Շիրվանզադե Ալեքսանդր՝   Պատմվածքներ և վիպակներ

Փիրուզյանը ներս մտավ նախկին բարեկամական ժպիտն երեսին, ամուր սեղմեց իր ազգականի ձեռը և նստեց նրա դեմուդեմ: Սամսոնը, որ գրասեղանի քով զբաղված էր ինչ-որ հաշիվներով, թղթերը հավաքեց մի կողմ դրեց և հարցրեց՝ ուր է մնացել մինչև այժմ հյուրը: Հայտնվեց, որ Փիրուզյանը վերջին երկու շաբաթը անց է կացրել Բաքվում, միայն այսօր առավոտ է վերադարձել: Նա վճռել է նավթային գործերով զբաղվել և եկել է Սամսոնի աջակցությունը խնդրելու:

Սամսոնին հայտնեցին, թե նախաճաշը պատրաստ է: Նա հյուրի հետ անցավ սեղանատուն: Այնտեղ Մելանիան, սեղանի քով նստած, կերակրում էր Ժորժիկին: Նա հյուրին ընդունեց անխռով, գլխի թեթև շարժումով պատասխանելով նրա խոնարհ բարևին:

Փիրուզյանն իսկույն գուշակեց, որ մարդ ու կնոջ հարաբերությունները լարված են: Հոգու խորքում այս անգամ անկեղծ խղճաց Սամսոնին, նայելով նրա անսովոր մռայլ դեմքին: Նա խոսում էր նավթային նոր շատրվանների և արդյունաբերական աժիոտաժի մասին:

Հանկարծ նա զգաց խղճի խայթ յուր հանցավոր միտումների պատճառով: Նա զղջաց: Բայց զղջաց ո՛չ այնքան որևէ բարոյական սկզբունքի հիման վրա, որքան այն մտքից, որ զուր էին իր հանդուգն միտումները և երբեք չեն կարող իրագործվել: Մելանիայի ամբողջ էությունը հասկացնել էր տալիս նրան, թե շեղել այդ կնոջն ուղիղ ճանապարհից շատ էլ դյուրին չէ և թե ինքը շատ էլ ճիշտ գաղափար չի ունեցել նրա մասին:

Նա որոշեց զգույշ վարվել: Ինչո՞ւ զուր տեղը զրկվի Սամսոն Ֆրանգուլյանի պես մի հզոր դրամատիրոջ բարեկամությունից այն ժամանակ, երբ իր նոր ձեռնարկելի գործի համար կարոտ է նրա աջակցությանը: Նա աշխատեց ցույց տալ անտարբերություն դեպի Մելանիան և կարողացավ Սամսոնի սրտից ջնջել չար կասկածի վերջին նշույլը:

Մի շաբաթ անցած՝ նա դարձյալ այցելեց Ֆրանգուլյաններին: Այս անգամ եկել էր վերջին հրաժեշտը տալու: Նա թողնում է Թիֆլիսը ու հեռանում Բաքու երկար ժամանակով:

XIV

Խորհում էր Մելանիան գիշեր ու ցերեկ և չէր կարողանում որևէ որոշում կայացնել: Նա օր օրի վրա ավելի էր համոզվում, որ չէր կարող երկար ժամանակ մնալ անորոշ ու ծայր աստիճան լարված դրության մեջ: Նա զգում էր, որ Սամսոնը նրա համար օտարանում է ոչ օրերով, այլ ժամերով և հեռանում է անվերադարձ: Երկու ամուսինների մեջ բարձրանում էր մի պատնեշ, որին չէր կարող խորտակել ոչ մի առողջ բանականություն: Եվ Մելանիան սկսեց վախենալ Սամսոնից, առաջին անգամ զգալով նրա տանջալի լռության մեջ ինչ-որ չարագուշակ մի բան: Մնալ այդ մարդու հետ մի հարկի տակ թվում էր նրան և՛ վտանգավոր, և՛ զազրելի: Ի՞նչ անել, արդյոք, թողնել նրան և վերադառնալ ծնողների՞ մոտ, թե՞ դիմել այն ապօրինի, այն վատթար և այն սովորական դարձած միջոցին իր դրության հետ հաշտվելու համար, որին դիմում են շատ շատերը: Դավաճանության: Դժվար իրագործելի էր թե մեկը, թե՛ մյուսը: Ի՞նչ պիտի պատասխաներ հարյուրավոր հետաքրքրվողների հարցին — «Ինչո՞ւ բաժանվեց»: Պատճառ պիտի բերեր Սամսոնի ծերությունը: Բայց չէ՞ որ նրանք կարող էին ասել՝ «ո՞ւր էր քո խելքը ամուսնանալիս»: Առարկել նրա ֆիզիկական անկարողությո՞ւնը: Օօ ոչ, այդ ամոթալի է, և նա չի կարող կրել հասարակության ծաղրն ու ծիծաղը: Իսկ մնալ օրինական ամուսնու հարկի տակ, ուզել նրա մահը, խաբել ու դավաճանել, դեմ էր նրա ամբողջ էությանը և կրկնակի վտանգավոր...

