Շիրվանզադե Ալեքսանդր՝   Պատմվածքներ և վիպակներ

Եվ Դոլմազովի կրծքից կրկին դուրս թռավ մի կեղծ հառաչանք:

Արդեն անցել էր բավական ժամանակ: Կատերինա Կարլովնան, օգտվելով Դոլմազովի րոպեական լռությունից, բարձրացավ յուր տեղից:

Սպասեցեք, — ասաց Դոլմազովը:

Ո՛չ, բավական է, ինչքան պահեցիք, թույլ տվեք:

Մի քիչ էլ նստեցեք, խնդրեմ:

Սակայն օրիորդը այս անգամ չհամաձայնվեց նստելու: Նա երեսը շուռ տվեց և վճռողական քայլերով դիմեց դեպի դռները:

Ո՞ւր եք փախչում, — բացականչեց Դոլմազովն և, վազելով օրիորդի հետևից, բռնեց նրա ձեռքը:

Հերիք է, Պետր Ստեփանիչ, գնանք:

Հերիք է, հերիք չէ, ա՛յ թե հերիք է:

Եվ այս անորոշ խոսքերն արտասանելով, Դոլմազովը դռները փակեց, բանալին շուռ տվեց և կողպեց:

Տեսնո՞ւմ եք, հա, հա, հա, — գոչեց նա, չարախնդությամբ ծիծաղելով:

Նա, բանալին ցույց տալով օրիորդին, ձգեց գրպանը: Նրա ծիծաղն օրիորդի վրա վերին աստիճանի զզվելի տպավորություն արավ: Մի քանի վայրկյան սա ապշած նայում էր: Պետր Ստեփանիչը նույնպես նայում էր օրիորդին: Եվ այդ հայացքն արտահայտում էր նրա զազրելի ձգտումը: Նրա բարակ և սեղմված շրթունքների վրա խաղաց մի հանդուգն ու լկտի ժպիտ, և այդ վայրկյանին նրա քրքրված ու մաշված դեմքն ընդունեց գարշելի արտահայտություն: Կատերինա Կարլովնան սարսափեց այդ արտահայտությունից: Մի տենդային սաստիկ դողոց սկսեց ցնցել նրա ամբողջ մարմինը ոտից մինչև գլխի մազերի արմատները:

Ի սեր աստուծո, Պետր Ստեփանիչ, բա՛ց արեք, — արտասանեց, վերջապես, հուսահատ ձայնով:

Դոլմազովը նայեց նրան և ասաց.

Ձրի չեմ բաց անիլ...

Ի՞նչ եք կամենում, — հարցրեց օրիորդը, բոլորովին գունաթափվելով:

Ի՞նչ եմ ուզում հը՛մ, ոչինչ...

Դոլմազովը չկարողացավ ավարտել յուր խոսքերը: Մի ինչ-որ ներքին ուժ այդ վայրկյանին կաշկանդեց նրա լեզուն: Նա մի քանի վայրկյան գլուխը թեքեց կրծքին: Բայց հանկարծ կրկին բարձրացրեց գլուխն և, ձեռները տարածելով առաջ, մի ոստումով թռավ դեպի օրիորդը: Վերջինն արագությամբ հետ մղվեց և մեջքը տվեց պատին, կարծես, պաշտպանողական դիրք բռնելով: Դոլմազովը մի ոստում ևս արավ, և այս անգամ նրա տարածված թևերն ունելիքի պես ձգտեցին ճանկելու պատի տակ սեղմված օրիորդին:

Հեռո՛ւ, եթե ոչ...

Դոլմազովի կուրծքը ստացավ երկու ձեռների մի սաստիկ հարված, և նրա մարմինը մի քանի քայլ հետ մղվեց: Մի վայրկյանում նրա փոքրիկ սատանայական աչքերն արյունով լցվեցին, ճակատի կնճիռները բացվեցին տափակ կուրծքը դուրս ցցվեց և, նա կատաղի առյուծի նման կրկին առաջ թռավ, բացականչելով, «Բավական է, ինչքան համբերեցի»:

Բարձրացավ մի զարհուրելի ճիչ. մի ճիչ, որ միայն հուսահատված կրծքից կարող էր դուրս թռչել: Այնուհետև սենյակում տիրեց անթափանցելի խավար...

IX

Անցել էր երկու ամիս: Պետր Ստեփանիչ Դոլմազովը մի առավոտ խալաթը հագին նստած էր յուր առանձնասենյակում, դեպի փողոց նայող լուսամուտներից մեկի մոտ: Նա տխուր էր: Նրա կնճռված ճակատը և սեղմված շրթունքներն արտահայտում էին հոգեկան անհանգստություն: Երբեմն նա աջ ձեռքի ափով սեղմում էր ճակատը, գլուխը թեքում դեպի կուրծքը և ընկնում մտածողության մեջ: Այդ տևում էր մի քանի րոպե: Այնուհետև, ծանր հառաչանք արձակելով և շրթունքները կրծոտելով, կրկին գլուխը բարձրացնում էր և յուր մոլոր հայացքը լուսամուտի ապակիների միջով ձգում հեռավոր տեղեր:

Պարզ էր, որ Պետր Ստեփանիչին մի միտք չարաչար տանջում էր: Ժամանտկ-ժամանակ սենյակի դռները զգուշությամբ բացվում էին և մի երիտասարդական մաքուր սանրած գլուխ ներս էր ցցվում ու նույն վայրկյանին կրկին անհետանում: Դա Պետր Ստեփանիչի սպասավորն էր, որ անդադար նայում էր՝ տեսնելու, արդյոք, աղան դատարկել է թեյի բաժակը, որ վաղուց սառել էր սեղանի վրա: Բայց աղան ուշադրություն չէր դարձնում ո՛չ թեյի և ո՛չ էլ ծառայի վրա: Նա խորասուզված էր յուր մտածմունքի մեջ: Վերջապես, ծառան համարձակվեց ասելու.

