Շիրվանզադե Ալեքսանդր՝   Պատմվածքներ, նովելներ, ֆելիետոններ

Страницы: Начало Предыдущая 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 Следующая Конец

ՏԵՍԻԼ IX

Հուշարարա Ղազարյան և սցենար-դերասան Անդրանիկ:

Նազարյան: (ձեռքին մի քանի տետրեր, բերանին մի ճխլտված ծխախոտ՝ բարձրանում է չարդախի նեղ սանդուղքով: Բարձրանալով, ծանր հոգոց է արձակում, ճակատը Ատրպատականի գույնզգույն թաշկինակով սրբում, բԲավական հաստ է ու վիզ չունի, ուստի քրտնել է: Ինքն իրան): Դեռ ոչ ոք չկա: Ժամանակին չեն գալիս: Այսպես են մեր հայերը ամեն գործում: Պարտաճանաչություն ասված բանը չկա մեր մեջ, բայց այս ի՞նչ է: Իրավ որ ես հուշարար եմ: Ախ ճակատագիր, ճակատագիր, նախ գրաշար, հետո լրագրի թղթակից, աշխատակից, ապա ուսուցիչ, այժմ հուշարար: Հըմ, և ստիպված եմ ամեն օր այս Հաստ մարմինս կոխել այդ նեղ ու հոտած փոսը... Ախ, նյութական կարիք, քո տունն աստված քանդի: Ափսոս Ռաշտ, Թավրիզ, Սաբզևար, Մեշեդիսար: Ո՞ւր ես, Ատրպետ... (Քիթը խնչում է):

Անդրանիկ: (Ներս է մտնում արքի-տրագիկագան խոշոր քայլերով, գլուխը բարձր պահած, զդակը ծոծրակին քաշած, կուրծքը դուրս ցցած: Կանգ առնելով, ուսերի վրայով նախ դեպի աջ, ապա դեպի ձախ հայացքներ ձգում): Դեռ ոչ ոք չի՞ եկել: Շատ գեղեցիկ, մենք կզբաղվենք գործով: (Սկսում է աթոռները տեղավորել, բեմը հարդարել):

Ղազարյան: Պարոն Անդրանիկ, ախար, եղբայր, այսպիսի բան չի լինի:

Անդրանիկ: (Արագ շուռ գալով, կուրծքը դուրս է ցցում): Ի՞նչ է որ:

Ղազարյան: Միթե վարչությունը երկա՞ր պիտի պահի ինձ այս տարտամ վիճակի մեջ: Ռոճիկս դեռ չի որոշել: Վերջապես, չգիտեմ հաստատընդունված եմ հուշարար, թե՞ ոչ:

Անդրանիկ: Տիրացյանի գալուց հետո հարցը փոխվեց: Դերասանները նրան են ուզում: Նա փորձված է: Իսկ ձեզ մտադիր են առաջարկել արտադրողի պաշտոն:

Ղազարյան: Ի՞նչ արտադրող, ե՞ս... Ախ, Ատրպատական. (Քիթը խնչում է):

ՏԵՍԻԼ X

Ներս են մտնում Ազյանը, թատրոնական ծառա Գեորգին և ինչ-որ երիտասարդ՝ սեմինարիստի շապկով ու գդակով: Վերջինս անմիջապես գդակըքաշ է անում պատին և պատրաստվում:

Գեորգի: Կռնատակին, գրպաններում և ձեռներում զանազան փաթեթներ»: Խոսում է մերթ ռուսերեն, և մերթ վրացերեն): Օհ, հոգնել եմ շան պես:

Անդրանիկ: (Հետաքրքրված մոտենում ու նայում է փաթեթները): Այդ ի՞նչ է:

Գեորգի: (Փաթեթները մեկ-մեկ դնում է սեղանի վրա): Այս թթու դրած տաքդեղ է, այս էլ կորկոտի ցորեն, Աբելյանի համար: Այո գեղարքունի է Պետրոսյանի համար, այս էլ պիրաժոկներ տիկ. Ավետյանի համար, այս էլ մախորկա Ռշտունու համար: Է՛հ, ամենքն էլ ինձ են հրամայում իրանց գործերը կատարել: Ամբողջ օրը փողոցները չափչըփում եմ: Սուլի ամա միվիդա...

Ազյան: (Փաթեթների շուրջը հոտոտելով): Պա՛չո, այդ պիրաժոկից մի հատ տուր ինձ:

Գեորգի: (Հրելով նրան): Ծադի՛, պատարա մասխարա:

Ղազարյան: (Առանձին): Ի՞նչ կոպտություն բարք ու վարքի: (Մ՜ոտենում է սեմինարիստի շապկով երիտասարդին): Ներեցեք, պարոն, ես տեսնում եմ, որ դուք ամենից առաջ գալիս եք և ամենից ուշ գնում: Ներեցեք, ձեր պաշտոնը ի՞նչ է:

Երիտասարդ: Ցանկություն որևէ պաշտոն գտնելու թատրոնում:

Ղազարյան: Բաս շատ արդյունավետ պաշտոն է: (Քիթը խնչում է):

ՏԵՍԻԼ XI

Գալիս են Աղայան, Ռշտունի և կես-դերասան Տիրացյան

Ռշտունի: Здесь я чую запах седобного (Մոտենում է փաթեթներին):

Գեորգի: (Արագությամբ փաթեթները խլելով սեղանի վրայից): Արշաիձլեբա, ղմերթմանի... .

Ռշտունի: (Ակնոցի տակից բարեմիտ ժպտալով): Я хотелось бы... (Կարծելով, որ բեղերը տեղն են, մատները մոտեցնում է սափրած շրթունքներին, որ ոլորի):

Աղայան: (Մի ձեռը դնելով Ռշտունու ուսի վրա: Մյուսով սրում է առանց այն ել սրված բեղերը): Մի՛ նեղանար, բարեկամ, էս է շուտով հոբելյանս կկատարեն, կհարստանամ, հե՞տո մենք...

