Շիրվանզադե Ալեքսանդր՝ Պատմվածքներ, նովելներ, ֆելիետոններ | |
Մենք անցանք երկու շարք կեղտոտ ու մերկ սենյակների միջով, որոնց շուրջը նստած Էին նավաստիներ և երկաթուղու ծառայողներ: Մի, քիթը ուռած, կարմրած, աչքերի տակերը կապտած կին, ինձ տեսնելով, գոչեց,
— Էյ, բասուրման, արի միասին «տրեպակա» պարենք:
Ես հազիվ կարողացա ազատվել նրա սիրալիր թևերից, որ բացվել Էին ինձ գրկելու համար: Չաուշենկոն, գլուխը փիլիսոփայորեն շարժելով, արտասանեց.
— Թռչուն, ո՞ւր է քո փետուրը:
— Քեռի Սիդորի կատուն պոկոտել է, — ասաց Իցկոն, ծիծաղելով:
Քեռի Սիդորը «Արքայական յախտայի» տերն էր, կատուն՝ օղին:
Վերջապես, հասանք ընդարձակ պանդոկի համեմատաբար մի ապահով անկյուն, ուր մեր կողերը ջարդվելու վտանգից ազատվեցին: Այստեղ մի երկար սեղանի քով նստած Էին տասնի չափ նավաստիներ: Սեղանը ծածկված էր կեղտոտ ամաններով, հացի կտորներով, ուտելիքների ու ծխախոտի մնացորդներով, գարեջրի և օղու շշերով ու բաժակներով:
— Ահա և ձեր արտիստը, — ասաց Իցկոն, ցույց տալով սեղանի ծայրը:
Այնտեղ նստած էր Լևոնը: Նա կիթառ էր նվագում և զվարճացնում սեղանակիցներին: Չնայելով յուր չքավորությանը, ես մինչև այդ օրը նրան կեղտոտ չէի տեսել: Գոնե շապիկը միշտ անարատ էր, ձեռներն ու երեսը մաքուր, կոշիկները վաքսած, փայլուն: Իսկ այժմ նա նմանվում էր գործարանական բանվորի:
Իմ երևալը նրան զարմացրեց: Նա չընդհատեց նվագումը, բայց չափազանց շփոթվեց, կարմրեց: Նավաստիները նրան լսում էին ուշադիր, թեև արդեն բոլորն հարբած էին: Իրանց հիացմունքն արտահայտում էին գոռում -գոչյուններով: Երբեմն մեկը կամ մյուսը վեր էր կենում, գրկվում ու համբուրվում նրա հետ կամ, մեջքին զարկելով, արտասանում էր.
— Մալադե՛ց, Լյովա, մալադե՛ց...
Չաուշենկոն մեզ հրավիրեց նստել մի դատարկ սեղանի քով, ասելով, թե Լևոնին չի կարելի խանգարել, նավաստիները կկատաղեն: Մի շիշ գարեջրի պատրվակով կարելի էր նստել, և մենք նստեցինք: Լևոնը շարունակ մեզ էր նայում ու ժպտում: Այդ տասն օրվա ընթացքում նա ավելի նիհարել էր ու թորշոմել: Առաջին անգամ այդ օրը նրա բերանի անկյուններում նկատեցի թեթև խորշեր:
Սեղանի մոտից վեր կացավ լայն թիկունքով ու մեծ միրուքով մի նավաստի և օրորվելով մոտեցավ Լևոնին: Ձեռը դնելով պատանու նիհարիկ ուսի վրա, գոչեց.
— Էյ, ճպուռ, նվագելո՞ւ ես ինձ համար «Օ՛հ, իմ վիշտ», թե՞ չէ. ես ուզում եմ «Օ՛հ, իմ վիշտ» լսել:
— Տե՛ղդ նստիր, էյ, Սիբիրի ռեխ, — գոչեցին ընկերները, — մի՛ խանգարիր Լյովային:
— Չեմ նստիլ, մինչև որ չլսեմ՝ «Օ՛հ, իմ վիշտ»: «Օ՛հ, իմ վիշտ»: Լյովա, Լյովա, «Օ՛հ, իմ վիշտ»:
— Հիմար գլուխ, — նկատեց մեկը, — Լյովան հենց «Օ՛հ, իմ վիշտ» է նվագում: Չես լսում, անո՛ւս.,,
— Լյովա սուտ չի՞ ասում:
Լյովան գլխով հաստատեց, թե նվագածը հենց «Օ՛հ, իմ վիշտն» է:
— Սատանան տանի, — գոռաց Սիբիրի ռեխը, — ի՛նչ չավ էիր նվագում: Լսեցինք, լսեցինք. հիմա նվազիր «Դունայի գեղեցկուհի»: Լյովա, Լյովա, «Դունայի գեղեցկուհի»,
— Այ քեզ «Դունայի գեղեցկուհի», — ասաց մի հաղթանդամ և, հետևից ձեռները գցելով Սիբիրի ռեխի կոների միջով, փորը դեմ տվեց մեջքին, բարձրացրեց ու բերեց նստեցրեց յուր տեղը:
— Է՛յ դու Կալուգայի արջ, ինչպե՞ս համարձակվեցիր, — գոռաց Սիբիրի ռեխը, — թաթերդ կփշրեմ...
Եվ բռունցքն այնպիսի ուժով զարկեց սեղանին, որ շշերն ու բաժակները միմյանց դիպչելով փշրտվեցին:
Բարձրացավ աղմուկ, վեճ, իրարանցում: Օդի մեջ երևացին մի քանի սպառնալի բռունցքներ: Գուցե «Սիբիրի ռեխը» և «Կալուգայի արջը» միմյանց քիթ ու պռունգ ջարդեին, եթե չլիներ մի ալևոր նավաստի, որին ընկերները «Դյադուշկա» էին անվանում: Նա մեջ մտավ նրանց բաժանելու: Օգնության հասավ Լևոնը: նա նվագումը ընդհատեց և, տեղից վեր կենալով, ասաց.