Եվ այսպես, այս երկդիմի դրության մեջ Մելանիան տառապում էր անսահման:

Այնինչ Սամսոնը՝ սիրելով Մելանիային դաժան սիրով՝ կատաղում էր ժամանակի և բնության դեմ այնպես, որ կարծես, նրանց անողոք օրենքները հատկապես նրա համար էին հորինված: Նա անիծում էր մարդկությունը և նրա հնարած բոլոր գիտությունները, որ անզոր էին նրա անզորության դեմ: Եվ աշխարհը նրան թվում էր սառն, անհյուրընկալ: Կյանքի նյութական շուքի մեջ զգում էր իրան խորթ, եկվոր և հարստության մեջ չքավոր, որպես մի արհամարհված մուրացիկ: Գարնան մերձավորությունը բորբոքելով նրա օր օրի վրա սառչող արյունը, ավելի զգալի և ավեքի դաժան էր դարձնում անփոխարինելի կորուստը: Եվ, մարդկանցից փախչելով, ինքն իր մեջ զգում էր այնպիսի ամայություն, որ կարծես, հոգին բաժանվել էր և դիտում էր մարմնի սառուցումը հեռվից: Կենդանի կմախք, որ այրվում էր առանց ջերմանալու: Նա հոգու ամբողջ կարողությամբ ատում էր բնությունը և բոլորը ինչ որ նորոգվում ու թարմանում էր նրա մեջ: Ծառերի նորածիլ տերևները, ծտերի ծլվլոցը, եղանակի մեղմությունը, երկնի պայծառությունը և երկրի ժպիտը, բոլորր, բոլորը, կարծես ծաղրում էին նրան անողոք և անամոթ ծաղրով: Նա կկամենար տեսնել ամեն ինչ հնացած, թառամած և անզոր, ինչպես ինքը: Նա պատրաստ էր, եթե ունենար գերբնական զորություն, մի հարվածով մեռցնել բոլոր կենդանի էակների մեջ կյանքը և բոլորին դարձնել իր պես այրվող կմախք:

Նա սկսեց ատել Մելանիային, չդադարելով սիրել նրան անզոր սիրով: Երկու հակադիր միմյանց ջնջող զգացումների մեջ հոգեպես բաժանվեց երկու տարբեր մասերի: Մի ներքին ուժ դրդում էր նրան, ամեն անգամ Մելանիային հանդիպելիս, փաթաթվել նրա պարանոցին և անվերջ համբուրել, շոյել, միանալ ու ձուլվել նրա հետ մեռելության ձուլարանում: Մի ուիիշ ներքին ուժ թելադրում էր նրան. «հարձակվիր այդ երիտասարդ կնոջ վրա, բռնիր նրա գեղեցիկ կոկորդը, խեղդիր, սպանիր և հետո սիրիր... նրա գերեզմանը»:

Այլևս պարզ էր նրա համար, որ յուր սիրո զգացման ամենաթույլ մի արտահայտություն Մելանիային պատճառում է զզվանք: Եվ խոցոտված և արյունոտված ինքնասիրությունը ուժ էր տալիս նրան այդ զգացումը զսպելու, մինչդեռ ատելության բուռն զգացման դեմ օր օրի վրա դառնում էր անզոր. անպաշտպան: Նրա գլխի մեջ ծագում էին մեկը մյուսից մռայլ մտքեր, որոնք գլխավորապես պտտում էին մի առանցքի շուրջը: Այդ առանցքը Մելանիայի երիտասարդությունն էր, մանավանդ գեղեցկությունը: Օօ՛, անտեսանելի, անըմբռնելի զորություն, եթե չես կարող վերադարձնել նրա կորցրած առնականությունը, դարձրու այդ կնոջը նրա հասակին ու թառամած արյունին համապատասխան մի էակ: Այո, թող այժմ Մելանիան զրկվի իր գեղեցկությունից, որպեսզի նա այդքան չսիրվի և որպեսզի Սամսոնը այդքան չտանջվի, այսքան չխանդի և որպեսզի ամեն վայրկյան չմտածն՝ արդյոք Մելանիան մի ուրիշին չի՞ սիրում:

Մելանիայի ներքին անբացատրելի ահը զարգանում էր օր օրի վրա: Այժմ ամեն անգամ Սամսոնին տեսնելիս ցնցվում էր: Արդեն նա իր անկողնակալը փոխադրել էր մի ուրիշ սենյակ և գիշերում էր առանձին և եթե չքաշվեր, ամեն գիշեր կկողպեր իր ննջարանի դռները: Հակառակ նախկին սովորություն, մերթ ընդ մերթ նա գիշերները հանկարծակի արթնանում էր և միշտ ականջ դնում դեպի կից սենյակը, ուր գիշերում էր Սամսոնը:

Ինքը Սամսոնը աշխատում էր շատ անգամ իրան նրանից հեռու պահել նամանավանդ այն պահերին, երբ ատելության զգացումը բորբոքվում էր նրա մեջ առանձին ուժով: Այդ մոմենտներին մի շատ դաժան ցանկություն կրանում էր նրա հոգին և խլացնում առողջության ձայնը: Նրա բանականությունը մթագնում էր և նրա առջև պատկերանում էր Մելանիայի այլանդակված մարմինը, օօ ոչ ամբողջը, այլ միայն երեսը... Չէ՞ որ այսպիսով և միայն այսպիսով կարող է լուծվել անլուծելին:

Նա լուռ պայքարում էր մի դիվային ցանկության դեմ, որ սակայն զարգանում էր օր օրի, ժամ ժամի վրա, և ավելի ու ավելի ենթարկում նրան իր զորությանը...

