Շիրվանզադե Ալեքսանդր՝   Պատմվածքներ և վիպակներ

Սանթուրյանը նշան արավ, որ պառկեցնեմ իրան: Նա գլուխը բարձին դրած՝ շարունակ նայում էր վառարանին: Այդ ժամանակ մխում էին փայտի վերջին կտորները: Հանկարծ հիվանդի աչքերն առանձին փայլ ստացան, դեմքը պայծառացավ, ճակատը պարզվեց, և նա բավական հաստատ ձայնով գոչեց.

ՄիՄարդանյան թողնեք կրակը մարի, միՄարդանյան թողնեք, ես կմեռնեմ

Մենք նկատեցինք, որ նա աչքերով ինչ-որ փնտրում է: Նայում է դեպի մյուս սենյակ: Ես կարծեցի, որ նա երեխային է փնտրում: Հարցրի, գլխով բացասական նշան արավ և շշնջաց.

Կրակը, իմ կրակը, տվեք

Ադելաիդան առաջինը հասկացավ նրա միտքը. նա շտապեց մյուս սենյակ և այնտեղից բերեց ինձ ծանոթ կարմիր տետրը, որի ճակատին խոշոր, սև տառերով գրված էր «Կրակ»: Նա նայեց տետրին և ասաց.

ԳցիՄարդանյանր այնտեղ, ես այրվեցի, թող նա էլ այրվի

Խեղճ կինը չգիտեր՝ կատարե՞ հիվանդի պահանջը, թե՞ չէ. նայեց ինձ: Բայց հիվանդը յուր խոշոր աչքերով այնպես էր աղերսում, որ մենք չդիմացանք: Ադելաիդան տետրը ձգեց վառարանի մեջ:

Այդ ժամանակ լսվեց դռան զանգակի ձայնը: Ադելաիդան շտապեց դուրս: Հիվանդը ոչինչ չլսեց: Նա շարունակ նայում էր վառարանին: Այնտեղ սկզբում բարձրացավ թանձր ծուխ, ապա տետրը բոցավառվեց:

Ներս մտավ Ադելաիդան և ինձ գաղտնի ցույց տվեց մի հեռագիր: Ես կարդացի: Պալատը Սանթուրյանի հորը արդարացրել էր

Մի քանի վայրկյան Ադելաիդան և ես շփոթված էինք` հայտնել հիվանդին, թե՞ ոչ: Չափազանց ուրախ լուրը կարող էր նրա վրա սպանիչ ազդեցություն գործեր: Բայց միթե առանց այդ էլ նա չէ՞ր մեռնում: Թող ուրեմն, հանգիստ մեռնի: Այս էր մեր երկուսի լուռ միտքը:

Ես թեքվեցի դեպի հիվանդը, որ շարունակ նայում էր կրակին և շնջացի.

Մարգար, կարո՞ղ եմ քեզ մի ուրախ լուր հաղորոել... Նրա աչքերը լայն բացվեցին, ձեռը դուրս եկավ վերմակի տակից: Ես հեռագիրը բռնեցի նրա աչքերի առջև և ասացի.

Պալատը հորդ արդարացրել է

Նա հասկացավ իմ ասածը: Յուր թույլ ձեռներով վերցրեց հեռագիրը և սեղմեց կրծքին:

Տեսար, — շշնջացին նրա շրթունքները:

Մոտեցավ Ադելաիդան: Ես հեռացա: Նա չոքեց մահճակալի առջև և գրկեց հիվանդին: Եվ ես պիտի կրեի այդ սրտաշարժ տեսարանի ամբողջ ծանրությունը:

Վառարանի մեջ արդեն այրվել վերջացել էր «Կրակը»: Մխում էր միայն տետրի կազմից մի բարակ կարմիր-դեղնագույն շերտԳիշերվա ուղիղ երկու ժամն էր, երբ այն էլ այրվեց, մոխիր դարձավ:

Ես փակեցի իմ բարեկամի աչքերըՆա մինչև վերջին շունչը հերոսաբար դիմացավ յուր տանջանքներին

Միրաբյանը լռեց, մի ծանր հոգոց արձակելով կրծքից: Մենք սպասում էինք, որ նա յուր վերջին խոսքը կնվիրե Զարիֆյանին: Բայց նա ոչինչ չէր ասում, և ես առաջինը հարցրի.

Իսկ Զարիֆյա՞նը, մի՞թե անպատիժ մնաց

Կան մարդիկ, որոնց ճակատագիրը հովանավորում է կյանքի մեջ պատժից ազատուվԳուցե միայն ես կարող էի Զարիֆյանին պատժել, եթե հայտնեի ձեզ նրա իսկական անունը: Բայց ինչո՞ւ, մի՞թե դա կվերադարձներ ինձ իմ բարեկամին: Թող ուրեմն իմ պատմության մեջ նրա անունը մնա Զարիֆյան, իսկ ինքը յուր իսկական անունով վայելե միջավայրի հարգանքը

Այլևս Միրաբյանը ոչինչ չասաց և փակեց հանգած վառարանի դռնակը...

