Շիրվանզադե Ալեքսանդր՝   Պատմվածքներ, նովելներ, ֆելիետոններ

Իր ագահության, քարասրտության, եսամոլության պատկերների մեջ առանձին ուժգնությամբ նրա հիշողության մեջ ծառացավ մեկը: ինչո՞ւ այդ մեկը, նա ինքն էլ չգիտեր:

Նա ուներ մի գործակատար Մնացական անունով, — որ երկար տարիներ ծառայել էր նրան, անշեղ հավատարմությամբ և իհարկե չէր վարձատրվել իր աշխատանքի արդար չափով:

Հիշեց նրա կերպարանքը, Միջին տարիքի մարդ էր, բարձրահասակ, բայց թուլակազմ, նիհար: Նա կորացած ուռենու տպավորություն էր գործում իր ոսկրոտ մարմնով, երկայն հնամաշ, աշնանային տերևի գույն ունեցող չուխայի մեջ: Կորամեջք էր, կոկորդի ոսկորը դուրս ցցված, երեսը չեչոտ էր և մի աչքը կույր, երևի ծաղկից:

Մի օր Մնացականը մտավ նրա գրասենյակը, սովորականից ավելի կոր մեջքով և գդակը ձեռքերի մեջ տրորելով, երկչոտ քայլերով մոտեցավ գրասեղանին:

Տեր,-ասաց նա, — ես մի որդի ունեմ, գիմնազիոնի աշակերտ է: Նա իմ միակ ապավենն է: Հիվանդ է, կրծքի ցավ ունի: Բժիշկներն ասում են, եթե ես նրան այս ձմեռ մի տաք երկիր չուղարկեմ, կարող է...

Մարդը չկարողացավ իր խոսքն ավարտել, նրա ձայնը խեղդվեց կոկորդում:

Նա եկել էր իր տիրոջից մի գումար խնդրելու, ոչ իբրև ողորմություն, այլ պարտք իր ամսականից մաս-մաս վճարելու պայմանով:

Ես մերժեցի նրան,-ասաց իր մտքում Սեֆերյանը,-ես չամաչեցի մերժել, որովհետև տրամադրությունս տեղը չէր:

Մարդը ոչինչ չասաց, լուռ նայեց տիրոջ, երեսին, և այդ պահին /օօ, այդ է, որ այսօր տանջում է Սեֆերյանին/, նրա միակ աչքից դուրս ընկան արցունքի երկու խոշոր կաթիլներ և, իջնելով վար, կանգ առան՝ նրա ծաղկատար այտի վրա:

Անցան շաբաթներ, թե, ամիսներ, լավ չի հիշում Սեֆերյանը: Մի օր, նա շատ ուրախ տրամադրության մեջ էր: Նրա նոր հանքերի շրջանում շատրվան էր բացվել, որ խոստանում էր նոր հարստություն: Այդ պահերին նա սովորաբար կատակներ էր անում ամենքի, նույնիսկ իր ստորադրյալների հետ: Ուզում էր, որ ամենքը ուրախանան, չէ՞ որ հարուստները չեն սիրում տխուր միջավայր: Նա չզրկեց և Մնացականին և իր բարեհաճ ուշադրությունից: Հիշում է նա այսօր բառ առ բառ այն խոսքերը, որ ասաց մարդուն.

Է՛յ, ցիկլո՛պ, բավական է, որքան տեսար աշխարհի մի երեսը, այժմ նայիր մյուս կողմը:

Շուրջը լսող գործակատարներն ու ծառաները հըռհըռ ծիծաղեցին իրենց տիրոջը հաճոյանալու համար, և տերը կարծեց, որ իր կատակը մի մեծ սրախոսություն է:

Մնացականը ոչինչ, չասաց: Սեֆերյանը զգաց, որ նա վիրավորվեց: Նա վախեցավ, որովհետև մարդն էլ մի աչքով նայեց նրան այնպիսի ատելությամբ, որ, կարծես, պատրաստ էր կատակին պատասխանել մի սուր հայհոյանքով: Նա շտապես իր սխալն ուղղել և ասաց.

Ա՛հ, միտս ընկավ, կարծեմ դու մի որդի ունեիր հիվանդ, ինչպե՞ս է այժմ:

Մարդը նորեն նայեց նրա երեսին, ավելի սուր ատելությամբ և պատասխանեց,

Նա մեռավ:

Ապա, բռունցքները սեղմելով իր կատաղությունը, զսպելու համար, ավելացրեց.

Դու չկամեցար նրան ազատել, դու մարդասպան ես...

Ասաց և հեռացավ առանց ետ նայելու, հետևյալ օրը նա արձակվեց իր պաշտոնից:

«Մարդասպան, մարդասպան», — կրկնեց նա իր մտքում մի քանի անգամ, — ո՞վ գիտե քանի՛ քանիսին եմ մահ պատճառել անգիտակցաբար:

«Բայց ինչո՞ւ անգիտակցաբար», — ավելացրեց նա իսկույն, — չէ՞ որ ես ինձ խելոք մարդ էի համարում:

Եվ նա առաջին անգամ իր կյանքում սկսեց կասկածել իր խելքի մասին: Նա խոստովանեց ինքն իրեն, որ դրամ շահելու համար մեծ խելքի պետք չկա, և հիշեց մի քանի տասնյակ բթամիտներ, որ իր չափ հարուստ էին. «Այո՛, այո՛, եթե ես խելոք լինեի կգուշակեի «այսօրվա օրը»:

Եվ շարունակեց խորհել միշտ գլուխը բռնած ձեռքերի մեջ: Մի անգամ սկսելով իր բարոյական աշխարհի վերլուծումը՝ այլևս պահանջ էր զգում ավելի ու ավելի առաջ երթալ, մղված ինչ-որ անդիմադրելի զորությունից: Ծանր էր իր համար բերել իր ախտերը, բայց և մզիչ: Ճահճի մեջ ընկած ճամփորդի պես նա քանի առաջանում էր, այնքան ավելի էր խորասուզվում տիղմի մեջ: Այո՛, տիղմ էր նրա բարոյական անցյալը և այդ տիղմը նրան քաշում էր ինչպես օձի հիպնոզող աչքը գորտին: Բայց և միևնույն ժամանակ այդ ինքնադատապարտման մեջ կար նրա համար ինչ-որ անբացատրելի հոգեկան թեթևություն: Որքան խորն էր վերլուծում իր անցյալը, որքան պարսավելի էր ներկայացնում ինքս իրեն, այնքան ավելի էր հաշտվում իր այժմյան կացության հետ: Այն ժամանակ, երբ կատարվածը համարում էր «անիրավություն» և իր բախտակիցների հետ միաձայն անիծում էր ու շարունակ անիծում «նրանց», այդ ժամանակ նա տանջվում էր անհունապես: Այժմ զգում էր, որ այդ անիրավության մեջ կա ինչ-որ արդարություն, ինչ-որ արժանի հատուցում: Եվ նա, որ մինչև փորձանքը այնքան համարձակ, այնքան անվերապահ հերքել էր նախախնամության գոյությունը, այժմ հարցնում էր իրեն, արդյոք մոլորված չի՞ եղել, արդյոք այդ չի՞ եղել այժմյան իր կացության պատճառների պատճառը: Նա կարող էր իր հոգու խորքում չհավատալ գերբնականի գոյությանը, քի՞չ կան մարդիկ, որ նույնպես չեն հավատում, բայց ինչո՞ւ էր այնքան հանդգնաբար ծաղրում հավատացողներին, ինչո՞ւ էր անարգում անբացատրելին:

Ա՛հ, ուզում էր ցույց տալ մարդկանց, թե ավելի գիտե, քան իր շրջապատողները:

Եվ նա սկսեց ամաչել իր անցյալ ինքնահավանությունից, իր ամբարտավանությունից:

Նա այնքան էր խորասուզված իր մտքերի մեջ, որ չնկատեց իր հայրենակիցներից երկուսի գալը: Ներս մտան այդ մարդիկ ծանր քայլերով, ինչպես թաղման հուղարկավորներ և, առանց բարևելու, լուռ նստեցին նրա մոտ աջ ու ձախ:

Այդ մարդիկ վաղուց էին միմյանց ձանձրացրել և վաղուց կկամենային փախչել իրարուց, բայց և այնպես, ամեն առավոտ, քնից զարթնելով, պահանջ էին զգում միևնույն ժամադեպին գնալու: Էհ, ո՞վ գիտե, գուցե որևէ մեկը այնտեղից լուր ունե, միևնույնն է ուրախ, թե տխուր լուր: Նրանց զրույցների նյութերն արդեն սպառվել էին, և իրարու հանդիպելիս չգիտեին ինչով սկսել և ինչով վերջացնել տեսակցությունը: Երբեմն աշխատում էին զվարճանալ անեկդոտներով, բայց դրանք էլ սպառվել էին և հաճախ միևնույն անեկդոտը կրկնվում էր տասներորդ անգամ: Նույնիսկ ամենօրյա անեծքները չորացել էին նրանց շրթունքների վրա և այլևս չէին թեթևացնում նրանց մաղձը:

Ամենքը հավասար կացության մեջ էին: Մի կերպ քաշքշում էին իրենց ողորմելի գոյությունը, վաճառելով վերջին ունեցածը: Կեղծում էին ու ստում՝ իրենց միջոցները թաքցնելու համար և ողբում էին, շարունակ ողբում իրենց ճակատագիրը: Բայց ոչ մեկը չէր կարող մյուսին խաբել: Իրարու հոգեբանությունը ուսումնասիրել էին ինչպես միևնույն դասարանի աշակերտներ կամ միևնույն խմբի դերասաններ:

Ահա ինչու նորեկները, մի հայացք ձգելով Սեֆերյանի վրա, իսկույն դեմքերի շարժումով իրարու հասկացրին, որ մարդը իր սովորական տրամադրության մեջ չէ: Լռությունը տևեց բավական երկար Ժամանակ՝ մինչև որ նորեկները դատարկեցին իրենց սովորական բաժակը սուրճի:

Դե՛հ, — ասաց վերջապես մեկը երկուսից, — այժմ ասա՛, տեսնենք ի՞նչ նոր կարիճ է խայթել քեզ, Սիմոն, ինչո՞ւ այդպես այլայլված ես:

Սեֆերյանը ոչինչ չպատասխանեց: Արթնանալով մտքերից նայեց աջ ու ձախ իր բախտակիցներին և զգաց անսովոր ատելություն դեպի այդ մարդիկ: Այժմ նրանք նույնն էին իր աչքում, ինչ որ ինքը, ավելի կամ պակաս ոճրագործներ, այո՛, կատարյալ ոճրագործներ, վասնզի իր համար ուրիշ անուն չէր գտնում:

Մի պահ նա պահանջ զգաց բանալու նրանց իր հոգին, արտահայտելու իր խոհերը, բայց զսպեց իրեն: Զսպեց ամոթից: Չէ՞ որ այդ մարդիկ լավ են ճանաչում նրան, գիտեն, թե որքան է հպարտացել իր խելքով, իր իմաստությամբ: Ի՞նչ կասեն, եթե նա այսօր վեր կենա և հանկարծ խոստովանե, թե իր բոլոր սկզբունքները խախուտ են եղել, թե չարաչար մոլորվել է հերքելով նախախնամության գոյոսթունը, մարդասիրության զգացումը, տկարի իրավունքը և զորավորի պատասխանատվությունը: Ինչ էլ ասելու լինեն՝ համենայն դեպս չպետք է հավատան նրա անկեղծությանը և պիտի ծաղրեն: Բայց ի՞նչ աներ. շարունակե՞լ ամենօրյա կեղծիքը, կատակերգությունը, սնոտի հույսերը գալիք «փոփոխությունների» մասին և անիծել, շարունակ անիծել: Օ՛հ, ո՛չ, բավական է, որքան կրճտեց ատամներն անզորությունից: Կա այժմ մի բան, որի վրա պիտի հենվելճշմարտությունը.

