Շիրվանզադե Ալեքսանդր՝   Պատմվածքներ և վիպակներ

Ուրեմն ի՞նչ, ասա՛ ի՞նչ է իմ հիվանդությունը...

Մելանիան գլուխը հանդարտ բարձրացրեց, ուվիղ նայեց ամուսնու երեսին և արտասանեց.

Ծերությունը...

Որքա՛ն վիշտ, որքան կծու հեգնանք կար այս մի հատ բառի մեջ: Վիշտ՝ Մելանիայի, հեգնանք՝ Սամսոնի համար: Եվ մի վայրկյանում հիսունչորս տարեկան մարդը ծերացավ ամբողջ տասը տարով:

Ահա՛ այն վայրկյանը, որին վերջին ժամանակ սպասում էր ամեն օր, ամեն ժամ, և սպասում ներքին սարսափով:

Ես ծե՞ր եմ, — կրկնեց նա անեռանդ ձայնով և մի տեսակ հուսահատությամբ:

Այո՛, դու ծեր ես, միթե չգիտեի՞ր:

Սամսոնը թուլացած ընկղմվեց բազկաթոռի վրա:

Մելանիան կամացուկ դուրս գնաց սենյակից...

V

Անգո՛ւթ կին. նա չկամեցավ գեթ սակավ ինչ մեղմացնել յուր անողոք խոսքերի ուժը:

Մեղմացնե՞լ, բայց ինչո՞ւ, միթե նա սո՞ւտ ասաց կամ զրպարտեց: Նա ասաց ա՛յն, ինչ որ ծանրացել էր իր սրտի վրա, այն, ինչ որ ճնշում էր հոգին, թունավորում կյանքը. ասաց զուտ ճշմարտությունը: Սակայն ի՞նչ, թեթևացա՞վ նրա հոգին: Օ՛, ոչ, ընդհակառակը, այժմ նա ավելի է մտածում յուր ճակատագրի մասին, քան մտածել էր մինչև այդ պահ:

Տե՛ր աստված, ինչո՞ւ խաբվեց: Մի՛թե նրա ծնողները կատարյալ բռնակալներ էին: Բնա՛վ: Նրան տրված էր որոշ չափով ազատություն, գոնե պայմանական ազատություն, որպիսին «ժամանակակից» ծնողները տալիս են օրիորդներին:

Նախ նրան ծանոթացրին Սամսոն Ֆրանգուլյանի հետ, թույլ տվեցին մի քանի անգամ հետը խոսել կլուբում, թատրոնում, հետո միայն սկսեցին «համոզել», այո, համոզել և ոչ թե հարկադրել: Եվ որպիսի՛ մեղմ եղանակով համոզեցին: Նա կարող էր մերժել, եթե կամենար: Ոչ ոք նրան զոռով չէր ամուսնացնիլ: Շա՛տ-շա՛տ, ծնողները մի փոքր կվշտանային, մի փոքր կնախատեին նրան, հետո... կլռեին: Բայց նա չմերժեց. թող ուրեմն այժմ կրի յուր սխալի հետևանքները: Թող նա կենակցի մի մարդու հետ, որը երեսուն տարով մեծ է իրենից և որին չի սիրում: Չի՞ սիրում: Ոչ, այդ սխալ է, ուզում է սիրել և չի կարողանում: Նա հարգում է այդ մարդուն, համարում է նրան արժանավոր ամուսին: Ամուսին, որ սիրում է նրան ինչպես աստվածուհու, կատարում է նրա բոլոր ցանկությունները, բոլոր քմահաճույքները, ինչպես ստրուկ:

Բայց միթե այսքանը բավակա՞ն է: Իսկ ո՞ւր թաքցնի Մելանիան նոր հղացած կյանքը, նրա բնական պահանջները, երիտասարդ սրտի ավյունը որ այրում է նրան ամառային արեգակի ջերմության չափ, տարածվելով ամբողջ մարմնի մեջ, որպես հալած մետաղ: Ինչպե՞ս զսպի սիրելու ջերմ փափագը: Սիրելու ոչ թե մի ուժասպառ տղամարդի, այլ մի տաքարյուն երիտասարդի, որ կարողանար հագուրդ տալ նրա բոլոր զգացումներին, որ նրա չափ օժտված լիներ կենսասիրական հրով: Բռնությո՛ւն, կատարյա՛լ բռնություն: Նա ինքը դեռ քսանուչորս տարեկան չկա, դեռ նոր-նոր է հասկանում, թե կինը նախ և առաջ ինչու համար է ստեղծված: Եվ ստիպված է գրկել ու համբուրել, կամ գրկվել և համբուրվել մի հնոտիի հետ: Եվ դեռ Մելանիային նախանձող կանայք կան:

Օգոստոսի վերջին Մելանիան վերադարձավ քաղաք:

Սեփական տունն արդեն պատրաստ էր. Սամսոնն ընտանիքին ուղղակի այնտեղ տեղափոխեց:

Խե՛ղճ մարդ. որքա՛ն էր աշխատել նոր կացարանին կարելույն չափ ճոխություն ու շուք տալու: Շատ կահ-կարասի նոր էին բերել տրվել արտասահմանից, որովհետև հները չէին համապատասխանել սենյակների շքեղությանը: Պատերը յուղաներկ ներկված, դռները թանկագին կարմիր փայտից, լուսամուտները շրջափակված ոսկեզօծ սյուների մեջահա գլխավոր դահլիճը: Հարկավ, մնացյալ սենյակներն էլ համապատասխան շուք ունեին: Ախոռատանը խրխնջում էին մի զույգ նոր ձիեր, այս անգամ մոխրագույն, պոչերը կտրած: Գլխավոր մուտքի մոտ կանգնած էր պարթևահասակ շվեյցարը, իսկ մարմարիոնյա սանդուղքը զարդարված էր գեղեցիկ արձաններով ու թանկագին տրոպիկական բույսերով:

Եվ այս բոլորը Մելանիայի, միա՛յն Մելանիայի հաճույքի համար. այնքա՛ն էր սիրում նրան Սամսոնը: Այնինչ ինքը` Սամսոնը, որքա՛ն փոխվել էր այս վերջին երկու շաբաթվա ընթացքում: Ոչ միայն նիհարել էր, այլև ավելի ծերացել, այլև մեջքից բավական կորացել: Այժմ նա լուռ էր, որպես անշարժ ջուր: Մի միտք արճիճի պես ծանրացել էր նրա հոգու վրա: Այդ նույն միտքն էր, որ վերջին տարիները հալածում էր նրան և որից այժմ ազատվելու հնար չէր գտնում...

