Շիրվանզադե Ալեքսանդր՝   Պատմվածքներ, նովելներ, ֆելիետոններ

Նա նայեց սառը հայացքով աջ ու ձախ, ըստ երևույթին, փնտրելով մեկին, որից տեղեկություններ կարողանար ստանալ այդ տան մասին: Ճիշտ այդ պահին մոտեցավ նրան անխուսափելի կոշկակարը և հաղորդեց այն, ինչ որ հաղորդում էր ամենքին: Տունը վարձով է տրվում, բայց անիծված է:

Ես կարծում էի, հարկավ, որ բարձրահասակ անծանոթը անմիջապես կհեռանա անիծյալ տնից մյուսների պես: Պատահեց հակառակը, թվաց ինձ, որ նա հետաքրքրվեց կոշկակարի խոսքերով և պահանջեց մանրամասնություններ. Հետո նա, վճռական մի շարժում անելով, ինչ-որ պատվիրեց կոշկակարին, որը դժգոհ դեմքով հեռացավ. Մի քանի վայրկյան անցած բարձրահասակ մարդուն մոտեցավ մեր փողոցի գավթապահներից մեկը, որին հանձնված էր անիծյալ տան հսկողությունը: Բարձրահասակ մարդը ձեռով մի դրական շարժում արավ: Գավթապահը առաջնորդեց նրան դեպի քարե սանդուղքը, բաց արավ իր գրպանից դուրս բերած մի բանալիով անիծյալ տան վերին հարկի դռները, և երկուքն էլ մտան այնտեղ: Մի քանի րոպե անցած՝ նրանք դուրս եկան, և ես տեսա, որ բարձրահասակ մարդը տվեց գավթապահին մի բուռ թղթադրամ և ինչ-որ պատվերներ ու հեռացավ հանդարտ քայլելով:

Պարզ էր, որ նա վարձեց բնակարանը: Արդարև, հետևյալ օրը վաղ առավոտյան վերի հարկի լուսամուտները բացվեցին: Ես նկատեցի, որ գավթապահը մի ուրիշ մարդու հետ սենյակները մաքրում են: Նույն օրը իրիկնադեմին անիծյալ տան առջև կանգնեցին երկու ծանր բեռնավորված սայլեր: Կահ-կարասի էին և խոհանոցի իրեր: Բոլորն էլ նոր գնված. Սայլերը դատարկվեցին, իրերը ներս տարվեցին, իրիկնադեմին դռների առջև կանգ առավ մի փակ կառք, նրա միջից դուրս եկավ նախ բարձրահասակ տղամարդը, հետո պարզ հագնված մի կին, ապա նրանց օգնությամբ երեսը թանձր քողով ծածկված մի ուրիշ կին, որ արագ քայլերով, գրեթե վազելով բարձրացավ քարե սանդղքով և մտավ տուն:

Այս բոլորը կատարվում էր այնպիսի լռությամբ ու խորհրդավորությամբ, որ ես հետաքրքրվում էի ավելի ու ավելի:

Հաջորդ առավոտ լուսամուտները մի երկու ժամ ևս բաց մնացին, այնուհետև նորեն փակվեցին ճիշտ այնպես, ինչպես առաջ, ես նորեն սկսեցի կարեկցել անիծյալ տանը: Կարծես դա մի մեռյալ էր, որ մի վայրկյան բաց արավ իր աչքերը, նայեց շուրջը, ծանր հառաչեց և նորեն մտավ իր սավանի մեջ:

II

Բժիշկ Ախուրյանը հառաչեց և սպասավորին հրամայեց մի-մի բաժին ևս աբսենտ բերել: Եվ, մի քանի անգամ ծխախոտի ծուխը ուժգին կլանելով, շարունակեց.

Երեկոյին տանտիրուհիս մտավ սենյակս ու ասաց:

Դուք գիտե՞ք, որ անիծյսլ տան վերին հարկը վարձել են:

Գիտեմ: Ովքե՞ր են վարձողները:

Չեմ կարող ասել: Կոշկակարի կինը զարմացած է: Նա ասում է, որ երբ իր ամուսինը այդ բարձրահասակ մարդուն հայտնել է, թե տունն անիծված է, նա ասել է, «Ինձ էլ իսկ և իսկ մի այդպիսի կացարան է հարկավոր»:

Եվ իսկույն վարձել է, առանց գինը սակարկելու:

Տարօրինակ է, չէ՞, — հարցրի ես:

Այո, շատ տարօրինակ է:

Չե՞ք կարող, արդյոք, իմանալ, թե ով է այդ բարձրահասակ տղամարդը:

Կոշկակարի կինը, երևի, շուտով կտեղեկանա ու ինձ էլ կասե, նա ինքն էլ շատ հետաքրքրված է:

Սպասավորը բերեց աբսենտը: Բժիշկը մի քանի վայրկյան զբաղվեց նրա պատրաստությամբ և, մի փոքր խմելով ասաց.

