Շիրվանզադե Ալեքսանդր՝   Պատմվածքներ, նովելներ, ֆելիետոններ

Ստի՛ր, ստի՛ր, բարեկամ: Բայց ես քեզ լավ ե՞մ ճանաչում:

Մի անգամ նա, ընդհարվելով մի ինչ-որ խմբագրի հետ, ասաց.

Եթե դուք լավ մարդ լինեիք, այդքան չէիք շողոքորթի մեծամեծներին:

Վիրավորված խմբագիրը պահաջեց, որ Սիմոնը վռնդվի տպարանից: Տպարանատերը չհամաձայնեց, ասելով.

Ես չեմ կարող ինձ զրկել Սիմոնի պես մի լավ բանվորից: Նա իմ տպարանի աչքն է:

Ընկերները հարգում էին Սիմոնին և, իրարու հետ ընդհարվելիս, միշտ նրան էին դատավոր կանչում: Ոմանք իրենց հոգու խորքում վախենում էին նրանից:

Սիմոնը բարեսիրտ էր, բայց խստապահանջ՝ մարդկային արարքների վերաբերմամբ: Ատում էր ամբողջ հոգով բոլոր անարդարությունները, խոշորներից սկսյալ մինչև ամենափոքրերը: Ուղղամիտ և արդարադատ չէր: Անողոք էր, երբ հարկավոր էր պարսավել, անսահման ներողամիտ երբ վիրավորում էին նրան: Հարգելով զորեղներին, չէր թեքվում նրանց առջև: Պաշտպանելով թույլերին, երբեք կողմնապահ չէր նրանց օգտի համար:

Փիլիսոփա չէր Սիմոնը, բայց գիտեր արհամարհել կյանքի դառնությունները: Ընտանեկան լուծը տանում էր անտրտունջ, թեև ծանր էր շաբաթական մի քանի տասնյակ ռուբլիներով կերակրել վեց բերան:

Նրա չորս զավակներից ամենամեծը տասնուհինգ տարեկան Վահանն էրաշակերտ Ներսիսյան դպրոցի: Մնացյալները 3, 5 և 9 տարեկան աղջիկներ էին: Վաղ առավոտից մինչև ուշ երեկո նրա կինը աշխատում էր անընդհատ և հազիվհազ կարողանում էր քիչ թե շատ կարգ ու կանոն ու մաքրություն պահպանել իր աղքատիկ տնտեսության մեջ: Իր բնույթով ու կենսական պահանջներով Շողիկը Սիմոնի հակապատկերն էր: Անիծում էր իր ճակատագիրը առավոտից մինչև երեկո և կծու խոսքերով հանդիմանում Սիմոնին նրա աղքատության համար: Նա քահանայի աղջիկ էր: Նա շարունակ կրկնում էր:

Եթե հայրս գիտենար, որ դու ինձ այդպես ես պահելու, քեզի կտա՞ր իր աղջիկը:

Մոռանում էր, որ տեր Մեսրոպը շատ լավ գիտեր գրաշարի նյութական վիճակը: Մոռանում էր նաև իր անհրապույր արտաքինը, որ չէր կարող գրավել Սիմոնից մի աստիճան ավելի խստապահանջ մեկին:

Կնոջ անվերջ կշտամբանքներից ձանձրացած գրաշարը նայում էր իր կինամոնագույն խոշոր ու խելացի աչքերով կարճահասակ, կարճավիզ, կոշտ ու կոպիտ կողակցին և զարմանում էր, թե նրա ինչովը հրապուրվեց: Բայց նա այնքան նրբազգաց, էր, որ երբեք Շողիկի երեսովը չէր տալիս նրա տգեղությանը: Չէր էլ վիճում, նրա հետ, զգալով, որ չունե բավականաչափ զորեղ հիմք՝ աղքատությունը պաշտպահելու Համար: Միայն, կրկնում էր.

Դու ինձնից ազնվություն պահանջիր, և ոչ հարստություն:

Շողիկն ամեն անգամ կծու հեգնանքով ժպտում էր այդ դարձվածը լռելիս: Մի անգամ-այնպես կատաղեց, որ ասաց.

Մի զույգ կոշիկներ երեխայիս համար ավելի թանկ արժե, իմ աչքում, քան քո ազնվությունը:

Սիմոնը մի հոգս և մի փափագ ուներինչպես տալ Վահանին բարձր ուսում: Իր լավագույն հույսերը նրա վրա էր դրել: Էհ մինչև այժմ մի կերպ ապրել են, էլի կապրեն մի քանի տարի: Ահա Վահանն արդեն հինգերորդ դասարանումն է, երկու տարուց հետո նա կլինի համալսարանում, և մեկ էլ տեսար մի օր ավարտեց ու եկավ բժիշկ կամ իրավաբան` միևնույնն է: Այն ժամանակ, նա կխոսե Շողիկի հետ:

Մինչև նրա գալը ես կգնամ մյուս աշխարհը,-ասում էր անհաշտ կինը և շարունակում էր կրծոտել Սիմոնի համբերությունը:

Վերջին ժամանակ Սիմոնը շատ անհանգիստ էր: Բանն այն է, որ Վահանը ծուլացել էր, առաջվա սիրով չէր հետևում իր դասերին: Արդեն երկու անգամ Սիմոնին կանչել էին դպրոց և այդ մասին հայտնել:

Սիմոնը սովոր չէր իր զավակներին ծեծով կրթելու: Նա գիտեր, որ ծեծն առհասարակ խրատելու ու կրթելու միջոց չէ: Նա միշտ հիշում էր իր գրքույկում կարդացածը, թե Զվիցերիայում կենդանիներին անգամ չեն ծեծում:

Երեխաներին պետքե է սովորեցնել հարգել ու սիրել ծնողներին և ոչ թե վախենալ նրանցից,-ասում է նա հաճախ Շողիկին, որ այս դեպքում ևս համաձայն չէր նրա հետ և մեկ-մեկ ծվծվացնում էր իր փոքրիկներին:

Եվ նա ինքն աշխատում էր խոսքով ուղղել Վահանին:

Սակայն երբեմն չէր կարողանում կատաղությունը զսպել և իր խրատները ավարտում էր սպառնալիքով:

Եթե քեզ դպրոցից դուրս անեն, քեզ կսպանեմ: Վահանը, որ արտաքուստ իր մոր պատճենն էր իր լայն երեսով, նեղ ճակատով, տափակ քթով ու իրարից շատ հեռու տեղավորված աչքերով, լսում էր նրան լուռ, գլուխը կրծքին թեքած: Նա միանգամայն հանգիստ էր, որ Սիմոնը երբեք ձեռ չի բարձրացնի որդու վրա: Քիչ կան փողոցում թափառող ծույլ տղաներ, որոնց զրկել են ուսումից, ո՞ր մեկն է սպանվել դրա պատճառով: Բայց Վահանը, բացի ծույլ լինելուց, և անհանգիստ էր ու չար: Ինքը դասերը չպատրաստելով, խանգարում էր և ընկերներին:

Երկրորդ անգամ Սիմոնը, դպրոց կանչվելով, մանկավարժական խորհրդից լսել էր հետևյալ սպառնալիքը.

Եթե դուք չուղղեք ձեր որդուն, ստիպված կլինենք նրան արձակել: Այդ տեսակ աշակերտները Դպրոցի չարիքն են:

Մի երեկո, տպարանից տուն գալով, լսեց, որ դարձյալ իրեն դպրոց են կանչել:

Սիրտս վկայում է, — ասաց նա Շողիկին, — որ այս անգամ այդ անպիտանին դուրս են անելու դպրոցից:

Քանդվի նրանց դպրոցը, ու իրենք էլ գետինը մտնեն: — գոչեց Շողիկը: — Շատ են փքվում իրենց տված ուսումով:

Երբ Վահանը երևաց, Սիմոնը այնպիսի երկարատև ու խոր թափանցող մի հայացք ձգեց նրա վրա, որից մի ուրիշ զավակ կդողար: Բայց Վահանի անտարբեր ու բութ դեմքի մի մկանն էլ չշարժվեց: Միայն նրա աչքերի բիբերը ծռվեցին մի կողմ, և սպիտակուցները պսպղացին շիկացած երկաթի պեծերի պես: Հայրն էր, որ սարսափեց որդու աչքերից: Այդ աչքերը լավ բան չէին խոստանում նրան:

Հետևյալ առավոտ Սիմոնը բանվորական կապույտ շապիկի փոխարեն հագավ իր տոնային հագուստը՝ օսլայած շապիկով և գնաց դպրոց, կանխապես մտնելով տպարան և տիրոջից մի ժամվա արձակուրդ խնդրելով: Նրա սիրտն ուժգին բաբախում էր ամոթի զգացումից: Ի՞նչ պատասխան պիտի տա նա մանկավարժներին, ինչո՞վ պիտի պաշտպանե ու արդարացնե իրեն ու իր որդուն:

Նա ստիպված եղավ սպասել գրեթե մի ամբողջ ժամ, որովհետև առաջին դասը նոր էր սկսվել, երբ սա մտավ դպրոց:

Վերջապես, լսվեց զանգակի ձայնը: Աշակերտները աղմուկով դուրս թափվեցին բոլոր դասարաններից միաժամանակ, ինչպես մեղուները փեթակից, և դպրոցի բակը լցրին աղմուկով: Սիմոնն աչքերով փնտրեց Վահանին ու չգտավ: Այս հանգամանքն ավելի սաստկացրեց նրա անհանգստությունը: Նա սկսեց ամաչել աշակերտներից անգամ: Նրան թվաց, որ յուրաքանչյուր պատանի մտքում ծաղրում է ու խղճում իրեն: Նրան կանչեցին ուսուցչական սենյակը:

Այստեղ կանաչ կերպասով ծածկված երկայն սեղանի քով նստած էին միայն տեսուչն ու մի վերակացու: Սիմոնը ներս մաավ անվստահ քայլերով: Խոնարհ գլուխ տվեց ու կանգնեց դռների առջև:

Առաջ եկեք, — հրավիրեց տեսուչը, մի չափազանց նիհար մարդ, կարճլիկ ալեխառն մորուքով:

Նրա ձայնը Սիմոնին թվաց չարագուշակ, և, նայելով նրա կնճռոտված ճակատին, զգաց, որ այս անգամ լսելու է ավելի վատ բան:

Նա չէր սխալվում:

Պարոն Մուրադյան, — արտասանեց տեսուչը չոր ու կտրուկ ձայնով, — մանկավարժական խորհուրդը որոշել է ձեր որդուն արձակել դպրոցից: Ցավում ենք, իհարկե, բայց այլևս չենք կարող նրան պահել:

Հարվածը զորեղ էր, բայց Սիմոնն արդեն պատրաստվել էր նրան ընդունելու: Նա չէր գուշակում, որ իրեն սպասում է մի ուրիշ ավելի զորեղ հարված:

Ծուլության ու չարության պատճառո՞վ եք արձակում իմ որդուն, — հարցրեց նա հազիվ լսելի ձայնով:

Տեսչի դեմքով սահեց մի հեգնական ժպիտ:

Դժբախտաբար, — ասաց նա ճակատը շփելով, ձեր որդու ախտը միայն ծուլությունն ու չարությունը չեն:

Հապա՞:

Նա գող է:

Սիմոնը ցնցվեց, մի քայլ ետ կանգնեց ու գլուխը հպարտ բարձրացնելով, արտասանեց.

