Շիրվանզադե Ալեքսանդր՝ Պատմվածքներ և վիպակներ | |
Եվ Դոլմազովի կրծքից կրկին դուրս թռավ մի կեղծ հառաչանք:
Արդեն անցել էր բավական ժամանակ: Կատերինա Կարլովնան, օգտվելով Դոլմազովի րոպեական լռությունից, բարձրացավ յուր տեղից:
— Սպասեցեք, — ասաց Դոլմազովը:
— Ո՛չ, բավական է, ինչքան պահեցիք, թույլ տվեք:
— Մի քիչ էլ նստեցեք, խնդրեմ:
Սակայն օրիորդը այս անգամ չհամաձայնվեց նստելու: Նա երեսը շուռ տվեց և վճռողական քայլերով դիմեց դեպի դռները:
— Ո՞ւր եք փախչում, — բացականչեց Դոլմազովն և, վազելով օրիորդի հետևից, բռնեց նրա ձեռքը:
— Հերիք է, Պետր Ստեփանիչ, գնանք:
— Հերիք է, հերիք չէ, ա՛յ թե հերիք է:
Եվ այս անորոշ խոսքերն արտասանելով, Դոլմազովը դռները փակեց, բանալին շուռ տվեց և կողպեց:
— Տեսնո՞ւմ եք, հա, հա, հա, — գոչեց նա, չարախնդությամբ ծիծաղելով:
Նա, բանալին ցույց տալով օրիորդին, ձգեց գրպանը: Նրա ծիծաղն օրիորդի վրա վերին աստիճանի զզվելի տպավորություն արավ: Մի քանի վայրկյան սա ապշած նայում էր: Պետր Ստեփանիչը նույնպես նայում էր օրիորդին: Եվ այդ հայացքն արտահայտում էր նրա զազրելի ձգտումը: Նրա բարակ և սեղմված շրթունքների վրա խաղաց մի հանդուգն ու լկտի ժպիտ, և այդ վայրկյանին նրա քրքրված ու մաշված դեմքն ընդունեց գարշելի արտահայտություն: Կատերինա Կարլովնան սարսափեց այդ արտահայտությունից: Մի տենդային սաստիկ դողոց սկսեց ցնցել նրա ամբողջ մարմինը ոտից մինչև գլխի մազերի արմատները:
— Ի սեր աստուծո, Պետր Ստեփանիչ, բա՛ց արեք, — արտասանեց, վերջապես, հուսահատ ձայնով:
Դոլմազովը նայեց նրան և ասաց.
— Ձրի չեմ բաց անիլ...
— Ի՞նչ եք կամենում, — հարցրեց օրիորդը, բոլորովին գունաթափվելով:
— Ի՞նչ եմ ուզում հը՛մ, ոչինչ...
Դոլմազովը չկարողացավ ավարտել յուր խոսքերը: Մի ինչ-որ ներքին ուժ այդ վայրկյանին կաշկանդեց նրա լեզուն: Նա մի քանի վայրկյան գլուխը թեքեց կրծքին: Բայց հանկարծ կրկին բարձրացրեց գլուխն և, ձեռները տարածելով առաջ, մի ոստումով թռավ դեպի օրիորդը: Վերջինն արագությամբ հետ մղվեց և մեջքը տվեց պատին, կարծես, պաշտպանողական դիրք բռնելով: Դոլմազովը մի ոստում ևս արավ, և այս անգամ նրա տարածված թևերն ունելիքի պես ձգտեցին ճանկելու պատի տակ սեղմված օրիորդին:
— Հեռո՛ւ, եթե ոչ...
Դոլմազովի կուրծքը ստացավ երկու ձեռների մի սաստիկ հարված, և նրա մարմինը մի քանի քայլ հետ մղվեց: Մի վայրկյանում նրա փոքրիկ սատանայական աչքերն արյունով լցվեցին, ճակատի կնճիռները բացվեցին տափակ կուրծքը դուրս ցցվեց և, նա կատաղի առյուծի նման կրկին առաջ թռավ, բացականչելով, «Բավական է, ինչքան համբերեցի»:
Բարձրացավ մի զարհուրելի ճիչ. մի ճիչ, որ միայն հուսահատված կրծքից կարող էր դուրս թռչել: Այնուհետև սենյակում տիրեց անթափանցելի խավար...
IX
Անցել էր երկու ամիս: Պետր Ստեփանիչ Դոլմազովը մի առավոտ խալաթը հագին նստած էր յուր առանձնասենյակում, դեպի փողոց նայող լուսամուտներից մեկի մոտ: Նա տխուր էր: Նրա կնճռված ճակատը և սեղմված շրթունքներն արտահայտում էին հոգեկան անհանգստություն: Երբեմն նա աջ ձեռքի ափով սեղմում էր ճակատը, գլուխը թեքում դեպի կուրծքը և ընկնում մտածողության մեջ: Այդ տևում էր մի քանի րոպե: Այնուհետև, ծանր հառաչանք արձակելով և շրթունքները կրծոտելով, կրկին գլուխը բարձրացնում էր և յուր մոլոր հայացքը լուսամուտի ապակիների միջով ձգում հեռավոր տեղեր:
Պարզ էր, որ Պետր Ստեփանիչին մի միտք չարաչար տանջում էր: Ժամանտկ-ժամանակ սենյակի դռները զգուշությամբ բացվում էին և մի երիտասարդական մաքուր սանրած գլուխ ներս էր ցցվում ու նույն վայրկյանին կրկին անհետանում: Դա Պետր Ստեփանիչի սպասավորն էր, որ անդադար նայում էր՝ տեսնելու, արդյոք, աղան դատարկել է թեյի բաժակը, որ վաղուց սառել էր սեղանի վրա: Բայց աղան ուշադրություն չէր դարձնում ո՛չ թեյի և ո՛չ էլ ծառայի վրա: Նա խորասուզված էր յուր մտածմունքի մեջ: Վերջապես, ծառան համարձակվեց ասելու.
