Շիրվանզադե Ալեքսանդր՝   Ունե՞ր իրավունք

Страницы: Начало Предыдущая 1 2 3 4 Следующая Конец

ՄԱՐՄԱՐՅԱՆ. Այո, իհարկե չի կարելի..,. Բայց ի՞նչ պիտի անել, ձեր աղջկա համառությունը անսահման է, անհասկանալի և միանգամայն ոչ խելացի....

ԱՈԼՈՄՈՆ, Գուցե, բայց ստիպել նրան սիրել չսիրած մարդուն անկարելի է:

ՄԱՐՄԱՐՅԱՆ. Ստիպեք, իհարկե չի կարելի, իսկ համոզել, որ հանուն զավակների պարտավոր է հպատակվել իր ճակատագրին` կարելի է: Եվ այս ձեր պարտականությունն է, պարոն Սուրաթյան... Այո, ձեր պարտավորությունն է... Դուք հայր եք...

ՍՈԼՈՄՈՆ. Ես չեմ կարող պահանջել իմ աղջկանից անել այն, ինչ նա համարում է ոճիրստել և կեղծել...

ՄԱՐՄԱՐՅԱՆ, Բայց չէ՞ որ Հերսիլեն մայր է:

ՍՈԼՈՄՈՆ. Այո, բայց միևնույն ժամանակ նա և մարդ է առանձին անհատ ինքնուրույն հոգի: Թող ինչ ուզում է խոսի ձեր հասարակական կարծիքը, ոչ ոք, հասկանո՞ւմ եք, ոչ ոք, մի ուրիշը, նույնիսկ հարազատ հայրը, չունի իրավունք զավակներից մարտիրոսություն պահանջելու որևէ պարտականության համար: Ես ինքս կենսախինդ մարդ եմ և ընդունակ չեմ որևէ զոհաբերության հանուն ձեր առօրյա առաքինության: (Պաուզա) Դուք գիտե՞ք, որ ձեր բարեկամն այժմ չի ամաչում գոռալ իմ աղջկա վրա, հայհոյել անգամ նրան: Աա, մի աշխատեք հերքել, բոլոր ծառաները գիտեն այդ...

ՄԱՐՄԱՐՅԱՆ. Հուսահատությունը նրան դարձրել է ներվային և դյուրագրգիռ... Նա սիրում է ձեր աղջկան խելագարի պես և այն միտքը, թե կարող է մի օր զրկվել նրանից, տանջում է նրան գիշեր -ցերեկ: Ես մինչև անգամ վախենում եմ նրա ուղեղի համար: Նա ընդունակ է ամեն բանի, ահա ինչու ես հետևում եմ նրան քայլ առ քայլ, ստվերի պես, մոռացած իմ հիվանդությունը: Նա դարձել է մտախոհ, մռայլ և այնքան կասկածամիտ, ինձ էլ չի հավատում անգամ...

ՍՈԼՈՄՈՆ. Ամեն ինչ կարող է անել, բացի կասկածելուց: Հերսիլեն այն անբախտ կանանցից է, որոնց համար խաբելն ու կեղծելը ամենածանր հանցանքն է: Նա դեռ ոչ ոքի չի սիրում և եթե սիրի էլ, ոչ ոքից չի թաքցնիլ և չի վախենալ.,. Ահա ինչու, գոնե ես իմ կողմից վճռել եմ թողնել ամեն ինչ իր կամքին: Կամենում է, թող հպատակվի իր ճակատագրին, չի կամենում թող...

ՄԱՐՄԱՐՅԱՆ. Թող ձգի երեխաներին ու հեռանա, այո՞...

ՍՈԼՈՄՈՆ. Իլիա Մարտինիչ, երեխա մի լինեք... Ոչ մի քարասիրտ մայր իր զավակներից առանց խոր պատճառի չի բաժանվիլ... Եվ դուք չպիտի քար արձակեք Հերսիլեի հետևից, եթե նա մի օր հեռանա այս տնից... Վերջապես, կան բաներ, որոնց մասին չեմ կարող պարզ խոսել...

ՄԱՐՄԱՐՅԱՆ. (Նայելով Սոլոմոնին խորորդավոր) Ես այդ գիտեմ, գուշակում եմ...

ՍՈԼՈՄՈՆ. Գիտեք, ուրեմն լռեցեք...

ՄԱՐՄԱՐՅԱՆ. (Ականջ դնելով դեպի առանձնասենյակը) Կարծեմ, զարթնել է: Ի սեր աստծու, հեռացեք, նա ձեզ սառնարյուն տեսնել չի կարողանում: Նա կարծում է, որ դուք լարում եք ձեր աղջկան իր դեմ...

