Շիրվանզադե Ալեքսանդր՝   Պատմվածքներ և վիպակներ

Երեկոյան Լիդիան ասաց.

Որքան լավ է թշվառին օգնելը: Թվում է ինձ, որ ես երբեք այսպես երջանիկ չեմ եղել, որպես այսօր: Խեղճ աղջիկը ուրախությունից արտասվեց, որ նրան չշպրտեցին փողոց ինչպես մի թքած պատառ:

Այո, առանց քո բարության նա կարող էր կորչել, — ասաց Գուրգենը, խույս տալով Լիդիայի հայացքից:

Զինան վերադարձավ մոտ երկու ամիս անցած նիհարած, գունատ, բայց ավելի հանգիստ հոգով:

Երեխա՞ն: — հարցրեց Լիդիան:

Թողի գյուղում:

Ո՞ւմ մոտ:

Մի գեղջկուհու: Նրա երեխան նոր մեռավ, կաթը մնում է, ինքը խնդրեց: Ես չեմ կարող կերակրել, կխանգարե:

Աղջի՞կ է:

Տղա :

Սիրո՞ւն է:

Աստված գիտե:

Պատասխանելով տիրուհու հարցերին, Զինան ամոթից և խղճի տանջանքից չէր կարողանում նայել նրա երեսին:

Շատ բարի, — ասաց Լիդիան, — թող մնա այնտեղ, հետո կմտածենք: Լավ, մի՛ ամաչեք: Առաջ պիտի մտածեիք, այժմ ուշ է: Միայն զգույշ, եթե կրկնվի, չեմ ներիլ... Խեղճ աղջիկ, խեղճ աղջիկ, և ո՞վ է եղել այն անգութը, որ...

Նրա խոսքն ընդհատվեց Զինայի բարձրաձայն, դառը հեկեկանքով: Մի վայրկյան ևս, և սպասուհին ընկավ նրա ոտքերին...

Տիրուհի, ներեցեք, աղաչում եմ, տիրուհի ներեցեք: Դուք այնքան բարի եք, այնքան վեհանձն, որ չեմ կարող, չեմ կարող...

Եվ, բռնելով Լիդիայի հագստի փեշերը, ծածկեց նրանց համբույրներով ու արցունքով:

Ի՞նչ պատահեց ձեզ, Զինա, — գոչեց Լիդիան զարմացած, — ինչո՞ւ այդպես հանկարծ: Ես ձեզ չեմ նախատում: Ամեն ոք ինքն է պատասխանատու յուր մեղքերի համար...

Բայց ես մի անպիտան աղջիկ եմ, տիրուհի, երախտամոռ, գարշելի, նախատեցեք ինձ...

Դռների մեջ երևաց Գուրգենը, նա ձգեց Զինայի վրա մի գաղտնի սպառնողական հայացք:

Զսպելով իրան, սպասուհին արագ ոտքի կանգնեց, արտասանելով.

Ներեցեք, տիրուհի, ես... ոչինչ... կանցնի...

Տասը ամիս անցած՝ նա երեխային՝ գյուղից քաղաք բերեց:

III

Դա մի սևաչյա մանուկ էր, առողջ, կայտառ, ժպտուն, ինչպես գարնանային առավոտյան առաջին շողը:

Նախանձի նման մի վատ զգացում վայրկենաբար պղտորեց Լիդիայի անդորրացած և թախծալի հոգին: Զգաց մի տեսակ անզոր ատելություն դեպի սպասուհին, նրա արգանդի առողջությունը: Ատելություն ամուլ կնոջ, որ շատ էր տառապել մի այդպիսի գանձ ունենալու տենչանքից:

Եվ նույն վայրկյանին կայծակի արագությամբ միտք հղացավ տիրել օտար արգանդի բերքին: Նա զգաց, որ այդ միտքը հանցավոր է, դատապարտեց անմիջապես: Բայց և չկարողացավ հաղթել նրան:

Սիրո՞ւմ եք, — հարցրեց նա սպասուհուն, որ յուր զավակին այնպես էր պահում ձեռքերի վրա, ինչպես մի փխրուն ապակի և ոչ ինչպես յուր հոգու հատոր:

Խղճում եմ, անմեղ է, — պատասխանեց Զինան և յուր մտքում ավելացրեց. — երանի ազատեիք ինձ այս բեռից:

Չեք սիրում, այդ երևում է:

Ահ, տիրուհի, աղքատների համար երեխաները միայն տանջանք են: Ողորմած եղեք...

Ողորմա՛ծ... բայց ինչո՞ւ նրա հայրը չի ուզում ողորմած լինել...

Հայրը, — կրկնեց սպասուհին և գլուխը թեքեց կրծքին:

Լավ, լավ, մի՛ ասեք, ես չեմ ուզում նրա ով լինելը իմանալ: Թող նա անհայտ մնա, դա ձեր գաղտնիքն է...

Եվ Լիդիան նայեց սիրալիր հայացքով փոքրիկին, որ մոր գրկից մտիկ էր անում հավատով, ակնկալությամբ: Կարծես այդ անլեզու էակն զգում էր, որ յուր ճակատագիրն այլևս կախված է այդ շքեղ հագնված, բարձրահասակ, գեղեցիկ, փարթամ կնոջ բարի կամքից...