Այժմ սկսվում է իմ պատմվածքը: Բայց թերևս դու արդեն իմ հառաջաբանից ձանձրացել ես:

Օօ, ոչ, ընդհակառակը, ես պատրաստ եմ լսել քեզ թեկուզ մինչև կեսգիշեր, — գոչեցի ես ամենայն անկեղծությամբ, որովհետև իրավ որ նրա պատմվածքն ինձ հետաքրքրել էր:

Դյուրին չէ ինձ համար պատմել այդ բոլորը, բայց քանի որ սկսել եմ, պիտի ավարտեմ: Կաշխատեմ չերկարացնել: Այդպես, ուրեմն, մեռյալ բնակարանը նորեն մեռավ, մի պահ աչքերը բանալուց հետո: Ամբողջ մի շաբաթ նայում էի փակ լուսամուտներին, սպասելով, որ ահա-ահա պիտի բացվե մեկն ու մեկը նրանցից: Ոչ մի շարժում, ոչ մի նշան: Կարծես այդ բարձրահասակ տղամարդը, այդ սևազգեստ կինը, այդ ծառաները, վերջապես այդ սայլերն ու կահ-կարասին օդերևույթ էին, որ մի վայրկյան հայտնվեցին և չքացան անհետք: Կարծես քահանայի անեծքը գցեց նրանց անդունդը:

Վերջապես մի օր, առավոտյան մոտ տասը ժամին երբ ես հագնվում էի տնից դուրս գալու, դիմացի դռները բացվեցին և փողոց ելավ բարձրահասակ տղամարդը: Նա նայեց լուսամուտներին և, ըստ երևույթին, գոհ մնաց, որ նրանք փակ են: Հետո դարձյալ նույն զննող հայացքը ձգեց աջ ու ձախ և համր քայլերով գնաց չգիտեմ ուր:

Առաջին անգամն էր նա մի շաբաթվա ընթացքում տնից դուրս գալիս: Գոնե ես առաջին անգամն էի նրան տեսնում:

Նույն վայրկյանին, երբ ես ուզում էի սենյակից դուրս գալ, հանկարծ լուսամուտներից մեկի փեղկերը բացվեցին, և այնտեղ հայտնվեց մի երիտասարդ կին սև զգեստով, կրծքի վրա մի խոշոր դեղին վարդ: Ձեռը հենելով փեղկերից մեկի եզրին, նա ձգեց յուր հայացքը դեպի փողոց և մնաց անշարժ: Ես ակամա ցնցվեցի, նայելով այդ կնոջը, և մնացի բևեռված իմ տեղում: Միջահասակ էր նա, նազելի կազմվածքով, նրա մութ սև մազերը թանձր խուրձերով արձակված էին կիսով չափ բաց ուսերի վրա: Մի բարակ մանիշակագույն ժապավեն հարդարում էր այդ մազերը բարձր ճակատից վեր: Մի ուրիշ սևագույն ժապավեն գրկել էր նրա կարապյա սպիտակ պարանոցը: Նրա բաց գույնի խոշոր աչքերը նուրբ ունքերի տակից նայում էին դեպի անորոշ տարածություն: Նայում էին անշարժ, անթարթ, անկիրք՝ որպես արձան: Տարօրինակ էր այն աչքերի փայլը: Թվում էր, որ երբևէ ինչ-որ սարսափելի տեսիլ ահ է ազդել նրանց բիբերի վրա և այդ ահը այն ժամանակից դրոշմվել է այնտեղ առմիշտ, ինչպես լույսը՝ լուսանկարչական ապակու վրա:

Սքանչելի էր լուսամուտի շրջանակում այդ պատկերը ինձ համար, և այսօր ես կարող եմ նրան համեմատել միայն Մուռիլլոյի ստեղծագործության հետ: Ես ուրախ էի, որ կինն ինձ չի նկատում և կարող եմ անարգել հիանալ նրանով, ինչպես գեղարվեստական մի անզուգական գործով, բայց, ավաղ, տեսարանն երկար չտևեց: Կինը համր քայլերով հեռացավ լուսամուտից, ինչ-որ կանացի ձեռքեր փակեցին թե՛ ապակյա և թե՛ փայտյա փեղկերը: Անիծյալ տունը, որ պիտի օրհնվեր այդ վայրկյանից, նորեն կուրացավ:

Տեսարանը կրկնվեց և՛ հետևյալ, և՛ երրորդ, և՛ չորրորդ օրը, գրեթե նույն ժամին և միշտ բարձրահասակ տղամարդը տնից դուրս գալուց հետո: Եվ ոչ մի անգամ այդ կինը չնայեց իմ կողմը: Նրա ծովի նման ընդարձակ հայացքը միշտ ուղղված էր դեպի անորոշ տարածություն: Թվում էր, որ նրա մտքերը հեռու են, շատ հեռու ոչ միայն շրջակայքից, այլև այս աշխարհից:

Այդ պահից արդեն ես զրկվեցի հանգստությունից, քնից, ախորժակից: Ես կորցրի իմ վաղ երիտասարդական զվարթությունը, մոռացա իմ գրքերը, համալսարանը, ընկերներիս, ծնողներիս անգամ, ամենքին ու ամեն ինչ:

Միակ առարկան իմ խոհերի ու երազների դարձավ այդ խորհրդավոր էակը: Անկողնից վեր կենալով ես առավոտները վազում էի դեպի լուսամուտ, նստում այնտեղ Ժամանակից շատ առաջ և հայացքս ձգում անիծյալ տան լուսամուտներին: Անիծյալ: Ո՛չ, այլևս ինձ համար նա անիծյալ չէր, այլևս ես էի, որ անիծում էի նրա անիծողին:

Մի քանի օր լուսամուտը չբացվեց: Ես տանջվում էի կատարելապես: Ինչո՞ւ, ի՞նչ իրավունքովչէի մտածում: Գլուխս չէր գործում: Զգում էի միայն, որ իմ վարմունքը տղայական է, անմիտ, անհաշիվ, որ ծիծաղելի է այդպես հանկարծակի հափշտակվել մի էակով, որի վայրկենական հայացքին չէի արժացանել տակավին և որի ձայնի մի հնչյունն անգամ չէի լսել: Ես նմանվում էի այն մոլեռանդ հավատացյալին, որի հոգեկան աչքերի առջև մի վայրկյան բաց էին արել վարագույրի ծայրը, ցույց տվել դրախտը և իսկույն վարագույրն իջեցրել, նա տանջվում է և կատաղում, առանց մտածելուարժանի՞ էր, արդյոք, այդ դրախտը վայելելու:

Սքանչելի պատկերը դարձել էր ինձ համար մի անխուսափելի ու անխորտակելի ուրվական, որ հալածում էր ինձ ցերեկն արթուն, գիշերը՝ երազումս: Թվում էր ինձ, որ ես ընկել եմ մի ոսկե օղակի մեջ և զգում էի, որ այդ օղակն օր-օրի և ժամ-ժամի վրա սեղմում է ավելի ու ավելի և սեղմում կոկորդս ավելի ու ավելի:

Բժիշկը խմեց երկրորդ բաժակի և վերջին կաթիլն ու շարունակեց.

Մարդու նախազգացումներն երբեմն այնպես ճշտորեն իրականանում են, որ կամա-ակամա ուզում ես հավատալ, թե կա մի գազանի ուժ, որ ղեկավարում է մեր ճակատագիրը: Մի առավոտ լվացվելուց հետո, երբ երեսս սրբում էի, հանկարծ օդի մեջ մի ակնթարթ նկարվեց այդ կինը, ճիշտ այնպես, ինչպես Էկրանի վրա մի պատկեր: Ես զգացի, որ իսկույն ևեթ նա պիտի երևա լուսամուտի մեջ և այս անգամ պիտի նայե ինձ. շտապով հագնվեցի, նստեցի լուսամուտիս քով, առջևս դնելով մի գիրք, ինչպես անում էի միշտ: Ես չէի տեսել բարձրահասակ սւղամարդի դուրս գնալը, բայց և այնպես համոզված էի, որ խորհրդավոր էակը պիտի անմիջապես երևար: Եվ իրավ, նա երևաց դարձյալ նույն հագուստով, դարձյալ դեղին վարդը կրծքի վրա: Այո -անգամ նա վերցրեց մի աթոռ, նստեց, աջ արմունկը դրեց լուսամուտի հատակի վրա, գլուխը հենեց ձեռի վրա և նույն անշարժ հայացքը հառեց հեռու: Ի՞նչ էր կորցրել նա այնտեղ կամ ի՞նչ էր փնտրում: Թվում էր շատ բան, թվում էր և ոչինչ, այնքան պաղ էր նրա հայացքը և այնքան, միևնույն ժամանակ, խոր:

Ես այլևս չէի աշխատում որսալ նրա հայացքը, նա ինքը պիտի նայեր ինձ: Ես այն ինքնագոհներից չէի, որոնք այնքան մեծ համարում ունեին իրենց մասին, որ երևակայում են, թե ոչ մի կին չի կարող իրենց մոտով անցնել անտարբեր: Բայց այնքան էլ տկար չէի, որ ինձ, համարեի ոչնչություն: Ես հավակնություն չունեի արժանանալ այդ կնոջ լուրջ ուշադրությանը: Արդեն նա այնքան բարձր էր իմ աչքում, այնքան հեռու ինձնից, որքան մի պայծառ, աստղ, մի չնչին մոլորակից, նայում էի նրան և սքանչանում նրա սքանչելի գեղեցկությամբ: Եվ օրհնում էի մտքումս բնության հանճարը, որ կարողացել էր ստեղծագործել մի այդպիոի հրաշալիք իմ անիմաստ, խելառ տվայտանքների համար:

Բայց ո՞ւմն է, արդյոք, այդ ստեղծագործությունը, ո՞վ է վայելում այս աստվածային գեղեցկությունը, մի՞թե այդ բարձրահասակ տղամարդը ժանտ կերպարանքով, եթե այդպես է, եթե նրանք ամուսիններ են, թող անիծվե կյանքը, որ տալիս է այդ տեսակ անարդարություններ

Երջանիկ և սարսափելի վայրկյաննա նայեց ինձ... ժպտաց... բայց ինչ արօրինակ, ինչ անհասկանալի ու անգուշակելի ժպիտ, նա ինձ ուրախացրեց և վախեցրեց: Դա մի սքանչելի ժպիտ էր, բայց անիմաստ: Փայլեցին նրա կապտագույն աչքերը, բայց պաղ, ինչպես փիրուզաներ: Ես ցնցվեցի, թվաց ինձ, որ ադ կապարյա՝ անշարժ հայացքը թափանցեց ամբողջ Էությունս, ինչպես հանկարծ ակի փչած մի սառն ու սուր հով: Բայց մի սառնություն էր դա, որ այրեց հոգիս: Ես այլայլվեցի, չկարողացա իմանալ հարկավո՞ր է ժպիտին ժպիտով պատասխանել, թե՞ ոչ: Գլուխս թեքեցի կրծքիս ու ձևացրի, թե կարդում եմ առջևս դրած գիրքը: Սիրտս ուժգին տրոփում էր, ես դողում էի ինչպես մի վեհերաս մանուկ, որին բռնել Էին գողության միջոցին: Այլևս ուժ չունեի այն կողմը նայելու: Իսկ երբ նայեցի, նա արդեն չքացել էր, թեև լուսամուտը դեռ բաց էր...