Ամենքը: Հոբելյա՞ն, այդ ի՞նչ հոբելյան է:

Անդրանիկ: (Ուսի վրայով): Քսանուհնգամյա գործունեության: Ի՞նչ եք կարծում, հարկավո՞ր է, թե չէ կատարել:

Ազյան: (Դրական եղանակով): Իհարկե, պետք է կատարել:

Ամենքը: Վարչությունը պարտավոր է:

Ռշտունի: Ну их վարչություն:

Տիրացյան: (Ժպտալով և գլխիկն այնպես դեսուդեն պտտեցնելով, որ կարծես այն զսպանակի վրա է տեղավորված): Մաթեոս, մեզի այլ բան կհասնի՞ այդ հոբելյանեն:

Աղայան: Բոլորիդ կհասնի, բոլորիդ:

Տիրացյան: Ես ալ Ալգեստս կտամ ներկայացնելու քո հոբելյանին: Ջանմ, ես այդքան ընտիր պիեսներ կթարգմանեմ, հեչ մեկը չեն ներկայացներ: Աստված փրկի ու ազատի դահա փորձանքներե. (Կարծելով, թե սրախոսեց, ինքն ամենից առաջ է ծիծաղում շիթ-շիթ, ընդերքը ցույց տալով):

Ղազարյան. (Ոտից գլուխ չափում է նրան աչքերով): Պարո՛ն, դուք տաճկահա՞յ եք:

Տիրացյան: Կըսեն:

Ղազարյան: (Նենգամիտ): Իսկույն երևում է:

Տիրացյան: Բարբառե՞ս:

Ղազարյան: Ոչ, բարբառիդ բովանդակութեն են:

Տիրացյան: Ի՞նչ կըսեք, ախպերիկս: (Կարծում է, թե սրախոսեց, ծիծաղում է շիթ-շիթ):

Ղազարյան: Ան կըսեմ, որ ձեր մեջ աղը քիչ մը կպակասե:

Աղայան: (Բոլորովին չկարծելով, թե սրախոսում է): Հանգուցյալ Պարոնյանը բոլոր հոսոսների աղը գողացել է ու ածել իր գրածների մեջ... (Բեղերը ոլորում է ու մի կողմ քաշվում):

ՏԵՍԻԼ XII

Ներս են մտնում՝ տիկ. տիկ. Մելիքյան, Ավետյան, Գուլազյան առանց ամուսնու և պ. պ. Հարությունյան, Ավետյան ու Ալիխանյան:

Տիկ. Ավետյան: Գրի՛շա, պիրաժմէկներ բերել տվե՞լ ես...

Գեորգի: Աք արիս: (Փաթեթներից մեկը տալիս է նրան):

Տիկ. Ավետյան: (Լոռնետը քթին մոտեցնելով): Ապա տեսնեմ: Ֆի, ձեռներդ ինչ կեղտոտ են, Գևորգի: Այդ ումի՞ց ես առել: (Բոլորը շրջապատում են փաթեթը: Երկու պիրաժոկ կա ընդամենը փաթեթի մեջ: Մեկը տիկինը տալիս է իր ամուսնուն, մյուսն ինքն է ուտում: Բոլորը հիսաթափված ետ են քաշվում):

Տիկ. Մելիքյան: (Այս անգամ վզին աղվես չունի): Երանի գիտենայի, երբ պիտի ռոճիկ տան մեզ: Աստված վկա, դեռ երեխայիս ուսման վարձը չեմ տվել:

Տիկ. Ավետյան: (Պիրաժոկն արդեն կերել է, մատների ծայրերը սրբում է զգուշությամբ այնպես, որ կարծես նրանք ապակուց են, կարող են փշրվել): Արշա՛կ, այստեղ եկ: (Հարությունյանը մոտենում է: Տիկինը նրա կռնակից բոնած, քաշում տանում է մի անկյուն): Երեկ երեկոյան Գրիշան այն ի՞նչ տիկնոջ հետ էր զվարճախոսություն անում:

Հարությունյան: (Ինքն իրեն): Էհե, էլի տիկնոջ խանդը սկսվել է: Արի մի քիչ գժվեցնենք դրան, (Բարձր): Չգիտեմ, Պրոգրեսի Լևոնն ասաց, թե Բել-Վիվի երգչուհիներից էր: Հին ծանոթներ են, մի օր էլ Թիֆլիս-Պուճուռն եմ տեսել նրանց միասին:

Տիկ. Ավետյան: (Զայրանալով): Ի՛նչ: (Տրագիկա՛կան եղանակով): Գրի՛շա, այստեղ եկ: (Ավետյանը մոտենում է աչքերը ճպճպացնելով և ուսերը վեր ու վար քաշելով): Ես չէի ասում, որ դու ամենաանպիտանն ես:

Ավետյան: (Բրյուկը վեր քաշելով): Ի՞նչ է, ի՞նչ է պատահել:

Տիկ. Ավետյան: Այն է պատահել, որ դու պատկառանք չունես: Դու ի՞նչ գործ ունես Բել-Վիվի երգչուհիների հետ:

Ավետյան: (Քանի գնում է, աչքերի ճպճպալը սաստկանում է): Ո՞ վ ասաց:

Տիկ. Ավետյան: Այ, Պրոգրեսի Լևոնը, այ, Արշակը:

Ավետյան: (Հարությունյանին): Այ դու անիծված, Էլի՞ (կնոջը): Հանաք է անում: ա կնիկ:

Տիկ. Ավետյան; (Իսկույն հավատալով): Հաա՞, այ անպիտան Արշակ: (Ավետյանր բրյուկը վեր քաշելով հեռանում է):

Ալիխանյան: (ՈՐ մատիտով պատի վրա նկարում է դերասանների և դերասանուհիների ծաղրանկարները): Պակասում է միայն Ռշտունին: Այս էլ նա: (Նկարում է մի շիշ և մի բաժակ ու տակը գրում Ռշտունի):

(Ամենքը ժողովում են նկարների մոտ: Սկսվում է ծիծաղ, քրքիջ: Հետո, նկարները թողնելով, միմյանց արտաքինն են ծաղրում: Համեմատում են իրարու թռչունների, կենդանիների, բույսերի նետ):

Ալիխանյան: Տիրացյանը չորացած տանձի է նման:

Տիրացյան: Իսկ դու՝ շահմահու:

Ռշտունի: Аветян похож на фистяжку.