XV

Գիշերվա երկու թե երեք ժամն էր: Սամսոնը դեռ անքուն էր իր սենյակում: Սեղանի վրա վառվում էր փոքրիկ լամպարը, աղոտ լուսավորելով նրա մռայլ կերպարանքը: Նա պառկած էր թիկնիվար տաճկական բազմոցի վրա, ձեռները գլխատակը դրած: Կար այդ պահին ինչ-որ չար, հրող շերտ նրա դեմքի վրա և աչքերի մեջ:

Նա ոտքի ելավ և սկսեց անցուդարձ անել: Մերթ նա կրծոտում էր շրթունքները, մերթ ծանր հառաչում էր, մերթ նրա աչքերը պսպղում էին, մերթ կարծես մարում ինչպես հեռավոր փարոսի լույսը:

Նա վերցրեց սեղանի վրայից լամպարը, անցավ հաջորդ սենյակ, իր ննջարանը: Այժմ այնտեղ երկուսի փոխարեն դրված էր միայն մի անկողնակալ, այժմ նա սառն էր, անհյուրընկալ, առմիշտ զրկված ամուսնական կյանքի մի ժամանակվա ջերմությունից: Նա սկսեց ծուլորեն, կամաց-կամաց հանել հագուստը: Դուրս բերեց ժիլետի գրպանից ժամացույցը, նայեց, դրեց անկողնակալի գլխի քով գտնվող փոքրիկ սեղանի վրա: Գիշերվա երկուուկես ժամն էր: Երբեք նա այդպես ուշ չէր պատրաստվել անկողին մտնելու: Նա դեն ձգեց փողկապը, հանեց կոշիկները, հագավ հողաթափերը և դարձյալ սկսեց անցուդարձ անել: Երկու անգամ նա մոտեցավ դռներին և ականջ դրեց հաջորդ սենյակը, որ առաջ Ժորժիկինն էր, այժմ Մելանիային ծառայում էր որպես ննջարան:

Գիշերային անդորր լռության մեջ լսվում էր երիտասարդ կնոջ առողջ ու կանոնավոր շնչառությունը: Նա քնած էր խոր քնովգոնե այնպես թվաց Սամսոնին, երբ կիսով չափ բաց արավ դռները և նայեց: Փոքրիկ սեղանի վրա վառվում էր այն գեղեցիկ լամպարիկը՝ վարդագույն լուսամփոփով, որի լույսով Սամսոնը շատ անգամ էր սքանչացել Մելանիայի մարմնի գեղեցկությամբ: Բայց երբեք, երբեք այդ մարմինը չէր եղել նրա աչքում այդքան գեղեցիկ, որքան այդ գիշեր: Մետաքսյա դեմի-սեզոն վերմակի մի ծայրը հետ էր ծալվել և ցուցադրել նրա ուռուցիկ կուրծքը, որի վրա հանգչում էին խիտ մազերի ալիքավոր հյուսերը: Վերև այդ մազերը նրա գլխի շուրջը կազմում էին մթին շրջանակի նման սքանչելի մի պսակ: Աջ ձեռքը հանգիստ տարածված էր կողքով, իսկ ձախ ձեռը գլխի շուրջը կազմում էր մի ուրիշ շրջանակ: Հագուրդ չստացած կենսասիրության ժպիտը շրթունքների վրա տալիս էր նրա դեմքին ինչ-որ թախիծ, իսկ պայծառ ճակատը, սքողված էր մազերի ստվերով:

Սամսոնը ներս մտավ կամացուկ, որպես մի հանցավոր` սրբության տաճարը: Սա գալիս էր ոչ իր հանցանքները խոստովանելու ու քավելու, այլ գործելու մի նորը և այնպիսին, որի նմանը երբեք չէր գործելտաճարից գողանալու այն, ինչ որ ամենասուրբն էր, ամենաթանկարժեքը: Քանի մի վայրկյան նա նայեց Մելանիայի դեմքին: Նայեց այնպես, որպես անոթի գայլը համեղ պատառի վրա, որին ճաշակելու կարողությունից զուրկ է: Նա սքանչանում էր և տանջվում: Այնինչ դիվային միտքը պաշարում էր նրան ուժգին, և նա զգում էր իր անզորությունը նրանից ազատվելու: Այո, այո, այդ կինը, շատ երիտասարդ է, շատ սիրուն, շատ հրապուրիչ, շատ կենսաթրթիռ և շատ խստապահանջ իր մարմնավոր երջանկության վերաբերմամբ: Նա չի կարող իր այրվող արյունը խառնել մի անզորի ցրտության և ապիկարության հետ: Նա պիտի փնտրե մի ուրիշին, այս են պահանջում բնության օրենքները և այս է դրոշմված Մելանիայի դեմքի վրա: Գուցե արդեն փնտրում է, գուցե արդեն գտել է, Ի՞նչ, զրկվել այդպիսի մի գանձից, դառնալ խաբված ամուսին, ծաղրված ու ծաղակոծված ամենից: Օօ ոչ, ոչ, ոչ, այդ անկարելի է և երբեք չպիտի թույլ տալ...

Սակայն ինչպե՞ս դիմադրել բնության պահանջի զորությանը. ինչպե՞ս այդ կնոջն ապահովել մոլորությունից: Միայն մի միջոց կա ապահովությանայլանդակել այդ զմայլելի մարմինն այնպես, որ ոչ ոք չհրապուրվի նրանով և ոչ ոք չկամենա նրան մերձենալ, բացի իր օրինական տիրոջից: Այս ժամանակ Մելանիան ստիպված կլինի սիրել Սամսոնին և միայն նրան:

Նա սարսափեց, մտածելով, որ այն, ինչ որ չի ուզում անել գերբնական ուժը, պիտի անե ինքը... իր ձեռքով: Սարսափեց, բայց չփախավ դիվային մտքից, որ ընդամենը մի շաբաթ էր, որ հղացել էր և այժմ ձգտում էր իրագործել գիշերային լռության մեջ, երբ տանը ամենքը քնած են, երբ խոր քնով քնած է և նա, որի վրա պետք է կատարվի մի անգութ գործողություն: Անգո՞ւթ, ո՞չ, ինչո՞ւ: Սամսոնը չի զրկի այդ կնոջը կյանքից, կզրկի միայն գեղեցկությունից: Ոճիրը սոսկալի է, հակամարդկային և հակաբնական, բայց նա չի ուղղված այդ գեղեցիկ էակի դեմ: Նա կապրի, բայց իր գեղեցկությունից զրկված:

Նա նայեց երկարատև հայացքով Մելանիայի սիրուն հոնքերին, որոնցով շատ անգամ էր հիացել: Ահա որտեղ է նրա գեղեցկությունը, ահա ինչն է ավերի դյուրին աղավաղել: Բավական է մատների մի թեթև շփում, և նա կխախտվի հավիտյան...