— Աղա, չայը սառել է:
— Գնա՛, կո՛րիր:
Ծառան անհայտացավ:
Պետր Ստեփանիչը ձեռը զարկեց ճակատին, բարձրացավ տեղից և սկսեց անհաստատ քայլերով շրջել սենյակի երկայնությամբ:
Այո, դժվար խնդիր է: Շատ որոգայթներից է նա պրծել, շատ անգամ է այդպիսի դրության մեջ ընկել և ազատվել, բայց այս անգամ բախտը խռովել է նրանից: Իսկ գտնել մի ելք, հնարել մի միջոց այդ դրությունից դուրս գալու, այդ ցավից ազատվելու համար — անշուշտ հարկավոր է: Հարկավոր է և այն էլ շատ շուտ, այս քանի օրերս, եթե ոչ...
Պետր Ստեփանիչը ձեռները տարածեց աջ ու ձախ և մի քանի վայրկյան նայեց յուր հողաթափների ծայրերին:
Կատարյալ, կատարյալ խայտառակություն: Երեկ նա դարձյալ այնտեղ էր. ճշմարիտ որ «նրա» դրությունը խղճալի էր: Ողորմելին այն գիշերվանից դեսը ինչպես փոխվել է, ո՛րքան մաշվել ու դեղնել հոգսից: Ինչո՞ւ, հը՛մ, ինչո՛ւ, ա՛յ հիմար հարց... ինչո՛ւ: Այսօր թե վաղը կպարզվեն բաները, և այն ժամանակ նա փչացավ, կենդանի թաղվեց: Իսկ Մարիա Իվանովնա՞ն... հը՛մ... միամիտ կին: Նա դեռ ոչինչ տեղեկություն չունի, կարծում է, որ յուր աղջիկը մրսել է, հիվանդ է և ուրիշ ոչինչ: Ցանցառ պառավը դեռ ուրախ է, դեռ հավատացած է, թե պիտի գա մի երջանիկ օր, երբ Դոլմազովը նրա աղջկա հետ թև-թևի տված կկանգնի եկեղեցու սեղանի առջև: Հը՛մ, այդ էր պակասում Դոլմազովին — լինել մի չնչին, անհայտ գործակատարի փեսա: Ի՞նչ կասեն տեսնողները: Չէ, այդ ցնորք է, Մարիա Իվանովնա: Դեռ փառք աստուծո, Դոլմազովը մինչև այն աստիճան չի հիմարացել, թեթևամիտ հաշտարխանցի մամա:
Երեկ ինքն օրիորդն ևս առաջին անգամ ակնարկություն արավ, արտասուքն աչքերին: Ողորմելի, միամիտ արարած, ասում է, որ թեև նրան չի սիրում բայց ստիպված է` կեղտը ծածկելու համար: Ծիծաղելի խոսք, չի սիրում, Պետր Ստեփանիչ Դոլմազովին, և ո՞վ, ո՞վ... Կարլ Մարկիչ Պոպովի աղջիկը...
Այսպես թե այնպես, Դոլմազովի անունը կարող է քաղաքի բերանում մի մատ մեղր դառնալ, արդեն բամբասանքները սկսել են: Սերգեյ Իվանիչն, այդ անպիտանը, որ նրան հազար տեսակ կեղծավորություններ է անում, բարեկամ և ձևացնում իրան հենց նա ինքն է ամենից առաջ սկսել լուրեր տարածել նախանձելուց: Ասենք թե այդ ոչինչ: Պետր Ստեփանիչը բամբասանքներից շատ էլ վախեցողը չի, բայց կա մի ուրիշ բան, որ ավելի նշանավոր է: Եթե այժմյանից այդ գործի առաջը չառնի, վաղը կամ մյուս օրը ամեն ինչ կպարզվի, և բանը կհասնի մինչև դատաստան: Այն ժամանակ կամա-ակամա ստիպված կլինի կապել յուր կյանքը Կարլ Մարկիչի աղջկա հետ: Կարլ Մարկիչը, օօ՛օ, Կարլ Մարկիչը պրաշենիեն ծոցում պատրաստ հաշտարխանցի է, կարող է նրան նեղը գցել... Ինչպե՞ս ազատվել, տեր աստված, ինչպե՞ս:
Եվ Պետր Ստեփանիչը, կրկին նստելով աթոռի վրա, սկսեց անդադար հառաչանքներ արձակել կրծքից: Վերջապես, նա մտաբերեց թեյն և, մոտենալով սեղանին, վերցրեց բաժակն ու միանգամից դարտկեց ինչպես սառը ջուր և, մի ծխախոտ վառելով, կրկին նստեց լուսամուտի առջև ու սկսեց նայել դեպի դուրս:
Լուսամուտը նայում էր դեպի արևելյան կողմ, ուր գտնվում էր Սև քաղաքը: Հեռավոր հորիզոնը մթնել էր նավթային գործարաններից բարձրացող թանձր ծխից: Հանկարծ, ո՛վ բախտ, Դոլմազովի գլխում ծագեց մի միտք: Նրա դեմքը փոխվեց, աչքերը փայլեցին, ճակատի կնճիռները մի վայրկյանում բացվեցին: Նա արագությամբ մոտեցավ սեղանին, վերցրեց գրիչը, մի կտոր թղթի վրա մի քանի տող բան գրեց և շտապով դրեց ծրարի մեջ:
— Այս նամակը, առանց րոպե ուշացնելու, ուղարկիր գործարան, — ասաց նա զանգակի հնչյունին՝ ներս մտնող սպասավորին:
Սպասավորն անհետացավ, Պետր Ստեփանիչը խալաթը հանեց, շորերը հագավ և դուրս եկավ փողոց:
Երկու ժամ չանցավ նա կրկին վերադարձավ, հոգնած և շունչը հազիվհազ քաշելով:
— Չի՞ եկել, — հարցրեց նա սպասավորին նախասենյա կում:
— Ո՛չ:
Պետր Ստեփանիչի դեմքն արտահայտեց անհամբերություն: Նա մտավ յուր առանձնասենյակը, կրկին հանեց շորերը խալաթը հագավ և ընկղմվեց բազկաթոռի մեջ: Քառորդ ժամից հետո էլի ներս մտավ սպասավորը:
— Եկել է, կհրամայե՞ք ներս թողնել:
— Հենց այս վայրկյանին:
Պետր Ստեփանիչը բեղերը և միրուքը շփեց, ավելի խորը թաղվելով բազկաթոռի մեջ: Նա յուր դեմքին խաղաղ և հանգիստ արտահայտություն տվեց:
Դռները զգուշությամբ բացվեցին, ներս մտավ մի միջահասակ թխահեր երիտասարդ, որից իսկույն սենյակի մեջ տարածվեց նավթի սուր հոտ: Նա հագած էր մոխրագույն, բայց նավթային թանձր մուրից յուր բնական գույնը կորցրած, կարճ պիդժակ և նույն գույնի նեղ վարտիք, որը մինչև ծնկները ծածկված էր կեղտոտ կոշիկների երկայն անկարուրդի մեջ: Երիտասարդը կլիներ մոտ քսանհինգ տարեկան: Չնայելով, որ նրա դեմքը կեղտոտված էր մուրով, բայց և այնպես նրա երեսի նուրբ գծագրությունն արտահայտում էր յուր բնական նուրբ գեղեցկությունը: Երիտասարդը գլուխ տվեց Պետր Ստեփանիչին և, ձեռները կողքերին քաշ գցելով, արձանացավ դռների մոտ:
— Առաջ ե՛կ, նստիր, — ասաց Դոլմազովը:
Երիտասարդը չհամարձակվեց նստելու: Նա միայն գլուխ տվեց: Դոլմազովը կրկնեց յուր առաջարկոււթյունն այս անգամ ավելի քաղաքավարի ձևով: Երիտասարդն, ամաչելով ու քաշվելով, մոտեցավ և գդակը ձեռին մի կողքով նստեց աթոռի վրա:
— Հը՛մ, Սմբատ, ասիր, տեսնենք ի՞նչ նոր բան կա, — հարցրեց Պետր Ստեփանիչը, մի նոր ծխախոտ վառելով:
— Ձեր առողջությունը, — պատասխանեց Սմբատը, գլուխը հազիվ բարձրացնելով:
Նրա ձայնը խիստ դուրեկան էր:
— Այսօր նավթ ստացե՞լ եք Բալախանուց:
— Այո՛:
— Ո՞վ է ընդունել:
— Կարլ Մարկիչը:
— Հա՞, ի՞նչ է անում Կարլը, լա՞վ է, ուրա՞խ է:
— Լավ է, ուրախ է:
— Հը՛մ... այդպես, ուրիշ ի՞նչ կա, գործարանն այսօր բանո՞ւմ է:
— Այո՛, հենց առաջին կաթսաները նոր էինք սկսել դատարկելու, երբ ձեր հրամանոց նամակը ստացա, իսկույն ձի նստելով, ճանապարհ ընկա:
— Շա՛ ատ լավ ես արել, շա՛ատ լավ ես արել: Գիտե՞ս ինչ, Սմբատ, ես քեզ մի գործի համար եմ կանչել, որը միայն քեզ է վերաբերվոււմ:
— Հրամայեցե՛ք, — ասաց երիտասարդը զարմանալով:
Պետր Ստեփանիչի խոսքերը նրան մի փոքր վախեցրին: «Չլինի՞ թե ուզում է ինձ դուրս անել», մտածեց նա իսկույն:
— Գիտե՞ս ինչ, Սմբատ, դու վաղուց ինձ խնդրել ես որ ռոճիկդ ավելացնեմ, այնպես չէ՞:
— Այո՛:
— Եվ ես խոսք եմ տվել, բայց մինչև օրս չեմ կատարել խոսքս:
— Այո՛:
— Դու ընտանիք ունի՞ս:
— Հայր, մայր և երկու քույր:
— Ինչտե՞ղ են:
— Շուշում:
— Հը՛մ, ինքդ խոմ պսակված չե՞ս:
— Ո՛չ:
— Նշանված ե՞ս:
— Ո՛չ:
— Հը՛մ... ուրեմն էլի մի ահագին բեռ կա մեջքիդ վրա, — ասաց Պետր Ստեփանիչը կարեկցաբար:
— Այո՛, ես էլ հենց այդ պատճառով էի ձեր հրամանոց խնդրել ռոճիկս ավելացնել:
— Այո՛, գիտեմ որ ամսական քառասուն մանեթով դժվար է ընտանիք կառավարել: Բայց գիտե՞ս, Սմբատ, ինչու չեմ մինչև այժմ խնդիրդ կատարել:
— Ո՛չ, չգիտեմ:
— Որովհետև քեզ համար ես ուրիշ բան եմ մտածում:
Սմբատը ոտից գլուխ լսողություն դառավ:
— Ես ուզում եմ այնպես անել, որ դու ժամանակով օրինավոր մարդ դառնաս և ոչ թե ամսական հինգ կամ տասը մանեթով ռոճիկդ ավելացնել:
— Շատ շնորհակալ եմ, Պետր Ստեփանիչ, շատ շնորհակալ եմ...