Ավետյան: Իսկ դու Եգիպտոսի խուրմա ես:

Անդրանիկ: Ղազարյանր հնդկահավ է:

Ղազարյան: Իսկ դուք, պարոն, Խորասանի այծի եք նման: (Առանձին): Պարտաճանաչություն չկա: Դեր սովորելու փոխարեն ինչով են զբաղված: Այ, այսպես է մեր ազգը, (Քիթը խնչում է):

(Ներս են մտնում՝ տիկ. տիկ. Սիրանույշ, Յմշկյան, Վարդուհի, Անդրանիկ, Օր. Խիթարյան, պ. պ. Աբելյան, Պետրոսյան. Տեր-Դավթյան, Մամիկոնյան և մանր-մունրները):

ՏԵՍԻԼ XIII

Նրանք և նորեկները:

Աբելյան: (Երգելով ներս է մտնում): Ով սիրել է...նա...... դեռ փորձը չի՞ սկսվել: Ահ, յոթ ժամին պիտի լինիմ Հավլաբարիթատրոնում: Գեորգի, կորկոտը բերի՞ր: Ո՞ւր է տաքդեղը: Հիանալի է: Էգուց Շիրվանին էլ կկանչեմ, միասին կորկոտ կուտենք: Բայց օղի չեմ առնիլ նրա համար, թող տրաքի: Պարոննե՛ր և տիկիննե՛ր, էլ վերջացավ: Ամեն ինչ թողեցի՝ թղթախաղն էլ, օղին էլ, գինին էլ, գարեջուրն էլ և ինչպես առողջ եմ զգում ինձ: Մի տուփ ծխախոտ ունիմ. այն որ վերջացավ, ծխելն էլ եմ թողնելու: (Աջ ուսը բարձրացնում է):

Վարդուհի: Իսկ կանանց:

Աբելյան: Օ՛օ, այդ մեկը կներես, սիրելիս: Ինչպե՞ս կարելի է կանանց մոռանալ Վարդուհի: (Հաղթական եղանակով): Բաս ո՞նց էիր ճանաչում մեզ:

Պետրոսյան: Գեորգի, ուր է Գեղարքունին:

Գեորգի: Աք արիս: (Ցույց է տալիս ձուկը): Ձալիան կարգի ա...

Պետրոսյան: КАКОЙ ТАМ ձալիան: Չաղ չէ: Բայց վնաս չանի: Խոհարարս լավն է: Ինչո՞ւ ընկույզ չես առել, անիրավ:

Գեորգի: Ամսա չի: (Վազում է դուրս):

Ավետյան: Մամիկոնյան, այս տարի այլևս ջանկին ա չես երգում:

Մամիկոնյան: Էհ, բան չունիս: Պրծավ էլ, պրծավ:

Անդրանիկ: Այ քեզ ամուսնություն:

Ալիխանյան: Ամուսնություն ասացիք միտս եկավ: Երեկ Պուր Ղվինոյում Արշակի հետ նարդի եմ խաղում: Տո, մեկ էլ տեսնեմ, հանկարծ... (Ինչ-որ պատմում է, երկայն ձեռներն ու ոտներն օդի մեջ շարժելով):

Աբելյան: Ջաբարը դեռ չի՞ եկել:

Անդրանի՛կ: Ոչ:

(Ցրված զանազան խմբերի, առանձին-առանձին խոսակցում են: Տիկ. Սիանույշը հրճվանքով պատմում է տիկ. Չմշկյանին Ստելլայի վերջին նամակի բովանդակությունը: Տիկին Մելիքյանը նկարագրում է իր նյութական նեղ կացությունը: Տիկ. Անդրանիկը քչփչում է իր ամուսնու հետ, թե ճաշին ինչ պիտի ուտեն: Պետրոսյանը մտքում իր առաջիկա բենեֆիսի մուտքը բաժանում է պարտատերերին և չի կարողանում ծայրը ծայրին հասցնել: Օր. Խիթարյանը խորհում է, թե դեղնագույն շրջազգեստին ի՞նչ ավելի կսազի, սպիտա՞կ, թե՞ վարդագույն կրծքակալ:

Ներս են մտնում Ջաբարը Մաղքոսի հետ, իսկ մի քիչ հետո՝ Պանկրաս փիլիսոփան):

ՄԱՐՏԻ ԵՎ ԱՊՐԻԼԻ ՎԵՃԸ

Եղանակը բավական մեղմ է, երկինքը պարզ:

Ցերեկվա տասը ժամն է:

Կոջորի կողմից Մամա-Գավիթ լեռան բարձունքի վրա երևում է մի երիտասարդ ֆռանտ: Հագած է նա կանաչ ֆրակ, դեղնագույն ցիլինդր, սև փողկապ՝ ծիծեռնակի թևերից: Նրա երկայն մազերը դեկադենտական հյուսվածքով ընկնում են ուսերի վրա ոլոր-մոլոր, ինչպես մակարոն, և կիսով չափ ծածկում բարակ պարանոցը:

Դեմ-ուդեմ, լեռան ստորոտից, հևալով ու տնքտնքալով բարձրանում է մի տարիքավոր պարոն: Հագած է նա մի լայն, մաշված մուշտակ, որի գույնն անհնարին է որոշել, լայնեզր գլխարկ, խոշոր կրկնակոշիկներ, մազերը շատ էլ երկար չեն, բայց կեղտոտ են, գզգզված, եղունգներն երկայն և նույնպես կեղտոտ: Տեսնողը կարող է կարծել, որ նա կամ հայ լրագրի աշխատակից է և թունդ արմատական, կամ գոմեոպատ, կամ թափառաշրջիկ հայ դերասան: Նրա հագուստը թրշված է, պարզ է, որ նոր է անձրևի տակ եղել:

Պարոնը և երիտասարդը մոտենում են միմյանց:

Պատիվ ունիմ ներկայանալ, Մարտ Տմարդյսւնց, — ասում է պարոնը:

Աա, պառավ գայլ, բարով, — պատասխանում է ֆրակավոր երիտասարդը, — Ապրիլ Կենցաղյան, ձեր հաջորդը և դատավորը:

Մարտ: Դատավո՞րը:

Ապրիլ: Այո՞, պարոն, շտապիր զեկուցանել ի՞նչ կա, ի՞նչ չկա այդ փոսում: (Ցույց է տալիս ներքև տարածված քաղաքը):

Մարտ: Ամեն ինչ կարգին է ձերդ պայծառափայլություն: Քաղաքային խորհուրդը շարունակում է ջուր ծեծել: Մամուլի սակավարինությունը սաստկացել է, հիմա ափիոն է ընդունում գիշերները քնելու համար: «Իվերիա» շարունակում է հայերին ուտել: Հայերը շարունակում են նրան ապսցուցանել, որ երկու անգամ երկու տանձի կոթ չէ:

Ապրիլ: (Խրոխտ): Իսկ դո՞ւ ինչ արիր:

Մարտ: (Շփոթվելով ու քթի ծլլոցը սրբելով): Ե՞սԵս էլ արի, ձերդ պայծառափայլություն, ինչ որ կարող էի անել:

Ապրիլ: (Բարկանալով): Գլուխդ քարերին տվեցիր, որ արիր: Հիմար, արբշիռ, գիտեմ ինչեր ես արել: Դաշն կապելով այդ փետրվար անունով քավթառի հետ, տակնուվրա արիր ամբողջ քաղաքը: Գնա տես, գրասեղանս լցվել է բողոքագրերով: Ամենքը գանգատվում են քո դեմ, մանավանդ Վերայի և Օրթաճալի այգետերերը...

Մարտ: Սուտ են ասում, ձերդ պայծառափայլության, այդ թիֆլիսցիները շատ կլյաուզնիկներն են, ամեն բանից գանգատվում են: Զրպարտիչներ են և ամեն մեղք ինձ վրա են գցում: Ես իմ իրավունքների սահմանից չեմ անցել:

Ապրիլ: Անցել ես անիրավ, շատ ես անցել: Դու չէի՞ր, որ ամեն օր հարբում էիր սրա ու նրա լուսամուտները, դռներն ու կտուրներր փշրում, այգիները քարուքանդ անում, սայլերը շուռ տալիս, վիվեսկաները ջարդուփշուր անում

Մարտ: Օրամեջ եմ հարբել

Ապրիլ: Այո, որովհետև մի օր հարբելով, մյուս օրը с похмелья ուժ չունեիր նորեն հարբելու ու դեմքդ թթվեցնում էիր: Ասա, անիծյալ, պառավի այծերից քանի՞սն ես կոտորել:

Մարտ: (Գլուխը կրծքթն թեքելով): Բոլորը:

Ապրիլ: (Բարակ ձեռնափայտը բարձրացնելով): Ա՛յ դու ճպռոտ շուն, քոսոտ՝ կատու: Ասորեստանի մուկ, Բաղեշի բաղլինջ, զուր չեն ամենքը քեզանից զզվում ու անհամբեր ոպասում ինձ, որ գամ ու քեզ մի լավ քոթկեմդե կեր, անիծյալ աղվես... (Ծեծում է):

Մարտ: (Մեջքը բռնելով): Այ, այ: հերիք է, լավ, գնում եմ...

Ապրիլ: (Շարունակ զարկելով): Կաց, մի լավ դնգսեմ, հետո կորիր: Այո՛, այո՛, բոլորը գանգատվում են քեզ վրա. բոլորին զզվեցրել ես...

Մարտ: (Հանկարծ խրոխտանալով, աչքերը պսպղեցնում է): Պոժալստա, շատ էլ համը մի տանիր: Դու ով ես, որ պարծենում ես: Այո, դու ո՞վ ես, որ ես քեզ Ձերդ Պայծառափայլություն ասացի, կարծում ես վախենալո՞ւց: ԵղուկՈւզում էի քեզ պատիվ անել, չհասկացար: Որ տեղն եկավ, ես էլ իմը կանեմ, դու ինձանից ավելի վնասակար ես ու ավելի զզվելի... Բա՛ս...

Ապրիլ: Այդ ի՞նչպես, անիծյալ: Ի՞նչպես ես հանդգնում… (Ուզում է զարկել ճիպոտով):

Մարտ: (Ճիպոտը խլելով, կոտրում է ու դեն գցում): Լսիր, եթե մարդ ես: Դու չէի՞ր, որ անցյալ տարի մի աղջկա խելքից հանեցիր այնպես, որ խեղճն իրան գցեց Քուռ գետն ու խեղդվեց: Դու չէի՞ր, որ այն գիմնազիստին սիրահարեցնել տվեցիր երեսունհինգ տարեկան կնկա վրա ու ստիպեցիր հարբեցողություն անել: Դու չէի՞ր, որ միայն հինգ օրվա մեջ յոթ ընտանիք քայքայեցիր այս փոսում (ցույց է տալիս քաղաքը), մարդկանց սիրահարեցնելով շանսոն ետկաներկ վրա, իսկ կանանց գցելով եկվոր դերասանների գիրկը: Անիծյա՛լ, ես քո չափ հանցանքներ գործե՞լ եմ երբևէ:

Ապրիլ: Զրպարտում ես, քավթառ շուն, այդ օրիորդին, գիմնազիստներին և մյուսներին խելքից հանողը ես չէի, այլ բԲանաստեղծությունը, թատրոնն ու երգեցողությունը..,

Մարտ: Գնա դեն, է՛, դուք բոլորդ միմյանց արժեք, մանավանդ այդ բանաստեղծությունը, որի հետ դուք միշտ սիլի-բիլի եք անում: Սպասիր գնամ Ահեղ Դատաստանին բացատրեմ բոլորը, որ ամենքիդ էլ աքսորի Իրկուտսկ

