Շիրվանզադե Ալեքսանդր՝   Վարդան Ահրումյան

Հիմարներ են, — շշնջաց Ջումշուդը Վարդանի ականջին: — Չէ՞ին կարող մի օր առաջ ամբարներ փորել, որ այդ թանկագին հեղուկն այնտեղ թափվի:

Ավանակներ են, — ավելի կտրուկ բնորոշեց Վարդանը: Նա հիացած էր շատրվանով և մտքում հաշվում էր, թե որքան հարստություն է զուր տեղը կորչում: Եվ համեմատելով այդ հարստությունը մորեղբոր խանութի ու կարողության հետ, ծիծաղելի էր թվում Սերգեյ Մարկիչ Ակվերդովի հոխորտանքը, թե ինքը մեծ վաճառական է և մեծ գործեր ունի:

Նա քաղաք վերադարձավ խորը տպավորությամբ: Ճամփին Ջումշուդը նրան բացատրում էր, թե ինչ ահագին գանձեր կան «այս օրհնված հողի» տակ: Նա սպառում էր ամբողջ գիտությունը նավթի մասին, ա յսինքն բոլորը ինչ որ կարողացել էր Պետերբուրգից եկած գիտնականի լրագրում:

Տեսնո՞ւմ ես այդ մեծ դաշտն իր բլուրներով, — ցույց տվեց նա հեռվից Ափշերոնյան թերակղզին մինչև ծովը, — բոլորը նավթի ամբարներ են: Մինչև անգամ ծովի տակ էլ նավթ կա: Դու չե ս հավատում, զարմանո՞ւմ ես, ապացո՞ւյց ես ուզում: Ահա քեզ: Տեսնո՞ւմ ես այն կղզին, Նարգին է նրա անունը: Նրանից մի փոքր այն կողմ ծովի տակից գազ է դուրս գալիս: Աչքովս եմ տեսել: Մի օր, երբ փոխարքան եկել էր Բաքու, գազը վառեցին և մի հրաշալի հրավառություն գոյացավ: Երեք գիշեր ծովը լուսավորվել էր ցերեկվա պես: Հետո քամին փչեց, ալիքներ բարձրացան, գազը հանգավ:

Վարդանը լսում էր և մտածում: Նրա դեռահաս գլխի մեջ զարմանալի արագությամբ նավթը վերածվում էր ոսկու, և միլիոնները պտույտ էին գործում ինչպես կատաղի դիվահարներ: Ամենավառվռուն բանաստեղծի երևակայությունը չէր կարող այնպես բորբոքվել բնության գեղեցկությունից, որքան նրա երևակայությունը այդ չոր ու ցամաք ավազոտ դաշտերից ու բլուրներից, որոնց խղճուկ բուսականությունը վաղաժամ թառամել ու խանձվել էր կիզիչ արեգակից և մշտական քամիներից: Ինչո՞ւ ձեռք չբերել գեթ մի կտոր այդ ստորերկրյա գանձերից, մի աննշան հողամաս: Ով գիտե վաղը, մյուս օրը որքան պիտի բարձրանան գները:

Ո՞ւմ են պատկանում այդ հողերը, — հետաքրքրվեց տասնյոթ տարեկան պատանին հիսնամյա փորձառու սպեկուլյանտի անհամբերությամբ:

Մի մասը պատկանում է թուրք բեգերին ու գյուղացիներին, մնացածը պետական հողեր են:

Գյուղացիները ծախո՞ւմ են իրենց հողերը:

Իհա՛րկե, մանավանդ ազնվականները:

Քանո՞վ:

Նայելով տեղին, Բալախանիի, Սաբունչու մոտերքը համեմատաբար թանկ են, իսկ մյուս տեղերը շատ աժան...

Վարդանը լռեց և ոչ մի նոր հարց չտվեց: Մնացածը նա հետո կիմանա ուրիշից: Թող Ջումշուդը չգիտենա, թե ինչ ծրագրներ է հղում նրա միտքը: Տասնյոթ տարեկան պատանին արդեն իր հորից էր սովորել գնահատել գաղտնապահությունը գործնական կյանքում: Բացի այդ նա մի ուրիշ բան էլ էր լսել իր հանգուցյալից: «Խելոքի հետ քիչ խոսիր, որ հիմարությունդ չերևա, հիմարի հետ իսկի մի խոսի, որ խելքդ չպակասի»:

Երեկոյան նա չկարողացավ իրեն զսպել և մորեղբորը հայտնեց հանքերից ստացած իր խորը տպավորությունը:

Ոչինչ, վատ չես արել, որ գնացել ես ու տեսել, — ասաց Սերգեյ Մարկիչը հեգնանքով, — բայց հույս ունեմ, որ ինձ խորհուրդ չես տալ հանքատեր դառնալու:

Իսկ և իսկ հենց այդ էի ուզում ասել, Սերգեյ Մարկիչ, լավ կլինի եթե մենք էլ մի կտոր նավթահող գնենք:

Մենք էլ, մենք էլ, — գոչեց Սերգեյ Մարկիչը բարձրաձայն ծիծաղելով, — ուրեմն, ընկերովի, հա՞, քեզ հետ, հա՞:

Այո:

Հետո՞ :

Հետո վիշկա կդնենք, հոր կփորենք, ֆանտան կունենանք, — պատասխանեց Վարդանը ամենայն լրջությամբ:

Լավ, քիչ խոսիր, դու երեխա ես, ոչինչ չգիտես: Աշխարհը ես եմ տեսել, խորհուրդը դու ես տալիս: Ես ձեռքիցս իմ ոսկի գործը բաց չեմ թողնի: Ինչի՞ս է հարկավոր քո նավթը: Որ փողոցները թափենք, և իմ ամառվա սպիտակ պանտալոնը այսպես սևացնի՞, թող, ի սեր աստծո՜: Սպասիր, առաջիկա հունվարից մագազինը երկու անգամ մեծացնելու եմ, արդեն կողքի խանութն էլ վարձել եմ, շուտով կդատարկեմ: Ցուցանակն էլ փոխելու եմ, այսուհետև պիտի լինի մեծ տառերով գրված Гастрономический магазин Сергея Маркича Акведова и компании, և կոմպանիհասկանո՞ւմ ես:

Ո՞վ է լինելու քո կոմպանիան:

Դու:

Վարդանը ուրախացավ, բայց ոչ այնքան, որչափ մորեղբայրն էր սպասում:

Նա մի քիչ մտածեց և ասաց.

Շնորհակալ եմ, բայց ինչո՞ւ իմ անունն էլ չլինի ցուցանակի վրա:

Շատ ես շտապում, տղաս, այդ լավ չէ: Դու դեռ անչափահաս ես: Օրենքով իրավունք չունես նոտարական պայմանագրություն ստորագրելու: Սպասիր մի երեք, չորս տարի էլ:

Չորս տարի: Այդ շատ երկար ժամանակամիջոց է, Վարդանը համբերել չի կարող: Նա ուզում էր իր անունը խավարից դուրս բերել և լույս աշխարհ գցել: Ժամանակը անցնում է, իսկ նա դեռ գործակատար, դա նվաստացուցիչ է, վիրավորական է: Ի՞նչ կմտածեն Աբրահամ աղայի որդիները, որոնք Բաքու գալով, քաղաքի կենտրոնում մետաքսեղենի և այլ թանկարժեք կտորեղենի խանութ են բաց արել և իրենց անուն ու ազգանունով առևտուր են անում: Իսկ նրա դպրոցական ընկերնե՞րը: Մինասը գնացել է էջմիածին և նոր բացված Ճեմարան մտել. ով գիտե վաղը նրանից ինչ դուրս կգա. կարելի է մի մեծ մարդ, քիթը ծուռ Մկիչ Չախմախչյանը գնացել է Թիֆլիզ և զինվորական դպրոց մտել, նա էլ մի մարդ կդառնա, Մարտիրոսը ծառայում է ոստիկանատանը և արդեն իր ֆուրաշկին չինովնիկի նշան է դրել և պատահելիս մի տեսակ արհամարհանքով է վերաբերվում: Մի խոսքով, ամենքը առաջ են գնում, իսկ նա գործակատար, այն էլ «բաղկալի» խանութում, չէ՞ որ այդ ոսկի տառերով մաղազինը վերջ ի վերջո բաղկալություն է: Եվ ամենից ավելի Վարդանին գրգռում էին Աբրահամ աղայի որդիները: Ամեն անգամ նա թքում էր նրանց խանութի առջևով անցնելիս: Ոչ, այդպես շարունակել չի կարելի:

Վարդանը վճռեց մի տարի էլ սպասել, միայն մի տարի, ոչ ավելի և տարին չլրացած նորից կրկնեց իր պահանջը դառնալ մորեղբոր լիազոր ընկերը, իր անունն ու ազգանունը դնելով ցուցանակի վրա:

Բայց դու չես կարող ինձի հավասար ընկեր լինել, — հակառակեց Սերգեյ Մարկիչը:

Ինչո՞ւ:

Որովհետև գործի մեջ քու ունեցած կապիտալը երեք անգամ պակաս է իմ կապիտալից:

Այն ժամանակ եկ բաժանենք, ես ինձ համար առանձին գործ կսկսեմ:

Սերգեյ Մարկիչը բարձրաձայն ծիծաղեց, գոչելով.

Դո՞ւ, առանձի՞ն, լակոտ: Վարդանը վիրավորվեց:

Սերգեյ Մարկիչ, — ասաց նա, հազիվ կարողանալով զսպել իր կատաղությունը, — դու քանի անգամ ասել ես ինձ, որ իմ հասակումն ես վաճառականություն սկսել, ինչո՞ւ ես ինձ լակոտ անվանում:

Սերգեյ Մարկիչը զղջաց: Նա չէր կամենա իր քրոջ որդու սիրտը կոտրել: Հոգու խորքում նա շատ բարձր էր գնահատում Վարդանի առևտրական ձիրքերը, նրա վարվողությունը գնողների հետ, նրա հաշվեգիտությունը, նրա եռանդն ու աշխատասիրությունը: Նա չէր կամենա մի այդպիսի հազվագյուտ օգնականից զրկվել:

Լավ, — ասաց նա ձեռը դնելով Վարդանի ուսին, — թող այս տարին վերջանա, առաջիկա հունվարից ցուցանակը կփոխենք, բայց պետք է անունդ էլ փոխենք: Ես չեմ

համաձայնվի իմ մագազինի ճակատին Վարդան անունը գրել: Ինձ այնպես է թվում, որ այդ տտեպած անունը կարող է դժբախտություն բերել: Երևի զուր չեն ասում՝ «Հայը թակի Վարդանին, թուրքը թակի Վարդանին»:

Ես այդ մասին արդեն մտածել եմ, այսուհետև ես կլինեմ Վլաս Աֆանասևիչ Այրումով:

Ոչ, ոչ, այդ Վլասն էլ բանի պետք չէ, կառապանի անուն է: Ավելի լավ է Վասիլի Աֆանասևիչ:

Համաձայն եմ, թող այդպես լինի:

Եվ այդ օրից Վարդան Ահրումյանը դարձավ Վասիլի Աֆանասևիչ Այրումով:

Քաղաքի միակ հրապարակի վրա մի շարք խանութների մեջ կար մեկը, որի ցուցանակը կրում էր հետևյալ խորագիրը. «Մանուֆակտուրային ապրանքների վաճառում, Ռիպսիմե Արաքելովնա Դալբաշյանի և որդիների»: Անցորդներից շատ քչերն էին կարդում այդ ցուցանակը, և նրանք, որոնք կարդում էին, տարակուսանքով երերում էին իրենց գլուխը, մտածելով՝ «այո, դա նա է»:

Այն պահից, երբ Աբրահամ և Իսրայել Դալբաշյանները իրենց սնանկ հայտարարելով, հաշիվները Մառոզովի և Աթանես Ահրումյանի հետ մաքրեցին ռուբլուն քսան կոպեկի վճարումով, որոշեցին խանութը փակել և իրարուց բաժանվել: Իսրայելը վերցրեց թաքցրած ապրանքի կեսը և իր ընտանիքի հետ գնաց Ռոստով-Դոնի վրա, հուսալով այնտեղ շարունակել իր գործը, իսկ Աբրահամ աղան իր ընտանիքով տեղափոխվեց Բաքու, նույնպես տանելով հետը իր բաժին ապրանքը: Կողոպուտը կիսելիս մի քիչ կռվեցին, բայց վերջը հաշտվեցին և համբուրվելով բաժանվեցին:

Դեռ սնանկ հայտարարելուց առաջ Աբրահամ աղան զգաստություն էր ունեցել իր կարողությունը փոխադրել կնոջ՝ Հռիփսիմեի անունով: Նա նույնպես վճռել էր նույն մանուֆակտուրային գործը շարունակել Բաքվում, իհարկե, այս անգամ ապրանք վերցնելով ոչ Մառոզովից, այլ մի ուրիշ ֆաբրիկանտից: Որպես վարկաբեկված առևտրական՝ բնական է, որ օրենքով չուներ իրավունք վաճառականությամբ պարապելու, ուստի խելացի և անվտանգ համարեց մեջտեղ բերել իր կնոջ և զավակների անունը: Նա շատ լավ գիտեր, որ պատվարժան կողակիցը, այդ գրեթե անգրագետ կինը չունի ոչ վաճառականի ձիրք կամ հոտառություն և ոչ նույնիսկ դրամական հաշիվների մասին որևէ հասկացողություն, բայց գիտեր նաև, որ իր ավագ որդին, 25 տարեկան Արշակը իրենից ոչ պակաս ճարպիկ է և գործը կարող է վարել ամենայն հմտությամբ և հաջողությամբ: Երկրորդ որդու՝ տակավին անչափահոս Դանիելի վրա նա առանձին հույս չուներ, համարելով նրան շատ փափկասիրտ, թուլամորթ և անհոգ: Բացի այդ նա նոր ավարտել էր Զիլզիլ քաղաքի երկդասյան դպրոցը: Գալով երրորդ որդուն, ինը տարեկան Սամվելին, Աբրահամ աղան զիջելով Արշակի թախանձանքին որոշել էր նրան տալ նոր բացված ռեալական դպրոցը:

«Միջնակարգն ավարտելուց հետո, — ասել էր Արշակը, — մենք նրան կուղարկենք Մոսկվա կամ Գերմանիա բարձր ուսում ստանալու: Թող մեր երեքից գոնե մեկը լուսավորվի»:

Աբրահամ աղան ոչ շատ ծեր էր և ոչ էլ այնքան հոգնած, որպեսզի կարենար ձեռները ծալած անգործ նստել: Նրա համար անգործությունը մի տեսակ հիվանդություն էր, որից ազատվելու համար օրը մի քանի անգամ մտնում էո կնոջ ու որդիների խանութը: Գալիս էր նա այնտեղ «տերողորմյան» ձեռքումը, հանդարտ քայլերով, նստում էր մի անկյունում, ինչպես մի օտար մարդ, մտքում հաշվում էր գնողների թիվը և նրանց գնած ապրանքների արժեքը և մերթ գոհ ու մերթ դժգոհ դեմքով հեռանում էր, որպեսզի մի ժամից հետո նորից գար: Այդպես է անում որձ ագռավը, երբ նրա ձագերը կեր ունեն:

Զիլզիլ քաղաքից հեռանալուց հետո Աբրահամ աղայի արտաքինը միանգամայն փոխվել էր:

Այլևս նա իր բեղերը չէր ներկում հինայով, չէր սրում դեպի վեր, որպես ջահելության և համարձակության սիմվոլ և ոչ էլ երեսն էր սափրում: Օր օրի վրա աճում էր նրա միրուքը: Այժմ նա իջել էր մինչև կուրծքը:

Ճիպ-ճերմակ փառահեղ լավաշի չափ լայն միրուքը, որ շատերին էր շփոթեցնում ու պատկառանք ներշնչում:

Այժմ նրա քայլվածքն ավելի ծանրաբարո, ավելի աղայական էր, քան առաջ, .երբ նա դեռ չէր կողոպտել իր բարեկամին և չէր սպանել նրան: Նա պակաս փոփոխություն չէր մտցրել և իր հագուստի մեջ: Նա թևավոր երկայն չուխան տերևանման թևերով թողել էր: Արխալուղի վրա հագնում էր լայն սերթուկ, որի կոճակները կապում էր մինչև կոկորդը, բողոքական քարոզչի պես: Ավելի ճիշտ նա կնմանվեր հրեա ռաբբի, թե քունքերի մազերն երկարացներ: Նա դեն էր գցել ասիական սև մորթե գդակը և գլխին դնում էր ռուսական սև «ֆուրաշկա» ճիշտ մոսկովյան հին տիպի վաճառականների պես:

Նա չմուշկների փոխարեն հագնում էր եվրոպական կոշիկներ երկու մատնաչափ հաստ ներբաններով:

Կիրակի օրերը նա ամենայն ճշտապահությամբ եկեղեցի էր գնում, մնում էր այնտեղ մինչև պատարագի վերջը: «Ողջույնի» ժամանակ նա էր մոտենում պատարագիչ քահանային և նա էր ստանում օրհնությունը: Եկեղեցուց դուրս գալով նա մուրացկանների ձեռն էր դնում մի պղնձե դրամ և սպասում էր, որ ավագ քահանան կամ հաջորդը եկեղեցուց դուրս գա և խոսե նրա հետ մի քանի րոպե, հետո, եթե տրամադրությունը լավ է, ճաշի հրավիրի նրան:

Նայելով Աբրահամ աղայի հանգիստ, անվրդով, կարելի է ասել բիբլիական կերպարանքին, շատերն էին կարծում, թե չկա և չի կարող լինել ավելի ուղղամիտ, ավելի ազնիվ, ավելի բարեսիրտ մարդ, քան այդ կեղծիքն ու խաբեբայությունը, քան այդ կարծրացյալ սիրտը, ապականյալ հոգին: Ինքն Աբրահամ աղան զգում էր իր արտաքինի պատկառելիությունը և մարդկանց հետ զրույց անելիս առանց մեծ ջանքի կարողանում էր իր ձայնին, ձևերին, ու շարժումներին տալ համապատասխան ռիթմ: Եվ ոչ մի տաղանդավոր դերասան չէր կարող բեմի վրա իր դերը կատարել այնպիսի վարպետությամբ, որպես այդ մարդը կյանքի մեջ: Գայլ էր ոչխարի մորթով, բառիս իսկական իմաստով, միայն կուշտ գայլ:

Ճշմարիտ է, մեկ-մեկ Աթանես Ահրումյանի հանկարծահաս մահը մտաբերելիս, Աբրահամ աղայի տրամադրությունը դառնանում էր և դեմքը մի քիչ այլայլվում, բայց ի՞նչ նշանակություն ունի ամառվա կիզիչ արևի համար անցողիկ ամպի մի կտոր: Բավական էր, որ նա մտքում կրկներ իր սովորական մեղեդին — «այս փուչ աշխարհում ո՞վ չի զրկում սրան կամ նրան» — և իսկույն նորեն վերադառնում էր նրա հոգու անդորրությունը:

Մի անգամ Աբրահամ աղան, ծովափում զբոսնելիս, հանդիպեց յուր ողբացյալ բարեկամի որդուն, Վարդան Ահրումյանին և ճանաչեց: Մի վայրկյան նրա մեջ ցանկություն ծագեց բարևել նրան, հետը խոսել, «հայրաբար» հարցնել նրա առողջության, նրա մոր, նրա գործերի մասին, բայց Վարդանն այնպիսի մի կատաղի դեմք ցույց տվեց, որ մարդու լեզուն կաշկանդվեց: Բացի այդ, նա ամենայն պարզությամբ լսեց Վարդանի մի ծայր աստիճան լկտի հայհոյանքը՝ «քո սպիտակած միրուքը ես կներկեմ իմ...» և այլն... Մի ուրիշ օր Աբրահամ աղան դարձյաղ հանդիպեց իր ոխերիմ թշնամուն, այս անգամ հասարակական պարտեզում և իր մորեղբոր հետ: Նա կամեցավ մի կերպ խույս տալ, չհաջողվեց: Վարդանը նրա մոտով անցնելիս արտասանեց մի ուրիշ նույնչափ կեղտոտ հայհոյանք:

Աբրահամ աղային թվաց, որ նա մինչև անգամ կամեցավ հարձակվել իր վրա, բայց մորեղբայրը չթողեց: Այնուհետև նա սկսեց լրջորեն վախենալ Վարդանից և որոշեց երբեք չզբոսնել այն վայրերում, ուր կարող էր հանդիպել նրան: Բայց և այնպես թշնամու կատաղի հայացքն ու նրա անպատկառ հայհոյանքը նրա հանգստությունը մի աստիճան ավրել էին և նա այժմ կամա-ակամա մտածում էր իր անցյալ վարմունքի մասին, իր բարեկամի վերաբերմամբ: Սակայն սխալ կլիներ կարծել, թե դա մի տեսակ զղջում էր կամ խղճի արթնացում: Քավլիցի: Արդեն ժամանակը կատարել էր իր գործը, առ միշտ սպանելով նրա սրտում զղջման զգացումը: Այժմ նրա տեղը գրավեց ֆիզիկական երկյուղը: Ո՞վ գիտե ինչ վտանգավոր միջոցների կարող է դիմել այդ տղան իր հանգուցյալ հոր մահվան վրեժը լուծելու համար: Քի՞չ են պատահել նման դեպքեր, երբ մարդիկ այդ հասակում մի չնչին բանի համար դիմել են նույնիսկ զենքի օգնության:

Մի երեկո Աբրահամ աղան չկարողացավ թաքցնել իր մռայլ մտորումները: Պատմելով եղելությունը նա ասաց իր որդիներին:

Զգուշացեք այդ տղայից, նրա մտքում կա մեր դեմ հորից ժառանգած մի չարություն:

Իհարկե՛ պիտի լինի չարություն. մի՞թե կարող է մոռանալ իր հոր մահը, — պատասխանեց տիկին Հռիփսիմեն:

Թող լինի, — ասաց Արշակը, — ես դրանից չեմ վախենում: Ես ուրիշ բանի մասին եմ մտածում: Այդ տղան վաճառականության մեջ շատ առաջ է գնալու: Ուշադրություն դարձրե՞լ ես, հայրիկ, նրա մորեղբոր խանութի վրա:

Ես դարձրել եմ, — մեջ մտավ լայներես և մեծ քթանի Դանիելը, — այնտեղ մեծ տառերով կարդացել եմ. Гастрономический магазин Сергея Маркича Акведова и Василия Афанасьевича Айрумова:

Լսո՞ւմ ես, հայրիկ, — շարունակեց Արշակը, — այդ նշանակում է, որ երեկվա պզտիկ գործակատարն այսօր դարձել է իր տիրոջ հավասար ընկերը: Ես հավատացած եմ, որ վաղը-մյուս օրը նա Ակվերդովին դուրս է գցելու և տիրանալու է ամբողջ խանութին: Ես այդ տղայի` մեր դեմ ունեցած ոխից չեմ վախենում, այլ նրա խելքից ու ճարպկությունից:

Ի՞նչ կարող է նա մեզ անել իր խելքով ու ճարպկությամբ, — գոչեց Աբրահամ աղան արհամարհանքով:

Ամեն բան, ինչ որ իրավունք է տրված անելու զորավորին թույլերի վերաբերմամբ:

Վաճառականությունը մրցում է, մենք նրա հետ մրցելու կարիք չունենք, նրա առևտուրը ուրիշ է, մերն ուրիշ:

Վաճառականության մեջ բոլոր տեսակի առևտուրները ներքուստ սերտորեն կապված են իրար հետ: Մեկի զարգացումը կողմնակի կերպով ազդում է մյուսի անկման վրա : Դա տնտեսության օրենքն է, որի մասին ես կարդացել եմ նորերս: Բայց ես ուրիշ բան էի ուզում ասել:

Չեմ հասկանում, — ասաց Աբրահամ աղան, — պարզ խոսիր այդ տղայի մասին:

Ես հենց նրա մասին եմ խոսում, հայրիկ: Լսիր, Վարդան Ահրումյանը, որ այժմ Վասիլի Աֆանասևիչ Այրումով է, այն մարդկանցից է, որոնք վաղը-մ յուս օրը մեր երկրի տերերն են լինելու:

Այդ ինչպե՞ս, տապակած հնդկահավ կամ խոզի ապուխտ վաճառելո՞վ, — գոչեց Աբրահամ աղան հեգնաբար:

Ո՛չ, հայրիկ, ոչ խոզի մսով և ոչ էլ մանավանդ մանուֆակտուրայով, այլ նավթով, նավթով: Ես մի քանի անգամ ասել եմ, էլի եմ ասում, ապագան այն մարդունն է, որ վաճառականությունը կթողնի և կսկսի այժմյանից պարապել նավթային արդյունաբերությամբ: Վարդան Ահրումյանը չնայելով իր տարիքին, այդ բանը հասկացել է:

Ինչպե" ս, — հետաքրքրվեց Աբրահամ աղան:

Այս օրերս նա Ռամանիի նավթահողերից ձեռք է բերել երկու դեսիատին: Դա քիչ բան չէ հասկացողի համար:

Ո՞վ ասաց քեզ:

Մի թուրք բեգ, որի հետ ծանոթացել եմ կլուբում: Այսօր այդ բեգն եկել էր մեր խանութ հատկապես ինձ առաջարկելու, որ իր հողերից գոնե մի դեսիատին էլ ես գնեմ: Ինչպես երևաց, մարդը փողի կարիք ուներ և պատրաստ էր հողը տալ ամենաէժան գնով: Դժբախտաբար ես ստիպված էի նրան մերժել, հայրիկ, համաձայն քո կարգադրության: Դու պատվիրել ես ինձ բացի մանուֆակտուրայից ոչ մի գործի չխառնվել...

Շատ լավ ես արել, որ մերժել ես: Հիմարություն կլիներ արյուն-քրտինքով աշխատած փողերս թափել հորի մեջ, չիմանալով՝ կա թե չկա մի բան այդ անխոս հողի տակ:

Բայց Ռամանին անխոս չէ, հայրիկ: Նա արդեն սկսել է խոսել, գոնե նրա մասին խոսվում է: Այժմ բոլոր երկրագետներն ու ինժեներները միաձայն պնդում են, թե

Ռամանին անվիճելի նավթահող է: Կարդա ամեն օր տեղական լրագիրը, և դու էլ ինձ պես կհամոզվես:

Աստված դեռ խելքս չի առել, որ մի լրագրի ցուցմունքով վարեմ իմ գործերը, — շարունակեց հակաճառել Աբրահամ աղան, — բայց ի՞նչ եմ ասում, եթե ինքս իմ աչքով տեսնեմ Ռամանիի մի հորից ֆանտան խփելիս, էլի ես նրա կողքին հոր չեմ փորի: Ուզում եմ ասել, որ նավթը մեր բանը չէ, ես նրա մեջ խեր չեմ տեսնում:

Լսիր, հայրիկ, մի վաճառական, որ իր գործից դուրս բան չի տեսնում, միշտ կմնա խանութպան կամ չարչի: Բաքուն աճում, ընդարձակվում է օր օրի վրա: Դու տեսնում ես, որ մի ժամանակվա գողերի և մարդասպանների աքսորավայրը այսօր դարձել է նահանգական քաղաք: Ամեն օր աշխարհի բոլոր կողմերից այստեղ են բազմում հարյուր տեսակ ձեռնարկողներ, մասնագետներ, ոմանք փողով, ոմանք անփող և բոլորն էլ նավթի համար, բոլորն էլ հարստանալու հույսով: Զուր չէ, որ Բաքուն այժմ նոր Կալիֆորնիա է համարվում: Վերջապես, ես կարծում եմ, հայրիկ, Պետերբուրգից, Շվեյցարիայից, Գերմանիայից և Անգլիայից եկող մարդիկ մի քիչ ավելի բան գիտեն, քան մենք՝ այս խավար արևելքում ապրողներս: Ինչո՞ւ մի տասնութ տարեկան Վարդան Ահրումյան կամ Վասիլի Աֆանասևիչ Այրումով կարող է այս պարզ ճշմարտությունն ըմբռնել, իսկ մենք ոչ: Ինչո՞ւ նա պետք է մեզնից ավելի հեռատես լինի:

Ես ձեռքդ մի ոսկի գործ եմ դրել, շարունակիր, իսկ այդ լակոտն իր ձեռք բերած նավթահողի վրա իր գերեզմանը կփորի, հավատա ինձ:

Այս վիճաբանության ներկա էր և տիկին Հռիփսիմեն, գեր ու կլոր դեմքով 45 տարեկան մի կին, որի հոգեկան պահանջներն ու բարոյական կերակուրը ամփոփված էին ընտանեկան հարկի տակ: Իր 26-ամյա ամուսնական կյանքում նա ճակատագրից միայն մի բան էր ակնկալելբուսական կշտություն ու հանգստություն: Ամեն ինչ, որ կարող էր այս կամ այն կերպ ալեկոծել նրա հոգու ճահճային անգորրությունը, նրան պատճառում էր խորին մտահոգություն: Այդ տեսակ մտահոգության մեջ էր նա այն օրից, երբ Աբրահամ աղան իր բարեկամին կողոպտելուց հետո խայտառակությամբ դուրս վանեց նրան իր տնից:

Թողեք, որ ես էլ իմն ասեմ, — մեջ մտավ տիկին Հռիփսիմեն ընդատելով իր որդու և ամուսնու վիճաբանությունը: — Ականջ դիր, Արշակ, ագահությունը լավ բան չէ: Նա մարդուն ստիպում է սխալներ անել և դրանով զրկում է նրան հոգեկան հանգստությունից: Բավականացիր նրանով, ինչ որ ճակատագիրը տալիս է քեզ և նոր փորձանք մի ստեղծիր մեզ համար: Ես ժամանակին մի անգամ այս բանն ասացի հորդ, նա բերանս փակեց, էլ չխոսեցի: Այն օրից ես մի տեսակ անհանգստություն ունեմ և օր չի անցնում, որ չմտածեմ, թե վաղ թե ուշ մեզ մի դժբախտություն է պատահելու:

Լավ, հասկացա ինչ ես ուզում ասել, — ընդհատեց կնոջ խոսքը Աբրահամ աղան հրամայողական եղանակով: — Մի՛ մոռնար, որ այսօր իմ խանութի ճակատին քո անունն է դրված, ուրեմն դու էլ իմ մեղքի մեջ բաժին ունես, եթե, իհարկե, իմ արածը մեղք է:

Ախ, աստված, շատ խնդրեցի, շատ աղաչեցի իմ անունը չգրել, դու չլսեցիր, ես ի՞նչ կարող էի անել: Բացի դրանից, ես մտածեցի՝ ինչ կա, քանի որ որդիներս այդ գործի մեջ են մտնում, թող ես էլ մտնեմ:

Մայրիկ, — ասաց Արշակը, — մի՞թե քեզ համար անպատվություն է տեսնել անունդ մեր խանութի ճակատին:

Ոչ, որդի, այդ չէ, դու միտքս լավ չհասկացար: Խոսքս, պատվի կամ անպատվության մասին չէ: Ես չգիտեմ ինչպես բացատրեմ միտքս: Ուզում եմ ասել, որ այն օրից, երբ հայրդ Աթանես Ահրումյանին իր տնից դուրս արավ դատարկ ձեռքով, և մարդը հանկարծամահ եղավ, ես մի տեսակ չար երազի մեջ եմ: Ինձ թվում է, որ էլի լավ կլիներ հորդ խանութի ճակատին միայն նրա անունը լիներ գրված և միայն ինքը լիներ պատասխանատու իր արածի համար:

Բայց դու ի՞նչ պատասխանատվությունից ես վախենում, ասա, ի՞նչ, — գոչեց Աբրահամ աղան, ձեռը զարկելով սեղանին:

Չգիտեմ, չեմ կարող ասել: Մի քիչ առաջ, երբ դու պատմում էիր Աթանեսի որդու չար աչքերի և նրա հայացքների մասին, երբ դու ասացիր «զգուշացեք, այդ տղայի մտքում չարություն կա մեր դեմ», ես սարսափեցի: Լավ է, եթե նա իր հոր վրեժը քեզնից առնի կամ ինձնից, բայց ո՛վ գիտի ինչ կարող է անել մեր զավակներին:

Ոչինչ չի կարող անել, մայրիկ, — ասաց Արշակը, — նա մենակ է, իսկ մենք երեք եղբայրներ ենք:

Մի՛ ասա, որդի, բավական է, որ նա ձեր երեքից մեկի վրա ձեռ բարձրացնի, դա կլինի իմ մահը:

Մայրիկ, — մեջ մտավ Դանիելը, — ես Վարդան Ահրումյանին շատ լավ եմ ճանաչում: Նա այնքան երկչոտ է, որ կատվի հարձակումից էլ է վախենում: Ուսումնարանում մենք միշտ ծաղրում էինք նրան:

Ես լսել եմ, որ Բաքվում կան սրիկաներ, որոնք մի հարյուր, երկու հարյուր ռուբլով պատրաստ են օրը ցերեկով ուզածդ թշնամուդ գլուխը կտրել: Ինձ այդ մասին մի քանի դեպքեր պատմել են:

Ասենք այդ ճիշտ է, — համաձայնվեց Դանիելը, — այդ մարդասպանների տեղն էլ ինձ ցույց են տվել: Ասում են ոստիկանությունն էլ է վախենում և չի համարձակվում ձերբակալել նրանց:

Բավական է, — գոչեց Արշակը, իր հոգու խորքում զգալով մի տեսակ երկյուղ, — մայր ու որդի արդեն սկսում եք ծիծաղելի դառնալ:

Թող այդպես լինի, որդի, բայց վախը սրտիցս չես կարող դուրս բերել:

Եվ այսպես, տիկին Հռիփսիմեի անհանգստությունն առաջանում էր ոչ բարոյական սկզբունքից, այլ ֆիզիկական երկյուղից: Չլիներ այդ երկյուղը, մնացյալում նա իր պատվարժան ամուսնու համախոհն էր: Նա երբեք չէր կշտամբում նրան բարոյական տեսակետից: Աբրահամ աղան այդ բանը շատ լավ գիտեր, ուստի ավելորդ համարեց վիճաբանությունը շարունակել: Մի համակրական հայացք ձգելով իր քսանուվեցամյա ամուսնական կյանքի հավատարիմ ընկերուհու վրա, նա վեր կացավ և հանդարտ քայլերով անցավ ննջարան իր գիշերային հանգիստ քունը վայելելու ջերմեռանդ քրիստոնյայի սովորական աղոթքից հետո... Նրան հետևեց տիկին Հռիփսիմեն, իր զավակներին համբուրելուց և օրհնելուց հետո...

Այլ էր Արշակի տրամադրությունը: Կար մի շատ որոշ տրամագիծ նրա և ծնողների մտայնության և բարոյական ըմբռնումների կամ, ավելի ճիշտ հայր ու որդու հոգեբանությունների մեջ: Մինչ Աբրահամ աղան գործնականի տեսակետից կեղծ սնանկությունը իր հոգու խորքում համարում էր ճարպկության մի արտահայտություն, Արշակը այդ գործը համարում էր դատապարտելի նույն գործնականի տեսակետից: Այս առթիվ նա շատ էր վիճաբանել իր հոր ու հորեղբոր հետ: Նրա մտայնությամբ կեղծ սնանկությունը հնամաշ ու փչացած միջոց է, որ պետք է դեն շպրտվի, ինչպես մի կեղտոտ լաթ ժամանակակից վաճառականի կողմից: Այլ խոսքով, կեղծ սնանկությունը հիմարություն էր նրա համար, նույնը, ինչ որ մեկի գրպանից մի թաշկինակ դուրս բերելը լուրջ ու համարձակ գողի համար:

Արժե՞ր միթե երեսուն-քառասուն հազար ռուբլոլ համար ձեռներ կեղտոտել և վարկաբեկվել: Կարելի էր մի քանի տարի էլ սպասել և հետո վազել տասն անգամ ավելի խոշոր որսի հետևից: Այն ժամանակ գուցե Արշակը մի կերպ հաշտվեր հոր ու հորեղբոր արածի հետ: Իսկ ա՞յժմ, ինչ ողորմելի հետևանք, վարկաբեկման գնով վաստակված: Դա միևնույնն է, ինչ որ դուրս գալ ավազակության մեծ ճանապարհը ինչպես առյուծ և տուն վերադառնալ աղվեսի ավարով: Դեռ Մառոզովը ոչինչ, նա հեռու է, գուցե ժամանակը կարողանա ջնջել նրա անունը հասարակական կարծիքի դատարանում, բայց Աթանես Ահրումյանի անունըերբե՛ք: Նա չի մոռացվի, և մարդիկ միշտ պիտի հիշեն նրա հուսահատական ճիչերը, նրա անեծքները, նրա հայհոյանքները, նրա կատաղի գրգիռը, նրա կաթվածահար լինելն ու մահը, վերջապես, նրա կնոջ ու զավակների հավիտենական անեծքն ու ատելությունը: Եվ այդ բոլորըերեք-չորս հազար ռուբլու համար և այդ այն ժամանակ և այնտեղ, երբ և ուր մարդիկ սկսել են խոսել միլիոնների, տասնյակ հարյուրավոր միլիոնների անունով: Ո՛չ, ինչ ինչ ուզում է թող ասի Աբրահամ աղան, Արշակը չի կարող խելացի համարել նրա արածը և միշտ պիտի դատապարտի նրան իր մտքում: Մի՞թե նա որպես հայր չպիտի մտածեր, որ իր հիմարության պատասխանատվությունը ծանրանալու է իր զավակների և մանավանդ նրանց վաճառականական վարկի վրա:

Վաճառականական վա՜րկ...

