Շիրվանզադե Ալեքսանդր՝   Պատմվածքներ, նովելներ, ֆելիետոններ

Մենք անցանք երկու շարք կեղտոտ ու մերկ սենյակների միջով, որոնց շուրջը նստած Էին նավաստիներ և երկաթուղու ծառայողներ: Մի, քիթը ուռած, կարմրած, աչքերի տակերը կապտած կին, ինձ տեսնելով, գոչեց,

Էյ, բասուրման, արի միասին «տրեպակա» պարենք:

Ես հազիվ կարողացա ազատվել նրա սիրալիր թևերից, որ բացվել Էին ինձ գրկելու համար: Չաուշենկոն, գլուխը փիլիսոփայորեն շարժելով, արտասանեց.

Թռչուն, ո՞ւր է քո փետուրը:

Քեռի Սիդորի կատուն պոկոտել է, — ասաց Իցկոն, ծիծաղելով:

Քեռի Սիդորը «Արքայական յախտայի» տերն էր, կատուն՝ օղին:

Վերջապես, հասանք ընդարձակ պանդոկի համեմատաբար մի ապահով անկյուն, ուր մեր կողերը ջարդվելու վտանգից ազատվեցին: Այստեղ մի երկար սեղանի քով նստած Էին տասնի չափ նավաստիներ: Սեղանը ծածկված էր կեղտոտ ամաններով, հացի կտորներով, ուտելիքների ու ծխախոտի մնացորդներով, գարեջրի և օղու շշերով ու բաժակներով:

Ահա և ձեր արտիստը, — ասաց Իցկոն, ցույց տալով սեղանի ծայրը:

Այնտեղ նստած էր Լևոնը: Նա կիթառ էր նվագում և զվարճացնում սեղանակիցներին: Չնայելով յուր չքավորությանը, ես մինչև այդ օրը նրան կեղտոտ չէի տեսել: Գոնե շապիկը միշտ անարատ էր, ձեռներն ու երեսը մաքուր, կոշիկները վաքսած, փայլուն: Իսկ այժմ նա նմանվում էր գործարանական բանվորի:

Իմ երևալը նրան զարմացրեց: Նա չընդհատեց նվագումը, բայց չափազանց շփոթվեց, կարմրեց: Նավաստիները նրան լսում էին ուշադիր, թեև արդեն բոլորն հարբած էին: Իրանց հիացմունքն արտահայտում էին գոռում -գոչյուններով: Երբեմն մեկը կամ մյուսը վեր էր կենում, գրկվում ու համբուրվում նրա հետ կամ, մեջքին զարկելով, արտասանում էր.

Մալադե՛ց, Լյովա, մալադե՛ց...

Չաուշենկոն մեզ հրավիրեց նստել մի դատարկ սեղանի քով, ասելով, թե Լևոնին չի կարելի խանգարել, նավաստիները կկատաղեն: Մի շիշ գարեջրի պատրվակով կարելի էր նստել, և մենք նստեցինք: Լևոնը շարունակ մեզ էր նայում ու ժպտում: Այդ տասն օրվա ընթացքում նա ավելի նիհարել էր ու թորշոմել: Առաջին անգամ այդ օրը նրա բերանի անկյուններում նկատեցի թեթև խորշեր:

Սեղանի մոտից վեր կացավ լայն թիկունքով ու մեծ միրուքով մի նավաստի և օրորվելով մոտեցավ Լևոնին: Ձեռը դնելով պատանու նիհարիկ ուսի վրա, գոչեց.

Էյ, ճպուռ, նվագելո՞ւ ես ինձ համար «Օ՛հ, իմ վիշտ», թե՞ չէ. ես ուզում եմ «Օ՛հ, իմ վիշտ» լսել:

Տե՛ղդ նստիր, էյ, Սիբիրի ռեխ, — գոչեցին ընկերները, — մի՛ խանգարիր Լյովային:

Չեմ նստիլ, մինչև որ չլսեմ՝ «Օ՛հ, իմ վիշտ»: «Օ՛հ, իմ վիշտ»: Լյովա, Լյովա, «Օ՛հ, իմ վիշտ»:

Հիմար գլուխ, — նկատեց մեկը, — Լյովան հենց «Օ՛հ, իմ վիշտ» է նվագում: Չես լսում, անո՛ւս.,,

Լյովա սուտ չի՞ ասում:

Լյովան գլխով հաստատեց, թե նվագածը հենց «Օ՛հ, իմ վիշտն» է:

Սատանան տանի, — գոռաց Սիբիրի ռեխը, — ի՛նչ չավ էիր նվագում: Լսեցինք, լսեցինք. հիմա նվազիր «Դունայի գեղեցկուհի»: Լյովա, Լյովա, «Դունայի գեղեցկուհի»,

Այ քեզ «Դունայի գեղեցկուհի», — ասաց մի հաղթանդամ և, հետևից ձեռները գցելով Սիբիրի ռեխի կոների միջով, փորը դեմ տվեց մեջքին, բարձրացրեց ու բերեց նստեցրեց յուր տեղը:

Է՛յ դու Կալուգայի արջ, ինչպե՞ս համարձակվեցիր, — գոռաց Սիբիրի ռեխը, — թաթերդ կփշրեմ...

Եվ բռունցքն այնպիսի ուժով զարկեց սեղանին, որ շշերն ու բաժակները միմյանց դիպչելով փշրտվեցին:

Բարձրացավ աղմուկ, վեճ, իրարանցում: Օդի մեջ երևացին մի քանի սպառնալի բռունցքներ: Գուցե «Սիբիրի ռեխը» և «Կալուգայի արջը» միմյանց քիթ ու պռունգ ջարդեին, եթե չլիներ մի ալևոր նավաստի, որին ընկերները «Դյադուշկա» էին անվանում: Նա մեջ մտավ նրանց բաժանելու: Օգնության հասավ Լևոնը: նա նվագումը ընդհատեց և, տեղից վեր կենալով, ասաց.

