Շիրվանզադե Ալեքսանդր՝   Պատմվածքներ, նովելներ, ֆելիետոններ

Չմոռանամ ավելացնել, որ կլուբի ժողովում պատվասիրության և ազնվության մասին ամենալավ ճառ խոսողը եղավ իշխան Ամատունին: Հաստատ աղբյուրներից տեղեկանում եմ, որ մեծապատիվ իշխանը, օգտվելով այն ազատ ժամանակից, որ ունի այժմ իր տանը, ավելի ընդարձակում է այդ ճառը տպելու համար: Բրոշյուրի վերնագիրը կլինի «Ժամանակակից կոմս Կալիոստրոյի տրակտատը բարոյականության մասին»:

Այս անգամ ֆելիետոնս երկարացավ, այնինչ դեռ գրելու շատ բան մնաց: Հաղորդում եմ հետևյալ սասանեցուցիչ լուրը:

Ամսույս 17-ին մեր հռչակավոր տրագիկ Մատթեոս Աղայանը Սղնախում ներկայացրեց «Համլետ»-ը: Թատրոնը ծայրե ի ծայր լիքն էր: ներկայացումը շատ աջող անցավ: Համլետի հոր ուրվականի փոխարեն բեմի վրա երևեցավ Ադամյանի ուրվականը: Հանդիսականները սարսափած մնացին, երբ Ադամյանը խոսեց. «լսի՛ր, չսի՛ր, որդի, խնայիր ինձ, թող ոսկորներս գոնե գերեզմանում հանգստանան»...

Հ. Գ.: Լսում եմ, որ «Արձագանքի» խմբագրությունը պրեմիա է նշանակել այդ սրամիտ ընթերցողին, որ յոթն օր յոթ գիշեր Հարոյի «նամակներ իմ բարեկամին» ֆելիետոնները կարդալուց հետո մի բան կհասկանա:

[ՑԵՆԶԸ ԵՎ ՄԱՐԴԸ]

Քաղաքային խորհրդի առաջիկա ընտրությունները ամենքի միտքը կլանել են: Մարդիկ ոչնչով չեն ուզում զբաղվել, բացի այդ ընտրություններից: «Ժողով» ասված ախտը շարունակում է զոհեր տանել: Վա՛յ ինձ, վա՛յ ինձ, ես էլ վերջապես վարակվեցի: Բայց ինչպե՞ս: Ես ուզում եմ քաղաքային ձայնավոր դառնալ: Այո՛, բավական է, որքան ձայնս փորումս պահեցի, պե՞տք է վերջապես աշխարհ դղրդեցնեմ:

Պրոպագանդան վաղուց սկսել եմ: Անցյալ կիրակի երեկոյան քաղաքիս «Կալիվչայա Բալկա» ասված թաղում ընտրողների ժողով կար: Ես էլ կանչված էի:

Կկամենա՛ք ձայնավոր լինել, — հարցրեց ինձ մի արխիվարիուս, հենց որ ներս մտա:

Այո՛, շատ ցանկանում եմ: Բայց ցենզ չունեմ:

Այդ ոչինչ, կգտնենք, — պատասխանեց արիխվարիասը, — իմ կնոջ մոր քույրը, պառավ Անաստասիա ունե, քեզ կկարգենք խնամակալ:

Ես ուրախացա, անունս մտցրին Կալիվչայա Բալկայի ցուցակը: Վազեցի մամուլի ներկայացուցիչների ժողովը, որ այնտեղ էլ աշխատեմ անունս ներս խրել: Հավաքվել էին մոտ 20 խմբագիրներ և աշխատակիցներ, որոնցից երկուսը միայն ցենզ ունեին: Ես հայտնեցի, որ ուզում եմ կանդիդատ գրվել: Ինձ ուղակեցին մյուս սենյակ, որ իմ մասին կարծիքներ հավաքեն, արդյոք արժանի՞ եմ ընտրվելու: Հենց որ դուրս էի եկել, իսկույն ներս կանչեցին և ասացին, որ «կարծիքը» կազմվեց, գողություն չեմ արել, արժանավոր մարդ եմ:

Բայց ցենզ չունեմ, — այստեղ էլ կրկնեցի ես խորամանկաբար:

Ես կգտնեմ, — ասաց հրապարակախոս Սումբուրովը:

Իսկ դուք ունե՞ք:

Ոչ, Սերաֆիմ Պետրովիչը խոստացել է գտնել:

Իսկ Սերաֆիմ Պետրովիչը ունի՞:

Ո՛չ, Արտեմ Գասպարիչը աշխատում է նրա համար գտնել, իսկ Արտեմ Գասպարիչի համար աշխատում է գտնել Յակիմ Յակիմիչը, իսկ Յակիմ Յակիմիչի համար աշխատում է Մարկիան Լուկիանիչը, իսկ Մարկիան Լուկիանիչի համար աշխատում է Սարգիս Ավագիչը, իսկ Սարգիս...

Լավ, լավ, — ընդհատեցի ես, — ինչպես տեսնում եմ ամենքդ էլ «լյութ-լոթիներ» եք:

Ի՞նչ ասել է «լյութ-լոթի»:

Голыши, — թարգմանեցի ես:

«Լյութ-լոթիների» ժողովից գնացի իսկույն հաստափորների ժողովը: Այստեղ արդեն ամենքը ցենզավորներ էին և ի՞նչ ցենզավորներ, բանկիրներ, դրամատերեր: Սկզբում ինձ ընդունեցին արհամարհանքով: Բայց ես մի սուտ փչեցի, ամենքը վախեցան: Ես ասացի, որ երեք հարյուր իննսուն հինգ ընտրողներ ունեմ, որ ում ուզեմ՝ նրան պետք է ձայն տան:

Այն ժամանակ մի քանիսը Նուսնուսովին բոթեցին, որ ինձ առանց այլևայլի «ցուցակի» մեջ մտցնեն:

Տեր ապագա գործունեության պրոգրա՞մը, — դարձավ ինձ Նուսնուսովը:

Առաջինը քաղաքագլուխ կընտրեմ ձեզ, իսկ վարչության անդամներ ձեր քենակալին և ձեր աներոջ որդուն: Ի՞նչ առաջարկություն ունեքկընդունեմ, երբ որ ասեք այո, կասեմ այո՛, երբ որ ասեք ո՛չկասեմ ո՛չ: Տեղը եկած ժամանակ ղարաբաղցիների հերը կանիծեմ, տեղը եկած Ժամանսւկ կփառաբանեմ: Եթե «հանգամանքները» պահանջեն՝ վաճառականների դեմ կկռվեմ, եթե ոչ-նրանց խունկ կծխեմ: Երբ որ կասեք բուն թիֆլիսեցի պատվավոր գերդաստաններից մեկին կծելհամեցեք՝ գրիչս ձերը, իսկ երբ հրամայեք գովելձեր խոնարհ ծառան եմ:

Բավական է, դուք արժանավոր քաղաքացի և նշանավոր գործիչի ծրագիր ունեքասացին ինձ չորս կողմից: — Դուք կընտրվեք:

Այսպիսով, անունս մտցրին երկրորդ ցուցակի մեջ: Մյուս օրը երիտասարդների Ժողովն էր: Այստեղ այնքան էլ հեշտ չէր քիթս ներս խրել, բայց գնացի:

Далой плутократиюդ",-գոչեցի ես հենց որ ներս մտա:

Урра! — աղաղակեցին միաձայն և ամեն կողմից ժողովականները թափվեցին վրես ինձ գրկելու:

Մտցրեք, մտցրեք սրան էլ ցուցակի մեջ, — գոչեց մեկը, որ իսկի ինքն էլ չգիտեր՝ ես ինչ պտուղ եմ: Պրինցիպյանը (կատեգորիչեսկիյ» առաջարկեցвопрось-ը бокомьդնեք՝ կամենո՞ւմ եմ ընտրվել: Ես պատասխանեցի, թե այո, կամենում եմ: Բայց անողոքներից մեկը, հոնքերը խոժոռացնելով դարձավ ինձ.

Պարզիր ծրագիրդ:

Էլեկտրական լուսավորություն Խարփուխում, Քարափում, Սաղում: Հավլաբարում և Կոլոլ թաղում: Շոգեշարժ գնացքներով երկաթուղի Օրթաճալից մինչև Վերա: Քսանուչորս պահապան Թիֆլիսի քսանուչորս հայ եկեղեցիների գանձարանների վրա

Այդ քաղաքային գործ չէ, քաղաքային չէ

Ներեցեք, շարունակեմնոր ջանք Հավչալից, անտառներ Մթածմինդայի և Մախաթի սարերում

Բրա՛վո:

Այգիներ քաղաքի բոլոր անկյուններում, բարակներ ժամանակավոր բարոյական և մտավոր հիվանդների համար: Այնտեղ կուղարկենք բոլոր խավարամիտներին:

Էվալլա, էվալլա

Մի զույգ լապտեր «Արձագանքի» և «Նոր-դարի» խմագրատների առաջ:

Այդ ինչո՞ւ

Որ ներս մտնողներն ու դուրս եկողները լավ տեսնեն իրարու...

Աֆերիմ, աֆերիմ, — ընդհատեցին խոսքս, — գոհ ենք, գոհ ենք մտցնել Մաղքոսին մերայինների ցուցակի մեջ: Բայց, նախքան անունս մտցնելը, ժողովականներից մեկը, որ շատ խոհեմ մարդ էր, խոսք խնդրեց:

Պարոններ, — ասաց նա քաղցր ժպտալով, — շատ լավ եք անում պ. Մաղքոսին ինտելիգենցիայի ցանկն եք մտցնում, բայց, այսուամենայնիվ, պետք է այն էլ ասած... Ուզում էի հարցը լուծված համարել, но тем не менее օրինակի համար, նրա անունը մի քանի ցուցակների մեջ կա, այսինքն իմն էլ կա, որովհետև եսԲայց իսկապես ասած, համենայն դեպս շատ արժանավոր է, но во всяком случаеՀամաձայն եմ...

Ես ճառախոսին ծափահարեցի անկեղծ սրտով, և անունս մտավ ցանկի մեջ: Սակայն այստեղ էլ ցենզի մասին հարց բարձրացավ: Քսանուվեց ընտրելիներից մոտ քսանուհինգը ցենզ չունեին, ես էլ քսանուվեցերորդը եղա: Բայց հույս կա, որ ամենքս անտեր որբեր գտնենք:

[ԿԵՍ ՖՈԻՆՏ ՏԿՈՂԻՆ]

Հանուն ասիական անդորրության, անշարժության և թմրության ես բողոքում եմ Թիֆլիսում տիրող այժմյան կենդանության դեմ: Այս ի՞նչ է, ջանըմ, այդքան ընտրություններ կլինի՞ն: Ո՞ր կողմ նայում ես՝ քվեատուփեր են շարված, ո՞ր կողմ նայում ես, մարդիկ միմյանց սևացնում են կամ ճերմակացնում: Բանն այնտեղ է հասել, որ ամբողջ քաղաքի բնակիչները այժմ երկու գույն են ներկայացնում սև և սպիտակ:

Անցյալ օրը մտա մի պարսիկի խանութ մի ֆունտ տկողին (ֆնդըղ) առնելու: Խանութպանը հպարտ-հպարտ՝ պատասխանեց ինձ, թե ֆնդղի թանկություն է տիրում: Երկու շաբաթ առաջ քաղաքային վարչությունը գնել է բազարում եղած ֆնդղի պաշարը և ներկել տվել քաղաքային իրավասուների ընտրությունների համար:

Ես ներկա էի այդ ընտրություններին: Հանդիսարանն արքունական թատրոնն էր: Բեմի վրա շարեշար դրված էին ֆնդըղով լի տոպրակները: Թատրոնը ծայրե ի ծայր լիքն էր: Երբեք ևս չէի կարող երևակայել, թե ֆնդըղը՝ այս համեղ միրգը կարող է այնքան սարսափ ազդել մարդկանց վրա, որքան այդ օրը, մայիսի 14-ին: Հարյուր յոթանասունևչորս հոգիիշխաններ, խմբագիրներ, իրավաբաններ, բանկիրներ, բժիշկներ, ինժեներներ, գնդապետներ, փոխ-գնդապետներ և այլն, և այլն, իրանց աչքերը տնկել էին տոպրակների վրա:

Կարծես դրանք թնդանոթներ լինեին:

Երբ ժողովը բացված համարվեց, նույն միջոցին տոպրակների բերաններն էլ բացվեցին և ֆնդըղները դուրս թափվեցին վայրենի խուժանի պես: Պետք է տեսնեիք այդ տեսարանը, որպեսզի համոզվեիք, թե մարդիկ ինչ ողորմելի, ինչ չնչին, ինչ խղճալի էակներ են, թե որքան նրանք վատ գաղափար ունեն պատիվ, հարգանք և ինքնասիրություն ասված բաների մասին, կարծելով, թե պատիվը, հարգանքը և ինքնասիրությունը կախված են ֆնդըղից:

Ես նստած էի մի խմբագրի մոտ, որ շաբաթը երեք անդամ մեծ-մեծ առաջնորդողներ է տպում իր ընթերցողներին համոզելու համար, թե մարդկանց արժանապատվությունը որոշվում է «ոչ թե ձայների քանակությամբ, այլ որակով»: Եվ այդ տաղանդավոր «թամադան» ձայների քանակությունից այնքան վախեցած էր այդ օրը, այնպես նա դեղնած էր, սփրթնած, որ կարծես թե խոլերա էր ընկել:

Բարեկամ, ինչո՞ւ ես դողում:

Աղոթեցեք ինձ համար, աղոթեցեք: — պատասխանեց ողորմելին, — կես ֆունտ, միայն կես ֆունտ տկողին և իմ պատիվը փրկված կլինի:

Երկու ժամ անցած ես նորից տեսա ազգային կլոունին: Նա միանգամայն փոխվել էր, զվարթացել:

Բանից երևաց, որ նրա քվետուփի սպիտակ տոպրակի մեջ սև տոպրակից 85 տկողին ավելի է երևացել:

Այսպես են սուտ ճգնավորները, փարիսեցիներն ու մաքսանենգները: Բերանացի և գրչով նրանք քարոզում են «սեր, ազգերի փոխադարձ համերաշխություն», գոռում են, թե ոչինչ նշանակություն չեն տալիս «ձայների մեծամասնության»: Բայց գործով, օ՛օ, գործով ինչեր ասեք, որ չեն անում:

Բայց, ներողություն, ես շեղվեցի ֆելիետոնական եղանակից: Ֆելիետոնիստը պետք է ծիծաղի և ոչ թե բարկանա: Ուրեմն ծիծաղենք, եթե կարող ենք: Բայց ո՞ւմ վրա, և ինչի՞ վրա: Մի՞թե հիշելով այն կոմեդիան, որ տրվեց մայիսի 16-ին արքունական թատրոնում: Այո՛, դա մի փառավոր կոմեդիա էր, որի նմանը թատրոնի բեմը մինչև այդ օրը չէր տեսել: Գլխավոր դերակատարները աննման էին իրենց դերերում, Իզմայիլի զավակը իր ամպլուային լիովին համապատասխան դեր ուներ: Բացի լավ դերասան լինելուց, նա և սցենարիստ էր և ռեժիսոր և հուշարար: Այնինչ ռեզոների դեր կատարող Նիկոլաձեն բավական փչացրեց իր դերը: Առաջինը՝ նա անգիր չէր արել իր դերը, ուստի ստեպ-ստեպ կմկմում էր: Երկրորդ լավ չէր հասկացել իր ներկայացրած տիպը: Մոռանալով, որ կոմեդիայումն է խաղում, նա միանգամայն տրագիկական դրության մեջ էր: Բայց ես այդ ներկայացումը մտադիր չեմ նկարագրելու, այսօր մայիսի 30-ին կոմեդիան նորից կրկնվում է: Ուստի մանրամասն ռեցենզիան թողեք հետաձգեմ մինչև եկող կիրակի:

Ներսիսյան դպրոցի համար նոր հոգաբարձուներ ընտրելու հրամանը սառը ջուր մաղեց մեր ազգային խեղկատակների վրա: Ոչ ոք չէր կարծում, թե «Արծվի դատաստանը» այդպես շուտ պետք է հասնի:

Մայիսի 23-ի ընտրությունները մի-մի հարված էին խավարամիտների գլխին: Այդ օրը ես շրջում էի Թիֆլիսի եկեղեցիները, որ տեսնեմ ով ում է ջարդում: Այս անգամ էլ աղբակույտերի սողունները ոտնատակ եղան, բայց ոչ բոլորովին: Մի քանիսը, որ ավելի ճարպիկ էին, դուրս սահեցին ջարդող ոտների տակից և ազատվեցին մազապուրծ: Բայց անդ եղավ լալ և կրճտել ադամանց, երբ հայտնվեց մի քանի եկեղեցիների ընտրությանց հետևանքը:

Տիրացու Կոստոն, հանուն յուր դրոշակի փրկության, քշել բերել էր եկեղեցու պատերազմի դաշտը, ամբողջ իր պահեստի զորքը: Երևան էին եկել արխիվ դրված գեներալներ, գնդապետներ, պաշտոնաթող ինտենդանտներ, սպիրտում պահած հին «պամեշչիկներ»: Առավոտից սկսած նրանք մաքրել էին իրանց թրերի ժանգը, սրբել էին իրանց էպոլետները և եկել կռվելու: Բայց տիրացու Կոստոյի զորքը ջարդվեց: Երեք զորապետներից երկուսը ընկան պատերազմի դաշտում նրանց դիակները արյունալից դաշտից հեռացնելու համար կառք էր ուղարկել մի բանկիր: Եվ ես տեսա այդ խեղճերի դեմքըգունատ, արյունաքամ և խղճալի...

