Շիրվանզադե Ալեքսանդր՝   Պատմվածքներ, նովելներ, ֆելիետոններ

Քանի որ գիտեիր քո խանդոտ բնավորությունը՝ չպիտի ամուսնանայիր:

Ես սիրում եմ քեզ:

Ես չեմ հավատում այն սիրույն, որ այդպես կասկածոտ է:

Լավ, հաշտվենք:

Հաշտվիր առաջ բարեկամիդ որդու հետ, ներողություն խնդրիր, հետո:

Այդ ես չեմ կարող անել:

Իսկ ես չեմ կարող քո անտեղի կասկածների համար զրկել ինձ ազատությունից:

Մի օր Սրափիոնը հանդիպում է Ալինային քաղաքի մի զբոսավայրում Սպիրիդոնովի հետ, մի ծառի ստվերի տակ նստած: Նա չի կարողանում զսպել իր խանդը և կարճատև բացակայության ժամանակ վիրավորում է երիտասարդին: Սպիրիդոնովը նրան հրավիրում է մենամարտության, մյուս օրն ևեթ ուղարկելով Սրափիոնին երկու սպա: Բայց մենամարտությունից առաջ նա ուղարկում է մի նամակ Ալինային` մի փունջ վարդերի հետ: Նա գրում է.

Տիկին, ասում են, որ դեղին, վարդը ատելության նշան է: Բայց ես միշտ գերադասել եմ այս գույնը բոլոր գույներից: Այսօր որոշվում է իմ ճակատագիրը: Գուցե ես գնամ հավիտենություն անդառնալի: Թող այս վարդերը լինեն իմ մաքուր սիրո վերջին նշանը: Մնացեք բարով

Նամակը փնջի հետ բերում է մի շքեղ հագնված աղախին և գաղտնի հանձնում է Ալինային:

Իրիկնադեմին Սրափիոնը տուն է վերադառնում անսովոր հուզված:

Ալինան նրա դեմքից արդեն գուշակում է կատարված դրաման: Նա ոչինչ չի ասում, նայում է լուռ իր ամուսնու երեսին և անցնում իր բուդուարը: Ամբողջ գիշեր նա դուրս չի գալիս այնտեղից: Աղախինը մի քանի անգամ մտնում է նրա մոտ զանզազն պատրվակներով և ամեն անգամ տեսնում է Ալինային անշարժ նստած ու աչքերը հառած դեղին վարդերի փնջին:

Այդ պահին Ալինան ընդհատում է իր բոլոր կապերն աշխարհի հետ: Օրը մինչև երեկո իր սենյակում փակված` նա ոչ մի տեղ չի գնում և ոչ ոքի չի ուզում ընդունել: Ո՛չ ամոթից, այլ վշտից:

Աղախինն ասում է, որ նա մի ամիս շարունակ կրկնում էր.

Դու սպանեցիր մի անմեղի, դու չունեիր իրավունք ձեռք բարձրացնելու այն խեղճ տղայի վրա: Ի՞նչ է պատասխան պիտի տաս աստծուն:

Իմ խիղճը հանգիստ է, մի պատվասեր ամուսին չէր կարող ուրիշ կերպ վարվել,-պատասխանում է ամեն անգամ Սրափիոնը:

Ո՛չ, ո՛չ քո խիղճը չի կարող հանգիստ լինել, որովհետև ես անմեղ եմ: Այդ երիտասարդի այունը գիշեր-ցերեկ աչքերիս առջև է: Ես նրա մահվան ակամա պատճառն եմ, աստված ինձ է պատժելու:

Եվ զրկվում է Ալինան քնից, հանգստությունից, ախորժակից: Եվ ատելով ամուսնուն, սկսում է ատել ամենքին: Եվ դատապարտելով ամուսնուն, դատապարտում է ինքն իրեն էլ: Գիշերները աղախինը լսում է նրա երկարատև հիսթերիկան, նրա սուր գոռոցները:

Հեռո՛ւ ինձնից. Մի մոտենար, ես քո ձեռքերի վրա անմեղ արյուն եմ տեսնում:

Եվ ոչինչ չի ազդու նրա վրա ո՛չ բժիշկների խնամքը, ո՛չ ամուսնու աղերսանքները, ո՛չ խանդավառ սերը, ո՛չ զղջումը: Այո նա զղջու է գուցե անկեղծ, գուցե հավատալով Ալինայի մաքրությանը, բայց զուր: Օր-օրի վրա Ալինայի հոգին քայքայվում է

Փոքրիկ նահանգական քաղաքում, եղելությունն իրարու պատմում են աղավաղված: Չհաստատված լուրերը հաղորդվում են իբրև փաստեր: Զրպարտությունը, որ գեղեցիկ կանանց անխուսափելի ուղեկիցն է, հալածում է Ալինային դեռ մենամարտությունից շատ առաջ: Այժմ չար լեզուների բոլոր կապանքները լուծվում են, իսկ նա անտարբեր էր դեպի հասարակական կարծիքը: Նա ամփոփվել է ինքն իր մեջ, նա հեռու է, շատ հեռու դրսի աշխարհից: Նրա լսելիքին չի հասնում ոչ մի ձայն այնտեղից: դեղին վարդերի փունջը վաղուց է թառամել, բայց նա մի գեղեցիկ վազայի մեջ շարունակում է զարդարել Ալինայի դաշնամուրը: Օրը հարյուր անգամ նա մոտենում է այդ փնջին և յուր քնքուշ մատներով շոշափում է թորշոմած վարդերը, որոնց տերևները մեկիկ-մեկիկ պոկվելով ընկնում են վար և անհետանում: Վերջը, մի ժամանակվա սքանչելի ծաղիկներից մնում են նրանց չորացած ձողիկները; Այն ժամանակ Ալինան հրամայում է իր հավատարիմ աղախնուն, որ սիրում էր նրան լավագույն քրոջ սիրով, ամեն օր ամեն օր գնել մի-մի դեղին վարդ: Եվ ահա այդ խորհրդավոր վարդն է, որ այսօր էլ զարդարում է Ալինայի կուրծքը:

Սրափիոնը վճռում է վերցնել Ալինային և հեռանալ անծանոթ երկրներ: Տունը հանձնում է խոհարարի հսկողությանը, իսկ աղախինը Ալինայի ցանկությամբ ուղեկցում է նրան: Նրանք գնում են նախ Մոսկվա, ապա Եվրոպա: Սակայն ոչ մի փոփոխություն Ալինայի հոգեկան կացության մեջ, ոչ մի ժպիտ նրա դեմքի վրա: Բժիշկները միաձայն ասում են.

Պարոն, ձեր ամուսնուն անդորրություն է հարկավոր: Նրա ականջներին չպիտի հասնե ոչ մի աղմուկ:

Մի քանի նշանավոր պրոֆեսորներ խորհուրդ են տալիս Ալինային տեղավորել հոգեկան հիվանդների սանատորիայում:

Երբեք, երբեք, — ասում է Սրափիոնը, զարմանալի համառությամբ չկամենալով բաժանվել իր սիրեցյալից:

Նրանք վերադառնում են արտասահմանից, և Սրափիոնն ամեն ջանք գործ է դնում տալ Ալինային անպայման հանգստություն: Եվ դրա համար նա վճռում է տեղափոխվել Թիֆլիս, ուր Ազովսկիները չունեն ոչ մի ծանոթություն: Նա դեռ հույս ունե, որ Ալինան կառողջանա տանը...

Այս բոլորը պատմեց ինձ տանտիրուհիս այնպես զգացված, որ կարծես ինքը Ալինայի մերձավորներից մեկն էր: Ես զգացի, որ իմ մեջ զարգանում է այնպիսի ատելություն դեպի այդ բարձրահասակ տղամարդը, որի նմանը կարելի է զգալ միայն դեպի որդեսպանը: Այլևս նա իմ աչքում մի հրեշ էր, որին կործանելը ես կհամարեի բարություն և արդարություն: Ինձ համար Ալինան մի մարմնացած տանջանք էր, իսկ այդ մարդը՝ միակ նրա հեղինակը:

Ես սիրեցի Ալինային կրկնակի սիրով: Ես զգացի, որ այլևս իմ հոգին հավիտյան շաղկապված է այդ հիվանդ հոգու հետ, որ այլևս ոչ մի գերբնական զորություն չի կարող ինձ բաժանել նրանից՝ առանց իմ սրտից մի արյունաշաղախ կտոր պոկելու: Զգացի նույնպես, որ իմ դրությունը ողբերգական լինելով հանդերձ, երեխայական է ու ծիծաղելի: Ողբերգական ինձ համար, ծիծաղելի ուրիշների համար: Սիրում էի մեկին, որ իրապես գոյություն չուներ այս աշխարհում, որ մի ուրվական էր, մի ծանր երազ: Տանջվում էի մեկի համար, որ ոչ ոքի տանջանքը հասկանալ ու զգալ չէր կարող, որովհետև նա ինքն էր մարմնացած տանջանք:

Բժիշկ Ախուրյանը մի անգամ ևս լռեց:

Մեր շուրջն այժմ տիրում էր համեմատական հանդարտություն: Սրճարանը գրեթե դատարկվել էր: Հաճախորդներն անցել էին սեղանատուն: Պարիզը ճաշում էր. միակ ժամը օրվա ընթացքում, երբ խլացուցիչ աղմուկը մեղմանում է քիչ թե շատ:

Բժիշկը նայեց ժամացույցին ու ասաց.

Օօ, արդեն ուշ է: Կարծեմ ես շատ երկարացրի:

Լսում եմ ձեզ ավելի մեծ հետաքրքրությամբ, — ասացի ես առանց կեղծելու:

Արդեն մոտենում եմ վերջին, — արտասանեց բժիշկը և վառեց մի նոր ծխախոտ:

V

Այսպես, ուրեմն, — շարունակեց նա, — ես սիրում էի անսահման մի ցնորվածի և ինքս մերձ էի խելագարության: Աստված իմ, գեթ մի անգամ տեսնեի նրան մոտիկից, գեթ մի անգամ լսեի նրա ձայնը: Գուցե հիասթափվեի ու արթնանայի մղձավանջից: Կամ ո՞վ գիտե, գուցե կարողանայի նրա քայքայված հոգու մեջ գտնել մի առողջ թել, շոշափեի նրան իմ սիրո ջերմությամբ: Ո՞վ գիտե, գուցե դեռ կա միջոց նրան փրկելու: Ինչո՞ւ այդ բռնակալը չի թողնում ոչ ոքի մոտենալ նրան: Մի՞թե չի հասկանում եսամոլը, որ իր տեսքն ավելի բարդացնում է Ալինայի վիշտը, ուրեմն և ավելի զորեղացնում նրա հիվանդությունր: Մի՞թե չի ըմբռնում, որ վիրավորի վերքն ավելի է կսկծում, երբ նրա աչքերի առջև է դաշույնը: Չի՞ պատահել, որ տարիներով ցնորվածի բանականությունը վերադարձել է հանկարծակի, անսպասելի մի որևէ երջանիկ պատահարից, հոգեկան մի ցնցումից: Այո, այո, շատ է պատահել, ես կարդացել եմ բժշկական գրքերում, լսել եմ պսիխիատրներից:

Այս էր միակ առանցքը, որի շուրջը պտտում էին բոլոր իմ մտքերը, բոլոր իմ զգացումները, ոչ միայն արթուն ժամանակ, այլև գիշերային երազներից մեջ:

Բայց, ավաղ, ճակատագիրն ինձ չէր վիճակել տեսնել նրան մոտիկից, խոսել նրա հետ...