Սամսոնը ձեռը տարավ վարտիքի գրպանը: Այժմ նա այլևս ինքն իրան չէր պատկանում: Նա դուրս բերեց գրպանից մի փոքրիկ սրվակ և մի կտոր բամբակ: Նա ինքը կսարսափեր իրենից, եթե այդ պահին նայեր հայելուն: Կերպարանքն ավելի մռայլվել էր, բերանի անկյուններն աղավաղվել էին և թեթևակի դողում: Նա ուշադիր կարդաց սրվակի խորագիրը և գլուխը դրականորեն շարժեց:

Մելանիան շարունակում էր հանգիստ քնել միևնույն դիրքում: Թվում էր՝ մի ինչ-որ խոր երազ ընդգրկել է նրան՝ իր անշարժության մեջ:

Սամսոնը հանեց սրվակի խցանը և պատրաստվում էր հեղուկը կաթեցնել մյուս ձեռում բռնած բամբակի վրա, նույն պահին երբ Մելանիան ծանր հառաչելով շարժվեց: Սամսոնը կանգ առավ և, սրվակը գրպանը դնելով, նայեց: Այժմ Մելանիան երեսը դարձրել էր դեպի պատը, բայց դարձյալ քնած էր խոր քնով: Այս անգամ նրա շքեղ գիսակները հեռացել էին ուսերից և թափվել բարձի վրա: Նրանց փարթամությունը զայրացրեց Սամսոնին: Ակամա նրա հայացքը դարձավ դեպի կնոջ տուալետի սեղանը և կանգ առավ մի հարդյա զամբյուղիկի վրա: Նա հուշիկ քայլերով մոտեցավ սեղանիկին, շոշափեց զամբյուղակը, որ լի էր թելի կապոցներով, ասեղներով, կոճակներով և այլ մանր-մունր իրերով: Լսվեց պսպղուն մկրատի սուր հնչյունը, որից Սամսոնը ցնցվեց այնպես, որպես կարող է ցնցվել մարդը օձի մերձավոր շվվոցից: Նա դարձյալ նայեց Մելանիայի մազերին և, մկրատը վերցնելով, մոտեցավ: Կապարային լռության մեջ լսվեց սուր մկրատի զգուշավոր շխկոցը, և Մելանիայի շքեղ գիսակները, արմատից անջատվելով, թափվեցին բարձի վրա և այնտեղից ծանրորեն դեպի հատակը որպես սպանված թռչուն: Սամսոնը ժամանակ չկորցրեց իր դժոխային դիտավորությունը մինչև վերջը իրագործելու: Նա շտապով դուրս բերեց գրպանից սրվակը, թափեց մի քանի կաթիլ նրա մեջ պարունակված հեղուկից բամբակի վրա և թեքվեց դեպի Մելանիան: Հանկարծ նրա ձեռը դողաց: Նա մի քայլ հետ կանգնեց:

Մելանիան հանդարտիկ աչքերը բաց արավ և նայեց հետ այն վայրկյանին, երբ չար ձեռքը պիտի առմիշտ այլանդակեր նրա գեղեցկությունը: Նա հանդարտ գլուխը բարձրացրեց, նստեց անկողնի մեջ, աչքերը հածելով շուրջը` մղձավանջից արթնացածի պես: Բայց արթնացավ նա այն վայրկյանին, երբ նշմարեց Սամսոնին, որ կիսամերկ կանգնած էր սենյակի մեջտեղում լուռ, անշարժ, մի ձեռում պահած սրվակը, մյուսում՝ բամբակը: Նա արձակեց մի թույլ ճիչ և ոտքի կանգնեց: Նա ձեռներով շոշափեց գլուխը և. Արտասանեց.

Գլուխս... չկա...

Նայեց աջ ու ձախ, վեր ու վար և տեսավ հատակի ու բարձի վրա սփռված մազերը, և սարսռեց ամբողջ մարմնով:

Այս ի՛նչ է, — գոչեց նա, սարսափած հայացքը ամուսնուն դարձնելով:

Սամսոնը լուռ էր: Մի չարախինդ ժպիտ աղավաղել էր մարդու դեմքը:

Ի՞նչ ես անում այստեղ, ի՞նչ ես արել, — նորեն գոչեց Մելանիան:

Սամսոնը անգիտակցաբար հատակի վրա ձգեց ձեռքում բռնած բամբակը, որ այրում էր նրա մատները: Մելանիան արագ հարձակվեց, վերցրեց գետնից բամբակը, մոտեցավ լամպարին, աչքերը չհեռացնելով Սամսոնից: Նույն վայրկյանին մատների ծայրում զգաց այրոց, դեն ձգեց բամբակը և մնաց տեղն ու տեղը սառած:

Ես ուզում էի քեզ բժշկել ամբարտավանությունից, — արտասանեց Սամսոնը, և նրա ձայնը հնչեց այնպիսի չարախնդությամբ, որից Մելանիայի մարմինը պատեց սառը քրտինքով:

Աա՛, — աղաղակեց սարսափած կինը և թուլացած ընկավ անկողնակալի վրա:

Նա ամեն բան հասկացավ և՛ այն, ինչ որ էր, և՛ այն, ինչ որ պիտի լիներ, և՛ այն, ինչ որ չպիտի լիներ: Սակայն հասկացավ նաև, որ դիվային դիտավորությունը հրեշավոր մարդու իրագործվել է միայն կիսով չափ: Նույն վայրկյանին ոտքի ելավ և շտապով անցավ հարևան սենյակը, ուր քնած էր Ժորժիկը դայակի հետ:

Սամսոնը լսեց, թե ինչպես դռները փակվեցին, բանալին պտտեց և զգաց, որ այլևս ամեն ինչ վերջացած է, որ բանալիի այդ պտույտը կտրեց ամեն մի կապ իր և Մելանիայի միջև: Նա չկարողացավ իրագործել յուր զազրելի միտումըզրկել կնոջը գեղեցկությունից, որպեսզի առմիշտ տիրե նրան որպես մի սեփականություն, որ ուրիշ ոչ ոքի չի կարող պիտանի լինել:

Նա անցավ յուր սենյակը և երեսնիվար պառկեց անկողնակալի վրա, բռունցքները սեղմելով գլխին: Այն միջոցը, որով նա անհաջող փորձեց պաշտպանել Մելանիային մոլորությունից և ապահովել յուր ընտանեկան պատիվը, այժմ նրան թվաց սոսկալի երազ...

Առավոտյան տասնմեկ ժամն էր, երբ Սամսոնը բաց արավ անքնությունից ուռած ու կարմրած աչքերը: Ներս մտավ սպասավորը և լուռ տվեց նրան մի ծրար: Նա բաց արավ ծրարը. Մելանիայի ձեռագիրն էր, նամակը գրված էր համառոտ և շատ դրական: Մելանիան գրում էր, թե հասկացել է նրա չար դիտավորությունը: Մի մարդ, որ ընդունակ է այդպիսի դիտավորության, չի խորշիլ անգամ սպանության մտքից: Նամակը վերջանում էր այս խոսքերով.

Ես վերադառնում եմ ծնողներիս մոտ, թողնելով ամեն ինչ և ամենը, նույնիսկ Ժորժիկիս: Ես ազատում եմ կյանքս և գեղեցկությունս: Դուք կարող էիք ինձ սպանել: Ես ուզում եմ ապրել, զգալ ու ապրել:

Ե՞րբ գնաց տիրուհիդ, — հարցրեց Սամսոնը խեղդված ձայնով:

Առավոտյան գնացքով:

Սամսոնը ամոթահար, հուսահատ և ուժասպառ թավալվեց անկողնակալի վրա, որ վաղուց էր նրա դագաղը և այժմ դարձավ նրա համար ցուրտ գերեզման...

Ո՞ՐՆ Է ՄԱՅՐԸ

I

Կինը վշտանում էր առանց զավակների: Դա նրա կյանքում մի խոշոր բաց էր, հավասար ամայության:

Վեց-յոթ տարի հուսալուց հետո արդեն կորցրել էր հավատը: Ոչ մի բժշկություն, ոչ մի միջոց և ոչ մի աղոթք չօգնեց նրան:

Այնինչ երջանիկ լինելու համար միայն զավակն էր պակասում: Այսպես էր մտածում Լիդիան: Եվ Գուրգենը հավատացնում էր, թե ինքն էլ այդպես է կարծում:

Սիրում էին իրարու յուրովի, բայց հավատում էին միմյանց հավասար:

Նա ինձ դեռ չի դավաճանել, — ասում էր Լիդիան յուր բարեկաւմուհիներին, — իսկ եթե մի օր դավաճանե, ի՛նչ արտաքո կարգի հանցանք կլինի գործած: Այժմ բոլոր տղամարդիկ դավաճանում են իրենց կանանց...

Նա երբեք չի համարձակել ինձ դավաճանել, — ասում էր Գուրգենը մտերիմների շրջանում: — իսկ եթե մի օր դավաճանեկխեղդեմ:

Երբեմն կրքերը բռնկվում էին այնպես, որ նրանք գրկախառնվում էին նույն անզուսպ ավյունով, որով գրկախառնվեցին յոթ տարի առաջ այն նշանակալից գիշերը, երբ Գուրգենը Լիդիային ուղեկցեց կառքով տուն:

Պատահում էր նաև, որ հագուրդ ստացած սերը նիրհում էր: Այդ Ժամանակ նրանք օրերով չէին ժպտում միմյանց:

Բայց երբեք իրանց ընտանեկան խռովությունները ուրիշներին չէին հայտնում: Ընդհակառակը, գիտեին իրարու հարգել շատերի նախանձը գրգռելու չափ:

Լիդիան մտածում էր.

Ինձ համար նա արհամարհեց շատ հարուստ օրիորդների և ամուսնացավ մի աղքատ աղջկա հետ: Չէ՞ որ իմ հայրը, բացի իշխանական տիտղոսից, ոչինչ չէր թողել, և ես ստիպված էի չնչին վարձով երաժշտության դասեր տալով գլուխս պահել:

Գուրգենը մտածում էր.