Կկամենայի ֆելիետոնս սրանով վերջացած համարել, բայց երկու խոսք ևս: Խոստովանում եմ, որ այս անգամ ինձ չհաջողվեց ծիծաղել, ինչպես վայել է ֆելիետոնիստին, բայց այդ ինձանից չէր կախված, կան հարցեր, որոնք այնքան լուրջ են, որ որքան կամենաս նրանց մասին կատակով խոսել չես կարող, վերջապես, ես ինչպե՞ս ծիծաղեմ, քանի որ մայիսի 23-ի պատերազմին ընկած դիակները դեռ չեն հեռացված դաշտից: Ասում են նրանց թաղման հանդեսը պետք է կատարվի երկուշաբթի, մայիսի 31-ին: Ես ներկա կլինեմ այդ թաղմանը ֆրակով և սև փողկապով...

[ԼՈՒՐԵՐ]

Շոգերը սկսվել են, նյարդերս հոգնել են, գրելու ախորժակ չունեմ և ի՞նչ գրեմ: Ժողովները վերջացան, ընտրությունները նույնպես: Այժմ բոլոր պրոպագանդիստները և հռետորները սկսել են սառը բաղնիք ընդունել իրենց տաքացած գլուխները մի քիչ հովացնելու համար:

Ուղիղն ասած ֆելիետոնիստի դերը ինձ այլևս դուր չէր գալիս: Այժմ ուզում եմ վիպասան դառնալ: Անցյալ օրը հաշվեցի և տեսա, որ վերջին վեց ամսվա ընթացքում հայոց մեջ երևան են եկել ոչ ավելի, ոչ պակաս վեց հատ վիպասան: Եվ ի՛նչ վիպասաններմեկը մյուսից հանճարեղ: Այժմ ես զբաղված եմ այդ նորագույն հանճարների երկերը ուսումնասիրելով: Շնորհակալ եմ, անցյալ օրը «Տարազի» խմբագրությունը բարեհաճեց ինձ ցույց տալ այդ ադամանդները: Լիացած եմ, չգիտեմ ինչպես արտահայտեմ իմ ուրախությունը հայ գրականության այդ արագ զարգացման մասին, երևակայեցեք, վեց ամսում ծնել վեց վիպասանՈչ մի ազգ, կարծեմ, աշխարհիս երեսին ընդունակ չէ: Իսկ հայոց ազգը ծնում է, այն էլ առանց երկունքի, առանց մանկաբարձուհու: Հապա ո՞ր ազգն ունի այդպիսի ստեղծագործական հանճար... ո՞ր ազգը կարող է տալ կես տարում այդպիսի վիպասաններ, որպիսիք են՝ Ասքանազ Փամբակեցի, Ապրիլյան, Գրիգորյան Սահ., Տ.-Զաքարյան Արշակ, Թումանյան: Քանզի դա սկանդալ չէ՛, որ ամեն օր ծնում են ֆրանսիական պատգամավորների ժողովում բուլանժիստները, այլ հանճար: Ես կարծում եմ, որ եթե մեր գրականությունը այս չափով զարգանա, հիսուն տարուց հետո բոլոր հայերը վիպասաններ և քնարերգներ կդառնան: Ա՛յ երևելի ժամանակ կլինի, հա՛հա՛: Բայց հետաքրքրական է իմանալ, էլ ընթերցողներ կմնա՞ն, թե բացի գրողներից, ոչինչ չենք ունենալ:

Սողունների աշխարհում մեծ իրարանցում կա: Լուր է եկել, որ այսօր, վաղը նրանց վրայով պետք է անցնի մի հսկայական ոտք և ջարդուփշուր անի բոլորին: Նրանք խմբվել են միասին և չգիտեն ի՞նչ անեն: Անցյալ օրը պատահեցի նրանցից մեկին՝ որ գլուխը քաշ գցած՝ գնում էր վանքի եկեղեցին մաղթանք լսելու: նա կռնատակին ուներ մի քանի կապ թղթեր:

Դա ի՞նչ է կռնատակիդ, բարեկամ, — հարցրի ես Սևերեսը նայեց ինձ և պատասխանեց.

Սրանք իմ դիպլոմներն են, որ ստացել եմ հայ ազգից իմ տասնամյա ազնիվ, անշահ, անձնվեր գործունեության մասին: Պետք է ներկայացնեմ մեր հոգևոր նոր Պետին, որպեսզի նա ինձ ընդունի, իբրև իր ամենահավատարիմ և սիրելի զավակ:

Ես հետաքրքրվեցի սևերեսի դիպլոմներով և կարդացի հետևյալ վերնագրերը. «Նավթաքաղաքի ամենամյա տուրքը», «Երեցփոխների հարկը», «Ներսեսի մահարձանը», «Կիլիկիայի կորիզները»: Հասկացա, թե բանն ինչումն է, եթե կարող եք դուք էլ հասկացեք:

Մի քանի քայլ անցած՝ պատահեցա մի ուրիշ սողունի: Դա էլ կռնատակին պահած ուներ իր տասնուհինգ ամյա գործունեության ամփոփ վկայականը: Միայն մի հատ վկայական, որի վերնագիրն էր «Սրբությունների աճուրդ»:

Եվ դու հույս ունես այդ վկայականով վայելել մեծ մարդու սե՞րը, — հարցրի ես աներեսին: Նա ժպտաց անհամեստ կերպով և պատասխանեց.

Ես մեծամեծ ծառայություններ եմ արել Էջմիածնին «հաղագս վերաշինության Վանուց» խնդրի ժամանակ...