Քաղաք բերելով Մելանիային, նա հարցրեց արդյոք առաջիկա սեզոնին ի՞նչպես է կամենում կարգադրել կյանքը: Պիտի անցյալ ձմեռվա պես դռները բա՞ց անի բազմաթիվ ու բազմատեսակ ծանոթների առջև, թե՞ ուզում է ուրիշ կերպ ապրել:

Մելանիան հիացած էր նոր բնակարանով ու նոր կահկարասիով, բայց ոչ այնպես, ինչպես մի տարի առաջ էր հիանում ամեն մի շքեղությամբ:

Նա պատասխանեցվճռել եմ այսուհետև ուրիշ կերպ ապրել:

Ի՞նչպես:

Ուզում եմ հասարակական գործերով զբաղվել: Իրավունք կտա՞ս:

Արա՛, ինչ որ սիրտդ ուզում է, միայն թե չտխրես: Ես չեմ սիրում քեզ տխուր տեսնել:

Այս բոլորովին անկեղծ էր. Սամսոնը չէր կամենալ Մելանիային տխուր տեսնել կամ, ավելի ճիշտ, վախենում էր նրա տխրությունից: Բարվոք կհամարեր նրան տեսնել գործերով զբաղված, քան ինքն յուր մեջ ամփոփված: Պարապով թյունը, նրա կարծիքով, կարող էր երիտասարդ կնոջը տանել դեպի ո՛վ գիտե ինչ վտանգավոր մտքեր...

Մելանիան սկսեց զբաղվել հասարակական գործերով:

Ոսկի բանալիով բաց արավ յուր առջև բոլոր այն հիմնարկությունների դռները, ուր միայն կարող է մուտք ունենալ կինը: Սամսոնը զոհեց մի խոշոր գումար, Մելանիան ընդունվեց օրիորդական գիմնազիոնի պատվավոր հոգաբարձու: Քանի մի ուրիշ նվերներ երիտասարդ կնոջը իրավունք տվեցին այս կամ այն բարեգործական ընկերության խորհրդի անդամ ընտրվել: Այս բոլորը շոյում էր Մելանիայի սնափառությունը և շարժում շատերի նախանձը: Սկսեցին նրան բամբասել, անվանել Paravenue, չարախոսել նրա ո՛չ միայն գործունեությունը, այլև անձը, վերագրելով նրան հազար ու մի վատ ձգտումներ: Իսկ նա ոչ ոքի վրա ուշ չէր դարձնում: Նա խելոք էր և ոչ զուրկ տաքտից, գիտեր և՛ արհամարհել մարդկանց, և՛ փակել նրանց բերանը յուր սիրալիր վարմունքով: Մեկին հաղթում էր յուր ճաշակով ու ընթրիքներով, մյուսին զբոսանքի համար առաջարկելով յուր շքեղ կառքը, երրորդին ուղղակի այցելոլթյուն անելով և այլն:

Օրը մինչև երեկո զբաղված էր: Գոում էր նամակներ, ցրում էր այս կամ այն բարեգործական երեկույթի տոմսակները, պատվերներ էր տալիս, պատվերներ կատարում և հոգնում: Մոռանո՞ւմ էր յուր վիճակը. այսինքն ա՛յն, ինչի պատճառով իսկապես զբաղվում էր հասարակական գործերով: — Ո՛չ. նա խաբում էր ինքն իրան: Բայց ջանք էր անում մոռանալ: Ավելի՛, նա անկեղծ ցանկանում էր սիրել Սամսոնին: Այս նպատակով բռնաբարում էր ինքն իրան, խեղդում յուր մեջ շատ ապօրինի, վտանգավոր, բայց հաճելի զգացումներ: Նա հեռու էր պահում իրան տղամարդկանց շրջանից, որպեսզի չվրդովի ոչ յուր և ոչ Սամսոնի արյունը: Իսկ կանայք առաջվա պես վայելում էին նրա ընդարձակ հյուրասիրությունը:

Սամսոնը ոչ մի նկատողություն չէր անում նրան այս կամ այն քայլի մասին և միշտ կրկնում էր.