— Պարոններ, թո՛ւյլ տվեք ինձ գնալ խերսոնցիների մոտ:
Վեճն իսկույն դադարեց, բոլորը շրջապատեցին երաժշտին:
— Լյովա, աղավնյակ, մի՛ անիր, Լյովա, հոգյակ, նվագիր, ինչպե՞ս կարելի է, — խնդրեցին բոլորը:
— Նվագի՛ր... ինչպե՞ս նվազեմ, պարոններ, քանի որ չեք լսում, կռվում եք անկիրթ «բոսյակների» պես: Մի՞թե վայել է «Ռուսաց ընկերության» նավաստիներին:
— Վայել չէ, իհարկե վայել չէ, — գոչեց «Դյադուշկան»:
— Դուք ինձ «տիրասպոլցիների» մոտից բերեցիք այստեղ, որ ձեր կռիվը տեսնեմ: Դուք լավ չեք գնահատում երաժշտությունը:
«Խերսոն», «Տիրասպոլ» նավեր էին, և նավաստիները կրում էին իրենց նավերի անունները:
— Կգնահատենք, կգնահատենք, Լյովա, հիմարներ չենք...
— Ի՞նչ է, փո՞ղ է ուզում այդ ճպուռը, — գոչեց Սիբիրի ռեխը, և վարտիքի գրպանից հանելով արծաթե գրամներով լի քսակը, գցեց Լևռնի գիրկը, — ահա՛, վերցրու, խեղդվի՛ր...
— Մենք էլ կտանք, մենք էլ կտանք, — աղաղակեցին ամենքը, ձեռները տանելով իրանց գրպանները:
— Տեսե՛ք, տեսե՛ք, Լևոնը հարստանալու է, — գոչեց Իցկոն, հրճվանքից ձեռները միմյանց զարկելով, երբ տեսավ փողի քսակները:
— Հապա, կտեսնենք, թե ինչպես, — արտասանեց Չաուշենկոն, որ, արմունկները սեղանին հենած դիտում էր կատարվող տեսարանը:
Լևոնը հանգիստ վերցրեց յուր գիրկն ընկած քսակները և դնելով սեղանի վրա, ասաց.
— Ես իմ գնից մի կոպեկ էլ ավել չեմ վերցնիր համարը 10 կոպեկ, ո՛չ ավելի ո՛չ պակաս: Դրեք ձեր գրպանները, նստեցե՛ք, նվագում եմ...
— Բրավո՛, Լևոն, բրավո՛, դու մեր երեսը սև չարիր, — գոչեց Չաուշենկոն ոգևորված և նավաստիների ուշադրությունը գրավեց մեր վրա:
— Այդ ի՞նչ կատու է, — գոչեց Սիբիրի ռեխը, — ա՛հ, տիրացո՛ւ: Չէ, ուխտավոր է, աբեղա է... էյ, երևի Իոքագամայի տաճարի համար լումա ժողովելու ես եկել, Արի՛, արի՛, մենք էլ կտանք մեր հոգու փրկության համար:
Չաուշենկոն վերցրեց սեղանի վրայից յուր գրքույկները և հանդիսավոր քայլերով մոտեցավ նավաստիներին:
— Պարոննե՛ր, ես ո՛չ տիրացու եմ, ո՛չ տաճարի համար լումա ժողովող: Ես երգիչ եմ...
— Երգիչ, երգիչ, այդ շատ լավ է, — ասացին ոմանք: — Դեհ երգիր, տեսնենք:
— Երգիր՝ «Օ՛հ, իմ վիշտ», — պահանջեց Սիբիրի ռեխը, — «Օ՛հ, իմ վիշտ»:
— Օ՛հ, խավար, ահա իմ վիշտը, — արտասանեց բանաստեղծը: — Պարոննե՛ր, ես ձայնով չեմ երգում, այլ գրչով: Գնեցե՛ք մի-մի օրինակ ահա այս գրքույկներից: Դուք, պարոններ, ինչպես տեսնում եմ, երաժշտություն սիրում եք, մի՛ մոռանաք, որ բանաստեղծությունն էլ նրա քույրն է:
— Քո՛ւյրն է, — ասաց Սիբիրի ռեխը, — ապա տո՛ւր ինձ այդ գեղեցկուհուն...
Նա խլեց գրքույկներից մեկը, դրեց դատարկ ամանի մեջ, վրան օղի թափեց և, լուցկին վառելով, ասաց.
— Ապա, տեսնենք, քույրն ինչպես է երգում: Օղին այնքան թունդ չէր, որ վառվեր:
— Քեռի՛ Սիդոր, — գոչեց Սիբիրի ռեխը, — կատվիդ մագիլները հանել ես... խի-խի-խի , սպիրտ բեր...
— Է՛յ, Սիբիրի ռեխ, — ասաց «Դյադուշկան», — այսօր դու մեզ ուզում ես խայտառակել: Գրքերը սուրբ են, հանցանք է նրանց այրելը... Գնե՛նք մի-մի օրինակ...
Նավաստիները գնեցին մի-մի օրինակ «Վշտի և տանջանքների ժամերից», իսկ անհանգիստ Սիբիրի ռեխը մի մեծ բաժակ օղի ձեռքում մոտեցավ հեղինակին:
— Կոնծի՛ր, դնչիցդ երևում է, որ սիրում ես... Չաուշենկոն խմող չէր: Երկու ձեռները դեմ տվեց բաժակին, գոչելով.
— Հեռո՛ւ ինձանից համառուսական թույն...
— Այն ժամանակ Սիբիրի ռեխը կպավ Լևոնին.
— Խմի՛ր, դու մինչև այսօր դեռ չես հաղորդվել... Թե քրիստոնյա ես, պիտի խմես...