Զինան շարունակ խույս էր տալիս տիրուհու հայացքներից, որ մերթ դառնում էին դեպի զավակը, մերթ դեպի մայրը: Պարզ էր, որ մի միտք տանջում էր նրան: Մի միտք, որից կկամենար ազատվել և չէր կարողանում:

Թողեք երեխան այստեղ մնա, — ասաց Լիդիան քիչ խորհելուց հետո: — Ուզո՞ւմ եք:

Զինայի աչքերն ուրախությունից փայլեցին: Եթե նրան ապտակեին և դուրս ձգեին երեխայի հետ, կհամարեր յուր արժանի վարձը:

Չպիտի ունենայիք, — շարունակեց Լիդիան, — բայցոր ունիք, պետք է պահպանել:

Տիրուհի, շնորհակալ եմ, ա՛հ, չեք իմանում, որքան շնորհակալ եմ, — գոչեց Զինան և արտասվեց:

Առանց շնորհակալության: Մարդիկ երբեք չեն անում այն, ինչ որ իրենց համար հաճելի չէ:

Բայց չէ՞ որ դուք ինձ ազատեցիք մահու վտանգից: Ես վճռել էի սրան ոչնչացնել իմ արգանդում: Իսկ այդ, գիտեք, շատ վտանգավոր է: Իմ քույրը դրանից մեռավ այն անիծյալ պառավի ձեռքում: Մեռավ, անիծելով յուր ճակատագիրը: Ես էլ կարող էի մեռնել: Դուք ինձ ազատեցիք, հավիտյան չպիտի մոռանամ:

Ողորմա՛ծ աստված, ի՛նչ անզգայություն, — վրդովվեց Լիդիան մինչև հոգու խորքը, — դուք վախենում էիք ձեր մահի՞ց: Իսկ այդ անմե՞ղը: Մի՞թե չգիտեք, որ դա կլիներ որդեսպանություն:

Ի՛նչ արած, տիրուհի, ճակատագիրս է: Ոչ, ոչ, տիրուհի, մի՛ նեղանաք, աղաչում եմ: Սխալմամբ ասացի: Ներեցեք, տգետներ ենք, չգիտենք մեր խոսածը:

Բավական է: Տվեք ինձ այդ երեխային: Ես նրանով կզբաղվեմ, իսկ դուք ձեր գործին կացեք:

Զինան երեխային լուռ տվեց տիրուհուն և զգաց, որ յուր կրծքից ընկավ մի ծանր քար:

Նույն օրր ևեթ Լիդիան անձամբ գնեց նուրբ կտավից պատրաստի ճերմակեղեն ու բոլոր պարագաները երեխայի համար: Իրիկնադեմին նա օգնեց Զինային նրան լողացներւ և զուգեց ու տարավ յուր սենյակը:

Գուրգենը ոչինչ չասաց: Նա մինչև անգամ կարողացավ ձևանալ միանգամայն անտարբեր դեպի երեխայի վիճակը:

Երբ առաջին անգամ Լիդիան համբուրեց փոքրիկինիսկ համբուրեց մի շաբաթ անցածգրգռվեց նրա հոգու տարիների թախիծը որդեսիրության: Եվ զգաց իրան անբախտ ավելի, քան երբևէ զգացել էր: Միևնույն ժամանակ, մի անծանոթ հաճելի ջերմություն պաշարեց նրա հոգին:

Այդ վայրկյանից թվաց նրան, թե մի նոր տարր մտավ նրա գոյության մեջ և բռնեց այնտեղ ամուր, հաստատուն մի անկյուն: Մայրական զգացման անծանոթ բնազդով ճաշակեց այդ զգացումը և անձնատուր եղավ կարոտյալ հոգու ամբողջ թափով: Սիրեց օտար արգանդի բերքը այնպես, ինչպես կարող էր սիրել միայն հարազատ մայրը: Իսկ երբ փոքրիկը սկսեց թոթովել, նա փափագեց, որ ինքը կոչվի «մամա»: Դա նրա նվիրական երազների մարմնացումն էր, և Զինան ոչ միայն չբողոքեց նրա դեմ, այլև կրկնակի ուրախացավ:

Օրը մինչև երեկո Լիդիան զբաղված էր նրանով և միայն նրանով: Եվ այդ զբաղմունքը այնքան կլանեց նրան, որ մոռացավ Գուրգենին ու նրա տարօրինակ տխրությունն ու անսովոր հեզությունը: Նա չհետաքրքրվեց իմանալ, թե ինչու ամուսինը ամեն անգամ իրան հանդիպելիս մի տեսակ աղերսական հայացքով է նայում նրան, ինչպես մի մարդ, որ րոպե առ րոպե սպասում է անողոք դատավորի դատավճիռը: Նա միայն մտածում էր մի բանի մասին. այն՝ է մի օր կարող են նրանից խլել երեխային: Հետզհետե այս միտքը զարգացավ և դարձավ նրա համար մի տեսակ մղձավանջ:

Նրա կարեկցությունը դեպի Զինան փոխվեց ատելության, ատելությունը` անհաղթելի թշնամության, և նա վճռեց ազատվել թշնամուց: Նա զգում էր, որ այդ միտքը դաժան է, հանցավոր և դատապարտելի ոչ միայն աստվածային, այլև մարդկային օրենքներով: Նա չարաչար նախատում էր իրեն, այդ բանի համար, միևնույն ժամանակ զգում էր իրեն անզոր` կռվելու նրա դեմ:

Մի անգամ նա մի վատ երազ տեսավ: Ինչ-որ մարդիկ ոստիկանների համազգեստով հանկարծ ներս խուժեցին, խլեցին երեխային նրա կրծքից և գնացին: Նա սարսափից արձակեց մի ճիչ, զարթնեց և խավարի մեջ ոտաբոբիկ վազեց դեպի դանթելներով զարդարված թանկագին կողովը, որ ստուգե՝ այնտե՞ղ է արդյոք երեխան: Նա գրկեց փոքրիկին, համբուրեց և տարավ պառկեցրեց յուր կողքին:

Գուրգենը քնած չէր: Նա լսեց Լիդիայի ճիչը. խավարի մեջ տեսավ բոլորը, ինչ որ նա արավ և չհամարձակվեց ձայն բարձրացնել:

Լիդիան թույլ չէր տալիս Զինային երեխային համբուրելու, առարկելով, թե մեծերի համբույրն առհասարակ վտանգավոր է փոքրերի համար: Իրոք հոգու խորքում երկյուղ ուներ, միգուցե սպասուհին համբուրելով յուր զավակին, հետզհետե ձուլվի նրա հետ հոգով ու մտքով և այն ժամանակ ինչպե՞ս կռվել հարազատ մոր զգացումների հետ: Զինան չէր վշտանում յուր մայրական շրթունքների վրա դրված արգելքից: Ընդհակառակը, նա գոհ էր, նույնիսկ երջանիկ, որ տիրուհին փոխարինում է իրեն իբրև մայր:

Մերթ ընդ մերթ Լիդիան ուշադիր դիտում էր երեխայի դեմքը, բռնելով նրան յուր սենյակի լուսամուտի առջև: Նրան հետաքրքրում էր. արդյոք, գեղեցի՞կ է նա, թե ոչ: Եվ թվում էր նրան, որ օրը օրի վրա նա գեղեցկանում է:

Իսկ երեխան մտիկ էր անում նրա երեսին միշտ ժպտուն դեմքով, միշտ ակնկալ հայացքով: Երբեմն յուր թաթիկները բարձրացնում էր և խաղում նրա ոսկեգույն գանգուր մազերի հետ. մի բան, որ առանձին հաճույք էր պատճառում Լիդիային: Թվում էր նրան, որ այլևս այդ փոքրիկ, փափլիկ, վարդագույն ձեռնիկների մեջ է ոչ միայն յուր բախտը, այլև կյանքը:

Մի անգամ, երբ համբուրում էր նրա ձեռիկները, Լիդիան նայեց նրա սևորակ աչքերին և ցնցվեց: Կար մի ինչ-որ ծանոթ, նույնիսկ մտերիմ շեշտ մանկան այդ օրվա հայացքի մեջ: Արդյոք, մի ժամանակ, տարիներ առաջ նույն ակնկալությամբ չե՞ն նայել նրա երեսին մի զույգ ճիշտ այդպիսի աչքեր, աղերսելով նրա սերը, ինչպես երկնային մանանա:

Այո, այո, ճիշտ է: Օձից խայթվածի պես նա զգաց մի սուր ցավ և, սարսափած, երեխային դրեց, ո՛չ, ուղղակի ձգեց կողովի մեջ և հեռացավ նրանից: Մանուկը չճչաց անգամայնքան հեզ էր նա, այնքան լռիկ:

Չար կասկածը, մի անգամ զարթնելով, արագ-արագ զարգացավ Լիդիայի մեջ: Նա շուտով փոխվեց համոզմունքի: Ողորմա՛ծ աստված, որքա՛ն կույր է եղել նա, որքա՛ն միամիտ: Եվ կայծակի արագությամբ նրա մտքով անցավ բոլորը, ինչ որ կարող էր նրա համոզմունքն ավելի ու ավելի ամրացնել. և Գուրգենի տարօրինակ լռությունն ու տխրությունը վերջին ժամանակ, և՛ Զինայի հանկարծակի նրա առաջ չոքելը, լալը, ներում խնդրելը գյուղից գալու օրը, և ուրիշ շատ հանգամանքներ, որոնց վրա մինչև այն օրը ուշադրություն չէր դարձրել:

Նա ճիգն արավ իշխել իրեն, չկարողացավ: Արյունը զարկեց գլխին, և թվաց նրան, որ մի աներևույթ ձեռ խեղդում է իրեն: Եվ, ինչպես բնից հանկարծակի կտրված շուշան, նրա քնքուշ մարմինը սպիտակ պենուարի մեջ ընկավ գահավորակի վրա:

Նա հեկեկաց: Այո, նա կույր է եղել և հիմար, որ մինչև այսօր չի տեսել ու մտածել: Չէ որ դա պարզ է, աներկբայելի:

Նա աշխատեց խեղդել հեծկլտանքը, և միայն կանացի հպարտության զգացումը ուժ տվեց նրան: Ինչո՞ւ ստորանալ մինչև արցունք, ո՞ր ինքնասեր կինը կարող է լվանալ արտասուքով մի այդպիսի անպատվություն:

Նա ոտքի կանգնեց, արագ-արագ սրբեց արտասուքը, կարգի բերեց մազերը, նայեց երեխայի երեսին և նստեց լուսամուտի առջև յուր անելիքի մասին մտածելու...

IV

Մի ամբողջ շաբաթ նա լուռ էր:

Գուրգենը չէր համարձակվում նրան խոսեցնել: Զգում էր, որ այլևս հասել է հատուցման ժամը և պետք է, վերջապես, կանգնե դատավորներից ամենաանողոքի առջէ իբրև մի հանցավոր, որ չունե արդարացման ոչ մի միջոց: Ծանր էր նրա համար ոչ այնքան պատիժը, որքան դատավարությունը, այն հարցուփորձը, որին սպասում էր Լիդիայի կողմից:

Բայց Լիդիան վճռեց արհամարհել ամեն մի բացատրություն: Նա չկամեցավ կեղտոտ ֆարսը դրամա դարձնել և ամեն մի արդարացում Գուրգենի կողմից համարեց վիրավորական յուր իսկ պատվասիրության համար:

Եվ ահա մի օր, նա խեղդելով յուր մեջ զզվանքի, ատելության, վիրավորված ինքնասիրության խառն զգացումները, ամենայն սառնությամբ հարցրեց.

