Շիրվանզադե Ալեքսանդր՝   Զուր հույսեր

«Գիտությունն էլ նախապաշարմունքներ ունե, — ասաց նա ինքն իրան, — ինչո՞ւ նրանցից մեկի դեմ չգնալ»...

Նա որախ-ուրախ սուլելով, գնաց մյուս սենյակը, հայտնեց մանկաբարձուհուն, թե ընդունելության ժամը անցել է, ազատ է:

Օրը կիրակի էր. մի օր, երբ բժիշկը սովորաբար այցելում էր յուր այն ծանոթներին, որոնց հետ կամենում էր բարեկամություն հաստատել: Այս անգամ, կեսօրվա ուղիղ տասներկու ժամին, նրա կառքը կանգ առավ քաղաքի հարուստ տներից մեկի առաջ:

Պարոն Ագամովը տա՞նն է, — հարցրեց նա, դռան զանգակի ձայնին դուրս եկող իմերել սպասավորից:

Ոչ:

Ո՞վ կա:

Աղջիկ պարոնները:

Հարցրու, կարո՞ղ է դոկտոր Մելիք-Բւարսեղյանը ներկայանալ:

Մինչև ծառայի վերադաոնալը բժիշկը մտքում մի քանի աւնգամ արտասանեց յուր ազգանունը և առաջին անգամ զգաց, որ նա բավական կոշտ է հնչում: «Ափսոս Մելիքը, որ կպցրել են Բարսեղին», մտածեց նա, անիծելով յուր հոր ճաշակը, որ չէր կարողացել ժամանակին ավելի ազնվահնչյուն դարձնել այդ ազգանունը:

Տանտիրուհին նրան ընդունեց ուրախությամբ և հրավիրեց մի շքեղ զարդարված ընդարձակ հյուրասենյակ, ուր նստած էին նրա երկու զույգ հասուն աղջիկները: Ագամովները Թիֆլիսում մի հայտնի ընտանիք էին: Ինքը, ծերունի Եպամովը, մի պաշտոնաթող չինովնիկ էր, որ ժամանակին կարողացել էր յուր աղջկերանց բախտը ապահովել առանձին-առանձին օժիտով:

Տեսնելով բժշկին, չորս քույրերը միաժամանակ ոտքի կանգնեցին, հերթով սեղմեցին նրա ձեռը և կրկին նստեցին յուրաքանչյուրը յուր առաջվա տեղը, Սովորական նախաբանից հետո, տանտիրուհին խոսք բաց արավ քաղաքային նորությունների մասին: Եվ որովհետև նրա ուղեղը գիշեր-ցերեկ զբաղված՝ էր յուր աղջկերանց ճակատագրով, ուստի բնական է, որ այդ նորությունները լինեին համապատասխան նրա մտավոր տրամադրությանը:

Դուք ճանաչո՞ւմ եք Հալաբյանին, — հարցրեց նա բժշկից, մի քանի համանման լուրեր հաղորդելուց հետո:

ճանաչում եմ:

Երևակայեցեք, այդ մարդը քանի տարի է չի պսակվել, հիմա, ասում են, ուզում է պսակվել:

Այո՞:

Այո:

Ո՞ւմ վրա:

Տանտիկինը շինծու արհամարհանքով ժպտաց:

Ով գիտե ում վրա, այստեղ մի «բազազ Նիկոլ» կա, որի կինը իրան արիստոկրատ է ձևացնում, կարծեմ այդ բազազի եղբոր աղջիկն է:

Բժիշկը մի տարօրինակ շարժում գործեց, ուղղելով պենսնեն:

Մի աղքատ աղջիկ է, ոչ հայր ունի, ոչ մայր, հորեղբորից զրկված, օրվա հացին կարոտ, Վարինկա, — դարձավ տիկինը յուր երկրորդ աղջկանը, որ թուխ գույնով, երկարաձև երեսով և փոքրիկ աչքերով մի արարած էր, մի փոքր գեղեցիկ, քան մյուս քույրերը, — Վարինկա, այն աղջկա անունը ինչ է՞:

Մարո:

Մարիա:

Մաշա: ՝

Մարիամ:

Պատասխանեցին չորս քույրերը միաժամանակ: Բժիշկը շփոթվեց: Առաջին անգամն էր նա լսում մի լուր, որ վաղուց արդեն պտտում էր քաղաքում: Տիկինը շարունակեց.

Այդ Հալաբյանը մեր Թիֆլիսի ամենալավ փեսացուներից մեկն է, հանկարծ ուզում է պսակվել այդ աղքատ աղջկա վրա: Ի՞նչ կասեք, դոկտոր, լա՞վ բան է:

Ես կարծում եմ, որ շատ ազնիվ բան է մի հարուստ մարդու կողմից, — պատասխանեց բժիշկը համեստությամբ:

Ես էլ կարծում եմ, — մեջ մտավ տիկնոջ ավագ աղջիկը:

Ես էլ, — կրկնեց երկրորդըՎարիիկան:

Ես էլ, — կրկնեց երրորդը:

Չորրորդը լռեց, որովհետև հասակը չէր ներում համարձակ լինել:

Բայց դուք տեսեք, որ, — շարունակեց տանտիկինը, — այդ աղջիկը կոտրատվում է, ասում են, չի ուզում գնալ Հալաբյանին: Իզուր չէ ասած` աղքատ ու հպարտ:

Մամա, — խոսեց Վարինկան, — հպարտությունը խոմ չէ պատճառը:

Բա՞ս:

Բոլոր քույրերը նայեցին միմյանց երեսին, գլուխները ցած գցեցին և աչքի տակով սկսեցին նայել բժշկի կողմը:

Ինչո՞ւ չի գնում, — կրկնեց մայրը յուր հարցը:

Սիրահարված է մեկ ուրիշի վրա, — լսվեց չորս քույրերի կողմից, բայց թե որն ասացայդ մնաց անհայտ:

Բժիշկը երկրորդ տարօրինակ շարժումն արավ, այս անգամ ավելի զորեղ: Նա նկատեց, որ ամենից ավելի համառությամբ նայում է յուր վրա Վարինկան: Դա այն օրիորդն կր, որին բժիշկը հետամուտ լինելիս Մարիամը տեսել էր այն շարագուշակ երեկո:

Տանտիկինը սկսեց տրամաբանորեն ծաղրել և առհասարակ պախարակել սեր ասած բանը և սիրահարվողներին:

Բժիշկը հաջողությամբ փոխեց խոսակցության առարկան և, մի քառորդ ժամի չափ ևս նստելով, հրաժեշտ տվեց, դուրս եկավ վերին աստիճանի անախորժ տպավորության ներքո: — Անախորժ, որովհետև այն, ինչից վախենում էր, արդեն կատարվում էրնրա անունը սկսել էր բամբասանքի առարկա դառնալ:

Փողոցի մայթի վրա նույն վայրկյանին, երբ ձեռնափայտը բարձրացրած կառք էր կանչում, նրա առաջով անցավ Ռուբենը: Հանդիպումը այնպես էր, որ բժիշկը, հակառակ լուր ցանկության, չկարողացավ խույս տալ:

Աա՛, փառք աստուծո, քո երեսդ էլ տեսա, — գոչեց նա կեղծ զգացմունքով, այնպես, որ, կարծես, ոչինչ անախորժություն տեղի չէր ունեցել նրանց մեջ:

Ռուբենը շատ սառն բարևեց և ակամա ընդունեց ընկերոջ ձեռը, որ ծածկված էր փայլուն ձեռնոցով:

Եղբայր, ինչո՞ւ չես գալիս ինձ մոտ, միթե քեզ էլ պետք է հրավիրե՞մ, որ շնորհ բերես, — հանդիմանեց բժիշկը ընկերաբար, ուշադրություն չդարձնելով ընկերոջ սառնության վրա:

Ես քեզ մոտ ի՞նչ գործ ունեմ, — արտասանեց Ռուբենը դառն սրտմտությամբ:

Բժիշկը իրան զարմացած ձևացրեց:

Ինչպե՞ս, դու ինձ մոռացե՞լ ես:

Եվ, նայելով Ռուբենի երեսին, գլուխը հանդիմանությամբ երերեց աջ ու ձախ և խորին համեստությամբ շարունակեց.

Հաա, ուրեմն մոռացել ես: Շատ լավ, մոռացի՛ր, ինչ անեմ, երևի, արժանի եմ: Բայց ես այդպես չեմ, ես միշտ հիշում եմ իմ հին ընկերներիս, ես չեմ կարող նրանց հետ այդպես շուտ կտրել բարեկամությունս:

Այս խոսքերի տակ թաքնված հանդգնությունը կատաղեցրեց Ռուբենին:

Վասի՛լ, — գոչեց նա դողդոջուն ձայնով, — վաղուց ես սովորել այդ եզվիտական լեզվով խոսելը:

Բժիշկը ժպտաց:

էհ, եղբայր, ես չեմ հասկանում ինչո՞ւ այդպես բարկացած ես ինձ վրա, ի՞նչ է պատահել:

Այս երկրորդ հանդգնությունը միանգամայն ապշեցրեց Ռուբենին:

Ի՞նչ, դու դեռ համարձակվում ես արածդ մոռանա՞լ, դու դեռ հարցնո՞ւմ ես:

Խոսակցությունը տեղի ուներ փողոցի մայթի վրա, և այդ սաստիկ անհանգստացնում էր բժշկին: Նա անդադար նայում էր աջ ու ձախ, վախենալով մի գուցե Ռուբենի հետզհետե գրգռվող ձայնը անցորդների ուշադրությունը գրավի:

Ռուբեն, — ասաց նա մեղմ և համոզիչ ձայնով, միևնույն ժամանակ, աջ ձեռը դնելով ընկերոջ ուսի վրա, — ես տեսնում եմ, որ այսօր քեֆդ տեղը չի: Ահա կառք, չես բարեհաճիլ արդյոք գնալ ինձ հետ տունս: Ես մի երկու ժամ ազատ ժամանակ ունեմ, կարող եմ նվիրել քեզ:

Ռուբենը լուռ էր:

Գնալ բժշկի տունընա երբեք չէր համաձայնվի, բայց խոսել նրա հետ վերջին անգամ, պահանջել վերջին բացատրությունըայդ նա ցանկանում էր վաղուց: Արդեն հինգ շաբաթ էր անցել այն երեկույթից, երբ Մարիամի հետ խոսելուց խույս տվեց բժիշկը, և այսօր Ռուբենը առաջին անգամն էր պատահում նրան: Նա գիտեր, որ այսուհետև բժիշկը աշխատվելու է հեռու պահել իրան: Ինչպե՞ս հարմար առիթը բաց թողնել, ինչպե՞ս անպատիժ թողնել նրան, ինչպե՞ս թույլ տալ, որ նա այդպես հեշտությամբ ազատվի պատասխանատվությունից:

Ես քո տան շեմքը ոտք դնել չեմ կարող, — պատասխանեց Ռուբենը, հազիվ զսպելով կատաղությունը, — Բայց քեզ հետ պետք է խոսեմ, որովհետև ստիպված եմ խոսել: Անցնենք մի փոքր:

Նրանք գնացին միասին և հասան փողոցի ծայրը: Ռուբենը առաջարկեց նրան մտնել մոտակա սրճարանը: Խանութի ձև ունեցող մի բավական ընդարձակ դահլիճում, առանձին սեղանների շուրջը, նստած էին մի քանի, վայելուչ հագնված, մարդիկ, որը սուրճ էր խմում, որը գարեջուր, որը նարդի էր խաղում: Ընդհանուր աղմուկի միջից որոշ լսվում էր մոսիո Վախվախյանի խրոխտ ձայնը: Բժիշկը նայեց պատերին և առաստաղին, ինչպես մի մարդ, որ ուզում էր ցույց տալ, թե առաջին անգամն է այդպիսի տեղ մտնում, այն էլ ակամա:

Մի վախենալ, այստեղ չենք մնալ, — ասաց Ռուբենը և առաջնորդեց բժշկին հետևի կողմում գտնվող մի փոքրիկ սենյակ, ուր ոչ ոք չկար:

Բժիշկը գարեջուր պահանջեց, Ռուբենը մի բաժակ սուրճ, և նրանք նստեցին սենյակի մի անկյունում, պատվիրելով սպասավորին դռները ծածկել:

Մեր խոսակցության համար, — սկսեց Ռուբենը, — մի այդպիսի չեզոք տեղ էր հարկավոր, բարեկամական ասպարեզ այլևս չպիտի գոյություն ունենա մեզ համար: Վասիլ դու գիտես իմ հուզմոմնքի պատճառը: Ասա, իրավունք ունե՞մ քո վարմունքը տմարդի համարել, ասա, ունե՞մ իրավունք:

Մինչև չհանդարտվես, — պատասխանեց բժիշկր սառը և խաղաղ եղանակով, — քեզ հետ խոսել չի լինիլ: Խմում եմ կենացդ և ցանկանում եմ, որ իբրև տղամարդ կարողանաս զսպել քեզ: Սիրելիս, — շարունակեց նա, գարեջրի բաժակը հազիվ շրթունքին մոտեցնելուց հետո, բերանը սրբելով, — մարդու հետ այդպես վարվել չի կարելի, ինչպես դու ես վարվում: Այո, գիտեմ ինչու ես գրգռված: Բայց դիցուք ես մի հանցավոր եմ, դու դատավոր, մի թե չպիտի լսես ինձ և հետո դատես:

Սառնարյուն լինել այն ժամանակ, երբ տեսնում եմ անիրավությունես չեմ կարող: Բայց կաշխատեմ զսպել ինձ, ասա, ես լսում եմ:

Ո՞րն է իմ հանցանքը, ցույց տուր խնդրեմ, — առաջ տարավ յուր խոսքը բժիշկը, արմունկները դնելով սեղանի ծայրին և աչքերը ակնոցի միջով սևեռելով ընկերոջ երեսին: — Որ ես այն երեկո բացատրություն չեմ տվե՞լ քրոջդ: Համաձայնիր, որ տեղը անհարմար էր, Ռուբեն, խոմ չէր կարելի մի ամբողջ հասարակության մեջ ընտանեկան գաղտնիք պարզել: Մարիամը իրավունք ուներ ինձանից հաշիվ պահանջելու: Նա իրավունք ունի ինձ անամոթ դավաճան անվանելու: Նա իրավունք ունի կարծելու, որ ես նրան մոլորեցրել եմ և հետո երես դարձրել: Տեսնո՞ւմ ես, Ռուբեն, ես ոչինչ չեմ թաքցնում, բոլորը ասում եմ: Այո, պարզ ասում եմ, որ քրոջդ ես սեր եմ խոստովանել, որ ամբողջ երկու ամիս ամառանոցում հավատացրել եմ նրան, թե վաղուց, շատ վաղուց է նրան սիրում եմ, որ այդ երկու ամսվա ընթացքում, բացի սիրո ցույցերից, ուրիշ բան չի հետաքրքրել ինձ: Խոստովանում եմ և այն, որ ես երդվել եմ կյանքս կապել նրա կյանքի հետ հավիտենական կապով: Եվ ահա այսօր նա զգում է, որ ես սառել եմ դեպի նա, որ ես փախչում եմ նրանից: Իհարկե, ով լիներ նրա տեղը, ինձ մի անամոթ անխիղճ, անպատկառ շառլատան պիտի համարեր: Բայց համբերիր, այդպե՞ է արդյոք, ճշմարի՞տ ես շառլատան եմ, թե արդարանալու պատճառներ ունեմ: Խոմ չի կարելի այդպես շտապ դատավճիռ կայացնել: Ռուբեն, Մարիամը կին է, գիտես, որ կինը առհասարակ շատ էլ խորը դատել չգիտե: Իսկ դու, դու տղամարդ ես, դու պետք է խելքիդ հավատաս, դու չպիտի ենթարկվես րոպեի ազդեցության: Ես ասեմ, դու մտածիր, մեղավոր եմ, թե՞...

Եվ նա սկսեց պարզել յուր պատճառաբանությունը: Վերցնելով աղքատությունը իբրև հիմք յուր տրամաբանության, նա շատ լրջամիտ, շատ խոհուն կերպով և հաջողաբար արծարծեց այն, ինչ որ վաղուց պատրաստել էր ուղեղում: Նա զարմանալի արվեստագիտությամբ պատկերացրեց չքավոր ամուսինների դրությունը, նրանց դառն կյանքը, նրանց հոգեկան աննախանձելի վիճակը: Նա մեջ բերավ և զավակներին, խղճալի գույներով ներկայացրեց նրանց բախտը: Տեղ-տեղ նա չդուրս եկավ իրականության սահմանից, բայց և տեղ-տեղ զոռելով երևակայությանը, թշվառությունը կրկնապատկեր անխիղճ կերպով:

Ահա այս ամենը աչքի առաջ ունենալով, — շարունակեց նա, խրախուսվելով Ռուբենի լռությունից, որ համաձայնության տեղ էր ընդունում, — ես չեմ վստահում խոստումս կատարել: Ավելի լավ է դավաճան երևալ Մարիամի աչքում, քան նրան դժբախտացնել: Հավատացիր, ես դարձյալ սիրում եմ նրան, օ՛օօ, սիրում եմ, և հենց սիրելուց եմ այդպես վարվում: Թող ես տանջվեմ, թող չարչարվեմ, միայն թե իմ պատճառով նրա ամբողջ կյանքը չթունավորվի, Ես չեմ ուզում անսիրտ էգոիստ լինել: Մարիամը գեղեցիկ է, երիտասարդ, կրթված, խելոք, միշտ ինձանից ավելի տասնապատիկ հաջող ընտրություն կարող է անել: Նա սովոր է փարթամ ապրել, իսկ ե՞ս, ես ո՞վ եմ, աղքատության մեջ ծնված: Աղքատության մեջ մեծացած մի համեստ, մի աննշան բժիշկ: Իմ նմանները շատ կան Թիֆլիսում: Մարիամին հարկավոր է անհոգ, առատ և շքեղ ապրուստ: Իսկ ես միջոց չունեմ, ես աղքատ եմ: Մեղք չէ , որ ես այդ քնքուշ արարածին ձգեմ օրվա հացի կարոտության մեջ: Նրա՞ն, Մարիամի՞ն, օ՛օօ, Ռուբեն, մտածիր, նա կարող է ուրիշի հետ բախտավոր լինել, նրա հետևից ընկած են հարուստ մարդիկ: Ես այդ գիտեմ, դեռ կես ժամ սրանից առաջ ես մի շատ պատվավոր ընտանիքումն էի, որտեղից դուրս գալիս դու պատահեցիր: Այնտեղ ինձ ասացին, որ հայտնի հարուստ Հալաբյանը իբր թե, այո, ինչու թաքցնեմ, իբր թե Մարիամին առաջարկություն է արել: Այդ կատարյալ բախտավորություն է: Եվ դու եթե տեսնեիր, թե այն ընտանիքում ինչպես նախանձում էին Մարիամին, կհավատայիր...

Մինչև այդ վայրկյան Ռուբենը լուռ էր: Զսպելով իրան, հա թույլ տվեց բժշկին ասել բոլորը, ինչ որ կամենում էր: Բայց վերջին խոսքերը այլևս սպառեցին նրա համբերության վերջին կաթիլը: Նա դողաց ամբողջ մարմնով, այդչափ սառն հանդգնություն նա տակավին չէր սպասում յուր նախկին ընկերոջից:

Բժիշկ, — գոչեց նա խեղդուկ ձայնով, — դու ավելի վատ ես եղել, քան թե կարծում էի ես: Դու ոչ միայն խաբել ես մի անմեղ աղջկա, այլև աշխատում ես քո խաբեբայությունը արդարացնել բարոյական պատճառաբանությունով: Ավելի, դու մինչև անգամ ձգտում ես քեզ վեհանձն ձևացնել: Այժմ քեզ բոլորովին ճանաչեցի: Ես չգիտեի, որ դու այդչափ ճարպիկ ես, օ՛օօ, չգիտեի...

Դարձյալ գրգռվեցի՞ր, դարձյա՞լ, — ընդհատեց բժիշկը բարեսիրտ վարժապետի եղանակով, — նո՛ւ, Ռուբեն, ես քեզ բոլորը բացատրեցի, այժմ դու գիտես:

Նա հանդարտ և հանգիստ գարեջրի բաժակը մոտեցրեց շրթունքին:

Մնում է ինձ համար մի դառն վիշտ, — շարունակեց Ռուբենը, — որ քրոջս և քո սիրո առաջին սերմ ցանողը ես եմ եղել, ես, որ տասներկու տարի քեզանով խաբված եմ եղել: Բայց ոչ, ինչու, ես երբեք չեմ խաբվել: Չէ՞ որ դու ինձ շարունակ ասում էիր, թե չքավորությունը մի իմաստուն դպրոց է, թե նա պատրաստում է խելոք, առողջամիտ մարդիկ: Մի բան միայն թաքցնում էիր, և ես այսօր եմ միայն զգում այդ բանը... այդ իմաստուն դպրոցից դուրս եկած մարդիկ երբեմն զուրկ են լինում մարդկային սրտից: Օ՛օօ, ինչպես գիտես անամոթ վարմունքդ արդարացնել: Խոնարհվում եմ շնորքիդ առաջ, դու արժանի ես գովասանքի: Վեհանձն ձևանալ այն ժամանակ, երբ մարդ ստոր էդրա համար տաղանդ է հարկավոր:

Ռուբենըընդհատեց բժիշկը գրգռված երիտասարդի անկապ խոսքերը, որ բխում էին մի վիրավորված սրտից, — Ռուբեն, կամաց խոսիր, մյուս սենյակում կարող են լսել:

Բայց Ռուբենը ուշադրություն չդարձնելով նրա նախազգուշության վրա, շարունակեց.

Ա՛խ, Մարիամ, եթե գիտենայիր, թե որքան բախտավոր ես, որ զրկվել ես այդպիսի մարդու ընկերակցությունից: Բայց ի՛նչ, դու դեռ քո խորին ատելության մեջ չես կարողանում մոռանալ քո երևակայած անցյալ երջանկությունը: Դու դեռ արտասվում ես գիշեր ու ցերեկ, մինչդեռ պետք է ծիծաղեիր և ուրախանայիր: Անամոթ, — դարձավ նա բժշկին, որ շվարված լսում էր նրա զառանցանքը, — դու դեռ հանդգնում ես ծաղրել քրոջս: Դու ուրախ ես, որ նրան հետամուտ է լինում մի Հալաբյան...