Լսեցե՛ք: Մի օր բարձրահասակ մարդը, տանից դուրս եկավ, բայց լուսամուտը չբացվեց: Նա չբացվեց և հետևյալ օրերը, իսկ երրորդ օրն արդեն վաղ առավոտից բացվեցին բոլոր լուսամուտնեը:

Առաջին անգամ ամբողջ չորս ամսվա ընթացքում, ես նկատեցի անիծյալ բնակարանում ինչ-որ անսովոր իրարանցում:

Աղախինը շտապ-շտապ անցնում էր սենյակից սենյակ: Մերթ ընդ մերթ այս կամ այն լուսամուտի մոտ էրևում էր բարձրահասակ տղամարդը իր մշտական մռայլ ու անշարժ դեմքով: Իսկ Ալինան չէր երևում:

Դռների առջև կանգ առավ մի կառք:

Մի անծանոթ մարդ իջավ կառքից շտապով և մտավ Ազովսկիների բնակարանը:

Իսկ Ալինան չկար: Ես սկսեցի անհանգստանալ, այնքան արդեն սովորել էի ամեն օր տեսնել նրան և ամեն օր հիանալ նրանով ու ամեն օր օրհնել կյանքը:

Որովհետև տանտիրուհիս արդեն գիտեր ամեն բան և իմ կողմից այլևս տմարդություն ու հիմարություն կլիներ կեղծել այդ բարի ու ազնիվ կնոջ առջև, ուստի, երբ մտավ իմ սենյակը, իմ առաջին խոսքը եղավ.

Պոլինա Նիկոլոևնա, ի՞նչ է պատահել Ազովսկիների բնակարանում:

Ալինան հիվանդ է, — պատասխանեց այրին հակիրճ:

Հիվա՞նդ, — գոչեցի ես գրեթե սարսափելով:

Այո, արդեն երեք օր է: Աղախինն ասաց: Չտեսա՞ք, որ բժիշկ եկավ: Այսօր կքնսոլիում է նշանակված:

Ահա թե ինչ: Ալինան հիվանդ է: Նա, իմ երազների առարկան: Եվ ես չեմ կարող ամեն րոպե, ամեն վայրկյան իմանալ նրա դրությունը: Չեմ կարող մանավանդ տեսնել նրան: Եվ նա չպիտի գիտենա, չպիտի զգա, թե կա մեկը, որ պատրաստ է իր տասնուինը տարեկան կյանքը զոհել նրա համար առանց մի վայրկյան տատանվելու և առանց որևէ ակնկալության, ինչպես մի մոլեռանդ հավատացյալ, որ խարույկն է նետվում հանուն իր հավատի:

Պոլինա Նիկոլաևնա, դուք սիրո՞ւմ եք ինձ:

Թող վկա լինի ինքն աստված:

Պոլինա Նիկոլաևնա, հո գիտեմ, որ ձեզ հայտնի է ամեն բան:

Հայտնի է, — արտասանեց այրին, հառաչելով:

Գիտեմ, որ ձեզ հայտնի են իմ տանջանքները:

Քանի՛-քանի անգամ այս պատերի ետևից ես լսել եմ ձեր դառը հեկեկանքները: Սիրտս է մորմոքվում, տեսնելով, թե ինչպես եք չորանում ոտքի վրա:

Այդ թողնենք, Պոլինա Նիկոլաևնա, այդ ոչինչ; Հարցն Ալինայի մասին է: Նրա կյանքն է թանկ ինձ համար և ոչ իմը, Պոլինա Նիկոլաևնա, մի խնդիր ունեմ ձեզ, բարի եղեք կատարելու:

Հրամայեցե՛ք:

Գնացեք այո րոպեին Ալինայի մոտ:

Ինչո՞ւ:

Մի լուր բերելու ինձ համար: Ես ուզում եմ իմանալ որքան վտանգավոր է Ալինայի հիվանդությունը, Պոլինա Նիկոլաևնա, խնդրում եմ:

Բայց ես ծանոթ չեմ նրանց հետ: Նրանք կարող են ին ձ չընդունել: Մինչև օրս դեռ ոչ ոք ոտ չի դրել նրանց տունը:

Ոչինչ, կարելի է: Հարևաններ եք: Ասացեք, թե մեզանում ընդունված է:

Չգիտեմ, կաշխատեմ մի բան իմանալ,-ասաց տանտիրուհիս անորոշ ու դուրս գնաց:

Հինգ կառքեր իրար ետևից, կարճ ընդմիջումներով, կանգնեցիր անիծյալ տան առջև: Բժիշկներն էին, երկուսը ծեր, երեքը երիտասարդ: Այն ժամանակ ես մեծ հավատ ունեի դեպի բժշկականությունը, և յուրաքանչյուր բժիշկ ինձ համար մի տեսակ կախարդ էր ամենազոր: Ահա ինչու, նայելով այդ մարդկանց լուրջ ու հանգիստ դեմքերին, կազդուրվեցի: Ահ, մտածեցի ես, նրանք կառողջացնեն Ալինային ինչ հիվանդություն ևս ունենա: Նրանք կփրկեն նույնիսկ նրա հիվանդ հոգին: Եվ ես կտեսնեմ իմ սևազգեստին առողջ թե՛ մարմնապես և թե՛ հոգեպես իր ամբողջ գեղեցկությամբ:

Խորհրդակցությունը տևեց երկար, երկար: Սրտի ուժգին տրոփյունով էի սպասում բժիշկների դուրս գալուն, հուսալով նրանց դեմքերի արտահայտությունից գուշակել Ալինայի վիճակը: Եվ մի վայրկյան անգամ չհեռացա իմ լուսամուտից:

Վերջապես նրանք դուրս եկան ամենքը միասին:

Բոլորի դեմքերն ուրախ էին, մանավանդ ծերունի բժիշկների: Խոսում էին բարձր ձայնով բոլորովին ուրիշ բաների մասին և բարձր ձայնով էլ ծիծաղում: Ահ, մտածեցի ես, այդ լավ նշան է: Ալինայի կյանքին վտանգ չի սպառնում, այլապես այդ մարդիկ այդպես ուրախ ու զվարթ չէին դուրս գալ նրա մոտից: Հետո երբ ես ինքս բժիշկ դարձա, այո, հետո միայն հասկացա, թե մեր արհեստը նույնն է, ինչ որ քահանայի արհեստը: Ժամանակի ընթացքում նա կոպտացնում է մեր սրտերը և դարձնում մեզ անտարբեր դեպի մահը: Քանի-քանի անգամ ես իմ պացիենտների մահճակալներից հեռացել եմ ժպիտն երեսիս, տրամադրությունս անփոփոխ, այն ժամանակ իսկ, երբ զգացել եմ մահվան գարշելի հոտը:

Լուսամուտներից մեկի առջև երևաց Սրափիոն Ազովսկին: Ոչ մի փոփոխություն նրա մշտական անշարժ դեմքի վրա, ո՛չ ուրախ, ո՛չ տխուր: Կարծես քար էր այդ մարդը:

Երևաց աղախինընույնպես ոչ մի փոփոխություն: Այս ավելի կազդուրեց ինձ: Ահա ինչու երբ տանտիրուհիս երևաց դռների մեջ, ես ասացի.

Դատարկ բան է. Ալինան լուրջ հիվանդ չէ: Տեսա՞ք նրան:

Գնացի, բայց տեսնել չկարողացա:

Ինչո՞ւ:

Ամաչեցի ներս մտնել: Աղախինին հարցրի, տեղեկացա:

Նա կանգ առավ, հառաչեց:

Ի՞նչ են որոշել բժիշկները, — գոչեցի ես:

Աղախինը չգիտե: Ինչ-որ դեղ են սրսկել Ալինայի մարմնի մեջ: Նա շատ թույլ է և շուտ-շուտ ուշաթափվում է: Դարմանող բժշկին պատվիրել են այս գիշեր չհեռանալ հիվանդի մոտից: Նա գնաց, երեկոյան կգա: Աղախինը լաց է լինում: Նա շարունակ կրկնում է. «Չգիտեք, չգիտեք որքան բարի տիրուհի էր նա այդ դժբախտությունից առաջ: Ոչ ոքի աշխարհի երեսին այնքան չեմ սիրել, որքան նրան»:

Չքացավ իմ լավատեսությունը, թուլացան իմ հույսերը: Զգացի, որ Ալինայի դրությունը լուրջ է: Եվ ուժասպառ ընկա աթոռի վրա: Արտասուքը վաղուց էր խեղդում կոկորդս: Այլևս չկարողացա զսպել նրան և տվեցի ազատություն իմ մանկական խելառ հեկեկանքներին:

Բարի, զգայնասիրտ տանտիրուհիս մոտեցավ ինձ հանդարտ քայլերով և սկսեց մխիթարել:

Իմ հեկեկանքների միջից լսում էի նրա հատ-հատ խոսքերը.

Լավ, Ալինան չի մեռնիլ: Բայց ինչո՞ւ, ինչո՞ւ, զավակս: Ահ, խելագար: Ո՞վ է այդ կինը քեզ համար, քո ի՞նչն է: Մի անգամ էլ հետը չես խոսել: Լավ, լավ, երեխա մի լինիր, հանգստացիր: Ամոթ է, վերջապես, ի՞նչ կասեն, եթե լսեն մարդիկ, Աստված իմ, նա գժվում է, ես ինչ անեմ: Այ զարմանալի տղա:

Նա գրկել էր իմ գլուխն ու շոյում էր նրան ձեռքերով: Ահ, որքան քնքուշ էին, որքան մայրական այդ աշխատավոր կոշտացած ձեռքերն ինձ համար այդ պահին և որքան կփափագեի, որ նրանք անվերջ շոյեն իմ գլուխը: Զգում էի իմ խելառությունը, զգում էի իմ ծիծաղելի լինելը, բայց չէի ամաչում այդ օտար ու օտարոտի կնոջից:

Նկարագրե՞մ արդյոք, թե ինչպես անցկացրի այդ երեկոն, այդ գիշերը, հետևյալ օրը, հետևյալ գիշերը, ամբողջ տասնուչորս օր: Օհ, անմոռանալի օրեր: Անքուն էի հարկավ, թեև տանտիրուհուս չանհանգստացնելու համար լամպարս հանգցնում էի: Տասնուչորս գիշերներ յուրաքանչյուր կես ժամ դուրս էի գալիս փողոց, կանգնում էի փակ լուսամուտի տակ, շունչս զսպած, ականջ էի դնում դեպի Ազովսկիների բնակարանը: Չէ՞ որ մահը մեծ մասամբ գիշերն է այցելում մարդկանց: Ես մտածում էի, եթե Ալիսան մեռնե, կլսեմ նրա հավատարիմ աղախնի հեկեկանքները: Նրա ամուսնուց հեկեկանք չէի սպասում:

Եվ ոչ մի ձայն, ոչ մի շշուկ անգամ ամբողջ տասնուչորս գիշեր: Իսկ ցերեկները տանտիրուհուս միապաղաղ կրկնությունը.

