Շիրվանզադե Ալեքսանդր՝   Վարդան Ահրումյան

Մարդ ու կին հետաքրքրված գնացին թոնրատուն, և նրանց աչքերին ներկայացավ հետևյալ պատկերը. մի անկյունում Վարդանը վառ մոմը առջևը դրած, համարում էր մի բուռն արծաթե ու պղնձե դրամներ: Նա այնքան էր խորասուզվել իր հաշիվների մեջ, որ բնավ չզգաց ծնողների ներկայությունը: Նրա մանկական ճակատը խորշոմ ել էր, շրթունքները սեղմվել էին շունչը զսպելու չափ, ձեռները հուզումից դողում էին: Համրելով բոլոր դրամները, նա ձեռը դրեց ճակատին, նայեց թոնրատան սևացած առաստաղինի՞նչ սքանչելի նյութ ժամանակակից նկարչի կամ արձանագործի համար: Հետո նորից սկսեց համրել, նորից ձեռը դրեց ճակատին, պարզ էր, որ նրա հաշիվների մեջ կար ինչ-որ անճշտություն, որ մանուկը ճգնում էր պարզել: Եվ որքան ավելի էր համրում դրամը, այնքան նրա ձեռների դողոցն ավելանում էր, ականջներն ու այտերը կարմրում էին, շնչառությունը սաստկանում էր: Այդ յոթ տարեկան մանուկը մի խուլ անկյունում, ճարպյա մոմի աղոտ լույսի առջև, մթության ստվերներն երեսին հիշեցնում էր այն առասպելական ագահին, որ մեն-մենակ գիշերվա խորության մեջ է ստուգում իր գանձը և հրճվում մետաղի հնչյունով, որպես երաժիշտը իր հաջող ստեղծագործությամբ: Մանուկը լուռ խոսում էր իր հարստության հետ, որպես մենասեր իմաստունն իր մտքերի հետ:

Հրաշք է, տղա չէ, — անգիտակցաբար շշնջաց Աթանեսը իր կնոջ ականջին, բռնելով նրա թևը:

Նա կամացուկ մոտեցավ որդուն: Վարդանը գլուխը բարձրացրեց և իսկույն երկու ձեռներով ծածկելով դրամը, գոչեց.

Չե՛մ տա, չե՛մ տա, ո՛չ ոքի չեմ տա:

Նրա ձայնը, աչքերը, նրա ամբողջ կերպարանքն արտահայտում էին ութսունամյա վաշխառվի ոսկեմոլությունը:

Ո՞րտեղից են այդ փողերը, — հարցրեց հայրը:

Չեմ ասի, կծեծես ինձ:

Դախլի՞ց ես դուրս բերել:

Ոչ:

Գոզացե՞լ ես:

Ոչ. գողությունը մեղք է:

Հապա որտեղի՞ց են այդ փողերը:

Հավաքել եմ կոպեկ-կոպեկ, իմ աշխատածն է:

Քո աշխատա՞ծը, — զարմացավ հայրը, — դու ինչպե՞ս ես փող աշխատում, ասա, թե չէ կթակեմ...

Վարդանը ստիպվեց գաղտնիքը պարզել: Բանն այն է, որ մայրն ամեն օր նրան ուղարկում է մերձակա խանութը տան համար զանազան մանր-մունր բաներ գնելու` սապոն, մոմ, լեղակ, լուցկի, գետնախնձոր, սոխ և այլն: Վարդանն ամեն անգամ աշխատում է մի քանի կոպեկներ հետ դնել իր համար, և ահա չորս-հինգ ամսվա մեջ գոյացել է այդ գումարը:

Բայց ինչո՞ւ դախլի մեջ չես գցել, ջոկ ես պահել, — շարունակեց իր հարցուփորձը Աթանեսը:

Ուզում եմ իմանալ, ամիսը որքա՞ն եմ աշխատում:

Բայց դա աշխատանք չէ, գողություն է, — ասաց Գյուլումը, միանգամայն զարմանալով այդ փոքրիկ շահագործողի հակամանկական սառնասրտության վրա:

Իսկի էլ գողություն չէ, առուտուր է, — պատասխանեց Վարդանն ամենայն լրջությամբ, — խանութպանից գնել եմ ու քեզ ծախել, բոլոր առևտրականներն էլ այդպես են փող աշխատում, էժան գնում են, թանկ ծախում:

Կերա՞ր, — գոչեց Աթանեսը, միանգամայն հափշտակվելով որդու խելացի պատասխանով: — Բայց, — շարունակեց նա դառնալով Վարդանին, — այսուհետև էլ չանես այդպիսի բաներ: Լավ որսորդը տան հավերին չի սպանում: Մորիցդ գողանալով ինձնից ես գողանում, իմ կարողությունն էլ քոնն է, ուրեմն ինքդ կողոպտում ես քեզ, ուրիշներին կողոպտելու տեղ:

Առաջիկա աշնան սկզբին Աթանեսը որոշեց Վարդանին տալ ուսումնարան: Մի առավոտ մանկանը զարթեցրին սովորականից կանուխ: Մայրը նրա որովայնը ամրապնդեց մի զույգ ձվով. կարագ ու մեղրով և, օրհնելով, հանձնեց հորը:

Ճանապարհին Աթանեսն ամբողջ ժամանակ խրատում էր Վարդանին, բացատրելով ուսման նշանակությունը:

Տես, որդի, — տրամաբանում էր նա, — աշխարհն այ, օրինակ, այս չինարի պես մի ծառ է, մենք էլ մրջյուններ ենք նրա վրա կամ որդեր: Որդ կա, որ զալում է, համ շատ-շատ է ուտում, համ շուտ-շուտ, որդ էլ կա, որ ծույլ է, ուժ չունե, նա քաղցից սատկում է ու նրա մարմինն էլ են ուտում: Ուտելու համար ատամներ են հարկավոր, սուր ատամներ: Մարդուս ատամները նրա խելքն է: Ուսումը որ կա, մի սրոց է, խելքի սրոց: Եթե անուսում խելոքն արժե հինգ անխելքի, ուսում առած խելոքն արժե տասը անուսում խելոքների: Ուսում ունեցող մարդուն խաբելը շատ դժվար է, նա ինքը կարող է շատ խելոքների աղբյուր տանել և ծարավ հետ բերել: Տես, հիմա ես քեզ ուսումնարան եմ տալիս, փող եմ ծախսելու հա՜, հեշտ բան չիմանաս: Ես քեզ աֆարիմ չեմ ասի, եթե երկու-երեք տարուց հետո կոնսիստորի սեկրետար Ղահրաման-բեկի պես ռուսերեն չկոտրատես ու նրա նման չգրես: Ասենք Ղահրամանի հերն էլ գոռբեգոռ լինի, նա ի՞նչ մարդ է, այն օրը չիթ առնելիս չորս աբասիս կտրեց, տեսնո՞ւմ ես, ինձ խաբեց հաշիվների մեջ: Մարդ ամեն բան պիտի լավ իմանա, ևս առավել փողի հաշիվը: Հենց որ ուսումդ վերջացրիր, քեզ Աբրահամ աղայի եղբոր՝ Իսրայելի

հետ ուղարկելու եմ Մակարիա, որ ինձ համար դու ինքդ ապրանք գնես ու բերես, հերիք է ինչքան որ նա խաբեց ինձ: Ըհր՛, ես նրա հոր, պապերի յոթ պորտի գերեզմանները...

Վարդանը գլուխը քաշ լսում էր հոր խոսքերը, ամուր բռնած նրա ձեռը և մի քայլն երկուսն անելով, հազիվ կարողանում էր նրա հետ հավասար ընթանալ: Մերթ ընդ մերթ Աթանեսը այս կամ այն խրատը որդու մտքում ամուր դրոշմելու համար, այնպես պինդ էր սեղմում նրա ձեռը, որ մանուկը քիչ էր մնում ցավից ճչա:

Ուսումնարանում, — շարունակեց հայրը, — ոչ ոքի հետ չկռվես, բայց ոչ ոքի հետ էլ չբարեկամանաս: Գլուխդ քաշ բանիդ կաց: Ընկերներից օգուտ չկա, վնաս կարող է լինել, ևս առավել աղքատ ընկերներից, մեկը թուղթ կուզի, մյուսը գրիչ, մատիտ, ես ինչ գիտեմ ինչ: Ասեղ չտաս, որ աչքները կոխեն, իմանո՞ւմ ես, ասեղ, շուն շան որդիներին: Դե՛հ, հասանք ուսումնարան, քիթդ սրբիր, եթե փռշտալու ես, հենց այստեղ փռշտա, վերջացրու:

Ճիշտ այդ պահին Վարդանն երկու անգամ փռշտաց, որովհետև գիտեր, որ զույգ փռշտոցը խեր է, իսկ կենտը շառ, շրթունքները սեղմեց, քթի ծակերը մատներով փակեց, որպեսզի երրորդ անգամ չփռշտա:

Փա՜ռք աստծո, — գոհ եղավ Աթանեսը: — Հաջողություն է:

Ուսումնարանը գտնվում էր քաղաքի վերին մասում, ռուսաց եկեղեցուց ոչ հեռու: Դա մեկ ու կես հարկանի պարզ մի շինություն էր, դրսից պատերը կիրով սպիտակացրած: Հարևան տներից նա տարբերվում էր նրանով միայն, որ լուսամուտները երկաթե ցանցեր չունեին, երևի այն պատճառով, որ ներսում գողերի համար հրապուրիչ բան չկար:

Դռների առջև Աթանեսն իր գույնզգույն մեծ թաշկինակով մի անգամ էլ սրբեց Վարդանի քիթը, որի ծայրը, ի դեպ ասած, այն ժամանակ հաճախ հյութավորվելու վատ սովորությունն ուներ: Հայր ու որդի մտան մի բավական ընդարձակ գավիթ, որն երկու կողմերից պատսպարված էր տախտակյա ցանկապատով:

Դասերը դեռ չէին սկսվել, աշակերտները վազվզում էին գավթում: Տեսչի կացարանի առջև զբոսնում էին երեք-չորս զույգ սագեր, մի քանի հավեր և մի հնդկահավ, գլուխը հպարտորեն վեր ցցած ինչպես ցարական մի չինովնիկ: Մի քանի բադեր զվարճանում էին գետնի մեջ փորած ավազանում, կտցահարելով կեղտոտ ջրի երեսում լողացող փտած վարունգը և սեխի ու ձմերուկի կճեպները: Տեսնելով անծանոթ դեմքեր, մի շնիկ կատաղի հաչոցով վազեց առաջ: Աթանեսն իր կապայի երկայն թևերով փախցրեց անհյուրընկալ շնիկին, մտքում մի ազդու հիշոց ուղղելով նրա տիրոջ հասցեին:

Աշակերտներն անմիջապես շրջապատեցին նորեկին և սկսեցին նրան դիտել ոտքից մինչև գլուխ, առանձին ուշադրություն դարձնելով նրա ոսկեզօծ արծաթյա գոտիի և փայլուն կոշիկների վրա:

Մարթին Բաղդանիչը չայ է խմում, — ասաց մի թուրք աշակերտ:

Մարտին Բաղդանիչը ո՞վ է, — հարցրեց Աթանեսը:

Տեսուչը:

Լավ, իմացանք, — արտասանեց Աթանեսը և կապայի թևերը ուսերին գցելով, նստեց ուսումնարանի առջև դրած նստարանի վրա:

Աշակերտները նրա և Վարդանի առջև կազմեցին մի կիսաշրջան, մոռանալով իրենց վազվզոցն ու խաղը: Այստեղ կային մի քանի ազգերի ու կրոնների մանուկներ, յուրաքանչյուրը հագնված իր ծնողների ճաշակով և նյութական կարողության համեմատ: Ընդհանուր առմամբ մեծամասնությունը բաղկացած էր չքավորներից:

Հանկարծ Աթանեսի ուշադրությունը գրավեց շրջանից դուրս կանգնած մի տասը տարեկան մանուկ:

Պզտիկ, ա՜յ պզտիկ, — ասաց նա, — մի առաջ եկ ռեխըդ տեսնեմ:

Մանուկը մոտեցավ շփոթությունից արխալուղի թևը ատամներով կրծոտելով:

Ադա՛, դու փալան կարող Օհանի թոռը չե՞ս, ցորեն ծախող ցընգռ Ասատուրի տղան:

Այո՛, — պատասխանեց մանուկը ամաչելով իր հոր անվանը կպած ծաղրական ածականից, որ շարժեց աշակերտների միահամուռ ծիծաղը:

Ադա՛, մեջքիդ արծաթե քամար ես կապե՞լ: Փա՜հ, փա՜հ, հայրդ վաճառական է դարձել, ադա՛, դո՞ւ էլ ես ուսում առնում: Դե ասա աշխարհը լուսավորվեց, պրծավ, էլի՜: Փա՛հ, ես քո պապի փալանը, — կամեցավ ավելացնել Աթանեսը, բայց զսպեց իրեն և հարցրեց.

Անունդ ի՞նչ է...

Լևոն...

Օհո՜, դե ասա Լևոն թագավորի քթի ծակիցն ես ընկել, է՛լի: «Ա՜յ ես քո պապի փալանը», — նորեն կամեցավ ավելացնել Աթանեսը և նորեն զսպեց լեզուն: Վերջապես ուսումնարանի պահապան Մելքոնը ազդարարեց, թե Մարտին Բաղդանիչը գալիս է: Մի քանի վայրկյանում բակը դատարկվեց, աշակերտները վազեցին դասարանները: Աթանեսը ոտքի կանգնեց, չուխայի թևերը ուսերից ցած իջեցնելով, մի բան, որ ասիական սովորությամբ հարգանքի ու խոնարհության նշան է:

Մարտին Բաղդանիչը միջին հասակից քիչ բարձր մի մարդ էր, երեսը չեչոտ, կարճ միրուքով և կռտած բեղերով: Նրա աջ այտի վրա կար ինչ-որ վերքի հինգ կոպեկանոցի մեծությամբ մի սպի, որ նրա դեմքին տալիս էր սիբիրականի կերպարանք: Դժվար էր որոշել նրա տարիքը, որովհետև եթե կարճլիկ միրուքը ալեխառն էր, գլխի մազերն ու ունքերը տակավին սև էին, եթե ատամները փտած ու սևացած էին, քայլվածքն ուներ պատանեկան աշխույժ, ձայնը երիտասարդական հնչյուն: Նրա կռտած բեղերն ունեին քթախոտի գույն, երևի այն պատճառով, որ ծխախոտը ծխում էր առանց ծխափողի: Այս վերջին հանգամանքն ապացուցվում էր նաև նրա աջ ձեռքի երեք մատների դեղնածությամբ:

Նա դասարան մտավ գլուխը կրծքին թեքած, կարելի էր կարծել, որ մի աներևույթ ձեռ կմշտում էր նրա պարանոցը:

Հայրի՛կ, — ասաց Վարդանը, որ զուրկ չէր դիտողության ընդունակությունից, — տեսչի վզի վրա խոց կա:

Սո՛ւս, — սաստեց նրան Աթանեսը, — գլո՛ւխ տուր:

Հայր ու որդի հետևեցին տեսչին: Սկզբում Աթանեսը շփոթվեց տեսչի կապտագույն մունդիրից ու դեղնագույն կոճակներից, բայց, շուտով հիշելով, որ երկու տարի առաջ այդ մարդուն վաճառել է մի քանի արշին մահուդ, հազաց և մտքում ասաց. «քո չոփուռ երեսը...»:

Բարով ես եկել, Աթանես աղա, — արտասանեց տեսուչը, — ի՞նչ կհրամայես: Հա՛, որդուդ բերել ես, որ ուսում տամ: Լա՛վ, լա՛վ, շա՜տ լավ, կտանք է՛լի ի՞նչ կա: Սո՛ւս, գարշելինե՜ր, տեսնո՞ւմ եք, որ մարդու հետ եմ խոսում: Խոնարհ տղայի է նման: Անունդ ի՞նչ է, ա՛յ տղա: Վարդա՞ն: Լավ անուն է, զորավոր: Գրել-կարդալ իսկի չգիտե՞ս: Ոչի՛նչ, ոչի՛նչ, շուտով կսովորեցնենք: Լռելո՞ւ եք, թե չէ, ավազակնե՛ր,-գոչեց նա ձեռի քանոնը ուժգին զարնելով սեղանին:

Բայց աշակերտները չէին հանգստանում: Նրանք զանազան միմոսություններով աշխատում էին միմյանց ծիծաղեցնել, բոթում էին, խտխտում, թղթի կամ հացի գնդակներ արձակում իրար վրա:

Առանձնապես աչքի էր ընկնում թուխ դեմքով ու ծուռ քթով մի տասը տարեկան տղա: Նա այնքան ճարպիկ էր, որ ձեռնասուն կապկի պես կկզում էր սրա ու նրա ուսերին կամ գլուխը դնելով նստարանի վրա, ոտները ցցում էր օդի մեջ այն կարճ վայրկյաններին, երբ տեսուչը երեսը մի կողմ էր դարձնում:

Բանակցությունը Վարդանի վերաբերմամբ վաղուց վերջացած կլիներ, եթե Մարտին Բաղդանիչը բարեկամաբար չհետաքրքրվեր Աթանեսի մասնավոր գործերով: Այս էլ վերջացնելով, նա գանգատվեց իր պարանոցի խոցից:

Մի շաբաթ է քունը փախել է ինձնից, անիրավը ասեղի պես է ծակում վիզս: Սո՛ւս, գարշելինե՛ր, սո՛ւս, իժ օձի զավակներ: Ցավից գլուխս վերև չեմ կարողանում բարձրացնել, որ տեսնեմ ո՞վ է չարություն անում:

Ես տիմբալիդ ճարը գիտեմ, — ասաց Աթանեսը, կամենալով մի բանով օգնած լինել տեսչին:

Ասա՛, աստված սիրես, ասա՛:

Վերցրու մի գլուխ սոխ, միջից կես արա, վրեն դիր մի կտոր այծի ճարպ, պահիր կրակի վրա, լավ սիրուն տաքացրու ու կապիր վզիդ, համ չիրքը կքաշի, համ էլ ցավը կկտրի:

Այդ պահին քիթը ծուռ աշակերտը ինչ-որ բարդ սարդամորտայլ էր ուզում անել, հավասարակշռությունը կորցրեց և ընկավ հատակի վրա, բարձրացնելով ահագին աղմուկ ու փոշի:

Աշակերտները միաձայն քրքջացին:

Այդ ո՞վ էր, — գոչեց Մարտին Բաղդանիչը, — էհե՜, էլի դո՞ւ ես, գարշելիներից գարշելի՝ Մկիչ Չախմախչյան: Դե՛հ, առաջ եկ տեսնեմ, առաջ եկ ասում եմ, սատանի՛ ճուտ:

Մկիչը կրակոտ աչքերը տեսչի երեսին հառած անշարժ նայում էր, որպես թե ինքը չէ չարություն անողը: Նա գիտեր ինչու համար են իրեն կանչում: Մարտին Բաղդանիչը մի ձեռը պարանոցի վրա դրած, մյուսով քանոնը բարձրացրած, մոտեցավ նրան: Մկիչը փախավ: Տեսուչը վազեց նրա ետևից: Մանուկը բարձրացավ նստարանների վրա: Տեսուչը աջողեց բռնել նրա բաճկոնի փեշը: Սակայն Մկիչը ոստրեի պես դուրս սլկվեց, բաճկոնը թողնելով տեսչի ձեռքում և թռավ լուսամուտով փողոց:

Մի խումբ աշակերտներ տեսչի հրամանով դուրս վազեցին ոչ այնքան Մկիչին բռնելու, որքան մի քիչ ազատ վազվզելու մտադրությամբ:

Ա՜յ, տեսնո՞ւմ եք, պարոն Աթանես, ինչ գազանների հետ գործ ունեմ, — գանգատվեց Մարտին Բաղդանիչը, վզի ցավից չկարողանալով իր հայացքը Աթանեսի գոտկից ավելի վեր բարձրացնել:

Հոգիս են հանում գարշելիները: Մեր պահապան Մելքոնի որդին է, երեք անգամ արտաքսել եմ, էլի ընդունել: Ի՞նչ անեմ, հայրը խեղճ մարդ է, գալիս է ոտներս ընկնում, աղաչում, լաց լինում: Գազանին հազար կրթիր, գազան կմնա: Արջն ի՞նչ գիտի, վարդն ինչ է: Հա՛, ինչպես հրամայեցիր, սոխը կճպել, այծի ճարպը վրեն դնել, տաքացնել: Շնորհակալ եմ: Սո՛ւս, ավազակնե՜ր... լռություն:

Ներս բերեցին Մկիչին` մի թևից մի աշակերտ բռնած, մյուսից՝ Մելքոնը:

Մարտին Բաղդանիչ, — ասաց հայրը, — դրա աստվածը ճիպոտն է, տուր որ կտաս, ինձ ամոթալի թողեց քո աչքում շան ձագը:

Այն ժամանակները պետական դպրոցներում ծեծը արգելված չէր, և Մարտին Բաղդանիչը ամենայն հաճույքով գործադրում էր իր իրավունքը հաստատ համոզված, որ ծեծից ավելի զորեղ կրթության միջոց չկա: Նա Մկիչի ձեռների ափերին տվեց տասներկու հարվածներ քանոնի կողով, արտասանելով.

«Գարշելի՝ մեկ, ավանակ՝ երկու, շան ձագ՝ երեք, ավազակ՝ չորս, լիրբ՝ հինգ և այլն...»:

Մանուկը ծվծվալով գնաց իր տեղը, ձեռները ծոցը դրած, սակայն երկու րոպե չանցած՝ բաճկոնը հագավ և դեռ արտասուքը չցամաքած, սկսեց ծամածռություններ անել տեսչի, Աթանեսի և առանձնապես իր հոր ետևից:

Ծեծի տեսարանը Վարդանի վրա խոր տպավորություն գործեց: Նա մտքում երդվեց՝ ոչ մի կերպ չշարժել տեսչի բարկությունը:

Առաջին տարին Վարդանը ուսման մեջ ցույց տվեց բավական շնորհք և աշխատասիրություն: Սովորեց կարդալ ռուսերեն և հայերեն, նաև մի փոքր գրել: Նա ամեն երեկո դասերը կրկնում էր հոր մոտ և արժանանում նրա գովասանքին: Սակայն հանկարծ նրա բանականությունը կանգ առավ, ինչպես կամակոր մի էշ գետի մեջտեղում, և այլևս չէր ուզում առաջ երթալ: Բայց և այնպես, լինելով ի բնե աշխատասեր, վերցրեց ամենակարող համբերության մտրակը և սկսեց առաջ քշել բանականությունը, անխնա հարվածելով նրան: Եվ այն, ինչ որ ընդունակ աշակերտները յուրացնում էին ուղեղով, Վարդանը ձեռք էր բերում բառի բուն իմաստով քրտինքով: Միայն մի առարկայում նա ցույց տվեց առանձին շնորհք թվաբանության մեջ, որի չորս կանոնները յուրացրեց բացառիկ արագությամբ:

Վարդանի դասարանական հարևանը ձախ կողմից զինագործ Կարապետի որդի Մինաս Բելանյանն էր, շեկ մազերով, հեզ, նիհար, հիվանդոտ դեմքով մի բարեսիրտ և ընդունակ մանուկ: Հագնվում էր նա շատ աղքատ, նրա կապույտ կտավից կարած բաճկոնը կրծքի կողմում կարկատած էր մի քանի տեղ, իսկ նույն գույնի վարտիքն այնքան կարճ էր, որ ասուվյա կոշտ գուլպաների վերևից երևում էին նիհարիկ սրունքները: Նա մեջքին կապած էր բրդե հաստ գոտի՝ միակ բանը, որ նրան պաշտպանում էր ցրտից: Սակայն իր ցնցոտիների մեջ նա միշտ ավելի մաքուր էր մարմնով, քան որևէ մեկն աշակերտներից և այդ տեսակետից սևամորթ գառնուկների մեջ նա մեկն էր ճերմակներից: Նրան բոլոր աշակերտները սիրում էին անխտիր, որովհետև երբեք ոչ ոքի անախորժություն չէր պատճառում, ոչ ոքի չէր նախանձում և ոչ ոքի չէր մերժում իր օգնությունը, եթե կարող էր որևէ բանով օգնել: Իր համեստ նախաճաշը, որ լավագույն դեպքում բաղկանում էր նոր թխված հացից, պանրից և որևէ մրգից, երբեք մենակ չէր ուտում: Առաջին օրն իսկ նա խոստացավ Վարդանին իր աջակցությունը դասերի վերաբերմամբ և Վարդանը սիրեց նրան ու հետն ընկերացավ, իհարկե, այնչափ, որչափ կարող էր ընկերանալ ագռավն աղավնու հետ:

Մինասի կատարյալ հակապատկերն էր Վարդանի աջակողմյան հարևանը: Դա գդակ կարող Գալուստի որդի Մարտիրոսն էր: Նրա հակակրելի բերանը, նեղ ճակատի տակից գողնովի նայող աչքերը, թութակի կտուցի նման կեռ քիթը արտահայտում էին կրքոտ, նախանձոտ և քսու հոգի: Նրա ամենասիրելի զվարճությունն էր՝ միշտ կմշտել իր ընկերներին, միշտ դավաճանել նրանց, միշտ մանկական խաղերի ու կատակների մասին զեկուցանել ուսուցիչներին կամ տեսչին: Առաջին օրն իսկ նա երկու անգամ ցավեցնելու չափ կմշտեց Վարդանին, կարծես փորձելու համար՝ արդյոք նորեկի մարմինն իր հարևանությանը դիմանալու չափ ամո՞ւր է: Վարդանը ոչինչ չասաց, բայց մտքում որոշեց զգույշ լինել նրա հետ:

Այժմ Աթանեսը հրամայել էր որդուն ամեն օր դասերից ու ճաշից հետո գալ խանութ: Նա ուզում էր Վարդանին փոքր առ փոքր ծանոթացնել առևտրական գործերին:

Խանութը գտնվում էր Զիլզիլ քաղաքի վարի մասում, մի ծածկված քարվանսարայի մեջ: Այդ մի ոչ այնքան ընդարձակ սրահ էր երկու մասերի բաժանված: Ետևի մասը բռնված էր դեռ չբացված ապրանքների հակերով, առջևի մասը ներկայացնում էր բուն խանութը: Այստեղ ապրանքը դարսված էր հատակի վրա, պատերի տակ. այն երանելի ժամանակ Զիլզիլ քաղաքում բազմահարկ դարակների մասին գաղափար չունեին: Աթանեսը սովորաբար ծալապատիկ նստում էր խանութի մեջտեղում, մինդարի վրա կամ չոքում էր պարսկի պես, առջևն ունենալով պարսկական «գյազը» ու մի համարակալ, որ տեղ-տեղ հիշեցնում էր պառավի ատամներ հատիկների պակասության պատճառով:

Վարդանը նստում էր խանութից դուրս, սաքվի վրա: Մուշտարին գալիս՝ նա իսկույն ոտքի էր կանգնում, ձեռները դնում էր կրծքին և սպասում հոր հրամաններին: Նա օգնում էր Աթանեսին կերպասի կտորները բաց անելում ու ծալելում և վաճառված ապրանքը փաթաթելում: Նա ավլում էր խանութը, մուշտարիներին խմելու ջուր էր մատակարարում, նրանց ծխաքարշի վրա կրակ էր դնում և այլ նման ծառայություններ մատուցանում:

Շուտով Աթանեսը հանձնարարեց նրան՝ վաճառել ապրանքների հակերից մնացած խսիրներն ու պարանները: Գոյացած դրամի կեսը պիտի տար հորը, մյուս կեսը գցեր իր տուփի մեջ: Այս նրա առաջին փորձն էր վաճառականության, և Վարդանը ցույց տվեց իր զարմանալի ձիրքը: Մուշտարուն տեսնելուն պես, նա շտապում էր ցցվել նրա առջև, մարդու դեմքից գուշակելով, թե եկողին ինչ է հարկավոր ևթե նա լո՞ւրջ գնող է, թե դատարկախոս: Նա իր խսիրներն ու պարանները, նաև կոտրտված արկղները գովաբանում էր այնպիսի ջերմեռանդությամբ և ոգևորությամբ, որպես պարսիկ դերվիշներն էին ամեն օր խանութների առջև փառաբանում Ռուստամ-Զալի ասպազենը:

Երեկոները, երբ առևտուրը վերջանում էր, Վարդանը կողպում էր խանութի դռները և, բանալիները վերցնելով, հոր հետ տուն էր վերադառնում: Այդ միջոցներին նրա դեմքի վրա նշմարվում էր առանձին լրջություն, որով խիստ տարբերվում էր փողոցներում վազվզող հասակակիցներից: Նա ինքը զգում էր իր գերազանցությունը, և այս ինքնազգացումը արտահայտում էր բանալիների միջոցով, որոնց զրնգացնում էր, մանավանդ իր դասակիցներին տեսնելիս այն թափով, որով հափշտակված աշուղն է զարնում սազի լարերին:

Տանը նա հորը ենթարկում էր մանրամասն հարցուփորձի այս կամ այն ապրանքի մասին: Հայրը հրճվում էր նրա հարցասիրությամբ և իր պատասխաններն արագ ու ճիշտ ըմբռնելու զարմանալի ընդունակությամբ:

Կարճ ժամանակում Վարդանն այնքան սիրեց վաճառականությունը, որ կարելի է ասել ուսումնարանն էլ դարձրեց իր համար մի տեսակ շուկա: Սկսեց աշակերտներին մի-մի կամ երկու-երեք կոպեկով վաճառել ամեն ինչ, որ կարող էր՝ ընկույզ, շագանակ, աղանձ, հալվա, եփած սիսեռ, փոխինձ և այլն: Երբեմն պաքսիմատը փաթաթում էր թղթի մեջ, քարով ծեծում մանրացնում, խառնում շաքարի հետ ու պտղուցը մի կոպեկով բաժանում: Առևտուրը նրան ավելի էր հետաքրքրում և զբաղեցնում, քան դասերն ու ընկերական խաղերը: Այս առթիվ քիթը ծուռ Մկիչը նրան ենթարկում էր ամենաթունդ հեգնանքի, թե՛ խոսքով և թե՛ գործով: Անդուլ չարաճճին Վարդանի համար դարձել էր մի տեսակ հալածիչ: Ինչ ասես անում էր փոքր վաճառականին կատաղեցնելու համար, խլում էր նրա ձեռքից «ապրանքը», բարձրանում էր ուսումնարանի տանիքը, նստում էր եզրին, ոտները ցած գցելով, և նրա աչքերի առջև անուշ անում հալվան, փոխինձը: Երբեմն իր շուրջն էր ժողովում ընկերներին և ավարը բաժանում էր նրանց: Հետո յուրաքանչյուրին տալիս էր մի-մի թղթի կտոր և պատվիրում վճարել Վարդանին: Աշակերտները քրքջալով ու ոստոստալով մոտենում էին Վարդանին և ասում.

Սովդաքար, ա՛ռ ապրանքիդ գինը:

Սակայն այս բոլորը Վարդանին չէր վհատեցնում: Հակառակ իր հոր սկզբունքին՝ նա բնազդաբար զգում էր, որ մարդկանց բարեկամությունը միայն կարելի է շահագործել, իսկ մարդատյացությունից օգուտ չկա, ուստի աշխատում էր ոչ ոքի հետ չկտրել իր հարաբերությունը: Միևնույն ժամանակ, ոչ ոքի վատությունը չէր մոռանում և հարմար միջոցին վրեժն առնում էր յուրովի: Այսպես, օրինակ, մի անգամ գանգրահեր Լևոնը, ցընգռ Ասատուրի որդին Վարդանին ծաղրել էր, անվանելով նրան «փորսող»: Ոխը մնացել էր Վարդանի սրտում: Մի օր Լևոնը մոռացել էր տնից նախաճաշ բերել: Վարդանը իր հացը բաժանեց երկու մասերի, մեկի վրա դրեց մի քիչ խավյար ու ասաց. «Ա՛ռ, կեր, ես քեզ հյուրասիրում եմ»: Հազիվ Լևոնը ձեռքը պարզել էր, Վարդանը հացը ձգեց կեղտոտ ավազանի մեջ, ասելով. «Եթե քաղցած ես, կարող ես վերցնել և ուտել»: Հետո սկսեց իր բաժինը ուտել, անոթի ընկերոջ ախորժակն ավելի բորբոքելու համար:

Մի օր նա ուսումնարան բերեց տասը հատ փայտյա գեղեցիկ գդալներ: Օսմանը շնորհքով մարդ էր. նա էր շինել այդ գդալները: Որպեսզի քիթը ծուռ Մկիչը չխանգարի իրան, գդալներըց մեկը նվիրեց նրան և չարաճճին ինքը հանձն առավ վաճառել «ապրանքը»:

Մածուն ուտելու գդալ ո՞վ է ուզում, հատը երեք կոպեկ, — գոռում էր նա բակում վազվզելով:

Մինչև դասերի վերջը, նա բոլոր գդալները վաճառեց և դրամը լիովին վճարեց Վարդանին:

Զատիկ օրը Աթանեսը Մարտին Բաղդանիչի համար ուղարկեց մտքում խոստացած մի գլուխ շաքարն ու մի ֆունտ թեյը, ավելացնելով վեց հատ թաշկինակ: Հետո ինքը բարեհաճեց անձամբ գնալ տեսչի մոտ՝ տոնը շնորհավորելու միակ այցելությունը, որ այդ օրն արավ, բացի, իհարկե, Աբրահամ աղայից: Մարտին Բաղդանիչը նրան ընդունեց խորին հարգանքով և բարեկամաբար կշտամբեց.

