Շիրվանզադե Ալեքսանդր՝   Զուր հույսեր

Ութ տարի բարեկամներից և ընկերներից անհայտ ապրել մեր դարում, թույլ տալ, որ չար լեզուները չար լուրեր տարածեն, չհերքել այդ լուրերից ամենա սարսափելին, չուրախացնել ընկերներիդասա, ի՞նչ է նշանակում այդ գաղտնիքը:

Նշանակում է, — խոսեց, վերջապես, Բագրատյանը, հառաչելով, — որ այդ բոլոր լուրերը անհիմն չէին, ես չէի կարող հերքել:

Ի՞նչ, մի՞թե դու ինձ պետք է հավատացնես, թե երեք տարի մեռած էիր:

Այո , մեռած էի, թեև շնչում էի...

Ռուբենը կարծեց, թե նա կշարունակեր: Բայց ոչ. նա կանգ առավ, նայեց Մարիամին և Սաթենիկին: Պարզ էր. նա չէր կամենում օրիորդների ներկայությամբ խոսել:

Այնինչ Մարիամի և Սաթենիկի զարմանքը փոխվեց բուռն հետաքրքրության: Նրանք անթարթ աչքերով նայում էին նորեկի բերանին:

Առանձին անհամբերություն էր արտահայտում Մարիամի դեմքը: Եվ երրեք վերջին ժամանակ ոչ ոք չէր գրավել նրա ուշադրությունը այնպես, որպես այդ խորհրդավոր հյուրը:

Ռուբենը զսպեց յուր հետաքրքրությունը, թողեց յուր հարցուփորձը, տեսնելով, որ Բագրատյանը ակամա է խոսում: Այն ժամանակ նորեկը ինքը հետաքրքրվեց Ռուբենի ներկա կացությամբ և բավականացավ վերջինի համառոտ պատասխաններով:

Ազատ ժամանակ ունե՞ս, — հարցրեց նա հանդարտ:

Ունեմ:

Գնանք մի քիչ զբոսնելու:

Այս ցրտով և քամո՞վ:

Փույթ չէ:

Ռուբենը դուրս եկավ նրա հետ: Մարիամը և Սաթենիկը մնացին առանձին: Քանի մի վայրկյան նրանք լուռ նայում էին նախ՝ պատուհանի միջով Բագրատյանի հետևից, մինչև աներևույթացավ վերջինի լայն թիկունքը իրիկնային կիսամթում, ապա միմյանց երեսին:

Ի՞նչ տարօրինակ մարդ էր, — արտասանեց վերջապես Սաթենիկը:

Այո , տարօրինակ և երկյուղալի:

Ես կարծում եմ, որ այդ մարդը մի հասարակ մարդ չէ, — սկսեց ենթադրություններ անել Սաթենիկը: — Դու նկատեցի՞ր, նա ինչպես ակամա էր պատասխանում եղբորդ հարցերին: Կտեսնես, այդ մարդու անցյալում մի բան կա, նա այժմ էլ մի շատ ծանր հոգս պետք է ունենա: Ո՞վ պետք է լինի:

Մարիամը լուռ էր: Անսպասելի հյուրը երկուսի վրա ևս խորին տպավորություն էր գործել: Մեկը յուր տպավորությունը հաղորդում էր լսելի ձայնով, մյուսը լուռ խորհում էր մտքում: Հարկավ, ոչ մեկը չկարողացավ գաղտնիքը հասկանալ:

Արդեն ուշ երեկո էր, երբ Ռուբենը տուն վերադարձավ: Երբեք նա այդպես ուշացած չէր դրսում, այն օրից, երբ քրոջ հետ առանձին էին ապրում:

Մարիամը միայնակ սպասում էր նրան անհամբեր և երկյուղով: Նա ներս մտավ միանգամայն այլափոխված: Նրա միագույն այտերի վրա երևում էր մի անսովոր կարմրություն, նրա աչքերի մեջ փայլում էր մի տեսակ կենդանացուցիչ հուր: Նա նյարդային քայքայված դրության մեջ էր: Նա գլխարկը մի կողմ շպրտեց և նստեց սեղանի մոտ:

Ո՞րտեղ էիր, — հարցրեց Մարիամը:

Տեսա՞ր, տեսա՞ր այն մարդուն, — գոչեց Ռուբենը, տեր աստված —, ի՞նչ ուժ, ի՞նչ կրակ, այդքան նեղություններ քաշել և այդչափ կենդանի հոգի ունենալ... Ի՞նչ եմ ես և ինձ նմանները այդ մարդու մոտ:

Արտասանելով այս խոսքերը ավելի ինքն յուր, քան Մարիամի համար, նա ոտքի կանգնեց և սկսեց շտապ-շտապ անցուդարձ անել:

Դու չես կարող երևակայել, — շարունակեց նա, դառնալով քրոջը, — այդ մարդը ինչքան է տանջվել յուր կյանքում: Մազերս փշաքաղվում էին, երբ լսում էի նրա չոր ու ցամաք պատմությունը:

Վայրկյան առ վայրկյան Մարիամի հետաքրքրությունը բորբոքվում էր: Նա ձգտում էր իմանալ Բագրատյանի կյանքի պատմությունը, նա փափագում էր լսել այն բոլոր նեղությունները, որոնց մասին այնպես հուզված խոսում էր Ռուբենը: Սակայն հատուկտոր դարձվածներով Ռուբենը ավելի յուր ոգևորությունն էր արտահայտում, քան մի կանոնավոր բան պատմում:

Այսքանը պարզվեց նրա բոլոր ասածներից: — Տեխնոլոգիական ճեմարանից արտաքսվելուց հետո Բագրատյանը զրկվում է յուր բարեգործի օժանդակությունից: Նա ընկնում է հետին աղքատության մեջ:

ճարահատված նա շատ չափավոր ռոճիկով մտնում է մի կալվածատիրոջ մոտ կառավարչի պաշտոնով: Բայց այստեղ ևս հանգամանքները դավաճանում են նրան: Կալվածատերը կասկածում է նրա անցյալի մասին և քաղաքավարի կերպով հրաժարեցնում պաշտոնից: Նա գաղթում է ուրիշ քաղաք...

Ամեն տեղ կրել է քաղցածություն, ցուրտ, մերկություն: Ամեն տեղ մարդկանց անտարբերությունը եղել է նրա ընկերը:

Ինչո՞ւ, ի՞նչ պատճառով:

Ռուբենը տխուր ժպտաց:

Իզուր, Մարո, իզուր, — արտասանեց նա հառաչելով, — և առանց որևէ հանցանքի:

Խորհրդավոր հյուրը այնքան գրավել էր Մարիամի միտքը, որ նույն գիշեր օրիորդը երկար ժամանակ նրա թողած տպավորության տակ էր: Նրա աչքի առաջից չէր հեռանում մի տեսակ կիսաառասպելական մշուշով վարագուրված երիտասարդի կերպարանքը: Ո՞վ է նա իսկապես, ինչո՞ւ է եկել, ո՞ւր պիտի գնատակավին չպարզված այս հարցերը ակամա հետաքրքրում էին նրան: Ռուբենի ասածից իմացավ նա, ի միջի այլոց, որ այդ երիտասարդը նրա պատանեկան ընկերներից մեկն է եղել, բայց որքան աշխատվեց, չկարողացավ մտաբեբել տեսե՞լ է արդյոք մի տեղ նրան, չհիշեց անգամ նրա ազգանունը:

Անցավ երկու օր: Բագրատյանը կրկին երևեցավ: Այս անգամ նրա դեմքը այնքան մռայլ և խոժոռված չթվաց Մարիամին, որքան առաջին օրը, երբ անծանոթը ներս մտավ, հարցրեց Ռուբենի տեղը և նստեց նրա վերադարձին սպասելու:

Հաջողվե՞ց, — հարցրեց Ռուբենը խորհրդավոր եղանակով, հենց որ ներս մտավ Բագրատյանը:

Հույս կա, — պատասխանեց նա:

Նրանք լռեցին: Ռուբենի անհամբեր հարցը, Բագրատյանի կտրուկ պատասխանը ավելի գրգռեցին Մարիամի հետաքրքրությունը: Նա ենթադրեց, որ նրանց խոսքը անշուշտ մի շատ նշանավոր գործի մասին է:

Բագրատյանը հրավիրված էր ճաշի: Ներկա էր և Սաթենիկը, որ դիտմամբ եկել էր յուր հետաքրքրությանը քիչ թե շատ գոհացումն տալու: Սակայն այս անգամ ևս օրիորդները չիմացան ավելի, քան Ռուբենի պատմածը Մարիամին: ճաշի ժամանակ խոսակցությունը պտտում էր երկու երիտասարդների նախկին ընկերների մասին: Բագրատյանը հետաքրքրվում էր, Ռուբենը յուրաքանչյուրի մասին տեղեկություն էր տալիս:

Իսկ ո՞րտեղ է Մելիք-Բարսեղյանը, — հարցրեց հանկարծ նորեկը, — հիշո՞ւմ ես, դու նրան միշտ պաշտպանում էիր ինձ մոտ:

Բարեբախտաբար այդ պահին Մարիամը անցել էր խոհանոց, ուր նա զբաղված էր համեստ սեղանի երկրորդ վերջին համեստ կերակրի պատրաստությամբ:

Նա այժմ բժիշկ է, — պատասխանեց Ռուբենը:

Թիֆլիսո՞ւմն է:

Այո:

Փոխվե՞լ է, թե՞ նույն եսամոլն է մնացել, ինչ որ գիմնազիայում:

Դու ինքդ կտեսնես և կիմանաս:

Ներս մտավ Մարիամը կերակուրի ամանը ձեռին:

Սաթենիկը վայրկյան առաջ կարողացավ և միջանկյալ խոսքով բժշկի անունը դուրս հանել խոսակցությունից:

Դուք երկա՞ր կմնաք Թիֆլիսում, — հարցրեց նա:

Նա լռեց: Սաթենիկը փորձեց մի որևէ խոսակցությաբ զբաղեցնել նրան, աշխատելով, վերջապես, որ նա փոքր-ինչ ազատություն տա յուր ժլատ լեզվին: Սակայն Բագրատյանը ավելի ինքն էր հարցնում, քան իրան առաջարկած հարցերին պատասխանում և առհասարակ ավելի լսում էր, քան խոսում:

ճաշից հետո, մի կես ժամ անցած, նա շտապեց հրաժեշտ տալ, դարձյալ Ռուբենին յուր հետ տանելով:

Այս անգամ Ռուբենը տուն վերադարձավ ավելի ուշ:

Հետևյալ օրը նա զարթնեց շատ վաղ, տնից դուրս գնաց սովորականից մի ժամ առաջ, տուն եկավ սովորականից մի ժամ ուշ: Նկատելի էր, որ նա մի բանով զբաղվել է, մի բանով, որ չէր կամենում ոչ ոքի հաղորդել: Մարիամի հետաքրքրությունը փոխվեց երկյուղի: Նա վախենում էր մի բանի մասին, նա զգում էր, որ եղբոր տարօրինակ տրամադրության պատճառը Բագրատյանն է: Նա փորձեց խոսել Ռուբենի հետ այդ մասին, մի որոշ հետևանքի չհասավ: Միևնույն ժամանակ, նա ցանկանում էր դարձյալ տեսնել Բագրատյանին, այնինչ վերջինը հինգ օր էր չէր երևում:

Ինչո՞ւ նա դադարեց քեզ մոտ գալուց, — հարցրեց մի օր նա Ռուբենից:

Այսօր կգա:

Մարիամը թեթև երկյուղի հետ զգաց և մի անորոշ ուրախություն:

Ռուբեն, ինչո՞ւ ինձանից թաքցնում ես, թե ինչ գործով է զբաղված այդ Բագրատյանը:

Սիրելիս, — պատասխանեց եղբայրը, փոքր-ինչ ձանձրացած քրոջ այնչափ հետաքրքրությամբ, — առայժմ չեմ կարող ասել: Բայց կիմանաս, շուտով կիմանաս...