Երիտասարդը բարձրացավ տեղից, գլուխ տվեց Դոլմազովին և կրկին նստեց:
— Թեև, Սմբատ, երբեմն դու էլ ինձ բարկացնում ես, բայց վատ տղա չես: Չորս տարի է, որ ինձ մոտ ծառայում ես, ես մի վատություն չեմ տեսել քեզանից: Ես էլ, իհարկե, մարդ եմ, աչքեր ունիմ, տեսնում եմ, որ հիմա հասել է ժամանակը, որ ծառայությանդ փոխարեն մի լավություն անեմ քեզ:
Երիտասարդը կրկին բարձրացավ տեղից և կրկին անգամ գլուխ տվեց: Նրա սիրտը սկսեց ուրախությունից սաստիկ բաբախել:
— Ինչպես Կարլ Մարկիչին եմ տվել, քեզ համար էլ ուզում եմ մի բնակարան պատրաստել ծովեզրում գտնվող տանս մեջ: Դու, եթե ուզում ես, կարող ես գրել Շուշի հորդ, որ ընտանիքը բերի այստեղ քեզ հետ միասին ապրելու: Մեկ էլ գրիր, որ ես, Դոլմազովս, ուզում եմ քեզ իմ ձեռքով պսակել:
Երիտասարդի ականջներն ամաչելուց կարմրեցին: Նա գլուխը քաշ գցեց:
— Հը՛մ, ուզում ե՞ս պսակվել, թե՞ չէ:
— Ո՛չ Պետր Ստեփանիչ, — պատասխանեց Սմբատը, ճակատի տակից ամոթխածությամբ նայելով Պետր Ստեփանիչին և գդակը ձեռքում պտտեցնելով:
— Հասկանում եմ, դեն գցիր, ծոցս գցիր, այնպես չէ՞:
— Ո՞րտեղից է այնքան կարողություն, որ համ գլուխս պահեմ, համ ծնողներիս ու քույրերիս, համ էլ պսակվեմ:
— Այդ լավ ես ասում, խելոք ես, Սմբատ: Բայց աստված ողորմած է, դու միայն լավ ծառայիր ինձ, ես շուտով, շատ շուտով քեզ կօգնեմ:
Սմբատը մի անգամ ևս գլուխ տվեց:
— Բաս ինչո՞ւ չես հարցնում, թե ով է հարսնացուդ: Հը՛մ, մի աղջիկ է, Սմբատ, մի աղջիկ, որ տեսնես — աչքերդ չորս կդառնան: Բաքվի մեջ հատը չկա:
Սմբատը մի հարցական հայացք ձգեց յուր պարոնի վրա:
— Աբա, եթե խելոք ես, իմացիր, թե ով է, հապա՛, գտի՛ր, հըը՛մ...
Սմբատը գլուխը շարժեց բացասաբար:
— Գիտեմ, որ չես կարող գտնել, որովհետև մտածել անգամ չես կարող, թե մի այնպիսի աղջիկ պիտի ձեռք բերես:
Սմբատը կարծեց, թե Պետր Ստեփանիչը հանաք է անում և ժպտալով նայեց նրա երեսին:
— Ճանաչո՞ւմ ես իմ գործարանի կառավարիչ հաշտարխանցի Կարլ Մարկիչ Պոպովին, — հարցրեց Դոլմազովն, ամեն մի բառն արտասանելով ծանր և շեշտելով մանավանդ վերջին բառերը:
Սմբատը պատասխանեց, թե ճանաչում է Կարլ Մարկիչին:
— Նրա աղջկան, Կատերինա Կարլովնա յի՞ն էլ ես ճանաչում:
— Ճանաչում եմ:
— Ա՛յ, նրան եմ նշանում քեզ հետ:
Որովհետև Սմբատը հավատացած էր, որ Պետր Ստեփանիչը հանաք է անում, այս պատճառով մի առանձին նշանակություն չտվեց նրա խոսքերին և ոչինչ չասաց:
— Տեսել ե՞ս ինքդ Կարլ Մարկիչի աղջկան:
— Տեսել եմ:
— Ի՞նչպեսն է, հավանո՞ւմ ես:
Սմբատը չպատասխանեց:
— Լավն է, չէ՞:
— Շա՛տ լավն է:
— Օհո՛, ինչ ղոչաղ ես, իսկ ես կարծեցի, որ չես հավանիլ, — ասաց Պետր Ստեփանիչը, ծաղրածությամբ ժպտալով:
Սմբատն ամոթից կրկին կարմրեց և գլուխը բոլորովին՝ թեքեց կրծքին:
— Դե՛հ, ուրեմն, պատրաստվի՛ր, — շարունակեց Պետր Ստեփանիչը, այս անգամ յուր դեմքին լրջություն տալով:
— Ի՞նչ եք հրամայում:
— Խոսք եմ ասում, իսկ դու դեռ ասում ես ինչ եք հրամայում, — ասաց Պետր Ստեփանիչը, տաքանալով: Հեռագրիր, որ ձեր ընտանիքը շուտով ճանապարհվի այստեղ: Ես երկու շաբաթից հետո գնալու եմ Նիժնի — Նովգորոդ, յարմարկա և ուզում եմ իմ ձեռքով բանը վերջացնել: Այնտեղից քեզ համար երկու խաղարկու տոմսակներ եմ բերելու ընծա, մեկը քո բախտին, մյուսն էլ հարսնացվիդ բախտին:
Սմբատը բոլորովին զարմացավ, նա դեռ չէր հավատում, թե Պետր Ստեփանիչը խոսում է լրջորեն:
— Դե՛հ, լսեցիր խոմ, գնա, հոգիս, գնա՛, պատրաստվիր, — կրկնեց Պետր Ստեփանիչը վճռողական եղանակով:
Սմբատը տեղից չշարժվեց:
— Ա՛ռ, այս էլ ծախսիր, հետո, եթե բավականություն չի անիլ, էլի կտամ:
Այս ասելով, Պետր Ստեփանիչը բաց արավ սեղանի պահարանը, երեք հատ հարյուրանոց հանեց և դրեց սեղանի վրա: Սմբատը, փողերը տեսնելով, կարծես քնից սթափվեց: Նա փոքր առ փոքր սկսեց ուշքի գալ: Այն բանն, որ մինչև այդ վայրկյան ցնորք էր թվում, հետզհետե սկսում էր իրականանալ: Սակայն նա չվստահացավ շարժվել տեղից և, մի հայացք ձգելով փողերի վրա, կրկին զարմացած նայեց Պետր Ստեփանիչի երեսին:
— Ի՞նչ ես տավարի պես նայում, վե՛ր առ, քեզ ասում եմ ու վեր կաց:
Սմբատը բարձրացավ տեղից:
— Հենց այժմ գնա, քեզ համար շորեր պատվիրիր, — կրկնեց Պետր Ստեփանիչը:
Սմբատը փողերը վերցրեց:
— Դի՛ր գրպանդ և մի՛ ուշանար: Կեսօրին ինձ մոտ կգաս ճաշելու, ես քեզ մանրամասնորեն կբացատրեմ, թե ինչ կարգադրություններ եմ անելու քեզ համար:
Սմբատը, մեջքից երկու ծալ թեքվելով, գլուխ տվեց, առանց մի խոսք արտասանելու: Հետո հետ ու հետ մոտեցավ դռներին և, այնտեղ կանգնելով, մի քանի անգամ ևս գլուխ տվեց ու դուրս եկավ: Միաժամանակ Պետր Ստեփանիչի կրծքից դուրս թռավ մի խոր հառաչանք:
— Ո՛ւֆ, փառք քեզ աստված, չէի կարծում, որ այդպես հեշտ կպրծնեմ: Ինչ ուրախ է հիմա Սմբատը, թևեր չունի, որ երկինք թռչի: Բայց տեսնենք, հարկավոր է դեռ օրիորդի ծնողներին էլ համոզել: Է՛հ, դա այնքան էլ դժվար չէ, ինչևիցե, պետք է զգույշ լինել, զգուշություն, զգուշություն ամենից առաջ:
— Կխոստանամ, կխոստանամ, Կարլին էլ, Մարիա Իվանովնային էլ, Սմբատին էլ, հետո... տեսնենք... այդ հեշտ է...
Եվ Դոլմազովն, այս ասելով, ձեռները ուրախությունից շփեց միմյանց և վեր թռավ բազկաթոռից, նա կանչեց սպասավորին և հրամայեց սուրճ բերել:
X
— Մամա ջան, ինչե՞ր ես ասում, շառլատան չէ: Սմբատը աղավարի տղա է:
— Աղավարի է, թե աղավարի չէ, Կատյայիս մի մազին չարժի: Ո՞վ կարող էր մտածել, թե Կատյան պիտի գնա մի կեղտոտ ու մուրոտ գործակատարի:
— Քեզի ասում են կեղտոտ չի մնալ, չէ՛, չէ՛ ու չէ : Փիե՛ե՛ ... Պետր Ստեփանիչը մաղազիա է բաց անելու հասկանո՞ւմ ես թե չէ, Սմբատին, ինձ և Արտեմին կոմպանիա է շինելու: Համեցե՛ք, գնա տես ինչ քվարթիրա է ուստուպիյտ արել նրան, ինչ մեբիլներ: Մի գնա է, հետո կիմանաս, թե Սմբատն ինչպիսի ժենիխացու է Կատյայիս համար: Մարիա ջան, այսօր ես նրան տեսա, է՛հ, է՛հ, է՛հ, ինչպես ֆռանտ է հագնվել ու սիրունացել, էտո պռոստո կավկազսկիյ կրասավեց:
— Է՛հ, փառք քեզ աստված, ես ինչ էի մտածում, ինչ է դուրս գալիս...
— Չիլավ, դեհ ինչ անենք: Իմանում ես, Մարիա, ասում են՝ դոկտորները նրան սավետովայտ են արել ժենիյտցա չլինի, էնդուր որ տկար է:
— Տկար է, տկար, այս քանի օրերս նշանվելու է Փիրզադովի աղջկա հետ, տկար է..,
— Նո՞ւ — ու— ու, ի՞նչ ես ասում, դաա՞ ... ոտ, ոտ, ոտ, տեսնո՞ւմ ես, Մարիա, բաս Պետր Ստեփանիչը Փիրզադովի նման բաղաչին թող կանի ու ինձ նման կոկոյ նիբուդ պռիկաշչիկի աղջկան կուզի՞ ինչ է...