Այլևս չմնաց ուժ ո՛չ խաբելու և ո՛չ խաբվելու:

Ձգելով սեղանի վրա իր վճարելիքը, նա արագությամբ ոտքի ելավ:

Դու շտապո՞ւմ ես, բայց ո՞ւր, — հարցրին նրա բախտակիցները միաժամանակ:

Չգիտեմ ուր, մնացեք բարով:

Ասաց և շտապով դուրս եկավ սրճարանից:

Սեղանակիցները նայեցին իրարու:

Այդ մարդը կարծես խելագարվում է, տեսա՞ր աչքերը ինչպես ծռեց մեզ վրա, — ասաց մեկը երկուսից:

Այո՛, նկատեցի, զարմանալի չէ այդ դրության մեջ խելագարվելը, — արտասանեց մյուսը անտարբեր:

Այդ օրից Սիմոն Սեֆերյանը այլևս չէր երևում ոչ մի տեղ: Մեկը նրա մոտիկ բարեկամներից այցելեց նրան իր բնակարանում մի երեկո և հետևյալ օրը սրճարանում ասաց.

Սիմոնը մի գործարան է մտել իբրև հասարակ բանվոր:

ԱՆՎԵՐՆԱԳԻՐ ՄԻ ՊԱՏԿԵՐ

Մարտ ամիսը տակավին չէր բոլորել յուր շրջանը, բայց օդի մեջ արդեն տիրում էր գարնանային բուրմունքը: Մաքուր էր երկնքի կամարը, ինչպես խնամող ձեռքով հստակված հակընթագույն ապակի, նոսր էր օդը, թեթև, հեշտաշունչ, որպես եթերքը:

Թևատարած արծիվները սլանում Էին անհուն բարձրության վրա: Եվ նրանց երկսայր ստվերները մեղմիկ և արագ սահում Էին գետերի մակերևույթով, լեռների և անտառների գագաթներով, դաշտերի ու մարգերի, վրա:

Ես նստած էի մի վիթխարի կաղնիի տակ, որի տերևները չէին բացվել: Իմ միտքը ակամա սլանում էր դիպի երկնքի խորությունը, և թռչնոց թագուհիների եթերային բարձրությունը իմ ոչնչության զգացումն էր սաստկացնում: Մերթ ընդ մերթ մի աններդաշնակ աղմուկ, մի կոշտ ձայն ընդհատում էր իմ մտածմանց թելը: Ես նայում էի շուրջս: Ահա անցնում են երկու պարարտակազմ մարդիկ: Իմ ականջիս հասավ նրանց ջերմ վիճաբանության մի դարձվածը:

Կմեռներ նա քաղցից, եթե ես նրան, ձեռք չկարկառեի:

Նայեցի հակառակ, կողմը: Անցնում էին երկու, պճնազարդ տիկիններ, հետևելով երկու զույգ հրեշտականման մանուկների:

Իմ լսելիքը ընդունեց գեղեցկուհիներից մեկի վերջին պարբերությունը:

Եթե մյուս խանութից գնեի, տասը ոսկի պակաս կվճարեի:

Իմ դիմաց անցնում էին երկու առույգ երիտասարդներ:

Ախ, ինչ գեղեցիկ է գարունը, մարդկային սրտի մեջ նա սփռում է կենսական մի նոր հյութ:

Գնանք ինձ մոտ ճաշելու, — պատասխանեց մյուս երիտասարդը, — այսօր իմ խոհարարը շոտլանդական կարկանդակ է պատրաստել:

Նայում եմ դեպի վեր: Այնտեղ դարձյալ սլանում են արծիվները: Եղևնիների խիտ ճյուղերի մեջ թաքնված ճնճղուկները ծլվլում են, գետի հանդարտ ընթացքը թմրեցուցիչ օդի մեջ տարածում է մի մեղմ շշուկ: Արևի պայծառ ճառագայթները ջրի տարածության վրա գոյացնում են միլիոնավոր ադամանդներ: Իմ բորբոքված ջղերը զգում են մի հաճոյական անդորրություն: Կարծես ես ուզում եմ նիրհել, նիրհել բնության ծոցում: Հեռու մարդկային իրարանցումից, հեռու կյանքի ապականված ալյաց շփումներից, հեռու նույնիսկ իմ անձի այն տարրերից, որ երեսնամյա գոյությանս ընթացքում իմ և մարդկային արարածների մեջ հաստատել են մի անխախտելի կապանք:

Սակայն անցուդարձ անող կանանց ու մարդկանց ձայները ստեպ-ստեպ ընդհատում են անուշ նիրհս: Որքա՛ն անախորժ են, որքան ճնշողական այդ ձայները և որքա՛ն այդ առօրյա կյանքին վերաբերող խոսքերը հակասում են շուրջս տիրող բնության ներդաշնակությանը:

Ես ականջներս փակում եմ, տարածվում եմ մեջքիս վրա դալար խոտի մեջ ու հայացքս ուղղում դեպի վեր ու վեր, որքան նա կարող է թափանցել դեպի խորքը, այնքան հեռու են իմ մտքերը: Վերջապես աղմուկը ընդհատվում է, տիրում է խորին լռություն, լսում եմ միայն՝ իմ սրտի արագ բաբախման զարկերը, ուրիշ ոչինչ: Այնինչ միտքս անընդհատ սլանում է... Կարծես այնտեղ, այն վերօդային անհուն խորության մեջ փնտրում է մի բան, որոնում է մի երևույթ, որին վաղուց-վաղուց սպասում էր: Բայց ոչինչ, ոչինչ չի երևում, նույնիսկ միմյանց շուրջը պտտվող և մրցմամբ միմյանցից բարձր սահող արծիվները, կարծես անհետանում են և չքանում:

Հանկարծ հորիզոնի վրա նշմարվում է վարդագույն ամպի մի բեկոր, նա անշարժ է: Փչում է մի թեթև հողմ, բեկորը մեծանում է, նոսրանում, թափանցիկանում, սփռվում է, ծածկում երկնակամարը մի խայտաբղետ հաճոյական շղարշով: Մի վայրկյան ևս, և շղարշի ծայրերը հետզհետե սկսվում են սեղմվել, ծալվել և եգիպտական թագուհու ձյունափայլ քղանցքի ձևերն ընդունել: Դարձյալ մի վայրկյան, և ահա պատկերանում է մարդկային արարածի մի կերպարանք: Տեսողությունս երկնակամարի վրա որոշում է մի կին: Ամպային շղարշի տակից երևում են պարզ-կինամոնագույն թանձր մազերը, որ սփռվում են նրա գրավիչ ուսերի վրայով դեպի ուռած կուրծքը: Սա նայում է դեպի ետ, և նույն վայրկյանին երևում է մի այր մարդ, մոտենում է նրան: Նրանք ժպտում են միմյանց երեսին: Երկնային զույգը հեռու է ինձանից, շատ հեռու, սակայն ես լսում եմ նրանց ձայնը: Այո, նրանք խոսում են:

Իմ սիրելիս, — արտասանում է կինը:

Որքան նուրբ է նրա ձայնը, քաղցրահնչուն, կարծես Բեթհովենի անմահ սոնատները նրա տկար արձագանքն են:

Իմ սիրելի, — կրկնում է տղամարդը:

Եվ երկուսն էլ համբուրում են միմյանց: Կինը իր գլուխը մեղմիկ թեքում է սիրեցյալի կրծքին: Ես լսում եմ նրա սրտի բաբախման ձայնն անգամ, զգում եմ, թե նրա շնչերակները որպիսի ուժգնությամբ են զարկում: Երկուսն էլ գրեթե միևնույն տարիքի են, միևնույն հասակի, երկուսն էլ բարեհամբույր կերպարանքով: Երիտասարդի խաժ աչքերում վառվում է բանաստեղծական հուրը, կնոջ աչքերը բարի են, գրավիչ ու սփոփեցուցիչ: Ոչ, ես կյանքիս ընթացքում մի այնպիսի ներդաշնակ զույգ չէի տեսել և չպիտի տեսնեմ: Նրանց ամեն մի նայվածքը արտահայտում էր սեր, ամեն մի շարժումը՝ սիրո նշան: Ինձ թվում էր, որ նրանք իսկապես մի արարած են կազմում բնության բախտաբեր կատակով երկուսի բաժանված: Ես անթարթ աչքերով նայում էի նրանց և, ականջներս լարած, լսում էի նրանց փոխադարձ փաղաքշանքները: Նախանձ չէի զգում իմ սրտում և որևէ գրգռումն: Ես միայն հիանում էի, կարծես անքան էլ բախտի ստվերը ինձ վրա սփռելով բախտավոր էր դարձնում ինձ ևս:

Սիրո՞ւմ ես ինձ, — կրկնում էր կինը:

Մի արտասանիր այդ բառը, նա շատ ժլատ է, որպեսզի կարողանա արտահայտել իմ զգացման չափը: Մարդիկ այդ բառը աղավաղել են:

Ի՞նչ գործ ունենք մարդկանց հետ, մենք նրանցից հեռու ենք, նայիր, ահա երկրի երեսում սփռված են նրանք... Ախ, որքան չնչին են, ողորմելի, լինել այս մաքուր, անարատ և վսեմ բնության մի հատորը և այդչափ ընկղմվել կյանքիդ տիղմի մեջ... Օ՛ֆ, այդ անտանելի է...

Եվ մենք երբեք չպիտի իջնենք նրանց շարքը:

Օհ, երբեք... Ի՞նչ, դու կամենում ես, որ ես լինեմ այն տիկնոջ պես, նայիր, ինչպես ոգևորված գովում է իր մարդու խելքը, որովհետև այդ մարդը նրա կուրծքը զարդարել է մի ադամանդով:

Իսկ այն տղամարդը ինչպես կատաղել է, որ ընկերը նրանից հնգի փոխարեն վեց ոսկի է պահանջել մի բրդի կտորի համար:

Կռվեցեք, — գոչեց կինը մի ուրախ քրքիջ արձակելով, — իսկ մեր հարստությունը անբաժան է, որովհետև նա փոխադարձ սերն է:

Եվ նրանք դարձյալ համբուրվեցին:

Բայց ո՞վ է այն խղճալին, որ մեջքի վրա խոտի մեջ պառկած դիտում է մեզ:

Ես սոսկացի այդ գոչյունից, երեսս մի կողմ դարձրի: Այո, ես խղճալի էի նրանց աչքում և երբեք ինքս ինձ այնքան դժբախտ չէի համարած, որքան նույն րոպեին: Քնած նախանձը հանկարծ զարթնեց իմ մեջ: Այն, ինչ որ ես որոնել էի ինձ համար կյանքի ընթացքում ու չէի գտել, վայելում էր մի ուրիշը, իմ աչքի առաջ և ինձ ծաղրում: Ես կամեցա բողոքել, կատաղել անգամ: Բայց բերանս չբացվեց, որ կարողանայի մի խոսք արտասանել, ես զգացի մի անբնական անդորրություն: Իսկ նրանք ինձ չէին ծաղրում, այլ խղճում էին, անկեղծ խղճում: Այն ժամանակ իմ կատաղությունն անցավ: Ինքս ևս ինձ սկսեցի խղճալ: Ընկճվեցի, ճնշվեցի, դարձա բոլոր ուժերից զրկված մի մարմին և միայն կարողացա գոչել.