Ապրիլ: Ոչ ոք չի կարող մեզ աքսորել Իրկուտսկ, անիծյալ... Դա քո տեղն է:

Մարտ: Կաքսորեն վերջ ի վերջո, չարագործներ, կաքսորեն: Դրա ռեխին մտիկ արեք, պաժալուստա, հագել է կանաչ ֆրակն ու եկել: Գիտենք չար մտքերդ, ճանաչում ենք: Տեսնենք այս տարի քանիսին պիտի թունավորես ու սպանես քո քնքուշ սիրային երգերով... Դոն-Ժուան:

Ապրիլ: Սուտ ես ասում: ես վաղուց զզվել եմ սիրո երգ երգելուց, վաղուց ձանձրացել եմ կանանցից:

Սարա: Սուտ ես ասում, խորամանկ օձ, դու ամեն տարի լիզում ես Վեներայի ոտները, կրքոտ, վավաշոտ ստրուկ...

Ապրիլ: (Կատաղելով): Այ դու քոսոտ շուն: Դեռ շա՛տ պիտի հաչես, հերիք չէ՝... (Հարձակվում է ծեծելու):

Մարտ: Ծեծիր, բայց տեղը եկել է, պիտի ճշմարտությունըն ասեմ: Թողնենք մի կողմ քո սիրային թույնը, որ յոթանասուն տարեկան պառավներին էլ վարակում է: Քո մյուս արարքների՞ն ինչ անուն տամ, ասա՞: Դու որ գալիս ես թե չէ, ամենքը գժվում են, չոլերն են ընկնում: Այ, տես, ներքև նայիր, դեռ տեղ չես հասել, բայց այգիները լցվել են... կա՛նաչ օձ...

Ապրիլ: Ուրախանում են մարդիկ, խ՞ոմ չեն տխրում, ինչպես քո հոտած ռեխդ տեսնելիս:

Մարտ: Այո՛, շատ լավ են ուրախանում, ինչ ասել կուզի: Հարբում են այգիներում, կռվում: ծեծվում, հետո ուչաստոկ ուղարկվում քիթ ու պռունկները ջարդված

Ապրիլ: Կա՛ց, կա՛ց, քոսոտ աղվես, դու այդպիսի բաներ չե՞ս անում:

Մարտ: Երբե՛ք: Ես, ընդհակառակը, անձրև եմ բերում, քամի բարձրացնում՝, որ մարդիկ խելոք նստեն իրանց տանը, իրանց կանանց մոտ, ինչպես օրինավոր ամուսիններ...

Ապրիլ: Սուտ ես ասում, քավթառ: Դու չէի՞ր, անցյալ օրը մի քանի հոգու, այն ո՞վ էր, կաց, Վանոն, Պողոսն ու Ալեքսին, այո, այն օրը տարար նրանց Վերայի այգիներից մեկը: Դու չէի՞ր, որ շարմանկա ու զուռնա բերել տվիր, կառապան Իվանին հարբեցրիր ու ստիպեցիր խալաթի փեշերը ֆռֆռացնելով պարել, այն էլ ինչ... շալախո: Անիծյալ, ո՞վ է տեսել, որ մալականը «շալախո» պարի:

Մարտ: Դե լավ, քիչ կռվենք, ես գնում եմ, շոգն սկսում է, երկար մնալ չեմ կարող... Գնա բանիդ, գժվեցրու ամենքին, գիմնազիստուհիներինԲուռը գցել տուր, կինտոներին կռվեցրու, ապագայի համար մի դյուժին ապահարզան պատրաստիր: օյինբազ... Գնա, ամենքն սպասում են քեզ...

Ապրիլ: Այո, այդ ես առանց քո ասելու էլ գիտեմ, որ ինձ անհամբեր սպասում են: Ինձ ամեն տեղ սպասում են անհամբեր, ամենքը սիրում են, ամենքը ժպտում են, ծիծաղում, զվարճանում ինձ հանդիպելիս...

Մարտ: Ո՞նց չէ, քո հորն օղորմի: Կան մարդիկ, բարեկամ, որ քեզ հանդիպելիս ուղղակի սուգ ու շիվան են բարձրացնում:

Ապրիլ: Այդ տեսակ խենթեր չկան:

Մարտ: Կան, կարող ես շատ էլ չպարծենալ, կամ, այ, հենց այս հոտած փոսում:

Ապրիլ: (Հեգնաբար): Կկամենայի իմանալ նրանց անունները:

Մարտ: Կարող եմ ասել, դու լսե՞լ ես հայ բանաստեղծների մասին:

Ապրիլ: Չեմ լսել: Այդ ինչ բաներ են:

Մարտ: Մարդիկ, ուրիշների պես երկու ոտ, երկու ձեռք և մի գլուխ ունեն: Չե՞ս ճանաչում:

Ապրիլ: (Ճակատը տրորելով): Ֆրանսիացի, լեհացի, անգլիացի, գերմանացի, ռուս, իտալացի բանաստեղծներ կան և լավ բարեկամներս են, բայց հայ բանաստեղծներկաց, կաց, կարծեմ մի ինչ-որ այդպիսի բան հիշում եմ...

Մարտ: Այ, հենց նրանք քեզ ատելով ատում են: Հենց որ երևում ես, իսկույն սուր ցավ ես գցում նրանց փորի մեջև սկսում են լալ, ողբալ, աղաղակել: Այ թե որքան ատելի ես նրանց համար:

Ապրիլ: Կհանդիպեմ այս անգամ նրանց, կտնտղեմ, տեսնեմ ինչ տարօրինակ արարածներ են, որ ինձ տեսնելիս վայնասուն են բարձրացնում:

Մարտ: Հետո Բրոմ կամ Ինոզեմցևի կաթիլ ունի՞ս:

Ապրիլ: Այդ ինչո՞ւ համար:

Մարտ: Վերցրու համենայն դեպս, հարկավոր կգա.