Պարոն տեսուչ, ես ձեզ խնդրում եմ. չանարգել իմ որդուն:

Պարոն Մուրադյան, ձեր որդին գող է, — կրկնեց, տեսուչը, յուրաքանչյուր բառը առանձին շեշտերով: — Մենք նրա մասին կասկածներ ունեինքդեռ անցյալ տարի, հիմնվելով մի քանի աշակերտների գանգատների վրա: Բայց չէինք կարող առանց ապացույցների հավատալ, որ ձեզ նման, մի ազնիվ մարդու որդին կարող է այդպիսի ախտ ունենալ: Դժբախտաբար այսօր մեր ձեռքում կան անհերքելի փաստեր, ուստի որոշեցինք դպրոցն ազատել մի ախտավորից:

Բայց ի՞նչ է գողացել իմ որդին և ո՞ւմից, է գողացել, — հարցրեց Սիմոնը:

Պարոն. Ջանամյանց, — դարձավ տեսուչը վերակացուին: — Կարդացեք ձեր կազմած «ցուցակ-հանցանացը»:

Վերակացուն, որ մի ակնոցավոր ծերունի էր, վերցրեց իր առջև դրած թուղթն ու կարդաց: Ապացուցված էին ու ու վկաներով հասատված ինը դեպքեր գողության, որոնցից ամենափոքրն էր մի ռուբլի, ամենամեծն մի արծաթյա ժամացույց՝ վերջին դասարանի մի աշակերտից: Յուրաքանչոյւրը մուրճի մի-մի հարված էին Սիմոնի համար:

Նա լսում էր գլուխը կրծքին թեքած, շունչը զսպած, ոտքից մինչև գլուխ դողալով:

Երբ վերակացուն ավարտեց, Սիմոնը հարցրեց,

Այդ գողությունները խոստսվանե՞լ է իմ որդին:

Մի քանիսը, այո, — պատասխանեց, վերակացուն:

Գողացած իրերից կամ փողերից ոչի՞նչ չի վերադարձրել:

Բացի մի զելիից, ոչինչ չէ վեադարձրել:

Ո՞րքան, է ձեր կարծիքով գողացած փողերի, գումարը: Ժամացույցն էլ հաշվեցեք:

Փողերի գումարն է վաթսուն և հինգ ռուբլի, իսկ Ժամացույցն արժեր ոչ պակաս, քան տասնևհինգ ռուբլի:

Սիմոնը քրքրեց իր գրպանները: Գտավ ընդամենը տասնմեկ ռուբլի: Դողդոջուն ձեռքով դնելով այդ գումարը սեղանի վրա, նա ասաց.

Մնացյալը թույլ տվեք բերել հետո: Ասաց և առանց մի խոսք ավելացնելու, գլուխ տվեց ու դուրս եկավ;

Խեղճ մարդ, ինչպեվս ազդվեց:

Սիմոնը գնում էր տուն: Ճանապարհին նա հիշեց տպարանը և մտնելով այնտեղ, հայտնեց տիրոջը, ր այդ օրը նա չի կարող աշխատել:

Ի՞նչ է պատահել, դու դողում ես,-հարցրեց տպարանատերը զարմացած:

Ոչինչ,-ասաց Սիմոնը ու հեռացավ:

Երկինք ու երկիր մթագնել էին Սիմոնի աչքերում: Ամոթի ու խայտառակության զգացումն էր պաշարլ նրն: Նրա որդին գո՞ղ: Մի՞թե աստված կարող է լինել այդչափ դաժան: Ինչո՞ւ, ի՞նչ մեղքերի համար: — Մի՞թե նա չէ, որ իր շրջանում ամենից կատաղի է բողոքել մարդկային այլանդակ արարքների դեմ:

Գո՛ղ, իմ որդին գո՛ղկրկնում էին նրա բորբոքված շրթունքները երբեմն այնքան լսելի ձայնով, որ անցորդները կանգ էին առնում ու նայում նրա ետևից:

Գո՛ղ` Սիմոն Մուրադյանի որդին հարազատ զավա՞կը: Այլևս ինչ երեսով նա պիտի երևա իր ընկերներին ու ծանոթներին: Ի՞նչ պիտի մտածեն այդ նրանք: Չէ՞ որ որքան ևս աշխատե թաքցնել իր խայտառակությունը, վերջ ի վերջո ամենքը գիտենալու են : Մի՞թե կա հնար զսպել հարյուրավոր աշակերտների բերանները: Մի՞թե յուրաքանչյուրը նրանցից հենց այսօր ևեթ չի պատմելու իր ծնողներին սոսկալի եղելությունը:

Ի՞նչ է պատահել քեզ մարդ, երեսիդ գույն չկա,-դիմավորեց նրան Շողիկը:

Սիմոնը ոչինչ չասաց, դեն ձգեց գլխից իր լայնեզր գլխարկն ու նստեց հնամաշ կապերտով ծածկված թախտի վրա:

Ի՞նչ է պատահել, ասելո՞ւ ես, թե՞ չէ,-համառեց Շողիկը:

Մի բաժակ ջուր տուր ինձ,-արտասանեց Սիմոնը խեղդված ձայնով,-մի բաժակ ջուր:

Կուլ տալով մի քանի կում ջուր, Սիմոնը կարողացավ ուշքը փոքր-ինչ ժողովել և տխուր եղելությունը պատմեց:

Շողիկը կատաղեց ու սկսեց հայհոյել տեսուչին, վերակացուին, բոլոր աշակերտներին և ամբողջ դպրոցը: Սուտ են ասում ամենքը, Վահանը ոչ ոքից և ոչինչ չի գողացել, նրան ստիպել են, վախեցրել, և ինքն իրեն զրպարտել է, վերջապես, եթե իսկապես նա մեկից կամ մյուսից գողացել է մի քանի կոպեկ, ի՞նչ մեծ հանցանք է: Երեխա է, չի հասկանում: Մի՞թե դրա համար կարելի է զրկել նրան ուսումից:

Բավակա՛ն է կին, բավակա՛ն է, — գոչեց Սիմոնը, չկարողանալով այլևս լսել իր կողակցի բարբաջանքները: — Կանչիր այստեղ անզգամին:

Վահանը խոհանոցումն էր: Շողիկը բռնեց նրա թևից ուժով տարավ Սիմոնի մոտ, ասելով.

Մի վախենար, ես չեմ թողնի, որ նա քեզ ծեծի:

Կարիք չկար Վահանին պաշտպանելու: Սիմոնը մտադիր չէր նրան ծեծելու: Նա նույնիսկ չնախատեց նրան: Նա միայն նայեց նրա երեսին և ասաց դառն հեգնությամբ:

Շնորհակալ եմ, որդի, դու լավ վարձատրեցիր քո հորը:

Վահանը հասկացավ հոր կծու ծաղրը և հոգով ուրախացավ, որ այդպես հեշտ է ազատվում. Նա բոլորովին վշտացած չէր, որ իրեն արձակել են դպրոցից: Նա վաղուց էր սպասում այդ: Վաղուց էր ձանձրացել ու զզվել ուսումից: Նրա ուշ ու միտքն ուրիշ տեղ էր: Նա ուներ ավելի ուրախ շրջան, քան դպրոցական ընկերները:

Սիմոնը չգիտեր, որ ահա մի տարի է, ինչ որ իր որդին կրթվում է մի ուրիշ դպրոցում

Խայտառակ եղելությունն այնքան էր ներգործել Սիմոնի վրա, որ ամբողջ մի շաբաթ նա գործի չգնաց: Բայց հարկավոր էր գնալ և, վերջապես, մի օր գնաց: Տպարանատիրոջ հարցերին նա պատասխանեց հակիրճ.

Հիվանդ էի:

Ընկերները նկատեցին, որ մի շաբաթվա մեջ նա մի քանի տարով ծերացել է: Նա ոչինչ չասաց: Նա չէր ուզում խոսել ոչ ոքի հետ: Գլուխը քաշ աշխատում էր, խույս տալով ընկերների հայացքներից անգամ, բնազդմամբ զգում էր, որ արդեն ամեն բան հայտնի է նրանց: Եվ չէր սխալվում:

Ամբողջ օրը Սիմոնը և Վահանը իրարու չէին հանդիպում ու չէին ուզում հանդիպել: Առավոտները Սիմոնն աշխատում էր տնից ավելի վաղ դուրս գալ, քան Վահանը կզարթներ: Ճաշի միջոցին նույնպես չէին հանդիպում: Շողիկը Վահանին կերակրում էր մյուս սենյակում կամ խոհանոցում, վախենալով Սիմոնի տարօրինակ մռայլ տրամադրությունից: Երեկոները Վահանը տուն էր գալիս այն ժամանակ, երբ Սիմոնը քնած էր կամ ձևացնում էր, թե քնած է:

Գրեթե ամեն օր Վահանն իր մորը տալիս էր մի որոշ գումար: Թե ինչպես և որտեղ էր վաստակում այդ փողերը՝ չէր ասում: Շողիկը մի քանի անգամ հետաքրքրվեց իմանալ և, որոշ պատասխան չստանալով, լռեց: Վահանն ասել էր.

Եթե հայրիկին հայտնես, որ ես քեզ փող եմ տալիս: Էլ մի կոպեկ չեմ տա:

Եվ Շողիկը չէր հայտնում:

Մի օր Վահանը տուն եկավ ծեծված ու ջարդված: Դեմքն արյունաշաղախ: Մոր համառ հարցերին նա, տատանվելով ու կակազելով, պատասխանեց, թե տրամվայից է ընկել: Եվ երեք օր տանը մնաց պառկած: Տպարանում Սիմոնի ընկերներից մեկն ասաց նրան, որ ինքը տեսել է, թե ինչպես ամբոխը հարձակվել ու ծեծել է Վահանին:

Բայց ինչո՞ւչասաց: Մի ուրիշ օր Վահանը տուն եկավ հարբած և, գրպանից դուրս բերելով մի քանի հարյուրանոց թղթադրամներ, շպրտեց մորը.

Վերցրու, — ասաց նա, — այսօր գործերս լավ են գնացել և հաղթությունս տոնել եմ:

Շողիկի աչքերն ագահությունից պսպղացին: Նա չհարցրեց անգամ, թե այդ ինչ գործեր են:

Ամիսներ անցան: Սիմոնը տակավին լուռ էր ու մռայլ: Բայց նրա անհանգիստ ուղեղը գործում էր գիշեր-ցերեկ: Հազար ու մեկ մտքեր, միմյանցից սոսկալի, գալիս ու անցնում էին նրա գլխով, և նա ավելի էր խորասուզվում իր մեջ: Նա զգում էր, թե Վահանն ինչով է զբաղված այժմ: Նա սարսափում էր իր ենթադրությունից: Զգում էր, պատրաստվում է մի փոթորիկ, որ այսօր, վաղը, պայթելու է և կործանելու, իրեն և իր որդուն: Նա աղերսում էր, աստծուն, հեռացնել, այդ փոթորիկն իր՝ գլխից և բավականանալ նրա, սոոկալի տանջանքներով:

Բայց, ճակատագիրն ավելի զորավոր էրքան նրա, լուռ աղերսանքները

Գիշեր էր: որ ժամը չգիտեր: Զգում էր, որ ուշ է: Նա պառկած էր երկու փոքրիկ սենյակներից մեկում, առանձին; Տրորվում էր անկողնու մեջ և քունը չէր գալիս հանգստություն տալու նրա տկար մարմնին ու հոգնած ներվերին: Գիտեր, որ Վահանը տանը չէ, և մտածու էր նրա մասին: Մյուս սենյակից լսվում էր խոր քնած Շողիկի ու երեխաների շնչառությունը: ուրիշ ոչ մի ձայն, ոչ մի շշուկ:

Հանկարծ հարևան սենյակի դռները կամացուկ բացվեցին, Սիմոնը զգաց, որ Վահանն է:

Մայրիկ, մայրիկ,-լսեց նա մի քանի անգամ որդու շշնջյունը:

Հետո նա լսեց Շողիկի զարթնելը, որդու հետ շշնջալն ու ոտքի ելնելը: Լսեց, որ մայր ու որդի զգույշ դուրս եկան սենյակից: Նա գտավ լուցկիների տուփը և կամեցավ քովը դրած փոքրիկ լապտերը վառել, բայց մտածեց ու չվառեց: Նա կամացուկ մը վեր կացավ և խարխափելով անցավ մյուս սենյակ, այնտեղից անցավ նախասենյակ, որից, դենը խոհանոցն էր: Նա կանգ առավ մթության մեջ: Խոհանոցի դռները գոց էին, բայց, այնտեղ լույս կար, Սիմոնը մոտեցավ դոներին, զգուշությամբ նրանց, մի, փոքր, բաժանեց, իրարից ու տեսավ հետևյալ պատկերը: Մայր ու որդի կանգնած, էին դեմ ու դեմ, երկուսն էլ տարօրինակ հուզված, երկուսն էլ գունատ Վահանը դուրս բերեց պիջակի գրպանից թղթադրամների մի մեծ կապոց և տալով մորը, շշնջաց.

Դու այս փողերը թաքցրու մի ապահով տեղ, մնացյալը ոչինչ: ինձ բռնելը շատ էլ հեշտ չէ:

Բայց գողությունը լավ բան չէ,-լսվեց Շողիկի ձայնը:

Միևնույն ժամանակ Սիմոնը նկատեց, թե նչպես շողիկի աչքերը փայլեցին թղթադրամների կապոցը տեսնելիս և ինչպես նա դողդոջուն ձեռքով վերցրեց կապոցը:

Գողությունը լավ բան չէ, բայց հինգ հագար ռուբլին լավ բան է: Թող հայրս ինչքան ուզում է իր ազնվությունը քարոզե, իսկ ես չեմ ուզում, որ դու կիսաքաղցած ապրես: Թաքցրու:

Շողիկն այլևս ոչինչ չասաց: Նայեց աջ ու ձախ: Սիմոնը զգաց, որ նա փողերը թաքցնելու համար ապահով տեղ է փնտրում: Տեսարանն այնքան զազրելի էր նրա համար, որ մի վայրկյան կամեցավ հեռանալ, որ չտեսնե: Բայց ինչպե՞ս թողնել, որ մայր ու որդի անպատիժ ոտնատակ անեն ցեխի մեջ մնացորդը նրա պատվի:

Սիմոնը բաց արավ դռներն ու մտավ խոհանոց:

Շողիկը բարձրաձայն ճչաց: Վահանը մի վայրկյան ցնցվեց, տեսնելով հոր կիսամերկ, նիհար ու բարձր կերպարանքը լամպարի աղոտ լույսի ներքո: Բայց իսկույն ևեթ կարողացավ ուշքը ժողովել իր տարիքին ոչ հատուկ կամքի ուժով:

Ավազակներ, այդ ինչ եք անում այստեղ, — պոռաց Սիմոնը, բռունցքները սեղմելով, — ես ձեր գլուխը կջարդեմ:

Չես կարող, — արտասանեց Վահանը:

Սիմոնը նկատեց, որ նա մի ձեռքը տարավ գրպանը: Որդու այդ սպառնալի շարժումը սպառեց Սիմոնի համբերության վերջին կաթիլը: Նրա ուղեղը պղտորվեց: Նայեց արյունալի աչքերով աջ ու ձախ: Պատի դարակներից մեկի վրա դրված էր մի աղյուս, որ Շողիկը գործ էր ածում դանակները ժանգից մաքրելու համար:

Մի ակնթարթում Սիմոնը վերցրեց աղյուսը և ուժգին թափով ձգեց Վահանի վրա: Հարվածը հասավ ուղիղ Վահանի ճակատին: Եվ նա մի խուլ ճիչ արձակելով, փռվեց գետնի վրա: Որդու արյունը շաղախեց մոր ոտքերը:

-Այդ ի՞նչ արիր գազան,-գոռաց Շողիկն ու ընկավ որդու վրա:

Արի, ինչ որ պարտավոր էի անել: Այժմ թող ինձ դատեն աստված ու մարդիկ:

Եվ, անմիջապես հագնվելով, վերցրեց Վահանի գողացած փողերը և գնաց ոստիկանատուն անձնատուր լինելու իբրև որդեսպան:

ՇՌԱՅԼԸ

Նա անսահման բարի էր, որպեսզի լիներ խելոք՝ ամբոխի աչքում: Նա անհասկանալի խելոք էր, որպեսզի համարվեր խոհեմ՝ չհասկացողների կողմից: Միայն մի ժառանգություն ուներ իր հայրերից ու նախահայրերից ստացած: Դա դրամ չէր, ո՛չ գույք և ո՛չ կալվածք, այլ միայն մի ոչինչ բանսիրտ` և իբրև շռայլ զավակ, առանց երկար մտածելու, անմտորեն, այդ ժառանգությունը նա նվիրեց իր մերձավորներին և հեռավորներին: Եվ մեռավ նա վերին ծայր չքավորության մեջ, նրան համարեցին Կ,նխոհեմ% ինչո՛ւ: Որովհետև նա եղավ վատնող ժառանգ և շռայլեց անհաշիվ իր ժառանգությունը: Բայց նա թողեց մի մեծ ժառանգությունբարի հիշատակ, ջերմ հիշատակ, իր ծանոթների ու բարեկամների սրտում:

ԳՐԱԶ

Նրանք վեց ընկերներ էին, գրեթե հասակակիցներ: Յուրաքանչյուրն ուներ որևէ արհեստ, որով և ապրում էր, ինչ որ վաստակում էին, անմիջապես վատնում էին: Ի՞նչ կարիք կար վաղվա մասին մտածելու, քանի որ երիտասարդներ էին և ամուրի: Հավատարիմ ընկերներ էին, սիրում էին իրարու նամանավանդ քեֆերի ժամանակ, իսկ քեֆեր անում էին շատ հաճախ:

Պատահեց այնպես, որ վեց ընկերներից մեկը հիվանդացավ ու մեռավ: Մահվան դեմ խոչընդոտներ չկան, բոլոր դռները բաց են նրա համար, այսպես փիլիսոփայեցին հինգ ընկերները և վեցերորդի մահն ընդունեցին որպես մի բնական տուրք հավիտենականությանը: Շատ տխրեցին, բայց բոլորովին առանց աղմկելու, մանավանդ արտասվելու: «Արտասուքը տղամարդին չի սազում», — ասացին:

Այն քաղաքում գերեզմանատունը գտնվում էր հեռավոր բլուրի վրա: Սովորաբար գերեզմանները փորել էին տալիս թաղումից մի օր առաջ, որպեսզի թաղման օրը հուղարկավորները շատ չհապաղեն գնրեզմանատանը:

Հինգ ընկերները, վեցերորդի դիակն ըստ սովոիության մի օր առաջ եկեղեցի տանելով, գնացին մերձակա գինետուն հանգուցյալի հոգեթասը խմելու: Աշուն էր, ցուրտ ու խոնավ երեկո: Գավաթ գավաթի ետևից դատարկելով, գլուխները տաքացան: Խոսք բացվեց առհասարակ մեռելների, ուրվականների, գերեզմանատների և այնտեղ թափառող ոգիների մասին: Բոլորն էլ տոգորված Էին իրենց միջավայրի նախապաշարմունքներով և սնոտիապաշտությամբ: Վիճաբանում Էին, բայց ամենքն էլ նույն հավատի էին, թե հոգիները չեն մեռնում, և ոչ միայն այդ, այլև երկար ժամանակ թափառում են երկրի վրա մինչև դեպի հավիտենականություն անցնելը:

Սեղանի ամենատաք միջոցին ընկերներից մեկը, որի անունն Աղասի էր, ասաց.

Տղերք, ես ուզում եմ մի գրազ առաջարկել ձեզ, կնդունե՞ք:

Ասա տեսնենք, — գոչեցին ամենքը միաձայն:

Ո՞վ կարող է ձեզնից այս րոպեիս գնալ գերեզմանատուն ու վերադառնալ:

Ընկերները նայեցին իրարու երեսի: Հարցը բավական անսպասելի էր: Գնալ այս անձրևային, ցուրտ գիշերին՝ ուր կամենաք կարելի է, բայց գերեզմանատո՞ւնայդ դյուրին բան չէ: Չէ՞ որ խոսվեց, թե գերեզմանատները գիշերները լեցուն են թափառող ոգիներով, որոնց հանդիպելու համար հարկավոր է բացառիկ քաջություն: Բացի դրանից, չէ՞ որ հայերի գերեզմանատուն հասնելու միակ ճանապարհը թուրքերի գերեզմանատան քով է: Մինչև այսօր դեռ ոչ ոք այդ ճանապարհը գիշերով չի անցել:

Ես կարող եմ գնալ, — ընդհատեց ընդհանուր լռությունը մեկն ընկերներից, որ ամենից շատ էր խմել և ամենից քիչ հարբել: — Ինչո՞վ ես գրազ գալիս:

Հինգ թունգի գինով և մի լավ ճաշ:

Գալիս է:

Տղեք, վկա եղեք:

Թո՛ղ: Սարգիս, հիմարություն մի արա, — գոչեցին մյուս ընկերները միաձայն: Աղասին կատակ է անում:

Ամենևին, — ասաց Աղասին, — ես կատակ չեմ անում, կարող եմ երդվել մեր ընկերոջ դիակով:

Ապա դառնալով Սարգսին, ավելացրեց.