Խոստովանում եմ, նրա լռությանը, նրա կերպարանքը ինձ վրա մի տեսակ երկյուղ է ազդում: Եթե չլիներ նրա աչքերի խորշում մի բարի և ազնիվ փայլ, ես պետք է կասկածեի նրա մասին:

Բարի և ազնիվ, — կրկնեց Ռուբենը զգացված, — ոչ ոք մեր ընկերներից Բագրատյանի չափ չի եղել և այժմ էլ չէ բարի ու ազնիվ: Բայց նա ունի մի ուրիշ հատկություն, որ շատ և շատ բարձր է այդ առօրյա առաքինություններից: Մարո, նա հազվագյուտ մարդ է:

ճաշից հետո եկավ Բագրատյանը: Այս անգամ նա Ռուբենի հետ առանձնացավ վերջինի սենյակում և այնտեղ խորհրդակցում էին:

Հիվանդոտ հետաքրքրությունը հանգիստ չէր թողնում Մարիամին: Նա չէր զգում, որ հետզհետե անգիտակցաբար մոռանում է յուր հոգսերը, յուր մտածությունները, և ավելի ու ավելի զբաղվում այդ երիտասարդով: Նա չէր զգում, որ անսպասելի հյուրի զարթեցրած հետաքրքրության զգացումը այնքան զորեղ էր, որ նսեմացնում էր մի ուրիշ զորեղ զգացումնրա սրտի ամենախորին վիշտը:

Ռուբենի սենյակի դռները բացվեցին, Մարիամը ներս հրավիրվեց: Բագրատյանը նստած էր անշուք և փոքրիկ թախտի վրա, ոտը ոտի վրա ձգած, կռները կրծքին ծալած: Ամբողջ նրա կերպարանքը այդ վայրկյանին արտահայտում էր մի անթափանցելի սառնություն: Մարիամը զգաց մի ճնշումն, մի ծանր բան յուր սրտում: Այդ մարդու ներկայությունը մի անհասկանալի ուժով խլում էր նրա համարձակությունը և չէր թույլ տալիս նրան մինչև անգամ ազատ շրջել, ազատ խոսել նույնիսկ յուր եղբոր հետ: Նա, կարծես վախենում էր ուղիղ նայել հյուրի երեսին, բայց բոլոր ուշք ու միտքը կենտրոնացրած էր նրա վրա:

Տանտիրոջ պատանի ծառան, որ օգնում էր Մարիամին խահանոցի գործերում, ներս բերեց սամովարը: Մարիամը թեյ պատրաստեց և առաջարկեց: Բագրատյանը յուր կոշտացած ձեռքով վերցրեց մատուցարանի վրայից մի բաժակ, դրեց յուր մոտ: Հոգով փափագում էր Մարիամը խոսել նրա հետ, բայց լեզուն չէր զորում: Նա չգիտեր ինչի մասին խոսել և ինչպես սկսել: Թվում էր նրան, որ այդ մարդուն զբաղեցնելը դժվար է, որ նա հասարակ խոսակցությունից կարող է ձանձրանալ: Նրա առաջ նստած էին երկու կատարյալ հակատիպեր, մեկըՌուբենը, դարձյալ հուզված, վառված ինչ-որ մտքերով, պատրաստ ամեն վայրկյան խոսելու, մյուսըԲագրատյանը, սառն, հանդարտ, սակայն այդ սառնության և հանդարտության մեջ ավելի ազդու, անգամ երկյուղալի:

Որքան հիշում եմ, օրիորդ, ես ձեզ առաջ տեսել եմ, — դարձավ Բագրատյանը Մարիամին, առաջին անգամ:

Ի՞նձ, — կրկնեց Մարիամը, շփոթվելով, — ե՞րբ, ո՞րտեղ:

Մոտ տասը տարի առաջ, Ռուբենի հետձեր ազգականներից մեկի տանը:

Մարիամը մտքում հանդիմանեց իրեն, որ չէր հիշում Բագրատյանին: Կարծես, այդ մի աններելի թուլություն էր նրա կողմից, կարծես, նա մի անգամ տեսնելով այդ կերպարանքը, չպիտի մոռանար հավիտյան:

Ես էլ կարծում եմ... — արտասանեց նա:

Նա կամենում էր ուղղել յուր սխալը: Բայց կանգ առավ, զգալով, որ անգիտակցաբար գրեթե սուտ ասաց:

Մեջ մտավ Ռուբենը և աշխատեց վերականգնեցնել Մարիամի հիշողության մեջ Բագրատյանին, թեև ինքն էլ համոզված չէր, թե երբևէ նրանք հանդիպած լինեին:

Դուք ավարտեցի՞ք գիմնազիական ուսումը, — հարցրեց Բագրատյանը:

Այո:

Ուրեմն դուք ունեք շատ ընկերուհիներ կրթված օրիորդների մեջ:

Թեև շատ չէ, բայց ունեմ:

Բագրատյանը մի քանի վայրկյան լռեց: Ապա մի քիչ թեյ խմեց և շարունակեց.

Այն ժամանակ, երբ ես դեռ գիմնազիստ էի, հայ օրիորդը չուներ մի որոշ իդեալ, նա բարձր չէր առօրյա չնչին հոգսերից: Ցանկալի է իմանալ, նա նո՞ւյնն է և այժմ, թե՞ ժամանակի հոսանքը կարողացել է նրա վրա ևս ազդել: Այս խոսքերը Մարիամին նեղ դրության մեջ ձգեցին: Ի՞նչ պատասխաներ:

Ահա մի շատ հետաքրքրելի խնդիր, — միջամտեց Ռուբենը, — որ, ճշմարիտ, արժե լուրջ մտածության: Ինձ թվում է, — շարունակեց նա, մի քանի վայրկյան կանգ առնելուց հետո, — հայ կինը առանց իդեալի չէ. միայն պետք է ուսումնասիրել նրան: Խոստովանում եմ, ես այդ մասին դեռ առիթ չեմ ունեցել խորհելու:

Իմ կարծիքով, — վստահացավ, վերջապես, խոսել Մարիամը, — առաջ պետք է իմանալ հայ երիտասարդի իդեալը կնոջ մասին: Օրինակ, — դարձավ նա Բագրատյանին այս անգամ բավական համարձակ, — ես կկամենայի իմանալ, թե դուք ինչ եք պահանջում կնոջից, նա ի՞նչ ձգտումներ պետք է ունենա:

Մի րոպե տիրեց լռություն: Մարիամը անհամբեր սպառում էր Բագրատյանի պատասխանին:

Օրիորդ, — ասաց վերջինը դրական եղանակով և հաստատ ձայնով, որի մեջ զգացվում էր նրա համոզմունքի ամրությունը, — այժմյան հայ կնոջ մեջ ես միայն մի բան կցանկանայի տեսնել: Կցանկանայի տեսնել նրա մեջ մի ուժ, որով կարողանար տղամարդից անկախ կրել այն բոլոր նեղությունները, դիմանալ մեր կյանքի այն բոլոր փոթորիկներին, որոնց դեմ այժմ սկսել է կռվել հայ երիտասարդությունը:

Դուք ուրեմն կնոջից պահանջում եք տղամարդին հավասար ու՞ժ:

Այո, և ոչ միայն բարոյական ուժ, այլև ֆիզիկական տոկունություն, այնչափ, որչափ, բնության սահմանած օրենքները թույլ են տալիս: Հուսով եմ, իմ միտքս կարոտ չէ մանրամասն բացատրության:

Միայն եթե բարեհաճեք բացատրել, թէ որոնք են այն նեղությունները, կյանքի այն փոթորիկները, որոնց դեմ, ինչպես դուք ասում եք, սկսել է կռվել ժամանակակից երիտասարդությունը:

Որո՛նք են, — կրկնեց Բագրատյանը ներողամտաբար ժպտալով, — ես կարծում եմ, օրիորդ, այդ պարզ է հետաքրքրվողի համար:

Պարզ է, — արտասանեց Մարիամը դառն հեգնությամբ, — այո, շատ պարզ է, այնքան, որքան բացատրում է տղամարդը, որքան նա ինքն օրինակ է դառնում օրիորդին...

Այդ խոսքերի մեջ զգացվող հեգնության միտքը անհասկանալի էր Բագրատյանին: Նա կես-զարմացած նայեց օրիորդին: Ռուբենը միայն հասկացավ քրոջ ակնարկությունը, ուստի սրտմտությամբ առաջ տարավ նրա խոսքը.