Ապրիլ: Նու, ես նրանց կբժշկեմ իմ սեփական միջոցներով:

Մարտ: Տեսնենք, չեմ հավատում: Համենայն դեպս, խորհրդակցիր Մայիսի հետ, կարելի է միասին ազդեք: Ըստ իս այդ մարդկանց ցավն անբուժելի է. Լսո՞ւմ ես, ականջ դիր, արդեն սկսում են...

Ապրիլ: (Ականջ դնելով դեպի ցած): Այո, ինչ-որ հեծկլտանք եմ լսում:

Մարտ: Այդ դեռ սկիզբն է: Գնանք, հեռանանք մի փոքր: Մի-մի բաժակ կոնծենք հաշտության համար:

Մտնում են մերձակա գինետունը: Քիչ անցած, դուրս են գալիս, Մարտը բոլորովին կոնծած: Ապրիլը քեֆով:

Հայ բանաստեղծների խորը (ստորոտից): Ո՛հ, իմ տանջանք, ո՛հ իմ կսկիծ, մի՛ մորմոքիր ինձ, կույս անբիծ...

Սեդրակ Մանդինյան: (Հայրական մեղմ եղանակով) Հերիք է, որդիք, էլի մի՛ սկսեք... Ամոթ է...

ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԺՈՂՈՎ

Սքանչելի էր անցյալ կիրակի հայոց դրամատիկական ընկերության անդամների ընղհանուր ժողովը:

Գեղարվեստը ժպտում էր Արտիստիքական ընկերության փառահեղ դահլիճի բոլոր անկյուններից:

Ներկա էին հայկական աշխարհի բոլոր էսթետիկները, սկսած հիսնամյա խայտաճամուկ «երիտասարդներից, մինչև քսանուհինգամյա մռայլ ծերունիները:

Միաձայն համաձայնությամբ ժողովի նախագահ ընտրվեց մեր անզուգական և մշտադալար Համբարձում ամին: Նա օրուկես առաջ նախագահ էր Թավրիզի Լիլավա թաղի երկրորդ (կա և առաջինը) Գրականական ընկերության ընդհանուր ժողովին և իսկույն ևեթ օդապարիկով տեղափոխվեց Թիֆլիս: Ինձ ասացին, որ երեք օր անցած նա պիտի ներկա լինի Ամստերդամի խաղաղասիրաց ժողովում, միևնույն ժամանակ ճանապարհին ռեֆերատ կարդա Ռուսիայի մի քանի այլազան ժողովներում:

Առաջին կարգում փառավորապես բազմած էր Թիֆլիսի լուսավորության իշխանը: Մեր այս բիկոնսֆիլդի աջ ու ձախ կողմերում շարե-շար նստած էին ազգիս երևելիները, ի միջի այլոց, և ես:

Նախագահը քնթով քը՛հ արավ, երկու մատներով սեղմեց պնչերը և ահեղագոչ ձայնով ժողովը բացված ազդարարեց:

Տիրեց ընդհանուր լռություն: Գեղարվեստագետները իրանց տեղերը դրստեցին:

Արևի պայծառ շողքերը հեղեղվեցին ներս: Օդը փափկացավ: Տրամադրությունները դարձան միանգամայն էսթետիկական: Մի քանի անհանգիստ դերասաններ պատրաստվեցին իրանց սրտերում կուտակված թույնը, վերջապես, թափելու վարչության գլխին: Իսկ վարչության անդամները իրանց բեղերը ոլորեցին թույնին թույնով պատասխանելու:

Նախ քան կռիվն սկսելը, վարչության անդամ Տիգրան Հովհաննիսյանը հանդիսավոր կերպով խոստովանեց, թե վարչությունը մոռացել է մի բան, որ ծտի հիշողություն ունեցողն անգամ պարտավոր էր չմոռանալ, — այն է, մոռացել է հարգել իր ներկայությամբ տարեդարձի հոգեհանգիստդ հանգուցյալ այրի Մակարյանի, որ հօգուտ ընկերության կտակել է 3000 ռուբլի: Ի դեպս ասած, մի կտակ, որ շփոթեցրել է հայ բարեգործներին և նրանց շրջանում հարց զարթեցրել. «այդ ինչ բան է թատրոնը, որի օգտին կտակ է արել հայ կինը»:

Ժողովը նկատելով Տիգ. Հովհաննիսյանի վարչության կողմից կարմրելը, որոշեց հանգուցյալ կտակարարի հիշատակը հարգել մի առանձին հոգեհանգստով:

Ապա վարչության գանձապահ բժիշկ Խատիսյանը կարդաց ընկերության տարեհաշիվը: Երևաց, որ մեր թատրոնական գանձարանը չծաղկած՝ չորանում է և շուտով մկների զբոսավայրը պիտի դառնա: Թեև պ. Խատիսյանը հաշիվը կազմել էր շատ ճիշտ, շատ մաքուր, շատ օրինակելի, բայց նա ինքը բարեհաճեց սրախոսել իր մասին: Նա ասաց, որ եթե իր կազմած հաշիվը ուղարկի որևէ ցուցահանդես՝ «ՇՔԱՆՇԱՆԻ» չի արժանանալ: Ժողովը միաձայն եկավ այն եզրակացության, թե հարգելի գանձապահի հաշիվը ընդհակառակը ամենախիստ ժյուրիի կողմից իսկ կարող է արժանանալ «ՇՔԱՆՇԱՆԻ», վասնզի նա «ՉՔԱՎՈՐՈԻԹՅԱՆ» կատարելատիպ է ներկայացնում թատրոնի գանձարանը: Միանգամայն ցանկություն հայտնվեց, որ այսուհետև վարչության հաշիվներն արժանանան ոչ թե «ՇՔԱՆՇԱՆԻ», այլ շքանշանի: Այդ նպատակով որոշվեց վարչության վրա պարտականություն դնել թատրոնի գանձարանը չքավորությունից ազատելու՝ ժողովարարության միջոցով:

Խատիսյանը հավանություն չտվեց այդ վճռին, երևի, գերադասելով «ՇՔԱՆՇԱՆԸ» շքանշանից:

Այնուհետև սկսվեց պայքարը: Դերասան Աբելյանը բաց արավ մի մեծ տոպրակ, որ լիքն էր դերասանների դժգոհություններով վարչության դեմ: Եվ տոպրակից տեղացին մեղադրանքներ մեղարդանքների հետևից: Պարզվեց, գլխավորապես, որ վարչությունը շատ ինքնուրույն կերպով է վարում մեզնում թատրոնի գործը: Ես մոռացել եմ Աբելյանի բոլոր ասածները: Ընդհանուր միտքը այն է, թե վարչությունը մեծ մասամբ տրամադիր է քնելու, քան արթուն մնալու, թե նրա քունը մանավանդ սաստկանում է այն ժամանակ, երբ իսկապես պիտի արթուն լինի, այսինքն ամառը, երբ հարկավոր է պիեսներ ընտրել, խումբ կազմակերպել, թատրոն վարձել և այլն և այլն:

Վեր կացավ տեղից և ուստավը ձեռքին մի առ մի հերքեց Աբելյանի ասածները Տիգ. Հովհաննիսյանը: Հերքումը նույնչափ պերճախոս էր, որքան և մեղադրանքը: Թիֆլիսի լուսավորության իշխանը ձեռով իշխանական նշան արավ, որ վեճին վերջ տրվի: Եվ բոլորր սարսափած լռեցին: Եվ ոչինչ չպարզվեց, եվ ես ոչինչ չհասկացա:

Ապա դուն իս իմ պարունը, սկսվեց ժողովի ամենանշանավոր զբաղմունքըընտրություններ: Պետք էր ընտրել վարչության հերթով հրաժարվող երկու անդամներիպ. պ. Յ. Տիգրանյանի և բժշկապետ` Վահան Արծրունու փոխարեն նորերը: Ժողովը միաձայն խնդրեց պ. Տիգրանյանին շարունակել անգամ և նախագահ մնալու: Նա համեստաբար մերժեց, բայց վերջ ի վերջո զիջեց ժողովի տրամադրությանը:

Ժողովը վերջացավ ընդհանուրի տկողինակերությամբ, վասնզի ամենքը քաղցած էին: Շատերը նախագահի բաժանած տկողիները փոխանակ ընտրողական արկղերը գցելու, իրանց փորերն էին գցում:

Նույնը արի և ես:

ԳՐԻՉ ԿՐԾՈՂՆԵՐ ԵՎ ԹԱՏԵՐԱԿԵՐՆԵՐ

Ահա վերին աստիճանի հետաքրքրական տիպարներ: Արժանի վիպասանի գրչին և նկարչի վրձինին:

Շատ ժամանակ չէ երևան են եկել այդ տիպարները մեր կյանքումայն օրվանից, երբ գրականությամբ պարապելը և թատրոնին ծառայելը մի բուռը հայ խենթերի շրջանում պատվավոր բաներ են համարվել: Բայց արդեն ձուլվել են, կազմակերպվել և այժմ ներկայացնում են գրեթե գեղարվեստական ամբողջություն:

Գրիչ կրծողներ և թատերակերներ: Ո»վ չի ճանաչում այդ մարդկանց: Նրանց կարելի է հանդիպել ոչ միայն Թիֆլիսում, որ նրանց սկզբնական օրրանն է, այլև շատ գավառական քաղաքներում: Միայն Բաքվում նրանց թիվը հասնում է մի քանի տասնյակների:

Դա մի ամբողջ դասակարգ է իր բնորոշ գծերով, իր սեփական հարազատ գործերով: Մի դասակարգ՝ բաղկացած երկու մասերից, որոնցից մեկը կպել է հայ գրականության նիհարիկ մարմնին, մյուսը` հայ թատրոնի չոր ոսկորներին: Երկուսն էլ կրծում են ամենայն համառությամբ:

Գրականությունն ու թատրոնը ամեն վայրկյան թափահարում են իրենց տանջվող մարմինները, ճիգ են անում ազատվելու նրանցից: Բայց հնար չկա` կրծողները շատ ամուր են կոխել իրանց ատամները հարստահարվող մարմնի մեջ. ազատվել նրանցից անկարելի է:

Ես բավական ուսումնասիրել եմ այդ դասակարգը: Ընդհանուր առմամբ դա համակրելի է: Համակրելի իր ձգտումներով և միտումներով: Եվ ի՛նչ ավելի գովելի ձգտում կարող է լինել, քան կամենալ անձնատուր լինել մտավոր և ազնիվ մի աշխատանքիօգնել հայ գրականությանը կամ երջանկացնել ապաբախտ հայ բեմը մի նոր ուժով:

Ահա ձեզ մի եռանդով լի բարեսիրտ երիտասարդ, նա նոր է ավարտել այս կամ այն միջնակարգ դպրոցը կամ չի ավարտել, այս կամ այն պատճառով թողել է կիսատ: Նա միջոց չունի բարձրագույն դպրոց անցնելու և չի ուզում դառնալ գործակատար, հաշվապահ, խանութպան, դասատու, արհեստավոր, նա արհամարհում է այս բոլոր արհեստները: Մինչդեռ ունի աշխատելու փափագ: Կյանքը թրթռում է նրա ամեն մի շարժման մեջ, նրա վառվռուն աչքերը պսպղում են աշխատելու, բուռն փափագից: Սակայն արհեստավորի գործիքը կոպիտ է նրա նրբացած մատների համար, գործակատարի պաշտոնը վիրավորական, խանութը ձանձրալի: Նրա պատանեկական կրծքի տակ բուն է դրել մի վարակիչ ախտ, բոլոր ախտերից զորավորը և սոսկալինփառք վաստակել…, ախտը: Նրան գրավում է կամ գրականական զբաղումը կամ թատրոնի մթնոլորտը:

«Այս ինչը վայելում է հասարակության լուռ հարգանքը իբրև հեղինակ, այն ինչը ամեն օր արժանանում է ամբոխի ծափահարություններին իբրև դերասան, ինչո՞ւ ես էլ չփորձեմ իմ ուժերը», մտածում է սոսկալի ախտով վարակվածը: Եվ ահա տեսնում ես նրան կամ խմբագրատների շուրջը պտտելիս, կամ կուլիսների հետևում բեմի եզրերը հոտոտելիս:

Ես նրան հաճախ հանդիպում եմ Գալավինսկիյ պրոսպեկտի վրա: Կռնատակին գրքեր, գրպանները լի լրագրերով, երեսը գրեթե անլվա, մազերը կեղտոտ, վերարկուի օձիքը վեր և Գլխարկի եզրերը վար քաշած, եղունգները կեղտոտ, փողկապը յուղոտ, կոշիկների կրունկները ծռծռված: Սկզբում նրա դեմքը պայծառ է, քայլվածքը համարձակ: Բայց այդ միայն առաջին շրջանն է փորձի: Հետզհետե կյանքը բաց է անում նրա առջև իր դաժան դեմքը և պարզում է իր անողոք օրենքները: Տեսնում ես մտախոհությունը դրոշմեց պայծառ ճակատի վրա և վառվռուն աչքերի տակ խորշեր, և տակավին պատանեկական դեմքը կամաց-կամաց մթագնեց:

Փորձն արդեն ցույց է տվել պատանուն իր դառնությունները: Առաջ է եկել մտատանջություն և ապագայի մասին խորհելու ընդունակություն: Գրականական ասպարեզը մեկի, բեմը մյուսի համար դարձել է խորթ մայր: Բայց ինչ արած, ախտն արդեն շատ խոր է ամրացել նրա հոգու մեջ, շատ է թունավորել նրա արյունը: Ազատվելու հնար կար, բայց անհրաժեշտ են կամքի ուժ և մտքի զորություն: Եվ նա, որ ունի այս բնական գանձը, կարողանում է ազատվել մոլորությունից և գտնել կյանքի ընդարձակ ասպարեզում ավելի համապատասխան ուղի, նա դառնում է ուսուցիչ, գործակատար, արհեստավոր, մի խոսքով, հասարակության ոչ ավելորդ անդամ:

Թշվառ և ողբալի է նրանց վիճակը, որոնք չունեն իրանց ախտից բուժվելու զորություն: — Քսանուհինգ տարվա ընթացքում իմ աչքի առջև ասպարեզ են եկել և անբախտացել ու անբախտացրել իրանց մերձավորներին գուցե հարյուրավոր այդպիսի «անաջողակներ» թե՛ գրականության մեջ և թե՛ բեմի վրա:

Այժմ գրեթե օր չի անցնում, որ ինձ իբրև գրականության հետ առնչություն ունեցողի չդիմի մեկը կամ մյուսն այդ վարակվածներից՝ մի ձեռագիր ձեռքին:

Պարոն այսինչ, խնդրում եմ կարդաք այս իմ գրականական փորձը և ձեր կարծիքը հայտնեք:

Բախտիս նայեցեք, որ տարիների ընթացքում իմ դատաստանին ենթարկված ձեռագրների մեջ չեմ հանդիպել գեթ մեկին, որ իրավունք տար ինձ նրա հեղինակին անկեղծ խրախուսելու:

Ճշմարիտ է, հետո ինձ ներկայացված ձեռագրներից շատ շատերը ես տեսել եմ մեր ամսագրների կամ լրագրների մեջ տպագրված: Բայց դրանով նրանց արժանավորությունը մազի չափ չի ավելացել իմ աչքում: Ես մի ավելորդ անգամ համոզվել եմ, որ բաժանորդների քչությունն է մեր հանդեսներին ստիպում տեղ տալ իրանց էջերում ամեն մի անշնորհք գրվածքի լոկ այն պատճառով, որ գրվածքը չի վարձատրվում:

Պատահել է, որ հեղինակ լինելու տենչով այրվողին չեմ կարողացել կարծիքս անկեղծ հայտնել: Ինչ մեղքս թաքցնեմ, քաջություն չեմ ունեցել նրան հիասթափեցնելու և կարծիքս ամփոփել եմ անորոշ դարձվածների մեջ. «Վատ չէ, կարող էիք գրել, աշխատեցեք զարգացրեք ձեր միտքը, ուսումնասիրեցեք կյանքը, սովորեցեք հայերեն» և այլն: Ուրիշ, ավելի խիստ կարծիք հայտնել-ես թուլամորթաբար չեմ կարողացել, չկամենալով զրկել մարդկանց այն հավատից, որ ունին դեպի իրանց չունեցած ձիրքը:

Ավելի թշվառ են իմ աչքերում բեմի սիրահարները: Դրանք արդեն կործանվում են ավելի դյուրին և արագ: Եվ դրանց թիվն ավելի է, որովհետև բեմի հրապույրն ավելի զորավոր է թեթևամիտների համար: Քանի-քանի մարդիկ կան այսօր թե՛ Թիֆլիսում և թե՛ գավառներում, որոնք անխնա աղավաղում են իրանց կյանքը բեմի տախտակամածի վրա: Մարդիկ, որոնք ուրիշ հանգամանքներում կարող Էին օգտակար քաղաքացիներ լինել: Բայց համարձակվեցեք նկատել նրանց, թե բեմի համար չեն ստեղծված, և դուք ուղղակի վիրավորական պատասխան կստանք: Օ՛օ անհնարին է դիպչել այդ մոլորվածների հիվանդոտ ինքնասիրությանը: Նրանք չգիտեն և չեն զգում, որ ուրիշների մեջ կարեկցության զգացում են շարժում, որ ուղղակի խղճալի ենիրանց մտավոր ապիկարությամբ:

Ես չեմ ուզում մեղադրել այդ մարդկանց, չեմ էլ կարող ասել, որ այդ մոլորվածները միայն մեր վայրիվերո կրթվող հասարակության ծնունդներ են, բոլոր երկրներում և բոլոր ազգերի մեջ կան նույն տիպարները: Պետք է ցավել միայն, որ մեր սահմանափակ հասարակական կյանքն էլ է ասպարեզ դուրս ձգում այդպիսի տիպարներ:

Страницы: Начало Предыдущая 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 Следующая Конец