Շիրվանզադե Ալեքսանդր՝   Ունե՞ր իրավունք

ՄԱՐՄԱՐՅԱՆ. (Աչքերով ուղեկցել է Հերսիլեին, ապա դաոնում է Անտոնին) Ինչո՞ւ չգնացիր նրանց հետ:

ԱՆՏՈՆ. Ծուլանում եմ:

ՄԱՐՄԱՐՅԱՆ. (Խորհրդավոր) Իսկ այդ Ալիմբարյանը չի ծուլանա և ամեն տեղ իր կնոջը կհետևի:

ԱՆՏՈՆ. Դարձյալ նույնը:

ՄԱՐՄԱՐՅԱՆ. Դարձյալ և միշտ պիտի կրկնեմ, կամ ժողովիր բոլոր ուժերդ և դարձիր կենսասեր ինչպես Հերսիլեն, կամ զսպիր նրա մեջ կենսասիրության հուրը:

ԱՆՏՈՆ. Ես ծեր չեմ:

ՄԱՐՄԱՐՅԱՆ. Ոչ. դու նրա համար ծեր ես թե՛ մարմնով և թե հոգով, (Վիրժինեն բերում է նարդին):

ԱՆՏՈՆ. Իբրև հիվանդ բարեկամի, ես ներում եմ քեզ հիմար խոսքերդ: (Վերցնում է նարդին Վիրժինեից: Վիրժինեն հեռանում է իսկույն):

ՄԱՐՄԱՐՅԱՆ. Ուրեմն ներիր մի խոսք ևս ասել: Մի փոքր առաջ Հերսիլեի հետ վիճելիս, դու ասացիր. «Կինը ծնված է միայն ամուսին և մայր լինելու համար»: Ես անհարմար համարեցի նրա ներկայությամբ նկատել, այժմ կասեմ: Անտոն, քիչ կրկնիր այդ բանալ դարձվածը, կզղջաս...

ԱՆՏՈՆ. (Ծիծաղում է) Դե Լավ, քիչ զոռ տուր խելքիդ: Նստիր խաղանք: (Մարմարյանը նայում է նրան սուր հանդիմանական հայացքով և նստում ու զառերից մեկը վերցնում):

ԱՆՏՈՆ. (Զառը գցելով) Այսօր ես անպատճառ կտանեմ:

ՄԱՐՄԱՐՅԱՆ. Տեսնենք

Վարագույր

ԱՐԱՐՎԱԾ ԵՐԿՐՈՐԴ

Նույն, ամառանոցի ներքին կողմըը: Միջակ հյուրասենյակ, թեթև, բայց սիրուն, կահավորված: Աջ կողմում երկու դռներ, որոնցից խորքինը տանում է Անտոնի առանձնասենյակը, իսկ ավանսցենայի կողմինը՝ դեպի մի ուրիշ. ազատ սենյակ: Այս երկու դռների միջև վառարան, որ երբեք չի վառվել: Ձախ կողմում ևս երկու դռներ, որոնցից ավանսցենայի մոտինը տանում է ննջարան, իսկ խորքինը՝ սեղանատուն: Խորքի պատի մեջ մի դուռ լայն կամարաձև: Նրա աջ ու ձախ կողմում մեծ լուսամուտներ: Այս պատի առջև պատշգամբ, որ շարունակվում է դեպի ձախ, բեմի հետևը: Պատշգամբից դեն պարտեզ, հետո անտառ, այնուհետև ժայռեր, լեռներ, ձորեր; Հյուրասենյակի խորքի աջ անկյունում սեղան, վրեն գրքեր, ամսագրեր, գրագիրներ, ալբոմ և լուսանկարներ: Ձախ անկյունում պիանինո, վրեն ծաղիկների մի մեծ փունջ և մի ւոուփ կոնֆետներ: Այս ու այն կողմում պատերի տակ աթոռներ, իսկ բեմի մեջտեղում գահավորակ և թեթև բազկաթոռներ; Իրիկնադեմ է: Արեգակը նոր-նոր մայր է մտնում: Հեոավոր լեռների գագաթները լուսավորվում են նրա վերջին շողերով: Վարագույրը բարձրանալուց հետո, հետզհետե այդ շողեր չքանում են, լեռների խորքից դուրս է գալիս լուսինը: Տոնային ճաշը նոր է ավարտվել: Հյուրերը զբոսնում են պարտեզում: Բեմից երևում ևն նրանց գլուխները, հետո չքանում: Ծառաները սեղանը հավաքում նն: Մերթ ընդ մերթ Սամսոնը ֆրակով և Վիրժինեն տոնային հագուստով անցնում են պատշգամբով, պարտեզից դեպի ձախ տանելով ափսեներ, դանակ -պատառաքաղ, գինու շշեր և այլն:

Բոլոր դռներն ու լուսամուտները բաց են:

ՏԵՍԻԼ 1

ՍՈԼՈՄՈՆ և ՆԱՏԱԼԻԱ ՍՈՒՐԱԹՅԱՆՆԵՐ

ՍՈԼՈՄՈՆ. (Առողջ դեմքով, իր տարիքի համար կայտառ տղամարդ է, կարճ խուզած ալեխառն մորուքով ու մազերով, հագած է մոխրագույն ռեդինկոտ, կռնակները բաց, սպիտակ ժիլետ, որի վրա օրորվում է վզից քաշ արած պենսնեն. ներս է մտնում խորքի դռնից, նախքան մտնելը ինչ որ պատվեր է տալիս պատշգամբով անցնող Սամսոնին) Օֆ, վերջապես ճաշն ավարտվեց: Այդ «կովկասյան կենցաղները» զահլա են տանում: Այժմ փորձենք մեր փեսայի սիգարը: (Հանում է ժիլետի գրպանից մի սիգար և վառում):

ՆԱՏԱԼԻԱ. (Նիհար երեսով, չոր-չոր կազմվածքով կին է, որի խելացի աչքերն արտահայտում են կամքի հաստատություն և վճռականություն, նա գլխաբաց է. ալեխառն մազերը բավական նոսրացել են, բայց դեմքը դեռ կրում է անցյալ գեղեցկության հետք, հագած է մետաքսյա ըևկուզեգույն շրջազգեստ առանց արդուզարդի, ներս է մտնում ամուսնու հետ): Դու ուզում ես թուղթ խաղա՞լ:

ՍՈԼՈՄՈՆ. (Ընկղմվելով գահավորակի վրա) Այո, բարոյականությանս արթուն պահապան և առհասարակ տղամարդի ժուժկալության ջատագով: Չտեսա՞ր, որ Սամսոնին հրամայեցի սեղան բաց անել: Ուր գնացին հյուրերը:

ՆԱՏԱԼԻԱ. Շատերը ցրվեցին, մնացյալը տիկին Ալիմբարյանի, խելքով գնացին ձորի գլուխը: Արեգակի մայր մտնելն են դիտում, իբրև թե չտեսնված բան է: Սոլոմոն, տուն գնաալու ժամանակ է:

ՍՈԼՈՄՈՆ. Ոչ, հոգույս և մարմնիս հատոր, ոչ: Մի՞թե մոռա ցել ես Սոլոմոն Սուրաթյանի կյանքի նշանաբանը, միշտ զվարճալին գերադասել ընտանեկան իդիալից:

ՆԱՏԱԼԻԱ. (Նստում է հառաչելով) Ա՜խ, ա՜խ, չգիտեմ, ե՞րբ պիտի ձեռք վերցնես այդ նշանաբանից:

ՍՈԼՈՄՈՆ. Սուս, ճանճի պատարագը մի սկսիր: Բայց ճաշը հիանալի անցավ:

ՆԱՏԱԼԻԱ. Չգիտեմ: Ինձ համար գլխավորն այն է, որ Հերսիլեն այսօր ուրախանում է:

ՍՈԼՈՄՈՆ. Եվ ինչպե՞ս: Այսօր նրա ամուսնության վեցերորդ տարեդարձն է, և ես ոչ մի անգամ նրան այսօրվա պես զվարթ չեմ տեսել:

ՆԱՏԱԼԻԱ. (Մտագբաղ). Այո, հիմա կարող եմ ձեռս խղճիս վրա դրած ասել, որ ես աղջկաս բախտավորեցրի:

ՍԱՄՍՈՆ. (Պատշգամբի վրա աջ կողմի լուսամուտի թղթախաղի սեղան է բաց անում):

ՍՈԼՈՄՈՆ. Հոգով փափագում եմ հավատալ, բայց

ՆԱՏԱԼԻԱ. էլ բայց ու մայց չկա: Հերսիլեն ունի ամեն բան, ինչ որ հարկավոր է մի կնոջ բախտավորության համար:

ՍՈԼՈՄՈՆ. Բացի մեկիցհամապատասխան ամուսնուց:

ՆԱՏԱԼԻԱ. Հերիք է աստված սիրես, մի կրկնիր այդ հիմար խոսքը:

ՍՈԼՈՄՈՆ. Ոչ, սիրելիս, ասել եմ և միշտ պիտի ասեմԱնտոնը ոտից մինչև գլուխ պրոզա է, այն էլ մաշված պրոզա, իսկ Հերսիլեն, օ՜օ, Հերսիլեն ուրիշ կին է, դու նրան լավ չես ճանաչում: Վերջապես, երբեք մինչև 30 տարեկան հասակը մի կնոջ համար չի կարելի ասել բախտավոր է նա, թե անբախտ: Սպասիր դեռ:

ՆԱՏԱԼԻԱ. Ես կարծում եմ վեց տարվա կենակցությունը բավական է համոզվելու համար, որ Հերսիլեն բախտավոր է:

ՍՈԼՈՄՈՆ. Կարծիր ինչ որ ուզում ես, բայց ես կույր չեմ: Լսիր, այսօր ճաշի միջոցին, երբ այդ Ալիմբարյաններն այնպես զվարճանում էին, ես Հերսիլեի դեմքի վրա նշմարեցի մի տեսակ թախիծ: Ես համոզված եմ, որ նա այդ րոպեին մտածում էր. «ինչո՞ւ ես ևս չունեմ դրա նման ամուսինն: Իսկ երբ մի կին այսպես է մտածում, նա երբեք չի կարող բախտավոր լինել: Ինչևէ, մի աններելի սխալ էր, որ դու արիր, Հերսիլեին տալով այդ մարդուն:

ՆԱՏԱԼԻԱ. Լռիր, ի սեր աստծո:

ՍՈԼՈՄՈՆ. Կլռեմ, բայց երևի մի օր ինքը Հերսիլեն կխոսի: էհ, թողնենք. գալիս են. ես գնացի թուղթ խաղալու: ( Դուրս է գալիս պատշցամբ):

ՆԱՏԱԼԻԱ. (Մտազբաղ) Մի՞թե նա չի սխալվում Մի՞թե նա չի սխալվում: (Մնում է մի քանի վայրկյան ամուսնու խոսքերի տպավորության տակ: Ապա ձեռով մի վհատական շարժում անելով, անցնում է ննջարան):

(Սոլոմոնր երեք հյուրերի հետ նստում է թղթախաղի):

ՏԵՍԻԼ 2

ՀԵՐՍԻԼԵ, ԱՆՏՈՆ, ԱՆՆԱ և ՌՈՒԲԵՆ ԱԼԻՄԲԱՐՅԱՆՆԵՐ,

ՍՈԻՐԵՆ և ՎԱՐՎԱՌԵ ՖՐԱՆԳՈԻԼՅԱՆՆԵՐ և ՄԱՐՄԱՐՅԱՆ

Հերսիլեն հագած է ուրախ գույնի ամաոային թեթև ճոխ շրջագգեստ: Աննան նույնպես տոնային հագուստով է: Անտոնը հագած է բաց գույնի նորաձև կարված հագուստ: Ամենքը գվարթ տրամադրության մեջ են: Սամսոնը սեղանատնից թեյ է բերում և սկսում բաժանել:

ԱՆՆԱՆ. (Ոգևորված) Ա՜խ, ինչ հիանալի երևույթ էր արեգակի մայր մտնելը: Քանի -քանի անգամ ամպերն ու լեռներն իրանց գույները փոխեցին: Եվ ի՞նչ գույներ: Երանգների այդպիսի մրցում ես չեմ տեսել ո՛չ Շվեյցարիայի և ո՛չ Իտալիայի երկնքի տակ:

ՀԵՐՍԻԼԵ. (Անսովոր զվարթ) Աննա, դու վարակեցիր ինձ քո ոգևորությամբ: Որքան աշխույժ և վառվռուն ես, Աննա: Դու խոսքով ուղղակի կյանք ես փչում ամենաչնչին երևույթներին: Քո այստեղ գալուց հետո շատ բան է փոխվել իմ աչքում: Առաջ ես սիրում էի խոր ձորերը, մթին անդունդները և սոսկալի բարձրությունը: Դու ինձ սովորեցրիր սիրել բնության մեղմ, քնքուշ տեսարանները: Ինչ եմ ասում, դու ինձ սովորեցրիր սիրել կյանքի լուսավոր կողմերը և հասկանալ նրանց խորհուրդը:

ՄԱՐՄԱՐՅԱՆ. Ասում են, արտաքին երևույթներին գույն տվող մեր անձնական տրամադրությունն է:

ԱՆՆԱ. Ահա այդ է ճիշտը.. Հերսիլե մեր անձնական տրամադրությունը: Այսօր քո ամուսնության տարեդարձն է, ուրախ հյուրեր, սքանչելի բնություն, (ժպտալով) գուցե մի փոքր էլ շամպայնն ազդել է մեզ վրա: Իսկ դուք, պարոն Անտոն, ինչպես երեում է, շատ էլ չեք սիրում բնության հրաշալիքները...

ԱՆՏՈՆ (Այդ միջոցին գրավված է ինչ-որ գոծնական խոսակցությամբ Սուրենի հետ): Ես վաղուց եմ կշտացել այդպիսի տեսարաններից:

ՀԵՐՍԻԼԵ. Դու երբեք բնության գեղեցկությամբ չես հիացել: (վերցնում է պիանինոյի վրայից կոնֆետների տուփը, բաց է անում և դնում սեղանի վրա):

ՎԱՐՎԱՌԵ. (Պարզ հագնված, բավական սիրուն, բայց գեր ու կոշտ դեմքով կին է) Ուղիղն ասած, ես զարմանում եմ, որ մարդիկ ամեն դատարկ բանով հիանում են: Արեգակը մայր մտավ, լուսինը դուրս եկավ, երկինքը կարմրեց, կապտեց ինչ հիանալու բաներ են դրանք: (Վերցնելով երկու խոշոր կոնֆետներ, մեկը իր բերանն է դնում, մյուսը տալիս է ամուսնուն);

ՍՈԻՐԵՆ. (Նկատելով Աննայի հեգնական ժպիտն իր կնոջ խոսքերի վրա, գրգռվում է) Իմ կարծիքով, գեղեցիկ կարելի է համարել միայն այն, ինչ որ այս կամ այն կերպ նպաստում է մեր կյանքի բարօրությանը: Իսկ այդ բարձր լեռներն իրանց ձյունապատ գագաթներով ուրիշ ոչինչ են, եթե ոչ մի-մի խոչընդոտ մեր կյանքի բարօրության համար:

ՌՈՒԲԵՆ. Այդ ինչպե՞ս, հետաքրքրական է իմանալ:

ԱՆՏՈՆ. Շատ հասկանափ է, եթե այդ լեռները չլինեին, գուցե մեր երկիրն այսօր ծածկված լիներ երկաթուղու գծերով:

ՍՈԻՐԵՆ. Եվ մենք մեր ապուստի միջոցները կրկնակի Էժան ձեռք կբերեինք մեր կյանքի բարօրության համար:

ՌՈՒԲԵՆ. Դարձյալ բարօրություն, բայց ի՞նչն եք համարում կյանքի բարօրություն, պարոն ֆրանգուլյան:

ՍՈԻՐԵՆ. Իմ ընտանիքի առողջությունն ու նյութական ապահովությունը:

ԱՆՆԱ. Կարճ և հասկանալի:

ՎԱՐՎԱՌԵ. (Մի կոնֆետ ևս վերցնելով) Իհարկե, այդպես է, ամենքի համար այդպես է: (Դնում է կոնֆետը բերանը) Դու համաձայն չե՞ս Հերսիլե:

ՀԵՐՍԻԼԵ. Ինձ մի հարցրու, Ես մի այնպիսի տրամադրության մեջ եմ, որ չգիտեմ, չգիտեմ... գուցե պատրաստ եմ գեղեցիկը սիրել նույնիսկ հանցանքի մեջ:

ԱՆՏՈՆ. (Զարմացած) Գեղեցիկը հանցանքի մե՞ջ...

ԱՆՆԱ. Շատ անգամ գեղեցիկը հանցանքի մեջ բյուր անգամ հաճելի է, քան առաքինին տգեղության մեջ:

ՄԱՐՄԱՐՅԱՆ. Տարօրինակ խոսքեր մեր կանանց բերանում:

ՎԱՐՎԱՌԵ. Խելքս բան չկտրեց: (Կոնֆետ է վերցնում):

ՌՈՒԲԵՆ. Ես այսպես եմ հասկանում տիկնանց ասածը, գեղեցկություն ուրիշ ոչինչ է, եթե ոչ առաքինություն: Իհարկե, գեղեցկություն ընդհանուր մտքով և ոչ միայն ֆիզիկական գեղեցկություն:

ՎԱՐՎԱՌԵ. Ամենից հասկանալին Սուրենի ասածն էր. ընտանիքի առողջություն և ապահով մնացյալը հիմար բաներ են:

ՌՈՒԲԵՆ. Միանգամայն հիմար... Այս բնության կյանքի և ո՞ր հրաշալիքը կարող է այնքան հաճույք պատճառևլ, որքան ընտանիքի կուշտ և առողջ դեմքերը:

ՍՈԻՐԵՆ. Դուք կատակ եք անում պարոն Ալիմբարյան:

ՌՈՒԲԵՆ. Ոչ, ոչ, ես հրճվում եմ տեսնելով, որ մեզանում կենսական բոլոր խնդիրները գումարված ու դրված են մի գծի տակընտանիքի առողջություն և ապահովություն: Մնացյալ բոլոր խնդիրները դատարկ բաներ են, հիմար, անգործ մարդկանց անօգուտ խելքի արդյունք:

ՍՈԻՐԵՆ. Դուք պարզապես ծաղրում եք, պարոն Ալիմբարյան, չնայելով որ ինքներդ ամուսնացած եք: Բայց ես կասեմ, օր անհատի երջանկությունը հաստատուն չէ, եթե այն հիմնված չէ այն պատվանդանի վրա, որի անունն է ընտանիք:

ՍՈԼՈՄՈՆ. (Պատշգամբից) Զարմանալի չի բերում թուղթս, զարմանալի: Փաս:

Անտոնը գլխով հավանության նշան անելով Սուրենին, մոտեցել է Հերսիլեին, որ նստած է բազկաթոռի վրա և կանգնելով նրա հետևում, ձեռները սիրալիր դրել է նրա ուսերի վրա: Հերսիլեն տխրում է:

ՌՈՒԲԵՆ. (Դառն հեգնությամբ) Ափսոս միայն, որ այդ ձեր ամուր համարված պատվանդանն այժմ բավական խախտված է, պարոն Ֆրանգուլյան: Եվ նրանք, որոնց աշխարհայացքը մի փոքր բարձր է իրանց ամուսնու կոշիկներից, այժմ չեն կարողանում իրանց անհատական երջանկությունը նրա վրա հիմնել:

ՍՈԻՐԵՆ. (Տաքանալով) Այդ այնտեղ ձեր լուսավոր Եվրոպայում և ոչ մեզանում:

ՌՈՒԲԵՆ, Ահ, երանի ընտանիքը մեզանում այնքան երջանիկ լիներ, որքան այնտեղ:

ՆԱՏԱԼԻԱ. (Գալիս է ննջարանից) Օհ, հոգնեցի նրանց զբաղեցնելուց: Կարծեմ, քնել ես ուզում:

ՀԵՐՍԻԼԵ. Ահ, ժամանակն է, (Շտապով անցնում է ննջարան):

ՆԱՏԱԼԻԱ. Անտոն, նրանք քեզ են ուզում:

ԱՆՏՈՆ. (Կես կատակով, կես լուրջ) Ներեցեք, ես պիտի երեխաներին քնեցնեմ: (Գնում է ննջարան):

ՎԱՐՎԱՌԵ. (Ռուբենին) Տեսաք, այդ ընտանեկան երջանկությունը:

ՌՈՒԲԵՆ. Ես այլևս ոչինչ չեմ ասում: (Մոտենում է պիանինոին և նոտաները թերթում):

ՍՈԼՈՄՈՆ. (Պատշգամբից) Նատալիա, արի մոտս կանգնիր, քո ոտն ինձ գալիս է: (Նատալիան գնում է պատշգամբ բեմի հետևից լսվում է շվիի ձայն: Բոլորն ականջ են դնում):

ԱՆՆԱ. Ահ, այդ ի՞նչ է:

ՄԱՐՄԱՐՅԱՆ. Շվի: Մի ոտաբոբիկ և կիսամերկ եզդի ամեն երեկո գալիս է լուսամուտի տակ, թմբի վրա ծալապատիկ նստում ու նվագում: (Մոտենում է Ռուբենին):

ԱՆՆԱ. Հիանալի է: Եվ ինչ սազում են այն մելամաղձոտ հնչյունները լուսնկա երեկոյին:

ՌՈՒԲԵՆ. Շատ հետաքրքրական է տեսնել այդ երաժշտին:

ՄԱՐՄԱՐՅԱՆ. Գնանք: (Ցածր ձայնով) Ես ձեր բոլոր ասածների միտքը հասկացա: Խոսենք առանձին: (Գնամ է պատշգամբ Ռուբենի թևն առած):

ՎԱՐՎԱՌԵ. Գնանք, Սուրեն, մենք էլ մոտիկից լսենք. (Վերցնում է մի բուռն կոնֆետ, Աննային) դուք չե՞ք ուզում լսել:

ԱՆՆԱ. Հեռվից ավելի քաղցր է հնչում շվին:

ՍՈԼՈՄՈՆ. — (Թղթերը ձգելով սեղանի վրա) Պարոններ, ես էլ չեմ ուզում խաղալ: Բավական է ինչքան տարվեցի: (Վեր է կենում և Նատալիայի հետ անցնում է պատշգամբի ձախ կողմը: Խաղընկերները հետևում են նրան, գվարթ խոսակցելով):

ՏԵՍԻԼ 3

ՀԵՐՍԻԼԵ և ԱՆՆԱ

(Հերսիլեն դուրս է գալիս ննջարանից)

ՀԵՐՍԻԼԵ. Դու մնացել ես մենակ:

ԱՆՆԱ. Ես մնացի, կամենալով առանձնանալ քեզ հետ:

ՀԵՐՍԻԼԵ. Ես էլ կամենում էի քեզ հետ առանձնանալ, (Բռնելով ընկերուհու ձեռքը) Ախ, Աննա, չգիտեմ ինձ ինչ է պատահում, մի զարմանալի տրամադրության մեջ եմ: Կարծեմ մի քանի հիմարություններ ասացի:

ԱՆՆԱ. Հիմարություններ չասացիր միայն

ՀԵՐՍԻԼԵ. Միայն ի՞նչ, ասա...

ԱՆՆԱ. Տրամադրությունդ մատնեցիր հյուրերի ներկայությամբ: Հերսիլե, ես հասկանում եմ քո հոգին և

ՀԵՐՍԻԼԵ. Եվ խղճում ես, այո... Ախ, երանի քեզ, Աննա, հազար երա՜նի, որ ուշ ես ամուսնացել և ինքդ ես կարգադրել քո ճակատագիրը:

ԱՆՆԱ. Բայց չէ՞որ քո ճակատագիրն էլ ինքդ ես կարգագրել:

ՀԵՐՍԻԼԵ. (Դառն հեգնությամբ) Ես: Եվ դու հավատում ես այդ բանին: Ոչ, Աննա, իմ կամքը իմ ծնողների գերին է եղել, այսինքն իմ մոր գերին, հայրս մեղք չունի: Նա է կուրացրել իմ աչքերը, մթնեցրել իմ ուղեղը, խլել ինձանից իմ կամքի ուժը: Նա իմ շուրջը ստեղծել է գովասանքների արբեցուցիչ մթնոլորտ, ուր շոգիացել են Բեգմուրյանի թերությունները և խոշորացել նրա մրջյունային արժանավորությունները: Եվ այդ բոլորից հետո է միայն նա դարձել իմ կամքին և ասել. «սիրելիս, մենք քեզ չենք ստիպում, այլ միայն հարցնում ենք՝ ուզում ես գնալ Բեգմուրյանին»: Ես արտասանել եմ «այո»: Եվ այդ «այո»-ն միանգամայն, միշտ նրան ազատել է ապագայի բոլոր պատասխանատվությունից:

ԱՆՆԱ. Բայց չէ ո՞ր դու ասում էիր Բեգմուրյանը լավ մարդ է:

ՀԵՐՍԻԼԵ. Ասում էի և այժմ էլ նրան չեմ պարսավում, բայց ի՞նձ ինչ, Աննա, որ նա լավ մարդ է, ինձ ինչ: Նա օտար է իմ սրտին, միանգամայն օտար և միշտ օտար է եղել միշտ

ԱՆՆԱ. Խեղճ Հերսիլե, ուրեմն դաւ դժբախտ ես

ՀԵՐՍԻԼԵ. Եվ դու դեռ հարցնում ես: Միթե չես դիտում, չես տեսնում, (Շվին դադարում է):

ԱՆՆԱ. Ես միայն տեսնում և զգում եմ, որ նա բոլորովին քո կյանքի ընկերը չէ: Բայց վեց տարի ապրել եք միասին, մի՞թե սովորությունը քեզ չի կապել նրա հետ:

ՀԵՐՍԻԼԵ. Կապել է, այո, անտանելի շղթաներով: Ապրել եմ: Ով, ե՞ս: Ոչ, ես չեմ ապրել, այլ թմրել եմ բուսական կյանքի թմրությամբ. (Շվին նոր եղանակ է սկսում):

ԱՆՆԱ. Եվ նոր ես զգում այդ:

ՀԵՐՍԻԼԵ. Ինչու նոր: Զգում եմ այն օրից, երբ սկսել եմ ճանաչել կյանքը, հասկանալ իմ վիճակը: Այժմ միայն իմ դրությունն ավելի անտանելի է թվում ինձ, և պատճառը դու ես, Աննա:

ԱՆՆԱ. Ե՞ս:

ՀԵՐՍԻԼԵ. Այո, դու, Աննա, մի վիրավորվիր, այդ քեզ պատիվ է բերում: Ես միշտ զգում էի, որ կան աշխարհի երեսին երջանիկ մարդիկ, կա և երջանիկ կյանք: Զգում էի մութ կերպով, բնազգմամբ: Քո գալուց հետո ինձ համար պարզվեց այն, ինչ որ մութն էր մինչև այժմ: Քո գեղեցիկ բացատրությունները իսկական երջանիկ ամուսնական կյանքի, քո ընդարձակ հայացքները կյանքի խորհուրդների մասին, քո ազատ գաղափարները կնոջ ինքնուրույնության վերաբերմամբ և, վերջապես, քո սեփական երջանկությունը տվեցին իմ բախտին վերջին հարված: Եվ այժմ ես միանգամայն դժբախտ եմ, Աննա... Ներիր, սիրելիս, իմ նախանձը չար չէ, այլ բարեկամական, եղիր երջանիկ բյուր անգամ ավելի, իսկ ես... ես անբախտ եմ: Հանդարտ լալիս է. շվին դադարում է:

ԱՆՆԱ. Հանգստացիր, սիրելիս, ուշքի եկ, ժամանակ չէ: Հետո կխոսենք: Ահա, կարծես գալիս են:

ՀԵՐՍԻԼԵ. Ոչ, ոչ, այլևս չեմ ուզում կեղծիքով ապրել, հերիք է… (աչքերը սրբում է, ուշքը ժողովում):

ԱՆՆԱ. Կեղծիքով ապրել, այո, կեղծիքով ապրողը թշվառ է:

Պատշգամբից ներս են մտնում Ռուբենը, Մարմարյանը, Ֆրանգույլանները, Սուլաթյանները և մյուս հյուրերը:

ՏԵՍԻԼ 4

ՆՈԻՅՆՔ և ՌՈՒԲԵՆ, ՄԱՐՄԱՐՅԱՆ, ՎԱՐՎԱՌԵ

ՌՈՒԲԵՆ. Այդ շատ հետաքրքրական էր: Վաղուց չէի լսել: Խեղճ մարդ, ինչպես ապշած նայեց երեսիս, երբ ես ծափահարեցի:

ՄԱՐՄԱՐՅԱՆ. Արևելցու տեսակետից ծափահարությունը մի տեսակ վայրենություն է: Արևելցին երաժշտությամբ հրճվում է սրբազան լռությամբ. (Անտոնը դուրս է գալիս ննջարանից):

ՌՈՒԲԵՆ. (Մոտենալով Հերսիլեին) Ցտեսություն, տիկին, ձեր ընկերությունից կշտանալ չի կարելի, իսկ արդեն ուշ է:

ՀԵՐՍԻԼԵ. Թույլ տվեք, որ Աննան այս գիշեր ինձ մոտ մնա:

ՌՈՒԲԵՆ. Թույլ տամ: Տիկին, իմ և Աննայի հարաբերությունների մեջ թույլտվություն բառը ջնջված է: Ազատ է անելու, ինչ որ կամենում է. (Աննային) կամենում ես մնալ:

ԱՆՆԱ. Ես կվերադառնամ, Հերսիլե, թող գնամ մորաքրոջս հանգստացնեմ: Ամբողջ օրը նա իևձ չի տեսել: Առայժմ, ցտեսություն, (սեղմում է մյուսների ձեռքը):

ՎԱՌՎԱՌԵ. Սուրեն, երեխաները անհամբեր սպասում են: Ես ուրիշի տանը գիշերել չեմ կարող. (ուզում է մի կոնֆետ ևս վերցնել, բայց ամաչում է, հետ է քաշվում):

ՀԵՐՍԻԼԵ. (Կոնֆետների տուփը փակելով, առաջարկում է Վարվառեին) Սիրելիս, այս տուփը տար իմ կողմից երեխաներիդ համար:

ՎԱՐՎԱՌԵ. (վերցնում է տուփը) էհ, ինչ հարկավոր է, ավելորդ է:

ՀԵՐՍԻԼԵ. Ոչ, ոչ, վերցրու. (համբուրվոլմ է Վարվառեի հետ): Բոլոր հյուրերը սեղմում են տանտերերի ձեոքը և գնում են խորքի դռներով: Հերսիլեն և Անտոնը ուղեկցում են նրանց մինչև պատշգամը: Այնտեղ Սամսոնը տալիս է նրանց վերարկու, ձեռնափայտ և այլն: Վիրժինեն հավաքում է բաժակներն ու տանում սեղանատան:

ՏԵՍԻԼ 5

ՀԵՐՍԻԼԵ և ԱՆՏՈՆ

ԱՆՏՈՆ. (Վերադառնում է Հերսիլեի թևից բռնած) Ես հոգով փափագում եմ քեզ հետ առանձնանալ, իսկ դու տիկին Ալիմբարյանին խնդրում ես քեզ մոտ գիշերել: Չեմ հասկանում, այդ ինչ տարօրինակ ցանկություն էր:

ՀԵՐՍԻԼԵ. (Թևն ազատելով) Երեխաները քնեցին:

ԱՆՏՈՆ. Շատ հանգիստ: Թող ինչ ուզում է ասի այդ պարոն Ալիմբարյանը, ինձ համար ընտանիքից բարձր բան չկա:

ՀԵՐՍԻԼԵ. Կարծեմ, Ալիմբարյանը ընտանիքին ավելի բարձր և ավելի մեծ նշանակություն տվեց, քան դու, քո քեռորդին և ամենքը:

ԱՆՏՈՆ. Նա հերքեց ընտանեկան կյանքի երջանկությունը:

ՀԵՐՍԻԼԵ. Այո, այն ընտանեկան կյանքի, որ հիմնված չէ համերաշխության վրա:

ԱՆՏՈՆ. (Նայում է նրան, սուր հայացքով) Հերսիլե, դու այնպիսի եղանակով ես խոսում, որ կարծես նրա ասածների մեջ զգացել ես ակնարկ մեր մասին:

ՀԵՐՍԻԼԵ. Ով գիտե, գուցե և ակնարկեց: Մի՛թե իրավունք չունի:

ԱՆՏՈՆ. Իրավունք: Եվ այդ ասում ես դու: Գոնե իմ վերաբերմամբ ամեն ակնարկ կարող է անիրավացի լինել: Ես գոհ եմ իմ ընտանեկան վիճակով և երջանիկ: Երբ հիշում եմ իմ աննպատակ անցյալը և համեմատում ներկայի հետ, զարմանում եմ ինչու այնչափ կույր էի, որ տասը տարի առաջ չամուսնացա: Սակայն ինչ եմ ասում, այն ժամանակ դու չէիր լինի իմ կինը. (Գրկում է Հերսիլեին): Նստենք մի փոքր, այսօր ես առանձին տրամադրություն ունիմ քեզ հետ զրուցելու:

ՀԵՐՍԻԼԵ. (Ազատվելով նրա գրկից) Թող ինձ, ես նստել չեմ ուզում:

ԱՆՏՈՆ. Երբ հիշում եմ, թե ինչպիսի ջանքերով ու խորամանկությամբ խլեցի քեզ տասնյակ փայլուն երիտասարդնեների ձեռքից, երբ մտածում եմ, որ դու այժմ իմն ես, ուղիղն ասած, չգիտեմ ինչին վերագրեմ իմ բախտը... (Համբուրում է):

ՀԵՐՍԻԼԵ. (Դարձյալ ազատվելով նրա գրկից) Ասա խնդրեմ, շա՞տ ես սիրում ինձ:

ԱՆՏՈՆ. Ի՞նչ, և դու դեռ հարցնում ես. (Բռնում է նրա ձեռները):

ՀԵՐՍԻԼԵ. Եթե ինձանից զրկվես, շա՞տ կվշտանաս:

ԱՆՏՈՆ. (Բաց թողնելով նրա ձեռքերը) Հերսիլ՜ե...

ՀԵՐՍԻԼԵ. Ինձ թվում է, որ քո սերը հիմնված է խորին եսամոլության վրա, որ դու իմ մեջ սիրում ես ոչ ինձ, այլ քեզ, քո անձնական երջանկությունը:

ԱՆՏՈՆ. Չեմ հասկանում, այդ ինչ վերլուծություն է: Միթե մարդ ու կնոջ եսերը կապված չեն սերտ կապով:

ՀԵՐՍԻԼԵ. Ասում են, բայց ես չգիտեմ՝ չեմ զգացել: Կկամենայի միայն իմանալ, կարող ես սիրել ինձ քո եսից անկախ, հենց այնպես սիրել, ինչպես մի օտարի:

ԱՆՏՈՆ. Ինչպես մի օտարի: Ահա թե ինչ: Ասա խնդրեմ, ի՞նչ կարող է տալ ինձ այդպիսի մի, ասենք, պլատոնական սեր:

ՀԵՐՍԻԼԵ. Նա կտա քեզ սիրվողի հարգանքը, պատկառանքը, անհուն երախտագիտությունը և անվերջ գովասանքները:

ԱՆՏՈՆ. Շատ ողորմելի մի վարձատրություն: Բայց ես դարձյալ չեմ հասկանում քո միտքը, Հերսիլե:

ՀԵՐՍԻԼԵ. (Մտազբաղ) Իմ միտքը... Իմ միտքը կապված է իմ զգացումների հետ: Եթե կարող ես, թափանցիր սիրտս և հասկացիր: (Մոտենում է խորքի լուսամատին և նայում դեպի դուրս):

ԱՆՏՈՆ. (Մի քանի վայրկյան լուռ նայում է նրա հետևից մտատանջության մեջ) Ա՜ա, կարծես, մասամբ հասկանում եմ...

ՀԵՐՍԻԼԵ. Այո , մասամբ և այն էլ այդպես ո՞ւշ:

ԱՆՏՈՆ. Ուշ: Ոչ, այդ ինձ հայտնի է նույնիսկ մեր ամուսնության առաջին օրից: Բայց ես կարծում էի, որ դու դեռ անչափահաս ես, կյանքը լավ չես ճանաչում և չգիտես իսկապես ինչ ասել է ամուսնական երջանկություն:

ՀԵՐՍԻԼԵ. Եվ հույս ունեիր փոխադարձ սիրո փոխարեն ստանալ կեղծիք, այո՞:

ԱՆՏՈՆ. Կեղծի՞ք:

ՀԵՐՍԻԼԵ. Այո, այն կեղծիքը, որ տալիս են հարյուրից իննսունինը կանայք իրենց ամուսիններին: Դու կարծում էիր, որ տարիները կառաջացնեն սովորություն, իսկ սովորության զգացումը կհաշտեցնի ինձ դրությանս հետ: Դու մտածում էիր այսպես. «Թող եռ գա իր ներսում, փրփրի որքան կամենում է, ժամանակը կհանդարտեցնի նրան և վերջ ի վերջո կդարձնի իմ՝ գերին¦:

ԱՆՏՈՆ. Գերի՞ն...