Աղա, չայը սառել է:

Գնա՛, կո՛րիր:

Ծառան անհայտացավ:

Պետր Ստեփանիչը ձեռը զարկեց ճակատին, բարձրացավ տեղից և սկսեց անհաստատ քայլերով շրջել սենյակի երկայնությամբ:

Այո, դժվար խնդիր է: Շատ որոգայթներից է նա պրծել, շատ անգամ է այդպիսի դրության մեջ ընկել և ազատվել, բայց այս անգամ բախտը խռովել է նրանից: Իսկ գտնել մի ելք, հնարել մի միջոց այդ դրությունից դուրս գալու, այդ ցավից ազատվելու համարանշուշտ հարկավոր է: Հարկավոր է և այն էլ շատ շուտ, այս քանի օրերս, եթե ոչ...

Պետր Ստեփանիչը ձեռները տարածեց աջ ու ձախ և մի քանի վայրկյան նայեց յուր հողաթափների ծայրերին:

Կատարյալ, կատարյալ խայտառակություն: Երեկ նա դարձյալ այնտեղ էր. ճշմարիտ որ «նրա» դրությունը խղճալի էր: Ողորմելին այն գիշերվանից դեսը ինչպես փոխվել է, ո՛րքան մաշվել ու դեղնել հոգսից: Ինչո՞ւ, հը՛մ, ինչո՛ւ, ա՛յ հիմար հարց... ինչո՛ւ: Այսօր թե վաղը կպարզվեն բաները, և այն ժամանակ նա փչացավ, կենդանի թաղվեց: Իսկ Մարիա Իվանովնա՞ն... հը՛մ... միամիտ կին: Նա դեռ ոչինչ տեղեկություն չունի, կարծում է, որ յուր աղջիկը մրսել է, հիվանդ է և ուրիշ ոչինչ: Ցանցառ պառավը դեռ ուրախ է, դեռ հավատացած է, թե պիտի գա մի երջանիկ օր, երբ Դոլմազովը նրա աղջկա հետ թև-թևի տված կկանգնի եկեղեցու սեղանի առջև: Հը՛մ, այդ էր պակասում Դոլմազովինլինել մի չնչին, անհայտ գործակատարի փեսա: Ի՞նչ կասեն տեսնողները: Չէ, այդ ցնորք է, Մարիա Իվանովնա: Դեռ փառք աստուծո, Դոլմազովը մինչև այն աստիճան չի հիմարացել, թեթևամիտ հաշտարխանցի մամա:

Երեկ ինքն օրիորդն ևս առաջին անգամ ակնարկություն արավ, արտասուքն աչքերին: Ողորմելի, միամիտ արարած, ասում է, որ թեև նրան չի սիրում բայց ստիպված է` կեղտը ծածկելու համար: Ծիծաղելի խոսք, չի սիրում, Պետր Ստեփանիչ Դոլմազովին, և ո՞վ, ո՞վ... Կարլ Մարկիչ Պոպովի աղջիկը...

Այսպես թե այնպես, Դոլմազովի անունը կարող է քաղաքի բերանում մի մատ մեղր դառնալ, արդեն բամբասանքները սկսել են: Սերգեյ Իվանիչն, այդ անպիտանը, որ նրան հազար տեսակ կեղծավորություններ է անում, բարեկամ և ձևացնում իրան հենց նա ինքն է ամենից առաջ սկսել լուրեր տարածել նախանձելուց: Ասենք թե այդ ոչինչ: Պետր Ստեփանիչը բամբասանքներից շատ էլ վախեցողը չի, բայց կա մի ուրիշ բան, որ ավելի նշանավոր է: Եթե այժմյանից այդ գործի առաջը չառնի, վաղը կամ մյուս օրը ամեն ինչ կպարզվի, և բանը կհասնի մինչև դատաստան: Այն ժամանակ կամա-ակամա ստիպված կլինի կապել յուր կյանքը Կարլ Մարկիչի աղջկա հետ: Կարլ Մարկիչը, օօ՛օ, Կարլ Մարկիչը պրաշենիեն ծոցում պատրաստ հաշտարխանցի է, կարող է նրան նեղը գցել... Ինչպե՞ս ազատվել, տեր աստված, ինչպե՞ս:

Եվ Պետր Ստեփանիչը, կրկին նստելով աթոռի վրա, սկսեց անդադար հառաչանքներ արձակել կրծքից: Վերջապես, նա մտաբերեց թեյն և, մոտենալով սեղանին, վերցրեց բաժակն ու միանգամից դարտկեց ինչպես սառը ջուր և, մի ծխախոտ վառելով, կրկին նստեց լուսամուտի առջև ու սկսեց նայել դեպի դուրս:

Լուսամուտը նայում էր դեպի արևելյան կողմ, ուր գտնվում էր Սև քաղաքը: Հեռավոր հորիզոնը մթնել էր նավթային գործարաններից բարձրացող թանձր ծխից: Հանկարծ, ո՛վ բախտ, Դոլմազովի գլխում ծագեց մի միտք: Նրա դեմքը փոխվեց, աչքերը փայլեցին, ճակատի կնճիռները մի վայրկյանում բացվեցին: Նա արագությամբ մոտեցավ սեղանին, վերցրեց գրիչը, մի կտոր թղթի վրա մի քանի տող բան գրեց և շտապով դրեց ծրարի մեջ:

Այս նամակը, առանց րոպե ուշացնելու, ուղարկիր գործարան, — ասաց նա զանգակի հնչյունին՝ ներս մտնող սպասավորին:

Սպասավորն անհետացավ, Պետր Ստեփանիչը խալաթը հանեց, շորերը հագավ և դուրս եկավ փողոց:

Երկու ժամ չանցավ նա կրկին վերադարձավ, հոգնած և շունչը հազիվհազ քաշելով:

Չի՞ եկել, — հարցրեց նա սպասավորին նախասենյա կում:

Ո՛չ:

Պետր Ստեփանիչի դեմքն արտահայտեց անհամբերություն: Նա մտավ յուր առանձնասենյակը, կրկին հանեց շորերը խալաթը հագավ և ընկղմվեց բազկաթոռի մեջ: Քառորդ ժամից հետո էլի ներս մտավ սպասավորը:

Եկել է, կհրամայե՞ք ներս թողնել:

Հենց այս վայրկյանին:

Պետր Ստեփանիչը բեղերը և միրուքը շփեց, ավելի խորը թաղվելով բազկաթոռի մեջ: Նա յուր դեմքին խաղաղ և հանգիստ արտահայտություն տվեց:

Դռները զգուշությամբ բացվեցին, ներս մտավ մի միջահասակ թխահեր երիտասարդ, որից իսկույն սենյակի մեջ տարածվեց նավթի սուր հոտ: Նա հագած էր մոխրագույն, բայց նավթային թանձր մուրից յուր բնական գույնը կորցրած, կարճ պիդժակ և նույն գույնի նեղ վարտիք, որը մինչև ծնկները ծածկված էր կեղտոտ կոշիկների երկայն անկարուրդի մեջ: Երիտասարդը կլիներ մոտ քսանհինգ տարեկան: Չնայելով, որ նրա դեմքը կեղտոտված էր մուրով, բայց և այնպես նրա երեսի նուրբ գծագրությունն արտահայտում էր յուր բնական նուրբ գեղեցկությունը: Երիտասարդը գլուխ տվեց Պետր Ստեփանիչին և, ձեռները կողքերին քաշ գցելով, արձանացավ դռների մոտ:

Առաջ ե՛կ, նստիր, — ասաց Դոլմազովը:

Երիտասարդը չհամարձակվեց նստելու: Նա միայն գլուխ տվեց: Դոլմազովը կրկնեց յուր առաջարկոււթյունն այս անգամ ավելի քաղաքավարի ձևով: Երիտասարդն, ամաչելով ու քաշվելով, մոտեցավ և գդակը ձեռին մի կողքով նստեց աթոռի վրա:

Հը՛մ, Սմբատ, ասիր, տեսնենք ի՞նչ նոր բան կա, — հարցրեց Պետր Ստեփանիչը, մի նոր ծխախոտ վառելով:

Ձեր առողջությունը, — պատասխանեց Սմբատը, գլուխը հազիվ բարձրացնելով:

Նրա ձայնը խիստ դուրեկան էր:

Այսօր նավթ ստացե՞լ եք Բալախանուց:

Այո՛:

Ո՞վ է ընդունել:

Կարլ Մարկիչը:

Հա՞, ի՞նչ է անում Կարլը, լա՞վ է, ուրա՞խ է:

Լավ է, ուրախ է:

Հը՛մ... այդպես, ուրիշ ի՞նչ կա, գործարանն այսօր բանո՞ւմ է:

Այո՛, հենց առաջին կաթսաները նոր էինք սկսել դատարկելու, երբ ձեր հրամանոց նամակը ստացա, իսկույն ձի նստելով, ճանապարհ ընկա:

Շա՛ ատ լավ ես արել, շա՛ատ լավ ես արել: Գիտե՞ս ինչ, Սմբատ, ես քեզ մի գործի համար եմ կանչել, որը միայն քեզ է վերաբերվոււմ:

Հրամայեցե՛ք, — ասաց երիտասարդը զարմանալով:

Պետր Ստեփանիչի խոսքերը նրան մի փոքր վախեցրին: «Չլինի՞ թե ուզում է ինձ դուրս անել», մտածեց նա իսկույն:

Գիտե՞ս ինչ, Սմբատ, դու վաղուց ինձ խնդրել ես որ ռոճիկդ ավելացնեմ, այնպես չէ՞:

Այո՛:

Եվ ես խոսք եմ տվել, բայց մինչև օրս չեմ կատարել խոսքս:

Այո՛:

Դու ընտանիք ունի՞ս:

Հայր, մայր և երկու քույր:

Ինչտե՞ղ են:

Շուշում:

Հը՛մ, ինքդ խոմ պսակված չե՞ս:

Ո՛չ:

Նշանված ե՞ս:

Ո՛չ:

Հը՛մ... ուրեմն էլի մի ահագին բեռ կա մեջքիդ վրա, — ասաց Պետր Ստեփանիչը կարեկցաբար:

Այո՛, ես էլ հենց այդ պատճառով էի ձեր հրամանոց խնդրել ռոճիկս ավելացնել:

Այո՛, գիտեմ որ ամսական քառասուն մանեթով դժվար է ընտանիք կառավարել: Բայց գիտե՞ս, Սմբատ, ինչու չեմ մինչև այժմ խնդիրդ կատարել:

Ո՛չ, չգիտեմ:

Որովհետև քեզ համար ես ուրիշ բան եմ մտածում:

Սմբատը ոտից գլուխ լսողություն դառավ:

Ես ուզում եմ այնպես անել, որ դու ժամանակով օրինավոր մարդ դառնաս և ոչ թե ամսական հինգ կամ տասը մանեթով ռոճիկդ ավելացնել:

Շատ շնորհակալ եմ, Պետր Ստեփանիչ, շատ շնորհակալ եմ...