Պարոններ, թո՛ւյլ տվեք ինձ գնալ խերսոնցիների մոտ:

Վեճն իսկույն դադարեց, բոլորը շրջապատեցին երաժշտին:

Լյովա, աղավնյակ, մի՛ անիր, Լյովա, հոգյակ, նվագիր, ինչպե՞ս կարելի է, — խնդրեցին բոլորը:

Նվագի՛ր... ինչպե՞ս նվազեմ, պարոններ, քանի որ չեք լսում, կռվում եք անկիրթ «բոսյակների» պես: Մի՞թե վայել է «Ռուսաց ընկերության» նավաստիներին:

Վայել չէ, իհարկե վայել չէ, — գոչեց «Դյադուշկան»:

Դուք ինձ «տիրասպոլցիների» մոտից բերեցիք այստեղ, որ ձեր կռիվը տեսնեմ: Դուք լավ չեք գնահատում երաժշտությունը:

«Խերսոն», «Տիրասպոլ» նավեր էին, և նավաստիները կրում էին իրենց նավերի անունները:

Կգնահատենք, կգնահատենք, Լյովա, հիմարներ չենք...

Ի՞նչ է, փո՞ղ է ուզում այդ ճպուռը, — գոչեց Սիբիրի ռեխը, և վարտիքի գրպանից հանելով արծաթե գրամներով լի քսակը, գցեց Լևռնի գիրկը, — ահա՛, վերցրու, խեղդվի՛ր...

Մենք էլ կտանք, մենք էլ կտանք, — աղաղակեցին ամենքը, ձեռները տանելով իրանց գրպանները:

Տեսե՛ք, տեսե՛ք, Լևոնը հարստանալու է, — գոչեց Իցկոն, հրճվանքից ձեռները միմյանց զարկելով, երբ տեսավ փողի քսակները:

Հապա, կտեսնենք, թե ինչպես, — արտասանեց Չաուշենկոն, որ, արմունկները սեղանին հենած դիտում էր կատարվող տեսարանը:

Լևոնը հանգիստ վերցրեց յուր գիրկն ընկած քսակները և դնելով սեղանի վրա, ասաց.

Ես իմ գնից մի կոպեկ էլ ավել չեմ վերցնիր համարը 10 կոպեկ, ո՛չ ավելի ո՛չ պակաս: Դրեք ձեր գրպանները, նստեցե՛ք, նվագում եմ...

Բրավո՛, Լևոն, բրավո՛, դու մեր երեսը սև չարիր, — գոչեց Չաուշենկոն ոգևորված և նավաստիների ուշադրությունը գրավեց մեր վրա:

Այդ ի՞նչ կատու է, — գոչեց Սիբիրի ռեխը, — ա՛հ, տիրացո՛ւ: Չէ, ուխտավոր է, աբեղա է... էյ, երևի Իոքագամայի տաճարի համար լումա ժողովելու ես եկել, Արի՛, արի՛, մենք էլ կտանք մեր հոգու փրկության համար:

Չաուշենկոն վերցրեց սեղանի վրայից յուր գրքույկները և հանդիսավոր քայլերով մոտեցավ նավաստիներին:

Պարոննե՛ր, ես ո՛չ տիրացու եմ, ո՛չ տաճարի համար լումա ժողովող: Ես երգիչ եմ...

Երգիչ, երգիչ, այդ շատ լավ է, — ասացին ոմանք: — Դեհ երգիր, տեսնենք:

Երգիր՝ «Օ՛հ, իմ վիշտ», — պահանջեց Սիբիրի ռեխը, — «Օ՛հ, իմ վիշտ»:

Օ՛հ, խավար, ահա իմ վիշտը, — արտասանեց բանաստեղծը: — Պարոննե՛ր, ես ձայնով չեմ երգում, այլ գրչով: Գնեցե՛ք մի-մի օրինակ ահա այս գրքույկներից: Դուք, պարոններ, ինչպես տեսնում եմ, երաժշտություն սիրում եք, մի՛ մոռանաք, որ բանաստեղծությունն էլ նրա քույրն է:

Քո՛ւյրն է, — ասաց Սիբիրի ռեխը, — ապա տո՛ւր ինձ այդ գեղեցկուհուն...

Նա խլեց գրքույկներից մեկը, դրեց դատարկ ամանի մեջ, վրան օղի թափեց և, լուցկին վառելով, ասաց.

Ապա, տեսնենք, քույրն ինչպես է երգում: Օղին այնքան թունդ չէր, որ վառվեր:

Քեռի՛ Սիդոր, — գոչեց Սիբիրի ռեխը, — կատվիդ մագիլները հանել ես... խի-խի-խի , սպիրտ բեր...

Է՛յ, Սիբիրի ռեխ, — ասաց «Դյադուշկան», — այսօր դու մեզ ուզում ես խայտառակել: Գրքերը սուրբ են, հանցանք է նրանց այրելը... Գնե՛նք մի-մի օրինակ...

Նավաստիները գնեցին մի-մի օրինակ «Վշտի և տանջանքների ժամերից», իսկ անհանգիստ Սիբիրի ռեխը մի մեծ բաժակ օղի ձեռքում մոտեցավ հեղինակին:

Կոնծի՛ր, դնչիցդ երևում է, որ սիրում ես... Չաուշենկոն խմող չէր: Երկու ձեռները դեմ տվեց բաժակին, գոչելով.

Հեռո՛ւ ինձանից համառուսական թույն...

Այն ժամանակ Սիբիրի ռեխը կպավ Լևոնին.

Խմի՛ր, դու մինչև այսօր դեռ չես հաղորդվել... Թե քրիստոնյա ես, պիտի խմես...

