Շիրվանզադե Ալեքսանդր՝   Պատմվածքներ, նովելներ, ֆելիետոններ

Գեղեցիկ տիկինը լսում էր նրան և մերթ ծիծաղում, մերթ զանազան բացականչություններով արտահայտում իր հրճվանքը, զայրույթը, ուրախությունը, սարսափը, նայելով Միսակի պատմածներին:

Երբ ընկերները, հրաժեշտ տալով, փողոց դուրս եկան, Միսակն արդեն շատ խոսելուց քրտնել էր: Այնուամենայնիվ, նա չհանգստացավ և տակավին ոգևորված: գոչեց.

Ահ՛ ի՞նչ հրաշալի երեկո անցկացրինք, Արտաշ... Արտաշը իր կոկորդից արձակեց ինչ-որ հնչյուն, որից ոչինչ չէր կարելի հասկանալ: Միսակը շարունակեց.

Տիկին Զարմարյանն ուղղակի սքանչելի է: Տեսա՞ր, ինչպես էր քրքջում, երբ ես պատմում էի ծիծաղելի դեպքեր: Ինչ մեղքս թաքցնեմ, երբ լսողը գեղեցիկ կին է, չկա ինձ համար ավելի բարձր հաճույք:

Իհարկե, — արտասանեց Արտաշեսը, բայց դու գրազդ տանուլ ես տվել:

Ինչպե՞ս:

Այ, այսպես: Տե՛ս:

Այս ասելով, Արտաշեսը բռնեց Միսակի թևից և նրան մոտեցրեց փողոցի էլեկտրական լապտերներից մեկին: Դուրս բերելով գրպանից իր հուշատետրը, բաց արավ և ասաց.

Կարդա՛:

Այդ ի՞նչ է:

Կարդա՞:

Միսակը կարդաց հուշատետրի մեջ:

«Իմ բարեկամ Միսակ Մանուկյանի երկու ժամվա մեջ ասած ստերը... :

Աղվե՛ս, աղվես, — գոչեց Միսակը, — դրա համա՞ր էիր անկյունում սուս ու փուս թազնել շան պես: Ապա տեսնենք ինչեր ես շարադրել: Օհո, օհո, սուտ է, սուտ է, ես չեմ ասել, թե Պարիզում ապրել եմ երկու տարի...

Ասացի՛ր:

Ես չեմ ասել, թե Մոսկվայի Ստրելնա գիշերային ճաշարանում մի գնչուհու համար մի գիշեր հինգ մարդ եմ ծեծել:

Ասացի՛ր:

Ես չեմ ասել, Մոսկվայի «Էրմիտաժ» ճաշարանում կոշիկիս կրունկով հազար ռուբլիանոց հայելի եմ ջարդ ու փշուր արել...

Ասացի՛ր:

Եվ քեզ էլ վկա՞ եմ բերել:

Այո՛:

Բայց սպասիր, այդ ի՞նչ ես դրել: Ես ասե՞լ եմ, որ Լենքորանի անտառներում երկու վագր և չորս վարազ եմ սպանել:

Այո՛, ասացիր ու ինձ էլ վկա բերեցիր: Միսակի ձեռքերը թուլացան:

Քրիստոսի առեք կերեքը վկա, — արտասանեց նա անկեղծորեն, — ամենևին չեմ հիշում, որ այդ բոլորն ասել եմ:

Արտաշեսը ծիծաղեց իր կարողության չափ, այսինքն՝ մի անգամ ու շատ կարճ փռթկաց:

Կեցցե՛սասաց նա, — վերջապես, կյանքումդ մի ճշմարիտ խոսք ասացիր...

ՀԱՅՐ ԱՆՈՓՐԻՈՍԻ ՎԻՇՏԸ

Գոհություն ամենաբարձրյալին, որ հոգևորականները պարտավոր չեն կռվի դաշտ գնալու, — ասաց իր մտքում 35 տարեկան առողջ, կայտառ վարդապետը, Էջմիածնի նախկին սան, միշտ ճառաբանող, միշտ լրագիրներում բանակռվող, միշտ ազատամիտ և ազատախոս Անոփրիոս հայր-սուրբը, երբ լրագիրներում կարդաց, թե ահեղ պատերազմի դաշտն են կանչվում բոլոր իր հասակակից երիտասարդները:

Չկարծեք թե նա երկչոտ էր կամ փոքրոգի: Ամենևին: Ընդհակառակը, տեղը եկած, նույնիսկ չեկած ժամանակ նա միշտ պաշտպանում էր կռվի գաղափարը «իբրև սրբության սրբոց» հանուն հալածյալների: Նա չէր վախենում շարունակ կրկնել.

Եթե մի օր հարկը պահանջե, կվերցնեմ մի ձեռս Քրիստոսի խաչը, մյուս ձեռս սուր, կընկնեմ կամավորների առաջ և կգնամ ազգիս թշնամիների դեմ:

Իսկ հայ-թուրքական ընդհարումների ժամանակ Անոփրիոս հայր-սուրբը երկու անգամ ձի նստեց և Վաղարշապատից Աշտարակ գնաց իմանալու, արդյոք այնտեղի հայերին կոտորած չի՞ սպառնում Դաղստանի կողմերից: Հետո երկաթուղով շտապեց Ալեքսանդրապոլ տեղեկանալու համար, արդյոք, տեղական ազգաբնակությանը արշավանք չի սպառնում Հնդկաստանից կամ Բելուջիստանից:

Եվ երբ իմացավ, որ թե այստեղ և թե այնտեղ իր սիրելի զավակներն ապահով են վտանգից, ինքը կռվեց տեղական տերտերների հետ: Այնուհետև մտնելով մայր աստվածածնա եկեղեցին, մի մեծ ռազմական և ռազմագիտական քարոզ ասաց: Ի միջի այլոց, նա արտասանեց հետևյալ նշանավոր խոսքերը, որ գեղագրության ուսուցիչ Ալթունբաշյանը անմիջապես հաղորդեց «Մարս» անունով լրագրին անկասկած ի գիտություն ապագա պատմագրի.