ՀԵՐՍԻԼԵ. Այո, մեկն այն ողորմելի էակներից, որոնք մի անգամ իրենց վիզը դնելով օրինական անհամերաշխ ամուսնության լծի տակ, մինչև մահ քաշում են այդ լուծը անբան անասնի պես:

ԱՆՏՈՆ. — Սխալվում ես, ես ուրիշ կերպ եմ մտածել: Ես մտածել եմ այսպես, սերը, այսինքն իսկական ամուր սերսը ձեռք է բերվում ոչ միանգամից, այլ համբերությամբ և համառ հետամտությամբ, ինչպես աշխարհիս ամենաթանկագին բանը: Եվ ահա մեր ծանոթության առաջին օրից սկսած աշխատել եմ քայլ առ քայլ մոտենալ քո սրտին: Սիրել եմ քեզ հոգուս ամբողջ ուժով, սիրել եմ. Ոչ միայն իբրև ամուսնու, այլ իբրև կյանքիս ընկերուհու, իբրև մարդու, ոչինչ չեմ խնայել քեզ համար, աշխատել իմ անվերջ զիջումներով ու բարությամբ կոտրել քո սրտի սառույցը:

ՀԵՐՍԻԼԵ. Այո, ճիշտ է, իմ վերաբերմամբ դու միշտ եղել ես զիջող, բարեսիրտ ու սիրող, այլև գուցե վեհանձն: Բայց միթե չե՞ս զգացեք մի բան, այն է, որ քո այդ բարությունը, սերը և վեհանձնությունն ինձ ճնշում են ինչպես մի դառն, անտանելի մի լուծ: Միթե չե՞ս զգացել, որ հեշտ չէ մի կնոջ համար ստանալ թեկուզ իր օրինական ամուսնուց ամեն բան և փոխարենը չկարողանալ տալ ոչինչ, բացի սառնությունից և անտարբերությունից:

ԱՆՏՈՆ. Խոստովանում եմ, չեմ զգացել, որովհետև երբեք չէի կարող երևակայել, թե՛ մարդու արածներն իր օրինական կնոջ համար նրա կողմից պիտի ընդունվեն իբրև երախտիք: Հերսիլե, մի քրքրիր քո հոգին ասեղի ծայրով, նայիր կյանքին հասարակ աչքերով և զսպիր քո վառվող երևակայությունը: Քեզանից է կախված դարձնել մեր կյանքը կամ մի փշալի անապատ, կամ ծաղկազարդ բուրաստան:

ՀԵՐՍԻԼԵ. Օ՜օ, եթե ինձանից լիներ կախված, այսօր այս լեզվով չէի խոսիլ քեզ հետ: Բայց դժբախտաբար խելքս չի կարողանում խեղդել այժմյան զգացումներս և առաջացնել ուրիշ զգացումներ իմ սրտում:

ԱՆՏՈՆ. Ուրեմն ես երբե՞ք չպիտի արժանանամ քո փոխադարձ սիրուն, երբեք...

ՀԵՐՍԻԼԵ. (Լռություն, կռվում է ինքն իրեն) Չգիտեմ...

ԱՆՏՈՆ. (Գրգռվելով) Հերսիլե:

ՀԵՐՍԻԼԵ. Մի սպասիր այլևս կեղծել: Բավական է, որքան ես տանջվեցի կեղծելուց: Այժմ չեմ կարող, որովհետև այլևս ինձ համար պարզ է այն սարսափելի տարբերությունը, որ կա իսկական կյանքի և բուսական գոյության մեջ:

ԱնՏՈն. Այժմ: Հասկանում եմ: Քո ընկերուհուն տեսնելուց հետո: Դու նախանձում ես նրա վիճակին, այնպես չէ, դու նրան երջանիկ ես համարում, իսկ քեզ անբախտ, այո: Հերսիլե, մի հավատար ուրիշների բախտին: Նա կարող է խաբուսիկ լինել: Դժվար է թափանցել մարդկանց սիրտը:

ՀԵՐՍԻԼԵ. Ես աչքերով չեմ դատում, այլ հոգով:

ԱՆՏՈՆ. Կան հարյուրավոր կանայք, Հերսիլե, որ քեզ են նախանձում: Հարցրու նրանց և կասեն քեզ, որ կանանց մեջ ամենաերջանիկը դու ես:

ՀԵՐՍԻԼԵ. Այո, չեմ հերքում, ինձ համարում են երջանիկ, սակայն այն կանայք են համարում, որոնք գիտեն իրանց հոգու ամայությունը մոռանալ հանուն իրանց ամուսնու հարստության, ոսկու, ադամանդների, շքեղ արդուզարդերի և փայլուն կահ-կարասու:

ԱՆՏՈՆ. Իսկ դու... դու... ուզում ես քո սրտի ամայությունը լցնել ավելի... ավելի էական բանով, այո՞: (Հուզվում է ու դողում):

ՀԵՐՍԻԼԵ. Վիրավորված: Մի վիրավորիր ինձ կասկածներովդ ես քեզ ոչ մի առիթ չեմ տվել:

ԱՆՏՈՆ. Այո, մինչև այժմ առիթ չես տվել, բայց թվում է ինձ, որ այսուհետև ուզում ես տալ:

ՀԵՐՍԻԼԵ. Ես չեմ կարող այդ եղանակով խոսել քեզ հետ: (Քայլերն ուղղում է դեպի ննջարան):

ԱՆՏՈՆ. Ոչ, սպասիր: Այժմ հենց այս լեզվով պիտի խոսեմ քեզ հետ: Բավական է որքան համբերեցի, լռեցի և տանջվեցի: Հերսիլե, զսպիր վառ երևակայությունդ, ապա թող նա կարող է քեզ անդունդ գլորել:

ՀԵՐՍԻԼԵ. Թող գլորի, այլևս կեղծել չեմ ուզում և չեմ կարող:

ԱՆՏՈՆ. Չես կարող, ուրեմն ես էլ չեմ կեղծիլ: Լսիր, մինչև այսօր դու խոցոտել ես իմ ինքնասիրությունը, իմ առնական եսը, և ես քեզ ներել եմ և լռել: Իսկ այժմ, երբ այդպիսի հանդգնությամբ պարզում ես քո արհամարհանքը դեպի ինձ. ականջ դիր: Ես կշարունակեմ մի առժամանակ ևս քեզ հետ վարվել այնպես, ինչպես վարվել եմ մինչև այժմ, սիրով, բարությամբ, փաղաքշանքներով: Բայց եթե դու այսուհետև էլ մնաս այդպես սառն, անտարբեր, եթե այսուհետև էլ արհամարհես ինձ հոգուդ խորքում, այն ժամանակ իմացիր, որ ես մի հասարակ գյուղացու որդի եմ և լեռնական: Հասկանո՞ւմ ես միտքս:

ՀԵՐՍԻԼԵ. Հասկանում եմ: Դու կդիմես քո հայրերի ու նախահայրերի միջոցին, կդառնաս բռնակալ:

ԱՆՏՈՆ. Ստիպված կլինեմ դառնալ: Կինը կամ պիտի սիրի իր մարդուն կամ պիտի վախենա նրանից: Ես քո մեջ չկարողացա սեր գրգռել, կզարթեցնեմ երկյուղ և հարգանքԱյդ գուցե ավելի լավ է: (Ուզում է գնալ իր աոնձնասենյակը ):

ԱՆՆԱ. (Ներս է մտնում խորքի դռներից) Ահա և ես... (տեսնելով Հերսիլեին հուզված ու գունատ, կանգ է առնում դռների առջև, զարմացած):

ԱՆՏՈՆ. Շարունակեցեք, տիկի՛ն կրթել իմ կնոջը... (Անցնում է առանձնասենյակը):

ԱՆՆԱ. Հերսիլե, ի՞նչ է պատահել: Դու դողում ես:

ՀԵՐՍԻԼԵ. Ահ, մի հարցնիր, (Հեկեկալով ընկնում է բազկաթոռի վրա):

Վարագույր

ԱՐԱՐՎԱԾ ԵՐՐՈՐԴ

Բեգմուրյանների քաղաքային բնակարանը: Ընդարձակ հյուրասենյակ: Աջ պաաի մեջ դեպի փողոցի պատշգամբը դռներ, որոնց աջ ու ձախ կողմերում լուսամուտներ: Խորքի պատի մեջ երկու դռներ, մեկը բոլորովին ձախ, գրեթե անկյունում, դեպի նախասենյակ, մյուսը բեմի միջին ուղղությամբ դեպի սեղանատուն: Երկու դռներ ևս ձախ պատի մեջ, որոնցից խորքինր դեպի Անտոնի (առանձնասենյակը, իսկ ավանսցենայի կողմինը-Հերսիլեի բուդուարը, որից դեն է ննջարանն ու երեխաների սենյակը: Աջ պատի անկյունում դաշնամուր (ռոյալ), իսկ ավանսցենայի կողմում փոքրիկ գեղեցիկ գրասեղան սև փայտից, վրեն արծաթյա թանաքաման ու զանազան պարագաներ, նաև մի քանի գրքեր գեղեցիկ կազմերով ու մի փոքրիկ ժամացույց: Ձախ պատի աոջև գահավորակ, բազկաթոռներ, սեղան, նրբագործ սփռոցով, վրան ալբոմ: Առհասարակ սենյակը կահավորված է ճաշակով: Նրա գլխավոր զարդերն են նկարներ, գրավյուրներ, արձանիկներ և այլ գեղարվեստական իրեր, որոնց սիրահար է Հերսիլեն: Խորքի պատի վրա հայելի վենետիկյան ոճով, իսկ աջ կողմում վառարանորի առջև շիրմա:

Սեպտեմբերի կեսն է, եղանակը ջերմ է. բոլոր լուսամատներն ու դռները բաց են, բացի առանձնասենյակի դռներից: Սեղանատանը երևում են ճաշի սեղանը, ճերմակ սփռոցով ծածկված և պատի ժամացույցը: Այնտեղ մերթ ընդ մերթ երևում են Սամսոնն ու Վիրժինեն...

ՏԵՍԻԼ 1

ՀԵՐՍԻԼԵ և ՆԱՏԱԼԻԱ

արագույրը բարձրանալիս Հերսիլեն հափշտակված դաշնամուր է նվագում: Նախասենյակից լսվում է գանգակի ձայն: Սամսոնը դուրս է գալիս սեղանատնից, անցնում է նախասենյակ, փոքր անցած՝ այնտեղից ներս է մտնում Նատալիան գլխարկով:

ՆԱՏԱԼՒԱ. (Մոտենում է Հերսիլեին կանգ է առնում սպասելով, որ նա հետ նայի: Հերսիլեն հափշտակված չի նկատում Նատալիային, որը վերջապես համբուրում է նրան):

ՀԵՐՍԻԼԵ. (Ցնցվէլով, ուժգին զարնում է դաշնամուրի ստեղներին և սուր դիսոնանսով նվագումն ընդհատում է: Ահ, հազիվ գտել էի տոնը խանգարեցին: (Հետ է նայում ) Ահ, այդ դո՞ւ ես, մամա: Վեր է նայում:

ՆԱՏԱԼԻԱ Տա՞նն է:

ՀԵՐՍԻԼԵ. Այո: Կաբինետում զբաղված է իր հաշիվներով:

ՆԱՏԱԼԻԱ. Գլխարկի ժապավեններն արձակելով: Էլի բարկացա՞ծ է:

ՀԵՐՍԻԼԵ. Չգիտեմ, գնա ինքդ տես, հարցրու: (Անցնում է հայելու կողմր և մազերը շտկում է):

ՆԱՏԱԼԻԱ. (Գլխարկը դնում է սեղանի վրա և կամացուկ մոտենալով Հերսիլեին ձեոը բռնում է) Հերսիլե, ասելո՞ւ ես ինձ վերջապես, թե ինչ է պատահել ձեր մեջ:

ՀԵՐՍԻԼԵ. (Ձեռն ազատելով) Թող ինձ, մամա, մ՛ի հարցրու ոչ մի բանի մասին, մի հարցրու, խնդրում եմ:

ՆԱՏԱԼԻԱ. Հեշտ է ասել «ոչ մի բանի մասին մի հարցրու»: Մի ամսից ավել է այս տանն ուրախ դեմք չեմ տեսնում: Նա չի խոսում ինձ հետ, իսկ դու օրից օր մաշվում ես ու հալվում: «Մի հարցրու, կարծես ես մայր չեմ կամ սիրտ չո ւնեմ:

Следующая страница