Լյովա, Լյովա, մի բաժակ իմ խաթրու, — խնդրեցին մյուսները:

Լևոնը հրաժարվեց, ասելով, թե խմելուց հետո չի կարող նվագել: Դյադուշկան» նրան պաշտպանեց:

Օրն արդեն մթնել էր: «Դյադուշկան» հայտնեց, թե շոգենավ վերադառնալու ժամանակ է: Խումբը վճարելով կերած, խմածի գինը, նաև Լևոնի վարձը, դուրս եկավ աղմուկով, գոռումգոչյուններով, միմյանց բոթելով ու հարվածելով:

Փողոցում Չաուշենկոյի գլուխը պտտվեց այնպես, որ անշուշտ կընկներ, եթե չհենվեր պատին: Խմիչքների հոտը և ծխախոտի ծուխը շշմեցրել էին նրան: Բայց նա կրկնում էր.

Շատ ուրախ եմ այստեղ գալուս, շատ ուրախ եմ, ամեն օր պիտի գամ: Ո՛րքան նյութ, որքա՛ն նյութ գրողի համար:

Իցկոն ոստոստում էր Լևոնի շուրջը: Վերջապես, ձեռքը գցելով նրա, թևին, հարցրեց.

Այսօր ինձ համար շոկոլա՞դ ես առնելու, թե՛ ծխախոտ:

Երկուսն էլ:

Ֆիա՛մ, ֆիա՛մ, ուրեմն այսօր երկու ռուբլուց ավելի ես հավաքել... Կեցցե՛տրիո: Ես այսօր ոչինչ չեմ վաստակել: Բանաստեղծ, պիտի ինձ համար մի սրինգ գնես: Ես էլ ուզում եմ սրինգ նվագել:

Կգնեմ, ինչու չեմ գնիլ, — ասաց Չաուշենկոն բարև սրտաբար:

Չիմրա-չիմրա-չիլալա, Չաուշենկո, չիլալա...

Երբ ընկերները բաժանվեցին, ես հետաքրքրվեցի իմանալ ինչու Լևոնը փոխել է յուր արհեստը: Չէի ուզում հավատալ, որ առանց վերին աստիճանի ստիպողական մի պատճառի կարող է նա ցերեկներն անգամ ապրել թատրոնից հեռու:

Կարիքն է ստիպում, սինյոր, — պատասխանեց նա հանդարտ:

Բայց չէ՞ որ դու առաջ էլ կարիք ունեիր:

Ես ուզում եմ մորս կամքը կատարել:

Այսի՛նքն:

Ուզում եմ նրան ապահովել:

Ես նայեցի նրա աչքերի մեջին և հասկացա, որ կեղծում է: Փողոցային լապտերի լույսը մատնեց նրա այլայլվելը:

Է՛հ շատ գովելի է, — ասացի ես, — որ ուզում ես մորդ ապահովել: Բայց ների՛ր, Լևոն, այս անգամ շատ էլ չեմ հավատում քեզ: Կարծում եմ, ուրիշ նպատակ ունիս:

Նա ոչինչ չասաց, միայն քայլերն արագացրեց:

Ո՞ւր ես շտապում, հարցրի ես:

Թատրոն:

Է՞լի թատրոն:

Այո՛, սինյոր... այսօր լավ դրամա են ներկայացնում...

Եվ, երևի, իմ հարցուփորձից ազատվելու համար, շտապով հեռացավ: Ես արդեն գուշակել էի նրա միտքը...

Մի քանի անգամ այցելեցի «Արքայական յախտա»-ն: Լևոնին այնտեղ սիրում էին: Նավաստիները խլում էին նրան միմյանց ձեռքից: Նա գիտեր նվագել մալոռուսական եղանակներ ու պարեր: Անցնում էր մի խմբից մյուսը, բոլորին զվարճացնում, հավաքելով յուր տասնական կոպեկները: Զվարճության տաք միջոցներին սեղանակիցները երբեմն խնդրում էին նրան խմել մի-մի բաժակ օղի կամ գարեջուր: Նա չէր ուզում խմել և չէր կարողանում խմել:

Մի անգամ իմ ներկայությամբ, երբ զզվանքով հետ դրեց օղու բաժակը, նրա համար պահանջեցին ինչ-որ քաղցր ըմպելիք: Նա մի բաժակ խմեց, հետո երկրորդն և զվարթացավ.,.

Ցավալի էր ինձ համար, որ նա այցելում է այդ ստորին վայրերը: Բայց իրավունք չէի համարում համոզել նրան թողնելու այդ տեղերը: Ուրիշ ի՞նչ միջոց ուներ նա ապրելու, բացի նախկին ողորմելի պարապմունքից: Մի օր նա ասաց.

Սինյոր, երկու ամիս չկա, արդեն երեսուն ռուբլի եմ հետաձգել: Բայց մորս չասեք:

Ինչո՞ւ:

Որովհետև այդ փողերը ինձ հարկավոր են...

Իտալիա գնալու համար, — լրացրի ես նրա խոսքը, խնդիրը միանգամից պարզելու համար. — մի՛ զարմանա Լևոն, ես այդ վաղուց գիտեի:

Օ՛օ, սինյոր, իիավ է, ես ուզում եմ տեսնել Իտալիան...

Եվ Լուիզային...

Նա ամոթից երեսը դարձրեց ինձանից: Ես հաղորդեցի նրան, թե սինյորա Ստեֆանիան Կավալլարոյից նոր նամակ է ստացել: Բարիտոնը գրում է, թե երգեցողության ուսուցիչները փորձել են օրիորդի ձայնը և հիացել են նրա ուժով ու «տեմբրով»: Մի հայտնի պրոֆեսոր խոստանում է երեք տարվա ընթացքում Լուիզային այնչափ պատրաստել, որ կարողանա օպերաներում առաջին դրամատիկսոպրանոյի դերը երգել:

Հաղորդածս նորություն չէր նրա համար: Նա ասաց, թե հենց նույն օրն ինքը նամակ է ստացել Լուիզայից: Բարի օրիորդը յուր խոստումը կատարել էր: Սակայն այդ եղավ առաջին և վերջին նամակը...