Հայ հոգևորականությունը միշտ հայ ժողովրդից անբաժան է եղել նրա վշտի և ուրախության օրերում: Մենք ենք փրկել ձեզ դարեր շարունակ փորձանքներից, մենք էլ կփրկենք այժմ և հավիտյանս հավիտենից:

Եվ «մենք» բառը նա արտասանեց այնպիսի աղաղակող ձայնով, որ ժամհարը քնից զարթնեց: Ժամերգությունից հետո երկու տիրացու «Մարս» լրագրի թղթակցի և տեղական առևտրական դպրոցի տասնումեկ աշակերտների հետ «Հսկայական մանիֆեստացիա» սարքեցին (այսպես էր գրված լրագրում) նրա համար եկեղեցու զավթում:

Իսկ երեկոյան հայտնի մսավաճառ Սիրական Շորշոփյանը նրան հրավիրեց ընթրիքի, ասելով իր կնոջը.

Ես սիրում եմ դանակը փառաբանող հոգևորականներին, մանավանդ, երբ նրանք Անոփրիոս հայր-սրբի պես առողջ են, կարմրաթուշ և բավական հաստամարմին: Նրանք ինձ հիշեցնում են իմ օրհնյալ արհեստը...

Վերադառնալով Էջմիածին, հայր Անոփրիոսը. պատմեց իր պաշտոնակիցներին, թե ինչպես հայ ժողովուրդը սարսափի մեջ էր, և թե ինքն իր ոգևորիչ քարոզներով քաջալերեց նրան և բարձրացրեց նրա մեջ քաջն Վարդան Մամիկոնյանի ոգին:

Գոհություն ամենաբարձրյալին, — կրկնեց Անոփրիոսը հայր-սուրբը, երբ, լրագիրը մի կողմ ձգելով, մոտեցավ իր սենյակի պատի վրա կախած հայելուն, որի վրա սիրահարված էր մանավանդ այն օրից, երբ լսել էր, որ ալյուրավաճառ Մատթևոս Բաբուլյանի կթղակից հաստամարմին Գյուլնիզարը նրան համարում է «շատ գեղեցիկ տղամարդ»:

Նա հիացմամբ նայեց իր առողջ թշերին, որոնք կարծես ալիզարինով ներկած լինեին նայեց խոշոր, վառվռուն աչքերին, շփեց սաթի պես սև և ավելի պես կոշտ միրուքը և երրորդ անգամ մտքում արտասանեց.

Գոհություն ամենաբարձրյալին, որ հոգևորական են, ապա թե ոչ այս աստվածային հրաշափառ պատկերը պիտի սրի կամ կրակի կերակուր դառնալ:

Եվ այդպես ինքն իրեն հանգստացնելով պատվարժան հայր-սուրբը կանչեց ծառայիս և հրամայեց պատրաստել տաճկական սուրճ, որ ամեն օր խմում էր ոչ պակաս, քան հինգ գավաթ:

Սակայն ավա՛ղ, հոգեկան անդորրությունը աստվածային, հարատև պարգևներից չէ նույնիսկ ամենաառաքինի հոգևոր հայրերի համար:

Շուտով հայր Անոփրիոսը դարձյալ լրագիրներից իմացավ, որ պատերազմը գոհ է պահանջում ոչ միայն կռվի դաշտը գնացողներից, այլև նրանցից, որոնք հանգիստ նստած են իրենց տներում, թեկուզ տունը վարդապետի համեստ խուցը չինի: Այդ անիրավ լրագիրները շարունակ պնդում են, թե պետք է նյութական զոհաբերություն անել հօգուտ պատերազմ գնացած զինվորների ընտանիքների, նաև հօգուտ վիրավորյալների:

Արդյոք գիտե՞ն մարդիկ, — մտածեց հայր Անսփրիոսը, — որ ես, մեղավորս, ունիմ մի քանի չնչին բանկային տոմսեր արժողությամբ 18.385 ռուբլու, վաստակած հաջորդության ժամանակ:

Նա մտածեց, մտածեց և գտավ, որ, համենայն դեպս, իր պաշտոնակիցներից ոմանց հայտնի է գաղտնիքը: Հայտնի է նաև, որ ինքը մի չոր գլուխ է, չունի ոչ մերձավոր և ոչ հեռավոր ազգականներ, որոնց կտակեր այդ աննշան հոգեպահուստը:

Եվ մի հերոսական ճիգն անելով, որոշեց մյուս օրն ևեթ փոստով ուղարկել «Մարս» լրագրի խմբագրությանը 3 ռուբլու հոգուտ վիրավորյալների: Դրամի հետ նա ուղարկեց և չորս մեծադիր էջերից բաղկացած մի հոդված, ուր նա փառաբանում էր «ազգերի սրբազան պատերազմը» և այնուհետև կոչ անում իր պաշտոնակիցներին, որ նրանք էլ զոհեն իրենց լուման...