Ո՛վ բախտավորներ, ես ձեզ չեմ նախանձում: Բայց գթացեք ինձ ու ասացեք՝ ինչի՞ց է բաղկանում մարդու բուռն երջանկությունը:

Սիրուց, — գոչեց կինը:

Ես սիրել եմ, — պատասխանեցի ես, — և փոխադարձաբար սիրվել, բայց երկար չի տևել մեր սերը, և ես այժմ անբախտ եմ:

Ո՞վ է եղել քո սիրո առարկան:

Մի կին,

Միայն մե՞կը:

Ուրիշ ի՞նչ էիր կամենում: Նա գեղեցիկ էր:

[ԳԵՐԵԶՄԱՆԱՏԱՆԸ]

Ջատիկը անցավ, նրան հետևեց մեռելոցը: Վերջինը ես ավելի եմ սիրում, քան առաջինը: Երկուշաբթի վաղ աոավոտից ես սկսեցի թափառել Թիֆլիսի գերեզմանատանը, որ տեսնեմ ո՞վ ինչ ցավ ունե, ով ինչ անցյալ է հիշում և ով ում համար է հոգեհանգիստ կատարում:

Հաղորդում եմ ընթերցողներիս իմ տեսածները «ֆոտոգրաֆիական ճշտությամբ արձանագրելով» բոլորը:

Առաջին գերեզմանատանը ես հանդիպեցի աշխույժ երիտասարդ Պետրոս Սիմոնյանցին, որ մի խումբ սևազգեստների հետ կանգնած էր մի գերեզմանի մոտ: Արժանապատիվ հայր Գեղամյանը հոգեհանգիստ էր կատարում երջանկահիշատակ «Մեղվի» հիշատակին: Տեսարանը սրտաշարժ էր, Տիրացու Գեվո Գևոյիչը կրծքին ծեծում էր և գլխին հող ածում, աղաղակելով. «Վա՛յ ինձ, վա՛յ ինձ», Ինքը պ. Պետրոսը, այնքան վշտահար էր, որ նույնիսկ ուշադրություն չդարձրեց իր մոտ կանգնած հեռագիրներ ցրող հրեայի վրա, որ ձեռում բռնած էր Ղարսից մի սգալից հեռագիր: Մի փոքր հեռու Միքել Անջելլոյի հանճարեղ աշակերտ Ջովանի Բաբայանի Պալատնյանոն, մի հնադարյան ասպետական շինել ուսերին գցած, նկարում էր հանդիսավոր տեսարանը: Նրա մոտ բացված էր մի քելեխի սեղան, որից Ջովանի Բաբայանի Պալատնյանոն երբեմն հոտ էր քաշում: Թողի տեսարանը և հեռացա սրտամորմոք. Մի քանի քայլ չանցած՝ տեսա մի այլ խումբ, որ շրջապատած էր մի գերեզմանաքար: Վերջինի վրա գրված էր — «Աստ հանգչին ոսկերք անձնասպան «Փորձի»»: Տրտում դեմքով կանգնած էր հանգուցյալի մարդը, տիկին Մոմբազոնի հետ թեթևի տված: Տիրացու Փիլիպոսը շարական էր կարդում: Հետո տիրացու Կոստոն մի երկար դամբանական ասաց, հիշելով, ի միջի այլոց, և իր հանգուցյալ ամուսնուն և աղաղակելով. «Վե՛ստնիկ, Վե՛ստնիկ, ինչո՞ւ ես քեզ սպանեցի»: Կոստոյի խոսքը ընդհատեց տիրացու Փիլիպոսը, որը առաջ գալով ապլոմբով մի ճառարտասանեց «հազագս ազատության մամուլի»՝ Այսմավուրքից և Մաշտոցից ցիտատներ բերելով: Վերջը նա հայտնեց, թե հոգեհանգստից հետո Էդեն թատրոնում մի ներկայացում կտրվի, ուր նախկին «Փորձի» այժմյան ղեկավարը փորձեր պետք է անե միսս Աբբոտին հաղթելու: Իսկ տիրացու Կոստոն կներկայացնե «Եկեղեցական ծուխ և օպերետի կրթական ազդեցությունը» վերնագրով վոդևիլը, թարգմանություն Աբգար Հովհաննիսյանի: Թողի այս տեսարանն էլ ու հեռացա և ի՞նչ տեսնեմ: Մի սևերես մարդ, մի մեծ գերեզմանաքարի վրա բարձրացած, ճառ էր ասում, բացատրելով, թե մեծ պասի օրերին ինչպես ինքը ձիթենու հատիկներ զեյթուն, ուտելիս փորացավ է զգացել և ինչպես այդ փորացավից բարկացած նա ապտակել է իր ընկերակիցներից մեկին: «Պարոննե՛ր, պարոննե՛ր, երբեք չուտեք ձիթենու հատիկներ, եթե ոչ, մի օր դուք էլ ստիպված կլինեք ձեր ամենաթանկագին բանը թաղել հողում, ինչպես ես թաղեցի այս գերեզմանում»:

Ես չհետաքրքրվեցի իմանալ արդյոք ի՞նչ է թաղել այդ սևերեսը գերեզմանում: Ինձ համար ավելի հետաքրքրական էր մի ուրիշ տեսարան, որի հերոսն էր Կովկասյան հրապարակախոս, հանճարեղ ռազմագետ և հմուտ խոլերագետ Նիկոլայ Նիկոլաձեն: Նա վշտահար երեսը դեպի հյուսիս դարձրած էր ձեռով ցույց էր տալիս մի գերեզմանաքար, որի վրա գրված էր ռուսերեն տառերով «Տեսություն» (Աբզոր): Նա աղոթում էր գերեզմանի մեջ ամփոփվածի հոգու փրկության համար, նրա անչափ մեղքերին թողություն հայցելով և աղաղակելով. «Տեր, ներիր երիտասարդությանս սխալները»:

Այդ միջոցին ականջիս հասավ մի ձայն, որ գոչում էր.

