Շիրվանզադե Ալեքսանդր՝   Քաոս

Հարուստները չեն գալիս, զոռդ ի՞նձ է պատում, — ասաց նա Պապաշային, ակնարկելով Սմբատ Ալիմյանին, որ ներկա չէր ճաշին:

Մարզպետունին միանգամայն կատաղեց, երբ հայտնվեց, թե մի քանի րոպեում ստորագրվեց մի քանի հազար ռուբլի: Ինչո՞ւ միշտ Էջմիածնին: Պետք է վերջ տալ այդ «մուրացկանությանը»: Եվ նա հուշատետրը ծոցից հանեց: Այդ միջոցին խորամանկ Պապաշան ինչ-որ շշնջաց նրա ականջին, և նա հուշատետրը ծոցը դրեց:

Ստորագրաթերթը հանձնեցին սրբազանին, որ և միանգամայն հափշտակվեց համայնքի «ընտիր դասի անհուն ազգասիրությամբ»: Ճաշն ավարտվեց սրբազանի պահպանիչով: Հյուրերը ցրվեցին:

Վերջին կառքում նստած էին Մարութխանյանը և Միքայելը:

Ի՞նչքան ստորագրվեցիր, — դարձավ գործարանատերն իր աներձագին:

Հարյուր:

Հա՜, Հա՜, Հա՜, — ծիծաղեց Համարձակ, — ես երեք հարյուր, դու հարյուր, այ ինչ ասել է փող չունենալ: Եղբայրդ կարող էր տալ հազար... նա ունի, դու չունես...

Միքայելի ինքնասիրությունը վիրավորվեց:

Լռի՛ր, — ասաց նա խստորեն:

Մեր առջևի կառքում նստած Հաստավիզը ո՞վ է, — հարցրեց Մարութխանյանը, հանկարծ խոսքը փոխելով:

Գինին նրա վրա բարերար ներգործություն էր ունեցել, լեզուն բացվել էր:

Պետրոս Ղուլամյանի վիզն է, — պատասխանեց Միքա քելը:

Կեցցե՜ս, ղոչաղ ես, աստված վկա, ղոչաղ ես, — գոչեց Մարութխանյանը, և նրա կանաչ-դեղնագույն աչքերը խորհրդավոր ժպտացին:

Միքայելը շփոթվեց այդ աչքերի արտահայտությունից:

Ոչինչ, — ավելացրեց Մարութխանյանը, — մարդ ենք, մահկանացուներ ենք, մի կարմրիր, ամուրի ժամանակ ես էլ շատ խաղեր եմ խաղացել:

Բայց դու սխալվում ես տիկին Ղուլամյանի մասին, — ասաց Միքայելը, սակայն այն եղանակով, որ ցույց էր տալիս, թե Մարութխանյանի ասածը շատ էլ խելքից հեռու բան չէ:

Ես չեմ սխալվում, ուրեմն, բարեկամս է սխալվում: Նա է քեզ տեսնում տիկնոջ մոտից դուրս գալիս: Ղուլամյանների հարևանն է: Հասկացա՞ր. լավ, մեր մեջ կմնա, մի՛ վախենար, շարունակի՛ր

Կառքը կանգ առավ ճանապարհի բերանին, որովհետև նրա առաջը կապեցին մի երկայն ձողով: Սուլելով ու թառանչելով, որպես մի կենդանի, մի հրեշ, անցավ շոգեկառքը, հետևից քարշելով նավթային վագոնների երկայն շարը: Նրա սուլոցի ձայնը, գործարանների կաթսաների տակ վառվող կրակի և անթիվ խողովակներից դուրս սլացող շոգու բոմբյունը շփոթեցնում էին մարդու լսողությունը: Թվում էր, որ այստեղ տեղի ունի ինչ-որ անիմանալի պատերազմ, և այդ խլացուցիչ ժխորի մեջ կռվում են բյուրավոր չար ոգիներ:

Մտիկ արա, — խոսեց նորից Մարութխանյանցը, — աշխարհը կլանել է այդ Նոբելը, էլի չի կշտանում: Ղոչա՜ղ...

Նա ցույց էր տալիս մի ահագին գործարան, որ գրավել էր Սև քաղաքի կեսը:

Սիրում եմ այդ տեսակ մարդկանց, — շարունակեց անսովոր եռանդով, սրելով հաստլիկ բեղերի առանց այն էլ սուր ծայրերը, — դիզում են, դիզում, էլի քաղցած են... Միայն ծույլերը կարող են նրանց ագահ համարել... Ունես, աշխատիր կրկնապատկել, եռապատկել, տասնապատկել: Քոնը քիչ է, խլիր հարևանիցդ, ընկերիցդ, եղբորիցդ: Ճանկերդ սրիր ու ընկիր աշխարհի հոգին հանիր, մի՛ նստիր ու պառավ կնոջ պես սրան ու նրան նախանձիր: Ո՞ր վաճառականը կարող է մի տերության հավասարվել: Կարդա՛ լրագիրները և տես, ո՞ր զորեղ տերությանն է մեր ժամանակում կուշտ: Տասը տարի առաջ ես մի նոտարիուսի օգնական էի և մասնավոր փաստաբան, այժմ կես միլիոն կարողություն ունեմ: Այո՛, ունեմ, չեմ թաքցնում: Ինչո՞ւ չպիտի աշխատեմ կեսը մեկ դարձնել, մեկը երկու, երեք, հինգ, տաս...