Թող աստված վկա լինի, — ասաց նա, — որ ես նվերդ չէի ընդունիլ, եթե իմանայի, որ ինձնից չես վիրավորվիլ:

— «Սուտ ես ասում, անիրավ», — պատասխանեց մտքում Աթանեսը, մի թունդ հիշոց ավելացնելով:

Խոսեցին Վարդանի մասին:

Աչքիս լույսի պես եմ սիրում, — ասաց Մարտին Բաղդանիչը, — շատ խոնարհ տղա է, արարքներից երևում է լավ օջախի զավակ լինելը: Մինչև օրս մի անգամ էլ չեմ ծեծել, իսկ ես, ինչ մեղքս թաքցնեմ, սիրում եմ մեկ-մեկ ծվծվացնել աշակերտներիս: Շատ էլ աշխատասեր է, Պողոս-Պետրոսը վկա: Պաժալստա, ծխեցեք, երևելի թյություն է, Սամսոնի իսկական դյուբեկ է, աշակերտներիցս մեկի հայրն է ինձ ուղարկել: Չէ, աստված պահի, լավ որդի ունեք, իսկ ընկերների հետ չի կռվում, ուրիշներն էլ կռվելիս քաշվում է մի կողմ, մտիկ անում: Եթե միմյանց մորթեն էլ, չի մոտենալ: Իսկ երբ իրեն դիպչում են կամ հայհոյում, իսկույն գալիս է ու ինձ գանգատվում: Հավանեցի՞ք թյությունը, շատ լավն է: Հա՛, չմոռանամ ասել, վզիս խոցը լավացավ, Վարդանն ասած կլինի, ձեր դեղն օգնեց երեք օրում:

Դռների մոտ իր հյուրի ձեռը մի քանի անգամ սեղմելով անփույթ եղանակով ասաց.

Լաջվերդի գույն մահուդ ունե՞ք:

Կգտնվի:

Պաժալուստա, մի բրյուկացու կտրեցեք, տվեք Վարդանին բերի, փողը նաղդ կտամ: Բրյուկիս քամակը մաշվել է, ա՛յ, տեսեք, ամոթ չլինի...

Եվ Մարտին Բաղդանիչը, երեսը դարձնելով, հետ արավ մունդիրի փեշը և ցույց տվեց պանթալոնի մաշված տեղը:

Աչքիս վրա, — ասաց Աթանեսը, իսկ մտքում ավելացրեց. «Քո էլ, շալվար կարողիդ էլ յոթը պորտը... լիրբը չի ամաչում, քամակն է ինձ ցույց տալիս...»:

Մի օր բարի Մինասը դարձավ Վարդանին.

Մեր տուն կգա՞ս:

Վարդանը տատանվեց անմիջապես պատասխանելու: Ամաչում էր ասել, որ հայրը պատվիրել է ոչ ոքի հետ մոտիկ բարեկամություն չունենալ, մանավանդ մի ինչ-որ զինագործի որդու հետ:

Որ ձեր տուն գամ, ինձ ի՞նչ կտաս:

Ինչ կտա՞մ, — արտասանեց Մինասը, չգիտենալով ինչով կարող է գրավել վաճառականի որդուն, — մածուն սիրո՞ւմ ես: Մենք մի լավ կով ունենք, մայրս է կթում, ամեն օր մենք ուտում ենք մածուն, թանով, կաթնով: Սիրո՞ւմ ես:

Ես սեր եմ սիրում:

Սե՞ր, հա՛, համեղ բան է, բայց մայրս մեզ սեր չի տալիս: Կարագ է պատրաստում ու ծախում: Լավ, կասեմ մորս, որ վաղը քեզ համար սեր պատրաստի: Կգա՞ս:

Վարդանն այլևս չկարողացավ իրեն զսպել ու ասաց.

Բայց ես քո ընկերը չեմ:

Ինչո՞ւ:

Հայրս ասում է, վաճառականի որդին իրան պետք է հպարտ պահի, ամեն մեկի հետ չընկերանա:

Հա՜ ա՜, — արտասանեց Մինասը անգիտակցաբար նայելով Վարդանի ոսկեզօծ գոտուն ու փայլուն կոշիկներին, կարմրեց, — ես չէի իմանում: Այդ մասին ավետարանում գրվա՞ծ է:

Ավետարանն ի՞նչ գործ ունի այստեղ:

Ինչպես չէ, հայրս ամեն երեկո կարդում է ու ասում «Ամեն օրենք ու հավատ ավետարանից է գալիս»: Ուրեմն մեր տուն չե՞ս կարող գալ, ամո՞թ է, ափսո՜ս...

Սակայն Վարդանը չէր ուզում վիրավորել բարեսիրտ դասընկերոջը, որ ամեն օր նրան օգնում էր դասեր սովորելուն ուստի հարցրեց.

Ձեր կովը հորթ ունի՞:

Իհարկե, ունի: Մի շատ սիրուն, չաղ հորթ է: Ամեն օր ճաշից հետո տանում եմ նրան քաղաքից դուրս արածացնելու:

Ասում ես էգուց կիրակի՞ է:

Կիրակի է:

Մեր խանութը փակ է լինելու, դաս չկա, տեսնենք, կարելի է, որ գամ:

Շա՛տ լավ, — ուրախացավ Մինասը, — ուրեմն մայրիկիս կասեմ, որ քեզ համար սեր պահի:

Հապա ինձ չե՞ս կանչում, — մեջ մտավ նախանձոտ Մարտիրոսը, որ լսել էր այդ խոսակցությունը:

Դու առանց կանչելու էլ, ամեն օր գալիս ես, — պատասխանեց Մինասը:

Թող էգուց չգա, — շշնչաց Վարդանը Մինասի ականջին:

Նա իր հոգու ամբողջ զորությամբ ատում էր Մարտիրոսին:

Ի՞նչ ես փնթփնթում, — գոչեց նախանձոտ տղան, իր մատների հոդերով բոթելով Վարդանի կողը, — աա՜, հասկացա, չես ուզում, որ ես գնամ, հա՜, վաճառականի որդի չեմ, հա՜ հայրս գդակ կարող է, հա՞, սպասիր, ես քեզ տեղը եկած ժամանակ ցույց կտամ, թե ում հայրն է ավելի պատվավոր մարդ, ի՞մը, թե քոնը...