Իմ պատանեկան անարատ երևակայությունն արդեն բարձրացրել էր այդ խորհրդավոր Էակին եթերը, և բոլոր խոհերը, բոլոր զգացումները թռչում Էին դեպի նա: Ես ոչինչ չէի նշմարում շուրջս, ոչինչ չէի զգում, ո՛չ վշտերը մարդկային, ո՛չ ուրախությունները: Աշխարհը և համայն տիեզերքն ինձ համար ամփոփված էին նրա մեջ: Նրանով էի միայն ապրում, նրանով շնչում, չէի ուզում հապաղել ոչ ծանոթների և ոչ նույնիսկ ընկերների: Ես մի ագահ էի, որ հանկարծակի գտել էի մի գաղտնի գանձ և դողում էի նրա մասին: Նա ինքը չի կարող այդ գանձը վերցնել, բայց չի էլ ուզում, որ մի ուրիշը գիտենա նրա տեղը, վախենալով միգուցե հափշտակեն նրան: Խոսել նրա մասին որևէ մեկի հետ ես համարում էի և՛ հանցանք, և՛ տխմարություն: Հանցանք, որովհետև մարդիկ, մանավանդ իմ մտերիմ ընկերները կարող էին այս կամ այն ակնարկով վիրավորել իմ սրբությունը: Տխմարություն, որովհետև ես կարող էի դառնալ ծաղրելի հենց միայն, այն պարզ պատճառով, որ խելագարի պես սիրահարվել էի մի կնոջ վրա, որի ով և ինչ լինելը տակավին չգիտեի և որի հետ մի բառ անգամ չէի փոխանակել:

Եվ այսպես, ինքս իմ մեջ ամփոփված տառապում էի, լուռ, անտրտունջ և անհաշիվ:

Ի՞նչ է պատահել ձեզ, որ միշտ նստած եք տանը, — հարցնում էր տանտիրուհիս, այդ բարի կինը:

Զբաղված եմ, դասեր եմ պատրաստում, ասում են համալսարանը շուտով բացվելու է, — ստում էի անամոթաբար ես, որ չէի էլ մտածում ուսման մասին:

Նույն պատասխանն էի տալիս և՛ իմ ընկերներին ու ծանոթներին, երբ պատահում էր, որ սենյակիցս դուրս էի գալիս որևէ ստիպողական գործով:

III

Իսկ նա ամեն օր երևում էր լուսամուտի առջև սև զգեստով և միշտ մի դեղին վարդ կրծքի վրա:

Մի անգամ ես չկարողացա զսպել ինձ և բարևեցի նրան գլխի թեթև շարժումով, երբ նրա հայացքին հանդիպեցի: Ոչ մի պատասխան և ոչ մի նշան գոհունակության կամ դժկամության այդ փղոսկրի գույն ունեցող դեմքի վրա, այդ երկնագույն աչքերի մեջ: Նա միայն նայում էր ինձ իր անշարժ, պաղ հայացքով և, կարծես, չէր տեսնում:

Ես զղջացի հանդգնությանս համար, նախատելով ինքս ինձ, և ամոթահար հեռացա լուսամուտից: Միևնույն ժամանակ զգացի ինձ չափազանց վիրավորված այնպես, ինչպես կարող էր վիրավորվել իմ հասակի մի պատանի մի կնոջ անուշադրությունից:

Նստած էի գրասեղանիս քով և աշխատում էի զբաղվել որևէ բանով, գրելով, կարդալով, իմ տխմար զգացումները գեթ մի քանի վայրկյան մոռանալու համար: Ես չէի կարողանում: Գրիչս չէր շարժվում գրելու, բառերը կարդալիս խառնվում էին իրարու՝ մրջյունների պես:

Հանկարծ լսեցի դաշնամուրի ձայն, նայեցի դեմուդեմ, նա չկար լուսամուտի մոտ: Պարզ էր, որ նվագողը նա է, երեք շաբաթվա ընթացքում առաջին անգամ: Ի՞նչ էր նվագումչգիտեմ: Ամբողջ եղանակը բաղկացած էր երեք անփոփոխ նոտաներից, որ կրկնվում էին մի անգամ բարձր, մյուս անգամ ցածր, հիվանդոտ, ներվային, սիրտ, մորմոքող նոտաներ, որ այնուհետև կրկնվում էին ամեն օր մի քանի անգամ: Այսօր էլ հիշում եմ այդ նոտաները և միշտ պիտի հիշեմ, մինչև մահ: Իմ մեջ հղացավ մի չար կասկած, որ վայրկենաբար տակնուվրա արավ իմ էությունը: Այդպես չեն նվագում առողջ մարդիկ -լինեն վարպետներ, թե աշակերտներ: Այդ երեք անփոփոխ նոտաների մեջ կա ինչ-որ անձկություն, անբացատրելի, անըմբռնելի թախիծ հիվանդ հոգու:

Մի օր տանտիրուհիս, եռող սամովարը դնելով սեղանիս վրա. կանգ առավ և, ձեռքերը կրծքի վրա խաչաձև միացնելով, նայեց ինձ մայրական կշտամբանքով:

Ինչո՞ւ եք այդպես նայում ինձ, Պոլինա Նիկոլաևնա, — հարցրի ես ժպտալով:

Մի՞թե փոխվել եմ:

Շատ, դուք անճանաչելի եք դարձել: Մենակ ես չեմ ասողը, իմ երեխաներն էլ ու հարևաններն էլ նկատել են:

Բայց ես առողջ եմ, Պոլինա Նիկոլաևնա, բոլորովին առողջ: Կամենաք, ես մի ձեռով ձեզ կբարձրացնեմ:

Եվ, իրավ, ես պատրաստ էի նրան գրկել ու բարձրացնել, այնքան համակրելի էր, այնքան մայրական այդ կնոջ հայացքը:

Տա աստված, որ ես սխալվեմ, — ասաց նա հառաչելով, — պահպանեցեք ձեզ ձեր ծնողների համար:

Որպեսզի խոսակցության նյութը փոխեմ, հարցրի.