— Ինչո՞վ է պակաս Կատյան Փիրզադովի աղջկանից, խելքով, գեղեցկությունով, թե շնորհով:
— Սուս, սուս, ոտ, ոտ, ոտ, ոտ ինչով է պակաս, դրամ դրամ, պրիդանոյե, պրիդանոյե:
Դոլմազովի համար, ինչպես և կանխապես հավատացած էր, մի մեծ դժվարություն չէր Կարլ Մարկիչին համոզելը: Բավական էր նրա կողմից մի քանի խոստումներ, և միամիտ մարդս իսկույն շլացած այդ խոստումներից, առանց երկար մտածելու, վճռեց յուր աղջկան տալ Սմբատին:
Բայց այդքան հեշտ չէր համոզել Մարիա Իվանովնային: Մարիա Իվանովնան ուրիշ տեսակ էր մտածում յուր աղջկա մասին: Երբ Դոլմազովը մի գեղեցիկ առավոտ, գալով նրա մոտ, հայտնեց, թե Կատյայի համար մի լավ փեսացու է գտել — Մարիա Իվանովնան նախ կարծեց, թե Պետր Ստեփանիչը մի պարզ ակնարկություն է անում սեփական անձնավորության մասին: Մի քանի վայրկյան նրա սիրտը սկսեց բաբախել ուրախությունից: Բայց ավա՛ղ, անցան այդ երջանիկ վայրկյանները, Դոլմազովն ավելի պարզորեն հասկացրեց նրան յուր միտքը, և խեղճ ծնողի ուրախությունն իսկույն փոխվեց տրտմության: Մարիա Իվանովնան աչքունքը քաշ գցեց, դեմքը թթվեցրեց և ոչինչ չկարողացավ պատասխանել, միայն մի խորը հառաչանք արձակելով յուր կրծքից ձգեց Դոլմազովի երեսին նշանավոր հայացք:
Պետր Ստեփանիչը հասկացավ Մարիա Իվանովնայի միտքը, բայց ոչինչ նշանակություն չտվեց նրան: Մարիա Իվանովնայի այդ նշանավոր հայացքն ու այդ խորհրդավոր լռությունն ավելի զորեղ և գուցե կծու ազդեցություն անեին Դոլմազովի վրա, եթե սա հավատացած լիներ, որ միամիտ մորը հայտնի է յուր թշվառ աղջկա գլխին եկած ծանր փորձանքն և այդ փորձանքից առաջացած վշտալի և անարգ հետևանքը:
Դոլմազովը գովեց ու գովաբանեց Սմբատին: Նկարագրեց նրա խելքը, կրթությունը, եռանդը, գեղեցկությունն ամենագեղեցիկ գույներով: Նա կրկնեց, թե պսակվելուց հետո Սմբատի համար կբացի մի լավ մագազին և Կարլ Մարկիչին և Արտեմին կընկերացնի նրա հետ, Սակայն Մարիա Իվանովնան՝ մնաց անտարբեր: Նրա վրա այդ խոստումները չունեցան այնպիսի ազդեցություն, ինչպես Կարլ Մարկիչի վրա: Նա չհափշտակվեց, չտվեց յուր համաձայնությունը, բայց և այնպես խնդրեց Դոլմազովին՝ մի քիչ միջոց տալ այդ մասին մտածելու և յուր ամուսնու հետ խորհրդակցելու: Դոլմազովը հեռացավ, հուսալով, որ Կարլ Մարկիչը անշուշտ կհամոզի Մարիա Իվանովնային, և այդ դժվար խնդիրը, որն իրան այդքան անհանգստացնում էր, շուտով կվճռվի:
Բայց ի՞նչ էր մտածում ինքը, Կատերինա Կարլովնան. համաձա՞յն էր նա, արդյոք Սմբատին գնալու: Դոլմազովը, պետք է ասած, այդ մասին սկզբում շատ էր անհանգստանում: Սակայն երբ նա մի անգամ ներկայացավ օրիորդին և, մի ժամու չափ առանձնանալով վերջինի հետ, խոսեց այդ մասին և իմացավ օրիորդի միտքն, այնուհետև հանգստացավ և բավական ուրախ դեմքով վերադարձավ տուն: Այո՛, Կատերինա Կարլովնայի պատասխանը շատ մխիթարական էր Պետր Ստեփանիչի համար և ուրիշ կերպ չէր կարող լինել: Օրիորդի առջև, յուր անմխիթար դրությունից դուրս գալու համար, երկու ելք կար: Նա կամ պիտի համաձայնվեր Պետր Ստեփանիչի առաջարկության հետ՝ պսակվելու Սմբատի հետ, կամ թե ոչ պիտի մնար յուր ծնողների մոտ և հայտնելով յուր գաղտնիքը վերջիններին, սպասեր այն նշավակության, որը սպառնում էր նրան մոտիկ ապագայում:
Վերջին միտքը սարսափեցնում էր Կատերինա Կարլովնային. համեստության, ամոթի և վերջապես ինքնասիրության զգացմունքները չէին թույլատրում նրան հայտնել իր անջնջելի արատը ծնողներին: Բացի այն նախատինքից, որը պիտի կրեր ինքը օրիորդը, դա կլիներ և մի անսպասելի զորեղ հարված, որին չէին կարող դիմանալ ո՛չ Կարլ Մարկիչը և ոչ Մարիա Իվանովնան: Իսկ դիմել այն անբնական և հանցավոր միջոցին, որին դիմում են շատերն այդ տեսակ դրության մեջ, վտանգավոր էր և երկյուղալի: Կատերինան խորշում էր այդ միջոցից ու վախենում:
Նա ցանկանում էր ապրել, բայց ապրել առանց գաղտնիքը ծնողներին հայտնելու, առանց հասարակության բամբասանքի և ատելության առարկա դառնալու: Եվ այս նպատակին հասնելու համար նա չէր խորշում այնպիսի միջոցից, որ ատելի և զզվելի էր նրա համար: ինչպես նույն ինքն ատելությունն ու զզվանքը: Նա համբերում էր Դոլմազովի ներկայությունը, նրա հետ ժամերով առանձնանում էր և խորհրդակցում յուր ապագայի մասին, լսում էր նրա խորհուրդները: Նա մինչև անգամ համաձայն էր պսակվել վերջինի հետ, միայն թէ կարողանար ծածկել յուր ամոթը. Եվ Դոլմազովն օգտվում էր օրիորդի անտանելի դրությունից և կամաց-կամաց հաշտեցնում նրան յուր կեղտոտ պայմանների հետ...