— Լյովա, Լյովա, մի բաժակ իմ խաթրու, — խնդրեցին մյուսները:
Լևոնը հրաժարվեց, ասելով, թե խմելուց հետո չի կարող նվագել: Դյադուշկան» նրան պաշտպանեց:
Օրն արդեն մթնել էր: «Դյադուշկան» հայտնեց, թե շոգենավ վերադառնալու ժամանակ է: Խումբը վճարելով կերած, խմածի գինը, նաև Լևոնի վարձը, դուրս եկավ աղմուկով, գոռում — գոչյուններով, միմյանց բոթելով ու հարվածելով:
Փողոցում Չաուշենկոյի գլուխը պտտվեց այնպես, որ անշուշտ կընկներ, եթե չհենվեր պատին: Խմիչքների հոտը և ծխախոտի ծուխը շշմեցրել էին նրան: Բայց նա կրկնում էր.
— Շատ ուրախ եմ այստեղ գալուս, շատ ուրախ եմ, ամեն օր պիտի գամ: Ո՛րքան նյութ, որքա՛ն նյութ գրողի համար:
Իցկոն ոստոստում էր Լևոնի շուրջը: Վերջապես, ձեռքը գցելով նրա, թևին, հարցրեց.
— Այսօր ինձ համար շոկոլա՞դ ես առնելու, թե՛ ծխախոտ:
— Երկուսն էլ:
— Ֆիա՛մ, ֆիա՛մ, ուրեմն այսօր երկու ռուբլուց ավելի ես հավաքել... Կեցցե՛տրիո: Ես այսօր ոչինչ չեմ վաստակել: Բանաստեղծ, պիտի ինձ համար մի սրինգ գնես: Ես էլ ուզում եմ սրինգ նվագել:
— Կգնեմ, ինչու չեմ գնիլ, — ասաց Չաուշենկոն բարև սրտաբար:
— Չիմրա-չիմրա-չիլալա, Չաուշենկո, չիլալա...
Երբ ընկերները բաժանվեցին, ես հետաքրքրվեցի իմանալ ինչու Լևոնը փոխել է յուր արհեստը: Չէի ուզում հավատալ, որ առանց վերին աստիճանի ստիպողական մի պատճառի կարող է նա ցերեկներն անգամ ապրել թատրոնից հեռու:
— Կարիքն է ստիպում, սինյոր, — պատասխանեց նա հանդարտ:
— Բայց չէ՞ որ դու առաջ էլ կարիք ունեիր:
— Ես ուզում եմ մորս կամքը կատարել:
— Այսի՛նքն:
— Ուզում եմ նրան ապահովել:
Ես նայեցի նրա աչքերի մեջին և հասկացա, որ կեղծում է: Փողոցային լապտերի լույսը մատնեց նրա այլայլվելը:
— Է՛հ շատ գովելի է, — ասացի ես, — որ ուզում ես մորդ ապահովել: Բայց ների՛ր, Լևոն, այս անգամ շատ էլ չեմ հավատում քեզ: Կարծում եմ, ուրիշ նպատակ ունիս:
Նա ոչինչ չասաց, միայն քայլերն արագացրեց:
— Ո՞ւր ես շտապում, հարցրի ես:
— Թատրոն:
— Է՞լի թատրոն:
— Այո՛, սինյոր... այսօր լավ դրամա են ներկայացնում...
Եվ, երևի, իմ հարցուփորձից ազատվելու համար, շտապով հեռացավ: Ես արդեն գուշակել էի նրա միտքը...
Մի քանի անգամ այցելեցի «Արքայական յախտա»-ն: Լևոնին այնտեղ սիրում էին: Նավաստիները խլում էին նրան միմյանց ձեռքից: Նա գիտեր նվագել մալոռուսական եղանակներ ու պարեր: Անցնում էր մի խմբից մյուսը, բոլորին զվարճացնում, հավաքելով յուր տասնական կոպեկները: Զվարճության տաք միջոցներին սեղանակիցները երբեմն խնդրում էին նրան խմել մի-մի բաժակ օղի կամ գարեջուր: Նա չէր ուզում խմել և չէր կարողանում խմել:
Մի անգամ իմ ներկայությամբ, երբ զզվանքով հետ դրեց օղու բաժակը, նրա համար պահանջեցին ինչ-որ քաղցր ըմպելիք: Նա մի բաժակ խմեց, հետո երկրորդն և զվարթացավ.,.
Ցավալի էր ինձ համար, որ նա այցելում է այդ ստորին վայրերը: Բայց իրավունք չէի համարում համոզել նրան թողնելու այդ տեղերը: Ուրիշ ի՞նչ միջոց ուներ նա ապրելու, բացի նախկին ողորմելի պարապմունքից: Մի օր նա ասաց.
— Սինյոր, երկու ամիս չկա, արդեն երեսուն ռուբլի եմ հետաձգել: Բայց մորս չասեք:
— Ինչո՞ւ:
— Որովհետև այդ փողերը ինձ հարկավոր են...
— Իտալիա գնալու համար, — լրացրի ես նրա խոսքը, խնդիրը միանգամից պարզելու համար. — մի՛ զարմանա Լևոն, ես այդ վաղուց գիտեի:
— Օ՛օ, սինյոր, իիավ է, ես ուզում եմ տեսնել Իտալիան...
— Եվ Լուիզային...
Նա ամոթից երեսը դարձրեց ինձանից: Ես հաղորդեցի նրան, թե սինյորա Ստեֆանիան Կավալլարոյից նոր նամակ է ստացել: Բարիտոնը գրում է, թե երգեցողության ուսուցիչները փորձել են օրիորդի ձայնը և հիացել են նրա ուժով ու «տեմբրով»: Մի հայտնի պրոֆեսոր խոստանում է երեք տարվա ընթացքում Լուիզային այնչափ պատրաստել, որ կարողանա օպերաներում առաջին դրամատիկ — սոպրանոյի դերը երգել:
Հաղորդածս նորություն չէր նրա համար: Նա ասաց, թե հենց նույն օրն ինքը նամակ է ստացել Լուիզայից: Բարի օրիորդը յուր խոստումը կատարել էր: Սակայն այդ եղավ առաջին և վերջին նամակը...
