ փողոց, ապա մի ուրիշը և այստեղ կանգ առավ մի նորաշեն միհարկանի տան առջև ու մտածեց: Վերջին ժամանակ այդ տան մոտով անցնելիս միշտ քանի մի վայրկյան կանգ էր առնում և նայում լուսամուտներին:

Այսօր փողոցը գրեթե ամայի էր: Միայն մերթ ընդ մերթ երևում էր մի անցորդ, մի բեռնակիր կամ կառք, և այնուհետև դարձյալ տիրում էր ամայություն: Եղանակի մեղմությունը, արեգակի անուշ ջերմությունը զորեղ ու դուրեկան ազդեցություն էին անում Միքայելի վրա: Զգում էր, որ արյունն սկսում է երակների մեջ հոսել առանձին ուժով, տալով մարմնին ինչ-որ ախորժելի ջերմություն: Նա վերարկուն հանեց ու գցեց թևին: Սիրտն սկսեց բաբախել, քունքերի երակները զարկեցին այնպես, որպես տենդային տաքության մեջ, կրքոտ աչքերը պսպղացին, շրթունքների վրա երևաց անսովոր հուզում:

Լուսամուտներից մեկի առջև կանգնած էր մի կին և ժպտալով նայում էր: Ահա հենց այդ ժպիտն էր, որ գրգռեց Միքայելի արյունը: Կինը բարձրահասակ էր, առողջ թիկունքներով, դեմքի խոշոր, բայց բարեհամբույր գծերով: Նշանավորն այդ դեմքի վրա բարակ, նոսր, նրբաթել բեղերն էին. մի բան, որ Միքայելի համար մի անօրինակ հրապույր ուներ:

Միքայելը մոտեցավ լուսամուտին:

Որտե՞ղ եք մնացել, մեր կողմերը չեք գալիս, — լսվեց կնոջ բարձր և թավշային կոնտրալտոն:

Թվում էր, որ նա պետք է ծնված լիներ այր մարդ, իսկ ահա այս կանացի նրբություն ունեցող երիտասարդը, որ այնպես քնքշորեն սեղմում է նրա ձեռըկին: Կարծես, բնությունը շփոթվել էր արբշիռ դերձակի պես, որ մեկի համար ձևած զգեստը մյուսին է հագցնում:

Զբաղված եմ տնային գործերով:

Դո՞ւք, տնային գործերո՞վ, — քրքջաց կինը. արմունկները հենելով լուսամուտի հատակին և թեքվելով դեպի դուրս:

Չէ՞ որ ես սգավոր եմ, — ագահ աչքերով նայելով կնոջ լիք-լիք կրծքին, որ թեթևակի բաց էր և ցույց էր տալիս նրա մարմնի մաքուր ճերմակությունը:

Ա՛հ, հասկացա, կտակի խնդրով... Բայց...

Ի՞նչպես եք, տիկին, — ընդհատեց Միքայել, չկամենալով խոսել կտակի մասին:

Օ՜օ, շատ վատ, շատ տխուր...

Եվ կնոջ, կենսական հրով լեցուն աչքերը հանդարտիկ բարձրացան վեր, շրթունքների վրա ալյակի պես ծփաց մի արյունահուպ ժպիտ ու կիսով չափ բաց բերանը երևան հանեց փղոսկրի պես մաքուր ու փայլուն ատամները:

Նրանք խոսում էինմեկը մյուսին նայելով հետզհետե ավելի ու ավելի կրքոտ աչքերով: Սովորական խոսակցությունը տիկինը ճարպկությամբ փոխեց, ինչո՞ւ Միքայելը չի ամուսնանում: Ա՛հ, Ժամանակակից երիտասարդները բոլորովին փչացել են, փախչում են ընտանեկան կյանքից, մատնելով իրենց թանկագին կյանքը զեխության:

Նայեցե՛ք հայելուն, դուք օրեցօր նիհարում եք ու դալկանում:

Ես նիհարում եմ, իսկ ձեր եղբայրն օրեցօր գիրանում է, ինչո՞ւ չեք ստիպում ամուսնանալ:

Գրիշայի՞ն... Օ՜օ, նա անուղղելի է, նրա սիրտն ու հոգին միշտ զբաղված են օպերային կամ օպերետային երգչուհիներով: Իսկ դուք այլ եք, ձեր սիրտն ազատ է...

Ո՞վ գիտե...

Ա՛հ, ուրեմն, դո՞ւք էլ, իսկ ես կարծում էի, որ դուք ընդունակ չեք հափշտակվելու, — արտասանեց կինն անուշ հեգնությամբ:

Ունիք իրավունք, երգչուհիների սերն ինձ չի հափշտակում:

Կնոջ ուռուցիկ կուրծքը բարձրացավ լուսամուտի հատակից, սպիտակ հեշտալի կոկորդի կրկնակի ծալը հարթվեց:

Մի ժամանակ տիկին Անուշ Ղուլամյանի ամուսնության պատմությունը մեծ աղմուկ էր բարձրացրել քաղաքում: Հարուստ կալվածատեր և քաղաքի առաջին մաղազիայի տեր Մնացական Հաբեթյանի դուստրը սիրահարվել էր իր հոր գործակատարի վրա: Ծնողները, հարկավ ընդդիմացել էին անհավասար ամուսնությանը, բայց մի օր Անուշը չոքել էր մոր առջև և արտասուքն աչքերին մի շատ խորհրդավոր խոստովանանք արել: Մայրը դստեր անզգուշությունն անհրաժեշտ էր համարել հաղորսել մարդուն: Գոռոզ կալվածատերը սարսափել էր, նախկին գյուղացու կատաղությամբ բորբոքվել: Նա կանչել էր Անուշին իր սենյակը, նախատել, անվանել էր «անառակ», ոմանց ասելով, մինչև անգամ ծեծել:

Բայց արդեն ուշ է եղել, մարդիկ բամբասում էին, ծաղրում, և հայրն ստիպված էր Անուշին տալ իր գործակատարին: Այժմ այդ գործակատարը քաղաքի լավագույն փողոցի վրա ունի մի ընդարձակ խանութ, որի ճակատին ոսկեզօծ տառերով գրված էր. «Պյոտր Իվանովիչ Գուլամով, ներկայացուցիչ Մոսկվայի մանուֆակտուրային տների»:

Արկածավոր ամուսնության ժամանակ Միքայել Ալիմյանը ռեալական դպրոցի յոթերորդ դասարանի աշակերտ էր: Պատմությունը տպավորիչ էր նրա հիշողության մեջ, և այն օրից նա շահագրգռված էր Անուշով: Գրիշայի միջոցով ծանոթացավ երիտասարդ կնոջ հետ միայն երկու տարի առաջ և երբեմն այցելում էր իբրև նրա եղբոր մտերիմ ընկեր: Թե՛ տիկինը և թե՛ ամուսինն ընդունում էին նրան բարեկամաբար, մինչև անգամ պարծենում էին, որ ունեն Ալիմյանի պես այցելու:

Անուշը նորեն թեքվեց առաջ և այս անգամ գլուխն ավելի մոտեցրեց Միքայելին, նայելով աջ ու ձախ: Նրա այտերը շառագունել էին, աչքերը պսպղում էին սև ալմաստների պես, ուռուցիկ կուրծքը մերթ դիպչում էր լուսամուտի հատակին, մերթ բարձրանում: Նա ստեպ-ստեպ հեռացնում էր ճակատից ու այտերից սևաթույր թանձր ու գանգուր մազերը:

Միքայելը բորբոքված աչքերով դիտում էր տիկնոջ գիրուկ ուսերը, կանոնակազմ իրանը, մանավանդ նրա կիսաբաց կուրծքը: Ի՜նչ սքանչելի իրան, ի՜նչ կրակոտ աչքեր և որպիսի՜ ձգտիչ նայվածք: Թող ինչ ուզում են ասեն այդ կնոջ առնականության մասինօրիժինալ էակ է, ոչ նման սովորական կանանց: Աջ ու ձախ նայելով, նա գլուխն ավելի ու ավելի մոտեցրեց Անուշին և պատրաստ էր համբուրել, երբ տիկինը հանկարծ գլուխը հեռացնելով լուսամուտից, ասաց.

Գրիշան գալիս է:

Միքայելը հետ ցատկեց: Տիկնոջ անուշ վերաբերմունքը, անսահման սիրալիր և խորհրդավոր ժպիտները, աչքերի պագշոտ արտահայտությունն այնպիսի հաճույք էին պարգևել նրան, որի նմանը երբեք չէր զգացել: Մի հաճույք, որ արժեր շատ ուրիշ տեսակ հաղթանակների: Չէ՞ որ Անուշը քաղաքի պատվավոր տիկիններից մեկն է, առաքինի ու պարկեշտ համարվող ամուսին, չնայելով արկածավոր ամուսնությանը:

Անուշի հե՞տ էիր խոսում, — ասաց Գրիշան, մոտենալով Միքայելին, — տեսա՞ր ինչպես թաքնվեց, ինձ տեսնելով: Խռով ենք, չենք խոսում...

Ինչո՞ւ:

Որովհետև նրա ամուսինն ավանակ է: Այն օրը հենց ավանակ էլ անվանեցի նրան կնոջ ներկայությամբ: Անուշը վիրավորվեց, հիմա հետս չի խոսում:

Բայց ինչո՞ւ վիրավորեցիր մարդուն:

Ինչպե՞ս չվիրավորեմ, սիրելիս, մի հազար ռուբլի ձեռապարստ խնդրեցի, չտվեց: «Չունեմ» ասաց: Ավազակը հորս կողոպտել է, կես միլիոնի կարողություն ունե, «չունեմ» ասում է: Իսկ սիրուհիների համար ունե...

Սիրուհինե՞ր է պահում:

Հապա՜, այն էլ քանիսը, քաղաքի համարյա բոլոր թաղերում և ի՞նչ գեղեցկուհիներ, մեկը մյուսից այլանդակ...

