Շիրվանզադե Ալեքսանդր՝   Պատմվածքներ, նովելներ, ֆելիետոններ

Դու չես գնալ պատերազմ, — ասաց հանկարծ Սարուկը, որ երկար ժամանակ լուռ էր:

Ինչո՞ւ, — հարցրեց Մարուքը հեգնական ժպիտով:

Որովհետև ես եմ վճռել գնալու: Քեզանից շատ առաջ:

Ուրեմն դուք ուզում եք ինձ կենդանի-կենդանի գերեզման ուղարկել, — գոչեց խեղճ այրին հուսահատությամբ:

Մարուքն աշխատեց համոզել Սարուկին թողնել իր «երեխայական» մտադրությունը, քանի որ ինքն արդեն պայմանավորվել է իր ընկերների հետ: Սարուկն ընդդիմացավ, ասելով, որ ինքն արդեն գրվել է «ուր հարկն է»:

Ոչ մեկին ձեզանից չեմ թողնի գնալու, — գոչեց այրին: — ոչ մեկին: Որ խեղդեք, սպանեք, չեմ թողնի:

Ես պետք է գնամ, — գոչեց Մարուքը դրականորեն:

Ես էլ պետք է գնամ, — գոչեց Սարուկն ավելի դրականորեն:

Թախանձանք, աղերսանք, արցունք, սպառնալիք հուսահատ մոր կողմից -ոչինչ չազդեց ոչ մի և ոչ մյուս զավակի վրա: Այն ժամանակ այրին ճարահատյալ համաձայնվեց մեկին թույլ տալ գնալու, մյուսին՝ ոչ:

Մարուքն, ասաց, թե Սարուկը կմնա տանը որպես կրտսեր: Սարուկն ասաց, թե Մարուքը կմնա տանը, որպես մեծ:

Ես քեզանից ավելի առողջ եմ, — ավելացրեց նա, — դու չես կարող դիմանալ պատերազմի դժվարություններին:

Ես քեզանից մեծ եմ, ավելի փորձված, — ասաց Մարուքը, — դու դեռ երեխա ես:

Վեճը շարունակվեց մոտ երկու շաբաթ, ամեն երեկո: Երբեմն եղբայրները միմյանց համոզելու համար պատրաստ Էին դիմել բռունցքի օգնության: Այսպես, մի անգամ Մարուքն այնպես կատաղեց, որ Սարուկի կրծքին զարկելով, գցեց նրան հատակի վրա: Վայրկենաբար Սարուկը ոտքի թռավ վագրի ձագի պես և հարձակվեց Մարուքի վրա: Մայրը մի կերպ բաժանեց նրանց, ընկնելով Սարուկի ոտքերի տակ:

Տեսնելով, որ ինքն անզոր է հաշտություն գցելու զավակների մեջ, այրին օգնության կանչեց ազգականներին ու հարևաններին: Այդ էլ չօգնեց: Քանի Մարուքն ու Սարուկը շատ Էին վիճում, այնքան յուրաքանչյուրը նրանցից ավելի ու ավելի էր համառում:

Վերջապես մի երեկո Մարուքը առաջարկեց վեճը վճռել հետևյալ միջոցով: Թող երկուսն Էյ ցույց տան իրենց դիմացկունության ու քաջության չափը, ով նրանցից ավելի թույլ գտնվի, թող նա մնա տանը, իսկ մյուսը գնա պատերազմ:

Շատ լավ, ես համաձայն եմ, — ասաց Սարուկը գրգռված:

Խոսք տալի՞ս ես, որ կհպատակվես և էլ չես հակառակի, — հարցրեց Մարուքը:

Տալիս եմ:

Երդվիր հայրիկի գերեզմանով:

Երդվում եմ մայրիկի անունով:

Երդվիր հայրիկի գերեզմանով:

Երդվում եմ հայրիկի գերեզմանով:

Բայց ինչպե՞ս փորձենք մեր քաջությունը սենյակի մեջ:

Իսկույն կասեմ: Մայրիկ, խնդրում եմ հեռանաք այստեղից:

Այրին վախեցավ: Նա կարծեց, թե երկու եղբայր պիտի կռվեն զենքերով, որովհետև երկուսն էլ արդեն մի-մի ռևուվեր էին ձեռք բերել:

Չէ, — ասաց նա, — ես այստեղից չեմ հեռանա: Ինչ որ անելու եք, իմ մոտ արեք:

Կարելի է, — համաձայնվեց Մարուքը, — Բայց հաստատ խոսք տուր, որ զահլես չես տանի քո լաց ու կոծով կամ գոռում գոչյուններով:

Ուրեմն, դուք պիտի...

Ո՛չ, մի՛ վախենար, չենք կռվելու: Խոսք տալի՞ս ես, որ կհամբերես մինչև վերջը:

Լավ:

Տես, չխաբես, մայրիկ, պատվի խնդիր կա մեջտեղ: Դու ես լինելու մեր դատավորը:

Լավ:

Մարուքը վառեց երկու մոմ և դրեց սեղանի վրա: Ապա դառնալով եղբորն ասաց,

Լսի՛ր, երբ ես կասեմ «մեկ, երկու, երեք» ձախ ձեռիդ ձագ և անանուն մատներն իսկույն կբռնես այդ մոմի բոցի վրա: Ուղիղ բոցի վրա, լսո՞ւմ ես: Ես իմ մատները կբռնեմ ահա այս մոմի բոցի վրա: Թող այրեն մեր մատները և ով ավելի թույլ գտնվի կամ ետ քաշելով մատները կամ նույնիսկ որևէ խոսքով կամ հնչյունով, ախ ու վախով արտահայտի իր ցավը, նա մնա տանը, իսկ մյուսը գնա պատերազմ: Համաձա՞յն ես:

Համաձայն եմ, — գոչեց Սարուկն ուրախանալով, վերջապես, որ խնդիրը լուծվում է:

Ամա՛ն, — աղաղակեց մայրը, ոտքի թռչելով, — մի արեք այդ գժությունը, ես այդ չեմ թողնի:

Մայրիկ, — գոռաց Մարուքը, — տեսնո՞ւմ ես այդ ռևուվերը: Լռիր ու տեղդ նստիր:

Այրին գունատ, դողալով նստեց իր տեղը:

Սկսում եմասաց Մարուքը հանդիսավոր, — մեկ, երկու, երեք

Անմիջապես երկու եղբայրների ձախ ձեռքերի ձագ և անանուն մատները բարձրացան բոցերի վրա:

Այրին հազիվ զսպեց իրեն՝ որպեսզի չճչա օձից խայթվածի պես:

Բոցերը բաժանվեցին երկու հավասար մասերի և նրանց դեղնագույն լեզվակները սողալով վեր, փաթաթվեցին Մարուքի և Սարուկի մատներին օղակների պես:

Առաջին վայրկյանին երկուսն էլ ժպտացին այն տարօրինակ ժպիտով, որ հատուկ էր կախաղանից չերկնչող դատապարտյալին: Նրանք իրենց սևորակ աչքերը հառեցին միմյանց երեսին, որպես իրարու վրա հարձակվելու պատրաստ վագրեր: Ապա նրանց դեմքերն ստացան լուրջ, խորհրդավոր արտահայտություն:

Սկզբում նրանց մատները սևացան մուրից, ապա կամաց-կամաց սկսեցին կարմրել: Երկուսի դեմքերն էլ գունատվեցին, որովհետև ցավն արդեն զգալի էր:

Մայրը նայում էր լուռ, անշարժ՝ ինչպես արձան, գունատ ինչպես դիակ:

Սոսկալի էր նայել խորին լռության մեջ անշուք սենյակի կիսախավարի մեջ այդ երեք կերպարանքներին, որոնց անշարժությունը լռության հետ ուրվականների տպավորություն Էին գործում:

Զավակները գերբնական ճիգն Էին անում խեղդելու իրենց մարմնավոր ցավը, մայրը ճգնում էր զսպելու հոգեկան տանջանքը:

Հանկարծ լսվեց մի սուր ճիչ, և այրիի անշունչ դիակը փռվեց հատակի վրա:

Սարուկը անշարժ էր, նրա աչքերը շարունակ հառած Էին եղբոր երեսին:

Բավական է, — գոչեց Մարուքը, ետ քաշելով բոցից սևացած, կարմրած մատները, որոնց միսն արդեն խորովվել էր, — դու ինձ հաղթեցիր:

Եվ նա սկսեց ուշքի բերել մորը:

Մյուս օրը նա համբուրելով Սարուկին ճանապարհ դրեց դեպի պատերազմ:

ՆԱՄԱԿԸ

Գնացքը պատերազմի դաշտից բերում էր մի քանի տասնյակ ծանր ու թեթև վիրավորներ: Ֆելդշերն ու գթության քույրերը շտապ-շտապ անցնում էին վագոնից վագոն և տառապող հերոսների ամենաթեթև կարիքը հոգում ամենամեծ եռանդով, չնայելով որ շատերը գրեթե ամբողջ գիշերն անց էին կացրել անքուն: Ոմանք իրենց հոգու խորքում դժգոհ էին անգամ, որ վիրավորների համեստ պահանջները թույլ չեն տալիս ավելի մեծ եռանդ ցույց տալու: Նման այն նորադարձ ֆանատիկոսներին, որոնք որքան ևս շատ են աղոթում: Դարձյալ գոհ չեն իրենց ջերմեռանդությունից:

Առանձնապես համեստ և անտրտունջ էր մի երիտասարդ սպա Տ...տի զորաբաժնից: Գրեթե անմորուս, անբեղ մի պատանի ցորենի գույն մազերով, պայծառ դեմքով և կապտագույն աչքերով, որոնց անմեղ արտահայտության մեջ նորատի տիտանի հոգին էր կարդացվում:

Պառկած էր նա վագոնի ներքին նստարաններից մեկի վրա, որին ժամանակավոր մահճակալի հարմարություն էր տրված: Նրա աջ թևը, ճերմակ փաթաթանի մեջ՝ ընկած էր կրծքի վրա անզոր, որպես գնդակահար ճայ:

Միայն այդ չէր նրա վերքը: Թշնամու երկրորդ գնդակը ջախջախել էր նրա ձախ ազդրի ոսկորը: Գթության քույրերի հոգատար հարցերին նա շարունակ պատասխանում էր, թե ցավ բնավ չի զգում, թեև, հարկավ, զգում էր: Գլուխը թեթևակի դեպի ձախ ուսը թեքած, նայում էր լուսամուտով Կովկասյան լեռներին, որ, մեկը մյուսին հաջորդելով, նրա համար ներկայացնում էին անսովոր, բայց սքանչելի մի կոլեյդոսկոպ:

Երկրորդ անգամ էր նա անցնում այդ ճանապարհը, առաջին անգամ պատերազմ գնալիս և այժմ: Բայց գնալիս գիշեր էր, և նա ոչինչ չտեսավ: Լինելով հյուսիսի լայնատարած դաշտերի ծնունդ, սովոր անսահման լայնության և տափակության, նրա հոգին գրեթե ճնշվում էր, սիրտը սեղմվում երկու շարք վիթխարի բարձունքների նեղուցքի մեջ: Մերթ ընդ մերթ նրա գունատ դեմքը մեղմիկ ժպտում էր, հոգնած աչքերը հանդարտ փակվում էին, որպեսզի մի-մի րոպե անցած նորից բացվեն ավելի մեծ հաճույքով դիտելու սքանչելի տեսարանները:

Մի տարի էր ընդամենը, որ նա սպա էր: Ավարտելով զինվորական դպրոցը, անմիջապես մտել էր Տ...տի զորաբաժինը պոդպորուչիկի աստիճանով և ահա այժմ վերադառնում էր պատերազմից իբրև հերոս:

Մինչ նրա մոլոր հայացքը թռչկոտում էր լեռնից-լեռ, միտքը սլացել էր հեռու, շատ հեռու: Այնտեղ, ուր նա թողել էր մերձավորներին իր սրտի մեծ բաժնի հետ: Մտածում էր նա իր ծնողների մասին, որոնց երեք որդիներն էլ պատերազմ էին գնացել: Մտածում էր քույրերի մասին, որոնց ամուսինները նույնպես պատերազմում էին: Բայց ամենից պարզ, ամենից հրամայողական նրա առջև պատկերանում էր այն էակի կերպարանքը, որի հետ վեց ամիս էր արդեն կապված էր փոխադարձ սիրո կապով: Պատերազմը քայքայեց նրանց ծրագիրը: Ստիպված եղան անսահման փափագով սպասված ամուսնությունը հետաձգել անորոշ ժամանակով... Դա նրանց համար անսպասելի մի սյուրպրիզ էր: Սակայն երկուսն էլ նրան ընդունեցին անտրտունջ: Քանի որ հայրենիքը զոհ է պահանջում, այն որ տմարդն է, որ կվախենա այդ զոհաբերությունից: Եթե նրան չուղարկեին անգամ պատերազմ, նա ինքը ամեն ջանք պիտի գործ դներ, որ ուղարկեն: Զինվորը հենց նրա համար է զինվոր, որ ինքը փափագե թշնամու դեմ կռվի դուրս գալու

Այնպես չէ՞, Իրինա, — հարցրեց նա իր սիրեցյալին կատարյալ երեխայական պարզամտությամբ:

Հրաժեշտի նախընթաց երեկոն էր այդ, երբ նրանք վերջին անգամ զբոսնում էին տեղական պարտեզի մի խուլ ճեմելիքում: Այնտեղ էին նրանք առաջին անգամ խոստովանել իրենց փոխադարձ սերը:

Իհարկե, այդպես է, Լեոնիդ, իհարկե, այդպես է, — կրկնեց նույն երեխայական պարզամտությամբ Իրինան, շիկահեր գլուխը ամուր սեղմելով նրա կրծքին:

Եվ մի փոքր անցած, նա ավելացրեց:

Բայց տես, չմոռանաս քո Իրինային: Ասում են, Կովկասի սևաչյա աղջիկները շատ վտանգավոր են և շատ չար:

Իրինա՛, — գոչեց Լեոնիդն անկեղծ վրդովմունքով, — դու ինձ վիրավորում ես: Առաջինը ես երդվել եմ մինչև մահ քեզ հավատարիմ մնալու և կմնամ: Երկրորդը, Կովկասը վայրենիների երկիր է. այնտեղ կանանց բանեցնում են գրաստի տեղ: Երևակայում եմ ինչի են նման նրանք:

Լավ, լավ, սիրելիս, մի՛ նեղանա: Ես կատակ արի, ես հավատում եմ քեզ, օօ, շատ եմ հավատում: Եվ, մի փոքր լռելով, Իրինան հարցրեց

Նամակներ գրելո՞ւ ես:

Այդ ի՞նչ հիմար հարց է: Իհարկե գրելու եմ:

Տես, չմոռանաս: Գիտցիր, որ եթե երկու օր նամակդ ուշանա, վշտանալու, եմ:

Չի ուշանա:

Երդվիր:

Երդվում եմ:

Ինչո՞վ:

Քո անունով:

Ոչ, ես ուզում եմ, որ երդվես թրովդ: Դու նրան ավելի հավատարիմ կմնաս:

Երդվում եմ թրովս, — գոչեց Լեոնիդը, ձեռքը զարկելով թրի պատյանին:

Այժմ ապահով եմ, որ կկատար՞ես խոստումդ:

Եվ Լեոնիդը, արդարև, կատարեց իր խոստումը: Կատարեց նույնիսկ կռվի դաշտում, նույնիսկ այն երեք ճակատամարտերից մեկի միջոցին, որոնց մասնակցեց: Կատարեց մինչև այն ժամանակ, քանի որ թշնամու գնդակը չէր ջախջախել նրա ձեռքը, հակառակի պես աջը և ոչ ձախը:

Այսօր 7-րդ օրն էր, որ նա չէր գրել Իրինային: Եվ այդ նրան ավելի զգալի ցավ էր պատճառում, քան վերքերը: Նա գիտեր, թե ինչ է նշանակում Իրինայի բերանում «եթե երկու օր նամակդ ուշանա, վշտանալու եմ» խոսքը: Այդ նշանակում է, որ նա այժմ տանջվում է անչափ, և որովհետև նրա շիտակ բնույթը վճռական է, կարող է որևէ վտանգավոր քայլ անել: Հանկարծ տեսար խելագարի պես վազեց պատերազմի դաշտը իր Լեոնիդին փնտրելու:

Պետք է անպատճառ գրել, այսօր ևեթ: Հեռագիրը Իրինային գոհացնել չէ կարող, ընդհակառակը ավելի կվախեցնի: Բայց ինչպես գրել: Պետք է դիմել մի ուրիշի օգնության: Գուց՞ե գթության քույրերից մեկի՞ն: Նրանք այնքան բարի են, այնքան հոգատար, որ սիրով կկատարեն նրա խնդիրը: Բայց ոչ, այդ անկարելի է: Ի՞նչ, թելադրել մի օտար անձի այն, ինչ որ նվիրական է Լեոնիդի համա՞ր, այն, ինչ որ այժմ, ճիշտ այժմ, ավելի քան երբևիցե, հուզում է նրա՞նսերը դեպի Իրինան: Նա կարող է ծաղրելի դառնալ օտարի աչքում այս ողբերգական պահին, երբ ամենքը, ամենքը, նույնիսկ ամենախիստ էգոիստները, մոռացել են անձնականը հանրայինի համար, երբ ամենքին մի և միայն մի զգացում է զբաղեցնում և հուզում, սերը դեպի տառապող հայրենիքը:

Գնացքը կամաց-կամաց դանդաղեցրեց իր ընթացքը, հանդարտ մոտեցավ Թիֆլիսի կայարանին և կանգ առավ:

Լեոնիդն աչքերը փակ շարունակ մտորում էր Իրինայի մասին, երևակայելով նրան մերթ հուսահատությունից արտասվելիս, մերթ երկաթուղու գնացքներում: Նա գրեթե չէր լսում և չէր զգում, թե ինչ է կատարվում իր շուրջը:

Ֆելդշերը, կարծելով որ նա քնած է, ձեռքը մեղմիկ գրեց նրա ճակատի վրա և կամացուկ արտասանեց.

Պարտն սպա, արդեն հասել ենք, պետք է իջնել: Լեոնիդն աչքերը բաց արավ, փորձեց վեր կենալ, մի վայրկյան մոռանալով ոտքի վերքը: Ֆելդշերը թույլ չտվեց և ծառաների օգնությամբ խնամքով դուրս բերեց նրան վագոնից ձեռքերի վրա:

Կայարանում ժողովվել էր բավական մեծ բազմություն վիրավորյալներին դիմավորելու համար: Մի խումբ տիկնայք և օրիորդներ իրենց հետ բերել էին ծաղկյա փնջեր, քաղցրավենիք, մրգեղեն, ծխախոտ: Միմյանց առաջելով, նրանք շտապեցին իրենց համակրանքը, կարեկցությունը և հիացմունքն արտահայտկա հայրենիքի պաշտպաններին: Մի ինչ-որ տիկին, թե օրիորդ Լեոնիդը առողջ ձեռքի մեջ դրեց մի գեղեցիկ փունջ, Լեոնիդը լուռ, գլխի թեթև շարժումով հայտնեց իր շնորհակալությունը, նրան խնամքով տեղավորեցին օտոմոբիլի մեջ և տարան հիվանդանոց:

Այնտեղ նա անմիջապես քնեց երկար ժամանակվա անքնությունից հետո: Երբ աչքերը բաց արավ, իր գլխի մոտ տեսավ կանգնած մի կանացի կերպարանք: Դա մի երիտասարդ աղջիկ էր թուխ երեսով և սաթի պես սև աչքունքով: Մեջքից քիչ թեքված, նա ժպտում էր այնքան մեղմ, այնքան, կարեկցաբար, միևնույն ժամանակ հեզ ու երկյուղած, որ Լեոնիդն իսկույն մոռացավ և իր մարմնավոր ցավը, և իր հոգեկան տառապանքը: Թվաց նրան, որ իթ առջևը կանգնած է մեկն իր հարազատներից: Քույրը կամ մայրը, որ երկար ժամանակ անհուն տանջանքներով սպասել էր նրա վերադարձին և այժմ երջանիկ էր, որ նրան տեսնում էր կենդանի, թեև ծանր վիրավորված:

Պարոն սպա, դուք արթնացա՞ք, արդյոք ինչո՞վ կարող եմ ձեզ օգտակար լինել, — արտասանեց անծանոթը, գիշերային փոքրիկ սեղանի վրա դնելով մի տասի քաղցրավենիք:

Կար ինչ-որ մի մտերմական նոտա այդ արծաթահնչուն ձայնի մեջ: Մի անսահման անկեղծ շեշտ, որ նույն վայրկյանին հափշտակեց Լեոնիդի հավաար դեպի անծանոթը:

Շնորհակալ եմ, — արտասանեց նա, — բայց դուք ով եք, ներեցեք հարցնել:

Ես վիրավորներին խնամող կանանց կոմիտեի անդամուհիներից մեկն եմ: Հրամայեցեք, պատրաստ եմ ծառայելով

Շնորհակալ եմ, ինձ ոչինչ հարկավոր չէ:

Բայց ասում են, որ ամբողջ օրը դուք կերակուր չեք ընդունել:

Քաղց չեմ զգում ամենևին:

Չե՞ք ծխում:

Ոչ:

Շատ բարի: Թույլ տվեք նստել ձեզ մոտ, գուցե հարկավոր լինի իմ օգնությունը: Օ՛օ, ոչ, ես ձեզ չեմ ձանձրացնի իմ հարցերով պատերազմի մասին, ձեզ հանգստություն է հարկավոր:

Եվ անծանոթը նստեց սեղանի քով դրած աթոռի վրա:

Լեոնիդը զղջաց իր մերժման մասին, կարծելով որ դրանով վիրավորեց անծանոթին, որի հագուստից, դեմքից, ձևերից զգացվում էր, որ գթության քույրերից չէ և ոչ էլ մի հասարակ աղջիկ: Բայց իրավ որ նրան ոչինչ հարկավոր չէր: Ոչինչ, բացի մի հատիկ նամակից, որի բովանպակությունը կլանել էր նրա հոգին ու միտքը ամբողջովին: Ահ, չխնդրե՞լ, արդյոք, այդ աղջկան հանձն առնել նրա սրտի թարգմանը լինելու Իրինայի առջև: Նա այնքան պարզ ձևով է առաջարկում իր օգնությունը, նրա համակրելի ձայնի մեջ, նրա համեստ ու գունատ դեմքի վրա, նրա խոշոր, սև աչքերի խորքում այնքան անկեղծություն, այնքան կարեկցություն կա, որ հազիվ թե Լեոնիդը ծաղրելի թվա նրան իր զգացումներով դեպի Իրինան:

Օրիորդ, — որոշեց նա, վերջապես, երկար տատանվելուց հետո, — ես մի բան կկամենայի խնդրել, չգիտեմ որքան հարմար է:

Պարոն սպա, ձեր դրության մեջ ներելի չէ լինել չափազանց նրբատես: Հրամայեցեք:

Գիտեք, ես ուզում եմ մի նամակ գրել, շատ կարևոր է, բայց, ինչպես տեսնում եք, անկարող եմ:

Իսկույն, — ասաց օրիորդը և անմիջապես չքացավ: Երկու րոպե չանցած, նա վերադարձավ, բերելով թուղթ, գրիչ և թանաք:

Թելադրեցեք, ես պատրաստ եմ, — ասաց նա, նստելով իր տեղը:

Բայց Լեոնիդը, շնորհիվ իր համեստության, մի անգամ ևս տատանվեց:

Ներեցեք, օրիորդ: — ասաց նա, — դուք առաջին անգա՞մն եք ուրիշի համար նամակ գրում:

Պարոն սպա, այժմ դա սովորական մի բան է: Դեռ երեկ ես երկու նամակ գրեցի, մեկը մի կապիտանի համար իր ամուսնուն, մյուսը մի երիտասարդ պորուչիկի համար իր մորը...

Բայց իմ նամակը պիտի գրեք...

Մի անձի, որին սիրում եք, այնպես չէ՞, — լրացրեց սևաչյան, ժպտալով այնպիսի ժպիտով, որ միանգամայն քաջալերեց Լեոնիդին: — Թելադրեցե՛ք:

Դուք ինչի՞ց իմացաք այդ, — հարցրեց սպան, շառագունելով տասը տարեկան աշակերտի պես:

Ձեր տատանումներից ու շփոթությունից: Բայց երկար չխոսենք, դուք կարող եք հոգնել: Զբաղվենք նամակով: Ձեր սիրեցյալը նրան սպասում է այնպիսի տառապանքով, որ դուք երբեք, երբեք չէք կարող երևակայել...

Այս խոսքերն արտասանելիս օրիորդի ձայնը դողաց զգալի.

Ներեցեք, օրիորդ, — հետաքրքրվեց Լեոնիդը, — ինձ թվում է, որ դուք ևս...

Չեք սխալվում, պարոն սպա, ես ևս ձեր սիրեցյալի վիճակումն եմ: Ես հարսնացու եմ պահեստի մի պրապորշչիկի, որ նույնպես պատերազմի դաշտումն է: Դուք հեռու Հյուսիսից եկել եք կռվելու մի թշնամու դեմ, որ նախ և առաջ իմ ազգի թշնամին է, իսկ իմ նշանածը գնացել է հեռու հյուսիս կռվելու ձեր մյուս թշնամու դեմ, որ մեզ ևս մեծ չարիքներ է պատճառել: Բավական է, դուք հոգնեցիք, զբաղվենք նամակով:

Բայց, օրիորդ, ձեր խոսքերն ինձ այնքան հետաքրքրեցին, որ չեմ կարող ինձ զսպել: Թույլ տվեք ինձ հարցնել ի՞նչ է նշանակում «իմ ազգը», «դուք», «մենք»: Մի՞թե դուք ռուսուհի չեք:

Իբրև քաղաքացի ես ռուսուհի եմ, բայց ազգով ոչ:

Ուրեմն դուք ո՞վ եք:

Հայուհի:

Հայուհի , — գոչեց Լեոնիդը զարմացած, — բայց դուք այնքան ուղիղ և մաքուր եք խոսում ռուսերեն, որ ես չէի կարող երևակայել...

Պարոն սպա, ես ավարտել եմ գիմնազիան և երկու տարի բարձրագույն կուրսերի ուսանողուհի եմ եղել, ինչպե՞ս կկամենայիք, որ չկարողանայի ռուսերեն խոսել:

Եվ ձեր ազգի մեջ շա՛տ կան ձեզ նման օրիորդներՈւզում եմ ասել, ձեզ նման կրթվածներ:

Պարոն սպա, դուք չեք խնայում ձեզ:

Ոչ, դա շատ հետաքրքրական է, շատ:

Ինձ նմանները, պարոն սպա, շատ սովորական են մեր ազգի մեջ, անթիվ...

Լեոնիդը քանի մի վայրկյան լռեց, ապա նորից շառագունելով, ասաց.

Ներեցեք օրիորդ, ես մեղավոր եմ ձեր ազգի և ձեր երկրի առջև:

Ինչո՞վ, արդյոք:

Մանկությունից ես լսել եմ և մինչև այսօր հավատացած էի, որ Կովկասը մի վայրենի երկիր է և որ նրա ազգաբնակությունը գաղափար չունի լուսավորության մասին, իսկ կանայք...