Ամբողջ գարունը և ամառը պատանին այցելեց նավահանգստի պանդոկները: Երբեմն գալիս էր սենյակս և ինձ հաշիվ տալիս: Նրան դեռ սիրում են նավաստիները, հաճույքով լսում և միմյանց ձեռքից խլում: Ամսական միջին թվով քսան ռուբլուց ավելի է հետաձգում: Շուտով, շուտով կկատարի յուր փափագը, կուղևորվի Իտալիա...
Այնինչ՝ պանդոկների մթնոլորտն արդեն գրել էր յուր դրոշմը նրա վրա: Ձևերը նկատելու չափ գռեհկացել էին: Ժամանակ առ ժամանակ արտասանում էր տգեղ բառեր, որ առաջ չկային նրա բառարանում: Արտասանում էր և իսկույն զղջում, կարմրում: Մի քանի անգամ զգացի, որ բերանից խմիչքների հոտ է գալիս: Իսկ մի երեկո մեր տան դարբասի առջև տեսա նրան սաստիկ հարբած դգրության մեջ: Կիթառը կռնատակին բռնած, օրորվելով տուն էր գնում, մի քայլ առաջ դնելով, մի քայլ կողք, օրորվելով: Օգնեցի նրան սանդուղքով բարձրանալու:
Ալմաստը տեսավ նրան թե չէ՝ ձեռները զարկեց երեսին, գոչելով.
— Սպանեց, մորթեց...
Նախատինքի ժամանակ չէր: Խնդրեցի վշտացած մորը զսպել առայժմ յուր սրտի թույնը:
Լևոնը թավալվեց երեսնիվայր անկողնում, մի ոտը թողնելով հատակի վրա: Տեսարանը եղկելի էր, Լևոնը, այն պատանին, որին երևակայությունս գրեթե հրեշտակացրել էր, ընկնում էր աչքումս: Եվ այս ինձ համար դառն էր, շատ դառն: Նա ոչինչ չէր զգում, ընկած էր կեղտոտ լաթի պես, ոտից մինչև գլուխ ցեխոտ: Միայն երբեմն ձեռը դուրս էր բերում փորի տակից շոշափում ձախ կոշիկը...
Ես թողեցի տխուր տեսարանը և հեռացա: Մի՞թե այս է բարեկամիս վերջը: Մի՞թե Ալմաստի չար գուշակությունը իրագործվում է:
Առավոտը երբ բարձրացա վերև, Ալմաստն արդեն թեթևացրել էր յուր սիրտն և աչք-ունքը կիսած լուռ նստած էր մի անկյունում: Լևոնը փնտրում էր կիթառը, որ գնա յուր գործին, չէր գտնում: Ալմաստը թաքցրել էր, չէր ուզում տալ: Տեսնելով ինձ՝ խեղճ կինը լաց եղավ: Այս անգամ խոսքեր չգտա Լևոնին արդարացնելու:
— Չէի ասում, որ վերջն յուր անիծված հոր օրին է հասնում: Ահա չորրորդ անգամն է տուն է գալիս շան օրում...
Ես բարվոք համարեցի Լևոնի հետ խոսել առանձին, հրավիրելով սենյակս: Հիշում էր երեկվա յուր խայտառակ դրությունը և սաստիկ ամաչում: Լուռ էր, սպասում էր, որ ես խոսեմ: Ի՞նչ պիտի ասեի, նախատելը կլիներ ավելորդ. Լևոնը հիմար գլուխ չէր և ոչ էլ երեխա, շուտով պիտի լրանար տասնութ տարին: Ես ընկերաբար բացատրեցի հարբեցողության կորստաբեր հետևանքները: Նա լսեց մինչև վերջը համբերությամբ և երբ վերջացրի, ասաց.
— Այդ բոլորը գիտեմ, հայրս հենց հարբեցողությունից մեռավ:
— Գիտես և էլի խմո՞ւմ ես:
— Ստիպում են:
— Ովքե՞ր:
— Նավաստիները:
— Տեղափոխվի՛ր ուրիշ պանդոկ:
— Ամեն տեղ ստիպում են:
— Մի՞թե չես կարող մերժել:
— Առաջ մերժում էի, հիմա չեն թողնում:
— Ի՞նչ ասել է չեն թողնում. ամեն մարդ յուր կամքի տերն է:
— Այո՛ սինյոր, բայց երբ կես փթանոց բռունցքը պահում են քթիդ տակ, մոռանում ես կամքդ:
— Նրանք քեզ ծեծո՞ւմ են:
— Կծեծեն, եթե շատ համառություն անեմ:
— Բայց ի՞նչ օգուտ ունին քեզ հարբեցնելուց:
— Հարբածներն ատում են արթուն մարդուն: Երբ չեմ խմում, ասում են՝ «դու մտքումդ ծաղրում ես մեզ: Դու էլ խմիր, հավասարվիր մեզ հետ»:
— Գոնե քի՞չ խմիր:
— Շատ չեմ խմում, բայց քիչն էլ է ինձ հարբեցնում, — Ի՞նչ են խմեցնում:
— Առաջ քաղցր խմիչքներ էին տալիս: Հիմա ասում են՝ «թանկ է նստում» և ստիպում են խմել գարեջուր էլ, օղի էլ...
Ես լռեցի, բայց հարկավոր էր մի հետևանքի հասցնել, մեր խոսակցությունը:
— Լևոն, թո՛ղ այդ պանդոկները, էլի թատրոններով զբաղվիր...
