Շիրվանզադե Ալեքսանդր՝   Պատմվածքներ և վիպակներ

Բացառություն էր կազմում յուր մարմնի կազմվածքով միայն մի երիտասարդ: Սա բարձրահասակ, նիհար և դեղնած մի մարդ էր, սև ու նոսր միրուքով և տափակ կրծքով: Նայելով երիտասարդի դեմքին, կարելի էր ասել, որ նա գոնե քառասուն տարեկան է, բայց իսկապես նրա տարիքը քսանույոթից չէին անցնում: Անցյալի զեխ և շռայլ կենցաղն այդ դեմքի վրա դրոշմել էր արդեն ծերության կնիքը: Նրա թուխ ու լղար երեսի կաշին, եփած խնձորի կճեպի պես, մի քանի ծալք կուչկուչվել էր և հավաքվել քնթի երկու կողմերում: Թերթերունքներից զուրկ աչքերի տակ նույնպես գոյացել էին մի քանի կապտագույն կնճիռներ: Աչքերից վեր երկու դժվար նշմարելի գծեր, շնորհիվ դեռ պահպանվող մի քանի մազերի, հազիվհազ համոզում էին, թե մի ժամանակ այդ մարդը զուրկ չի եղել հոնքերիցմարդկային կերպարանքի այդ գեղեցիկ զարդից, առանց որի մարդ կատարելապես կապիկի է նմանվում: Իսկ նրա ամբողջ դեմքն արտահայտում էր խորին վավաշոտություն, նրա փոքրիկ սևագույն աչքերի մեջ փայլում էր անասնական կիրք: Նա հագած էր սպիտակ մետաքսյա կտորից կարած ամառային հագուստ, որ ավելի մաքուր էր և ավելի նուրբ ձևով կարված, քան նրա ընկերակիցներինը: Դեղնագույն հարդյա գլխարկի լայն ծայրը սքողել էր նրա ճակատը, որ ծածկված էր բազմաթիվ մանր ելունդներով: Մի նշան, որ հետևանք էր նրա անբարոյական կենցաղավարության: Երիտասարդի ժիլետի վրա նույնպես փայլում էր մի ահագին ոսկե շղթա: Իսկ շղթայից քաշ էր ընկած հինգկոպեկանոցի չափ ոսկե մեդալիոնը` զարդարված մանրիկ ադամանդներով: Նրա բարակ դեղնագույն ձեռնոցներից մեկի տակից, աջ ձեռքի միջամատի վրա ցցված էր մատանու մեծ փիրուզեն: Ճերմակ ատլաս յա փողպատի վրա մեխված էր մի մեծ ոսկե գնդասեղ նույնպես ադամանդներով զարդարված: «Պետր Ստեփանիչ Դոլմազով» — այսպես էր փորագրված երիտասարդի անունը նրա ձեռնափայտի չորս մատնաչափ ոսկեպատ կոթի վրա:

II

Խումբը տաքացած խոսում էր ու վիճաբանում հանքերի, գործարանների, նավթի և ուրիշ այսպիսի հետաքրքրական նյութերի մասին: Մի քանիսը խոսողներից այնքան ոգևորվել էին, որ քիչ էր մնում փոխեին իրանց կանգնած դիրքն և քանդեին մեջտեղի օղաձև տարածությունը: Մեկը կամենալով համոզել ինչ-որ բանում յուր դեմուդեմ կանգնողին, մի փոքր առաջ շարժվեց, և երկուսի փորները մի քիչ ընդհարվեցին:

Խոսակցությանը չէր մասնակցում միայն երիտասարդը: Նա երեսը դարձրել էր դեպի ծովն և հեռադիտակով անդադար նայում էր եկող շոգենավին, որն այդ ժամանակ այնչափ մոտեցել էր կայարանին, որ պարզ նշմարվում էին տախտակամածի վրա խմբված ճանապարհորդները:

Պետր Ստեփանիչ, ինչո՞ւ ես այդպես անհամբեր մտիկ անում, երևի, մարդի ես սպասում, — դիմեց երիտասարդին հաստափորներից մեկը, աջ ձեռը դնելով նրա ուսին, երբ խոսակցությունը մի քանի վայրկյան ընդհատվեց:

Պետր Ստեփանիչը չպատասխանեց: Նա խորասուզված շարունակ նայում էր դեպի շոգենավը:

Պետր Ստեփանիչ, ախար քեզ հետ են՝ խոսում, — կրկնեց հետաքրքիր հաստափորը, կանգնելով նրա դեմուդեմ և ձեռով ծածկելով հեռադիտակի բերանը, որպեսզի Պետր Ստեփանիչի ուշադրությունը յուր վրա դարձնի:

Հը՛մ, — ասաց միայն Պետր Ստեփանիչն և, հեռադիտակն ազատելով նրա ձեռից, կրկին սկսեց նայել:

Ումի՞ն ես սպասում, ասա տեսնեմ, — շարունակեց հաստափորն, այս անգամ Պետր Ստեփանիչի ձեռից խլեչով հեռադիտակն և թաքցնելով յուր մեջքում:

Սպասում եմ:

Ո՞ւմին:

Կարլ Մարկիչի ընտանիքին:

Ո՞րտեղից:

Հաշտարխանից:

Ի՞նչ ասացիր, Կարլ Մարկի՞չ, ո՞վ է Կարլ Մարկիչը:

Իմ կառավարիչը:

Նեմե՞ց է:

Հայ է, հաշտարխանցի:

Կարլ Մարկիչ, — կրկնեց Սերգեյ Իվանիչը (այսպես էր հաստափորի անունը), աչքերը չռելով և յուր դեմքի վրա խաղացնելով զարմացական ժպիտ:

Գասպարն է, ծերունին, ճանաչո՞ւմ ես խո նրան:

Գասպարը... հը՛մ... ես էլ ասում եմ այդ ինչ Կարլ է, — ասաց Սերգեյ Իվանիչը հառաչելով, կարծես մի ծանրությունից ազատված: — Ինչո՞ւ է բերել տալիս Գսապարը յուր ընտանիքը:

Ես եմ ասել, խեղճն առանց կնոջ տխրում է, ասացի մի լավություն անեմ, Տներիցս մեկում նրա համար մի լավ բնակարան եմ նշանակել, թող ապրեն, քեֆ քաշեն: Արժե Կարլ Մարկիչը. նա շատ լավ գործակատար է:

Արժե, արժե, շատ ճշմարտասեր մարդ է, ղալբություն չգիտե: Ես նրան լավ եմ ճանաչում: Առաջ նա Հաշտարխանի ամենաառաջին վաճառականներից մեկն էր, բայց ընկերները խաբեցին, փողերը ձեռքից խլեցին և չոր տափի վրա թողեցին: Նրա ընտանիքն էլ եմ ճանաչում: Ռուսաստանից գալիս ես Հաշտարխանում նրանց մոտ գնացի, ինձ սուրճով հյուրասիրեցին: Մի լավ տղա ունի և մի լավ աղջիկ: Նրանք էլ գալի՞ս են:

Գալիս են: Որդուն ես շատ եմ հավանել, ուզում եմ Բալախանիի նավթահանքերից մեկի վրա գործակատար նշանակել:

Շատ լավ կանես, շատ լավ կանես, Պետր Ստեփանիչ, լավ տղա է, հոր նման ղոչաղ է: Բայց ուրիշ բան է նրա աղջիկը, հրեշտակի գեղեցկություն ունի, Պետր Ստեփանիչ, ամբողջ Հաշտարխանի մեջ հատը չկա:

Այս ասելով, Սերգեյ Իվանիչն յուր յուղալի աչքերի բիբերը ոլորեց և ատամների վերին շարքով ներքին պռոշի ծայրը թեթևությամբ կծեց, նայելով ուղղակի Պետր Ստեփանիչի աչքերին: Սա նույնպես մի վայրկյան նայեց նրա երեսին, ոչինչ չասաց և, կրկին հեռադիտակը մոտեցնելով աչքերին, սկսեց նայել շոգենավին:

Առաջին անգամ, երբ ես նրան տեսա, քիչ մնաց որ խելքս կորցնեի, — շարունակեց շատախոսել Սերգեյ Իվանիչը: — Ասացի, այ սրա նման կնիկ ունենա մարդ, որ պարզերես կարողանա հասարակության մեջ դուրս գալ: Ինչ ֆորտոպիանի վրա ածել, ինչ պար գալ, ինչ խոսել թե՛ հայերեն և թե՛ ռուսերեն, մի խոսքով, ոսկի է ոտքից մինչև գլուխ: Ա՛յ, նրա նման կնիկ ունենաս, հետդ տանես Ռուսաստան և, բոլորին զարմացնես: Բայց ափսոս, որ հայրն աղքատ է, Պետր Ստեփանիչ, թե չէ քեզ համար շատ լավ հարսնացու կլիներ:

Պետր Ստեփանիչը հեռադիտակի տա կից ժպտաց և ոչինչ չպատասխանեց:

Բավական հասակավոր աղջիկ է, բայց մինչև օրս ուզող չկա հոր աղքատության պատճառով: Անիրավ Հաշտարխանում առանց օժիտի ոչ մի տղա աղջիկ չի վերցնում:

Պետր Ստեփանիչը հեռադիտակը հեռացրեց և, սպիտակ ու մաքուր թաշկինակով աչքերը սրբելով, միայն արտասանեց «հը՞մ», կարծես հարցնելով յուր խոսակցի միտքը:

Ասում եմ մի մեծ ողորմություն կանես, — շարունակեց Սերգեյ Իվանիչը, — եթե նրան այստեղ մի լավ տղի տաս:

Պետր Ստեփանիչը, հեռադիտակը դնելով գրպանը, պատասխանեց.

Նրա հայրը հարուստ եղած ժամանակ շատ անգամ է օգնել հորս... իհարկե, ես էլ պարտավոր եմ փոխարենը վճարել լավությունով:

Ապրե՛ս, Պետր Ստեփանիչ, Գասպարն արժե, նա խեղճ, կորած, մոլորված մարդ է:

Լսվեց կայարանին մոտեցող շոգենավի սուլոցը: Ամբոխը սկսեց հրելով մոտենալ կայարանի եզրին: Շոգենավը, շվշվալով, շոգին կողքերից բաց թողնելով և խարիսխների շղթաները զնգացնելով, մեղմիկ սահում էր առաջ:

Պետր Ստեփանիչը յուր որոնող հայացքը ձգեց տախտակամածի վրա, բարձրանալով ոտների ծայրերի վրա: Այնտեղ նա նկատեց ճամփորդների մի խմբակ, բաղկացած երեք հոգուց: Մեկը միջահասակ, մոտ քառասունուհինգ տարեկան կին էր եվրոպական հագուստով, գլուխը սև շալով փաթաթված: Մյուսը 2324 տարեկան մի երիտասարդ էր բարձր հասակով, սև, փոքրիկ միրուքով, համակրելի դեմքով և բավական մեծ քթով: Երրորդը մի օրիորդ էր ամառային բաց գույնի հագուստով և հարդյա դեղնագույն լայնեզր գլխարկով: Սա կլիներ մոտ 25 տարեկան, բարձրահասակ էր, դեմքի բավական նուրբ գծերով, ոչ այնքան գեղեցիկ, որքան սիրուն և համակրելի:

Պետր Ստեփանիչը Սերգեյ Իվանիչի ուղեկցությամբ դիմավորեց նրանց: Երկուսն էլ, հերթով նորեկներին բարևելուց հետո, շտապով վերցրին մի-մի կտոր ճանապարհային իրեղեններից և իջան կայարան:

Բաս ի՞նչտեղ է Կարլ Մարկիչը, — հարցրեց պառավ կինը:

Գործարանումն է, շուտով կգա, ես ցույց կտամ բնակարանը, կառքս սպասում է ձեզ, — պատասխանեց Պետր Ստեփանիչը քաղաքավարությամբ, մի դիտող հայացք ձգելով օրիորդի վրա:

Սերգեյ Իվանիչն արմունկով բոթեց նրան և զգուշությամբ շշնջաց նրա ականջին.