Գրաստի դեր են կատարում, այնպես չէ , պարոն սպա: Թելադրեցեք ձեր նամակը: Անո՞ւնը ձեր հարսնացուի:

Իրինա:

Գեղեցիկ անուն է: Գրեցի. «Իրինա»:

Առանց որևէ ածականի՞, սիրելի կամ թանկագի՞ն:

Ես կավելացնեմ, բայց սերը, պարոն սպա, կարոտ չէ ածականների... Ես ավելացրի թանկագին: Շարունակեցեք:

Չնկարագրեմ արդյոք ձեր դրությունը:

Ոչ: Ես չեմ ուզում, որ նա իմանա, թե ես վիրավորված եմ, այն էլ այսպես:

Բայց նա կիմանա, միևնույնն է, քանի որ նամակը դուք չեք գրում:

Գրեցեք, որ աջ ձեռս մի փոքր վնասվել է միայն՝ ոչ գնդակից: Օ՛օ, Իրինան սարսափում է գնդակից այն օրից, երբ կարդացել է դում-դում գնդակի մասին:

Պարոն սպա, եթե ուզում եք, որ ձեր սիրեցյալը չտանջե իրան հազար ու մի ավելորդ ենթադրություններով, երբեք մի թաքցնեք նրանից ոչ մի ճշմարտություն, գիտեք, ոչ մի ճշմարտության, որքան ևս դառն լինի նա:

Ձեր նշանածը գրո՞ւմ է ամեն ինչ:

Գրում է և պիտի գրե:

Իսկ եթե չգրե:

Կգուշակեմ ինքս և ավելի վատ գույներով:

Բայց եթե ես գրեմ, որ ձեռս և ոտս ջարդվել են գնդակից, Իրինան կկարծեք որ ինձ պիտի անդամահատության ենթարկեն: Գիտեք, այդ ես սպառում եմ:

Թող կարծե, փույթ չէ:

Ուրեմն է ոչի՞նչ, եթե նա ինձ պատկերացնե անդամալույծ, այլանդակված:

Թող պատկերացնե:

Բայց պատկերը կսարսափեցնե , կզզվեցնե անգամ նրան:

Կսարսափեցնի, բայց չի զզվեցնի, եթե սիրում է ձեզ: ,

Ուրեմն, եթե ձեր նշանածը մի օր ձեզ ներկայանա, տերը մի արասցե, ձեռը կամ ոտը կտրած...

Պարոն սպա, ռուս աղջիկը գիտե սիրել, և մենք խեղճ հայուհիներս չենք, որ այդ մասին պիտի դասեր տանք նրան: Բայց ահա ինչ. մենք՝ հայուհիներս սիրում ենք շատ մեծ դժվարությամբ, իսկ երբ սիրում ենք, մոռանալը մեզ համար ավելի դժվար է, քան մինչև գերեզման տանջվելը մեր սիրեցյալի համար:

Գրեցեք, ինչպես կամենաք, ես կպատմեմ բոլորը: Եվ Լեոնիդը նկարագրեց այն ճակատամարտերը, որոնց մասնակցել էր, այն վերքերը, որ ստացել էր, և այն սոսկալի հետևանքը, որ կարող Էին ունենալ այդ վերքերը: Երբ բոլորը վերջացավ, նա ասաց.

Բայց մենք մոռացանք մի բան:

Ի՞նչ, — հարցրեց հայուհին:

Ավելացնել, որ ներկա նամակը իմ խոնարհ խնդրով բարեհաճեց գրել մի հայուհի, մի բարեսիրտ, բարեկիրթ, սևաչյա կովկասուհի... որ նա

Ներեցեք, պարոն սպա, — ընդհատեց օրիորդը գրիչը դնելով սեղանի վրա, — նամակն արդեն ստորագրված է ձեր անունով, իսկ այդ խոսքերն ես ավելացնել չեմ կարող:

Ինչո՞ւ:

Որովհետև դուք պարտավոր եք խնայել ձեր սիրեցյալի հանգստությունը:

Բայց չէ՞ որ նամակը դուք եք գրում, ոչ ես:

Ես ինձնից ավելացրել եմ, որ նամակը գրում է հիվանդանոցի բժիշկներից մկկը, և, տեսեք, դիտմամբ ձեռագիրս խոշորացրել եմ, որպեսզի ձեր հարսնացուն չիմանա, թե գրողը կին է:

Բայց չէ՞ որ այդ ևս ճշմարտություն է և շատ սովորական:

Այո, սովորական և բոլորովին անվտանգ, բայց ես համոզված եմ, որ դա նրան հազարապատիկ ավելի կտանջե, քան ձեր վերքերը:

Դուք խելացի եք: Խնդրեմ նամակը ծրարեք:

ՀԱՄԲԵՐԻՐ

Անցնում է կառքերի և օտոմոբիլների շարքը, պատերազմ մի առաջին զոհերին տեղափոխելով երկաթուղու կայարանից հիվանդանոցները: Ուժասպառ, արյունաքամ, վիրավորների գունատ ու մռայլ դեմքերի վրա կարդացվում են նրանց մարմնավոր տանջանքներն ու հոգեկան տառապանքները: Ոմանց աչքերը փակ են, և մահը, կարծես արդեն դրել է իր դրոշմը նրանց հողագույն ճակատների վրա:

Ամբոխը, մայթերի վրա շարեշար կանգնած, դիտում է հայրենիքի պաշտպաններին լուռ ու մունջ: Կանայք տխուր հառաչում են և իրենց տպավորությունները հաղորդում իրարու կիսաձայն: Կարծես երկնչում են խանգարել րոպեիս սրբազան խորհրդավորությունը: Ոմանք լալիս են անձայն:

Անցնում եմ մի հարուստ կազմակերպված հիվանդանոցի մոտով, որ գտնվում է քաղաքի ամենակուշտ արվարձանում: Հոյակապ շենքի առջև ժողովվել են մի քանի տասնյակ երիտասարդ և ծեր կանայք: Մի քանիսը եկել են իրենց փոքրիկ երեխաների հետ: Կանգնած են նրանք գլխակոր, անխոս, վշտահար՝ ինչպես սգավորներ, եկել են տեսնելու իրենց մերձավորներին:

Փառահեղ դռների առջև ցցվել են մի քանի հաղթանդամ ոստիկաններ ինչպես դրակոններ, սակայն տխուր» մտազբաղ, նրանք ոչ ոքի չեն թողնում, մեկին հրում են, մյուսին համոզում սպասելու, վասնզի «դեռ հրամայված չէ» ներս թողնելու: Մոտենում է դռներին մի օտոմոբիլ և կանգ առնում: Դուրս են գալիս նրա միջից շքեղ հագնված երկու տիկիններ, թե օրիորդներ, չգիտեմ: Ոստիկաններն իրենց մեծի նշանով բաց են անում դոները և պատկառանքով ճանապարհ տալիս եկածներին: Ուրախ-ուրախ խոսելով, նրանք բարձրանում են ընդարձակ մարմարյա սանդուղքով վեր, տանելով իրենց հետ ինչ-որ կապոցներ ու տուփեր:

Թողե՛ք, թողե՛ք, — գոչեց մի նիհար, երիտասարդ կին, վաղաժամ թառամած:

Մի ձեռով նա գրկած է ծծկեր մանկան, մյուս կռան տակ բռնած է մի կապոց:

Թողե՛ք, — կրկնում է նա, — ես պետք է տեսնեմ նրան: Ես նրան ճանաչեցի, իմ մարդուն, երբ կառքով բերում Էին: Նա թույլ էր, շատ թույլ: Ո՞վ գիտե, կարելի է... մեռնում էթողե՛ք

Քույրիկ, հրամայված չէ, սպասիր, — պնդում է ոստիկանը, աշխատելով իր բիրտ ձայնին տալ կարողացածին չափ մեղմություն:

Եվ դռները աղմուկով փակում է նրա առջև:

«Քույրիկն» արտասվում է, մի ձեռից մյուսն անցկացնելով ծծկեր երեխային, որ վիրավորի զավակն է: Եվ արտասուքը սրբում է իր գլխի հնամաշ շալի ծայրով:

Գալիս են դարձյալ կառքեր և օտոմոբիլներ և բերում են ինչ-որ առողջ ու կուշտ դեմքերով կանանց ու տղամարդկանց: Ամենքի առջև բացվում են դռները և ամենքը մարմարյա սանդուղքով բարձրանում են վեր:

Մի կառքից իջնում են երկու տակավին երիտասարդ պարոններ, մեկը կարմիր-կապտագույն ուռած դեմքով, մյուսը նիհար և այնպիսի հոգատար դեմքով, որ, կարծես, վիրավորներին խնամելու ամբողջ ծանրությունը նրա ուսերի վրա է: Նրանք ցույց են տալիս ոստիկանին մի-մի թղթի կեղտոտ կտոր այնպիսի ձևով, որ թվում է, թե առանց իրենց ներկայության աշխարհի երեսին չէ կարող կատարվել և ոչ մի մարդկային գործ և եթե կատարվի, անմիջապես կխորտակվի:

Դռներն իսկույն բացվում են նրանց առջև:

Ինչո՞ւ նրանց թողի՛ք, — հարցնում է ծծկեր մանկան մայրը:

Նրանք թղթակիցներ են, — պատասխանում է ոստիկաններից մեկը:

Երկու ժամ անցած՝ նորից անցնում են նույն հիվանդանոցի մոտով: Կողմնակի մարդիկ ցրվել են, մնացել են միայն վիրավորների մերձավորները:

Դռներից դուրս են գալիս և օտոմոբիլ նստում հագնված տիկինները և օրիորդները: Մեկը մյուսին ասում է.

Ես պարտքս կատարեցի, կարող եմ հանգիստ ճաշել:

Ես ևս, — պատասխանում է մյուսը:

Դռներից դուրս են գալիս թղթակիցները, մեկը նրանցից, ծոցը գնելով հուշատետրն ու մատիտը, ասում է մյուսին.

Եթե խմբագիրը չկրճատի, այսօրվա վաստակս կլինի տասնուհինգ ռուբլի:

Իմն էլ այդչափ, — պատասխանում է մյուսը:

Ծծկեր մանկան նիհար մայրը, արտասուքը աչքերին, հարյուրերորդ անգամ մոտենում է ոստիկանին ու հարցնում:

Հիմա թույլ կտա՞ք, որ նրան տեսնեմ:

Համբերիր

Նույն պահին դռները նորից բացվում են, և հիվանդանոցի ծառաները պատգարակի վրա դուրս են բերում վիրավորներից մեկին: Նրա աչքերը փակ են, դեմքը հանգիստ:

Մեռավ, — արտասանում է պատգարակը տանողներից մեկը թույլ ձայնով:

Ծծկեր մանկան նիհար մայրը նայում է պատգարակի վրա տարվողի երեսին, Լսվում է մի սուր, երկարատև ճիչ, և նա թուլացած ընկնում է երեխայի հոր դիակի վրա` երեխայի հետ միասին:

ՍՏԱԽՈՍԸ

Նրանք մտերիմ բարեկամներ Էին պատանեկան հասակից: Գուցե այն պատճաոտվ, որ նրանց խառնվածքները տրամագծորեն հակառակ Էին իրարու: Արտաշեսը սակավախոս էր, կարելի է ասել իսկի չէր խոսում, երբ անհրաժեշտը չէր ստիպում նրան խոսելու, Միսակը շատախոս էր, կարելի է ասելիսկի չէր լռում: Բացի դրանից, Արտաշեսը երբեք սուտ չէր ասում կամ, ճիշտն ասած, ծուլանում էր ասել, մինչդեռ Միսակի համար փչելը դարձել էր օրգանական պահանջ:

Հարկավ, Արտաշեսը վաղուց գիտեր իր ընկերոջ թերությունը և չէր հանդիմանում նրան: Ոչ երկյուղից կամ նրբազգացությունից, այլ միայն ծուլությունից, Չէ՞ օր պիտի խոսեր, մանավանդ գիտեր, որ Միսակի ստախոսությունը միանգամայն անմեղ է, առանց որևէ մեկին խաբելու, մոլորեցնելու կամ պարսավելու ցանկության: Բայց և այնպես, մի օր հարկավոր էր ճշմարտությունն ասել, և Արտաշեսն ասաց.