Ամբողջ գարունը և ամառը պատանին այցելեց նավահանգստի պանդոկները: Երբեմն գալիս էր սենյակս և ինձ հաշիվ տալիս: Նրան դեռ սիրում են նավաստիները, հաճույքով լսում և միմյանց ձեռքից խլում: Ամսական միջին թվով քսան ռուբլուց ավելի է հետաձգում: Շուտով, շուտով կկատարի յուր փափագը, կուղևորվի Իտալիա...

Այնինչ՝ պանդոկների մթնոլորտն արդեն գրել էր յուր դրոշմը նրա վրա: Ձևերը նկատելու չափ գռեհկացել էին: Ժամանակ առ ժամանակ արտասանում էր տգեղ բառեր, որ առաջ չկային նրա բառարանում: Արտասանում էր և իսկույն զղջում, կարմրում: Մի քանի անգամ զգացի, որ բերանից խմիչքների հոտ է գալիս: Իսկ մի երեկո մեր տան դարբասի առջև տեսա նրան սաստիկ հարբած դգրության մեջ: Կիթառը կռնատակին բռնած, օրորվելով տուն էր գնում, մի քայլ առաջ դնելով, մի քայլ կողք, օրորվելով: Օգնեցի նրան սանդուղքով բարձրանալու:

Ալմաստը տեսավ նրան թե չէ՝ ձեռները զարկեց երեսին, գոչելով.

Սպանեց, մորթեց...

Նախատինքի ժամանակ չէր: Խնդրեցի վշտացած մորը զսպել առայժմ յուր սրտի թույնը:

Լևոնը թավալվեց երեսնիվայր անկողնում, մի ոտը թողնելով հատակի վրա: Տեսարանը եղկելի էր, Լևոնը, այն պատանին, որին երևակայությունս գրեթե հրեշտակացրել էր, ընկնում էր աչքումս: Եվ այս ինձ համար դառն էր, շատ դառն: Նա ոչինչ չէր զգում, ընկած էր կեղտոտ լաթի պես, ոտից մինչև գլուխ ցեխոտ: Միայն երբեմն ձեռը դուրս էր բերում փորի տակից շոշափում ձախ կոշիկը...

Ես թողեցի տխուր տեսարանը և հեռացա: Մի՞թե այս է բարեկամիս վերջը: Մի՞թե Ալմաստի չար գուշակությունը իրագործվում է:

Առավոտը երբ բարձրացա վերև, Ալմաստն արդեն թեթևացրել էր յուր սիրտն և աչք-ունքը կիսած լուռ նստած էր մի անկյունում: Լևոնը փնտրում էր կիթառը, որ գնա յուր գործին, չէր գտնում: Ալմաստը թաքցրել էր, չէր ուզում տալ: Տեսնելով ինձ՝ խեղճ կինը լաց եղավ: Այս անգամ խոսքեր չգտա Լևոնին արդարացնելու:

Չէի ասում, որ վերջն յուր անիծված հոր օրին է հասնում: Ահա չորրորդ անգամն է տուն է գալիս շան օրում...

Ես բարվոք համարեցի Լևոնի հետ խոսել առանձին, հրավիրելով սենյակս: Հիշում էր երեկվա յուր խայտառակ դրությունը և սաստիկ ամաչում: Լուռ էր, սպասում էր, որ ես խոսեմ: Ի՞նչ պիտի ասեի, նախատելը կլիներ ավելորդ. Լևոնը հիմար գլուխ չէր և ոչ էլ երեխա, շուտով պիտի լրանար տասնութ տարին: Ես ընկերաբար բացատրեցի հարբեցողության կորստաբեր հետևանքները: Նա լսեց մինչև վերջը համբերությամբ և երբ վերջացրի, ասաց.

Այդ բոլորը գիտեմ, հայրս հենց հարբեցողությունից մեռավ:

Գիտես և էլի խմո՞ւմ ես:

Ստիպում են:

Ովքե՞ր:

Նավաստիները:

Տեղափոխվի՛ր ուրիշ պանդոկ:

Ամեն տեղ ստիպում են:

Մի՞թե չես կարող մերժել:

Առաջ մերժում էի, հիմա չեն թողնում:

Ի՞նչ ասել է չեն թողնում. ամեն մարդ յուր կամքի տերն է:

Այո՛ սինյոր, բայց երբ կես փթանոց բռունցքը պահում են քթիդ տակ, մոռանում ես կամքդ:

Նրանք քեզ ծեծո՞ւմ են:

Կծեծեն, եթե շատ համառություն անեմ:

Բայց ի՞նչ օգուտ ունին քեզ հարբեցնելուց:

Հարբածներն ատում են արթուն մարդուն: Երբ չեմ խմում, ասում են՝ «դու մտքումդ ծաղրում ես մեզ: Դու էլ խմիր, հավասարվիր մեզ հետ»:

Գոնե քի՞չ խմիր:

Շատ չեմ խմում, բայց քիչն էլ է ինձ հարբեցնում, — Ի՞նչ են խմեցնում:

Առաջ քաղցր խմիչքներ էին տալիս: Հիմա ասում են՝ «թանկ է նստում» և ստիպում են խմել գարեջուր էլ, օղի էլ...

Ես լռեցի, բայց հարկավոր էր մի հետևանքի հասցնել, մեր խոսակցությունը:

Լևոն, թո՛ղ այդ պանդոկները, էլի թատրոններով զբաղվիր...