Նա շարունակեց նույն ուղղությամբ: Առաջ ամեն մի խանութպան վաճառական էր համարվում, ամեն մի կաթսայի տերգործարանատեր, ամեն մի կոտրած նավակ ունեցողնավատեր: Այժմ ո՞վ է նրանց մարդու տեղ դնում: Այժմ փոքրերը կուլ են գնում մեծերին, իսկ մեծերը, փոքրերին անխնա ուտելով, օրեց¬օր ուռչում են, փքվում ու մեծանում, ահա ինչու նա չի ուզում փոքր մնալ, որպեսզի այսօր-վաղը մի մեծ բերան նրան կուլ չտա ոստրեի պես...

Փո՜ղ, փող ու փող, — գոչեց նա` ընկնելով մի տեսակ ինքնամոռացության մեջ: Նա է աշխարհի հավատը, սերը, աստվածը: Միխակ, բա՛ց արա աչքերդ, մի՛ թողնիր, որ եղբայրդ տանի հարստությունը ուտեցնի կնոջն ու զավակներին: Չոքի՛ր վզին, վախեցրո՛ւ կեղծ կտակով: Չի վախենում, դատ բաց արա անվախ: Ես զգույշ մարդ եմ, բայց էլի ռիսկ սիրող եմ, ով որ չգիտե ռիսկ անել, չի կարող մեծանալ, բայց զգույշ, էլի զգույշ: Գործ դիր բոլոր միջոցները, խլիր եղբորդ ձեռից հորդ միլիոնները: Բեր բաժանենք երեք տեղ, հետո էլի միացնենք, կազմենք մի մեծ ընկերություն, նոր նավթահողեր առնենք, նոր հորեր սկսենք փորել տալ, շինել տանք մի մեծ գործարան, գնենք նավեր, շոգենավեր: Բաց անենք աշխարհի բոլոր կողմերում գործակալություններ, սկսենք մրցել ամերիկացիների հետո, և մեկ էլ տեսար դարձանք նավթային թագավորներ: Մեր անունն օր-օրի վրա կտարածվի աշխարհի բոլոր կողմերում, բոլորը կխոնարհվեն մեր առջև, գլուխ կտան, կլիզեն մեր փեշերը: Այն Ժամանակ կսկսենք նստել, վեր կենալ ոչ թե Թաթոս Մաթոսների, այլ Ռոտշիլդների, Վանդերբիլդների պես հսկաների հետ որոնց առջև մինչև անգամ տերություններն են խոնարհվում: Եվ հետո դու կտեսնես, թե ինչ ասել է իսկական կյանք:

Որքան նա ոգևորվում էր, որքան նրա ծրագիրները մեծանում էին, այնքան ինքը փոքրանում էր կառքի վրա, այնքան կուչ գալիս Միքայելի մոտ և նմանվում մի մեծ տզրուկի, որ պատրաստվում է ծծել իր հարևանի արյունը: Վերջապես, նա բոլորովին կուչ եկավ, դարձավ մի կծիկ, գլուխը մոտեցրեց Միքայելի ծնկներին, բռնեց երկու ձեռներով նրա մի ձեռը, ամուր, սեղմեց և բերանը բաց արած, ձեռնասուն կապկի պես, նայեց նրա աչքերին, կարծես, ձգտելով ամբողջ էությամբ մտնել այնտեղ:

Միխակ, Միխակ, — գոչեց նա, եղանակը փոխելով և գրեթե աղերսալի ձալնով, — Սմբատը խելոք տղա է, նա քեզ կխաբի, դու ազնիվ ես, բարեսիրտ, շուտ հավատացող: Նա կասի, «եղբայր, ե՛կ գործը հաշտ վերջացնենք մեր մեջ, Մարութխանյանին ոչինչ չտանք, մենք ուտենք մեր հոր կարողությունը»: Կխոստանա ոսկու տոպրակներ և մի հատ գարի էլ չի տալ: Նա քեզ կթշնամացնի ինձ հետ, Մարթայի հետ, կխլի քրոջդ այն խեղճ երեխաների բերանի հացը, կտա իր կնոջը, երեխաներին: Նա կասի. «Մարութխանյանը խարդախ է», դու կհավատաս, միամիտ ես, կհավատաս: Բայց վկա է աստված, քեզ կխաբի... Զգույշ, զգույշ և զգույշ...

Կառքը հասել էր քաղաք: Մարութխանյանը շտապեց իրեն ուղղել գլուխը բարձրացրեց, ակնոցները դրստեց, բեղերը հարթեց և ընդունեց սովորական գոռոզ կերպարանքը:

Միքայելը, որ մինչև հիմա գրեթե բոլորովին լուռ էր և լսում էր փեսայի ընդարձակ ծրագիրները, արտասանեց.

Չեմ թույլ տալ Սմբատին իմ գլխին իշխանություն բանեցնի: Արա ինչպես ուզում ես, ես կհետևեմ քո խորհուրդներին...

XII

Տիկին Անուշը շարունակ պնդում էր, թե պետք է անպատճառ ամուսնուց բաժանվի: Երդվում էր, թե անկարող է այլևս թաքցնել իր հանցանքը, թե մի ինչ-որ ուժ ամեն առավոտ նրան դրդում է ասել Պետրոսին բոլորը և միանգամից դեն ձգել սրտի վրա ծանրացող քարը: Միևնույն է, եթե ինքը չհայտնի, վաղ թե ուշ Պետրոսը պիտի իմանա: Արդեն, կարծես, սպասավորն ու աղախինը կասկածելի աչքով են նայում Միքայելի հաճախակի այցերին: Այսպես շարունակ անհնարին է. խաբելն այնքան դժվար չի եղել, որքան խաբեբայությունը թաքցնելը: Նա տանջվում էր հանցանքի ծանրության ներքո և կարծում էր, եթե խոստովանի ամուսնուն, կթեթևացնի իր տանջանքը:

Մի օր, երբ այս մասին խոսում էր, Միքայելը մատների ծայրով շփեց նրա ծնոտն ու ասաց.