Գիտես, Միսակ, ես եկել եմ այն եզրակացության, որ դու մի քիչ ստախոս ես:

Ի՞նչ,

Այո՛, ստախոս ես:

Նկատողությունն այնքան անսպասելի էր, այնքան հանդուգն, որ Միսակն ապշեց: Ամբողջ մի րոպե նա, աչքերը լայն բաց արած նայեց ընկերող քթին, հետո կրծքին, այնուհետև ոտքերին, ապա նորեն քթին:

Երդվում եմ իմ մոր գերեզմանով, որ դու ցնորվել ես, — սկսեց նա, ձեռը զարնելով մարմարյա սեղանին սոսկալի թափով: Թուրքական սուրճի վաղուց պարպված գավաթներից մինն ընկավ հատակի վրա և փշրվեց:

Արտաշեսը ոչինչ չասաց, միայն բարեկամաբար ժպտաց:

Ես, ստախո՛ս, — շարունակեց Միսակը, գլխարկը ճակատից ետ մղելով՝ խոսքն ավելի ազդեցիկ դարձնելու համար, — ե՞ս, ե՞ս, Միսակ Մանուկյա՞նս: Ե՞ս, որ ճշմարտության համար հալածվել եմ, հալածվում եմ, մինչև գերեզման պիտի հալածվեմ մարդկությունից: Ե՞ս, ասա, ե՞ս

Արտաշեսը լուռ էր, ինչպես մի հրացան, ուր միայն մի փամփուշտ ուներ, արձակեց ու պրծավ:

Երդվում եմ պատվովս, — ավելի բորբոքվեց Միսակը, — որ դու կատակ ես անում և շատ հիմար կատակ: Հապա տեսնենք...

Եվ, գրպանից մի զմելի դուրս բերելով, շարունակեց.

Տեսնո՞ւմ ես այս դանակը: Դե՛հ, ասա, որ կատակ չէիր անում: Երդվի՛ր, և ևս իսկույն ևեթ սրանով փորս կպատռեմ, կտոր-կտոր կանեմ ինձ, կձգեմ շների առաջ: Այո՛, այո, թող նրանք կրծոտեն ինձ ինչպես սատկած ձիու կամ իշի, միևնույն է: Այո՛, այո, այդ ավելի լավ կլինի, քան հռչակվել ստախոս ու ապրել: Երդվի՛ր, ասա, կատակ չէիր անում..

Լա՛վ, երդվում եմ, որ կատակ չեմ անում, — չծուլացավ արտասանել Արտաշեսը:

Պատվո՞վդ:

Պատվովս:

Որ ես ստախո՞ս եմ:

Մի քիչ:

Այդ միևնույնն է, քիչ թե շատ, ուրեմն ստախոս եմ, այո՛, — շարունակեց Միսակը և զմելին, որով պիտի պատռեր իր փորը, ծալեց ու գրպանը դրեց: — Որ այդպե՞ս է, արի գրազ գանք: Ես մեջտեղ կդնեմ հիսուն ռուբլի, իսկ դու դիր հինգ ռուբլի: Մեզ ժամանակ կտամ մի ամիս, մի տարի, հինգ տարի, տասը, քսան, եթե դու մի անգամ ինձ բռնես սուտ ասողիս, կստանաս հիսուն ռուբլի, իսկ եթե չկարողանաս, ես քո հինգ ռուբլիով քեզ մի լավ կհարբեցնեմ ու հետո կողերդ կջարդեմ: Գալի՞ս է:

Գալիս է, — համաձայնվեց Արտաշեսն օձիքն ազատելու համար:

Նույն օրը երեկոյան նրանք հրավիրված էին մի ծանոթ ընտանիք թեյի: Որովհետև Միսակի երևակայությունն առանձնապես բորբոքվում էր կանանց ներկայությամբ՝ Արտաշեսն ասաց նրան.

Տես, Միսակ, զգույշ, որ գրազդ հենց այս երեկո տանուլ չտաս:

Ձայնդ կտրիր, անիրավ, — գոչեց Միսակը, — այսօր դու ինձ մի վերք տվեցիր, որ հավիտյանս հավիտենից չի բուժվիր ես, Միսակ Մանուկյանս, ստախոս, հա, հա, հա

***

Դժբախտաբար, այս անգամ գայթակղությունը բացառիկ եղավ: Միսակը հյուրընկալ ընտանիքում, բացի տանտիրուհու երկու երիտասարդ քույրերից, հանդիպեց մի գեղեցիկ տիկնոջ, որի հետ վաղուց փափագում էր ծանոթանալ... Եվ, հակառակի պես, այդ տիկինը մեծ ախորժակ ուներ ամեն տեսակ արկածներ լսելու: Իսկ Միսակը գիտեր այնպես ոգևորված, այնպես պատկերավոր պատմել, որ շատերը կամա-ակամա գրավվում էին: Նույնիսկ նրանք, որոնք կասկածով էին ընդունում նրա ասածները: Նույնիսկ ինքը՝ Միսակը, հաճախ հրապուրվելով իր բարձր բարիտոնային ձայնով, սկսում էր իր ստերին հավատալ:

Պատմելով իր և ուրիշների կյանքից մերթ տխուր, մերթ զվարճալի արկածներ, նա մի քանի անգամ փորձեց դիմել անզուսպ ֆանտազիայի օգնությանը, բայց ամեն անգամ հանդիպեց Արտաշեսի անտարբեր հայացքին ու լեզուն կծեց: Սակայն այդ երկար չտևեց, շուտով նա մոռացավ ամեն ինչ և կծիկի ծայրը բաց թողեց:

Следующая страница