Այսպես թե այնպես, օրիորդը համաձայն էր պսակվել Սմբատի հետ: Համաձայն էր նույնպես և միամիտ Կարլ Մարկիչը: Համաձայն չէր միայն Մարիա Իվանովնան: Եվ ահա երկու ամուսինները տաք-տաք վիճաբանում էին ննջարանում առանձնացած: Կատերինա Կարլովնան և Արտեմ Կարլիչն իրենց սենյակներում էին: Վերջինը զբաղված էր ինչ-որ հաշիվներով, որոնց պիտի ներկայացներ Պետր Ստեփանիչին:
— Քեզ ասում եմ, բանը մի՛ երկարացնի, ետը լավ չի դա հա՛ աա՛, — շարունակում էր համոզել յուր ամուսնուն Կարլ Մարկիչը: — Կատյան ինքը սոգլասնի է, էլ ի՞նչ ես ուզում: Նո՛ւ, բանը պրծած է, էգուց պիտի օբրուչիյտցա անենք, հինգ օրից հետո էլ պսակենք, էնդուր, որ Պետր Ստեփանիչը վռազում է. եկող շաբաթ օտպրավիյտցա է լինելու Հաշխան, էնդից էլ յարմուրկա:
— Դու ինչ գիտես, որ Կատյան հոժար է, ես հարցնում եմ ոչինչ չի պատասխանում, լաց է լինում: Չեմ իմանում խեղճ երեխիս ցավն ինչ է. ամսից ավելի է, որ արյուն արտասուքի մեջ է, օրից օր հալվում, մաշվում է:
— Տկար է, տկար է. ինձի Պետր Ստեփանիչն ասավ, որ այն երեկո պրոստուդիյցա իլել: Ես էլ պույլսը տեսա երեկ, լիխորադկա ունի: Աբա ինքն ի՞նչտեղ է:
— Նստած է յուր սենյակում տխուր ու տրտում, խոսեցնում եմ — չի խոսում:
— Կատյա, Կատյուշկա, դուշեչկա, մին եկ այստեղ, — գոչեց Կարլ Մարկիչը:
Ներս մտավ Կատերինա Կարլովնան: Ո՛րքան փոխվել էր խեղճ օրիորդն այն չարագուշակ երեկոյից, ինչպե՛ս դեղնել ու մաշվել էր երկու ամսվա ընթացքում, նրա դեմքի նախկին թարմության և կայտառության հետքը նշմարվում էր միայն երկու փոքրիկ կարմիր բծերով, որոնք հազիվհազ պահպանվել էին սփրթնած այտերի վրա: Նրա երեսի ոսկորները ցցվել էին, աչքերը թաղվել խոր փոսերի մեջ, շրթունքներն արյունաքամվել: Փոխվել էին նույնպես նրա նախկին խրոխտ ու հպարտ գնացքն ու շարժվածքը:
Ներս մտնելով, նա թույլ և անլսելի քայլերով մոտեցավ պատի տակ դրած աթոռներից մեկին, վհատված և ուժաթափ ոչ թե նստեց, այլ միանգամից ընկավ նրա վրա:
— Այո՛, այդպես, Կատյա, ախար մի քանի օրից հետո պսակվելու ես, մեզ մոտ նստիր, որ քեզանից կշտանանք: Ի՞նչ էիր անում այնտեղ:
— Կարդում էի, — պատասխանեց օրիորդը նվազած ձայնով, որի մեջ զգացվում էր նրա ներքին վիշտը:
— Էլի ռոմա՞ն, քեզի քանի անգամ ասել եմ, որ ռոմաններ կարդալը վնաս է, տես, ախար ինչպես բլեդնիացել ես:
— Ռոման չէ, պապա, Կատյան տերտեր է դառել, ավետարան է կարդում , — մեջ մտավ Արտեմ Կարլիչը, որ նույնպես եկել էր ներս քրոջ հետ, յուր հոր ձայնին:
— Ավետարան, հա՛, լավ ես անում, բայց ի՞նչ կարդալու վախտ է, կիրակի օրը պսակդ է, տվալետդ պատրաստիր: Հա՛, Կատյա, դուշա մայա, ժենիխիդ տեսե՞լ ես, հավանո՞ւմ ես:
Օրիորդը ոչինչ չպատասխանեց, միայն գլուխը թեքելով կրծքին մի խորը հառաչանք արձակեց:
— Լավ է, մի՛ ամաչիր, մի՛ կարմրիր, իմացա, հավանում ես, ո՛վ չի հավանի Սմբատին:
— Ես էլ եմ հավանում, պապա, — դարձյալ մեջ մտավ Արտեմը: Երեկ ծովի վրա նրա հետ նավակով ման եկանք: Շատ լավ տղա է:
— Լսո՞ւմ ես, նո՞ւ, լսո՞ւմ ես, Մարիա, Արտեմն էլ է հավանում, դո՞ւ ինչ ես ֆորսիյտ անում:
— Ինչու չի հավանիլ, չէ որ Արտեմն ինքն էլ Սմբատի նման մեկն է:
— Ինձ չե՞ս հավանում, մամա, ես ի՞նչ վատ տղա եմ:
— Վատ չես, բայց մի մեծ բան էլ չես:
— Նու, նու, նու, հերիք է, քիչ երկարացրեք, ինքը Կատյան հավանում է յուր ժենիխին պրծավ ու գնաց, այնպե՞ս չէ, Կատյա:
— Ինչպես կամենում եք, այնպես արեք, — պատասխանեց Կատերինա Կարլովնան:
— Այդպես, շատ ապրես, շատ ապրես, Կատյա: Նո՛ւ, Մարիա, ինչ որ հարկավոր է, էգուց ասիր, որ առնեմ, էնդուր որ Պետր Ստեփանիչը վռազում է: Երեկ ինձ երկու հարյուր մանեթ փող տվեց պոկուպկաներ անելու:
Մարիա Իվանովնան կրկին սկսեց հակառակել: Նա ասաց, թե այդքան շտապել հարկավոր չէ, թե ավելի լավ է սպասել, գուցե Կատյայի համար մի ուրիշ ավելի լավ փեսացու է ճարվելու, թե Կատյայի անունն արդեն տարածվել է և ամենքը գովում են, թե շատ հարուստ տղերք կցանկանան առաջարկություն անել և այլն, և այլն:
Գիշերից բավական անցել էր: Կատերինա Կարլովնան հեռացավ յուր սենյակը, Արտեմ Կարլիշն արդեն քնած էր: Երկու ամուսինները շարունակում էին վիճաբանել: Վերջապես, Կարլ Մարկիչը տեսնելով, որ Մարիան համառությոն է անում, դուրս եկավ համբերությունից և ասաց.