Այդ մի նորություն էր Միքայելի համար և ուրախալի նորություն: Եթե մարդը հավատարիմ չէ կնոջը, կինը կատարյալ իրավունք ունե նրան դավաճանելու: Եվ այդ օրից նրբագույն բեղիկներն սկսեցին ավելի զբաղեցնել նրան: Մի քանի օր որոշ ժամին անցավ միհարկանի տան լուսամուտների առջևով, տիկնոջը չտեսավ: Այս ավելի գրգռեց նրան: Մի երեկո վճռեց այցելել: Հակառակ սպասածին, տիկնոջ ամուսինն էլ տանն էր, թեև այդ պահին նա կլուբումն էր լինում: Մի շաբաթվա խռովությունից հետո մարդ ու կին կրկին հաշտվել էին: Մի ժամանակվա «սերը» այժմ փոխվել էր փոխադարձ սառնության, և նրանք ամիս չէր անցնում, որ միմյանց չվիրավորեին այս կամ այն պատճառով: Հենց որ ամուսնական կյանքի առաջին տարին անցավ, Պետրոսն Անուշի և Անուշը Պետրոսի աչքում դարձան ամենատաղտկալի էակներ` մարդն իր շրջանի հատուկ գռեհկությամբ, կինն իր հավակնությամբ ու պահանջներով, երկուսն էլ կոպիտ և մեկը մյուսի համար չափազանց առօրյա, նույնիսկ տգեղ: Նրանք զգացին, որ միայն անցողիկ անասնական կիրքն էր, որ նրանց ձգեց իրարու գիրկ: Մի կիրք, որ այժմ Պետրոսը նվիրել էր ծախու էակներին, իսկ Անուշի մեջ տակավին լուռ էր, սպասելով հարմար առիթի, որպեսզի բռնկվի:

Այսօր տիկինն առանձին ուշադրությամբ դիտեց ամուսնուն, դիտելով նաև հյուրին: Տարբերությունը շատ խիստ էր: Հաստափոր, հաստապարանոց, խորն ընկած փոքրիկ ագահ աչքերով, ճաղատ գլխով, բշտիկներով ծածկված երեսովահա Պետրոսը: Թեյը խմում է պնակից, թրջելով նրա մեջ իր հաստլիկ, վար իջած բեղերը և խորդալով: Անուշ խմորեղենի կտորները կլանում է իրարու հետևից, փռնչալով տավարի պես, մինչև անգամ չգիտե հյուր ընդունել ու նրա հետ զրուցել մարդավարի, նախ` շփոթվեց, տեսնելով իր տանն այդ նորաձև հագնված, նուրբ կազմվածքով, խոշոր կրակոտ աչքերով միլիոնատիրոջը, որի ձևերն ու շարժումները կրում են հարստության մեջ ծնվածի ու սնվածի որոշ կրթության դրոշմը: Այո՛, խելագար էր Անուշը, կատարյալ խելագար, որ փաթաթվեց այդ մարդու պարանոցին: Այնինչ այսօր այդ մարդը դեռ ինքն է դավաճանում ամուսնական անկողնին, փոխանակ հակառակը լինելու:

Պետրոսը խոսում էր Ալիմյանի հետ վաճառականական գործերի մասինմի նյութ, որ բնավ հետաքրքրական չէր Միքայելի համար: Նավթն օրեցօր թանկանում է, երանի նրան, ով հանքեր ունե: Պետրոսը չունե: Եթե Միխայիլ Մարկիչը լիներ բարի և իր հողերից մի գեսյատին էժան գնով տար, Պետրոսը հավիտյան երախտագետ կմնար: Անուշը զզվանքով երեսը շուռ տվեց. այդ մարդը միշտ հարուստ երիտասարդի մոտ բերան է բաց անում թե չէ, մի բան է խնդրում: Ահա` ինչ ասել է նախկին գործակատար: Եվ մինչ մարդը խնդրում էր, կինը խոստանում էր... խորհրդավոր ժպիտներով, ձևերով ու շարժումներով: Ավելի, նա հրաժեշտի միջոցին երեք անգամ այնպես սեղմեց երիտասարդի ձեռքը, որ այլևս կասկածի տեղ չմնաց...

Երկու օր անցած Միքայելը նորեն այցելեց և այս անգամ Անուշին մենակ գտավ: Նույնիսկ երեխաները տանը չէին: Աղախինը նրանց տարել էր իրենց տատի մոտ:

Անուշը Միքայելին ընդունեց մի տեսակ պաշտոնական սառնությամբ և տխուր: Միքայելն անփորձի մեկը չէր: Տիկնոջ սառնությունը բացատրեց հոգեբանորեն ճիշտ: Այսօր Անուշն զգաց իր ամուսնու մասին խոսելու և նրան պարսավելու պահանջ: Թվում էր նրան, որ եթե չպարսավե, Միքայելը կարող է կարծել, թե տակավին սիրում է այդ մարմնով այլանդակված հոգով կոշտ ու կոպիտ մարդուն: Բայց և այնպես ինքնասիրությունը զսպեց նրա լեզուն, և նա բավականացավ մի քանի ակնարկներով, որ այնուամենայնիվ արտահայտեցին նրա դժգոհությունն իր վիճակից: Ժամանակի հետ փոխվում է և կնոջ ճաշակն ու պահանջները, ներկայումս ամուսինն ու զավակները բավական չեն մի կնոջ երջանկության համար, կան ուրիշ հոգեկան պահանջներ: Ա՜հ, որքա՛ն Անուշը կփափագեր զբաղվել որևէ ոչ-ընտանեկան գործով: Երեկ նա թատրոնումն էր, խաղում էին ինչ-որ նոր դրամա, որ հերոսուհին ընտանեկան կյանքից ձանձրացած, ձգտում է իր հոգին զբաղեցնել հասարակական գործերով: Անուշը հուզվել էր իր օթյակում և հազիվ էր կարողանում զսպել արցունքը: Թվում էր նրան, որ եթե լիներ դերասանուհի, կարող էր այդ կնոջ դերը կատարել ավելի լավ, քան ովևէ: — Հավատացեք, ներկայումս ապրում են միայն դերասանուհիները, իսկ ինձ նմանները թշվառ են:

Միքայելը լսում էր և հավանություն տալիս տիկնոջ ասածներին: Նա արդեն համոզվել էր, որ Անուշը ոչ միայն չի սիրում իր ամուսնուն, այլև ատում է և բոլոր նրա ցանկություններն ու ձգտումները հենց այդ բանից են առաջանում:

Այդ օրից նա այլևս չէր աշխատում սանձահարել իր հետզհետե ավելի ու ավելի բորբոքվող կրքերը: Այցելում էր Անուշին երկու-երեք օրը մի անգամ, յուրաքանչյուր անգամ որևէ պատրվակով և միշտ Պետրոսի բացակայությամբ...

V

Մի ամսում Սմբատն արդեն ծանոթացավ հոր գործերի հետ: Ուսումնասիրելով նրանց, ավելի ու ավելի հետաքրքրվում էր ու հափշտակվում: Միլիոնների ձեռնարկությունը, բացի նյութականից, պարունակում էր և մի տեսակ բարոյական հրապույր: Նա, որ մի ամիս առաջ իր իշխանության տակ հազիվ ուներ մի աղախին, այժմ կանգնած էր մի ամբոխի գլուխ: Հազարի չափ արհեստավորներ, բանվորներ, գործակատարներ նայում էին նրան, իբրև լիազոր իշխանավորի, որ կարող է իրենց բախտավորեցնել, եթե կամենա, կամ զրկել մի կտոր հացից:

Զարմանում էր Սմբատը հանգուցյալի բնական խելքի, տակտի, եռանդի, մանավանդ համբերության վրա: Այդ տգետ մարդը, որ հազիվ սովորել էր իր անունն ու ազգանունը դնել բանկային չեկերի ու մուրհակների տակ, տարիների ընթացքում վարել էր մի ընդարձակ և բարդ գործ, որը հաջող վարելու համար քիչ էին մի խումբ համալսարանականների ու մասնագետների ուժերը: Այդ մարդը կատարյալ տաղանդ է եղել իր տեսակի:

Հաճախ Սմբատն հիշում էր Միքայելի կծու կշտամբանքն իր անցյալ հայացքների վերաբերմամբ: Այո՛, նա շատ անգամ էր ասել, թե մեր ժամանակում շիտակ միջոցներով հարստություն դիզելն անհնարին է, թե բոլոր հարուստները մի տեսակ վամպիրներ են, որ ծծում են մարդկության արյունը: Եվ ահա այսօր նա կանգնած է աշխատավորի արյուն-քրտինքով վաստակած հարստության գլուխ: Ի՞նչ անել այժմ. հավատարիմ մնալ անցյալին, արհամարհելով բոլորը հանձնել եղբորն ու մնալ աղքա՞տ, ինչպես էր դեռ մի ամիս առաջ: Մի կողմից նա մտածում էր, եթե կամքի ուժ ունենա և բարոյական մաքրություն, այդպես պիտի անե, մյուս կողմից` նրան պաշարում էին մեկից ավելի ուրիշ մտածումներ: Չէ՞ որ այդ հարստությունն անցնելով Միքայելի ձեռքը, կարող է ապարդյուն հալվել ու չքանալ մի քանի տարում: Այնինչ, որքա՜ն բարի և օգտակար գործեր կարելի է կատարել նրանով, ու այդպիսով բարոյական գործադրություն տալ անբարոյական միջոցներով ձեռք բերված զենքին: Եվ այս մտքով ոգևորվելով, զգում էր իր մեջ մի անսովոր եռանդ ու նոր, անծանոթ բարոյական զորություն: Կարծես, մի նիրհած ու թմրած ուժ էր զարթնել նրա մեջ և զարկ էր տալիս ներվերին: Մտքում կազմում էր տասնյակ միմյանցից մարդասեր, միմյանցից հրապուրիչ ծրագիրներ, որոնք հիմնված էին մարդկային թշվառություններն ամոքելու ցանկության վրա: Նախ և առաջ կբարվոքի իր իշխանության ներքո գտնվող բանվորների վիճակըահա նրա առաջին և ինքնըստինքյան մեծ գործը: Մի գործ, որ դեռ ոչ ոք չի արել հանքատերերից ու գործարանատերերից:

Նա ցերեկներն զբաղվում էր գործերով, երեկոները փակվում էր սենյակում, գրում, կարդում, ուսումնասիրում տնտեսական օրենքները: Երբեմն անձնատուր էր լինում անձնական զգացումներին, դուրս էր բերում ծոցի գրպանից նվիրական լուսանկարները, զննում երկար ու երկար ժամանակ, հեռու էր պահում ու ժպտում, մոտեցնում էր ու համբուրում: Նա տխրում էր մենակ, առանց զավակների, թվում էր նրան, որ վաղուց, շատ վաղուց է բաժանվել նրանցից և, կարծես անջատված է նրանցից հավիտյան: Մոսկվա վերադառնալու մասին նա առայժմ չէր մտածում և եթե մտածեր էլ, չէր կարող վերադառնալ` այնքան առայժմ անհրաժեշտ էր տեղն ու տեղը մնալը: Մնում էր գրել ու հրավիրել կնոջը երեխաների հետ: Բայց ինչպե՞ս բերել տալ նրանց և դնել այն հարկի տակ, ուսկից ինքն էլ վռնդված էր մի ժամանակ նրանց պատճառով և ուր ոչ ոքի սիրտը բաց չէր նրանց ընդունելու: Եվ մի՞թե ունի իրավունք այդ անելու: Մի կողմից հայրական կտակն իր ծանր անեծքով, մյուս կողմից մոր անվերջ կշտամբանքները: Բայց չէ՞ որ նա տանջվում է առանց զավակների և չէ՞ որ այդ զավակներն այնտեղ, այդ սառցային երկրում ունին որդիական ջերմությամբ լեցուն սիրտ և այժմ կարոտում են նրա տեսակցությանը: Ի՞նչպես զրկել այդ անմեղներին իրենց մորից և թողնել նրանց, որ տառապեն կարոտից:

Մի երեկո, այս ուղղությամբ խորհելով, նա զգացված էր առանձնապես: Հանկարծ մի վճռական շարժում արավ, վերցրեց մի թերթ թուղթ և սկսեց կնոջը մի նամակ գրել: Այլևս անկարող է դիմանալ զավակների կարոտին: Այժմ նա ո՛չ գործել գիտե և ո՛չ մտածել գործի մասին:

Նամակը վերջացրեց, կարդաց և նորեն ընկավ մտատանջության մեջ: Ի՞նչ է ուզում անել, ոտնատակե՞լ հոր կտակը, արհամարհել մոր աղերսանքներն ու արցունքները, մնալ հավիտենական անեծքի տակ: Հետո՞. նա ի՞նչպես պիտի հաշտեցնե նահապետական և նախապաշարմունքներով տոգորված մի գերդաստան մի եվրոպական ոգով կրթված օտարուհու հետ: Այս դեռ բոլորը չէ. կա և՛ ուրիշ, գուցե ավելի մի բարդ խնդիր, չէ՞ որ նա չի սիրում իր կնոջը, չէ՞ որ յոթ տարի վարել է նրա հետ գեհենային կյանք: Այժմ հազիվ հեռացել է նրանից, հազիվ մի փոքր շունչ առել և նորե՞ն վերսկսել նույն տառապանքները:

Նա կամեցավ նամակը պատռել, դեն ձգել, բայց նորեն հիշեց զավակներին և նորեն զգաց խղճի սուր խայթ: Երանի այսքան ընտելացած չլիներ նրանց, երանի լիներ մեկն այն իր հայրենակիցներից, որոնք համանման վիճակում կարողացել են ձգել ճակատագրի հաճույքին իրենց արյան և հոգու կտորն ու հանգիստ վերադարձել հայրենիք և նորեն ամուսնացել: Այն ժամանակ նա իր անմաքուր խիղճը կսրբեր կրոնամոլության ավազանում: Բայց նա սիրել է նրանց ոչ միայն իբրև ծնող, այլև իբրև զգայուն մարդ: Ատելով կնոջն ու նրանից ատվելով, զգալով իր անթույլատրելի մոլորությունը, հորից անիծված, մորից, եղբայրներից ու բոլոր մերձավորներից հեռու, նա ուներ միայն և միմիայն մի սփոփանքզավակները, ու նրանց մթնոլորտումն էր մոռանում իր հոգու կսկիծը:

Նա վերցրեց նամակը, ծրարեց: Այդ պահին ներս մտավ Միքայելը, մոտեցավ և լուռ նստեց դեմուդեմ սեղանի մյուս կողմում: Նրա դեմքն արտահայտում էր վճռականություն, երևում էր, որ եկել է մի լուրջ խնդրով և դրական որոշումով:

Ժամանակ ունի՞ս, — հարցրեց նա:

Նայելով, թե ինչի համար:

Այդ կիմանաս, բայց այդ ի՞նչ նամակ է:

Քո գործը չէ:

Հասկացա, կնոջդ ես գրում: Իհարկե, չունիմ իրավունք քո անձնական գործերով զբաղվելու, սակայն հետաքրքրական է գիտենալ` ի՞նչպես ես վճռել զավակներիդ վիճակը:

Գրում եմ նրանց մորը, որ վերցնե նրանց և գա այստեղ: Հույսով եմ, որ գոնե դու դեմ չես այդ բանին:

Դու ինքդ ասացիր, որ այդ ինձ չի վերաբերում, բայց արդյոք վաղաժա՞մ չէ այդ նամակը:

Ի՞նչ ես ուզում ասել:

Այն, որ նախքան այդ նամակը գրելը պիտի խոսեիր ինձ հետ:

Չեմ հասկանում:

Կխոսեմ պարզ ու կտրուկ: Դու պիտի շուտով վերադառնաս Մոսկվա:

Վերադառնա՞մ: Ինչո՞ւ:

Քո նախկին կյանքը շարունակելու, այսինքն` գերդաստանից աքսորված:

Միքայել, ես տրամադիր չեմ կատակներ անելու:

Ես ևս առավել: Լսի՛ր, ապօրինի ես տիրացել մեր հոր ժառանգությանը:

Մի՞թե, — գոչեց Սմբատը հանգիստ, ցամքիչը սեղմելով ծրարի հասցեի վրա:

Այո՛, դու չես այդ ժառանգության տերը, — կրկնեց Միքայելը:

Մոտդ նամակադրոշմ կա՞, — հարցրեց Սմբատն ամենայն սառնասրտությամբ. — ուզում եմ այս նամակն իսկույն ևեթ փոստարկղ գցել տալ:

Ես խնդրում եմ թողնել կատակներդ և լսել ինձ:

Ասա՛, լսում եմ:

Մեր հայրը քեզ ոչինչ չի կտակել, նույնիսկ մի աննշան բաժին: Այն կտակը, որով տիրացել ես նրա հարստությանը, ապօրինի է: Իսկականն ինձ մոտ է: Եթե բարեհաճես, կարող ես ծանոթանալ նրա բովանդակության հետ:

Երևի նոր ես ճաշից վեր կացել, գլուխդ մթնած է, գնա՛, հանգստագիր:

Միքայելը վրդովվեց:

Ես հարբած չեմ և արթուն եմ ավելի քան երբևէ, — գոչեց նա և, ձեռը տանելով ծոցի գրպանը, դուրս բերեց մի քառածալ թուղթ:

Սմբատը մատը սեղմեց զանգակի կոճակին: Ներս մտավ սպասավորը:

Թադևոս, — հրամայեց նա, — այս նամակը տար ու փոստը ձգիր:

Սպասավորը վերցրեց նամակը և դուրս գնաց:

Թղթի կտո՞ր, այդ ի՞նչ է, — հարցրեց Սմբատը նույն սառնասրտությամբ:

Այո՛, թղթի կտոր, որ սակայն մեր հոր իսկական կտակն է: Հավատում եմ քո ազնվությանը, ա՛ռ և կարդա...

Սմբատը ձեռքը մեկնեց թուղթն ընդունելու:

Կա՛ց, — ասաց Միքայելը, ձեռը տանելով մյուս գրպանը, — ես սխալվեցի: Մարութխանյանն ասում է` մեր ժամանակում ոչ ոքի չի կարելի հավատալ, նույնիսկ հարազատ եղբորը: Նա ճանաչում է մարդկանց:

Մանո՜ւկ, — արտասանեց Սմբատը, հեգնորեն ժպտալով, — երևի քեզ համար ուրիշ զորություն գոյություն չունի, բացի զենքը:

Նա վերցրեց թուղթը, բաց արավ, կարդաց, ստուգեց հոր ստորագրությունը և ասաց.

Այո՛, շատ ճարպիկ ձեռք է ունեցել այս թուղթը հորինողը:

Դու չե՞ս հավատում կտակի իսկությանը:

Իհարկե, չեմ հավատում, բայց...

Նա կանգ առավ, խորհեց, ճակատը տրորելով: Նա` և՛ չէր հավատում, և՛ չէր կարող չհավատալ: Մի՞թե ճիշտ է: Նայեց թղթի սկզբում գրված թվականին, շփոթվեց նա գրված էր իր քովը եղած կտակից մի քանի ամիս հետո, երկուսը տակ ևս նույն ձեռով գրված ստորագրությունը: Ուրեմն ջարդ ու փշուր են լինում նրա բոլոր ծրագիրները: Ուրեմն նա դարձյալ չքավոր է, դարձյալ գերդաստանից աքսորված, անիծվա՞ծ: Ի՞նչ է նշանակում այդ, կատա՞կ է արել հանգուցյալը մահվան անկողնում, մահամերձի դիվային կատա՞կ, թե հոգեկան հիվանդ է եղել ծերունին և մի թղթի փոխարեն տվել է մյուսը:

Նա նայեց Միքայելի երեսին խորը, զննող հայացքով, և մի միտք հանկարծակի լուսավորեց նրա րոպեաբար մթագնած ուղեղը, ճակատի կնճիռները պարզվեցին, և նրա դեմքով անցավ մի դառը ժպիտ:

Ո՞վ է հորինել այս թուղթը, — գոչեց նա, ձեռը զարկելով կեղծ կտակին:

Ինքը` հանգուցյալը... պարզ չէ՞ միթե:

Վերցրու հետ, հե՛տ վերցրու և պատռիր ու դեն ձգիր: Դու մի խայտառակ բանսարկության զոհ ես... վերցրո՛ւ...

Հա՜ հա՜ հա՜, — ծիծաղեց բարձրաձայն Միքայելը, և նրա ծիծաղը հնչեց բռնազբոսիկ ու կեղծ:

Սմբատը մի անգամ ևս ստուգեց հոր ստորագրությունը` իր սեղանի մեջ գտնված մյուս ստորագրությունների հետ և նորեն շփոթվեց: Մտածեց, որ եթե նույնիսկ այդ թուղթը մի կեղծվածք է, կարող է նրան ահագին անախորժություններ պատճառել:

Դու ուզում ես, որ այս թղթի հիման վրա օրենքով հաստատված իրավունքներս քե՞զ հանձնեմ, — հարցրեց նա, ոտքի ելնելով:

Ստիպված ես այդպես անել:

Իսկ եթե չանե՞մ:

Կդիմեմ դատարանին:

Սմբատը լռեց, ծալեց նորեն թուղթն ու դրեց եղբոր առջև: Միքայելը նայում էր նրա երեսին: Մի վայրկյան նա խորհեց, որ իր արածը լավ բան չէ, բայց միայն մի վայրկյան: Չպիտի սկսեր կոմեդիան, որ սկսել է, պիտի խաղա մինչև վերջ:

Ուրեմն դատարանի՞ միջոցով:

Դիմիր, ուր որ ուզում ես, — արտասանեց Սմբատը, վճռաբար. — ես այդ կտակը համարում եմ կեղծ և հորինողը Իսահակ Մարութխանյանն է:

Միքայելը ցնցվեց թակարդն ընկած թռչնի պես, սակայն կարողացավ անմիջապես ուշքի գալ:

Ցավում եմ, որ պիտի դիմեմ դատարանին, — ասաց նա և ոտքի ելավ:

Եվ որպեսզի իր կամքի ուժն ավելի դժվարին փորձի չենթարկի, շտապեց հեռանալ, թուղթը դնելով գրպանը:

Սմբատը բութ մատի եղունգը սեղմեց ատամներին, հայացքը հառելով հատակին: «Իսկ եթե կեղծ չէ՞»: Հայտնի բան է, այն ժամանակ պիտի մտածել անելիքի մասին: Նա չի կամենում չոր տափի վրա մնալ, և ո՞վ կկամենար մնալ նրա տեղը: Թող այդ հարստությունը դիզված լինե աններելի միջոցներով, նրան կարելի է զտել ու մաքրել կեղտերից, գործադրելով հօգուտ հանրության, բայց նորեն աղքատանա՞լ... օ՜օ, ոչ, չի կարող...

Հետևյալ առավոտ նա ինքը գնաց Միքայելի սենյակը և այնտեղ հանդիպեց Իսահակ Մարութխանյանին: Գուշակեց անմիջապես, թե ինչն է այդ մարդուն բերել այստեղ այդչափ կանուխ առավոտյան: Գուշակեց նաև, որ փեսան իր աներձագի տրամադրությունն արդեն լարել է իր դեմ: Նա բացատրություն պահանջեց. Միքայելը կրկնեց նույնն ավելի դրականորեն, քան նախընթաց երեկո:

Դիմելու եմ դատարանին այսօր ևեթ, եթե չկամենաս գործը հաշտությամբ վերջացնել:

Դիմի՛ր, — ասաց Սմբատը, մի զննիչ հայացք ձգելով Մարութխանյանի վրա, — դիմեցե՛ք, երկուսդ էլ կկորչեք որպես կեղծարարներ:

Խնդրեմ, առանց վիրավորանքի, — արտասանեց Մարութխանյանը. — ի՞նչ իրավունքով ես ինձ խառնում այդ գործի մեջ:

Եվ պատասխան չստանալով ավելացրեց.

Իմ միակ մեղքն այն է, որ ես Միքայելին հավատում եմ ավելի, քան քեզ: Կոնտր-կտակն իսկական է և անժխտելի: Իբրև իրավաբան ես համոզված եմ այդ բանում:

Սմբատի տրամադրությունը վայրկենապես մեղմացավ, ոչ երկյուղից, այլ մի ուրիշ մտքից: Եթե նույնիսկ կեղծ է կոնտր-կտակը, կարող է մեծ աղմուկ բարձրացնել և դառնալ աղբյուր ով գիտե ի՞նչ չարիքների:

Միքայել, — ասաց նա, աշխատելով լինել կարելույն չափ սառնասիրտ, — այդ մարդուն հավատ մի ընծայիր. նա կարող է քեզ կործանել, ես այս ասում եմ առանց քաշվելու, իր ներկայությամբ:

Ասաց ու դուրս գնաց, իջավ ցած և մտավ տան ներքին հարկում գտնվող խանութներից մեկը:

Դա մի երկայն ու լայն սենյակ էր, բաժանված տախտակյա միջնորմով երկու մասերիառաջին և հետին: Հետին մասը ծառայում էր իբրև կացարան` քաղաքային գործակատարներից մեկի համար, իսկ առաջին մասը` գրասենյակ էր: Այստեղ դրված էին մի քանի քայքայված, դեղնագույն պահարան և մի հնամաշ գրասեղան` մի քանի նույնչափ հնամաշ աթոռներով: Դրամարկղ չկար: Մի ուրիշ գրասեղան դրված էր խորքում: Հատակի մի կողմը ծածկված էր զանազան հանքային ու գործարանային պարագաներովխողովակներ, ծորակներ, պարանների կապոցներ և այլն:

Խորքի սեղանի մոտ նստած գրում էր մոտ քառասուն տարեկան մի մարդ, նիհար ու ժամանակից առաջ թառամած դեմքով: Սմբատին տեսնելով, նա ոտքի կանգնեց ու բարևեց, երևան հանելով իր հասակի բարձրությունն ու մեջքի կորությունը: Հագած էր նա երկայն մոխրագույն հնամաշ ռեդինկոտ, որի մաշված կոճակների արճիճագույն թիթեղիկները փայլում էին շքանշանների պես: Ծնկների կողմում կուչկուչված անդրավարտիքի տակից երևում էին մեկից ավելի անգամ կարկատված կոշիկների բերանները և այնտեղից ցցված ճերմակ գուլպաները: Պարանոցին կապած էր մի սև թաշկինակ, յուղոտված ու փայլուն, որ նրան տալիս էր հիվանդի տեսք: Մի ուրիշ գույնզգույն թաշկինակի ծայրը ցցվել էր ռեդինկոտի հետևի գրպանից: Ընդհանուր առմամբ այդ մարդը կյանքից ծեծված մեկի տպավորություն էր գործում:

Սմբատը նստեց գրասեղանի քով և ստորագրեց մի քանի թղթեր, որ լռորեն նրա առջև դրեց կորամեջք մարդը, որ թե՛ դրասենյակի վարիչ էր, թե՛ գործակատար, թե՛ հաշվապահ: Այնուհետև մարդը վերցրեց ստորագրված թղթերը և յուրաքանչյուրի տակ ստորագրեց իր անունը.

«Հաշվապահ` Դավիթ Զարգարյան»:

Հետո դուրս բերեց գրպանից մի կապ թղթադրամներ և դրեց Սմբատի առջև, ասելով.

Ստացվել է երկու խանութպաններից:

Պահեք ձեզ մոտ, վաղը կտաք, — ասաց Սմբատը:

Ո՛չ, վերցրեք, ես չեմ կարող մոտս մի ժամ անգամ դրամ պահել:

Հաշվապահը հուզված էր երևում: Նրա ամբողջ կեցվածքի մեջ նկատվում էին վրդովմունքի հետ նաև հպարտություն և վիրավորված ինքնասիրություն:

Դարձյալ ի՞նչ է պատահել, — հարցրեց Սմբատը, որ արդեն բավական ճանաչել էր այդ մարդու բնավորությունը:

Պարոն Սմբատ, վերցրեք այդ փողերը և այսուհետև ինձ ազատեք առհասարակ դրամի հաշիվներից:

Այս ասելով, Զարգարյանը խոշոր քայլերով սկսեց անցուդարձ անել: Յուրաքանչյուր քայլին նրա վտիտ իրանը թեքվում էր առաջ այնպես, որ կարծես, ամեն անգամ ոտների տակ սողուն էր ջարդում:

Ես ձեր միտքը չեմ հասկանում, — ասաց Սմբատը, — մի գուցե ես ձեզ վիրավորե՞լ եմ:

Ո՛չ, պարոն Ալիմյան, դուք բավական կրթված եք ինձ նմաններին չվիրավորելու համար: Ես ուղղակի սարսափում եմ ինձ մոտ փող պահելուց:

Երևի վախենում եք կորցնե՞լ:

Այո՛, վախենում եմ:

Բայց, որքան ինձ հայտնի է այսքան տարի մեզ մոտ ծառայելով, դուք դեռ ոչ մի անգամ փող չեք կորցրել:

Սխալվում եք, մի-երկու անգամ պատահել է հանգուցյալի կենդանության ժամանակ:

Զարգարյանի խոսքերի մեջ Սմբատն զգում էր հետին միտք: Այդ մարդու ազնվության մասին նա մազի չափ կասկած չուներ: Արդեն բավական էր, որ հանգուցյալի նման վերին աստիճանի զգույշ և կասկածամիտ մեկը պահել է նրան իր մոտ յոթը տարի:

Ի սեր անկեղծության, պարզ խոսեցեք: Ինչպես տեսնում եմ, դուք մի բան եք ուզում ասել, բայց քաշվում եք...

Շատ բարի, պարզ կխոսեմ, քանի որ թույլ եք տալիս, — ասաց Զարգարյանը և մի խոշոր քայլ ևս անելով, կանգ առավ Սմբատի առջև. — ձեր եղբայրը, պարոն Սմբատ, գողություն է անում:

Զարգարյա՜ն, — ընդհատեց Սմբատը վրդովված:

Դուք իրավունք տվեցիք ինձ լինել անկեղծ, ուրեմն չպիտի բարկանաք: Այո՛, պարոն Միքայելը գողություն է անում, և ես անզոր եմ նրան արգելելու: Նա այս շաբաթ երեք անգամ գրասենյակից փող է վերցրել առանց ստացական տալու: Ահա հաշիվը, հազար յոթ հարյուր ռուբլի...

Նա դրեց Սմբատի առջև մի թուղթ:

Գողությո՜ւն. ո՛րպիսի վիրավորանք Ալիմյան գերդաստանի պատվին և ինքնասիրությանը: Միքայելն այդ փողերի մասին ոչինչ չի ասել Սմբատին և, իհարկե, երբեք չպիտի ասեր: Ահա ի՛նչ, ուրեմն նա չի բավականանում մորից առանձին և եղբորից առանձին ստացածներով, ձեռներն ապականում է գողության մեջ: Նա չի խնայում անգամ այն խեղճ հաշվապահին, — վտանգի ենթարկելով նրա վարկը: Ահա թե ո՛րքան է ապականվել այդ տղան:

Հանգուցյալը, — շարունակեց Զարգարյանը հառաչելով, — լավ էր ճանաչում որդուն, ուստի բոլոր վարձողներին և գործակատարներին պատվիրել էր ոչ մի կոպեկ չտալ նրան: Լավ կլիներ, որ միևնույնն էլ դուք անեիք...

Շատ բարի, ես աչքի առջև կունենամ ձեր խորհուրդը...

Следующая страница