Արա՛, ինչ որ քեֆդ է:

Բայց այս խոնարհության մեջ Մելանիան ակամա զգում էր ինչ-որ վատ բան. ինչո՞ւինքն էլ չգիտեր: Մի օր նա հարցրեց ամուսնուն:

Դու բարկանո՞ւմ ես ինձ վրա:

Ո՞վ ասաց:

Ինձ այնպես է թվում:

Իզուր: Ես քեզ ոչինչ, ոչինչ չեմ արգելում, արա՛, ինչ որ քեֆդ է:

Դու ունիս իրավունք արգելելու:

Ունի՛մ, բայց չեմ արգելում:

Իսկ ես ուզում եմ, որ դու ինձ շատ էլ ազատություն չտաս:

Հա՛ հա՛, հա՛, — ծիծաղեց Սամսոնը, — դու մի՛ կարծիր, թե ես քո ազատությունից վախենում եմ: Ոչ, ես վախկոտ չեմ:

Նա խոր նայեց կնոջ աչքերին: Մելանիան գլուխը թեքեց կրծքին, մի քիչ կարմրելով: Խոսակցությունը սրանով էլ վերջացավ:

VI

Փիրուզյանը հաճախ այցելում էր Սամսոն Ֆրանգուլյանին: Նկատելով, որ ազգականը անգործ տխրում էր, հանդիմանում էր նրան, որ ահագին դրամագլուխը դրել է բանկ և ձեռները անշարժ նստել: Ինչո՞ւ չի սկսում մի նոր ձեռնարկություն և իր կյանքի պակասը լրացնում:

Ծերացել եմ, — պատասխանեց մի օր Սամսոնը կատակով, բայց ակամա հառաչելով, — եռանդ չունիմ նորից գործեր սկսելու:

Ծերացե՛լ, — կրկնեց Փիրուզյանը, — դուք ձեզ ծե՞ր եք համարում: Դուք ինձանից երիտասարդ եք:

Քսաներկու տարով ձեզանից մեծ եմ, գիտե՞ք` ինչ ասել է քսաներկու տարին մարդու կյանքում:

Տարիքը դատարկ բան է, գլխավորը մարդու ուժերն են ու սիրտը:

Նա շատ լավ գիտեր, թե որքան կործանիչ է ժամանակի ուժը, թե որքան մարդիկ խաբում են իրենց, երբ ասում են. «թե ես տարիքով ծեր եմ, բայց սրտով, հոգով ու ուժով երիտասարդ եմ»: Սակայն խորամանկ էր, ճանաչել էր ազգականի թույլ երակը և աշխատում էր շոյել նրան: Ահա ինչու Սամսոնը իսկապես սիրում էր նրան: Այդ երիտասարդի մոտ նա էլ չէր զգում յուր ծերությունը:

Ամեն կիրակի, երբեմն նաև շաբաթամիջին, Փիրուզյանը ճաշում էր Ֆրանգուլյանի տանը: Գալիս էր ճաշից շատ առաջ և հեռանում ճաշից շատ հետո: Երբեմն Մելանիային հանդիպում էր տանը մենակ, և միշտ ազգականի պարզ հարգանքով էր վերաբերվում դեպի նա: Այնինչ, Մելանիան շարունակ ցույց էր տալիս անտարբերություն, երբեմն նույնիսկ սառնություն: Միևնույն ժամանակ, այլևս Սամսոնի հետ չէր խոսում Փիրուզյանի մասին: Կարծես, նրա համար միևնույն է. կա՞ այդ մարդը, թե՛ չէ: Բայց և այնպես, այժմ էլ նա երբեմն մտքում համեմատում էր Սամսոնի հետ և միշտ մտածում, ինչո՞ւ Սամսոնը նրա հասակի չէ: Ա՛խ, այն ժամանակ Մելանիան երջանիկ կլիներ: Իսկ այժմ նրա արյունը չի հուզվում Սամսոնի մերձավորությունից և այս կատաղեցնում է նրան: Մինչդեռ հուզվում է, երբ մի վայրկյան ազատություն է տալիս իրեն և դիտում Փիրուզյանի առնական ուժով տոգորված դեմքը, նրա աչքերի երիտասարդական փայլը:

Մի օր Փիրուզյանը եկավ այն միջոցին, երբ Սամսոնը տանը չէր և շուտ էլ չպիտի վերադառնար: Մելանիան ընդունեց նրան ամուսնու կաբինետում և ընդունեց ավելի սառը, քան ամուսնու ներկայությամբ:

Սամսոնը տանը չէ, — շտապեց ասել նա:

Ափսո՛ս, — արտասանեց Փիրուզյանը և խոր հայացքով նայեց Մելանիայի աչքերին:

Այդ հայացքը թե՛ բարկացրեց և թե շփոթեցրեց Մելանիային:

Գո՞րծ ունեիք հետը, — հարցրեց նա:

Այո՛:

Այսօր շատ ուշ կգա տուն: Ճաշի է հրավիրված:

Նա կամենում էր հյուրին ճանապարհ դնել, բայց հյուրը նրա ձեռքի թեթև շարժումից օգտվելով, նստեց Սամսոնի գրասեղանի քով: Նա միանգամայն կատաղեցնում էր Մելանիային իր երեսի թարմ գույնով, իր աշխույժ ձևերով, այն մարմնավոր ուժով, որ արտահայտվում է երեսունչորս տարեկան տղամարդի յուրաքանչյուր շարժմամբ:

Դուք ինձ ներեցե՛ք, ես ձեզ կթողնեմ մենակ.: Հյուրասենյակում ինձ սպասում է որբախնամ ընկերության վարչության նախագահը:

Խնդրե՛մ, խնդրե՛մ, — չշփոթվեց Փիրուզյանը, — գնացեք, զբաղվեցե՛ք բարի գործերով, իսկ ինձ թույլ տվեք մի փոքրիկ նամակ գրել Սամսոն Պետրովիչին: Գործը շատ կարևոր է, հետաձգել չի կարելի:

Մելանիան հեռացավ: Հյուրը մնաց մենակ: Վերցրեց մի թերթ փաստի թուղթ և գրիչ: Գրեց մի քանի տող, հետո գրիչը ցած դրեց և, թիկն տալով բազկաթոռին, ընկավ մտածմունքի մեջ:

Արդեն մի քանի ամիս էր, նրա միտքը զբաղված էր Մելանիայով: Նա չափազանց հավանում էր երիտասարդ ազգականուհուն և հավանել էր հենց առաջին տեսնելով: Նրա հաճախակի այցերի գաղտնի շարժառիթը տիկինն էր: Նա չէր շփոթվում Մելանիայի սառն վարվողությունից, և չէր շփոթվիլ, եթե Մելանիան մինչև անգամ բոլորովին չխոսեր նրա հետ: Տասը տարի պտտելով մայրաքաղաքի շրջաններում, բավական ուսումնասիրել էր գեղեցիկ կանանց հոգեբանությունը: Իսկ այս հոգեբանությունը, նրա համոզմունքով, ամեն տեղ և բոլոր ազգերի կանանց մեջ միևնույնն էր: Նա գիտեր, որ Մելանիայի անտարբերությունն արտաքին է, ստիպողական, որ մի երիտասարդ ու գեղեցիկ կին չի կարող մի այդպիսի թառամած ամուսնու մոտ ոչինչ չզգալ դեպի մի երիտասարդ տղամարդ, որքան ևս բարոյական ու առաքինի լինի: Նա այս շատ լավ գիտեր, ուստի Մելանիայի սառնությունը չէր նրա մտատանջության պատճառը և ոչ էլ այն, որ Մելանիան նրա ազգականուհին էր: Փիրուզյանը պատկանում էր ժամանակակից այն երիտասարդների շարքին, որոնց աշխարհայացքը զերծ է ազգակցական կամ բարեկամական կապերի «նախապաշարոմներից»: Սակայն Սամսոն Ֆրանգուլյանը լավ մարդ էահա գլխավորը: Նա շատ է հավատում Փիրուզյանի ազնվությանըահա անտանելին:

Ի՞նչ անել. արհամարհե՞լ այդ մարդու հավատը, ոտնատա՞կ անել նրա պատիվը: 0, ո՛չ, այս արդեն ծայրահեղ ապականություն կլինի, անասնություն: Ուրեմն ի՞նչ անել. մոռանա՞լ Մելանիային: Ո՛չ, արդեն այդ կինը շատ հրապուրիչ է, արդեն նա բավական խոր տեղ է բռնել Փիրուզյանի սրտում: Մոռանալ անհնարին է: Եվ ինչո՞ւ մոռանալ. միթե նա հիմա՞ր է, միթե չգիտե՞, որ ի՛նչ որ հաճելի է իրեն, հաճելի է և՛ Մելանիային, որ սիրուն տիկինը ուզում է զգալ ու ապրել, որ նա, իսկապես, ատում է իր կողակցին, թեև գուցե հարգում, որ նա շատ էլ նախապաշարված կին չէ, որ դարավերջի ապականությունը նրա հոգեկան աշխարհի վրա ունեցել է որոշ ներգործություն, որ վերջապես, ոչ մի կին, նույնիսկ հայ կինը, չի կարող տղամարղի մեջ չսիրել հանդգնություն ասված բանը, մանավանդ եթե տղամարդը երիտասարդ է և ոչ այնքան էլ տգեղ...

Վճռված է: Աշխարհի երեսին ամեն ոք ունի իրավունք ապրելու, իսկ մի երիտասարդ կին ու մի երիտասարդ տղամարդ՝ նամանավանդ: Եվ չկա օրենք, որ կարողանա խանգարել նրանց ապրելու: Կյանքը բարձր է բարոյականությունից: Ինքը, բարոյականություն ասված միտքը առաձգական է, նրա կանոնները փոխվում են ժամանակի ընթացքում: Այժմ իսկ այդ կանոնները տարբեր են զանազան կլիմաների տակ, զանազան մարդկային համայնքների ու կրոնական համախմբերի մեջ: Մի բան է միայն անփոփոխմարդկային սիրտը: Անփոփոխ մի ձգտման մեջզգալ ու վառվել սեռային կրքով, քանի որ ընդունակ է վառվելու: Լավ է առաքինի մարդ մնալը, բայց բնության ուժը անհաղթելի է կենդանի մարդու համար, նաև գերադասելի բարոյականությունից: Հիմա՛ր մարդիկ, տեսե՛ք. դուք խոսում եք թռչունների մաքրության մասին, մի՞թե աղավնիներն այնչափ միամիտ են, ինչպես կարծում էր Քրիստոսը: Ո՞վ է ստեղծել ընկերական կյանքի կանոնները, այդ բարոյականություն կոչված անտեսանելի, անշոշափելի շինության հիմքը: — Մարդ՛իկ: Էէ՛, ուրեմն մարդիկ չունի՞ն իրավունք քանդելու այն, ինչ որ ինքնըստինքյան խորտակվում է ժամանակի ավերիչ ուժից:

Մի ուրիշ խնդիր, որ Փիրուզյանին զբաղեցրեց, Սամսոն Ֆրանգուլյանի լավ մարդ լինելն էր: Արդյոք, այս ճշմարի՞տ է, արդյոք, կարելի՞ է այդ մարդուն լավ համարել: Ի՞նչ իրավունքով է նա տիրացել մի երիտասարդ կնոջ, եթե, իրավ, լավ մարդ է, Նա՛, այդ քայքայված, հնամաշ միլիոները: Մի՞թե լավ մարդը փողով կգներ մի անփորձ էակի, մի դեռահաս աղջկա, գրեթե մի երեխայի բախտը, ճակատագիրը, կյանքը: Օ՛օ ոչ, հազար անգամ ոչ: Բայց որ գնել էթող կարողանա և պահպանել, ինչպես գիտե պահպանել իր միլիոնները: Որ չի կարող պահպանել, թող տուժի: Մելանիան խաբված էակ է, այն ժամանակ, երբ որոշվել է նրա ճակատագիրը, կյանքի մասին ոչինչ և ոչինչ գաղափար չի ունեցել: Այժմ է նրա մեջ զարթնել կյանքը, այժմ է սկսում եռալ նրա արյունը: Եվ մի՞թե գարնան այս նոր-նոր բացվող ծաղիկը պիտի թողնել աշնան պաղ ձեռներում: Ինչո՞ւ, ո՞վ է այն բռնակալը որ ժամանակի վրա անգամ տարածում է իր իշխանությունը: Մի եսամոլ ծերունի իր միլիոններով հանդգնում է ոտնատակ անել բնության օրենքները: Այդ զզվելի է...

