Շիրվանզադե Ալեքսանդր՝   Քաոս

Այո՛, մտադիր եմ նոր սիստեմով պահել հաշիվները, բայց դուք դարձյալ ինձ հարկավոր եք... Պարոն Զարգարյան, այդ չէ պատճառը, երևի, դուք վիրավորված եք մեզանից...

Զարգարյանը բռնեց իր ջղուտ, երկայն մատներով նոսր սևագույն միրուքը և ասաց հանկարծ.

Այո՛, վիրավորված եմ... Ձեր եղբայրը, պարոն Սմբատ, ինձ հալածում է, ես այլևս այստեղ մնալ չեմ կարող: Անտանելի է, ազատեցեք ինձ, շնորհակալ եմ, որքան պահեցիք...

Սմբատը մտատանջության մեջ ընկավ: Դուրս բերել Զարգարյանին չէր ուզում, այնինչ գիտեր, որ Միքայելը, արդարև, հալածում է հաշվապահին այն օրից, երբ սա այլևս փո՛ղ չէր տալիս նրան:

Կկամենա՞ք տեղափոխվել հանքերը, — հարցրեց նա:

Հանքե՜րը,,,

Այո՛: Ես ձեզ կնշանակեմ կառավարչի օգնական ու հաշվապահ: Այնտեղ կունենաք ձրի բնակարան չորս սենյակից բաղկացած: Կարող եք տեղափոխել և ձեր տնեցիներին: Դուք այժմ ստանում եք ամսական քառասուն, այնտեղ կստանաք երկու անգամ ավելի...

Զարգարյանը չհավատաց ականջներին, նայեց զարմացած տիրոջ երեսին: Սմբատը կրկնեց իր առաջարկությունը: Զարգարյանի դեմքը մի վայրկյան ժպտաց, և այս առաջին ուրախ ժպիտն էր, որ տեսավ Ալիմյանը նրա մռայլ երեսի վրա:

Բայց ես հանքային գործերին տեղյակ չեմ, — ասաց նա անվստահ:

Կսովորեք: Եթե այդ է միակ առարկությունը, կարող եք վաղը ևեթ տեղափոխվել: Ես իսկույն գնալու եմ հանքերը, կհրամայեմ, որ սենյակները մաքրեն, պատրաստեն:

Կես ժամ անցած Զարգարյանը շտապում էր տուն, ուրախալի լուրը տնեցիներին հայտնելու: Հաճելի հուզումից նրա երկայն ծնկները ծալվում էին: Երբեք այնքան բախտավոր չէր եղել, ութսուն ռուբլի, ձրի բնակարան, ավելի մաքուր օդ անդամալույծ եղբոր համար և, որ ամենագլխավորն է, հեռու Միքայելիցահա անսպասելի բախտ:

Խոսում էր ինքն իր հետ, հաշիվներ էր անում, պարտքեր վճարում, քրոջ երեխաների համար նոր հագուստներ գնում, ձեռները շարժում օդի մեջ, ժպտում, ծիծաղում, անցորդների ուշադրությունը գրավելով:

Հասավ մի նեղ, ցեխոտ և հոտած փողոց: Մեծ դարբասով մտավ բավական ընդարձակ մի բակ, որ խոնավ էր, կեղտոտ, խորդուբորդերով լի: Նա այնքան շփոթված էր, որ ներս մտնելիս ընդհարվեց մի կեղտոտ հագուստով թուրքի հետ, որ իսկույն հետ կանգնեց, գոչելով.

Հա՛յ, ինձ մուռտառեցիր...

Բակում ուրախությունից բարևեց մի ոտաբոբիկ թուրքի, որ դանդաղ քայլերով, մի ձի առջևը գցած, քշում էր առաջ: Ձիու կրծքին կապած էր մի պարան, որի մյուս ծայրը հասնում էր ջրհորին. երբ ձին հեռանում էր, ջրհորից դուրս էր գալիս մի տիկ, որ ջրի ազդեցությունից սպիտակել էր ու փափկել բամբակի պես: Թուրքը շարժում էր պարանը, և ջուրը տակից թափվում էր ու հոսում մոտակա բաղնիքը: Բակում աջ ու ձախ ճյուղավորված էին բազմաթիվ պարաններ, ծանրաբեռնված բաղնիսային լաթերով, որոնցից բարձրացող գոլորշին տարածել էր անասելի գարշահոտություն: Լաթերն աջ ու ձախ հրելով, Զարգարյանը հասավ մի նեղ ու երկայն պատշգամբի, որ բակին հավասար էր: Մտավ մի փոքրիկ, կիսախավար սենյակ, ուր խաղում էին երկու ոտաբոբիկ, կիսամերկ մանուկներ: Քանի մի դեղնագույն աթոռներ, մի հասարակ աններկ սեղան` ծածկված սպիտակ մաքուր ծակոտիկ սփռոցով, վրեն դրած կլոր երկոտանի հայելիահա ամբողջ կահ-կարասին: Պատերը սպիտակ կավից էին, հատակը նույնպես կավով սվաղած, միայն դեղին խսիրներով ծածկված:

Զարգարյանն անցավ մյուս սենյակը, որ նույն տեսքն ուներ, միայն առանց աթոռների ու սեղանի: Երկայն թախտի մի անկյունում նստած էր նրա անդամալույծ եղբայրըՍարգիսը:

Դեռ վեց ու կես տարի առաջ այդ մարդն աջող վաճառական էր հյուսիսային քաղաքներից մեկում: Բախտի անիվը շուռ եկավ, բավական հարուստ խանութը դարձավ զոհ հրդեհի, մարդը սնանկացավ: Չդիմանալով խայտառակության, կաթվածահար եղավ ու բևեռվեց անկողնին: Մինչև այդ ժամանակ նա չէր հիշել, թե Կովկասում ունի մի եղբայր, որ պարապելով առաջ ուսուցչությամբ և այժմ մասնավոր գրասենյակներում, չափավոր ռոճիկով պահել է նախ իր ծերունի ծնողներին, իսկ հետո այրիացած քրոջը` իր զավակների հետ: Դժբախտությունը հիշեցրեց նրան և դրդեց աղերսալի նամակով դիմել մոռացված եղբոր օգնության: Եղբայրն ընդունեց նրան քրիստոնեական ներողամտությամբ և այն օրից կերակրում էր անդամալույծին, կնոջն ու աղջկան:

Երջանիկ մարդուց այժմ մնացել էր կես կմախք, մարմնի ձախ կողմը գոսացած, դեմքը կորցրած մարդկային արտահայտությունը, երեսն ուռած և աչքերը պլշած: Սակայն այդ կես կմախքն իր երջանիկ անցյալից անխախտ պահպանել էր երկու բանառողջ ստամոքս և մշտապես տրտնջող լեզու: Կար տանն ուտելու բան, թե չկար, քաղցած էին երեխաները, թե կուշտ, միևնույն էր անդամալույծի համար: Նա պիտի ունենար իր նախաճաշը, ճաշն ու ընթրիքը: Ուրախ էր ընտանիքը, թե տխուր, տան մեջ առաջին տեղն էր բռնում օրից-օր մանկացող հիվանդի քիմքը:

Եվ այս քմքի առաջին գերին էր նրա քսաներկու տարեկան դուստրըՇուշանիկը: Ամբողջ օրն օրիորդը գրեթե միայն նրանով էր զբաղված: Թևից բռնած սենյակում զբոսեցնում էր, գիրք էր կարդում նրա համար, հետը թուղթ խաղում և ծառայում` որպես աղախին: Նա դեռ սիրում էր այդ կես-կմախքը, և սիրում էր զգայուն սրտի բոլոր ուժով:

Շուշանիկը կերակրում էր անդամալույծին, երբ հորեղբայրը ներս մտավ: Դա միջին հասակից քիչ բարձր, գունատ, բայց ոչ հիվանդոտ դեմքով մի աղջիկ էր, հագնված, հարկավ, շատ հասարակ և ուսերին գցած մի մոխրագույն ասվյա շալ. որ ծածկում էր նրա կանոնավոր իրանը: Նրա պարզ գույնի մտախոհ աչքերից բուրում էին հրեշտակային հեզություն և անսահման համբերություն: Մի ձեռին կերակրի ամանը, մյուս ձեռին գդալըայդ վայրկյանին նա հիշեցնում էր գթության անձնվեր մի քրոջ, որ կարծես իր սրտի վիշտն ու ուրախությունը նվիրել էր ուրիշների անդորրությանը: Բայց նա ավելի էր, քան մի գթության քույր. նա մի սիրող դուստր էր, որի սիրտը բաղկացած էր էոլյան նվագարանի լարերից:

Զարգարյանը հաղորդեց ուրախալի լուրը: Երկու վաղաժամ թառամած կանայք, սև հագնված, որոնցից մեկը քույրն էր, մյուսը` եղբոր կինը, ուրախության թեթև կռինչ արձակեցին: Շուշանիկի մելամաղձիկ դեմքի վրա փայլեց լուսավոր ժպիտ: Եվ նա, ճակատի վրա թափվող շոկոլադի գույն թանձր մազերը հետ տանելով, նայեց հոր երեսին: Անդամալույծն ուրախ չէր եղբոր հաղորդած լուրին կամ գուցե թաքցրեց ուրախությունը: Այդ պահին նա բարկացած էր, որովհետև տաք կերակուրն ուշացրել էին: Մի քանի րոպե առաջ հայհոյել էր կնոջը, եղբորը, ամբողջ ընտանիքին և ամբողջ աշխարհին: Բոլորը նրան թշնամացել են և դիտմամբ քաղցած են թողնում, որ սովից մեռնի: Լսելով եղբոր խոսքերը, թե այսուհետև պիտի ապրեն հանքերում, նա առողջ ձեռով հրեց կերակրի ամանը և գոչեց.

Դու ուզում ես ինձ տանել նավթի հորում խեղդե՞լ... Չեմ գնալ, չեմ գնալ...

Շուշանիկը հորեղբորը սիրում էր ոչ պակաս, քան հորը: Այն մարդը, որի վրա ծանրացած էր ամբողջ ընտանիքի հոգսը, փոխանակ շնորհակալության, հանդիպում է մերձավորի դժգոհության: Եվ այն էլ եղբոր կողմից, մի մարդու, որ հարուստ և առողջ ժամանակ հասարակ նամակագրության անգամ չէր արժանացրել նրան: Դա երախտամոռություն չէ՞ արդյոք: Ներքին տանջանքից օրիորդը սեղմեց բռունցքները, կարծես կամենալով սրտի դառն կսկիծը խեղդել եղունգների մեջ:

Պապա, — ասաց նա զգացված ձայնով, — այսուհետև դու ամեն օր խորոված ձուկ կուտես, հորեղբայրս ռոճիկ շատ է ստանալու:

Սուտ ես ասում, — գոչեց անդամալույծը, իր պլշած աչքերը դանդաղորեն հառելով աղջկա ճակատին: -Դուք ինձ այստեղ կթաղեք, կթաղեք... Գազը կտրաքացնեք, նավթ կվառեք, ինձ մեջը կգցեք... Ես ձեզ չե՞մ ճանաչում, ինչ է, դուք անաստվածներ եք:

Եվ, գլուխը դնելով բարձի վրա, սկսեց լալ երեխայի պես... Զարգարյանը զսպելով իրեն, անցավ մյուս սենյակը: Նա սոված էր, ուտել էր ուզում, բայց այնքան հուզված էր, որ մի երկու պատառ պանիր ու հաց բերանը դնելով, վեր կացավ տեղից:

Հիվա՞նդ եք, հորեղբայր, — հարցրեց Շուշանիկը, — դողո՞ւմ եք:

Ո՛չ, ո՛չ, հիվանդ չեմ: Համոզիր հորդ, որ համաձայնի հանքերը տեղափոխվել: Այնտեղ լավ կապրենք, աստված վկա, լավ կապրենք: Երեք սենյակ, ո՛չ, չորս, հասկանո՞ւմ ես, չորս, ամսական ութսուն ռուբլի, հանա՞ք ես իմանում: Ով գիտե, գուցե կարողանանք մի աղախին էլ վարձել և քեզ ազատել տնային կոպիտ աշխատանքից: Տե՛ս ձեռներդ ինչպես կոշտացել են, Շուշան, չեմ ուզում, որ դու խոհանոցում աշխատես, դու, դու, ափսոս ես, գեղեցկուհի...

Շուշանիկը ծիծաղեց: Զարմանալի մարդ է նրա հորեղբայրը, չէ՞ որ նա ուրիշների համար չի աշխատում խոհանոցում, այլ իր ծնողների, իր հորեղբոր, իր հորաքրոջ համար:

Այդ ճիշտ է, ճիշտ է, — գոչեց Զարգարյանը, — մենք մեր մերձավորների համար ենք աշխատում: Բայց ո՞վ գիտե, երիտասարդ աղջիկ ես, ինչո՞ւ այդպես մաշվես, դեղնես... ճշմարիտ է, ես երբեք չեմ գանգատվել, բայց հայրդ քեզ չի սիրում, Շուշանիկ, չի խնայում: Սա երախտագետ մարդ չէ...

Հիվանդ է, ներողամի՛տ եղիր...

Հիմա՜ր, — արտասանեց Զարգարյանն արդեն մեղմացած, — մի՞թե ես բարկանում եմ նրա վրա: Երբե՜ք: Բայց պիտի հասկանա քո դրությունը, ես միայն քո մասին եմ հոգում:

Անդամալույծի սենյակից դուրս եկան օրիորդի մայրը և հորաքույրը: Խոսակցությունն ընդհատվեց: Պատշգամբից ներս վազեցին ոտաբոբիկ մանուկները: Որոնցից մեկն արդեն ինը, մյուսը յոթ ու կես տարեկան էր, արտասվելով փաթաթվեցին իրենց մոր փեշերին: Դրացի թուրք ընտանիքի ավելի մեծ մանուկները հարձակվել էին նրանց վրա ու ծեծել: Շուշանիկը գրկեց նրանց, հանգստացրեց, իսկ մայրը դուրս եկավ կռվելու հարևանների հետ, որ չեն զսպում իրենց մանուկներին:

Գոնե այդ աղմուկից կազատվենք, — ասաց Զարգարյանը, — այնտեղ հարևաններ չենք ունենալ: Դե, լավ, Աննա, մի՛ կռվիր, — գոչեց նա մոտենալով դռներին, — չարժե, չարժե...

Աննան ներս եկավ բարկացած ու կամեցավ ծեծել իր երեխաներին, որ չէին լսում իրենց մորը և ամեն ժամ դուրս էին վազում թուրքերի հետ խաղալու. Շուշանիկը պաշտպանեց մանուկներին, հեռացնելով նրանց մյուս սենյակը, ուսկից լսվում էին անդամալույծի մրմունջները:

Կանչի՛ր նրան, կանչիր այստեղ, — դարձավ անդամալույծն աղջկան:

Օրիորդը հասկացավ, որ հայրն ուզում է իր եղբորը, կանչեց:

Դավիթ, — գոչեց անդամալույծը, — թե աստված ունես, ինձ ազատիր այս դժոխքից: Այդ թուրք հարևաններն ինձ կսպանեն, կխեղդեն գիշերը: Ա՜խ, այս բաղնիսի հոտն ինձ սպանեց... ազատի՛ր, ազատի՛ր...

Հետևյալ օրր Դավիթ Զարգարյանը գրասենյակի գործերը հանձնեց նոր հաշվապահին և տեղափոխվեց հանքերը: Իսկ երրորդ օրը նա տեղափոխեց ընտանիքը: Ուղևորվելուց առաջ անդամալույծը դարձյալ ասաց, թե չի ուզում հանքերում ապրել և առողջ ձեռով հրեց աղջկան, որ օգնում էր նրան տեղից վեր կենալու: Բայց երբ եղբայրը վճռաբար ասաց, թե լա՛վ, կարող է մնալ քաղաքում, հիվանդը հայհոյեց նրան: Ի՜նչ, ուզում են նրան թուրքերի ձե՞ռքը գցել: Կառք, շուտով կառք բերել տվեք և տարեք թեկուզ դժոխք...