Ալինայի դրությունն անփոփոխ է:

Առանձնապես անհանգիստ էի վերջին գիշերը, որ ամբողջովին անցկացրի փողոցում: Լուսին չկար, անամպ, հստակ երկնակամարի վրա պսպղում էին աստղերն այնքան ուրախ, այնքան զվարթ, որքան տխուր ու մռայլ էր իմ հոգին: Մի՞թե նրանք բոլորը միասին արժեին Ալինայի կյանքի մի ժամին, մի շնչին նագամ: Ահ, թող կորչե ամբողջ տիեզերքը, միայն թե ապրե Ալինան:

Ալինա, Ալինա, Ալինա, — արտասանում, էին. գիշերային լռության մեջ իմ բորբոքված շրթունքները:

Եվ ոչ մի ձայն, ոչ մի շշուկ:

Վերջապես, ուժերս. դավաճանեցին ինձ: Լուսաբացին հագուստով պառկեցի անկողնակալիս վրա ու նիրհեցի: Տասնուչորս գիշեր գրեթե չէի քնել և նիրհեցի այն ժամին, երբ պիտի արթուն լինեի:

Դուք քնա՞ծ եք, — լսեցի ես հանկարծ տանտիրուհուս ձայնը և աչքերս բաց արի:

Նա կանգնած գլխիս մոտ ձեռքերը կրծքի վրա ծալած:

Ի՞նչ է պատահել,-գոչեցի ես, ոտքի թռչելով:

Ալինան, մեռավ:

Ես ոչինչ չասացի: Մի թույլ ճիչ ակամա դուրս թռավ իմ կրծքից, և ես ուժասպառ նստեցի անկողնակալիս վրա ու գլուխս թեքեցի կրծքիս:

Տանտիրուհիս ավելացրեց.

Քահանայի անեծքը

Մի ժամ անցած անիծյալ բնակարանում երևացին անծանոթ դեմքեր: Այլևս բոլոր լուսամուտները բաց էին: Խոհարարն ու աղախինը շտապ-շաապ կարգի էին բերում կահ-կարասին: Մի ծերունի քահանա դուրս եկավ համր քայլերով ու հեռացավ: Անշուշտ նա հաղորդություն էր տվել Ալինային: Աղախինը լալիս էր: Մի անգամ միայն Ալինայի ամուսինը երևաց լուսամուտներից մեկի առջև, նայեց մի քանի վայրկյան դեպի փողոց ու հեռացավ: Աստվա՛ծ իմ ոչ մի փոփոխություն այդ դեղնագույն անշարժ դեմքի վրա: Նույն քարացած հայացքը` ոսկրոտ ճակատի տակից:

Բժիշկ Ախուրյանը դարձյալ լռեց: Ես լսում էի նրա պատմվածքի վերջին: Բայց նա լուռ էր և արտասովոր հայացքով նայում էր հեռու ու հեռու:

Դուք գնացի՞ք նրա թաղմանը,-հարցրի ես նրա ծանր լռությունը ընդհատելու համար:

Ալինային չթաղեցին:

Ինչպե՞ս:

Այդ մարդը նրա դիակը զմռսել տվեց և տարավ իր ծննդվայրը, Ղրիմ: Նա մինչև անգամ նրա անշունչ մարմնից չէր ուզում բաժանվել: Ես գնացի նրա հուղարկավորությանը: Ոչ ոք չէր ուղեկցում նրա դագաղը, բացի մի քանի քահանաներից, ինձնից, խոհարարից, աղախնից, կոշկակարից` իր կնոջ հետ և տանտիրուհուցուս: Ո՞վ էր ճանաչում Ալինային: Ես տեսա նրան մ ոտիկից: Միակ տեսակցությունն իմ առաջին և միակ իսկական սիրո, որ ունեցա: Ես ձգեցի նրա դագաղի վրա դեղին վարդերի մի փունջ: Ահ, որքան նրա դեմքի գույնը նման էր այդ վարդերին: Նրան հագցրել էին իր մշտական մետաքսյա սև զգեստը: Չկար նրա կրծքի վրա սովորական դեղին վարդը: Ես զգացի, որ ամուսինն է պոկել այդ վարդը նրա կրծքից: Զգացի, որովհետև, երբ ես իմ փունջը ձգեցի դագաղի վրա, նա, կարծես մի տեսակ ցնցվեց, նայեց ինձ մռայլ հայացքով: Նա մի շարժում արավ դեպի դագաղը, կարծես, փունջը դեն ձգելու նպատակով, բայց կանգ առավ, երեստ դարձնելով ինձնից: Իսկ նա դագաղի ապակու միջից ժպտաց ինձ: Այն անշարժ, այն ծով ու հեռավոր ժպիտով, որ ես առաջին անգամ տեսա նրա դեմքի վրա: Այդ ժպիտն այսօր էլ իմ ընկերն է, իմ երկրորդ էությունը, որ միայն գերեզման պիտի հետևե ինձ և ով՛ գիտե, գուցե գերեզմանից էլ դեն: Գիտե՞ք, ես շատ եմ ապրել, շատ եմ մտածել ու զգացել այս երեսուն տարվա ընթացքում: Սիրել եմ, սիրվել, ճանաչել եմ կանանց և եկել այն համոզունքին, որ մի և միմիայն մի անգամ եմ սիրել: Բարեկա՛մս, սեր չէ այն, ինչ որ մարդիկ սովոր են անվանել սեր, այսինքն՝ շոշափելին, առարկայականը: Բարեկամս, սեր չէ կինը, որի հետ խոսում ենք, բացատրվում, վիճում, կռվում, հաշտվում, նորեն կռվելու ու նորեն հաշտվելու համար: Սեր չէ կինը, որին գրկում ենք, համբուրում, պաշտում, որպեսզի վայելենք և վայելում ենք, որպեսզի ապականենք: Ոչ, դա սեր չէ: Սերը երազ է և երազ էլ պիտի թողնել նրան: Սերը հավիտենական է, անջնջելի, անմոռանալի, բայց անճաշակելի: Նա մի շող է, որ չի մարում, բայց և չի որսվում ինչպես թռչուն, մի գաղափար, որը չի հնանում, բայց և չի գործադրվում ինչպես մարմնավոր վայելքի միջոց, մի միտք, որ չի մաշվում, բայց և չի յուրացվում և մարմնանում: Սոսկալի է նրա պահանջը, բայց և հաճելի, օօ, անսահման հաճելի և անսահման թունավոր-պայքարել, երբեք չհաղթելու և ձգտել, երբեք չհասնելու համար: Նա դրամա չէ, որ ունի հանգույց, ընթացք ու վախճան: Նա մի տրագեդիա է առանց միջարարների ու առանց դադարների: Նա ունե միայն սկիզբ և երբեք վախճան, միայն ծնունդ և երբեք մահ