Երիտասարդը բարձրացավ տեղից, գլուխ տվեց Դոլմազովին և կրկին նստեց:

Թեև, Սմբատ, երբեմն դու էլ ինձ բարկացնում ես, բայց վատ տղա չես: Չորս տարի է, որ ինձ մոտ ծառայում ես, ես մի վատություն չեմ տեսել քեզանից: Ես էլ, իհարկե, մարդ եմ, աչքեր ունիմ, տեսնում եմ, որ հիմա հասել է ժամանակը, որ ծառայությանդ փոխարեն մի լավություն անեմ քեզ:

Երիտասարդը կրկին բարձրացավ տեղից և կրկին անգամ գլուխ տվեց: Նրա սիրտը սկսեց ուրախությունից սաստիկ բաբախել:

Ինչպես Կարլ Մարկիչին եմ տվել, քեզ համար էլ ուզում եմ մի բնակարան պատրաստել ծովեզրում գտնվող տանս մեջ: Դու, եթե ուզում ես, կարող ես գրել Շուշի հորդ, որ ընտանիքը բերի այստեղ քեզ հետ միասին ապրելու: Մեկ էլ գրիր, որ ես, Դոլմազովս, ուզում եմ քեզ իմ ձեռքով պսակել:

Երիտասարդի ականջներն ամաչելուց կարմրեցին: Նա գլուխը քաշ գցեց:

Հը՛մ, ուզում ե՞ս պսակվել, թե՞ չէ:

Ո՛չ Պետր Ստեփանիչ, — պատասխանեց Սմբատը, ճակատի տակից ամոթխածությամբ նայելով Պետր Ստեփանիչին և գդակը ձեռքում պտտեցնելով:

Հասկանում եմ, դեն գցիր, ծոցս գցիր, այնպես չէ՞:

Ո՞րտեղից է այնքան կարողություն, որ համ գլուխս պահեմ, համ ծնողներիս ու քույրերիս, համ էլ պսակվեմ:

Այդ լավ ես ասում, խելոք ես, Սմբատ: Բայց աստված ողորմած է, դու միայն լավ ծառայիր ինձ, ես շուտով, շատ շուտով քեզ կօգնեմ:

Սմբատը մի անգամ ևս գլուխ տվեց:

Բաս ինչո՞ւ չես հարցնում, թե ով է հարսնացուդ: Հը՛մ, մի աղջիկ է, Սմբատ, մի աղջիկ, որ տեսնեսաչքերդ չորս կդառնան: Բաքվի մեջ հատը չկա:

Սմբատը մի հարցական հայացք ձգեց յուր պարոնի վրա:

Աբա, եթե խելոք ես, իմացիր, թե ով է, հապա՛, գտի՛ր, հըը՛մ...

Սմբատը գլուխը շարժեց բացասաբար:

Գիտեմ, որ չես կարող գտնել, որովհետև մտածել անգամ չես կարող, թե մի այնպիսի աղջիկ պիտի ձեռք բերես:

Սմբատը կարծեց, թե Պետր Ստեփանիչը հանաք է անում և ժպտալով նայեց նրա երեսին:

Ճանաչո՞ւմ ես իմ գործարանի կառավարիչ հաշտարխանցի Կարլ Մարկիչ Պոպովին, — հարցրեց Դոլմազովն, ամեն մի բառն արտասանելով ծանր և շեշտելով մանավանդ վերջին բառերը:

Սմբատը պատասխանեց, թե ճանաչում է Կարլ Մարկիչին:

Նրա աղջկան, Կատերինա Կարլովնա յի՞ն էլ ես ճանաչում:

Ճանաչում եմ:

Ա՛յ, նրան եմ նշանում քեզ հետ:

Որովհետև Սմբատը հավատացած էր, որ Պետր Ստեփանիչը հանաք է անում, այս պատճառով մի առանձին նշանակություն չտվեց նրա խոսքերին և ոչինչ չասաց:

Տեսել ե՞ս ինքդ Կարլ Մարկիչի աղջկան:

Տեսել եմ:

Ի՞նչպեսն է, հավանո՞ւմ ես:

Սմբատը չպատասխանեց:

Լավն է, չէ՞:

Շա՛տ լավն է:

Օհո՛, ինչ ղոչաղ ես, իսկ ես կարծեցի, որ չես հավանիլ, — ասաց Պետր Ստեփանիչը, ծաղրածությամբ ժպտալով:

Սմբատն ամոթից կրկին կարմրեց և գլուխը բոլորովին՝ թեքեց կրծքին:

Դե՛հ, ուրեմն, պատրաստվի՛ր, — շարունակեց Պետր Ստեփանիչը, այս անգամ յուր դեմքին լրջություն տալով:

Ի՞նչ եք հրամայում:

Խոսք եմ ասում, իսկ դու դեռ ասում ես ինչ եք հրամայում, — ասաց Պետր Ստեփանիչը, տաքանալով: Հեռագրիր, որ ձեր ընտանիքը շուտով ճանապարհվի այստեղ: Ես երկու շաբաթից հետո գնալու եմ ՆիժնիՆովգորոդ, յարմարկա և ուզում եմ իմ ձեռքով բանը վերջացնել: Այնտեղից քեզ համար երկու խաղարկու տոմսակներ եմ բերելու ընծա, մեկը քո բախտին, մյուսն էլ հարսնացվիդ բախտին:

Սմբատը բոլորովին զարմացավ, նա դեռ չէր հավատում, թե Պետր Ստեփանիչը խոսում է լրջորեն:

Դե՛հ, լսեցիր խոմ, գնա, հոգիս, գնա՛, պատրաստվիր, — կրկնեց Պետր Ստեփանիչը վճռողական եղանակով:

Սմբատը տեղից չշարժվեց:

Ա՛ռ, այս էլ ծախսիր, հետո, եթե բավականություն չի անիլ, էլի կտամ:

Այս ասելով, Պետր Ստեփանիչը բաց արավ սեղանի պահարանը, երեք հատ հարյուրանոց հանեց և դրեց սեղանի վրա: Սմբատը, փողերը տեսնելով, կարծես քնից սթափվեց: Նա փոքր առ փոքր սկսեց ուշքի գալ: Այն բանն, որ մինչև այդ վայրկյան ցնորք էր թվում, հետզհետե սկսում էր իրականանալ: Սակայն նա չվստահացավ շարժվել տեղից և, մի հայացք ձգելով փողերի վրա, կրկին զարմացած նայեց Պետր Ստեփանիչի երեսին:

Ի՞նչ ես տավարի պես նայում, վե՛ր առ, քեզ ասում եմ ու վեր կաց:

Սմբատը բարձրացավ տեղից:

Հենց այժմ գնա, քեզ համար շորեր պատվիրիր, — կրկնեց Պետր Ստեփանիչը:

Սմբատը փողերը վերցրեց:

Դի՛ր գրպանդ և մի՛ ուշանար: Կեսօրին ինձ մոտ կգաս ճաշելու, ես քեզ մանրամասնորեն կբացատրեմ, թե ինչ կարգադրություններ եմ անելու քեզ համար:

Սմբատը, մեջքից երկու ծալ թեքվելով, գլուխ տվեց, առանց մի խոսք արտասանելու: Հետո հետ ու հետ մոտեցավ դռներին և, այնտեղ կանգնելով, մի քանի անգամ ևս գլուխ տվեց ու դուրս եկավ: Միաժամանակ Պետր Ստեփանիչի կրծքից դուրս թռավ մի խոր հառաչանք:

Ո՛ւֆ, փառք քեզ աստված, չէի կարծում, որ այդպես հեշտ կպրծնեմ: Ինչ ուրախ է հիմա Սմբատը, թևեր չունի, որ երկինք թռչի: Բայց տեսնենք, հարկավոր է դեռ օրիորդի ծնողներին էլ համոզել: Է՛հ, դա այնքան էլ դժվար չէ, ինչևիցե, պետք է զգույշ լինել, զգուշություն, զգուշություն ամենից առաջ:

Կխոստանամ, կխոստանամ, Կարլին էլ, Մարիա Իվանովնային էլ, Սմբատին էլ, հետո... տեսնենք... այդ հեշտ է...

Եվ Դոլմազովն, այս ասելով, ձեռները ուրախությունից շփեց միմյանց և վեր թռավ բազկաթոռից, նա կանչեց սպասավորին և հրամայեց սուրճ բերել:

X

Մամա ջան, ինչե՞ր ես ասում, շառլատան չէ: Սմբատը աղավարի տղա է:

Աղավարի է, թե աղավարի չէ, Կատյայիս մի մազին չարժի: Ո՞վ կարող էր մտածել, թե Կատյան պիտի գնա մի կեղտոտ ու մուրոտ գործակատարի:

Քեզի ասում են կեղտոտ չի մնալ, չէ՛, չէ՛ ու չէ : Փիե՛ե՛ ... Պետր Ստեփանիչը մաղազիա է բաց անելու հասկանո՞ւմ ես թե չէ, Սմբատին, ինձ և Արտեմին կոմպանիա է շինելու: Համեցե՛ք, գնա տես ինչ քվարթիրա է ուստուպիյտ արել նրան, ինչ մեբիլներ: Մի գնա է, հետո կիմանաս, թե Սմբատն ինչպիսի ժենիխացու է Կատյայիս համար: Մարիա ջան, այսօր ես նրան տեսա, է՛հ, է՛հ, է՛հ, ինչպես ֆռանտ է հագնվել ու սիրունացել, էտո պռոստո կավկազսկիյ կրասավեց:

Է՛հ, փառք քեզ աստված, ես ինչ էի մտածում, ինչ է դուրս գալիս...

Չիլավ, դեհ ինչ անենք: Իմանում ես, Մարիա, ասում են՝ դոկտորները նրան սավետովայտ են արել ժենիյտցա չլինի, էնդուր որ տկար է:

Տկար է, տկար, այս քանի օրերս նշանվելու է Փիրզադովի աղջկա հետ, տկար է..,

Նո՞ւուու, ի՞նչ ես ասում, դաա՞ ... ոտ, ոտ, ոտ, տեսնո՞ւմ ես, Մարիա, բաս Պետր Ստեփանիչը Փիրզադովի նման բաղաչին թող կանի ու ինձ նման կոկոյ նիբուդ պռիկաշչիկի աղջկան կուզի՞ ինչ է...

Ինչո՞վ է պակաս Կատյան Փիրզադովի աղջկանից, խելքով, գեղեցկությունով, թե շնորհով:

Սուս, սուս, ոտ, ոտ, ոտ, ոտ ինչով է պակաս, դրամ դրամ, պրիդանոյե, պրիդանոյե:

Դոլմազովի համար, ինչպես և կանխապես հավատացած էր, մի մեծ դժվարություն չէր Կարլ Մարկիչին համոզելը: Բավական էր նրա կողմից մի քանի խոստումներ, և միամիտ մարդս իսկույն շլացած այդ խոստումներից, առանց երկար մտածելու, վճռեց յուր աղջկան տալ Սմբատին:

Բայց այդքան հեշտ չէր համոզել Մարիա Իվանովնային: Մարիա Իվանովնան ուրիշ տեսակ էր մտածում յուր աղջկա մասին: Երբ Դոլմազովը մի գեղեցիկ առավոտ, գալով նրա մոտ, հայտնեց, թե Կատյայի համար մի լավ փեսացու է գտելՄարիա Իվանովնան նախ կարծեց, թե Պետր Ստեփանիչը մի պարզ ակնարկություն է անում սեփական անձնավորության մասին: Մի քանի վայրկյան նրա սիրտը սկսեց բաբախել ուրախությունից: Բայց ավա՛ղ, անցան այդ երջանիկ վայրկյանները, Դոլմազովն ավելի պարզորեն հասկացրեց նրան յուր միտքը, և խեղճ ծնողի ուրախությունն իսկույն փոխվեց տրտմության: Մարիա Իվանովնան աչքունքը քաշ գցեց, դեմքը թթվեցրեց և ոչինչ չկարողացավ պատասխանել, միայն մի խորը հառաչանք արձակելով յուր կրծքից ձգեց Դոլմազովի երեսին նշանավոր հայացք:

Պետր Ստեփանիչը հասկացավ Մարիա Իվանովնայի միտքը, բայց ոչինչ նշանակություն չտվեց նրան: Մարիա Իվանովնայի այդ նշանավոր հայացքն ու այդ խորհրդավոր լռությունն ավելի զորեղ և գուցե կծու ազդեցություն անեին Դոլմազովի վրա, եթե սա հավատացած լիներ, որ միամիտ մորը հայտնի է յուր թշվառ աղջկա գլխին եկած ծանր փորձանքն և այդ փորձանքից առաջացած վշտալի և անարգ հետևանքը:

Դոլմազովը գովեց ու գովաբանեց Սմբատին: Նկարագրեց նրա խելքը, կրթությունը, եռանդը, գեղեցկությունն ամենագեղեցիկ գույներով: Նա կրկնեց, թե պսակվելուց հետո Սմբատի համար կբացի մի լավ մագազին և Կարլ Մարկիչին և Արտեմին կընկերացնի նրա հետ, Սակայն Մարիա Իվանովնան՝ մնաց անտարբեր: Նրա վրա այդ խոստումները չունեցան այնպիսի ազդեցություն, ինչպես Կարլ Մարկիչի վրա: Նա չհափշտակվեց, չտվեց յուր համաձայնությունը, բայց և այնպես խնդրեց Դոլմազովին՝ մի քիչ միջոց տալ այդ մասին մտածելու և յուր ամուսնու հետ խորհրդակցելու: Դոլմազովը հեռացավ, հուսալով, որ Կարլ Մարկիչը անշուշտ կհամոզի Մարիա Իվանովնային, և այդ դժվար խնդիրը, որն իրան այդքան անհանգստացնում էր, շուտով կվճռվի:

Բայց ի՞նչ էր մտածում ինքը, Կատերինա Կարլովնան. համաձա՞յն էր նա, արդյոք Սմբատին գնալու: Դոլմազովը, պետք է ասած, այդ մասին սկզբում շատ էր անհանգստանում: Սակայն երբ նա մի անգամ ներկայացավ օրիորդին և, մի ժամու չափ առանձնանալով վերջինի հետ, խոսեց այդ մասին և իմացավ օրիորդի միտքն, այնուհետև հանգստացավ և բավական ուրախ դեմքով վերադարձավ տուն: Այո՛, Կատերինա Կարլովնայի պատասխանը շատ մխիթարական էր Պետր Ստեփանիչի համար և ուրիշ կերպ չէր կարող լինել: Օրիորդի առջև, յուր անմխիթար դրությունից դուրս գալու համար, երկու ելք կար: Նա կամ պիտի համաձայնվեր Պետր Ստեփանիչի առաջարկության հետ՝ պսակվելու Սմբատի հետ, կամ թե ոչ պիտի մնար յուր ծնողների մոտ և հայտնելով յուր գաղտնիքը վերջիններին, սպասեր այն նշավակության, որը սպառնում էր նրան մոտիկ ապագայում:

Վերջին միտքը սարսափեցնում էր Կատերինա Կարլովնային. համեստության, ամոթի և վերջապես ինքնասիրության զգացմունքները չէին թույլատրում նրան հայտնել իր անջնջելի արատը ծնողներին: Բացի այն նախատինքից, որը պիտի կրեր ինքը օրիորդը, դա կլիներ և մի անսպասելի զորեղ հարված, որին չէին կարող դիմանալ ո՛չ Կարլ Մարկիչը և ոչ Մարիա Իվանովնան: Իսկ դիմել այն անբնական և հանցավոր միջոցին, որին դիմում են շատերն այդ տեսակ դրության մեջ, վտանգավոր էր և երկյուղալի: Կատերինան խորշում էր այդ միջոցից ու վախենում:

Նա ցանկանում էր ապրել, բայց ապրել առանց գաղտնիքը ծնողներին հայտնելու, առանց հասարակության բամբասանքի և ատելության առարկա դառնալու: Եվ այս նպատակին հասնելու համար նա չէր խորշում այնպիսի միջոցից, որ ատելի և զզվելի էր նրա համար: ինչպես նույն ինքն ատելությունն ու զզվանքը: Նա համբերում էր Դոլմազովի ներկայությունը, նրա հետ ժամերով առանձնանում էր և խորհրդակցում յուր ապագայի մասին, լսում էր նրա խորհուրդները: Նա մինչև անգամ համաձայն էր պսակվել վերջինի հետ, միայն թէ կարողանար ծածկել յուր ամոթը. Եվ Դոլմազովն օգտվում էր օրիորդի անտանելի դրությունից և կամաց-կամաց հաշտեցնում նրան յուր կեղտոտ պայմանների հետ...

