Շիրվանզադե Ալեքսանդր՝   Պատմվածքներ, նովելներ, ֆելիետոններ

Արյունս գլխովս տվեց, աչքերս մթնեցին:

Գոռալով հարձակվեցի թուրքերի վրա, մեկին ապտակեցի, մյուսին աքացի տվեցի, երրորդին թավալեցի գետնին: Բայց ո՞ր մեկի հետ կռվեի: Նրանք տասը հոգուց ավելի էին:

Հեկեկալով վազեցի տուն և տատիս գանգատվեցի:

Պետք է ասեմ, որ վերքի պատմությունը լսելու օրից տատս իմ աչքում դարձել էր հերոսուհի: Ինձ համար այլևս չկար աշխարհի երեսին ավելի քաջ ոչ միայն կին, այլև տղամարդ:

Տեսնելով արտասուքս, նա կատաղեց վագրի պես: Այդ ութսունհինգ տարեկան պառավը ոտքի թռավ ինչպես քսան տարեկան աղջիկ: Գնաց բակը, վերցրեց մի բահ և վազեց փողոց:

Ես հետևեցի նրան, զինվելով մի մեծ փայտով:

Էյ, լակոտներ, ինչպես եք համարձակվում Բոշանց Ծաղիկի թոռնին լացացնել:

Տեղն է ասելսիրելի մանուկներ, որ տատիս անվանում էին Բոշանց Ծաղիկ: Ասում էին, թե իբր նրա պապը եղել է բոշա, այսինքն՝ գնչու:

Թուրք պատանիները առաջ ծիծաղեցին տատիս տեսնելով, հետո հարձակվեցին մեզ վրա, փոքրիկ գայլերի պես:

Ես այսօր էլ լսում եմ տատիս սարսափելի գոռոցը, այսօր էլ տեսնում եմ օդի մեջ նրա զարհուրելի բահը, առաջին հարփածը նա տվեց մի չեչոտ հաստավիզ պատանու:

Թուրքերն ավելի կատաղեցին: Օգնության հասավ Ավետն երեք-չորս ընկերներով, փայտերով զինված և չուխաները կոներին փաթաթված, ինչպես վահան:

Փայտերի հարվածներ էին, որ տեղում էին մեկ և մյուս կողմից կարկտի պես: Մենք կամ նահանջ էինք տալիս, կամ հարձակվում, նայելով հանգամանքներին:

Ավե՛տ, Ավետ, երբեք չեմ մոռանա այդ օրը: Երբեք քո քիթն այնքան համակրելի չէ եղել ինձ համար, որքան այդ օրը: Հենց այդ օրն էր, որ ես զգացի, թե մարդ կարող է ունենալ մեծ քիթ, .ծուռ աչքեր, կուզ մեջք, կաղ ոտներ, բայց այդ չի խանգարում նրան լինել, միևնույն ժամանակ, քաջ տղղա, ազնիվ ընկեր, վեհանձն հոգի: Հենց այդ օրն էր, որ ես վճռեցի ոչ միայն չծաղրել մարդկանց մարմնավոր թերությունները, այլև ոչ ոքի թույլ չտալ ինձ մոտ ծաղրելու:

Հաղթությունը մենք տարանք, տատիս և քաջ Ավետի շնորհիվ:

Մենք ետ դարձանք հպարտ-հպարտ ինչպես հաղթական պատերազմից վերադարձող զորք: Տատս գնում էր առջևից, բահը ուսին դրած, մենք հետևում էինք նրան, գռռալով.

Հափ, հափ, հուռռա՛, ադա, հուռռա՛:

Այդ երեկո ուրախությունից մեր փողոցում վառեցինք մի մեծ խարույկ և սկսեցինք նրա վրայտվ թռչկոտել ետ ու առաջ:

X

ԳԱՍՊԱՐ ՎԱՐԺԱՊԵՏԸ

Մի տարի անցած ինձ դուրս բերեցին Տեր-Ավանեսի մոտից և տվեցին Գասպար վարժապետին:

Մինչև հիմա էլ չգիտեմ ինչու համար էր այդ տեղափոխությունը. Ես արդեն ճարտասանությունը ջրի պես էի կարդում, իսկ ավետարանն ու աստվածաշունչն անգիր գիտեի:

Թե ին՞չ սովորեցրեց ինձ Գասպար վարդապետը, միտս չէ:

Բայց երբեք չեմ մոռանալ նրա կերպարանքը: Դա մի հաստավիզ, հաստափոր մարդ էր, մոտ քառասունհինգ տարեկան: Երեսն ու մեծ-մեծ ականջներն այնքան կարմիր էին, որ բարկանալիս կապտում էին բադրջանի պես:

Բայց նա շատ քիչ էր բարկանում և իսկի մեզ չէր ծեծում: Միայն շուտ-շուտ հազում էր և երբեմն այնպես սաստիկ, որ կարծում էինք, թե պիտի խեղդվի: Երբ հազը վերջանում էր, նա յուր խոշոր պլպլող աչքերը տնկում էր մեզ վրա և ժպտում: Կարծես ասում էր.

Տեսա՞ք, ինչ լավ պրծա:

Մենք սիրում Էինք Գասպար վարժապետին, նա այնքան բարի էր, որ հաճախ մեզ հետ կատակներ էր անում:

Դասերի ժամանակ ոգևորում էր: Արագ-արագ անցուդարձ էր անում ետ ու առաջ: Նրա ոտները կարճ Էին և մի քիչ ծուռ, ուստի ման էր գալիս ինչպես բադ -աջ ու ձախ երերվելով: Նրա լայն լաջվարդի գույնի շալվարը շրջազգեստի պես ծալծլվում էր ու ալիքներ գոյացնում: Նրա դուրս ցցված փորից արծաթե գոտին ստեպ-ստեպ ցած էր իջնում:

Գասպար վարժապետը շատ էր սիրում Մադրասի գինի և խոզի մսի խորոված: Հաճախ մենք նրան տեսնում Էինք գինետներից դուրս գալիս: Երբեմն նրանից տկճորի հոտ էր փչում:

Մի բան ատելով ատում էր Գասպար վարժապետըաշակերտների հարցերը: Երբ նրան թվաբանությունից կամ քերականությունից որևէ բան էինք հարցնում, նա միշտ ասում էր.