Իհարկե, թողնելու եմ, սինյոր, շուտով, շուտով կգնամ Իտալիա... Արդեն հարյուր հիսուն ռուբլի ունիմ:

Իսկ մա՛յրդ:

Նրան էլ հետս տանելու եմ:

Հարյուր հիսուն ռուբլո՞վ:

Ի?նչ կա, քի՞չ է: Ես շատերից եմ հարցրել: Ասում են ամսական երեսուն ռուբլով կարող ենք ապրել այնպես, ինչպես այստեղ:

Գուցե կարելի է, բայց մի քանի ամիս, իսկ հետո՛:

Հե՞տո ... մի գործ կգտնեմ:

Լևոն, ճշմարի՛տն ասա, ի՞նչն է քեզ ստիպում Իտալիա գնալ, — հարցրի ես, նայելով ուղիղ նրա աչքերի միջին:

Ուզում եմ վիոլոնչել նվագել սովորել ու գալ այստեղ օրկեստրը մտնել:

«Կեղծում ես, բարեկամս, — մտածեցի ես, — այդ չի գլխավոր պատճառը»:

Նայեցի նրան ուշադիր, սիրտս մորմոքվեց: Նա ոտքի վրա ցամաքել էր, ինչպես արմատից, պոկված ծաղիկ: Խնդրեց ինձ համոզել մորը, որ կիթառը տա իրան: Միևնույն է, եթե չտա, պիտի նորը գնել, ինչո՞ւ ավելորդ ծախսի մեջ ընկնել:

Հազիվ այդ օրից անցել էր մի շաբաթ, երբ մի երեկո, մոտ տասը ժամին, հանկարծ սենյակս մտավ Ալմաստը շփոթված:

Պարոն, նեղություն քաշեցեք, վերև բարձրացեք աստծո սիրույն:

Տարօրինակ դրության մեջ տեսա ես Լևոնին այդ երեկո: Հեզ պատանին կատարելապես կատաղել էր: Առանց բաճկոնի ու կոշիկների թավալվել էր դռների առջև և մռնչում էր ինչպես մատաղ գազան, կրծոտելով յուր ձեռների միսը: Նրա նիհար պարանոցի երակներն ուռել, փքվել էին, կարծես ահա, ահա պիտի տրաքվեին ձգված լարերի պես: Նա ոտները զարկում էր հատակին ինչպես դիվահար:

Պատահել էր մի շատ սովորական դեպք, որի նմանները պատահում են Օդեսայի խուլ անկյուններում գրեթե ամեն երեկո: Նավահանգստից վերադառնալիս Լևոնի վրա հարձակվել Էին ինչ-որ քաղցած սրիկաներ: Խլել ձեռքից կիթառը, հանել բաճկոնն ու կոշիկները ու բաց թողել:

Եվ դրա համար քեզ սպանո՞ւմ ես, — գոչեցի ես բռնելով Լևոնի թևը, — ամոթ:

Ես էլ այդ եմ ասում, որդի, խոմ չեմ նախատում: Տանը մի հատ պիջակ էլ ունիս, կոշիկներ էլ... Վայ, տեր աստված, ինչպես է գլուխը պատին խփում: Այս ի՞նչ պատիժ է, երկնային թագավոր...

Կասկածելի էր, որ Լևոնը կիթառի, մանավանդ ողորմելի պիջակի ու կոշիկների համար այդպիսի հեծ ու կոծ բարձրացներ: Անշուշտ կորուստն ավելի մեծ էր: Խնդրեցի Ալմաստին մի քանի րոպե թողնել մեզ առանձին: Այրին դուրս գնաց, ճանաչելով Լևոնի բնավորությունը, գիտեի՝ ինչպես պիտի խոսել այսպիսի հանգամանքներում նրա հետ: Նա սիրում էր զգալ, որ մարդիկ իրեն չափահաս են համարում: .

Ամոթ է, Լևոն: Փառք աստուծո, դու երեխա չես, խելքի եկ... Չարժե այդպես գռռալ...

Չարժե՛ , չարժե՛, սինյոր, դուք էլ եք ասում: Բայց չգիտեք ինչ եմ կորցրել, ի՞նչ: Ձախ կոշիկս... այո՛... ձախը.., Գիտե՛ք... Իտալիա, վիոլոնչել, երգ, երաժշտություն, կորավ ամեն ինչ... Բուլվարի ներքևումն էր, այն մեծ սանդուղքի մոտ: Երկու հոգի Էին՝ մեկը բարձրահասակ, մյուսը թիկնավետ: Բարձրահասակը բռնեց հետևից ձեռները, մյուսը խուզարկեց գրպաններս: Երբ մի ռուբլուց ավելի չգտան բարկացան: Կարծում էի կիթառս կխլեն, կհեռանան: Չեղա՛վ: Պիջակս էլ հանեցին... Տերը նրանց հետ, թող շապիկս էլ հանեին՝ չէի խոսիլ... Բայց կոշիկներս, ձախ կոշիկս. «Հանի՛ր, — ասաց ձեռներս բռնողը, — գոնե երկու բաժակ օղի արժեն: Երբ թիկնավետը կռացավ կոշիկներս հանելու, կատաղեցի, սկսեցի կծոտել նրա ուսերը, գլուխը... Նա ինձ ապտակեց: Աչքերս մթնեցին... Սկսեցի աղաչել, պաղատվել.. Չլսեցին անաստվածները... Տարան, տարան...

Ուրեմն կոշիկներիդ համա՞ր ես լալիս, — ասացի ես մոտավորապես հասկանալով բանի էությունը:

Հարյուր հիսուն ռուբլու սինյոր, հարյուր հիսուն ռուբլի կար կոշիկիս մեջ, ձախ կոշիկս... Այնտեղ էի պահում հավաքած փողերս...

Եվ նա սկսեց դառնագին հեկեկալ...

Այդպես, ուրեմն, տարել էին նրա վեց-յոթ ամսվա աշխատանքի վարձը, նրա Իտալիա գնալու, Լուիզային տեսնելու հույսը... Նա ավելի ապահով տեղ չէր գտել յուր փողերի համար: Տանը պահել վախեցել էր: Մայրը կգտներ, չէր վերադարձնիլ: Այդ կինը ամեն առավոտ որդու գրպանները խուզարկում էր, մոտը փող չէր թողնում:

Փաթաթել էի թղթում, դրել կրունկիս կողմում, վրեն կաշի խփել, ծայրերը գամել... Շատ գիշերներ կոշիկներով եմ քնել... Տարա՛ն սրիկաները: Ով գիտե հիմա ծախում են մի բաժակ օղիով կամ մի ֆունտ հացով... Տե՛ր աստված, տեր աստված, ի՞նչ պիտի անեմ...

