Շիրվանզադե Ալեքսանդր՝   Պատմվածքներ և վիպակներ

Վերջապես, վերջապես, աղքատության քարը միանգամից դեն կգցեմ, — կրկնում էր նա ինքն իրան անդադար: — Վերջապես, խեղճ ծնողներս ու քույրերս մի լավ օր կտեսնեն: Կատերինա Կարլովնան... հը՛մ... կարո՞ղ էի, արդյոք, երբևիցե երևակայել, որ այդ գեղեցկուհին իմ ամուսինը պիտի դառնա...

Շարունակ մի շաբաթ Սմբատն ուրախությունից շվարած պտտվում է այս կողմ, այն կողմ, զանաղան բաներ է պատվիրում և այլն:

Վերջապես, հասնում է հարսանիքի երեկոն: Սմբատը զուգված, զարդարված կանգնած է եկեղեցու սեղանի առջև, Կատերինա Կարլովնայի հետ ձեռք-ձեռքի տված: Նա ուրախությունից ոտից գլուխ դողում է, նրա սևագույն խոշոր աչքերը փայլում են երջանկության փայլով, նրա սիրտը թրթռում է: Պսակն ավարտվում է, և Սմբատը թև-թևի տված Կատերինա Կարլովնայի հետ, մտնում է յուր սեփական բնակարանը: Նրա ուրախությունը սահման չունի, նա ոտքի ձեռքի ընկած թռչում է այս կողմ, այն կողմ, ինքն անձամբ ծառայություններ անում հանդիսականներին: Նրան թվում է, թե ոչ միայն ինքն է երջանիկ, այլև բոլորն և ամենքն ուրախ են յուր բախտավորությամբ: Նա տասն անգամ, հարյուր անգամ գլուխ է տալիս Դոլմազովին, անդադար շնորհակալություններ հայտնում յուր բարեսիրտ խնամատարին նրա այդչափ լավությունների փոխարեն:

Բայց, ավա՛ղ, Սմբատի երջանկությունն երկար չի տևում: Անգութ ճակատագիրը շտապում է ողորմելի երիտասարդի կարծեցյալ բախտավորությունը վերափոխել դժբախտության:

Հարսանիքի չորրորդ օրն է: Առավոտ է: Արեգակը, նորնոր դուրս գալով, շառագունում է երկնակամարը, և ահա Սմբատը գիշերային շորերով նստած է յուր սենյակում: Նրա դեմքը տխուր է և գունաթափ, շրթունքները սեղմված, ճակատը կնճռված: Նա անդադար կրծքից խորը հառաչանքներ է արձակում և երբեմն գլուխն երկու ձեռներով սեղմում է կամ մազերը փետում:

Ուղիղ երկու ժամ Սմբատը միայնակ մնում է այդ դրության մեջ՝ փակված յուր սենյակում: Հետո նա հանկարծ բարձրանում է տեղից, շորերը հագնում և խելագարի պես գզգզված մազերով, անլվա երեսով, վազում փողոց: Նա ամբողջ օրը չի վերադառնում տուն, մյուս օրը նույնպես: Սկսում են փնտրել այստեղ ու այնտեղ, չկա ու չկա...

Ո՞ւր է Սմբատը:

XII

Մի հիանալի, մի դյութական տեսարան է ներկայացնում ծովեզրյա քաղաքը լուսնյակ գիշեր, երբ եղանակը բոլորովին խաղաղ է: Կանգնելով ծովափում և բազմաթիվ նավերի անտառախիտ կայմերի միջով նայելով ջրի անհուն տարածությանը, որի հարթ մակերևույթն արծաթափայլում է պայծառ երկնքի երեսին սահող լրացած լուսնի կաթնագույն լուսով, մարդ ակամա հափշտակվում է: Կա մի անհասկանալի զորություն, մի անբացատրելի ուժ, որն այստեղ րոպեաբար մոռացնել է տալիս մարդուն այն ամենն, ինչ որ պատկանում է նյութական աշխարհին, և նա, կարծես, կախարդվում է: Մարդ հոգով ու մտքով այդ անհասանելի զորության ուժից մղվում է հեռո՛ւ-հեռո՛լ, դեպի երկնքի անհուն խորությունը, ուր չկան այն դառնություններն, առօրյա մանր հոգսերն ու վշտերը, որոնց ներքո գիշեր ու ցերեկ ճնշված է մահկանացուն: Այդպիսի րոպեներում մարդ ոչինչ չի կարողանում մտածել, ոչ մի միտք կանգ չի առնում նրա գլխում: Այդպիսի րոպեներում միտքը կաշկանդվում է, երևակայությունը բորբոքվում է, և մարդ կարծես լողում է ինչ-որ վերացական աշխարհի մեջ, ուր նա հետզհետե հալվում է, ինչպես մի կտոր սառույց եռացող ջրի կաթսայում:

Ահա մի այդպիսի հրաշալի երեկո էր, երբ, Կատերինա Կարլովնայի հարսանիքից հինգ օր անցած, ծովային կայարաններից մեկի ծայրում, ոլոր-մոլոր քայլերով անցուդարձ էր անում մի երիտասարդ: Եղանակը, ամառային լինելով, բավական տաք էր: Երիտասարդը հագած էր սևագույն մահդյա հագուստ առանց վերարկվի: Նա գլխաբաց էր, ձեռները ծոցում խաչաձև ծալած և սպիտակ ամառային գդակը կռնատակին պահած: Ժամանակ-ժամանակ նա կանգ էր առնում և, գլուխը բարձրացնելով, նայում լուսնին, որը կամ մտնում էր բամբակագույն նոսր ամպերի տակ և քողարկվում, ինչպես մի գեղատեսիլ, նազելի օրիորդ, կամ կրկին դուրս սահում:

Մի ամբողջ ժամ էր, որ Սմբատն այդպես անցուդարձ էր անում այստեղ: Կայարանի մի անկյունում, ծովի երեսում կանգնած էր մի փոքրիկ բեռնակիր շոգենավ, որ պատրաստվում էր ճանապարհ ընկնելու: Նավաստիները տախտակամածների վրա ապրանքներ էին դարսում: Շոգենավի վրա կային միայն մի քանի պարսիկ ճանապարհորդներ: Կարճլիկ, կարմրերես և հաստ շվեդացի նավապետը, ձեռները գրպանում դրած, տախտակամածի ծայրից յուր սուր հայացքը ձգել էր ծովի հեռավոր հորիզոնին: Սմբատը բարձրացավ շոգենավի վրա և մոտեցավ նավապետին:

Ե՞րբ կճանապարհվենք:

Մի ժամից հետո, — պատասխանեց նավապետը, յուր հայացքը չհեռացնելով ծովից:

Կնշանակե տասնումեկ ժամի՛ն:

Ուղիղ:

Սմբատը ցած եկավ և նստեց կայարանի սյուներից մեկի վրա: Փախչել ու հեռանալահա այն միակ միջոցը, որ կարող է նրան ազատել խայտառակությունից: Իսկ մյուսը... օ՛օ՛օ... նա չի կարող դիմել այդ միջոցին, սարսափելի է: Սարսափելի է ո՛չ միայն նրա, այլև չորս հոգուց բաղկացած մի ընտանիքի համար, որի գոյության միակ պաշտպանն ինքն է: Դա կլինի մի անսպասելի մահացու վերք նրա ծերունի ծնողների համար: Այո՛, որդիական սերը նրան իրավունք չի տալիս դիմել ինքնասպանության: Միակ ելքն այս անիծյալ քաղաքից հեռանալն է: Ի՛նչ խայտառակություն, տեր աստված, և ո՛վ կարող է սպասել, թե Դոլմազովը մի այդպիսի դև է: Ի՛նչպես խելագարվեց և գլխապատառ ընկավ այդ մարդու որոգայթը: Դոլմազով, օ՛օ՛օ՛ Դոլմազով, հիմա հասկանալի է, թե ինչ միտք ուներ քո բարերարությունը: Զզվելի, կեղտոտ մարդ, մի թե բավական չէր քեզ, որ անբախտացրել էիր մի ամբողջ ընտանիք, որ դու երկրորդին ևս թշվառացրիր: Օ՛օ՛օ՛... եթե մի օր քեզ կհանդիպի Սմբատը... Բայց այժմ ուշ է, այժմ միայն մի բան է մնում անել. շուտով այստեղից հեռանալ: Արդեն ամբողջ քաղաքը խոսում է, ամենքի բամբասանքի առարկան է նա, էլ ի՛նչ երեսով կարող է մնալ այստեղ:

Այս մտածողության մեջ խորասուզված, Սմբատը բարձրացավ և սկսեց նայել ծովի հեռավոր հորիզոնին: Կես ժամու չափ նա այդ դրության մեջ անշարժ կանգնած էր: Հանկարծ նրա ականջներին հասավ բարակ սուլոցի ձայն: Սմբատն արագ քայլերով դիմեց դեպի շոգենավն և բարձրացավ տախտակամածի վրա:

Շոգենավը բաժանվեց կայարանից և հանդարտությամբ սկսեց լողալ դեպի ծովի խորքը, Սմբատը, երեսը դարձրած, քաղաքին էր նայում: Անցավ քառորդ ժամ, և քաղաքը սկսեց հետզհետե անհետանալ նրա աչքերից: Վերջին անգամ նայելով դեպի հետ, նա մի խորը հառաչանք արձակեց կրծքից:

Մնաս բարյավ կարծեցյալ բախտավորությունասաց, և արտասուքի երկու խոշոր կաթիլներ, գլորվելով նրա աչքերից, ընկան տախտակամածի վրա:

XIII

Մոտ երեք տարի անցած Սմբատի Պարսկաստան հեռանալու երեկոյից՝ Հաշտարխանի նեղ փողոցներից մեկում, մի փոքրիկ սենյակում ապրում էր երեք հոգուց բաղկացած մի ընտանիք: Սրանցից մեկը մի պառավ կին էր մեջքից ծռված, մյուսը մի դեղնած մաշված, բայց գեղեցկությունը տակավին չկորցրած երիտասարդ կին, իսկ երրորդն երկու տարեկան մանուկ հիվանդոտ դեմքով:

Պառավ կինը Մարիա Իվանովնան էր, երիտասարդըԿատերինա Կարլովնան, իսկ հիվանդոտ մանուկըվերջինի երեխան: Կարլ Մարկիչը չկար: Երբ Սմբատի Պարսկաստան փախչելու գաղտնիքը պարզվեց, Կարլ Մարկիչն իսկույն, վշտացած սրտով, դուրս եկավ Դոլմազովի մոտից յուր որդու հետ: Նա երկար ժամանակ գործ չգտավ: Մի կողմից աղջկա խայտառակությունը, մյուս կողմից՝ անտանելի աղքատությունը հետզհետե բոլորովին ճնշեցին խեղճ ծերունուն, և նա երկու տարի չանցած մեռավ: Արտեմ Կարլիչը դեռ Բաքվումն էր: Նա մի գործարանում գործակատար էր և յուր ստացած աննշան ռոճիկով պահում էր մորը, քրոջն ու սրա զավակին:

ՕՐԻՈՐԴ ԼԻԶԱ

Նվեր NN...ին

Մի անգամ Թիֆլիսի կենտրոնում գտնվող մի տան պատշգամբի վրա երկու բարեկամ նստած գարեջուր էին խմում: Մեկը վառ աչքերով, պարզ ճակատով և գանգուր մազերով քսանուհինգ տարեկան երիտասարդ էր: Մյուսը մոտ երեսունուհինգ տարեկան տղամարդ էր միջահասակ, սև միրուքով, քիչ նիհար դեմքով և բավական բարձր ճակատով: Երիտասարդի հագուստը ավելի շքեղ էր և աչքի ընկնող:

Օրը վերջանում էր: Գարնանային արևի վերջին ճառագայթները փայլեցնում էին եկեղեցիների արծաթագույն գմբեթները: Գավթում, կանաչազարդ ծառերի վրա, ճլվլում էին ճնճղուկները: Իսկ թեթև իրիկնային զեփյուռը սոսափում էր ծառերի տերևները: Հայտնի չէր ո՛ր կողմից, լսվում էր նույնպես և՛ դաշնամուրի ձայն: — Դա պարսկական մի քաղցր «մուղամմաթ» էր «հեյրաթիի» հետ խառն: Արևելյան երաժշտության մի անծանոթ արտիստ, այդ երկու եղանակները աղավաղելով և զարդարելով մի հայ երգի եղանակով, դրել էր եվրոպական նոտաների վրա և անունը կնքել «բայաթի»: Ո՛չինչ նմանություն ատրպատական վշտահնչյուն բայաթիի հետ:

Նայի՛ր, — ասաց միջահասակ տղամարդը, գարեջրի բաժակը յուր շրթունքներին տանելով և ձախ ձեռով խփելով երիտասարդի ուսին:

Ո՞ւր, — հարցրեց երիտասարդը:

Երկնքին, տես ո՛րքան գեղեցիկ է:

Երիտասարդը նայեց դեպի արևելք: Երկինքը պարզ էր, բայց ցած հորիզոնից ուռչելով բարձրանում էր մայիսյան բամբակագույն ամպերի մի ահագին սար: Սարը բարձրանում էր հանդարտությամբ լողալով: Նրա կլորակ, թանձր կտորները, խառնվելով և ձուլվելով իրարու հետ, երբեմն հորիզոնում գոյացնում էին տեսակ-տեսակ հրաշալի պատկերներ, որ նմանվում էին մերթ գեղեցիկ շինությունների, մերթ զանազան վիթխարի կենդանիների: Արևի վերջին շողքերի տակ այդ պատկերները ներկվում էին բազմատեսակ նուրբ գույներով, որոնց նմանը հանճարեղ նկարչի վրձինն անգամ չի կարող ստեղծագործել:

Երիտասարդը հիացած նայում էր երկնային տեսարանին, բայց նրա միտքը, կարծես, զբաղված էր ուրիշ բանով:

Ես շատ եմ սիրում այդպիսի տեսարաններ, — կրկին խոսեց տղամարդը, բաժակը նորից լեցնելով: Նրանք ինձ հիշեցնում են մարդկային կյանքի այն հիմար շրջանը: որի խաղալիքն ես դու այժմ:

Երիտասարդը նայեց նրան և, գլուխը հանդիմանորեն շարժելով, բաժակը մոտեցրեց շրթունքներին:

Շարժի՛ր գլուխդ, բայց մի հինգ տարի ևս, և հետո ինքդ քեզ վրա կծիծաղես, Գևորգ: Նայի՛ր երկնքին:

Գևորգը դարձյալ նայեց երկնքին: Ամպերի վիթխարի սարը հետզհետե բարձրանում էր, ավելի ու ավելի ուռչելով և մեծանալով: Սակայն, նույն րոպեին, երբ տղամարդը ցույց տվեց, պատահեց մի փոփոխություն: Սարի ստորոտից արագությամբ բարձրացան ամպի ուրիշ ալիքներ, բայց ոչ սպիտակ, այլ մուգ մոխրագույն: Նրանք սահեցին վերև, և մի քանի րոպեում բամբակագույն սարը ծածկվեց մութ քողով: Անհետացան սքանչելի տեսարանները, և հորիզոնը ծածկվեց տխուր վարագույրով:

Տեսա՞ր ինչպես փոխվեց, — դիմեց տղամարդը Գևորգին, — ո՞ւր են այն բազմագույն հրաշալի նկարները: Չկան, սև թուխպը պատեց, գուցե անձրև էլ գա:

Ասե՞լդ ինչ է, — հարցրեց Գևորգը ժպտալով:

Այդպես է և երիտասարդական՝ փայլուն կյանքը, շատ-շատ մինչև երեսուն տարի: Հասավ երեսունը, մի ճեղք բացվեց, և նրա միջից դուրս եկած մութ ամպերը պատեցին տխուր քողով մարդու կյանքը: Բայց դառնանք մեր վեճին: Ինչպես ասացի, Գևորգ, սերը բնական պահանջ է, առանց նրան մարդ չի կարող ապրել, ինչպես ձուկը առանց ջրի: Սերը, այսպես ասած, մարդկային գոյության խարիսխն է: Բայց նա ցանցառ զգացմունք է դառնում, երբ կնոջն է վերաբերվում: Կնոջ սիրել ներելի է, ինչպես և ներելի է սիրել՝ Ղազանի գարեջուր, Թիֆլիսի խորոված, թառ-թառ, բիֆշտեկս: Հասկացա՞ր: Բայց նրա համար գիշերները նստել և սրտի խորքից «ախ»-եր քերելով դուրս թափել օդի մեջդա խելագարություն է: Կինը հիմար արարած է, Գևորգ, և ստեղծված է կյանքում հիմար դեր կատարելու, թեկուզ նա խորին փիլիսոփայի քղամիդ հագնի: Ապա, խորը քննիր, տես ճիշտ եմ ասում, թե չէ: Իսկ տղամարդը, օ՛օ՛օ՛, տղամարդը ուրիշ բան է, օրինակ, ես ու դու: Կեցցե տղամարդը:

Արզաս Պետրովիչըայսպես էր խոսողի անունըայս ասելով, դատարկեց գարեջրի բաժակը: Հետո նա մի կտոր հաց ու խավյար դրեց բերանը և շարունակեց.