Ռուբեն, — դարձյալ ընդհատեց բժիշկը, այս անգամ անհամբեր եղանակով, — բավական է, կարող են լսել, դու ինձ վիրավորում ես:

Ես քեզ վիրավորո՞ւմ եմ, — կրկնեց Ռուբենը դառն ժպտալով, — Իսկ միթե դու դեռ վիրավորվելու ընդունակություն ունե՞ս:

Բավական է, Ռուբեն, — արտասանեց բժիշկը այլևս չկարողանալով զսպել իրան և ոտքի կանգնելով:

Նրա հետ միասին ոտքի կանգնեց և Ռուբենը, գունատված, դողդողալով: Բժիշկը նայեց նրա երեսին և մի չարամիտ բան կարդաց նրա աչքերի մեջ: Նա սարսափած երեսը հետ դարձրեց:

Զզվելի՛, — ձայն տվեց Ռուբենը, ձեռը ուժգին խփելով սեղանի ծայրին:

Անսահման սառնասրտությունը արդեն դավաճանում էր բժշկին: Բայց և այնպես նա քաջություն ունեցավ մի վայրկյան ևս զսպել իրեն և խուլ ձայնով պատասխանեց.

Ասա քրոջդ, որ ես դարձյալ սիրում եմ նրան և պիտի սիրեմ...

Գուցե բժիշկը անկեղծ էր ասում, գուցե դա նրա կողմից մի տեսակ մեղմացուցիչ դարձված էր, սակայն այդ դարձվածը այնքան լիրբ թվաց Ռուբենին, որ նա վայրկենաբար կորցրեց խելքը: Նրա աչքերը արյունով լցվեցին, սենյակը խավարվեց և նա գրեթե անզգայաբար ձեռը բարձրացրեց.

Ահա քեզ իմ քրոջ պատասխանը...

Եվ բժիշկը յուր ձախ այտի վրա զգաց մի սառնություն, որ իսկույն փոխվեց այրող տաքության: Նա ոչինչ չկարողացավ ասել: Կարմրած աչքերով, բորբոքված դեմքով նայեց յուր շուրջը:

Դռները բացվեցին, երևաց սպասավորը, նրա հետևից մի քանի հետաքրքիր դեմքեր, որոնց թվում և մոսիա Վախվախյանը: Բժիշկը յուր ձեռին սեղմած ռուբլիանոցը շպրտեց սպասավորի կողմ և շտապեց աննկատելի կերպով դուրս ծկվել:

Խի խի խի , — ուղեկցեց նրան, դռների մոտ հավաքված ականատեսների և մոսիո Վախվախյանի միահամուռ ծիծաղը:

XIII

Մոռացիր, սիրելի Մարո, մոռացիր: ճշմարիտն ասած, ես կարծում էի դու ավելի քաջասիրտ կլինես: Միթե չե՞ս կարող արհամարհել այդ մարդուն: Հավատացիր, տասն օր առաջ ես ատում էի նրան, ինչպես մի վատ թշնամու: Իսկ այն անցքից հետո, արհամարհում եմ: Նա քո ոտի գարշապարին անգամ չարժե: Դու կթքեիր, եթե տեսնեիր, ինչպես նա սառնարյուն ընդունեց ինձանից այն վիրավորանքը: Օ՛խ, զզվելի է նա, զզվելի: Գիտե՜ս, ես այժմ մինչև անգամ ափսոսում եմ, որ այնպես վարվեցի նրա հետ, որ չկարողացա ինձ զսպել: Իսկ դու դեռ չես մոռանում այդ մարդուն, դու դեռ չես հանգստանում:

Ես բոլորովին հանգիստ եմ այժմ, ես նրան վաղուց եմ մոռացել: Նա ինձ համար գոյություն չունի:

Երանի այդպես լիներ: Բայց դու ինձ խաբում ես, դու ինձանից թաքցնում ես վիշտդ: Դեռ մեկ էլ օրը երազումդ նրա մասին էիր զառանցում, դեռ երեկ երեկոյան իմ սենյակից լսում էի քո արտասվելու ձայնը: Այդպես չի կարելի շարունակել, Մարո: Դու քեզ մաշեցիր: Մտիկ արա հայելուն, թեզ ճանաչել չի լինում, այնքա՛ն փոխվել ես:

Եվ ամեն օր եղբայրը այսպես հորդորում էր քրոջը և ամեն օր քույրը հավատացնում էր եղբորը, թե մոռացել է այն, ինչ որ կոպիտ համառությամբ հալածում էր նրան գիշեր ու ցերեկ, ինչպես մի չար ոգի:

Այժմ նա ատում էր բժշկին, ատում էր յուր վիրավորված սրտի բոլոր թունալից ուժերով: Սակայն հենց այդ ատելությունն էր, որ ստիպում էր նրան մի կետի վրա մտածել, թե ինքն անպատվված է, արհամարհված և հասարակության ծաղրի նշավակ դարձած:

Ամիս ու կես էր անցել այն երեկույթից, և նա դեռ յուր կրած վիրավորանքի թարմ տպավորության տակ էր: Նրա ամփոփ և առողջ բնավորությունը, մի անգամ ենթարկվելով մի զորավոր զգացման, չէր կարող այն դյուրությամբ ազատվել ազդեցությունից, ինչպես գուցե ազատվեր մի ավելի թեթև բնավորություն: Սիրելով մի անգամ, նա անձնատուր եղավ այդ սիրույն մոլեռանդաբար: Հանդիպելով յուր անհուն սիրո փոխարեն մի տմարդի դավաճանության, նրա զգայուն սիրտը խոցոտվեց մինչև յուր ամենախորին ծալքերը:

Այդ գիտեր Ռուբենը, զգում էր, որ դժվար է մխիթարություն տալ քրոջ սրտին: Դա էր, որ նրան հուսահատեցնում էր, դա էր, որ ավելի ու ավելի գրգռում էր նրա ատելությունը դեպի յուր նախկին ընկերը, թեպետ հավատացնում էր Մարիամին, թե արհամարհում է բժշկին:

Եվ ինչ ջանք ասես գործ չէր դնում նա յուր քրոջ սիրտը ամոքելու համար: Առաջին պայման նա աշխատեց, որ Մարիամը միայնակ չմնա: Այս պատճառով, նա, երկար պտրելուց հետո, գտավ քաղաքի կենտրոնից ավելի մոտիկ մի տան մեջ երկու սենյակ: Այստեղ հարևանները այնպիսի մարդիկ էին, որոնց հետ Մարիամը կարող էր հարաբերություն ունենալ: Այդ տանը, ի միջի այլոց, բնակվում էր և նրա գիմնազիական ընկերուհիներից մեկը, — մի ռուս օրիորդ, որի հետ ծանոթ էր Ռուբենը: Առանց բուն պատճառը ասելու, երիտասարդը հայտնեց այդ օրիորդին յուր քրոջ հոգեկան դրությունը և խնդրեց միայնակ չթողնել նրան այն ժամերին, երբ ինքը տանը չէր լինում: Իսկ պաշտոնից ազատ ժամանակ նա ինքը չէր հեռանում Մարիամից, ամեն օր գրեթե ուժով տանում էր նրան զբոսնելու: Հաճախ նա յուր հետ բերում էր այս ու այն ընկերոջ կամ ծանոթին, և նկատում էր, որ Մարիամը ամենի հետ վարվում է շատ անտարբեր, շատ սառն և մինչև անգամ մի տեսակ կասկածանքով:

Մյուս կողմից Մարիամին աշխատում էր մխիթարել նրա կարուձևի վարժուհինՍաթենիկը:

Գիտես, սիրելիս, — ասում էր մի օր այդ օրիորդը, Մարիամի ինքնասիրությունը գրգռելու համար, — դու բոլորովին ծույլ ես, չես աշխատում: Մոտ երկու ամիս է սովորեցնում եմ, մինչև այժմ մի օրինավոր բան ձևել չգիտես: Ամոթ չէ՞:

Ներիր, Սաթենիկ, ես անընդունակ եմ:

Ոչ, դու անընդունակ չես, դու ծույլ ես: Ասա, խնդրեմ, մինչև երբ պետք է նստես, հառաչես և հիմար բաների վրա մտածես: Ամոթ է, Մարո, հավատացիր, ամոթ է: Ասենք թե մենք կանայքս թուլասիրտ արարածներ ենք, թեև այդ սուտ է, բայց այդքա՞ն: Ոչ, ես քեզ պետք է անպատճառ խելքի բերեմ: Լսի՛ր ինչ եմ ասում: Դու շաբաթական երեք անգամ գալիս ես ինձ մոտ, այժմ ես վճռել եմ, որ երկու անգամ էլ ես քեզ մոտ գամ: Ես եղբորդ հետ խոսել եմ: Նա վաղը իմ երաշխավորությունով քեզ համար մի կարի մեքենա կվերցնի ապառիկ և այսուհետև դու ձեր տանն էլ կար կանես: Շուտով ծննդյան տոները կհասնեն, ես երկու շաբաթ ազատ կլինեմ, այն ժամանակ ամեն օր կտեսնվենք: Մենք միասին կաշխատենք, կկարդանք, կխոսենք, կզբոսնենք: Լա՞վ:

Մյուս օրը մեքենան գնվեց և Սաթենիկը յուր խոստումը սկսեց կատարել: Եվ այսպես, նրանք տեսնվում էին շաբաթական հինգ անգամ: Վարժուհու այս անկեղծ հոգացողությունը յուր ընկերուհու վերաբերմամբ հիացնում էր Ռուբենին:

Չգիտեմ ինչպես շնորհակալ լինեմ նրանից, — ասում էր երիտասարդը Մարիամին, — նա մեզ շատ է պարտավորեցնում: Ես ուզում եմ նրան վարձ առաջարկել:

Մտքովդ անգամ մի անցկացնիլ, — զգուշացրեց Մարիամը, — թե չէ նրան սաստիկ կվիրավորես: Ես մի երկու անգամ խոսել եմ այդ մասին, ինձ հետ կռվել է:

Մի ուրիշ անգամ Սաթենիկին տուն ուղեկցելուց հետո, Ռուբենը վերադարձավ ավելի ոգևորված:

Ի՞նչ հրաշալի աղջիկ է այդ Սաթենիկը, — գոչեց նա անկեղծ սրտով, — ինչքա՛ն խելք, ինչքա՛ն առողջամտություն, ի՛նչ բարի սիրտ: Չափազանցություն չի լինիլ, եթե ասեմ, որ կյանքումս առաջին անգամն եմ տեսնում մի այդպիսի հայ օրիորդ: Կարծես բնությոմեը խլելով նրա արտաքին գեղեցկությունը, պարգևել է նրա հոգուն:

Մենք հիանում ենք, բայց կան մարդիկ, որոնք արհամարհանքով են նայում...

