Շիրվանզադե Ալեքսանդր՝   Պատմվածքներ և վիպակներ

Օհո, օհո, տես որտեղից է բռնել անիրավը, — գոչեցինմիաբերան մյուս ծառաները:

Այ թե ինչու համար է Մակար աղան նրան այստեղից հեռացնում:

Ուշ է, բանը վերջացած է: Թամարի քարն արդեն հորի մեջ է ընկել և միայն Խաչին կարող է հանել նրան:

Ծառաները լռեցին:

«Կեցցե՛ս, յորղա Խաշի, կեցցե՛ս, — գոչեցի ես մտքումս, — տնկած ծառդ սկսում է պտուղ տալ: Վնաս չունի, որ Թամարից հեռացնում են քեզ: Ուշ է: Այժմ այլևս ոչ ոք չի կամենալ Թամարին մոտենալ և յուր անունը խայտառակել: Ո՞վ կհամաձայնվի թքած պատառը կուլ տալ»:

Վերմակը քաշեցի գլխիս և հանգիստ քնեցի մինչև առավոտ:

VIII

Բաքուն, ծովեզրյա այդ նորածաղկ արդյունաբերական քաղաքը, նավթային արդյունաբերության շնորհիվ, այն ժամանակ արդեն Անդրկովկասյան երկրի առևտրական կենտրոններից մեկն էր: Իհարկե, զարմանալի կլիներ, եթե աղա Գուլամյանցների նման ճարպիկ վաճառականները գործ չսկսեին այնտեղ:

Աբրահամ աղան այն թմրած հայ վաճառականներից չէր, որոնք իրանց քթի տակ եղած հարստությունները չեն նկատում: Նա մի քիչ ավելի բարձր էր իր հեռատեսությամբ, քան ասիացի, թեև ոչ այնքան զարգացած, որչափ նույնիսկ մի միջակ եվրոպացի վաճառական:

Այս պատճառով բնավ չզարմացա, երբ, հասնելով Բաքու, հանդիպեցի աղա Գուլամյանցների այնպիսի գործերին, որոնց համեմատ Շ. քաղաքի առևտուրը խաղալիք էր:

Այստեղ նրանք ունեին բավական մեծ քանակությամբ նավթահողեր, երկու հանք, մի ահագին նավթագործարան, մի տակառագործարան և մի քանի նոր շինություններ, որոնք Բաքվի մեջ առաջնակարգ տեղ պիտի բռնեին: Ճշմարիտը խոստովանած, առաջին անգամ մտնելով այդպիսի մեծ գործերի մեջ, մի տեսակ երկյուղ զգացի, որ միգուցե չկարողանամ կառավարիլ և Աբրահամ աղան, տեսնելով իմ անընդունակությունը, արտաքսի, թողնելով ինձ, ինչպես ասում են, չոր տափի վրա: Բայց մտաբերելով իմ մինչև այդ ժամանակ ունեցած հաջողությունները, չվհատվեցի և աստուծո անունը տալով (նեղ ընկած ժամանակ ես դիմում էի նրան), սկսեցի գործել:

Սկզբում Աբրահամ աղան ինձ հետ վարվում էր մի փոքր մեղմ, այնպես, որ ես կարծեցի, թե նա ավելի համբերող մարդ պիտի լինի, քան Մակար աղան: Բայց հետո մի բանում նկատելով մի չնչին սխալ, նա այնպես փոխվեց և կատաղեց ինձ վրա, որ ես իսկույն հասկացա, թե ինչ տեսակ մարդու հետ գործ ունիմ:

Քանի որ Աբրահամ աղան Բաքու էր գտնվում, ես գործերի կառավարության մեջ կատարում էի երկրորդական դեր, իսկ երբ նա ճանապարհվում էր Ռուսաստան, իմ գործերը բազմապատկվում էին, ես դառնում էի լիակատար կառավարիչ: Հարկավոր էր մեծ հավատարմություն գործակատարի կողմից, որ աղա Գուլամյանցների նման զգույշ և խորատես մարդիկ հանձնեին նրան այդ գործերի կառավարությունը, ուր գործակատարը, եթե ուզենար, կարող էր նրանց գլխին լավ օյիններ բերել:

Ես ընդունում էի Ռուսաստանից եկած փողերը և հանձնում բանկը, կառավարում էի ֆոտոգենի գործարանը, հանքերը, տները և այլն, Բաժանում էի գործակատարների, մշակների և արհեստավորների ռոճիկներն ու վարձերը: Մի խոսքով, ամեն ինչ իմ ձեռքումն էր:

Նավթային առուտուրի հաջող տարիներն էին: Աղա Գուլամյանցները ճանապարհում էին Ռուսաստան մեծ քանակաթյամբ ֆոտոգեն: Իմ շահասիրական ծարավը հագեցնելու համար պաշտոնս մի շատ հարմար ասպարեզ էր:

«Շատ հիմար մարդ կլինիս, Խաչի, եթե բաց թողնես այսպիսի հաջող հանգամանքները: Մի պատրաստի, քանդված, ոսկե հոր է աղա Գուլամյանցների գործը քեզ համար, օգտվիր դեպքով և քանի որ այս հորի մեջ ես, աշխատիր որքան կարելի է գրպանդ ամուր լեցնել»: Բայց ինչպես լեցնեի գրպանս, որ աղա Գուլամյանցները չիմանային: Մեծ անհեռատեսություն կլիներ իմ կողմից, եթե ես, հափշտակվելով հարմար առիթից, բանս դրստեի միանգամից, որովհետև աչքի առաջ ունեի մի ուրիշ նպատակ ևս. ես ցանկանում էի Թամարին ձեռքից բաց չթողնել: Աղա Գուլամյանցներին փեսա լինելը խիստ գրգռում էր իմ ինքնասիրությունը: «Լավն այն է ոչխարին այնպես կոտել, որ նրան զգալի չլինի. հարկավոր է մկրատը զգուշությամբ բանեցնել և թույլ չտալ, որ նա հասնի մինչև կաշին, եթե ոչ, Խաչի, անզգուշությունը կհասցնե քեզ վատ հետևանքների», — ասացի ինքս ինձ:

Միջոցներ շատ կային, ես նրանցից ընտրեցի այնպիսիները, որոնք հեշտ և ձեռնտու էին: Ամսական մի անգամ ես բաժանում էի տակառագործների վարձն և մշակների ռոճիկները: Ոչինչ այնքան հեշտ չէր, որքան սրանց հաշիվների մեջ խառնակություն մտցնելը: Ես աղա Գուլամյանցների տված իմ ամսական հաշիվների մեջ ցույց էի տալիս մի մշակի փոխարեն երկուսը, ավելացնում էի տակառների գինը: Գործակատարական բարբառով հաշիվների մեջ այդ կոչվում է «վերադիր», և ես, ամեն անգամ «վերադիր» անելով, երկու տարուց հետո հաշվեցի և տեսա, որ ինձ մոտ գոյացել է մի նշանավոր դրամագլուխ, որով կարող էի բոլորովին հեռանալ աղա Գուլամյանցներից և ինքնուրույն վաճառական դառնալ: Սակայն ես չշտապեցի: Հարկավոր էր առաջ գնալ, մի անգամ արդեն սկսել էի, այլևս հետ կանգնելն ինձ համար անհնարին էր: Մանրավաճառ Թորոսի ասած գաղտնիքն այլևս ինձ համար պարզվել էր:

Բայց հանկարծ իմ վիճակը դարձյալ փոխվեց. մի օր Աբրահամ աղան ինձ հրավիրեց յուր մոտ և հայտնեց, թե ես պիտի գնամ նրա հետ Ռուսաստան: Այս տեղափոխության պատճառը գիտեի ինչն էր: Աղա Գուլամյանցների ընտանիքն եկել էր Բաքու: Ինձ հեռացնում էին Թամարից, որի մասին իմ տարածած լուրը քանի գնում այնքան զորություն էր ստանում, չնայելով, որ երկու տարի էր նրան՝ չէի տեսնում: Այս անգամ ևս ես հնաղանդվեցի Աբրահամ աղայի հրամանին և մի գեղեցիկ օր ճանապարհվեցի նրա հետ Ռուսաստան: Փույթ չէ, — ասացի ինքս ինձ, — ես Թամարի վարկն այնպես չեմ գցել նրա, անունն այնպես չեմ խայտառակել, որ մեկը վստահանա նրան մատենալ: Ինչ կուզեն, թող անեն Գուլամյանցները, վերջ ի վերջո Թամարն իմն է:

IX

Խաչի, — ասաց ինձ Մոսկվայում Աբրահամ աղան ուրախ ժամանակը, — քանի՞ տարի է, որ մեզ մոտ ծառայում ես:

Արդեն յոթերորդ տարին է:

Այդ յոթ տարում դու քանի՞ անգամ ես մեզանից փող ստացել:

Չորս անգամ Մակար աղայից եմ ստացել` երկու երկու հարյուրական ռուբլի, երկու անգամ էլ ձեզանից` հինգ հարյուր ռուբլի, ընդամենը հազար երեք հարյուր ռուբլի:

Ի՞նչ ես արել այդ փողերը:

Ուղարկել եմ հորս:

Այդ յոթ տարում ուրեմն այդքա՞ն ռոճիկ ես ստացել մեզանից:

Այո՛:

Քո ծնողներն աղքթա՞տ են:

Իմ ռոճիկն է միայն նրանց եկամուտը:

Ուրեմն շա՞տ աղքատ են ապրում:

Շատ աղքատ: Ծերության հասակում շատ օրեր քաղցած են անցկացնում: Բայց ի՞նչ պետք է արած, աղա, աստուծո կամքն է, երևի՛, նրանց ճակատին լավ ապրուստ չի գրված:

Աբթահամ աղան ձեռը տարեց գրպանն և ահագին պորտմոնեն հանեց:

Առ այս հազար մանեթը, — ասաց նա, հանելով տասը հատ կանաչ կարմիրանոցներ և դնելով իմ առջև, սեղանի վրա:

Նախ և առաջ քեզ համար մի երկու ձեռք լավ հագուստ գնիր: Քո այժմյան հագուստը շատ հին է և կեղտոտ. մեր անվան համար լավ չէ, որ դու այդպես վատ ես հագնվում: Իսկ մնացյալն ուղարկիր հորդ:

Աստված ձեր կարողությունը տասն անգամ ավելացնի, թող նա ձեզ միշտ իմ գլխին տեր պահի, որ ես էլ ձեր շվաքում ապրել կարողանամ:

Բայց լավ ծառայիր, խարդախություն չանե՛ս իմ գործերում:

Թո՛ղ ձեր հացն իմ աչքերը կուրացնի, թե ես մինչև օրս մտածել եմ կամ այսուհետև պիտի մտածեմ ձեր կամ ձեր շահերի դեմ: Երկնքում աստված, ներքև դուք եք ինձ համար. իմ խիղճն ի՞նչպես թույլ կտա ձեր դեմ խարդախություն անել:

Լա՛վ, գնա՛:

Որպեսզի իմ շնորհակալությունն ավելի զգալի կերպով արտահայտեմ Աբրահամ աղային, ես չոքեցի նրա առջև և մի քանի անգամ համբուրեց նրա սերտուկի փեշերն և կոշիկների ծայրը: Աբրահամ աղան չընդդիմացավ այս բանին: — Զեր ոտը դրած տեղը թող իմ գլուխը լինի, — ասացի ես ճիշտ արևելյան կեղծավորությամբ, ձայնս դողացնելով, որպես թե զգացմունքից հուզված եմ:

Շա՛տ ապրես, լավ է, վե՛ր կաց, միշտ այդպես երախտագետ եղիր աղաներիդ: Իսկի չմոռանաս այն մարդկանց լավությունը, որոնք քեզ պահպանում են և պաշտպանում:

Թող աստված ինձ մոռանա և իմ գլխին կրակ թափի, եթե ես երբևիցե մոռանամ ձեր լավությունները:

Բավական է, գնա այժմ գործիդ:

Ես կրկին անգամ չոքեցի Աբրահամ աղայի առջև և կոշիկները համբուրեցի, հետո, վեր կենալով ու հետուհետ գնալով, դուրս եկա նրա սենյակից:

— «Խաչի, — ասացի ինքս ինձ, պառկելով անկողնում այդ երեկո, — բախտն երեսիդ ծիծաղում է: Աղա Գուլամյանցներին կուրացրել ես, մանրավաճառ Թորոսի խոսքերը կատարվում են, դու արդեն մտել ես նրանց գրպանը: Այժմ քեզ պակաս է միայն Թամարը. եթե նրան էլ ճանկես, այն մամանակ քո մի քանի տարի առաջ երևակայած փառավար ապագան այլևս իրականացված է: Ուրեմն, շարունակիր: Խորամանկությունը և շողոքորթությունը զորեղ միջոցներ են, նրանք օգնել են քեզ մինչև այսօր, կօգնեն այսուհետև էլ, մի՛ բաց թողնիր ձեռքիցդ այդ միջոցները:

X

Արդեն երեք տարի էր, որ ես Ռուսաստան էի գտնվում: Թե ինչպես անցկացրի իմ ժամանակն այդ երեք տարվա ընթացքումայս կլիներ մի երկար պատմություն, եթե գրեի իմ հիշատակարանում: Այսքանը միայն կասեմ, որ իմ կյանքը շատ ուրախ և զվարճալի էր անցնում Ռուսաստանում, երբ Աբրահամ աղան այնտեղ չէր լինում: Այդ ժամանակ ես ո՛ր քաղաք որ գնում էի, ամենաառաջին հյուրանոցումն էի իջնում, ամենաթանկագին և ամենաընտիր կերակուրներն էի ուտում, ամենանուրբ եվրոպական խմիչքներն էի խմում: Գիշերները մինչև լույս անց էի կացնում զանաղան զվարճատեղերումթատրոնում, օպերայում, ցիրկերում, իսկ մեծ մասամբ կոֆեշանտաններում: Քիչ փող չեմ ծախսել այդ միջոցներին կանանց վրա: Պատահել է, որ այս կամ այն ինձ նման գործակատարի ձեռքից նրա սիրեցյալ տարփածուին ջգրու խլելու համար չեմ խնայել հազարներ: Մի խոսքով, այդ երեք տարին ես անց եմ կացրել իմ կյանքում շատ շքեղ և շատ ուրախ, իմ օրերը սահում էին աննկատելի կերպով, ես ինձ զգում էի դրախտի մեջ: Փողի մասին մտածել չկար, աղա Գուլամյանցների գրպանն ինձ համար բաց էր:

Իսկ երբ Աբրահամ աղան գալիս էր, ես իսկույն հագուստս էլ, բնակարանս էլ, ուտելխմելս էլ փոխում էի և սկսում էի չափավոր կյանք վարել, որպեսզի համեստությունս ցույց տամ նրան:

Այսպես անցան առաջին երեք տարիները, մինչև որ պատահեց մի անսպասելի դեպք, որը դարձյալ փոփոխության ենթարկեց իմ վիճակը: Առուտուրի խառը ժամանակն էր, ես գտնվում էի ՆիժնիՆովգորոդյան տոնավաճառում, իսկ Աբրահամ աղան՝ Մոսկվայում: Մի օր հանկարծ ստացա Մոսկվայից մի հեռագիր, թե Աբրահամ աղան մահամերձ հիվանդ է և պահանջում է ինձ: Ես նույն օրն ևեթ ճանապարհվեցի, թողնելով բոլոր գործերը տակն ու վրա:

Աբրահամ աղային ես իսկապես գտա մահամերձ դրության մեջ:

Այդ ի՞նչ է պատահել ձեզ, աղա, ի՞նչ քամբախտություն հասցրեց ինձ աստված, — գոռացի ես լացի ձայնով, ընկնելով նրա մահճակալի վրա և համբուրելով նրա ճակատը:

Խաչի, մեռնում եմ, — պատասխանեց նա թույլ ձայնով:

«Ջհաննամը որ մեռնում ես, մի քիչ էլ վաղ պիտի մեռնեիր», — ասացի ես մտքումս:

Աստված ոչ անի, ի՞նչ ես ասում, աղա:

ՉԷ, մեռնում եմ, Խաչի, այն անխղճմտանքը տունս քանդեց, — շարունակեց Աբրահամ աղան տնքտնքալով, գլուխը բարձրացնելով բարձի վրայից:

Ո՞վ է ձեր տունը քանդել, աղա, ի՞նչ եք հրամայում, — հարցրի ես զարմացած:

Հրեա Շաբաթը տունս քանդեց, նա՛... քառասուն հազար... քառասուն հազար... ա՛խ...

Աբրահամ աղան չկարողացավ ավարտել յուր խոսքը, նրա թուլացած գլուխն ընկավ կրկին բարձի վրա: Ես նկատեցի նրա աչքերում արտասուք:

Ի՞նչ քառասուն հազար աղա, ասացեք, տեսնեմ ի՞նչ է արել անիրավ Շաբաթը:

Փողերս կուլ է տալիս... հաշա է անում... ասում է պարտական չեմ:

Ի՞նչ փողեր:

Այս տարվա ֆոտոգենի փողերը, ասում է տվել եմ Խաչիին, կերավ այն անխղճմտանքը... էն, էն...