«Վրա՛լման, Վրա՛լման»: Ետ նայեցի ու տեսա մի չար մորուքավոր մարդու, որ կանչում էր Վրալման ազգանունով մի սև մորուքավոր մարդու: Ծանոթ դեմքեր Էին: Մոտեցա և ինչ տեսնեմ: «Լիստոկի» ամբողջ խմբագրությունը մաղթանք է կատարել տիկին փոխանակ հոգեհանգստի: Հետաքրքրվեցի պատճառողը իմանալ:

«Իսկույն կիմանաք, — պատասխանեց մեկը, ցույց տալով Վրալմանին: Վերջինս մի ծառի վրա բարձրացած սկսեց խոսել. «Պարոններ, մենք այսօր փոխանակ հոգեհանգստի` մաղթանք ենք կատարելու, որովհետև «հոգի» չունենք, որին «հանգիստ» ցանկանանք: իսկ մաղթելու շատ բան չունենք: Մաղթենք, որ մեր բազմաչարչար Իովանեի մարմինը հանգիստ լինի»: Այդ միջոցին ներքևից մի ձայն լսվեց, որ աղաղակում էր.

«Երբե՛ք, երբե՛ք, վասնզի Իովանեի ջանը միայն գերեզմանում կհանգստանա»:

Ես հեռացա: Այնուհետև ուրիշ շատ տեսարանների հանդիպեցի: Շարունակությունը եկող տարի:

[ՀԱՅ ՊԵՍՏԱԼՈՑՑԻՆ]

Անցյալ կիրակին կարմիր կիրակի էր: Չգիտեմ ուրիշ քաղաքներում նա ինչ գույն ուներ, Թիֆլիսում մոխրագույն էր, իսկ շրջակա սարերի վրա սպիտակագույն: Երկինքը իր աչքունքը այնպես թթվացրել էր, որ կարծես ռևիզիայի ենթարկված բանկի կառավարչի կամ բաժանորդ չունեցող հայ խմբագրի դեմք լիներ:

Թեև անձրևում էր, բայց տնից դուրս գալ կարելի էր: Ճաշից հետո գնացի շրջակա Մախաթի սարի ստորոտը, դեպի Արսենալների կողմը: Այստեղ ի պատիվ օրվա տոնին, որին ռուսները «Կրասնայա Գորկա» են կոչում, մի հանդես կար: Մի ընդարձակ հրապարակի վրա սարքել Էին ճոճանակներ, բարձր սանդուղքներ, տրապեցիաներ և կարուսելներ:

Շարմանկան նվագում էր, ամբոխը թռչկոտում ճոճանակների վրա՝ հարթած այծերի նման: Այստեղ ես տեսա «հինավուրց դպրոցի» բոլոր աշակերտներին: Հոգաբարձության վճռով նրանք դուրս Էին եկել կրթական նպատակով արշավանք (Էքսկուրսիա) կատարելու: Ամեն մի աշակերտ իր հետ բերել էր նախաճաշիկ, մի ձու և մի ընկույզ: Արշավանքին ուղեկցում էր հռչակավոր Հայ Պեստալոցցին, որին աշակերտները փայտյա իշխան են անվանում իրանց մեջ:

«Հառա՛ջ, հառա՛ջ օն անդր, հառա՛ջ», գոչեց հայ Պեստալոցցին «Մեսրոպյան» տառերի ճիշտ արտասանությամբ, և աշակերտները մրջյունների պես թափվեցին կարուսելի վրա:

Անշուշտ դուք գիտեք ինչ ասել է կարուսել: Դա մի հաստ սյունի վրա շինած կոլորակ ծածկոց է, որի տակ ամրացրած են նստարաններ ձիերի, եզների, սագերի և էշերի ձևով: Մարդիկ նստում են այդ եզների, սագերի, էշերի և ձիերի վրա, շարմանկան, նվագում է և ծածկոցը պտտում, իր հետ պտտեցնելով և էշերի, եզների, սագերի ու ձիերի վրա նստած մարդկանց:

Հինավուրց դպրոցի աշակերտների զվարճությանը չափ չկար: Բայց հայ Պեստալոցցին այն համոզմունքին էր որ ամեն մի զվարճություն պետք է կրթական նշանակություն ունենա: Ուստի նա հանեց մի հեղինակավոր գերմանացի մանկավարժի ձեռնարկներից մեկը, երեսը շուռ տվեց աշակերտներից և թաքուն անգիր արեց մի հատված: Ապա բարձրանալով մի քարի վրա և իր դեմքին պառլամենտեոր-լորդի լրջություն տալով սկսեց կարուսելի օրինակով պարզաբանել տիեզերքի մի օրենքը:

«Տղերք, — ասաց նա, — պետք է իմանաք, որ տիեզերքում ամեն բան պտտում է ճիշտ այնպես, ինչպես այդ կարուսելը և դուք: Օրինակ, մեր երկրագունդը պտտում է արեգակի շուրջը, լուսինը երկրագնդի շուրջը և այդպես, անընդհատ, գիշեր-ցերեկ: Բայց մի տարբերություն կա, որի վրա դարձնում եմ ձեր ուշադրությունը: Երկրագունդը և լուսինը պտտում են առանց որևէ հենարանի, իսկ դուք (այդ միջոցին շարմանկան նվագեց «Ռոբերտ դիավոլից» մի արիա), դո՛ւք, որ մեր հինավուրց դպրոցն եք այսօր ներկայացնում, այդ սյունի շուրջը պտտում եք էշերի, ձիերի և սագերի վրա նստած և նրանց օգնությամբ: Ուրեմն ձեր դիրքն ավելի հաստատ է, քան թե տիեզերքինը: Օրհնենք աստծուն և միշտ առաջ, առաջ, անդադար առաջ ընթանանք»... Ավարտելով իր խոսքը, Պեստալոցցին ձեռով հրեց սագերից մեկին, և ծածկոցը սկսեց ավելի արագ պտտել: Աշակերտները նայեցին ցած և ապշած մնացին, տեսնելով, որ իրանք, որ ներկայացնում են մի ամբողջ հինավուրց դպրանոց, անդադար պտտում են, պտտում և միշտ միևնույն տեղն են...