Վճռված է. Մելանիան բնական օրենքով այն մարդուն է պատկանում, ով գրգռել կարող է նրա կիրքը: Ով ուզում է, թող լինի այդ մարդը, ինքը Փիրուզյանը, թե մի ուրիշը: Պետք է այս բանը հասկացնել երիտասարդ էակին և զգալ տալ նրան, թե կա մի մարդ, որ գիտե ըմբռնել նրա գաղտնի վիշտը:

Դուք վերջացրի՞ք ձեր նամակը, — լսվեց հանկարծ Մելանիայի ձայնը:

Ես չգրեցի:

Մելանիան նստեց: Նստեց նաև Փիրուզյանն անմիջապես:

VII

Ի՞նչ է նշանակում այս, Մելանիան անկեղծ ուզում է ազատվել այդ մարդուց, և խոսք չի գտնում նրան հեռացնելու: Նա կաշկանդվեց հյուրի մի երկարատև նայվածքից, և գլուխը թեքեց կրծքին, թեթևակի կարմրելով:

Նա զգում է, որ արյունը երակների մեջ սկսում է հոսել առանձին ուժով և մարմնին պատճառել անսովոր ու ախորժելի դողոց: Եվ այս է, որ կատաղեցնում է նրան: Ոչ, ոչ, պիտի այդ մարդուն ուղղակի, թեկուզ անքաղաքավարի կերպով, ճանապարհ դնել: Մելանիան ատում է նրան հոգու բոլոր ուժերով, ինչպես կարող է ատել մի կին մի տղամարդու: Այդ մարդու դեմքն արդեն արտահայտում է վատ բան, շա՛տ վատ բան: Բայց ինչո՞ւ Մելանիան հենց այս րոպեին խղճում է Սամսոնին...

Ուզում եմ Ժորժիկին կառքով մի քիչ զբոսեցնել, եղանակը լավ է, — փորձեց նա հասկացնել հյուրին, թե չպիտի երկար նստել:

Ժորժիկը, ձեր որդին, օ՛օ, շատ լավ երեխա է, առողջ, գեղեցիկ, և զարմանալի նման է հորը, — նկատեց Փիրուզյանը, անուշադիր թողնելով Մելանիայի բառերի բուն իմաստը:

Չէ՛, այդ մարդը միանգամայն հանդուգն է: Սակայն նրա հանդգնության մեջ կա ինչ-որ քաշող ուժ: Երբեք և ոչ ոք Մելանիայի վերաբերմամբ այդքան անքաղաքավարի չի եղել, ճիշտ է, բայց և երբեք և ոչ ոքի ներկայությունը այսքան չի կաշկանդել նրան: Նա անկեղծ ուզում է փախչել այդ մարդուց և, միևնույն ժամանակ, մի անհաղթելի ուժից մղվում է դեպի նա: Ի՞նչ ասել է այս: Մի՞թե ատելի մարդը կարող է այսքան ձգողական ուժ ունենալ:

Այսօր ուզում էի Սամսոն Պետրովիչի հետ խոսել մի շատ լուրջ գործի մասին, — ասաց Փիրուզյանը, շարունակելով իր խորհրդավոր հայացքի տակ այրել երիտասարդ կնոջը:

Բանն այն է, որ Սամսոնը անգործ տխրում է, պետք է, որ նա որևէ նոր գործի ձեռնարկի: Մի այդպիսի գործ կա, հենց այս մասին էի ուզում Սամսոնի անունով նամակ գրել ու թողնել նրա սեղանի վրա: Կառավարությունը տալիս է մի ահագին անտառ, շահագործելու համար: Մեծ գումար է հարկավոր, ամբողջ քաղաքում գուցե միայն Սամսոնը կարող է այդ կապալը վերցնել: Բայց մեծ էլ օգուտ կարելի է ունենալ:

Չգիտեմ, ես այդ տեսակ գործերից ոչինչ չեմ հասկանում, — արտասանեց Մելանիան, մի անգամ ևս փորձելով զգալ տալ հյուրին, թե չի ուզում երկարացնել:

Բայց հյուրը շտապեց օգտվել հենց այդ խոսքերից: Նա ասաց.

Օ՛օ, շա՛տ ուրախ եմ, որ չեք հասկանում: Այդ պատիվ է բերում ձեր ճաշակին. կյանքը շատ տխուր կլիներ, եթե երիտասարդ ու գեղեցիկ կանայք էլ հետաքրքրվեին նյութականով: Ապրել ու զվարճանալահա ինչ է վայելում ձեր հասակին, դիրքին, գեղեցկությանը:

Այս խոսքերը ներգործեցին Մելանիայի վրա: Նա մինչև անգամ փափագեց լսել նրանց շարունակությունը : Փիրուզյանը այս հասկացավ և շտապեց օգտվել հարմար րոպեից: Կինը կյանքի ժպիտն է, պոեզիան: Կինը, մանավանդ երիտասարդ ու գեղեցիկ կինը, տղամարդի աստվածուհին է: Միթե վայե՞լ է աստվածուհուն նյութականով հետաքրքրվել: Կինը մինչև անգամ չպիտի մտածի լուրջ բաների մասին, որովհետև մտածմունքը խորշեր է առաջացնում դեմքի վրա և ծերացնում է կնոջը: Կինը միայն պիտի զգա, միայն պիտի սիրի ու սիրվի և միշտ ձգտի լիացում տալ իր զգացումներին...