Այդ օրը Սմբատն էլ հանքերումն էր: Նրան հետաքրքրում էր Զարգարյան ընտանիքի վիճակը: Զգում էր մի տեսակ հոգեկան հաճույք, որ այդչափ գոհություն էր պատճառել ստորադրյալին նոր պաշտոնով:

Կանանց հնամաշ հագուստները, տնային ողորմելի կահ-կարասին, երեխաների ցնցոտիները ծանր տպավորություն գործեցին նրա վրա: Նա չգիտեր, որ Զարգարյաններն այդքան աղքատ են:

Ո՞վ է այդ օրիորդը, — հարցրեց հաշվապահին:

Շուշանիկն էր, որ անբաժան մոխրագույն շալն ուսերին գցած, մեկ-մեկ սրբում էր քաղաքից բերված իրերը և տանում ներս: Նրա պայծառ ու խելացի աչքերը, մելամաղձիկ դեմքն ակամա գրավեցին Սմբատի ուշադրությունը: Չկարողացավ զսպել հետաքրքրությունը և գրեթե ինքն ակնարկեց քաղաք ուղևորվելուց առաջ Զարգարյանների տանը թեյ խմելու մասին:

Աղքատիկ ընտանիքը հրճվեց միլիոնատեր երիտասարդի համեմատությամբ: Թեյը մատուցանում էր Շուշանիկը պատշգամբում: Անդամալույծը ներսում էր, և Սմբատը լսում էր նրա անընդհատ մրմունջները: Երեխաները խաղում էին զավթում: Իսկ կանայք քաղված էին իրեղենները դասավորելով:

Սմբատը, ակամա գրավված Շուշանիկի պայծառ աչքերով, գեղեցիկ հասակով, համակրելի դեմքով, դիտում էր նրան, խոսակցելով իր ստորադրյալի հետ գործերի մասին: Թվում էր նրան, որ չքավորության տակ օրիորդի հոգին այնքան չի ճնշվել, որ կա նրա մեջ ինչ-որ հպարտություն: Միևնույն ժամանակ զգում էր, որ նա մի պահապան հրեշտակ է ողորմելի անդամալույծի, ցնցոտիապատ երեխաների և ամբողջ ընտանիքի համար: Եվ որքան շատ էր դիտում, այնքան ավելի էր ուրախանում մտքում, որ գեթ համեմատական թեթևություն էր տվել աղքատ ընտանիքին: Այսուհետև, երևի, նա այնքան չքավոր վիճակ չի ունենալ, և այդ երիտասարդ ու սիրունադեմ աղջկա տնային աշխատանքը կթեթևանա:

Հրաժեշտ տալիս, նրա աչքերն ակամա հառվեցին օրիորդի աչքերին: Զգաց, ոը ձեռը ցնցվեց իր ափի մեջ: Դա աղքատի շփոթությունը չէր հարուստ մարդու վարձատրությունից: Դա կանացի ամոթխածության ցնցումն էր, մի նոր ծանոթացած տղամարդի արդեն չափից դուրս հետաքրքիր հայացքից...

IX

Այն օրը Սմբատը մի առանձին կարոտով էր հիշում զավակներին, կառքի մեջ նստած, դարձյալ դիմելով դեպի հանքերը:

Եղանակը սառն էր: Փչում էր սուր կտրուկ հյուսիսային քամի: Խոշոր ավազը, երկրից բարձրանալով, պատում էր օդի մեջ և փոքրիկ գնդակների ուժգնությամբ զարկում նրա երեսին:

Կառքը դուրս եկավ քաղաքից: Դեպի աջ պարզվել էին նավթային գործարանները,-ծխի, մրի և շոգու խառնուրդով մթագնած սև քաղաքը: Ծովը սքողված էր մոխրագույն մառախուղով, որ փոթորկի նշան էր: Դեպի ձախ ամայի ավազուտ դաշտեր և լերկ բարձրավանդակներ էին, տեղտեղ հերկված, մեծ մասամբ չոր, տխուր, մռայլ: Բուսականության հետք չէր երևում: Ամեն տեղ ավազ ու կիր, քարքարուտներ և չորացած աղային լճեր, որոնք հեռվից փայլփլոմ էին ձյունապատ դաշտերի պես:

Գարնանը կարճ միջոցով այստեղ երկիրը ծածկվում էր ցանցառ խոտերով: Արտերը ծաղկում են, ցորենն ու գարին բարձրանում են երկու թիզաչափ: Շուտով արեգակի կիզիչ ճառագայթները խորշակահարում են ու դեղնացնում ամեն ինչ: Աղքատիկ հունձն սկսվում է, և ամառվա կեսին արդեն երկիրը նորից հագնում է անգույն ցնցոտիներ: Բայց այդ ցնցոտիների տակ պարունակվում է անհուն գանձ: Այստեղ բնությունը, կարծես, երկրի երեսից խլել է ամեն հարստություն, որպեսզի ծծի երկրի մեջ:

Մեռյալ բնությունն ավելի է սաստկացնում Սմբատի թախիծը: Այսօր նա միանգամայն դժբախտ է համարում իրեն: Միքայելի հետ կռվել է կոնտր-կտակի վերաբերմամբ և բացարձակ ասել, թե կարող է դիմել դատարան և թե ինքը պատրաստ է թշնամանալ նրա հետ, բայց կամավոր բաց թողնել հոր ժառանգությունը ձեռիցերբեք: Սակայն այս չէր նրա գլխավոր վիշտը: Նա դեռ մտքում համոզված էր, որ նոր կտակը կեղծ է, և վերջ ի վերջո Միքայելը պիտի ինքը հաշտվի նրա հետ, ենթարկվելով օրինական իրավունքներին: Կար տխրության ավելի խոր շարժառիթ. Մինչև այժմ կարողանում էր հեռացնել իրենից ծանր մտքերը և, հաշտվելով իր վիճակի հետ, փակել աչքերն իրականության առջև: Իսկ այժմ մի համառ ու անհաղթելի զորություն շարունակ դրդում է կրկնել մտքում. «մի՞թե չկա ելք այս դրությունից»:

Մի՞թե ատելով կնոջըպարտավոր է հավիտյան կապված մնալ նրա հետ: Մի՞թե սիրելով զավակներինպարտավոր է հավիտյան կրել հոր անեծքը, մոր դառը կշտամբանքների ծանրությունը:

Հայացքը ձգել էր դեպի հեռու տարածություն: Այնտեղ, ընդարձակ բարձրավանդակի վրա երևում էր մի սև անտառ: Անտերև, անճյուղ ծառերի կախարդական մի անտառ, ուր սառնորակ աղբյուրների փոխարեն հոսում է թանձր ու սև մի հեղուկ, ուր թռչունների երգեհոնին փոխարինում են շվիկների սուլոցները, առավոտյան շամանդաղինշոգին ու ծուխը: Ուր գիշեր-ցերեկ գործում են հազարավոր մեքենաներ և բյուրավոր մարդկային ձեռներ: Դա ստորերկրյա գանձարանն էնավթային հորերի սև բուրգերի խտությունը, դաժանատեսք, ինչպես շրջակա ավազուտներն ու աղային լճերը, մթին, ինչպես երկրի բնակչության հոգին:

Մթին անտառը հետզհետե նոսրանում է, սև ծառերը հեռանում են իրարից: Երևում են ցածր շինություններ, երկաթե գմբեթաձև շտեմարաններ, ապա էլեկտրական լապտերների և տելեֆոնի բարձր սյուները, բոլորը մրոտ ու նավթոտ, բոլորը սև:

Կառքն անցնում է մի մեծ նավթային լճի ափով և բարձրանում ստորերկրյա գանձարանի կտուրը: Աջ ու ձախ գործում են հանքերը: Այստեղ փորում են նոր հորեր, այնտեղ մաքրում են հները: Բուրգերի գագաթներում պտտող անիվները ցույց են տալիս հորերի անդնդային գործունեությունը: Մերթ ընդ մերթ այս ու այն կողմից լսվում են ինչ-որ խշշյուններ: Դա հորերից դուրս բերվող հեղուկն է, որ թափվում է մոտակա չաների մեջ, խողովակներով հոսում ամբարները և հետո, ամենահաղթ շոգու ուժով, մղվում դեպի գործարանները: Այնտեղ նա զտվում է, մաքրվում, արտահանվում աշխարհի բոլոր կողմերը, ոսկի դառնում և անցնում մի քանի տասնյակ բախտավորների գրպանը:

Այս բախտավորների թվին է պատկանում և Սմբատ Ալիմյանը, որովհետև նա է օրինական ժառանգը Մարկոս աղայի հարստության:

Բայց նա մտքում ասում է.

Ես դժբախտ եմ:

Կառքը կանգ է առնում մի բավական մեծ շինության առջև: Սմբատը սթափվում է մտքերից, ցած է իջնում: Հանկարծ, դառնալով դեպի դիմացի պատշգամբը, նրա տխուր դեմքր մի վայրկյան փայլում է, ինչպես մռայլ մեգն արևի շողերից: Այդ շողերն են երկու պայծառ, խելացի և հեզ աչքեր...

Սմբատն անցնում է ցեխոտ ու նավթոտ մի տարածություն և Զարգարյանի հետ մտնում բուրգերից մեկի տակ: Դա մի երկայնաձև փայտյա շինություն է, պատերը նավթով ողողված, հատակը հողային: Մեջտեղում փորված է հողըերկու թիզ լայնությամբ և կես վերստ խորությամբ մի կլոր ծակ, որի պատերը պատրաստված են երկաթով, այնպես որ նա իսկապես ներկայացնում է երկաթի խողովակ` գետնի մեջ ուղղահայաց խրված:

Ներս մտնելով, մարդ զգում է գազի սուր և շշմեցուցիչ հոտը: Շոգին մի անկյունում պտտեցնում է մի մեծ անիվ, որին փաթաթված հաստ ու լայն կաշվե փոկը, երկճյուղ անցնելով մինչև շինության կեսը, պտտեցնում է թմբուկաձև ահագին գլանը: Մերթ դեպի առաջ, մերթ դեպի հետ պտտելով, գլանը բաց է անում կամ հավաքում իր վրա ոլորած երկայն պարանը նայելով, թե ինչ ուղղություն է տալիս նրան քովը կանգնած մշակը:

Այդ մշակը, տիրոջը տեսնելով, հանում է մորթե մեծ գդակը, գլուխ տալիս: Սմբատը նայում է նրա նավթոտ երեսին և մտածում.

Դու ինձանից դժբախտ չես...

Պարանն ուղղահայաց բարձրանում է վեր, ինչպես օդային օձ, բուրգի ծայրում փաթաթվում է մի անիվի և թեքվում ցած: Նրա ծայրին կապված է մի քանի սաժեն երկայնությամբ մետաղյա դույլ: Երբ գլանն արձակում է պարանը, դույլը սրընթաց գնում է հորի մեջ: Զարկվելով երկաթի պատերին, դղրդալով ընկնում է ստորերկրյա լճի մեջ և, խուլ շառաչյուններ արձակելով, նորից բարձրանում է վեր` թանկագին հեղուկով լի: Այդ հեղուկն օր-օրի վրա պիտի ավելացնի Ալիմյանների հարստությունը, այնինչ` Սմբատը նրա խշշյունի մեջ անգամ լսում է.

Դու դժբախտ ես:

Նա մոտենում է հորի բերանին և ականջ դնում: Այնտեղ մթին անդնդում, կարծես կատարվում է ինչ-որ գեհենային գործողություն: Նավթը եռում է դարերով կուտակված գազի զորությունից: Լսվում են տարօրինակ ձայներ, նման քամու խուլ փոթորկի անտառի խորքում կամ ծովային ալիքների հեռավոր շառաչյուններին: Սմբատի ականջին այդ ձայները հնչում են.

Դու դժբախտ ես...