Լուսնյակ է, մուշտարու աչքով մտիկ արա:

Կատերինա Կարլովնա, շա՞տ է նեղացրել ձեզ ծովը,՝ — դիմեց Պետր Ստեփանիչն օրիորդին:

Օ՛խ, օխ, էլ մի հարցնիր, ցավդ առնեմ, մեր ոսկորները փշրտել է, պատասխանեց մայրն աղջկա փոխարեն,

Մամա, ի՛նչ ես ասում, ինձ չի նեղացրել ծովը, նա շատ խաղաղ էր, — հակառակեց Կատերինա Կարլովնան, բռնելով յուր եղբոր թևից:

Դո՞ւք ինչպես եք, Արտեմ Կարլիչ, — քաղաքավարության համար հարցրեց Պետր Ստեփանիչն երիտասարդին:

Ինձ համար շատ ուրախ անցավ ժամանակը, — պատասխանեց Արտեմ Կարլիչը համեստությամբ, գլուխը քիչ թեքելով կրծքին:

Այսպես խոսելով հասան փողոց, ուր Պետր Ստեփանիչի շքեղ կառքն երկու առույգ ձիերով լծված սպասում էր նրանց: Պետր Ստեփանիչն օգնեց օրիորդին և մորը կառք նստել, իսկ ինքն Արտեմ Կարլիչի հետ տեղավորվեց նրանց դեմ: Մի քանի րոպեում արագընթաց ձիերը կառքը սլացրին դեպի ծովեզրյա ընդարձակ փողոցի ծայրը, ուր նա անհետացավ: Սերգեյ Իվանիչը մնաց նրանց հետևից նայելով:

Շառլատան, անառակ Դոլմազով, ես քո միտքը հասկացա, — արտասանեց նա:

Հետո, գլուխը խորհրդավոր կերպով շարժելով, կրկին վերադարձավ շոգենավ:

III

Կառքը կանգնեց քաղաքի լայն փողոցներից մեկի վրա գտնվող երկհարկանի նորաշեն տան առջև: Դյուրաշարժ Պետր Ստեփանիչն արագապես ցած թռավ կառքից և օգնեց ցած իջնելու Կատերինա Կարլովնային ու նրա մորը: Նա, առաջնորդելով տարավ նրանց ներս և ցույց տվեց բակի ներսի շինության ներքին հարկում մի բնակարան, որ բաղկացած էր երեք սենյակներից:

Այ, այս եմ պատրաստել տվել ձեզ համար: Բավակա՞ն է ձեզ, Մարիա Իվանովնա, երեք սենյակ, թե՞ չէ, — հարցրեց Պետր Ստեփանիչը պառավից, միևնույն ժամանակ նայելով աղջկա երեսին:

Ցավդ առնեմ, ինչ կանենք այդքանը, չորս հոգուս համար երկուսն էլ բավական էր, — պատասխանեց Մարիա Իվանովնան, թեև հոգով շատ ուրախ կլիներ, եթե բնակարանն ավելի ընդարձակ լիներ:

Կարլ Մարկիչը գիշերները գործարանումն է լինում: Արտեմ Կարլիչին էլ նշանակել եմ կառավարիչ Բալախանի, ուրեմն քաղաքում մնալու եք դուք և Կատերինա Կարլովնան և ոչ թե չորս հոգի: Բայց վնաս չունի, թող ձեր տեղը լայն լինի, ես խոմ վարձով չեմ տալիս: Տունն իմն է, ինչպես ուզում եմ, այնպես էլ անում եմ:

Ցավդ առնեմ, շատ ապրես, բայց, Պետր Ստեփանիչ, Արտեմիս համար քաղաքում որ տեղ տաքլավ կլինի: Առանց նրան սիրտս կնեղանա:

Հեշտ բան է, թող մի քիչ այնտեղի գործերի հետ ծանոթանա, հետո նրան քաղաքում մի լավ պաշտոն կտամ:

Չէ, մամա, Բալախանին լավ է, ասում են այնտեղ զարմանալի բաներ կան, — մեջ մտավ Արտեմ Կարլիչը:

Իհարկե, ինչ որ կա այնտեղ է, օդն էլ ավելի առողջարար է, քան թե այստեղ, քաղաքում, ուր փոշու և ծխի մեջ խեղդվում ենք:

Ինչպես ձեր քեֆն է, այնպես արեք, մենք էլ ձերն ենք, Պետր Ստեփանիչ, — ասաց Մարիա Իվանովնան և սկսեց դիտել բնակարանը:

Քառորդ ժամ նորեկները Պետր Ստեփանիչի հետ միասին պտտեցին սենյակները, հետո խոհանոցը, ուշադրությամբ զննելով ամեն մի անկյուն:

Այ, մամա, այս իմ սենյակը կլինի, — ասաց օրիորդը, — կանգնելով սենյակներից մեկում: Ես այս պատուհանի տակ կդնեմ իմ դաշնամուրը: Իսկ դու և պապան մյուս սենյակում կապրեք, այն կողմինն էլ Արտեմի համար կսարքենք:

Բոլոր ժամանակ Պետր Ստեփանիչն յուր հայացքը չէր հեռացնում Կատերինա Կարլովնայից: Նա հափշտակված էր օրիորդի իրանի նուրբ կազմվածքով, պարզ և հրապուրիչ դեմքով, փայլուն աչքերով, նազելի շարժվածքով: Ամեն անգամ օրիորդը խոսելիս, նա աչքերը հառում էր նրա երեսին և ագահությամբ նայում: Այդ ժամանակ նրա ամբողջ մարմնով, կարծես, անցնում էր էլեկտրական ցնցում, և նրա փոքրիկ կապկային աչքերի մեջ փայլում էր անասնական կիրքն յուր բոլոր ուժով: Նա անդադար աչքերը կուչ բերելով, քաղցրությամբ ժպտում էր օրիորդի երեսին, և այդ ժամանակ նրա դեմքը մի ինչ-որ անախորժ, ինչ-որ զզվելի, վավաշոտ, արտահայտություն էր ստանում: Օրիորդը, կարծես, այդ չէր նկատում և անտարբերությամբ խոսում էր նրա հետ: Սակայն երբ մի անգամ Պետր Ստեփանիչը շարունակ նայեց նրա երեսին և բոլորովին անտեղի և անժամանակ ժպտաց, գլուխը թեքեց դեպի կուրծքը, և նրա դեմքը թեթև կարմրեց: Մարիա Իվանովնան դիմեց յուր որդուն.