Եվ միշտ նույն տեղում կպտտեք, — ասացի, թողնելով կարուսելը և հեռանալով:

[ՔԱՂԱՔԱՅԻՆ ԴՈՒՄԱՅԻ ԴԱՀԼԻՃՈՒՄ]

«Եվ ժողովեալ ղմաքսաւորս
և զփարիսեցիս դատ արարին»:

Ապրիլի տասնևմեկն էր, առավոտյան տասնևմեկ ժամ: Դատարանի տեղը քաղաքային դումայի դահլիճն էր: Դատարանում նախագահում էր Պիղատոսի փոխանորդ Պլատոնը, դատի էր ենթարկվում ոչ-նազովրեցի Նազարեթը: Իսկական հեթանոսը, որ դյութական զորությամբ միևնույն կտրոններով երկու անգամ փող էր ստացել քաղաքային բանկից, բացակա էր: Նախագահի աջ կողմում նստած էր մեծն Նապոլեոնը: Նրա առջև դրված էր Սեղանի... ներողություն... ծակված կտրոսների հարցը: Դահլիճը լիքն էր, կային քաղաքի «նշանավոր գերդաստաններից» շատերը: Նապոլեոնի զինվորներից երկուսն ներս բերեցին պատգարակների վրա, վասնզի շատ ճակատամարտերում վերքեր ստացած լինելով, այժմ նրանք անդամալույծ էին: Մի ուրիշ հինավուրց զինվորի ձեռից բռնած ներս բերեցին, վասնզի կույր էր աչոք:

Տեսարանը փառահեղ էր:

Սկսվեց պատերազմը: Քաջն Տիգրանի թոռը՝ ազնիվ Նազարեթը տվեց առաջին հարվածը: Մեծն Նապոլեոնը կուլ տվեց մի քանի դառն կազդուրիչ «պիլուլներ»: Նա վճռել էր քաջությամբ կռվել: Նա մի այնպիսի «հիանալի սառնասրտությամբ» էր լսում դառն ճշմարտության ձայնը, որ նրա սպարապետներից մեկը սքանչացած նայում էր «բեղերը սրելով» և հիշելով իր անցյալ սխրագործությունները:

Եվ հանճարեղ ռազմագետի հզոր ձայնին հնազանդվելով զորագունդը միահամուռ արձակեց քառասունևհինգ գնդակներ և օ՛ն, առաջ, հաղթական բլրի գագաթը հանեց Մեծն Նապոլեոնին: Եվ ամեն մեկը սողալով վեր էր բարձրանում այդ բլուրը, համբուրելու մեծ մարդու ոտները, իսկ նա՝ հպարտությամբ շոյում էր իր ստամոքսը:

«Դավաճանությո՛ւն, դավաճանություն», — լսելի եղավ ներքևից: Ռազմագետի մեծ մարշալը՝ Մարկիանոսը, խույս էր տվել աշխարհակալից և միացել Նազարեթի հետ: Նապոլեոնի պատերազմական հնարքներին քաջ ծանոթ, նա քաջությամբ պարզեց այդ գաղտնիքները, օ՛հ, սոսկալի դավադրություն: «Զե՛նքի, զե՛նքի», — որոտաց բլրից ահեղագոչ ձայնը: Եվ անդամալույծները դյութական ուժ առան ու արձակեցին նորից գնդակներ, քսանվեց թնդանոթային գնդակներ: Դյուրաթեք կնճիթանոց և կարճապոչ փղերը շուռ եկան Նազարեթի զորքի վրա և իրանց ծանր ոտների տակ տրորեցին նրան:

Եվ մեծն Նապոլեոնը կրկին կանգնած էր բլրի վրա վրա հաղթական ժպիտով և ամեն մեկը, սողալով, նորից վեր էր բարձրանում նրա ոտները համբուրելու համար:

Ա՛խ Նազարեթ, Նազարեթ, մի՞թե դու չգիտես ինչի համար խաչեցին նազովրեցուն: Եթե նա դաշտերում և լեռների վրա չքարոզեր բարձրաձայն ճշմարտությունը, մի՞թե մաքսավորները, նենգավորները և փարիսեցիները կասեին «Ի խաչ հա՛ն, ի խաչ հան զդա»…

Գոնե պետք է օրինակ առնեիր բանկի այցելուներից և անդամներից: Դրանք գրավ դրին բոլոր ունեցածը, դու էլ գրավ կդնեիր այն, ինչ որ ունեիրձայնդ, Սառնարյուն Մարդկանց խորհրդին չլսեցիր, դեհ, գնա` դատափետվիր:

Հ. Գ.: Երկուաշաբթի, ապրիլի 12-ին, Ջգրաշենի եկեղեցում հոգաբարձական ընտրություններին իշխան Նապոլեոն Ամատունին ստացավ մեկ ձայն: Լսում եմ, խիստ խուզարկության է սկսվել այդ ձայնը գտնելու:

(ԺՈՂՈՎԱՑԱՎ)