Ինձ համար նա մերժեց տասնյակ փայլուն երիտասարդների առաջարկը և ամուսնացավ մի մարդու հետ, որ խայտառակ վաշխառվի որդի է և չի կարող պարծենալ ոչ յուր գեղեցկությամբ, ոչ խելքով և ոչ բարոյականությամբ:

Կար մի ուրիշ բան, եթե ոչ ավելի զորավոր, գոնե ավելի հիմնավոր, քան սերը:

Լիդիան գեղեցիկ էր, Գուրգենը հարուստ:

Երբ Լիդիան առաջնակարգ խանութները մտնելիս տերերն ու գործակատարները վազում էին ընդառաջ նրա նուրբ ճաշակին գոհացում տալու հոգացողությամբ, հրճվում էր: Հրճվում էր այն գիտակցությունից, որ բոլոր յուր նախանձոտ ընկերուհիների մեջ իրան վիճակվեց տիրել հայտնի կալվածատիրոջ որդու հարստությանը:

Երբ Լիդիան հասարակական վայրերում կամ փողոցներում Գուրգենի հետ թևանցուկ զբոսնում էր, ընդհանուր ուշադրություն էր գրավում յուր բարձր հասակով, նուրբ կազմվածքով, դեմքի զարմանալի կանոնավոր գծերով և մանավանդ երկնագույն աչքերով: Եվ նրա սնափառ ամուսինը զգում էր անսահման ուրախություն ու հպարտանում էր մտքում, որ իրեն վիճակվեց տիրել աննման գեղեցկուհուն:

Մի օր նա ասաց.

Լիդիա, ես ուզում եմ կտակս գրել տալ:

Լիդիան սև ունքերի տակից կապտագույն աչքերը զարմացմամբ հառեց ամուսնու երեսին: Եվ, տեսնելով Գուրգենի դեմքի լրջությունը, հանկարծ բարձրաձայն ծիծաղեց: Նրա առողջ ձայնի արծաթե հնչյունները լցրին սենյակը, որ տոգորված էր գարնանային արեգակի շողերով:

Մի՛ ծիծաղիր, Լիդիա, ես կատակ չեմ անում:

Ահ, ահ, — շարունակեց Լիդիան, — մարդը կատակ չի անում և ուզում է, որ ես չծիծաղեմ էլ...

Բայց ինչո՞ւ: Չէ՞ որ արդեն ժամանակ է այս մասին մտածելու:

Ո՞ր հասակում:

Օգոստոսին կլրանա քառասունս...

Հետո ՞ ...

Մահը միայն ծերերի հյուրը չէ, Լիդիա: Նրա առջև բաց են բոլոր դռները ժամանակ անժամանակ: Իսկ հարուստներին նա այցելում է հաճախ առանց զեկուցման:

Բայց ի՞նչը քեզ ստիպեց մտածել կտակի մասին, այս է հետաքրքրականը, — հարցրեց Լիդիան և, նայելով իրան պահարանի հայելու մեջ ոտքից մինչև գլուխ, նստեց ամուսնու գրասեղանի քով:

Քո վիճակը, Լիդիա, միայն քո վիճակը: Եթե ես վաղը մյուս օրը հանկարծամահ լինիմ, դու պիտի ստանաս իմ կարողության միայն յոթերորդ մասը: Մնացյալը կանցնե իմ քրոջը, Ելենային, այսինքն՝ նրա զավակներին: Իսկ դու գիտես, որ ես ատելով ատում եմ նրանց, ինչպես ատում էի և՛ նրանց հանգուցյալ հորը: Նրանք մի տարում քամուն կտան հանգուցյալ հորս քառասուն տարվա արյուն քրտինքի արդյունքը... Համաձայնվիր, որ դա շատ էլ ցանկալի հեռանկար չէ քեզ համար:

Ուրեմն, դու ուզում ես, որ միայն ես լինեմ քո ժառանգը, — հարցրեց Լիդիան ոչ առանց ներքին անհանգստության:

Դա իմ անկեղծ ցանկությունն է:

Շնորհակալ եմ. այդ ցույց է տալիս, որ ես դեռ իմ հրապույրը չեմ կորցրել քո աչքում: Բայց մի օր կկորցնեմ, և այն ժամանակ կտակդ գրել կտաս սառույցի վրա: Երեխա՛, երեխա՛, ի՛նչ ժամանակ է մահվան մասին մտածել: Կյանքը չի կրկնվում, մտածիր ապրելու և վայելելու մասին:

Բայց ի՛նչ գեղեցիկ ես այսօր, Լիդիա. նայում եմ և սքանչանում: Քո թանձր մազերը, քո խոշոր նշաձև կապուտակ աչքերն երկար թերթերունքներով, քո բարակ սևաթույր ունքերընորից կարող են ինձ խելքից հանել: Լիդիա, այդպիսի գեղեցկություն ունեցող մի կին չպիտի հրաժարվի ճաշակել երիտասարդ և հարուստ այրիի զգացումները: Օօ, դա երանելի վիճակ է, երազը բոլոր սնափառ կանանց: Լինել քսանյոթ տարեկան, գեղեցիկ, ոսկեզօծ և ազատ, միանգամայն ազատ, ամենքին հաճելի, ամենքի երևակայության առարկա: Լինել շրջապատված տափակ սրախոսներով և առաքինի անառակներով, լսել նրանց սուտ երդումները, կեղծ հառաչանքները, հույս ներշնչել յուրաքանչյուրին և ոչ ոքի հույսը չարդարացնել: Տեսնել տխմար մրցակիցների խուլ պայքարը, արտաքին հետաքրքրությամբ և ներքին արհամարհանքով լսել նրանց քողարկված զրպարտությունները միմյանց դեմ և տանջել, տանջել նրանց անվերջ, անողոք պարծենալ, ու հպարտանալ ու ծիծաղել ու սքանչանալ ինքդ քեզնով: Լիդիա, Լիդիա, որքա՛ն կսազի սև զգեստը երազուն դեմքիդ, մելամաղձոտ հայացքիդ: Լուսինն այնքան խորհրդավոր չի լինիլ ամառային նոսր ամպերի տակից, որքան քո դեմքը սև երեսքողի տակից...