Ի՞նչ ես մտադիր անելու քո երեխային:

Գուրգենը պատասխանեց առանց տատանվելու...

Ինչ որ կամենաս: Միայն քո կամքիցէ կախված նրա վիճակը:

Դու պարտավոր ես քո ազգանունը տալ նրան:

Գուրգենը ապշեց: Այդ արդեն նա չէր սպասում:

Լիդիա, — արտասանեց նա, — նախ և առաջ ես կկամենայի...

Առանց բացատրության, — գոչեց Լիդիան արհամարհանքով, — մենք տասնևութ տարեկան պատանիներ չենք, որ մելոդրամ խաղանք: Ես ուրախությամբ կթողնեի այս տունը և կհեռանայի, բայց, դժբախտաբար չեմ կարող: Չեմ կարող տանել հասարակական բամբասանքը և իմ ընկերուհիների ու ազգականների ծաղրն ու արհամարհանքը: Բացի այդ, ես սիրել եմ այդ երեխային և, հակառակ իմ կամքի, այսօր էլ սիրում եմ...

Շնորհակալ եմ, Լիդիա, — գոչեց Գուրգենը դողդոջուն ձայնով, — շնորհակալ եմ, որ խնայում ես ինձ: Հավատա, ես շատ եմ տանջվել րոպեական այդ մոլորության համար: Բայց... լռում եմ... լռում եմ... Դու չես ուզում որ ես բացատրեմ, ներում խնդրեմ: Ունիս իրավունք: Քո հպարտությունը թույլ չի տալիս: Միայն մի բան չեմ կարող չասել, միայն մի բան...

Որ դու ինձ սիրում ես և վախենում ես զրկվիլ ինձանից, — ընդհատեց Լիդիան կծու հեգնությամբ, — այնպես չէ՞: Լավ, լավ, գիտեմ այդ տեսակ զղջումների արժեքը: Շատ եմ լսել և կարդացել: Թողնենք... Զարմանալի ոչինչ չկա քո արարքի մեջ... Ի՛նչ արած, դա մեր խաչն է, պետք է տանենք... Ես չեմ կարոտ քո զղջմանը, այլ նա, այն փոքրիկ անմեղը: Դու ես նրան աշխարհ գցել, դու էլ պարտավոր ես հոգալ նրա վիճակը: Ահա միակ բանը, որ ես սպասում եմ քեզնից:

Հրամայիր, Լիդիա և ես պատրաստ եմ կատարել քո բոլոր պահանջները, — ասաց Գուրգենը դատապարտյալը հեզությամբ:

Վաղը կանչիր մեր քահանային և երեխային մկրտել տուր: Ինչ վերաբերվում է նրա մորը, թողնում եմ քո կամքին...

Ես չգիտեմ ինչ անել, իմ ուղեղը հոգնել է այդ մասին մտածելուց և ոչ մի որոշման գալ չեմ կարողանում: Եթե թույլ տայիր հարցնել քո կամքը...

Ես այսօր խոսեցի նրա հետ: Նա ուրախ է ազատվել յուր մեղքի պտուղից և հրճվում է, որ երեխան ինձ է «մամա» կանչում:

Ուրե՞մն:

Ես ոչինչ չեմ կարող ասել այդ կնոջ մասին: Կասեմ միայն, որ երեխան չի կարող երկու մայրերի պատկանել: Կասեմ նաև, մի կին, որ յուր հարազատ զավակին չի սիրում, չունի իրավունք նրա մայրը կոչվելու...

Ասաց Լիդիան և հպարտ քայլերով դուրս եկավ սեղանատնից: Վերջին ժամանակները այդ սենյակն էր նրանց հանդիպման միակ վայրը:

Հետևյալ օրը երեխային կնքեցին:

Սկզբում Գուրգենը կամեցավ մի զեղծում գործելասել քահանային, թե երեխան Լիդիայից է: Բայց Լիդիան չհամաձայնվեց, բարվոք համարելով անկեղծորեն պատմել եղելությունը քահանային, որքան ևս այդ ծանր լիներ նրա պատվասիրության համար:

Անունը երեխայի ընտրեց ինքը Լիդիան՝ Սերժ: Մի անուն, որ տարիների ընթացքում փայփայել էր յուր երևակայության մեջ: Մի անուշ անուն նրա համար, որ ընտանիքներում ու փողոցներում մայրերի բերանից լսելիս չէր կարողացել զսպել նախանձի գրգիռը:

Նույն օրը Լիդիան խոսեց սպասուհու հետ:

Ոչ, տիրուհի, — ասաց Զինան, — անհարմար է իմ այստեղ մնալը: Տվեք ինձ մի փոքրիկ ապահովություն, ես կհեռանամ:

Որոշվեց նրան տալ մի գումար, և Գուրգենն իսկույն այդ գումարը հանձնեց Լիդիային:

Առավոտը Զինան երգելով և թռչկոտելով կապկապեց յուր լաթերը և եկավ տիրուհուն հրաժեշտ տալու:

Լիդիան նրան սպասում էր յուր սենյակում անհամբեր:

Նա ուրախ էր: Զինան այնպիսի դյուրությամբ համաձայնվել էր հրաժարվել յուր երեխայից:

Տիրուհի, փո՛ղը, — ասաց սպասուհին ոսկու փայլին ծարավ չքավորի այն անհամբերությամբ, որ որքան զզվելի, նույնքան և անհասկանալի է հարուստների համար:

Պատրաստ է:

Լիդիան դրեց նրա առջև հարյուրանոցների մի կապոց:

Զինան ագահությամբ վերցրեց և սկսեց ռամիկներին հատուկ զգուշությամբ ու թերահավատությամբ համրել փողերը, յուրաքանչյուր թղթադրամ դնելով սեղանի վրա առանձին: Նրա ձեռքերը դողում էին հոգեկան խորին հաճույքից, իսկ դեմքն արտահայտում էր սրբազան լրջություն:

Լիդիան դիտում էր սպասուհուն և աշխատում իմանալ՝ ի՞նչն է հրապուրել Գուրգենին նրա մեջ: Դա մի առողջ, բավական գիրուկ էակ էր: Նա դեռ չէր կորցրել կայտառ գեղջկուհու թարմությունը: Գեղեցիկ էին նրա աչքերը, փղոսկրյա ատամները, վարդագույն շրթունքները, բայց մի թե այդքանը բավական է մի տղամարդու մոլորեցնելու համար, թեկուզ րոպեաբար: Լիդիան զզվանքով երեսը շուռ տվեց ու բնազդաբար նայեց իրեն դիմացի հայելու մեջ: Եվ նախանձեց Զինայի դեմքի գույնին:

Զինան թղթադրամները համրեց երեք անգամ, խնամքով կապեց թաշկինակի մեջ և բաց անելով յուր կոֆտայի վերին կոճակները, դրեց կրծքի վրա:

Ուղի՞ղ է, — հարցրեց Լիդիան արհամարհանքով:

Ուղիղ է, տիրուհի, — պատասխանեց Զինան ժպտալով: Այդ ժպիտը շատ անտեղի և զզվելու չափ տխմար թվաց Լիդիային: «Աստված իմ, մտածեց նա, որքա՛ն անզգա են այդ խեղճերը...»:

Երեխային չե՞ք ուզում տեսնել, — հարցրեց նա վերջին անգամ սպասուհուն փորձելու համար:

Ինչո՛ւ չէ, կարելի է և տեսնել, — ասաց Զինան, դարձյալ ժպտալով:

Լիդիան անցավ մյուս սենյակը, վերցրեց դայակից փոքրիկին և բերեց:

Բայց այդ վերջին անգամն է, լավ իմացեք, — ասաց նա ավելի խիստ եղանակով, քան հարկավոր էր և անմիջապես զղջաց:

Դե, իհարկե, վերջին անգամն է, — համաձայնվեց Զինան և, նայելով երեխային, մատներով թեթևակի շփեց նրա երեսը, — ի՛նչ, կատարյալ տղա է: Դե, իհարկե, այդպես էլ պետք է լինի: Կարելի՞ է, — կամեցավ նա համբուրել նրան:

Դուք գիտեք, որ չի կարելի:

Հա, մոռացա: Ես էլ կարդացել եմ մի գրքում, որ երեխաները շատ անգամ հիվանդանում են համբույրներից: Դե, իհարկե, հիվանդ մարդիկ շատ կան: Բայց ասում են ձեռիկը կարելի է համբուրել: Սերժը լավ անուն է, բայց Պոլիկարպն էլ լավ է: Ես շատ եմ սիրում Պոլիկարպ...

Պահեցեք այդ անունը ձեր երկրորդ երեխայի համար, — ասաց Լիդիան ոչ առանց դառնության:

Օօ, աստված մի՛ արասցե, տիրուհի, դուք ինձ անիծում եք: Դրանից էլ ձեր ողորմությամբ ազատվեցի. դե, բավական է, մնացեք բարով: Չար մի՛ մտածեք իմ մասին: Աստված վկա, ես չէի ուզում, բայց... էհ սատանան խաբեց: Շաւտ եմ զղջում, ամեն օր աղոթք եմ անում, որ աստված ներե: Լավ, լավ, գնում եմ: Թող երեխան ձերը լինի, դուք նրան ավելի լավ կպահեք: Դե, իհարկե, ես ի՛նչ եմ... Օրոր ասել էլ չգիտեմ: Իսկ դուք այնպես լավ երգում եք, այնպես լավ, որ ես այսօր լաց եղա: Մնացեք բարով: Դուք բարի եք, շատ բարի: Երբեք չեմ մոռանալ: Թույլ տվեք ձեր ձեռիկը համբուրել: Չե՛ք ուզում: Մեղա: Դե, ես գնացի, մնացեք բարով...

Եվ նա դուրս գնաց հանգիստ, ուրախ, ինչպե՛ս հաջող առուտուր կատարած մեկը: Նա մտածում էր միայն՝ չլինի թե տիրուհին հանկարծ զղջա և տված գումարը ետ վերցնի...

V

Այն պահից, երբ մանուկը սկսեց թոթովել, Լիդիան օրը հարյուր անգամ հարցնում էր.