Զահլես մի տարեք, կմեծանաք, կիմանաք:

Իրավ, հենց որ մեծացանք, իմացանք, որ Գասպար վարժապետը ոչինչ չգիտեր:

Բայց ներողություն, սխալվեցի մի փոքր: Գասպար վարժապետը շատ լավ գիտեր այն բանը, ինչ որ այսօր անվանում են գործնական դասատվություն: Շաբաթը մի կամ երկու անգամ նա մեզ տանում էր քաղաքից դուրս յուր կնոջ համար սունկ ժողովելու կամ փիփերթ ու գաղձ քաղելու: Իսկ տանը մեզ ստիպում էր թափ տալ յուր գորգերն ու խսիրները, հորից ջուր դուրս բերել: Աշնանը բարձրանում էինք նրա տան տափակ հաղյա կտուրը և նրա ճեղքերը հարթում մոխիրով կամ հարդով: Հետո բանքվով ծեծում էինք, ամրացնում որ առաստաղը չկաթի անձրևի ժամանակ: Ձմեռն էլ կտուրը մաքրում էինք ձյունից:

Մի անգամ աշակերտները ապստամբվեցին, ասելով, թե չեն ուզում այդ տեսակ դասերով պարապել: Գասպար վարժապետը չբարկացավ, բայց շատ խնդրեց, որ գժություն չանենք:

Դուք իմ սիրուն բալաներս եք, — ասաց նա, — խոսքս տափը մի գցեք, թե չէ կնիկս...

Բանն այն է, որ այդ օրը Գասպար վարժապետի կինը լվացք ուներ: Մենք պետք է լվացած շորերը տանեինք կտուրի վրա փռեինք, որ արևի տակ չորանան:

Շատ խնդրեց, աղաչեց Գասպար վարժապետը, չզիջեցինք: Դռների առջև երևաց նրա կինը, սապնաջրից կապտած բազուկներով:

Հըմ, ինչո՞ւ եք ուշանում, — ասաց նա, — ես շորերը քամեցի, վերջացրի:

Չեն ուզում, ա կնիկ, — պատասխանեց Գասպար վարժապետը մեղավոր եղանակով:

Տիկինը կատաղեց:

Ֆալախկան մեջտեղ բեր, կուզեն, — ասաց նա, — շատ են երես առել քո թուլությունից: Դրանց ծեծով միայն կարելի է մարդ դարձնել: Դեհ, ճիպոտը վերցրու:

Ա կնիկ, թ՛ող, աստված սիրես, — աղերսեց Գասպար վարժապետը, — ես ինքս քո լվացքը կփռեմ արևի տակ.

Տիկինը, յուր աջ ձեռի հինգ մատները բաց արավ, թափ տվեց օդի մեջ երեք անգամ դեպի յուր ամուսինն և ասաց խորին արհամարհանքով.

Առա է՛, առա է՛, տափը մտնի քեզ նման վարժապետը, տափը...

Եվ հեռացավ:

Այսօր հացս հարամ արիք գլխիս, — դարձավ մեզ Գասպար վարժապետը հուսահատական եղանակով և թուլացած նստեց մինդարի վրա:

Այս դեպքից մի շաբաթ անց ես տեղափոխվեցի գավառական դպրոց:

XI

ԻՄ ԳԱՌՆՈԻԿԸ

Ես կենդանիներ շատ էի սիրում:

Հայրս ուներ երկու ձի, հիանալի նժույգներ էին-մեկը սևագույն, մյուսը ոսկեգույն: Լեզգի Մահմադը, մեր հավատարիմ ծառան, ասում էր, թե քաղաքում ոչ ոք չունի այդպիսի ձիեր:

Ես սաստիկ փափագում էի հեծնել նրանց, բայց հայրս թույլ չէր տալիս, վախենում էր, որ ընկնեմ: Մի անգամ միայն թույլտվություն ստացա ոսկեգույն նժույգը տանել աղբյուր ջուր տալու: Վերադարձին կամեցա մի քիչ քշել և իսկույն ընկա:

Ոչ մի տեղս չջարդվեց, բայց տունդռուզս մի ամիս ցավում էր: Համոզվեցի, որ ինձանից ձի հեծնող չի դուրս գալ և այնուհետև սիրեցի ուրիշ կենդանիներ: Մենք ունեինք կովեր, հորթեր, շներ, բայց ամենից ավելի գառներ էի սիրում:

Հիշում եմ մի սև գառնուկ, որ հայրս գնել էր ինձ համար մի զատիկ: Վեց ամիս ես նրան պահեցի, մեծացրի: Գեղեցիկ գառնուկ էր, սիրուն դունչով: Ուներ մի զույգ փոքրիկ եղջյուրներ, որոնց ես ամեն օր հավի ճարպ էի քսում, որ փայլեն:

Ես այնքան սիրեցի այգ գառնուկը, որ գիշերներն անգամ չէի ուզում բաժանվել նրանից: Ամեն օր տանում էի քաղաքից դուրս արածացնելու: Անունը դրել էի Լեյլի: Նա վազում էր ետևիցս ուրախ-ուրախ թռչկոտելով լիզում էր ձեռներս, դնում էր դունչը ծնկներիս վրա և հետո խոշոր, գեղեցիկ աչքերը հառում երեսիս:

Շաբաթը երկու անգամ լվանում էի նրան սապոնով, սանրում: Նրա եղջյուրները միանում էին և կամաց-կամաց ծովում: Ես երազում էի մի օր տեսնել նրան մեծ խոյ դարձած և երևակայում էի, թե ինչպես պիտի կռվեր ուրիշ խոյերի հետ և հաղթեր նրանց:

Այդ իմ ամենամեծ փափագն էր, որի պատճառով երբեմն դասերս անգամ մոռանում էի: Վերջը այնքան սիրահարվեցի իմ գառնուկի վրա, որ կյանքս պատրաստ էի զոհել նրա համար:

Սակայն խեղճ բարեկամիս գլխին կուտակվում էին սև ամպեր: Օդի մեջ զգում էի սարսափելի վտանգ: Ամեն երեկո հայրս ու մայրս քչփչում էին ինչ-որ. Ես լսում էի մորս հատ-հատ խոսքերը, «Չեմ կարող ուտել նրա միսը, մեղք է, մեղք է» և այլն:

Կասկած չկար, որ խոսքը գառնուկիս մասին էր: Հայրս ուզում էր մորթել նրան, մայրս չէր թողնում:

Բայց այն ժամանակները ընտանիքի օրենքը տան ամենամեծ տղամարդի կամքն էր: Մի առավոտ, օր, երբեք, երբեք չեմ մոռանալ այդ դժբախտ օրը, հայրս դուրս բերեց յուր դաշույնի պատյանից դանակը և սկսեց սրել: Վճռված էր, նա պետք է մորթեր ընկերոջս, բարեկամիս, որի հետ այնքան ուրախ օրեր էի անցկացրել:

Ես ընկա հորս ոտքերը, աղերսեցի, որ խնայի գառնուկիս, լաց եղա, հեկեկացի: Ոչինչ չօգնեց, հայրս անհողդողդ էր: Նա գնաց ախոռատուն, բռնեց խեղճ գառնուկիս և տարավ մեր տան ետևի փոքրիկ բակը: Ես վազեցի, գրկելու նրա գլուխը, համբուրեցի: Ես չէի ուզում նրանից բաժանվել: Հայրս յուր ուժեղ ձեռով հրեց ինձ: Ես ընկա գետնին, հեկեկալով:

Վերջին անգամ փայլեցին անմեղ բարեկամիս գողտրիկ եղջյուրները արեգակի տակ: Նա անհետացավ պատի ետևում:

Երբ հայրս մի քանի րոպե անցած երևաց արյունաթաթախ դանակը ձեռքին, ինձ թվաց, որ նա մարդասպան է, ավելին` որդեսպան:

Ես ատեցի նրան:

Ինձ համար սկսվեցին դառն, վշտալի օրեր: Ես խելագարի պես էի, չգիտեի ինչ անեմ, ինչպես մոռանամ մորթված բարեկամիս: Ամեն անգամ, երբ հիշում էի նրան, արտասուքը խեղդում էր ինձ: Իսկ ես նրան հիշում էի ամեն ժամ, ամեն վայրկյան: Հաճախ երազումս անգամ հալածում էր ինձ բարեկամիս ուրվականը

Օհ, սիրելի մանուկներ, երբեք-երբեք գառնուկ չպահեք, եթե գիտեք, որ մի օր պիտի մորթեն նրան:

ՍԱՐԳՍԻ ՎԻՇՏԸ

Գիշերվա երկու ժամն էր արդեն, երբ Սարգիս Բադայանը ժողովարանի սանդղքից ցած իջավ տուն գալու, հուզված էր, կատաղած:

Ուրեմն չո՞րս օր, հարցրեց նա սանդղքի ստորոտում կանգնած ավագին:

Այո, չորս օր և չորս գիշեր, — պատասխանեց ավագը: Սարգիսը մի հուսահատական շարժումն արավ, հագավ սպասավորի ձեռքով վերարկուն, գալոշները, վերցրեց անբաժան անձրևանոցը և դուրս գնաց:

Չորս օր և չորս գիշեր: Անխիղճներ, անաստվածներ, չորս օր և չորս գիշեր կլուբը պիտի փակ մնա: Ինչո՞ւ: Որովհետև զատիկ է, եկեղեցի գնալու, աղոթք անելու, ոգի և մեղքեր քավելու օրեր:

Ո՞ւր պիտի գնամ, ի՞նչ պիտի անեմ, — ասում էր Սարգիսը, բարձրանալով մի նեղ, մութ փողոցով դեպի այն տունը, ուր բնակվում էր:

Այո, ո՞ւր գնա, ի՞նչ անի այդ չորս օրը: Կլուբը նրա համար ամեն ինչ էր՝ և՛ տուն, և՛ ընտանիք, և՛ թատրոն, և՛ զվարճության ու տխրության վայր: Միակը աշխարհի երեսին, որ նա ուներ, միայն մեկը, երեկոները նա գալիս էր ժողովարան ամենից ուշ, մինչև որ կտային «տուգանքի» նախավերջին զանգակը, նա ցերեկներն էլ էր այնտեղ, գալիս է առավոտյան տասը ժամին ծառաների և սպասավորների հետ և գնում էր երեք ժամին, ճաշում էր, քնում, թեյ խմում և նորից գալիս կլուբ: Երեսունուհինգ տարի էր նա անդամ էր և ոչ մի երեկո բաց չէր թողել, ոչ մի երեկո այդ երկար ժամանակվա ընթացքում:

Նրան ճանաչում էին ամենքը, նա ճանաչում էր ամենքին՝ սկսած կլուբի դռնապանից մինչև ավագների խորհրդի նախագահը: Նա ճանաչում էր կլուբում ամեն ինչ, սկսած սանդղքի մոտ դրած վաղեմի չորացած ալյանդրից մինչև մեծ դահլիճի բոլոր անկյունները:

Նա թուղթ չէր խաղում, ոչ էլ շախմատ, ոչ էլ բիլիարդ և ոչ նարդի: Գալիս էր մտնում նախ ընթերցարան, թերթում էր բոլոր լրագրերը: Չ՛էր կարդում, այլ միայն թերթում էր: Հետո դանդաղ քայլերով մոտենում էր թուղթ խաղացողների սեղաններին, ամենքին հերթով, նայում էր տխուր, անտարբեր հայացքով, նայում, հետո հեռանում, նորից մոտենում, նորից հեռանում:

Նա շատ լավ գիտեր, որ թուղթ խաղացողներն իրան չեն սիրում, նրա «ոտը» համարելով անհաջող: Բայց այնուամենայնիվ մոտենում էր ամենքին, երբեմն նույնիսկ, առանց թույլտվություն խնդրելու, նստում խաղացողների քով և հետևում խաղին:

Այս էր նրա միակ հաճույքը: Կլուբը իր խաղացողներով իր բազմաթիվ սենյակներով, իր քնահարբ ծառաներով, իր հնամաշ կահ-կարասիով: Դա նրա միակ աշխարհն էր: Իր ամբողջ կյանքը, ամբողջ: Ուրիշ նա ոչինչ չուներ:

Եվ հանկարծ նրան ասում են, թե չորս օր ու չորս գիշեր պիտի փակ մնա իր սիրեցյալ, իր պաշտելի ժողովարանը:

Հանկա՞րծ: — Ոչ: Ամեն տարի միևնույնը, երեսունուհինգ տարի: Եվ տարենը չորս օր, մի օր էլ ջրօրհնեքին Սարգսին պատժում էին: Եվ ի՞նչ պատիժ: Չորս կամ հինգ օր ու գիշեր գլխիվայր կախված մնալ օդի մեջ: Անտուն, անտեր: Օհ, անաստվածներ, օհ, անխիղճներ:

Սարգիսը, ամուրի, միայնակ, ազգականներից, բարեկամներից, ծանոթ ընտանիքներից զուրկ Սարգիսը, արտասվեց: Եվ միայն գիշերային լռությունն ու մթությունն իմացան, թե ո՞րքան մեծ է նրա վիշտը:

ԿՈՍՄՈՊՈԼԻՏԸ

Ինձ վիճակված էր երկու օր ու գիշեր Թիֆլիսից մինչև Ռոստով ճամփորդել նրա հետ և սքանչանալ նրանով:

Վագոն մտավ աննկարագրելի աղմուկով, ինչպես մեկն այն երջանիկներից, որոնք ամենուրեք իրենց համարում են տիեզերքի առանցքը:

Նա ոչ ավելի, քան քառասուն տարեկան տղամարդ էր, տակավին շատ կայտառ, շատ դյուրաշարժ: Այնքան գեր չէր, որքան սովոր է գիրանալ հայը, երբ նրա ստամոքսը կուշտ է և գիտե կերածը մարսել: Հասակը միջակ էր, կազմվածքը բավարար, թեև կուրծքը չափից ավելի լայն էր, իրանը երկար, գլուխը մեծ, ծոծրակը տափակ և պարանոցը կարճ: Բայց ես վստահ եմ, որ Մոսկվայի շիկահեր և հաղթանդամ գեղեցկուհիները նրան կհամարեին եթե ոչ «զմայլելի», գոնե գրավիչ՝ իր ածուխի պես սև մազերի, թավ հոնքերի, թուխ երեսի, մանավանդ սև ու խոշոր աչքերի շնորհիվ: Նրա հստակ սափրած երեսը, որ ծնոտի կողմում կապտագույն էր, կարճ խուզված և հարթ սանրած մազերը, նորաձև կտրած ընչացքը, մանավանդ անգլիական կտորից և անգլիական ձևով կարված մոխրագույն հագուստը նրան տալիս Էին ժամանակակից ջենտլմենի տեսք:

Մի բան ևս, նրա ձայնը խռպոտ էր, ջախջախված: Մի ձայն, որ հատուկ է վատանուն ախտ ունեցողներին կամ ոգելից ըմպելիքները ի չար գործ դնողներին:

Վարձատրելով իր գոռոցներից ու հրամաններից շփոթված բեռնակրին մի քանի կոպեկներ ավելի, շիկ համարեց ավելացնել երկու-երեք ռուսական հիշոցներ, որոնք սակայն, շատ էլ թունդերից չէին: Մարդը սովոր էր, երևի, անպատճառ վիրավորել սոցիալական սանդուղքի վրա իրանից վար կանգնողներին սոսկ այն պատճառով, որ վարձատրում էր նրանց քրտինքը:

Տեղավորելով իրերը, նա բատիստյա թաշկինակով սրբեց նեղ ու մսալի ճակատը և նստեց դիմացի նստարանի վրա: Ապա գրպանից դուրս բերեց մի մեծ արծաթյա տուփ ծածկված բազմաթիվ ոսկյա և ադամանդյա մենագրերով, վերցրեց մի ծխախոտ, զարկեց տուփին մի քանի անգամ մունգշտուկի կողմով, որպեսզի փոշին դուրս թափի և վառեց մեխանիկական նույնպես արծաթյա հրատուփից:

Հեռո՞ւ եք բարեհաճում գնալ, — հարցրեց նա ինձ ռուսերեն, ծխախոտի առաջին ծուխն արձակելով իր գլխից վեր, որպեսզի երկրորդն երեսովս տա:

Մոսկվա:

Նախանձում եմ:

Ինչո՞ւ:

Ես շատ եմ սիրում Մոսկվան, ավելի քան Պետրոգրադը: Բարի և հյուրասեր քաղաք է: Այնտեղ կարելի է ապրել քիչ թե շատ մարդավարի: Եթե գործերս չխանգարեին, կգայի ձեզ հետ, բայց ասացեք խնդրեմ, — շտապեց ավելացնել նա, — այս կուպեում, բացի մեր երկուսից, էլի ճամփորդներ կա՞ն:

Ես ասացի, թե կան երկու ռուս սպաներ: Նրանք դրսումն են և, երևի, շուտով ներս կգան:

Ահ, — գոչեց ուղեկիցս ձեռն արհամարհանքով թոթափելով օդի մեջ, — ես զինվորականներին ատելով ատում եմ: Նրանք սիրում են սկանդալներ անել: Եթե գիտենայի, ուրիշ կուպե կվերցնեի: Բայց փույթ չէ, հետևյալ կայարանում կանցնեմ առաջին կլաս, մանավանդ, որ սովոր չեմ երկրորդով ճամփորդելու:

Եվ, մի քանի անգամ ևս ծխի քուլաները թաց թողնելով գլխից վեր, ավելացրեց.