— Իհարկե, թողնելու եմ, սինյոր, շուտով, շուտով կգնամ Իտալիա... Արդեն հարյուր հիսուն ռուբլի ունիմ:
— Իսկ մա՛յրդ:
— Նրան էլ հետս տանելու եմ:
— Հարյուր հիսուն ռուբլո՞վ:
— Ի?նչ կա, քի՞չ է: Ես շատերից եմ հարցրել: Ասում են ամսական երեսուն ռուբլով կարող ենք ապրել այնպես, ինչպես այստեղ:
— Գուցե կարելի է, բայց մի քանի ամիս, իսկ հետո՛:
— Հե՞տո ... մի գործ կգտնեմ:
— Լևոն, ճշմարի՛տն ասա, ի՞նչն է քեզ ստիպում Իտալիա գնալ, — հարցրի ես, նայելով ուղիղ նրա աչքերի միջին:
— Ուզում եմ վիոլոնչել նվագել սովորել ու գալ այստեղ օրկեստրը մտնել:
«Կեղծում ես, բարեկամս, — մտածեցի ես, — այդ չի գլխավոր պատճառը»:
Նայեցի նրան ուշադիր, սիրտս մորմոքվեց: Նա ոտքի վրա ցամաքել էր, ինչպես արմատից, պոկված ծաղիկ: Խնդրեց ինձ համոզել մորը, որ կիթառը տա իրան: Միևնույն է, եթե չտա, պիտի նորը գնել, ինչո՞ւ ավելորդ ծախսի մեջ ընկնել:
Հազիվ այդ օրից անցել էր մի շաբաթ, երբ մի երեկո, մոտ տասը ժամին, հանկարծ սենյակս մտավ Ալմաստը շփոթված:
— Պարոն, նեղություն քաշեցեք, վերև բարձրացեք աստծո սիրույն:
Տարօրինակ դրության մեջ տեսա ես Լևոնին այդ երեկո: Հեզ պատանին կատարելապես կատաղել էր: Առանց բաճկոնի ու կոշիկների թավալվել էր դռների առջև և մռնչում էր ինչպես մատաղ գազան, կրծոտելով յուր ձեռների միսը: Նրա նիհար պարանոցի երակներն ուռել, փքվել էին, կարծես ահա, ահա պիտի տրաքվեին ձգված լարերի պես: Նա ոտները զարկում էր հատակին ինչպես դիվահար:
Պատահել էր մի շատ սովորական դեպք, որի նմանները պատահում են Օդեսայի խուլ անկյուններում գրեթե ամեն երեկո: Նավահանգստից վերադառնալիս Լևոնի վրա հարձակվել Էին ինչ-որ քաղցած սրիկաներ: Խլել ձեռքից կիթառը, հանել բաճկոնն ու կոշիկները ու բաց թողել:
— Եվ դրա համար քեզ սպանո՞ւմ ես, — գոչեցի ես բռնելով Լևոնի թևը, — ամոթ:
— Ես էլ այդ եմ ասում, որդի, խոմ չեմ նախատում: Տանը մի հատ պիջակ էլ ունիս, կոշիկներ էլ... Վայ, տեր աստված, ինչպես է գլուխը պատին խփում: Այս ի՞նչ պատիժ է, երկնային թագավոր...
Կասկածելի էր, որ Լևոնը կիթառի, մանավանդ ողորմելի պիջակի ու կոշիկների համար այդպիսի հեծ ու կոծ բարձրացներ: Անշուշտ կորուստն ավելի մեծ էր: Խնդրեցի Ալմաստին մի քանի րոպե թողնել մեզ առանձին: Այրին դուրս գնաց, ճանաչելով Լևոնի բնավորությունը, գիտեի՝ ինչպես պիտի խոսել այսպիսի հանգամանքներում նրա հետ: Նա սիրում էր զգալ, որ մարդիկ իրեն չափահաս են համարում: .
— Ամոթ է, Լևոն: Փառք աստուծո, դու երեխա չես, խելքի եկ... Չարժե այդպես գռռալ...
Չարժե՛ , չարժե՛, սինյոր, դուք էլ եք ասում: Բայց չգիտեք ինչ եմ կորցրել, ի՞նչ: Ձախ կոշիկս... այո՛... ձախը.., Գիտե՛ք... Իտալիա, վիոլոնչել, երգ, երաժշտություն, կորավ ամեն ինչ... Բուլվարի ներքևումն էր, այն մեծ սանդուղքի մոտ: Երկու հոգի Էին՝ մեկը բարձրահասակ, մյուսը թիկնավետ: Բարձրահասակը բռնեց հետևից ձեռները, մյուսը խուզարկեց գրպաններս: Երբ մի ռուբլուց ավելի չգտան բարկացան: Կարծում էի կիթառս կխլեն, կհեռանան: Չեղա՛վ: Պիջակս էլ հանեցին... Տերը նրանց հետ, թող շապիկս էլ հանեին՝ չէի խոսիլ... Բայց կոշիկներս, ձախ կոշիկս. «Հանի՛ր, — ասաց ձեռներս բռնողը, — գոնե երկու բաժակ օղի արժեն: Երբ թիկնավետը կռացավ կոշիկներս հանելու, կատաղեցի, սկսեցի կծոտել նրա ուսերը, գլուխը... Նա ինձ ապտակեց: Աչքերս մթնեցին... Սկսեցի աղաչել, պաղատվել.. Չլսեցին անաստվածները... Տարան, տարան...
— Ուրեմն կոշիկներիդ համա՞ր ես լալիս, — ասացի ես մոտավորապես հասկանալով բանի էությունը:
— Հարյուր հիսուն ռուբլու սինյոր, հարյուր հիսուն ռուբլի կար կոշիկիս մեջ, ձախ կոշիկս... Այնտեղ էի պահում հավաքած փողերս...
Եվ նա սկսեց դառնագին հեկեկալ...
Այդպես, ուրեմն, տարել էին նրա վեց-յոթ ամսվա աշխատանքի վարձը, նրա Իտալիա գնալու, Լուիզային տեսնելու հույսը... Նա ավելի ապահով տեղ չէր գտել յուր փողերի համար: Տանը պահել վախեցել էր: Մայրը կգտներ, չէր վերադարձնիլ: Այդ կինը ամեն առավոտ որդու գրպանները խուզարկում էր, մոտը փող չէր թողնում:
— Փաթաթել էի թղթում, դրել կրունկիս կողմում, վրեն կաշի խփել, ծայրերը գամել... Շատ գիշերներ կոշիկներով եմ քնել... Տարա՛ն սրիկաները: Ով գիտե հիմա ծախում են մի բաժակ օղիով կամ մի ֆունտ հացով... Տե՛ր աստված, տեր աստված, ի՞նչ պիտի անեմ...