Սիրո՞ւմ ես ինձ, Սերժ:

Սիյում եմ, մամա, սիյում եմ:

Երջանիկ էր այլևս: Գուրգենի ապականված սիրո փոխարեն նա վայելում էր մի մաքուր, անշահ սեր, որի համար պատրաստ էր խեղդել յուր մեջ ամենալավ, ինչպես և ամենավատ զգացումները: Ահա ինչու նա վճռեց մոռանալ Գուրգենի կոպիտ դավաճանությունը: Ահ, դա մի չարիք էր, որից առաջացավ բարիք: Ինչո՞ւ հանուն հետևանքի չներել պատճառը: Բայց նա զգում էր, որ վերականգնել այն, ինչ որ եղել է, անհնարին է: Մի կեղտոտ հոսանք եկավ անցավ և նրա կյանքը բաժանեց երկու մասի: Չպիտի անձնատուր լինել անջնջելի վիրավորանքի դառն հիշողություններին: Ապրել նրանով, ինչ որ տալիս է ճակատագիրըայս է պահանջում թե առողջ բանականությունը և թե անձնասիրությունը:

Նույնն է պահանջում և՛ այդ փոքրիկը, որ ամեն անգամ նրան տեսնելիս յուր թույլ ոտներով վազում, ընկնում է նրա գիրկն ու կրկնում.

Մամա, սիյում եմ քեզ...

Մի անգամ Լիդիան հարցրեց.

Սերժ, պապայի՞ն էլ ես սիրում:

Նրան էլ եմ սիյում, քեզ ավելի եմ սիյում, շատ եմ սիյում, այ, այսքան:

Նա ձեռքերը տարածեց աջ ու ձախ, որքան կարող էր լայն:

Անթափանցելի է մանկան հոգեկան աշխարհը: Ո՞վ կարող էր ասել, որ այդ պատասխանի մեջ չկա ավելի գիտակցություն, քան բնազդ: Գուցե այդ փոքրիկ գլուխը հասկանում էր, որ ինքը բյուր անգամ ավելի է սիրված անհարազատ մորից, քան հարազատ հորից: Մի մարդուց, որ նրան յուր մոր արգանդում փողոց շպրտելու դաժան միտումն էր ունեցել մի ժամանակ:

Ահ, այդ միտումը: Ոչ միայն մանուկը, այլև Լիդիան չէր զգում, թե որքան հոգեկան տանջանք է նա պատճառում Գուրգենին այժմ, երբ հիշում է:

Շնորհակալ եմ քեզնից, Լիդիա, — ասաց նա մի անգամ, չկարողանալով այլևս թաքցնել յուր զղջման զգացումը, — դու ինձ ազատեցիր խղճիս հավիտենական տանջանքից: Չլիներ քո խելքը, քո տակտը, քո բարությունը, չլիներ քո վեհանձնությունը, այդ անմեղ էակը պիտի փողոցին զոհ դառնար և այսօր իմ խղճի խայթոցը պիտի լիներ ավելի սոսկալի:

Ահ, թողնենք անցյալը, — գոչեց Լիդիան, չկամենալով դառնացնել յուր սիրտը նորանոր հիշողություններով: — Ես նրան թաղել եմ և վրեն դրել մի մեծ քար: Եթե քո զղջումը անկեղծ է, հոգա մեր երեխայի մասին:

Ես արդեն կարգադրել եմ նրա վիճակը, — պատասխանեց Գուրգենը: — Երեկ կտակս փոխել տվեցի: Այժմ իմ միակ ժառանգը Սերժն է և դու նրա միակ խնամակալը: Հուսով եմ, դեմ չես:

Դու արել ես այն, ինչ որ պարտավոր էիր անել, — ասաց Լիդիան, — բայց կա մի բան, որ ինձ հանգստություն չի տալիս:

Գիտեմ, դու մտածում ես նրա մասին: Նա անհայտացել է, Լիդիա, զուր ես անհանգստանում:

Այո, անհայտացել է, գոնե այն օրից ես նրա երեսը չեմ տեսել: Բայց չէ՞ որ մի օր կարող է հանկարծ երևալ և խափանել փոքրիկի անդորրությունը:

Չեմ կարծում: Անկասկած, նա վաղուց է մոռացել և՛ մեզ, և՛ երեխային:

Լսիր, ես չեմ ուզում չարախոսել, բայց ինձ հաղորդել են, որ քո քույրը ինտրիգներ է սարքում մեր դեմ: Ասում են, նա շարունակ այդ աղջկա հետ հարաբերության մեջ է և աշխատում է նրան լարել մեր, կամ ճիշտն ասած, իմ դեմ:

Ես դրանից չեմ վախենում: Ելենայի միակ ցավը իմ հարստությունն է, իսկ ես, ինչպես ասացի, արդեն ապահովել եմ իմ ժառանգությունը:

Ահ, դու քո հարստության մասին ես հոգում, իսկ ինձ տանջողը ուրիշ բան է: Թող ես զրկվեմ քո հարստությունից, թող մնամ մի կտոր հացի կարոտ, միայն թե ինձանից չխլեն երեխային: Առանց նրա ես ապրել չեմ կարող: Պահպանել քո հարստությունը դու կարող ես, բայց երեխան միայն քոնը չէ: Նրա ճակատագիրը ենթարկված է մի կնոջ քմահաճույքին, որի վրա կարող է ազդել ամեն մի անցորդ, մանավանդ քո քրոջ նման մի խորամանկ կին: Ոչ, ոչ, ես նախազգում եմ, որ Սերժին պիտի խլեն ինձանից, իսկ ի՞նչ կլինի իմ կյանքը առանց նրաչգիտեմ:

Արտասանելով այս խոսքերը, Լիդիան արմունկները հենեց ամուսնու գրասեղանին, որի քով նստած էր, և գլուխը ձեռներով բռնելով, արտասվեց մեղմիկ:

Գուրգենը ոտքի կանգնեց, մոտեցավ և կամացուկ, անվստահ ձեռքերով գրկեց նրա գլուխը: Այն օրից հետո, երբ հայտնվեց նրա դավաճանությունը, առաջին անգամը համարձակվեց մերձենալ Լիդիային: Նա չգիտեր՝ թույլ կտա, արդյոք, Լիդիան իրան, վերջապես, համբուրելու: Ուստի բավականացավ միայն շոյելով նրա թանձր մազերը, որոնց մեջ առաջին անգամ նկատեց մի քանի սպիտակ թելեր:

Մի՛ տանջիր քեզ, Լիդիա, չար մտքերով և ենթադրություններով, — ասաց նա, — ես չեմ թողնիլ, որ դու զրկվես երեխայից: Նա ինչպես իմն է, նույնպես և քոնն է: Ես ատամներովս կպահպանեմ նրան քեզ համար: Ես տեսնում եմ, նա միակ կապն է քո և իմ մեջ, միակը, դժբախտաբար, քանի որ այլևս դու չես ուզում վերադարձնել ինձ քո սերը...

Ելենան չար կին է, Ելենան ամեն ինչ կարող է անել, — արտասուքի մեջ արտասանեց Լիդիան, գլուխը հանդարտ ազատելով Գուրգենի կրծքից:

Թող լինի չար որքան ուզում է, բայց ես էլ չեմ խնայիլ նրան, թեկուզ յոթ անգամ յոթ իմ հարազատ քույրը լինի:

Ահ, այդ կինը: Որքա՛ն է հալածել ինձ, որքա՛ն տանջել միայն նրա համար, որ ես հանդգնել եմ զիջանել նրա եղբոր աղերսանքին և նրա կինը դառնալ: Ահ, նա չի խնայի ոչ միայն ինձ, այլև իմ ծնողներին, իմ տոհմը, իմ պատիվը: Նա չի խնայիլ քո պատիվն անգամ, զրպարտելով իմ մաքրությունը:

Գիտեմ, գիտեմ, Լիդիա: Նա ամեն կերպ աշխատել է արատավորել և ստորացնել քեզ իմ աչքում, որպեսզի մեզ բաժանե: Բայց մի՞թե հաջողվեց: Դու տեսնում ես, որ ոչ դու, այլ ես եմ ստորացածը քո աչքում: Ես, որի միակ փափագը, նույնիսկ միակ նպատակն է կյանքի՝ նորից գրավել քո հավատը և նորից տիրել քո սրտին: Լիդիա, ես կերդվեմ ինչով կամենաս, որ չեմ կեղծում: Տես, ես դարձյալ չոքում եմ քո առջև ինչպես մի զազրելի հանցավոր և աղաչում... ների՛ր... ների՛ր և մոռացի՛ր...

Լիդիան աչքերն արագությամբ սրբեց և ոտքի կանգնեց:

Թող, բավական է, ես դրա համար չսկսեցի:

Ուրեմն, ես երբե՛ք չպիտի հուսամ, երբե՛ք...

Ժամանակն ինքը կթելադրի մեր անելիքը: Իսկ առայժմ իմ միտքն ու զգացումները կլանված են երեխայով, միմիայն նրանով...

Նա դուրս գնաց հանդարտ քայլերով...

VI

Ելենան բնակվում էր քաղաքի հեռավոր արվարձաններից մեկում, երեք փոքրիկ սենյակներից բաղկացած մի բնակարանում, որ այնքան էր նեղ թվում նրան, որքան շատ էր մտածում յուր եղբոր սեփական ահագին տան և այն ընդարձակ բնակարանի մասին, ուր կենում էր Լիդիան:

Դա մի եռանդուն կին էր քառասունհինգ տարեկան: Բարձրահասակ էր, ամուր կազմվածքով, դեմքի խոշոր գծերով: Մեկն այն էակներից, որոնց կին ծնվելը բնության քմահաճույքն է:

Յուր հանգուցյալ ամուսնուց նա ժառանգել էր երկու որդի, որոնցից մեկն այժմ քսանուհինգ տարեկան էր, անգործ, անընդունակ, շռայլ, մյուսը քսան տարեկան ուսանող էր, որ նոր էր ավարտել գիմնազիան և գնացել համալսարան:

Նա անիծում էր յուր ամուսնու գերեզմանը իբրև մի մարդու, որ ամբողջ կյանքն անց էր կացրել հաճույքների և թղթախաղի մեջ և մի օր հանկարծամահ եղել, թողնելով ընտանիքին մի քանի կիսախարխուլ խանութների վարձը:

Է՛հ, — ասել էր նա երեք օր առաջ յուր մահից, — ես շեմ հոգում ոչ քո և ոչ մեր որդիների մասին: Դու ունիս մի հարուստ եղբայր: Նա երբեք ձեզ քաղցած չի թողնի և պարտավոր է չթողնել:

Այո, այդ հուսով էր ապրում Ելենան և չէր վարանում նրանով էլ կերակրել յուր զավակներին, և հանկարծ խորտակեցին նրա հույսը: Ո՞րտեղից ասպարեզ ընկավ այդ Լիդիան և ի՛նչպես յուր թակարդի մեջ գցեց Գուրգենին: Անկասկած, նա և միմիայն նա է պատճառը, որ Ելենան և յուր որդիները այնքան ատված են Գուրգենից:

Եվ ամեն անգամ, երբ Ելենան խոսում էր յուր ավագ որդու, Սիսակի հետ, կատաղությունը խեղդում էր նրա կոկորդը և նրա առնական շրթունքները, որոնցից վերինը ծածկված էր նոսր մազերով, արտասանում էին ամենազազրելի ածականները «այդ ավազակի աղջկա», «այդ լրբի», այդ... այդ..-ի հասցեին: Դա էր նրա թույլ երակը, դա էր այն բևեռը, որ ցցվել էր նրա ուղեղի ու սրտի մեջ և տանջում էր նրան անհուն, անդադար...