Ամենից ավելի այս վերջին միտքն էր զբաղեցնում Արշակին, երբ նա իր մորը հարցրեց. «Մի՞թե անպատվություն է քեզ համար անունդ տեսնել մեր խանութի ճակատին», այդ պահին մտածում էր ոչ իր կամ իր մոր բարոյական համբավի, այլ միայն և միայն իր վաճառականական վարկի մասին: Առհասարակ պատվի մասին նա ուներ ուրույն գաղափար, այն է, թե վարկն ինքնըստինքյան պատիվ է և նա, ով վաճառականության մեջ վարկ ունի, ունի նաև պատիվ որպես մարդ: Նա շատ լավ գիտեր, որ գործնական աշխարհ մտնելով, իր հոր ազգանվան տակ, ուզե չուզե, նսեմացնելու է իր վարկը: Այս միտքն ուղղակի ալեկոծում էր նրա էությունը, երբեմն նրան քնից զրկելով, մանավանդ Բաքու տեղեփոխվելուց հետո: Գավառի խուլ անկյունից բերած նրա նեղ հասկացողությունը առևտրի ծավալի և ուժի վերաբերմամբ այստեղ օր օրի վրա հասունանում էր, լայնանում և ավելի ու ավելի պահանջկոտ դառնում: Խանութի պատերից դուրս բան չտեսած մանրավաճառին զմայլեցնում էր նավթային արդյունաբերության հեռանկարը: Լեռների սահմանափակ հորիզոնում ծնված ու սնվածին հարյուրավոր ծրագիրներ էր ներշնչում լայնածավալ ծովը, և նրա երիտասարդական ֆանտազիան չէր երկնչում ամենահամարձակից, ամենավտանգավորից: Այլևս արշինը իր խղճուկ չափով չէր կարող հագեցնել նրա շահելու, հարստանալու, մեծ կապիտալիստ դառնալու փափագն ու ախորժակը: Օրը մինչև երեկո չիթ ու կտավ չափելով ու կտրելով, նա իրան զգում էր ողորմելի ու կարեկցության արժանի վիճակում: Մկրատի ձայնը գրգռում էր նրան, ինչպես սղոցը ապակի կտրելիս մինչև կատաղություն: Պատահում էր, որ նա գնված ու թղթի մեջ փաթաթված կտորը ձգում էր գնողի առաջ այնպիսի արհամարհանքով և բիրտ ձևով, որ կարելի էր կարծել, թե գնողը հայհոյել կամ անիծել է նրան: Այնտեղ, ուր աջ ու ձախ, հայ ու թուրք, ռուս ու հրեա, բոլոր հասակների, բոլոր ազգերի ու ազգությունների մարդիկ խոսում էին խոշոր արդյունաբերության և գործարանային ձեռնարկությունների մասին, նա իրան զգում էր այնքան տկար, այնքան աննշան, որքան աղվեսը վագրերի ու առյուծների շրջանում: Ո՛չ, չպիտի մնալ այսպես, երկուսից մեկը կամ պիտի խառնվել ընդհանուր իրարանցման այդ նավթային ու բորսային, գործարանային ու բանկային թոհուբոհի մեջ կամ վերադառնալ Զիլզիլ և այնտեղ շարունակել հայրական գործը: Որքան ծիծաղելի ու ծաղրելի էր թվում նրան իր հոր աղայական դեմքի կուշտ ու ինքնագոհ արտահայտությունը, նույնքան պակասում էր նրա որդիական հարգանքն ու պատկառանքը: Ամեն անգամ երբ ծեքունին տերողորմյան ձեռին իր փառահեղ միրուքը շալակած հանդիսավոր քայլերով խանութ էր մտնում, որդին մտքում չարիմաստ ծիծաղելով ասում էր. «ահա, Շահին-շահը մտավ իր ապարանքը»:

Ծնողների ննջարան գնալուց հետո Արշակը դարձավ եղբորն ու ասաց.

Եթե դու լինեիր Վարդան Ահրումյանի նման աչքաբաց, մենք, Դալբաշյան եղբայրներս, կարող էինք մեծ գործեր ձեռնարկել հակառակ մեր հոր կամքին:

Օրինակ, ի՞նչ գործեր, — հարցրեց Դանիելը:

Մի՞թե Բաքվում ներելի է այդպիսի հարց տալ: Հասկանալի է, որ խոսքս նավթի մասին է:

Ես չեմ ուզում վաճառականությամբ պարապել:

Նավթը վաճառականություն չէ, այլ արդյունաբերություն:

Ի՛նչ տարբերություն կա մեկի և մյուսի մեջ:

Այն տարբերությունը, ինչ որ ծառայի ու տիրոջ մեջ, մեկը խանութպանություն է, մյուսը կապիտալիզմ: Հասկանո՞ւմ ես, եթե ոչ, կամենաս, ես կբացատրեմ...

Չեմ ուզում ոչ մի բացատրություն: Իմ հասկացողությամբ երկուսն էլ առևտուր է, իսկ ես զզվում եմ ամեն մի առևտրից:

Մի՞թե, — գոչեց Արշակը բարկացկոտ հեգնանքով, — այդ ո՞ր ժամանակից:

Այն օրից, երբ հայրիկը Աթանես Ահրումյանին դուրս վռնդեց մեր տնից, նրա փողերը ուտելով: Այսօր էլ այդ կողոպտված մարդու անեծքն ականջներումս է: Դռներից դուրս գալիս նա ասաց. Աբրահամ, դու իմ տունը քանդելով, քոնը շինեցիր, բայց շատ մի գոռոզանար, աստծու կրակը մի օր կթափվի քո զավակների գլխին: Այն օրից գիշեր չի անցնում, որ ես երազումս չտեսնեմ նրան այդ անեծքն արտասանելիս: Ես վախենում եմ, Արշակ, մեր հոր ժառանգությունը բավական սննդարար կերակուր է, բայց մեջը թույն կա:

Следующая страница