Անուշ, դու երեխա ես:

Եվ «երեխա» բառն արտասանեց այնպիսի փաղաքշական եղանակով, այնպիսի փափուկ ձայնով, որ Անուշի սիրտը լցվեց մեծ հաճույքով: Սիրականից մի քանի տարով մեծ կինը մոռացավ իր դրությունը, միայն այդ բառը լսելով: Եվ այդ օրից աշխատում էր երեխա ձևանալ Միքայելի մոտ. կռվում էր Անուշը կատակով, երեսը դարձնում էր պատին ու լալիս:

Սակայն մի օր նա դարձյալ խոսեց բաժանման մասին: Այս անգամ հայտնեց, թե պատրաստ է նույնիսկ երեխաներից ձեռ վերցնել, միայն թե Միքայելն իրեն պատկանի և ինքըՄիքայիլին:

Խնդիրը քանի գնում, այնքան լռւրջ կերպարանք էր ստանում: Հարկավոր էր մի որոշում կայացնել: Միքայելը բացատրեց, թե ինչ ասել է զավակներ, թե Անուշը մի օր անգամ չի կարող առանց նրանց խաղաղ ապրել, թե հասարակությունը կքարկոծի նրան, թե պիտի հեռատես լինել ապագան լավ կշռել և այլն, և այլն: Իսկ մի օր ավելի հեռու գնաց, ակնարկեց, թե պատրաստ է Անուշի հետ հրապարակորեն կենակցել, միայն վախենում է, որ տիկինը շուտով նրան էլ մոռանա և ատե, ինչպես ատում է այժմյան ամուսնուն: Աշխարհի երեսին հավիտենական սեր չկա, Միքայելն էլ շուտով կձանձրացնի Անուշին:

Այս արդեն մի կողմից ակնարկ էր, թե ինքը` Միքայելն էլ կարող է նրան մոռանալ, մյուս կողմից` վիրավորանք: Եվ Անուշի դեմքն աղավաղվեց չարությունից: Ա՜ա, ինչպես երևում է, Միքայելը կշտացել է նրանից, ուզում է գլուխն ազատել:

Ճշմարիտ ես ասում, լավ կինը իսկի չպիտի մոռանա իր երեխաներին, այն էլ քեզ պես մարդու համար:

Նա սկսեց ուժգին հեկեկալ, գլուխը դնելով թախտի վրա:

Միքայելը մոտեցավ, գրկեց, բայց չհամբուրեց: Արդեն մետաքսանման բեղիկները նրան թվում էին սուր ասեղներ, որ ամեն անգամ ծակծկում էին նրա երեսն ու շրթունքները: Մի ուրիշ անգամ նա, վերջապես, ձանձրանալով տիկնոջ թախանձանքից, խնդիրը դրեց պարզ: Ի՞նչ է Անուշն ինքն իրեն այդքան տանջում: Արժե՞ միթե, նա ոչ առաջինն է, ոչ էլ վերջինն է լինելու: Թող մտիկ անի չորս կողմը և տեսնի, ո՞ր հիմարն է այս տեսակ կոմեդիան դրամա դարձնում:

Միտքը շատ հասկանալի էր, ավելի բացատրելու կարիք չկար: Անուշը վրդովվեց, կատաղած բողոքեց, պահանջեց, որ Միքաքելն այսուհետև չհանդգնի այդ տեսակ վիրավորական մտքեր արտահայտելու: Նա չի կարող սիրուհի դառնալ, հասկանում է Միքայելը, նա անբարոյական չէ, ընկած չէ...

Այդ օրից Միքայելը դարձյալ մի շաբաթ չերևաց: Անուշն սկսեց մոռանալ վիրավորանքը, խորհեց սառնարյուն նրա ասածի մասին և փոքր առ փոքր հաշտվեց անհեթեթ մտքի հետ: Ճշմարիտ, որ նա ոչ առաջինն է, ոչ էլ վերջինն է լինելու: Քի՞չ կան թաքուն ուրիշների սիրուհիներ, առերես հավատարիմ ամուսիններ: Թող մեկն էլ նա լինի: Վերջապես, հենց այժմ մի՞թե ինքը սիրուհի չէ և մի՞թե, ամուսնուց բաժանվելով, կմաքրի իր անունը: Ընդհակառակը, այն ժամանակ բոլորը կծիծաղեն նրա հիմարության վրա:

Հանցանքը փոքր առ փոքր դադարում էր նրան ճնշել: Ո՞ւմ է դավաճանում: -Մի մարդու, որ արդեն յոթ ութ տարի է ինքը դավաճանում է նրան: Իրավունքները հավասար են, այն տարբերությամբ, սակայն, որ Անուշը գիտե Պետրոսի արարքները, իսկ Պետրոսը դեռ չգիտե Անուշի արարքը: Բայց այդպե՞ս է, արդյոք: Գուցե Պետրոսը գիտե...

