Շիրվանզադե Ալեքսանդր՝   Պատմվածքներ, նովելներ, ֆելիետոններ

Pages: First Previous 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 Next Last

ԱՐՏԻՍՏԸ

Հինգ ամիս էր ընդամենը Օդեսայումն էի, չորրորդ անգամ փոխեցի սենյակս: Փոքրիշատե մեծ քաղաքում բնակվող մենակեցի համար մի առանձին հաճույք էր ստեպ-ստեպ կացարան փոխելը: Անցնելով մի թաղից մյուսը, կարծում ես մի երկրից մյուսն անցար: Նոր հարևանություն, նոր միջավայր, երբեմն այլ կենցաղով ու ոգով:

Այս անգամ պիտի բնակվեի քաղաքի աղմկալի փողոցներից մինում, հինգ հարկանի մի տան երրորդ հարկում: Տանտիրուհուս իտալուհի էր, գեր, առողջ, ամրակազմ մի այրի՝ մոտ հիսուն տարեկան: Նրա ամուսինը եղել էր իտալական օպերայի հուշարար, շատ վաղուց հայրենիքից տեղափոխված Ռուսաստան: Մեռնելով՝ կնոջ ու միակ դստեր համար թողել էր իբրև ժառանգություն հին նոտաների մի մեծ կապոց և իտալացի արտիստների ծանոթությունը: Այրին, ապրելու ուրիշ միջոց չունենալով, պարապում էր սենյակներ վարձու տալով:

Հենց առաջին օրն ես ծանոթացա հարևաններիս հետ: Այդ ինձ համար նոր և բավական հետաքրքրական շրշան էր, նա բաղկացած էր մեծ մասամբ իտալացիներից: Կար և մի ռուս ուսանող ու մի հրեուհի ատամնաբույժ, բավական գեղեցիկ, թեև ոչ էլ այնքան թարմ:

Կենտրոնը կազմում էր տանտիրուհու դուստրը շիկահեր, փղոսկրի պես փայլուն, մաքուր ատամներով և գեղեցիկ աչքերով քսան տարեկան Լուիզան: Նա երգում էր, ուներ զորեղ ու անուշ ձայն, պատրաստվում էր բեմին նվիրվելու: Գիտեր նվագել դաշնամուր, երաժշտության դասեր էր տալիս, փող ժողովում, որ գնա Իտալիա ձայնը մշակելու:

Առաջին օրն անծանոթ շրջանում զգացի սովորական անհարմարություն, երկրորդ օրն ընտելացա, իսկ մի շաբաթ անցած՝ բավական բարեկամացա բոլորի հետ: Մենք ճաշում Էինք միևնույն սենյակում, միաժամանակ, միևնույն սեղանի քով: Երկու ժամից սկսած մինչև երեկոյան չորս-հինգ ժամը, ծիծաղ, երգ, նվագում, պար ու սրախոսություններ խառնվում Էին միմյանց և ջերմացնում տարբեր ազգերի ու դավանությունների պատկանող մարդկանց բարեկամական մթնոլորտը:

Մի օր ճաշից հետո Լուիզան նստեց դաշնամուրի քով և սկսեց նվագել ինչ-որ վալս: Բասոկոնտատո Չեչլինին գրկեց կոնարայլար Լոլկրեցիա Կաֆարելչիին ու սկսեց պարել, բարձրացավ ընդհանուր ծիծաղ, որովհետև իրավ որ այդ մի զվարճալի զույգ էր: Տելլինին խիստ նիհար էր և շատ բարձրահասակ, Լուկրեցիա Կաֆարելլին, ընդհակառակը, խիստ գեր էր և կարճահասակ, Լուիզան նվագելով հանդերձ գեղեցիկ գլուխը ձգել էր հետ և անզուսպ քրքջում էր, լեցնելով սենյակը յուր անուշ ձայնի հյութալի հնչյուններով:

Զվարճության տաք միջոցին դոների մեջ նկարվեց ինձ համար մի անծանոթ կերպարանք: Ոչ ոք առաջին պահ չնկատեց նրան, բացի ինձանից, որ նստած էի դռների մոտ: Անծանոթը հենց առաջին վայրկյանից գրավեց ուշադրությունս: Ես դիտեցի նրան: Մոտ 16-17 տարեկան մի պատանի էր, նիհար, գունատ դեմքով, կուրծքը փոքր-ինչ ներս ընկած: Հագած էր մուգ-կապտագույն գոտևոր կարճ բաճկոն, որի կուրծքը զարդարված էր ասրյա խաչաձև ծոպերով, և նույն գույնի նեղ վարտիք: Ձեռին բռնած էր մի կակուղ կանաչագույն գլխարկ փետուրով զարդարված, նման այն գլխարկներին, որ գնում են թափառաշրջիկ հույն անդրիավաճառները կամ իտալացի երաժիշտները: Նրա դեմքի գծերը կանոնավոր Էին ու նուրբ, աչքերն ունեին ինչ-որ մելամաղձիգ արտահայտություն: Դա այն երջանիկ դեմքերից էր, որոնք հենց առաջին հայացքով մարդու սրտում շարժում են համակրության զգացում:

Իոնջոլբնո, — ասաց նա, գլուխ տալով:

Օհո՛, արտի՛ստը, — գոչեց ամենքից առաջ բարիտոն Կավալլարոն, որ մի բարեսիրտ մարդ էր մոտ երեսունուհինգ տարեկան:

Արտի՛ստը, արտի՛ստը, — կրկնեցին մյուսները: Նույն վայրկյանին պար, նվագում, ծիծաղ ընդհատվեցին, և բոլորի հայացքները դարձան դեպի պատանին:

Ո՛րտեղ էիր, այսքան ժամանակ չէիր երևում, — հարցրեց Կավալլարոն:

Սպասեցեք, նա տխուր է, — գոչեց Էոլիդան և մոտեցավ պատանունէլի ի՞նչ է պատահել, ինչու ներս չես մտնում:

Ո՞րտեղ է սինյորա Ստեֆանիան, — հարցրեց պատանին:

Նրա ձայնը հուզված էր, դողում էր: Կար այդ ձայնի մեջ մի սրտաշարժ շեշտ, որ արտահայտում էր հեզության հետ և թախիծ:

Ա՛ա, հասկացա, — ասաց Լուիզան, — էլի մայրդ երևվի հիվանդ է: Խե՛ղճ պատանի, դու սլանում ևս երկինք, նա կպած է երկրին...