Ես խոսքեր չէի գտնում թշվառին մխիթարելու: Խստություն համարեցի նախատել նրան յուր անզգուշության համար: Հարկավոր էր միայն ցույց տալ կորուստը գտնելու գեթ մի թույլ հույս: Արդեն վիշտը շատ մեծ էր:
— Ա՛ա, — գոչեց նա հանկարծ, ձեռը զարկելով ճակատին, — հույս կա, կա հույս գտնելու:
— Այո , — ուրախացա ես երեխայի պես:
— Այո՛, սինյոր: Դուք ճանաչո՛ւմ եք Իցկոյի հորը: «Մոշկա սելյոդկա» են կոչում նրան: Ճարպիկ մարդ է, ճանաչում է փողոցի սրիկաներին: Հին հագուստեղեն ու կոշիկներ է գնում, վաճառում: Ա՛հ, իսկույն կգնամ նրա մոտ. իսկույն: Մա՛մա, ներս եկ, տար ինձ մյուս կոշիկս, պիջակս, գնում եմ կիթառս փնտրելու...
Հակառակ մոր կամքին նա շուտով հագնվեց ու վազեց դուրս:
Ես, իհարկե, Ալմաստին չհայտնեցի, թե Լևոնն ինչ է կորցրել: Երևակայում էի ինչ ողբ պիտի բարձրացներ և ո՛րքան անիծեր որդուն:
Վերադարձա սենյակս, հոգով նախանձելով հարուստներին: Ինչո՞ւ ես էլ հարուստ չէի...
Լույսը նոր բացված գնացի Լևոնին տեսնելու: Արդեն դուրս էր եկել տնից: Ամբողջ գիշեր, Ալմաստի ասելով, չէր քնել, պտտել էր անկյունից անկյուն: Ուշ երեկո էր, երբ Լևոնը մտավ սենյակս հոգնած, քրտնած, փոշոտ: Նա խոսելու անգամ ուժ չուներ: Մինչև կեսօր թափառել էր Իցկոյի հոր, իսկ կեսօրից հետո՝ Չաուշենկոյի և Իցկոյի հոր հետ: Եղել էին գրեթե բոլոր այն շուկաներում, ուր հին հագուստեղենի առուտուր է կատարվում: Փնտրել էին միայն կոշիկները, առանց ումևէ ասելու՝ ինչ գանձ են փնտրում: Եվ զուր: Իցկոյի հայրը խորհուրդ էր տվել Լևոնին «մոռանալ, թե երբևէ փող է ունեցել»: Չաուշենկոն հայտնել էր ոստիկանությանը: Պրիստավը ծաղրել էր. ո՞ր հիմարն է կոշիկի մեջ փող պահում:
Լևոնն ամբողջ օրը անց էր կացրել անոթի: Առաջարկեցի ընթրել ինձ հետ, մերժեց. դուրս եկավ ուժասպառ, հուսահատված, հարբածի պես օրորվելով:
Մյուս օրն ես նրան հանդիպեցի փողոցում մի փոքրահասակ, նիհար, կեղտոտ հրեայի հետ խոսելիս: Գա ինքը «Մոշկա սելյոդկան» էր, Իցկոյի հայրը:
— Մոսյո, — դարձավ նա ինձ, երբ իմացավ, որ Լևոնի բարեկամն եմ, — միրուքս վկա, աղքատն երբեք փող չպիտի ունենա: Փողը շատ գոռոզ է, սիրում է թանկագին պալատներ: Հիմար աղքատը կարծում է, թե կարելի է նրան պահել գարշապարի տակ, կոշիկում, խի-խի-խի՛... Մանո՛ւկ, դու պիտի կուրծքդ պատռեիր ու ասեիր այդ հարյուրանոցին, «պատվելի, սիրելի, համեցեք, այ քո բնակարանը»: Երանի եմ տալիս այն հնավաճառին, որ այդ կոշիկը կգնի: Երդվում եմ միրուքովս, Սողոմոն արքան էլ այդպիսի թանկագին կոշիկներ չի հագել:
Մի շաբաթ շարունակ, Լևոնը վաղ առավոտից սկսած մինչև ուշ երեկո փնտրում էր յուր կորուստը: Չաուշենկոն և Իցկոն հուսահատվել էին, այլևս չէին օգնում նրան, իսկ նա դեռ փնտրում էր: Նա զրկվել էր քնից, հանգստությունից, ախորժակից: Տուն էր վերադառնում երեկոները, պառկում հագուստով անկողնում, հեկեկում ու հեկեկում: Ալմաստը հուսահատությունից չգիտեր ինչ աներ, տանջվում էր որդու հետ հավասար: Սա պնդում էր, թե Լևոնը կխելագարվի, եթե այդ դրության մեջ մնա: Ամեն ինչ մոռացել է, ոչնչով չի հետաքրքրվում, նույնիսկ թատրոններով:
Խոստովանում եմ, ես այլևս քաջություն չունեի Լևոնի վիշտը տեսնելու: Նրա ծանր հառաչանքները, ողբը, հեծկլտանքը կտրատում էին սիրտս: Այնինչ՝ այժմ նա ավելի հաճախ էր այցելում ինձ, քան առաջ: Գալիս էր, նստում սեղանի քով և խոսում յուր կորստի մասին: Նա դեռ պահում էր սրտում մի թույլ հույս փողերը գտնելու: Ով գիտե, անկարելի ոչինչ չկա. կարող են այդ կոշիկները պտտել ամբողջ քաղաքը և դարձյալ հետ գալ, իրենց տիրոջ ձեռքն ընկնել... Բայց շուտով այդ թույլ հույսն էլ մեռավ նրա մեջ, և Լևոնի միտքը սկսեց փոքր առ փոքր սթափվել: Ծանոթ նավաստիները խնդրում էին նրան, շարունակել հաճախել պանդոկները, խոստանալով նրա համար նոր կիթառ գնել: Ես խորհուրդ տվեցի նրան ընդունել այդ առաջարկությունը և նորից սկսել փող վողովել: Մի օր, վերջապես, նա գնաց Արքայական յախտա մի նոր կիթառ ձեռին: Երեկոյան նա պատմեց ինձ, թե նավաստիները ինչպիսի ուրախությամբ են ընդունել նրան, ինչպես գրկվել ու հավբուրվել նրա հետ: Նրա. բերանից դարձյալ օղու հոտ էր գալիս: Երևի այս անգամ, խմել էր վիշտը մոռացության տալու համար, ես քաջություն չունեցա հանդիմանելու: Մի չնչին գումար, որ կարողացավ նա խնայել առաջին ամիսը, նորից վերականգնեցրեց նրա հույսերը: Այս անգամ նա անկեղծ խոստովանեց ինձ, որ Իտալիա գնալու գլխավոր նպատակը Լուիզային տեսնելն է: Գրեթե օր չէր անցնում, որ նա չհարցներ.
