Շիրվանզադե Ալեքսանդր՝   Պատմվածքներ և վիպակներ

Այդ վճռից հետո Մակար աղան մի օր շուկայում պատահել է Թոթովյանցին, ասել է, թե մտադիր է այն օրն յուր պարտքը վճարել և խնդրել է նրան, որ երեկոյին տանը սպասի, ինքը կբերի փողը և մուրհակները կստանա: Երեկոյին Մակար աղան վերցնում է իսկապես 30 հազար մանեթ փող և գնում է Թոթովյանցի տունը: Նա թաշկինակի մեջ կապած փողերը գրպանից հանում է և դնում սեղանի վրա, խնդրելով պառավին, որ մուրհակները հետ տա, փողերն ստանա: Թոթովյանցի աչքերը փողի կապոցից շլանում են, և նա շվարած, դողդողալով հանում է սնդուկից մուրհակն ու դնում Մակար աղայի առջև: Օգտվելով ծերունու շփոթութենից և հարմար վայրկյանից, Մակար աղան խլում է մուրհակն ու փողի կապոցն և հայդա... Թոթովյանցը սկսում է գոռալ, թե իրան կողոպտեցին և ուշաթափվելով ընկնում է հատակի վրա:

Բրավո՛, բրավո՛, Մակար աղա, լավ խորամանկություն է բանեցրել, ես իմ աստվածը, — բղավեց գործակատարներից մեկը, հափշտակված Գրիգորի պատմութենով:

Ահա ինչպես է վերջացրել բանը Մակար աղան ծերունի Թոթովյանցի հետ, — ավարտեց Գրիգորն յուր պատմությունը: Այժմ խեղճը մնացել է չոր տափի վրա, չգիտե ինչ անե. դատարան գնալ չի կարող, որովհետև ոչինչ փաստ չունի, որ Գուլամյանցների վրա հաստատե յուր պարտքը, իսկ առանց փաստերի ոչ ոք չի հավատում նրա խոսքերին: Հասարակության մեջ գանգատվելու ժամանակ ամենքը ծիծաղում են նրա վրա և չեն հավատում, որ աղա Գուլամյանցները նրան այդքան փող պարտ լինին և չվճարեն: Եվ ի՞նչպես հավատան, քանի որ շատ լավ ճանաչում են նրան և գիտեն, որ նա յուր կյանքում այդքան փող երբեք չի ունեցել: Իսկ ճշմարիտը խոստովանվելծերունի Թոթովյանցը նույնպես չի կարող, որովհետև գիտե, որ եթե ճշմարիտր պատմի, թե որտեղից և ինչպես է այդ պարտքը գոյացել աղա Գուլամյանցների վրակարող է կյանքի վերջին օրերում խայտառակվել, հայտնելով յուր մասնակցությունը Աթոյանցին կողոպտելու մեջ: Այժմ մարդը մնացել է տանջվելով և գիշեր ու ցերեկ մաշվում է յուր գաղտնի ցավերից և ոչ ոքի չի կարողանում հայտնել: Ճարահատյալ ամեն օր գնում է եկեղեցի և աստծուն աղաչում, պաղատում, որ գոնե նա պատժի աղա Գուլամյանցներին:

Գիտեք ինչ, — մեջ մտավ մի ուրիշ գործակատար, — ինչ որ վաճառականն է անում, նույնը սովորում ենք անել և՛ մենք: Ո՞ր մեկը մեզանից կարող է պարծենալ, թե ինքը իսկապես ճշմարիտ մարդ է: — Ոչ մեկը: Ամենքս էլ ոտքից մինչև գլուխ թաթախված ենք կեղտի մեջ: Օրը հարյուր անգամ սուտ ենք ասում, մուշտարիներին խաբում ենք, կտորները պակաս ենք չափում, արժողութենից ավելի գներով ենք ծախում, մի խոսքով, հազար տեսակ սատանայություններ ենք անում, թե ինչ է մեր աղան պիտի օգտվի: Բայց աղան սրա փոխարեն ի՞նչ է տալիս մեզ: Նա մեզ ավելի ու ավելի է սովորեցնում խաբել ու կեղծավորել: Մինչև այսօր մեզանից ո՞ր մեկն է մաքուր սրտից խոսել Մակար աղայի հետ: Ամենքս խոսում ենք մի տեսակ, մտածում ենք ուրիշ տեսակ, ամենքս շողոքորթում ենք նրան, փեշերը լիզում դուր գալու համար: Մեր ստրկությունն այն տեղն է հասել, որ եթե Մակար աղան ասի, թե այսօր ուրբաթ չէ, այլ կիրակի է, մենք կհամաձայնվենք, թե նա սուտ չի ասում: Եթե ասե, որ արեգակը լույս չունե, մենք կասենք, թե ճշմարիտ է: Ինչո՞ւ համար ենք այս բոլորն անում: Ձեզ եմ հարցնում: — Նրա համար, որ մենք նրա քեֆին չդիպչենք, որ դրանով մենք ցույց տանք նրան մեր հնաղանդությունը, խոնարհությունը, որպեսզի գրավենք նրա հավատարմությունը: Միթե այս բոլորը խաբեբայություն չէ՞, միթե պակաս հանցա՞նք է, քան թե աղա Գուլամյանցների և ծերունի Թոթովյանցի ավազակությունը:

Այս ասում էր մի գործակատար, որ ընդամենը մի տարի էր ծառայել աղա Գուլամյանցների մոտ: Մակար աղան նրան չէր սիրում և շատ վատ էր վարվում հետը: Ես կարծեցի, որ հենց այս էր պատճառը նրա անբավականության, սակայն ես զգում էի նրա բոլոր խոսքերի ճշմարտությունը: Ես գիտեի, որ իսկապես այն ամենը, ինչ որ նա ասում էր գործակատարների մասին, իրավացի է և արդար:

Ուրիշ կերպ անկարելի է, — պատասխանեց Գրիգորը յուր դրութենից դժգոհ գործակատարին: Եթե չխոնարհվենք, չհնաղանդվենք աղա Գուլամյանցներին, եթե նրանց սրտի ուզածը չկատարենքայս աշխարհում իսկի ապրել չենք կարող: Նրանք սիրում են կեղծավորությունմենք էլ պիտի կեղծավորենք, սիրում են շողոքորթությունմենք էլ պետք է շողոքորթենք, սիրում են սուտ ասելմենք էլ պիտի սուտ ասենք: Մի խոսքով, ինչպես նրանք են ուզումպիտի այնպես էլ պահենք մեզ, եթե ոչ՝ քաղցած կմնանք: Տեսնո՞ւմ ես, այն օրվանից, երբ դու մի փոքր հակառակություն ցույց տվեցիր Մակար աղայինաչքից ընկար՝ չնայելով, որ դու ճշմարիտն էիր խոսում: Չէ, եղբայր, հարկավոր է անել այն, ինչ որ քեզանից պահանջում են աղա Գուլամյանցները և ոչ թե այն, ինչ որ դու ես ցանկանում: Ուրիշ ճար չկա, եթե ուզում ես նրանց աչքում հավանելի լինել: Ես էլ առաջ շատ էի նեղանում իմ պաշտոնից և շատ անգամ ինքս ինձ ասում էի, ինչ հարկավոր է սուտ խոսել, կեղծավորել, երբ որ առանց այն կարելի է վարվել, բայց հետո տեսա, որ չէ, անկարելի է: Այժմ ինձ համար միևնույն է, իսկի չեմ էլ մտածում, թե օրական քանի անգամ եմ սուտ ասում և քանի անգամ խաբում մարդկանց, որովհետև հենց իմ ամբողջ օրվա խոսակցությունը սուտ է: Եվ ինչո՞ւ չստեմ: Ինձանից խոմ սրանով մի բան չի պակասում: Այսպես չեմ խոսիլ, այնպես կխոսեմ, այս չեմ ասիլ, այն կասեմ, այս բոլորն, իմ կարծիքով, միևնույնն է, միայն հարկավոր է աչքի առջև ունենալ, թե որն է շահավետ գրպանի համար: Աղա Գուլամյանցներն եթե իրանց ամբողջ կյանքը սուտ ասելով, կեղծավորելով, խաբելով և սրա ու նրա ոտները լզելով չանցկացնեին, հավատացնում եմ ձեզ, այսօր այնքան հարստության տերեր չէին կարող լինել: Փողը, եղբայր, ամեն բան ուժով ստիպում է մարդուս անել: Այսպես չէ՞:

Բոլոր գործակատարները դրական պատասխան տվեցին Գրիգորին, հավանելով նրա ասածները, բացի այն մեկից, որ յուր պաշտոնից անբավական էր: Ինչ վերաբերվում էր ինձ, համաձայն էի, որ մենք գործակատարներս, թաղված ենք այդ բոլոր կեղտոտությունների մեջ: Բայց ինչպես անել. չհամաձայնվել Գրիգորի հետ, որ մի կտոր հացի տեր լինելու համար անհրաժեշտ է լինել Մակար աղայի առջև կեղծավոր և շողոքորթչէի կարող, քանի որ արդեն ճանաչում էի վերջինին և գիտեի, որ առանց սրանց անհնար է նրա մոտ երկար մնալ: Իսկ ես ուզում էի նրա մոտ ծառայել, աչքի առջև ունենալով իմ ապագան: Ես չէի ուզում հորս պես աղքատության մեջ ապրել: Ես ցանկանում էի իմ ապագան նյութապես ապահոված տեսնել, Ո՞վ է աղա Գուլամյանցներին այսօր մեղադրում, ո՞վ է նրանց պախարակում Աթոյանցի փողերն ուտելու մասին: — Ոչ ոք, ընդհակառակը, ամենքն էլ նրան պատվում են, հարգում են, փողոցով անցնելիս գլուխ են տալի հեռվից: Իսկ իրանք՝ հպաթտ ու գոռոզ՝ ոչ ոքի հետ չեն ուզում խոսել: Եվ ի՞նչ կարիք ունին ուշադրություն դարձնելու, քանի որ առանց ուրիշների էլ կարողանում են ապրել:

Այսքան տարի ծառայելով, — շարունակեց Գրիգորը, — ես, վերջապես, հասկացել եմ, որ վաճառականության մեջ մարդ չի կարող մնալ ազնիվ, մաքուր, ճշմարտախոս: Չի կարող, որովհետև վաճառականությունն այդպիսի մարդկանց չի սիրում: Եթե կամենում եք, ես իսկի չեմ էլ մեղադրում վաճառականին, երբ նա խորամանկություն է անում, ստախոսում է, խաբում է, որովհետև գիտեմ, որ նա կամա ակամա ստիպված է այդպես անել: Անիրավ ոսկին ամեն բան մարդուս մոռացնել է տալիս, ամեն բանխիղճ, հոգի, հավատ: Բաց արեք աչքներդ և լավ մտիկ արեք ձեր շուրջը: Տեսեք ով է կարող պարծենալ, թե ազնիվ, առաքինի և ճշմարտասեր մարդ է: Ոչ ոք, ամենքն իրարու խաբում են, կողոպտում են: Աթոյանցին խաբում է ու կողոպտում Թոթովյանցը, աղա Գուլամյանցները խաբում են ու կողոպտում Թոթովյանցներին, վաղը մի ուրիշը դուրս կգանույնը կանե աղա Գուլամյանցների հետ և այսպես կշարունակվի անվերջ: Ես ինքս, եթե դեպք պատահի, եթե ձեռքս ուրիշի փողեր ընկնեն, առանց խղճալու կկլանեմ, և այս բոլորովին խղճիս դեմ չեմ համարիլ, որովհետև հավատացած եմ, որ այդ ուրիշն էլ անշուշտ մեկ մարդուց գողացած է այդ փողերը:

Գրիգորը չկարողացավ շարունակել յուր խոսքը, որովհետև այդ ժամանակ ներս մտավ մի մուշտարի: Մենք ցրվեցինք մեր տեղերը:

Այս խոսակցությունն ինձ համար խիստ հետաքրքրական էր. Շատ ափսոսեցի, որ նա ընդհատվեց: Նա ինձ համար հետաքրքրական էր նախ, որ ես իմացա այն ծերունու գաղտնիքը, երկրորդ, որ առիթ էր տալիս ինձ ծանոթանալու գործակատարների հետ:

Երեկոյին, սովորականին համեմատ, ես աղա Գուլամյանցների տանն էի: Մակար աղան յուր առանձնասենյակումն էր: Սատանան հենց բոթում էր ինձ, որ անպատճառ գնամ նրա մոտ և պատմեմ գործակատարների այն օրվա խոսակցությունն և ցույց տամ իմ հավատարմությունը: Մի քանի րոպե ես տատանման մեջ էի. «գնալ, թե չգնալ»: Մի կողմից չէի ուզում գնալ, որովհետև վախենում էի, որ Մակար աղան իմ խոսքերին չհավատա, և մի փոքր էլ խիղճս թույլ չէր տալիս, մյուս կողմից, ցանկանում էի գնալ, մտաբերելով, որ ինձ վարձելու օրը Մակար աղան ինքը պատվիրել էր հայտնել իրան այն ամենը, ինչ որ կլսեմ ուրիշներից յուր վերաբերմամբ:

Մինչ ես տատանվում էի, Մակար աղան ծառայի միջոցով կանչեց ինձ յուր մոտ: Վերջին ժամանակները նա սովորություն էր արել երբեմն ինձ կանչել յուր մոտ և զանաղան բաների մասին հարց ու փորձ անել: Լինելով կասկածավոր բնավորության տեր, նա ուզում էր, որ ամեն բան իրան հայտնի լինի և այս պատճառով ինձանից շատ անգամ այնպիսի չնչին բաների մասին էր տեղեկություններ պահանջում, որ ես զարմանում էի: Օրինակ, նա հարցնում էր, թե գիշերներն այս կամ այն ծառան ինչ է անում յուր սենյակում, վաղ է պառկում քնելու թե ուշ, քանի բաժակ թեյ է խմում, ինչքան անգամ է օրը հաց ուտում և այլ այսպիսի մանր-մունր բաներ:

Մակար աղան թեյ էր խմում: Ես գլուխ տվեցի նրան և կանգնեցի դռների մոտ, ձեռներս դարսելով կրծքիս:

Հըմ, ի՞նչ կա, ինչ չկա, պարոն Խաչի:

Վերջին ժամանակները Մակար աղան սովորություն էր արել ուրախ ժամանակին ինձ հետ խոսելիս «պարոնը» կպցնել իմ անվանը մի տեսակ մեղմ հեգնությամբ:

Ձեր հրամանոց առողջությունը, Մակար աղա, — պատասխանեցի ես, գլուխս համեստությամբ խոնարհեցնելով:

Այսօր ես մինչև երեկո մագազինում չեմ եղել, ի՞նչ են արել գործակատարները:

Ինչ պետք է անեին, մի՞թե չգիտեք, թե ձեր հրամանքը մագազինում չեղած ժամանակը ինչ են անում նրանք:

Հըմ, խոսիր տեսնենք...

Մի այնպիսի բան չկա: Ուզում եմ միայն ասել, որ երբ դուք մագազինում չեք լինում, առհասարակ գործակատարները շատ էլ խելոք չեն պահում իրանց, — պատասխանեցի ես, գլուխս ավելի քաշ գցելով, իբրև թե խիստ ամաչում եմ Մակար աղայից:

Գիտեմ ինչպես են պահում իրանց: Երբ ես այնտեղ չեմ լինում, հավաքվում են միասին և ռեխները ծռած սովբաթ անում, իսկ մուշտարիները գալիս են ու դատարկ հետ գնում:

Դատողություններ են անում, աղա, խելքներին զոռ են տալիս:

Հա՞ա, հապա ասա տեսնենք, ինչի՞ մասին են դատողություններ անում, — ասաց Մակար աղան տեղից բարձրանալով:

Ես մի փոքր հետ քաշվեցի, ցույց տալու համար, թե իբր վախենում եմ նրանից:

Ձեր գործերի մասին էին խոսում, աղա...