Այսպես թե այնպես, օրիորդը համաձայն էր պսակվել Սմբատի հետ: Համաձայն էր նույնպես և միամիտ Կարլ Մարկիչը: Համաձայն չէր միայն Մարիա Իվանովնան: Եվ ահա երկու ամուսինները տաք-տաք վիճաբանում էին ննջարանում առանձնացած: Կատերինա Կարլովնան և Արտեմ Կարլիչն իրենց սենյակներում էին: Վերջինը զբաղված էր ինչ-որ հաշիվներով, որոնց պիտի ներկայացներ Պետր Ստեփանիչին:

Քեզ ասում եմ, բանը մի՛ երկարացնի, ետը լավ չի դա հա՛ աա՛, — շարունակում էր համոզել յուր ամուսնուն Կարլ Մարկիչը: — Կատյան ինքը սոգլասնի է, էլ ի՞նչ ես ուզում: Նո՛ւ, բանը պրծած է, էգուց պիտի օբրուչիյտցա անենք, հինգ օրից հետո էլ պսակենք, էնդուր, որ Պետր Ստեփանիչը վռազում է. եկող շաբաթ օտպրավիյտցա է լինելու Հաշխան, էնդից էլ յարմուրկա:

Դու ինչ գիտես, որ Կատյան հոժար է, ես հարցնում եմ ոչինչ չի պատասխանում, լաց է լինում: Չեմ իմանում խեղճ երեխիս ցավն ինչ է. ամսից ավելի է, որ արյուն արտասուքի մեջ է, օրից օր հալվում, մաշվում է:

Տկար է, տկար է. ինձի Պետր Ստեփանիչն ասավ, որ այն երեկո պրոստուդիյցա իլել: Ես էլ պույլսը տեսա երեկ, լիխորադկա ունի: Աբա ինքն ի՞նչտեղ է:

Նստած է յուր սենյակում տխուր ու տրտում, խոսեցնում եմչի խոսում:

Կատյա, Կատյուշկա, դուշեչկա, մին եկ այստեղ, — գոչեց Կարլ Մարկիչը:

Ներս մտավ Կատերինա Կարլովնան: Ո՛րքան փոխվել էր խեղճ օրիորդն այն չարագուշակ երեկոյից, ինչպե՛ս դեղնել ու մաշվել էր երկու ամսվա ընթացքում, նրա դեմքի նախկին թարմության և կայտառության հետքը նշմարվում էր միայն երկու փոքրիկ կարմիր բծերով, որոնք հազիվհազ պահպանվել էին սփրթնած այտերի վրա: Նրա երեսի ոսկորները ցցվել էին, աչքերը թաղվել խոր փոսերի մեջ, շրթունքներն արյունաքամվել: Փոխվել էին նույնպես նրա նախկին խրոխտ ու հպարտ գնացքն ու շարժվածքը:

Ներս մտնելով, նա թույլ և անլսելի քայլերով մոտեցավ պատի տակ դրած աթոռներից մեկին, վհատված և ուժաթափ ոչ թե նստեց, այլ միանգամից ընկավ նրա վրա:

Այո՛, այդպես, Կատյա, ախար մի քանի օրից հետո պսակվելու ես, մեզ մոտ նստիր, որ քեզանից կշտանանք: Ի՞նչ էիր անում այնտեղ:

Կարդում էի, — պատասխանեց օրիորդը նվազած ձայնով, որի մեջ զգացվում էր նրա ներքին վիշտը:

Էլի ռոմա՞ն, քեզի քանի անգամ ասել եմ, որ ռոմաններ կարդալը վնաս է, տես, ախար ինչպես բլեդնիացել ես:

Ռոման չէ, պապա, Կատյան տերտեր է դառել, ավետարան է կարդում , — մեջ մտավ Արտեմ Կարլիչը, որ նույնպես եկել էր ներս քրոջ հետ, յուր հոր ձայնին:

Ավետարան, հա՛, լավ ես անում, բայց ի՞նչ կարդալու վախտ է, կիրակի օրը պսակդ է, տվալետդ պատրաստիր: Հա՛, Կատյա, դուշա մայա, ժենիխիդ տեսե՞լ ես, հավանո՞ւմ ես:

Օրիորդը ոչինչ չպատասխանեց, միայն գլուխը թեքելով կրծքին մի խորը հառաչանք արձակեց:

Լավ է, մի՛ ամաչիր, մի՛ կարմրիր, իմացա, հավանում ես, ո՛վ չի հավանի Սմբատին:

Ես էլ եմ հավանում, պապա, — դարձյալ մեջ մտավ Արտեմը: Երեկ ծովի վրա նրա հետ նավակով ման եկանք: Շատ լավ տղա է:

Լսո՞ւմ ես, նո՞ւ, լսո՞ւմ ես, Մարիա, Արտեմն էլ է հավանում, դո՞ւ ինչ ես ֆորսիյտ անում:

Ինչու չի հավանիլ, չէ որ Արտեմն ինքն էլ Սմբատի նման մեկն է:

Ինձ չե՞ս հավանում, մամա, ես ի՞նչ վատ տղա եմ:

Վատ չես, բայց մի մեծ բան էլ չես:

Նու, նու, նու, հերիք է, քիչ երկարացրեք, ինքը Կատյան հավանում է յուր ժենիխին պրծավ ու գնաց, այնպե՞ս չէ, Կատյա:

Ինչպես կամենում եք, այնպես արեք, — պատասխանեց Կատերինա Կարլովնան:

Այդպես, շատ ապրես, շատ ապրես, Կատյա: Նո՛ւ, Մարիա, ինչ որ հարկավոր է, էգուց ասիր, որ առնեմ, էնդուր որ Պետր Ստեփանիչը վռազում է: Երեկ ինձ երկու հարյուր մանեթ փող տվեց պոկուպկաներ անելու:

Մարիա Իվանովնան կրկին սկսեց հակառակել: Նա ասաց, թե այդքան շտապել հարկավոր չէ, թե ավելի լավ է սպասել, գուցե Կատյայի համար մի ուրիշ ավելի լավ փեսացու է ճարվելու, թե Կատյայի անունն արդեն տարածվել է և ամենքը գովում են, թե շատ հարուստ տղերք կցանկանան առաջարկություն անել և այլն, և այլն:

Գիշերից բավական անցել էր: Կատերինա Կարլովնան հեռացավ յուր սենյակը, Արտեմ Կարլիշն արդեն քնած էր: Երկու ամուսինները շարունակում էին վիճաբանել: Վերջապես, Կարլ Մարկիչը տեսնելով, որ Մարիան համառությոն է անում, դուրս եկավ համբերությունից և ասաց.