Զգալ, լիացում տալ զգացումներին: Մելանիան վախեցավ: Փիրուզյանը խոսում էր նրա սրտի խորքից, նրա այժմյան տրամադրությունից: Այլևս նա հաղթահարվեց, գոնե այնչափ, որ դադարեց մտածել հյուրից ազատվելու մասին: Այժմ նա լսում էր նույնիսկ հետաքրքրությամբ, թեև մերթ ցնցվելով, մերթ անտարբեր ձևանալով, մերթ բարկանալով միմյանց հակասող, միմյանց ջնջող զգացումներից:

Ես շատ ուրախ եմ, — շարունակեց Փիրուզյանը եռանդով, — որ դուք զբաղվում եք հասարակական գործերով: Բայց, ներեցեք, ինձ թվում է, դուք այդ անում եք, ը՛ը՛ը՛, անում եք... ձեզ խաբելու համար...

Ուրեմն դուք չե՞ք հավատում իմ անկեղծությանը, — գոչեց Մելանիան վիրավորված:

Ո՛չ, — արտասանեց Փիրուզյանը համարձակ, մեղմիկ ժպտալով և նայեց խոսակցի բիբերին:

Ի՞նչ իրավունքով:

Իրաքվունքի բան չկա, ճաշակի խնդիր է: Նախ և առաջ պիտի ասել, որ ես չեմ հավատում առհասարակ կանանց. մանավանդ երիտասարդ կանանց հասարակական գուրծունեությանը: Ես այստեղ ճանաչում եմ մի քանիսին, որոնք իրենց երեխաներին հանձնում են ծառաների հսկողությանը, իսկ իրանք օրը մինչև երեկո վազվզում են դեսուդեն մի ինչ-որ ձանձրալի պարահանդես կամ ավելի ձանձրալի ներկայացում սարքելու համար: Նրանք երևակայում են, թե իրենք կազմում են հասարակական կյանքի առանցքը: Օ՛օ, անկարելի է նրանց հետ վիճաբանել: Խոսում են հեղինակավոր եղանակով քննադատում են այնպիսի բաներ, որոնց մասին հավի հասկացողություն ունին: Այդ կանայք երջանիկ են իրենց իլյուզիայով և դժբախտ՝ կյանքի տեսակետից նայողի աչքում: Իմ կարծիքով, նրանք ավելի հաճելի կլինեին, եթե սովորեին ճաշակով հագնվել ու ճաշակով սանրել իրենց մազերը: Գալով ձեզ, պետք է ասել, որ դուք, տիկին գործել չեք ուզում, այլ ինչպե՛ս ասեմ... զգալ ու ապրել... Դուք աշխատում եք միայն գործով թմրեցնել ձեր սրտում նոր վառված շատ բնական ու շատ ներելի զգացումները: Հասկանում եք, կարծեմ: Էհ, չի կարելի չասել, որ մի քիչ էլ սնափառ եք, ինչպես առհասարակ բոլոր հարուստ կամ որևէ դիրք ունեցող կանայք: Բայց ճշմարտությունն այս է. դուք գործել չեք ուզում, այլ ապրել կրկնում եմ, ապրել: Ինչո՞ւնրա համար, որ դուք այժմ, ներկա հանգամանքներում... չեք ապրում...

Հանդո՛ւգն մարդ: Իր դիտողական ձիրքով, իր արծվային հայացքով նա թափանցում էր երիտասարդ կնոջ սրտի խորքը և քրքրում զգուշությամբ թաքցրած զգացումները:

Դուք սխալվում եք, ես ապրում եմ և շատ լավ եմ ապրում, — ասաց Մելանիան այնպես արագ, որ կարծես վախենում էր` միգուցե ուրիշ բան ասի:

Մի թեթև հեգնական ժպիտ սահեց Փիրուզյանի դեմքով:

Տիրեց վայրկենական լռություն, որովհետև նա պատրաստվում էր ավելի համարձակ քայլ անելու:

Ասացե՛ք, խնդրեմ, քանի՞ տարեկան էիք, երբ ձեզ ամուսնացրին, — հարցրեց նա անփույթ եղանակով, սակայն որոշ շեշտելով «ձեզ ամուսնացրին» բառերը:

Հարցը, հարկավ, համարձակ էր, բայց չէ՞ որ Փիրուզյանը ազգական է, ունի իրավունք թույլ տալու իրան որոշ ազատություն:

Չգիտեմ, չեմ հիշում,— պատասխանեց Մելանիան հուզմունքից դողացող ձայնով:

Երևի, տասնուվեց կամ շա՛տ-շա՛տ՝ տասնույոթ տարեկան, — լրացրեց ինքը Փիրուզյանը, — այսինքն՝ այն հասակում, երբ ձեր վերջին խաղալիկինը դեռ փշրված չէր:

Եվ, մի վայրկյան կանգ առնելով, ցածր ձայնով ու կարծես ինքն իր համար, ավելացրեց.

Այո, այո, տղամարդիկ եսամոլ են, ոճրագործության չափ եսամոլ:

Պարզ էր, թե ում էին վերաբերվում այս բառերը:

Էականը ասված էր. ավելի հեռու գնալն առայժմ և՛ անհարմար համարեց, և՛ վտանգավոր: Նա ոտքի ելավժամացույցին նայելով: Ժամանակ է Ժորժիկին զբոսնելու տանել:

Հույսով եմ, որ ասածներս կատակի տեղ կընդունեք և կմոռանաք, — ասաց հյուրը:

Երբեք նա այնքա՛ն երիտասարդ, այնքա՛ն ուժեղ, այնքան գրգռեցուցիչ չէր թվացել Մելանիային, որքան այսօր, հետևաբար՝ այնքան ատելի և երկյուղալի:

Երեկոյան, երբ Մելանիան Սամսոնին հայտնեց Փիրուզյանի այցելության մասին, ավելացրեց.