ՄԵԼԱՆԻԱ

I

Մելա՛նիա, ուրախացի՛ր. Պետերբուրգից հեռագիր ստացա, սենատը գործը վճռել է մեր օգտին: Հորեղբորս որդին հույս ուներ մեզանից չորս հարյուր հազար ստանալու, հիմա չորս կոպեկ չի ստանա: Օ՛հ, վերջապես ազատվեցի գլխացավից: Այժմ կարող ենք ապրել, ինչպես հարկն է:

Ինքը՝ Սամսոն Ֆրանգուլյանն, այնքան ուրախ էր, այնքան զգացված, որ ամուր գրկեց ամուսնուն և համբուրեց: Երեսուն տարի աշխատասեր մարդը ոսկոր է կոտրել, դիզել ահագին հարստություն և հանկարծ մի անգործ ազգական ուզում էր խլել այդ հարստության մի երրորդականը: Հանաք բա՛ն չէր բաժանվել մի այդպիսի գումարից: Եվ բաժանվել այն ժամանակ, երբ նա գործերը թողել էր, տեղափոխվել Կովկասի մայրաքաղաքը «հանգստանալու և ապրելու» համար:

Նա երջանիկ էր: Թեև ավելի քան կես դար արդեն անցել էր նրա գլխով, բայց կազմվածքը դեռ պահպանել էր կանոնավորությունը, ձայնը դեռ հնչում էր խրոխտ, քայլվածքը դեռ աշխույժ էր իսկ ստամոքսը բոլորովին անխախտ: Փույթ չէ, որ մազերը կիսով չափ ճերմակել էինդա ժամանակի անխուսափելի հետևանքն էր: Կար միայն մի հոգս, որ երբեմն նրան գցում էր ծանր մտատանջության մեջ: Սակայն, հուսալով իր հարստության վրա, նա հավատացած էր, որ այս հոգսից էլ կարող է ազատվել...

Վեց տարի էր անցել ընդամենը, որ նա ամուսնացել էր: Ունեցել էր երկու զավակ, որոնցից անդրանիկը մեռել էր դեռ ծծից չկտրած. մնում էր երկրորդըերկու տարեկան մի տղա: Այդքան ժամանակվա ընթացքում ոչ մի սև գիծ չէր անցել ամուսինների միջով: Մարդն իր բնական տակտով ու խելքով, կինը կրթությամբ և մտքի համեմատական զարգացմամբկարողացել էին հարգել իրարու ինքնասիրությունը և կենակցել հաշտ, անխռով: Կար մի հանգամանք, որ միշտ պիտի երաշխավորեր Մելանիայի հարգանքն ու պատկառանքը դեպի ամուսինըայսպես էր համոզված Սամսոնը. — Մելանիան աղքատ ծնողների զավակ էր, Սամսոնը՝ հարուստ: Եթե Մելանիան երիտասարդ է, կրթված, գեղեցիկ, նույնիսկ գրավիչ, սրա փոխարեն՝ Սամսոնը կերակրում է նրա ծնողներին, ուսում է տալիս եղբայրներին և խոստանում է իր ծախսով ամուսնացնել քույրերին: Ուրեմն, կշեռքի թաթերը հավասար են: Եվ ոչ մի խոչընդոտ Սամսոնի բախտի առջև, և ոչ մի մռայլ ամպ նրա կյանքի հորիզոնում: Իսկ այսուհետև նամանավանդ չպիտի լինի, քանի որ Սամսոնը թողել է գործերը և անձնատուր եղել կնոջն ու նրա կամքին: Քանի որ նա լիակատար իրավունք է տվել Մելանիային ծախսել, որքան կամենում է, ապրել, ինչպես քեֆն է, ծանոթություններ սկսել ում հետ փափագում է:

Նա մի ձեռքով գրկեց Մելանիային և, երջանկության ժպիտն երեսին, անցավ նրա հետ սենյակից սենյակ մի անգամ ևս նոր կացարանն աչքի անցկացնելու: Ամեն ինչ արդեն կարգին էր. սենյակները կահավորված ու զարդարված, յուրաքանչյուրն առանձին ճաշակով, լուսամուտները վարագուրված թանկագին կտորներով, հատակները ծածկված խայտաբղետ գորգերով: Ամեն տեղ երևում է տանտիրոջ առատաձեռնությունը և տանտիկնոջ ճաշակը: Ախոռատանը կապած էին սքանչելի ձիերը, որ Սամսոնը նոր էր ստացել Մոսկվայի մի հայտնի գործարանատերից: Գավթում կառապանը երգ ասելով, սրբում ու հղկում էր, առանց այն էլ հայելու պես փայլող, կարեթը: Խոհարար, սպասավոր, նաժիշտ, տնտեսուհիբոլորը զբաղված էին իրենց գործով, բոլորն ակնածությամբ նայում էին իրենց տիրուհու աչքերին:

Մելանիան ուներ միջոց ծանոթանալու ում հետ ևս կամենար: Հարուստ էր, երիտասարդ, գեղեցիկ ու կրթվածհանգամանքներ, որոնք կարող էին նրա առջև բաց անել ամենաամուր փակված դռները: Եվ նա կարողացավ օգտվել իր միջոցներից: Նրան ընդունում էին ամեն տեղ սիրով և այցելում ավելի սիրով: Սա երևում էր բոլոր հասարակական երեկույթներում, բալերում ու պարահանդեսներում: Նա դիտում էր, ուսումնասիրում և ամեն կերպ աշխատում իր հագուստը, ձևերը, ամբողջ կենցաղը հարմարացնել արիստոկրատիկ շրջանի կենցաղին: Եվ այնքան ընդունակ էր, որ մի քանի ամիս անցած՝ արդեն նրա մեջ կարելի էր նկատել ահագին առաջադիմություն դեպի գեղեցիկը, նուրբը և հաճելին:

Արդեն ամբողջ քաղաքը խոսում էր Ֆրանգուլյաններե երեկույթների, ճաշերի, ձիերի, կահ-կարասիքի, մանավանդ Մելանիայի բազմաթիվ տուալետների ու խոշոր ադամանդների մասին: Երբ նա, Ժորժիկին կողքին նստեցրած՝ բոննայի հետ սեփական կառքով անցնում էր քաղաքի գլխավոր փողոցով, հարյուրավոր աչքեր նախանձով ուղեկցում էին նրան բարևներով: Իսկ Մելանիան գիտեր այդ բարևներին պատասխանել ըստ արժանվույն: Յուրաքանչյուրին ցույց էր տալիս այնքան ուշադրություն, որքան միայն արժանի էր համարում: Նա ընդունակ էր հարգել մարդկանց ոչ միայն դիրքն ու ծագումը, այլև խելքը, ճաշակն ու քաղաքավարությունը, նրա ծանոթների շրջանն ընդարձակ էր և բազմատեսակ: Ձմեռվա կիսին արդեն նրա հյուրասենյակում վաճառականների կանանց հետ կարելի էր տեսնել բանկիրների ու չինովնիկների կանանց, երբեմն նաև այս կամ այն իշխանուհուն:

Սամսոնը դեմ չէր դրան, թեև հոգու խորքում շատ էլ չէր համակրում նոր ծանոթներից ոմանց: Բանկիրների ու չինովնիկների հետ նա առաջ էլ բարեկամություն ունեցել էր, իսկ իշխանների հետ չգիտեր ինչպես վարվել: Երբեմն իրեն զգում էր շատ անհարմար վիճակի մեջ: Մեկմեկու հետևից նրա տնից վռնդվում էին այն սովորույթները, որոնց հետ կապված էր իր սաղմով և մտցվում նորերը: Բայց նա դարձյալ չէր բողոքում, և լուռ հպատակվում էր Մելանիայի պահանջներին: Վախենո՞ւմ էր: Ոչ. նա երկչոտ չէր: Կամքի ուժ չունե՞ր: Ոչ, փալաս մարդ չէր, եթե կամենար, կարող էր ամեն ինչ տակն ու վրա անել և նորից վերադառնալ նախկին կենցաղին:

Նա սիրում էր Մելանիային, սիրում էր վեց տարի նրա հետ կենակցելուց հետո, սիրում էր մանավանդ այժմ, երբ Մելանիան օրեցօր գեղեցկանում էր ու կենդանանում: Ահա նրա անտրտունջ հլության միակ պատճառը:

Զարմանալի բան. մի քանի ամսվա մեջ այդ կինն այնքան փոխվել էր, որ Սամսոնը ապշում էր, դիտելով նրան: Դա այլևս առաջվա համեստ, նույնիսկ ամոթխած Մելանիան չէր: Մի ձմեռվա ընթացքում ցույց տվեց այնչափ համարձակություն, եռանդ, կենսական ուժ, որչափ ցույց չէր տվել գուցե ամբողջ կյանքում: Տեղափոխվելով մի շրջանից մի ուրիշը, կարծես, նոր մթնոլորտի հետ շնչում էր նոր ոգի, նոր աշխարհայացք, նոր զգացումներ: Նրա թմրած էությունը արթնացել էր և արտահայտում էր իր բնական ուժը, որ ելք չէր գտել նախկին միջավայրում: Այնտեղ, ծննդավայրում կային զանազան կաշկանդող պայմաններգռեհիկների բամբասանքները, ազգականների ծաղրը, ծնողների չքավորությունը: Այստեղ թե՛ նրա և թե՛ Սամսոնի անցյալի հետ ոչ ոք ծանոթ չէր: Այստեղ ընդունում էին նրանց այնպես ինչպես կային այժմհարուստ և ժամանակի ազդեցությամբ այնչափ տաշված ու հղկված, որ կարող էին ամեն շրջան մտնել և խորթ չթվալ:

Սամսոնը, տեսնելով կնոջ մեջ այս արմատական առաջադիմությունը, ավելի ու ավելի էր սիրահարվում նրա վրա: Նա՛, այդ հիսունչորս տարեկան մարդը, մինչև հիմա ըստ արժանվույն չէր գնահատել իրենից երեսուն տարով փոքր կողակցին և, կարծես այժմ զգում էր իր սխալը: Նա պարծենում էր մտքում Մելանիայի գեղեցկությամբ, սալոնական ձիրքով և վարվելու շնորհքով, Նա ուրախ էր նրա երիտասարդությանը: Սակայն, այն հանգամանքը, որ ինքն այդ կնոջից երեսուն տարով մեծ է, նրա մեջ հղացրեց մի նոր, տակավին անծանոթ, մի անտանելի զգացում:

Նա սկսեց խանդել: Խանդել ավելի ու ավելի ենթարկվելով այն մտքին, որ վաղուց նրան պատճառում էր ծանր հոգս...

II

Իբրե զգաստ, խելացի և հեռատես մարդ, Սամսոնն իր կասկածները դեռ թաքցնում էր: Եվ առիթ էլ չուներ խանդելու: Գիտեր, որ խիստ անարդար կլինի, եթե բացարձակ հայտնի Մելանիային, թե վախենում է նրա այժմյան կենսասիրությունից: Կար և մի ուրիշ հանգամանք, որ ստիպում էր նրան լռել, նա չէր ուզում նախանձամիտ ու կասկածոտ ասիացի համարվել ո՛չ կնոջ և ո՛չ մանավանդ օտարների աչքում: Միևնույն ժամանակ չէր ուզում ցույց տալ, թե վստահ չէ սեփական ուժերին կամ կնոջ հավատարմությանը:

Եվ այսպես, նա լռում էր: Բայց տանջվում էր, և այս տանջանքը, նոր միայն սկսված, արագ-արագ զարգանում էր: Տեսնելով Մելանիայի հետզհետե թարմացող ու գեղեցկացող դեմքը՝ երբեմն երկյուղից ցնցվում էր: Չէ՞ որ մի օր, վերջապես, այդ նորաբաց ծաղիկը կարող է երեսովը տալ նրա տարիքը. Մի՞թե կարելի է բնությունը բռնաբարել շարունակ և մնալ անպատիժ, բոլորովին անպատի՞ժ:

Երբ նա անխոհեմաբար, կուշտ ճաշից հետո, սեղանատանը կամ ննջարանում (մանավանդ այստեղ) գրկում էր Մելանիային, այնպիսի մի ցնցում էր արտահայտում երիտասարդ կնոջ կրակոտ մարմինը, որ Սամսոնը ուղղակի սարսափում էր: Այնպես, որպես մարդ կարող էր սարսափել, եթե ձեռը վերցնի մի գեղեցիկ իր և հանկարծ զգա, որ նա լեցուն է դինամիտով: Այդ սիրուն աչքերի այրող շողերը բորբոքում էին նրա հնացած արյունը, բայց և ասեղների պես ցցվում նրա սրտի մեջ: Այդ կարմրախայտ հյութալի շրթունքների ու նուրբ պնչերի դողոցը շարժում էր նրա մաշված կիրքը, բայց և ցավ պատճառում նրա ուղեղին: Այդ կլորիկ ու գեղակազմ կրծքի բաբախումը հրահրում էր նրան, բայց և սարսուռ ազդում նրա մարմնին: Այո՛, Մելանիան բոլորովին նախկին Մելանիան չէ, այն, ինչ որ էր ընդամենը կես տարի առաջ: Նա վառվել է ինքն իր մեջ և այրվում է ինքն իր հրով:

Ա՛խ, եթե Սամսոնը երեսունհինգ տարեկան լիներ: Ի՞նչ օգուտ, որ տակավին առողջ է ու թարմ՝ իր տարիքի համեմատ: Ի՞նչ օգուտ, որ այսօր էլ դեռ երակների մեջ զգում է երիտասարդական արյուն: Այնուամենայնիվ նա ծեր է և միայն ինքն է զգում, թե որքան ծեր է... Նա հիսունչորս տարեկան է, և հենց այն միտքը, թե երեսուն տարով մեծ է կնոջից, կարող է թունավորել Մելանիայի կյանքը:

Մի անգամ միջօրեին, նախաճաշից հետո, երբ գինին փոքր-ինչ ներգործել էր Սամսոնի վրա, հանկարծ պատանեկական աշխույժով փաթաթվեց Մելանիայի պարանոցին և սկսեց անվերջ համբուրել նրան, Մելանիան ճիգն արավ և կարողացավ դուրս սլկվել նրա գրկից: Սամսոնը աչքերը հառեց նրա երեսին: Ա՛խ, որքա՛ն գեղեցիկ էր երիտասարդ կինը այդ պահին, ինչպե՞ս սազում էր նրան գարնանային թեթև հագուստը յուր բաց մանիշակի գույնով ու սպիտակ մետաքսյա դանթելներով: Նրա դեմքի գծերն ավելի էին նրբացել: Կանացի հրապույրը բուրում էր նրա ամբողջ կերպարանքից, որպես մի քաշող մագնիսական, մի արբեցուցիչ ուժ:

Սամսոնը չկարողացավ իրեն զսպել նորից հարձակվեց մի քանի քայլ հեռու կանգնած Մելանիայի վրա: Այս անգամ կինը ձեռները հորիզոնաձև տարածեց առաջ պաշտպանվելու համար: Նրա լայն թևերը հետ քաշվեցին. բացվեցին նրա փափուկ բազուկները մինչև արմունկները, և թարմ կաշվի նրբիկ սպիտակությունը ավելի գրգռեց Սամսոնին: Սակայն, այն ի՞նչ անսովոր ժպիտ էր, որ սահեց Մելանիայի շրթունքներով, և ինչո՞ւ նրա աչքերը փակվեցին... կիրք էր արդյոք այդ, թե սառնություն, մի՛ գուցե ատելություն, մի՛ գուցե...

Սամսոնը մի քայլ հետ կանգնեց և հանկարծ հարցրեց.

Մելանիա, դու ինձ սիրո՞ւմ ես:

Նրա ձայնը դողաց: Հարցը նոր էր, անսպասելի: Վեց տարվա ընթացքում Սամսոնը երբեք մի այդպիսի հարց չէր տվել Մելանիային և այժմ տալիս էր, և այն էլ այնպիսի տարօրինակ եղանակով ու հուզված ձայնով: Մելանիտն ցնցվեց ու գունատվեց: Նա չիմացավ ինչ պատասխանի, նա միայն անորոշ ժպտաց և հայացքը դարձրեց դեպի բակը:

Սիրո՞ւմ ես ինձ, — կրկնեց նույն դողդոջուն ձայնը:

Նույն լռությունը:

Սամսոնը մոտեցավ Մելանիային, երկու ձեռով բռնեց նրա ձեռները ու նայելով աչքերին, ասաց.

Համարձակվիր չսիրել, ատամներս ցույց կտամ:

Ասաց կես լուրջ և կես կատակի եղանակով, բայց ավելի կոշտ, քան մեղմ, ավելի իշխանական, քան բարեկամական տոնով: Եվ իր խոսքերի մեջ ինքն էլ զգաց ինչ-որ չարագուշակ հնչյուն:

Հուզումը, մանավանդ զղջումը թաքցնելու համար, Սամսոնը դուրս գնաց սենյակից:

Մնալով մենակ՝ Մելանիան նստեց առաջին պատահած աթոռի վրա և ընկղմվեց մտախոհության մեջ:

«Սիրո՞ւմ ես ինձ», հնչում էր նրա ականջին: Ի՞նչ պատասխաներ: Միթե նա ինքը գիտե՞, սիրում է, թե չէ: Նա միայն գիտե, որ Սամսոնը իր օրինական ամուսինն էուրիշ ոչինչ: Մի մարդ, որի հետ անխզելի կերպով կապված է մինչև մահ՝ սկսած տասնույոթ տարեկան հասակից: Ծնողները նրան չստիպեցին գնալ այդ մարդուն, այլ «համոզեցին»: Նրան բացատրեցին բոլոր հանգամանքները, և նա համաձայնվեց: Նա հասկացավ, թե դառնալով Սամսոն Ֆրանգուլյանի կինը, պիտի բախտավորեցնի իր ծնողներինայսքանն արդեն բավական էր: Ոչինչ հակադրություն չէր զգում սեփական ճակատագրի և ծնողների կամ քույրերի ու եղբայրների բախտի մեջ: Իր վիճակը ձուլված էր համարում նրանց վիճակի հետ: Երջանիկ են, ինքն էլ երջանիկ կլինի. անբախտ են, ինքն էլ կանբախտանաահա բոլորը: Եվ եթե ասում են թե Սամսոն Ֆրանգուլյանի հետ անպատճառ բախտավոր կլինի, կնշանակե ճշմարիտ են ասում: Ինչո՛ւ չգնար այդ մարդուն: Կյանքը նրա համար մի անծանոթ աշխարհ էր, ինքը կանգնած նրա տակավին փակ դռների առջև: Եթե սիրող ծնողները, բռնելով թևից, դպրոցական նստարանից նրան ուղղակի ամուսնական կյանքի մեջ մտցրին, միայն և միմիայն հավատալով և սիրելով նրանց՝ ընդունեց այս վիճակը: Բայց ի՞նչ է եղել նրա ապրուստը այս վեց տարվա ընթացքում: Այն, ինչ ոի տվել են մի կողմից ամուսնու դիրքն ու հարստությունը մյուս կողմից` մայրական բնազդական սերը դեպի իր զավակները: Ի՞նչ է այժմ, այս րոպեին, կյանքը նրա համար: Շքեղ տուալետներ, թանկագին ադամանդներ, ճոխ սեղան, նոր շրջան, պարեր, երգ, զվարճություն:

Այժմ նրան հարցնում են՝ «սիրո՞ւմ ես»: Սիրո՞ւմ է, արդյոք: Ո՞ւմ, Սամսոն Ֆրանգուլյանին, այդ... ծերունուն... այդ... Ի՞նչ պատասխաներ այդ մարդուն: Մի՞թե ասեր, թե մի դառն գաղտնի կսկիծ մորմոքում է նրա սիրտը, երբ զգալով ինչ-որ ներքին անծանոթ հոգեկան պահանջ, մտածում է նաև ամուսնու մասին...

Փոքրիկ պարտիզում, դայակի հետ խաղում էր երկու ու կես տարեկան Ժորժիկը: Մելանիան դուրս եկավ սենյակից, մոտեցավ նրան, գրկեց ու համբուրեց անսովոր ջերմությամբ: Նա հուզված էր և զգում էր, որ ձմեռվա արեգակի գոլ ճառագայթները իր երակների մեջ տարածում են ինչ-որ անսովոր ջերմություն, իսկ սիրտը ճնշվում է... հորդացող արյունից, հագուրդ չստացող կրքերից...

III

Մի օր, սովորական զբոսանքից տուն վերադառնալով, Մելանիան աղախնից լսեց, թե մի անծանոթ հյուր կա ամուսնու առանձնասենյակում: Մի քանի րոպե անցած, երբ նա, հագուստը փոխելով, անցավ սեղանատուն նախաճաշ անելու, այնտեղ Սամսոնը շտապեց ներկայացնել հյուրին: Դա Սամսոնի քրոջ մարդու եղբայրն էր, ազգանունը Փիրուզյան, մոտ երեսուն տարեկան մի երիտասարդ: Նա ոչ տգեղ էր, ոչ գեղեցիկ, ոչ գեր, ոչ նիհար, բայց առողջ դեմքով, ուրախ աչքերով: Հագած էր սևագույն, երկայն՝ «վիզիտկա» կլորակ փեշերով մոխրագույն վարտիք, ասեղնագործ շապիկ` բարձր օձիքով, որի ձյունային սպիտակությունը խիստ ներդաշնակում էր նրա դեմքի տակավին թարմ գույնին և փոքր-ինչ կարմրագույն՝ ականջներին :

Սամսոնի բացատրությունից երևաց, որ Փիրուզյանը տասը տարի բացակա է եղել հայրենիքից, մեծ մասամբ ժամանակն անց է կացրել Պետերբուրգում: Այնտեղ նա, «մի քանի հանգամանքների պատճառով» (Փիրուզյանը գլուխը թեքեց կրծքին՝ արտասանելով. «երեխայություն»), ստիպված թողել է համալսարանը և մտել ծառայության ինչ-որ երկաթուղու վարչության մեջ: Սամսոնը նրան շատ անգամ է հանդիպել մայրաքաղաքում և հավանել է ու սիրել նրան: Հույսով է, որ Մելանիան էլ կհավանի, երբ կճանաչի:

Հայտնվեց, որ Փիրուզյանը պաշտոնը թողել է և մտադիր է հաստատվել Կովկասում:

Ուզում է Բաքու գնալ, ես խորհուրդ չեմ տալիս, — ասաց Սամսոնը, — տասը տարի Պետերբուրգում ապրելուց հետո, մարդ չի կարող այդ քամու ու փոշու մեջ ապրել:

Փիրուզյանն ասաց, թե մայրաքաղաքի կյանքը ձանձրացրել է իրան, թե ժամանակ է հիմա լուրջ գործով զբաղվելու, թե վճռել է հարստանալ և ուզում է նավթային արդյունաբերությունը «ուսումնասիրել»: Մելանիան հետաքրքրվեց նրա անցյալով իբրև ազգականուհի, և Փիրուզյանը սկսեց հաճույքով պատմել մայրաքաղաքի թատրոնների, ցիրկերի, էլեկտրական կառքերի, ձիարշավների մասին: Նա առանձին աշխույժով խոսում էր վելոսիպեդիստների մասին, ինքը ճարպիկ վելոսիպեդիստ լինելով:

Երբեմն նրա հայացքը կանգ էր առնում Մելանիայի գեղեցիկ դեմքի վրա: Դիտող մարդը կարող էր նրա աչքերի մեջ կարդալ ինչ-որ ներքին գոհունակություն: Թվում էր, որ նա հիացած էր իր ազգականի կնոջ սիրունությամբ և, միևնույն ժամանակ ուրախ է, տեսնելով մարդու ու կնոջ հասակների մեջ ահագին տարբերություն: Իսկ Մելանիան սեղանի քով ուշադիր էր դեպի հյուրը իբրև բարեբարո տանտիկին. այսքանը միայն: Բայց այսօր առաջին անգամ լուրջ համեմատում էր Սամսոնին մի ուրիշ տղամարդի հետ և... հազիվ կարողանում զսպել հառաչանքը: Որքա՛ն Փիրուզյանը նսեմացնում էր իր ներկայությամբ Սամսոնին: Մեկից բուրում է առնական ուժը իր բոլոր եռանդով, մյուսի մեջ կյանքն արդեն անցել էր իր վառվռուն շրջանը, և անցել վաղո՛ւց: Գուցե Փիրուզյանը, Սամսոնի տարիքին հասնելով, կրկնակի ծերանա, բայց այժմ նա ունի մի հրապույր, որից առմիշտ զրկվել է Սամսոնը:

«Քսանութ տարի՛, տեր աստված», մտածեց Մելանիան, շրթունքները սեղմելով ատամների տակ: Այս արդեն չափից դուրս է, այս արդեն դեմ է բնության բոլոր օրենքներին, և միայն Մելանիան է զգում, թե ո՛րքան դեմ է...

Գարնան մոտենալով՝ Մելանիան օրեցօր դառնում էր մտախոհ ու լուրջ: Այժմ նա այլևս չէր հետաքրքրվում սալոնային կյանքով: Նա նույնիսկ ձանձրացել էր այդ արիստոկրատիկ համարված շրջանի կեղծ ու պատիր կանոններից ու հիասթափվել, ինչպես մի երեխա արդեն ծանոթ խաղալիքի վերաբերմամբ:

Նա նկատելու չափ գունատվել էր, բայց աչքերի հուրը քանի գնում սաստկանում էր: Նա խոսում էր սակավ, աշխատում էր Սամսոնի հետ երես առ երես չմնալ, փախչում էր, որքան կարող էր, նրա գգվանքներից, մանավանդ հանբույրներից: Նա ավելի ու ավելի ամփոփվում էր ինքն իր մեջ:

Շաբաթը երկու անգամ նա Փիրուզյանին հյուր է ընդունում և ճաշին պահումՍամսոնի ցանկությամբ: Վարվում էր նրա հետ իբրև ազգական, պարզ, համարձակ, բայց առանց որևէ մտերմության, միշտ պահելով իր և նրա մեջ որոշ չափի տարածություն: Նրա մեջ կատարվում էին զարմանալի փոփոխություններ: Դեռ մի տարի առաջ մի հասարակ կին էր, գրեթե մեկն իր նախկին շրջանի կիսաթմրած էակներից: Տեղափոխվելով ուրիշ քաղաք, հանկարծ փոխվեց նոր կյանքի ասպարիզում, դարձավ սալոնային կին: Այժմ նա լրջամիտ էր և մտախոհ, որպես թե նրա գլուխը լեցուն էր համամարդկային հոգսերով:

Եվ այսքան փոփոխություններ ընդամենը մի տարվա ընթացքում:

Սամսոնը ուրախ էր նրա այս վերջին տրամադրությանը, ավելի, քան արիստոկրատիկ ձգտումներին: Բայց նա չգիտեր, որ հանգստությունն արտաքին է, որ Մելանիայի մեջ տեղի ունի ինչ-որ փոթորիկ և նրա արյունը ավելի ու ավելի է բորբոքվում, չնայելով ճակատի մռայլին, երեսի գունատությանը:

Մի անգամ Սամսոնը տուն վերադառնալով, անմիջապես անցավ ննջարանը երբ աղախնից իմացավ, որ Մելանիան այնտեղ է: Բաց անելով դռները, նա բևեռվեց շեմքի վրա: Նա հանդիպեց մի անսովոր, չտեսնված տեսարանի: Քանի մի քայլ հեռու, շքեղ տրյումոյի առջև, կանգնած էր Մելանիան կիսամերկ, ոտաբոբիկ: Նա դիտում էր իրան ոտից մինչև գլուխ: Նրա բաց կուրծքը, սպիտակ ուսերը նկարվել էին արեգակի ջերմ շողերով ողողված սենյակի մեջտեղում որպես մի կլասիկական արձան, որպես մեկը Քանովայի ախտաբորբոք ձեռակերտներից: Միայն կենդանի, շարժական արձան, որ շուրջը տարածում էր հեշտանքի կիզիչ շողեր: Եվ այս շողերի մեջ նա լողում էր ինչպես մարմնացած կիրք: Բայց որպիսի քնքուշ, արբեցուցիչ ու կորուսիչ կիրք իր կանացի ամոթխածության մեջ իսկ:

Արյունը խփեց Սամսոնի գլխին, աչքերը մթնեցին: Նա կամացուկ, ոտների ծայրերի վրա, մոտեցավ հետևից: Նա ուզում էր գրկել այդ կիսամերկ մարմինը, որ իրան և միմիայն իրան էր պատկանում, և խեղդել իր գրկի մեջ կրքերի բուռն թափով: Մելանիան երեսը հետ դարձրեց, ձի քայլ հեռու կանգնեց՝ առանց մազի չափ շփոթվելու:

Ի՞նչ ես անում այդ, — գոչեց Սամսոնը, բարկացած ձևանալով:

Հիանում եմ ինձանով, — պատասխանեց Մելանիան, կարծես մարդուն ավելի գրգռելու համար:

Մելա՛նիա, ի՞նչ է պատահել քեզ: Դու շատ ես փոխվել, դու այդպիսի կին չէիր:

Մելանիան սկսեց լուռ հագնվել: Հագուստը սփռվել էր հատակի վրա անկարգ, որպես անփույթ դերասանուհու զգեստները թատրոնական հանդերձարանում՝:

Մելա՛նիա, այդ քեզ իսկի չի սազում:

Ինչո՞ւ:

Դու հայ կին ես:

Հայ կինը արյուն չունի՞, — պատասխանեց Մելանիան, հեգնաբար ժպտալով:

Արյո՞ւն, — կրկնեց Սամսոնը, այս մի հատիկ բառի մեջ զգալով ինչ-որ չար և սոսկալիի իմաստ:

Արյո՛ւն, այո՛, արյո՛ւն:

Բայց գիտե՞ս ովքեր ունին այդպիսի արյուն:

Կոկետուհիները, — լրացրեց Մելանիան անփույթ եղանակով, ժողովելով ուսերին սփռված խիտ մազերը:

Սամսոնը կաշկանդվեց նրա համարձակությունից:

Մելանիան, թեքվելով, որ անկողնակալի տակից դուրս բերի հողաթափերը, ավելացրեց.

Ուրիշներն՝ անում են տղամարդի համար, ես անում եմ ինձ համար: Կարծեմ, մի մեծ մեղք չէ:

Մելա՛նիա, այդ... անամոթություն է...

Մի բարձր արծաթահնչյուն կծու ծիծաղ տարածվեց փափուկ գարնանային մթնոլորտի մեջ, որպես ծիծեռնակի ծլվլոցը:

Անամոթությո՛ւն... որ այդպես է, ինչո՞ւ էիր ուզում գրկել ու համբուրել: Գրավիչ էի, այո՞: Հասկանում եմ. չէ՞ որ երիտասարդ եմ, գեղեցիկ, թարմ, և դու... ուզում էիր տիրանալ... Ցտեսություն...

Նա հանդարտ քայլերով դուրս գնաց, թեթևակի բարձրացնելով հագուստի փեշը հետևից:

Սամսոնը, ապշած նայեց նրա հետևից: Այդ կնոջ հողաթափերն անգամ տարածում էին ախտաշարժ ոգի փափուկ գորգի վրա...

«Նա ինձ ատում է», — ասաց Սամսոնը ինքն իրանվճռաբար:

Նայեց անգիտակցաբար հայելուն և սարսափեց: Ողորմա՛ծ աստված, այդ կնոջ համեմատ նա ոչ միայն ծեր է, այլև զառամյալ: Նրա ճաղատ գլուխը, արագ-արագ ճերմակող ընչանցքը, թուլացած ուսերը, խոր ընկած այտերը, բոլորը, բոլորը արդեն սկսել են արտահայտել կենդանի մահացում: Զգո՞ւմ է արդյոք յուր երակների մեջ երիտասարդական արյուն, ինչպես կարծում էր: Ո՛չ, այս սուտ է, ինքնախաբեություն: Նա չի՛ կարող անողոք ժամանակի առաջն առնել: Ի՞նչ օգուտ կրքից, երբ...

Ա՛խ, խլեցե՛ք նրանից հարստության կեսը, միայն թե պակասեցրեք նրա տարիքն ևս կիսով չափ: Տվե՛ք նրան կյանք, որովհետև նա սիրում է Մելանիային և ուզում է նրանից սիրված լինել, որովհետև ուզում է ապրել բառի ընդարձակ մտքով:

«Միթե հայ կինը արյուն՝ չունի՞», — հնչում էին չարագուշակ բառերը Սամսոնի ականջներում:

IV

Ամառվա սկզբին Մելանիան տեղափոխվեց ամառանոց: Նա չկարողացավ այդ տարի արտասահման գնալ, որովհետև Սամսոնը զբաղված էր: Քաղաքի մի լավ փողոցում կառուցանել էր տալիս սեփական տուն և ուզում էր մինչև վերջը անձամբ հետևել շինությանը:

Շաբաթը մի անգամ Սամսոնը գնում էր ամառանոց և կիրակի օրերն անցկացնում ընտանիքի մոտ: Երբեմն իր հետ տանում էր Փիրուզյանին: Մելանիան այժմ այլևս մի առանձին ուշադրություն չէր ցույց տալիս հյուրին, միայն նուրբ աչքը կարող էր նկատել, որ երբ տեսնում էր նրան, առաջին վայրկյան աչքերը շողշողում էին տարօրինակ: Բայց միայն մի վայրկյան, այնուհետև դեմքը սքողվում էր այն նուրբ քողով, որ քանի գնում, անթափանցելի էր դառնում:

Սամսոնը չէր նկատում այդ վայրկենական փոփոխությունը, և չէր էլ կարող նկատել: Ազգակցական կապի մասին նրա գաղափարն այնքա՛ն մաքուր էր, որ մտքովն անգամ չէ՛ր անցնում, թե Փիրուզյանը կարող է իր կնոջ վրա վատ աչքով նայել: Վերջապես Մելանիան այնքան քիչ էր հետաքրքրվում Փիրուզյանով, որ Սամսոնը երբեմն մտքում բարկանում էր նրա վրա: Ի՛նչպես կարելի է սառն վերաբերվել դեպի մի ազգական, որ ներս է մտնում թե չէ, իսկույն գրկում է Ժորժիկին, ուսերի վրա բարձրացնում է ամբողջ ժամանակ նրան բաց չի թողնում ձեռներից:

Մելա՛նիա, — դարձավ նա մի օր կնոջը, — դու քանի գնում, վատ ես վարվում Արտյուրի հետ: Չե՞ս հավանում:

Ի՛նչ հավանելու կամ չհավանելու բան կա, հարյուր ազգական ունիս, նա էլ նրանցից մեկը:

Բայց դու իմ ո՛չ մի ազգականի հետ այդպես սառը չես վարվել:

Չարժե այդ մասին խոսել, լա՛վ:

Մելանիան գրկեց Ժորժիկին և դրեց ծնկների վրա: Բաց արավ գունազարդ պատկերների մի ժողովածու (Փիրուզյանն էր նվիրել Ժորժիկին) բռնեց փոքրիկ մատիկը և շրջեցնելով պատկերների տակ, կարդում էր զանազան կենդանիների անուններ:

Սամսոնը զգացվեց ընտանեկան տեսարանից:

Հանաքը մի կողմ, — ասաց նա, — շուտով Ժորժիկը կարող է այբուբեն սովորել:

Շուտո՛վ, — կրկնեց Մելանիան, դառը քմծիծաղ տալով, — ո՛չ, դու դեռ շա՛տ պիտի սպասես:

Սամսոնը չըմբռնեց այս խոսքի մեջ թաքնված հեգնանքը:

Կսպասեմ, — ասաց նա ժպտալով:

Մի օր, երբ նա ամառանոց եկավ մենակ, Մելանիան հարցրեց.

Ինչո՞ւ ազգականիդ չբերեցիր:

Չուզեց գալ:

Ինչո՞ւ:

Է՛, երևի, հասկացել է, որ դու չես սիրում իրեն:

Մելանիան շրթունքները թեթևակի կծեց:

Եթե հասկացել է, շատ լավ է արել:

Մելա՛նիա, — արտասանեց Սամսոնը հանդիմանաբար:

Նա ինձ բոլորովին դուր չի գալիս: Այո՛, դուր չի դալիս, եթե ուզում ես ճշմարիտն իմանալ:

Բայց լա՛վ չես անում: Պետք է նրա հետ քիչ թե շատ քաղաքավարի վարվել, թե չէ քույրս կլսի, կվիրավորվի:

Մի՞թե, — արտասանեց Մելանիան մտախոհ և անորոշ:

Ես մյուս անգամ անպատճառ հետս կբերեմ նրան:

Մելանիան իսկույն չպատասխանեց, լռեց մի քանի վայրկյան և հետո ասաց.

Դո՛ւ գիտես, ազգականը քոնն է...

Այդ օրը նա Սամսոնին թվաց սովորականից ավելի տխուր, գունատ, նույնիսկ նիհար: Կարելի էր կարծել, թե ամառանոցի օղը լավ չի ներգործում նրա վրա: Սամսոնը հարցրեց.

Մելա՛նիա, դու առո՞ղջ ես...

Ե՞ս, — կրկնեց Մելանիան, — ես բոլորովին առողջ եմ...

Եվ, կարծես, հանկարծակի մի բան հիշելով, նկատելու չափ գրգռված, ավելացրեց.

Լա՛վ կանես, որ քո մասին մտածես:

Ինչո՞ւ, ես է՞լ բոլորովին առողջ չեմ:

Դո՞ւ... այո... առողջ չես...

Սամսոնը զարմացած նայեց կնոջ երեսին:

Մելա՛նիա, ի՛նչ ես ուզում ասել: Ես առողջ եմ և միշտ էլ առողջ եմ եղել:

Է՛հ ավելի լավ, շատ ուրախ եմ:

Այդ ի՞նչ տեսակ ես խոսում, Մելա՛նիա: Ասա՛:

Ասե՞մ, — կրկնեց Մելանիան՝ հանկարծ մի համարձակ հայացք ձգելով ամուսնու աչքերի մեջ:

Ասա՛:

Դու պահանջո՞ւմ ես:

Մելանիան, գլուխը թեքելով կրծքին, սկսեց մատներով նյարդային արագությամբ պտտեցնել սեղանի վրա դրած ծխախոտատուփը:

Բայց ավելի լավ է չխոսել այդ մասին, — ասաց նա վերջապես, տուփը սեղանին զարկելով և ոտքի կանգնեց:

Սամսոնը քանի գնում, ավելի ու ավելի էր հետաքրքրվում:

Կնոջ խոսքերի մեջ զգում էր մի հետին թունալի միտք, մի միտք, որ անշուշտ վաղուց է Մելանիային զբաղեցնում: Նա ինքն այդ միտքը բացատրեց այլ կերպ:

Մելա՛նիա, եթե չես ասիլ, կնեղանամ:

Էհ, շա՛տ լավ, որ ստիպում ես կասեմ: Դու հիվանդ ես:

Մի վայրկյան Սամսոնը կարծեց, թե կինը կատակ է անում, թեև սպասում էր լսել նրանից հենց այդ պատասխանը:

Ես հիվա՞նդ եմ, ե՞ս, — գոչեց նա ծիծաղելով:

Եվ նրա ծիծաղը հնչեց այնքան թառամ, այնքան ծերունական, որ Մելանիան ակամա ցնցվեց:

Ես հիվա՞նդ եմ. ե՞ս, — կրկնեց Սամսոնը այս անգամ լուրջ, — ասա՛, ինչո՞վ:

Թո՛ղ, ի սեր աստծու...

Հիմա չեմ թողնիլ, մինչև որ բոլորը չասես: Տեսնում եմ, դու իմ մասին վատ կասկած ունիս: Դու ինձ զրպարտում ես. գիտե՞ս, զրպարտում ես... ես կյանքումս հիվանդ չեմ եղել...

Այո... կարելի է...բայց ես այդ չէի ուզում ասել...

Следующая страница