Ես խոսքեր չէի գտնում թշվառին մխիթարելու: Խստություն համարեցի նախատել նրան յուր անզգուշության համար: Հարկավոր էր միայն ցույց տալ կորուստը գտնելու գեթ մի թույլ հույս: Արդեն վիշտը շատ մեծ էր:

Ա՛ա, — գոչեց նա հանկարծ, ձեռը զարկելով ճակատին, — հույս կա, կա հույս գտնելու:

Այո , — ուրախացա ես երեխայի պես:

Այո՛, սինյոր: Դուք ճանաչո՛ւմ եք Իցկոյի հորը: «Մոշկա սելյոդկա» են կոչում նրան: Ճարպիկ մարդ է, ճանաչում է փողոցի սրիկաներին: Հին հագուստեղեն ու կոշիկներ է գնում, վաճառում: Ա՛հ, իսկույն կգնամ նրա մոտ. իսկույն: Մա՛մա, ներս եկ, տար ինձ մյուս կոշիկս, պիջակս, գնում եմ կիթառս փնտրելու...

Հակառակ մոր կամքին նա շուտով հագնվեց ու վազեց դուրս:

Ես, իհարկե, Ալմաստին չհայտնեցի, թե Լևոնն ինչ է կորցրել: Երևակայում էի ինչ ողբ պիտի բարձրացներ և ո՛րքան անիծեր որդուն:

Վերադարձա սենյակս, հոգով նախանձելով հարուստներին: Ինչո՞ւ ես էլ հարուստ չէի...

Լույսը նոր բացված գնացի Լևոնին տեսնելու: Արդեն դուրս էր եկել տնից: Ամբողջ գիշեր, Ալմաստի ասելով, չէր քնել, պտտել էր անկյունից անկյուն: Ուշ երեկո էր, երբ Լևոնը մտավ սենյակս հոգնած, քրտնած, փոշոտ: Նա խոսելու անգամ ուժ չուներ: Մինչև կեսօր թափառել էր Իցկոյի հոր, իսկ կեսօրից հետո՝ Չաուշենկոյի և Իցկոյի հոր հետ: Եղել էին գրեթե բոլոր այն շուկաներում, ուր հին հագուստեղենի առուտուր է կատարվում: Փնտրել էին միայն կոշիկները, առանց ումևէ ասելու՝ ինչ գանձ են փնտրում: Եվ զուր: Իցկոյի հայրը խորհուրդ էր տվել Լևոնին «մոռանալ, թե երբևէ փող է ունեցել»: Չաուշենկոն հայտնել էր ոստիկանությանը: Պրիստավը ծաղրել էր. ո՞ր հիմարն է կոշիկի մեջ փող պահում:

Լևոնն ամբողջ օրը անց էր կացրել անոթի: Առաջարկեցի ընթրել ինձ հետ, մերժեց. դուրս եկավ ուժասպառ, հուսահատված, հարբածի պես օրորվելով:

Մյուս օրն ես նրան հանդիպեցի փողոցում մի փոքրահասակ, նիհար, կեղտոտ հրեայի հետ խոսելիս: Գա ինքը «Մոշկա սելյոդկան» էր, Իցկոյի հայրը:

Մոսյո, — դարձավ նա ինձ, երբ իմացավ, որ Լևոնի բարեկամն եմ, — միրուքս վկա, աղքատն երբեք փող չպիտի ունենա: Փողը շատ գոռոզ է, սիրում է թանկագին պալատներ: Հիմար աղքատը կարծում է, թե կարելի է նրան պահել գարշապարի տակ, կոշիկում, խի-խի-խի՛... Մանո՛ւկ, դու պիտի կուրծքդ պատռեիր ու ասեիր այդ հարյուրանոցին, «պատվելի, սիրելի, համեցեք, այ քո բնակարանը»: Երանի եմ տալիս այն հնավաճառին, որ այդ կոշիկը կգնի: Երդվում եմ միրուքովս, Սողոմոն արքան էլ այդպիսի թանկագին կոշիկներ չի հագել:

Մի շաբաթ շարունակ, Լևոնը վաղ առավոտից սկսած մինչև ուշ երեկո փնտրում էր յուր կորուստը: Չաուշենկոն և Իցկոն հուսահատվել էին, այլևս չէին օգնում նրան, իսկ նա դեռ փնտրում էր: Նա զրկվել էր քնից, հանգստությունից, ախորժակից: Տուն էր վերադառնում երեկոները, պառկում հագուստով անկողնում, հեկեկում ու հեկեկում: Ալմաստը հուսահատությունից չգիտեր ինչ աներ, տանջվում էր որդու հետ հավասար: Սա պնդում էր, թե Լևոնը կխելագարվի, եթե այդ դրության մեջ մնա: Ամեն ինչ մոռացել է, ոչնչով չի հետաքրքրվում, նույնիսկ թատրոններով:

Խոստովանում եմ, ես այլևս քաջություն չունեի Լևոնի վիշտը տեսնելու: Նրա ծանր հառաչանքները, ողբը, հեծկլտանքը կտրատում էին սիրտս: Այնինչ՝ այժմ նա ավելի հաճախ էր այցելում ինձ, քան առաջ: Գալիս էր, նստում սեղանի քով և խոսում յուր կորստի մասին: Նա դեռ պահում էր սրտում մի թույլ հույս փողերը գտնելու: Ով գիտե, անկարելի ոչինչ չկա. կարող են այդ կոշիկները պտտել ամբողջ քաղաքը և դարձյալ հետ գալ, իրենց տիրոջ ձեռքն ընկնել... Բայց շուտով այդ թույլ հույսն էլ մեռավ նրա մեջ, և Լևոնի միտքը սկսեց փոքր առ փոքր սթափվել: Ծանոթ նավաստիները խնդրում էին նրան, շարունակել հաճախել պանդոկները, խոստանալով նրա համար նոր կիթառ գնել: Ես խորհուրդ տվեցի նրան ընդունել այդ առաջարկությունը և նորից սկսել փող վողովել: Մի օր, վերջապես, նա գնաց Արքայական յախտա մի նոր կիթառ ձեռին: Երեկոյան նա պատմեց ինձ, թե նավաստիները ինչպիսի ուրախությամբ են ընդունել նրան, ինչպես գրկվել ու հավբուրվել նրա հետ: Նրա. բերանից դարձյալ օղու հոտ էր գալիս: Երևի այս անգամ, խմել էր վիշտը մոռացության տալու համար, ես քաջություն չունեցա հանդիմանելու: Մի չնչին գումար, որ կարողացավ նա խնայել առաջին ամիսը, նորից վերականգնեցրեց նրա հույսերը: Այս անգամ նա անկեղծ խոստովանեց ինձ, որ Իտալիա գնալու գլխավոր նպատակը Լուիզային տեսնելն է: Գրեթե օր չէր անցնում, որ նա չհարցներ.

Սինյոր, ի՞նչ լուր կա Լուիզայից:

Նա ինքը ամաչում էր անմիջապես սինյորա Ստեֆանիային դիմել այս հարցով: Ես հաղորդում էի նրան բոլորը, ինչ որ լսում էի տանտիրուհուցս: Միշտ Լուիզան բարև էր ուղարկում Լևոնին: Եվ Լևոնը երջանիկ էր այդ ուշադրությամբ: Չգիտեմ, կա՞ր արդյոք մի ուրիշը, որ այնքան ուրախանար Լուիզայի ամեն մի նոր հաջողության համար, որքան այդ սիրահարը: Նա ասում էր, թե ամենից ավելի ինքն է սիրում Լուիզային և ամենից առաջ էլ ինքն է ուզում ծափահարել նրան բեմի վրա, ոչ այստեղ՝ Օդեսայում, այլ այնտեղ՝ Իտալիայում:

Մի անգամ նա ասաց.

Եթե մինչև առաջիկա գարուն չկարողանամ ճանապարհ ընկնել, կխելագարվեմ:

Մի ուրիշ անգամ դիմեց ինձ այս հարցով.

Ի՞նչ եք կարծում, սինյոր, Լուիզան, նշանավոր երգչուհի դառնալով, կգոռոզանա՞:

Հասկացա, թե իսկապես ինչ է ուզում իմանալ: Հոգու խորքում նա ինքն իրեն արժանի չէր համարում Լուիզային, բայց հպարտությունը չէր թույլ տալիս նրան խոստովանել այդ: Նա ուզում էր իմ միտքը իմանալ՝ արժանի՞ եմ համարում իրան Լուիզային, թե ոչ:

Կամենալով գեթ մի փոքր սթափեցնել այդ օրից-օր ավելի ու ավելի կուրացող հոգին, պատասխանեցի.

Այո, կգոռոզանա: Նա հենց այժմ էլ, երբ դեռ շատ հեռու է նշանավոր երգչուհի համարվելու պատվից, գոռոզացել է

Ո՞վ ասաց, — գոչեց Լևոնը վշտացած:

Նրա վարմունքը: Նա քեզ մոռացել է:

Ի՞նչ: Ինչո՞ւ, նա միշտ բարևներ է ուղարկում, խոմ ինքներդ եք ասում:

Այո՞, բարեկամս, ուղարկում է. բայց, ների՛ր, այդ բարևների նպատակը ես ուրիշ կերպ եմ հասկանում: Լուիզան, դեռ երգչուհի չդարձած, արտիստների խորամանկությունն է յուրացնում: Ես ճանաչում եմ նույնիսկ տաղանդավոր երգչուհիներ և դերասանուհիներ, որոնք շողոքորթում են համալսարանական քաղաքներում ուսանողներին, գավառական քաղաքներում՝ գիմնազիստներին միմիայն նրանց ցույցերին արժանանալու համար: Իսկ դու քո խմբով ավելի գեղեցիկ ցույցեր գիտես անել: Լուիզան այս գիտե և քեզ հետ հեռավոր բարեկամություն է պահպանում յուր ապագայի համար, թեև գիտե, միևնույն ժամանակ, որ դու կաշառվող չես: Ա՛խ, բարեկամս, մի՛ հափշտակվիր այն ուսանողի պես, հիշո՞ւմ ես, որ անցյալ տարի ինքնասպանություն գործեց մի երգչուհու պատճառով: Լուիզան քեզ չի սիրում, եթե սիրեր՝ նամակ կգրեր: Ինչո՞ւ մեկը գրեց ու լռեց:

Գուցե ես զրպարտում էի Լուիզային, բայց ասածիս մեջ զգում էի ճշմարտության մաս: Լևոնին փրկելու համար պատրաստ էի ավելի վատ գույներով պատկերացնել Լուիզային նրա առջև:

Նա ժամանակ չունի ինձ նամակ գրելու, զբաղված է: — ասաց Լևոնը ոչ այնքան Լուիզային արդարացնելու, որքան յուր անձնասիրությունը պաշապանելու մտքով:

Գուցե.., թող այդպես լինի... — ասացի ես անորոշ եղանակով Լևոնին ավելի չվշտացնելու համար:

Որքան հիշում եմ, հենց այդ օրն էր, որ սինյորա Ստեֆանիան մտավ սենյակս անսովոր ուրախ տրամադրության մեջ և ասաց.

Սինյոր, հիմա կարող եք ինձ շնորհավորել:

Ի՞նչ է պատահել...

Պատահել է այն, ինչ որ վաղուց սպասում էի անհամբեր: Լուիզան երեկ պսակվել է Կավալլարոյի հետ: Հենց այս րոպեիս հեռագիր ստացա... ահա...