ՍՈԼՈՄՈՆ. Ես կգնամ Հերսիլեի մոտ: Ինչևէ, այսօր խնդիրը պետք է լուծվի... կամ այսպես, կամ այնպես:

ՄԱՐՄԱՐՅԱՆ. Այնուամենայնիվ, աշխատացեք խաղաղությամբ լուծել խնդիրը... Նա իսկույն պիտի գնա Միզանդարովի պարտատերերի ժողովը: Նրա ներկայությունը այնտեղ անհրաժեշտ է: Հեռացեք, գալիս է կարծեմ... (Սոլոմոնն անցնում է Հերսիլեի բուդուարը):

ՏԵՍԻԼ 3

ԱՆՏՈՆ և ՄԱՐՄԱՐՅԱՆ

ԱՆՏՈՆ. (Ներս է մտնում առանձնասենյակից սյուրտուկի կռնակները կապելով) Դու այստե՞ղ ես... Հսկո՞ւմ ես ինձ դայակի պես...

ՄԱՐՄԱՐՅԱՆ. Ինչ արած, երբ դու քեզ երեխայի պես ես պահում:

ԱՆՏՈՆ. (Հանկարծ գրգռվնլով) Ո՞վ է այնտեղ: Ես լսում եմ նրա անպիտան հոր ձայնը: Այդ մարդիկ, կարծես երդվել են ինձ խելքից հանելու: Ախ, ոչ, ես չեմ կարող համբերել նրա ներկայությունն իմ տանը (Քայլերն ուղղում է դեպի բուդուարը):

ՄԱՐՄԱՐՅԱՆ. (Առաջը կտրելով, ձեռքը բռնում է) Կաց... Եթե գոնե մազու չափ ինքդ քեզ հարգում ես, չպիտի ընդհարվես նրա ծնողների հետ: Այս խնդրում ոչ մի երրորդ անձ մեղավոր չէ...

ԱՆՏՈՆ. (Կանգ առնելով, ձեռքով շփում է ճակատը. ապա նայում է Մարմարյանին սուր հայացքով) Երրորդ անձ... Այո... (ավելի գրգռվելով): Բայց ես ինչ գիտեմ, դու ինչ գիտես, հիմար... Գուցե մեղավոր է մի երրորդ անձ: Աա, իրա՞վ, Իլիա, ի՞նչ ես կարծում, չկա՞ մի երրորդ անձ:

ՄԱՐՄԱՐՅԱՆ. Մեղք մի գործիր, Անտոն, դու գիտես, որ ոչ ոք չկա...

ԱՆՏՈՆ. (Սթափվելով) Այո գիտեմ, համոզված եմ... Չկա երրորդ անձ, չի կարող լինել... Հերսիլեն այն կանանցից չէ, բայց ինչո՞ւ... (Գրգռվում է նորից): Ինչո՞ւ է այդպես վարվում... Չէ՞ որ ես միևնույն Բեգմուրյանն եմ, չէ որ ես ոչնչով չեմ փոխվել... Ինչի՞ց առաջացավ այդ ատելությունը, այդ սարսափելի դրաման... Իլիա, ասա, ես փոխվե՞լ եմ, ես այժմ ուրի՞շ մարդ եմ... ծերացե՞լ եմ, այո, բանի պետք չե՞մ, լաթի կտո՞ր եմ, աղբի զամբյուղի՝ մեջ գցելու բա ՞ն, այո...

ՄԱՐՄԱՐՅԱՆ. Փոխվել է նա, իսկ դու չես փոխվել և չէիր կարղ փոխվել... Եվ քո դժբախտությունն էլ հենց դրանումն է, որ չես կարող փոխվել, ուշ է...

ԱՆՏՈՆ. Բայց ես դուրս կկորզեմ նրա միջից այդ զդացմունքը... ես կոչնչացնեմ նրա մեջ... ես նրան խելքի կբերեմ... Ես... ես... (Կատաղի կրծոտում է ձեռքերը):

ՄԱՐՄԱՐՅԱՆ. Կոպտությա՞մբ, կռվո՞վ, հայհոյանքներով ու ծեծո՞վ... Երբեք... Ընդհակառակը: Դու նրան ավելի կզզվեցնես և ավելի ինքդ քեզ կստորացնես թե նրա և թե ուրիշների աչքում...