Բայց ես սկանդալիստներից երկյուղ չունեմ: Ես գիտեմ նրանց զսպել և հարկը պահանջելիս մի լավ էլ խրատել: Ես երկու անգամ օֆիցեր եմ ապտակել և մի անգամ էլ մի գեներալի ապուշ եմ անվանել: Դուք իմ մասին չե՞ք լսել: Զարմանալի է, թույլ տվեք ներկայանալ՝ Արկադիյ Մարկովիչ Ալթունով

Դուք հա՞յ եք:

Ի՞նչ եք կարծում, ես նմա՞ն եմ հայի:

Այո, ձեր տիպը հայկական է:

Սխալվում եք, պարոն, սխալվում եք, — գոչեց ուղեկիցս մի տեսակ վիրավորված, — ինձ ոչ ոք հայ չի համարում: Ամենը ասում են, որ ես իսպանացու եմ նման կամ իտալացու:

Ներս մտան մեր ուղեկիցները մի-մի հրացան ձեռքներինք. Ըստ երևույթին, նրանք որսի էին գնում: Արտաքուստ երկու հակատիպարներ էին: Մեկը երկայնահասակ էր, նիհար, շիկահեր, փոքրիկ քթով, որի վերին մասը տափակ էր, իսկ ծայրը ներկայացնում էր շագանակի պես մի բան: Նրա երեսը սերկևիլի գույն ուներ: Մյուսը միջահասակ էր, սև աչքունքով, գերառողջ, կարմիր այտերով և հաստ, հյութալի շրթունքներով:

Ես կարծեցի Արկադիյ Մարկովիչ Ալթոլնովն իսկույն որևէ կերպ կարտահայտի իր արհամարհանքը դեպի զինվորականները կամ գոնե կլռե: Պատահեց հակառակը:

Ախ, — գոչեց նա, ոտքի ելնելով, — ներեցեք, գուցե ես ձեր տեղն եմ բռնել: Բարի եղեք ընտրել ձեր ցանկացած կազմը:

Սևահեր սպան բարեհամբույր ժպտաց և ասաց,

Մի անհանգստանաք, մենք շատ էլ հեռու չենք գնում, ընդամենը երեք կայարան:

Երկայնահասակ և նիհար սպան, իր հրացանը տեղավորելով իրեն առջև, թշնամական մի հայացք ձգեց նախ ինձ, ապա Արկադիյ Մարկովիչ Ալթունովի վրա: Նրա աչքերը կլոր էին, փոքրիկ, ապակենման: Նա նստեց իմ մոտ և, ոտներն առաջ ձգելով, վեր քաշեց կոշիկների երկայն վզերը:

Ես ամբողջ օրը դեսուդեն վազելով հոգնել էի, ուստի ներողություն խնդրելով, բարձրացրի նստարանի կռնակը, վեր ելա և պառկեցի:

Օրը դեռ ցերեկ էր, գնացքն ընթանում էր վերին աստիճանի դանդաղ, ահագին դղրդոցով և հարվածներով, ամենայն բարեխղճությամբ պահպանելով ռուսական երկաթուղիների սրբազան ավանդությունըերբեք չշտապել և երբեք հանգիստ չթողնել ճամփորդների ոսկորները.

Չանցավ քառորդ ժամ, իմ ուղեկիցներն արդեն բավական ընտելացել էին իրարու:

Առաջին խոսողը դարձյալ Արկադիյ Մարկովիչ Ալթունովն եղավ: Նա գանգատվեց:

Կա՞ արդյ՞ոք աշխարհի երեսին ավելի ձանձրալի ճամփորդություն, քան մերը: Գնացքն ընթանում է ինչպես Բորչալուի ճռճռասայլ, իսկ փառաբանված կովկասյան բնությունը ձեր աչքի առջևն է: Նայեցեք, դաշտերն ու ձորերը չորացած, լեռները մոխրագույն, մռայլ: Անկյուն չկա, ուր հանգստանա գեղասեր ճամփորդի հայացքըբայց որ ամենագլխավորն է, գնացքները բուֆետ չունեն, իսկ կայարանների բուֆետներում մի բան ուտել կամ խմել չի կարելի, այնքան կեղտոտ են: Սակայն ոչինչ, չկա անախորժ գրություն, որ իր ելքը չունենա:

Այս ասելով, նա բարձրացավ, վերցրեց վերին ցանցի վրայից մի գեղեցիկ զամբյուղ, բաց արավ և նրա միջից դուրս բերեց մի քանի շշեր և զանազան ուտելիքներ:

Ես ոչ ախորժակ ունեի և ոչ ցանկություն ջենտլմենի սեղանին մասնակցելու, ուստի ինձ քնած ձևացրի: Նիհար ու երկայնահասակ սպան, որի անունը Եվան Միրոնովիչ Պաստուխով էր, ինչ-որ մրթմրթաց իր քթի տակ: Իսկ նրա ընկերոջ՝ Իլարյոն Սիրաֆիմովիչ Տարաշչենկոյի, լայն ու կարմիր երեսն ավելի լայնացավ և փայլեց ներքին հաճույքից:

Ինչո՞ւ չէ, կարելի է, — ընդունեց նա Ալթունովի հրավերը, իր տեղը շտկելով և ընչացքը շփելով կարճ ու հաստլիկ մատներով:

Կոնյակը Մարտենի է, բարձրագույն մարկայի, — շարունակեց Ալթունովը, ուտելեղենները տեղավորելով լուսամուտի առջևի ծալովի սեղանիկի վրա: — Ասում են սովորությունը երկրորդ բնույթ է, ինձ համար նա առաջինն է: Խմելարդեն ընտիրը խմել, եթե ոչչարժե: Այնպես չէ՞, գնդապետ, — դարձավ նա Տարաշչենկոյին:

Իհարկե, — հաստատեց լայներես սպան, հազալով ու ձեռքերը շփելով իրարու, որպես հաճելի ու սրբազան պարտականություն կատարելու պատրաստվող մեկը,

Իսկ գինին, — շարունակեց Ալթունովը, ավելի ու ավելի ոգևորվելով, — Ուդելնիյ Վեգոմստվոյի լավագույններից է: Ճշմարիտ է, շատ էլ հներից չէ, ընդամենը տասնհինգ տարվա, բայց հույսով եմ կհավանեք: Այս գինին ամեն մարդու չեն տալիս: Պետք է ասած առանց պարծենալու, որ Ուդելնիյ Վեգոմստվոյի կառավարիչն իմ մտերիմ բարեկամներից մեկն է. երբեմն նա ինձ համար ուղարկում է հատկապես մեծ իշխանների համար պատրաստված գինիներից մի քանի դյուժին: Ես էլ, իհարկե, պարտքի տակ չեմ մնում: Ահա խավյար, ռոկֆոր պանիր, անչռուս, կիլկի, զանազան ապխտած ձկներ: Գնդապետի առաջին խոսքը ձեզ է տրվում, — դարձավ նա Տարաշլենկոյին:

Դուք ինձ շարունակ գնդապետ եք անվանում, բայց ես միայն կապիտան եմ, — ուղղեց նրա սխալը Տարաշլենկոն:

Եվ, ընդունելով կոնյակի առաջին բաժակը, իսկույն ևեթ դատարկեց:

Համեցեք, կապիտան, — դարձավ Ալթունովը Պաստուխավին, առաջարկելով նրան երկրորդ բաժակը:

Ներողություն, ես միայն պորուչիկ եմ, — մռմռաց երկայնահասակը, կարծես բարկանալով, որ կապիտան չէ:

Ձեր կենացը, — առաջարկեց Տարաշչենկոն և շտապեց դատարկել սքանչելի հեղուկի երկրորդ բաժակը:

Ոչ, պարոններ, ոչ, — ընդհատեց Ալթունովը, — ես համաձայն չեմ: Մենք մի մեծ պարտք ունինք, որ չպիտի մոռանանք ուր որ լինենք: Դա հայրենիքի սերն է: Հանուն այդ սիրո ես առաջարկում եմ խմել նախ և առաջ անհաղթելի ռուս զորքերի կենացը:

Կարելի էարտասանեց պորուչիկ Պաստսւխովը, այնպիսի ներողամիտ եղանակով, որ կարծես համայն Ռուսիայի տերն ու հրամանատարն էր:

Եվ երկայն պարանոցն ավելի երկարացնելով, բաժակը բարձրացրեց օդի մեջ, նայեց նրան թափանցիկ և մի կումով դատարկեց:

Ըմպելիքներից հետո Ալթունավը գովեց ուտելիքները, ռոկֆորը Ֆրանսիայից հատկապես նրա համար է բերել տրված, խավիարն ու ապխտած ձկները մասնավորապես նրա համար են պատրաստված Սալյանում:

Կոնյակի բաժակները հաջորդեցին իրարու: Շուտով սպաների գլուխները բավական տաքացան դեռ գինու շշերը բաց չարած:

Գիտեք, ես զարմանում եմ, որ մարդիկ կարողանում են վագոնում քնել, — ակնարկեց Ալթունովը իմ վերաբերմամբ:

Որ խեղդեք էլ նա չի կարող քնել: Առհասարակ քունը նրա կարծիքով կես մահ է, ուստի բարվոք է համարում գիշերները լուսացնել կլուբներում կամ հյուրանոցներում: Կյանքը կարճատև է, պետք է օգտվել նրա ամեն մի վայրկյանից: Այնպես չէ՞, գնդապետ, ներողություն, կապիտան:

Բոլորովին ճիշտ եք հրամայում, — շտապեց համաձայնել Տարաշչենկոն, մի շատ նշանակալի հայացք ձգելով գինու փակ շշերի վրա:

Ալթունովը հասկացավ նրա միտքը և շտապեց շշերը բանալ: Գինու առաջին բաժակը ևս նա պարտք համարեց նվիրել ռուսաց հաղթական զորքերին:

Դուք սպա՞ եք եղել, — հարցրեց Պաստուխովը, խմելուց հետո սրբելով երկայն ու բարակ ընչացքը, որ գարու հասկերի էր նման:

Բախտ չեմ ունեցել այդ պատիվը վայելելու, — պատասխանեց Ալթունովը, խոր հառաչելով:

Բայց մեղավորը ինքը չէ, այլ հայրը: Հանգուցյալը, միայն մի որդի ունենալով, չկամեցավ նրան ուղարկել պատերազմի դաշտը հայրենիքի պատիվը պաշտպանելու: Նա բարվոք համարեց, որ իր որդին էլ մնա հոր պես սոսկ կալվածատեր ու կառավարե տոհմային կալվածքները:

Ուրեմն դուք կալվածատե՞ր եք, — հարցրեց Պաստուխովը, որ, ըստ երևույթին, շատ անհանգիստ էր իր ուղեկցի սոցիալական դիրքի վերաբերմամբ:

Այո, ունիմ մի հինգ -տասը կտոր հողեր զանազան տեղերում:

Հույսով եմ և ազնվական եք:

Մարդու ծագումը ճանաչվում է նրա վարմունքից ու ձևերից, — պատասխանեց Ալթունովը համեստորեն:

Ձեր վարմունքն ու ձևերը միանգամայն ազնվականի են, — նկատեց Տարաշչենկոն, որ վաղուց էր հափշտակվել Ալթունովի հյուրասիրությամբ:

Բայց, ներեցեք, Արկադիյ Մարկովիչ Ալթունովը համեստ մարդ է: Նա երբեք չէր խոսիլ իր ազնվական ծագման մասին, եթե չստիպեիք խոսել: Գիտեք, պարծենալու համար չի ասում, այլ այնպես, նրա մայրը իշխանական տոհմից է, իսկ հայրը հին հայկական թագավորական տոհմից: Այս մասին նա ունի անվիճելի փաստաթղթեր, բայց ուշադրություն չի դարձնում նրանց վրա, որովհետև...