Զինագործ Կարապետի տնակը գտնվում էր արվարձանի վերջում, որից դենը կային միայն մի քանի խրճիթներ, այնուհետև քաղաքը վերջանում էր: Այդ տնակը բաղկացած էր երկու ոչ ընդարձակ սենյակներից, սրանց կից գոմից և թոնրատնից, որ միևնույն ժամանակ և խոհանոց էր:

Վարդանին այնտեղ ընդունեցին մեծ հարգանքով, ինչպես վայել էր վաճառականի որդուն: Կարապետը, որ այդ ժամանակ նաժդակով սրբում էր մի հրացանի փող, իսկույն մի կողմ դրեց զենքը և ոտքի կանգնեց, արխալուղի փեշերը թափ տալով, իսկ նրա կինըԹագուհին գրկեց ու համբուրեց Վարդանին ասելով. «Աստված քեզ ջուխտ ձեռներով պահի մորդ համար, բալա»: Դա սիրուն դեմքով, հազիվ քսանյոթ տարեկան մի կին էր գեղեցիկ աչքերով, սև ունքերով, բաց գույնի մազերով: Հարևան կանայք նրան նախանձում էին որ չէր ուզում իր մազերը հինայով ներկել իրենց պես և այս պատճառով նրան անվանում էին «մատուշկա»: Թեև այս բառն այն ժամանակվա տեղական հայ կանանց բերանում ուներ վատ իմաստ, բայց Թագուհին չէր վիրավորվում և ծաղրողներին ներողամտաբար ժպտալով, պատասխանում էր. «Ի՞նչ անենք, թող մատուշկա լինեմ, ի՞նչ վատ բան է»: Ով գիտե, գուցե բնական ճաշակը նրան թելադրում էր, թե շեկ մազերը խիստ ներդաշնակում են իր խոշոր աչքերի մուգ գույնին ու սև ունքերին:

Կարապետն իր կոշտ ձեռքով սեղմելով Վարդանի ձեռը նորեն նստեց և սկսեց մաքրել մի սոսկալի երկայն ու կեռ դաշույն, այնպիսի թափով ու եռանդով, որպես ավազակ Սպարաֆուչիլոն Ռիգոլետտո օպերայում:

Աթանես աղան, — ասաց նա դաշույնը պահելով լուսո դեմ, որ տեսնի չկա՞ արդյոք նրա վրա որևէ բիծ, — մեր քաղաքի սյուներից մեկն է, մեր պարտքն է նրա որդուն պատիվ ցույց տալ: Ա կնիկ, երեխային մի բան տուր ուտելու:

Այդ մարդու սիրած զբաղմունքներից մեկն էր միշտ որևէ բանով հյուրասիրել իր որդու հասակակիցներին:

Ամեն երեկո իր արհեստանոցից տուն վերադառնալիս, փողոցում մանուկներին բաժանում էր զանազան մրգեղեն: Եվ մանուկները սիրում էին նրան, այդ կլորիկ դեմքով, մի փոքրիկ ցցված այտերով, մեծ ու բարեհամբույր բերանով մարդուն, որի աչքերը, չնայելով իրենց քառասունամյա տարիքին, արտահայտում էին մանկական անմեղություն: Նա ոչ միայն բարի էր, այլև համբերողամիտ. կնոջ հետ վարվում էր մեղմ, զավակներին պաշտում էր և երբեք նրանց չէր ծեծում: Նա գիտեր գրել-կարդալ, որովհետև քահանայի որդի էր: Երեկոները ազատ ժամերին նա կարդում էր ավետարան կամ աստվածաշունչ, վանկ-վանկ, յուրաքանչյուր բառն առանձին շեշտելով, մերթ ընդ մերթ բառերի կիսում կամ տողավերջերում վերջակետ դնելով: Մի բան, որ երբեմն Մինասին ծիծաղ էր պատճառում:

Ներս մտավ Մարտիրոսը և իսկույն հոգեկան պահանջ զգաց Վարդանին որևէ մարմնավոր ցավ պատճառելու, բոթելով կամ կմշտելով, մանավանդ երբ նրան տեսավ Կարապետի կողքին նստած:

Թագուհին մեջտեղ բերեց սերի գավաթը և սկուտեղի վրա մի ամբողջ թեժ հաց ձեռով կտրտած (դանակով կտրելը մեղք էր համարվում):

Ես էլ եմ ղայմաղ ուզում, — գոռաց նրա դուստրը, երեք տարեկան Հերիքնազը, սենյակի մի անկյունից:

Վարդանը նայեց այն կողմը և բարձրաձայն ծիծաղեց: Հերիքնազը իր մեկուկես տարեկան եղբոր՝ Սամսոնի հետ միևնույն ափսեից մածուն էր ուտում: Սամսոնի ձեռները, տակավին լավ ուսումնասիրած չլինելով ստամոքսի ճանապարհը, մածունը, նախքան բերանին մոտեցնելը, քսում էին քթին, ծնոտին, ականջներին, ճակատին: Այժմ նա այնքան շաղախել էր իր կերպարանքը, որ ամբողջ դեմքից երևում էին միայն սաթի պես սև աչքերը:

Следующая страница