Եվ աներեսը սևերեսի հետ թև-թևի տալով մտավ աստծո տաճարը:

***

Մի քանի հետաքրքիր լուրեր:

Հաստատ աղբյուրներից տեղեկցա, որ Թիֆլիսի քաղաքային վարչության ծառայողները մի խնդրանքով դիմել են քաղաքագլխին, բողոքելով, որ վարչության դիվանատան դեմուդեմ գտնվող անկյունի տնից՝ ամեն օր վատ գարշահոտություն է փչում: Քաղաքային սանիտարական բժիշկը, քաղաքագլխի հրամանով զննելով հիշյալ տունը, գտել է մի կույտ գարշահոտ լեշեր: Ասում են, Դումայի նիստում պ. Աբգար Հովհաննիսյանը պետք է մի պաշտպանողական ճառ արտասանի:

***

Լսում եմ, որ հռչակավոր հայ գիտնական Կանայանցը Ներսիսյան դպրոցում ընդունված է պրոֆեսոր:

***

Ինձ հաղորդում են, որ «Արձագանքի» աշխատակից իշխան Կ. Բեհբությանը սարկավագության աստիճան է ստացել:

***

Նշանավոր հայ մանկավարժ Իսահակ Հարությունյանը այս ամառ գիտնական արշավանք չի կատարիլ:

***

«Արձագանքի» խմբագիրը պատրաստվում է գնալ Տրիևստ՝ Վեհափառին դիմավորելու: Ի՞նչ դիմակով:

Ամսույս 16-ին, առավոտյան 71/2 ժամին, հայտնի արեվելագետ Քարամյանցը բարեհաճեց ֆուրգոնով ուղևորվել Էջմիածին գիտական հետազոտություններ անելու նպատակով՝ պարիսպների տակ:

***

Ներսիսյան դպրանոցի հոգաբարձությունը վճռել է շուտափույթ ստորագրել բոլոր արձանագրությունները և առաջիկա չորսամյակի համար կազմել «գիտնական» ուսուցիչների խումբ, որպեսզի չլինի, թե վեհափառի գալուստը խանգարի նրան: Իսկ դպրանոցի տեսուչ Կոստանյանցը մտադիր է ուղևորվել Վիեննա, ուր նրան սպասում են անհամբեր:

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՏԻԿԻՆ ԽՈԼԵՐԱՅԻՆ

Նզովյալ քավթառ!

Այն օրից, երբ դու Գանգեսի ափերից դուրս եկար, համայն աշխարհում տարածվեց քո տխուր հռչակը, Աշխարհակալ կայսրները միլիոնավոր զորքեր հաղթեցին, երկրներ ավերեցին և շինեցին, իսկ քո դեմ մաքառել չկարողացան:

Դու կարծում ես քաջ էիր, որ չհաղթվեցիր, pardon, դու անամոթ ես, քո երեսին մեռոն չկա: Դու այնքան համարձակություն չունես, որ դեմառդեմ ասպարեզ դուրս գաս և այնպես կռվես: Դու խայտառակ կերպով թագնվում ես և անթիվ զորքերդ տարածում: Ես հարյուր անգամ քեզ ասել եմ, որ պատրաստ եմ քո զինվորներից ամենաքաջի հետ մենամարտել ինչով կամենաս, ատրճանակով, շիշերով, թրերով, բռունցքով, միայն թե երես առ երես ասպարեզ գաս:

Բայց ինչպես դու, այնպես և քո բոլոր զինվորները կռվում են գողնովի, ստորաբար: Անցյալ տարի քո գեներալներից մեկը իր զորքով մտավ փտած վարունգի մեջ և աղտեղից իմ ծառայի փորը: Հապա պատվավոր զորապետը փտած վարունգով կկռվի կամ թշնամու փորը կմտնի, Թո՛ո՛բբա... Բայց դու մտնում ես, եվ ինչ խայտառակություն, մտնում ես թե չէ, հետո ես սկսում թմբկահարել: Խեղճ ծառաս երկու օր չանցած Գաբրիել ապերի դավթարում գրվեց.

Անիծյալ, եթե դու քաջ զորապետ ես, ինչո՞ւ չես մի րեպորտյորի փոր մտնում: Վախենում ես, որ քո մասին սուտ լուրեր կգրի, հաա՛: Բայց չէ որ հենց ինքդ քո ոտքով-գլխով մի անպատկառ խաբեբա ես, ստախոս, դավաճան: Երեկ չէ մեկէլ օրը դու չէի՞ր, որ Մուհամմեդի գերեզմանի վրա Մեքքայում, հազարավոր զոհեր էիր անում Ղուրբանբայրամի տոներին: Իսկ այժմ հավատդ փոխեցիր ու քրիստոնյա դարձար, հաա՞: Ա՛յ թաղեմ գլուխդ: Եթե մեր «պատվական և ազնիվ» ամենօրյա լրագրի խմբագիրը լսի, ի՞նչ կասի՞:

Ի դեպ այդ խմբագրի մասին: Ո՞նց ես նրա հետ, հա՞շտ ես: Կարծում եմ, պետք է վաղուցվա բարեկամներ լինեքդու և նա: Եվ այս զարմանալի չէ, քանզի ձեր երկուսի մեջ շատ նմանություններ կան: Ինչպես դու վարակում ես մարդկանց մարմինը, նա վարակում է հոգին: Եթե քո բացիչները Կոխի անուն են կրում, նրա բացիլները կրում են Դուտենբերգի դրոշմը: Դու սիրում ես փտած ձմերուկ, կամ նեխված վարունգ, նա սիրում է... Դու մարդկանց կերածը չես թողնում մարսեն, նա էլ ինքը իր կերածը յոթ տարվա ընթացքում չէ կարողանում մարսել: Մի էական տարբերություն կա քո և նրա միջև: Դու քո հաղթությունը ապահովում ես գաղտնի: Նա իր անիծյալ ստամոքսի համար բացարձակ է կռվում:

Բայց միայն նա չէ, որ քեզ նման է: Մեր մեջ շատ բաներ կան քեզ նման վարակիչ: Վերցնենք մեր գրականությունը, ինչո՞վ է քեզանից պակաս: — Ոչնչով: Եթե դու վարակում ես մեծ մասամբ չքավորներին, մեր գրականությունը անխտիր ամենքին է վարակում: Ճշմարիտ է, մինչև այժմ պահապանները ազատ էին այդ ախտից, բայց նորերումս «Արձագանքը» նրանց էլ վարակեց: Առաջին վարակվողը եղավ Տիգրան Նազարյանցի ստարոժ Սահակ Տեր-Զաքարյանցը, խեղճ մարդը իրեն համար հանգիստ կյանք էր վարում: Ամեն առավոտ ավլելով «Տարազի» խմբագրության հատակը: Սամարղանդի և Մերվի բանաստեղծների փառքը խլեց նրա հանգստությունը, և նա դարձավ «Արձագանքի» մշտական աշխատակից: Իսկ նրանից վարակվեց նույն «Արձագանքի» ստորոժ Միրդիչ աղա Աղլաղանյանցը: Ասում են, որ Միրդիչ աղային է հանձնված «Արձագանքի» տաճկական բաժինը:

Հապա՛, զազրելի քավթառ, դու կարծում ես քեզանից ավելի վարակիչ ախտեր չկա՞ն. Ի՞նչ, մի՞թե երաժշտական և երգեցողական, ախտը քեզանից պակա՞ս է: Իսկի էլ չէ: Այ, այն օրից, երբ մի լրագիր, ազդարարեց, թե Շահլամյանը երկրորդ Տամբերլինտն է համայն Թիֆլիսի և Գանձակի նահանգների տիրացուների և շիքաստա ասողների մեջ, իրարանցում ընկավ: Եվ ամենքը դեն ձգելով իրանց փուրվառը և դահիրեն, վազեցին Թիֆլիս: Այժմ քանի՛-քանի տիրացուներ պահանջում են, որ հայ հասարակությունը նրանց արտաքո կարգի գնացքով ուղարկի Միլան:

Բայց ներողություն քավթառ, ես մի փոքր հուզվեցի նամակիս նպատակից, ես կամենում էի մի քանի բաներ իմանալ: Ուստի բացարձակ քեզ հարցեր կառաջարկեմ : թե ազնվության մի կաթիլ մնացել է քո մեջպատասխանիր:

Արդյոք այս տարի էլ մենք սեխից և ձմերուկից պետք է զո՞ւրկ մնանք, ինչպես անցյալ տարի: Արդյոք այս տարի էլ բժիշկները պետք է մեր գլխին ընկույզ կոտրե՞ն կււմ կոպեկանոց հերոսները ձրի թեյարաններում մարդկային բարերարների դիմակ հագնեն:

Արդյոք այս տարի էլ Միքել Անջելլոյի աշակերտ հռչակավոր Ջիովանի Բաբայանի Պալատնյանոյին պետք, է վնասներ տա՞ս: Դեռ անցյալ տարի սանիտարական խումբը քո պատճառով անգթաբար այրեց խեղճի մի զույգ չուստը, երկու զույգ գուլպան և մի հատ շինելը: Սրանք բոլորն էլ 14-րդ դարից մնացած իրեր էին և պատմական մեծ նշանակություն ունեին: Անիծյալ, իսկի պատմության հետ ծանո՞թ ես: Եվ մինչև այժմ Ջիովանի Բաբայանի Պալատնյանոն մաշում է քաղաքային վարչության դռները, պահանջելով իր մեծամեծ կորուստների փոխարենը: Եթե մարդ ես, գոն՞ե այս սնարի այդ ազնիվ ասպետին խնայիր: Իսկ եթե ազնիվ կին ես, պետք է պսակվես նրա հետ: Արդյոք այս տարի՝ էլ Բաքվի երիտասարդությանը պետք է ստիպես անամոթաբար փախչե՞լ, թե՞ նա քաջություն կունենա քեզ հետ կռվել: Արդյոք Թիֆլիսի փոխքաղաքագլոլխ Իզմայիլյանը կունենա՞ նախկին քաղաքագլուխ իշխան Արղությանի եռանդը:

Վերջապես, ինքդ, անիծյալ պառավ, երկա՞ր կմնաս մեզ մոտ, թե շուտով փասափուսեդ պետք է հավաքես և ռադ լինես:

Այս բոլորը հարցրեցին ազնվաբար պատասխանիր, թե չէ վիպասան Ասքանազ Փամբակեցուն կասեմ, որ քեզ մի լավ նկարագրի:

Առայժմ այսքանը, նզովյալ քավթառ, մյուս անգամ կաշխատեմ ավելի շատ գրել...

Քո ոխերիմ թշնամի ՄԱՂՔՈՍ

Հ. Գ. — Վերջին ժամանակ ես չէի գրում, բարեկամներս կարծում էին, որ դու, քավթառ, ինձ էլ գլորել ես: Հայտնում եմ ի գիտություն համայն աշխարհի, որ ես ողջ և առողջ եմ: Գնացել էի Չիկագո՝ ցուցահանդեսին:

Այս մասին կգրեմ:

(ԱԳՌԱՎԸ ԵՎ ԽՈԶԸ)

Անցյալ շաբաթ ես քիթս բռնելով մտա «Դերեվյանիյ սարայ»: Այս ու այնտեղ կապած էին մի քանի տնային չորքոտանիներ: Մեկտեղ երևում էհն աղբակույտեր, մի բան, որ հատուկ է բոլոր տնային սարայներին: Հանկարծ ինչ տեսնեմ, այդ աղբակույտերից մեկի տակ թաքնված է մի խոզ, մյուսի տակ մի քոսոտ ագռավ: «Ահեղ տեսիլ», — գոչում է խոզը... «Արծվի դստաստա՛ն», — կչկչում է ագռավը: Շատ վաղուց այդ ագռավի դեմքն ինձ ծանոթ էր: Դա մի անպիտան, հոտած բան էր, որ երբեմն թափառում էր Կասպից ծովի ափերում:

Ամենքը՝ նույնիսկ ագռավները նրանից մի ժամանակ զզվանքով երես էին դարձնում: Հիշում եմ այդ ընդհանուր արհամարհանքի պատճառը: Այդ եղկելի ագռավը մի օր (գոնե այդպես էին պատմում կաչաղակները) գողացել էր մի լեշ և, առանց իր ընկերներին ցույց տալու, թաքուն կլանել էր: Մյուս ագռավները դիմել էին դատաստանի: Դատը պետք է կատարվեր «Դերեվյանիյ սարայում»:

Չեմ հիշում ինչ վճիռ կայացավ, բայց այսօր ես ագռավին տեսնում եմ սարայում: Ես հարցրի, թե նա ինչո՞ւ է «Արծվի դատաստան» կչկչում: Բանից երևաց, որ խեղճ ագռավը իր մանր-մունր հանցանքներից հալածված ցնորվել է և երևակայում է, թե մի օր պետք է իր գլխին հասնի արծվի դատաստանը:

Ես, զզված, հեռացա:

Ավելի զարմանալի էր խոզի վարմունքը, որ գոռում էր «Ահեղ տեսի՛լ»: Խոզ և ահեղ տեսիլ: Ես այդ խոզին առաջին անգամն էի տեսնում «Սարայում»:

Բարեկամ, ի՞նչ է պատահել, — հարցրի ես, — ինչո՞ւ ես «Ահեղ տեսիլ» աղաղակում:

Խոզը, իհարկե, չպատասխանեց. բայց ես, ուրիշներից հարցնելով, տեղեկացա, որ բոլոր խոզերն այժմ երևակայում են, որ ահեղ ղատաստանը մոտեցել է: Սարսափից նրանք թաքնվել են աղբակույտերի տակ և վախենում են ապագա ահեղ դատաստանից:

ԿԵՑՑԵ ԲԵԹՂԵՀԵՄ

Երկու տարի սրանից առաջ չարչարանաց շաբաթին, ուղիղ այն օրը, երբ տաքարյուն Պետրոս Առաքյալը իր թրով կտրեց հրեից քահանայապետի ծառա, Ռոդշիլդների նախահայր և իմ անվանակից, պատմական զինվոր Մաղքոսի ականջը, ես ասպարեզ եկա «Տարազի» էջերում՝ քանի մի ժամանակակից հերոսների ոչ թե ականջները կտրելու, այլ տարազը ձևելու համար: Հազիվհազ երեք ամիս տևել էր իմ գրական գործունեությունը, երբ մի օր ինձ հայտնեցին, թե իմ երկու ականջն էլ տակից կկտրեն, եթե չեմ դադարիլ ֆելիետոններ գրելուց: Հայտնի բան է, ես չկամեցա իմ գլուխը զրկված տեսնել այդ մի զույգ գեղեցիկ թիկնապահներից, ուստի շտապեցի պոչս ծալել, տեղս նստել, այսինքն՝ հեռացա գրականության ասպարեզից:

Բայց գրականություն ասած բանը թղթախաղի կամ արբեցողության պես մի ախտ է: Ով մի անգամ վարակվել է այդ ախտով, նա դժվար թե կարողանա բոլորովին ազատվել նրանից: Մոտենում է չարչարանաց շաբաթը, զարթնում են իմ մեջ հին-հին հիշողություններ, և ես նորից ուզում եմ, ինչպես ասում են պոլսեցիները, ինք զինքս ասպարեզ նետել:

Շատ բաներ են անցել այդ երկու տարվա ընթացքում, շատ դեպքեր են պատահել: Իմ սիրեցյալ հերոսներից ոմանք՝ Թիֆլիսից հեռացել են բարի ճանապարհ, ոմանք ծերացել են (նորագույն ներկերը նրանց մազերին օգնական), և ոմանք վախճանվել են (աստված նրանց հոգին լուսավորի), ես անցյալ մարդկանց և անցած դեպքերի մասին այլևս չեմ խոսիլ: Ես կսկսեմ ամենանորազաքս և ամենախոշոր երևույթներից; Երևույթներ, որոնցից մի քանիսը ընդունակ են աշխարհ սասանեցնելու և իրոք սասանեցնում էլ ևն...

Սկսեմ այն նշանավոր երևույթից, որ մեծանուն Կովկասյան Հայոց բարեգործական ընկերության (ականջդ կանչի Օզեկյան) ընդհանուր ժողովներին մասնակցող անդամների թիվը ավանդական քառասունից անցել է: Դա մի այնպիսի եբևույթ է, որ, անշուշտ, ռուսահայերի ապագա պատմության մեջ կբռնի անթիվ Էջեր, այնքան հարուստ է մեր պատմությունը: Թե՛ նախընթաց և թե՛ անցյալ կիրակի օրվա ժողովին մասնակցում էին ուղիղ յոթանասուևյոթ անդամներ, այն էլ բոլորը հռետորներեր, և ի՛նչ հռետորներ:

Բայց ուշադրության արժանի է այն հանգամանքը, որ հայ հոգևորականության կատաղի քննադատները այս անգամ «շահավետ» Էին համարել հոգևորականության թևի տակ մտնել և ժողովի նախագահ Էին ընտրել մի քահանա, որ հռչակավոր է այն բանով, որ լրագրերում տպում է ամիսը քառասուն ոչ պաշտոնական և քառասուն ոչ պաշտոնական նամակներ: Նախագահի ձախ կողմում նստած էր Շեքսպիրի թարգմանիչ, մանկավարժ, բանաստեղծ, օտար ճանապարհորդների չիչերոն, լեզվագետ, գիտնական, ընտրությունների ժամանակ Էստաֆետի դեր կատարող և իր քչախոսությամբ հայտնի Ատեփանոս Մալխասյանցը: Նախագահի աջ կողմում ես նկատեցի ընկերության խորհրդի խորհրդավոր քարտուղարմեղա՛ քեզ աստված... Համբարձում Առաքելյանին, որ չգիտեմ ինչ դյութական զորությամբ, քարտուղարի համեստ սեղանի մոտից համբարձվել էր վեր և իրան հատուկ գրացիայով բազմել նախագահական սեղանի քով:

***

Այս սքանչելի գեղարվեստական երրորդությունը այնքան հրապուրիչ էր, որ ամենքի հայացքը գրավվել էր դեպի ինքը: Դահլիճի չորս հինգերորդս կան մասը բռնել էին հայկազյան նորագույն դեմոսթենեսները: Ոմանք աթոռի վրա փռվել էին այն դիրքով, որ ես կարծում եմ ներկա եղող գեղեցիկ սեռից շատերը պետք է նրանց փոխարեն ամոթից կարմրեին: Մի լրագրի աշխատակից, որ պստիկ մարդկանց հետ իսկի գործ չունի և մհշտ զբաղված է Սալսբյուրիին ու Բիսմարկին խորհուրդներ տալով, սուլթանին սպառնալիքներ կարդալով և Եվրոպայի քաղաքական վիճակը որոշելով, երևի, հետևելով անգլիական պառլամենտի անդամներին, որոնց վրա մեծ ազդեցություն ունեն նրա երևելի հոդվածները, մի ոտը ձգել էր աջ, մյուսը՝ ձախ, մի թևը դրել էր հետևը, մյուսը՝ առաջին շարքի հենարանի վրա, այնպես որ, կարծես, ժողովի դահլիճը տրակտիր էր... Ավելացրեք սրան, որ այդ երևելի հրապարակախոսը շարունակ հըռ-հըռ ծիծաղում էր իր նման մի քանիսի հետ: Մի ծիծաղ, որ ամենայն իրավամբ ժողովականներից մեկը, շպրտելով, «ետ դարձրեց» նրանց:

Առհասարակ այդ ժողովում մի խմբակ անդադար հռհռում էր, երբ մի խելոք բան էր լսում: Դա նշանավոր երեվույթ է, որի հոգեբանական բացատրությունը կարելի է գտնել հայտնի պսիխիատոր Կրաֆտ Էբինգի և Լոմբրոզոյի գրվածներում...

Հըռ-հըռ ծիծաղողների հակառակ, ժողովում կային և խորհրդավոր լռողներ, որոնք ամբողջ ժողովի ժամանակ զբաղված էին փիլիսոփայորեն իրանց քթի պնչերը տրորելով: Թե ինչո՞ւ էին այդ սֆինքսները լռում, չգիտեմ, բայց, տեսնելով նրանց, ես հիշեցի մի հին հունական, թե հռոմեական փիլիսոփայի՝ նշանավոր խոսքը, որ նա ասել է լռող մարդկանց վերաբերմամբ. «Եթե խելոք ես, լռելդ հիմարություն է, եթե հիմար ես, լռելդ խելոքություն է»:

Այդ խորհրդավոր լռողների թվում ես նկատեցի մի պոլիտիկան, որ մինչև այսօր հայտնի է եղել «չաչանակ» անունով: Բանից երևաց, որ այդ մարդու լռելն այդ երեկոյան մի նպատակ ուներ: Պետք է խոստովանած, որ, իսկապես, նա ոչ մի քայլ չի անում առանց հետին նպատակի: Նա այնքան ճարպիկ է, որ գիտե մի ձեռով յոթ ձմերուկ բռնել, — մանավանդ, եթե ձմերուկների մեջ ոսկի կորիզներ կան: Օրինակ նա գիտե միաժամանակ քառասուն ընկերությունների անդամ լինել և մի երեկո այցելել յոթ ժողով: Տեղը եկած ժամանակ նա ազատամիտ է, ուրիշ անգամ հետադեմ, բայց միշտ պահպանողական յուր հաշիվների վերաբերմամբ, նա գիտե միաժամանակ երեք խոսակցի ականջ դնել, հնգին պատասխանել, բոլորին էլ քաղցր ժպտալով: Նա այնքան զգույշ է, որ երբեք իր կարծիքն ուղղակի չի հայտնի նույնիսկ եղանակի մասին: Օրինակ, եթե սաստիկ անձրևի ժամանակ նրան ասեք «պարոն, անձրև է գալիս», նա կարտասանի՝ «այո՛, թեև, գուցե, այսինքն, բայց իմ կարծիքով, բայց և այնպես, կարելի է ասել, սակայն պետք է ասել» և այլն, և այլն:

Համեստության քողի տակից ես տեսնում էի նրա իսկական պատկերը, որ փայլում էր նրա աչքերի մեջ, որոնց բիբերը անդադար պտտում են այս ու այն կողմ: Բանն այն է, որ այդ երեկո մտադիր էր ժողովի նախագահ ընտրվել և չէր ուզում իր չաչանակությամբ մի քանի ավելորդ ձայներից զրկվել: Այն կաստան, որի քուրմն է նա, որոշել էր նախ բժիշկ Նավասարդյանին սևացնել, հետո սպասել, որ ժողովից հեռանան անկախ մտքի տեր անդամները և, դահլիճում մնալով, կաստայի անդամները, «միաձայն» նախագահ ընտրեն պոլիտիկանին: Սակայն նրա նետը այս անգամ քարին կպավ, վասնզի Նավասարդյանը չսևացավ...

***

Մի խոսքով, դա մի նշահավոր ժողով էր, որի ժամանակ ես տեսա, ի միջի այլոց, «ձայների առավելություն» ասած բանի մի նոր զորությունը:

Следующая страница