Բավական է: Չգիտեմ քեզ ի՛նչ է պատահել այսօր, որ բանաստեղծ ես դարձել: Ես քեզ խնդրում եմ կատակ չանել լուրջ բաների հետ: Քո մի ակնարկն անգամ մահվան մասին ինձ վշտացնում է: Երդվում եմ:

Ախ, հավատում եմ, հավատում, — գոչեց Գուրգենը և վեր կացավ տեղից, գրկեց Լիդիայի գլուխը, որ այնպես հրաշալի պսակվել էր թանձր մազերով և ջերմագին համբուրեց:

Եվ նորից նստեց յուր տեղը:

Այո, այո, — ասաց այս անգամ լրջորեն, — այնուամենայնիվ ես պետք է կազմեմ կտակս վաղօրոք, որպեսզի մի անգամ առմիշտ փակեմ քաղցած աղվեսների ախորժակը: Ահ, Լիդիա, չկա ինձ համար ավելի զազրելի բան, քան այն, երբ հարուստի դագաղը շրջապատում են նրա մերձավորները երեսների վրա շինծու վշտի կեղծիքը և սրտերի մեջ անկեղծ ուրախությունը: Երբ նրանք, սևեր հագած, գլուխները կրծքերին թեքած, հետևում են հանգուցյալի դագաղին, ես ոչ միայն նրանց դեմքերի, այլև մեջքերի վրա, քայլվածքի ու շարժումների մեջ կարդում եմ. «Թողե՞լ է, արդյոք, մեզ համար մի բան այս շունը, որին տանում ենք հողին հանձնելու և, որքա՞ն»: Այսպես են մտածելու և իմ քրոջ զավակները դագաղիս հետևելիս...

Չգիտեմ, գուցե դու ունիս իրավունք այդ ենթադրությունն անելու, — ասաց Լիդիան, — Բայց չեմ կարող թաքցնել, որ ես էլ չեմ սիրում նրանց: Ինձ թվում է, որ նրանք ապականված են ավելի, քան թույլ է տրված նույնիսկ մեր ժամանակում: Նրանցից մեկը մինչև անգամ այն աչքով չի նայում ինձ, որպես պարտավոր է նայել մի օրինավոր երիտասարդ յուր քեռակնոջ վրա:

Այդ ես գիտեմ, Լիդիա, գիտեմ, և այդ է պատճառը, որ դու ազատվել ես նրա դեմքից:

Ինչպե՞ս, դու նրան արգելե՞լ ես այցելել մեզ:

Այո, նրան էլ, մյուս եղբորն էլ:

Հուսով եմ, որ պատճառը չես ասել:

Մի՞թե իմ ինքնասիրությունը թույլ կտար ասելու:

Ուրեմն վճռել ես նրանց զրկե՞լ բոլորովին:

Ոչ բոլորովին: Ես նրանց համար կթողնեմ այնքան, որքան ես եմ ուզում և ոչ այնքան, որքան իրանք են սպասում:

Ահ, ինչո՞ւ մենք չունինք մի զավակ, Գուրգեն, — գոչեց Լիդիան խորին թախիծով, — ինչո՞ւ մենք ծերության հասակում չպիտի ունենանք մեր ապավենը: Այդ անտանելի է, Գուրգեն, անտանելի...

Եվ, արմունկները հենելով սեղանին, գլուխը բռնեց ձեռքերով և սկսեց հեկեկալ:

Երեխա մի՛ լինիլ, Լիդիա, բավական է ինչքան մտածել ես այդ մասին և արտասվել: Չէ՞ որ մենք անզոր ենք բնության արգելքների դեմ: Դե, դե, խելքի եկ: Ես տանել չեմ կարող քո լացը:

Ոչինչ, ոչինչ, — զսպեց իրան Լիդիան, աչքերը սրբելով ասեղնագործ բատիստյա թաշկինակով, — կանցնի: Գրկիր ինձ, Գուրգեն, համբուրիր և չդավաճանես, լսո՞ւմ ես, չդավաճանես:

Վերջին խոսքը ցնցեց Գուրգենին: Նա չհամարձակվեց համբուրել Լիդիային...

II

Անցել էին ամիսներ այդ օրից:

Առավոտ էր: Նրանք սեղանատանն էին:

Գուրգենը լրագիր էր կարդում, Լիդիան, սամովարի մոտ կանգնած, թեյ էր պատրաստում սպիտակ պենուարը հագին:

Նրա դեմքն արտահայտում էր անսովոր մտահոգություն: Մերթ ընդ մերթ նայում էր Գուրգենի սևահեր գլխին, որ թեքվել էր դեպի լրագիրը: Պարզ էր, որ մի բան ուներ ասելու, բայց չէր վստահանում խանգարելու ամուսնու ընթերցանությունը:

Զարմանալի է, — ասաց Գուրգենը, — վերջապես, մի կողմ դնելով լրագիրը և թեյի բաժակը մոտեցնելով իրան, — այդ մեծապատիվ խմբագիրները կարծում են, թե լրագիրը նրա համար է միայն, որ մարդկանց առավոտը թունավորե: Այս ամբողջ թերթի մեջ և ոչ մի ուրախալի լուր: Կարծես ինձ համար շատ հետաքրքրական է, թե մեկը մի աղախնի զրկել է կուսությունից և աղախինը նրա վրա կարբոլյան թթվաջուր է ածել, և դրա պես շատ ու շատ հիմարություններ...