Երկայն դույլը ֆշշալով դուրս է սողում, որպես մի վիշապ իր բնից: Քանի մի վայրկյան նրա կինամոնագույն բծավոր մեջքը փայլում է օդում: Նա արագ բարձրանում է վերև, նորից կանգ է առնում, կարծես, հոգնած և մտածելով, զարկում է քիթն ինչ-որ ամրության և իր միջի հեղուկը թափում չանի մեջ: Գազախառն նավթի կաթիլները, բյուրավոր փոշի դառնալով, ցրվում են օդի մեջ:

Ա՜խ, երանի մի զորեղ հարվածով Սմբատը կարողանար փոշի դարձնել այն ծանր վիշտը, որ քարի պես ճնշում է սիրտը:

Նա անցնում է մի ուրիշ բուրգ, հետո երրորդը, չորրորդը: Ամենուրեք կեղտ, մուր, ցեխ: Երևում են ոտաբոբիկ էակներ, ոտից մինչև գլուխ նավթոտ, ինչպես կենդանի պատրույգներ: Այստեղ մարդկային կյանքը յուրաքանչյուր րոպե ենթարկված է վտանգի: Մի թեթև անզգուշություն կրակի հետ, և կիզանուտ գազը կարող է բռնկվել ու օդը ցնդել մարդկանց:

Սմբատը մտնում է մի առանձին քարաշեն շինություն: Զարգարյանը զարմացած է, երբեք նրա տերն այնքան մանրամասն չէր դիտել իր հեքերը, և երբեք միևնույն ժամանակ այնքան մտախոհ չէր եղել, որքան այսօր: Ինչո՞ւ, հարցնում են իրարու մշակները:

Հինգ վիթխարի հրեղեն աչքեր աղյուսյա պատի մեջ վառվում են, արձակելով խլացուցիչ աղմուկ: Նավթային բոցը գլանաձև կաթսաների տակ մրրկի պես պտույտ-պտույտ է անում, գազանի պես մռնչում ու կատաղած լիզում երկաթե ակութի պատերը: Կաթսաների մեջ եռում է ջուրը և մեքենաների համար շոգի արտադրում: Երկու մշակ հերթով գիշեր-ցերեկ պտտվում են հրեղեն ակների առջև և նրանց մեջ շարունակ վառ պահում կրակը, որպես քուրմերն ատրուշանների մեջ:

Անսովոր մարդու վրա սարսափ է ազդում տիրող աղմուկը: Միտքը կամա-ակամա սլանում է հեռո՜ւ, հեռո՜ւ, և մտացածին դժոխքը դառնում է իրական, այն տարբերությամբ, որ իրական գեհենին մարդիկ են իրենք իրենց դատապարտում կամավոր: Թվում է, որ ահա, ահա կաթսաներից մեկը, մյուսը, չդիմանալով ջրի ու կրակի դիվային մրցմանը, կտրաքի և օդը կցնդի ամբողջ շինությունը, և ամենից առաջ իր առջև պտտող մշակներին, որ սոսկալի տաքության մեջ հազիվ կարողանում են շունչ քաշել:

Սմբատին թվում է, որ այդ հրեղեն ակներն անգամ արտասանում են.

Դու դժբախտ ես:

Զարգարյան, — դառնում է նա հաշվապահին, — չգիտեմ ինչու, այսօր, կարծես օդը խեղդում է ինձ:

Այստեղ օդ բոլորովին չկա, — պատասխանում է Զարգարյանը, նրա ասածը հասկանալով ուղիղ մտքով:

Սմբատը լռում է, դուրս է գալիս: Մտնում է տասը քայլ երկարությամբ և հինգ քայլ լայնությամբ մի սենյակ` ցածր լուսամուտներով: Հատակն աղյուսյա է, բայց շատ տեղ ավերված, խորդուբորդերով լի: Հազիվ մարդու հասակից մի թիզ բարձր առաստաղը ծխից ու մրից սևացել է, ինչպես խոհանոց, պատերը խոնավությունից բորբոսնել են և սպիտակ բծերով ծածկվել, որպես բորոտի դեմքը: Սենյակի երկարությամբ մի պատի տակ երկու կանգուն բարձրությամբ փայտի թախտ է շինած, որի տակ հատակը հողային է: Թախտի վրա դարսված են կեղտոտ, մրոտ ցնցոտիների կույտերմշակների անկողինները:

Սմբատը նոր է միայն ուսումնասիրում, թե այդ խեղճերն ինչ տաժանակիր աշխատանք են վարում, ինչ վտանգավոր գործ են կատարում և ուր հանգստանում, ուր գիշերում: Նա զգում է խղճի անսովոր խայթոց: Նրան թվում է, թե ինքն ապօրինի է տիրացել հարստության, թե բոլորը, բոլորը, ինչ որ հայրը դիզել է, պատկանում է այդ խեղճերին և միայն նրանց սև ու կոպիտ ձեռների աշխատանքին: Նա դառնում է Զարգարյանին և ասում.

Մենք պարտավոր ենք մշակների համար նոր բնակարան կառուցանել:

Վատ չէր լինի, պարոն Սմբատ, վատ չէր լինի, — կրկնում է Զարգարյանը, կարծես ուրախանալով:

Այսօր ևեթ դիմեցեք մի ճարտարապետի և հատակագիծը պատվիրեցեք:

Չսպասե՞նք Սուլյանի առողջանալուն:

Սուլյանը հանքերի կառավարիչ-ինժեներն էր, որ այժմ հիվանդ էր և քաղաքում պառկած:

Կարիք չկա սպասելու, դուք հատակագիծը պատրաստել տվեք: Որքա՞ն է մեր մշակների թիվը:

Բալախանի վաթսուն, Սաբունչի հիսունհինգ, Ռոմանի հարյուր իննսուն... Ընդամենը առայժմ երեք հարյուր տասնու¬հինգ:

Բոլոր հանքերում պիտի քանդել հին կացարանները և նորերը շինել տալ: Այդ խոզաբներում մարդ ապրել չի կարող: Գնանք թեյ խմելու, մանրամասն կխոսենք:

Սեղանի քով նա ինքը մատիտով մի թղթի վրա ընդհանուր գծերով նկարեց ապագա կացարանների հատակագիծը, տալով Զարգարյանին կարևոր բացատրություններ: Նա հետզհետե ոգևորվում էր և ավելի ու ավելի եռանդով արծարծում հանկարծակի հղացած միտքը: Նա պահանջում էր ոչինչ չխնայել կացարաններն ընդարձակ, լուսավոր ու հարմար կառուցանելու համար:

Թեյը դարձյալ Շուշանիկն էր մատուցանում, և այս անգամ արդեն այն սենյակում, որ հարմարեցրած էր հյուրերի համար և բավական լավ կահավորված: Այսօր օրիորդը մազերը սանրել էր առանձին խնամքով, հագել էր միակ տոնային մեխակագույն ասվյա կտորից հագուստը: Այսօր նրա ծննդյան օրն էր, լրանում էր քսաներկու տարին, մի օր, որ իսկապես նրա համար մինչև այժմ ոչնչով չէր տարբերվել տարվա մյուս օրերից, աղքատ ընտանիքը սովոր չէր տոնել իր անդամների ծննդյան օրը: Եվ միայն անդամալույծը, հիշելով երջանիկ անցյալը, առավոտը պահանջեց, որ օրվա առիթով Շուշանիկը նրա համար կարկանդակ պատրաստի, մի պահանջ, որ աղջիկը կատարեց հաճույքով:

Սմբատը, գլուխը թղթին թեքած, նկարելով, Զարգարյանին բացատրություններ տալով, երբեմն գրեթե ակամա նայում էր վեր, օրիորդին և նկատում, որ օրիորդն էլ իրեն է նայում: Զգում էր, որ Շուշանիկը հետաքրքրվում է իր բացատրած ծրագրով, և այս ավելի էր ոգևորում նրան: Միևնույն ժամանակ, մտքում ինքն իր դեմ չարանում էր, որ օրիորդի հետաքրքրվելն իրեն զբաղեցնում է:

Նա միշտ այն համոզմունքին էր եղել, որ հայ կինը երբեք ընդունակ չէ առօրյա մանր, անձնական շահերից բարձրանալ: Եվ ուսանողական շրջաններում միշտ եղել էր հայ կնոջ կատաղի հակառակորդը: Հենց այս համոզմունքն էր գլխավորապես դրդել նրան իր իդեալը որոնելու օտար շրջաններում: Այժմ նրան թվում էր, որ մի անհայտ համեստ աղջկա մեջ հանդիպում է հակառակը: Իսկապես նա ոչ մի առիթ չուներ այդ աղջկան որևէ բանով իր շրջանի էակներից բարձր համարելու, քանի որ տակավին հետը մոտիկ ծանոթ չէր: Բայց մի ներքին ձայն թելադրում էր, թե նրա մեջ կարող է գտնել այն, ինչ որ նախկին համոզմունքով զուր կլիներ որոնել ուրիշ ազգի կանանց մեջ:

Ինձ թվում է, — ընդհատեց վերջապես Զարգարյանը Սմբատի ընդարձակ ծրագրի բացատրությունը, — որ եթե ձեր բոլոր ասածները բանվորների համար իրագործենք, կարժանանաք հարևան հանքատերերի թշնամությանը:

Ինչո՞ւ:

Իհարկե, այդքան բարի՜քբաղնիս, այգի, դպրոց, ընթերցարան, մինչև անգամ թատրոն: Դրանք մեր երկրում չտեսնված բաներ են:

Շատ սովորական և շատ հասարակ բաներ խիղճ ունեցող մի գործարանատիրոջ կամ հանքատիրոջ համար: Ամեն մի բուրժուա իր ֆանտազիան ունի, իմ ֆանտազիան էլ այս է պահանջում: Չկարծեք, թե շատ էլ հոգում եմ մշակների մասին:

Նա այս խոսքերն արտասանեց անփույթ եղանակով և անկեղծ:

Երանի ամեն գործարանատեր այդպիսի ֆանտազիա ունենա, — ասաց Զարգարյանը, ակամա հրապուրվելով նրա համեստությունից:

Թողնենք այդ: Ահա, վաղը ևեթ այս ծրագրով դուք կպատվիրեք հատակագիծը, հետո կտեսնենք: Իսկ առայժմ, — դարձավ նա Շուշանիկին, — օրիորդ, ասացեք, ի՞նչ դեր հանձն կառնեք այս ձեռնարկության մեջ:

Ե՞ս, — հարցրեց Շուշանիկը, որ չէր սպասում այսպիսի առաջարկության, — ի՞նչ կարող եմ անել:

Օ՜օ, շատ բան: Դուք կարող եք հանձն առնել գրադարան և ընթերցարան բանալու գործը: Եթե չեմ սխալվում, դուք գիմնազիայում եղել եք:

Մինչև յոթերորդ դասատուն. — պատասխանեց եղբորորդու փոխարեն Զարգարյանը: — Բայց գիտե ավելի, քան մի ուսումնավարտ: Տանն ազատ ժամերը դատարկ չի անցկացնում:

Օրիորդը խորին հանդիմանական հայացք ձգեց հորեղբոր վրա, զուր աշխատելով զսպել շփոթմունքը:

Ուրեմն ավելի լավ, — ասաց Սմբատը, — կան գործեր, որ կանանց ավելի են սազում, օրինակ` մի կիրակնօրյա ուսումնարան բանալը հասակավոր անգրագետների համար: Երբ նոր կացարանները կպատրաստվեն, կարծեմ, կարելի է մի այդպիսի դպրոց բանալ իսկույն: Հանձն կառնե՞ք, օրիորդ:

Ի՞նչ է նշանակում այդ: Ծաղրո՞ւմ է արդյոք նրան այդ հարուստ երիտասարդը, թե փորձում: Պայծառ աչքերը հանդարտիկ ցած իջան, գունատ այտերը թեթևակի շառագունեցին, և օրիորդը չկարողացավ որևէ պատասխան տալ:

Ինչո՞ւ ես լռում, — ասաց Զարգարյանը, — կարծեմ, դու պարտավոր ես շնորհակալություն հայտնել պարոն Ալիմյանին, որ քեզ է այդ գործն առաջարկում: Ընդունի՛ր, թե չէ, հին ուսուցչի արյունը կսկսի բորբոքվել երակներումս:

Նա խոսում էր իր տիրոջ ներկայությամբ համարձակ, կատակով, բայց և մազու չափ չհպարտանալով հարստի բարեկամական վարմունքից:

Եթե մի բանով կարող եմ օգտակար լինել, ուրախությամբ պատրաստ եմ, — ասաց, վերջապես, Շուշանիկը: — Կամենա՞ք էլի թեյ:

Ո՛չ, շնորհակալ եմ: Ուրեմն, մի օգնական ևս ունենք, ցտեսություն, հետո ավելի մանրամասն կխոսենք:

Սմբատի հեռանալուց հետո, Զարգարյանը սկսեց հանդիմանել Շուշանիկին: Ալիմյանը նրան այդքան հավատ է ուզում ընծայել, իսկ նա, կարծես չի կարողանում գնահատել այդ մարդու վստահությունը:

Խելոք մարդ է, գիտե, որ դու այստեղ, այս ամայի երկրում, կարող ես տխրել, ահա ինչու է առաջարկում քեզ այդ գործը:

Բայց չէ՞ որ ես ասացի, թե ուրախությամբ հանձն կառնեմ, եթե կարող եմ կատարել:

Ի՞նչ ասել է «եթե կարող եմ կատարել»: Հասարակ գրագիտության դաս տալը մեծ բան չէ: Ո՞ր վարժուհին ավելի գիտե, քան դու, ո՞րն է քո չափ կարդացել ու զարգացել:

Օրիորդը, առանց մի խոսք ասելու, անցավ իր սենյակը: Այնտեղ նա լուսամուտից աչքերով ուղեկցեց Սմբատին, որ կառք նստելով, գնաց քաղաք...

Հետևյալ օրը երեկոյան նա ասաց հորեղբորը.

Աշխատիր շուտ շինել տալ նոր բնակարանները մշակների համար: Ճշմարիտ որ հներում ապրել անհնարին է:

Դու ի՞նչ գիտես անհնարին է:

Ես այսօր ման եկա և տեսա: Այնտեղ նրանք հիվանդանում են...

Եվ նրա ձայնի մեջ զգացվեց անհուն կարեկցություն:

X

Տիկին Անուշ Ղուլամյանը նստած էր հյուրասենյակում, լուսամուտի մոտ, իր սիրած տեղում, ուսկից սովորաբար դիտում էր փողոցով անցնողներին: Դեմուդեմ գտնվող տան առաջին հարկում բնակվում էր ինչ-որ օտարազգի ընտանիք, որ նոր էր վերադարձել ամառային ճանապարհորդությունից Ռուսիայում: Մարդը ճարտարապետ էր, մի բարձրահասակ առողջ տղամարդ: Կինը գեղեցիկ էր, էլեգանտ և հրապուրիչ: Շատ բաներ էին պատմում այդ կնոջ մասին: Եվ Անուշը շատ անգամ էր տեսել նրան մի երիտասարդի հետ ավելի քան քնքուշ խոսելիս:

Այսօր առավոտ Անուշը դարձյալ ընդհարում էր ունեցել իր ամուսնու հետ: Միմյանց ուղղել էին տասնյակ վիրավորական խոսքեր: Այլևս մարդ ու կին իրարու մեջ ոչ մի գրավիչ հատկանիշ չէին գտնում: Պատահում էին րոպեներ, երբ նրանք զգում էին նույնիսկ փոխադարձ ֆիզիկական զզվանք: Պետրոսին գրգռում էին ու զզվեցնում Անուշի բեղիկները և տղամարդկային ձայնը: Անուշին հրում էին Պետրոսի փոքրիկ, խորամանկ, յուղալի աչքերը, թարմ մսի գույն ունեցող ականջները, հաստ պարանոցը և մանավանդ գռեհիկ վարմունքը:

Այնինչ, նա դեռ հավատարիմ էր իր մարդուն, մի ամուսնու, որ ամեն քայլում դավաճանում էր նրան:

Եղանակը տակավին պարզ էր, արեգակը տակավին ջերմ ու պայծառ, օդը տակավին հանդարտ: Հոկտեմբերի վերջն էր, մարդիկ դեռ շրջում էին բարակ վերարկուներով:

Ընդհարման տպավորությունը բավական մեղմացել էր: Այժմ Անուշը, նայելով դիմացի հարևանուհուն, որ ուրախ-ուրախ թռչկոտում էր սենյակից սենյակ, զգում էր դեպի նա նախանձ: Նրա սրտում վառվել էր կենսասիրության հուրը, արյունը եռում էր այնպես, ինչպես մի ժամանակ եռաց, կուրացրեց նրա աչքերը, գրգելով փաթաթվել Պետրոս Զուլամյանի պարանոցին: Բայց այդ արյունը տակավին անմեղ էր ամուսնական առագաստի առջև:

Следующая страница