Վազի՛ր Արտեմ, շուտուվ ապրանքը հավաքիր շոգենավից ու բեր:

Իսկ դուք, Կատերինա Կարլովնայի հետ գնանք ինձ մոտ ճաշելու, — մեջ մտավ Պետր Ստեփանիչը:

Մարիա Իվանովնան համաձայնվեց, և Դոլմազովը, յուր տան հասցեն տալով Արտեմ Կարլիչին և նրանց հետ միասին կառք նստելով, շտապեց տուն:

Իրիկնադեմ էր, երբ նորեկները ճաշելուց հետո կրկին վերադարձան իրանց բնակարանը: Արտեմ Կարլիչը բոլոր իրեղենները արդեն բերել էր: Նրանք սկսեցին կարգի բերել իրանց բնակարանը: Մարիա Իվանովնան յուր որդու հետ պատրաստում էր վերջին սենյակը, իսկ Կաւտերինա Կարլովնան նույնպես պատրաստում էր յուր սենյակը Պետր Ստեփանիչի օգնությամբ: Չնայելով օրիորդի թախանձանքին, որ նա նեղություն չքաշի աշխատելու ու գնա հանգստանալու, հոգատար Պետր Ստեփանիչը քայլ անգամ չէր ուզում հեռանալ օրիորդից և ոտքի-ձեռքի ընկած մեծ պատրաստակամությամբ օգնոււմ էր նրան: Հետզհետե Կատերինա Կարլովնան սկսեց ձանձրանալ նրա օգնությունից: Պետր Ստեփանիչն այնքան չէր օգնում, որքան յուր ծանր ու խոր հայացքներով և անտեղի քաղցրախոսությունով ձանձրացնում էր օրիորդին:

Կատերինան այդ հայացքներն ընդունում էր իբրև սովորական քաղաքավարության արտահայտություն երիտասարդի կողմից դեպի մի օրիորդ, բայց երբ Պետր Ստեփանիչը սկսեց անցնել սովորական չափավորության սահմանը, այն րոպեից օրիորդի սրտում ծագեց ինչ-որ կասկած: Պետր Ստեփանիչի ներկայությունը սկսեց նրան ճնշել, և նա աշխատում էր խույս տալ նրա հայացքներից:

Պատահեց մի դեպք: Կատերինա Կարլովնան յուր հագուստեղենները տեղավորում էր պահարանի մեջ: Նրա մայրն ու եղբայրը մյուս սենյակումն էին: Պետր Ստեփանիչն անշարժ կանգնած, նայում էր օրիորդին: Երբ Կատերինան, վերջացնելով գործը, կամենում էր կողպել պահարանը, բանալին մի քանի անգամ շուռ տվեց ու չկարողացավ կողպել: Պետր Ստեփանիչի սուր հայացքն իսկույն այդ նկատեց: Նա շտապով մոտեցավ օրիորդին:

Թույլ տվեք, որ ես կողպեմ, Կատերինա Կարլովնա, դուք ուժ չունեք, ափսոս է, ձեր քնքուշ ու գեղեցիկ մատները կցավեն:

Ոչ, խնդրեմ նեղություն մի՛ քաշեք, այդ պահարանը բացի ինձանից ոչ ոք չի կարողանում կողպել և բանալ:

Ես կարող եմ, այ, տեսնո՞ւմ եք, ձեր ձեռները ինչպես կարմրեցին:

Այս ասելով, Պետր Ստեփանիչը ձախ ձեռով սիրալիր հեռացրեց օրիորդի ձեռը բանալիից, իսկ աջով սկսեց պտտեցնել բանալին, միևնույն ժամանակ մյուս ձեռում սեղմած պահելով օրիորդի աջը: Օրիորդն աշխատեց զգուշությամբ ազատել յուր ձեռը, բայց չհաջողվեց: Պետր Ստեփանիչը նրան շատ ամուր էր սեղմել: Օրիորդը չգիտեր ինչ աներ: Նա մի անգամ ևս փորձեց դուրս բերել ձեռը նրա ձեռից, բայց, չկարողանալով, սկսեց դողալ: Պետր Ստեփանիչի մեջ եռաց բուռն կիրքը: Նա, շարունակելով բանալին ոլորել կողպեքի մեջ, յուր շրթունքները զգուշությամբ մոտեցրեց օրիորդի երեսին և կամենում էր... Բայց զսպեց իրան:

Այդ վայրկյանին ներս մտավ Մարիա Իվանովնան: Փոքր անցած՝ գնդակի նման ներս գլորվեց մի լղար, կարճահասակ մարդ ճերմակ մազերով:

Պա՛պա, պա՛պա, — գոչեց Կատերինա Կարլովնան և, առաջ վազելով, ընկավ ծերունու գիրկը:

IV

Ներս վազողը Կարլ Մարկիչ Պոպովն էր, Կատերինայի հայրը: Մի քանի րոպե հայր ու աղջիկ իրարու գրկած համբուրվում էին: Վերջապես, Կարլ Մարկիչն ազատեց աղջկան յուր գրկից և նույն կարոտությամբ ընկավ որդու, Արտեմ Կարլիչի գիրկն ու մի քանի համբույրներ դրոշմեց նրա ճակատին: Հետո բարևեց ամուսնուն, մի անգամ միայն, համբուրելով նրա բերանի անկյունը: Պետր Ստեփանիչն ինչևիցե օտար էր, համեստությունը Կարլ Մարկիչին ստիպեց չափավորել յուր ամուսնական զգացմունքները:

Ես պարտավոր եմ հազար անգամ շնորհակալություն հայտնել ձեզ սեմեյստվոյիս խաթրու, — դարձավ Կարլ Մարկիչը Պետր Ստեփանիչին, որը մի կողմ քաշված նայում էր այդ ընտանեկան տեսարանին:

Կարլ Մարկիչը քիչ մոտեցավ նրան, ձեռները քարշ ձգեց կողքերին, ոտները կպցրեց իրարու և, մեջքից երկու ծալ թեքվելով, երիտասարդական աշխուժությամբ մի քանի անգամ գլուխ տվեց նրան:

Չարժե, չարժե, — արտասանեց անտարբերությամբ Պետր Ստեփանիչն, յուր հայացքը չհեռացնելով Կատերինա Կարլովնայից, որն այդ ժամանակ ինչ-որ բանի մասին խոսում էր յուր եղբոր հետ:

Մարիա, Կատյա, Արտեմ մոտեցեք, շնորհակալություն արեք Պետր Ստեփանիչին, էնդուր որ նա է րասպորյաժենիյե արել ձեզ Բաքու բերելու:

Կարլ Մարկիչի ընտանիքը սեղմեց Պետր Ստեփանիչի ձեռը: Դա առաջին շնորհակալությունն էր, որ ստացավ բարեսիրտ խնամատարն երախտագետ ընտանիքից:

Տեսնում ես, Մարիա, ինչ աղավարի քվարթիրա է, — շարունակեց Կարլ Մարկիչը, պտույտ գալով Պետր Ստեփանիչի առջև: Ես Պետր Ստեփանիչից շատ շնորհակալ եմ, շա՛տ. իմ պարտքս է ստարայտցա իլիլ նրան չեսնո, բլագորոդնո ծառայելու, էնդուր որ նրա պես խոզյային ես գրանիցայումն էլ չեմ կարող գտնել:

Կարլ Մարկիչը խոսելու ժամանակ ձեռներով, գլխով և ուսերով այնպիսի շարժումներ էր անում, որ, կարծես քսանուհինգ տարեկան երիտասարդ լիներ, այնինչ մոտ վաթսուն տարեկան էր:

Պետր Ստեփանիչն ուշադրություն չէր դարձնում յուր կառավարչի շատախոսություն վրա: Նա խորասուզված էր ինչ-որ մտածողության մեջ: Սակայն այդ երկար չտևեց. հանկարծ նա դիմեց Մարկիչին լուրջ ձայնով.

Գործարանն այսօր բանե՞լ է:

Ի՛նչպես չէ, ի՛նչպես չէ, աղա ջան:

Ո՞վ կա այնտեղ այժմ:

Ամենքն այնտեղ են: Ես, աղա ջան, զավոդը պորուչիյտ արի գլավնի պրիկաշչիկին մինչև էգուց առավոտը:

Հը՛մ, — արտասանեց միայն Պետր Ստեփանիչը, կրկին մտածողության մեջ ընկնելով և բեղերը կրծոտելով:

Կարլ Մարկիչը քիչ շփոթվեց:

Բեզպոկոյիտցա մի՛ լինեք, աղա ջան, ամեն ինչ պորյադկայով կգնա:

Առավոտը շուտով գնացեք, որ գործարանը չդադարի, եթե ոչ, գիտեք, որ մի օրվա դադարելն ինձ կզրկի հազար մանեթ աշխատանքից, — ասաց Պետր Ստեփանիչը քիչ հրամայական եղանակով, աշխատելով յուր դեմքի հպարտությունը պահել:

Պետք է ասած, որ Պետր Ստեփանիչը մի քիչ սուտ ասաց: , Գործարանն առանց Կարլ Մարկիչի ևս կարող էր վաղը գործել և եթե դադարեր էլ, մի օրվա վնասը երբեք հազար մանեթ չէր կարող լինել: Բայց նա այդ ասաց առաջինը նրա համար, որ Կարլ Մարկիչի վրա ունեցած յուր իշխանությունը ցույց տա նրա ընտանիքին և երկրորդ, մի օրվա վնասը քսան անգամ ավելի ցույց տալով, լուր հարստությունով մի փոքր փոշի փչի այդ ընտանիքի աչքերին: Այս պարզ էր, ըստ որում, յուր հրամանը կրկնելուց հետո, նա մի առանձին ինքնաբավականությամբ նայեց բոլորին հերթով, որ տեսնի, ինչ ազդեցություն արին յուր խոսքերը լսողների վրա, իսկ նամանավանդ Կատերինա Կարլովնայի վրա: Եվ հիրավի նա մասամբ չսխալվեց:

Լսելով նրա խոսքերը, Մարիա Իվանովնան այնպես զարմացավ, որ աչքերը ճլզեց և բերանը բաց մնաց: «Օրական հազար մանեթ փող է աշխատում, երանի նրան, որ սրա նման փեսա կունենա», — անցավ իսկույն նրա մտքով, և գլուխը թեքեց կրծքին, ձեռները խաչաձև ծալեց ծոցում և սկսեց ագահությամբ նայել Պետր Ստեփանիչին: Պակաս չզարմացավ և Արտեմ Կարլիչը: «Օրական հազար մանեթով կարելի է թագավորի պես ապրել արտասահմանում, այն էլ Փարիզի մեջտեղում, ախմախն ինչո՞ւ է այստեղ քամու ու փոշու մեջ խեղդվում», — այսպես մտածեց նա և սկսեց նույնպես նայել Պետր Ստեփանիչի երեսին:

Միայն Կատերինա Կարլովնան էր, որի վրա կարծես ոչինչ ազդեցություն չարին Պետր Ստեփանիչի փքուն խոսքերը: Նա երեսը շուռ տվեց և անցավ մյուս սենյակը:

Առավոտը, խորոզը կանչելիս, ես զավոդում կլինեմ, աղա ջան, ես չեմ թողնիլ, որ ձեզ ուբիտկա լինի, — միամտացրեց Կարլ Մարկիչը Պետր Ստեփանիչին:

Կատերինա Կարլովնան մյուս սենյակ անցնելուց հետո Պետր Ստեփանիչի դեմքն ավելի փոխվեց: Սովորական ուրախ ու կեղծ ժպիտը նրա դեմքից անհետացավ: Նա կնճռեց ճակատն և առանց այն ևս քացախած երեսն ավելի թթվեցրեց:

Նստեցե՛ք, պոժոլստա, Պետր Ստեփանիչ այսօր շատ եք նեղացել, — առաջարկեց Կարլ Մարկիչը, վերին աստիճանի խոնարհությամբ և երկյուղով մոտեցնելով աթոռներից մեկն և ոտները սենյակի հատակին քսքսելով:

Ո՛չ, ես գնում եմ, դուք կարգի դրեցեք բնակարանը, ես վաղը դարձյալ կգամ: Թո՛ղ Արտեմն առավոտն ինձ մոտ գա, որ ճանապարհեմ Բալախանի. իսկ դուք, Կարլ Մարկիչ, շուտ կզարթնեք և կգնաք գործարան:

Նեպրեմեննո, նեպրեմեննո, ի՛նչ ասել կուզի, աղա ջան, բաս չայ անուշ չե՞ք անում: Կատյա, Պետր Ստեփանիչի համար չայ զավարիտ արա բեր:

Շնորհակալ եմ, ես գործ ունիմ, գնում եմ, մնաք բարով:

Պետր Ստեփանիչը ձեռ տվեց միայն Մարիա Իվանովնային, իսկ Կարլ Մարկիչին և նրա որդուն միայն թեթև գլուխ տվեց:

Ցտեսություն, Կատերինա Կարլովնա, — ասաց նա, մոտենալով մյուս սենյակի դռներին և այնտեղից ձեռն ուղղելով օրիորդին:

Գնաք բարով, — սառնությամբ պատասխանեց վերջինն, յուր մատների ծայրերը տալով նրան:

Պետր Ստեփանիչը զգաց այդ սառնությունը: Նկատեց նույնպես և՛ Կարլ Մարկիչը, նկատեց և մի խոշոր հանդիմանական հայացք ձգեց յուր աղջկա վրա:

Վերջապես, Պետր Ստեփանիչը Կարլ Մարկիչի ուղեկցությամբ դուրս եկավ փողոց և հեռացավ, վրդովված առաջին անհաջողությունից: Կատերինա Կարլովնան վիրավորել էր նրա սահմանափակ ինքնասիրությունը: Այդ նա զգում էր և չէր կարող անտարբերությամբ տանել: Նրա համար դժվար էր մարսել օրիորդի կոշտ վարմունքը: «Աղքատ լինիս ու այդքան հպա՛րտ, — մտածում էր նա, անցնելով փողոցով: Արժան չհամարեց մինչև անգամ կարգին ձեռ տալու ինձ, միայն մատների ծայրերը մոտեցրեց: Այ գոռոզություն: Հարցնող լինի, ինչո՞վդ ես պարծենում, այն էլ ինձ մոտ, որ, եթե ուզենամ՝ կարող եմ քաղցած սպանել: Բայց սպասենք, կարծեմ, երկար չի տևիլ այդ հպարտությունը, սպասենք...»:

Բայց ի՛նչ հասակ, ի՛նչ կազմվածք... ի՛նչ դեմք... Վատ չէր լինիլ, եթե Կարլ Մարկիչը մի հարուստ վաճառական լիներ և ոչ թե այսօրվա նման մի չնչին գործակատար, դատարկ գրպանով և անհայտ անունով: Այն ժամանակ ես մինչև անգամ չէի հրաժարվիլ Կատերինայի հետ օրինավոր կերպով պսակվելուց, թեև բժիշկները... Հը՛մ, բժիշկնե՛րը... Է՛հ, թքել եմ նրանց գիտության վրա...

Պետր Ստեփանիչը մեկ փողոց անցավ ոտով և հետո, նստելով առաջին պատահած կառքը, գնաց կլուբ:

V

Մաշա, դուշա մոյա, ասա տեսնեմ, ի՞նչպես ես, քանի ժամանակ է առանց քեզ մենակ էի, — սկսեց նորից Կարլ Մարկիչը, փաթաթվելով յուր ամուսնու վզին, երբ, Պետր Ստեփանիչին ճանապարհ դնելով, վերադարձավ սենյակ:

Հեռու գնա՛, հեռու գնա՛, շորերիցդ նավթի հոտ է փչում, սիրտս խառնում է, — պատասխանեց Մարիա Իվանովնան, հրելով նրա կրծքին:

Մաշա ջան, ի՛նչ ես ասում, դա իմ պարադնի կոստյումն է, նոր եմ կարել տվել:

Լավ է, բավական է, ձեռ քաշիր, ամաչի՛ր երեխեքից, — հակառակեց կրկին Մարիա Իվանովնան, երբ Կարլ Մարկիչը կամեցավ համբուրել նրան:

Ումի՞ց ամաչեմ, Արտեմի՞ց, հե՛յ, սպասի՛ր, նա էլ ժենիյտցա կլինի, էն վախտը կիմանա, թե ինչ քաղցր բան է սուպրուգան: Տեսա՞ր, Մարիա, ինչ լավ խոզյային ունիմ, պրոստո զոլոտո: Ինձ շատ է ուվաժայտ անում, ամեն կիրակի կոֆեով ուգաստյիտ է անում, մի խոսքով, շատ լավ խոզյային է: Հենց այս մոտերս ինձ զավոդի ուպրավլյայուշչի շինեց: Կատյա, քե՞զ ինչպես դուր եկավ Պետր Ստեփանիչը, շատ լյուբեզնի տղա է, չէ՞, — դարձավ Կարլ Մարկիչն աղջկան, որն այդ ժամանակ թեյ էր ածում:

Կատերինա Կարլովնան ոչինչ չպատասխանեց:

Շատ լավ մարդ է երևում, — պատասխանեցին նրա փոխարեն միաբերան մայր և որդի:

Շատ օբրազովաննի տղա է, — շարունակեց գովաբանել Կարլ Մարկիչը: — Քանի տարի է Ռուսիայում պուտեշեստվովայտ է անում, ռսերեն խոսում է մոսկվիչի պես, քո քեֆն էլ կգա, Կատյա քան: Ամեն ջուռայի գազեթներ է կարդում, իրան նման պրեֆերանս խաղացող չիմանաս կլուբում: Պրեֆերանսը օբրազովաննի խաղ է, Մարիա, ուրիշ բան չմտածես, ամեն մարդ չի կարողանում խաղալ: Բարիշնաների համար այն տեսակ կավալերություն է անում, այն տեսակ նեժնի խոսում է, որ հենց իմանաս ախտյոր իլի: Օօ՛օ՛, չէ, շատ աղավարի, շատ աբրազովաննի տղա է: Ես զարմանում եմ, որ Կավկազում այդպես տղա եմ տեսնում, էնդուր որ Կավկազը դիկիյ է, մեր կողմերի պես ցիվիլիզովաննի չէ: Ամա դու, Կատյա ջան, նրա հետ դելիկատնի պոստուպիտցա չիլար հա՛ա, էտի, իմանում ես, լավ չի հա՛ա:

Ինչպես հարկն էր այնպես վարվեցի, խո քեզ պես մինչև փողոց ճանապարհ չէի դնելու, — ընդհատեց նրան Կատերինա Կարլովնան բավական սառն ու խիստ եղանակով:

0՛հո՛, ինչ ես ասո՞ւմ: Ես պարտավոր եմ նրա հետ լյուբեզնի լինել. էնդուր որ ես նրա պոդչինյոննին եմ, նա իմ խոզյայինն է, — տաքացավ Կարլ Մարկիչը, փողպատն ուղղելով և գլխի կարճլիկ ճերմակ մազերն երկու ձեռներով հարթելով:

Դու պարտավոր ես, բայց եսոչ: Դու կարող ես նրա չորս կողմով պտույտ գալ, իսկ ինձանից մի պահանջիր նույնը, — պատասխանեց Կատերինա Կարլովնան ավելի սառնությամբ:

Մամա ջան, ինչե՞ր ես խոսում սկուչնա ես, քեֆդ լավ չէ, լիխորադկա ունիս, — փոխեց յուր խոսքը Կարլ Մարկիչը, իսկապես կասկածելով աղջկա առողջության մասին:

Շկապը կողպելիս ձեռը ցավեցրել է, — պատասխանեց Մարիա Իվանովնան աղջկա փոխարեն:

Կարլ Մարկիչի մարմնին կարծես էլեկտրական թեյի ծայր դիպցրին: Սա այնպես վեր թռավ տեղից, որ աթոռն ընկավ, սեղանը սաստիկ շարժվեց, թեյի բաժակը շուռ եկավ, և թեյը սեղանի երեսով սկսեց հոսել սենյակի հատակը, Մարիա Իվանովնան և Արտեմը, շփոթվելով Կարլի այդ արագ շարժումից, նույնպես բարձրացան իրանց տեղերից:

Դուշա մոյա, աբա, աբա, աբա տեսնեմ, — գոչեց Կարլ Մարկիչը, հարձակվելով յուր աղջկա վրա:

Կատերինա Կարլովնան, բավական վախեցած յուր հոր տարօրինակ շարժումից, անգիտակցաբար մի քայլ հետ գնաց:

Կարլ, այդ ինչե՞ր ես անում, գժվել խո չե՞ս, վախեցրիր մեզ, — բացականչեց Մարիա Իվանովնան ծիծաղելով:

Սակայն Կարլ Մարկիչն ուշադրություն չդարձրեց նրա վրա:

Ցույց տո՛ւր, աբա, տեսնեմ, դուշա:

Հանգստացիր, պապա, ոչինչ չկա, ցավը վաղուց է անցել, — խոսեց, վերջապես, Կատերինա Կարլովնան շփոթված:

Կարլ Մարկիչը քիչ հանգստացավ և բաց թողեց աղջկա թևը: Նա հետ նայեց և, տեսնելով յուր տարօրինակ շարժման հետևանքը, կարծես ամաչեց յուր արարմունքից:

Ինչպե՛ս վախեցրիր ինձ, Մարիա, հենց իմացա, որ մատը ռազդավիյտ է արել Կատյան, — ասաց նա կրկին յուր տեղը նստելով:

Քիչ էր մնում, որ դու մեզ ռազդավիյտ անեիր սեղանով, այնպես վեր թռար տեղիցդ, — պատասխանեց Մարիա Իվանովնան ծիծաղելով:

Ընթրիքի ժամանակ նորեկները մանրամասը պատմեցին Կարլ Մարկիչին իրանց կյանքի մասին նրա բացակայության ժամանակ ու ստիպեցին նույնն անել և՛ Մարկիչին: Կարլ Մարկիչը, կարծես, հենց մի այդպիսի հարմար առիթ էր որոնում: Նա, մի քանի բաժակ գինով գլուխը տաքացնելով, սկսեց երկար ու բարակ պատմել յուր մի տարվա կյանքը: Նա նկարագրեց գործարանը, նավթահանքերը, ծանոթացրեց նրանց նավթային արդյունաբերության հետ: Պատմեց, թե ինչպիսի գանձ է Բաքուն, թե ինչպես հեշտ են հարստանում այնտեղ մարդիկ և ինչպես շուտ, թե ինչպես է Պետր Ստեփանիչը հարստացել, առաջ ուրիշի մոտ գործակատար լինելով: Կրկին սկսեց գովաբանել վերջինին, ավելացնելով, թե հույս կա, որ ինքը, Կարլ Մարկիչը, նրա օգնությամբ, մի օր գործարանատեր դառնա և օրինակ բերեց շատերին, որոնք մի քանի տարվա ընթացքում, ոչինչ չունենալով հարստացել են: Ասաց, նույնպես, որ Պետր Ստեփանիչին ինքը մի քանի անգամ այս մասին ակնարկել է: Պետր Ստեփանիչը հույս է տվել ժամանակով անկախ գործարանատեր դարձնել նրան, եթե միայն լավ կծառայի: Այժմ Կարլ Մարկիչն ինքն՝ աշխատում է լավ ծառայել Պետր Ստեփանիչին, որպեսզի օրեցօր ավելի գրավի վրա սերն ու հովանավորությունը: Այնուհետև Կարլ Մարկիչը, ավելի ու ավելի տաքացնելով գլուխն և հափշտակվելով յուր պատմությունով, սկսեց նկարագրել յուր մոտիկ ապագան խիստ գեղեցիկ գույներով: Ասաց, որ շատ ժամանակ չի քաշիլ և ինքը կրկին կդառնա առաջվա «պերվոյ գիլդի կուպեց Պոպովը» և գուցե մի քիչ էլ ավելի: Այն ժամանակ թող մտիկ անեն «Հաշխանի» թշնամիներն ու նախանձից սիրտները տրաքի: Վերջապես, Կարլ Մտրկիչն ասաց, թե այսուհետև ինքը նյութապես ապահովված է և ոշինչ հոգս չունի: Հարկավոր է միայն մտածել առողջության մասին, ուրիշ ոչինչ: Նա սկսեց խրատել յուր ընտանիքին, որ պահպանեն իրանց առողջությունը: Խոսելով Կատերինա Կարլովնայի վերաբերությամբ, նա կողմնակի կերպով ակնարկեց, թե Բաքվում կարելի է լավ փեսացու ճարել նրա համար, որովհետև ազատ տղերք շատ կան, բոլորն էլ հարուստներ, իսկ գեղեցիկ, լուսավորված և շնորհքով աղջկերքշատ քիչ: Սրա պատճառն այն է, ասաց Կարլ Մարկիչը, որ Կովկասը դեռ «դիկիյ ստրանա» է, կանայք մեծ մասամբ չարսավի մեջ փաթաթված են, «օբրոզովայտցա» չեն եղել և այլն: Ի վերջո Կարլ Մարկիչի երևակայությունը այնքան բորբոքվեց Կատերինա Կարլովնայի վերաբերությամբ, որ նա վստահացավ մի հանդուգն հույս ևս արտահայտել: Բայց իսկույն շտապեց ավելացնել, որ այդ հուսո իրագործումը կախված է Կատերինա Կարլովնայից, թե ինչպես սա իրան ցույց կտա և ինչպես կվարվի Պետր Ստեփանիչի հետ և թե վերջինն ինչպես կնայի Կատյայի վրա... Պատվիրեց Մարիա Իվանովնային, որ Պետր Ստեփանիչին միշտ պատվով և հարգանքով ընդունի և ամեն անգամ «կոֆեով ուգաստիյտ անի»: Խնդրեց նույնպես Կատերինա Կարլովնային, որ սա ևս յուր կողմից շատ քաղաքավարությամբ վերաբերվի Պետր Ստեփանիչին, հետը ռուսերեն խոսի, «դելիկատնիյ պոստուպիյտցա» անի, «էնդուր, որ Պետր Ստեփանիչն ինքը ցիվիլիզովաննիյ կավալեր է և սիրում է նեժնի մանիերնեք»:

Մի խոսքով, Կարլ Մարկիչը բան չմնաց, որ չպատմի և պատվերներ ու խրատներ չմնաց, որ չտար Մարիա Իվանովնային, նամանավանդ Կատերինա Կարլովնային:

Ընթրիքն ավարտվեց: Կարլ Մարկիչ Պոպովը բորբոքված երևակայությամբ հեռացավ յուր սենյակը: Արտեմը, Մարիա Իվանովնան և Կատերինան նույնպես գնացին իրանց սենյակները քնելու:

Առավոտը Կարլ Մարկիչը ճիշտ որ, ինչպես ինքը խոսք էր տվել Պետր Ստեփանիչին, «խորոզը կանչելիս» գործարան գնաց: Իսկ Արտեմ Կարլիչը տասը ժամին ներկայացավ Պետր Ստեփանիչին և մի քանի անհրաժեշտ պատվերներ ստանալով նրանից, իսկույն ճանապարհվեց Բալախանի՝ գործակատարի պաշտոնով:

VI

Հետևյալ օրը, կեսօրվա դեմ, Պետր Ստեփանիչը կրկին ներկայացավ Կարլ Մարկիչի ընտանիքին, այս անգամ ուրիշ և ավելի շքեղ հագուստով: Մարիա Իվանովնան խոհանոցում կերակուր էր պատրաստում ճաշի համար: Կատերինա Կարլովնան մեքենայի վրա մի ինչ-որ բան էր կարում:

Լսելով յուր հետևից Պետր Ստեփանիչի բարևի ձայնը, նա իսկույն ընդհատեց գործը, բարձրացավ տեղից և, սառն քաղաքավարությամբ պատասխանելով նրա բարևին, ձեռ տվեց և դիմեց խոհանոց, որ մորը հայտնի:

Ոչինչ, ոչինչ, նեղություն մի՛ քաշեք, Կատերինա Կարլովնա, — ասաց Պետր Ստեփանիչը, կտրելով օրիորդի ճանապարհը, որ դուրս չգնա:

Բայց օրիորդը չլսեց նրան: Մի վայրկյանից ներկայացավ Մարիա Իվանովնան, թևերը մինչև արմունկները ծալած: Պետր Ստեփանիչը թռավ տեղից և քաղաքավարությամբ բարևեց նրան:

Next page