Ցավում եմ, — խոսեց Լիդիան, նստելով ամուսնու դեմ, — որ ես էլ պիտի մի անախորժ լուր հաղորդեմ քեզ:

Ի՞նչ է պատահել:

Մի անսպասելի բան: Մեր երիտասարդ սպասուհին տկար է...

Տկա՞ր է, — կրկնեց Գուրգենը, — դա ի՞նչ մի մեծ դժբախտություն է:

Այո, բայց ուրիշ տկարություն է...

Չեմ հասկանում:

Եթե ուշադրություն դարձրած լինեիր նրա իրանի վրա, կհասկանայիր: Ահա երկու ամիս է, որ առանց շալի չի երևում մեր աչքին: Իսկ այսօր խոստովանեց: Մի խոսքով, վաղը-մյուս օրը մենք կունենանք մի անկոչ հյուր:

Գուրգենը չցնցվեց և ոչ էլ նրա դեմքի մկանունքները շարժվեցին: Նա միայն արտասանեց.

Ահա թե ինչ, ի՛սկ որ այդ մի սյուրպրիզ է: Բայց չէ՞ որ Զինան...

Օրիորդ է, ուզում ես ասել, — լրացրեց Լիդիան հեգնաբար, — մեկը մյուսին չի խանգարում: Մի՛ մոռանար, որ մենք ապրում ենք N քաղաքում, իսկ Զինան քսան տարեկան անփորձ աղջիկ է ու մի քիչ էլ հիմար:

Ճիշտ է, բայց հետաքրքրական է ո՞վ է այցելում նրան, — արտասանեց Գուրգենն այնքան անտարբեր, որ Լիդիան նրա ձայնի մեջ չնկատեց և ոչ մի կեղծ նոտա:

Չգիտեմ: Գոնե ես ոչ ոքի չեմ հանդիպել նրա մոտ:

Գուրգենը կամեցավ ասել՝ «գուցե իմ քրոջ որդին», բայց զսպեց իրան և հարցրեց.

Դու բացատրություն պահանջե՞լ ես իրանից...

Այո, պահանջեցի:

Ե՞վ...

Չխոստովանեց:

Գուրգենը զգաց որոշ թեթևություն: Եվ որպեսզի չմատնի իրան, վեր կացավ և սկսեց անցուդարձ անել:

Ես ավելորդ համարեցի պնդել, — շարունակեց Լիդիան: — Ի՞նչ կարիք կա կեղտը քրքրելու և խեղճին տանջելու: Առանց այդ էլ նա ամոթից տառապում է: Նա լաց եղավ և ինձանից ներում խնդրեցչգիտեմ ինչու: Հարկավոր է մտածել նրա դրության մասին: Ամոթը մասամբ մեր տանն է վերաբերում:

Այո, իհարկե, պետք է մտածել: Արդյոք ի՞նչ ես մտադիր անելու:

Կկամենայի նախ քո կարծիքն իմանալ:

Գուրգենը նեղն ընկավ:

Իմ կարծի՞քը: Բայց ես ի՞նչ կարող եմ ասել: Այդպիսի գործերում տղամարդը անզոր է յուր խորհուրդներով: Գուցե հարկավոր է արձակել նրան, իհարկե, մի քիչ ապահովելով:

Արձակե՞լ, այդ դրության մե՞ջ, — գոչեց Լիդիան գթառատ կանանց հատուկ կարեկցությամբ, — ոչ, ես այդպես անխիղճ լինել չեմ կարող: Մարդիկ հատուկ ընկերություններ են հիմնում ընկածներին բարձրացնելու և կորստյան անդնդից ազատելու համար: Մի՞թե մենք չենք կարող պաշտպանել մեկին, որ հինգ տարի ծառայել է մեզ հավատարմությամբ:

Իհարկե, կարող ենք, բայց չգիտեմ ինչպես: Եթե խնդիրը ծախքերն են, ես ոչինչ չեմ խնայիլ: Միայն չգիտեմ հարմա՞ր է, արդյոք, նրան մեր տանը պահել:

Հարմար չէ, իհարկե, բայց ես ուզում եմ նրան ուղարկել մերձակա գյուղերից մեկը: Այնտեղ նա կազատվի յուր հիմարության հետևանքից, հետո կմտածենք ինչ անել:

Հիանալի է, ավելի հարմար վճիռ չէր կարելի երևակայել: Եվ որքան շուտ ուղարկես, այնքան լավ:

Ասաց Գուրգենը և, վախենալով գուցե ինքն իրան մատնել, շտապեց դուրս: Նրա համար անսահման ծանր էր մնալ Լիդիայի մաքուր մթնոլորտում: Նրան անհանգստացնողը ոչ այնքան սպասուհու վիճակն էրավա՛ղ, այս նրան հայտնի էր վաղուցորքան Լիդիայի անգիտությունը...

Զինա, Զինա, — լսեց նա նախասենյակում անգիտակ կնոջ արծաթահնչյուն ձայնը, որի մեջ չէր զգացվում վրդովման կամ կասկածի շեշտ: — Զինա, եկ այստեղ:

Նա վազեց փողոց ամոթը ճակատին, խղճի զարհուրելի խայթը կրծքի տակ: Այնտեղ, այդ խուռն ամբոխին խառնվելով, նա զգաց մի տեսակ թեթևություն, մտածելով, որ ինքը բացառություն չէ...

Հետևյալ օրը Զինան, Լիդիայի հրամանով, ուղևորվեց մերձակա գյուղերից մեկը և այնտեղ գտավ ժամանակավոր ապաստան յուր խայտառակության համար:

Следующая страница