«Մարս» լրագիրը շտապեց ստանալուն պես տպագրել հայր Անոփրիոսի հոդվածը, վասնզի առաջինը՝ այնտեղ մի քանի գովասանական խոսքեր կային իր հասցեին, երկրորդը՝ հեղինակին տողավարձ չպիտի տար:

Ազատվելով այդ պարտքից էլ, հայր Անոփրիոսը դարձյալ հանգստացավ:

Բայց, կրկնում եմ, հոգեկան անդորրությունը աստվածային հարատև պարգևներից չէ:

Մի քանի օր անցած՝ հայր Անոփրիոսն իմացավ կրկին այդ անիրավ լրագիրներից, որ պատերազմը մեծ ազդեցություն ունի բոլոր տեսակի բանկային թղթերի հետևաբար և իր տոմսերի արժեքի վրա:

Այդ օրից նա դադարեց հետաքրքրվել լրագիրների մյուս բոլոր բաժիններով գոնե այնչափ, որչափ առաջ և իր ամբողջ ուշ ու միտքը նվիրեց բորսային և ֆինանսական բաժնին:

Մի օր նա հաշվեց և տեսավ, որ իր թղթերի արժեքն ընկել է այնչափ, որ նա կորցնում է մոտ 75 ռուբլի, հետո 120 ռուբլի, հետո 180 ռուբլի և այլն:

Նա սարսափեց և սկսեց այնպես անիծել Վիլհելմ Հոհենցուլերնին, որպես ոչ մի մարդ աշխարհի երեսին գետ չէր անիծել և չպիտի անիծեր:

Այժմ Անոփրիոս հայր-սուրբը առավոտները զարթնում է թե չէ, աղերսում է ամենաբարձրյալին, որ մի կերպ վերչ տա կորստաբեր պատերազմին, քանի որ ինքը չի սնանկացել

Եվ օր-օրի վրա նրա կարմիր թշերը գունատվում են և վիզը բարակում:

ՄԱՐՋԱՆԸ

Ես հիշում եմ այդ զարմանալի կնոջը, ինչպես այսօրվա օրը:

Մանուկ էի, ճշմսրիտ է հազիվ տասնևերեք տարեկան, բայց չէ որ որքան մանուկ է մեր հիշողությունը, այնքան խորն են տպավորվում նրա մեջ խոշոր անցքերը: Մանավանդ այնպիսի մի բացառիկ, գրեթե եզակի մի եղելություն, որպիսին է այն, ինչ որ պիտի պատմեմ:

Իսկն ասած՝ Մարջանը մի հասարակ կին էր, անկիրթ, անգրագետ և աղքատ ծնողների անկիրթ և անգրագետ զավակ: Մեկը գռեհիկ ժողովրդի այն թշվառ էակներից, որոնք ծնվելով խավարի, կարիքի և ասիական բռնակալության գրկում մինչև մահ մնում են խավար, որպես մութ անտառների խորքերում աճող խոնավ բույսեր, որ երբեք չեն տեսնում արևի լույս:

Բայց քմահաճ ճակատագիրը, որ սիրում է երբեմն տարօրինակ խաղեր խաղալ, այնպես էր սահմանել, որ անհայտ ծնողների այդ անհայտ զավակը դառնա մի ամբողջ քաղաքի և նրա ընդարձակ շրջակայքի սարսափի և համակրանքի, անեծքի և հիացմունքի, ատելության և սիրո առարկան:

Եթե կամենաք՝ մի հերոսուհի, որի շուրջը կարճ միջոցում ստեղծվել էին կատարյալ առասպելներ: Որի անունով մայրերը սարսափեցնում էին իրենց անհնազանդ երեխաներին, կանայք սպառնում էին իրենց ամուսիններին և աղջիկները վախեցնում իրենց ծնողներին: Մի կին, որի կարճատև կյանքը առեղծված էր ինձ համար այն ժամանակ և առեղծված է այժմ, քառասուն տարի անցնելուց հետո:

Արդարև, ինչո՞ւ այդ երիտասարդ կինը, որի գեղեցկությունը հիացնում էր ամենքին, ցերեկները կին էր, ինչպես իր շրջանի և իր դիրքի բոլոր կանայք, համեստ, ամոթխած, տնարար, աշխատասեր, իսկ գիշերները՝ տղամարդ: Եվ ի՞նչ տղամարդ: Կատարյալ մի ավազակապետ, զինված մինչև կոկորդը, սև յափունջին ուսերին, սպիտակ երկայն ամազ շուլլահին գլխին և հրացանը ձեռքին: Շրջապատված իր նման զինված մի քանի մարդերով, որոնք միշտ խոնարհվում էին նրա առջև երկյուղով, պատկառանքով և ակնածությամբ:

Աստված իմ, ինչե՞ր չէին պատմում նրա անցյալի մասին: Իբրև թե Մարջանն իրոք հայուհի չէ և ոչ քրիստոնյա, իբր թե նրա մայրը, որ շատ գեղեցիկ կին է եղել երիտասարդ հասակում, մի օր ընկել է լեզգիների ձեռքը, սրան տսրել են Դաղստան և նվիրել Իմամ Շամիլին, և ահա Մարջանն այդ արկածի պտուղն է: Ասում էին նաև, որ Մարջանն իսկապես կանացի արգանդի բերք չէ, այլ, ով գիտե մի չար դևի և մի կատաղած բորենու խառնության արդյունք, որին մի գիշեր մի աներևույթ ձեռք գցել է նրա հիվանդ մոր անկողինը:

Պատմում էին նաև... Բայց ո՞ր մեկն ասեմ: Սակայն այս բոլոր առասպելների մեջ կա մեկը, որ այսօր ինձ հավանական է թվում:

Ահա ինչ: Տասնևյոթ տարեկան հասակում Մարջանը լուսամուտից, կտուրից թե դռների արանքից տեսնում է տեղական տաքարյուն, կռվասեր երիտասարդներից մեկին շատ հավանում: Այնուհետև գիշեր-ցերեկ այդ երիտասարդի կերպարանքը հալածում է դեռահաս աղջկան, օր-օրի վրա ավելի ու ավելի գրգռելով նրա վառվռուն երևակայությունը: Վերջապես նա որոշում է երիտասարդի ուշադրությունը գրավել և հաջողվում է իր բարեհամբույր ժպիտներով ոչ միայն գրավել, այլև հափշտակել:

Տեղի են ունենում գաղտնի տեսակցություններ գիշերները հարևան կտուրների վրա: Ծնողներն այդ բանին անտեղյակ Մարջանին նշանում են Մարտիրոս անունով մի շրջիկ առևտրականի հետ, որ հաճախ բացակայում էր քաղաքից: Մարջանը շատ է հակառակում, շատ է դիմագրում, ծնողները համառում են: Վերջապես նա համարձակվում է հայտնել, թե սիրում է մի ուրիշին և արդեն նրան է պատկանում: Ոչինչ չի օգնում:

Մարջանին տալիս են Մարտիրոսին: Բացի բուն, նշանակությամբ «տալիս են», վասնզի հարսնացուն առաջին անգամ եկեղեցու սեղանի առջև երեսքողի տակից տեսնելով Մարտիրոսի շեկ մազերը, ցցված դեմքը, ճաղատ գլուխը, զգալով նրա կոշտ ու կոպիտ ձեռքի խոնավությունը՝ փորձում է փախչել: Նրան բռնում են ու ուժով հանձնում փեսային: Պսակադրությունը կատարվում է, և մյուս օրն իսկ Մարջանն ասում է իր մորը.

Շատ լավ, դուք ինձ անբախտացրիք, չոլախով կուտեք ձեր եփած փլավը:

Մայրը վախեցած հարցնում է,

Ի՞նչ պիտի անես: Մարջանը պատասխանում է.

Ես պիտի բոլոր ինձ նման անբախտների վրեժը առնեմ ձեզ նման ծնողներից: Ես պիտի ցույց տամ, որ աղջիկը ձի չէ, ոչխար չէ, այծ չէ, որ ում ուզենաք ծախեք և ով ուզենա առնի: Ամենից առաջ այդ քաչալ Մարտիրոսը կզգա իմ ուժը:

Սակայն մի ամբողջ տարի, թե ավելի, Մարջանը ոչինչ չի ձեռնարկում: Ծնողները հանգստանամ են, կարծելով, որ նա արդեն հաշտվել է իր վիճակի հետ, բայց մի երեկո, երբ Մարտիրոսն առևտրական գործերով գնացած է լինում Գեբրենտ, Մարջանը հագնում է տղամարդու հագուստ, զինվում է վաղուց արդեն ձեռք բերված զենքով և դուրս է գալիս փողոց: Նա գնում է իր սիրածին փնտրելու և գտնում է քաղաքի գինետներից մեկում:

Դավիթ, եթե ինձ սիրում ես առաջվա պես, այսուհետև ես քոնն եմ:

Երիտասարդն ուրախանում է, զարմանում և հարցնում.

Ուրեմն ինչպե՞ս:

Էէ մի՛ հարցնի, քոնն եմ, պրծավ գնաց:

Մարդ՞դ:

Կորել է ինձ համար:

Ծնողնե՞րդ:

Ով ինձ արգելե քոնը լինել, գլուխը սխտորի պես կթռցնեմ, այ սրանով, կամ փորը ծխով կլցնեմ, այ սրանով:

Եվ այդ ասելիս Մարջանը ետ է քաշում յափունջիի փեշերը ու ձեռով զարկում նախ փոքրիկ դաշույնին, ապա ատրճանակին:

Ո՞վ է տվել քեզ այդ զենքը:

Ես ինքս եմ առել:

Ուրեմն մենք այսուհետև ավազակներ ենք, — գոչում է Դավիթը, հիանալով Մարջանի հանդգնությունից:

Հասկացիր՝ ինչպես ուզում ես:

Շատ լավ, քանի որ դու կնիկ տեղովդ այդքան քաջ ես, ես էլ գդակս ցեխի մեջ չեմ գցի: Դու իմն ես, ես էլ քոնը:

Մինչ ե՞րբ:

Մինչև գերեզման:

Երդվի՛ր:

Երդվում եմ քո արևով:

Տես, իմ արևը հիմա թանկ արժե: Եթե մի օր ինձ մոռանաս, կտոր-կտոր կանեմ քեզ և շներին կշպրտեմ:

Արա, եթե մոռանամ:

Մի բան էլ ասեմ:

Ասա:

Ինչ որ անեմ, չպիտի հակառակես:

Լավ:

Ոչ էլ քո ընկերները:

Օհ էէ իմ՞ ընկերները:

Ամենքդ պիտի օգնեք ինձ:

Ամենքս:

Շատ լավ: Հիմա կարող ես ինձ մի պինդ գրկել ու մի լավ համբուրել: Գիտեմ, որ կարոտել ես: Այդպես: Մեկ էլ: Այդպես: Հողս քաչալ Մարտիրոսի գլխին: Գինի բերել տուր:

Ահա այդ խորհրդավոր գիշերից սկսվում են Մարջանի արկածները:

Նախ և առաջ նա մի գիշեր, Դավթի օգնությամբ, հարձակվում է այն միջնորդ կնոջ տան վրա, որ առաջին խնամախոսն էր եղել Մարջանին Մարտիրոսի հետ նշանելու համար: Բռնում է կնոջն իր մարդու հետ, քաշում, տանում է հավաբուն: Այնտեղ մարդու ոտքերն ու ձեռքերը կապում է, հետո միջնորդ կնոջ մազերը մի քանի անգամ քաշքշելուց հետո փաթաթում է մարդու ոտքերին ու ասում.