Սինյորինա Լուիզա, ես ձեզ խնդրում եմ ինձ չխղճալ, — գոչեց պատանին վիրավորված, — սինյորա Ստեֆանիան այստե՞ղ է:

Մայրս խոհանոցումն է:

Պատանին գլուխ տվեց շնորհալի ձևով ու հեռացավ:

Նա չափազանց տխուր էր, — ասաց Կավալլարոն, — անշուշտ մայրն այս անգամ ծանր հիվանդ է:

Չեմ կարծում, — նկատեց Լուիզան, — այդ կինը միշտ հիվանդանում է որդուն տանջելու համար: Խե՛ղճ պատանի

Խեղճ, — կրկնեց ռուս ուսանողը կռու հեզնությամբ, — բայց նա չի ուզում որ դուք նրան խղճաք, սինյորինա Լուիզա: Տեսա՞ք, ինչպես վիրավորվեց:

Նա հպարտ է ինչպես սպանական հրանդ, — ասաց Կավալլարոն, յուր բարի աչքերը թանձր ունքերի տակից դարձնելով, դեպի ինձ, — և հպարտությանը սազում է նրա հեզությունը: Սինյոր, նրա կերպարանքն ինձ միշտ հիշեցնում է իմ եղբորը: Տաղանդավոր ջութակահար էր, մեռավ քսան տարեկան հասակում թևերիս վրա:

Դուք ճանաչո՞ւմ եք Լևոնին, — դիմեց ինձ օրիորդ Ռաիսան, հրեուհի ատամնաբույժը:

Ո՞չ: Երևակայեցեք, հարևաններ, պարոնը մեր արտիստին չի ճանաչում:

Օ՛օ, այդ աններելի է, — գոչեցին Լոլիզան ու Լուկրեցիա Կաֆարելլին:

Իմ կարծիքով, — ասաց Կավալլարոն, — ով գեղարվեստասեր է, իրավունք չունի Լևոնին չճանաչելու: Նա իսկական արտիստ է, այո , հոգով, սրտով, արյունով, ամբողջ էությամբ արտիստ:

Իմ հետաքրքրությունը բոլորովին գրգռվեց: Ո՞վ է, վերջապես, այդ մանուկը, որ այդքան գրավել էր հարևաններիս համակրանքը:

Եթե կամենում եք, իսկույն կծանոթանաք, — ասաց Լուիզան. — արժե այցելել նրան յուր ապարանքում: Գիտե՞ք ինչ, — դարձավ նա ընդհանուրին, — վատ չի լինիլ, եթե խմբովին գնանք մեր արտիստի հիվանդ մորը տեսնելու: Այո՛, վատ չի լինի... Ես գնում եմ, ով ուզում է, թո՛ղ հետևե ինձ:

Այս ասելով, նա անմիջապես դիմեց դեպի դռները: Բացի ուսանողից և երկրորդական բարիտոն Բորելլիից, բոլորս հետևեցինք նրան, նույնիսկ հաստամարմին Լուկրեցիա Կաֆարելլին:

Արտիստը բնակվում էր նույն տան վերին հարկում: Լուիզան մեզ առաջնորդեց դեպի գլխավոր սանդուղքը, բարձրացանք չորրորդ հարկը: Այնտեղից նեղ, կեղտոտ, փայտյա սանդուղքով հասանք հինգերորդ հարկը, մտանք մի մթին անցք: Անմիջապես խփեց մեր քթին ճարպի մեջ տապակվող մսի անախորժ հոտը:

Լուիզան կանգ առավ մեկթևանի մի ցածր դռան առջև:

Սինյոր Չելլինի, — ասաց նա, — ձեզ համար պիտի առաստաղը մի ֆուտ բարձրացնել,

Իսկ սինյորինա Կաֆարելլիի համար դռները պիտի երկու ֆուտ լայնացնել, — հեգնեց Չելլինինկոնտրայլտոյի մարմնի հաստությունը, գրկելով յուր երկայն թևով նրա իրանը:

Մենք մտանք մի սենյակ, որ մի փոքր մեծ էր, քան մի մեծ հավաբուն: Այնտեղ, մութ անկյունում, պատի տակ երեվում էր ինչ-որ բան, նման անկողնակալի, թե թախտի՝ չգիտեմ, սինյորա Ստեֆանիայի հաղթանդամ մարմինը թաքցնում էր նրան իմ աչքից: Մի քայլ առաջ գնալով, տեսա հնամաշ վերմակի տակ պառկած մի կնոջ դեմք: Նրա ճակատը կապած էր սև թաշկինակով, աչքերը հառած առաստաղին: Նա տնքտնքում էր ու ծանր հառաչում: Նրա ոտների կողմում կանգնած էր «արտիստը»: Ըստ երևույթին, նրա միտքը կլանված էր կամ մոր հիվանդությամբ, կամ մի ուրիշ հոգսով, որովհետև մեր երևալը աննկատելի մնաց նրա համար:

Դե լա՛վ, քիչ տնքտնքա, — ասում էր սինյորա Ստեֆանիան հիվանդին, — խոմ չես մեռնում: Սովորական հիվանդությունդ է էլի, վաղը կանցնի: Բա-բա-բա, տե՛ս մոտդ ինչ պատվավոր հյուրեր են եկել: Համարյա իմ բոլոր կավալերներն ու դամերը: Տղա, — դարձավ նա՝ Լևոնին, — երևի այդ դու ես անհանգստացրել մարդկանց:

Պատանին նայեց մեզ, չափազանց շփոթվեց և շտապեց սենյակի ընդամենը մի զույգ ջարդված աթոռներն առաջարկել յոթ հյուրերից չգիտեր որ մեկին:

Պարոնը բժի՞շկ է, — հարցրեց հիվանդը, երբ տեսավ ինձ:

Բժիշկ չէ,-պատասխանեց սինյորա Ստեֆանիան, — բայց, երևի, ցավդ բժշկից լավ կհասկանա. Քո հայրենակիցներից է

Հա՞յ, — գոչեց հիվանդը զարմանալով, թե ուրախանալով չգիտեմ և, գլուխը դանդաղ բարձրացնելով, նա նստեց անկողնում:

Հա՞յ, — կրկնեցի ես զարմացած, որովհետև ինչ ազգի ասես սպասում էի այդ միջավայրում, բացի հայից:

Այո՛, — ասաց օրիորդ Ռաիսան, — արտիստը ձեր հայրենակիցն է, զարմանալի է, որ չիմացաք հենց առաջին տեսնելուց:

Ո՞րտեղացի եք, — հարցրեց հիվանդը, — խոմ Բեսարաբիայից չե՞ք: Ո՞չ: Օ՛օ, այդ շատ լավ է, շատ լավ: Օ՛ֆ, օֆ-օֆ, Բեսարաբիայի հայերը աստված չունին, գազաններ են, չեն ուզում ցավս հասկանալ: Տե՛ր աստված, ոչ ոք ցավս չի հասկանում, ոչ ոք:

Էլի մի սկսիր հին երգդ, — գոչեց սինյորա Ստեֆանիան, — բավակա՛ն է:

Ո՛չ, Ստեֆանիա, չեմ կարող լռել, սիրտս այրվում է: Դու էլ մայր ես, բայց զավակդ տղա չէ: Օ՛հ, երանի իմն էլ աղջիկ լիներ: Չգիտես, ինչ է անում նա: Հոր նման տանջում է ինձ Պարոն, — դարձավ ինձ, — այդ փչացածն իմ միակ տղան է, հասկանո՞ւմ եք, միակ, ուրիշ զավակ չունիմ: Աստված սիրեք, խելքի բերեք նրան: Նա հոր ճանապարհով է գնում...

Սովորական գանգատներ են, — շշնջաց ականջիս Լոլիզան, — ուշադրություն մի դարձնեք:

Ես նայեցի Լևոնին: Ամաչելուց նա երեսը դարձրել էր պատին, մեզ չէր նայում:

Լոլիզան մոտեցավ նրան, բռնեց ձեռներից, երեսը դարձրեց յուր կողմը, ուղիղ նայեց աչքերին բարեկամականո՛չ, ավելիսիրող քրոջ քնքուշ հայացքով: Ինձ թվաց, որ այդ հայացքը թափանցեց մինչև Լեռնի հողախորքը: Եվ ո՞ւմ հոգու խորքը չէր թափանցիլ այն: Լևոնը զվարթացավ և երախտագիտության զգացումով լեցուն աչքերով նայեց իտալուհու երեսին:

Եթե օրինավոր որդի լիներ, — շարունակեց հիվանդը, — ձեզ նման պատվավոր հյուրերին այսօր այս խողաբնում կընդունե՞ր: Տեսնո՞ւմ եք, աթոռներ էլ չունինք: Անամո՛թ, ի՞նչ ես ցցվել փայտի պես: Չե՛ս տեսնում հյուրերիս:

Լևոնը կրկին անգամ սենյակի մի զույգ աթոռներն առաջարկեց մեզ: Նստել անկարելի էր, այդ փոքրիկ սենյակում յոթ-ութ հոգի կանգնել միայն կարող էին: Լուկրեցիա Կաֆարելլին երկար չդիմացավ օդի սակավությանը, դուրս գնաց:

Չելլինին հետևեց նրան, ասելով, թև արտիստի մայրը մեռնելու ախորժակ չունի դեռ, կարիք չկար անհանգստանալու:

Նրանց դուրս գնալուց հետո սենյակն այնչափ գոնե ազատվեց, որ ես կարող էի դիտել շուրջս: Այն, ինչ որ տեսա, ինձ հաճելի զարմացում պատճառեց: Մի անկյունում կախված Էին աշխարհիս անվանի երաժշտապետների, նվագիչների, երգիչների ու երգչուհիների լուսանկարները հովհարի ձևով միմյանց միացրած: Մյուս անկյունում դրված էր մի փոքրիկ գրասեղան, ծանրաբեռնված զանազան Էժանագին գեղարվեստական իրերով: Այնտեղ տեսա Բեթհովենի, Մոցարտի, Շեքսպիրի և Վագների կավյա կիսարձանիկները աղյուսի գույնով, մի հաստ խեցեղեն շվի, մի կոտրված սրինգ և ուրիշ այդպիսի պարագաներ: Սեղանի առաջին պատից կախված Էին մի կիթառ, մի մանդոլինա և մի ինչ-որ թատրոնական զգեստ՝ նման Ռիգոլետտոյի հագուստին: Ամենահետաքրքրականը մի նկար էր պոլի արայի վրա, ուր ներկայացնում էր երկու պատանիների մենամարտությունը բռունցքներով մի փողոցային երգչուհու համար: Աղջիկն ընկել էր մեջտեղ գզգզված մազերով և աշխատում էր բաժանել ախոյաններին...

Տեսնո՞ւմ եք,-շշնջաց ականջիս Կավալլարոն, — երաժշտություն, նկարչություն, պոեզիա, ոչինչ չի մոռացված:

Այդ միջոցին հիվանդը շարունակում էր գանգատվել.

