Շիրվանզադե Ալեքսանդր՝   Վարդան Ահրումյան

Ինչո՞ւ ագահությունից կուրացանք և մեր ազնիվ անունը խայտառակեցինք ամբողջ քաղաքում, — ասում էր նա: — Մառոզովը, եթե ունենա, կարող է երկուսիս էլ օրենքով բանտ նստեցնել:

Մառոզովը շատ է հեռու այստեղից: Ոչ ոք ռիսկ չի անի Մոսկվայից գալու, որ մեր դեմ դատ սկսի: Ռուսները Կովկասը ավազականոց են համարում և մեր դաշույնից վախենում են: Բացի դրանից, ի՞նչ բան է Մառոզովի համար վաթսուն հազարը: Ոչի՜նչ: Մի մոռանար, որ մենք ոչ առաջինն ենք, ոչ էլ վերջինն ենք լինելու:

Ավելի ճնշիչն Աբրահամի համար Աթանեսի մահն էր: Այդ անսպասելի մահը ծանրացել էր նրա հոգու վրա այնչափ, որ պատրաստ էր իր պարտքը լիովին վճարել հանգուցյալի ընտանիքին, միայն թե կարողանար լռեցնել վրդովված խղճի ձայնը: Բայց Իսրայելը չէր թողնում, սպառնալով.

Եթե դու այդ անես, ես քեզնից կբաժանվեմ:

Ինչո՞ւ:

Որովհետև էշի վրա նստելը մի ամոթ է, էշից իջնելը երկու: Եթե հիմա մեր պարտքը տանք Աթանեսի ընտանիքին, թերահավատներն էլ կհավատան, որ սուտ ենք սնանկացել: Այն ժամանակ Մառոզովն էլ մանեթին մանեթ կպահանջի, մինչդեռ նա այժմ համաձայն է մանեթին քսան կոպեկ ստանալ, բացի դրանից, միևնույնն է, Աթանեսին գերեզմանից դուրս բերել և կյանք տալ չես կարող քո հիմարությամբ: Ո՞վ էր նրան ստիպում մեռնել, ծեր մարդ էր, ժամանակը եկել էրմեռավ: Մաղթենք, որ աստված նրա հոգուն մի լավ տեղ տա մյուս կյանքում: Աշխարհ է, եթե մեկը չընկնի, մյուսը չի բարձրանալ: Խիղճը լավ բան է, բայց քանի՞ գրոշ արժե նա շուկայում: Եթե Մառոզովին թեթև հարված չտայինք և Աթանեսին չտապալեինք, մենք էինք տապալվելու, որովհետև մեր գործերը շատ վատ էին գնում: Գիտես Աբրահամ, ես լսել եմ, որ երբ ծովի վրա երկու նավեր գալիս են իրարու դեմ և նրանց ընդհարումն անխուսափելի է, յուրաքանչյուր նավավար աշխատում է, որ իր նավը կտուցով դիպչի հակառակորդին, և կործանվում է այն նավը, որը իր կողովն է ընդհարվել: Ահա եղբայր, այսօր մենք մեր նավն ազատելու համար խորտակել ենք Աթանեսի նավակը, այն էլ ոչ ամբողջովին, որովհետև գիտենք, որ, բացի մեր կերածից, նա էլի քիչ թե շատ կարողություն թողել է և նրա ընտանիքը սովից չի մեռնի:

Այս խոսքերը, միանալով Իսրայելի ազդու, եռանդուն ձևերի, նրա դեմքի խրոխտության, նրա ձայնի համարձակ ու համոզիչ արտահայտությանը, ազդեցին Աբրահամ աղայի հոգեբանության վրա, և նա սկսեց մտածել, որ իրավ չափից ավելի մեծ նշանակություն է տվել իր վարմունքին Աթանեսի վերաբերմամբ: Նա լռեց որպես համաձայնության նշան և այնուհետև այլևս չարտահայտեց որևէ կասկած այդ վարմունքի օրինականության մասին, մանավանդ այն պահից, երբ լսեց, որ Մարիամի ամուսին Ստեփան Փորսողյանը Աթանեսի կնոջը, այսինքն՝ իր զոքանչին և նրա որդուն խորհուրդ է տալիս համաձայնվել Դալբաշյաններից ռուբլուն քսան կոպեկ ստանալու պայմանին:

Սակայն դժբախտությունն այնքան խախտել էր Գյուլումի հավատը դեպի մարդիկ, որ նա իր փեսայի անկեղծության մասին էլ էր կասկածում: Միակ մարդը, որին կարող էր անպայման հավատալ, հարազատ եղբայրն էր՝ Սարգիս Հախվերդյանը: Բայց նա էլ տասնուհինգ տարուց ավելի բացակա էր Զիլզիլ քաղաքից և առևտրական գործերով թափառում էր զանազան վայրերում: Վերջին տարիները նրա նամակները ստացվում էին Անդրկասպյան երկրից: Այդտեղ նա քայլ առ քայլ ուղեկցում էր ռուս զորքերի հաղթական արշավանքին, որպես օղու մատակարար մի պատերազմող գնդի:

Վարդանը իր մոր կողմից գրեց քեռուն, որ շտապե գալ և կարգի բերել հանգուցյալի գորւծերը: Մի ամիս անցած՝ Հախվերդյանն եկավ: Քույրերը հազիվ ճանաչեցին նրան: Զիլզիլ քաղաքից հեռանալիս Սարգիսը քսանումեկ տարեկան տղա էր՝ բարակ, աղվամազ բեղերով, նիհար ու թուլակազմ: Այժմ առողջ, կարմրերես տղամարդ էր արդեն՝ բավական ճերմակած քունքերով և ճաղատ գլխով: Նրա ամբողջ գոյությունից բուրում էր գործնական, ինքնավստահ մարդու այն աշխույժը, որ կամքի զորությունից զուրկ մարդկանց ներշնչում է նախանձ, ատելություն, նույնիսկ երկյուղ: Թափառելով երկրից երկիր, պարապելով ամեն տեսակի առևտրական գործերով, շփվելով ամեն տեսակի մարդկանց հետ, կրելով հազար ու մի դժվարություններ, այժմ, կյանքի բովով անցած, երեսունևութ տարեկան հասակում մի գրանիտ էր, որին ոչ մի մուրճ չէր կարող ջարդել: Առանց ժամանակ կորցնելու՝ նա ձեռքն առավ իր քրոջ գործերը, մտավ Դալբաշյանների հետ բանակցության մեջ և իսկույն հասկացավ ինչ տեսակ մարդկանց հետ գործ ունի ու շտապեց հաշիվները վերջացնել ռուբլուն քսան կոպեկով: Այնուհետև նա Աթանեսի խանութի ապրանքների մի մասը վաճառեց մանրավաճառներին և հաշիվները բարեխղճաբար ներկայացրեց Գյուլումին: Այդ վաճառման մեջ նրան օգնեց Վարդանը, և դեռահաս պատանին ցույց տվեց այնպիսի հաշվագիտություն, մտքի այնպիսի արթնություն, որ միանգամայն հիացրեց Հախվերդյանին: Բա՜ա, այս մանուկն ինքնըստինքյան մի գանձ է: Մի փորձված ու հմուտ վաճառականի ձեռքի տակ նա կարճ ժամանակում կարող է դառնալ հազվագյուտ օգնական: Մեղք է նրան թողնել Զիլզիլի նման մի հետամնաց խուլ քաղաքում:

Գյուլում, — դարձավ նա մի երեկո քրոջը, — թող Վարդանին հետս Բաքու տանեմ:

Գյուլումը սարսափեց: Ի՞նչ, նա թույլ տա իր միակ որդին օտարություն գնա՞: Այդ անկարելի է, երբեք այդ չի լինի:

Հերիք չէ՞, — ասաց նա, — որ ինքդ գնացիր, թողնելով մորդ արտասուքի մեջ: Խե՜ղճ կին, նա քո հոգսից մեռավ:

է է՜, չէ՜, իմ հոգսից մեռավ: Պառավեց, մեռավ էլի: Զարմանալի արարածներ են մայրերը, փաթաթվում են իրենց որդկերանց վզին, խեղդում են նրանց իրենց գրկում,

չթողնելով, որ ազատ շունչ քաշեն: Եթե ես ժամանակին հայրական տնից չփախչեի, ով գիտի այսօր քաղցած մուրացկան պիտի լինեի:

Ինչ լավ ես ասում, քեռի սրտիցս խոսեցիր, — գոչեց Վարդանը, որ արդեն սկսել էր ձանձրանալ մոր հսկողությունից:

Լավ, վայնասուն մի՛ բարձրացնիր, քույր, — շարունակեց Սարգիսը, — քեզ էլ Վարդանի հետ կտանեմ Բաքու: Վարդանը խելքը գլխին տղա է, ի՞նչպես կարելի է թողնել նրան այս կորած մոռացված քաղաքում: Նա այստեղ չի կարող օրինավոր մարդ դառնալ, այստեղ մարդ չկա, որի հետ կարողանա երկու խոսք խոսել քաղաքավարի: Գործ էլ չկա այստեղ վաճառականի համար: Այ, ուրիշ բան է Բաքուն, հիմա ով գլխում մի հավի խելք ունի, այնտեղ պիտի գնա: Հինգ տարի է չէի տեսել, այս անգամ անցնելիս երեք օր մնացի, տեսաչճանաչեցի. այնքան փոխվել է, էլի կփոխվի, շատ կփոխվի: Բաքու, Բաքու, ուրիշ ոչ մի տեղ: Ես ուզում եմ այնտեղ մի լավ մագազին բաց անել, առաջին կարգի: Տեղն էլ մտքումս նշանակել եմ, ծովի ափին:

Քեռի, ինչի՞ մագազին ես ուզում բաց անել, մանուֆակտուրայի՞, — հետաքրքրվեց Վարդանը:

Ի՞նչ, մանուֆակտուրայի՞, — գոչեց Սարգիսը արհամարհանքով, — աստված խելքս առե՞լ է ինչ է, ի՞նչ շահ կա չիթ ու կտորի առևտրում, արշինին մի կամ երկու կոպե՞կ: Թյու: Մանուֆակտուրան անշնորհք մարդկանց համար է, որ նստեն և օրը մինչև երեկո արշինով ճանճեր փախցնեն:

Հապա ո՞ր առևտուրն է լավ, — շարունակեց հետաքրքրվել Վարդանը:

Գաստրոնոմիչեսկիյ, — պատասխանեց Սարգիսը, բառի յուրաքանչյուր վանկն արտասանելով առանձին շեշտով:

Առհասարակ նա իր խոսվածքը համեմում էր օտար բառերով ու դարձվածքներով: Մի բան, որ կրկնապատկում էր Վարդանի հարցասիրությունը և վառվռում նրա հարգանքն ու պատկառանքը դեպի մորեղբայրը:

Գիտե՞ս ինչ է գաստրոնոմիչեսկիյ, — հարցրեց նա, տեսնելով Վարդանի զարմացական հայացքը: — Չգիտես, տեսնում եմ: Խեղճ տղա, ի՞նչպես կարող էիր գիտենալ, քանի որ կյանքումդ չես տեսել: Գաստրոնոմիչեսկին ամենամոդային, ամենաշահավետ առևտուրն է: Դա կնշանակե ընտիր խմիչքների ու թանկագին ուտելիքների մաղազին...