Սրտի ցավով հաղորդում եմ «Տարազի» գավառական ընթերցողներին, որ գարունը սկսելուն պես Թիֆլիսում երևացել է մի նոր Էպիդեմիա: Ախտը սոսկալի է և օրից-օր ավելի ու ավելի է տարածվում: Մինչև այժմ դեռ նրա սկզբնական պատճառները քննված չեն, բայց ցավը սկսվում է այսպես: — Դիցուք Գալավինսկի պրոսպեկտի վրա պատահում են երկու ծանոթներ -մեկը վարակված, մյուսը առողջ: Առաջինը արտասանում է «ժողով», երկրորդը իսկույն կրկնում է «ժողով»: Մեկ էլ տեսար երկուսի էլ աչքերը կարմրեցին, գլուխները պտտեցին, բերանները փրփրեցին: Երկուսը միասին սկսում են վազվզել դեսուդեն, կրկնելով «ժողով, ժողով» և կես ժամվա մեջ վարակում են մի խումբ մարդկանց: Ախտը ավելի հեշտությամբ կպչում է անգործներին:

Գլուխս կորցրել եմ, չգիտեմ ի՞նչ անեմ: Անցյալ օրը մի հատ պուլվերիզատոր գնեցի, որ ամեն առավոտ քնից զարթնելիս սենյակս դեզինֆեկցիա անեմ այդ «ժողով» ասած ախտի բացիլներից ազատվելու համար: Բայց չեղավ, երեկ երեկոյան ինձ մոտ եկավ բարեկամներիցս մեկը, որը մի խմբագրի աշխատակից է: Նա հագած էր Մոլիերի Պանկրատ փիլիսոփայի պես, մի լայն, երեք հարկանի վերարկու: Նայեցի բարեկամիս և տեսա, որ նրա բանը բուրդ է: Սկզբում կարծեցի, որ փորացավ ունի: Բայց երբ հարցրի առողջության մասին, նա, տրագիկ-դերասանի դիրք ընդունելով, աղաղակեց, «ժողով»:

Փահ, խեղճ ողորմելի, դու էլ վարակվեցիր, — գոչեց պուլվերիզատորը նրա ճակատին ուղղելով, — դո՛ւրս, դո՛ւրս:

Եվ հայտնվեց, որ բարեկամս վարակվել է իր խմբագրից, իսկ այդ խմբագիրն էլ վարակվել է մի ուրիշ խմբագրից: Այժմ մամուլի բոլոր ներկայացուցիչները վարակված են «ժողովով»: Գլխավոր բացիլ տարածողներն են «Արձագանքի» խմբագիր Աբգար Հովհաննիսյանը ևНов. Обоз.” Լրագրի աշխատակից Նիկոլայ Նիկոլաձեն, որոնք անցյալ տարի եռանդով կռվում էին խոլերայի դեմ:

Կատակը մի կողմ, ամբողջ Թիֆլիսը այսօր «ժողովներ», «մասնաժողովներ» և «հանձնաժողովներ» կազմելու փորացավ է ընկել: Ամենքը խելագարվում են ժողովելու համար կամ ժողովվում են խելագարվելու համար: Չգիտեմ այս բոլորի վերջն ինչ կլինի:

[ԽՄԲԱԳԻՐՆԵՐԸ]

Անցյալ կիրակի, ճիշտ այն միջոցին, երբ «Կավկազ.: հյուրանոցում մեր խմբագիրները ոգևորված խոսում էին «ազգերի փոխադարձ համերաշխության» մասին, կլուբի դահլիճում քննվում էր այդ խմբագիրներից երկուսի «փոխադարձ ջամբազության» հարցը:

Ժողովը բազմամարդ էր և բաժանված երկու կուսակցության, որոնցից մեկի պարագլուխն էր Նապոլեոն Ամատունին: Կորզյալ իշխանազնը օգնության էր կանչել երկու ինժեներներ Պ. Պ. Բաբայանին և Գրիգորյանցին: Այդ ինժեներները աշխատում էին կամուրջ շինել մի անդունդի վրա, որ փորված էր ջամբազներից մեկի ոտների տակ: Բայց կամուրջը չհաջողվեց, ջամբազը գլորվեց, իր հետ մղելով և ինժեներներին:

Ես սկզբից մինչև վերջը ներկա էի այդ տեսարանին և բոլորովին հիացած մնացի կլուբի հռետորների ճառերից: Ժողովին պետք է նախագահեր Սենեքերիմ Արծրունին, բայց որովհետև նա շատախոսության թշնամի է և մի բնածին հակակրություն է զգում դեպի բոլոր ճառախոսները, ուստի նախագահ ընտրվեց Ղարաբաղի անանուն մելիքներից մեկի թոռը:

Ինչևէ, ժողովն աղմկալի էր: Քննվում էր այն հարցը, թե քանի որ խմբագիրները իրենք կրթել չգիտեն, ո՞վ պետք է նրանց կրթի: Ժամանակակից գլադիատորների հովանավոր իշխան Գոգո Մորդաբանիձեն առաջարկեց այդ տեսակ խմբագիրներին ուղարկել Գլդանելիի դպրոցը, որ գտնվում է Սաղի թաղում:

Այս կատակալից առաջարկությունը իհարկե, չընդունվեց: Երկու կուսակցություններից մեկը, հակառակ նապոլեոնյան բանակի գոռուգոչումներին, ապացուցեց, որ Գլդանելիի դպրոցում կրթվելու պետք է ուղարկել այն խմբագրին, որ իր ախոյանի հետևից առաջինը գաղտնագողի արշավանք է գործել: Իսկ մյուսը մեղավոր չէ. նա միայն ստիպված է եղել իրեն պաշտպանել: Ժողովը օրինավոր համարեց այս նկատողությունը և ձայների մեծամասնությամբ վճռեց հարձակում գործող խմբագրին արտաքսել կլուբից...

Այս բոլորն ինձ վրա տխուր տպավորություն գործեց: Կլուբից տուն վերադառնալով, երկար ժամանակ ես մտածում էի. «Եթե մի լրագրի մի ինչ-որ ակնարկը ստիպեց մի մարդու հարյուրավոր կանանց շրջապատում բռունցքի ուժով պաշտպանել իր պատիվը, հապա ի՞նչ անե կտրոնակուլ Գարսոևը, որի պատիվը այսօր այնպես դատափետվում է անգութ լրագիրներից:

Следующая страница