Մակար աղայի հետաքրքրությունը գրգռվեց: Ես միամիտ ձևացա, իբրև թե իմ ասածին ինքս այնքան էլ նշանակություն չեմ տալիս:

Ի՞նչ են խոսում իմ վերաբերմամբ, պատմիր շուտով, — կրկնեց նա:

Ասում են, դուք լավ մարդ եք, խաբող, սուտ ասող չեք, է՛հ, ինչ գիտեմ, ուրիշ այսպիսի շատ բաներ են ասում:

Հանաք մի արա այ տղա, գոռաց Մակար աղան տաքացած:

Ասում են, թե դուք ձեզանից մեծերին և ուժեղներին կեղծավորում եք ու շողոքորթում, իսկ փոքրերի առջև հպարտ ու գոռոզ եք պահում ձեզ: Թե դուք գողութենով և խաբեբայութենով եք այդքան հարստություն դիզել: Գրիգորը պատմում էր, թե դուք իբրև թե խաբել եք ինչ-որ Աթոյանց ազգանունով վաճառականի, նրա 75 հազար մանեթը կուլ եք տվել, հետո խաբել եք ծերունի Թոթովյանցին և նրա 30 հազար մանեթը կերել: Այսպիսի և սրա նման շատ բաներ էին ասում, Մակար աղա: Ես չէի ուզում լսել նրանց, որովհետև ինձ շատ վատ էր թվում, որ իմ աղայիս մասին ստեր են հնարում և այն էլ այնպիսի մարդիկ, որոնք նրա հացով են ապրում: Բայց ի՞նչ պիտի անեի. մագազինից դուրս գալ չէի կարող, նրանք խոսում էին, ես էլ ակամա լսում էի:

Մակար աղան բարկությունից գունատվեց: Ես իսկապես սկսեցի նրանից վախենալ: Բայց շուտով էլի ուղղեցի ինձ:

Հետո՞, էլ ի՞նչ էին խոսում շան զարմերը:

Է՛հ, Մակար աղա, շատ բաներ կասեն, բայց ո՞վ է հավատում նրանց ասածներին:

Հավատում են թե չեն հավատում, քո բանը չէ: Դու պատասխանիր այն, ինչ որ ես եմ քեզանից հարցնում: Ասա տեսնեմ, է՞լ ինչ էին խոսում, — շարունակեց Մակար աղան կատաղած, այնպես որ ես սկսեցի փոշմանել իմ ասածների վրա:

Միայն ձեր մասին չէին խոսում, այլ բոլոր վաճառականների մասին: Ասում էին թե նրանք ամենքն էլ սուտ ասողներ, խաբողներ, գողեր են, թե նրանց մոտ ծառայողներն էլ պետք է այդպես լինին, որովհետև ուրիշ կերպ չեն կարող լինել:

Այդ ո՞ր գործակատարն էր ասում:

Ես հիշեցի Գրիգորի և մեկ էլ յուր պաշտոնից անբավական գործակատարի անունները:

Այդ էլ իմ լավության պտուղը... փողոցներում ոտաբոբիկ լակոտներ էին, հավաքել եմ, բերել, մի կտոր հացի տեր շինել, այժմ ինձ էլ չեն հավանում: Արի այժմ աղքատներին ողորմություն արա, խղճա նրանց վրա, Մակար:

Գրիգորն ասում էր, թե մինչև անգամ ինքն էլ պատրաստ է ուրիշի փողերն ուտել, եթե ձեռքն ընկնի: Նա այսպիսի մի բան էլ ասաց. «Գողից գողություն անելը մեղք չէ»:

Այս անգամ Մակար աղայի կատաղությունը սահմանից դուրս եկավ, նա սկսեց արագ-արագ քայլել: Իմ խոսքերն ասեղների նման ցցվում էին նրա սրտի մեջ:

Լա՛վ, գնա՛, — դարձավ նա, վերջապես, ինձ:

Բայց, աղա, մի բան եմ խնդրում ձեզանից:

Ի՞՛նչ:

Որ դուք գործակատարներին չասեք, թե ես եմ այս ամենը ձեզ պատմել, առանց այն էլ նրանք ինձ հետ լավ չեն վարվում: Ինձ ծեծելով կսպանեն: Խեղճ մարդու տղա եմ, մտել եմ ձեզ մոտ մի կտոր հաց ուտելու, պարտավոր եմ կերածիս փոխարեն ձեզ հավատարմությամբ ծառայելու: Ես պարտքս եմ կատարում:

Լավ է, դուրս եկ, կորի՛ր:

Ես, իհարկե, դուրս եկա իսկույն, բայց չկորա, մտա սենյակս:

Հետևյալ առավոտ Մակար աղան վռնդեց Գրիգորին և այն գործակատարին, որ յուր դրութենից անբավական էր:

Վերջինի պաշտոնը Մակար աղան հանձնեց ինձ:

VI

Արդեն երեք տարի էր, որ ես ծառայում էի աղա Գուլամյանցների մագազինում: Գործերս վատ չէին գնում: Եվ արդեն գրավել էի Մակար աղայի հավատարմությունն և օրեցօր ավելի ու ավելի բարձրանում էի նրա աչքում: Մանրավաճառ Թորոսի խոսքերի նշանակությունը փոքր առ փոքր սկսում էի հասկանալ, նրա տված խրատն ինձ օգնում էր: Այնտեղ, ուր հարկավոր էր խորամանկությունես խորամանկ էի, ուր հարկավոր էր միամտությունես միամիտ էի: Ուր հարկավոր էր կեղծավորություն և շողոքորթությունես կեղծավորող և շողոքորթող էի, ինչպես պարսիկ, ուր հարկավոր էր ստախոսությունես սուտ էի ասում, ինչպես մի հմայող: Մի խոսքով, ես հնազանդվում էի ամեն մի դեպքում հանգամանքներին և իմ ամեն մի քայլն անում էի վերջինների համեմատ, միայն թե կարողանայի առաջանալ Մակար աղայի մոտ, միայն թե ձեռք բերեի նրա վստահությունը:

Հասել էին այն ուրախ օրերն, երբ Մակար աղան պիտի ամուսնանար: Մի քանի ամիս առաջ արդեն սկսել էինք պատրաստություններ տեսնել այդ նշանավոր օրվա, համար: Այդ օրերն ես այնքան զբաղված էի, որ, ինչպես ասում են, քիթ սրբելու ժամանակ չունեի: Իմ գործերը շատացել էին թե տան և թե՛ մագազինում: Ամենքն ինձ էին հանձնարարություններ անում, և ես կատարելապես թևեր էի առել ու թռչում էի ամեն կողմ, ուր ուղարկում էին ինձ: «Խաչի, գնա բազար, այնինչ բանը գնիր»: — «Այս րոպեիս աղա», և Խաչին մի վայրկյանում անհետանում էր աղայի հրամանն անհապաղ կատարելու: «Խաչի, վազ տուր մագազինից այսինչ կտորը բեր»: — Մակար աղան դեռ խոսքը չավարտած, Խաչին արդեն ճանապարհ է ընկել:

Այդ միջոցներին Մակար աղան գտնվում էր ուրախ տրամադրության մեջ: Նա ամենքի հետ քաղցրությամբ էր վարվում, ամենքի հետ խոսում էր կակղությամբ, նամանավանդ ինձ հետ: Մյուս գործակատարների դեպի ինձ ունեցած նախանձին չափ չկար, ես դառել էի մի փուշ և ծակում էի նրանց աչքերը: Ամենքը նախանձում էին մանավանդ նրա համար, որ ես աղա Գուլամյանցների ընտանիքում ընդունվում էի ինչպես նրա անդամներից մեկը, իսկ իրանք ամսենը մի անգամ հազիվ ոտք էին դնում այնտեղ:

Մակար աղան պիտի պսակվեր Շ... քաղաքի մի հարուստ դրամատիրոջ աղջկա հետ. Այն աղքատ աղջիկը, որի հետ նա առաջ ուզում էր նշանվել և որի մասին միջնորդություն էր անում տեր-Վահակը, մեռել էր:

Թե ինչ էր Մակար աղայի հարսանիքը, որքան շքեղ էր և ինչքան ծախս եղավայս մասին ես ավելորդ եմ համարում գրել իմ հիշատակարանում: Բավական է միայն ասել, որ խրախճանը շարունակվեց ուղիղ հինգ օր, և քաղաքում մարդ չմնաց, որ չհրավիրվեր հարսանիք: Մի օր Մակար աղան ճաշկերույթ տվեց առանձնապես հասարակության բարձր դասակարգին, երկրորդ օրըմիջին և ստոր դասակարգերին, երրորդ օրըռուսներին, չորրորդ օրըյուր ընկերակիցներին: Եվ այդ հինգ օրվա ընթացքում ես այնքան աշխատել էի, այնքան այս ու այն կողմն էի վազվզել, որ հետո երկու օր հոգնածութենից սենյակիցս դուրս գալ չկարողացա:

Այսպես թե այնպես, ինձ համար խիստ ուրախ անցան հարսանիքի օրերը: Ես մինչև անգամ զգում էի ինձ հարսանիքի հերոսներից մեկը. Մի անձն, որով իմ ուշք ու միտքն այդ օրերը չափաղանց զբաղված էինԹամարն էր, որի հետ ամեն օր և ամեն ժամ առիթ ունեի խոսալու: Թամարը, հասակ առնելով, կրկնապատիկ գեղեցկացել էր: Մարդ եմ ասում, այն էլ ինձ նման 2021 տարեկան թարմ երիտասարդ, որ անտարբեր լիներ: Նայելով նրա առույգ և կարմրախայտ թշերին, սև ու կրակոտ աչքերին, նայելով շագանակագույն խիտ մազերին, որոնք թափվելով նրա բարձր ուսերի վրա հասնում էին մինչև մանիշակագույն ատլասյա հագստի վրա կապած ոսկե գոտին, նայելով նրա գեղեցիկ ոսկե մեդալյոնով զարդարված բարձր կրծքինխոստովանում եմ, ամեն անգամ սիրտս ժամացույցի նման չխչխկում էր: Ես հազիվհազ կարողանում էի զսպել ինձ, որպեսզի չհարձակվեմ նրա վրեն և չգրկեմ:

Հարսանիքի օրերը կանանց դասակարգը, ինչպես ընդունված էր տեղական հասարակության մեջ, չէր խառնվում տղամարդկանց հետ: Նա, բոլորովին անջատված, շարունակում էր զվարճությունը առանձին սենյակներում ուր ոչ մի տղամարդ չէր համարձակվիլ ոտք դնել: Սակայն աղա Գուլամյանցների ընտանիքի վստահությունն ես այնքան գրավել էի, որ առանց որևէ արգելքի, համարձակորեն, իբրև մեկն ընտանիքի անդամներից, մտնում էի կանանց դասի մեջ: Օգտվելով այս արտոնութենից, որ կրկնապատկում էր մյուս գործակատարների նախանձն, ես ամեն րոպե կարողանում էի հանդիպել Թամարին: Պետք է ասած, որ Թամարը, չնայելով մեր դիրքերի տարբերությանը, բոլորովին գոռոզ չէր նայում ինձ վրա: Իսկ ես, իհարկե, օգուտ քաղելով նրա պարզ բնավորութենից, ստեպ-ստեպ մոտենում էի նրան և խոսեցնում, ամենաչնչին առիթներ գտնելով:

Երբ մտիկ էի անում նրա գրավիչ դեմքին, իմ գլխում հազար տեսակի մտքեր էին ծագում, իմ ֆանտազիան գրգռվում էր, և ես դարձյալ իմ երևակայության մեջ սկսում էի կառուցանել օդային ամրոցներ: «Երանի այն բախտավոր մարդուն, մտածում էի, որը պիտի դառնա քո տերը, Թամար: Բայց ո՞վ պետք է լինի այդ մարդը: Իհարկե, քաղաքի հարուստներից մեկը կամ ծերացած և մազերը սպիտակած մի տգեղ դրամատեր, որը կտանի քեզ նման գեղեցիկ և թարմ օրիորդին, որպեսզի մի քանի տարում քեզ էլ իրան պես պառավեցնի: Ախ ոսկի, ոսկի, ինչե՛ր չես անում դու, քո ձեռքովդ ի՞նչ հնարներ չեն անցնում: Ինչ կլիներ, որ ես էլ ունենայի քեզ, որ այսօր կարողանայի համարձակորեն մտածել Թամարի նման օրիորդի մասին: Բայց մի՞թե առանց հարստության չի կարելի հույս դնել, միթե աղա Գուլամյանցները, եթե ուզենան, չե՞ն կարող ինձ բախտավորեցնել: Միթե, եթե ուզենան, չե՞ն կարող ինձ մի օրում հարստացնել: Ի՞նչ կպակասի նրանց, եթե իրանց ահագին հարստության մի մասը տան ինձ և Թամարին էլ պսակեն ինձ հետ, ասելով. «տար, Խաչի, ապրիր և զվարճացիր»: Այո, եթե ուզենան, կարող են անել, իսկ ես Թամարի համար ուրիշներից վատ ամուսին չէի լինիլ: Փառք աստուծո, ի՛նչ բան է պակաս ինձ, բացի հարստութենից: Ինքս ջահել, խելոք տղա, դեմքով գեղեցիկ, մարմնով առողջ, գործ կատարելում աշխույժ և ժիր: Թող ինձ մի գումար տան և կտեսնեն, թե ես ինչպես կշահեցնեմ նրան և ինչպիսի վաճառական կդառնամ: Մի տարում կկրկնապատկեմ, կեռապատկեմ այդ գումարը, կգրավեմ Ռուսաստանի բոլոր վաճառականների հավատարմությունն և, մեծ քանակությամբ նրանցից ապառիկ ապրանքներ բերելով այստեղ, օրեցօր կընդարձակեմ իմ առուտուրի շրջանն և այնուհետև թող մի հատ վաճառական դուրս գա և ինձ հետ համարձակվի մրցել: Կփախցնեմ մի քանի տարում վաճառականական ասպարեզից նրանց ամենքին և ինքս միայն կմնամ այնտեղ: Իսկ Թամարը կապրի ինչպես թագուհի...

Այս երևակայությունից հետո, սթափվելով, սկսում էի մտածել, թե հիրավի չի՞ կարելի արդյոք մի կերպ Թամարին տիրանալ: Չկա՞ն, արդյոք, այնպիսի խորամանկություններ, որոնց միջոցով հնար լիներ այդ թեև դժվար, բայց ոչ անիրագործելի նպատակին հասնել:

Իմ գլուխն ողորմելի գլուխներից չէր: Ես հավատացած էի, որ նա ընդունակ է ստեղծել հազար տեսակի ծրագրներ իմ հանդուգն ցանկությանը կատարումն տալու համար: Բայց ժամանակը շատ կարճ էր: Թամարի 17 տարին լրացած էր. նրա մարդու գնալու ժամանակը հասել էր, այսօր կամ վաղը կարող էր մեկը նշանվել նրա հետ: Արդեն քաղաքում խոսում էին նրա մասին: Այս միտքը սկսեց ինձ խիստ զբաղեցնել, և ես գիշեր-ցերեկ տանջվում էի: Աշխատում էի հնարել զանազան մեքենայություններ, որոնց միջոցով կարողանայի կողմնակի կերպով արգելել Թամարի մարդու գնալը, մինչև որ տեսնեի թե իմ վերջն աղա Գուլամյանցների մոտ ինչպես է լինում: Հարսանիքից հետո, երբ Թամարը բոլորովին գրավել էր իմ սիրտը, ես րոպե անգամ չէի դադարում նրա մասին մտածելուց: Վերջապես, գլխումս հղացավ մի միտք, որ և սկսեց ընդդիմադրել իմ հուսահատության:

Հանդուգն և հանցավոր էր այդ միտքը, իմ կողմից հարկավոր էր մեծ զգուշություն և համարձակություն նրան իրագործելու համար, սակայն ինձ համար այդ միևնույնն էր: Ես երբեք ինձ նեղություն չտվեցի մտածելու, թե որքան չար և սատանայական էր այդ միտքը, ըստ որում ես արդեն հասել էի այն աստիճանին, որ իմ նպատակն արդարացնում էր ամեն տեսակի միջոցներ, թեկուզ այդ միջոցները լինեին ստոր և անազնիվ: Ես տեսնում էի, որ ուղիղ ճանապարհով դժվար է հասնել այն նպատակին, որի իրագործումը մի անգամ ընդմիշտ պիտի ապահովեր իմ կյանքը: Ուրեմն, ինչո՞ւ չգնալ ծուռ ճանապարհով, քանի որ կարող եմ հասնել բախտավոր և նախանձելի ապագայի: Գործի՛ր, Խաչի...

VII

Անցան մի քանի ամիսներ հիշյալ միտքն իմ մեջ հղանալու օրից: Մի օր Մակար աղան ինձ կանչեց դարձյալ յուր առանձնասենյակը:

Խաչի, — դարձավ նա ինձ, — դու պիտի վաղը ճանապարհ ընկնես Բաքու և այսուհետև կծառայես այնտեղ, իհարկե, էլի մեր գործերում: Կգնա՞ս:

Ինչպես կարող եմ համարձակվել ձեր հրամանը չկատարելու, թեկուզ դժոխք էլ ուղարկեք, դարձյալ պատրաստ եմ գնալու, միայն թե ձեր հրամանը կատարվի:

Շատ ապրես, որդի, վատ տղա չես, Խաչի, և հենց դրա համար էլ ուզում եմ քեզ և ոչ ուրիշին ուղարկել: Դու այնտեղ կլինես իմ եղբորԱբրահամ աղայիձեռքի տակ և պիտի կառավարես այնտեղի բոլոր մեր գործերը, մյուս գործակատարները քո ձեռքի տակ կլինին: Լսո՞ւմ ես:

Շատ շնորհակալ եմ, աստված ձեր հարստությունը հազար անգամ ավելացնի:

Այդ պաշտոնը մեծ պաշտոն է հա, դու պետք է շատ զգույշ լինիս նրանում: Բաքվի գործերն այստեղի գործերի նման չեն: Դու պետք է կառավարես նավթային հանքերը, ֆոտոգենի գործարանը, գրասենյակն և, բացի դրանից, մեր նոր շինություններին էլ հսկես:

Կաշխատեմ ամոթալի չմնար

Մտիկ արա, լավ ծառայիր. եղբայրս էլ ինձ նման բարկացող և խստաբարո մարդ է, նա էլ, ինչպես ես, չի սիրում յուր ասածը կրկնել: Դու պիտի այնպես վարվես նրա հետ, որ նրան չբարկացնես, եթե ոչ քեզ մի օր անգամ չի պահիլ: Դու չպիտի մազի չափ նրա հրամաններից շեղվես: Լսո՞ւմ ես:

Ես կլինեմ Աբրահամ աղայի ստրուկը, ինչպես նա կհրամայի, այնպես էլ կվարվեմ: Ես ձեր ծառան եմ, ձեր հացն եմ ուտում. ստրուկն ի՞նչ իրավունք ունե յուր տիրոջ հրամաններից շեղվել:

Մակար աղան մի քանի րոպե լռեց, մտածողության մեջ ընկնելով:

Խաչի, — շարունակեց նա հանկարծ, կարծես, ծանր քնից սթափվելով:

Հրամայեցե՛ք, աղա:

Դու ինձ շա՞տ ես սիրում:

Ավելի, քան թե ծնողներիս, ես վերև աստծուն եմ պաշտում, ներքև՝ ձեզ:

Ինչ որ հրամայեմ կկատարե՞ս:

Հրամայեցեք խեղդվելնույն րոպեին կխեղդվեմ, հրամայեցեք ջուրն ընկնելնույն րոպեին ջուրը կընկնեմ, միայն թե ձեր հրամանը կատարվի:

Մի բան հարցնեմ, ճշմարի՞տը կպատասխանես:

Աղա, այդ ինչ խոսք է, որ դուք հրամայում եք: Միթե երբևիցե ես ձեր ասածներին սուտ պատասխաններ տվե՞լ եմ, որ դուք այժմ կասկածում եք:

Շատ լավ. բայց վախենում եմ, որ այս անգամ սուտ ասես:

Էլ ինչ ասեմ, աղա, հարցրեք ու փորձեք:

Խաչի, դու մեր Թամարի հետ խոսո՞ւմ ես:

Ինչո՞ւ չէ, չորս տարի ձեր տանը ծառայում եմ, ինչպես կարելի էր, որ այդքան ժամանակ նրա հետ չխոսեի:

Ինչ ես խոսում նրա հետ:

Ի՞նչ պետք է խոսի ծառան խանումի հետ. նա ինձ հրամաններ և պատվերներ է տալիս, իսկ ես կատարում եմ:

Բացի դրանից, ձեր մեջ ուրիշ խոսակցություն չի՞ եղել:

Ծառայի և նրա խանումի մեջ չգիտեմ էլ ուրիշ ինչ խոսակցություն կարող է լինել:

Շուտ-շո՞ւտ ես տեսնվել Թամարի հետ:

Տեսնվել ենք երբ որ նրան հարկավոր է եղել ինձ մի հրաման տալու:

Այդ ժամանակները նա քեզ հետ երկա՞ր է խոսել, թե՞ միայն հրամաններ է տվել:

Բացի հրամաններից ուրիշ ոչինչ բանի մասին ինձ հետ չի խոսել:

Ճշմարի՞տն ես ասում:

Թող աստուծո կրակն իմ գլխին թափվի, եթե ես ձեր առջև սուտ եմ խոսում: Բայց, աղա, ես չեմ հասկանում, թե ինչո՞ւ համար եք այդպիսի հարցեր տալիս ինձ:

Ոչինչ, այդ քո գործը չէ:

Մակար աղան լռեց և կրկին մտածողության մեջ ընկավ: Նա ձեռները դարսեց մեջքին, ճակատը դարձյալ կնճռոտեց, հոնքերը քաշ արավ: Պարզ էր, որ մի միտք էլի նրան հուզում էր: Նա բարկացած էր:

Գնա՛, շորերդ կապիր և պատրաստվիր, որ առավոտը վաղ ճանապարհ ընկնես:

Ես գլուխ տվեցի և հեռացա իմ սենյակը: Թե ինչ պատճառով էր Մակար աղան ինձ Բաքու ուղարկում և ինչու համար էր այդ հարցն ու փորձն անումայս մասին երկար չմտածեցի: Հենց նրա առաջին խոսքերից ես իսկույն հասկացա, թե բանն ինչումն է: Իմ սատանայական միտքն արդեն յուր հետևանքները ցույց էր տալիս:

Շորերս կապկպելու համար բավական եղավ միայն մի ժամ, հետո ես ընկա անկողին քնելու, որ առավոտը վաղ զարթնեմ, բայց քունը փախավ աչքերիցս: Ես երկար ժամանակ անկողնիս մեջ տրորվում էի այս ու այն կողմ, չկարողանալով աչքերս անգամ փակել: Ինձ չարչարում էր այն միտքը, որ Շ... քաղաքից հեռանալով այլևս չպիտի տեսնեի Թամարին:

Այն սենյակը, ուր գիշերում էի, ծառաների սենյակից բաժանված էր մի բարակ տախտակյա միջնապատով: Իմ մահճակալը դրած էր այդ միջնապատի տակ: Ծառաները սովորություն ունեին առհասարակ գիշերները ուշ քնել: Նրանք իրանց գործերը վերջացնելուց հետո հավաքվում էին միասին և սկսում զրույց անել գրեթե մինչև գիշերվա կեսը: Սովորաբար նրանց խոսակցության նյութը լինում էին աղա Գուլամյանցների ընտանեկան և առևտրական գործերը: Ճրագը հանգցրել էի, որ գոնե մութ տեղ կարողանամ քնել, բայց իզուրքունը ինձանից փախչում էր: Ճարահատյալ, ժամանակս անցկացնելու համար, ականջս դեմ տվեցի տախտակի միջնապատի ճեղքերից մեկին և սկսեցի լսել ծառաների խոսակցությունը: Անօգուտ բան չէր:

Ինչ ուզում ես, ասա, Գալուստ, Խաչին շատ խորամանկ տղա է:

Լսելով անունս, շատ հետաքրքրվեցի և, ականջս ավելի մոտ սեղմելով ճեղքին, շունչս հավաքած, սպասում էի, թե ինչ են խոսելու իմ մասին:

Բայց Թամար խանումը այնպիսի աղջիկ չէ, որ շուտ խաբվի, — ասաց ծառաներից մեկը:

Ինչքան էլ խելոք լինի, Խաչիի ձեռքից չի կարող պրծնել:

Ես էլ չեմ հավատում, որ դրուստ է ասածդ:

Չես ուզում, մի հավատար, բայց ամբողջ քաղաքն է խոսում այժմ: Մի քանի ամիս սրանից առաջ դու ինքդ տեսնում էիր, թե քանի տեղերից էին առաջարկություններ անում, այժմ ոչ ոք չի ուզում մոտենալ: Հենց սրանից կարող ես իմանալ, որ ամենը, ինչ որ խոսում են, ճշմարիտ է: Չէ, անիրավը խեղճ աղջկա անունը լավ խայտառակեց քաղաքում:

Թեկուզ ամբողջ աշխարհը խոսի, ես էլի չեմ կարող հավատալ: Թամարին ես լավ եմ ճանաչում, նա այնքան զգույշ աղջիկ է, որ հազար Խաչիներ միասին հավաքվելով, չեն կարող նրան խելքից հանել: Ես կարծում եմ, որ այդ սուտ լուրն ինքը Խաչին է տարածել:

Ի՞նչ օգուտ ունի Խաչին այդպիսի սուտ լուրեր տարածելուց:

Ինչ օգո՞ւտ: Այ լսի՛ր. Խաչին Թամարի համար հոգի է տալիս, բայց շատ լավ գիտե, որ ռեխը բան չի ընկնիլ: Ահա նա լուր է տարածել, թե իբր Թամարը սիրահարված է յուր վրա, իբր վաղուց արդեն պաչպչվում են և այլն, հասկանո՞ւմ ես: Էհ, քաղաքը կիմանա այս բանը, էլ ո՞վ կմոտենա խեղճ աղջկան: Աղա Գուլամյանցները կտեսնեն, որ իրանց աղջկա անունը կոտրվել է: Ճարահատված կվերցնեն ու կտան Խաչիին:

Следующая страница