Մի փոքր միջոցից հետո եկավ բժիշկը, ես նրանից հարցրի ինչ է Աբրահամ աղայի հանկարծակի հիվանդության պատճառը:

Կաթված, — պատասխանեց բժիշկը կարճ ու կտրական:

Հույս կա՞ որ առողջանա:

Հազիվ թե մինչև երեկո ապրի:

«Աստված տա, որ չապրի», — ասացի մտքումս խորը հառաչելով: Բժիշկն, իհարկե, այնպես իմացավ, որ ես ցավալուց եմ հառաչում:

Խաչի, — դարձավ ինձ Աբրահամ աղան բժշկի հեռանալուց հետո:

Հրամայեցե՛ք, աղա:

Ես մեռնում եմ, ների՛ր ինձ, ես քեզ շատ եմ նեղացրել, շատ եմ չարչարել, զուր տեղը շատ եմ հայհոյել, հիշոցներ տվել, ես մեղավոր եմ, ների՛ր...

Ի՞նչ եք հրամայում, աղա, ես ինչ մարդ եմ, որ դուք ինձանից ներողություն եք խնդրում:

Չէ՛, ներիր... ներիր. ես քեզ կենդանու նման չարչարել եմ, ես քեզ երբեք մարդու տեղ չեմ դրել, միշտ քեզ իմ կոշիկներից ստոր եմ համարել, ների՛ր, ես մեղավոր եմ: Բա՛ց արա սնդուկը նրա մեջ հինգ հազար մանեթ փող կա, վերցրո՛ւ, քեզ եմ բաշխում մեղքերիս փոխարեն:

Ինձ փող հարկավոր չէ, ինձ ձեր կյանքն է հարկավոր, աղա, — ասացի ես և իսկապես արտասվեցի:

Հեռագրիր Մակար աղային, որ շուտով ճանապարհվի, գոնե գա դիակիս հասնի:

Այս րոպեիս կկատարեմ ձեր հրամանը:

Իրիկնադեմին Աբրահամ աղայի լեզուն կապվեց, իսկ գիշերվա կեսին նա հոգին ավանդեց: Առավոտյան ես հեռագրեցի Մակար աղային նրա մահվան մասին: Ես քրքրեցի Աբրահամ աղայի սնդուկն և, բացի հինգ հազարից, ոչինչ չգտա:

«Այս էլ մի բան է», — ասացի և դրեցի հինգ հազարը գրպանս:

XI

Աբրահամ աղայի թաղումից անցել էր մի տարի: Ես գտնվում էի Բաքվում:

Թամարը դեռ տանը նստած էր. նա սպասում էր փեսացուի, բայց փեսացու չկար ու չկար, աշխարհը չորացել էր, իսկ ժամանակը վաղուց էր անցել: Աղա Գուլամյանցների համար Թամարը մի ծանր բեռն էր դարձել, հարկավոր էր այդ բեռնից մի կերպ ազատվել:

Մի օր Մակար աղան հրավիրեց ինձ յուր առանձնասենյակը: Հրավիրեց եմ ասում, որովհետև այլևս ինձ ոչ ոք հրամայել չէր կարող, իմ լեզուն երկարել էր, և աղա Գուլամյանցներն այլևս չէին կարող առաջվա նման ինձ հետ վարվել ինչպես մի ստրուկի, մի տնային կենդանու հետ:

Խրիստաֆոր Սերգեյիչ, համեցեք, նստեք, — դարձավ ինձ Մակար աղան, առաջարկելով ինձ աթոռ:

Տեսնու՞մ եք. կոշկակար Սարգսի տղա «յորղա Խաչին» այժմ Խրիստաֆոր Սերգեյիչ է դառել, և գոռոզ աղա Մակար Գուլամյանցը նրան աթոռ է առաջարկում: Դե՛հ, լվլվի՛ր, Խաչի, ինչպես ձուկը ջրի մեջ:

Ի՞նչ եք կամենում ասել, Մակար Պետրովիչ, — ասացի ես համարձակորեն, «աղայի» փոխարեն Մակարի պոչին կպցնելով «Պետրովիչը»:

Ոչինչ, մի փոքր ուզում եմ քեզ հետ ժամանակ անցկացնել: Ա՛յ տղա, Գալուստ, շուտ արա, սուրճ բեր, — դարձավ նա ծառային:

Ես չհավատացի Մակար աղային, թե նա ինձ հրավիրել է լոկ ժամանակ անցկացնելու համար: Նայելով նրա դեմքին, իսկույն հասկացա որ անշուշտ մի կարևոր գործ ունի հետս:

Ծառան երկու բաժակ սուրճ բերեց:

Համեցեք, Խրիստաֆոր Սերգեյիչ, վերցրեք ձեր բաժակը, — դարձավ Մակար աղան հրամանոցս վերին աստիճանի քաղաքավարությամբ:

Որովհետև մինչև այն օրը սովոր չէի Մակար աղայի այդ տեսակ հարաբերության, ուստի խիստ խորթ թվաց ինձ նրա վարմունքը: Ես շփոթվեցի: Թեև այլևս ոչինչ կախումն չունեի ոչ ոքից, որովհետև արդեն ապահով էի, բայց, ինը տարի ծառայելով աղա Գուլամյանցներին, ինը տարի ուրիշների հրամանները կատարելով, ինը աարի նրանց ձեռքում հասարակ մեքենայի դեր կատարելով, ես կամա-ակամա կորցրել էի ինքնուրույնությունը, մեռցրել էի իմ սեփական զգացմունքները:

Ընտանեկան և առևտրական զանաղան գործերի վրա խոսելուց հետո Մակար աղան կամաց-կամաց խոսակցության նյութը փոխեց:

Խրիստաֆոր Սերգեյիչ, քանի՞ տարի է, որ դու մեր գործերում ծառայում ես, — հարցրեց նա հանկարծ:

Անցյալ գարնան ինը տարին լրացավ, այժմ տասներորդն է, — պատասխանեցի ես:

Քանի՞ տարեկան կլինեիր մեզ մոտ մտնելու ժամանակ:

Տասնևյոթ տարեկան:

Ուրեմն այժմ քսանևվեց տարեկան ես:

Տասնևյոթ, այն էլ ինը, այո, ուղիղ քսանևվեց տարեկան եմ:

Բավական մեծացել ես, — աս՛աց Մակար աղան ժպտալով:

Այո՛, սկսում եմ ծերանալ:

Այժմյան ջահելները մեզանից շուտ են ծերանում, — ասաց Մակար Պետրովիչը կատակով: — Բայց գիտե՞ս ինչիցն է այդ:

Ինչի՞ց է, Մակար Պետրովիչ, — հարցրի ես հետաքրքրությամբ:

Նրանից, որ այժմյան ջահելները չեն պսակվում և իրենց կյանքն անց են կացնում շռայլութենով:

Պսակվողները մի՞թե չեն ծերանում:

Ծերանում են, բայց ժամանակին և ոչ թե չպսակվողների նման՝ ժամանակից քսան տարի առաջ: Ես պսակվելիս երեսունյոթ տարեկան էի, բայց այս վեց տարում ես բավական զանազանություն եմ գտնում իմ առաջվա ու այժմյան առողջության մեջ և շատ ափսոսում եմ, որ տասը տարի առաջ չեմ պսակվել: Ես այժմ եմ հասկանում, թե ամուսնությունն ինչքան օգտավետ է մարդուս: Սխավված եմ համարում այն մարդուն, որը ժամանակին չի պսակվում:

Լավ կիներ, եթե ամեն՝ մարդ կարողություն ունենար ամուսնանալու, բայց չէ՞ որ շատերը իրանց չոր գլուխը չեն կարողանում պահել, ի՞նչպես կարող են ընտանիք պահել:

Ով որ ուզենա պսակվել, կարողություն էլ կգտնի:

Որտեղի՞ց կարող է գտնել: Օրինակ, ինձ նման մարդ ի՞նչպես կարող է ծառայելով ընտանիք պահել, — ասացի ես, հասկանալով մասամբ Մակար աղայի միտքը:

Քանի որ մարդ մենակ է, աստված էլ նրան մեկի ապրուստ է տալիս, բայց երբ ամուսնանում է, աստված ինքը նրա ընտանիքի հոգսն էլ է տեսնում: Օրինակ, դու այժմ մենակ ես, նա քեզ քո ապրուստը տալիս է, բայց երբ պսակվես, քո ընտանիքի հոգսն էլ կանե:

Եթե իմանամ, որ աստված կարողություն կտա ապրելու, հենց վաղը կպսակվեմ:

Փորձիր և տես կտա թե չէ: Արի՛, ճշմարիտ, Խրիստաֆոր Սերգեյիչ, քեզ պսակենք: Վաղուց եմ մտածում, որ հարկավոր է քեզ պսակել և շատ ժամանակ է, որ մի լավ, սիրուն աղջիկ աչքի առջև ունիմ քեզ համար, ասաց Մակար աղան, դարձյալ ժպտալով:

Ո՞վ է այդ աղջիկը, Մակար Պետրովիչ, ես գիտեմ, որ ձեր հավանածն անպատճառ լավը կլինի, — հարցրի ես, միամիտ ձևանալով:

Մի երևելի, հարուստ և ազնիվ ընտանիքի աղջիկ, որի վրա շատերն աչք ունին:

Ո՞վ է այդ ընտանիքը:

Մեր ընտանիքի նման մեկը:

Ես այս քաղաքում ձեր ընտանիքի նման ուրիշը չեմ ճանաչում:

Մակար աղան դռանը զարկեց, և նույն րոպեին իմ առջև ներկայացավ աղա Գուլամյանցների ամբողջ ընտանիքը:

Ես նկատեցի նրանց մեջ գլուխը քաշ ձգած և ամոթից կարմրած Թամարին, որի ձեռից բռնած ներս բերեց Մակար աղայի ամուսինը:

Այ քեզ այն ընտանիքը, սա էլ իմ ասած աղջիկը: Հը՛մ, այժմ ճանաչո՞ւմ ես թե ոչ, լավ մտիկ արա, — ասաց Մակար աղան, բռնելով Թամարի ձեռքից և առաջ քաշելով:

Ես ամոթից կարմրեցի և չկարողացա ոչինչ խոսել:

Ձեռ ձեռի տվեք, ես ձեզ վաղուց եմ մտքումս նշանել:

Ես անզգայաբար ձեռս մեկնեցի Թամարին: Գործողությունն այնքան հանկարծակի եղավ, որ ես, ճշմարիտն ասած, մնացել էի շվարած:

Ի՞նչ ես սառել, այ կնիկ, Գալուստին հրամայի շամպանսկի բերի:

Անցան առաջին վայրկյանները, և ես, փոքր առ փոքր ուշքի գալով, սկսեցի ուշադրությամբ քննել իմ դրությունը:

Աստված շնորհավոր անի, բարով շուտով պսակենք, — ասաց Մակար աղան, դատարկելով շամպանիայով լի բաժակը:

Ամեն, ամեն, աստված շնորհավոր անի, — կրկնեց ամբողջ ընտանիքը միաբերան:

Ես իմ կողմից նշանեցի, վաղը քահանա կկանչենք, որ «պահպանիչն» ասի, բանը վերջանա, — ասաց Մակար աղան մի մեծ ադամանդյա մատանի անցկացնելով իմ մատին, մյուսը Թամարի մատին:

«Յորղա Խաչի, բանդ շինվեց, բայց մի հափշտակվի՛ր, ոտդ ամուր դիր», — մտածեցի ես իսկույն:

Մակար Պետրովիչ, ես արժանի չեմ այս փառքին:

Ամենից արժանավորը դու ես, ես հենց մինչև այսօր Թամարին քեզ համար եմ պահել:

Չէ՛, Մակար Պետրովիչ, ինձ նման աղքատ մարդը անարժան է ձեր նման հարուստ ընտանիքի փեսա դառնալուն:

Սո՛ւս արա, դատարկ, դատարկ մի՛ դուրս տուր, աղքատին հարստացնելը Գուլամյանցների ձեռքում մի դժվար բան չէ: Քսանուհինգ հազար մանեթ օժիտը Թամարի գլխին է:

«Փառք աստուծո, ես էլ հենց այդ էի ուզում լսել քո բերանից», — ասացի մտքումս և մատանին քաշեցի մատիս:

Պետք է ասած, որ այն օրվանից, երբ Թամարը գրավել էր ուշադրությունս, երբեք մի անգամ էլ ինձ չեմ տվել այն հարցը, թե արդյոք ինքը Թամարը կհամաձայնվի իմ ամուսինը դառնալ: Ես այս հարցով գլուխ ցավացնելն ավելորդ էի համարում, որովհետև գիտեի, որ Թամարի կամքը ոչինչ նշանակություն չէր կարող ունենալ: Աղա Գուլամյանցների ընտանիքում, ինչպես վերը հիշել եմ, դեռ տիրում էր ասիական բռնակալության ոգին: Այնտեղ Թամարի համակրությունը դեպի յուր նշանածն ոչինչ նշանակություն չէր կարող ունենալ: Այնտեղ ամեն ինչ կախված էր ընտանիքի գլխավորներից: Ահա ինչու սկզբից մինչև վերջը աշխատում էի միայն Մակար աղայի վրա ազդել:

XII

Յոթ տարի է, որ ես, Խրիստաֆոր Սերգեյիչ աղա Առուշանովս, աղա Գուլամյանցների փեսան եմ: Նստած երկհարկանի սեփական տանս մեջ, իմ առանձնասենյակում, գործերից ազատ ժամանակ, ես երբեմն-երբեմն մտաբերում եմ անցյալը և համեմատում նրան ներկայի հետ: Հիշում եմ այն աղքատ ընտանիքը, այն պատառոտված ցնցոտիները, ծակ կոշիկները, որ ես հագնում էի այդ ժամանակ, հիշում եմ, համեմատում եմ այժմյան դրության հետ և ինքս ինձ վրա զարմանում: Հիշում եմ այն օրը, երբ հայրս հրավիրեց յուր բարեկամներին մեր տուն, տեր-Վահակի մոտ ուսումս ավարտելուց հետո իմ ապագայի մասին խորհրդակցելու: Հիշում եմ դարբին Մարութի տված հիմար խորհուրդը, որ ես արհեստավոր դառնամ, հիշում եմ և իմ այժմյան դրությունը համեմատում Մարութի որդու դրության հետ, որն յուր հոր պես պարապում է դարբնությամբ և կեղտի ու մրի մեջ հազիվհազ քաշքշում է յուր կյանքը: Հիշում եմ այս բոլորն և փառք տալիս աստծուն, որ չթողեց հորս հետևել դարբնի խորհրդին: Իսկ ինչ վերաբերվում է մանրավաճառ Թորոսին, որն այսօր մեր քաղաքում առաջին դրամատերն է, նրա խրատներն երբեք չեմ մոռացել և չպիտի մոռանամ: Մտաբերում եմ նրա հորս ասած խոսքերը. «Տուր Խաչիին մի վաճառականի մոտ գործակատար, և նա շուտով կգտնի փող աշխատելու գաղտնիքը»:

Ես գաղանւիքը գտա, գրավելով աղա Գուլամյանցների հավատարմությունը ներելի և աններելի միջոցներով:

Շատ բաներ եմ արել և արել եմ առանց ինքս ինձ հաշիվ տալու, առանց դիմելու իմ խղճին և նրանից թույլտվություն խնդրելու: Կեղծավորել եմ, շողոքորթել է ստորացել այն մարդկանց առջև, որոնք ինձանից զորեղ են եղել և որոնցից ակնկալություն եմ ունեցել: Խաբել, մոլորեցրել եմ ինձանից թույլերին և պակաս խորամանկներին: Եվ այժմ ոչ ոք չի կարող երես առ երես ինձ հանդիմանել, որովհետև ես փող ունիմ, հարուստ եմ: Իսկ հետևիցս ով ուզում է և ինչ ուզում է թող խոսե, փույթ չէ: Առերես ես այժմ ամենից հարգվում եմ, և այսքանը բավական է:

Երեկ տեր-Վահակից նամակ ստացա, որով նախկին ուսուցիչս խնդրում էր Շ... քաղաքի կիսախարխուլ եկեղեցու համար մի զանգ բերել տալ Ռուսաստանից: Ես պատասխանեցի, թե ուրախությամբ կկատարեմ նրա խնդիրը: Այժմ կարող եմ և միջոց ունիմ բարեգործություններ անելու, ես Խրիստաֆոր Սերգեյիչ աղա Առուշանովս...

