Շիրվանզադե Ալեքսանդր՝   Զուր հույսեր

Դժվար էր կասկածել ամուրիի անկեղծության մասին, զգալի էր, որ նա սրտից է խոսում: Եվ այդ ապացուցանում էին նրա զգացված ձայնը, աչքերի փայլը, դողդոջուն շրթունքները:

Ուրեմն այգ էր ձեր ասելիքը, — հարցրեց Ռուբենը, երբ, վերջապես, ոգևորված ամուրին մի վայրկյան լռեց:

Օգնեցեք, պարոն Ռուբեն, մի մերժեք, հավատացեք, իմ բախտը ձեզ էլ կբախտավորեցնի:

Ռուբենը ոտքի կանգնեց: Հալաբյանը հուսահատված նայեց նրա երեսին: Եվ այդ հայացքը այնքան խղճալի էր, որ Ռուբենը մի վայրկյան հոգով ցավեց ամուրիի մասին:

Ես ձեզ կխնդրեի ինձ հետ ճաշել, եթե...

Շնորհակալ եմ, — շտապեց ընդհատել Ռուբենը և, ձեռը մեկնելով նրան, ավելացրեց, — մնացեք բարով:

Ասաց և անմիջապես դուրս գնաց, թողնելով մենակյաց ամուրիին տխուր ու հուզված:

«Նա ոչինչ չասաց, նա համաձայն չէ», — գոչեց Հալաբյանը հուսահատված ընկնելով բազկաթոռի վրա:

Այդ օրից հետո նա սաստիկ լարված դրության մեջ էր: Նա անհամբեր սպասում էր պատասխանի Ռուբենի կողմից: Նա շուտ-շուտ դուրս էր գալիս փողոց, պտտում էր այս կողմ, այն կողմ, հուսալով հանդիպել նրան մի տեղ: Բայց փոխանակ Ռուբենի, նա, հակառակ յուր ցանկության, գրեթե ամեն անգամ տեսնում էր բժիշկ Մելիք-Բարսեղյանին, որ կառքով դեսուդեն էր անցնում:

Մի օր բժիշկը կառքը պահել տվեց, ցած իջավ և, խոնարհ բարևելով, մոտեցավ Հալաբյանին:

Ես ձեզանից մի բան եմ ուզում խնդրել, — ասաց նա, քաղցր ժպտալով:

Ասացե՛ք, — պատասխանեց Հալաբյանը կտրուկ:

Ես...ական ընկերության խորհրդի անդամ եմ: Այս տարի նոր ընտրություններ պիտի լինեն: Մեր նախագահը հրաժարվում է, թույլ տվեք, որ ձեր անունը անդամների ցուցակի մեջ մտցնեմ: Մեր ընկերությունը ձեզ նման մի անձի կարոտություն ունի, համաձայնեցեք մեր նախագահը լինել:

Մի վայրկյան Հալաբյանի փառասիրության զգացմունքը շարժվեց: Բայց նա չմոռացավ յուր ատելությունը:

Ես նախագահ լինելու արժանավորություն չունեմ, գտե՛ք մի ուրիշին, — պատասխանեց նա հակիրճ և երեսը շուռ տվեց, որ հեռանա:

Բժիշկը չհուսահատվեց:

Մեզ միայն ձեր անունն է հարկավոր: Ձեզ Թիֆլիսում բոլորը ճանաչում են ու հարգում, ձեր անունը մեծ օգուտ կարող է տալ մեր ընկերությանը:

Ինձ նման շատերը կան, առաջարկեցեք ավելի արժանավորին: Մնաք բարև:

Նա խստությամբ երեսը կրկին հետ դարձրեց և գնաց: Բժիշկը մի վայրկյան մնաց տեղն ու տեղը անշարժ: Հետո ձեռով մի շարժումն արավ, նստեց կառք և հեռացավ:

Մյուս օրը նա եկավ Հալաբյանի տունը, կրկին առաջարկությունն արավ: Բայց վերջինի կողմից շատ սառն ընդունվելով, դուրս եկավ քինթը քարշ: Նա տեսավ, որ չէ հաջողվում այդ մարդու հետ բարեկամանալ:

Օր-օրի վրա էր անցնում, և Հալաբյանը չէր պատահում Ռուբենին: Մի առավոտ եկավ նրա մոտ իշխան Սահարունին և ասաց, թե տիկին Սոփիոն նրան հրավիրում է ճաշի: Վերջին ամիս Հալաբյանը Սադափյանների տանը չէր եղել: Տիկինը բոլորովին հուսահատված էր, մանավանդ լսելով այն լուրը, որ պտտում էր քաղաքում: Նա փորձեց հրաժարվել տիկնոջ ճաշից, բայց իշխանը այնքան խնդրեց, թախանձեց, որ, վերջապես, համաձայնեց գնալ:

Օրիորդ Նատալիան զուգված (նա միշտ զուգված էր լինում) նստած էր հյուրասենյակում: Սոփիոն և Նիկողայոսը Հալաբյանին հանդիմանեցին բարեկամաբար: Օրիորդ Նատալիան սառն ընդունեց նրա բարևը և ցույց տվեց, որ վիրավորված է: Մարիամի մասին տարածված լուրը նրա վրա խորին տպավորություն էր արել: Երբեք նա այդքան կատաղած չէր Մարիամի դեմ, երբեք նա այնքան չէր ատել յուր կարծեցյալ թշնամուն: Ինչպե՞ս նա կարողացավ գրավել այդ հարուստ ամուրիի սիրտը, նա, որ Նատալիայի աչքում ոչինչ և ոչինչ արժանավորություն չուներ:

Նստեցին ճաշելու: Սոփիոն դարձյալ ամուրիին տեղավորեց Նատալիայի մոտ և սկսեց յուր քաղաքականությունը բանեցնել:

Հա՛, պարոն Հալաբյան, — ասաց նա երկրորդ կերակրի Ժամանակ, իբրև թե հանկարծ մտաբերվելով, — Այդ ի՞նչ լուրեր են տարածել ձեր մասին: Ասում են, հըմ, ի՞նչ են ասում, Սրափիոն, — ժպտալով դարձավ նա յուր եղբորըիշխան Սահարաւնիին:

Ասում են, որ Միշան պսակվում է Մաշայի հետ, — իսկույն պատասխանեց իշխանը և բարձրաձայն ծիծաղեց: — ճշմարի՞տ է, — դարձավ նա Հալաբյանին:

Ամուրին վիրավորվեց.

Ուրիշ բան չունե՞ս խոսելու, — նկատեց նա խիստ հանդիմանական եղանակով:

Այս կոշտ նկատողությունը, հարկավ, վերաբերվում էր և տիկին Սոփիոյին: Սակայն տիկինը չվիրավորվեց:

Տեսա՞ր, որ սուտ է, — դարձավ նա եղբորը, — տեր աստված, անգործ մարդիկ ինչ ասես հնարում են անմեղ մարդկանց վրա: Ախար ես էլ ասում եմ՝ եթե Հալաբյանը միտք ունի նշանվելու, խոմ աշխարհս տակնուվրա չի եղել, որ գնա ու այն...

Այստեղ տիկինը հանկարծ կանգ առավ, միաժամանակ հանդիպելով Հալաբյանի դեմքի դժգոհ արտահայտությանը և Նիկողայոսի նշաններին, որ պահանջում Էին նրանից լռություն:

Այս միջադեպի պատճառով ճաշը, հարկավ, շատ սառն անցավ: Հալաբյանը երկար չմնաց: Ճաշից հետո, մի կես ժամ անցած, նա հրաժեշտ տվեց, յուր հետ տանելով տիկին Սոփիոյի վերջին հույսը...

XIV

Ռուբենից ստացած վիրավորանքը՝ Մելիք-Բարսեղյանին ստիպեց փոխել յուր քաղաքականությունը: Մինչև այդ ժամանակ նա աշխատում էր գործը մեղմորեն և, որքան հնարավոր է բարեկամաբար, առանց աղմուկի վերջացնել: Այժմ, երբ նա արդեն վիրավորված և պատժված էր, երբ նրա անունը արդեն հասարակական դատաստանին էր ենթարկված, այլևս՝ չէր կարող գաղտնիք պահել, պետք է բացարձակ պաշտպաներ իրեն: Բայց ում դեմ: Ռուբենը վրեժխնդիր է եղել յուր քրոջ համար, իսկ Մարիամը կին էր: Բժիշկը գիտեր, որ այսպես թե այնպես ընդհանուրի համակրանքը օրիորդի կողմն է թեքվելու, եթե ուրիշ բան էլ չլիներ, գեթ այն պատճառով, որ նա մի թույլ արարած է:

Գլխավորն այն է, — հանդիմանում էր մի օր նրան վաղեմի ընկերներից մեկը, — որ, ինչպես ասում են, դու այդ օրիորդին թողել ես աղքատության պատճառով:

Ոչ, ոչ ու ոչ, — պատասխանեց բժիշկը, չկարողանալով վերջապես, պահել յուր սառնասրտությունը, — սխալվում են ասողները, ես նրան թողել եմ բոլորովին մի ուրիշ պատճառով:

Ա՞յն է:

Պարոններ, բավական է, վերջապես, խնդրում եմ, մի ստիպեք ինձ շատ էլ պարզախոս լինել:

Դու պարտավոր ես պարզ խոսել, դու պետք է քեզ արդարացնես, գիտե՜ս, որ ամենքը քեզ են մեղադրում:

Բժշկի համբերությունը միանգամայն սպառվեց և նա, մի քանի վայրկյան խորհելով, արտասանեց հետևյալը.

Ես ինձ արդարացնե՞մ, այո, կարող եմ և շատ հեշտությամբ: Բայց, պարոններ, մի՜ մոռանաք, որ իմ հակառակորդն օրիորդ է, ես չեմ կարող ամեն բան ասել, չեմ կարող իմ սառչելու գլխավոր պատճառը հայտնել, հասկանո՞ւմ եք:

Վերջին դարձվածը բժիշկը մի այնպիսի խորհրդավոր եղանակով արտասանեց, որ խոսակցի սրտի մեջ մի որոշ կասկած ձգեց: Խոսակիցը դարձվածը կրկնեց մի երկրորդի, երրորդի մոտ, և նա, բերանից բերան անցնելով, տարածվեց հասարակության մեջ: Բամբասասերները սկսեցին զանազան ենթադրություններ անել, ենթադրություններ, որ երբեմն, համեստության սահմանից դուրս գալով, պղտորում էին մարդկային առաքինական զգացմունքը:

Ինքնապաշտպանության այս պարզ միջոցը ունեցավ յուր հետևանքը: Շուտով բժիշկը գրավեց մի շարք կողմնակից-պաշտպաններ մասամբ այն հնամաշ օրիորդներից, որոնց վրա նա երբեմն-երբեմն ուշադրություն էր դարձնում, և մասամբ այն մայրերից, որոնք աչք ունեին նրա վրա:

Ոնց չէ, — ասում էր ի միջի այլոց չորս աղջիկ ունեցող տիկին Ագամովան, — ես դիփ գիտեմ, այն աներես աղջիկը ինքն է ուժով կպել: Բժիշկը խոմ գիժ չէր, որ գնար այն քաղցածին ուզեր: Անանիա ջան, միտդ է , որ երբ լսեցի, ասացի մի բան կա: Տեսա՞ր:

Եվ այդ «բանը» բացատրվում էր այնքան կերպ, որքան տարբեր գլուխներ կային:

Սակայն ժամանակը հետզհետե խաղաղեցրեց թեր և դեմ խոսող լեզուներին: Բամբասանքի նյութը սկսեց հնանալ, տեղի տալով նորանոր նյութերի: Բժիշկ Մելիք-Բարսեղյանի անունը փոքր առ փոքր սկսեց ազատվել սանձարձակ բերաններից:

Մնում էր միայն բժշկի սրտում բարոյական սուր վիրավորանքի խորին հետքը: Նա մոռացավ բոլորը, բայց չմոռացավ հյուրանոցի դեպքը: Մի դեպք, որ այնքան ցավալի էր նրա համար, որքան նա հռչակված էր քաղաքում: Նա նկատում էր, որ այդ օրից հետո ոմանք, մանավանդ երիտասարդներից, ծուռ աչքով են նայում յուր վրա և ոմանք, կարծես, մինչև անգամ խույս են տալիս նրանից: Այդ էր, որ նրան անչափ անհանգստացնում էր և ստիպում ավելի մտածել այն միջոցների մասին, որոնցով կարելի էր վերականգնել յուր պատիվը և արժանանալ ընդհանուր համակրությանը: Եվ այս նպատակով նա սկսեց իրան ձևացնել մելամաղձոտ, մտազբաղ, մանավանդ կանանց շրջանում:

Կարծես, վիշտը տանջում է նրան, — ասում էր մի տիկին:

Այո, — համաձայնվում էր մի ուրիշը, — շատ տխուր դեմք ունե:

Տխրությունը խիստ սազ է գալիս նրան:

Հետաքրքրելի է դարձնում:

Ես սիրում եմ հոգեկան վիշտ ունեցող տղամարդկանց:

Ես էլ:

Երբ պատահաբար բժշկի մոտ խոսում էին սիրո մասին, նա չէր մասնակցում խոսակցությանը, լուռ ու տխուր հառաչում էր և աչքերը խոնարհեցնում:

Այս ինքնահնար միջոցը որոշ ներգործություն ունեցավ և հետևանքն այն եղավ, որ բժիշկը դարձավ զգայուն կանանց ցավակցության առարկա:

Գալով «պրակտիկային», անախորժ անցքը վատ ներգործություն չունեցավ: Ընդհակառակը, նրա անունը ավելի տարածվեց, հետաքրքիր կանայք ցանկացան նրա երեսը տեսնել: Շատերը, հիվանդ ձևանալով, գալիս էին նրա մոտ, մի փոքր խոսում և, այցեվճաըը տալով, հեռանում:

Մի օր նա, հիվանդների ընդունելությունը վերջացրած, հանգստանում էր ննջարանում, երբ ծառան ներս մտավ և թվեց մի նամակ: Դա մի երեկույթի սիրալիր հրավեր էր Ագամովների կողմից: Այդ օրը տիկին և պարոն Ագամովների ամուսնության երեսնամյակը լրանում էր: Դեռ առավոտյան բժիշկը շնորհավորել էր նրանց: Տիկինը կարծելով, որ բերանացի հրավերը մոռացած կլինի, ստիպեց ամուսնուն նամակ ուղարկել:

Ասա, որ կգամ, — պատվիրեց բժիշկը ծառալին: Վերջին ժամանակ նա այդ ընտանիքում ընդունվում էր գրկաբաց, նրան ցույց էին տալիս անսովոր հարգանք և բարեկամություն: Տիկին Ագամովան արդեն նրան համարում էր յուր երկրորդ դստեր փեսացուն:

Այս մտքով նա արդեն մի թեթև լուր տարածել էր յուրայինների շրջանում գործին հիմք տալու համար: Բժիշկը գիտեր, որ այդպիսի լուր կա, մինչև անգամ արհեստակիցներից մեկը շնորհավորել էր նրան: Սակայն նա տակավին զգույշ էր: Առաջին փորձից խրատված, նախքան մի որոշ քայլ անելը, նա կամենում էր ճիշտ ուսումնասիրել հանգամանքները, ունի՞ արդյոք օրիորդ Ագամովան այնքան, որքան ասում են:

Որոշյալ ժամանակից մի ժամ անցած, գալով երեկույթ, նա Ագամովների տանը տեսավ հրավիրվածների մի բավական մեծ բազմություն: Նրան դիմավորեցին ուրախությամբ, կարծես, ամենքը նրան էին սպասում: Այստեղ նա ծանոթացավ մի քանի ընտանիքների հետ: Հասարակությունը բաղկացած էր տարբեր տարրերից, կային և վաճառականներ, և ծառայողներ, մեկ ինժեներ, երկու կապալառու, երեք գրագիր, մի պաշտոնաթող գեներալ, մի կոմիսիոներ, մի վաշխառու, երկու ռուս և այլն:

Երեկույթը սկսվեց մի թեթև կոնցերտով: Գրագիրներից մեկը ջութակի լարերը անխնա խարտոցում էր: Մի ինչ-որ տիկին եռանդով ջարդում էր դաշնամուրի կլավիշները: Կրտսեր օրիորդ Ագամովան յուր կատվի ձայնն էր բարձրացրել:

Վաճառականը, վաշխառուն և կոմիսիոները, մի անկյուն քաշված, խոսում էին իրանց գործերի մասին: Պաշտոնաթող գեներալի մեջքին մի բարձ դրեցին, և նա իսկույն նիրհեց: Պարոն Ագամովը ինժեների և ուրիշ երկու հյուրերի հետ նստեց թուղթ խաղալու:

Երիտասարդ զույգերը սկսեցին պարել: Բժիշկը հերթով տանտիրուհու աղջկերանց հետ մի-մի անգամ պարելուց հետո, շինովի մելամաղձությունը երեսին, քաշվեց մի կողմ: Տիկին Ագամովան աչքից բաց չէր թողնում նրան:

Պարոն բժիշկ, — մոտեցավ նա յուր թանկագին հյուրին, — մեր տունը տխրող հյուրեր չէ սիրում:

Ես տխուր չեմ:

Լավ, լավ, ինչո՞ւ եք խաբում, խոմ ես ամեն բան գիտեմ: Դուք և մենք մեղավոր չենք, ար աշխարհումս անամոթ մարդիկ կան:

Բժիշկը հասկացավ, թե տիկինը ինչ բան և ում է ակնարկում:

Դեհ, թողեք ձեր դատարկ հոգսերը, զվարճացեք, — հրավիրեց տիկինը և, թևից բռնելով, մոտեցրեց կանանց, որոնց համար այդ պահին զվարճախոսում էր ռուս երիտասարդներից մեկը:

Մի քանի րոպե չանցած տիկինը նկատեց, որ բժիշկը սենյակի մի անկյունում առանձնացած ուրախ-ուրախ խոսում է հյուրերից մեկի հետ: Դա վաճառական հյուրի միակ աղջիկն էր, մի դեղնադեմ օրիորդ, քսան տարեկան հասակից ոչ ավելի, որ գիտեր դաշնամուր ածել, լավ պարել, ռուսերեն մաքուր խոսել:

Բժիշկը վաղուց լսել էր նրա մասին, իմացել էր, որ հարսնացուների մեջ ամենայուղալի պատառներից մեկն է:

Տանտիկինը վախեցավ այդ վտանգավոր հարևանությունից, մեջ մտավ և հաջողվեց բժշկին բաժանել օրիորդից:

Սկսեցին ընթրել: Տանտիկինը բժշկին նստեցրեց յուր երկրորդ աղջկա Վարինկա անվանվածիմոտ և աչքը տնկեց նրա վրա: Եվ ոչ միայն նա, այլ, նկատում էր բժիշկը, ամենքը նրանց էին նայում: Ոմանք միմյանց թոթում էին, քչփչում և ժպտում: Այս բոլորը կատարելապես համոզեցին բժշկին, որ ինքն արդեն Վարինկայի փեսացուն է համարվում: Ավելի համոզվեց, երբ սեղանի կառավարիչը նրա կենացը սւռաջարկեց օրիորդի կենացի հետ միասին, խորհրդավոր եղանակով արտասանելով.

Թող ձեր հարևանությունը բարեկամության սկիզբ լինի...

Սակայն բժշկի միտքը ավելի վաճառականի աղջկանով էր զբաղված: Նա գաղտնի ուշադրությամբ դիտում էր օրիորդի կերպարանքը: Մի թեթև համեմատություն անելով յուր մտքում, նա վերջինին գերադասեց յուր հարևանից, եթե ոչ դիրքով և դեմքով, գեթ օժիտով:

Երեկույթը վերջացավ: Բժիշկը տուն վերադարձավ բավական զվարթ տրամադրությամբ: Երկար ժամանակ այդ գիշեր նա մտածում էր յուր մասին: Հանգամանքները միանգամայն նրան ուրախացնում էին: Նա տեսնում էր, թե հասարակություն ասած բանը այնքան էլ սարսափելի դատավոր չէ, որքան կարծում էր, թե շատ-շատերը, որ կարծում էր խույս կտան, դեռ ձգտում են դեպի նա: Նա վճռեց, թե հիմարություն է պատվի խնդրի վերաբերմամբ շատ էլ մանրակրկիտ և զգայուն լինելը, թե առհասարակ նուրբ պատվասիրությունը մի տեսակ տկարամտություն է: Արժե՞ մտածել անցած բաների մասին, արժե՞ վշտանալ մի երիտասարդի տված թեթև վիրավորանքից, երբ հասարակությունը այդ վիրավորանքը անպատվաբեր չէ համարում...

Հետևյալ օրից նա արդեն նախկին Մելիք-Բարսեղյանն էր: Չքացան մոտիկ անցյալի տխուր մտածումները: Վերադարձավ կրկնակի ուժով նրա եռանդը: Թեթև հուզմունքը տեղի տվեց բնական անհողդողդ սառնասրտությանը: Եվ նրա կյանքը սկսեց ընթանալ սովորական շավղով:

Մնում էր իբրև միակ հոգս Հալաբյանի թշնամությունը: Բայց հեգ ամուրին այն դրության մեջ էր, որ բժշկին անգամ մոռացել էր:

Դարձյալ Հալաբյանի միտքը զբաղված էր Մարիամով, դարձյալ գիշեր ու ցերեկ նրա մասին էր մտածում և օրեցօր ավելի ու ավելի կապվում յուր ցնորքի հետ:

Այժմ նա անճանաչելի էր դարձել: Չկար այլևս նրա ինքնավստահ քայլվածքը, չկար այն խրոխտ, ինքնագոհ հայացքը, որ աջ ու ձախ ձգում էր մարդկանց վրա: Նա ավելի էր նիհարել, ավելի գունատվել, նրա բարձր ուսերը ցած էին թեքվել, նրա կուրծքը ներս էր ընկել, կարծես, մի ամսվա մեջ նա ապրել էր տասը տարի:

Եվ դեռ սպասում էր նա, դեռ հույս ուներ, որ արժանանալու է երազած երջանկությանը: Բայց օրերն անցնում էին և ոչ մի դեպք, ոչ մի թույլ երևույթ չէր ցույց տալիս, թե նա կհասնի յուր նպատակին: Վերջին ժամանակ նա փողոցում երբեմն պատահում էր Ռուբենին, և հանդիպում էր նույն սառնությանը, նույն անուշադրությանը: Բայց նա դարձյալ չէր հուսահատվում: Նա պատահեց մի քանի անգամ նույնպես և Մարիամին, և ամեն անգամ Սաթենիկի հետ: Մի օր օրիորդը վերջինի հետ ձիաքարշով անցնում էր: Ամուրին, չնայելով անացնելի ցեխին և յուր պատկառելի տարիքին, վազեց, որ ձիաքարշ նստի, չհասավ, զրկվեց օրիորդին բարևելու հաճույքից և միայն աչքերով ուղեկցեց նրան:

Նրա ականջին ևս հասել էին Մելիք-Բարսեղյանի խորհրդավոր դարձվածի պես-պես մեկնությունները: Բայց ոչ մի չար ենթադրություն, ոչ մի վիրավորական բամբասանք Մարիամի անարատության մասին հավատաի չէր թվում նրան, որ պաղեցներ նրա սիրտը, որ ստիպեր նրան սթափվել յուր դառն ցնորքից: Նա համոզված էր, որ այդ բոլոր լուրերը չար մտքով են տարածված: Նա կարծում էր, թե դա իշխան Սահարունիի գործն է, նա է հնարում այդ լուրերը: Եվ Հալաբյանը վրդովված էր իշխանի դեմ: Նրան տեսնելիս կամ երեսը հետ էր դարձնում, կամ փոխում էր ճանապարհը, որ չբարևի: Նա դադարել էր և Սադափյաններին այցելելուց, չէը էլ մտածում Նիկողայոսից ստանալիքի մասին: Նա մոռացել էր և յուր մյուս գործերը: Նրան տիրել էր մի տեսակ թմրություն: Ոչ մի բան նրան չէր հետաքրքրում, ոչ մի տխուր կամ ուրախալի երևույթ չէր շարժում նրա սիրտը: Պատահում էր, մոսիո Վախվախյանը մտնում էր նրա մոտ հուզված, այլայլված և պատմում էր սրտաշարժ նորություններ քաղաքային կյանքից: Նա, որ առաջ սիրով և հետաքրքրությամբ էր լսում այդ նորությունները, ուրախանում էրերբ հարկավոր էր, տխրումերբ հարկավոր էր, այժմ մնում էր անտարբեր, լուռ, նրա դեմքի մկանունքն անգամ չէին շարժվում:

Եվ Վախվախյանը չգիտեր վշտանար, թև զարմանար յուր տեսածի վրա: Ամեն օր նա վազում էր Ախշարումյանի մոտ և պատմում Հալաբյանի հոգեկան դրության մասին, ավելացնելով, որ օրեցօր ավելի վատանում է նա: Մի քանի անգամ Ախշարումյանը ինքն այցելեց ամուրիին և տեսավ, որ, արդարև, ցավալի է նրա դրությունը:

Գնանք արտասահման, — առաջարկեց նա մի անգամ Հալաբյանին:

Ինչո՞ւ:

Մի քիչ ման կգանք, ժամանակ կանցկացնենք: Մի քաղաքում երկար ապրելը մարդուս բթացնում է:

Հալաբյանը գլուխը բացասաբար շարժեց, հառաչելով և տխուր ժպտալով: Եվ այդ հառաչանքն ու ժպիտը այնքան սրտաշարժ էին, որ Ախշարումյանը, այն մարդը, որ միշտ ծաղրաբար էր վերաբերում դեպի յուր ընկերոջ զգացմունքը, սկսեց անկեղծ ցավակցել նրան: Այդ օրը նա վճռեց օգնել Հալաբյանին՝ ազատել նրան յուր ծանր վշտից:

Իշխան, — դարձավ նա մի օր Սահարունիին, — մեր Մեխակի դրությունը շատ ցավալի է, օրեցօր նա նիհարում է, խեղճանում ու պառավում:

Լավ, ե՞ ինչ անեմ:

Դու և ես նրա բարեկամներն ենք, ու պետք է խելք-խելքի տանք և նրա միտքը մի ուրիշ բանով զբաղեցնենք: Ես համոզված եմ, եթե նա այդպես շարունակի, մի օր կխելագարվի: Ափսոսում եմ, որ մինչև հիմա ես ծաղրաբար եմ վերաբերվել, մարդը, ոչ դես, ոչ դեն, սիրահարված է և շատ վատ է սիրահարված:

Սիրահարվե՛լ, խելագարվե՛լ, — կրկնեց իշխանը, բարձրաձայն ծիծաղելով, — նու, բարեկամ, ինչպես տեսնում եմ, դու նրանից պակաս խելոքը չես: Դու էլ սեր ես անվանում այդ:

Բա՞ս:

Ոչ, սիրելիս, այդ կիրք է, հասկանո՞ւմ ես, քառասուն ու երեք տարեկան կիսամաշ մարդու կիրք, վիրավորված ինքնասիրտւթյան հետ խառն: Էէ, երևակայիր գործ և զբաղմունք չունեցող մի հարուստ ամուրի, որ մի անգամ վճռել է ձեռք բերել մի սիրուն աղջկա, չէ կարողանում նպատակին հասնել և տանջվում է, պրծավ գնաց: Եթե ինձ ես հարցնում, թող տանջվի, նա խղճալու մարդ չի: Նա հիմար է, այ մարդ, հիմար, ընկել է մի աղջկա հետևից, որի երեսի պատկառանքը... նու... մի ուրիշն է լիզել:

Իշխա՛ն, — արտասանեց Ախշարումյանը զարմացած, — ի՞նչ ես դուրս տալիս, չէ՞ որ այդ աղջիկը ազգականդ է:

Ազգակա՛ն, շատ հարկավո՞րս են այնպիսի ազգականները, որ ութ տարի քրոջս հաշվով ապրելուց հետո, հիմա քաղաքում լուր են տարածել, թե փեսաս նրանց զրկել է հոր ժառանգությունից:

Միթե այդ ճշմարի՞տ չէ:

Այնքան է ճշմարիտ, որքան այն, որ նրանց հայրը ժառանգություն է թողել: Շանտաժ է, բարեկամս, անխիղճ շանտաժ, որի համար հիմա աստված պատժում է նրանցքույր և եղբայր քաղցած զկրտում են: Լսիր, եթե ընկեր ես, եթե ուզում ես Հալաբյանին օգնած լինել, համոզիր նրան, որ ձեռք վերցնի այդ աղջկանից, թե չէ կփոշմանի, շատ կփոշմանի: Ասա այն հիմարին՝ խելքի գա և հասկանա, որ եթե մի անգամ վճռել է տխմարանալ, այսինքն ամուսնանալ, թող իմ առաջարկած աղջկան ձեռքից բաց չթողնի:

Չլինի՞ քրոջդ աղջկա մասին է խոսքդ:

Նու, հենց դիցուք նրա մասին է, չարժե՞ տասը Մարիամի: Այդ հիմարը առաջ նրա հետևից էր ընկած, չեմ իմանում, ինչ պատահեց, թողեց հանկարծ ու կպավ մեկին, որին մարդիկ էլ մոռացել են, աստված էլ: Տո , մեկ հարցրու նրանից, եթե այդ աղջիկը լավ պտուղ էր, ինչո՞ւ բժիշկ Մելիք-Բարսեղյանը թողեց նրան: Ի՞նչ երևելի մարդ է այդ բժիշկը, հա հա հա :

Այսուհետև շատ ուշ է փոխել Հալաբյանի միտքը: Երկուսից մեկըկամ պետք է մի կերպ անել, որ նա յուր նպատակին հասնի, կամ պետք է այս քաղաքից հեռացնել նրան:

Եթե դու կօգնես կամ կցանկանաս, որ առաջինը լինիոչ իմ բարեկամս ես, ոչ Հալաբյանինը, լավ իմացիր, — ասաց իշխանը և հեռացավ:

Իշխանի այս ծայրահեղ գրգռման պատճառն այն էր, որ Հալաբյանի վարմունքը դեմ էր նրա շահերին: Տիկին Սոփիոն բացարձակ խոստացել էր նրան՝ Նատալիայի բանը հաջողեցնելուց հետո, յուր ամուսնուն համոզել, որ սա երաշխավոր լինի իշխանի համար մուրհակով բանկից մի քանի հազար վերցնելու: Այնինչ իշխանը, նայելով Հալաբյանի դրությանը, տեսնում էր, որ հազիվ երբևէ հաջողություն ունենա յուր շահավետ ձեռնարկությունը: Այս էր պատճառը, որ նա վրդովված էր և Մարիամի դեմ, որ, հարկավ, գլխավոր խոչընդոտն էր:

Մի անգամ իշխանը այս հուզված դրությամբ պատահեց Ռուբենին: Նորին պայծառափայլությունը հարկավոր համարեց նախ նրա հետ խոսել իբրև ազգական, ապա սկսեց հանդիմանել նրան, անվանելով երախտամոռ յուր հորեղբոր ընտանիքի վերաբերմամբ:

Դուք ինձ խրատո՞ւմ եք, — հարցրեց Ռուբենը հեգնաբար:

Ես հիշեցնում եմ ձեզ ձեր բարոյական պարտքը, — գոչեց իշխանը, ավելի գրգռվելով, — որ դուք այնպես մոռացաք:

Շատ պատասխանատու դեր եք կատարում, ձերդ պայծառափայլություն, — արտասանեց Ռուբենը վիրավորված:

Ի՞նչ, չլինի թե դուք ինձ անընդունակ եք համարում խրատել մի թեթևամիտ պատանու և մի անփորձ աղջկա:

Թե պատանին և թե աղջիկը կարոտ չեն ոչ ձեր և ոչ ուրիշների խրատներին:

Իշխանը կատաղեց, նայեց խորին արհամարհանքով երիտասարդին ոտից մինչև գլուխ և արտասանեց.

Սիրելիս, շատ ես քինթդ վեր ցցում, վաղո՞ւց է, որ այդքան մեծացել ես:

Իշխան, — պատասխանեց Ռուբենը, մի կերպ զսպելով իրան, — ճիշտը չգիտեմ ինչ, բայց համոզված եմ, որ ազգակցական զգացմունքը չէ ձեզ իմ և քրոջս դեմ գրգռողը... Անշուշտ մի ուրիշ պատճառ ունեք: Ես ձեր մասին մի բան էլ լսել եմ, բայց չեմ ուզում հավատալ, այդ արդեն չափազանցություն կլիներ...