ԱՆՏՈՆ. Ուրեմն, ցույց տուր միջոց կորցրած հարստությունս գտնելու:

ՄԱՐՄԱՐՅԱՆ. Միակ միջոցը, իմ կարծիքով, նրան ազատություն տալն է:

ԱՆՏՈՆ. Բաժանվե՞լ: Երբեք, ամենևին... Դու խելագարվե՞լ ես, դու խոսում ես ինչպես հիմար ամուրի: Ես այդ մասին լսել անգամ չեմ ուղում: Նա իմն է եղել և կմնա, քանի որ ես կենդանի եմ:

ՄԱՐՄԱՐՅԱՆ. Ուժո՞վ, բռնությա՛մբ...

ԱՆՏՈՆ. Բռնությամբ, իրավունքներով, օրենքով, միևնույնն է, ես նրան երբեք ազատություն չեմ տալ: Երբեք թույլ չեմ տալ, որ անունս զուր տեղը բամբասանքի առարկա դարձնի... Նա իմն է և իմն էլ կմնա հավիտյան, որովհետև ես այդպես եմ ուզում... (Ներս է մտնում Սամսոնը և մի նամակ է տալիս Անտոնին):

ԱՆՏՈՆ. Ի՞նչ է այդ: (Բաց է անում նամակն արագ, կարդում է, դեն շպրտում: Սամսոնին): Ասա, որ ինձ չսպասեն. (Սամսոնը ուզում է գնալ):

ՄԱՐՄԱՐՅԱՆ. (Վերցնելով հատակից նամակը, Սամսոնին) Սպասիր. (Կարդում է նամակը, Անտոնին); Չի կարելի, Անտոն, դու պետք է անպատճառ գնաս այդ ժողովը: Երկու անգամ հետաձգել են քո պատճառով: Չէ՞ որ սնանկացած Միզանդարովի ամենամեծ պարտատերը դու ես, առանց քեզ չի կարելի մի բան որոշել: (Սամսոնին) Ասա, որ կգա իսկույն: (Սամսոնը գնում է): Դեհ, գնանք, ես քեզ կուղեկցեմ: Ես էլ ուզում եմ գնալ, և հրավեր եմ ստացել: Գնանք:

ԱՆՏՈՆ. Ես կկամենայի ամեն ինչ կորցնել և ընկնել հետին չքավորության մեջ, միայն թե սիրտս հանգիստ լինի: Գնանք, գնանք ես կատաղում եմ, լսելով այդ մարդու ձայնը: (Ձգում է ատելությամբ լի հայացք դեպի բուդուարը: Գնում է նախասենյակ Մարմարյանի հետ միասին):

ՏԵՍՒԼ 4

ՀԵՐՍԻԼԵ, ՍՈԼՈՄՈՆ և ՆԱՏԱԼԻՍ.

ՍՈԼՈՄՈՆ. (Ամենից ասաջ մտնելով) Ո՞ւր է նա. ես ուզում եմ նրա հետ, վերջապես, խոսել: Ծեծել իմ աղջկա՞ն, իմ Հերսիլեի՞ն...

ՀԵՐՍԻԼԵ. Պապա, և ոչ մի խոսք: Ես խնդրում եմ չխառնվել մեր հարաբերությունների մեջ: Ես ինքս կմտածեմ և կորոշեմ իմ անելիքը:

ՆԱՏԱԼԻԱ. (Սաստիկ հուզված) Դու դուրս եկ, գնա քո բանին... Ի՞նչ քո գործն է: Քեզ նման մարդն իրավունք չունի ուրիշներին խրատելու:

ՍՈԼՈՄՈՆ, Իսկ քեզ նման կինն իրավունք չունի մոր դեր կատարելու: Դու անբախտացրիր իմ աղջկան, դու քո ագահությամբ ու փողասիրությամբ: Բեգմուրովը Հերսիլեի զույգը չէր:

ՀԵՐՍԻԼԵ. (Տանջանքով ու ձեռքերը ջարդելով) Ի սեր աստծո, ծնողներ, թողեք ինձ հանգիստ: Ախ, այս ի՞նչ անտանելի դրություն է:

ՍՈԼՈՄՈՆ. Ոչ, ես չեմ կարող այլևս սառնասիրտ մնալ: Դու ոտքի վրա դիակ ես դարձել: Դու այլևս այս տանը մնալ չես կարող: Վերցրու երեխաներիդ, գնանք իմ տունը...: Բաժանվիր այդ կոպիտ: շինականից... Չի՞ տալ երեխաներին... թող չտա, դու եկ, ես երեխաներին էլ կխլեմ նրանից:

ՆԱՏԱԼԻԱ. Խելքդ աստված առել է, այ թե ինչ կարող եմ ասել: Ո՞ւմ ես տանում այստեղից, ո՞ւր: Ի՞նչ է պատահել, որ նա բաժանվի մարդուց: Վերջապես, ո՞վ կնդունի նրան իմ տունը: Դու կարծում ես, որ ես կարո՞ղ եմ այդպիսի խայանառակություն տանել: Մարդ է, տաքացել է, արյունը գլխովն է տվել, մի անգամ խփել է: Ինչ եղավ, աշխարհը հո չքանդվե՞ց: Հազար անգամ բախտավոր կլինեի, եթե դու էլ ինձ ծեծեիր, քան թե այնպես անպատվեիր: Հերսիլե, դուրս բեր գլխիցդ քամիները... Ականջ մի դնիր այդ կաչաղակին... Նա չգիտե, ինչ է ասում:

ՀԵՐՍԻԼԵ. Հանգստացիր, մամա, հանգստացիր դու էլ, պապա: Ես ինքս իմ գլխի հոգսը կտեսնեմ: Միայն դուք հեռացեք այստեղից, ինձ մենակ թողեք: Պապա, աղաչում եմ, հեռացիր: Ես ուզում եմ մենակ մնալ:

ՍՈԼՈՄՈՆ. (Բռնում է Հերսիլեի ձեռը. և նայում է նրան) Հերսիլե, լավ նայիր աչքերիս: Զգույշ, հասկանո՞ւմ ես, զգույշ, հիմար բաների մասին չմտածես...

ՀԵՐՍԻԼԵ. Ոչ, պապա, հանգիստ կաց, ես այնքան էլ թուլամորթ չեմ: Այդ երբեք չի չլինի հասկանո՞ւմ ես, երբեք պապա: Ես ապրել եմ ուզում և կապրեմ: Նա ֆիզիկական ուժ է գործ դնում, ես գործ կդնեմ բարոյական ուժ: Ես կապացուցանեմ նրան, որ կինն էլ կարող է ունենալ սեփական ձգտում և կամքի ուժ, որ կինն էլ կարող է փշրել իր շղթաները... Մամա, լաց մի լինիր, անցել է այլն ժամանակը, երբ կնոջ զենքը միայն արտասուքն էր: Դու այդ կտեսնես.... Թող ինչ ուզում են ասեն ուրիշները... Դեհ, հեռացիր, մամա...

ՍՈԼՈՄՈՆ. Գնանք, Հերսիլեն ինքը մեզանից լավ գիտե, թե ինչ է հարկավոր անել (Առանձին Նատալիային): Մենք կարող ենք հետո էլ գալ: Լսիր աղջիկս, ինչ էլ որ վճռես անելու, իմացիր, որ ես միշտ պատրաստ եմ քեզ պաշտպանել և օգնել...

ՀԵՐՍԻԼԵ. Շնորհակալ եմ, պապա... (համբուրում է նրան) Դու բարի ես:

ՆԱՏԱԼԻԱ. Իսկ ես մի՞թե չար եմ, աղջիկս: Ես մի՞թե ծնող չեմ: (Աչքերը սրբելով) Ինչ արած, եթե չես կարող ինքդ քեզ հաղթել, զզվանքդ սպանել, ճար չկա, իմ տունն էլ քոնն է: (Համբուրվում է Հերսիլեի հետ): Բայց ինչ էլ որ անես, լավ մտածիր, հետո արա: Լսո՞ւմ ես նրանց ձայնը: (Նշան է անում դեպի բուդուարի կողմը):

Հերսիլեն հեկեկանքը զսպելով, հարձակվում է մոր վրա և ջերմաջերմ համբուրում: Նատալիան Սոլոմոնի հետ գնում է դեպի նախասենյակ: Դռների մոտ Հերսիլեն մի անգամ ևս հարձակվելով նրանց վրա, համբուրում է և ապա մի քանի վայրկյան նայում է նրանց հետևից:

ՀԵՐՍԻԼԵ. (Մոտենում է լուսամատին, նայում է փողոց, հետ է դառնում) Գնացին: Խեղճ մարդիկ, եթե իմանայիք իմ հանցավոր միտքը... (Մոտենում է սեղանատան դռներին, նայում է ներս, հետո գալիս, նստում է գրասեղանի քով, արմունկները հենում սեղանին, ձեռներով բռնում է գլուխը և ընկնում մտածողության մեջ, հետո ձեռով վճռական շարժում անելով, վերցնում է գրիչն ու գրում): Նախասենյակից լսվում է զանգակի ձայն: (Նա ցնցվում է, պատառոտում է նամակն ու գցում զամբյուղի մեջ, աշխատում է ուշքը ժողովել):

Ներս է մտնում Աննա Ալիմբարյանր, որ հագած է ճանապարհի հագուստ:

ՏԵՍԻԼ. 5

ՀԵՐՍԻԼԵ և ԱՆՆԱ ԱԼԻՄԲԱՐՅԱՆ

ԱՆՆԱ. (Նայելով աջ ու ձախ, մոտենում է Հերսիլեին և համբուրվում) Խոստովանում եմ, դողալով եմ մտել այստեղ: Ամուսինդ, կարծես, ինձ իր ոխերիմ թշնամին է համարում: Բայց ինչպես գնայի առանց քեզ տեսնելու:

ՀԵՐՍԻԼԵ. Ուրեմն այսօր անպատճառ գնում եք է:

ԱՆՆԱ. Այո, առանց այն էլ շատ ուշացանք: Չգիտեմ այժմ կհաջողվի՞ ինձ, արդյոք, քննության տալ: Աստված իմ, այդ ինչ ես դարձել Հերսիլե: Հիվա՞նդ ես:

ՀԵՐՍԻԼԵ. (Աշխատելով անհոգ ժպտալ) Տարվա այս ժամանակին ես միշտ նիհարում եմ:

ԱՆՆԱ. Նիհարությունը չէ միայն, Հերսիլե, դեմքդ արտահայտում է անհուն վիշտ, տառապանք: (Մոտենալով բռնում է ձեռները) Հերսիլե, ես գիտեմ բոլորը, բոլորը գիտեմ: Դու անչափ դժբախտ ես:

ՀԵՐՍԻԼԵ. (Ձեռները խլելով և երեսը դարձնելով Աննայից) Կառախումբը ո՞ր ժամին է գնում:

ԱՆՆԱ. Իննից քառորդ անց: Ախ, չլինի թե ուշանամ: (Նայում է իր ժամացույցին) Ոչ, դեռ ութ ժամը չկա:

ՀԵՐՍԻԼԵ. (Մի վհատական շարժում անելով, մոտենում է սեղանատան դռներին, մատը սեղմում է զանգակի կռնակին, ներսից լսվում է զանգակի ձայն) Նստիր, Աննա, դեռ բավական ժամանակ ունես.... Աննան նստում է գրասեղանի քով, մի արմունկը հենում է սեղանին և, գլուխը դնելով ձեռի ափին, մռայլ հայացքը ձգում է անորոշ տարածության մեջ: Վիրժինեն ներս է մտնում սեղանատնից: Հերսիլեն դռների մոտ ինչ որ շշնջյունով պատվիրում է նրան: Վիրժինեն մի վայրկյան տարակուսանքով նայում է նրան, Հերսիլեն շտապեցնում է նրան: Վիրժինեն շտապով անցնում է բուդուար, ճանապարհին նայելով Աննային և ուսերը վեր քաշելով:

ԱՆՆԱ. (Գլուխը բարձրացնելով) Հերսիլե, եթե ինձ հյուրասիրելու պատրաստություն ես տեսնում, զուր է կուշանամ:

ՀԵՐՍԻԼԵ. (Տարօրինակ հուզված ձայնով, բայց աշխատելով իրեն զսպել) Այո, ես ուզում եմ քեզ հյուրասիրել, բայց ոչ այս տանը, այլ... Աննա, ես քեզ համար պատրաստում եմ մի սյուրպրիզ: Կզարմանաս գուցե, բայց չպիտի զայրանաս:

ԱՆՆԱ. Այդ ի՞նչ տարօրինակ խոսքեր են, Հերսիլե, և ինչ տարօրինակ եղանակով ես արտասանում: (Ոտքի կանգնելով, նորից բռնում է նրա ձեռներն իր ձեռների մեջ) Նայիր ինձ, ես աչքերիդ մեջ կարդում եմ ինչ-որ անսովոր վճռականություն: Հերսիլե, ամուսինդ քեզ դարձյալ վշտացրել է, ոչ, ոչ, վիրավորել է: Պատմիր, ի՞նչ է պատահել, Հերսիլե: (Ուզում է գրկել):

ՀԵՐՍԻԼԵ. (Ազատվելով նրա գրկից) Թող ինձ, գուցե ես արժանի չեմ, որ ինձ գրկի իմ ընկերուհին: (Մոտենում է լուսամուտին և նայում փողոց):

ԱՆՆԱ. Ոչինչ չեմ հասկանում: Քանի գնում այնքան ավելի անհասկանալի ես դառնում, Հերսիլե: Մի՞թե ինձանից գաղտնիք ունես: Չէ որ ես գիտեմ բոլորը, գիտեմ ինչ ծանր դրամա է կատարվում այժմ քո հոգում:

ՀԵՐՍԻԼԵ. Երբեք չես կարող երևակայել՝ ինչ ծանր դրամա է կատարվում իմ հոգում, երբեք, քանի որ դեռ մայր չես: (Քայլերն ուղղում է դեպի բուդուար, կես ճանապարհին կանգ է առնում):

ԱՆՆԱ. Այստեղ արտառոց կարգի մի բան է պատահել, կամ պիտի պատահի: Հերսիլե, մի տանջիր ինձ այդ մութ խոսքերով, աս՛ա պարզ: Դու բաժանվում ես նրանից:

ՀԵՐՍԻԼԵ. (Ինքն իրան) Երեխանե՛ր, Մի՞թե ես նրանց համար մայր եմ այժմ կամ երբևէ եղե՞լ եմ: Այն օրից, երբ հասկացել եմ, թե նրանց հետ բախտավոր չեմ, մայրական զգացումն ինձ համար դարձել է անտանելի տանջանք: Իհարկե, ես սիրել եմ նրանց, սիրել եմ ինչպես ամեն մի ֆիզիկական մայր, և ո՞ր կենդանին չի սիրում իր զավակներին: Բայց այդ սերը միշտ խմորված է եղել մի տեսակ խոզ ատելությամբ:

ԱՆՆԱ. (Զարմացած շարունակում է նայել նրան) Ատելությա՞մբ...

ՀԵՐՍԻԼԵ. Ոչ, ոչ, տանջանքով, անտանելի տանջանքով, երբ հիշել եմ, որ նրանք չսիրված մարդուց են, երբ մանավանդ նայել եմ նրանց դեմքերին և այնտեղ նշմարել որևէ նմանություն նրանց և այդ մարդու մեջ: Թող ինչ ուզում են ասեն մայրերն իմ մասին, բայց ես սեր չեմ համարում այն մայրական սերը, որ սրբագործված չէ ամուսնական սիրով: Չկա ավելի մեծ թշվառություն, քան տեսնել հարազատ զավակի մեջ սեփական սխալի մարմնացումը:

Իսկ այժմ... այժմ, երբ նայում եմ նրանց, սիրտս կտրատվում է վշտից, որ ես իսկական մայր չեմ, այլ ֆիզիկական ծնող, որ նրանք բարոյապես խորթ են ինձ համար: Եվ միթե դա հանցանք չէ, աա՞, Աննա, հանցա՞նք չէ: Եվ եթե հանցանք է, ինչո՞ւ կրկնել, ինչո՞ւ շարունակել ամեն օր: Ասա, ասա, Աննա, պետք է կրկնե՞լ, պետք է շարունակել:

ԱՆՆԱ, Հարցրու քո սրտից, քո հոգուց, սիրելիս: Այդ տեսակ հարցերի պատասխանը մարդ միայն իր մեջ պիտի փնտրի...

ՀԵՐՍԻԼԵ. Հարցնեմ հոգուցս: Ախ, ես շատ անգամ և երկար ժամանակ խորհրդակցել եմ հոգուս հետ և եկել եմ այն եզրակացության, որ երկու չարիքից պետք է ընտրել նսեմագույնը: Ես մայր եմ, այո, ուրեմն պարտավոր եմ կրթել իմ զավակներին: Բայց ի՞նչ կրթություն կարող է տալ իր զավակներին մի մայր, որ այդ զավակներին համարում է սեփական սխալի և թշվառության հետևանք: Ես աղավաղում եմ նրանց սիրտն ու հոգին և կլինեմ անբարոյական մայր, եթե շարունակեմ: Ոչ, ոչ, պետք է վերջ տալ այս կեղծիքին և ստությանը: Ես չունիմ իրավունք շարունակելու, ամենևին... Աննա, չունիմ իրավունք...

ԱՆՆԱ. Սիրելիս, անգինս ինչպե՞ս թողնեմ քեղ այդպիսի հուզված գրության մեջ և հեռանամ: Հանգստացիր հոգիս... (գրկում է):

ՀԵՐՍԻԼԵ. (Ազատվելով նրա գրկից) Մի վախենար իմ մասին և բոլորովին մի հոգար: Դու ինձ մինչև այսօր տեսել ես թույլ ու տկար, այժմ կտեսնես ուրիշ բան: Գնա, դու կարող ես ուշանալ: Ես ուզում եմ, որ դու այսօր գնաս, անպատճառ այսօր, հասկանում ես, հետո կարող է... ուշ լինել: Դեհ բարի ճանապարհ...