Ի՞նչ նորություն կա մեր հարևանության մեջ:

Նորությունն այն է, որ կոշկակարի կինը գավթապահից իմացել է ովքեր են մեր դեմուդեմի հարևանները:

Ինձ էլ այդ էր հարկավոր:

Այո՞արտասանեցի ես, ձևանալով անտարբեր:

Այո:

Ովքե՞ր են:

Մարդ ու կին, ամուսիններ:

Մի՞թե, — գոչեցի ես, այլևս չկարողանալով զսպել թե՛ հետաքրքրությունս և թե՛ դառնությունս:

Այո, և զավակներ չունեն:

Հետո՞:

Նրանք տեղացիներ չեն: Եկել են Ղրիմի կողմերից:

Ինչպե՞ս է նրանց ազգանունը:

Սպասեք միտս բերեմ. Ազովսկի, այո՛, այո, Ազովսկի...

Ուրեմն, ռուսնե՞ր են:

Ոչ, հայեր են: Գավթապահն ասում է, նրանց անցագրում գրած է Հայ լուսավորչականներ:

Ասում եք նո՞ր են եկել Թիֆլիս:

Մի քանի ամիս է: Առաջ իջևանել են հյուրանոցում, հետո բնակարան են վարձել: Կահ-կարասին էլ այսաեղ են գնել:

Էհ, ուրիշ ինչ գիտեք, — հարցրի ես կեղծ հեգնան քով, իբր թե այրիի հաղորդածներն ինձ համար շատ էլ հետաքրքրական չեն:

Առայժմ ոչինչ: Բայց դուք ուշադրություն դարձրեք ձեր վրա, այդպես չի կարելի, սիրտս ցավում է ձեր ծնողների համար:

Շնորհակալ եմ, Պաինա Նիկոլաևնա, անկեղծ շնորհակալ եմ: Բայց մի հոգաք իմ մասին, ես երկաթյա առողջություն ունիմ:

Արդարև, տկար է հոգիս, իսկ մարմնով ես զգում էի ինձ բոլորովին առողջ:

Այրին, գլուխը խորհրդավոր երերելով, հեռացավ:

Պարզ էր ինձ համար, որ նա իբրև ոչ հիմար կին գուշակում էր իմ հոգեկան դրությունը, գիտեր ում համար և ինչու եմ նստում տանը, և ով է իմ փոփոխության պատճառը: Պարզ էր նաև,ո ր դիտմամբ շեշտեց, թե սևազգեստ կինն ամուսնացած է:

Ես չեմ նկարագրիլ, թե այդ լուրն ինչ տպավարություն գործեց ինձ վրա, կասեմ միայն, որ դա ինձ համար իսկ որ մի հարված էր: Մի հարված. որ, սակայն, չսթափեցրեց ինձ, այլ ընդհակառակը ավելի սաստկացրեց իմ ներքին հուրը: Այդ վայրկյանից ես ատեցի բարձրահասակ ադամորդին: Ատեցի իմ պատանեկան հոգու ամբողջ թափով: Ինչո՞ւ, ո՞ր իրավունքով, ո՞վ եմ ես, այս մասին ես չէի մտածում: — Թող այդ մարդը լիներ առաքինիների մեջ ամենաառաքինին, արժանավորներից արժանավորագույնը, նա այդ կնոջ ամուսինն էր, ուրեմն և ոխերիմ հակառակորդս, որին պատրաստ էի այդ պահին ոչնչացնել առանց երկար մտածելու: Անշուշտ այդ մարդը մի ժանտ բռնակալ է, որ գերել է գեղեցիկներից գեղեցկագույնին և պահում է նրան իր իշխանության ներքո գրեթե շղթայակապ: Անշուշտ ասիական խանդից կուրացած մի եսամոլ է, որ տանջում է նրան հանուն իր եսի, սյլապես ի՞նչ են նշանակում այդ մշտապես փակ լուսամուտները, որոնցից միայն մեկն է բացվում, այն էլ օրվա մեջ ընդամենը մի քանի ժամ, այն էլ, երբ բռնակալը տանը չէ: Այլապես ի՞նչ է նշանակում, որ այդ կինն երբեք տնից դուրս չի գալիս և օր-օրի վրա, իմ աչքերի առջև դժգունանում է ու նիհարում և օր-օրի վրա խոշորանում են նրա գեղեցիկ աչքերի բիբերը, և լայնանում նրանց տակերի կապույտները: Ուրիշ ինչպե՞ս թարգմանել այդ երեք անփոփոխ նոտաները, որ այժմ հնչում են ամեն օր այնքան միապաղաղ այնքան վշաահար: Աստված իմ, ես կարող եմ ցնորվել այդ տարօրինակ հնչյուններից: Նրանք գալիս են մի քայքայված հոգու խորքերից և զարկում են իմ օր-օրի վրա նրբացող ու զգայնացող ներվերին ասեղների պես: Ախ, գիտե արդյոք այդ կինը, որ եթե ոչինչ էլ չլիներ, միայն այդ խելագար հնչյունները բավական են ինձ տանջելու համար: Գիտե՞, որ ես երբեմն պատրաստ եմ դուրս բերել գլուխս լուսամուտից և գոռալ. — բավական է, անողոք էակ, բավական է, ես չեմ կարող լսել այդ խելառ հնչյունները:

Բժիշկը դարձյալ կանգ առավ, ձեռի ներվային շարժումով տրորեց գլխի թանձր կարճ խուզած ալեխառը մազերը և շրթունքները սեղմեց ատամներով՝ իր հուզմունքը չափավորելու համար: Այդ պահին նա ամբողջովին ձուլված էր իր անցյալի հետ: Նա վառեց մի նոր ծխախոտ և շարունակեց,

Առավոտ էր: Գրասեղանիս քով նստած նամակ էի գրում ծնողներիս: Բավական ժամանակ էր մոռացել էի խեղճերին: Գրում էի, բայց ուշ ու միտքս անիծյալ տան կողմն էր: Սպասում էի անհամբեր բարձրահասակ մարդու դուրս գալուն: Քրոնոմետրի ճշտությամբ նա ամեն օր դուրս էր գալիս տնից առավոտյան տասը ժամին և վերադառնում էր երեք ժամին: Ահա այդ ժամանակամիջոցներին էր, որ լուսամուտը բացվում էր, և այնտեղ երևում էր նրա սևազգեստ կինը:

Այդ օրն էլ տղամարդը դուրս եկավ ճիշտ իր ժամանակին, բայց կինը չերևաց մի ամբողջ ժամ, չերևաց մինչև կեսօր: Ես սկսեցի անհանգստանալ: Միգուցե նա հիվա՞նդ է կամ այդ բռնակալը խլել է նրանից այդ չնչին ազատությունն էլ: Մի՞թե ես այլևս չպիտի տեսնեմ նրան: Այդ անկարելի է, ես կցնորվեմ: Եվ, իրավ, եթե մեկն ինձ տեսներ գողտուկ, թե ինչպես հուզված, այլայլված ետ ու առաջ եմ քայլում իմ վոոքրիկ սենյակում վանդակ ձգված վագրի պես, անշուշտ, ինձ կհամարեր խելագար: Կարծես ես արդեն տիրացել էի այդ կնոջը և այժմ կատաղում էի, որ նրան խլում են ինձնից:

Վերջապես, սենյակս թվաց ինձ նեղ: Ես խեղդվում էի օդի պակասությունից: Վճռեցի դուրս գալ, մանավանդ որ ծնողներիս գրված նամակս պիտի ձգեի պոստարկղ: Բայց հազիվ դուրս էի եկել փողոց, հանկարծ նվիրական լուսամուտը բացվեց, և տիկինը երևաց այնտեղ մի ծրար ձեռում: Ես գդակս բնազդաբար վերցրի և բարևեցի նրան, դարձյալ չգիտեմ ինչ իրավունքով: Այս անգամ նա գլուխը թեթևակի շարժեց և, ով զսրմանք, ծրարը մեկնեց դեպի ինձ: Մինչ ես, անասելի շփոթված, չգիտեի ինչ անել, նա ծրարը ձգեց փողոց և ինքն անհետացավ:

Ես, աջ ու ձախ նայելով, գողովի վազեցի և ծրարը վերցրի: Բարեբախտաբար, ոչ ոք այդ չնկատեց: Պարզ էր ինձ համար, որ ծրարն ինձ է ուղղված: Բայց նայեցի նրան, անունս չկար վրեն: Շտապով վերադարձա սենյակս, պատռեցի ծրարը: Սիրտս ուժգին բաբախում էր, ձեռքերս դողում էին ուրախությունից և անհայտությունից:

Ընդամենը մի էջից բաղկացած մի գրություն էր դա ռուսերեն: Նա ինձ չէր ուղղված, նա ոչ ոքի չէր ուղղված: Կարդացի, ոչինչ չհասկացա: Նախ դա մի տարօրինակ ձեռագիր էր, տառերն անհավասար, տողերն անկանոն, մի բառ փոքրիկ, հազիվ նկատելի տառերով, մյուսը գլխատառերով:

Ապագայում, երբ ես իբրև բժիշկ պարապում էի Մոսկվայի կլինիկայում, այնտեղ, հոգեկան հիվանդների բաժնում շատ եմ տեսել համանման ձեռագիրներ բոլորովին գրագետ և կրթված մարդկանց ձեռքով գրված:

Երեք տող միայն պարզ էին գրված և, ըստ երևույթին, ունեին իմաստ: Այսօր էլ հիշում եմ բառ առ բառ այդ տողերը. «Վոլդեմարը սիրեց Ալինային, Ալինան ասաց չի կարելի: Գազանը տեսավ, կատաղեց, սպանեց, սպանեց, սպանեց»:

Ի՞նչ էին նշանակում այդ տողերըհարկավ չհասկացա: Բայց այլևս ինձ համար պարզ էր մի բան. այդ խորհրդավոր կինը հոգեպես հիվանդ է, և ինքս ինձ նախատեցի, որ նոր եմ միայն գուշակում: Այո, այդ ապակյա հայացքը խոշոր աչքերի, այդ անիմաստ ժպիտները, այդ փակ լուսամուտները, այդ թախծալի միապաղաղ կրկնվող երեք նոտաները, այդ բարձրահասակ տղամարդի մռայլությունըմի՞թե այդքանը բավական չէր:

Ես նամակը թաքցրի գրասեղանիս մեջ և ամեն օր նայում էի նրան: Այսօր էլ ես նրան պահում եմ, իբրև հիշատակ իմ խելառ տվայտանքների, իմ անքուն գիշերների, անհուն արցունքների: Ոչ, իբրև մի սրբություն-սրբոց, որովհետև այդպիսի կրակոտ սեր այլևս չպիտի կրկնվեր իմ կյանքում: Հարկավ, եթե իմ բանականությունը չլիներ արթուն, եթե ես ունենայի մտածելու և վերլուծելու ուժ, այդ նամակը կարդալուց հետո իսկույն կսթափվեի իմ ցնորքներից և կաշխատեի հանգցնել կրծքիս տակ օր-օրի վրա ավելի ու ավելի բորբոքվող հուրը: Չէ՞ որ ինքնասպանություն է երազել մի կնոջ մասին, որի գոյությունը երազ է: Մի կնոջ, որ բնության դաժան ձեռքով պոկվել է երկրից և այրվում է ցնորքների բովում: Բայց, զարմանալի բան, այդ պահից ես այդ կնոջը սիրեցի կրկնակի սիրով: Գուցե՞ դա մի դեռահաս հոգու կարեկցությունն էր դեպի մի թշվառ: Չգիտեմ:

Հետևյալ օրը տանտիրուհիս եկավ որոշյալ ժամին սենյակս կարգի բերելու: Ես անքնությունից այնքան թույլ էի, որ խնդրեցի նրան թողնել ինձ այդ օրը հանգիստ: Նա նայեց ինձ տխուր հայացքով ու ասաց.

Գիտեմ, որ տկար եք, բայց հետաքրքրական լուր ունեմ ձեզ հայտնելու:

Ի՞նչ է պատահել:

Մեր դեմուդեմի կինը ցնորված է:

Մի՞թե, — արտասանեցի ես, իբր թե անտարբեր:

Այո՛: Ուզո՞ւմ եք պատմեմ ինչիցն է ցնորվել: Կոշկակարի կինն ամեն բան իմացել է Ազովսկիների աղախինից:

Պատմեցեք, — նույն անտարբերությամբ ասացի ես: Տանտիրուհիս նստեց գրասեղանիս քով և յուր հագուստի թևերը ցած բերեց, որ ծածկե աշխատանքից կոշտացած և կրակից կարմրած բազուկները:

Եվ պատմեց:

IV

Ութ տարի է, որ Ազովսկրներն ամուսնացած են: Մարդու անունն է Սրափիոն, կնոջ անունը` Ալինա: Մարդը հարուստ կալվածատեր է, ունեն հորից ժառանգած մի քանի հազար դեսյատին վարելահորղեր Բեսարաբիայի նահանգում:

Ամուսնանալու ժամանակ նա եղել է գրագունյան գնդի սպա: Ալինան հետևակ զորքի մի չքավոր փոխ-գնդապետի աղջիկ է, շատ լավ կրթված: Սրափիոնը ամուսնացել էր նրա հետ, հափշտակված նրա աննման գեղեցկությունով: Իսկ Ալինան տվել էր իր համաձայնությունը, զիջանելով ծնողներին, որոնք փափագել են անպատճառ հարուստ փեսա ունենալ: Նրանք ուզեցել են, որ իրենց միակ դուստրը լավ ապրուստ ունենա, անձամբ զգալով, թե ինչ ասել է չքավորություն: Ալինան չի սիրել Սրափիոնին: Չի սիրել և ուրիշ ոչ ոքի:

Լավ թե վատ Ազովսկիները չորս տարի ապրել են հաշտ, հանգիստ ու անվրդով: Ալինան հետզհետե ընտելացել է չսիրած ամուսնու կենակցությանը, ճիշտ այնպես, ինչպես ընտելանում է հարյուրից իննսունինը աշխարհի բոլոր կանանց: Մարդիկ, որ միշտ ուրիշների կյանքի մասին աչքերով են դատում, կարծել են, թե չկա նրանցից ավելի երջանիկ զույգ: Եվ շատ կանայք նախանձել են Ալինային, ու շատ տղամարդիկ նախանձել են Սրափիոնին: Չորս տարվա, ընթացքում նրանք ունեցել են առաջին տարին իսկ ծնված մի երեխա: Նա մեռել է երկուսուկես տարեկան հասակում՝ ուղեղի բորբոքումից: Ծնողների վիշտն ավելի ամրացրել է ամուսնական կապը, բայց Ալինան դարձյալ չի սիրել ամուսնուն: Իսկ Սրափիոնը քանի գնացել այնքան ու այնքան ավելի է սիրել Ալինային: Երեխայի մահն է, ազդել, թե ինչ, Ալինան սկսել է ձանձրանալ կյանքից: Սիրահարված ամուսինն ամեն կերպ աշխատել է, փարատել նրա թախիծը, բայց զուր: Ո՛չ ճանապարհորդությունները Եվրոպայում, ո՛չ թանկարժեք, համաշխարհային կուրորտները, ո՛չ թատրոն, ո՛չ երաժշտություն, շքեղ զգեստներ, երեկույթներ, պարանհանդեսներ, ոչինչ չի օգնել: Ալինան դարձել է օր-օրի վրա ավելի ու ավելի թախծոտ, մռայլ: Ծնողների հանկարծակի մահը մեկը մյուսից երկու ամիս չանցած՝ կրկնապատկել է նրա վիշտը:

Եվ ահա այդ ժամանակ, այսինքն՝ մի աշնան սկզբին, Պետերբուբգից Ղրիմ է գալիս Սրափիոնի նախկին բարեկամներից մեկի որդին: Քսանուհինգ տարեկան մի երիտասարդ գանգուր, շիկագույն մազերով, ուրախ ու գվարթ: Այցելում է Ազովսկիներին, ծանոթանում է Ալինայի հետ, մի քանի անգամ զբոսնում է նրա հետ. և ահա նա հափշտակված է: Հափշտակվո՞ւմ է, արդյոք, Ալինան ևս լրջորենմինչև այսօր պարզված չէ: Բայց նրա թախիծը մեղմանում է: Նա հաշտվում է կյանքի հետ, նա նորեն մերձենում է աշխարհին:

Սրափիոնը, նկատում, է այս: Սկզբում ուրախանում է, տեսնելով կնոջ վերակենդանանալը: Բայց հետո սկսում է կասկածել ու խանդել և հետևում է Ալինային: Մի օր նա չի կարողանում իրեն զսպել և իր բարեկամի որդուն ընդունում է ոչ սիրալիր: Ալինան նրան հանդիմանում է, ասելով, որ իր համար ոչ մի բան այնքան ատելի չէ, որքան կոպտությունը: Այս հանդիմանությունն ավելի է գրգռում Սրափիոնի կասկածներն ու նա ասում է.

Այո, ես վաղուց եմ նկատել, որ դու անտարբեր չես դեպի այդ երիտասարդը:

Ալինան ազնվությամբ և համարձակ պատասխանում է.

Չեմ թաքցնիլ, Սպիրիդոնովն ինձ դուր է գալիս, բայց ես երբեք չեմ մոռանալ, որ քո ամուսինն եմ:

Սրափիոնը մի պահ հավատում է նրան, մինչև անգամ ներումն է խնդրում Ալինայից: Բայց միայն մի պահ: Շուտով չար կասկածները պաշարում են նրան այնպես, որ նա սկսում է կորցնել իր զգացումների ու մտքի հավասարակշռությունը:

Վերջապես, մի օր տուն վերադառնալով, նա տեսնում է, որ Ալինան դաշնամուրի քով նստած նվագում է, իսկ Սպիրիդոնովը երգում է: Երկուսն էլ այնքան հափշտակված են լինում, որ չեն նկատում նրա սալոն մտնելը: Նա կատաղում է, բայց կարողանում է զսպել իրեն: Միայն առանց հյուրին բարևելու, լուռ անցնում է յուր առանձնասենյակը:

Ալինան շարունակում է երգել, կամենալով թե՛ հյուրից թաքցնել ամուսնու խանդոտությունը և՛ թե ամուսնուն ցույց տալ, որ չկա իր արածի մեջ ոչ մի հանցանք, որ դա մի անմեղ զվարճություն է երկու երիտասարդ էակների համար, որ պաշտում են երաժշտությունն ու երգը:

Բայց ամուսինն այլ կերպ է հասկանում Ալինայի վարմունքը: Նա կարծում է, որ դա մի հանդուգն արհամարհանք է դեպի իր համեմատական ծերությունը: Արհամարհանք քսանուերեք տարեկան մի կնոջ դեպի քառասունութ երկու տարեկան տղամարդը: Արհամարհանք մի երրորդ անձնավորության, այն էլ մի երիտասարդի ներկայությամբ և գուցե նրա պատճառով իսկ նա դուրս է գալիս իր առանձնասենյակից գրգռված ու գունատ: Նա չի կարողանում յուր խանդը զսպել և հուզված ձայնով ասում է.

Ալինա, բավական է:

Ալինան ժպտում է, մի փոքր ևս նվագում է և հետո միայն ծածկում է դաշնամուրը հանգիստ, անվրդով: Իսկ երիտասարդը նույնպես ժպտում է: Այդ ժպիտը նրա թարմ, գեղեցիկ, գրեթե պատանեկան անմազ երեսի վրա նետի պես ցցվում է Սրափիոնի գրգռված սրտի մեջ: Բորբոքվում է նրա խանդը: Նա ասում է անորոշ.

Ես ուրախ եմ և ցավում եմ, որ դուք իմ բարեկամի որդին եք:

Ինչո՞ւ համար:

Հենց այնպես:

Բայց ես ձեզ հասկանում եմ, — ասում է երիտասարդը, — շատ բարի ես կկատարեմ ձեր սրտի գաղտնի ցանկությունը:

Եվ, դառնալով Ալինային, ավելացնում է.

Տիկին, ներեցեք, ես այլևս չեմ կարող անհանգստացնել ձեր հարգելի ամուսնուն, որ իմ հոր բարեկամն է:

Եվ այդ օրից Սպիրիդոնովը դադարում է այցելել Ազովսկիներին:

Այս բոլորը տեսնում է ու լսում Ազովսկիների աղախինը, որի խոսքերով և պատմում է ինձ տանտիրուհիս:

Սակայն Ալինան չի ընդհատում ծանոթությունը Սպիրիդոնովի հետ. շարունակում է տեսնվել դրսերում: Սրափիոնը չի բողոքում, խոստովանելով, որ իրոք ինքը կոպիտ վարվեց իր բարեկամի որդու հետ:

Ալինան ասում է.

Следующая страница