Եվ նա ծոցից հանելով հեռագիրը՝ ցույց ավեց ինձ:

Այդպես անսպասելի՞, — գոչեցի ես, թեև վաղուց մի ներքին ձայն ինձ ասում էր, թե կա ինչ-որ մտերմություն Լուիզայի և Կավալլարոյի միջև:

Անսպասելի չէր, սինյոր, ոչ, այդ դո՞ւք չգիտեիք, իսկ ես գիտեի, որ նրանք նշանված են վաղուց: Նշանվելն ինձ համար կարևոր չէր, պսակվելն էր կարևոր: Ես լռում էի, վախենալով, որ գործը չփչանա: Ա՛խ, վերջապես որքան ուրախ, ո՛րքան ուրախ եմ: Կավալլարոն հենց իմ ուզած փեսան է՝ բարի, քաղաքավարի լավ երգիչ, լավ էլ փող է ստանում: Այո՛, Լուիզան ավելի լավ ընտրություն անել չէր կարող: Երեկ պսակվել են, այսօր պիտի ուղևորվեն Պարիզ: Կավալլարոն պիտի մի տարի մնա այնտեղ: Լուիզան, իհարկե, նրա հետ կլինի...

Ես շնորհավորեցի երջանիկ մորը. բայց մի ներքին ձայն շշնջաց, թե շատ էլ անկեղծ չեմ վարվում: Ինչպե՞ս կընդունի այդ լուրը Լևոնը, որին սիրում եմ ավելի, քան Կավալլարոյին ու Լուիզային:

Այդ օրը ես վերադարձա դրսից տուն ուշ գիշերին, որպեսզի չհանդիպեմ Լևոնին: Սակայն հետևյալ օրը նա եկավ սենյակս երեկոյան սովորական ժամից առաջ: Սինյորա Ստեֆանիան ճաշի միջոցին ինձ ցույց էր տվել երկրորդ հեռագիրը, որով հայտնվում էր, թե նորապսակներն արդեն ուղևորվել են Պարիզ:

Տխուր, անմոռանալի երեկո, առաջին անգամ կողոպտվելուց հետո Լևոնի դեմքի վրա տեսա այդ երեկո ուրախ ժպիտ: Նա իսկույն պատմեց յուր ուրախության պատճառը: Երկու օր է՝ նրան կանչում են «Խերսոն» շոգենավը: Այնտեղ նա նվագում է նավապետի և յուր օգնականների համար: Այսօր օգնականներից մեկը, տալով նրան յուր մանդոլինան, առաջարկել էր նվագել: Լևոնը կատարել էր նրա ցանկությունը: Նավապետին առանձնապես դուր էր եկել «Մադրիդի շրջմոլիկը»: Նա մի շատ բարի մարդ է, իմանալով, որ Լևոնը ձգտում է գնալ Իտալիա, այսօր խոստացավ օգնել նրան: երկու օրից հետո «Խերսոնը» գնում էր Կրոնշտադտ: Այնտեղից հետ է գալու և ուղևորվելու է Միջերկրական ծով, հետո Հեռավոր Արևելք: Ահա այդ ժամանակ նա կվերցնի Լևոնին յուր մոր հետ և կտանի մինչև Իտալիայի սահմանները

Օ՛: Սինյո՛ր, սինյո՛ր, այնքան ուրախ եմ, որ ուզում եմ թռչկոտել: Ես նավապետի պարտքի տակ չեմ մնա, կնվագեմ նրա համար ամբողջ ճանապարհին, գիշեր-ցերեկ կնվագեմ: Իտալիա, Իտալիա անպատճառ պիտի տեսնեմ: Որքան կզարմանա Լուիզան ու ինչպե՛ս կուրախանա:

Ծանր էր ինձ համար այս անկեղծ խոսքեիից հետո թաքցնել իրողությունը Լևոնից, որ այդ պահին. մարմնացած ոգևորություն էր:

Լևոն, — ասացի, — շա՛տ ես փափագում տեսնել Լուիզային:

Այո՛, իհարկե:

Եթե չտեսնես, շա՞տ կտխրես:

Բայց ես կտեսնեմ նրան, սինյոր, կտեսնեմ Միլանում, — գոչեց Լևոնը հավատով լի, միևնույն ժամանակ, մի տեսակ երկյուղով նայելով երեսիս:

Լոլիզան այժմ Միլանում չէ:

Ո՞վ ասաց:

Սինյորա Ստեֆանիայի հեռագիրը:

Հապա ո՞րտեղ է:

Պարիզում:

Ո՞ւմ հետ...

Կավալլարոյի...

Կավալլա՞րո, — գոչեց պատանին գրեթե, շնչասպառ:

Ամուսնացել է Լուիզայի հետ և երեկ ուղևորվել Պարիզ մի տարի ժամանակով, — ասացի ես միանգամից սրտիս ծանրությունից ազատվելու համար:

Լևոնը ցնցվեց, երեսի մկանունքները դողացին: Մի վայրկյանում կարմրեց, կապտեց, հետո սփրթնեց կտավի պես:

Տեսա՞ր, որ քեզ չի սիրում Լուիզան, որ դու երազի մեջ ես...

Լևոնը ճիգ արավ զսպել հուզմունքը: Այդ տասնութ տարեկան պատանին, որի զգացումներն այնքան անժամանակ հասունացել էին, ուներ նաև կամքի ուժ: Սակայն հարվածն ավելի զորեղ էր: Նա թուլացած ընկղմվեց աթոռի վրա, արտասանելով:

Ա՛յ նորություն... պետք է շնորհավորել

Այո՛, պետք է շնորհավորել, — կրկնեցի ես, ձևանալով իբր թե չեմ նկատում նրա հուզմունքը:

Կավալլարոն լավ մարդ է, ազնիվ է, — ասաց նա դողդոջուն ձայնով, շրթունքները կրծոտելով:

Այնքան ազնիվ, որ Լուիզան չարժե նրան:

Սինյոր...

Չարժե, չարժե, — կրկնեցի ես, վրդովվելով անմեղ իտալուհու դեմ:

Следующая страница