ԽՆԱՄԱՏԱՐ

Վիպակ

I

Հունիսի սկիզբն էր: Բաքվի նավահանգստի առաջնակարգ կայարաններից մեկի վրա եռում էր ծովեզրյա և արդյունաբերական քաղաքին հատուկ աշխատավոր կյանքը: Եղանակը սաստիկ շոգ էր: Միջօրեի արեգակը պայծառ հորիզոնից յուր այրող ճառագայթները սփռել էր խաղաղ ծովի հայելանման մակերևույթի վրա: Քամու նշույլ չկար: Օդը պլպլում էր այնպես, ինչպես պլպլում է թոնրի երեսին կրակի զորությունից: Երրեմն-երբեմն այս կամ այն տեղում ծովի հարթ մակերևույթը սոսափվում էր դեսուդեն լողացող փոքրիկ մակույկների թիերի հարվածներից: Այդ ժամանակ պարզ ջրի մեղմ ալիքները մի առանձին հրճվանքով խաղում էին արեգակի հետ, փշրելով նրա լույսը բյուրավոր գոհարափայլ ճառագայթների: Մակույկներն անցնում էին, անջատված ջուրը միանում էր և ծովի մակերևույթը կրկին հարթվում:

Կայարանն երեք կողմից շրջապատված էր բազմաթիվ փոքր ու մեծ շոգենավերով և առագաստանավերով: Մի քանիսը շոգենավերից լիքն էին զանաղան տեսակի ապրանքներով և սպասում էին դատարկվելու կամ ճանապարհ ընկնելու: Իսկ շատերն արդեն դատարկվել էին և պատրաստվում էին նորից բարձվելու: Դրանք այն նավերն էին, որոնք գլխավորապես պտտում են Բաքվի և Հաշտարխանի միջև, առաջինից տանելով զանաղան նավթային մթերքներ: Իսկ վերջինից դեպի Բաքու բերելով Ռուսաստանի ապրանքները: Առագաստավոր նավերն իրենց խառնիճաղանջ առագաստներով, անթիվ, դեպի այս ու այն կողմեր ճյուղավորված պարաններով, իրանց կեղտոտ տախտակամածներով և փայտապատ կեղևներով՝ վիթխարի, ամրաշեն և երկաթապատ հպարտ շոգենավերի մոտ նմանվում էին գյուղական խրճիթների քաղաքի բարձրաշեն տների դիմաց: Այդ հասարակ նավերը ճանապարհորդում են Պարսկաստանի և Բաքվի մեջտեղ: Պարսկաստանի գրեթե ամբողջ արդյունաբերությունը, որ մեծ մասամբ մրգեղեններից է բաղկացած, տեղափոխվում է այդ նավերով:

Աշխատանքը կայարանի շուրջը, ծովի երեսում, եզերքի մոտ բորբոքման մեջ էր: Ահա մի կողմում նավերից մինը բեռան ծանրությունից մինչև տասներկուտասներեք կանգնաչափ խրված ջրի մեջ, հանդարտությամբ օրորվում է այս կողմ այն կողմ: Ամրակազմ և առողջադեմ թուրք նավաստիները դուրս են կրում ապրանքների ահագին հակերը: Արեգակի տաքությունից և աշխատանքի ծանրությունից քրտինքը նրանց ծովային քամիներից այրված ու սևացած դեմքերից թափվում է այն առատությամբ, ինչպես բաղնիսի ներսի պատերից թափվում են շոգու գոլորշիները: Ամեն անգամ, երկար պարանների միջոցով նավի ներքնահարկից հակերը դուրս քաշելու ժամանակ նրանց հաստ բրդյա շալով գոտևորվաձ մեջքերը թեքվում են, ողնաշարները դուրս ցցվում, բայց նրանց համար կարծես այդ անզգալի էր: Ո՛չ կիզիչ արեգակը, ո՛չ ծանր աշխատանքը նրանց դեմքերից չի հեռացնում այն սովորական ուրախ ու զվարթ ժպիտը, որ հատուկ է միայն նավաստիներին, երբ սրանք գտնվում են չորությունում: Նրանք երգում են, ծիծաղում, կատակներ անում իրարու հետ, և ամեն անգամ հակը մշակի մեջքին դնելիս մի-մի աքացի ևս ավելացնում են հետևից, որ մշակը շուտ տեղ հասցնի: Սակայն մշակը, որ ապրանքի հակերը նավի տախտակամածից տեղափոխում է դեպի կայարան, դանդաղ է շարժվում տեղից: Տասը-տասներկու փութանոց բեռան ծանրության տակ նրա ծնկները ծալվում են, կոկորդը դուրս է ցցվում, շլինքն երկարանում է, բերանը ակամա բացվում է, և ամեն անգամ յուր բոբիկ ոտերը փոխելու ժամանակ մի տնքոց է արձակում կրծքից: Երբեմն դժվարությամբ և երկյուղով, որ միգուցե հակը մեջքից թավալվի, նա յուր ոսկրացած ձեռքը տանում է ճակատին և դուրս սլում քրտինքի խոշոր, կեղտոտ կաթիլները: Նավի մի անկյունում կանգնած է ապրանքի տերը: Սա մի պարսիկ առևտրական է, բարձր և կլորակ մահուդյա գլխարկով, երկայն փեշավոր արխալուղով, որի վրա մեջքին կապած է մետաքսյա կապտագույն գոտին: Նրա թեթև, սպիտակ ամառային մետաքսյա կապայի փեշերը հասնում են մինչև կանաչագույն պարսկական քոշերի կրունկները: Մի ձեռում պահած հովանու կոթը և մի փոքրիկ ձեռատետր, իսկ մյուս ձեռում մատիտը բռնած, յուր երկայն ու բարակ մատերով զգուշությամբ նշանակում է ապրանքի հակերի թիվը, կշիռն և համարը, դեմքի վրա անդադար խաղացնելով մի խորհրդավոր ժպիտ: Ստեպ-ստեպ նա գլուխը թեքում է դեպի մեջքը, հինայով ներկած միրուքը փասյանի պոչի նման ցցում է օդի մեջ և գոռում մշակների կամ նավաստիների վրա, հրամայելով, որ նրանք զգուշությամբ և շտապով կատարեն իրանց գործը: Այն ժամանակ բարեպաշտ մուսուլմանի բերանից առատությամբ դուրս են հոսում հիշոցներն այն արագությամբ, ինչպես երևի արտասանում են նրա շրթունքները նամազի ժամանակ մեծ մարգարեի սրբազան աղոթքը:

Մի փոքր հեռու այստեղից կանգնած է մի ուրիշ նավ: Սրա նավաստիները բոլորը ռուսներ են: Խմբովին հավաքված նավի ծայրը, նրանք նավապետի կառավարությամբ, բռնած մի հաստ պարանի ծայրից, որը մյուս ծայրով կապված է կայարանի սյուներից մեկին, միահամուռ ուժով քաշում են պարանը, որպեսզի նավը մոտեցնեն կայարանին: Ամենից առաջ կանգնած է կարմիր շապկով մի հաղթանդամ և երգում է ռուս մուժիկի սովորական «Դուբինուշկան»: Ստեպ-ստեպ նրան ձայնակցում են և մնացյալ նավաստիները, կրկնելով երեք անգամ միաբերան ухнем, ухнем, ухнем, և պարանը քաշում: Եվ այդ ծովային որդիների բերանից դուրս թռչող բացականչումները տարածվելով խաղաղ ծովի մակերևույթի վրա, թաղվում են աղի ջրի անդունդի մեջ, տանելով իրանց հետ մարդկային աշխատավորների կրծքից արձակված դառն հառաչանքները:

Մի ուրիշ կողմում մշակների մի խումբ թավալում է ֆոտոգենով լի տակառները կայարանից դեպի շոգենավը և դարսում այնտեղ: Ահա ֆոտոգենի տերը, կարմրերես և չաղ մարմնով հայը, ժամացույցի երկու մատնաչափ լայնությամբ ոսկե շղթայի հետ ձեռներով խաղալով, ինքնաբավական նայում է ֆոտոգենի տակառներին: Նա զանազան հրամաններ է տալիս յուր մոտ կանգնած գործակատարին, որ որսորդական շան պես պտտում է յուր աղայի չորս կողմը և ամեն անգամ, երբ աղան խոսում է, համեստությամբ բարձրացնում է գլուխն և ուշադրությամբ լսում նրա հրամանները, կարծես կամենալով նրա ամեն մի խոսքը ներս կլանել ոչ միայն ականջներով, այլև աչքերով, քնթի պնչերով, բերանով:

Վերջապես, այդտեղ տիրում էր մի հափշտակիչ կենդանություն, որին միայն արդյունաբերական ծովեզրյա քաղաքում կարելի է հանդիպել:

Կայարանի ծայրում խռնվում է ամբոխի մի մեծ բազմություն: Ամենքն, իրարու հրելով այս ու այն կողմ, աշխատում են առաջ շարժվել և, որքան հնարավոր է, ավելի մոտենալ կայարանի ծայրին: Բոլորի հայացքներն ուղղված են ծովի հեռավոր հորիզոնին, ուր հազիվհազ նշմարվում է ծխի մի փոքրիկ խողովակ, որը հանդարտությամբ բարձրանում է վեր, կարծես ջրի խորքից դուրս զալով: ԱյսՀաշտարխանից եկող շոգենավն է: Ամենքն անհամբերությամբ սպասում են նրան կայարանի վրա: Մեկն եկել է դիմավորելու յուր բարեկամին, մյուսընամակներ ստանալու, երրորդըլոկ յուր հետաքրքրությանը բավականություն տալու:

Ամենից առաջ կայարանի ծայրում հավաքված են մի խումբ հայ վաճառականներ թվով վեց հոգի: Չնայելով տեղի սղությանը, սրանք կայարանի վրա բավական ընդարձակ տեղ են բռնում: Ամբոխը, կարծես ճանաչելով այդ արտոնությունը, չի համարձակվում սեղմելու նրանց, այլ, ընդհակառակը, մի քանի քայլ հեռու է պահում իրան, թողնելով մեջտեղ մի բավական ընդարձակ տարածություն: Սրանք քաղաքի ամենահարուստ հայ նավթային արդյունաբերներն են, որոնք նույնպես սպասում են շոգենավին: Իրարու դեմ շրջանաձև կանգնած, նրանք մեջտեղ գոյացնում են մի օղաձև տարածություն, ուր, կարծես, դրած լիներ մի բան, որն արգելում էր նրանց առաջ շարժվելու: Եվ, հիրավի, կար մի արգելք, որ չէր թույլ տալիս նրանց ծածկել այդ տարածությունը: Այդնրանց տակառաձև փորերն էին, որոնք բոլորն էլ, կարծես, մի կաղապարով ձուլված լինեին: Մի քանիսն, երկու ձեռներով հետևից իրանց ձեռնափայտերի վրա հենված և ոտներն իրարից հեռու դրած, այնպիսի դիրք էին ստացել, որ նրանց մարմինները, մի արշին դուրս ցցված փորերի և կարճլիկ ոտների շնորհիվ, կանգնեցրած տիկերի ձև էին ընդունել: Բոլորը հագնված էին հարուստ և եվրոպական տարազով, բայց ոչ այնքան մաքուր: Մեկի շապկի կրծքի վրա երևում էին գինու կաթիլներից մնացած մանիշակագույն կոլորակ բծեր: Նրանց ամենքի փորերի վրա արեգակի ճառագայթների տակ պսպղում էին ժամացույցի ոսկե շղթաները:

Следующая страница