— Թե խեղղվիս, Մարիա, ես Կատյային տալիս եմ Սմբատին, էնդուր որ Պետր Ստեփանիչի քեֆին դիպչել չեմ կարող:
Մարիա Իվանովնան կատաղեց, փրփրեց, բայց, վերջը Կարլից մի փափուկ ապտակ ստանալով, հեռացավ, գնաց քնելու վիրավորված սրտով և վշտացած հոգով:
Հետևյալ առավոտ Դոլմազովը կրկին այցելեց Պոպովի ընտանիքն և մի ժամ մնալուց հետո, հեռացավ բոլորովին միամտացած: Նա կոտրել էր Մարիա Իվանովնայի համառությունը:
Հինգ օր անցած, մի գեղեցիկ երեկո քաղաքի կենտրոնում գտնվող փոքրաշեն եկեղեցում կատարվեց Կատերինա Կարլովնայի և Սմբատի պսակը: Դոլմազովը յուր խնամատարությունն այնտեղը հասցրեց, որ մինչև անգամ Սմբատի խաչեղբոր պաշտոնն ինքը կատարեց:
XI
Սմբատը շուշեցի աղքատ ծնողների զավակ էր: Տասներկու տարեկան հասակում նրան տվեցին քաղաքային ուսումնարան: Երեք տարի մնաց այնտեղ Սմբատն և հազիվ ռուսերեն ու հայերեն գրել ու կարդալը սովորել էր, երբ հայրը դուրս բերեց նրան և հանձնեց մի վաճառականի խանութ: Բավական ընդունակ և աշխատասեր տղա էր, բնավորությունով համեստ, խաղաղ և իրանից մեծերի խոսքը լսող ու կատարող: Նա չափազանց հարգում ու պատվում էր յուր ծնողներին, սիրում էր յուր երկու քույրերին, որոնք տարիքով իրանից փոքր էին: Հարգում ու պատվում էր նա նույնպես և՛ այն վաճառականին, որի մոտ գործակատար էր, խոնարհությամբ կատարում էր նրա պատվերները: Բայց երբեք նրա խոնարհությունը ստրկության չէր հասնում, նա յուր գործերը կատարում էր ինչպես մի պարտաճանաչ գործակատար, ուրիշ ոչինչ: Նա ինքնասեր տղա էր և տեղն եկած ժամանակ կարող էր պաշտպանել յուր պատիվը: Որովհետև նրա հայրը, ծերացած լինելով ոչնչով չէր պարապում, այս պատճառով ընտանիքի հոգսն ընկել էր որդու վրա: Հինգ տարի ծառայեց Սմբատը վաճառականի խանութում, նրա չնչին ռոճիկն անբավական էր հինգ հոգուց բաղկացած ընտանիքի գոյությունը պահպանելու համար: Տեսնելով, որ աղքատությունը շատ է ճնշում, նա յուր հոր համաձայնությամբ, թողեց Շուշին և եկավ Բաքու` այստեղ բախտ որոնելու: Նա մտավ գործակատար Դոլմազովի մոտ ամսական քառասուն մանեթով: Յուր համեստ ռոճիկի մի չնչին մասով կեսկուշտ կեսքաղցած ապրում էր ինքն, իսկ մնացյալն ուղարկում ընտանիքին, որի ապահովության խնդիրը նրա միակ հոգսն էր: Հայրն անդադար գանգատվում էր աղքատության վրա, և Սմբատն, ամեն անգամ նրանից նամակ ստանալիս, քաշվում էր գործարանի մի անկյունն և դառն արտասուք թափում: Չորս տարի էր, որ նա Դոլմազովի մոտ ծառայում էր միևնույն ռոճիկով: Վերջին ժամանակ մի քանի անգամ նա խնդրեց Դոլմազովին փոքր-ինչ ավելացնել ռոճիկը, բայց վերջինն ուշադրություն չէր դարձնում: Իսկ երբ Սմբատը մի անգամ ևս այդ մասին ակնարկեց, Դոլմազովը բարկացավ:
— Եթե մեկ էլ գլուխս ցավեցնես, շորերդ հավաքիր ու կորիր:
Սմբատը լռեց: Բայց հազիվ անցել էր երկու ամիս այդ օրից, և ահա նույն Դոլմազովը հրավիրում է Սմբատին յուր մոտ և հանկարծ հայտնում, թե այսուհետև նրան ընդունում է յուր առանձին հովանավորության տակ: Նա առաջարկում է Սմբատին պսակվել Կատերինա Կարլովնայի նման գեղեցկուհու հետ, խոստանում է անկախ ապրուստի միջոց, մագազին և, իբրև ապացույց, տալիս է երեք հատ հարյուրանոց:
Որպիսի՛ բախտավորություն, որպիսի՛ անսպասելի երջանկություն մանուկ հասակից աղքատության դառն լծի տակ ճնշված մի երիտասարդի համար: Երբ Սմբատն երեք հատ հարյուրանոցները գրպանում դուրս եկավ Դոլմազովի մոտից, հանկարծակի ուրախության բուռն զգացմունքների ներքո միանգամայն շվարված էր: Նա չէր հավատում, թե այդ բոլորը կատարվում է իրականության մեջ նրան երազ էր թվում Դոլմազովի առաջարկությունը: Բայց ի՛նչ երազ, ի՛նչ հրաշք, ահա երեք հատ կանաչ-կարմիրանոցները: Սմբատը փողոցում անդադար հանում էր հարյուրանոցները, նայում նրանց այքս երեսին, այն երեսին, շոշափում, հետո ծալում այս կողմ, այն կողմ և կրկին դնում գրպանը, կրկին հանում ու կրկին նայում և կրկին դնում գրպանը: Վերջապես, նա հետզհետե ուշքի է գալիս և նրա սիրտը նորից սկսում է բաբախել ուրախությունից:
Следующая страница |