Թե խեղղվիս, Մարիա, ես Կատյային տալիս եմ Սմբատին, էնդուր որ Պետր Ստեփանիչի քեֆին դիպչել չեմ կարող:

Մարիա Իվանովնան կատաղեց, փրփրեց, բայց, վերջը Կարլից մի փափուկ ապտակ ստանալով, հեռացավ, գնաց քնելու վիրավորված սրտով և վշտացած հոգով:

Հետևյալ առավոտ Դոլմազովը կրկին այցելեց Պոպովի ընտանիքն և մի ժամ մնալուց հետո, հեռացավ բոլորովին միամտացած: Նա կոտրել էր Մարիա Իվանովնայի համառությունը:

Հինգ օր անցած, մի գեղեցիկ երեկո քաղաքի կենտրոնում գտնվող փոքրաշեն եկեղեցում կատարվեց Կատերինա Կարլովնայի և Սմբատի պսակը: Դոլմազովը յուր խնամատարությունն այնտեղը հասցրեց, որ մինչև անգամ Սմբատի խաչեղբոր պաշտոնն ինքը կատարեց:

XI

Սմբատը շուշեցի աղքատ ծնողների զավակ էր: Տասներկու տարեկան հասակում նրան տվեցին քաղաքային ուսումնարան: Երեք տարի մնաց այնտեղ Սմբատն և հազիվ ռուսերեն ու հայերեն գրել ու կարդալը սովորել էր, երբ հայրը դուրս բերեց նրան և հանձնեց մի վաճառականի խանութ: Բավական ընդունակ և աշխատասեր տղա էր, բնավորությունով համեստ, խաղաղ և իրանից մեծերի խոսքը լսող ու կատարող: Նա չափազանց հարգում ու պատվում էր յուր ծնողներին, սիրում էր յուր երկու քույրերին, որոնք տարիքով իրանից փոքր էին: Հարգում ու պատվում էր նա նույնպես և՛ այն վաճառականին, որի մոտ գործակատար էր, խոնարհությամբ կատարում էր նրա պատվերները: Բայց երբեք նրա խոնարհությունը ստրկության չէր հասնում, նա յուր գործերը կատարում էր ինչպես մի պարտաճանաչ գործակատար, ուրիշ ոչինչ: Նա ինքնասեր տղա էր և տեղն եկած ժամանակ կարող էր պաշտպանել յուր պատիվը: Որովհետև նրա հայրը, ծերացած լինելով ոչնչով չէր պարապում, այս պատճառով ընտանիքի հոգսն ընկել էր որդու վրա: Հինգ տարի ծառայեց Սմբատը վաճառականի խանութում, նրա չնչին ռոճիկն անբավական էր հինգ հոգուց բաղկացած ընտանիքի գոյությունը պահպանելու համար: Տեսնելով, որ աղքատությունը շատ է ճնշում, նա յուր հոր համաձայնությամբ, թողեց Շուշին և եկավ Բաքու` այստեղ բախտ որոնելու: Նա մտավ գործակատար Դոլմազովի մոտ ամսական քառասուն մանեթով: Յուր համեստ ռոճիկի մի չնչին մասով կեսկուշտ կեսքաղցած ապրում էր ինքն, իսկ մնացյալն ուղարկում ընտանիքին, որի ապահովության խնդիրը նրա միակ հոգսն էր: Հայրն անդադար գանգատվում էր աղքատության վրա, և Սմբատն, ամեն անգամ նրանից նամակ ստանալիս, քաշվում էր գործարանի մի անկյունն և դառն արտասուք թափում: Չորս տարի էր, որ նա Դոլմազովի մոտ ծառայում էր միևնույն ռոճիկով: Վերջին ժամանակ մի քանի անգամ նա խնդրեց Դոլմազովին փոքր-ինչ ավելացնել ռոճիկը, բայց վերջինն ուշադրություն չէր դարձնում: Իսկ երբ Սմբատը մի անգամ ևս այդ մասին ակնարկեց, Դոլմազովը բարկացավ:

Եթե մեկ էլ գլուխս ցավեցնես, շորերդ հավաքիր ու կորիր:

Սմբատը լռեց: Բայց հազիվ անցել էր երկու ամիս այդ օրից, և ահա նույն Դոլմազովը հրավիրում է Սմբատին յուր մոտ և հանկարծ հայտնում, թե այսուհետև նրան ընդունում է յուր առանձին հովանավորության տակ: Նա առաջարկում է Սմբատին պսակվել Կատերինա Կարլովնայի նման գեղեցկուհու հետ, խոստանում է անկախ ապրուստի միջոց, մագազին և, իբրև ապացույց, տալիս է երեք հատ հարյուրանոց:

Որպիսի՛ բախտավորություն, որպիսի՛ անսպասելի երջանկություն մանուկ հասակից աղքատության դառն լծի տակ ճնշված մի երիտասարդի համար: Երբ Սմբատն երեք հատ հարյուրանոցները գրպանում դուրս եկավ Դոլմազովի մոտից, հանկարծակի ուրախության բուռն զգացմունքների ներքո միանգամայն շվարված էր: Նա չէր հավատում, թե այդ բոլորը կատարվում է իրականության մեջ նրան երազ էր թվում Դոլմազովի առաջարկությունը: Բայց ի՛նչ երազ, ի՛նչ հրաշք, ահա երեք հատ կանաչ-կարմիրանոցները: Սմբատը փողոցում անդադար հանում էր հարյուրանոցները, նայում նրանց այքս երեսին, այն երեսին, շոշափում, հետո ծալում այս կողմ, այն կողմ և կրկին դնում գրպանը, կրկին հանում ու կրկին նայում և կրկին դնում գրպանը: Վերջապես, նա հետզհետե ուշքի է գալիս և նրա սիրտը նորից սկսում է բաբախել ուրախությունից:

Next page