Շիրվանզադե Ալեքսանդր՝   Վերջին շատրվանը

Խորքի դռների մեջ երևում է Խալիֆյանն՝ աշխատանքի սովորական հագուստումկաշվե բաճկոն, շապիկ՝ առանց փողկապի, երկայնավիզ կոշիկներ: Թամարան շփոթվում է, բայց անմիջապես իշխում է իրեն: Խալիֆյանը մոտենում է, հարգանքով սեղմում է նրա ձեռը: Թամարան թեթևակի հանդիմանում է նրան, որ «չբարեհաճեց» անձամբ գալ և շնորհավորել իր անվանակոչությունը:

Ես գիտեմ, որ դուք բուրժուական խնջույքներ չեք սիրում, բայց չէ՞ որ իմ հայրը ձեզ սիրում է:

Շնորհակալ եմ ձեր հորից, օրիորդ, բայց իմ ներկայությունը կարող էր վիրավորել ձեր հյուրերի ճաշակն ու պահանջները:

Այդ ի՞նչպես:

Դժբախտաբար այս րոպեին չեմ կարող ձեր հարցին պատասխանել: Կարծեմ ձեր հայրը սպասում է անհամբեր, նա ինձ շտապ կանչել է ինչ-որ կարևոր գործով:

Այո՛, նա ձեզ սպասում է առանձնասենյակում: Գնացեք:

Խալիֆյանը գլուխ է տալիս և շտապ քայլերով անցնում է Արտեմ Պետրովիչի առանձնասենյակը, աջ կողմի դռներով:

Թամարան ընկճված նստում է բազկաթոռներից մեկի վրա:

Մի՞թե նա ինձ արհամարհում է:

ՊԱՏԿԵՐ IV

ԱՐՏԵՄ ՊԵՏՐՈՎԻՉԻ առանձնասենյակում

Արտեմ Պետրովիչը անցուդարձ է անում, ստեպ-ստեպ նայելով ժամացույցին: Ներս է մտնում Խալիֆյանը: Բարևում են: Արտեմ Պետրովիչը, չմոռանալով իր աղայական տոնը, խնդրում է նրան նստել: Նա հարցնում է՝ ճի՞շտ է արդյոք, որ բանվորությունը վրդովված է չորս բանվորների կործանման պատճառով, ճի՞շտ է, արդյոք, որ գործադուլ է սպասվում, ճի՞շտ է, որ Խալիֆյանը խրախուսում է բանվորներին: Բոլոր հարցերին Խալիֆյանը տալիս է հակիրճ և դրական պատասխաններ: Արտեմ Պետրովիչը աստիճանաբար զայրանում է:

Ուրեմն բանվորության շահը ձեզ համար ավելի թա՞նկ է, քան իմ գործը:

Միանգամա՛յն:

Եվ դուք այդ ասում եք, ծառայելով ի՞նձ:

Ես գործին եմ ծառայում և ոչ ձեզ:

Բայց չէ՞ որ գործի տերը ես եմ:

Այո, ժամանակավոր:

Արտեմ Պետրովիչը հեգնորեն ծիծաղում է:

Դուք, երևի, հարբած եք, — արտասանում է նա, շեշտակի նայելով Խալիֆյանի աչքերին:

Ներեցեք, Արտեմ Պետրովիչ, ես երբեք չեմ հարբում:

Ուրեմն դուք խելագարվե՞լ եք:

Ես առողջ եմ կատարելապես:

Կնշանակե, ճի՞շտ է լսածս, թե դուք կոմունիստ եք, այսինքն վտանգավոր խռովարար:

Միանգամայն ճիշտ է:

Արտեմ Պետրովիչր լռում է, մտածում: Նրա դեմքի արտահայտությունը մի քանի անդամ փոխվում է: Վերջապես, իշխելով իրեն, նա մի վճռական շարժում է անում և ասում է.

Լսեցեք, որդի, դուք գիտեք, որ ես ձեզ սիրում եմ հարազատ հոր պես: Դուք լավ տղա եք, խելոք, ազնիվ: Դուք մեր բոլոր ինժեներներից բարձր եք ձեր բարոյական մաքրությամբ, ձեր անշահասիրությամբ: Իմ հանքերի կառավարիչը դառնալուց հետո, նավթի գողությունն այնտեղ վերացել է, հանքերի արդյունաբերությունը համարյա թե կրկնապատկվել է: Բացի դրանից, դուք ինձ երեք շատրվան եք տվել, այժմ սպասում եք չորրորդին: Եկեք, թողեք ձեր ցնորքները, ձեր երազները, համոզվեցեք, որ աշխարհի տիրող օրենքները չեք կարող տակն ու վրա անել:

Ներեցե՛ք, Արտեմ Պետրովիչ, եթե դուք ինձ կանչել եք խրատներ տալու, թույլ տվեք ասել, որ ես ունեմ իմ ուսուցիչները և միայն ու միայն նրանց ուսմունքն է ինձ համար ընդունելի և պարտավորական:

Բայց այդ ուսուցիչները չեն կարող ձեզ տալ այն, ինչ որ ես կարոր եմ տալ:

Այսի՞նքն:

Կյանքի կատարյալ ապահովություն, հարստություն և հասարակական նախանձելի դիրք: Այն, ինչ որ ինժեներների երազն է:

Խալիֆյանը հեգնորեն ժպտում է:

Դուք չե՞ք հավատում, կարծում եք ես կատա՞կ եմ անում: Լսեցեք, ես ավելի պարզ կխոսեմ: Դուք գիտեք, որ իմ գործերը շատ են, բացի հանքերից, ես ունեմ գործարան, երկու շոգենավ, չորս առագաստավոր նավեր, յոթը մեծ տներ և այլն, և այլն: Իմ հարստությունը հասնում է մի քանի տասնյակ մրլիոնների: Բայց ես դժբախտարար ժառանգ չունեմ: Իմ միակ որդին՝ ժորժը ոչ մի բանի պետք չէ: Նա մարմնով հիվանդ է, իսկ հոգով արդեն փչացած, ապականված, իսկ աղջիկս՝ աղջիկ է: Եկեք, որդի ամուսնացեք Թամարայի հետ, նա քեզ հավանում է, և դուք միասին հավասար կվայելեք իմ ժառանգաթյունը: Համաձա՞յն եք:

Ո՛չ:

Արտեմ Պետրովիչը ցնցվում է: Նրա լեզուն կաշկանդվում է, նա հազիվ կարողանում է արտասանել.