Ահա քեզ, վերցրու այս չախուն, տար և գցիր մեր ընկերոջ գերեզմանի մեջ: Եթե վաղը, թաղմանը գնալով, այդ դանակն այնտեղ տեսնենք, գրազը տարած ես, և մենք կասենք, որ տղա ես, իսկ եթե ոչաղջիկ ես, և մենք մի լավ կծիծաղենք քեզ վրա:

Մյուս ընկերները շատ աշխատեցին երկու կողմերին համոզելու թողնել անիմաստ գրազը, չկարողացան:

Կեսգիշեր էր արդեն, երբ խումբը, գինու վերջին գավաթները պարպելով, դուրս եկավ գինետնից: Եղանակն ավելի ցրտել էր, բայց անձրևը դադարել էր:

Դե՛, տղերք, բարի գիշեր, — ասաց Սարգիսը, Աղասու դանակը գրպանը դնելով, — ես մտնեմ տուն, յափունջիս վերցնեմ և հայդա: Վաղը պատարագին կտեսնվենք:

Ասաց և չքացավ թանձր խավարի մեջ:

Բարի գիշեր, — ասաց Աղասին, — վաղը դուք կլսեք մի նոր բան... Իսկ առայժմ գնանք քնելու:

***

Սարգիսն արագ քայլերով անցավ քրիստոնեաբնակ արվարձանը, մտավ թուրքերի նեղ ու ծուռ փողոցները և քառորդ ժամում դուրս եկավ քաղաքի սահմաններից: Երբ մոտեցավ թուրքերի գերեզմանատանը, տեսավ դիք-դիք դրված տապանաքարերը, նրանք հեռվից մարդերի էին նմանվում: Սարսուռի պես մի բան անցավ նրա մարմնով: Մի առ մի պատկերացրեց նրա աչքերի առջև այն բոլոր առասպելները, որ լսել էր շատ անգամ և որոնց հավատում էր: Բայց աշխատեց ամրապնդվել, երևակայելով, թե Աղասին որքան պիտի ծաղրակոծե իրեն, եթե քաջություն չունենա գրազը տանելու: Նա գնում էր արագ քայլերով, կարծես, իրավ, ոգիները հալածում էին նրան և ուրիշ փրկություն չուներ, բացի փախչելուց: Եվ սկսեց վազել, մերթ ընդ մերթ վայրկենաբար կանգ առնելով և ետ նայելով: Վերջապես, բավական հեռանալով թուրքերի գերեզմանատնից, համոզվեց, որ ոչ մի ոգի չի հետևում իրեն, քաջալերվեց և, քայլվածքը դանդաղեցնելով, բարձրացավ բլուրը:

Նա մոտավորապես գիտեր որտեղ է փորված հանգուցյալ ընկերոջ գերեզմանը և կես ժամ փնտրելուց հետո, գտավ: Երբ մոտեցավ գերեզմանին, գրպանից դուրս բերեց Աղասու դանակը: Գերեզմանափորը չէր մոռացել հողաթմբի վրա դնել երեք խոշոր քարեր, որոնց սովորաբար ցցում են հանգուցյալի թարմ շիրիմի վրա, ասելով. «Եվ եղիցի անշարժ տապանս այս» և այլն...

Նա կանգ առավ գերեզմանի եզրին և պատրաստվում էր դանակը նետել այնտեղ, երբ տեսավ մի ճերմակ բան: Նա նման էր սավանի մեջ փաթաթված մարդու: Թվաց, որ սավանը շարժվում է, կարծես ուզում է ոտքի ելնել: Առանց մի վայրկյան հապաղելու, վերցրեց երեք քարերից մեկը և ամբողջ ուժով ձգեց ուրվականի վրա: Լսվեց ինչ-որ խուլ ձայն, նման մարդկային ճիչի: Նա ձգեց երկրորդ քարը, ապա դանակը բաց թողեց գերեզմանի մեջ և շտապեց փախչել:

Նա վազում էր բլուրից վար, առանց ետ նայելու: Վախենում էր նայել...

Հետևյալ օրը բոլոր ընկերները եկեղեցումն Էին: Չկար միայն Աղասին: Սարգիսը գրազը տարել էր, փափագում էր որքան կարելի է շուտ տեսնել նրան և պարծենալ: նա պատմեց բոլորը, ինչ որ զգացել էր ու խորհել գիշերը, բայց գերեզմանի մեջ տեսած անհասկանալի երևույթի մասին լռեց: Նա վախենում էր, որ եթե ասի, ոչ ոք չի հավատալ և ընդհակառակը ինքը կարող է ծաղրի ենթարկվել որպես երկչոտ երևակայող:

Աղասին չկար և չերևաց մինչև պատարագի վերջը: Ընկերները հետաքրքրվեցին գիտենալ՝ միգուցե հիվանդացե՞լ և մեկը գնաց և տանից լուր բերեց, թե Աղասին մինչև լույս տուն չի վերադարձել և թե այժմ էլ հայտնի չէ ուր է նա:

Անձրև չկար, եղանակը սիրուն էր, պայծառ, արեգակնային, այդպիսի օրին քաղաքից դուրս գալը մի տեսակ զբոսանք էր, թեկուզ մեռել թաղելու համար:

Հանգուցյալի դագաղը մինչև գերեզմանտուն տարվեց ձեռքով, այդպես կամեցան նրա ընկերները, հուղարկավորները և օգնեցին նրանց: Գիտեին, որ գերեզմանատանը վարձատրվելու են առատ հացկերույթով:

Գերեզմանին մոտենալիս, ուղեկցող քահանան ու տիրացուները զգեստավորվեցին: Առջևից ընթանում էր քահանան ավետարանը ձեռքին, ետևից տիրացուները, այնուհետև դագաղը և հուղարկավորները:

Երբ քահանան մոտեցավ գերեզմանի եզրին, հանկարծ երգը ընդհատեց, արձակելով մի բարձր ճիչ և ետ ցատկելով:

Այնտեղ, գերեզմանի հատակում ընկած էր Աղասու դիակը, ջարդված գլխով: Ճերմակ սավանը ներկվել էր արյունով:

Գիշերը նա մի ուրիշ ճամփով եկել էր և սավանի մեջ պառկել ընկերոջ գերեզմանի մեջ Սարգիսին սարսափեցնելու համար, այս եղավ նրա ընկերների ենթադրությունը...

