Շիրվանզադե Ալեքսանդր՝   Վերջին շատրվանը

Страницы: Начало Предыдущая 1 2 3 Следующая Конец

Արտեմ Պետրովիլը մեծ շատրվանի առթիվ ճաշի է հրավիրել մի շարք հանքատերերի և գործարանատերերի: Ընդունարանը հետզհետե լցվում է հյուրերով, որոնք գալիս են ձախ կողմի դռնով:

Արտեմ Պետրովիչը երջանիկ է անսահման: Նա սպասում է Տիգրան Խալիֆյանին, որին համարում է օրվա հերոսը: Նա գնել է մի ոսկյա ծխախոտաման, ադամանդներով վերնագրել է տվել Խալիֆյանի անուն-նվերը, իսկ իր անունը վար և մտադիր է այսօր ճաշի ժամանակ հանդիսավոր կերպով նվիրել նրան: Նա ոսկե տուփը ցույց է տալիս հյուրերին, որոնք արտահայտում են իրենց հիացմունքը և գովում են երջանիկ նավթարդյունատերի բարությունն ու վեհանձնությունը: Թող այսուհետև էլ չար մարդիկ չաղաղակեն, թե կապիտալիստը չգիտե վարձատրել տաղանդն ու աշխատանքը:

Աննա Գասպարովնան անհանգիստ է: Աբալյանն ուշանում է: Թամարան ուրախ է այսօր առաջին անգամ: Վերջապես, նա պիտի հաճույք ունենա Տիգրան Խալիֆյանի հետ մի ուրախ սեղանի քով ճաշելու և կարող է ջարդել նրա սրտի սառույցը: Նա ստեպ-ստեպ նայում է թևի ժամացույցին: Նա մի քանի վայրկյան ևս, և ահա ձախ դռների մեջ երևում է Խալիֆյանը: Ընդհանուր զարմացում: Օրվա հերոսը հանդիսավոր ճաշկերույթին եկել է աշխատանքի նավթաթաթախ և մրոտված հագուստով, վիրավոր ձեռքը կրծքին կապած: Ավելի մեծ զարմացում, երբ նրա ետևից ներս է մտնում կաղեկաղ Օսմանը և կանգնում է դռան առջև: Այնուամենայնիվ հյուրերի մի մասը ծափահարում է. Խալիֆյանն անտարբեր է դեպի ձափերը, մի քանի քայլ առաջ է շարժվում և ասում է,

Արտեմ Պետրովիչ, դուք ինձ հրավիրել եք ճաշի: Շնորհակալ եմ: Բայց թույլ տվեք ասելու, որ ես եկել եմ իմ վերջին հրաժեշտը տալու: Ես հրաժարվում եմ իմ պաշտոնից:

Հրաժարվո՞ւմ ես... Հազիվ կարողանում է արտասանել Արտեմ Պետրովիչը:

Թեթև իրարանցում հյուրերի մեջ:

Շտապ քայլերով ներս է մտնում Աբալյանը և հայտարարում է.

Ամբողջ բանվորությունը գործադուլ հայտարարեց: Սև քաղաքի բանվորությունը գալիս է քաղաք: Ահա, նայեցեք:

Նա ետ է ձգում խորքի դռների վարագույրը: Բոլորը նայում են դեպի փողոց և սարսափահար ետ են կանգնում : Խալիֆյանը, բռնելով Օսմանի թևն, ասում է.

Գնանք, Օսման, միանանք մեր ընկերներին:

Գնում են:

Թամարան, ուշաթափվելով, ընկնում է Անֆիսայի գիրկը:

Արտեմ Պետրովիչը և բոլոր հյուրերը գունատվում են:

ՎԵՐՋ

Страницы: Начало Предыдущая 1 2 3 Следующая Конец