Տղամարդի նշանաբանն է՝ կնոջը նայել իբրև մի առօրյա կենսական պիտույքի վրա: Այո՛, Գևորգ, նայել բարձրից և հետը արժան չհամարել երկար խոսելու: Համաձա՞յն ես իմ մտքին:

Ամենևին, — պատասխանեց Գևորգը, — դա Պրուդոնի միակողմանի սխալ գաղափարն է, որ երևի, քեզ վրա շատ է ազդել:

Արզաս Պետրովիչը ներողամտաբար ժպտաց:

Պրուդոն, հըմ, Պրուդոն ես նրան իսկի չեմ էլ կարդացել, եթե ուզում ես իմանալ: Ես ասում եմ այն, ինչ որ կարողացել եմ նկատել մինչև այսօր: Բայց թողնենք փիլիսոփայությունը: Դու այժմ սիրահարված ես և կնոջ կոշիկներին երկրպագություն ես տալիս: Ես էլ մի ժամանակ սիրահարված եմ եղել, թույլ տուր ինձ պատմել քեզ իմ ռոմանը, է՛հ, բան է, գուցե կարողանաս օգուտ քաղել իմ պատմությունից: Համաձա՞յն ես:

Համաձայն եմ:

Միայն թե դու ինձ չընդհատես:

Հարկավոր եղած ժամանակ չեմ կարող չընդհատել:

Գեղեցիկ: Բայց նախ թույլ տուր որ կոկորդս թրջեմ, որպեսզի լավ խոսեմ:

Արզաս Պետրովիչը մի բաժակ ևս դատարկեց և, թաշկինակով բեղերը սրբելով, աստց.

Լսի՛ր:

Գևորգը արմունկները դրեց սեղանի ծայրին, գլուխը թեքեց ձեռների ափերին և աչքերը հառեց Արզաս Պետրովիչի երեսին:

Արզաս Պետրովիչն այսպես սկսեց իր պատմությունը:

Հազար ութ հարյուր յոթանասուն ու ֆլան թվականին, քսանուվեց տարեկան հասակում, ուսումս ավարտեցի և վերադարձա հայրենիք: Իհարկե, իբրև նորավարտ, թարմ երիտասարդ, ես գլխումս դարսած բերեցի գեղեցիկ գաղափարների մի շարք, որ մտադիր էի իրագործել հասարակության օգտին: Այդ գաղափարների շարքին ես կին ասված էակի մասին ևս ունեի որոշ հայացքներ, որոնք սկզբունքով հակառակ էին ներկա հայացքներիս: Խոսք չկա, Գևորգ, գիտես, թե որքան առաջադեմ և ազատամիտ պիտի լինեին այդ գաղափարները: Ճիշտ նույնը, ինչ որ դու ունես այժմ, այսինքն՝ ազատ սեր, հավասար իրավունքներ, իդեալ, ֆլան-ֆստան: Մի խոսքով, պատանեկական վարդագույն երևակայություն, որ այժմ մի փոքր մթնեցնում է քո ուղեղը, իմ սիրելի Գևորգ:

Գևորգի շրթունքներով սահեց մի դժգոհ ժպիտ:

Դե, լավ, մի՛ վիրավորվիլ, մյուս անգամ չեմ կրկնիլ, — շտապեց հանգստացնել նրան Արզաս Պետրովիչը և շարունակեց: — Այսպես, Գևորգ ջան, ես եկա հայրենիքս հայտնի գաղափարներով: Ներիր, որ այդպես մանրամասնորեն եմ սկսում պատմությունս, մի քանի հանգամանքների հետ հարկավոր է քեզ ծանոթացնել, որպեսզի չկարծես, թե ես բոլորովին զուրկ եմ եղել գաղափարական կյանքից: Ինչպես գիտես, իմ մասնագիտությունը բժշկականությունն է: Բախտի բերմունքով, ինձ շուտով հաջողվեց պաշտոն գտնել հենց այն քաղաքում, ուր այս րոպեին քո խոնարհ ծառան պատիվ ունի նկարագրել յուր կյանքից մի կտոր: Այդ առաջին հաջողությունն ինձ խրախուսեց, բառի բուն նշանակությամբ ես մտա կյանքի մեջ: Ես սկսեցի քարոզել իմ նոր գաղափարները: Շատերն արհամարհեցին, շատերն էլ համակրեցին և մի հայ ընկերության մեջ, մի թեթև ճառից հետո, անմիջապես ընդունեցին ինձ գործող անդամ (շա՛տ մեծ օգուտներ տվեցի այդ ընկերության): Բայց ինձ ավելի զբաղեցնում էին կանայք, ինչ մեղքս թաքցնեմ: Ես ձգտում էի ծանոթանալ այդ քնքուշ կոչված սեռի հետ: Իհարկե, իբրև հայ և ազգասեր հայ (ես մի փոքր լայնամիտներից էի), ավելի մոտ էի հայ ընտանիքներին: Ես ծանոթացա շատերի հետ: Դու գիտես, որ բժիշկն այդ կողմից ավելի դյուրություններ ունի, քան մի ուրիշը: Ինձ վրա խորթ աչքով չէին նայում ընտանիքներում, մինչև անգամ տեղ-տեղ ընդունում էին հաճությամբ: Պիտի ավելացնել, որ ես այդ ժամանակ դեմքով էլ վատ չէի: Հիմա քիչ խունացել եմ, դե ութ տարի հեշտ է միայն բերանով ասել: Մի տիկին մինչև անգամ մի տեղ ասել էր, որ իբրև թե իմ շրթունքների վրա միշտ խաղում է չգիտեմ ինչ մի հրապուրիչ ժպիտ, որ կանանց համար վտանգավոր է: Բայց դա ինձ այնքան չէր հետաքրքրում: Ես կնոջ վրա նայում էի ուրիշ աչքով և երբեք թույլ չէի տալիս ինձ ստորանալ նրան դուր գալու միայն արտաքուստ: Գիտե՞ս ինչու, հըմ, որովհետև գաղափարասեր էի: Հա՛յ գիդի հիմար երիտասարդություն: Քո կենացը, Գևորգ:

Ինչպես ասացի, — շարունակեց Արզաս Պետրովիչը, գարեջուրը խմելուց հետո, բաժակը իրանից հեռու դնելով, — ես դեռ ուսումնարանական նստարանի վրա ունեի կազմած որոշ գաղափար կնոջ մասին, ի միջի այլոց, և հայ կնոջ մասին: Հայ կնոջն ես երևակայում էի իբրև գեղեցիկ, թարմ, առողջ, բայց անմշակ նյութ, որից կարելի է պատրաստել մի հրաշալի բան: Բայց կարող ես զգալ, թե որքան ես խաբված համարեցի ինձ, երբ հակառակը գտա, առաջին անգամ՝ գոնե ֆիզիկական կողմից: Ո՛ր տունը, ո՛ր ընտանիք մտնում էի, ինձ հանդիպում էին կարճահասակ, պշկած, թառամած, քիթը երկայն, մեջքը ծուռ, կուրծքը ներս ընկած էակներ: Դրանք հայ օրիորդներն էին, որոնց դեմքերից, կարծես մի չար ձեռք ջնջել էր բնորոշ շարժումը, աշխուժությունը, այսինքն՝ այն, ինչ գրավում է երիտասարդին: Այդ երևույթն ինձ խիստ ցավեցրեց: Այսպես, Գևորգ, ես տեսա, որ հայ կինն առողջ չէ: Դա թեթև բան չիմանաս, Գևորգ, նամանավանդ մի բժշկի համար, որ դատում էր. «Առողջ հոգին առողջ մարմնի մեջ»: Բայց ես չվհատվեցի և աշխատում էի գտնել այդ սփրթնած, ժահրադեմ էակների մեջ կենդանություն: Դա ինձ համար մի քիչ դժվար եղավ: Պիտի ասել, որ այդ կողմից ինձ չափաղանց վրդովում էին հայ մայրերը: Ախ, այդ ատելի թասակրավները, այդ թթված ԿեկելՓեփելները, ինչ տուն որ մտնում էի, ինձ կատարելապես հալածում էին իրանց միատեսակ «վի՞ն արիս» և «կտո՞ տակոյ»-ներով: Բայց չգիտեմ ինչու, երբ այդ «վի՞ն արիս»-ների և «կտո՞ տակոյ»-ների փոխարեն լսում էի «ո՞վ է», սակավ էի վրդովվում: Գուցե դա իմ ազգասիրությունից էր: Բայց, այսուամենայնիվ, ինձ դարձյալ զայրացնում էին այդ հարցերը: Ես տեսնում էի, որ ամեն՝ տեղ ինձ վրա նայում են իբրև մի փեսացուի վրա: Այս պատճառով անկարելի էր ինձ հայ օրիորդին տեսնել յուր բնական և ստացածին լավ ու վատ առանձնահատկություններով: Ինձ թվում էր, թե հայ օրիորդներն այն չեն, ինչ աշխատում են ձևանալ:

Մի օր, սիրելի Գևորգ, իմ բարկությունը հասավ իր գագաթնակետին: Առավոտ էր, ես նստած թեյ էի խմում և մի նոր դուրս եկած հայերեն գիրք թերթում: Հանկարծ ծառաս ներս մտավ և քաղաքային փոստայով ստացված մի նամակ տվեց ինձ: Ես կարդացի, նամակի մեջ մեկն ինձ խոստովանում էր յուր «սերը»: Դու, երևի, գիտես, թե ինչպես են գրվում այդ հիմար նամակները, հարկ չկա ուրեմն նրա մասին խոսելու: Օրիորդի հետ ես նոր էի ծանոթացել, նա վատ չէր, բայց սիրե՞լէ՛հ, բան չունի՛ս: Նամակը սկզբում ուզեցի այրել, բայց հետո մտածելով, դրեցի մի կողմ: Ես թեև խիստ բարկացա, բայց խոստովանում եմ, Գևորգ, որ միևնույն ժամանակ ինչ-որ հաճույք էլ զգացի: Այսուամենայնիվ, ես բարկացա և, որպեսզի մի քիչ թուլացնեմ բարկությունս, մի ծխախոտ վառեցի, որ ծխեմ: Ահա՛, այսպես:

Արզաս Պետրովիչը ծոցից հանեց տուփը և նրա միջից դուրս բերեց մի ծխախոտ: Նա ծխախոտի ծայրը նախ մի քանի անգամ խփեց սեղանին և հետո, վառելով, նայեց ժամացույցին:

Օհո՛, դեռ վաղ է, ժամանակ շատ ունենք, բայց պատմությունս դեռ չեմ սկսել: Նայի՛ր, Գևորգ, երկնքին, ամպերը կռվում են. եղանակը ցրտանում է: Գնանք ներս, անձրև կգա:

Արզաս Պետրովիչը մտավ ներս: Գևորգը հրամայեց ծառային գարեջրի շիշը ներս բերել:

Ծառան շշի հետ կոլորակ սեղանի վրա դրեց և վառած կանթեղը:

Երկու բարեկամները տեղավորվեցին սեղանի շուրջը, միմյանց հանդեպ, փափուկ բազկաթոռի վրա: Մի քանի վայրկյան նրանք լուռ մնացին: Ծխախոտի ծուխը, թանձր քուլաներով դուրս գալով նրանց բերանից, բարձրանում էր դեպի սենյակի առաստաղը: Վերջապես, Արզաս Պետրովիչը ծխախոտը հանեց բերանից, մի քիչ գարեջուր խմեց և չարունակեց.