Դե, եթե լավ բան է, որ կնիկը մարդու եսիրը լինի, մինչև լույս լզիր մարդուդ ոտների տակը:

Այնուհետև նա մի գիշեր գողանում է անկողնուց իր հորը: Աչքերը կապում է թաշկինակով, տանում է գինետուն և իր ընկերներին հրամայում, որ նրան մի լավ արբեցնեն: Խեղճ մարդը շուրջը նայելով՝ սարսափում է այդ զինված երիտասարդներից: Բայց շուտով նրան մինչև անզգայություն արբեցնում են ու լուսաբացին տանում -հանձնում իր կնոջը:

Մյուս օրը Մարջանը հետևյալ լուրն է ուղարկում իր մորը.

Ասա մարդուդ, եթե իմ սիրելի քրոջը՝ Մարթային տա չսիրած մարդու, ավելի վատ օյին կբերեմ նրա գլխին:

Մի ուրիշ անգամ իր խմբի հետ մտնում է մի այրի ու ծեր խանութպանի տուն ու գոռում.

Անիրավ: Դու աստված չունե՞ս, որ ուզում ես պսակվել մի աղջկա հետ, որ քեզանից քառասուն տարով ջահել է:

Եվ բռնելով խանութպանին՝ քաշ է տալիս առաստաղից գլուխն ի վեր: Ամբողջ գիշեր և ամբողջ օր մարդը մնում է այդ դրության մեջ, մինչև որ հարևանները գալիս են ու ազատում նրան: Նույն օրն իսկ նա հրաժարվում է իր հարսնացուից: Եվ նույն օրը հարսնացուն վազում է Մարջանի մոտ և ուրախության ու շնորհակալության արցունքն աչքերին՝ համբուրում է նրա ձեռքերը:

Ասում էին, որ Մարջանը կողոպուտով չի պարապում: Եվ ոչ ոք չէր վիճում այդ մասին: Պատմում էին, որ մի օր նրա ընկերներից մեկը ակնարկում է, թե վատ չէր լինի մի քիչ «կթել» հարուստներին, Մարջանը կատաղում է ու գոռում.

Գողություն անողները վախկոտներն են: Մեր սուրը չպիտի ապականենք փողի համար:

Ասում էին նաև, որ Մարջանը միայն Դավթի համար է դավաճանում իր օրինական մարդուն: Այդ մասին էլ ոչ ոք չէր վիճում: Ամբողջ քաղաքն էր խոսում, որ մի անգամ մի հարուստ և երիտասարդ կալվածատեր, հույսը դնելով իր բազմաթիվ ծառաների վրա, հանդգնում է Մարջանին մի ստոր առաջարկություն անել: Մարջանը չի կատաղում, չի վրդովվում անգամ: Նա միայն ասում է.

Խոսքդ միտդ պահիր:

Երեք օր անցած նա մի երեկո, նախքան ընկերներին հայտնելը, մեն-մենակ դիմում է դեպի կալվածատիրոջ տունը և դռները ծեծում: Դուրս է գալիս ծառաներից մեկը: Մարջանը հրամայում է նրան դուրս կանչել իր տիրոջը, ասելով, որ ինքը անհամբեր սպասում է նրան: Կալվածատերն ուրախ-ուրախ դուրս է գալիս փողոց, կարծելով, որ Մարջանը եկել է նրան իր մոտ հրավիրելու:

Մարջանը առանց մի խոսք ասելու դուրս է բերում յափունջիի տակից մի մտրակ և սկսում է նրանով ծեծել կալվածատիրոջը, զարկելով երեսին, գլխին ու ուսերին: Անմիջապես վազում են ծառաները իրենց տիրոջ գոռոցների վրա, Մարջանը մտրակը դնելով արծաթյա քամարի սոսկ, մերկացնում է դաշույնը, երկուսին վիրավորում: Մնացյալները իմանալով նրա ով լինելը, փախչում են սարսափահար:

Այդ դեպքից հետո խայտառակված կալվածատերը տնից դուրս չի գալիս:

Բնական է հետաքրքրվել, թե ինչպես էր վերաբերվում Մարտիրոսը իր օրինական կողակցի այդ արարքներին, որ հիմնիվեր քանդում էին տեղական ավանդությունները և մի տեսակ անիշխանություն ձգում կանանց շրջանը:

Մեր տունն այցելող կանայք, որոնց թվում կային և Մարջանի-ազգականներից, ասում էին, որ Մարտիրոսի կյանքը կյանք չէ, այլ դժոխք, որ խեղճ մարդը, տապակվում է իր եղի մեջ:

Աննամուս է, աննամուս է, — գռռաց մի անգամ հայրս, որ չէր կարող երևակայել, թե ինչպես մի տղամարդ դիմանում է այդքան խայտառակությունների և դաշույնը չի խրում անառակ կնոջ սրտի մեջ:

Էէ՛, — ասաց մի պառավ կին, հինգ անգամ իրարու վրա իր լայն պնչերով ներս քաշելով քթախոտի փոշին, — մեկտեղ որ վախ կա, նամուսն ի՞նչ անի:

Այսպես թե այնպես քաղաքը Մարտիրոսին և ծաղրում էր, և արհամարհում, և մասամբ կարեկցում:

Ես մերթ ընդ մերթ տեսնում էի նրան, երբ քաղաքումն էի: Նրա հողային տափարակ կտուրով տնակը, որ բաղկացած էր երկու անշուք սենյակներից, կիսախարխուլ խոհանոցը թոնրատնից և հավաբնից, գտնվում էր մեր ուսումնարանի դեմուդեմ, երկայն, նեղ և հազար ու մի աղտեղություններով լի ձորի մյուս կողմը, օր չգիտեմ, ինչ անունով փողոց անունն էր կրում:

Դա միջահասակ մի մարդ էր մոտ քառասունևհինգ տարեկան, բավական ճերմակ քունքերով և շեկ, գրեթե կարմիր բեղերով: Նրա պարզ գույնի աչքերը, կլոր փափախի տակից, նայում էին շուրջը մի տեսակ կասկածով, նախանձով և չկամությամբ: Անձամբ նրա դեմքն ինձ թվում էր այնքան անախորժ, որ հանդիպելիս անգիտակցաբար երեսս դարձնում էի նրանից: Նա ինքն էլ խուսափում էր մարդկանցից, նույնիսկ մեր՝ մանուկներիս հայացքներից: Եվ ես կարծում էի, որ մենք նրան պակաս ամոթ չենք ներշնչում, քան մեր մեծերը: Կարող եմ ասել նույնիսկ, որ նա մեզանից վախենում էր անգամ: Թե ինչու, այժմ եմ հասկանում: Ոչինչ այնքան սարսափելի չէ ընդհանուրի ծաղրին ու ծիծաղին արժանացած մարդու համար, որքան մանուկների հալածանքը փողոցներում: Եվ վայ նրան, ով այդ հալածանքի առարկան է դարձել մի անգամ: Նրա ճակատագիրն արդեն որոշված է, նա կամ պիտի փախչի ուրիշ երկիր, կամ փակվի իր տանն առմիշտ:

Ես գիտեմ դեպքեր, երբ մարդիկ մանուկների փողոցային հալածանքից գրգռված՝ սպանություններ են գործել կամ խելագարվել:

Այնքան իսկապես չար են և անգութ այդ փոքրիկ արարածները, որոնց մենք սովոր ենք անմեղ համարել:

Մենք Մարտիրոսին չէինք հալածում, ոչ այն պատճառով, որ մենք իբր թե ուրիշ մանուկներից բարի էինք կամ խելոք: Ոչ, մեր մեջ կային սրիկաներ, որ քարերով ձիավորների էին ստիպում փախչել, քիթ ու պռունկը ջարդոտելուց հետո: Բանն այն է, որ մեզ համար Մարտիրոսի գրությունը միանգամայն հասկանալի էր, անօրինակ: Մենք չգիտեինք՝ պետք է աղրել նրան, որ այնպիսի «անպատկառ» կին ունի, ինչպես ասում էին մեր մայրերը, թե՞ պետք է համարել նրան մի վերին աստիճանի հեզահամբույր և խեղճ քրիստոնյա: Չգիտեինք նույնիսկ՝ հարկավոր է Մարջանին ատել, թե՞ սիրել, ճշմարիտ է մեր մայրերը նրան անվանում էին «անպատկառ», «աննամուս», մինչև անգամ «անառակ» և այլն, և այլն, բայց զգում էինք, որ նրանք իրոք նախանձում էին նրան, որ ինքն իր ուժով իր համար ազատություն է ձեռք բերել: Ես ինքս շատ անգամ եմ լսել մեր հարևան կանանցից իրարու մեջ խոսելիս.

Ապրի Մարջանի, ինչպես որ ապրում է: Նա կյանք է վայելում, աշխարհի բերանը պատռում: Մենք ի՞նչ ենք, տան հավեր, կատուներ ու շներ, որ մի փոր հացի համար օրը մինչև երեկո կնձկնձում ենք:

Ես տեսնում էի Մարջանին գրեթե ամեն օր մեր ուսումնարանի պատշգամբից: Տեսնում էի նրան մերթ հավերիս կուտ տալիս, մերթ բակն ավլելիս, մերթ տնակի կտուրը ձյունից մաքրելիս: Նա ծառա կամ աղախին չուներ, ուստի տան բոլոր աշխատանքները կատարում էր ինքը, ինչպես իր շրջանի բոլոր կանայք:

Ցերեկվա այդ սովորական կինը մութն ընկնելուց հետո դառնում էր քաղաքի ահն ու սարսափը:

Տեսել եմ նրան երեկոները մի քանի անգամ, բավական բարձրահասակ էր նա, ուռած կրծքով, թղթի պես ճերմակ կոկորդով, սաթի պես սև, խոշոր աչքերով, որոնց մի քիչ ուռած կոպերը նրա կանացի գեղեցկությանը տալիս էին առնական հպարտություն: Ինչպե՞ս էր սազում սպիտակ շուլլահին նրա սևաթույր թանձր ու գանգուր մազերին, որոնց անհնազանդ գիսակները արձակվում էին նրա լիք-լիք վարդագույն այտերի վրա: Ինչպե՞ս էր սազում նրա հաստլիկ, հեշտասեր շրթունքներին ու գեղեցիկ փղոսկրյա ատամներին:

Հիշում եմ, մի երեկո ես հորաքրոջս մեր տնից իր տունն ուղեկցելուց հետո՝ լապտերը ձեռքիս վերադառնում էի վախվախելով: Մարջանը կանգնած էր մեր փողոցի անկյունում, շրջապատված իր ընկերներով. Գլուխը բարձր պահած, մի ոտն ուղիղ, մյուսը թեք դրած, ձախ ձեռը հենած հրացանի խողովակին, աջը դաշույնի դաստակին, նա լսում էր իր ընկերներից մեկի ինչ-որ պատմությունը:

Մանկական հետաքրքրությունը, որ համեստությունն ու երկյուղը մոռացնելու չափ զորեղ է, գրգեց ինձ մոտենալ Մարջանին, նրա կերպարանքն ավելի լավ տեսնելու համար: Ես համարձակվեցի մինչև անգամ լապտերս բարձրացնել գլխիցս վեր և նրա լույսը ձգել Մարջանի երեսի վրա: Սկզբում ես ոչ ոքի ուշադրությունը չգրավեցի: Բայց երբ լապտերիս լույսը խտղտեց Մարջանի աչքերը, նա ծիծաղելով ասաց.