ՈՍԿԻ ԳՐՉԻԴ ՄԱՏԱՂ

Շատ տարիներ առաջ ես խմբագրում էի մի շաբաթաթերթ, բարեբախտաբար, ժամանակավոր, որովհետև բոլոր դրական դիրքերից խմբագրի պաշտոնն ամենաանախորժն է ինձ համար: Ես տեսել եմ շնորհալի մարդիկ, որոնց ուղեղը դադարել է գործել այն օրից, երբ նրանք խմբագիր են դարձել: Մի օր ինձ մոտ եկավ մոտ 19-20 տարեկան, մի պատանի: Նիհար, գունատ տղա էր, կուրծքը ներս ընկած, աչքերը տարօրինակորեն փայլուն:

Խնդրեմ ձեր շաբաթաթերթի մեջ տեղ շնորհեք այս գրվածքին, — ասաց նա թույլ ու չոր ձայնով ու գրասեղանիս վրա դրեց մի տետրակ:

Այդ ի՞նչ է, — հարցրի ես խմբագիրներին հատուկ մի արհամարհական հայացք ձգելով ձեռագրի վրա:

Դա իմ առաջին լուրջ գործն է, — պատասխանեց պատանին առանց շփոթվելու, — հոգեբանական էտյուդ է:

Շատ բարի, կկարդամ կտեսնեմ, — ասացի ես ձեռագիրը շպրտելով մի կողմ:

Ե՞րբ գամ ձեր պատասխանը գիտնալու:

Մի երկու շաբաթ հետո:

Այդ շատ ուշ է:

Ուրիշ կերպ չեմ կարող:

Պատանին գլուխ տվեց, դուրս գնաց: Նախասենյակից լսվեց նրա չոր ու կասկածելի հազը:

Ես ձեռագիրը դրեցի գրասեղանիս առջև, իհարկե, նույն օրն իսկ մոռացա նրան:

Երկու շաբաթ անցած, պատանին եկավ: Այս անգամ նա ինձ ավելի նիհար թվաց:

Ա՛հ, ներողություն, ժամանակ չեմ ունեցել ձեր ձեռագիրը կարդալու: Եկեք մի քանի օրից:

Պարոն խմբագիր, — արտասանեց պատանին իր հնամաշ ու ճխլտված գլխարկը մեկ ձեռքից մյուսը փոխադրելով, — խնդրում եմ չմոռանալ կարդալու, որովհետև, գիտեք, ես չեմ կարող երկար...

Նա չկարողացավ իր խոսքն ավարտել, հազաց նույն չոր, անախորժ հազով: Ես նկատեցի, որ նրա այտերը կապտեցին: Եվ ակամա խղճացի նրան ու խոստացա նույն օրն իսկ կարդալ ձեռագիրը:

Խոստումս կատարեցի ու ձեռագիրը կարդացի խմբագիրներին ոչ հատուկ ուշադրությամբ ու բարեխղճությամբ: «Հոգեբանական էտյուդը» մի վերին աստիճանի խակ գրվածք էր, զուրկ ձևից, ոճից և հետևողականությունից: Հեղինակն աշխատում էր նկարագրել հոգեկան վիճակը մի կենսախինդ երիտասարդի, որ զգում է, թե շուտով պիտի մեռնի: Անկեղծորեն կկամենայի գրվածքը տպել, բայց չէ՞ որ ընթերցողներ ունեի, նրանք կարող էին ինձ ծաղրել:

Հետևյալ օրը նորեն պատանին եկավ: Ես, նրան չվշտացնելու համար, կեղծեցի.

Ձեր էտյուդը վատ չի գրված, դուք պատմելու ձիրք ունեք, բայց դժբախտաբար, տպել չեմ կարող:

Ինչո՞ւ, — հարցրեց նա մի տեսակ խեղդված ձայնով, և ինձ թվաց, որ նրա վտիտ մարմինը կծկվեց:

Հերթական նյութերի շատության պատճառով:

Բայց ես կսպասեմ, կարող եմ սպասել, եթե, եթե... Նա դարձյալ չկարողացավ իր խոսքն ավարտել և դարձյալ հազաց: Այս անգամ այլևս պարզ էր ինձ համար, որ տղան թոքախտի վերջին շրջանի մեջ է, ու նրա օրերը հաշված են:

Ցավում եմ, որ երկար պիտի սպասեք, — ասացի, արդարև, անկեղծ ցավակցությամբ:

Որքա՞ն ժամանակ:

Առնվազը չորս ամիս, գիտե՞ք, շաբաթաթերթ է:

Բայց այդ շատ է, ես չեմ կարող, գիտե՞ք, ես... ես ...բարի եղեք հերթից դուրս տպագրելու:

Տեսարանն ինձ համար միաժամանակ և՛ ցավալի էր և՛ ձանձրալի, մեկն այն տեսարաններից, որոնցից մարդ աշխատում է որքան կարելի է շուտ ազատվել:

Չեմ կարող, — ասացի ես և ձեռագիրը դրեցի նրա առջև:

Երբեք ոչ մի դեմքի վրա չէի տեսել այնքան խոր, այնքան կսկծալի վիշտ: Կարելի էր կարծել, որ ես նրան զրկեցի իր գոյության վերջին հույսից կամ ոտնատակ արի նրա լավագույն սրբությունը:

Լավ չեք անում, պարոն խմբագիր, լավ չեք անում, — արտասանեց նա՝ նույն հուզված ու խեղդուկ ձայնով ու ձեռագիրը վերցրեց իր նիհար, ոսկրոտ ձեռքով:

Եվ ձգեց ինձ վրա մի երկարատև կշտամբելի հայացք, առանց բարևելու դուրս գնաց:

Следующая страница