Ինչո՞ւ:

Որովհետև ոչ ես կարող եմ ձեր աղջկան բախտավորություն տալ և ոչ էլ նա ինձ: Իմ պահանջները կյանքից և ձեր աղջկա պահանջները երբեք չեն կարող հաշտվել: Մենք երկու արմատապես տարբեր շրջանի և տարբեր աշխարհայեցողության մարդիկ ենք:

Ուրեմն դուք իմ և իմ աղջկա թշնամի՞ն եք:

Արտեմ Պետրովիչ, թույլ տվեք ասել, որ մենք կոմունիստներս անձնական թշնամություն ասված բանն արհամարհում ենք: Մեր և ձեր միջի թշնամությունը կարող է լինել միայն և միայն դասակարգային: Ներեցեք, ես ուշանում եմ իմ գործից, ուրիշ ասելիք չունե՞ք:

Վեր է կենում:

Ոչ, ես ասացի բոլորը, ինչ որ ուզում էի ասել: Գնացեք և իմ առաջարկության մասին լավ մտածեցեք:

Խալիֆյանը գլուխ է տալիս և դուրս է գնում:

Արտեմ Պետրովիչը խորապես վիրավորված ընկղմվում է բազկաթոռի մեջ:

ՊԱՏԿԵՐ V

Ներս է մտնում Բարութչյանը: Նա դռան ետևից լսել է բոլորը:

Նա դուրս եկավ այստեղից հեգնական ժպիտը երեսին, — ասում է Բարութչյանը, — ես գիտեմ ինչու: Կուզեի միայն գիտենալ, այդ բոլորից հետո էլ նրան պիտի պահես իր պաշտոնում:

Այո՛, պիտի պահեմ, — պատասխանում է Արտեմ Պետրովիչը դրականորեն:

Բարութչյանի դեմքն արտահայտում է խորին դժկամություն:

ՊԱՏԿԵՐ VI

Քսանմեկերորդ նավթահորը

Ջրօրհնեքի թաթախման գիշերն է: Հոր փորողները, լինելով քրիստոնյաներ, գնացել են երեկոն իրենց ընտանիքի հետ անցկացնելու: Վիշկաներում ոչ ոք չկա, երկու էլեկտրական լամպերը հազիվ փարատում են փայտաշեն բուրգի խավարը:

Դրսից վիշկայի դռները փակ են կողպեքով: Հեռվից երևում է մեկը, որ երեսը բաշլղով ծածկած է: Նա գողնովի մոտենում է վիշկային, հասնելով դռնակին, փորձում է բանալ, չի կարողանում: Փնտրում է և գտնում է մի քար, սկսում է կողպեքը կոտրել: Բավական ջանալուց հետո, կոտրում է և մտնում է վիշկայի ներսը:

ՊԱՏԿԵՐ VII

Ներսում մարդը նայում է աջ ու ձախ, գետնի վրա զանազան գործիքներ և երկաթի կտորներ է գտնում մեծ քանակությամբ: Նա դժվարությամբ վերցնում է նավթահորի կափարիչը, ձգում է մի կողմ: Նա մի քանի վայրկյան տատանվում է՝ անել, թե՞ ոչ: Մի վճռական շարժում է անում և կռանում է դեպի գետինը:

ՊԱՏԿԵՐ VIII

ՕՍՄԱՆՆ իր սենյակում

Օսմանն անհանգիստ է: Ուզում է քնել, չի կարողանում: Նա տրորվում է ոչխարի մորթուց կարած մուշտակի տակ, տախտակյա անկողնակալի վրա: Ո՞ր ժամն է արդյոք, Օսմանը նայում է իր գրպանի ժամացույցին:

Երկու ժամ 10 րոպե:

Օսմանը շտապով ոտքի է ելնում, դուրս է գալիս և իսկույն վերադառնում է:

Նա դեռ չի վերադարձել, — ասում է ինքն իրեն, — չլի՞նի թե մի բան է պատահել:

Օսմանի անհանգստությունը Խալիֆյանի մասին է: Նա գիտե, որ ինժեները գնացել է մի հեռավոր հանք, որի վարիչը նրա բարեկամն է: Ինչո՞ւ այդքան ուշացավ Օսմանի սիրելի Տիգրան աղան: Օսմանը կապում է մեջքին իր անբաժան դաշույնը, վերցնում է գավազանն ու դուրս է գնում:

ՊԱՏԿԵՐ IX

Վիշկայի ներսում

Բաշլղավոր մարդը կատարել է իր սև գործը: Նա ձգում է հորի մեջ երկաթի վերջին կտորները և մտածում է.