Այն օրն Ելենան վճռական էր ավելի, քան երբևէ: Ինչո՞ւ նա ձեռները ծալած նստած է անգործ: Մինչև ե՞րբ պիտի լռե:

Սերժն արդեն վեց տարեկան է: Զինան յուր զավակին Լիդիայից խլելու և ոչ մի կամք ցույց չի տալիս: Լիդիան տիրել է երեխային բարոյապես և օրինապես ու մինչև անգամ մոռացել է նրա հարազատ մոր գոյությունը: Եվ Գուրգենն այժմ ավելի, քան երբևէ, նրա «կոշիկների տակն է»:

Պե՞տք է, արդյոք, այլևս հրաժարվել ժառանգության հույսից: Ճշմարիտ է, Գուրգենը դեռ այնքաքն էլ ծեր չէ, բայց չէ, որ կարող է մի օր հանկարծ մեռնել: Եվ ի՞նչ պիտի այդ քո՞ծը լափե նրա կարողությունը ուրիշի զավակի հետ: Ոչ, ոչ, այդ անկարելի է: Ելենան այդ չպիտի թույլ տա:

Բայց ինչպե՞ս, ի՞նչ միջոցով:

Նա մի կատաղի հայացք ձգեց յուր ավագ որդու վրա, որ լուսամուտի առջև նստած կարդում էր Շեռլոք Խոլմսի արկածները:

Քսանուհինգ տարեկան տղամարդ է, — ասաց նա, — մինչև օրս մի կոպեկ չի բերել տուն. Գոնե այս բանում օգնե յուր մորը:

Սիսակը չլսեց նրա խոսքերը, այնքան խորասուզված էր ընթերցանության մեջ:

Քե՛զ եմ ասում, է՛յ, ծույլ անգործ: Ի՞նչ ես թաղվիլ այդ գրքի մեջ: Եթե դու կարդացող լինեիր, գիմնազիայից քեզ չէին վռնդիլ:

Սիսակը գլուխը բարձրացրեց և նայեց մորը: Նրա կլորիկ երեսը, փոքրիկ, սևորակ, պսպղուն աչքերը, հաստլիկ, ջրալի, շրթունքները, փոքրիկ, սրածայր, վավաշոտ ծնոտն արաահայտում էին կյանքի բոլոր հաճույքները վայելելու հագուրդ չստացած բուռն փափագ:

Ի՞նչ ես ասում, մամա, — ասաց նա, գրքույկը դժկամությամբ ծալելով ու մի կողմ դնելով և ոտքի կանգնելով:

Ասում եմ, որ մի քոսոտ իշխանի աղջիկ ավելի ճարպիկ է, քան դու, ես ու ամենքս: Վաղը մյուս օրը այդ օձը ձեռք կգցե մորդ եղբոր ահագին հարստությունը և կսկսե մեզ ծաղրել: Իսկ դու կշարունակես փողոցները չափչփել ձեռներդ դատարկ գրպաններիդ մեջ դրած:

Ի՞նչ արած, մեղավորը դու կլինես, ոչ ես, — ասաւց Սիսակը, անցուդարձ անելով: — Ես վաղուց եմ կրկնում, որ այդ կնոջ ատամները հանելու միջոց չկա: Պետք է իմ ասածը:

Աա, դու էլ հենց մի գլուխ ավազակության մասին ես մտածում: Երևի ուզում ես հորեղբորդ պես բանտերում մաշել կյանքդ:

Դա ավազակություն չէ, այլ տղամարդի քաջություն, — ոգևորվեց Սիսակը: — Ես գործն այնպես գլուխ բերեմ, որ ինքը Շեռլոկ Խոլմսն էլ չկարողանա գաղտնիքը բաց անել ու ինձ ձերբակալել: Ես ունիմ հավատարիմ ընկերներ: Բավական է մատս բարձրացնեմ ու նրանք պատրաստ են՝ կրակի մեջ ընկնելու: Բացի դրանից, չէ՞ որ նրանք էլ իրենց վարձը կստանան: Մամա, թող իմ պլանը իրագործեմ...

Ոչ, ոչ, դա երեխայություն է, անկարելի է:

Քաջության համար անկարելի ոչինչ չկա: Լսիր, ասեմ ինչպես կանենք: Ամեն օր դայակն այդ երեխային դուրս է բերում զբոսեցնելու: Մի օթոմոբիլ, որի շոֆերը կլինի մեր դավակիցը, երկու ուրիշ ընկերներ և ես բեղերս սափրած և աչքերիս կապույտ ակնոցներ: Մի ոստում օթոմոբիլից, հափ, երեխան գրկումս է և քսան րոպե չանցած քաղաքից դուրս ենք եկել: Թող այնուհետև ամբողջ ոստիկանությունը ոտքի կանգնի յուր շներով, եթե գտնեն, կասեմ «աֆարիմ»:

Հետո ի՞նչ կանեք երեխային:

Ինչ կանե՞նք, հայտնի է ինչ...

Գիժ, խելքդ գլուխդ հավաքիր: Ես կխեղդվեմ, և այդ թույլ չեմ տալ:

Next page