Ուրեմն գինետուն է բաղկալի դուքանի հետ էլի, — ընդհատեց Վարդանը, ծիծաղելով:

Ի՞նչ ես ասում, — գոչեց Սարգիսը գրեթե վիրավորված, — բաղկա՜լ, չէ՛ չախկալ: Դու կարծում ես, ես տանձ ու խնձոր կամ գինի ու կոտեմ եմ ծախելու: Նետ, բրատեց մոյ, իմ ասածն ուրիշ բան է: Ես այնպիսի բաներ պիտի պահեմ իմ մաղազինումը, որ տեսնողի բերանի ջուրը գնա: Մի կողմում դարսած կլինեն կոնյակ, ռոմ, խերես, պորտվեյն, վերմուտ, մարսալա, շամպայն: Մյուս կողմում ինչ ուտելիք որ ասես, տապակած գառ, խոզի ապուխտ, խոզի ճուտ, հնդուհավ, հորթի միս, հետո պես-պես կոնսերվներ, տեսակ-տեսակ պանիրներ արտասահմանից բերած, չեստեր, ռոկֆոր, ժերվե և այլն, և այլն, ո՞ր մեկն ասեմ: Բաղկալի դուքա՜ն, չէ մին, ձե՞ռ ես գցում ինձ ինչ է: Մեծ, շատ մեծ մաղազին է լինելու հորդ խանութի քսանի չափ: Մաղազինիս ճակատին կկպցնեմ մի երկայն ցուցակ, վիվեսկա, հասկանո՞ւմ ես, ոսկի տառերով, ամեն մի տառի մեծությունը կես արշին: Դռների վրա էլ կլինի մի ուրիշ ցուցանակ: Պետք է նկարել տամ մի հաստ փորով, ուրախ երեսով, տղամարդ՝ մի ձեռում երշիկ, մյուս ձեռում գարեջրի փրփրալի բաժակը: Նեմեցի պատկեր: Որտե՞ղ եմ տեսել այսպիսի պատկեր: Չորտ եվո զնայետ, այնքան քաղաքներ եմ տեսել, որ մտքիցս ընկել է: Հա, հիշեցի, Ռոստովում, Սադովայա փողոցի վրա:

Օրը քանի՞ ռուբլու ապրանք կծախվի, քեռի, — փափագեց գիտենալ Վարդանը, որի գլխավոր չափը միայն ռուբլիների քանակն էր:

Ո՞վ գիտե, հաջողությունից է կախված: Կարող է լինել մի քանի հարյուր էլ, հազար էլ: Ես հույս ունեմ իմ առևտուրը լավ կլինի: Մաղազինը բաց եմ անելու ծովի ափի վրա: Այդ ամենալավ տեղն է, որովհետև նավերի մոտ է: Նավերի մարդիկ շատ ուտող, մանավանդ շատ խմող են: Փողն էլ անհաշիվ են ծախսում: Տագանրոգումն եմ տեսել:

Մայրիկ, ես քեռուս հետ գնում եմ, ինչ որ էլ անես, գնալու եմ, — գոչեց Վարդանը՝ միանգամայն հափշտակված:

Պիտի տանեմ, անպատճառ: Մի երկու տարի դու ինձ մոտ կլինես գործակատար, իհարկե, ռոճիկով: Հենց որ առևտուրը սովորեցիր, քեզ կընկերացնեմ ինձ: Հորիցդ երեք հազար չորս հարյուր ռուբլի է մնացել: Քիչ փող չէ խելոք մարդու ձեռքում: Այս շաբաթ ես կգնամ Բաքու, մաղազինը կսարքեմ: Դու ուսումդ վերջացրու, հետո կգաս: Աշխատիր ռուսերեն գրել-կարդալը լավ սովորել, ևս առավել խոսելը:

Այդ երեկոյից Վարդանի երազների ու ցնորքների առանցքը Բաքուն դառավ: Արդեն այդ քաղաքի մեծության ու հարստության վերաբերմամբ շատ բաներ էր լսել և շատ անգամ էր մտածել այդտեղ գնալու մասին: Այժմ երևակայությամբ նա արդեն այնտեղ էր և պատկերացնում էր իր քեռու մաղազիան և իր գործունեությունը: Ահա նա, գնողներով շրջապատված: Հազիվ կարողանում է նրանց պատվերները կատարել: Դրամարկղի մոտ կանգնած է մորեղբայրը ուրախ ու զվարթ, հարյուրանոցներ է, որ ստանում է, մանրացնում ու գցում դրամարկղի մեջ: Երեկոները նրանք հաշվում են օրվա եկամուտը և միասին ուրախանում և այլն, և այլն...

Մայրիկ, — դարձավ նա մի օր մորն երևակայության բորբոքուն պահին, — մի՞տդ է, հայրիկն ինձ ինչ պատվիրեց մահվան օրը...Նա ասաց. դու պետք է հարստանաս և Աբրահամ աղայից ու նրա որդիներից իմ վրեժն առնես, ասաց. «Ես քեզ իմ գերեզմանից կանիծեմ, եթե խոսքս մոռանաս»:

Թո՛ղ այդ խոսքերը, որդի, մոռացիր: Հայրդ չարացած էր, ասաց ու գնաց: Դու սովորիր մարդկանց լավություն անել, թե չէ՝ քեզ էլ կանիծեն, ինչպես հայրդ էր անիծում Աբրահամին և ինչպես շատերն են անիծում հորդ, որ իր կյանքում ոչ մի մարդու բարություն չարավ և մյուս աշխարհը գնաց, ձեռը դատարկ: Մոռացի՛ր նրա խոսքերը:

Ինչպե՞ս կարող եմ մոռանալ, որ փողերս կերան: Ամեն անգամ փողոցում Դալբաշյաններից մեկին տեսնելիս արյունը գլուխս է տալիս, ուզում եմ քարով նրա քիթ-պռունգը ջարդել կամ վրեն հարձակվել ու եղունգներով աչքերը դուրս գջլել: Բայց, պռոշներս կրծոտելով ինձ պահում եմ ու ինքս ինձ ասում. «Համբերի՛ր, Վարդան, համբերիր, ժամանակը կգա, դու աշխատիր հարստանալ»:

Անուն աշխատիր, որդի, անուն, լավ անուն:

Փող որ ունենամ, անունն էլ ետևից կգա: Ո՞ր քաղցած փորով մարդու անուն է հիշվում մեր քաղաքում:

Շուտով Վարդանը Բաքվից ստացավ մի գիրք: Մորեղբայրն էր ուղարկել, պահանջելով, որ նա կարդա այդ գիրքը և անգիր անե: Դա առևտրական տարրական կանոնների և հաշվեգիտության մի ձեռնարկ էր: Մի գիրք, որ Վարդանի ավետարանը դարձավ: Նա կարդում էր, ուսումնասիրում և անգիր սերտում պայմանագրերի, մուրհակների և վաճառականական այլ դրությունների օրինակները:

Մի օր, վերջապես, ուսումնարանում հայտնեց ընկերներին, թե շուտով Բաքու է գնալու: Երևաց, որ մենակ ինքը չէ ավետյաց երկրի մասին երազողը, այլ գրեթե բոլոր աշակերտները:

Դո՞ւ ինչ պիտի անես այնտեղ, — հարցրեց նա Մինասին կիսահեգնանքով:

Պիտի մտնեմ ռեալական դպրոց ուսում շարունակելու:

Արհեստավորի որդու համար ստացած ուսումդ էլ շատ-շատ է:

Հայրս էլ այդպես է ասում, — ասաց համեստ պատանին հեզությամբ, — բայց մորեղբայրս ինձ կանչում է:

Մորեղբայրդ ի՞նչ գործի է Բաքվում:

Մի նավթային հանքում գործակատար է: Ամեն շաբաթ ես մորս կողմից նամակ եմ գրում: Շատ հավանել է նամակներս, գրում է հորս, որ ինձ թույլ տա ուսումս շարունակելու:

Ես էլ եմ Բաքու գնում, — մեջ մտավ գանգրահեր Լևոնը:

Քեզ ո՞վ է տանում:

Մենք ընտանիքով ենք գնում: Հայրս այնտեղ խանութ է բանալու:

Դուք կարծում եք, ես այստե՞ղ պիտի մնամ, — ասաց քսու Մարտիրոսը, որ ոչ մի բանում չէր ուզում իր ընկերներից հետ մնալ:

Պակասը դու էիր, — գոչեց Վարդանը, միանգամայն կատաղելով բոլոր ընկերների դեմ, որոնք կարծես խոսքը մեկ էին արել նրա հացը ձեռքից խլելու: — Մկիչ, ուրեմն, մենակ դո՞ւ ես մնում Զիլզիլում:

Իսկի էլ չեմ մնա, ձեզնից պակա՞ս եմ, ինչ...

Հետո ընկերները խոսեցին իրենց ապագայի մասին, յուրաքանչյուրը հայտնեց իր փափագն ու ձգտումները:

Մինասն ասաց, թե կկամենար այնքան ուսում առնել, որ գիտնար, թե օրացույց կազմողները ինչպես են գուշակում լուսնի ու արեգակի խավարումը:

Լևոնը խոստովանեց, թե ինքն էլ առայժմ չգիտե, ինչ է ուզում լինել, բայց չէր կամենալ անհայտ մարդ մնալ:

Մկիչը փափագ հայտնեց մի օր գնալ Դաղստան, տեսնել Շամիլի ծննդավայրն և այն տեղերը, ուր նա կռվել էր ռուսների դեմ...

Մարտիրոսը ջերմ ցանկություն արտահայտեց մի օր ոստիկանապետ դառնալու:

Մարտին Բաղդանիչը, միշտ հիշելով Աթանեսի նվերները, մինչև վերջը մնաց հավատարիմ իր համակրության մեջ և Վարդանին տվեց ընտիր ուսումնավարտի վկայական: Չվշտացրեց և մյուս ուսումնավարտներին, յուրաքանչյուրին տալով լավ թվանշաններ: Վերջին օրը պատկառելի մանկավարժը մի խրատական ճառ ասաց.

Աշխատեցեք մարդ դառնալ, — ավարտեց նա իր խոսքը, — որ երեսս պարզ անեք ձեր ծնողների մոտ: Չմոռանաք Մարտին Բաղղանիչին հաա՜, թե չէ աստված ձեզ կպատժի: Լավ իմացեք, որ ինչքան էլ մեծ մարդ դառնաք, պատճառն ես եմ: Քիչ բան չէր ձեր նման անասուններին մարդ շինելը: Դե, հայդա՜, գնացե՛ք, բարի ճանապարհ ու հաջողություն: Էհե՜, էհե՜, չեղավ, ա՜յ հենց իսկույն ցույց տվեցիք ձեր էշությունը: Հենց այդպես սուս ու փուս գնում եք էլի՞ ... — Սմի՜ռնո, — աղաղակեց քիթը ծուռ Մկիչը, — կանգնեցեք շարքով: Այդպես: Գդակներդ վերցրեք: Այդպես: Մեկ, երկու, երեք, հուռռա՛, կեցցե՜ Մարտին Բաղդանիչը, հուռռ՜ռա, երեք անգամ... Դե բավակա՜ն է...