— Սինյոր, ի՞նչ լուր կա Լուիզայից:
Նա ինքը ամաչում էր անմիջապես սինյորա Ստեֆանիային դիմել այս հարցով: Ես հաղորդում էի նրան բոլորը, ինչ որ լսում էի տանտիրուհուցս: Միշտ Լուիզան բարև էր ուղարկում Լևոնին: Եվ Լևոնը երջանիկ էր այդ ուշադրությամբ: Չգիտեմ, կա՞ր արդյոք մի ուրիշը, որ այնքան ուրախանար Լուիզայի ամեն մի նոր հաջողության համար, որքան այդ սիրահարը: Նա ասում էր, թե ամենից ավելի ինքն է սիրում Լուիզային և ամենից առաջ էլ ինքն է ուզում ծափահարել նրան բեմի վրա, ոչ այստեղ՝ Օդեսայում, այլ այնտեղ՝ Իտալիայում:
Մի անգամ նա ասաց.
— Եթե մինչև առաջիկա գարուն չկարողանամ ճանապարհ ընկնել, կխելագարվեմ:
Մի ուրիշ անգամ դիմեց ինձ այս հարցով.
— Ի՞նչ եք կարծում, սինյոր, Լուիզան, նշանավոր երգչուհի դառնալով, կգոռոզանա՞:
Հասկացա, թե իսկապես ինչ է ուզում իմանալ: Հոգու խորքում նա ինքն իրեն արժանի չէր համարում Լուիզային, բայց հպարտությունը չէր թույլ տալիս նրան խոստովանել այդ: Նա ուզում էր իմ միտքը իմանալ՝ արժանի՞ եմ համարում իրան Լուիզային, թե ոչ:
Կամենալով գեթ մի փոքր սթափեցնել այդ օրից-օր ավելի ու ավելի կուրացող հոգին, պատասխանեցի.
— Այո, կգոռոզանա: Նա հենց այժմ էլ, երբ դեռ շատ հեռու է նշանավոր երգչուհի համարվելու պատվից, գոռոզացել է…
— Ո՞վ ասաց, — գոչեց Լևոնը վշտացած:
— Նրա վարմունքը: Նա քեզ մոռացել է:
— Ի՞նչ: Ինչո՞ւ, նա միշտ բարևներ է ուղարկում, խոմ ինքներդ եք ասում:
— Այո՞, բարեկամս, ուղարկում է. բայց, ների՛ր, այդ բարևների նպատակը ես ուրիշ կերպ եմ հասկանում: Լուիզան, դեռ երգչուհի չդարձած, արտիստների խորամանկությունն է յուրացնում: Ես ճանաչում եմ նույնիսկ տաղանդավոր երգչուհիներ և դերասանուհիներ, որոնք շողոքորթում են համալսարանական քաղաքներում ուսանողներին, գավառական քաղաքներում՝ գիմնազիստներին միմիայն նրանց ցույցերին արժանանալու համար: Իսկ դու քո խմբով ավելի գեղեցիկ ցույցեր գիտես անել: Լուիզան այս գիտե և քեզ հետ հեռավոր բարեկամություն է պահպանում յուր ապագայի համար, թեև գիտե, միևնույն ժամանակ, որ դու կաշառվող չես: Ա՛խ, բարեկամս, մի՛ հափշտակվիր այն ուսանողի պես, հիշո՞ւմ ես, որ անցյալ տարի ինքնասպանություն գործեց մի երգչուհու պատճառով: Լուիզան քեզ չի սիրում, եթե սիրեր՝ նամակ կգրեր: Ինչո՞ւ մեկը գրեց ու լռեց:
Գուցե ես զրպարտում էի Լուիզային, բայց ասածիս մեջ զգում էի ճշմարտության մաս: Լևոնին փրկելու համար պատրաստ էի ավելի վատ գույներով պատկերացնել Լուիզային նրա առջև:
— Նա ժամանակ չունի ինձ նամակ գրելու, զբաղված է: — ասաց Լևոնը ոչ այնքան Լուիզային արդարացնելու, որքան յուր անձնասիրությունը պաշապանելու մտքով:
— Գուցե.., թող այդպես լինի... — ասացի ես անորոշ եղանակով Լևոնին ավելի չվշտացնելու համար:
Որքան հիշում եմ, հենց այդ օրն էր, որ սինյորա Ստեֆանիան մտավ սենյակս անսովոր ուրախ տրամադրության մեջ և ասաց.
— Սինյոր, հիմա կարող եք ինձ շնորհավորել:
— Ի՞նչ է պատահել...
— Պատահել է այն, ինչ որ վաղուց սպասում էի անհամբեր: Լուիզան երեկ պսակվել է Կավալլարոյի հետ: Հենց այս րոպեիս հեռագիր ստացա... ահա...