Վերցրո՛ւ այդ կապալը, դու անգործ տխրում ես:

VIII

Մելանիան չէր կարողանում մոռանալ Փիրուզյանի խոսքերը: Մտածում էր, քննում, վերլուծում և ակամա եզրակացնում, թե որքան հանդուգն են այդ խոսքերը, նույնքան ճիշտ են: Ճիշտ գոնե այն մասում՝ թե երիտասարդ կինը պիտի զգա ու ապրի, որ ինքը Մելանիան, պարապելով հասարակական գործերով, չի զգում այն, ինչ որ պահանջում է սիրտը, թե կյանքն անցողիկ է, իսկ մարդ երկրորդ անգամ չի ծնվում, թե վերջապես «որքա՞ն տղամարդիկ եսամոլ են»:

Գտնվել է մի անձ, որը հանդգնաբար կարդում է նրա մտքերը և շոշափում նվիրական զգացումները: Նա ինքն երիտասարդ է, նրա ամբողջ կազմից մարմնավոր ուժն է բուրում, ա՛յն, ինչ որ վաղուց է թառամել Սամսոնի մեջ: Լավ մարդ է, թե վատ, խելոք է, թե հիմար, բարոյական, թե անբարոյական, — այդ չէ խնդիրը: Երիտասարդ էահա գլխավորը: Եվ ունի իրավունք ասելու, թե Մելանիան չի ապրում ու չի կարող ապրել լի կյանքով մի ծերունու հետ:

Ամեն օր Փիրուզյանը գալիս էր իր ազգականի մոտ գործի վերաբերմամբ խոսելու: Սամսոնը վաղուց էր դադարել մտածել դրամական շահերի մասին: Եվ այս ոչ այն պատճառով, որ փողից կուշտ էր, այլ գլխավորապես այն պատճառով, որ այժմ այլևս կյանքի քաղցրությունը դրամի մեջ չէր տեսնում, որպես առաջ: Նա անգործ տխրում էր, — ահա ինչու համոզվեց կապալը վերցնել: Իրավունք տվեց Փիրուզյանին մանրամասն տեղեկանալ պայմանների մասին և ժամանակին հիշեցնել աճուրդի օրը:

Որքան Մելանիան անկեղծ փափագում էր առաջվա պես փախչել Փիրուզյանից, այնքան ավելի այժմ ներքին ուժր մղում էր նրան դեպի երիտասարդ տղամարդը: Նա զգում էր, որ վաղ թե ուշ այս ակամա հակումը կարող է Սամսոնի աչքին ընկնել: Վախենո՞ւմ էր ամուսնուց: — Ոչ, վախենում էր իր խղճից, չէր ուզում նրա դեմ որևէ հանցանք գործել: Զգում էր, որ իր դրությունը վտանգավոր է, որ կարող է կուրանալ, մոլորվել ու ընկնել առաջին պատահողի գիրկը, թեկուզ այդ առաջին պատահողը լինի անցորդի մեկը: Ահա ինչու ատելով Փիրուզյանին, երկնչում էր նրա մերձավորությունից, ինչպես մի թունալի ու սոսկալի ախտից: Ախտ, որ թեև հաճելի ու արբեցուցիչ, բայց կործանիչ է:

Եվ նա կռվում էր ինքն իր հետ: Երբեմն զգում էր, որ մտքի ուժը ահա, ահա պիտի հաղթվի կրքերի զորությունից: Այսպիսի րոպեներին նա կարոտում էր Սամսոնի օգնությանը: Թող այդ մարդը նրա հետ վարվի խիստ, անողոք, այս և միայն այս կարող է Մելանիային փրկել, պահպանել նրան հնարավոր անկումից: Երբեմն նա փափագում էր, որ Սամսոնը խանղե, թեկուզ անտեղի զայրանա, կատաղի և կշտամբե նրան ամենավիրավորական խոսքերով:

Մինչդեռ Սամսոնը ոչ միայն չէր խանդում, այլև վերին աստիճանի համբերող էր: Գոնե այսպես էր երևում արտաքուստ:

Այսօր միասին գնանք օպերա, — ասում էր Մելանիան, որ սովորաբար մենակ էր գնում թատրոն:

Լա՛վ, գնանք, — պատասխանում էր Սամսոնը, թեև ատելով ատում էր օպերան:

Այսօր սպասավորին հրամայել եմ այսուհետև ցիլինդրով ու սյուրթուկով նստել կառապանի մոտ: Չերքեզկան ու դաշույնը զահլես տարել են:

Լավ ես արել, — պատասխանում էր Սամսոնը, թեև ամեն մի ցիլինդրի թշնամի էր, մանավանդ սպասավորների ցիլինդրին:

Էգուց խոհարարին ուզում եմ արձակել, չեմ հավանում:

Արձակի՛ր, — պատասխանում էր Սամսոնը, թեև խոհարարը շատ լավ էր պատրաստում նրա սիրած կովկասյան կերակուրները:

Այս անսահման հլությունը, վերջապես, սկսեց ձանձրացնել Մելանիային: Ի՞նչ է նշանակում այս: Ինչո՞ւ Սամսոնը այդպես խեղճացել է, կամքից զրկվել և ներկայացնում է իր դասակարգի մարդկանց կատարյալ հակապատկերը: Անկարելի է, որ այդ հեզությունը մի հետին միտք չունենա, մի ավելի խոշոր պատճառ, քան սերը դեպի Մելանիան:

Մի օր Մելանիան փորձի համար ասաց, թե վճռել է անգլերեն լեզվի դասեր վերցնել: Կա մի պոլսեցի երիտասարդ ուսուցիչ, որին ուզում է վարձել:

Էհ, փորձի՛ր, եթե ուզում ես, — համաձայնվեց Սամսոնը:

Ուրեմն, թո՞ւյլ ես տալիս: Իսկ Խուդանովն իր կնոջը չի թույլ տալիս:

Խուդանովն ինձ համար օրինակ չէ: Լեզուներ սովորելը լավ բան է: Ասում են՝ մի լեզու իմացողը մեկ մարդ է, հինգ լեզու իմացողըհինգ մարդ:

Մելանիան մի անհամբեր շարժումն արավ և լռեց:

Գնալով Սամսոնի հլությունը սկսեց նրա համար դառնալ արդեն ոչ միայն ձանձրալի, այլև... զզվելի, այլևս այդ հլության մեջ նա տեսնում էր թուլություն, բարոյական ուժերի բացակայություն: Մի բան, որ առհասարակ ատում էր ամեն մի տղամարդի մեջ:

Մի օր առավոտը, թեյից հետո, Մելանիան ասաց.

Սամսոն, այս երեկո ուզում եմ դիմակահանդես գնալ, թույլ կտա՞ս:

Գնա՛:

Մելանիան գիտեր, որ Սամսոնը ամբողջ հոգով հակառակ է դիմակահանդես գնալուն, և այս անգամ կատաղեց կեղծիքի դեմ:

Դու զարմանալի մարդ ես, — գոչեց նա ջղային եղանակով:

Ինչո՞ւ:

Մելանիան մտածեց և հանկարծ արտասանեց.

Չեմ սիրում այդ տեսակ ազատություն: Հասկանո՞ւմ ես, չեմ սիրում, զզվում եմ...

Սամսոնը նայեց նրա երեսին զարմացած: Կար ժամանակ, երբ Մելանիան սաստիկ ձգտում էր հենց այդ տեսակ ազատություն ունենալ, իսկ այժմ ի՞նչ պատահեց:

Մեղա՛, թե միտքդ հասկանամ. — արտասանեց նա, ուսերը վեր քաշելով:

Չե՞ս հասկանում, — գոչեց Մելանիան նույն ջղային եղանակով, — ավելի վատ քեզ համար: Ուզո՞ւմ ես, որ պարզ խոսեմ: Դու խեղճ մարդ ես, իսկ ես խեղճ մարդկանց չեմ սիրում:

Ե՞ս եմ խեղճ մարդ, — կրկնեց Սամսոնը, դառն հեգնությամբ ժպտալով, — երևի դու ինձ դեռ լավ չես ճանաչում:

Ո՛չ, այդ չէի ուզում ասել: Դու խեղճ չես, այլ չափից դուրս շատ ես սիրում ինձ:

Տեր ամենակարող աստված, — կարողացավ միայն մրմնջալ Սամսոնը:

Մի՛ սիրիր ինձ, այո՛, մի՛ սիրիր...

Ասա՛, ասա՛, տեսնենք է՛լ ինչ ես ասում:

Հանկարծ Մելանիայի կոկորդի երակները փքվեցին, կապտեցին, երեսի մկանունքները աղավաղվեցին, կուրծքը բարձրացավ ուժգին: Սկսեց հեկեկալ: Սամսոնն արդեն ապշեց:

Քանի մի վայրկյան լուռ նայեց կնոջը, ապա մոտեցավ և ձեռը դրեց նրա ուսին:

Մելանիա, արդյոք հիվա՞նդ չես դու:

Մելանիան մի րոպե թույլ տվեց բուռն արտասուքին դուրս հոսելու, ապա մի քիչ զսպեց իրեն, ոտքի կանգնեց:

Ա՛խ, — ասաց նա, արցունքները արագարագ սրբելով, — ես ինքս էլ չեմ հասկանում ինչ եմ ասում: Դու սիրում ես ինձ, ո՛չ միայն ինձ, այլև ծնողներիս, քույրերիս ու եղբայրներիս: Բայց ինձ թվում է, որ դու այդպես չպիտի լինես, ընդհակառակը պիտի իմ գլխին բռնակալ դառնաս: Այո՛, այնպես, ինչպես հին ժամանակի ամուսինները: Ուզում եմ, որ դու ինձ վրա գոռաս, չթույլ տաս ինձ տնից դուրս գալ, թողնես մենակ, ինքդ գնաս կլուբներում, հյուրանոցներում ու այգիներում քեֆ անես: Ուզում եմ՝ հարբած տուն գաս, ինձ հայհայես, ծեծես, հասկանո՞ւմ ես, ծեծես, ոտներիդ տակը գցելով: Կարո՞ղ ես այդպես անել, ա՛սա, կարո՞ղ ես:

Սամսոնը արձանացել էր տեղն ու տեղը: Նա չէր հավատում իր ականջներին:

Եթե չես կարող հարբել, հայհոյել, ծեծել, գոնե հետս վարվիր այնպես, ինչպես իրենց կանանց հետ վարվում են այժմյան ամուսինները:

Այսի՛նքն:

Խաբի՛ր ինձ, դավաճանի՛ր, աչքիս առջև սիրուհինե՛ր պահիր. մի խոսքով՝ վատ ամուսին եղիր, շատ վատ, շա՛տ կոպիտ, անպիտա՛ն, կեղտո՛տ, գազա՛ն: Այնքան կեղտոտ, այնքան գազան, որ ամբողջ քաղաքը խոսի քո մասին, որ ամենը քեզ ատեն ու հայհոյեն: Քեզ ատեն ու հայհոյեն, իսկ իմ մասին ցավեն, ասեն. «խե՛ղճ կին, անբա՛խտ կին, ինչպե՛ս տանջվում է մարդու ձեռքին»:

Следующая страница