Եվ Անուշը վախենում էր Պետրոսից, նրա երկյուղը ֆիզիկական էր ու ավելի զորեղ, քան բարոյականը:

Մի գիշեր, զանազան չար կասկածների տակ քնած լինելով, հանկարծ զարթնեց սարսափահար, բարձրաձայն գռռալով: Երազում տեսել էր, որ Պետրոսը, ձեռին մի դանակ, մոտենում է իրեն: Բարձրացրեց լամպարիկի պատրույգը, սենյակը լուսավորեց, նայեց աջ ու ձախ, ոտքի կանգնեց:

Պետրոսը զարթնել էր նրա ձայնից և վերմակի տակից լուռ դիտում էր շարժումները: Նրա ուռած այտերը այժմ ավելի փքված էին երևում, ճաղատ գլուխը փայլում էր լամպարիկի լուսո ներքո, կարմիր շրթունքներն արձակում էին քնարբի անճոռնի հնչյուններ: Անուշի աչքում դա մարդկային գլուխ չէր, այլ ինչ-որ այլանդակ գունդ: Տեր աստված, տեր աստված, ի՞նչպես կարողացավ մի այդպիսի մարդու գիրկն ընկնել: Թվում էր նրան, որ Պետրոսը միշտ այդպես է եղել, միշտ կարմիր, ուռած, տգեղ, հրեշ: Նա չէր հիշում այն ոչ այնքան գեր, աշխույժ արագաշարժ, վառվռուն գործակատարին, որով հափշտակվեց ինը տարի առաջ:

Երեսը զզվանքով հետ դարձրեց, պառկեց նորից անկողին:

Քունդ չի՞ տանում, — լսեց հանկարծ ատելի ձայնը, որ սենյակի լռության մեջ նրա ականջներին հնչեց այնքան զզվելի, այնքան երկյուղալի, որ ցնցվեց, գլուխը բարձրացրեց:

Ոչինչ չպատասխանեց, երեսը շուռ տվեց պատին և գլուխը թաքցրեց վերմակի տակ: Քանի մի վայրկյան անցած, լսեց Պետրոսի բոբիկ ոտների ձայնը գորգի վրա: Վերմակը մի կողմ շպրտելով, վախեցած ոտքի կանգնեց, ինչպես կատաղի հուշկապարիկ:

Նրա կուրծքն ուժգին բարձրանում էր ու ցած իջնում, մազերը թափվել էին հաստլիկ ուսերի վրա, կոկորդի երակները կապտել էին և լարվել: Նա մի մարմնացած զզվանք էր: Մինչդեռ Պետրոսը ձուլված կիրք էր, ամեհի, անզուսպ: Մի քանի վայրկյան կանգնած էին դեմուդեմ լուռ, անշարժ ինչպես երկու հակառակ տարերային չար ուժեր: Անուշը հասկանում էր ամուսնու միտքը: Օ՜օ, գազան, ով գիտե մի ժամ առաջ ո՜ր սիրուհուդ ծոցումն էիր, իսկ այժմ...

Նա երկու ձեռով ուժգին հրեց իրենից մարդուն և անցավ մյուս սենյակը: Պետրոսը կամեցավ վազել նրա հետևից, բայց դռները մի վայրկյանում կողպվեցին, և նա մնաց կանգնած մենմենակ` վառված կրքերի հնոցի մեջ...

Դու սիրական ունիս, — գոռաց նա և պառկեց անկողին:

Հետևյալ օրն Անուշը Միքայելին դիմավորեց արտասուքն աչքերին: Փաթաթվելով նրա պարանոցին, հեկեկաց...

Ազատի՛ր ինձ, ազատիր այդ մարդուց, զզվում եմ, վախենում եմ...

Այնինչ, Միքայելին արդեն սկսել էր ճնշել ապօրինի կապի հանցավորության զգացումը: Կրքերը հագուրդ էին ստացել և տեղի տվել սառն մտախոհության: Կուրացած միտքը զարթնել էր և արտահայտում էր իր իրավունքները: Այն մարդը, որ բնավ պղտոր զգացումները կին էակի վերաբերմամբ վերլուծման չէր ենթարկել, այժմ հասկանում էր իր վատթար արարքը: Նա հավատացնում էր Անուշին, թե սիրում է և գիտեր, որ սկսել էր զգալ դեպի նա զզվանքի պես բան: Նա մտերմություն էր ցույց տալիս Գրիշային և զգում էր, որ գողանում է նրա պատիվը: Նա ուզում էր հովանավորել Պետրոս Ղուլամյանին և զգում էր, որ հանդգնաբար ցեխի մեջ ոտնատակ է անում նրա ամուսնական առագաստը: Քանի կարծում էր, թե հասարակությունը ոչինչ չգիտե, դեռ այնչափ անհանգիստ չէր: Բայց Մարութխանյանը ձգեց նրան մտատանջության մեջ: Այժմ հանդիմանում էր իրեն, որ եռանդով չհերքեց այդ մարդու կասկածը և նույնիսկ, կարծես, ակնարկով հասկացնել տվեց, թե իրավ է նրա ասածը: Դա անկարելի թեթև անմտություն էր, տղամարդի ունայն սնափառություն: Հաճելի է երևալ սրտակեր առյուծ, բայց հետևա՞նքը...

Նա դադարեց այցելել Անուշին: Երեք օր անցած ստացավ մի նամակ այն ժամանակ, երբ տանն էր և ստացավ մոր ներկայությամբ: Այրիի հարցին, թե ումի՞ց է, պատասխանեց, որ Պետրոս Ղուլամյանն է գրում: Նա չէր կարող Ղուլամյանի անունը չհիշել, որովհետև նամակը ներս բերող սպասավորին` Անուշի աղախնին` ճանաչում էր: Մտքում կատաղեց Անուշի դեմ, որ մի այդպիսի նուրբ հանձնարարության էր արել աղախնին: Կարդաց նամակը և տխրեց: Բովանդակությունը հուսահատական էր, գրելու եղանակն աղերսական: Բարվոք համարեց չպատասխանել և ոչ էլ այցելել Անուշին: Հույս ուներ այսպիսով սառեցնել տիկնոջը:

Սխալվում էր: Կրքերն այնքան կլանել էին Անուշին, որ քանի գնում խելքը կորցնում էր: Երկու օր անց Միքայելն ստացավ երկրորդ ծրարը: Այս անգամ արդեն Անուշի հուսահատությունը չափ չուներ: Այդպես շարունակել վտանգավոր էր: Հարկավոր էր կուրացած տիկնոջ անտակտության առաջն առնել: Միքայելը պատասխանեց, թե զբաղված է գործերով, ժամանակ չունի, թող Անուշը համբերի և այլն, և այլն: Նամակի վերջում աղերսում էր վերջ տալ անմիտ թղթակցությանը: Փառք աստծո, նրանք գիմնազիոնի աշակերտներ չեն, որ միմյանց սիրային նամակներով զվարճացնեն:

Եվ մի՞թե Անուշը չգիտեր, որ իր արածը երեխայություն է: Բայց ա՛յլ էր մտքի պահանջը, այլ` կրքերի ուժը: Տանջվել և լռելԱնուշի բնավորությանը հատուկ չէր: Եվ ինչո՞ւ նա տանջվում է, թող Միքայելն էլ նրա հետ տանջվի: Չլինի՞ երիտասարդն այժմ կշտացել է և մտքում ծիծաղում է նրա թուլության վրա, պարծենում է հաղթությամբ սրա ու նրա մոտ: Ինչո՞ւ չի պատասխանում նամակներին, ինչո՞ւ, ինչո՞ւ:

Անվերջ կասկածներից Անուշն օր-օրի վրա դառնում էր մռայլ, մարդատյաց: Գոռում էր երեխաների վրա տեղի անտեղի, ծեծում, հալածում սենյակից սենյակ, շրթունքներն անխնա կրծոտելով սուր ատամներով: Անգործությանը նրա ամենապաշտելի կուլտն էք: Ինը տարվա ընթացքում տանը մի օր մատը մատին խփած չկար: Նստում էր ամբողջ ժամերով լուսամուտի առջև և, գլուխը ձեռի ափին հենած, նայում էր դեպի դուրս, այն դիմացի տան լուսամատներին, ուր բնակվում էր մարդուն դավաճանող գեղեցկուհին: Նա այժմ էլ նախանձում էր այդ կնոջը, որովհետև նրա սիրականը գրեթե ամեն օր այցելում էր: Իսկ ի՜նքը հազիվ սկսել էր ապրել, և ահա երանության գավաթը դեռ չպարպված, հանկարծ ընկնում է ձեռներից և փշրվում:

Անխիղճ, անաստված երիտասարդ... Ինչո՞ւ այդպես շուտ այդպես հանկարծ: Չլինի՜ մի ուրիշը քեզ հափշտակեց, և դու այժմ զվարճանամ ես նրա գրկում, Անուշին ծաղրելով: Օ՜օ, եթե կա այդպիսին, Անուշը նրա աչքերը եղունգներով կհանի, երեսիդ կշպրտի:

«Կանեմ, կանեմ, կանեմ», — կրկնում էր մտքում նա, մատները կծկելով աչքերի առջև: Անխի՜ղճ, դու չպիտի անպատիժ մնաս, չպիտի այն համոզմունքով ապրես, թե կարելի է սիրել կեղծ, անկեղծ սիրվելով, շուտով կոշտանալ, չկշտացրած, խաբել և երես դարձնել...

Նա մոտենում էր հայելուն, դիտում էր իրեն: Ախ, այս ի՞նչ է, խոշոր աչքերի տակ, բերանի անկյուններում, քունքերի վրա: Նաև սպիտակ մազե՞ր: Այդպես շո՞ւտ: Մի՞թե այս երկու շաբաթվա տանջանքներից: Տեր աստված, տեր աստված, ինչո՞ւ տղամարդիկ այդչափ անխիղճ են, ինչո՞ւ չգիտեն, թե որքան դառն է խաբող ամուսնու և խաբված սիրուհու վիճակը: Ինչո՞ւ, վերջապես, նրանց համար այդքան դյուրին է թիթեռի պես ծաղկից ծաղիկ թռչելը, իսկ կնոջ համար դժվար, անկարելի, գոնե պայմանավորված հարյուրավոր վտանգներով: Անուշը դուրս կգար հենց այս ժամին, զուգված, զարդարված, կգտներ խաբողին և հենց նրա աչքերի առջև թևը կտար մի ուրիշին և այսպես կպատժեր խաբողին:

Տա՛ր այս երեխաներին, գլխիցս հեռացրու, — հրամայեց նա սպասավորին, աղախնի ձեռքով յոթերորդ նամակը Միքայելին ուղարկելուց հետո:

Այժմ նրանք թվում էին ավելորդ բեռ, անխորտակելի պատնեշ, որ կանգնած էին նրա երջանկության միջև: Գուցե հենց նրանք եղան պատճառ, որ Միքայելը վախեցավ, երես դարձրեց: Չէ որ տղամարդը խորշում է երեխաներ ունեցող կնոջից: Ախ, թշվառ դրություն, ինչո՞ւ հենց այն կանայք են զավակներ ունենում, որոնք ատում են իրենց մարդկանց: Ընտանեկան կյա՜նքահա մի հիմար բան, որ այսքան կաշկանդում է կանանց: Ի՞նչ է այժմ Անուշի ընտանեկան կյանքը. մի մթին բանտ, պաղ ոսկերոտիք, որ ոչինչ հյութ չի պարունակում նրա համար այլևս: Այնինչ, մի ինչ-որ անողոք ավանդություն, մի հիմար նախապաշարմունք նրա թևերն անխնա կտրտել է և միշտ շշնջում է. «դու մայր ես»: Զզվելի, քստմնելի կապանք: Չխորտակե՞լ արդյոք այս կապանքը:

Դռների հետևից լսվող քայլերի ձայնն ընդհատեց նրա մտքերը: Ուրախության զգացումը մի վայրկյան բաբախեցրեց Անուշի սիրտը, սպիտակ ատամները բացվեցին: Մի՞թե Միքայելն է և այսպես շուտ, տասը րոպե չկա, որ ուղարկեց վերջին նամակը, ուր աղաչում էր նրան գեթ մի քանի րոպեով գալ:

Դռներն արագ բացվեցին, և շեմքի հայտնվեց Պետրոսի կերպարանքը, ահեղ, ինչպես մարմնացած վրիժառություն: Աչքերը կայծեր էին արձակում, այն աչքերը, որոնց արտահայտությունը, թեև հրող, բայց երբեք երկյուղալի չէին եղել: Ուր է այդ կոշտ և ինքնագոհ խանութպանի դեմքի կարմրությանը, շրթունքների վրա մշտապես խաղացող ժպիտը, այն մեղրալի ժպիտը, որ հատուկ է մուշտարիներին քծնող խանութպանին: Եվ այդ ինչ ծրար է նրա ձախ ձեռքում, և ինչո՞ւ նրա լայն կզակը դողդողում է, որպես կենդանի մարմնից սրի մի հարվածով անջատված:

Անուշը ցնցվեց: Այդ լուռ կերպարանքի միայն մի հայացքը բավական էր, որ իսկույն ըմբռնի, թե, վերջապես հասել է սոսկալի պատասխանատվության րոպեն:

Անառա՛կ, — մռնչաց Պետրոսը և մի քայլ առաջ դրեց, ձեռքի մեջ ճմրկտելով ծրարը:

Անուշը երեսը դարձրեց, առաջին շփոթմունքը թաքցնելու համար: Պետք էր մի բան հնարել:

Անառա՛ կ, — կրկնեց նույն ձայնն ավելի ահեղ:

Անուշն ինստինկտաբար գլուխը ձեռներով ծածկեց, մոտեցավ պատին: Պետրոսը բռնեց նրա հաստլիկ ուսերից ուժգին թափով երեսը դարձրեց իր կողմը:

Սպասում ես, հա՞, տանջվում ես, հաա՞, մեռնում ես, հաա՞...

Նա բոլոր ուժով թափահարում էր կնոջը, կարծես ձգտելով, առանց բառերի, միանգամից դուրս թափել նրա ամբողջ գաղտնիքը:

Դեհ, ասա՛, բոլորն ասա այս րոպեիս, բոլորը, շան աղջիկ...

Նա պահանջում էր, և միևնույն, ժամանակ, հնարավորություն չէր տալիս բառ անգամ արտասանելու: Նա սկսեց խեղդել սարսափահար եղած կնոջը:

Շեմքի վրա երևաց աղախինը, որ երկյուղից դողում էր և գունատվել էր թղթի պես: Մոտեցավ, հետևից բռնեց Պետրոսի թևերից և, որքան ուժը ներում էր, հետ քաշեց: Պետրոսը հետ դարձավ, հրեց նրան պոռալով,

Դու էլ օգնում ես, հաա՞:

նա վռնդեց աղախնին դուրս, դռները հետևից կողպեց:

Ո՞ր ժամանակից է:

Անուշը լուռ էր:

Ո՞ր Ժամանակից է, հարցնում եմ...

Նա այնպես ամուր սեղմեց Անուշի հաստ թևերը, որ խեղճ կինը ցավից ճչաց: Թող ինքը խոստովանի իր բերանով, այսպես է կամենում և հրամայում Պետրոսը: Դավաճանությունը ժխտել չի կարող, ահա փաստընրա մի քանի րոպե առաջ գրած նամակը: Աստված ինքն է օգնել Պետրոսին: Զուր չէին նրա կասկածները, որ այսօր այս անսովոր ժամին եկավ տուն: Ի՞նչպես, նա ամբողջ օրը խանութում արյուն քրտինք թափի, շան պես չարչարվի, սրան ու նրան գլուխ տա հինգտաս արշին բան ծախելու համար, հարյուր անգամ մեջքից թեքվի, վաղ աշխատի, պատիվ, անուն ստեղծի, իսկ կնիկն անառակությո՞ւն անի...

Այդ մեր դավթարներում գրված չի, շան աղջիկ, մենք վաճառական ենք, նամուս ունինք...

Անուշը տակավին լուռ լսում էր, երեսը շարունակ դարձրած, աչքերը ձեռներով ծածկած:

Կրկին Պետրոսը նրա երեսը շուռ տվեց իր կողմը և բռունցքը բարձրացրեց գլխին:

Անուշը փորձեց ժխտել հանցանքը, բայց նամակը Պետրոսի ձեռքումն էր: Նա ասաց, թե դա սիրային նամակ չի, բայց բովանդակությունն ավելի քան պարզ էր: Նա սկսեց հավատացնել, թե դա մի կատակ է, թե ոչինչ լուրջ կապ չկա և չի եղել նրա ու այդ մարդու մեջ, բայց Պետրոսը երեխա չէր, ճանաչում էր Ալիմյանին, գիտեր, որ նա զուր տեղը երեխայական կատակներ չէր անում կանանց հետ:

Նա անողոք պահանջում էր, որ Անուշն ինքն իր բերանով խոստովանի հանցանքը, հակառակ դեպքում, խոսքերը նրա կոկորդից դուրս կբերի եղունգներով:

Անուշը համառում էր: Նրա գլխին իջավ բռունցքի առաջին հարվածը: Նա ճչաց: Հարվածին հետևեց երկրորդը: Լսվեց մի հուսահատական աղաղակ: Պետրոսը ծածկեց նրա բերանը մի ձեռով, մյուսով սկսեց հարվածներ տալ գլխին, ուսերին, կրծքին: Հետո գցեց հատակի վրա և սկսեց, մազերից ձգելով, քաշել այս ու այն կողմ:

Ուշքի՛ եկեք, աղա, ուշքի եկեք...