Ահա երեք օր է, առավոտներն էլ երեսը չեմ տեսնում: Նա չի քնում, Ստեֆանիա, չի քնում: Չէ՛ որ կարող է հիվանդանալ, հետո ես ի՞նչ անեմ, ո՞վ կպահի ինձ: Գիշեր-ցերեկ թատրոններումն է: Հոր ցավը որդուն է անցել: Անիծվի նրա գերեզմանը, օրս սևացրեց:

Էլի՛ միևնույն գանգատները, — արտասանեց Լուիզան, — և ինչպե՞ս չի հոգնում այդ կինը: Եսամոլ...

Արդարև, հիվանդի աչքերի մեջ երևում էր եսամոլի հոգի, թեև գեղեցիկ էին այդ աչքերն և դեռ բավական վառվռուն մոտ հիսուն տարեկան կնոջ թառամած դեմքի վրա:

Հրաժեշտ տալիս նկատեցի մի բան. Կավալլարոն թաքուն Լեռնի ձեռի ափի մեջ սեղմում էր մի ոսկեդրամ, պատանին հրաժարվում էր ընդունել: Այդ ժամանակ բարիտոնը քայլերը դանդաղեցրեց, մնաց սենյակում, թույլ տալով, որ Լևոնը մեզ ուղեկցի:

Սինյորա Ստեֆանիան համառոտ պատմեց ինձ Լևոնի մասին հետևյալը: — Նրա հայրը եղել է թատրոնական վարսավիր և չափազանց գեղարվեստասեր: Համեստ, գլուխը քաշ արհեստավորը հանկարծ անձնատուր է լինում հարբեցողության կործանիչ ախտին և ոչ առանց պատճառի: Պարզվում է, որ անհույս սիրահարված է մի երգչուհու վրա, կուլիսների հետևում շուտով նա դառնում է ընդհանուր կատակների ու ծաղրի առարկա: Արտիստներից սկսած մինչև վերջին թատրոնական ծառան ծիծաղում են նրա հանդուգն զգացման վրա դեպի մի գեղեցկուհի, որի երկրպագուների թղում անվանում են նաև տեղական քաղաքագլուխ, հայտնի միլիոնատեր ու բարեգործ հույն Մարազչիին

Հալածանքն ու ներքին վիշտը ներգործում են վարսավիրի վրա այնչափ, որ սրտ դառնությունն օղու մեջ անգամ չի կարողանում խեղդել: Մի օր նա ծեծում է ռեժիսորին, որ ծաղրելիս է լինում նրա շինած մի կեղծամը, անվանելով նրան «սրիկա»: Նրան զրկում են թատրոնական վարսավիրի պաշտոնից: Այդ ժամանակից նա դառնում է օղու և փողոցների անդառնալի սեփականություն: Եվ մի երեկո ոստիկանները գտնում են նրան մի ծառի տակ, ձյունի մեջ թավալված, բերում են տուն: Երեք օր չանցած՝ մեռնում է տիֆից, թողնելով կնոջն ու զավակին ճակատագրի հաճույքին:

Այրին, ամուսնու արհեստից զզված ու տանջված, ութ տարեկան Լևոնին հանձնում է մի ատաղձագործի և ինքը սկսում ուրիշների համար ճերմակեղեն կարել: Երկու ամիս չանցած՝ մանուկն արհեստանոցից փախչում է ուսումնարան: Բարի մարդիկ տալիս են նրա ուսումնավարձը: Նա սովորում է գրել-կարդալը: Այրին հանձնում է նրան հագուստեղենի վաճառատուն: Մանուկը չի մնում այնտեղ: Մի աներևույթ ձեռք մղում է նրան դեպի թատրոն: Նա դառնում է աֆիշներ բաժանող օրական հիսուն կոպեկով և թատրոնների վերնահարկը բարձրանալու իրավունքով: Անցնում է կուլիսների հետևը, կամաց-կամաց ծանոթանում է արտիստական աշխարհի հետ: Այժմ բոլոր արտիստները ճանաչում են նրան, բոլորին նա ծառայություններ է անում, և բոլորը սիրում են նրան յուր հեզության և աշխուժության համար: Նա ոչ մի ներկայացում բաց չի թողնում, մանավանդ իտալական խմբի ներկայացումները: Նա ցերեկներն էլ թատրոնումն է կամ նրա շուրջը:

Սինյոր, կզարմանաք եթե ասեմ, որ այժմ նա երբեմն ստեղծում է նորեկ անծանոթ արտիստի համար փառք մեր քաղաքում, — շարունակեց մոր փոխարեն Լուիզան: — Այո՛, այո՛, սինյոր Չելլինի, մի՛ հակառակեք, այս ճիշտ է: Նա ունի բազմաթիվ հույն և հրեա ընկերներ, որոնք զարմանալի հավատ ունին դեպի նրա ճաշակը և սիրում են նրան: Դրանք կլակյորներ չեն, ո՛չ, այլ թատերասերներ: Չգիտեմ, գուցե նրանք կաշառում են, բայց Լևոնը, ո՛չ, երբեք չի կարելի նրան կաշառել Սինյոր Կավալլարո, ճի՛շտ եմ ասում, թե ոչ:

Նա ազնիվ է, որպես նորածին և զգայուն, որպես քնարի լար, — արտասանեց բարիտոնը: — Նա իմ հանգուցյալ եղբոր տիպարն է:

Բայց ինչպե՞ս է ստեղծում անծանոթ արտիստի համար փառք, — հետաքրքրվեցի ես:

Առաջին ծափահարությամբ, — պատասխանեց Կավալլարոն:

Չեմ հասկանում, — ասացի ես:

Սինյոր, երևի չգիտեք ինչ ասել է արտիստի համար առաջին ծափն անծանոթ քաղաքում: Շատ բան, երբեմն ամեն ինչ: Դուք թատերասեր եք, նկատած կլինեք մի երեվույթ: Թատրոնական սրահում նստող հասարակությունը հազիվ է վստահանում առաջին ծափը տալ անծանոթ արտիստին: Շատ անգամ, հոգով հիացած երգչի երգով, նա ամաչում է յուր հիացումը արտահայտել, կարող են նրան անճաշակ համարել: Բայց ահա, օգնության է հասնում Լևոնը: Նա ազատ է հասարակական, նախապաշարումներից, չի քաշվում առաջին ծափը տալ: Խումբը հետևում է նրա օրինակին, այն ժամանակ հասարակությունը, նույնպես ծափահարում է: Մյուս օրը լրագրերը գրում են այդ ծափահարությունների մասին, և ահա անծանոթ արտիստի հաջողությունը ապահով է:

Եթե, իհարկե, արտիստը շնորհք ունի, — ավելացրեց Չելլինին:

Այո՛, իհարկե:

Բայց քո Լևոնը կարող է շատ անգամ անշնորհքին էլ տալ առաջին ծափը, — նկատեց Բորելլին:

Ներողություն, — պատասխանեց Կավալլարոն, հեգնորեն ժպտալով, — մեր խմբի վերաբերմամբ գոնե նա դեռ այդպիսի սխալ չի գործել:

Ես գուշակեցի, որ Բորելլին դեռ չի արժանացել Լևոնի ծափին:

Վիճաբանությունը գուցե շարունակվեր, եթե կրկին ներս չմտներ Լևոնը: Այս անգամ նրա դեմքը բավական հանգիստ էր: Նա հրավիրեց Կավալլարոյին մի անկյուն և, շշնջալով ականջին, բաց թողեց նրա գրպանը մի ոսկեդրամ: Հետո իմացա, որ մեր դուրս գալուց հետո նա իր մոր բարձի տակ գտնում է այդ դրամը: Հասկանում է, որ Կավալլարոն պիտի դրած լինի, վերցնում է, բերում, վերադարձնում տիրոջը:

Համառ ես, Լևոն, համառ, — գոչեց Կավալլարոն, շփելով պատանու գլուխը հայրական սիրով: — Դե լա՛վ, մի՛ նեղանար, նստի՛ր, մի փոքր խոսենք: Դու, իհարկե, երեկ թատրոնումն էիր:

Էի:

Հավանեցի՞ր ինձ...

Իհարկե:

Ապա ինչո՞ւ երեսդ դարձնում ես ինձանից...Ա՛ա, կեղծո՞ւմ ես:

Սինյոր Կավալլարո, երեկ դուք շփոթված էիք:

Ե՞ս ամենևին: Սխալվում ես:

Ո՛, սինյոր, չեմ սխալվում: Երբ հանգիստ եք, երբեք չեք շեղվում: Մենք ամենքս իմացանք, որ ձեզ բարկացրել են:

Քեզ այդպես է թվացել: Ոչ ոք ինձ չէր բարկացրել: Ահա տեսա՛ր, Լևոն, ինձ դեռ չավ չես ճանաչում:

Լևոնը նայեց Կավալլարոյի աչքերին այնպիսի պարզ ու խելոք հայացքով, որ կեղծել նրա մոտ անկարելի էր: Կավալլարոն ձեռը դնելով նրա ուսին, ասաց.

Չես սխալվում, բարեկամս, երեկ ներկայացումից մի քիչ առաջ ես խոշոր վեճ ունեցա ռեժիսորի հետ:

Ո՛չ, սինյոր Կավալլարո, ասացեք՝ դիրիժորի հե՛տ,-ուղղեց Լևոնը համարձակ:

Դու ո՞րտեղից իմացար:

Օ՛ Կարլո-ն երգելիս՝ սինյոր Մարտինին կես տոն բարձր վերցրեց ձեզ շեղելու համար: Սինյոր Մարտինին բոլորի վերաբերմամբ անաչառ է, բացի իրանից: Ռեժիսորի պատճառով նա ձեզանից վրեժ չէր առնիր նա քինախնդիր է միայն յուր անձնական հակառակորդների դեմ:

Լսո՞ւմ եք, սինյոր, — դարձավ ինձ Կավալլարոն ոգեվորված, — այս պատանու բերանով խոսում է ինքը երաժշտական բնազդը և դիտողական ձիրքը:

Լևոնը վեր կացավ, գլուխ տվեց, շնորհակալություն հայտնեց մեզ մեր այցելության համար և շտապեց դեպի դռները: Այլևս նա այնքան գրավել էր ինձ, որ կամեցա անպատճառ հետը խոսել:

Հայերեն գիտե՞ք, — հարցրի ես, երևի, Հայրենասիրական զգացումից դրդված:

Գիտեմ,

Նա, ինչպես և յուր մայրը, խոսում էր ռուսերեն լեզվով տաճկական արտասանությամբ: Իտալացիներից միայն տանտիրուհիս և նրա աղջիկը գիտեին ռուսերեն, նաև Կավալլարոն: Մյուսների հետ Լևոնը խոսում էր իտալերեն:

Մի քանի հարցեր տվեցի նրան պարզ հայերեն լեզվով: Նա ապշած նայեց երեսիս և ժպտաց:

Չե՛ս հասկանում, — դարձա ես ռուսերեն լեզվի օգնությանը:

Այդ լեզուն եկեղեցական է, — խոսեց նա տաճկերեն լեզվով, — իմ իմացած հայերենն ահա այս լեզուն է:

Ինձ համար նորություն չէր Բեսարաբիայի հայերի մայրենի լեզու չիմանալը: Բայց առաջին անգամն էի պատահում մեկին, որ տաճկերենը հայերեն էր համարում:

Ես խնդրեցի Լևոնին այցելել ինձ շուտ-շուտ և իմ կողմից խոստացա այցելել նրան:

Նա ինձ երկար սպասել չտվեց: Հետևյալ օրն իսկ եկավ սենյակս և ուրախ-ուրախ հայտնեց, թե մայրն արդեն առողջանում է: Ուղիղն ասած, ես չէի հետաքրքրվում մոր վիճակով, ինձ զբաղեցնողը որդու ճակատագիրն էր:

Երբ խոսք բաց արի թատրոնի ու երաժշտության մասին, պատանին կերպարանափոխվեց, ինչպես կրակոտ սիրահար, երբ խոսվում է նրա սրտի ընտրյալի վերաբերմամբ: Ոգևորված նկարագրեց յուր լսած երևելի երգիչների ու նվագիչների տաղանդը: Վերքին յոթ տարվա ընթացքում նա լսել է գրեթե բոլոր նշանավոր երգիչներին ու նվագիչներին, որոնք այցելել Էին Ռուսաստան Օդեսայի վրայով:

Երևի դու էլ նվագում ես կամ երգում, — հարցրի ես:

Ո՛չ, սինյոր:

Չեմ հասկանում:

Երգելու համար ձայն չունիմ:

Իսկ նվագելու համար գործիքներ շատ ունիս սենյակումդ: Երեկ տեսա:

Այո, նվագում եմ մանգոլինա և կիթառ:

Նոտաներ գիտե՞ս:

Սինյորինա Լուիզան սովորեցրել է: Դուք լսե՞լ եք նրա երգեցողությունը: Հիանալի ձայն ունի: Այնպես չէ՞: Այո՛: Հավանե՞լ եք: Իհարկե, ո՞վ չի հավանիր Օ՛օ, Լուիզային մեծ ապագա է խոստանում...

Նա լռեց, հառաչեց, հայացքը ձգելով դեպի անորոշ տարածություն: Ես նրա դեմքի վրա նշմարեցի հոգեկան գաղտնի տառապանքի արտահայտություն: Խոստովանում եմ, այն ժամանակ նշանակություն չտվեցի նրա հառաչանքին: Եվ մի՞թե կարող էի երևակայել տասնույոթ տարեկան պատանու հոգին որևէ լուրջ վշտի ընդունակ:

Այդ բոլորը լավ, — ասացի ես, — բայց դու ինչո՞վ ես կերակրում քեզ ու մորդ: ՉԷ՞ որ հայրդ ժառանգություն չէ թողել:

Գործ շատ կա, սինյոր: Պրոգրամներ եմ ծախում, ստատիստի դեր եմ կատարում բեմի վրա, պոչ եմ բռնում: Ա՛խ, սինյոր, եթե միջոց ունենայի, կսովորեի վիոլոնչել նվագել ու կմտնեի երաժշտական խումբը:

Հիշո՞ւմ ես հորդ, Լևոն:

Իհարկե, շատ լավ եմ հիշում:

Ասում են, նա բարի մարդ էր:

Այո , սինյոր, շատ բարի էր, միայն...

Հարբում էր, — լրացրի ես պատանու խոսքը:

Նա երբեք ինձ չէր ծեծում, չէր էլ բարկանում վրաս: Բայց ո՛չ, մի անգամ բարկացավ, հիշում եմ...

Երևի չարություն էիր արել:

Այո՛: Այն ժամանակ նրա խանութն ահա այն անկյունի կապույտ տան ներքին հարկումն էր: Ամեն օր գնում էի այնտեղ կեղծամներ սանրում: Մի օր նա տխուր էր շատ: Մի ժեներալ եկավ երեսը սափրել տալու: Նրա մոտ միշտ մեծամեծներ էին գալիս: Ես վերցրի մի սանր, վրեն քաշեցի մի թուղթ ու սկսեցի շրթունքներովս նվագել: Ժեներալը բարկացավ ու հորս հրամայեց ինձ դուրս անել: Հայրս մոտեցավ, ականջս քաշեց ու, վզակոթիս տալով, վռնդեց դուրս: Բայց հետո, երբ ժեներալը գնաց, կանչեց ինձ ներս, աչքերս սրբեց, համբուրեց ու ասաց. «Եթե դու կունենաս երաժշտական ընդունակություն, ինձ գրավ կդնեմ, քեզ չեմ թողնիլ առանց ուսման»: Այո սինյոր, շատ լավ մարդ էր, թեև հարբում էր: Սինյոր, ներեցեք, ո՞ր ժամն է:

Տասնումեկ:

Օ՛օ, ես ուշացա: Ներողություն, էլի կգամ: Ձեր սենյակը լավն է: Դուք ինձ գրքեր կտաք կարդալու, այո՞: Շնորհակալ եմ: Ցտեսություն: Այսօր Կալաֆատիի բենեֆիսն է: Թատրոնը լիքն է լինելու: Պետք է գնամ պոչ բռնեմ:

Ես կամեցա հարցնել՝ ինչ ասել է (պոչ բռնել», բայց Լևոնն արդեն չքացել էր:

Կալաֆատին ընտիր երգչուհի էր:

Գնացի թատրոն տոմսակ վերցնելու: Կասի առաջ կանգնած էր գնողների մի երկայն շարք, որ հասնում էր մինչև փողոցի կեսը: Եղանակը սառն էր, խոնավ, անախորժ:

Պիտի բռնեի շարքի վերջին տեղը և ամենաքիչը մի ժամ սպասեի մինչև հերթս հասներ: Ուզում էի վերադառնալ տուն, երր լսեցի իմ ազգանունը: Դա Լևոնի ձայնն էր, որ կարող էի ճանաչել հարյուրավոր ձայների մեջ. Նա կանգնած էր կասից մի քանի քայլ միայն հեռու, երկու հրեաների միջև սեղմված:

Տոմսա՛կ եք ուզում գնել, — հարցրեց նա տաճկերեն:

Այո՛:

Եկեք, տեղս բռնեցեք, ապա թե ոչ, շուտ չեք հասնիլ կասին:

Ես բռնեցի նրա տեղը: Նա գնաց կանգնեց շարքի վերջում: Այստեղ միայն իմացա՝ ինչ ասել է պոչ բռնել: Լևոնը կանգնում էր շարքի հետևում և, երբ բավական մոտենում էր կասին, յուր հերթը ծախում էր ցանկացողին հինգ-տասը կոպեկով: Հետո դարձյալ գնում էր ու շարքի հետևում կանգնում: Նա ամեն միջոց գործ էր դնում թատրոնից չհեռանալու համար: Նրա օդը, կերակուրը, կյանքը, ամեն ինչ թատրոնն էր:

Իմ հետաքրքրությունը այդ պատանու վերաբերմամբ արդեն այնքան մեծ էր, որ աշխատում էի ամեն օր նրան տեսնել:

Մի առավոտ նրա մոտ հանդիպեցի երկու անծանոթների, որոնց հետ յուր սենյակի դռների առջև կանգնած խոսակցում էր:

Մեկը յուր հասակի պատանի էր հնամաշ հագուստով, բայց գլխին նոր գլխարկ: Դեմքի գծերը բուն հրեական էին, աչքերը դեղնագույն, մազերը գրեթե կարմիր, երեսը ինչ-որ բծերով ծածկված, սակայն համակրելի:

Մյուսին ես շատ անգամ էի տեսել քաղաքի զբոսավայրերում ու թատրոնների առջև: Դա մոտ քսանուհինգ տարեկան երիտասարդ էր, այնքան նիհար, այնքան բարակ ու գունատ, որ կարծես մագաղաթից լիներ շինվածք նրա երեսը երկարավուն էր ու նեղ, աչքերը կլոր ու փոքրիկ, կոկորդի ոսկորը դուրս ցցված: Հարթ ու նոսր մազերը, մինչև ունքերը քաշած կակուղ գլխարկի տակից ցած իջնելով, յախույի պես կպել էին բարակ պարանոցին և ընղգրկել կոկորդի մի մասը: Սև սյուրտուկի վրա հագած էր թիկնոցավոր վերարկու առանց աստառի, լայն թևերով: Մի ձեռին բռնած էր բազկի հաստությամբ մի դեղնագույն փշոտ փայտ, մյուս ձեռին՝ անկազմ գրքույկներ և տեղական լրագրերի համարները:

Իմ ընկերներն են, — ասաց Լևոնը, անմիջապես ծանոթացնելով ինձ նրանց հետ: — Բանաստեղծ Չաուշենկո, Իցկո Մարգուլիս:

Ես հաճույքով սեղմեցի երկուսի էլ ձեռը:

Չաուշենկոն սիրում է մարդկանց հետ ծանոթանալ յուր երկերի միջոցով, — ասաց լայն վերարկու հագած երիտասարդը, որ ինքն բանաստեղծն էր:

Եվ անմիջապես, գրքույկներից մեկը պահելով քթիս առջև, հարցրեց.

Չէիք կամենալ արդյոք մի օրինակ վերցնել:

Հաճույքով:

Գրքույկի վերնագիրն էր. Часы горя и страданий; стихотворения Леонида Николаевича Чаушенко.

Դուք գուցե զարմանաք, մոսյո, — ասաց նա, դնելով վարտիքի գրպանը գրքույկի արժեքը, — որ ես, այսպես ասած, հանդգնեցի կապել ձեր վզին իմ երկը: Բայց մի՛ վրդովվեք, մարդիկ իրանց խիղճն են ծախում, Չաուշենկոի՝ յուր երկերը: Նախկին գրաշար եմ: Ինքս գրում եմ, ինքս շարում, ինքս տպում, ինքս վաճառում, ինքս էլ ուտում իմ սրտի արյան վաստակը...

Իսկ ես նախկին և ներկա ջհուդիկ եմ, — ընդհատեց բանաստեղծի խոսքը Իցկո Մարգուլիս կոչված պատանին, — երբեմն լրագիրներ եմ ծախում, երբեմն էլ թատրոններում ծառայում: Նեղ տեղն ընկնելիս փողոցներում կոշիկներ եմ սրբում:

Եվ երևակայում է իրան ապագա Ռուբինշտեյն, — հեգնեց Չաուշենկոն:

Ա՛խ, պարոն, արդյոք դուք երաժշտության ուսուցիչ եք: Ո՛չ: Ափսո՛ս: Ես կկամենայի ձեզանից դաշնամուրի վրա դասեր վերցնել: Ծիծաղի՛ր, Չաուշենկո, բայց էլի ես պիտի քո Часы горя и страданий երաժշտության վերածեմ: Դե լա՛վ, գավազանդ մի՛ ցույց տուր, ես երկչոտ ջհուդներից չեմ, ես հրեա եմ: Արեվիռե՛րչի, սինյորԳնա՛նք, բանաստեղծ: Չիմբա, չիմբա-չիլալա՛...

Նա քամու արագությամբ թռավ դուրս: Չաուշենկոն հետևեց նրան, հաստ գավազանի ծայրն աղմուկով զարկելով փայտյա սանդուղքի աստիճաններին:

Փառք, աստծո, այս անգամ Լևոնի մայրը տանը չէր, գնացել էր շուկա պարեն գնելու: Լևոնն ասաց, թե Չաուշենկոն ու Իցկո Մարգուլիսն եկել էին խորհրդակցելու իտալական խմբի առաջին երգչուհի Բարբինիի բենեֆիսի մասին: Պատրաստվում են արտաքո կարգի ցույցեր: Չաուշենկոն մտադիր է բենեֆիսի պատվին նվիրել երգչուհուն մի բանաստեղծություն, որ պետք է թարգմանել իտալերեն:

Ես, Լևոնին փորձելու համար, ասացի.

