Շիրվանզադե Ալեքսանդր՝   Պատմվածքներ և վիպակներ

Ինչ որ ասեք, — պատասխանեց Մարտին Բուղդանիչն իր աղջկա փոխարեն:

Պապա, մի՞թե դուք կարծում եք, որ բոլոր ձեր բերած գրքերը կարդում է Լիզան, — կրկին մեջ մտավ Եվգենյան, հեգնորեն ժպտալով: — Ռոմանների մասին խոսք չունիմ, Լիզան նրանց կլանում է, մյուս գրքերը միայն թերթում է, որ ասի, թե հա՛, ինքն էլ այս ինչ լուրջ գրքերի հետ ծանոթ է:

Մարդս, շատ ժամանակ, Գևորգ, իր սեփական պակասություններն անգիտակցաբար ուրիշների մեջ է գտնում: Վերջերում ես իմացա, թե Եվգենյան սուտ է ասում, թե Լիզան, բացի ռոմաններից, ուրիշ լուրջ հեղինակություններ ևս կարդացել է: Իր քրոջ նկատողության՝ նա ոչինչ չպատասխանեց: Ճաշից հետո մենք անցանք դահլիճ՝ քիչ զվարճանալու: Մարտին Բուղդանիչն առաջարկեց Եվգենյային մի բան նվագել: Օրիորդը հրաժարվեց, պատճառ բերելով, թե գլուխը ցավում է (կանանց գլխացավին, Գևորգ, շատ էլ հավատ չընծայես): Հայրն առաջարկեց մեծ աղջկան, և Լիզան առանց հակառակելու, նստեց դաշնամուրի մոտ: Ես այդ ժամանակ, և հենց հիմա էլ, երաժշտություն չգիտեի, բայց լսելշատ էի սիրում: Երբ Լիզան, իր երկայն ու նուրբ մատներով մի քանի անգամ զարնելով դաշնամուրի կլավիշներին, անցավ առաջին ակորդըդահլիճի մեջ տարածվեցին մեղմ և քաղցր հնչյուններ: Դա Շոպենի այն մելամաղձոտ հյուսվածքներից մեկն էր, որոնք շարժում են մարդկային սրտի հիվանդ թելերը. Դահլիճի լուսամուտները բաց էին: Ամառային մանիշակագույն երկնքի երեսում այս ու այն կողմ սահում էին թեթևաշարժ ամպերը: Ես դաշնամուրի քաղցր ձայնով հափշտակված, նայում էի երկնքին: Ինձ թվում էր, թե այդ հնչյուններն արձակում են հեռու բարձրությունում լողացող սպիտակ ամպերը, և ես հոգով ձգտում էի դեպի վեր, բայց չէի կարողանում հասնել: Չգիտեմ որքան ժամանակ մնացի այդ կախարդված դրության մեջ, միայն, երբ աչքերս դարձրի դեպի դահլիճԼիզան արդեն չկար: Մարտին Բուղդանիչը ճերմակ բեղերի տակից դուրս էր թողնում ծխախոտի կապույտ ծուխը: Եվգենյան, նրա մոտ նստած, նայում էր երեսիս:

Ո՞ւր գնաց Ելիզավետա Մարտինովնան, — հարցրի ես, մի փոքր շփոթվելով Եվգենյայի սուր հայացքից:

Դուրս եկավ, — պատասխանեց Մարտին Բուղդանիչը, երեսիս նայելով:

Եվգենյան գնաց դուրս և, մի քանի վայրկյանից հետո վերադառնալով հայտնեց, թե Լիզայի գլուխը ցավում է: Այս ասելով, Եվգենյան իր սուր և խորամանկ հայացքը ձգեց ինձ վրա, և ես նրա դեմքի վրա նկատեցի մի կծու հանդիմանություն: Ինչո՞ւ, ես ի՞նչ էի արել: Բայց հետո իմացա, որ շատ բան եմ արել: Արդեն երեկո էր, երբ ես դուրս եկա: Լիզան չդուրս եկավ ինձ հրաժարական տալու, և ես հեռացա ինչ-որ ծանրություն ոչ կրծքիս վրա, այլ կրծքիս տակ: Է՛հ, Գևորգ ես չեմ պատմիլ, թե գա ինչ ծանրություն էր, դու այժմ ինձանից լավ ես զգում: Բայց դու չձանձրացա՞ր:

Ամենևին, — պատասխանեց Գևորգը, մի ծխախոտ վառելով, — կարող ես մինչև լույս խոսել:

Դեռ իմ պատմության սկիզբն է դա, լսիր մինչև վերջը մոտենում եմ նրա ծուծին:

Հետևյալ օրը չհամբերեցի և կեսօրից հետո, գործերս ավարտելով, գնացի Բադամովի տուն: Դա իմ կողմից մեծ համարձակություն էր, սակայն ես չմտածեցի և գնացի: Որքան մեծ եղավ իմ ուրախությունը, երբ Լիզային հանդիպեցի դահլիճում, դաշնամուրի դեմ նստած, նոտաների տետրը դեսուդեն թերթելիս: Մարտին Բուղդանիչն այս անգամ ինձ ընդունեց ավելի քաղաքավարի, բայց ես նրա դեմքի վրա նկատեցի մի տեսակ ճնշում: Իսկ Եվգենյան սառնությամբ ձեռը մեկնեց ինձ և դուրս եկավ:

Ներեցեք, որ ես երեկ անքաղաքավարությամբ ձեզ թողեցի դահլիճում և հանկարծ դուրս եկա, — դիմեց ինձ Լիզան, տեղից բարձրանալով:

Անքաղաքավարությունն իմ կողմից էր, օրիորդ, — պատասխանեցի ես, համարձակորեն նայելով Լիզայի երեսին:

Ինչո՞ւ:

Դուք հիվանդացաք, իսկ ես իբրև բժիշկ, չառաջարկեցի իմ ծառայությունը:

Շատ էլ սաստիկ չէր ցավում գլուխս, որ բժշկի դիմելու կարևորություն զգայի, — պատասխանեց Լիզան և հետո, դառնալով հորը, հարցրեց. — պապա, կկամենա՞ք, որ ձեր սիրած եղանակներից մինը ածեմ:

Միայն երեկվա պես կիսատ չթողնես ու փախչես, — պատասխանեց Մարտին Բուղդանիչը լրջորեն:

Լիզան նստեց դաշնամուրի դեմ և, ճակատից մազերը հետ դարսելով, սկսեց մի ուրախ եղանակ: Բայց ուրախ եղանակն այս անգամ ինձ վրա տխուր տպավորություն գործեց: Ես նայում էի Լիզայի արագաշարժ մատներին, որոնք թեթևությամբ բարձրանալով վեր և կրկին իջնելով, դուրս էին մղում դաշնամուրից քնքուշ հնչյուններ: Ես զգում էի, թե Լիզայի մատները իմ սրտին են դիպչում, և այդ հնչյուններն արձակում է իմ սիրտը: Չէ՛, Գևորգ, աննկարագրելի են այդ րոպեները: Ես մտիկ էի անում Լիզայի մատներին, մտիկ էի անում նրա կռներին, իրանին, գլխին, պարանոցին, ուսերի վրա թափված շագանակագույն մազերին, և դրանք ինձ մագնիսի զորությամբ մղում էին դեպի այդ էակը: Ոչ մի բան նույն րոպեներում ինձ համար գոյություն չուներ, ոչ մի բանբացի Լիզայից: Նույնիսկ դաշնամուրի ձայնն ես Լիզայի մեջ էի տեսնում մարմնացած, և ես վայրկյան առ վայրկյան հաղթվում էի Լիզայի առջև: Վերջապես, նա դադարեցրեց և, դաշնամուրի կափարիչը հետ ձգելով հարցրեց ինձ, արդյոք հավանեցի նրա խաղը: Գուցե Լիզան լավ չէր ածում դաշնամուրի վրա, միայն ես հիացած էի և նույն րոպեին չկարոդացա գտնել խոսքեր, որոնցով արտահայտեի իմ հիացումը: Նա նայեց իմ դեմքին և իսկույն հասկացավ, թե որքան ազդել է յուր խաղն ինձ վրա:

Երկու ժամի չափ մնացի Բադամովի տանն և շատ ուրախացա, որ Մարտին Բուղդանիչն ինձ այս անգամ ազատ թողեց քաղաքական հարցերից: Զարմանալի բան. մի քանի օր առաջ ինքս գուցե մեծ բավականությամբ պատրաստ էի վիճել նրա հետ այդ հարցերի վերաբերմամբ: Իսկ նույն օրը, եթե նա սկսեր վիճել, համոզված եմ, որ առանց այլևայլի կհամաձայնվեի նրա մտքերի հետ, միայն թե նա դադարեր լուրջ վիճաբանություն անելուց: Այս անգամ վերադարձա տուն բոլորովին հաղթված:

Անցավ մի ամիս: Ես ստեպ-ստեպ այցելում էի Բադամովներին: ԵՍ գնում էի երեք օրը մի անգամ և, եթե չամաչեի, Գևորգ, կգնայի ամեն օր: Բնական է, որ այդպիսի հաճախ այցելության պատճառը վաղ թե ուշ պիտի հայտնվեր Մարտին Բուղդանիչին, և հայտնվեց էլ: Բայց նրանից առաջ իմացավ Եվգենյան: Այդ խորամանկ օձն իր սուր հայացքներով և հեգնական ժպիտներով կատարելապես հալածում էր ինձ:

Ինչ վերաբերում է Լիզայինդու պիտի հասկացած լինես, Գևորգ, որ նա հենց առաջին օրից էր նկատել իմ զգացումները: Այդ կողմից և միայն այդ կողմից կինն ունի դիտողություն, և զարմանալի ճիշտ դիտողություն: Նա շատ անգամ հենց առաջին հայացքից կարող է նկատել, թե ինչ է զգում տղամարդը դեպի ինքը: Երբ մարդու ուղեղը, ուշ ու միտքը կենտրոնացած են լինում մի բանի վրա, մանավանդ, երբ նա այդ բանումն է տեսնում իր գոյության խնդիրը, ոչ մի հոգեբան չի կարող այստեղ նրա հետ հավասարվել: Դա իմ խորին համոզմունքս է, և հավաստի եմ, որ չեմ սխալվում: Դու ժպտում ես, Գևորգ, դու ծիծաղում ես, որ ես այդպես շուտ եզրակացություններ եմ անում, բայց համբերեիր, և ինքդ սեփական փորձերով կգաս նույն եզրակացության: Ինչևիցե: Որտեղ մնացի՞, հա՛, ես գիտեի, որ Լիզան գուշակում է իմ զգացումները: Բայց ինչ է զգում ինքը, Լիզան դեպի ինձդա ինձ համար առաջին ամիսը թեև պարզ էր, այնուամենայնիվ, ես չէի համարձակվում հավատալ, թե հիրավի նա անտարբեր չէ դեպի ինձ: Ես կասկածում էի. մի՞գուցե ինձ պարեցնում է, մի՞գուցե կամենում է հաղթել ինձ, դուրս մղել ինձանից խոստովանություն և հետո, մերժելով, զվարճանալ իր կանացի հերոսական հաղթությունով: Բայց այն ժամանակ ես դեռ հավատ ունեի դեպի կնոջ անկեղծությունը:

Իսկ ա՞յժմ, — ընդհատեց հանկարծ Գևորգը:

Մեռել է և երբեք հարություն չի առնիլ, — պատասխանեց Արզաս Պետրովիչը: — Այսպես, Գևորգ, ես հավատամ էի կնոջ անկեղծությանը և հավաստի էի, որ Լիզան թեթևամիտ կոկետուհիներից չէ, որ ուզենա ինձ խաղալիք դարձնել իր ձեռքում: Ինչպես ասացի, մի ամիս էր արդեն, որ ես այցելում էի Բադամովներին: Այդ մի ամսվա ընթացքում ես բավական մոտիկ ծանոթացա այդ ընտանիքի պատմությանը: Ահա նա՛: — Մարտին Բուղդանիչի հայրը թողել էր ժառանգություն մի տուն և մի թեթև զուտ գումար: Ապրելով բավական համեստ, Մարտին Բուղդանիչն այդ գումարի վրա տարեց-տարի ավելացրել էր և յուր ռոճիկի մի մասը: Քսանուհինգ տարվա ընթացքում, թեթև գումարը, շահվելով, դարձել էր մի պատկառելի թվանշան: Թե ինչպես էր աշխատել նրա հայրն այդ գումարը և տունըես չիմացա, բայց իմացա որ Մարտին Բուղդանիչն ինքը ծառայության ժամանակ իր պաշտոնը վարել էր բարեխղճաբար (ուզում եմ ասել, կաշառք չէր կերել): Նա պաշտոնը թողել էր ինքնակամ, անմիջապես կնոջ մահից հետո: Մարտին Բոլւդանիչը, այդ չլուսավորված հոր լուսավորված զավակը, իր աղջկերանց կրթության համար ոչինչ չէր խնայել: Նրանք անցել էին գիմնազիական կրթությունն և տնային ուսուցիչների միջոցով սովորել էին երաժշտություն, պար և ֆրանսերեն, մի խոսքով, ինչ որ հարկավոր է ժամանակակից օրիորդներին: Կնոջ մահից հետո Մարտին Բուղդանիչը յուր փողը վաղօրոք բաժանել էր աղջկերանց իբրև ապագա ամուսնական օժիտ: Իսկ տունը թողել էր, որ, ինչպես ինքն ասում էր, մեռնելու ժամանակ կնոջ և յուր հիշատակին նվիրի մի բարեգործական նպատակով: Երբ այս բոլոր մանրամասնություններն իմացա պարզասիրտ Մարտին Բուղդանիչից, զգացի այնուհետև ինձ նրա ընտանիքին ամենամոտ անձ: Կարծես, կար մի աներևույթ կապ իմ և նրա մեջ: Ի սեր աստծո, Գևորգ, չկարծես, թե ես րոպե անգամ մտածում եմ օժիտի մասին: Կրկնում եմ, այն ժամանակ ուրիշ մարդ էի, իսկ այժմ ուրիշ մարդ եմ: Այն ժամանակ մի փոքր պակաս էր այստեղ, իսկ այստեղ շատ վառ (Արզաս Պետրովիչը ձեռը խփեց նախ ճակատին, հետո ձախ կողքին): Ինչևիցե, ես չափաղանց ընտելացա Բադամովի ընտանիքին: Իսկ թե Եվգենյան ինձ ատում էրդա ինձ համար այս կանթեղի նման պարզ էր: Այս հանգամանքն ինձ մի փոքր նեղն էր դնում, որովհետև, ինչևիցե, այդ աղջիկը, եթե կամենար, կարող էր խոչընդոտ լինել, բայց մյուս կողմից Լիզայի և Մարտին Բուղդանիչի համակրությունն ինձ խրախուսում էր: Անտանելի օրեր էին ինձ համար այդ օրերը, Գևորգ: Ես ինձ կորցրել էի, ոչ մի միտք գլխումս եփել չէի կարողանում: Գնում էի ծառայության, պաշտոնիս փոխարեն Լիզան էր կանգնած իմ առջև, գնում էի հիվանդի մոտ, հիվանդի փոխարեն Լիզային էի տեսնում իմ դեմ: Գլխավորիցս մի քանի անգամ հանդիմանություն ստացա, հիվանդներիցս մի քանիսի տերերն ինձ քաղաքավարությամբ մերժեցին: Իսկ հասարակական գործերը տակահան մոռացել էի: Ընկերներս ինձ ծաղրում էին, թե ինչպես առաջ տաք-տաք կպա գործին և ինչպես շուտ սառա: «Որովհետև բոլոր քո եռանդը կեղծ էր», — ասում էին նրանք: Բայց ես ուշադրություն չէի դարձնում ոչ ոքի խոսքիի վրա և շարունակում էի օրեցօր ավելի ու ավելի թուլանալ:

Մի գիշեր, վերջապես խելքս գլուխս ժողովեցի և սկսեցի լուրջ քննել իմ դրությունը: Շատ անմխիթար գտա նրան, Գևորգ, և տեսա, որ եթե այդպես երկար շարունակվի, ես միանգամայն կդառնամ մի անպետք լաթ: Վճռեցի այլևս չայցելել Բադամովներին և դուրս բերել գլխիցս ու սրտիցս Լիզա ասված էակին: Եվ ի՛նչ ես կարծում Գևորգ, միայն տասն օր կարողացա չտեսնել Լիզայի երեսը: Թե որքան թանկ նստեց ինձ այդ տասն օրը, ես հրաժարվում եմ պատմել, որովհետև շատ կերկարի պատմությունս: Ծանր և վշտալի օրեր էին ինձ համար այդ օրերը: Բայց մի բան պիտի ավելացնեմ, Գևորգ. թեև վեպերում ես շատ էի կարդացել, թե այդպիսի դրության մեջ սիրահարվածի ախորժակն ու քունը փախչում են, իմ ախորժակը երբեք չէր կապվում, ես ուտում էի առաջվա պես և քնում էլ էի: Միայն գործել չէի կարող, ոտանավորներ էի գրում, «իմ սիրելի» — ֆլան-ֆստան: Գիտես էլի... Տասնումեկերորդ օրն էլ չկարողացա համբերել: «Ինչ որ լինելու է, թող լինի», — ասացի ինքս ինձ, — կգնամ և բացարձակապես կպարզեմ իմ սիրտը Լիզայի առջև: կընդունիլավ, չի ընդունիլայսուհետև հողը գլուխս, մի կերպ կտանեմ ցավս»:

Այս ասացի, ցիլինդրս դրեցի գլխիս և գնացի:

Արզաս Պետրովիչը մի փոքր լռեց, դարձյալ մի քիչ գարեջուր խմեց և, մի ծխախոտ վառելով, շարունակեց.

Իրիկնադեմ էր: Մարտին Բուղդանիչը տանը չէր բարեբախտաբար: Եվգենյան մրափում էր: Լիզան, պատշգամբի վրա նստած, նայում էր քաղաքի շրջակայքի սարերին: Ինձ տեսավ թե չէ, իսկույն վեր թռավ տեղից և ձեռը մեկնեց: Ես նրա դեմքի վրա նկատեցի անսպասելի ուրախության մի արտահայտություն, որ նա իզուր աշխատում էր թաքցնել: Մի քանի վայրկյան մենք չկարողացանք խոսել: Ես սեղմեցի նրա ձեռը և նստեցի դեմուդեմ:

Ո՞րտեղ եք մնացել, — հարցրեց, վերջապես, Լիզան:

Սաստիկ զբաղված էի գործերով, — սուտ ասացի ես:

Իսկ մենք կարծում էինք, որ հիվանդացել եք:

Մի՞թե:

Քանի անգամ ծառային ուղարկել ենք, բայց ձեր բնակարանը չի գտել:

Շնորհակալ եմ ձեր հոգացողության համար:

Հայրս է ձեր մասին շատ հարցնում, — շտապեց ավելացնել Լիզան:

Շնորհակալ եմ, ի՞նչպես է Մարտին Բուղդանիչը:

Լավ է: Երեկ այգումը երկու ժամու չափ ես և Ժենյան պտրեցինք ձեզ և ոչ մի տեղ չտեսանք:

Այս անգամ չկարողացա ինչպես հայտնեմ իմ շնորհակալությունը: Մի քանի անգամ «շնորհակալ եմ» բառը իրարու հետևից կրկնելը, ինձ անհամ էր թվում:

Դո՞ւք ինչպես եք, — վերջապես, հարցրի ես, հանկարծ մտաբերելով իմ սխալը:

Շատ տխուր, մի շաբաթ է չգիտեմ ինչ է պատահել ինձ, գիշերները չեմ կարողանում քնել:

Այս ասելով, Լիզան գլուխը թեքեց կրծքին և մատներով սկսեց ուղղել հանդերձի փեշերը: Նայեցի վերևից ցած նրա երեսին և նկատեցի ոչ թե անքնություն, այլ մի ինչ-որ ծանր մտածողությունից առաջացած փոփոխություն: Ոչ նրա աչքերի կոպերն էին ուռած և ոչ էլ նրանց սպիտակուցն էր դեղնած: Անքնության այս հետքերը չկային Լիզայի դեմքի վրա, կառ միայն մի թեթև դեղնություն: «Հը՛մ, իմ բացակայությունը իզուր չի՛ անցել», — մտածեցի ես, ուրախանալով:

Գուցե հիվա՞նդ եք, թույլ տվեք շոշափել ձեր երակը, — ասացի ես:

Լիզան զգուշությամբ մեկնեց ինձ յուր բազուկը: Ես անհապաղ ոչ թե բռնեցի, այլ խելագարի պես ճանկեցի այդ բազուկը: Մի վայրկյանում նա դողաց իմ ձեռի ափում, և Լիզան դուրս խլեց նրան արագությամբ:

Թողեք, ես առողջ եմ, — ասաց նա կարմրելով և երեսը ինձանից շուռ տալով:

Ես զգացի մի ինչ-որ ցնցում, ամբողջ մարմնովս անցավ հաճելի դողոց: Ես շփոթվեցի և կամենում էի բերանս բանալ չգիտեմ ինչ ասելու: Բայց այդ վայրկյանին ներս մտավ Մարտին Բուղդանիչը: Լիզան շփոթվեց և վեր կացավ տեղից:

Օօ՛օ, Առզաս Պետռովիչ, Առզաս Պետռովիչ, — դիմեց ինձ Մարտին Բուղդանիչը, չգիտեմ ինչու, այս անգամ անունս սովորականից ավելի կոշտ արտասանելով: Նա մոտեցավ և ձեռքս սեղմեց:

Բարով, բարով, քանի՞ ամառ է, քանի՞ ձմեռ է, որ մեզ մոռացել եք, — շարունակեց նա, անխնա քերելով յուր կոկորդը сколько բառը ասելիս, որ չորս անգամ դուրս բերի к տառը:

Մենք գնացինք ներս: Ներկայացավ և զուգված, զարդարված Եվգենյան՝ անփոփոխ հեգնական ժպիտը յուր խորամանկ երեսին: Մենք սկսեցինք խոսել Մարտին Բուղդանիչի սիրեցյալ քաղաքական հարցերի մասին: Բայց, զարմանալի բան, որքան աշխատում էի, այս անգամ ծերունին բանը չէր երկարացնում: Իսկ Եվգենյան երեսիս անգամ չէր նայում: Լիզան աչքերի տակով նայում էր ինձ ու ժպտում, երբեմն էլ ծածուկ ծիծաղում: Երբ նա ժպտում էր, ես ևս ժպտում էի, իսկ երբ ծիծաղում էր, չէի համարձակվում ծիծաղել: Նա մերթ ընդ մերթ նայում էր յուր քրոջ և հոր երեսին և հետո ինձ վրա ձգում թափանցող հայացքներ: Պարզ էր, որ նա կամենում էր իմանալ: Ինչ տպավորություն է անում ինձ վրա հոր և քրոջ այն օրվա սառնությունը և միևնույն ժամանակ, կարծես, նրանց փոխարեն ամաչում էր ինքը: Տեսնելով, որ բանս մի քիչ լավ չէ, ես շտապեցի դուրս գնալ: Եվ դուրս եկա թեթևացած: Լիզայի սերը այս անգամ ինձ համար անկասկածելի էր: Փա՛հ, ի՛նչ շուտ է չորանում կոկորդս:

Արզաս Պետրովիչը գարեջրից մի փոքր կում արեց:

Այսպես, Գևորգ, — շարունակեց նա, բերանը սրբելով, — ինձ համար մասամբ պարզվեց Լիզան: Մնում էր միայն մի բան, դա էլ շուտով կատարվեց: Մյուս օրն երեկոյան ես գնացի կլուբ: Ընտանեկան երեկո էր: Ես ի բնե չէի սիրում պարել, այս պատճառով, մի անկյուն քաշված, ականջ էի դնում երաժշտության: Հանկարծ հետ նայեցի և տեսնեմԼիզան, հովհարը ձեռին, կանգնած:

Հայրս ընթերցարանում կարդում է, Ժենյան էլ պարում է, ես մենակ եմ, — ասաց նա:

Հայտնի բան է, ես իսկույն ուրախությամբ ընկերացա Լիզային: Երաժշտական խումբը նվագում էր: Լիզայի առաջարկությամբ մենք գնացինք այգի զբոսնելու: Այստեղ ոչ ոք չկար, ամենքը ռոտոնդայում ժողովված, մտիկ էին անում պարողներին: Խաղաղ և զով երեկո էր: Մի քանի շրջաններ անելուց հետո, չգիտեմ ինչպես, հանկարծ ինձ Լիզայի հետ տեսա մի մութ ծառուղիում, ուր ոչ ոք չէր երևում: Մենք նստեցինք կանաչ նստարաններից մեկի վրա, իրարու քով: Նա լուռ էր, ես էլ լուռ էի: Նա ասում էր, թե երաժշտություն է լսում, ես հավատացնում էի, թե հափշտակված եմ գեղեցիկ երկնքով: (Ո՛վ գիտե, այն րոպեին գուցե երկինքը իսկի գեղեցիկ էլ չէր): Երկուսս էլ իրարու խաբում էինք, և երկուսս էլ գիտեինք, որ սուտ ենք ասում: Իմ միտքը զբաղված էր նրանով, նրա միտքը զբաղված էր ինձանով: Ուրիշ ոչինչ, ո՛չ երաժշտություն և ոչ էլ երկինք: Ավելի հարմար ժամանակ չէի կարող գտնել իմ սիրտը պարզելու համար (թեև տեղը այնքան էլ հարմար չէր): Ես շտապեցի օգտվել դեպքից: Եվ գիտես ինչպես, ո՛չ խոսակցություն, ո՛չ բանաստեղծական ճարտարաբանություն, ոչինչ: Ահա ինչպես: — Լիզայի ձեռքում կար մի վարդ: Ես խնդրեցի այդ վարդը նրանից: Նա առաջարկեց ինձ և կրկին հետ քաշեց իր ձեռը: Ես բռնեցի նրա ձեռքից, որ ուժով խլեմ վարդը: Նա ընդդիմացավ, բայց վարդը մոտեցրեց քթիս, որ ես հոտ առնեմ: Ես բռնեցի նրա բազկից և, մի տաք համբույր կպցրի նրա մատներին: Նա ձեռը արա գությամբ հետ խլեց: Ես աջ ձեռքով գրկելով նրա մեջքը, այս անգամ համբուրեցի երեսը: «Ի՛նչ եք անում, խելագարվել եք, ի՛նչ է», — ասաց նա, իբրև թե աշխատելով ձեռիցս դուրս պրծնել, մինչդեռ ինքը մոտենում էր ինձ: Ես ուզեցի խոսքերով արտահայտել իմ զգացումը: Լիզան ձեռը դրեց բերանիս, որ լռեմ: «Սո՛ւս, — ասաց նա, — գիտեմ ինչ ես ուզում ասել, գուցե ռոմանների մեջ հազար անգամ գրված միատեսակ բառեր»: Ես լռեցի և սկսեցի իրարու հետևից համբյուրներ դրոշմել նրա ձեռներին, թշերին, վզին, գլխին և մինչև անգամ հագուստին: Այս բոլորը կատարվում էր լուռ: Նա քիչ դողում էր, իսկ իմ շրթունքները ցուրտ կտրածի պես կպչում էին ատամներիս: Գրազ կգամ, որ նույն ժամին իմ դեմքը շատ հիմար պիտի լիներ: Անցել էր մի ժամու չափ, մենք ուրախությամբ այդ դրության մեջ կմնայինք, մինչև լույս: Բայց այդ չէր կարելի, և Լիզան առաջինը հիշեցրեց, թե հարկավոր է գնալ, եթե ոչ՝ հայրը կկասկածի: Ես հարցրի, ե՞րբ կարող ենք տեսնվել: Պատասխան ստացա, թե կարող եմ ամեն օր այցելել իրանց տունը:

Միայն առավոտները, ժամը տասնումեկից հետո, — ասաց Լիզան, — այդ ժամանակ հայրս կլուբ լրագիրներ կարդալու է գնում մինչև երկու ժամ:

Իսկ Եվգենյա Մարտինովնա՞ն, — հարցրի ես:

Հեշտ է, նրա գաղտնիքն էլ իմ ձեռքում է, — պատասխանեց Լիզան, ծիծաղելով, և մենք բաժանվեցինք:

Արդարև, Եվգենյան մի հիմար ռոման ուներ մի ինչ-որ լպստված ֆրանտի հետ, որին ես մինչև այդ ժամանակ մի անգամ տեսել էի Բադամովի տանը:

Հետևյալ օրը, նշանակյալ ժամին, ես Լրզայի մոտն էի:

Մարտին Բուղդանիչը իսկապես տանը չէր: Եվգենյան տանն էր, ինչպես հետո Լիզան ասաց, բայց իմ ներկայությամբ չերևաց: Լիզան նստած էր դահլիճում, մի հայերեն գիրք ձեռքում բռնած: Երբ ես ներս մտա, նա շփոթված, գիրքը մի կողմ ձգեց:

Մի՞թե հայերեն գիտես, — եղավ իմ առաջին հարցը:

Շատ քիչ, բայց ուզում եմ սովորել:

Չէի սպասում:

Մենք նայեցինք իրարու և հասկացանք միմյանց միտքը: Կես րոպեի չափ մենք լռեցինք:

Արշակ, — ընդհատեց նա լռությունը, առաջին անգամ արտասանելով իմ հայերեն անունը:

Եվ այդ Արշակ բառը նա արտասանեց այնպիսի լուրջ եղանակով, որ ես մի քիչ վախեցա:

Արշակ, — շարունակեց նա, — ես կարծում եմ, որ այսուհետև կարող ենք դեն ձգել մեր դիմակները և խոսել պարզ ու անկեղծ:

Մի՞թե մինչև հիմա մենք դիմակներ ունեինք, — հարցրի ես զարմացած:

Ո՛չ դիմակ, այլ մի թեթև քող, որի տակից շատ պարզ երևում էր մեր իսկական դեմքը: Մենք վաղուց էինք իրարու սիրում, դա դու էլ գիտեիր, ես էլ, բայց դարձյալ այդ քողը պահում էինք: Նա անհրաժեշտ է սիրահարվածներին մինչև երեկվա ժամը, այնուհետև ավելորդ է: Լսի՛ր, ես կամենում եմ քեզ ծանոթացնել Լիզայի հետ, որին դու սիրում ես, հետո պահանջելու եմ քեզանից, որ դու էլ ծանոթացնես ինձ Արշակի հետ, որին ես սիրում եմ:

Մենք համբուրվեցինք: Լիզան շարունակեց:

Երեկ տուն վերադառնալով, ես մինչև գիշերվա կեսը մտածում էի քո մասին: Մտածում էի, արդյոք, քո սերը հաստատ է, թե ոչ: Չկարծես, որ վայրկյան անգամ մտածել եմ, թե միգուցե դու ևս պատկանում ես այն թեթևամիտների շարքին, որոնք հարուստ հարսնացվի առջև դիմակ հագած, ծաղրածվի դեր են կատարում փափուկ օժիտի համար: Ամենևին: Ես միայն մտածում էի, արդյոք, սիրում ես ինձ, թե դա մի ժամանակավոր հափշտակություն է քո կողմից, որ շուտով պիտի անցնի: Բայց վերցրի այս ամիսուկեսվա մեր ծանոթությունը, քննեցի առաջին օրից մինչև այժմ քո վերաբերությունը դեպի ինձ և զգացի, որ քո սերը հաստատ է և անկեղծ: «Զգացի» եմ ասում, որովհետև ես մեծ հավատ ունիմ դեպի իմ զգացումների անսխալությունը: Քո խորհրդավոր հայացքները, քո գույնի փոփոխությունը, վերջապես, տասն օրվա քո բացակայությունն, իբրև զորեղ վկաներ, կենդանացան իմ առջև, և վերջը վճռեցի այն, որ ահա ես քեզ հետ եմ:

Ես Լիզայի խոսքն ընդհատեցի ջերմ համբույրով:

Սպասիր, մի՛ տաքանար, — շարունակեց նա: — Չեմ թաքցնում, որ հենց առաջին անգամից, երբ քեզ տեսա, մի ինչ-որ զգացում ծագեց իմ մեջ: Ես զգացի քո մեջ մի ուժ, որ ինձ մղում է դեպի քեզ: Դաշնամուրից փախչելուս, քո բացակայության ժամանակ տխրելուս (ես սուտ էի ասում, թե հիվանդ եմ) պատճառը դու չէիր, այլ այն ուժը, պարզ չգիտեմ: Մինչև այն օրը իմ ծանոթ տղամարդիկ բոլորն էլ ինձ համար մի-մի աննշան էակներ էին, որոնց մեջ չէի գտնում այդ գրավիչ զորությունը, որ միանգամից հպատակեցրեց իմ սիրտը: Արշակ, շատերն են ինձանով գրավվել: Ես շեմ ասիլ, իհարկե, որ ամենքն էլ իմ հիսուն հազարի օժիտը դրել են կշռի մի թաթում, իսկ ինձմյուս թաթում: — Ո՛չ եղել են և՛ անկեղծ սիրողներ, բայց ոչ մեկը նրանցից չի կարողացել հպատակեցնել ինձ: Կրկնում եմ, Արշակ, չգիտեմ ինչ է այդ զորությունը ես նրան գտնում էի միայն վիպական հերոսների մեջ: — Բայց այժմ համոզված եմ, որ կպարզվի, երբ դու կպատմես ինձ քո անցյալը, ներկան, քո գաղափարները, նպատակները, մի խոսքով, բոլորը, բոլորը, առանց մի որևէ մանր կետ թաքցնելու: Լսում ես դու պիտի բոլորն ինձ համար պարզես:

Այս խոսքերից հետո, Լիզան աչքերը հառեց աչքերիս: Նա սպասում էր, որ ես մի քանի րոպեում պատմեմ բոլոր իմ, ինչպես ինքն էր ասում, «անցյալը, ներկան, ապագան, գաղափարները, նպատակները»: Հեշտ է ասել:

Ես պատասխանեցի, թե առաջներիս ժամանակ շատ կա և ես պատրաստ եմ պարզել իմ կյանքը:

Հենց այսօրվանից, — հրամայեց նա:

Հենց այսօրվանից, — համաձայնվեցի ես:

Հետո սկսեցի պատմել, թե ովքեր են իմ ծնողները, ինչ կրթություն եմ ստացել, և այլն, և այլն:

Իսկ ի՞նչ գաղափարական նպատակներ ունես, — հարցրեց Լիզան, երբ ես ավարտեցի իմ պատմությունը:

Ես ասացի, թե դժվար է միանգամից պատասխանել այդ հարցին, քանի որ շատ խնդիրներ դեռ ինձ համար մութ են:

Քանի՞ տարեկան ես, — հարցրեց նա հանկարծ:

Քսանևութերորդն եմ:

Մի՞թե այդ հասակում դեռ քեզ համար մութ խնդիրներ են մնում:

Կյանքը շատ բարդ բան է, Լիզա: Նրան ուսումնասիրելու համար տասնյակ տարիներ են հարկավոր:

Որոշ նպատակներ և գաղափարներ ունեցող մարդը կյանքը շուտ է ըմբռնում: Պետք է միայն տեսակետ ունենալ:

Ես սկսեցի մանրամասն բացատրել, թե դրա համար հարկավոր է ունենալ ձիրք, այսինքն՝ դիտողական ձիրք: Խոստովանեցի, թե ինձ նման հասարակ մահկանացուները դեռ շատ պիտի ապրեն, որ ճանաչեն կյանքը, թե նույնիսկ տաղանդավոր մարդիկ մեծ մասամբ սխալվում են, երբ շտապ եզրակացություններ են անում կյանքի երևույթների մասին, մի խոսքով, երկու ամբողջ ժամեր ես տաքացած բացատրեցի իմ միտքը Լիզային: Արդեն ուշ էր, Մարտին Բուղդանիչի ճաշին վերադառնալու ժամանակը մոտեցել էր: Բարձրացա տեղիցս, որ հրաժարական տամ, Լիզան պահեց:

Լսի՛ր, — ասաց նա, — դու չե՞ս նեղանում, որ քեզ գաղտնագողի եմ ընդունում ինձ մոտ:

Ամենևին, եթե քաշվում ես հորիցդ:

Ես նրանից չեմ քաշվում, միայն հարգում եմ նրան, և առժամանակ պիտի այդպես տեսնվենք: Հայրս կորցրել է իր հավատը դեպի մեր երիտասարդները: Նրան հայտնի է մեր փոխադարձ համակրությունը: Բայց նա կասկածում է, միգուցե դու էլ ինձ վրա օժիտի կողմից ես նայում: Սակայն նա քեզ գովում է, և դու կարող ես երեքչորս օրը մի անգամ նրան այցելել:

Մենք բաժանվեցինք: Ես սկսեցի մտածել Լիզայի ասածների մասին: Այն ի՞նչ մի զորություն է իմ մեջ, որ հպատակեցնում է նրան: Ո՞րտեղ է սովորել Լիզան այդպես դատել, գրքերի՞ց, թե՞ կյանքի փորձն է նրա մեջ հղացրել այդ ամենը: Ո՞վ է Լիզան, ի՞նչ տեսակ էակ է, որ մինչև այժմ ոչ ոքի չի հպատակվել և այժմ յուր սիրտը տալիս է ինձ, ոչ թե ինձ, այլ այն զորությանը, որ իմ մեջ զգում է: Քանի այդ հարցերն ինձ զբաղեցնում էին, այնքան Լիզան իմ աչքում բարձրանում էր և դառնում մի անհասկանալի էակ:

Ես ամեն օր տեսնում էի իմ սիրեցյալին, իսկ երեք-չորս օրը մի անգամ, նրա պատվերով, Մարտին Բուղդանիչին: Ծերունին, երևի զգալով իմ կողմից ևս թեթև սառնություն դեպի ինքն, այս անգամ ինքը սկսեց նորից մոտենալ ինձ: Նրա խոսակցության և վիճաբանության համար մի ահագին և հետաքրքրելի ասպարեզ էր բացվել: Դա ռուս-տաճկական պատերազմն էր, որ այն ժամանակ նոր էր ծագել: Իսկ Եվգենյան շարունակում էր ինձ հալածել իր ծաղրող հայացքներով: Այդ օրիորդը քանի գնում, այնքան աչքիցս ընկնում էր, նամանավանդ այն օրից, երբ ես տեսա նրա հավանած փեսացվին: Դա մի լպստած ֆրանտ տղա էր, փոքրիկ շամամաձև գլխով, որից միշտ Violet do parme-ի հոտ էր գալիս: Ի՞նչ գործի էր այդ տղան, և ով էրես չգիտեի և չէի էլ հետաքրքրվում, բայց հագստից-բանից երևում էր, որ հարուստ մարդու որդի էր: Կարճահասակ, աչքերը նեղ և երկայնաձև, ճակատը տափակ, երեսը սափրած ու ականջների առջև մի-մի մատաչափ մազեր թողած, յուղած սև մազերը նեղ ճակատի վրա երկու կտոր ոլորած և գլխի կաշիին կպցրածահա նրա կերպարանքը, Մի բան, որ ինձ ամենից ավելի էր վրդովեցնում, այն նրա նեղ պատրիպատրի վարտիքն էր: Ամեն անգամ, երբ նստում էր բազկաթոռի վրա, ես ակամա նայում էի նրա ծնկներին, սպասելով որ ահա վարտիքը կպատռվի: Խոսակցության ժամանակ, նա սովորություն ուներ ձեռներով զանազան բեմական շարժումներ անել կրծքին խփել և ստեպ-ստեպ մազերն ուղղել և այլն: Մի խոսքով, ես այդ տղին չէի սիրում: Նա էլ ինձ չէր սիրում: Բայց ուրախ էի, որ Եվգենյան զբաղված լինելով այդ զարդարուն խաղալիքով, չէր խանգարում մեզ, և ես ամեն օր կարողանում էի Լիզայի հետ առանձնանալ դահլիճում և երկար խոսել: Օրեցօր իմ սերը տաքանում էր դեպի Լիզան, և ես ավելի ու ավելի սերտ կապով էի կապվում նրա հետ: Է՛հ, երեխայություն, երեխայություն: Մի ծխախոտ տուր, Գևորգ, իմս վերջացել է:

Քանի մի վայրկյան լուռ ծխելուց հետո, Արզաս Պետրովիչը շարունակեց:

Առաջ ես, Գևորգ, այնքան էլ չէի սիրում խոսել և ավելի լուռ, մռայլ մարդ էի, քան թե զվարճախոս և ուրախ: Բայց Լիզայի հետ բացատրվելուց հետո դառել էի շատախոս կաչաղակ: Չկարծես, ամենքի հետ: Ո՛չ, միայն և միայն Լիզայի հետ: Եվ ոչ թե այն պատճառով, որ իմ սիրեցյալն ինձ պատվիրել էր պարզել իմ մտքերը, այլ հենց ինքս զգում էի մի տեսակ ներքին պահանջ: Ես անհնարին էի համարում Լիզայից թաքցնել մինչև անգամ մի աննշան կետ իմ իմացածից: Այս պատճառով, ոգևորված, ժամերով խոսում էի և չէի հոգնում: Այսպես թե այնպես, մի ամսվա ընթացքում Լիզան բոլորովին ծանոթացավ ինձ հետ: Այլևս չունեի գաղտնիք, որ նրան հայտնի չլիներ: Բայց անցավ առաջին ամիսը մեր սիրահարության, և այնուհետև, սիրելի Գևորգ, սկսեց ամեն ինչ փոխվել, տակնուվրա լինել: Ահա թե ինչպես:

Արզաս Պետրովիչը դատարկ շիշը վերցրեց և գլխիվայր պահեց: Հետո նա շիշը դրեց սեղանի վրա, մի քանի վայրկյան լռեց և ծիծաղելով ասաց.

Գևորգ, պարսկական դերվիշները հիանալի սովորություն ունեն: Հեքիաթ ասելիս, հանկարծ նրանք ամենահետաքրքիր տեղում լռում են: Ժողովուրդն անհամբերությամբ նայում է նրանց բերանին, իսկ դերվիշը իր քյաշկուլը պահելով ունկնդիրների առջև, ասում է. «Նաղլըմի սովան շախս հազրաթի Աբբաս յոլընդա գոյ բիր զաթ սալսուն բուրա»: Դու թուրքերեն գիտե՞ս:

Ոչ, — պատասխանեց Գևորգը:

Ասում է. «Պատմությունս հավանող անձը, մարգարե Աբբասի անունով թող մի բան ձգե այստեղ»: Եվ դերվիշը չի շարունակում հեքիաթը, մինչև յուր գումարի ստանալը: Հասկացա՞ր:

Next page