Եվ, կանգ առնելով տեսչի առջև ձեռը զինվորական ձևով պահեց քունքի մոտ և «մեկ, երկու, երեք» արտասանելով, հեռացավ: Նրան հետևեցին ընկերները, բարձրաձայն քրքջալով:

Մի շաբաթ անցած Վարդան Ահրումյանը ուղևորվեց Բաքու:

Կասպյան ծովի մի ծոցում, թիկունքը ժայռերին տված, կծկվել էր մի ավան, չոր ու ցամաք, ինչպես մեկը Սուրիո ծովափնյա գյուղերից:

Քաղաք էր կոչվում նա, այն էլ բազմադարյան պատմություն ունեցող քաղաք: Երբեմն մարդիկ նրան բերդ անունն էին տալիս, աչքի առջև ունենալով նրա կրկնաբոլոր բարձր քարե պարիսպները, որոնք իբր թե մի ժամանակ ծառայել էին որպես պատսպար երկրի արտաքին թշնամիների հարձակումների դեմ և որոնք այժմ միայն հնախույզների հետաքրքրությանն էին արժանանում: Փողոցները ծուռ ու մուռ, անսալահատակ, նեղ, այնքան նեղ, որ տեղ-տեղ երկու մարդ հազիվ կարող էին քովե քով անցնել առանց իրարու հրելու: Բուսականության կատարյալ բացակայություն, աղբյուրներ չկային, ջուրը ստացվում էր բակերում փորված հորերից, այն էլ մի ջուր, որ շատ չէր տարբերվում ծովի աղեջրից: Ամենուրեք աղբակույտեր, ուր որ մինչև իրիկուն կեր էին որոնում շներն ու կատուները: Գորշ էր ամեն ինչ, և՛ տները, և՛ մահմեդական մզկիթը, և՛ քրիստոնեական եկեղեցին, և բնակիչների դեմքերը: Կարծես մի ինչ-որ աներևույթ ձեռ քաղաքը սքողել էր դաժան տրտմության շղարշով:

Պարիսպներից դուրս կար մի ուրիշ քաղաք, նորը, ժամանակակիցը: Բաղկացած էր նա ընդամենը մի քանի հարյուր տներից: Այստեղ փողոցները համեմատաբար ավելի լայն էին, տներն ավելի մեծ, ոմանք նույնիսկ երկհարկանի: Սակայն պատկերը նույնն էր, ինչ որ բերդի ներսում, դարձյալ մաքրության ու բուսականության լիուլի բացակայություն: Քամի լինելիս քաղաքը ստանում էր հսկայական աղորիքի կերպարանք: Ավազյա փոշին բարձրանալով և օդը լցնելով, թափանցում էր ամենուրեք, սկսած տների ամենանվիրական անկյուններից մինչև մարդկանց ծոցն ու կոկորդը: Գուցե այս էր պատճառը, որ թշվառ բնակիչների մեծ մասը տառապում էր սուր աչքացավով ու կոկորդացավով: Եվ որովհետև այդ դաժան երկրում քամին մի առասպելական չարիք էր, որ պարբերաբար կրկնվում էր ամիսը մի քանի

անգամ, երբեմն տևելով երկու-երեք օր, քաղաքի «հոգատար» իշխանությունը հնարել էր մի տարօրինակ միջոց չարիքի դեմ պաշտպանվելու համար: Տարվա չոր ամիսներին նա շաբաթը մի անգամ փողոցները թրջում էր սև նավթով: Մի բան, որ ավելի էր թանձրացնում քաղաքի մռայլությունը, տալով նրան սևազգեստ սգավորի տեսք:

Ծովը, որ իր կոչմամբ իբրև թե պիտի գեղեցկացներ տեսարանը և օդը մաքրեր, ինքը նույնպես դարձել էր ափերի մոտ ապականության վայր: Քամին հարավից փչելիս բերում էր նավերից թափվող սև նավթը հազար ու մի աղտեղությունների և Պարսկաստանից եկող հիվանդությունների հետ:

Քաղաքի միակ զբոսավայրը ծովափնյա փողոցն էր ու նրա ծայրում կուչ եկած փոքրիկ պարտեզը, որի վտիտ ծառերը հիշեցնում էին անոթությունից հյուծված մուրացիկների: Օրը մինչև երեկո այնտեղ դեգերում էին գործ գտնելու համար Անդրկովկասի զանազան կողմերից եկած գաղթականներ, պես-պես բախտախնդիրների, գողերի ու ավազակների հետ: Կային և այնպիսիները, որոնք պատրաստ էին որոշ վարձատրությամբ դաշույնի մի հարվածով օրը ցերեկով թռցնել մեկի կամ մյուսի գլուխը: Այդպիսիների ժամադրավայրն էր ծովափի մի անկյունում տեղավորված մի թրքական թեյարան, որի գոյությունը հայտնի էր ոստիկանությանը և որը ոչ մի իշխանությունից երկյուղ չուներ:

Ամառվա ամիսներին շաբաթը երկու երեկո պարտեզում նվագում էր սահմանապահ փոքրիկ ռազմանավի նավաստիներից բաղկացած մի երաժիշտախումբ: Դա էր ցերեկվա ծանր աշխատանքից ուժասպառ ու երեկոյան հեղձուցիչ տոթից տառապող քաղաքացիների միակ զբոսանքը: Այդ պարտեզն էր գլխավոր ժամադրավայրը Վոլգայի ափերից եկած հանրային կանանց և հարյուրավոր պատանիների ու երիտասարդների կործանիչ հիվանդությունների աղբյուրը:

Այս էր այն ժամանակվա Բաքուն, երբ Վարդան Ահրումյանն եկավ այնտեղ:

Սարգիս Հախվերդյանն արդեն բաց էր արել ծրագրած մաղազինը, և մոտ կես տարի էր նրա գործերը ստացել էին կանոնավոր ընթացք: Մաղազինը տեղավորված էր այնտեղ, ուր կանխավ որոշել էր ճարպիկ խանութպանը, այն է՝ ծովափնյա փողոցում, ուղիղ լավագույն նավահանգստի դեմ: Իր տեսակի մեջ նա միակն էր և առաջինը թե՛ ուտելիքների ու ըմպելիների բազմատեսակությամբ և թե՛ նրանց շնորհալի ճաշակով ու գրավիչ դասավորությամբ: Եվ որքան խանութն իր արտաքինով տարբերվում էր մյուս խանութներից, նույնքան և ինքը Սարգիս Հախվերդյանն էր տարբերվում մյուս խանութպաններից: Այցելելով լայնատարած Ռուսիայի գլխավոր քաղաքները, շփվելով իր երկրացիներից մի աստիճան ավելի քաղաքակիրթ վաճառականների, մանավանդ հրեաների ու գերմանացիների հետ, նա դիտել, ուսումնասիրել և յուրացրել էր շատ ձևեր, սովորություններ, որոնցից զուրկ էին նրա հայրենակիցները: Նա վաղուց արդեն ձգել էր հայրական չուխան, քոշերն ու փափախը, փոխարինելով նրանց եվրոպական բաճկոնով, կոշիկներով ու գլխարկով: Նա հեղաշրջել էր և՛ իր անունը: Այժմ նա այլևս Մարկոսի որդի Սարգիս Հախվերդյանը չէր, այլ Սերգեյ Մարկիչ Ակվերդով (իսկ և իսկ Ակվերդով և ոչ Ախվերդով): Նա իր հոգու խորքում շատ կվիրավորվեր, եթե մեկը նրան նախկին անանով կոչեր, ուր մնաց, եթե մեկը հանդգներ «քաչալ» մականունը ավելացնել նրա հոր անվանը, ինչպես այդ անում էին իր ծննդավայրում:

Առաջին իսկ օրը նա իր քեռորդուն խստիվ պատվիրեց դիմել իրեն ոչ «քեռի» ասելով, այլ Սերգեյ Մարկիչ: Եվ հաճոյակատար ու իր մորեղբոր քաղաքականությունը առայժմ բարձրագույն տիպար համարող Վարդան Ահրումյանը ուրախությամբ ընդունեց այդ պատվերը ու շատ հավանեց: Ավելի՜ն. նա իր մտքում դրականապես որոշեց նույնիսկ սեփական անունն ու ազգանունն էլ հեղաշրջել: Ոչ առայժմ, այլ մի կամ երկու տարուց հետո, երբ նրա բեղերը կբուսնեն:

Առայժմ նա նշանակված էր որպես երկրորդ գործակատար: Նրա պաշտոնն էր վաճառված ապրանքը գեղեցիկ փաթաթել թղթի մեջ և գնողին մատուցանել ժպտալով և ասելով. «համեցեք, պարոն» կամ «համեցեք, տիկին»: Այո, անպատճառ ժպտալով: Ժպիտը քաղաքավարության նշան է:

Բոլոր հրեաները ժպտում են: Հայերը քաղաքավարություն չգիտեն: Նրանք հաճախորդներին ընդունում են թթված դեմքով:

Կարծես, քացախ են խմել, կամ փորները ցավում է, — շարունակեց Ակվերդովը: — Քո հորից դու լավ բան չէիր կարող սովորել: Զուր չէին նրան խոզ անվանում, չար մարդ էր, ամենքին հայհոյում էր, ոչ ոքի չէր սիրում, ոչ ոք էլ իրեն չէր սիրում: Ինչո՞ւ Աբրահամը խաբեց նրան և չխղճահարվեց, որովհետև գիտեր, որ ոչ ոք քո հորը չի խղճալ, ընդհակառակը, շատերը կուրախանան էլ: Խելոք մարդը իր թշնամու հետ էլ պետք է լավ վարվի: Մի հրեա բարեկամ ինձ ասում էր. «Եթե ուզում ես թշնամուդ պատժել, առաջ բարեկամացիր նրա հետ երեսանց, ճանաչիր նրա թույլ կողմերը, իմացիր նրա գաղտնիքները, հետո մրցիր, կամ կռվիր նրա հետ»: Կյանքը կռիվ է, ոչ ոք չի կարող իր թշնամուն հաղթել առանց նրան լավ ճանաչելու: Այդ հրեան շատ խելոք բաներ է սովորեցրել ինձ էլ, ուրիշներին էլ: Նա ասում էր. «Ավելի լավ է աղվես լինել, քան գայլ: Շոյիր, շողոքորթիր մարդկանց, ատամներդ մի ցույց տար, բայց սուր ու պատրաստ պահիր»: Նա շատ բաներ էր ասում: Միտս է, մի անգամ նա ասաց, թե Եգիպտոսում մարդիկ մի ժամանակ օձին աստված են համարել ու պաշտել: Ինչո՞ւ: Հիմար անասուննե՞ր էին: Ոչ, երևի մի բան գիտեին:

Վարդան Ահրումյանը լուռ և ուշադիր լսում էր մորեղբորը և նրա յուրաքանչյուր բառը որպես իմաստություն իմաստությանց դրոշմում էր իր մտքի մեջ: Նա իր խնամակալին համարում էր բոլոր ուսմունքների և բոլոր տեսակի հմտությունների շտեմարան և հավատում էր նրան անվերապահորեն:

Միևնույն ժամանակ, նրա պատանի միտքը գործում էր և՛ ինքնուրույնաբար ու շատ ավելի, քան կարող էր երևակայել նրա խնամակալը: Նախ և առաջ նա սկսեց մտածել իր ներկա վիճակի մասին: Ի՞նչ է նա այժմ, ի՞նչ դիրք ունի իր մորեղբոր մոտ: Հասարակ գործակատարի : Այո, բայց մի՞թե դա նվաստացուցիչ ու վիրավորական չէ մի մարդու համար, որի հայրը շատ ու շատ ավելի առաջ է եղել ինքնագլուխ վաճառական, քան Սերգեյ Մարկիչ Ակվերդովը, այդ նախկին աննշան օղեվաճառը: Չէ՞ որ նա էլ ունի իր բաժինը առևտրի մեջ հորից ժառանգած և մորեղբորը հանձնված գումարով: Ինչո՞ւ նրա անունն ու ազգանունն էլ չպտի փայլի մաղազինի ճակատին ոսկեզօծ տառերով այն երկայն ու լայն ցուցանակի վրա: Նա կամեցավ այդ մասին ակնարկել մորեղբորը, բայց առայժմ վաղաժամ և անհարմար համարեց և որոշեց խնդիրը հետաձգել ապագային:

Օրը մինչև երեկո ապրանք փաթաթելով և խանութի մյուս գործերը կատարելով, Վարդանը միաժամանակ չէր դադարում դիտել, ուսումնասիրել իր միջավայրը և միջավայրից դուրս: Շուտով նա նկատեց, որ իր մորեղբոր դիրքը վաճառական աշխարհում շատ էլ փայլուններից չէ, չնայելով նրա հոխորտանքներին ու ինքնագոհությանը: Նա նկատեց, որ այդ դիրքը վար է նույնիսկ աջ ու ձախի մի քանի թուրք խանութպանների դիրքից, որոնց առևտրի առարկաներն էին շաքար, բրինձ ու չոր մրգեղեն: Այդ մարդիկ ապրանքը Պարսկաստանից և Ռուսաստանից ստանում էին հարյուրավոր ու հազարավոր պարկերով ու արկղներով, մինչդեռ իրանք... ոչ, շատ փոքր, շատ աննշան է Սերգեյ Մարկիչ Ակվերդովի առևտրի ծավալը: Նա ամեն օր տեսնում էր դատարկվող ու լեցվող նավերը և երևակայում էր, թե մի օր ինքն էլ կարող է նավատեր լինել, եթե բախտը բերի: Եվ մտածում էր՝ ինչո՞ւ բախտը չպետք է բերի, եթե մարդ կարողանա նրան ճանկել իր «խելքով ու եռանդով»: Առաջին գործակատար Ջումշուդ Բարսեղյանը հաճախ պատմում էր նրան, թե այսինչ նավատերը աոաջ եղել է սայլապան, այնինչը՝ հասարակ նավաստի կամ խոհարար: Պատմում էր նրան, թե ոմանք այդ նավաստիներից զբաղված են մաքսանենգությամբ և գաղտնի ապրանք են բերում Պարսկաստանից, կաշառելով մաքսատան պաշտոնյաներին: Եվ, լսելով այդ պատմությունները, Վարդանն օր օրի վրա ավելի ու ավելի էր հափշտակվում արագ և դյուրին հարստանալու ցանկությամբ:

Բայց այդ բոլորը ոչինչ, — ասաց Ջումշուդը իր մի քանի պատմվածքներից հետո, — նավթն է գլխավորը, ահա ինչով կարող ես շուտ հարստանալ:

Մինչ այդ Վարդանը լսել էր նավթի մասին, գիտեր, որ կան հանքեր ու գործարաններ, բայց չէր տեսել և չգիտեր, թե ինչ բան են դրանք: Եվ ահա մի կիրակի օր Ջումշուդը առաջարկեց նրան նախ գնալ տեսնելու գործարանները, ապա մի ուրիշ կիրակի օր էլ հանքերը: Վարդանն ուրախությամբ համաձայնվեց:

Այն ժամանակները հանքեր կամ գործարաններ գնալը կապված էր դժվարությունների ու անախորժությունների հետ: Ոչ երկաթուղի կար դեպի հանքերը և ոչ ձիաքարշ կամ տրամվայ դեպի գործարանները: Երթևեկությունը կամ կառքով էր կամ սայլով: Կառքը թանկ էր, սայլը անհարմար ու ծիծաղելի: Երկու հսկայական անիվների մեջ տեղավորված մի արկղայս էր սայլ կոչվածը: Նրա վրա նստողը պիտի փոքր վարժված լիներ լարախաղության, որպեսզի չթռչկոտեր ու վար չընկներ:

Վարդանը բարվոք համարեց ոտքով գնալ, և երկու գործակատարները մի կիրակի առավոտ ուղևորվեցին սև քաղաքայսպես էր կոչվում գործարանների համախումբը: Ճամփան քաղաքի ծայրից մինչև այնտեղ մի երկար ծովափնյա դաշտ էր ավազային, լպրծուն, նավթային ճահիճների: Տեղ-տեղ նա նույնիսկ անանցնելի էր: Զարմանալի է բնության խաղը: Քաղաքը բուսականությունից զուրկ, իսկ այդտեղ երևում էին թզենիներ և նռնենիներ, բայց մի վիճակում, որ տեսնողին արգահատություն էին ներշնչում: Բուները խրված ավազի մեջ, ճյուղերը մուրով ծածկված, այնուամենայնիվ նրանք յուրաքանչյուր գարուն նորեն ծաղկում էին, որպեսզի ամառվա կեսին չհասած թառամեն:

Ջումշուդը տանելով Վարդանին առաջին պատահած գործարանը, ցույց տվեց և բացատրեց, թե ինչպես են սև նավթից ճերմակը պատրաստում: Նա ինքը շատ բան չգիտեր, բայց գիտցածն էլ բավական էր Վարդանի պրպտող միտքը մի փոքր լուսաբանելու համար: Նա ասում էր, թե այժմ սև նավթից ճերմակը պատրաստելուց հետո գործարանատերերը մթերքի երկու երրորդականը դեն են թափում որպես անպետք բան և այրում են, թե դա տգիտություն է, թե կգա ժամանակ, երբ այդ մնացորդն էլ բանի պետք կգա, թե դա ահագին հարստություն է, որ այժմ զուր փչացվում է:

Դու ի՞նչ գիտես, թե այդպես պիտի լինի, — հարցրեց Վարդանը:

Լրագրում եմ կարդացել, — պատասխանեց Ջումշուդը հպարտությամբ: — Գիտես, դու էլ լավ կանես, եթե ամեն օր կարդաս այդ լրագիրը: Նա նոր է սկսել հրատարակվել: Ասում են նրա խմբագիրը Պետերբուրգից եկած մի գիտնական է: Կարդա՛, փառք աստուծո, ռուսերեն ինձնից լավ գիտես, կարդա՛ ու բան սովորիր:

Այդ օրը երեկոյան Վարդանն արժանացավ իր մորեղբոր հանդիմանությանը: Ներել չէր կարող, որ իր քեռորդին գործարանների նավթի ու մուրի մեջ կեղտոտել է իր ամառային սպիտակ հագուստը:

Ի՜նչ գործ ունես նավթի հետ, որ գնում ես: Մեր գործը մեր առևտուրն է, նավթից ի՞նչ խեր կա, բացի կեղտոտվելուց:

Վարդանը մտքով համաձայն չէր իր քեռու կարծիքին: Նա բնազդաբար զգում էր, որ նավթի հետ գործ ունենալը ավելի շահավետ է և ավելի պատվաբեր: Արդեն հանքատերերի և գործարանատերերի սեփական կառք ունենալը նրա համար կենդանի ապացույց էր, որ լավ է լինել արդյունաբերող կամ գործարանատեր, քան խանութպան:

Մի ուրիշ կիրակի Վարդանը մորեղբորից թաքուն, դարձյալ Ջումշուդի ուղեկցությամբ, գնաց հանքերը: Այդ անգամ ճամփան երկար էր: Ջումշուդը առաջարկեց կառքով գնալ և հանձն առավ իր գրպանից վճարել կառքի վարձը: Նա իր հաշիվն ուներլավ գիտնալով, որ վաղը մյուս օրը Վարդանը դառնալու է իր տերը, որոշել էր կանխավ կաշառել նրան: Բայց Վարդանն իր մտքում այլ կերպ բացատրեց իր պաշտոնակցի առատաձեռնությունը: Նա մտածեց, որ ամսական քսանուհինգ ռուբլի ստացող մի գործակատար չի կարող հեշտությամբ տասը ռուբլի կառքի տալ, եթե նա մի ուրիշ եկամուտ չունի: «Երևի գողանում է», ասաց ինքն իրան և որոշեց այսուհետև հսկել Ջումշուդին խանութում : Մարդկանց անկեղծությանը և ազնվությանը կասկածով վերաբերվելու սովորությունը նա իր հորից էր ժառանգել: Բայց Ջումշուդը պակաս խորամանկ և պակաս դիտող չէր քան Վարդանը: Նա, հինգ տարով ավելի մեծ լինելով, ավելի լավ էր ճանաչում մարդկանց: Ահա ինչու նա իսկույն գուշակեց Վարդանի միտքը և որոշեց այսուհետև զգաստ լինել: «Այս աղան, ասաց նա իր մտքում, սուր աչքեր ունի, կարող է ինձ գողության մեջ բռնել»: Ւսկապես իրանց մտայնությամբ նրանք համանման տիպեր էին, բայց արտաքինի մեջ կար ահագին տարբերություն: Տարիքով պակաս՝ հասակով Վարդանը ավելի բարձր էր: Նրա դեմքն առողջ էր, այտերը կարմիր, մազերը դեղնագույն, աչքերը խոշոր, կոպերը մի տեսակ ուռած, ատամները ցցված, շրթունքները հաստ ու հյութալի: Ջումշուդը փոքրահասակ էր, նիհար, խիստ սևահեր, փոքրիկ կանաչ-դեղնագույն աչքերը խորը թաղված: Վարդանի ձևերը, շարժումները, քայլվածքը խոշոր էին, ձայնը բարձր ու համարձակ և միշտ մի տեսակ հրամայողական: Տեղը եկած ժամանակ նա գիտեր գոռալ, հայհոյել հորը պես, թեև ոչ նրա չափ տեղի ու անտեղի: Ջումշուդը զգաստ էր, ավելի լռակյաց, քան շատախոս, նրա ձևերը մեղմ էին, քայլվածքը մանր, անլսելի, ձայնը բարակ, մի տեսակ կանացի, բայց հանդարտ: Նա չգիտեր գոռալ, բարկանում էր հազվագյուտ դեպքերում, այն էլ այն ժամանակ, երբ շոշափում էին նրա ծնողների պատիվը:

Այն ժամանակ նավթային հանքերի ծավալը շատ փոքր էր: Մի քանի տասնյակ հորեր Բալախանիում և մի քանի հատ էչ Սաբունչիում, ահա բոլորը: Այն պահին, երբ Վարդանն ու Ջումշուդը եկան, Բալախանիում մի շատրվան էր խփում քառասուն մետր խորությունից: Նրա տերերը, մի քանի հաստափոր և հաստապարանոց հայեր, հավաքված մտածում էին ինչպես անեն, շատրվանը փակեն, որ դադարի: Բանն այն է, որ նավթը, կատաղի զորությամբ երկրի խորքից դուրս հոսելով, ապականում ու փչացնում էր երկրի երեսը, որ պատկանում էր գյուղացիներին: Նրանք բողոքում էին, որ իրենց ցորենի ու գարու արտերը և արոտատեղերը հեղեղվում են ու վնասվում: Նրանք սպառնում էին դիմել խիստ միջոցներիվնասարարների դեմ և սպառնում էին դաշույններով ու հրացաններով: Այս առիթով արդեն մի քանի սպանություններ կատարվել էին: Հայ հանքատերերը սարսափի մեջ էին: Նրանց հրամանով, մշակները փորձեցին շատրվանն այրել, չհաջողվեց:

Следующая страница