ԱՆՆԱ. Բայց դու ինձ սառն ես ճանապարհ դնում: Հերսիլե, դու ինչ-որ մտածում ես, ինչ-որ վճռում, քո դեմքի արտահայտությունն ինձ ապշեցնում է: Հերսիլե, հայտնիր ինձ քո դիտավորությունը:

ՀԵՐՍԻԼԵ. Կիմանաս, շուտով կիմանաս., ես կգրեմ... Հենց այսօր, իսկույն այս րոպեիս... Գնա, ես վախենում եմ, որ նա գա... Նա քեղ ատում է, նա քեզ է պատճառ համարում իմ փոփոխութկան: Նա կարող է քեզ վիրավորել..

ԱՆՆԱ. Մնաս բարով, սիրելիս... Ահա ինչ, Հերսիլե, ինչ էլ, որ վճռես անելու, իմացիր, որ իմ համակրությունը միշտ քո կողմն է, բացի մի դեպքից... Հասկանո՞ւմ ես, ինչ եմ ասում: Այդ գիտես, խնդրի հնացած տեսակի լուծումն է... Չպիտի թուլամորթ լինել...

ՀԵՐՍԻԼԵ. Ես երբեք թուլություն չեմ ցույց տալ:

ԱՆՆԱ. Ա՜ա, հասկացար միտքս ուրեմն, զգույշ և խոհեմ եղիր.

ՀԵՐՍԻԼԵ. (Դառն ծիծաղով) Զգույշ ու խոհեմ եղիր... Եվ այդ ասում ես դու, Աննա, դո՞ւ, որ իմ մեջ առաջացրիր այս հոգեկան հեղաշրջումը քո մտքերի ազատ թռիչքով

ԱՆՆԱ. Դու հասկացար ինչ մտքով եմ ասում`զգույշ եղիր:

ՀԵՐՍԻԼԵ. Այո, այո, հասկացա... Դեհ, գնա, հեռացիր, բարի ճանապարհ... Ոչ, ցտեսություն, շուտով կտեսնվենք... Գնա, որ նրան չհանդիպես... Համբուրվում են: Աննան համբուրում է նրան երկու, երեք անգամ, արագ-արագ և շտապում դուրս նախասենյակի դռներով:

ՏԵՍԻԼ 6

ՀԵՐՍԻԼԵ և ՎԻՐԺԻՆԵ

ՀԵՐՍԻԼԵ. (Ճանապարհ դնելով Աննային, մոտենամ է բուդարի դռներին)Վիրժինե...

ՎԻՐԺԻՆԵ. (Երևում է դռների մեջ) Պատրաստ է:

ՀԵՐՍԻԼԵ. Ասա Սամսոնին, որ մի կառք կանչի: Շուտ և ինչ որ պատրաստել ես տար փողոց: Սպասիր: Քնեցի՞ն: Վաղուց:

ՎԻՐԺԻՆԵ. Վաղուց են քնել:

ՀԵՐՍԻԼԵ, Շտապիր...

ՎԻՐԺԻՆԵ. (Անցնում է նախասենյակ):

ՀԵՐՍԻԼԵ. (Մնալով մի քանի վայրկյան անշարժ) Այո, այո, ուրիշ ելք չկա... Բոլոր ճանապարհները, բացի այս մեկից,անբարոյական են, բոլորը... (Թույլ, անվստահ, քայլերով անցնում է բուդուար):

ՎԻՐԺԻՆԵ. (Ներս է մտնում նախասենյակից, նա չափազանց հուզված է. աչքերով փնտրում է Հերսիլեին, հետո մոտենում է բուդուարի դռներին և ականջ է դնում) Կարծեմ լալիս է...

ՍԱՄՍՈՆ. (Ներս է մտնում նախասենյակից) Կառքը պատրաստ է:

ՎԻՐԺԻՆԵ. (Ցույց է տալիս նախասենյակի կողմը) Այնտեղ, դռների մոտ մի կապոց եմ դրել, տար, դիր կառքի վրա:

ՍԱՄՍՈՆ. (Գնում է):

ՀԵՐՍԻԼԵ. (Դուրս է գալիս բուդուարից գլխարկով, ձեռին մի փոքրիկ թղթե կապոց, մի քանի վայրկյան թուլացած կանգ է աոնում դռների մոտ. հետո, ուշքը ժողովելով, վհոական շարժում է անում) Ապագան ինձ կարդարացնի, թող ներկան դատապարտի: Մոտեցիր, Վիրժինե...

ՎԻՐԺԻՆԵ. (Հարձակվում է, բռնում է Հերսիլեի ձեռը, սեղմում է իր շրթունքներին) Մենք չենք կարող առանց քեզ...