Այդ անգին մարգարիտի վրա՞:

Ես երբեք չեմ մոռանալ, թե ինչպես մի անգամ Նատալիան նրան «չեչոտ սատանա» անվանեց յուր ընկերուհիների մոտ: Խեղճ օրիորդը մյուս օրը լսել էր այդ, չգիտեր ինձ մոտ ինչպես թաքցներ յուր վիրավորանքը:

Չեչո՛տ, — կրկնեց Ռուբենը, — ես այդ չեչոտին չեմ փոխիլ Նատալիայի պես տասը «գեղեցկուհիների» հետ:

Եվ այսպես քույր ու եղբայր սիրում էին այն օրիորդին, որի պարզ, սիրալիր բնավորությունը և եռանդուն աշխատասիրոլթյունը արդարև հազվագյուտ էին: Փոքր առ փոքր Սաթենիկը կարողացավ ազդել Մարիամի վրա: Միշտ ամաչեցնելով, միշտ կպչելով յուր աշակերտուհու ինքնասիրությանը, նա մասամբ հասավ յուր նպատակին: Մարիամը պարապում էր աշխուժով և սիրով: Նա կարծես, սկսել էր. մոռանալ յուր վիշտը: Ռուբենը ուրախանում էր, տեսնելով յուր քրոջ դեմքի վրա երբեմն-երբեմն այն զվարթ ժպիտը, օր հատուկ էր նրան և որ վերջին ժամանակ չէր ատահայտվում այդ մռայլ դեմքի վա:

Սակայն նա դարձյալ խաբվում էր, և չգիտեր, թե այդ արտաքին զվարթությունը որքան բռնազբոսիկ է և որքան հոգեկան ճիգն էր անում Մարիամը յուր վիշտը քողարկելու համար:

Ծննդյան տոները մոտեցան: Ռուբենը երկու շաբաթով ազատվեց ուսումնարանական պարապմունքից: Բայց նա ուներ երկու մասնավոր դասեր, որ ստիպում էին նրան օրական երկու անգամ այցելել քաղաքի հեռավոր թաղերը:

Հալաբյանի քեռորդու հետ պարապելուց նա հրաժարվել էր հենց առաջին շաբաթ: Մի քանի դասերից հետո նա տեսավ, որ այդ աշակերտը իսկապես կարոտ չէ ավելորդ ղասերի: Նա հասկացավ Հալաբյանի նպատակը, վիրավորվեց: Ամուրին շատ խնդրեց շարունակել դասերը, բայց իզուր:

Այնուհետև Ռուբենը շատ քիչ էր պատահում Հալաբյանին, այն էլ միայն փողոցում: Բարևում էր, անցնում, որպեսզի առիթ չտա ավելի մոտիկ հարաբերության: Նա կատարում էր Մարիամին տված յուր խոստումը, չէր ուզում որ Հալաբյանը այլևս այցելե իրանց: Եվ ամուրին չէր համարձակվում այցելել, որքան և այդ ցանկալի էր նրա համար:

Ոչ Ռուբենի սառնությունը, ոչ իշխան Սահարունիի երկդիմի ակնարկությունը այն երեկույթումչունեցան այնքան ուժ, որ խաղաղեցնեն Հալաբյանի մի անգամ արդեն գրգռված կիրքը: Նա լսել էր, որ քաղաքում լուր է տարածվել Մարիամի հետ ամուսնանալու մասին: Մոսիո Վախվախյանն էր հաղորղել նրան այդ լուրը: Նույն Վախվախյանը շտապել էր անմիջապես պատմել նրան և հյուրանոցում Ռուբենի ու բժիշկ Մելիք-Բարսեղյանի մեջ տեղի ունեցած անցքը:

Դու ասում ես լսեցի՞ր, որ Ռուբենը բժշկին անպատվե՞ց, — հարցրեց Հալաբյանը մի քանի անգամ:

Ոնց թե լսեցի, աչքովս տեսա, մեկ փախավ, դու ես իմ պարոնս, ոնց որ վախլուկ նապաստակը:

Ռուբենի այս վարմունքը դուր եկավ Հալաբյանին, որ այնքան վրդովված էր բժշկի դեմ: Նա զգում էր, որ բժիշկը արժանի է այդ պատժին:

Նա ինքը պատրաստ էր ավելի զորեղ պատժել այդ մարդուն, ոչ թե նրա համար, որ նա դավաճանել է Մարիամին, այլ, որ հանդգնել էր այդ օրիորդի սերը գրավել:

Տոն օր էր: Կեսօրից մի քիչ առաջ Մարիամը, Ռուբենը և Սաթենիկը զբոսնում էին Գոլովինսկի պրոսպեկտի վրա: Չնայելով, որ ձմեռվա կեսն էր, եղանակը տաք էր, երկինքը պարզ, օդը մաքուր և պայծառ: Զբոսնողների խիտ բազմության մեջ նրանց առաջը դուրս եկավ Հալաբյանը, որին ուղեկցում էր անխուսափելի մոսիո Վախվախյանը: Տեսնելով Մարիամին, ամուրին թողեց յուր ուղեկցին, մոտեցավ, բարևեց և սկսեց զբոսնել նրա հետ: Վերջին օրերը հեգ ամուրին նկատելի կերպով նիհարել էր, աչքերր խորն էին ընկել և երեսի կաշվի ծալքերր ավելի խոշորացել էին:

Ռուբենը դիտմամբ մի քանի քայլ հետ մնաց, որ Հալաբյանի հետ ման գա, իսկ Մարիամը Սաթենիկի հետ թև թևի տված առաջ անցավ: Հալաբյանը խոսեց Նիկողայոս Սադափյանի մասին, ասաց, թե վերջինի գործերը հաջող են գնում, թե նա վերցրել է մի կապալ, որից մեծ գումար պիտի աշխատի: Այդ մի նուրբ ակնարկություն էր, որով ամուրին Ռուբենին հիշել էր տալիս Սադափյանին արած յուր լավությունը:

Ուրեմն նա շուտով ձեր պարտքը կտա՞, — հարցրեց Ռուբենը, գուշակելով նրա միտքը:

Մի մասը արդեն տվել է: Բայց ես այդ չեմ մտածում, — կտա չի տալ, միևնույնն է: Ես ավելի ուրախ կլինեի, որ նա ձեր հայրական ժառանգությունը վերադարձներ ձեզ:

Ռուբենը ոչինչ չասաց: Նրանք հասան փողոցի ծայրը: Հետ դառնալիս Հալաբյանը կրկին մոտեցավ Մարիամին: Այս անգամ օրիորդը մի կողմնակի հայացք ձգեց նրա վրա:

Հալաբյանի նիհարությունը, բավական ընկճված ձայնը, նրա ամբողջ կերպարանքի խղճալի արտահայտությունը րոպեաբար շարժեց Մարիամի գութը: Առաջին անգամ նա խղճաց ամուրիին, առաջին անգամ նրա նրբացած սիրտը զգաց այդ դժբախտությունը:

«Մի՞թե ես եմ պատճառը», — ասաց նա մտքում, տեսնելով, թե ինչպես Հալաբյանը երկյուղած դեմքով է նայում յուր վրա և ինչ անվստահ եղանակով է խոսում:

Նա ևս լսել էր յուր ու Հալաբյանի մասին տարածված լուրը: Նա նկատում, էր, որ զբոսնող ամբոխի մեջ շատերը նայում են և քչփչում: Նա յուր ծանոթների դեմքերի վրա տեսնում էր մի իմաստալի ժպիտ, կարծես, նրան շնորհավորում էին: Նա շտապեց հեռանալ Հալաբյանից և, վերցնելով Սաթենիկի թևը, քայլերը ուղղեց դեպի տան կողմ:

Դուք մի գնաք, ես մի շատ հարկավոր բանի մասին պիտի խոսեմ ձեզ հետ, — դարձավ Հալաբյանը Ռուբենին, բռնելով նրա թևից:

Մարիամը գնաց Սաթենիկի հետ: Ռուբենը Հալաբյանի հետ վերադարձավ:

Մտնենք մի րոպե ինձ մոտ, — առաջարկեց վերջինը:

Ռուբենը ակամա հետաքրքրվեց ամուրիի ասածով և ակամա հետևեց նրան: Մի թեթև հառաջաբանից հետո ամուրին խոսք բաց արավ վերջին դեպքի մասին, գովեց Ռուբենի վարմունքը, անվանեց նրան ազնիվ:

Գիտե՞ք, բանը ինձ հայտնի է, ես լսել եմ բոլորը: Խնդրեմ չնեղանաք, որ ձեզ հետ պարզ եմ խոսում, մենք բարեկամներ ենք: Այդ անպիտանի հետ ուրիշ կերպ վարվել չէր կարելի, մանավանդ ձեզ նման ազնիվ ու տաքարյուն երիտասարդը: Ավելի վատ պետք է պատժեիք: Տեսե՞լ եք նրան այդ օրից հետո:

Ոչ:

Ի՞նչ երեսով պիտի երևա ձեզ այսուհետև, ախ անամոթ, անամոթ, — կրկնեց Հալաբյանը մի քանի անգամ:

Ռուբենը լուռ էր: Նա մասամբ գուշակում էր, թե Հալաբյանը ինչ նպատակով է այդ դեպքի մասին խոսում: Վերապես, ամուրին պարզեց յուր սիրտը, վերջապես, նա առաջարկություն արավ Մարիամի մասին: Նա վաղուց է սիրում Ռուբենի քրոջը, վաղուց էր մտադիր ասել, բայց չէր համարձակվում: Կարծում էր, որ նա սիրում է բժշկին, որ նրան է խոսք տվել: Այժմ գիտե, որ Մարիամի սիրտը ազատ է և համարձակվում է խոսք բանալ այդ մասին:

Դուք, իհարկե, չպիտի զարմանաք, որ ես ձեզ հետ այսպես պարզ եմ խոսում: Ես հասարակ մարդ եմ, ես սիրում եմ անկեղծ խոսել: Շատ կարելի էր մի ուրիշի հետ ուրիշ կերպ խոսեի: Բայց ձեզ ճանաչում եմ, պարոն Ռուբեն, գիտեմ, որ չեք նեղանալ ինձանից: Ձեր քույրր ծնողներ չունի, որ ես նրանց հետ խոսեմ: Դուք եք նրա մեծը, իրավունքը ձեր ձեռքին է:

Իմ ձեռքին ոչինչ իրավունք չկա, — ընդմիջեց Ռուբենը, — Մարիամն ինքն իրան է միայն հպատակվում, ուրիշ ոչ ոքի:

Գիտեմ, գիտեմ, սիրելիս: Նա խելոք է, նա կրթված է, բայց շատ երիտասարդ է, կան բաներ, որ նա չի կարող հասկանալ: Դուք պետք է հասկացնեք նրան: Ես ոչինչ չեմ թաքցնում իմ կյանքից: Ասեմ, ես այնքան էլ ծեր չեմ, — քառասուն ու երեք տարիս նոր լրացավ: Ես այնքան էլ տգետ չեմ, — հասարակության մեջ պատիվս պահել կարող եմ: Հավատացեք, ես ձեր քրոջը կպաշտեմ: Բայց ի՞նչ եմ ասում, միթե դուք չգիտե՞ք, որ ես համարյա.,. Ինչո՞ւ եք շփոթվում, ես անկեղծ եմ ասում: Դուք այդ կարող եք հայտնել Մարիամին, այո, հայտնեցեք: Ասեցեք, հույս ունենա՞մ, որ կարժանանամ այդ բախտին: Ես ամեն բան կզոհեմ, ես հարստությունս կդնեմ նրա ոտքի տակ, ինչ ուզում է թող անի, ինչպես ուզում է, թող ապրի: Թող նա իմ տերը լինի, ես նրա ծառան, ստրուկը: Ես ձեզ էլ կհպատակվեմ: Ես ձեզ ամեն միջոց կտամ՝ ձեր ուզածը անելու: Դուք ուզում էիք արտասահման գնալ, գնացեք, փողի պակասություն չեք ունենալ

Следующая страница