Այսպես, Գևորգ, ես բարկացա և դադարեցի այցելել օրիորդին: Ի՛նչ պատահեց սիրահարված օրիորդինես չգիտեմ, բայց համոզված եմ, որ նա ինքն իրան Քուռ գետը չի ձգել իմ պատճառով: Անցել է ուղիղ մի տարի: Մի գեղեցիկ օր, աչքիս լույս, իմ աղաս դու ես, բանաստեղծացած Գևորգ Մինաևիչ Շանաբանդյան, ես քո համեստ ծառա Արզաս Պետրովիչ Մագսուտյանս պատիվ ունեցա կլուբում ծանոթանալ մի հին պաշտոնաթող հայ չինովնիկի հետ: Դա մոտ վաթսուն տարեկան, ալեխառն մազերով, մի առողջ թիֆլիսեցի էր, անունը Մարտին Բուղգանիչ Բադամով: Լսում ե՞ս, «ով» և ոչ թե «յան»: Հակառակ իմ սպասածին, Բադամովը ոչ թուղթ էր խաղում և ոչ Կախեթի գինի խմում, ինչպես առհասարակ անում են թիֆլիսեցի ծերունիները: Նա միայն սիրում էր լրագիրներ կարդալ և երկար վիճաբանել Բիսմարկի քաղաքականության մասին, որին նա պաշտպանում էր այնպես, ինչպես գուցե կպաշտպաներ միայն իր հարազատ եղբորը, որից զուրկ էր ինքը: Բադամովը խոսում էր ռուսերեն և, ինչպես թիֆլիսեցի, բաղաձայն տառերն արտասանում էր զարմանայի կոշտ: Ինչևիցե, մենք ծանոթացանք և, մի քանի անգամ խոսելուց հետո, իրարու դուր եկանք: Նա ինձ հաճելի եղավ իր պարզ, ինքնուրույն հայացքներով և համակրելի ծերուկական դեմքով, իսկ ես նրանիբրև քիչ թե շատ լուրջ երիտասարդ: Մի անգամ իրարուց բաժանվելիս, ծերունին, հասցեն տալով, հայտնեց, թե շատ ուրախ կլինի ինձ հյուր ընդունելու իր տանը, թեկուզ հենց հետևյալ օրը: Հետևյալ օրը, իհարկե, չգնացի, գնացի մի շաբաթից հետո, առավոտյան տասներկու ժամին: Ես ասացի, որ պատիվ ունեցա ծանոթանալ Բադամովի հետ, բայց, իսկապես, պիտի ասեմ, տարաբախտություն ունեցա: Դա, Գևորգ, մի նշանավոր ծանոթություն էր, որի հետևանքը, ինչպես իսկույն կպատմեմ, եղավ կյանքիս մեջ մի արմատական փոփոխություն:

Ծերունին ինձ ընդունեց մի ուրախ և անկեղծ ժպիտ երեսին: Նրա բնակարանը բավական ընդարձակ էր և թեև ոչ շքեղ, բայց ճաշակով կահավորված: Նա ինձ հրավիրեց իր ընդունարանը, և մենք այստեղ տեղավորվեցինք թավշյա բազկաթոռների վրա: Քառորդ ժամու չափ դեսից-դենից խոսելուց հետո հանկարծ ծերունին ցուցամատը դրեց սեղանի վրա գտնվող զանգակի գլխին: Զանգակը սև թիթեռնիկի պես հնչեց մի քանի վայրկյան: Դռները բացվեցին, և ես զարմացա, երբ, ծառայի փոխարեն, ներս մտավ մի օրիորդ թեթև տնային չթյա հագուստով: Օրիորդը ձախ ձեռքում պահած էր մի գիրք, որի մեջ նա մտցրել էր իր միջին մատը:

Դո՞ւ ես, Լիզա, ծառան ո՞ւր է, — հարցրեց ծերունին իր մեղմ և հանգիստ ձայնով:

Ըստ երևույթին օրիորդը չէր կարծում, թե անծանոթ հյուր կա նստած: Ինձ տեսնկով, նա մի քիչ շփոթվեց և կամենում էր հենց շեմքից հետ դառնալ, բայց Մարտին Բուղդանիչի հարցը նրան պահեց:

Ծառան խոհանոցումն է, ի՞նչ եք կամենում, — պատասխանեց և հարցրեց օրիորդը, մի քանի վայրկյան երեսը դեպի մեզ շուռ տալով:

Այդ մի քանի վայրկյանները բավական էին, որ ես ծանոթանայի Լիզայի կերպարանքի հետ: Դա, սիրելի Գևորգ, գեղեցիկ չէր, բայց մի սքանչելի արարած էր, և գիտե՞ս ինչովյուր խոշոր, խելացի աչքերով, որոնց մեջ փայլում էր այն կանացի կախարդական հուրը, որ ընդունակ է միանգամից թափանցել տղամարդի սիրտը: Նա սքանչելի էր, մի ուրիշ բանով ևս, որ ավելի նշանավոր էր ինձ համար այդ ժամանակ: Դա նրա բարձր, նուրբ և, ըստ երևույթին, առողջ կազմվածքն էր, որ այդքան հազվագյուտ է մեր կանանց դասում: Բացի դրանից, ես Լիզայի դեմքի վրա նկատեցի մի տեսակ մեղմ ստվեր, որ, հովանավորելով այդ դեմքը, գրավիչ կենդանություն էր տալիս նրան: Չգիտեմ ինչու, նույն վայրկյանին ես իսկույն մտաբերեցի Պուշկինի Տատյանային: Բայց, դո՛ւ, իմ արևը, չկարծես, որ ես ինձ Օնեգին համարեցի: Ամենևին:

Հրամայիր սուրճ բերեն շուտով, — պատասխանեց Բադամովը և հետո, երբ Լիզան երեսը շուռ էր տվել հեռանալու, ավելացրեց.

Դու էլ ժենյայի հետ այստեղ եկ:

Լիզան դուրս եկավ: Բադամովն ինձ պատմեց, թե Լիզան և ժենյան իր աղջկերքն են և բացի նրանցից չունի ուրիշ զավակներ, իսկ կինը տասը տարի է, որ մեռել է:

Մի քանի րոպեից հետո ծառան ներս բերեց արծաթե մատուցարանի վրա չորս բաժակ սուրճ: Անմիջապես ներս մտան Լիզան և Ժենյան: Բադամովն անունս հիշեց, և ես վեր թռա ու, մոտենալով, սեղմեցի նախ Լիզայի, հետո Ժենյայի ձեռը: ժենյան կամ ճիշտն ասեմ Եվգենյան, կլիներ մոտ քսաներկու տարեկան, իսկ Լրզանավելի քան քսանուհինգ: Բացի միաչափ հասակից, ուրիշ ոչինչ նմանություն չկար երկու քույրերի մեջ: Եվգենյայի դեմքը կլորակ էր, քիչ սև և մի փոքր դեղնախառն, ճակատը նեղ, աչքերը սև փոքրիկ ու խորամանկ: Հենց առաջին հայացքից նա ինձ դուր չեկավ, և ես նրա մթին դեմքի վրա նկատեցի չնչին ինքնասիրություն և գոռոզություն: Փոքր առ փոքր, սովորական հարցերից հետո, մեր խոսակցությունը տաքացավ: Մարտին Բուղդանիչը կրկին մեջտեղ բերեց Բիսմարկին և նրա՝ սոցիալականության դեմ խոսած՝ վերջին ճառը: Ես լսում էի նրա գովասանությունը և չէի վիճաբանում, թեև նա շատ էր հափշտակվում: Եվգենյան խոսում էր և տաքացած վիճաբանում: Նա երբեմն, տեղի-անտեղի, զանաղան լուրջ հեղինակների անուններ էր հիշում, իբրև թե յուր հոր ասածը հերքելու համար: Բայց ես, չգիտեմ ինչու, զգում էի, որ նա այդ հեղինակներից ոչ մեկի հետ լավ ծանոթ չէ և նրանց անունը տալիս է լոկ էֆեկտի համար: Լիզան լուռ էր և լսում էր: Հոր հայացքներից ազատ վայրկյաններ որսալով, ես մերթ ընդ մերթ, նայում էի այն օրիորդի երեսին և նկատում էի, որ նա նույնպես աչքի տակով երբեմն ինձ է նայում: Այդ ժամանակ ես զգում էի մի տեսակ հոգեկան հաճույք, որի հետ մինչև այն ժամանակ ծանոթ չէի: Է՛հ, Գևորգ:

Արզաս Պետրովիչը գարեջրի շիշը վերցրեց, պահեց կանթեղի դեմ և շարժելով, ասաց.

Փիե՛, ո՞վ ծակեց այս շշի տակը: Հրամայիր, Գևորգ, որ այդպիսի անկարգություններ չլինեն իմ ներկայությամբ:

Գևորգը հրամայեց, և ծառան ներս բերեց մի նոր լիքը շիշ:

Իմ կենացը, Գևորգ, կոնծի՛ր, — ասաց Արզաս Պետրովիչը, բաժակը միանգամից պարպելով: — Չի՞ ձանձրացնում քեզ իմ պատմությունը:

Խոստովանում եմ, մեծ ախորժակով եմ լսում. Լիզան ինձ հետաքրքրում է, — պատասխանեց Գևորգը:

Հասկանում եմ, հասկանում եմ: Հա՛, արդեն անցել էր երկու ժամ: Ես ողջունեցի Բադամովներին և դուրս եկա: Վերջին անգամ նայեցի Լիզայի երեսին և նրա խոշոր, պարզագույն աչքերն ինձ վրա հառած տեսա: Նույն օրն ես գործ շատ ունեի, վերջացրի և ճաշից հետո, իրիկնադեմին քիչ հանգստացա ու դուրս եկա զբոսնելու: Ամառ էր, փողոցի օդը թարմացրեց ինձ, և ես, սովորությանս համեմատ, սկսեցի այն օրվա տպավորություններս քննել: Երևակայիր, Գևորգ, որքան գլխիս զոռ տվեցի Բադամովի ընտանիքի մասին հիշել մի առ մի այն, ինչ որ նկատել էի այդ օրըոչինչ չկարողացա մտաբերել, բացի մի բանից: Դա Լիզայի խոհուն աչքերն էին, որ բարձր ճակատի և կակուղ ունքերի տակից նայում էին ինձ վրա: Ինչո՞ւ, մի՞թե ուրիշ ոչինչ հետաքրքիր բան չկար այդ ընտանիքում, որ ինձ վրա ազդեր, բացի այդ երկու աչքերից: Կար, թե չկար, բայց ես ուրիշ ոչինչ չկարողացա հիշել: Մի օր, սովորությանս հակառակ, փոխանակ շուտով տուն վերադառնալու, գնացի այգի: Լուսինը նոր-նոր բարձրանում էր, խտատերև ծառերի միջից տարածելով իր շողերն այգու մութ ճեմելիքների վրա: Տեսնո՞ւմ ես, ինչպես բանաստեղծորեն գիտեմ բարբառել, Գևորգ, էլ չասես, թե միայն քեզ է տված: Նստեցի կանաչ նստարաններից մեկի վրա և սկսեցի նայել դեսուդենծառերին, երկնքին, լուսնին, ամենից շատ լուսնին: Կյանքումս գուցե հազարավոր այդպիսի գեղեցիկ երեկոներ էի տեսել, բայց երբեք այնքան չէի հետաքրքրվել բնության գեղեցկություններով, որքան այդ երեկո առաջին անգամ: Ես սիրում էի հրաշալի, մեղմ, լուսին գիշերներ, բայց նրանց ազդեցության ենթարկված չկայի այնչափ, որչափ այժմ: Մի տեսակ ծանր, սակայն խիստ ախորժելի մելամաղձություն էր տիրել ինձ: Ինչո՞ւ, մի՞թե պատճառը Լիզայի աչքերն էին, որ ծառերի ճյուղերի արանքով նայում էին ինձ վրա: «Սատանան տանի ձեզ», ասացի ինքս ինձ և, կարծես քնից զարթնելով, բարձրացա նստարանից: Այդ ժամանակ ես սովորություն չունեի երեկոները ընթրելու, վերադարձա տուն, որ պարապեմ: . Չկարողացա պարապել, Գևորգ, ինչ ուզում ես ասիր, չկարողացա, թեև երկու ժամի չափ աշխատեցի: Պառկեցի քնելու, քունս չտարավ, և ես տրորվում էի անկողնումս փորացավ ընկածի պես: Տեսնելով, որ գիշերն անցնում է, սկսեցի թվել մտքումս մեկից մինչև հազար և հետ: Այսպիսով, մոռացության մեջ ընկա, և քունը, վերջապես, ինձ հաղթեց:

Առավոտը զարթնեցի զվարթ և առ.., ռ.. փի... քըհը, քըհը, փիե:

Արզաս Պետրովիչը չկարողացավ շարունակել, գարեջուրը թռավ կատկին և ստիպեց նրան մի քանի վայրկյան հազել և կմկմալ: Վերջապես, նա քիչ հանդարտվեց և, թաշկինակը հանելով, սրբեց աչքերի ջուրը:

Ճանճ մտավ բողազս ի՞նչ է, — շարունակեց նա, թաշկինակը դնելով գրպանը: — Այո, Գևորգ, առավոտը զարթնեցի զվարթ և առողջ, ամեն ինչ մոռացած: Այն օրն ես անցկացրի հոգու ուրախ տրամադրության մեջ: Մի քանի հիվանդներ ունեի, այցելեցի նրանց և սովորականից մի քանի րոպեներ ավելի մնացի ամեն մեկի մոտ: Մի խոսքով, ես մի առանձին կենդանություն էի ստացել այդ օրը: Բայց մթնելուն պես մելամաղձությունը տիրեց ինձ: Լիզայի աչքերը դարձյալ եկան ներկայացան իմ առջև: Մի կերպ անցկացրի այդ գիշերը: Հետևյալ օրը կիրակի էր: Ես մոռացա քեզ ասելու, որ այդ օրվա համար Մարտին Բուղդանիչն ինձ հրավիրել էր ճաշի: Առավոտը թեյ խմելիս, ես մտածում էի «գնա՞լ, թե՞ չգնալ»: Վճռեցի չգնալ: «Ի՛նչ մի հետաքրքրելի բան է ներկայացնում մի հին չինովնիկի ընտանիքը», ասացի և վճռեցի կամ նամակ գրել կամ ծառային ուղարկել՝ Բադամովից ներողություն խնդրելու: Բայց ի՞նչ ես կարծում, Գևորգ, ես ոչ մեկն՝ արեցի, ոչ էլ մյուսը, այլ... գնացի սափրավիրի մոտ, մազեր, ուղղել տփեցի, եկա տուն, զուգվեցի և հրավիրված ժամանակից էլ կես ժամով առաջ գնացի Բադամովի տուն:

Գևորգը ժպտաց:

Ի՞նչ է, երևի մի փոքր նման է քո ռոմանին. — նկատեց Արզաս Պետրովիչը, — ծիծաղիր, ծիծաղիր, բայց տես, թե վերջն ինչ եղավ:

Էհ ինչ երկարացնեմ, Գևորգ, մենք նստեցինք ճաշելու, — շարունակեց Արզաս Պետրովիչը, մի ծխախոտ վառելով: — Չգիտեմ ինչու, այս անգամ Լիզան ավելի ուրախ էր և շատ էր խոսում, քան առաջին օրը: Մենք խոսում էինք դեսից դենից, շատ հասարակ բաների մասին, բայց Լիզան այնպես տաքացած վիճաբանում էր, որ ես փոքր-ինչ զարմացա: Կրտսեր քույրը մի տեսակ կծու եղանակով նկատեց.

Օրը մինչև երեկո, աչքունքդ թթվացրած, գրքեր ես կարդում, ոչ խոսում ես, ոչ էլ ծիծաղում, հիմա ի՛նչ եղավ, որ սոխակ դառար:

Լիզան պատասխանելու փոխարեն, փոքր-ինչ կարմրեց:

Ես հարցրի, ինչ գրքեր է կարդում նա:

Next page