Մի քանի վայրկյան իշխանը աչքերը լայն բաց արած նայում էր Ռուբենի երեսին:

Ի՞նչ եք լսել, — հարցրեց նա վերջապես:

Ռուբենը լուռ էր: Իշխանը կրկնեց, երեքնեց յուր հարցը: Այն ժամանակ Ռուբենը հուզված և վշտացած հայտնեց այն բանը, որին ինքն էլ արդարև չէր հավատում, որքան և վատ կարծիք ուներ իշխանի մասին: Հայտնեց, թե լսել է, որ իշխանը կողմնակի կերպով ոմանց մոտ անվանարկել է Մարիամին :

Կրկնում եմ, ես չեմ հավատում լսածիս, չեմ հավատում, որ դուք այդքան վատ եք:

Իշխանը փոքր-ինչ շփոթվեց, ամաչեց, զգալով, որ իրավ յուր լեզվին շատ է ազատություն տվել: Նա հանձն չառավ, նա հետ կանգնեց յուր ասածից: Եվ որպեսզի ավելի համոզի Ռուբենին, որ ինքը արդար է, ցույց տվեց անարդար մարդու կեղծ արդարացի կատաղություն:

Կասկածել մի վայրկյան, որ ես, իշխան Սահարունիս, — գոչեց նա, աչքերը պսպղացնելով, — որ ես, իշխան Սահարունիս, ընդունակ եմ բամբասելու մի օրիորդի, լինի նա ազգականս, թե բոլորովին օտար, կրկնում եմ, կասկածել մի վայրկյան անգամ այդ մասինկնշանակե ինձ անպատվել: Ամոթ է ձեզ համար, Ռուբեն, ամոթ է, որ այդպես անպատվում եք ինձ:

Եվ յուր կեղծիքը թաքցնելու համար շտապեց հեռանալ:

Սակայն Ռուբենը զգաց, որ իշխանը այդ բանում շատ էլ արդարացի չէ, որ անկասկած նա մասն ունի Մարիամի մասին տարածված տմարդի լուրերում: Լուրեր, որ որքան և մութ և մեղմացրած կերպով էին հասնում սիրող եղբոր ականջին, բայց և այնպես պատճառում էին նրան մի ծանր վիշտ և ստիպում ավելի կատաղել այդ բոլորի սկզբնապատճառբժշկի դեմ: Հարկավ, նա յուր լսածը չէր հաղորդում Մարիամին: Բայց նրա դեմքից, նրա խոսակցության ձևից, քույրը կանացի բնազդմամբ մասամբ գուշակում էր նրա սրտի ճնշող գաղտնիքը: Եվ նա յուր ցավի վրա ավելացնում էր յուր եղբոր ցավը: — Խղճի խայթոցի պես մի բան, թե ինչու յուր պատճառով պետք է բարոյապես տանջվի և եղբայրը: Դրդված դեպի Ռուբենը տածած փոխադարձ սիրուց, նա վերջին Ժամանակ ամեն ջանք գործ, էր դնում յուր վիշտը մոռանալ, կամ գոնե ուրախ լինել այն պահին, երբ Ռուբենը յուր մոտն էր: Այս պատճաաով նա խաբում էր եղրորը: Նա, որ անտարբեր էր հոգով և սրտով դեպի բոլորը, մերթ գովում էր Ռուբենի մի ընկերոջը, մերթ մյուսին, ցույց տալու համար, թե դեռ կարող է սիրել մի ուրիշին: Ազնիվ խաբեության միջոցը ճիշտ էր ընտրված, և Ռուբենը ուրախանում էր, որ Մարիամը դեռ գիտե հետաքրքրվել ուրիշ երիտասարդներով:

Մի օր, իրիկնադեմին, մասնավոր դասից տուն վերադառնալով, պատշգամբի վրա Ռուբենի ականջին յուր սենյակից հասավ մի ձայն, որ, կարծես, վաղուց, շատ վաղուց նա լսել էր:

Նա շտապեց ներս:

Մարիամի և Սաթենիկի հետ, նրա սեղանի մոտ, նստած էր մի անծանոթ մարդ, հասարակ սև հագուստով: Դա բավական լայն թիկունքով, դեմքի խոշոր գծագրությամբ, թուխ աչքունքով և խիտ մորուքով մի երիտասարդ էր, որի երեսի կաշին կրում էր բաց օդի, արևի, քամու հետքը:

Տեսնելով Ռուբենին, անծանոթը Ժպտալով, ծանրաբար ոտքի կանգնեց, երևան հանելով յուր բարձր հասակը և ամուր կազմվածքը: Մի քանի վայրկյան Ռուբենը զարմացած նայում էր նրա երեսին: Հանկարծ նրա զարմանքը փոխվեց երկյուղի, և ակամա, մի քայլ հետ գնելով, բացականչեց.

Բագրատյա՛ն...

Նա ինքն է, — գոչեց անծանոթը և, յուր լայն թևերը բանալով, գրկեց Ռուբենին...

XV

Բագրատյանի երևալը Ռուբենին մի այնպիսի ցնցումն պատճառեց, որ երկար ժամանակ այլայլված նայում էր նորեկին ոտից մինչև գլուխ:

Նրա առաջ կանգնած էր յուր պատանեկան ընկերներից մեկը, որին մոտ ութ տարի չէր տեսել և որ իքն երեք տարի մեռած, անհետացած էր համարում:

Երբ Ռուբենը գիմնազիստ էր, Բագրատյանը ուսանում էր ռեալական դպրոցում: Մի օր նրանք ծանոթացան, և անմիջապես երկուսի մեջ հղացավ փոխադարձ համակրություն:

Բագրատյանը գյուղական հասարակ ընտանիքի զավակ էր, կրթություն էր ստանում մի բարեգործ ազգականի օժանդակությամբ: Հասակով յուր դասակիցներից մեծ, ուսման մեջ շատերից հետ մնացած, այդ պատանին ուներ հատկություններ, որ առանձին դիրք էին տալիս նրան ընկերական շրջանում: Մինչ դասակիցները զբաղված էին իրանց ուսումով, նրա ուղեղը ոգևորված էր այլ բաներով: Տասնուչորս տարեկան հասակից սկսած նա պարապում էր մի շարք գրքերի ընթերցանությամբ, որ ոչինչ կապ չունեին դպրոցական ուսման հետ: Եվ այդ գրքերի ազդեցության ներքո նրա մեջ պատրաստվում էին այն ձգտումները, որ ապագայում նրա բնորոշ հատկանիշներն էին կազմում: Նկատելի էր, բնությունից առանց այն էլ սակավախոս պատանին օրեցօր ավելի լռիկ է դառնում, ավելի մտազբաղ և հետզհետե նրա պայծառ ճակատը սքողվում է մի մռայլ ստվերով: Մի անգամ աշակերտներից մի քանիսը նրան տեսան ուսումնարանի հետևում մի պատի տակ նստած արտասվելիս: Ոչ ոք չէր կարծում, թե նա այնքան փափկասիրտ է: Հարցրին պատճառը: Նա, հուզված, տվեց նրանց մի հայ լրագիր, ուր նկարագրված էր Տաճկական Հայաստանում եղած հարստահարությունների մի դեպք:

Դեռ հինգերորդ դասատան աշակերտ էր, երբ մի օր հրավիրեց նա յուր աղքատիկ սենյակը ամենամոտիկ ընկերներին: Այստեղ նա հաղորդեց նրանց այն, որ վաղուց նրա մտախոհության նյութն էր կազմում: Հայտնվեց, որ մասամբ անընդունակ, մասամբ ծույլ համարված աշակերտի պատանեկան ուղեղը յուրացրել է և սիրտը ջերմ կերպով ընդունել մի ծանր գաղափար, որով պետք է նոր-նոր տոգորվեր ժամանակակից թարմ սերունդը: Նրա միտքը հասկացան միայն հինգ-վեց հոգի, որոնց թվում և Ռուբենը: Բնականաբար կազմվեց համամիտ և համագաղափար ընկերների մի սուղ շրջան:

Բագրատյանն էր այդ շրջանին ուղղություն տվողը, ոգի ներշնչողը, պարագլուխը:

Ապագայում Ռուբենը հաճախ հիշում էր այն բարձրահասակ, կայտառ, սևաթույր աչքերով գյուղացի պատանուն, որ յուր զորեղ կամքով, կորովի բնավորությամբ բոլոր ընկերակիցներին հարգանք էր ներշնչում: Հիշում էր, այդ պատանին ուներ յուր մեջ ինչ-որ մի դյութական ուժ, որ կամա-ակամա բոլորին հպատակեցնում էր:

Ոչ ոք չուներ շրջանի մեջ այնքան կշիռ, որքան նա, ոչ ոքի կարծիքը այնքան հեղինակություն, որքան նրանը:

Եվ ինքը՝ Բագրատյանը, զգում էր այդ: Գուցե հենց դա էր պատճառը, որ օրեցօր նրա մեջ զարգանում էր մի տեսակ բռնակալական ձգտումն, ձգտում, որ հարգանքի հետ թույլերին ներշնչում էր և՜ ատելություն, և՜ նախանձ, որոնք սակայն բնավ բացարձակ կերպով չէին արտահայտվում:

Ավարտելով միջնակարգը, Բագրատյանը դիմեց բարձրագույն կրթության Ռուբենից երկու տարի առաջ:

Այնուհետև նրանք այլևս չտեսան միմյանց: Թե ինչ պատահեց Բագրատյանին հետոճիշտ չգիտեր Ռուբենը, նույնպես և ոչ ոք: Հայտնի էր միայն, որ նա տարի ու կես Պետերբուրգի տեխնոլոգիական ճեմարանում ուսում առավ, հետո արտաքսվեց: Այնուհետև նրա մասին եղած տեղեկությունները հակասում էին միմյանց...

Մի օր հանկարծ լուր տարածվեց, թե նա մեռել է օտար երկրի մի հետ ընկած ավանում և թաղվել օտար քահանայի ձեռքով: Բոլորը հավատացին այդ լուրին: Բագրատյանը մոռացվեց: Ոչ ոք չէր հիշում նրա անունը և եթե հիշում էր, շատ թույլ, սառնարյուն կերպով, իբրև վաղուց չքացած մի բան:

Եվ հանկարծ մեռածը երևան է գալիս, անձամբ ներկայանում է յուր ընկերներից մեկին:

Դեպքը անսպասելի էր, ազդեցությունը ուժգին:

Պատմի՜ր, որտե՞ղ էիր, — գոչեց Ռուբենը շնչասպառ հետաքրքրությամբ, երբ փոքր-ինչ սթափվեց ապշությունից:

Նորեկի վայրկենաբար պարզված դեմքը իսկույն քողարկվեց այն մթին ստվերով, որ, ըստ երևույթին, մշտական էր:

Մարիամը և Սաթենիկը տակավին չգիտեին Ռուբենի հանկարծակի և երկարատև այլայլման պատճառը: Զարմացած մտիկ էին անում մերթ մեկի, մերթ մյուսի երեսին:

Մեռած էիր և կենդանացա՞ր: Եթե սնահավատ լինեի, երկյուղից պետք է խելագարվեի, կարծեվով, որ իմ առաջ կանգնած է ուրվականդ:

Նորեկը նստեց, հրավիրելով Ռուբենին ևս նստել: Նա տակավին լուռ էր:

Следующая страница