Բանն այն էր, որ Պետրոսը չէր զգուշացել սենյակի երկրորդ դռները փակելու և տիրուհու հուսահատական աղաղակներին ներս էր վազել խոհարարը: Պետրոսն ուզում էր կնոջը խեղդել, և կխեղդեր, այնքան, կորցրել էր իրեն: Նրա թևերից բռնեցին, հետ քաշեցին: Եվ ո՛վ, խոհարարը, ի՜նչ անպատվություն, ի՜նչ խայտառակություն Պետրոս Ղուլամյանի անվան համար:

Թո՛ղ ինձ, թո՛ղ ինձ, — գոռում էր Անուշը...

Եվ նա վազեց դեպի դռները: Նա ուզում էր Փախչել: Օ՜հ, ոչ, Պետրոսի ձեռքից փախչելն այնքան էլ դյուրին չէ: Ոչ մի քայլ այս սենյակից, առանց խոստովանելու, թեկուզ ծառաների ներկայությամբ: Է՜հ, միևնույն է, երևի նրանք առանց այն էլ բոլորը գիտեն...

Ինչ ուզում ես արա, խեղդի՛ր, սպանի՛ր... ոչինչ չեմ ասիլ

Կասես, կասես, շան ծնունդ...

Մեղավորը դո՜ւ ես, ինը տարի ինձ տանջել ես, չեմ ապրել ոչ մի օր, ոչ մի օր...

Ո՞վ էր քեզ ուժով այստեղ բերում, ինչո՞ւ եկար...

Խաբվեցի, դու ինձ խաբեցիր...

Եվ, շունչն ուղղելով, նա ավելացրեց.

Եթե ես մեկին եմ սիրել, դու հարյուրին...

Լռի՛ր, անզգամ...

Անզգամը դու ես, որ ինձ խաբել ես հազար անգամ, ես միայն մի անգամ... Սպանիր, եթե ուզում ես, բայց անզգամը դու ես: Չէ, չէ, չէ, դու քո երեխաները վերցրու քեզ, ես քո կնիկը չեմ, հերիք է, ինչքան տանջեցիր...

Նա դարձյալ քայլերն ուղղեց դեպի դռները:

Պետրոսն այս անգամ հարձակվեց նրա վրա ավելի կատաղի: Թավալեց հատակին... Անխնա հարվածում էր հանցավոր կնոջը ոտներով ու բռունցքներով: Եվ միայն այն ժամանակ հեռացավ նրանից, երբ կինը վերջին ճիչն արձակելով, ուշաթափվեց, մնաց անշարժ, երեսն ի վեր, մազերը սփռված գորգի վրա...

XIII

Ալիմյանների քաղաքային գրասենյակն այժմ ներկայացնում էր մի ամբողջ առևտրական հիմնարկություն: Կից խանութը դատարկել էին տվել, միացրել, բոլորը վերանորոգել տվել, մաքրել և զարդարել: Զարգարյանի փոխարեն այժմ այնտեղ ծառայում էին մի գլխավոր, երկու օգնական հաշվապահներ, երեք քաղաքային գործակատարներ և մի քարտուղար: Կահ-կարասին նորոգվել էր պատշաճավոր կերպով: Երկաթե սնդուկի մոտ, առանձին սեղանի քով նստում էր Սրաֆիոն Գասպարիչը, որին Սմբատ Ալիմյանը նշանակել էր գանձապահ: Նրա կերպարանքն այժմ ավելի ազդու և ավելի հանդիսավոր էր դարձել: Բարձր երկաթե ցանկապատի հետևում նա հիշեցնում էր մի ահռելի դրակոնի, որ դրված էր երկաթե սնդուկը հսկելու համար:

Հաշիվները պահվում էին նոր ձևով: Ամեն ինչ, որ պատկանում էր առևտրական տան, գնահատվել էր և արձանագրվել: Այժմ ամեն րոպե կարելի էր ստուգել գործերի դրությունը: Սմբատն ապահով էր, որ ոչ մի թյուրիմացություն չպիտի տեղի ունենա, եթե ժառանգները կամենան նրանից ավելի պահանջել:

Առավոտները նա պարապում էր գրասենյակում, մինչև կեսօրը, առանձին սենյակում: Նրա դեմուդեմ պատին քաշ էին արած հանքերի, տների, քարվանսարաների լուսանկարները: Մեջտեղ զետեղված էր հանգուցյալ Մարկոսի մեծադիր յուղաներկ պատկերը սև շրջանակի մեջ. նկարչին հաջողվել էր փոքրիկ լուսանկարիս վերարտադրել նշանավոր քաղաքացու կերպարանքը բավական կենդանի: Ոչնչից միլիոններ ստեղծած մարդու դեմքն արտահայտում էր խորին մտահոգություն, եռանդ և զգաստություն: Թվում էր, որ նրա սրատես աչքերը դեռ արթուն հսկում են գործերին, հետամուտ լինելով որդու յուրաքանչյուր քայլին: Հոր խոժոռած դեմքի վրա որդին կարդում էր կյանքի մի որոշ, անխախտելի նպատակվաստակել և վաստակել զավակների ապահովության համար: Եվ նա հասել էր այդ նպատակին ամենա փայլուն կերպով, բայց հետը գերեզման տանելով ծանր վիշտ որդիների վերաբերմամբ: Սմբատին թվում էր, թե այդ վիշտը դրոշմվել է հանգուցյալի պատկերի վրա և եռանդով լի աչքերի մեջ:

Նա գլուխը քարշ խորասուզված էր մի կապոց գործնական նամակների ընթերցանության մեջ, երբ ներս մտավ գործակատարներից մեկը և հանձնեց հեռագիր: Նա կարդաց հետևյալ երկտողը.