ՀԵՐՍԻԼԵ. (Արտասուքը դաղելով) Քեզ եմ հանձնում, Վիրժինե, (Համբուրում է և շտապով մոտենում գրասեղանին, դրիք վերցնում, արագարագ մի քանի տող ցրում, ծրարում է, և. ծրարը թողնում սեղանի վրա):

ՎԻՐԺԻՆԵ. (Լուռ արտասվելով, աչքերով հետևում է նրան) Մենք ի՞նչ պիտի անենք...

ՀԵՐՍԻԼԵ. Չպիտի թուլասիրտ լինել... (Մի անգամ ևս համբուվում է Վիրժինեի հետ և շտապով անցնում նախասենյակ):

ՎԻՐԺԻՆԵ. (Աչքերը սրբելով, հետևում է նրան, փոքր ժամանակ բեմը մնում է դատարկ, հետ է գալիս նախասենյակից, մոտենում է լուսամատին, թեքվում, նայում ու հետ դառնում) Գնաց: Ինչո՞ւ արավ այդ բանը, տեր աստված... (Ուզում է գնալ բուդուար. նախասենյակից լսելով գանգակի ձայնը, ցնցվում է և մնում անշարժ, հետո շտապով անցնում է բուդուար):

ՏԵՍԻԼ 7

ԱՆՏՈՆ, ՄԱՐՄԱՐՅԱՆ, հետո ՎԻՐԺԻՆԵ, ՆԱՏԱԼԻԱ Ա և ՍՈԼՈՄՈՆ

ՄԱՐՄԱՐՅԱՆ.

(Անտոնի հետ նախասենյակից ներս մտնելով) Այդ ինչ վարմունք էր, ինչ երեխայություն: Թողնել նիստը ամենահետաքրքրական րոպեին և հեռանալ, այն էլ այնպես հանկարծակի: Նախագահին հարց ես տալիս: Նա ուզում է պատասխանել: Դու խոսքը կիսատ ես թողնում և հանկարծ դուրս գալիս: Այդ ուղղակի խելագարի վարմունք էր: Ցնորվել ես: Բոլորը ուշադրություն դարձրին քեզ վրա և սկսեցին քչփչալ...

ԱՆՏՈՆ. Թքել եմ բոլորի վրա: Թող ինձ համարեն խելագար: Ինձ քաշում էր այստեղ մի չար նախազգացում, Իլիա, նայիր, ականջ դիր, այնտեղ ոչ ոք չկա...

ՄԱՐՄԱՐՅԱՆ. Մի տանջիր քեզ հիմար կասկածներով, Անտոն, Հերսիլեն, երբեք թույլ չի տալ... (Կամաց-կամաց աոաջ գալով, մոտենում է գրասեղանին):

ԱՆՏՈՆ, (Դեպի բուդուար) Վիրժինե... Ո՞վ կա այդտեղ: (Ականջ է դնում) Ձայն չի լսվում: Սամսոնի դեմքը շատ կասկածելի էր:

ՎԻՐԺԻՆԵ. (Դուրս է գալիս բուդուարից և կանգնում դռների մոտ, գլուխը մեղապարտի պես կրծքին թեքելով): Ո՞վ կա այդտեղ: Սուրաթյանները գնացի՞ն:

ՎԻՐԺԻՆԵ. (Չի պատասխանում):

ՄԱՐՄԱՐՅԱՆ. (Նկատում է նամակը սեղանի վրա, վերցնում է) Այս ի՞նչ է: Նամակ քո անունով:

ԱՆՏՈՆ. (Խլելով նամակը, շտապով բաց է անում ու կարդում) Այդ արդեն ես չէի սպասում: (Տալիս է նամակը Մարմարյանին, գունաթափվելով) Կարդա:

ՄԱՐՄԱՐՅԱՆ. «Եթե մնայի քո տանը, կլինեի անբարոյական կին և վատ մայր: Թող ինձ համարեն անգութ ծնող, բայց կեղծել ու ստել չէի կարող: Մանրամասնությունները ճանապարհից»: (Նամակը կարդալուց մի քանի վայրկյան առաջ, ներս են մտել Նատալիան և Սոլոմոնն այնպես, որ նրանք լսում են ): Արծիվը խորտակեց վանդակն ու թռավ:

ԱՆՏՈՆ. Որպեսզի քաղցած սատկի

ՍՈԼՈՄՈՆ. Ոչ, ես նրան քաղցած չեմ թողնի

ԱՆՏՈՆ (Նատալիային) Ուրախացեք, ձեր աղջիկը հերոսուհի դարձավ: (Դառն հեկեկալեվ ընկնում է բազկաթոռի վրա):

ՆԱՏԱԼԻԱ.(Ամոթահար երեսը ծածկում է ):

Страницы: Начало Предыдущая 1 2 3 4 Следующая Конец