Իսկական սերն Ալինա է, — ավարտեց բժիշկ Ախուրյանը և ոտքի կանգնեց: — Ես վերջացրի:

ԹԱԴԵՈՍՆ ՈԻ ՄԱՏԹԵՈՍԸ

Հարազատ եղբայրներ էին: Բնությունը անջատել էր նրանց ծննդյան առաջին օրից, բայց արյունակցությունը պահում էր նրանց միևնույն հարկի տակ: Կար և մի ուրիշ, ավելի կարևոր բան, որ չէր թողնում նրանց բաժանվել իրարուց: Հայրական կտակը: Եթե բաժանվեին, պիտի զրկվեին ժառանգական իրավունքներից, և ժառանգությունը պիտի անցներ նրանց զավակներին:

Բայց նրանք իրարու չէին սիրում և երկուսի համար էլ անտանելի էր իրարու երեսը տեսնել ամեն օր: Պատճառը նրանց բնույթներն էին: Թադեոսը մեղմ էր, զգայուն, բարեսիրտ, նույնիսկ թուլամորթ: Գործերի մեջ նա երբեմն խաբվում էր և կորցնում: Ընդհակառակը, Մատթեոսը պաղարյուն էր, վերին աստիճանի հաշվագետ, կամակոր, ինչպես և խստապահանջ: Գործի մեջ միշտ աջողակ էր:

Մարդիկ ասում էին:

Թադեոսը լավ մարդ է, բայց խելոք չէ, Մատթեոսը ժլատ է, բայց խելոք է:

Եվ լավ մարդուն սիրում էին, խելոք մարդուն պատվում: Սակայն երկուսին էլ նախանձում էին, որովհետև, հարուստ էին և քանի գնում ավելի ու ավելի էին հարստանում:

Մի երեկո, նրանք, նստած իրենց տան պատշգամբի վրա, խոսում էին գործերի մասին: Այդ օրը Թադեոսը մեկից խաբվել ու գումար էր կորցրել, իսկ Մատթեոսը մեկին խաբել էր և մի գումար վաստակել:

Դու հիմար ծնվել ես, հիմար էլ կգնաս գերեզման, — ասաց Մատթեոսը ամենայն սառնասրտությամբ:

Ես չեմ կարող խաբել մարդկանց քեզ պես, ուրեմն ես պետք է խաբվեմ, — արտասանեց Թադեոսը բարկացած:

Կարելի էր կարծել, որ այս փոխադարձ վիրավորանքից հետո պատկառելի ծերունիները կհարձակվեն՝ իրարու վրա և միմյանց կխեղդեն: Ամենևին, Թադեոսի բարկությունը վերջացավ մի լայն ժպիտով, որ սահեց նրա առողջ ու գեր դեմքով: Իսկ Մատթեոսի չոր ու ոսկրոտ դեմքի ոչ մի գիծը չշարժվեց: Փոխադարձ վիրավորանքները նրանց համար դարձել Էին այնքան սովորական, որքան ամենօրյա «բարի լույսն» ու «բարի երեկոն»:

Ավարտելով իրենց ասելիքը օրվա գործերի մասին, նքանք ըստ սովորության, սկսեցին խոսել օրվա դեպքերի մասին:

Կարդացի՞ր այսօրվա լրագիրներում, — ասաց Թադեոսը, — թուրքերը գալիս են:

Շատ ուրախ եմ, որ գալիս են-արտասանեց Մատթեոսը:

Ուրա՞խ ես:

Այո, թող գան, նրանք մեզ կազատեն անիշխանականների գալուց:

Բայց թուրքերը մեզ կկոտորեն, — բարկացավ Թադեոսը:

Չեն կոտորի, — արտասանեցՄատթեոսըը ամենայն սառնասրտությամբ:

Կկոտորեն, ասում եմ քեզ, — ավելի բարկացավ Թադեոսը:

Չեն կոտորի, ասում եմ քեզ, — ավելի սառնասիրտ արտասանեց Մատթեոսը:

Ումի՞ց կվախենան:

Գերմանացիներից:

Իսկ եթե չվախենա՞ն:

Այն ժամանակ, կկաշառենք նրանց գլխավորներին: Կաշառքով ամեն ինչ կարելի է անել:

Դու կարծո՞ւմ ես:

Ես համոզված եմ:

Սխալվում ես: Հայաստանում նրանց վրա կաշառքը չազդեց, այստեղ էլ չի ազդի: Ո՛չ, նրանք մեզ կկոտորեն, ավելի լավ է, որ գան և մեր երկրին տիրեն անիշխանականները:

Հիմար ես ծնվել ու հիմար էլ գերեզման կգնաս,-գոչեց Մատթեոսն այս անգամ բարկացած: Ես ատում եմ անիշխանականներին և զզվում նրանցից:

Ինչո՞ւ:

Որովհետև, նրանք աստված չեն ճանաչում:

Այսինքն սեփականությո՞ւն, — արտասանեց Թադեոսը ժպտալով:

Այո, սեփականություն: Այդ անօրենները կխլեն մեզանից մեր հարստությունը, մեր կայքերն ու գույքերը, ու մենք կմնանք չոր տափի վրա:

Թող մնանք, սոված չենք մնա, կապրենք մի կերպ:

Առանց սեփականության չենք կարող ապրել:

Միլիոն ու միլիոններ մարդիկ են ապրում առանց սեփական տների ու կայքերի, ինչո՞ւ մենք չենք կարող ապրել: Մատթեոս ես միշտ քեզ ասել եմ և այսօր էլ կրկնում եմ, թող այդ փողապաշտությունդ գոնե այդ հասակում, երբ մի ոտդ գերեզմանումն է: Զավակներիդ կյանքն ավելի թանկ համարիր, քան հարստությունը:

Առանց հարստության նրանց կյանքը խնձորի կճեպին չարժե: Թող կորչեն քո անիշխանականները: Եթե լիներ իմ ձեռքում զորություն, կհրամայեի նրանցից յուրաքանչյուրին առանձին-առանձին այրել խարույկի վրա և նրանց մոխրով կծածկեի փողոցների սալահատակը:

Ուրեմն, թող գա՞ն թուրքերը:

Թող գան: Ես կկաշառեմ նրանց գլխավորներին:

Այդ դու, իսկ նրանք, որ կարողություն չունեն կաշառելու: Նրանք պիտի կոտորվե՞ն, ես ի՞նչ գործ ունեմ ուրիշների հետ: Ամեն մարդ իր մասին է միայն պարտավոր հոգալ:

Քար մարդ ես, Մատթեոս, շատ չար ու քարասիրտ, — արտասանեց Թադեոսը գրգռված և ոտքի ելավ:

Հիմար մարդ ես, Թադեոս, շատ հիմար ու տխմար, — ասաց անտարբեր Մատթեոսն ու տեղից չշարժվեց:

Այդ պահին ներս մտավ Մատթեոսի կրտսեր որդին ու հաղորդեց,

Հայրիկ, անիշխանականներն արդեն մտել են քաղաք և կառավարությունը գրավել:

Մատթեոսը սոսկաց, կամեցավ ինչ-որ ասել, չկարողացավ, փորձեց ոտքի ելնել, ոտքերը թուլացան, ընկավ ետ բազկաթոռի վրա, արձակելով մի խուլ ճիչ:

Նա մեռավ սրտի պայթումից:

ՄԻ ԱՆԵԿԴՈՏ

Մի երկհարկանի բնակարանում կենում էին երկու երիտասարդ մարդիկ, մեկը վերին հարկի մի սենյակում, մյուսը ուղիղ այդ սենյակի տակ, ներքին հարկում:

Նա, որ կենում էր վերին սենյակում, մի երջանիկ մարդ էր, վերին աստիճանի կենսախինդ, զվարճասեր: Գիշերը տուն էր վերադառնում ուշ, մերթ արբած, մերթ արթուն, բայց միշտ աղմուկով:

Ընդհակառակը, վարի սենյակում կենողը մի հիվանդոտ մարդ էր, ներվային, սիրում էր անդորրություն և յուրաքանչյուր ամենաթեթև աղմուկ կամ ձայն զրկում էր նրան հանգստությունից: Ամեն գիշեր, երբ վերին հարևանը տուն էր վերադառնում աղմուկով, նա անմիջապես զարթնում էր և անհանգստանում մինչև որ վերևում կդադարեր աղմուկը: Առանձնապես նրան ներվայնացնում էր այն, որ վերի կենողը իր կոշիկները հանելով, ձգում էր նրանց հատակի վրա դղրդոցով:

Վերջապես, մի օր նա այլևս չկարողացավ համբերել և դարձավ բնակարանի տիրոջը.

Պարոն, մի շատ մեծ խնդիր ունեմ:

Ասացեք: պատրաստ եմ կատարելու:

Չի կարելի, արդյոք, որ իմ սենյակի վերևում կենող շառլատանին ասեք, որ գիշերներն իր կոշիկները հանելիս կամացուկ դնե նրանց հատակի վրա: ես տանջվեցի նրա անիծյալ կոշիկներից: Օգնեցեք ինձ, ի սեր աստծու:

Շատ բարի, — համաձայնեց բնակարանի տերը և նույն օրն ևեթ կատարեց հիվանդոտ մարդու խնդիրը:

Ախ, — ասաց կենսախինդ մարդը, — վարում կենող պարոնն ուզում է, որ ես կոշիկներս կամացուկ դնեմ հատակի վրա: Ուրախությամբ, ասացեք, որ այդպես կանեմ ամեն գիշեր:

Եվ, իրավ, այդպես էլ արավ ամբողջ մի շաբաթ: Վարի կենողը հանգստացավ:

Սակայն մի գիշեր վերի կենողը տուն վերադարձավ արբած: Մոռանալավ իր խոստումը բնակարանի տիրոջը, հանեց կոշիկը և ուժգին նետեց հատակի վրա. Նույն վայրկյանին նա հանկարծ հիշեց վարի կենողին և իր խոստումը: Նա երկրորդ կոշիկը դրեց հատակի վրա կամացուկ ու պառկեց քնելու:

Առավոտյան լույսը չբացված հանկարծ դղրդացին նրա սենյակի դռները: Շեմքի վրա երևաց վարի կենողը գիշերային հագուստով, աչքերն արյուն կախած, մազերը գզգզված, գունատ, դողալով:

Ի՞նչ եք կամենում, պարոն, — հարցրեց վերի կենողը սարսափած:

Ես եկել եմ իմանալու, վերջապես ե՞րբ պետք է դուք հասնեք ձեր երկրորդ կոշիկը և ձգեք հատակի վրա:

Խեղճ մարդը մինչև լույս չէր քնել, սպասելով երկրորդ կոշիկին:

Կատարյալ նույն վիճակումն ենք մենք հայերս:

Առակն անխոցելի է, անեկդոտը չի սիրում բացատրություններ:

Թող յուրաքանչյուր ընթերցող բացատրե, ինչպես գիտե

ՀՐԵՇԸ

Նա ծնվեց աննկատելի: Ոչ ոք չիմացավ նրա ծննդյան տեղն ու ժամը, որովհետև, ոչ ոք չէր կարծում, թե կարող է ծնվել մի այդպիսի հրեշ:

Բայց նա ծնվեց: Հենց առաջին օրից նա սնվում էր արյունով, որովհետև և՛ արյունից էր ծնվել և՛ արյունահեղությունն էր նրա ծնողը: Ամիսը չլրացած դուրս եկան սրա ատամները: Նախ մանր Էին նրանք, աննկատելի, բայց հետո արագ մեծացան:

Մեծացան և կարճ ժամանակում դարձան ժանիքներ, սրածայր, — հաստարմատ, ծուռ՝ նման երկաթյա ունելիքների:

Այլևս արյունը նրան չէր կշտացնում:

Ժանիքները պահանջում էին, կարծր ուտելիքներ, ստամոքսը կարոտում էր համադամ կերակուրների՝ բաղկացած մարդկային մսից, ոսկորից և ուղեղից: Եվ նա քանի մեծացավ, այնքան ավելի ու ավելի դարձավ ագահ, խստապահանջ և հանդուգն: Մանավանդ հանդուգն ու անամոթ:

Այժմ նա պտտում է փողոցներում, և դուք ամեն օր տեսնում եք նրան, ամեն ժամ, ամեն րոպե, որովհետև նա ձեզ հետևում է ամենուրեք: Նրա աչքերն արյունալի են, բերանը միշտ բաց՝ ինչպես անհատակ ու մթին անդունդ, ատամները փայլուն: Նա անցնում է դռնեդուռ, մտնում է տները և ճանկում ու կլանում է ամեն ինչ, որ հնարավոր է, ամեն ինչ, որ անհնարին է: Ծերունիների վերջին օրերը, երիտասարդների վերջին ուժերը, մանուկների վերջին կտոր հացը, ծծկերների վերջին կաթիլը կաթի, կանանց ու աղջիկների ամոթխածությունը, հայրերի ինքնասիրությունը, այրերի պատիվը, մայրերի հանգստությունը: Նա ոչինչ չի խնայում և ոչնչով չի կշտանում: Երեկ նա մի հուսահատ սպայի ճանկեց և ձգեց գետի մեջ ու խեղդեց: Այսօր նա սպանեց մոր գրկում, փողոցի մեջտեղում, խուռն բազմության առջև նրա միակ զավակին: Վաղը նա խեղդելու է մորը:

Զարհուրելին այն է, որ ամենքը սարսափած դիտում են հրեշի այդ գազանությունները, և ոչ ոք չի ուզում նրա հետ կռվել, վասնզի ահն ու սարսափը կաշկանդել է ամենքին: Եվ նա շարունակում է իր ավերումներն աներկյուղ ու անպատիժ: Մարդիկ միայն մի բան գիտեն անելանիծել: Եվ անիծում են հրեշին բոլոր տներում, բոլոր փողոցներում, մեծն ու փոքրը, աղքատն ու հարուստը:

Անունն է այդ հրեշիթանկություն:

Արդյոք մինչև ե՞րբ պիտի նա իշխե անպատիժ: Արդյոք կգա մի օր, որ ուժասպառ և թմրած ամբոխը, ոտքի ելնե միահամուռ ուժերով և ջարդուփշուր անե լրբացած հրեշի գլուխը:

ՀԱՅՐՆ Ու ՈՐԴԻՆ

Սիմոնը չքավոր էր և գիտեր, որ չքավորությունն ամոթալի բան չէ: Բայց գիտեր նաև, որ եթե մարդ չաշխատի, նրա լուծը տանել պատվով, կարող է դառնալ ամոթալի:

Արհեստով Սիմոնը գրաշար էր և, իհարկե, ստիպված էր կարդալ այն բոլորը, ինչ որ շարում էր: Տպարանատերը լուրջ գրքերն ու գրքույկները նրան էր տալիս շարելու, որովհետև նրան էր համարում ամենից գրագետ և ամենից բարեխիղճը: Քսանումեկ տարվա ընթացքում Սիմոնը կարդացել էր բավականաչափ խելոք բաներ և շատ էր մտածել: Նա բոլոր հեղինակներին հավասար հարգանքով չէր վերաբերվում՝: Իր տեսակի քննադատ էր: Առանձնապես խստապահանջ էր բարոյախոսների վերաբերմամբ: Նրա համոզմունքով գրողն ինքը նախ և առաջ պիտի լինի այն, ինչ որ պահանջում է ուրիշներից: Այլապես գրողն արժեք չուներ նրա աչքում: Չսիրած հեղինակների գործերը շարելիս՝ Սիմոնի նեղ, նիհար ու պղնձագույն դեմքի վրա շարունակ խաղում էր մի հեգնական ժպիտ: Նա իր մտքում ասում էր.

Следующая страница