«Պետրովսկ: Այսօր երեկոյան կառախմբով հասանք, երեկոյան շոգենավով կճանապարհվինք»...

Ուրախության զգացման հետ Սմբատին պաշարեց դարձյալ անջնջելի վիշտը: Ահա վերջապես վաղն առավոտ տեղի պիտի ունենա այն բարդ տեսարանը, որ վերջին ամիս նրան պատճառել էր այնքան մտատանջություն: Նա կուրախանա, տեսնելով սիրեցյալ զավակներին, որոնց կարոտն օր-օրի վրա ավելի ու ավելի զգալի էր դառնում, բայց ինչպես կդիմավորի կնոջը, որից գրեթե երեք ամիս էր հեռու էր և տեսնվելու փափագ չէր զգում: Դա ինքնըստինքյան ապացույց էր, որ մի անգամ շիջած կրակն այլևս չպիտի վառվի նրա մեջ: Ո՛չ, երբեք չպիտի վառվի:

Նա հեռագիրը դրեց ծոցը: Հուզմունքը ներս ու դուրս եկող ծառաներից թաքցնելու համար նորից խորասուզվեց գործնական նամակների ընթերցանության մեջ: Հոգու խորքում բարձրացած փոթորիկը կրծքից դուրս էր թողնում մերթ ուրախության, մերթ տրտմության հառաչանք: Երկդիմի էր նրա դրությունը, և հակասական մտքերից առնական դեմքը կամ պայծառանում էր կամ մռայլվում, նայելով ում է երևակայումզավակների՞ն թե կնոջը:

Բայց հարկավոր էր տնեցիներին նախապատրաստել վաղվա ընդունելության համար: Նա բարձրացավ վերև, մտավ մոր սենյակը, հեռագիրը կարդաց: Այրին գունատվեց: Լուրն անսպասելի էր: Նա դեռ հույս ուներ, թե որդին կմոռանար իր մեղքը: Այնինչ, ոչ միայն չի մոռացել, այլև այսօր հաղորդում է մի անսպասելի և դառն լուր: Ի՞նչ, ուրեմն վաղը նրա տունը պիտի ոտք դնի, իբրև օրինական հարս, այն կինը, որին ատել է դեռ երեսը չտեսած և որի պատճառով այնքան տանջվել է:

Այդպե՞ս ես կատարում հորդ կամքը, — գոչեց այրին, արտասվելով:

Մի՞թե հարյուր անգամ չեմ ասել, թե առանց երեխաներիս ապրել չեմ կարող: Իսկ նա իմ երեխաների մայրն է: Մայրիկ, հասկացի՛ր դրությունս, ես նրա հետ կապված եմ հավիտյան: Պատրաստվի՛ր ընդունելու նրան գոնե առերես ուրախ...

Ճարս ինչ, բերել ես տալիս, պիտի ընդունեմ: Բայց, որդի, հորդ կամքը ոտնատակ ես անում, այդ լավ չի, լավ չի...

Եվ արտասուքը փոխվեց հեկեկանքի:

Սմբատը թողեց մորը, որ ինքն իրեն պատրաստվի վաղվա ընդունելության համար, դուրս եկավ նրա սենյակից, շտապով ճաշեց մենակ և ուղևորվեց հանքերը:

Այս անգամ նրան դիմավորեց կառավարիչ Սուլյանը, որ առողջացել էր և գործերն ստանձնել: Դա մի երիտասարդ ինժեներ էր քաղաքացիական հագուստով, նիհար և արագաշարժ, կարճլիկ մազերով, մուգ շագանակագույն միրուքով: Երեք տարի էր ծառայում էր Ալիմյանների մոտ, կարողացել էր գրավել հանգուցյալ Մարկոս աղայի համակրությունը և այժմ աշխատում էր արժանանալ նրա ժառանգների ուշադրության: Մեջքից թեքված, հաճոյական ժպիտը երեսին, առաջնորդեց նա Սմբատին գրասենյակ և զեկուցում արավ գործերի մասին: Ամեն ինչ ընթանում էր կանոնավոր: Նոր հորը հրաշքներ է անում: Հարյուր քսան սաժեն քանդել են և դեռ ոչ մի խոչընդոտ քար չի պատահում, հողը ցույց է տալիս նավթի նշաններ, կարող է շուտով շատրվան բացվել:

Զարգարյանը ներկայացրեց վերջին ամսվա արտադրության հաշիվը: Հաղորդեց տեղեկություն բանվորների համար նոր կաե ռո լցվող կացարանների մասին: Սուլյանը չէր համակրում այս ձեռնարկության: Նա ասաց, թե մշակները երախտամոռ են, չարժեն այդքան ծախսերի, չեն հասկանալ Ալիմյանների բարությունը: Սմբատը պատասխանեց, թե ինքը բարություն չի անում, այլ իր պարտքն է կատարում:

Սուլյանը լեզուն կծեց: Երրորդ անգամն էր նա փորձում էր Սմբատի ինքնասիրությունը և երրորդ անգամ էլ խիստ պատասխան էր ստանում: Նա մոռանում էր, թե իր տերը թեև Մարկոս Ալիմյանի որդին է, բայց ուրիշ հայացքներով, որ այն, ինչ որ փաղաքշում էր հորը, կարող էր դուր չգալ որդուն: Ահա ինչու, կամենալով մի սխալն ուղղել, երկրորդ սխալը գործեց, երբ ասաց.

Ձեր պարտք համարածն ուրիշները բարություն կհամարեին, բայց ձեզ արդեն սկսել են պաշտել մշակները:

Следующая страница