Թող այժմ Խալիֆյանը մաքրի իր շատրվանը: Կտեսնենք ինչպես:

Նա ծածկում է նորից նավթահորի բերանը և շտապում է դուրս գալ վիշկայից:

ՊԱՏԿԵՐ X

Երկու շարք վիշկաների մեջ փողոցանման տարածություն: Բաշլղավորը բաց է անում դեմքը: Էլեկտրական լամպարը լուսավորում է Աբալյանին: Դեմ ու դեմ գալիս է Օսմանը: Զարմացում երկու կողմերից:

Ո՞ւր ես գնում Օսման, — հարցնում է Աբալյանը:

Գնում եմ Տիգրան աղային տուն բերելու: Դու ո՞րտեղից ես գալիս:

Աբալյանը հեռանում է շուտով, Օսմանի հարցը թողնելով անպատասխան:

Օսմանը տարակուսանքով շարժում է գլուխն ու ճանապարհը շարունակում է:

ՊԱՏԿԵՐ XI

Հետևյալ օրը: ԽԱԼԻՖՅԱՆԻ գրասենյակը

Խալիֆյանը ծխելով անց ու դարձ է անում: Բարութչյանը տելեֆոնով քաղաք՝ Մարկոզովին տեղեկանք է տալիս քսան ու մեկերորդ հորի մասին:

Աբալյանն զբաղված է ինչ-որ գծագրությամբ: Բարութչյանը տելեֆոնը թողնում է: Վիճաբանություն փչացած հորի մասին: Խալիֆյանը չգիտե ում կասկածել: Բարութչյանը ենթադրում է, թե անկասկած նույն հարևան հանքատերն է փչացրել, որպեսզի նա շատրվան տալով չազդի հարևան հորերի արտադրության վրա:

Իսկ ես համոզված եմ, որ բանվորներն են փչացրել համար քսանումեկերորդ հորը, գոչում է Աբալյանը, ձեռը գրասեղանին զարկելով, նրանք չորս կործանված բանվորների վրեժն են կամեցել առնել:

Խալիֆյանը զայրանում է և բողոքում: Ներս է մտել Օսմանն ու կանգնել մի կողմում, մերթ ընդ մերթ զննող հայացքով Աբալյանին նայելով: Նրա հայացքներն սկսում են Աբալայանին ներվայնացնել:

Ես վերադառում եմ քաղաք, ի՞նչ ասեմ Արտեմ Պետոովիչին, — հարցնում է Բարութչյանը Խալիֆյանին:

Ասացեք, որ կաշխատեմ մի քանի օրում հորը մաքրել, վերջացնել, թող չանհանգստանա:

Բարութչյանը գնում է: Նրան հետևում է Աբալյանը, Օսմանի հեգնական հայացքն ուղեկցում է Աբալյանին: Նա ծիծաղում է:

Խալիֆյանը զարմացած նայում է 0սմանին. — ի՞նչ պատահեց, ինչ ու ես ծիծաղում:

Չտեսա՞ր, Տիգրան աղա, ինչպես նա սպրդնեց ու դողաց, երբ ես մտիկ էի անում նրա երեսին: Հիմա ինչո՞վ ասես, կարող եմ երդվել, որ քսանումեկերորդ հորը նա է փչացրել, քո օգնականը:

Խալիֆյանը, հանկարծ ինչ-որ հիշելով, մտածում է Օսմանի ասածի մասին:

ՉՈՐՐՈՐԴ ՄԱՍ

ԹԱՄԱՐԱ մենակ, հեաո ԱննԱ ԳԱՍՊԱՐՈՎՆԱ

ՊԱՏԿԵՐ I

Բարութչյանն Աննա Գասպարովնային պատմել է Արտեմ Պետրովիչի Խալիֆյանին արած առաջարկության և Խալիֆյանի մերժման մասին: Աննա Գասպարովնան էլ բոլորը պատմել է աղջկան, բացի Խալիֆյանի մերժումից: Հոր վարմունքն այնքան վիրավորել է Թամարայի ինքնասիրությունը, որ ահա երկու օր է, նա իր սենյակում փակված լալիս է ու անիծում իր ճակատագիրը:

Երեկո է, Թամարան տխուր ու մտազբաղ նստած է: Նա աշխատում է ընթերցանությամբ ցրել իր մտքերը, չի կարողանում: Գիրքը մի կողմ դնելով, վեր է կենում ու սկսում է անցուդարձ անել:

Ներս է մտնում Աննա Գասպարովնան զուգված ու զարդարված: Նա հագել է իր լավագույն զգեստն ու ամենաթանկագին գոհարները, նա պատրաստվել է կլուբ գնալու: Այսօր այնտեղ սեզոնի ամենաշքեղ երեկույթն է: Տեսնելով Թամարային տնային հագուստում, նա զայրանում է: Նա ցույց է տալիս իր բազկի պլատինե ժամացույցը: Երեկույթն արդեն սկսվել է:

Տաս ժամ և 20 րոպե

Թամարան գլուխը շարժում է բացասաբար: Նա չի ուզում գնալ այդ երեկույթին: Նրա գլուխը ցավում է, նա թույլ է, հիվանդ. Աննա Գասպարովնան հորդորում է նրան թողնել «հիմարությունները» գնալ: Նրա բացակայութունը կարող է թշնամիներին ուրախացնել, իսկ այդ Խալիֆյանն ով գիտե ինչեր կարող է երևակայել իր մասին:

Գիտե՞ս, Թամարա, եթե ինձ հարցնես, կասեմ, որ Աբալյանը այդ Խալիֆյանից հազար անդամ լավ փեսացու է: Չգիտես ինչ շիկ երիտասարդ է, просто прелесть.

Թամարան խորին զզվանք է արտահայտում:

Վերջապես մայրը կարողանում է համոզել նրան երեկույթ գնալու: Անֆիսային կանչելով, Թամարան սկսում է հագնվել:

ՊԱՏԿԵՐ II

Փառահեղ նվագախումբը կլուբի ընդարձակ սրահում: Բեմի վրա նվագ, երգեցողություն, դեկլամասիոն, ծափահարություններ, օվացիաներ, ծաղկեփնջեր և դափնյա պսակներ արտիստ ու արտիստուհիներին: Սրահը լեցուն է ծայրե ի ծայր, շատերը ոտքի վրա են, պատերի տակ: Կանայք մեծ մասամբ դեկոլտե են. տղամարդիկ ֆրակով են կամ սմոկինգով: Գոհարեղենի բացառիկ շռայլություն: Պյոտր Արտեմիչը ֆրակով նստած է առաջին կարգում՝ իր բարեկամ հանքատերերի ու գործարանատերերի հետ: Աննա Գասպարովնան Թամարայի հետ նստած է երկրորդ կարգում: Մայրն ուրախ ու զվարթ է, աղջիկը տխուր, մտազբաղ: Երրորդ կարգում նստած են Բարութչյանն ու Աբալյանը:

ՊԱՏԿԵՐ III

Կլուբի վեստիբյուլը: Սրահում նվագահանդեսը վերջացել է. հանդիսականները դուրս են գալիս վեստիբյուլ և ցրվում են աջ ու ձախ, սրահը դատարկելով, որպեսզի սպասավորներն աթոռները ժողովեն ու պարողների համար տեղ ազատեն: Աբալյանը մոտենում է երկու իր հասակի երիտասարդների, որոնցից մեկը կրում է ցարական օֆիցերի համազգեստ, մյուսը ֆրակով է: Կարճ խորհրդակցություն երեքի մեջ: Երևում են ԽալիՖյանը, Սանդրո Գուլաձեն, Ֆարման Մահմուդզադեն և Ալյոշա Չերնովը, բոլորն էլ պարզ հագած, այսինքն բաճկոններով: Ցարական ստան, բեղերը ոլորելով, մի սպառնալի հայացք է ձգում նրանց վրա: Չորսից ոչ ոք ուշադրություն չի դարձնում նրա վրա, միայն Գոլլաձեն հեգնորեն ծիծաղում է:

ՊԱՏԿԵՐ IV

Սրահում պարերն սկսվել են: Պարողների մեջ է Աննա Գասպարովնան, չպարողների մեջ է Թամարան, որ այս կողմ նայելով Խալիֆյանին է փնտրում: Նա վճռել է անպատճառ հանդիպել ինժեներին և արհամարհանք ցույց տալ նրան: Նա մերժում է բոլոր երիտասարդներին, որոնք մոտենում են ու առաջարկում պարել, իսկ Աբալյանի առաջարկը մերժում է ակնհայտ ատելությամբ: Մոտենում է Խալիֆյանը: Վայրկենաբար փոխվում է Թամարայի դեմքի արտահայտությունը: Նա մոռացավ իր վճիռը, նա ուրախ է: Նա կարծում է, թե Խալիֆյանը եկել է խնդրելու, որ իր հետ պարե: Բայց Խալիֆյանը երեկույթ է եկել ոչ պարելու կամ զվարճանալու, այլ իր մի քանի ընկերների հետ տեսնվելու համար: Կարճ Խոսակցություն Թամարայի և Խալիֆյանի մեջ, խանդի և ատելության զորավոր արտահայտություն Աբալյանի կողմից, որ հեռվից նայել է: Խալիֆյանը հեռանում է, Թամարան նորեն տխրում է:

ՊԱՏԿԵՐ V

Նույն սրահը: Պարերը շարունակվում են: Այս անգամ պարում են արևելյան պարեր:

ՊԱՏԿԵՐ VI

Կլուբի սեղանատունը: Հանդիսականների մի մասն ընթրում է զատ-զատ սեղանների քով, խումբ-խումբ:

Մարկոզովների սեղանն սպասավորների առանձին ուշադրության առարկան է: Արտեմ Պետրովիչին սպասավորում է ինքը մետր-ղօտելը:

Երևում է Խալիֆյանն իր երեք ընկերների հետ: Նրանք ազատ սեղան են փնտրում և դժվարությամբ են գտնում: Արտեմ Պետրովիչը Բարութչյանին պատվիրում է Խալիֆյանին իր սեղանին հրավիրելու:

Խալիֆյանը ներողություն խնդրելով, մերժում է:

Նա չի ուզում իր ընկերներից բաժանվել: Մարկոզով ամուսիններն ու Բարութչյանը վիրավորվում են: Թամարան դառնագին հանդիմանում է հորը, որ մի անգամ ևս իրեն ստորացրեց:

Երևում է Աբալյանը: Աննա Գասպարովնան, հակառակ Թամարայի ցանկության, սպասավորին ուղարկում է նրան իր սեղանին հրավիրելու: Աբալյանը քծնող ժպիտը երեսին գալիս նստում է Աննա Գասպարովնայի մոտ: Նա շոյված է, մի քանի հաղթական հայացքներ է ձգում Խալիֆյանի սեղանի ուղղությամբ: Ոչ Խալիֆյանը, ոչ նրա ընկերներն ուշադրություն չեն դարձնում: Նրանք խորապես զբաղված են խոսակցությամբ:

Երևում է ժորժը սմոկինգով: Նա հարբած չէ, բայց գունատ է ու այլայլված: Նա մի կողմ է կանչում Բարութչյանին և փող է խնդրում, ստանում է և իսկույն չքանում:

Բարութչյանն իր վիճակով գոհ է: Աննա Գասպարովնան միանգամայն հափշտակվել է Աբալյանով: Ուրախ է, որ այդպես շուտ և այդպես դյուրին ազատվեց ձանձրալի սիրուհուց:

Արտեմ Պետրովիչն զբաղված է ընթրիքով, ոչնչով չի հետաքրքրվում: Խմում է քիչ, ուտում է շատ, գայլի ախորժակով, առանց վայրկյան դադար առնելու:

Թամարան տառապում է բարոյապես: Նրան խորապես վիրավորում ու ամոթ է պատճառում մոր սիրաբանությունն Աբալյանի հետ և հոր անտարբերությունը: Նա ընթրիքին չի մասնակցում, հակառակ Բարութչյանի թախանձանքներին: Նա ախորժակ չունի, նրա գլուխը ցավում է. նա հիվանդ է: Նա վեր է կենում սեղանից: Նրան հետևում են մյուսները: Աննա Գասպարովնան, Թամարայի պահանջով, Աբալյանիհ թույլ չի տալիս իրենց ուղեկցելու: Բարութչյանն է ուղեկցում: Նրանք դուրս են գնում:

Աբալյանը մնում է: Նա իրեն զգում է անարգված Խալիֆյանի և նրա ընկերների աչքում:

ՊԱՏԿԵՐ VII

Գլխավոր սրահում արևելյան պարերը վերջացել են: Սկսվել են նորեն եվրոպական պարերը: Սրահը հետզհետե դատարկվում է:

ՊԱՏԿԵՐ VIII

Սեղանատանը: Աբալյանի հրամանով սպասավորները մաքրել են Մարկոզովների սեղանը. նա դեռ չի ընթրել, զբաղված լինելով Աննա Գասպարովնայով: Նա վճռել է մինչև լույս քեֆ անել: Գալիս են նրա երեք բարեկամներն ու գաղափարակիցները: Գալիս է արևելյան երաժշտախումբը և նստում է կից սեղանի քով: Պատրաստվում են նվագելու:

ՊԱՏԿԵՐ IX

Թղթախաղի սրահում: Մի քանի խաղասեղաններ: Ժորժը բակարայում տանուլ է տվել վերջին ռուբլին, բայց չի ուզում վեր կենալ: Նա դրամ է խնդրում մեկից, մյուսից, ոչ ոք չի տալիս: Նրան առաջարկոլմ են ազատել իր տեղը, որ մի ուրիշը նստի: Նա մերժում է: Ոտքի վրա եղողներից մեկը կոպտաբար բռնում է նրա թևից, բարձրացնում է: Նա դիմադրում է, կռվում է, բռնցքահարում: Ընդհանուր ծաղր ու ծիծաղ: Երևում է Բարութչյանը և, Ժորժի թևից բռնած, նրան տանում է բուֆետ:

ՊԱՏԿԵՐ X

Սեղանատանն ընթրիքը շարունակվում է: Սեղանները դատարկվում են ընթրողներից և նորեն լցվում: Անփոփոխ են միայն Խալիֆյանի և Աբալյանի սեղանները: Երկու սեղանների մեջ կա ազատ տարածություն:

Խալիֆյանի սեղանն ուտել խմելը վերջացրել է, միայն խոսակցությամբ է զբաղված: Դեմքերի արտահայտությունը լուրջ է և խորհրդավոր:

Աբալյանի սեղանը շարունակում է ուտել, մանավանդ խմել, ծիծաղել, քրքջալ, ամեն կերպ աշխատում է իր վրա դարձնել Խալիֆյանի և ընկերների ուշադրությունը: Մի բան, որ չի հաջողվում:

Բաժակը շամպայնով լեցնելով, ոտքի է կանգնում Աբալյանի սեղանակիցներից մեկը, ճառ է ասում ազգասիրական բովանդակությամբ: Նա հարբած է՝ բայց ասելիքը գիտե, միայն կակազում է: Ճառը նա ավարտում է այս խոսքերով.

Կորչի սոցիալիզմը, կեցցե հայրենասիրությունը: Նրա ընկերները, ոտքի ելնելով, կրկնում են նույնը և բաժակները դատարկում :

Դարձյալ Խալիֆյանն ու իր ընկերներն անուշադիր են: Միայն Գուլաձեն է, որ հեգնորեն ժպտում է: Մի քանի վիրավորական ակնարկներ և հայացքներ Աբալյանի սպա ընկերոջ կողմից: Գուլաձեն գրգռվում է:

Խալիֆյանը, զգալով, որ կարող է սկանդալ տեղի ունենալ, կանչում է սպասավորին, վճարում է ընթրիքի փողը և վեր է կենում:

Հարբած ճառախոսն այդ սառնասրտությունից ավելի բորբոքվում, գոռում է.

Հայ ազգի թշնամի սրիկաներ, դուք փախչո՞ւմ եք

Գուլաձեն չկարողանալով այլևս իրեն զսպել, կայծակի արագությամբ հարձակվում է ճառախոսի վրա և ապտակում նրան: Հարձակումը կատարվում է այնքան անսպասելի և այնքան արագ, որ Խալիֆյանը ժամանակ չի ունենում կատաղած ընկերոջը զսպելու:

Խայտառակություն ամբողջ սեղանատանը: Միջամտում են սպասավորները և կողմնակի մարդիկ:

Խալիֆյանին հաջողվում է Գուլաձեին դուրս տանել:

Ապտակված ճառախոսը գոռում է.

Սպասիր, սրիկա, այս ապտակը քեզ վրա շատ թանկ կնստի:

Ամբողջ տեսարանի ընթացքում Աբալյանը ձևացրել է, թե ոչ մի մասնակցություն չունի իր ընկերների սարքած ոկանդալի մեջ:

ՊԱՏԿԵՐ XI

Կլուբի սանդուղքը: Իջնում են երեկույթի հանդիսականները: Բազմության մեջ երևում է նաև Խալիֆյանն իր ընկերներով: Խալիֆյանը Գուլաձեի թևն առած, աշխատում է հանգստացնել նրան: Երևում է Աբալյանն իր ընկերներով: Ապտակի արժանտցաձը սպառնալի շարժումներ է անում: Երեում է Բարութչյանը, որ հարբած ժորժին իջեցնում է սանդուղքով:

ՀԻՆԳԵՐՈՐԴ ՄԱՍ

ՊԱՏԿԵՐ I

Քսանումեկերորդ վիշկայի մեջ

Հոր փորողներն աշխատում են մաքրել փչացած հորը: Գործը ղեկավարում է Խալիֆյանը, բանվորներին խրախուսելով: Բուռն ջանքերից հետո շտանգներով ոոլրս են բերում ներս ձգված առարկաներից մեկը: Ընդհանուր ցնծություն: Խալիֆյանն ուրախանում է: Գալիս է Բարութչյանը: Մի բանվոր ցույց է տալիս դուրս բերված առարկան: Բարութչյանն արհամարհական շարժում է անում: Նրա միտքն զբաղված է երեկոյան սկանդալով: Խալիֆյանն ուշադրություն չի դարձնում նրա վրա: Բարութչյանն այդ անուշադրությունից վիրավորված՝ հեռանում է, մի կատաղի հայացք ձգելով Խալիֆյանի վրա: Այդ հայացքը շարժում է բանվորների ծիծաղը:

ՊԱՏԿԵՐ ll

Գրասենյակում

Դավադիր մտքերը Մարտիրոս Աբալյանին զրկել են քնից ու հանգստությունից: Գիշերվա իր հորինած սկանդալիդ հետո նա չի զգում խղճի խայթ, զգացման ոչ մի նշույլ: Ընդհակառակը՝ նա իրեն է համարում վիրավորված և նրա հոգին տառապում է վրիժառության թույնից: Նրա հոգեկան հավասարակշռությունը խանգարված է ոչ այնքան ընկերոջ, իր գաղափարակցի կրած վիրավորական ապտակից, որքան Խալիֆյանի սառնությունից և նրա հրապարակային արհամարհանքից: Նա համոզված է, որ այսօր-վաղը վիրավորված ընկերը կլուծի իր վրեժը և կլուծի ամենայն դաժանությամբ: Բայց Խալիֆյա՞նը: Մի՞թե նա պիտի մնա անպատիժ և հրճվի իր արհամարհանքով: Ոչ, այդ չպիտի լինի, այդ անկարելի է...

Նա ինձ մարդասպան անվանեց, ինչո՞ւ պիտի ես լռեմ:

ՊԱՏԿԵՐ lll

Ներս է մտնում Բարութչյանը: Նա ևս զայրացած է Խալիֆյանից, որի հպարտությունը Մարկոզովի և իր վերաբերմամբ նրա աչքում հավասար է ոճիրի: Բացի այդ, նրան անհունորեն վիրավորել է բանվորների միահամուռ ծիծաղը, որը վերագրում է Խալիֆյանի թելադրությանը:

Աբալյան, — ասում է նա, շուտով կմաքրվի քսանումեկերորդ համարը, Խալիֆյանը կունենա ֆանտան, ի՞նչ օգուտ դրանից ինձ ու քեզ: Նա գառ է խոտի վրա նստած, մի՞թե նրան թողնել այնտեղ:

Խալիֆյանը կոմունիստ է ու խռովարար, այսքանը բավական է մեզ:

Ի՞նչ ես ուզում ասել դրանով, մատնել նրան ժանդարմերիայի՞ն:

Թեկուզ այդ:

Բայց Արտեմ Պետրովիչը չի ուզում այդ մասին լսել անգամ, թեև բոլոր հանքատերերն այդ են պահանջում:

Արտեմ Պետրովիչը երևակայում է, թե գտել է մի ադամանդ, որին չի կարող փոխարինել ոչ մի ինժեներ: Բայց չէ՞ որ, բացի մատնությունից, կա մի ուրիշ, ավելի արմատական միջոց չարիքից ազատվելու համար:

Ո՞րն է այդ միջոցը:

Լռենք, նա գալիս է:

ՊԱՏԿԵՐ IV

Ներս է մտնում Խալիֆյանը: Նա ուրախ է. գործն ընթանում է հաջող, շուտով հորը բոլորովին կմաքրվի, նա այդ ասում է ինքն իրեն, առանց որևէ ուշադրություն դարձնելու Բարութչյանի և Աբալյանի վրա: Երկու դավադիրները խորհրդավոր ժպիտ են փոխանակում:

Գալիս է Արտեմ Պետրովիչը: Քծնող, գլխի խոնարհ թեքում Աբալյանի կողմից, անտարբեր բարև Խալիֆյանի կողմից: Հազիվ հանքատերն սկսել է Խալիֆյանին հարցնել մաքրվող հորի մասին, շտապ քայլերով ներս է մտնում մի բանվոր և հայտարարում է.

Քսանումեկերորդ նավթահորը բոլորովին մաքրվեց:

Արտեմ Պետրովիչն ուրախությունից գրկում ու համբուրում է Խալիֆյանին: Բարութչյանն անտարբեր է: Աբալյանը նախանձից ու չկամությունից շրթունքներն է կրծոտում: Խալիֆյանը բարի լուր բերողին պարգևում է գրպանում ունեցած բոլոր թղթադրամները: Բանվորը դուրս է վազում ուրախացած:

Շնորհակալ եմ, ապրես, որդի, բայց բանվորիդ շատ փող տվեցիր:

Մի՛ անհանգստացեք, Արտեմ Պետրովիչ, ես իմ գրպանից տվեցի:

Բարութչյանն ու Աբալյանն ուզում են Խալիֆյանին շնորհավորել: Խալիֆյանը չի ընդունում և, դավադիրների պարզած ձեռքերն օդի մեջ թողնելով, շտապում է դուրս գալ:

ՊԱՏԿԵՐ V

Փողոցում, գրասենյակի մուտքի առջև սպասում է Մարկոզովի փառահեղ կառքը: Կոզլի վրա նստած հաստափոր թաթար կառապանը դժվարությամբ է զսպում կատաղի ձիերին: Գրասենյակից դուրս է գալիս Արտեմ Պետրովիչն ուրախ ժպիտը երեսին: Նրան ուղեկցում է Բարութչյանը չարացած դեմքով: Երևում է Աբալյանը գլխաբաց: Ստրկահոգի ծառայի պատրաստակամությամբ նա օգնում է Արտեմ Պետրովիչին կառք նստել: Կառքը սլանում է: Աբալյանը երկար ժամանակ նայում է նրա ետեվից նախանձով:

ՊԱՏԿԵՐ VI

Քսանումեկերորդ նավթահորի վրա: Խալիֆյանն իր փողով պարգևատրում է հոր փորող բանվորներին, ընկերաբար և ուրախ զրուցելով նրանց հետ: Հիացում և շնորհակալություն բանվորների կողմից:

ՊԱՏԿԵՐ VII

Աբալյանը գրասենյակում տանջվում է նախանձից և ատելությունից դեպի Խալիֆյանը:

ՊԱՏԿԵՐ VIII

Բարութչյանն իր առանձնասենյակում թեյ է խմում: Նրան ծառայում է մի պառավ աղախին: Ներս է մտնում Աբալյանը և հայտարարում է, թե իր ժողոված տեղեկությունների համաձայն, վաղը չէ մյուս օրը գործադուլն սկսվելու է: Նա ցույց է տալիս Բարութչյանին գործադուլի լոզունգը:

ԱՌԱՋԻՆ. — Նոր բանվորական կացարաններ առողջապահական կանոնների պահանջների համաձայն:

ԵՐԿՐՈՐԴ. — Աշխատավարձի հավելում երեսուն տոկոսով:

ԵՐՐՈՐԴ. — Գիշերային աշխատանքի կրկնավարձ:

Նա ավելացնում է, թե որոշված է, եթե հանքատերերն այս երեք պահանջներից որևէ մեկը չկատարեն՝ այդ կնշանակի, թե բանվորները վիշկաներն այրելու են, նավթահորերը փչացնելու և այլն, և այլն:

Նրանք կարող են և՛ սպանություններ գործել:

Վերջին հայտարարությունը Բարութչյանին սարսափեցնում է: Անկասկած, ամենից առաջ նրան կսպանեն:

Նրանք խորհրդակցում են ի՞նչ պիտի անել: Որոշում են իսկույն ևեթ հանքատերերին ժողովի հրավիրել և խորհրդակցել:

Առանց Արտեմ Պետրովիչի մասնակցությամբ, — պահանջում է Աբալյանը:

Այո՛, առանց Արտեմ Պետրովիչի, — համաձայնում է Բարութչյանը:

Նա վերցնում է տելեֆոնի փողը և խոսում է հանքատերերի հետ:

ՊԱՏԿԵՐ IX

ՆՈԻՅՆՔ և մի խումբ հանքատերեր

Լուրջ խոսակցություն: Տաք վիճաբանություն: Բարութչյանն ու Աբալյանը պնդում են, թե այժմ այլևս չպիտի բավականանալ ոստիկանությանն զգուշացնելով, թե պետք է չարիքի գլխավոր արմատը ոչնչացնել, այն է բանվորությունը գրգռողներին: Բավական է մեկին կամ երկուսին տեռորի ենթարկել, մյուսները կլռեն և բանվորությունը խելքի կգա: Աբալյանը, ձեռքը կրծքին զարնելով, երդվում է առաջին տեռորը դործադրել: Դրա համար նրա կուսակցությունն ունի հատուկ մարդիկ, միայն դրամ է պահանջվում:

Բոլոր ներկա եղողները տալիս են մի գումար Աբալյանին: ժողովը ցրվում է:

ՊԱՏԿԵՐ X

Նույն օրը գիշերով: Աբալյանն իր սենյակումն է: Նա անհամբեր սպասում է հյուրերին և ստեպ-ստեպ նայում է ժամացույցին: Նրա դեմքը վճռական է, ձևերն ու շարժումներն սպառնալի: Ներս են մտնում երկու անհայտներ, զինված դաշույններով ու ռևոլվերներով: Նստում են առանց Աբալյանի հրավերին սպասելու, մեկն աթոռին, մյուսը սեղանի վրա: Կարճատև խոսակցություն: Աբալյանը դնում է սեղանի վրա մի գումար: Սեղանի վրա նստածն շտապում է դրամը գրպանը խոթել: Մյուսը հարցնում է.

Մնացյա՞լը:

Գործը կատարվելուց հետո:

Գործը կկատարվի 24 ժամում: Հյուրերը գնում են ուրախ տրամադրությամբ:

ՎԵՑԵՐՈՐԴ ՄԱՍ

ՊԱՏԿԵՐ I

Բարութչյանն իր սենյակում: Մտածում է:

«Այս գիշեր նրա հաշիվը կվերջացնեն, ես այս գործում անմեղ եմ, ընդհանուրի շահն է պահանջում նրա մահը: Մենք կազատվենք մի մեծ չարիքից, գործադուլը կխափանվի: Ես այս գործում անմեղ եմ»:

ՊԱՏԿԵՐ II

Խալիֆյանն իր ննջարանում: Մերկ պառկած է անկողնում, քունը չի տանում, ինչ-որ անբացատրելի անհանգստություն ունի: Վերցնում է անկողնակալի մոտ դրած սեղանիկից մի գիրք, փորձում է կարդալ, չի կարողանում: Նայում է սեղանիկի վրա դրած մամացույցին:

2 ժամ 30 րոպե

Ինչ որ ձայն է լսվում: Ականջ է դնում: Տնցվում է: Արագությամբ վեր է կենում, շտապով հագնում է պանթալոնը: Նորեն ձայն, դարձյալ ցնցում: Մոտենում է լուսամուտին, նայում է: Դուրսը խորին մթություն է: Ոչինչ չկա: Հանգստանում է, պառկում է:

ՊԱՏԿԵՐ III

Պատշգամբի վրա, Խալիֆյանի սենյակի առջև: Երկու անհայտները մոտեցել են ննջարանի դռներին, ուզում են բանալ, չեն կարողանում, երկու անգամ զարկում են դռներին:

ՊԱՏԿԵՐ IV

Խալիֆյանը լսել է բախման ձայնը: «Ո՞վ է» հարցնում է, պատասխան չի ստանում, տատանվում է՝ բանալ դռները, թե՝ ոչ: Վճռում է բանալ: Վերցնում է բարձի տակից ռևոլվերը, մոտենում է ու բաց է անում դուռը: Վայրկենաբար երկու անհայտները հարձակվում են նրա վրա, աշխատում են տապալել: Հուսահատական ընդդիմադրություն:

ՊԱՏԿԵՐ V

Օսմանն իր սենյակում անհանգիստ է: Նա պառկած է հագուստով: Նրան թվում է, թե ինչ-որ ձայներ, ինչ-որ շշուկ է լսում: Նա վեր է կենում լուսամուտից դուրս նայում: Մթություն: Վերջապես, նա զգում է, որ աղմուկը Խալիֆյանի սենյակից է գալիս: Բարձի տակից վերցնում է դաշույնը, դուրս է վազում:

ՊԱՏԿԵՐ VI

Կռիվը Խալիֆյանի և անհայտների մեջ: Խալիֆյանի աջ ձեռը կաշկանդված է, չի կարող կրակել: Նա դիմադրում է ձախ ձեռով: Սրան տապալում են: Երկուսից մեկը դաշույնը շողշողացնում է նրա կրծքի վրա: Վրա է Հասնում Օսմանը և մի հարվածով տապալում է մեկին: Բռնում է մյուսի կոկորդից: Խալիֆյանը ոտքի է ելնում: Նա վիրավորված է աջ թևից, բայց ուժերը չեն սպառվել: Հուսահատական կռիվ չորս հոգու մեջ:

ՊԱՏԿԵՐ VII

Լուսաբաց է: Չարագործները հաղթվել են: Պարաններով կապոտված ընկած են հատակի վրա, երկուսն էլ վիրավոր: Օսմանը կապել է Խալիֆյանի վերքը: Նա ինքն էլ վիրավորված է ոտքից: Խալիֆյանը գունատ և ուժասպառ նստած է աթոռի վրա, խորը մտածողության մեջ: Նրա քով սեղանի վրա, դրված են հարձակվողների զենքերը, երկու մաուզեր և երկու դաշույն: Նա առողջ ձեռով վերցնում է դաշույններից մեկը, նայում է փղոսկրյա դաստակին և կարդում է.

Մահ հայ ժողովրդի թշնամիներին:

Խալիֆյանը դաշույնը դնում է սեղանի վրա և գլուխը թախծորեն շարժելով ասում է.

Թշվառներ, շուտով կերևա, թե ով է հայ ժողովրդի թշնամին և ով է բարեկամը:

Օսմանը մերկացրած դաշույնը ձեռում կանգնած է կալանավորվածների գլխի կողմ և թախանձում է Խալիֆյանին, թույլ տա «շուն շան որդիներին շանսատակ անելու»:

Խալիֆյանը գլուխը բացասաբար շարժում է:

Օսմանն առաջարկում է թույլ տալ նրանց ոստիկանությանը հանձնելու:

Խալիֆյանը դարձյալ գլուխը շարժում է բացասաբար:

Օսման, այս թշվառները մեղք չունեն: Մեղավորը նրանց ուսուցիչներն են: Արձակիր նրանց, թող գնան:

Օսմանը խորին դժկամությամբ դաշույնը պատյանն է դնում, արձակում է կալանավորներին և մի քանի աքացի տալով, դուրս է վռնդում նրանց:

ՊԱՏԿԵՐ VIII

Քսանմեկերորդ հորը

Նավթային զորեղ շատրվան: Բազմաթիվ բանվորներ Խալիֆյանի օգնությամբ մի տեղ առու են փորում նավթային հեղեղի տակ, մյուս տեղ փայտյա ծածկույթ են շինում շատրվանի կատաղի ժայթքումը կանոնավորելու համար: Քաղաքից եկել է հետաքրքրվողների հոծ բազմություն: Հեռու, վիշկաների արանքում երևում է կառքերի շարքը: Եկել է Արտեմ Պետրովիչն ամբողջ ընտանիքով: Երևում է Բարութչյանը: Աբալյանը բացակա է: Աննա Գասպարովնայի աչքերը նրան են որոնում: Թամարայի հայացքները հետևում են Խալիֆյանին, որ իր վիրակապով ռոմանտիկ հրապույր է ստացել: Օսմանը կաղալով հետևում է Խալիֆյանին ամենուրեք: Արտեմ Պետրովիչը երջանիկ ժպիտը երեսին շնորհավորումներ է ընդունում: ժորժը հիացումից ոստոստում է: Անֆիսան բարեկամաբար ժպտում է նրան: Արդեն նրանք մտերմացել են:

ՊԱՏԿԵՐ IX

Հետևյալ օրը: Ծածկույթը շինված է: Շատրվանը շարունակվում է, բայց ժայթքող նավթն այլևս չի բարձրանում: Զարնվելով ծածկույթին նա հանդարտ հոսում է դեպի շուրջը փորված պահեստները և ավելացնում է Արտեմ Պետրովիչ Մարկոզովի հարստությունը: Բանվորներն աշխատում են արյուն քրտինքի մեջ: Միայն Խալիֆյանն է, որ մտածում է նրանց մասին: Նա տխուր ու մռայլ նայում է նրանց և գլուխը շարժում է խորհրդավոր:

Օրական երեք հարյուր հազար փութ և բոլորը մի մարդու գրպանի համա՞ր, — ո՛չ, ո՛չ, պետք է բոլորը խլել, բոլորը տալ իսկական տիրոջըբանվորությանը: Եվ կխլենք, ես խորապես համոզված եմ

ՊԱՏԿԵՐ X

Մարկոզովների բնակարանը կահավորված է նույնչափ հարուստ, որշափ սալոնը, միայն տարբեր ոճով: Խորքում աջ և ձախ լուսամուտներ, որոնց միջև լայն դռներ, որ տանում են դեպի փողոցի կողմի պատշգամբը: Մի դուռ աջ պատի մեջ, որ տանում է դեպի սեղանատուն: Այդ դուռը բաց է, երևում է ճաշի պատրաստ սեղանը և նրա քով աշխատող Անֆիսան: Մի ուրիշ դուռ ձախ պատի մեջ, դեպի նախասենյակ:

Следующая страница