Որովհետև հայկական թագավորական ծագումը ոչինչ արժեք չունի Ռուսիայում, — լրացրեց Պաստուխովը մի տեսակ չարախնդությամբ:

Մի՛ ասեք, պորուչիկ, մի ասեք, արժեք ունի, — շիտկեց ընկերոջ անքաղաքավարությունը բարեսիրտ Տարաշչենկոն, որի առանց այն էլ կակուղ սիրտը բոլորովին փափկել էր ոգելից ըմպելիքներից: — Ինձ հայտնի է, օրինակի համար, որ հայերը հին ազնվական ազգ են և քրիստոնեություն ընդունել են մեզանից ընդամենը հարյուր տարի հետո: Եթե չեմ սխալվում, Ալեքսանդր Մակեդոնացու մայրն էլ հայ է եղել:

Բոլորովին ճիշտ է, — հաստատվեց Ալթունովը կապիտանի պատմական հմտությունը, — բայց ես չեմ պարծենում ոչ Ալեքսանդր Մակեդոնացու մորով և ոչ ուրիշներով: Եթե ես պարծենկոտ լինեի, ավելի մոտիկ անցյալով կպարծենայի: Օրինակի համար, կասեի, որ իմ հոր հայրը վրաց վերջին թագավորի քրոջ որդին է և մի տարի որսի ժամանակ տասնումեկ վագր է սպանել: Գիտեք, Կովկասի անտառներում վագրեր շատ կային: Ռուս զորքերն եկան թե չէ, այդ սոսկալի գազանները փախան Հնդկաստանի խորքերը: Եթե հետաքրքրվում եք, բարեհաճեցեք գալ իմ դղյակը, ես ձեզ ցույց կտամ սպանված առյուծների մորթիները:

Ալթունովը ճիշտ այդպես էլ ասաց՝ Դղյակ:

Թողնենք պատմությունը, մեր ժամանակներից խոսենք, — գոչեց Պաստուխովը մի փոքր գրգռված, գուցե այն պատճառով, որ իր պապը թագավորների հետ որսի չի գնացել, — ես կկամենայի գիտնալ այժմ դուք ձեզ ի՞նչ եք զգում, հայ, թե ռուս:

Ես ինձ զգում եմ ծագումով հայ Գրիգորյան-լուսավորչական, — պատասխանեց Ալթունովն անմիջապես, — իսկ ազգով ռուս:

Այդ ինչպե՞ս, ես չհասկացա:

Ուզում եմ ասել, որ ես հայ-լուսավորչական ռուս եմ, ուղղափառ...

Շատ լավ, դուք հեղափոխակա՞ն եք, թե՞ նացիոնալիստ:

Ի՞նչ, հեղափոխական, — գոչեց Ալթունովը միանգամայն վշտացած, — պորուչիկ, ի՞նչ եմ արել ձեզ, որ ինձ վիրավորում եք:

Ուրեմն նացիոնալիստ եք:

Ոչ, պարոն պորուչիկ, ես միապետական եմ, — գոչեց Ալթունովը, ձեռը ջերմեռանդորեն կրծքին զարկելով: — Ես պատրաստ եմ առաջին պահանջված դեպքում կյանքս զոհել գահի և կայսեր համար:

Այդպես էլ հարկավոր է, — խրախուսեց նրան Պաստուխովը և մի մեծ կտոր խավիար դրեց բերանը:

Իմ կարծիքով, բոլոր ազգերը հավասար են, — ասաց Տարաշչենկոն:

Ոչ: կապիտան, այդպես չէ, — ժխտեց Պաստուխովը, — նորեն գրգռվելով, — ով Ռուսիայի սահմաններում է ապրում, պարտավոր է իրան ռուս համարել, ռուս զգալ ու մտածել ինչպես իսկական ռուս: Եթե այդպես չլինի, հայրենիքը կարող է կործանվել:

Այդ բոլորովին ճիշտ է, — գոչեց Ալթունովը, — բայց չկարծեք, պարոններ, — որ ես բախտ չունենալով զորքին ծառայելու, երկչոտ եմ կամ անընդունակ զենք գործածելու:

Օօ՞, ոչ, նա ճանաչված է որպես առաջնակարգ որսորդ, օ կարող է հարյուր քայլի վրա ատրճանակից կրակել խնձորի ծառի վրա որ խնձորը կամենաք, կամ թռցնել ծտի կտուցն ու պոչը:

Ծտի կտուցն ու պոչը թռցնես, տակը ի՞նչ կմնա, — նկատեց Պաստուխովը, կես-հեգնորեն, կես-ներողամտաբար ժպտալով:

Իհարկե, բայց, այնուամենայնիվ, որ տեղին ուզենամ այն տեղին էլ կզարկեմ:

Գաջով մարդկանց, դեռ երեք ամիս չկա, իր Ալթունովը մի ինչ-որ գերմանացի բարոնի մենամարտության կանչեց Բաթումում: «Գարշելին» երկչոտությամբ մերժեց:

Հետո դուք ի՞նչ արիք այդ անպիտանին, — հետաքրքրվեց Պաստուխովը, նայելով իր երկայն ընչացքի ծայրերին և սրելով նրանց:

Այն, ինչ որ դուք կանեիք, օրը ցերեկով փողոցում մի լավ ծեծեցի մտրակով:

Այդպես էլ հարկավոր էր, — տվեց Պաստուխովն իր հեղինակավոր հավանությանը:

Թույլ տվեք հարցնել ի՞նչ պատճառով էիք այդ վախկոտին մենամարտության կանչելհարցրեց Տարաշչենկոն խավիարի պատառը բերնում:

Մի դերասանուհու պատճառով:

Բրավո, ձեր կենացը:

Կապիտ՛ան, ես բրավո չեմ ասիլ, — ասաց Պաստուխովը, ունքերը կիտելով, — դերասանուհիները չարժեն մեր արյան կաթիլներին անգամ: Նրանք չափազանց շատ են սիրում ծաղիկներ և կոնֆետներ:

Բայց ես ուրիշ բաների համար էլ եմ ուզեցել մենամարտելշարունակեց Ալթունովը, ավելի ոգևորվելով, — օրինակ սրանից երկու տարի առաջ պապիցս ժառանգած ատրճանակի մի գնդակ խրեցի մեկի կուրծքը:

Ինչո՞ւ:

Անասունը հանդգնել էր իմ մոտ յապոնացիների քաջությունը փառաբանել և մերոնց ծաղրել:

Ռեխը պիտի ջարդեիք, — մռնչաց Պաստուխովը, մի ուժգին շարժումն անելով:

Կամաց, պորուչիկ, մի տաքանար զուր տեղը, — ասաց Տարաշչենկոն, որի գինու բաժակը Պաստուխովի շարժումից ընկավ ձեռքից:

Եվ ջարդեցի, — շարունակեց Ալթունովը, — ուրիշ կերպ չէի կարող անել: Ինչ ուզում են թող ասեն, բայց երբ իմ հայրենասիրական զգացումը վիրավորում են, խելքս կորցնում եմ: Դուք չգիտեք ես ինչեր եմ կրել ռուս -յապոնական պատերազմի օրերին:

Օօ, քանի-քանիսի հետ է վիճել ու կռվել, քանի-քանի անգամ է մենության մեջ մատները կատաղությունից կրծոտել: Տուսիմայի և Մուկդենի պարտությունները մի-մի անբուժելի վերք են բաց արել նրա պատրիոտ սրտի վրա: Օօ՛, նա չի հանգստանալ, մինչև որ հայրենիքի ռազմական վարկը չվերականգնվի, մինչև որ մի սոսկալի վրեժ չառնվի այդ արհամարհելի մակակներից, այդ ճիպռոտ կապիկներից,

Այդ մասին չխոսենք, — խստորեն ընդհատեց Պաստուխովը, կուրծքն ուռցնելով և նայելով իր հրացանին:

Այո, չխոսենք, այլ գործենք, գործենք, — համաձայնվեց Ալթունովը:

Շուտով գինու շշերը մեկը մյուսի հետևից դատարկվեցին և լուսամուտից դուրս թռան:

Խոսակցության նյութը փոխվեց: Ալթունովը պատերազմից անցավ դեպի խաղաղ կյանքը Ռուսիայի: Պարզվեց, որ նա մայրաքաղաքի լրագրներով է հետևում ներքին և արտաքին քաղաքականություններին: Նա թունդ խոսքերով հեղափոխականներին հայհոյեց, պետական դուման ծաղրեց, հարձակվեց ուսանողության վրա, որ ուսում ստանալու փոխարեն պոլիտիկով են զբաղվում, ապտակեց ազատամիտ պրոֆեսորներին: Հետո սկսեց հայհոյել նախ հրեաներին, ապա լեհացիներին, այնուհետև ֆինլանդացիներին:

Եվ հանկարծ գոչեց:

Պարոննե՛ր, ես ուզում եմ ձեզ հետ բռուտերշաֆթ խմել, ի՞նչ կասեք:

Պատրաստ եմ, — գոչեց Տարաշչենկոն:

Կարելի է, — սառն արտասանեց Պաստուխովը:

Այս երջանիկ բարեկամական համբույրը դրոշմվեց այն վայրկյանին, երբ գնացքը կանգ առավ սոսկալի դղրդյունով: Վագոնների ընդհարումից համբուրվողները դիպան իրար, ապա բաժանվեցին, մեկ էլ դիպան, նորեն բաժանվեցին և ընկան՝ Ալթունովը մեկ, Պաստուխովը մյուս նստարանի վրա:

Տարաշչենկոն ծիծաղից թուլացավ: Ձեռքերը դնելով կլորիկ փորի վրա, նա շնչասպառ մի քանի անգամ կրկնեց. — Ահ, մեռա, ահ, մեռա, տեր աստված: Պաստուխովը մի քանի վայրկյան ապշած նայեց դիմացինի կրծքին, ապա հանկարծ կատաղեց և մի քանի շատ կտրուկ հիշոցներ ուղարկեց մեքենավարի հասցեին:

Ինձ թվում է, պարոն պորուչիկ, որ այդ լավ նշան էր, — ասաց Ալթունովը, թաշկինակով սրբելով շապիկի կուրծքը, որ թրջել էր գինով, — ասել է, մենք կբաժանվենք իրարուց և նորեն կհանդիպենք: Այսպես, թե այնպես, թույլ տվեք, պարաններ, հայտնել իմ անկեղծ գոհունակությունը ձեզ հետ ծանոթանալուս համար: Չգայիք դուք, ով գիտե ձեր տեղերը պիտի բռնեին ինչ-որ հոտած հայեր կամ թուրքեր, որոնց, ի միջի այլոց ասած, ես արհամարհում եմ: Ինչպե՞ս, դուք արդեն պատրաստվում եք իջնելո՞ւ:

Следующая страница