Կցանկանայի իմանալ, դուք ի՞նչ գործ ունիք երգչուհիների բենեֆիսների հետ:

Ինչպե՛ս թե ինչ գործ ունիք, — գոշեց նա զարմացած, — երգչուհիները գեղարվեստին չեն ծառայում:

Շատ էլ ծառայում են, հետո՞

Ամեն մարդ պարտավոր է պատվել գեղարվեստը:

Գեղարվեստ՛ը շռայլություն է: Նա հարուստների համար է: Իսկ դու և քո ընկերները աղքատ եք:

Հարուստներն արտիստներին նվերներ են անում, իսկ մենք՝ ցույցեր

Հազիվ մի քանի րոպե խոսել Էինք, երբ ներս մտավ Լևոնի մայրը: Դնելով պարենի զամբյուղը. Շեքսպիրի քթի, առջև, նա իսկույն ևեթ հարձակվեց որդու վրա:

Էլի փողոցային սրիկաները այստեղ Էին, հա՞: Երևի, խորհուրդ ունեիք: Մի շաբաթ է՝ գլուխս ցավեցնում եք այդ երգչուհու բենեֆիսով: Պարոն, տեսա՞ք, — խոմ տեսա՞ք այս անզգամի ընկերներն ովքեր են: Ի՞նչ կարող է սովորել այդ պիսիներից: Փո՛ւչ, փո՛ւչ զավակ

Երբեմն՝ մայրերը կարող են իրենց հարազատ զավակների թշնամին լինել: Անշուշտ Լևոնի մայրը սիրում էր որդուն, — բայց չէր տեսնում յուր և նրա մեջ եղած վիհը, այն ահագին վիհը, որ չէր կարելի լեցնել ու հարթել անվերջ նախատինքներով: Մի անգամ այս մասին խոսում էինք մեր սեղանատանը, սինյորա Ստեֆանիան և Բորելլին պաշտպանելին մորը, իսկ մյուսները՝ որդուն: Ռաիսան ասաց.

Մեզ՝ հրեաներիս, համարում են նյութապաշտ. Ես դեմ չեմ, ճիշտ է. բայց, հավատացեք, ոչ մի հրեա, մանավանդ հրեուհի յուր որդու վերաբերմամբ այդ քրիստոնյա կնոջ չափ նյութամոլ չէր լինի: Հրեան խելոք կերպով է հարստահարում յուր որդուն: Եթե յուր որդու մեջ տեսնում է երաժշտական կամ երգելու ձիրք, աշխատում է հենց այդ ձիրքը շահագործել: Նա չի ստիպում նրան արհեստավոր կամ վաճառական դառնալ:

Երկու անգամ Լևոնն իմ ներկայությամբ լաց եղավ, երբ մայրը հանդիմանում էր նրան իբրև «անպետք» զավակի: Նա փաթաթվեց մոր պարանոցին, գոչելով.

Մա՛մա, մա՛մա, մի՛ բարկանալ, ես քեզ սիրում եմ:

Օ՛, ոչ, այդ պատանին չէր կեղծում: Նա սիրում էր մորն անչափ, և այս նրա դժբախտության պատճառներից մեկն էր:

Կարելի՞ է, — լսեցի մի առավոտ դռների հետևից Լևոնի ձայնը, երբ դեռ անկողնից չէի վեր կացել:

Ուրախությամբ հրավիրեցի նրան ներս: Նա գլխաբաց էր, երեսն անլվա, աչքերի սպիտակուցները դեղնած, մազերը գզգզված, դեմքը մագաղաթի պես գունատ: Կռնատակին պահած էր մանգոլինան և այնպես ամուր սեղմած, որ, կարծես, վախենում էր ձեռքից խլեն: Նրա բաճկոնի կոճակները բաց էին, փողկապ չուներ, շապկի եզրերը բաժանվել էին և երևան էին հանում նրա նիհար կուրծքը: Ծնկների վրա կուչկուչված վարտիքի ծայրերը բարձրացել էին, երևում էին կոշիկների ականջները:

Ներողություն, սինյոր, — ասաց նա, ցրված հայացքը պտտեցնելով չորս կողմը, — կարծում էի՝ վեր եք կացել:

Ես շտապեցի նրան հանգստացնել, թե հենց վեր էի կենում, երբ եկավ: Նա խնդրեց թույլ տալ իրան կես ժամ մնալու իմ սենյակում: Ոչ միայն կես ժամ, այլ միշտ, երբ կամենար և որքան կամենար, կարող էր օգտվել իմ սենյակից: Բայց այս անգամ ինձ շփոթեցրեց նրա այլայլված կերպարանքը:

Ի՞նչ է պատահելՀարցրի, կարծելով, որ թաքնվում է ինչ-որ հալածողներից:

Մի քանի վայրկյան չպատասխանեց: Ես հարցս չկրկնեցի, սկսեցի հագնվել: Նա մոտեցավ դռներին, նայեց դեպի դուրս ու հետ եկավ, կանգնեց սենյակի մեջտեղում, ավելի ամուր սեղմելով մանդոլինան կռան տակ:

Գիտե՞ք, սինյոր, — ասաց, — կարող է մայրս գալ:

Ի՞նչ անենք, թո՞ղ գա:

Ես նրանից եմ փախել: Ուզում էր մանդոլինաս կոտրել, վառարան գցել:

Ինչո՞ւ:

Մինչև լույս չեմ թողել նրան քնելու, նվագել եմ: Հետո պատմեց, թե երեկ օպերային երաժշտական խմբի բենեֆիսն է եղել: Ներկայացումից հետո բոլոր երաժիշտները գնացել են հյուրանոց ընթրելու: Խմբապետը Լևոնին էլ հրավիրել էր, ընթրիքի միջոցին մեկը վիոլոնչելով նվագել է, ի միջի այլոց, և՛ մի սպանական եղանակ՝ «Մադրիդի շրջմոլիկը»:

Գլխիցս չէր դուրս գալիս էդ եղանակը: Ուզում էի անպատճառ սովորել այս գիշեր, որ չմոռանամ:

Եվ սովորեցի՛ր:

Այո՛:

Ինձ համար կնվագե՞ս:

Լևոնի բնավորությունը պարզ էր: Նա կոտրատվել չգիտեր, ամեն բանի վերաբերվում էր հասարակ: Ես արդեն մի քանի անգամ լսելի էի նրա նվագումը: Վատ էր նվագում, թե լավ, չգիտեմ, միայն զգացվում էր և զգացնել տալիս լսողին:

Next page
Pages: First Previous 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 Next Last