Տղա, այդ ի՞նչ ես անում:

Նրա ձայնը կրծքային էր, կես-առնական, խրոխտ, բայց ոչ կոպիտ և ոչ երկյուղալի:

Այնուամենայնիվ ես վախեցա և, հայդա, փախա:

Բռնեցեք ավազակին, — գոչեց Մարջանն ավելի բարձր ծիծաղելով:

Ոտքերս երկյուղից թուլացան, և, ինձ բռնելով, տարեցին Մարջանի մոտ:

Ադա, դու ո՞ւմ տղեն ես, — հարցրեց նա, մի քիչ թեքվելով դեպի ինձ:

Ես կակազելով ասացի հորս անունը:

Հաա՛, ճանաչում եմ հորդ: Նա լավ մարդ է: Բայց ասա նրան, որ մորդ լավ պահե: Գնա:

Ես մի շնչով վազեցի մինչև տուն և գոռալով ու հևալով՝ անցքը պատմեցի տատիս: Նա կատաղեց և իր ճերմակ գիսակները երկու ձեռքերով երեսից ետ քաշելով, ինչպես սովոր էր անել կատաղության պահին, գոչեց.

Շուն շան աղջիկ, ինչպե՞ս է համարձակվել քեզ այդպիսի բան ասել: Ես կգնամ այդ լրբի մազերը կքանդեմ:

Եվ, իրավ, տատս կգնար, եթե մայրս նրան չհանգստացներ: Պետք է ասել, որ տատս ամբողջ քաղաքում միակն էր, որ բանի տեղ չէր դնում Մարջանի քաջությունները և միշտ արհամարհանքով էր խոսում նրա մասին: Նա էլ հայտնի էր իր եզակի բնույթով և անօրինակ քաջությամբ, նա էլ ուներ իր պատմությունը, որ ես մի օր կպատմեմ:

Մյուս օրը ես հպարտությամբ ասացի իմ դասընկերներին.

Գիտե՞ք, երեկ երեկո ես Մարջանի հետ խոսեցի: Ամենքն ինձ նախանձեցին, երբ պատմեցի եղելությունը, մի քիչ ուռցնելով նրան

Ա՛հ, այն ինչ տեսարան էր, երբ վերջին անգամ տեսա Մարջանին:

Չեմ հիշում գարուն էր, թե աշուն, բայց մեկն էր ախորժելի արեգակնային պայծառ առավոտներից, երբ կյանքը մի առանձին հրապույր էր ներշնչում:

Չգիտեմ ինչ պատճառով ես ուշացել էի տանը և շնչասպառ վազում էի ուսումնարան, որ պատժից խուսափեմ: Կարծում էի, որ առաջին դասը վաղուց է սկսվել, և մեր դաժան ուսուցիչ Մամոզովը արդեն մի քանի անգամ փորձել է իր սոսկալի քանոնի սուր կողմը ընկերներիս մեջքի վրա: Բայց որքան եղավ իմ զարմանքը, երբ դպրոց մտնելով, նստարանները դատարկ տեսա: Ոչ միայն մեր, այլ բոլոր դասարաններում: Ես վազեցի փողոց և Մարջանի տան առջև տեսա մի բավական մեծ բազմություն՝ բաղկացած մեծ մասամբ մեր դպրոցի աշակերտներից:

Ի՞նչ է պատահել, — հարցրեցի ես առաջին պատահողին:

Գնա ներս, կիմանաս:

Ես, ամբոխը աջ ու ձախ արմունկներովս հրելով և ինքս էլ մի քանի բռունցքի հարվածներ ստանալով, մտա ներս և ինչ տեսնեմ:

Մարջանը պառկած էր ուղիղ գետնի վրա, պատի տակ և ծանր հառաչում էր ու տնքտնքում: Նրա երեսը ծածկված էր արյունով: Նրա պսպղուն աչքերը պտտում էին իրենց շրջանակների մեջ ինչպես ածուխի երկու շիկացած կտորներ:

Նրա գլխի վերև, պատին քաշ էր արած մի լայն և եբրկայն դաշույն, որից թարմ արյուն էր կաթում: Սենյակի անպաստառ պատերը, հատակի վրա սփռած դեղնագույն խսիրները, շեմքը, պատշգամբը, նույնիսկ բակը ծածկված էին արյան խոշոր կաթիլներով:

Նա չի ապրի, — շշնջաց մեկը իմ ետևում մյուսի ականջին, — անաստվածը կտոր-կտոր է արել նրան:

Շատ լավ է արել:

Վերջապես ներկա եղողների կցկտուր պատմածներից իմացա ինչ է պատահել:

Ահա եղելությունը, որ հետո պարզվեց բոլոր մանրամասներով: Նախընթաց երեկո Մարտիրոսը չգիտեմ որ քաղաքից թե գյուղից ձիով վերադառնում է և Մարջանին տանը չի տեսնում: Իհարկե նա գուշակում է, թե որտեղ է կինը և ում հետ: Գալիս են նրա քույրերը, որ վաղուց, արդեն կատաղած էին Մարջանի դեմ և մի անգամ ևս նախատում իրենց եղբորը, որ վերջ չի տալիս իր խայտառակությանը: Մեկը մինչև անգամ աննամուս է անվանում Մարտիրոսին: Առևտրական ինչ-որ անհաջողությունից հուսահատված, ճանապարհից ձանձրացած, իր անարգ վիճակից ուժասպառ մարդը՝ վերջապես վճռում է մի կերպ վերջ տալ իր խայտառակությանը, և իր տանջանքներին, և մարդկանց ծաղրին, արհամարհանքին ու զզվանքներին:

Քույրերը հեռանում են մարդուն մինչև ծայր լարելուց հետո, Մարտիրոսը սպասում է Մարջանին ամբողջ գիշերը, անքուն, անհանգիստ և ետ ու առաջ քայլելով: Մարջանը վերադառնում է լուսաբացին: Մարտիրոսը չի նախատում նրան, մի խոսք անգամ չի ասում: Սպասում է այնքան, մինչև որ Մարջանը վերցնում է իր վրայից բոլոր զենքերը և մերկանում է տղամարդու զգեստից: Այն ժամանակ մարդու: և կնոջ միջև տեղի է ունենում մի կարճատև վեճ, որի միջոցին Մարջանը թքում է Մարտիրոսի երեսին: Մարտիրոսը դաշույնը մերկացնելով հարձակվում է նրա վրա: Հարկավ Մարջանը անզեն չի կարողանում դիմադրել, փախչում է բակ և այնտեղից փողոց և այնտեղ մի քանի տասնյակ հարվածներից հետո արյունաքամ ընկնում է ձորը: Մարտիրոսը վերադառնում է տուն, դաշույնը կախում պատի վրա և անձամբ գնում է ոստիկանատուն և իրեն հանձնում նրան:

Երբ ես բոլորովին մոտեցա Մարջանին, նա դեռ կենդանի էր: Հիշում եմ նրա վերջին խոսքը.

Ախ՛ Մարտիրոս, եթե աստված կազատե կյանքս, կտեսնես ինչ կանեմ քեզ:

Բայց աստված չազատեց Մարջանի կյանքը: Նույն օրը ևեթ նա ավանդեց իր հոգին, թողնելով իր ետևից մի առասպելական պատմություն, որ անցնում է սերնդից-սերունդ նրա ծննդավայրում:

ՀՍԿԱՆ ԵՎ ԹԶՈՒԿԸ

(Դիալոգ)

Հսկա. — էյ, թզուկ, խոնարհվիր իմ առջև, ապա թե ոչ տեսնո՞ւմ ես այս մտրակը:

Թզուկ. — Խոնարհվում եմ, մեծդ հսկա, արդեն վաղուց եմ խոնարհվել. բայց ինչո՞ւ համար ես դու այդ կրկնում ամեն օր, ամեն ժամ:

Հսկա. — Կրկնում եմ, որ չմոռանաս: Քեզ նման ոչնչությունները երախտամոռ են լինում շատ անգամ: Իսկ ես ախորժակս կորցնում եմ, երբ երախտիքս մոռանում են:

Թզուկ. — Ունես իրավունք, բայց մի՞թե ես մոռացել եմ երբևէ քո երախտիքը:

Հսկա. — Չես մոռացել, բայց կարող է պատահել, որ մոռանաս: Այ, ինչպես մոռացավ քո ընկերներից մեկը, որին ազատել եմ ավազակների ձեռքից: Այդ գարշելին մի մեծ տան մեջ թաքնված՝ լուսամուտից քարեր է արձակում ինձ վրա:

Թզուկ. — Արդարև իմ ընկերոջ վարմունքը գարշելի է, բայց արդյոք չե՞ս նեղանա, եթե թույլ տամ ինձ խոնարհաբար մի հարց առաջարկել քեզ:

Հսկա. — Առաջարկիր:

Թզուկ. — Արդյոք ի՞նչ երախտիք ունես ինձ վրա, որ վախենում ես մոռանամ:

Հսկա (Մտածելով). — Ի՞նչ, երախտիք: Սպասիր, թող որ մտաբերեմ: Հա, հիշեցի, ես քեզ թույլ եմ տալիս աշխարհի երեսին ապրելու:

Թզուկ Շնորհակալ եմ, մեծդ բարերար, բայց, ներիր, չէ որ ապրելու իրավունք ես աստծուց եմ ստացել, այլ ոչ քեզանից: Եվ այն էլ երբ եմ ստացել, քո աշխարհ գալուց շատ և շատ առաջ, որովհետև թեև ես մարմնով փոքր եմ, բայց տարիքով քեզնից երկու անգամ մեծ:

Հսկա. — Ես տարիների հաշիվը չեմ պահում և ոչ մի խրոնոլոգիա կամ պատմություն չեմ ընդունում: Ես գիտեմ միայն, որ եթե ուզենամ, մի հարվածով կարող եմ քեզ ոչնչացնել: Չեմ ոչնչացնում, ուրեմն քո բարերարն եմ: Ահա իմ երախտիքը:

Թզուկ. — Է՛հ, թող քո ասածը չինի, ես աշխարհի երեսին գոյություն ունեմ քո բարության և վեհանձնության շնորհիվ: Բայց ինչո՞ւ չես ընդարձակում քո բարությունն ու վեհանձնությունն այնչափ, որ ես կարողանամ մի քիչ ավելի մարդավարի ապրել: Ինչո՞ւ օր ու գիշեր այդ հսկայական բռունցքդ բանեցնում ես իմ փոքրիկ գլխի վրա: Չէ՞ որ ես էլ մի քիչ պատվասիրություն ունեմ:

Следующая страница