Եվ նա ծոցից հանելով հեռագիրը՝ ցույց ավեց ինձ:
— Այդպես անսպասելի՞, — գոչեցի ես, թեև վաղուց մի ներքին ձայն ինձ ասում էր, թե կա ինչ-որ մտերմություն Լուիզայի և Կավալլարոյի միջև:
— Անսպասելի չէր, սինյոր, ոչ, այդ դո՞ւք չգիտեիք, իսկ ես գիտեի, որ նրանք նշանված են վաղուց: Նշանվելն ինձ համար կարևոր չէր, պսակվելն էր կարևոր: Ես լռում էի, վախենալով, որ գործը չփչանա: Ա՛խ, վերջապես որքան ուրախ, ո՛րքան ուրախ եմ: Կավալլարոն հենց իմ ուզած փեսան է՝ բարի, քաղաքավարի լավ երգիչ, լավ էլ փող է ստանում: Այո՛, Լուիզան ավելի լավ ընտրություն անել չէր կարող: Երեկ պսակվել են, այսօր պիտի ուղևորվեն Պարիզ: Կավալլարոն պիտի մի տարի մնա այնտեղ: Լուիզան, իհարկե, նրա հետ կլինի...
Ես շնորհավորեցի երջանիկ մորը. բայց մի ներքին ձայն շշնջաց, թե շատ էլ անկեղծ չեմ վարվում: Ինչպե՞ս կընդունի այդ լուրը Լևոնը, որին սիրում եմ ավելի, քան Կավալլարոյին ու Լուիզային:
Այդ օրը ես վերադարձա դրսից տուն ուշ գիշերին, որպեսզի չհանդիպեմ Լևոնին: Սակայն հետևյալ օրը նա եկավ սենյակս երեկոյան սովորական ժամից առաջ: Սինյորա Ստեֆանիան ճաշի միջոցին ինձ ցույց էր տվել երկրորդ հեռագիրը, որով հայտնվում էր, թե նորապսակներն արդեն ուղևորվել են Պարիզ:
Տխուր, անմոռանալի երեկո, առաջին անգամ կողոպտվելուց հետո Լևոնի դեմքի վրա տեսա այդ երեկո ուրախ ժպիտ: Նա իսկույն պատմեց յուր ուրախության պատճառը: Երկու օր է՝ նրան կանչում են «Խերսոն» շոգենավը: Այնտեղ նա նվագում է նավապետի և յուր օգնականների համար: Այսօր օգնականներից մեկը, տալով նրան յուր մանդոլինան, առաջարկել էր նվագել: Լևոնը կատարել էր նրա ցանկությունը: Նավապետին առանձնապես դուր էր եկել «Մադրիդի շրջմոլիկը»: Նա մի շատ բարի մարդ է, իմանալով, որ Լևոնը ձգտում է գնալ Իտալիա, այսօր խոստացավ օգնել նրան: երկու օրից հետո «Խերսոնը» գնում էր Կրոնշտադտ: Այնտեղից հետ է գալու և ուղևորվելու է Միջերկրական ծով, հետո Հեռավոր Արևելք: Ահա այդ ժամանակ նա կվերցնի Լևոնին յուր մոր հետ և կտանի մինչև Իտալիայի սահմանները…
— Օ՛: Սինյո՛ր, սինյո՛ր, այնքան ուրախ եմ, որ ուզում եմ թռչկոտել: Ես նավապետի պարտքի տակ չեմ մնա, կնվագեմ նրա համար ամբողջ ճանապարհին, գիշեր-ցերեկ կնվագեմ: Իտալիա, Իտալիա անպատճառ պիտի տեսնեմ: Որքան կզարմանա Լուիզան ու ինչպե՛ս կուրախանա:
Ծանր էր ինձ համար այս անկեղծ խոսքեիից հետո թաքցնել իրողությունը Լևոնից, որ այդ պահին. մարմնացած ոգևորություն էր:
— Լևոն, — ասացի, — շա՛տ ես փափագում տեսնել Լուիզային:
— Այո՛, իհարկե:
— Եթե չտեսնես, շա՞տ կտխրես:
— Բայց ես կտեսնեմ նրան, սինյոր, կտեսնեմ Միլանում, — գոչեց Լևոնը հավատով լի, միևնույն ժամանակ, մի տեսակ երկյուղով նայելով երեսիս:
— Լոլիզան այժմ Միլանում չէ:
— Ո՞վ ասաց:
— Սինյորա Ստեֆանիայի հեռագիրը:
— Հապա ո՞րտեղ է:
— Պարիզում:
— Ո՞ւմ հետ...
— Կավալլարոյի...
— Կավալլա՞րո, — գոչեց պատանին գրեթե, շնչասպառ:
— Ամուսնացել է Լուիզայի հետ և երեկ ուղևորվել Պարիզ մի տարի ժամանակով, — ասացի ես միանգամից սրտիս ծանրությունից ազատվելու համար:
Լևոնը ցնցվեց, երեսի մկանունքները դողացին: Մի վայրկյանում կարմրեց, կապտեց, հետո սփրթնեց կտավի պես:
— Տեսա՞ր, որ քեզ չի սիրում Լուիզան, որ դու երազի մեջ ես...
Լևոնը ճիգ արավ զսպել հուզմունքը: Այդ տասնութ տարեկան պատանին, որի զգացումներն այնքան անժամանակ հասունացել էին, ուներ նաև կամքի ուժ: Սակայն հարվածն ավելի զորեղ էր: Նա թուլացած ընկղմվեց աթոռի վրա, արտասանելով:
— Ա՛յ նորություն... պետք է շնորհավորել…
— Այո՛, պետք է շնորհավորել, — կրկնեցի ես, ձևանալով իբր թե չեմ նկատում նրա հուզմունքը:
— Կավալլարոն լավ մարդ է, ազնիվ է, — ասաց նա դողդոջուն ձայնով, շրթունքները կրծոտելով:
— Այնքան ազնիվ, որ Լուիզան չարժե նրան:
— Սինյոր...
— Չարժե, չարժե, — կրկնեցի ես, վրդովվելով անմեղ իտալուհու դեմ:
Next page |