Չի կարելի պահանջել հայ օրիորդից մի բարձր իդեալ, քանի որ մեր երիտասարդությունը, որից ավելի է պահանջելի, նեխված է անբարոյականության ցեխի մեջ: Օ՛օօ, Բագրատյան, դու դարձյալ նույն իդեալիստ ես, ինչ որ էիր առաջ: Դու գուցե զարմանաս, որ ես այսպես խիստ եմ խոսում, բայց եթե այդքան տարի հեռացած չլինեիր մեզանից, շուտ պետք է հիասթափվեիր: Մեր երիտասարդությունըես խոսում եմ կրթված երիտասաիդության մասինայժմ այնպիսի օրինակներ է տալիս, որ բարոյական ապականության կատարելատիպեր են...

Մարիամը շնորհակալությամբ լի մի մելամաղձիկ հայացք ձգեց Ռուբենի երեսին: Եղբոր խոսքերը բխում էին քրոջ սրտից, որ այդ վայրկյանին դարձյալ լցվել էր դառնությամբ դեպի նա, որ Ռուբենի ակնարկած կատարելատիպն էր...

Ցավալի է, եթե այդպես է, — ասաց Բագրատյանը, տակավին չզգալով Ռուբենի սրտմտության բուն շարժառիթը, — բայց այդ չպետք է երբեք հուսահատեցնի մեզ: Տեսնել շատ քիչ, պահանջել և սպասել շատ ավելիիմ կարծիքով, այս պետք է լինի նույնիսկ քեզ պես հիասթափվտծ մարդու ցանկությունը: Եթե երիտասարդությունը ապականված է, թող հայ կինը օրինակ լինի նրան: Ներեցեք, օրիէրդ, ես դարձյալ դառնում եմ մեր խոսակցության բնաբանինՀայ կնոջը: Մեր պատգամախոսները ուզում են, որ կինը լինի միայն լավ տնտեսուհի և առաքինի մայր: Ոչ. այդ չԷ իմ ցանկացածը: Ես աչքի առաջ ունեմ ուրիշ բան: Ձգեցեք ձեր հայացքը ավելի հեռու ձեր արյունակից ժողովրդի այժմյան վիճակի վրա, մտածեցեք և կտեսնեք, որ կնոջ դերը չպիտի սահմանափակվի միայն հասարակ տնտեսուհու և քնքուշ մոր պաշտոնով: Ինչպես մեր երիտասարդության, նույնպես և օրիորդների բոլոր ուժերը ներկա ժամանակ պետք է ուղղված լինեն դեպի մի կետ... պետք է ծառայել ժողովրդի հասարակական վիճակի վերակենդանության գործին: Ահա այս դերը կատարողից պահանջվում է անսահման սեր դեպի յուր հայրենիքը և այդ սիրո անունով անձնազոհ լինելու պատրաստականություն: Ունե՞ արդյոք հայ օրիորդը այդ սերը: Ունե արդյոք նա յուր սրտում անձնազոհության կայծահա ինչ եմ ուզում իմանալ:

Նա կանգ առավ և թուխ հոնքերի տակ տեղավորված կրակոտ աչքերը սևեռեց Մարիամի երեսին: Դա մի այնպիսի թափանցող հայացք էր, որին չկարողացավ դիմանալ օրիորդը: Նրան թվում էր, որ Բագրատյանը ձգտում էր կարդալ յուր սրտի ամենանվիրական գաղտնիքը: Նա հասկացավ նրա խոսքերի միտքը: Հասկացավ, թե այդ երիտասարդը ինչ է պահանջում հայ օրիորդից: Կարո՞ղ է, արդյոք, գեթ փոքր մասամբ համապատասխանել նրա կամեցածին: Մտածե՞լ է արդյոք երբևէ այս ուղղությամբ:

Եվ զգում էր Մարիամը այդ մարդու առաջ մի անհաղթահարելի տկարություն, վայրկենաբար մի թռուցիկ հայացք ձգելով դեպի յուր անցյալը: Այնտեղ նա տեսնում էր մի ամայություն: Ի՞նչ է մտածեք նա մինչև այսօր, կյանքի ո՞ր հոգսերն են եղել նրա ջերմ մտատանջության նյութը: — Ոչ մեկը, որ հեռու լիներ նրա անձնականությունից, ոչ մեկը, որ անջատված չիներ նրա անհատական երջանկությունից:

Չգիտեմ, կա՞ արդյոք ձեր ասածի նման մի օրիորդ, չգիտեմ:

Այս եղավ նրա պատասխանըուրիշ ոչինչ: Եվ սրանով վերջացավ խոսակցությունը: Բագրատյանը զգաց Մարիամի հոգեկան խռովությունը յուր խոսքերի ազդեցությունից: Նա փոխեց խոսակցության նյութը:

Այդ օրից Մարիամի միտքը ավելի էր զբաղված նորեկի անձնավորությամբ...

XVI

Տիկին Սոփիոյի հույսերը խաբվեցին: Նա կատաղած էր ոչ միայն Մարիամի, այլև Հալաբյանի դեմ: Այժմ նա պախարակում էր ամուրիին, աշխատում էր փքել նրա ամեն մի թերությունը, մոռանալ բոլոր լավ հատկությունները: Հալաբյանը ծեր է, տգեղ է, տգետ է, արժե՞ Նատալիայի մի մատին անգամ: Երբեմն յուր սրտի թույնը տիկինը թափում էր իշխան Սահարունիի գլխին:

Մեղավորը դու ես, եթե մեջտեղ չընկնեիր, ես նրա անունն էլ չէի տալ: Նա ո՞վ է, ո՞ւմ որդին է, ի՞նչ մարդ է որ...

Իսկ իշխանը հասկանում էր քրոջ հոգին, գիտեր, նրա կատաղությունը ուրիշ ոչինչ է, եթե ոչ անաջողության արգասիք: Նա ինքն էլ հուսահատված էր: Այն օրից, երբ տեսավ, որ Հալաբյանին դժվար է փոխել, որ անկարելի է Նատալիային նրա վզին կապել, չէր իմանում ինչպես համոզեր քրոջը, որպեսզի նա յուր ամուսնուց մի բան պոկի:

Այլ էր եթե իշխանի անցյալ կյանքի փորձերից խրատված չլինեին թե տիկին Սոփիոն և թե Նիկողայոսը: Բայց օրինակները պարզ էին, և Նիկողայոսը շատ լավ էր ճանաչում նրան: Գիտեր, որ երաշխավոր լինել իշխան Սահարունիի համար, կնշանակե՝ նրա պարտքը անպայման յուր վրա վերցնել, զուտ փող տալ նրան՝ կնշանակե տվածից հավիտյան ձեռք վերցնել:

Դրստիր բանս, եթե այս եղունգիս չափ սիրում ես ինձ, — անդադար հորդորում էր իշխանը յուր քրոջը:

Չեմ կարող, չեմ կարող, չեմ կարող: Նիկոն քեզ չի հավատում, ասում է՝ այնքանն էլ հերիք է, ինչքան տվել եմ, ստացածը հետ տվե՞լ է, որ նոր պարտք է ուզում:

Ասա նրան, որ ինչ որ ինձ տվել է, տոկոսով հետ կստանա ժամանակին: Իշխան Սահարունին քարվանսարի բազազ չի, որ սուտ կոտր ընկնի, ուրիշի փողերը կուլ տա: Իմ անունս ու պատիվս միլիոններով չեմ ծախիլՀասկացրու նրան, լսո՜ւմ ես:

Եթե կարող ես, ինքդ հասկացրու, ես այսուհետև ձեր մեջ գործ չունեմ, — դրապես հրաժարվեց Սոփիոն:

Մի օր իշխանը փողի սաստիկ կարոտություն ուներ: Նա թղթախաղում տանուլ էր տվել մի բավական զգալի գումար: Ինչ-ինչ այս տեսակ պարտքերը նա ճշտությամբ վճարում էր: Փորձեց սրանից-նրանից խնդրել, ամենքը մերժեցին, ոչ ոք չէր հավատում նրա վարկին: Մի առավոտ նա դարձյալ վազեց Սոփիոյի մոտ: Նիկողայոսը տանը չէր: Նա հրավիրեց քրոջը մի առանձին սենյակ և, գրպանից մի մուրհակ հանելով, դրեց նրա առաջ:

Առանց այլևայլի, այս վեքսիլի տակ մարդուդ ստորագրել կտաս, — գոչեց նա հրամայողական ձայնով:

Սոփիոն վախեցավ նրա հուսահատությամբ լի կատաղի աչքերից:

Որ չուզենա ստորագրել, ի՞նչ անեմ:

Հրամայում եմ քեզ, որ ստիպես: Այդ քո գործն է: Տիկինը ավելի զարմացավ:

Սրափիոն, ի՞նչ ես խոսում, հրամայելս ո՞րն է:

Կարճ ասա, չե՞ս ուզում կատարել

Սոփիոն մի քայլ հետ դրեց և լուռ նայեց եղբորը ոտից մինչև գլուխ:

Չե՞ս ուզում, — կրկնեց իշխանը:

ՉԷ:

Լավ, — ասաց իշխանը և շինծու հանդարտությամբ, մուրհակը վերցնելով, դրեց գրպանը, — ուրեմն թող մարդդ պատրաստվի բերդը գնալու...

Սոփիոն գունաթափվեց:

Բե՞րդը... — արտասանեց նա, դողդողալով:

Այո՛, բերդը: Հերիք է, ինչքան ես նրան խնայեցի քո խաթրու, հերիք է, ինչքան թաքցրի նրա կեղտոտ բաները: Այժմ ինձ համար դիփ մեկ է, եթե այս վեքսիլով փող չստանամ, այ, սրանով կյանքիս վերջ կտամ, — շարունակեց նա, սյուրտուկի ծոցի գրպանը բանալով և ցույց տալով ատրճանակի կոթը: — Ես կորչելու եմ, թող Նիկողայոսն էլ կորչի: Այս րոպեիս կգնամ պոլիցիա և ինչ որ մարդուդ հետ միասին արել ենք, բոլորը կպատմեմ, հետո դու տես, թե ինչ կլինի:

Այս սպառնալիքը միանգամայն սարսափեցրեց Աոփիոյին, որ ապուշ դարձած լսում էր:

Ի՞նչ ես խոսում, ի՞նչ եք արել միասին, — գոչեց նա, շունչը կտրված և ուժասպառ նստելով աթոռի վրա:

Ի՞նչ ենք արե՞լ... Գողություն, ավազակություն, մարդասպանություն, կերել ենք, գռփել ենք, կողոպտել ենք խեղճերին, անտերներին: Հերիք է, որ հարյուրից մեկը միայն մեկը բացվի, ես ու մարդդ Սիբիրում կլինենք...

Այլևս Սոփիոն չկարողացավ ուրիշ բան հարցնել: Եղբոր խոսքերը ազդեցին նրա վրա անհաշիվ, անպայման: Նա հավատաց լիովին, թե կա մի երկյուղալի գաղտնիք:

Տուր ինձ, տուր ինձ, դու գժվել ես, — գոչեց նա, ձեռը եղբորը մեկնելով:

Իշխանը մուրհակը տվեց:

Երեք օր ժամանակ եմ տալիս, ավելի չեմ կարող, — խստությամբ որոշեց նա: — Կա՜ց, վեքսիլը ստորագրել կտաս, բայց ինչ որ ասացի մեր արածների մասին, չես պատմիլ մարդուդ: Հասկանո՞ւմ ես, մի խոսք էլ չես ասիլ, թե չէ վատ կլինի ամենիդ համար:

Եվ երեք օր շարունակ տիկին Սոփիոն, բոլոր մյուս հոգսերը մի կողմ թողած, մուրհակը ձեռին չէր հեռանում ամուսնուց: Ժամանակ-անժամանակ, առավոտ-երեկո, միշտ, երբ տանն էր Նիկողայոսը, նա միևնույնն էր կրկնում.

Կամ ինձ սպանիր, կամ այս վեքսիլի տակ ձեռ քաշիր:

Անտանելի էր Նիկողայոսի դրությունը: Ընտանեկան կյանքը նրա համար կատարյալ դժոխք դարձավ: Նա հուզված էր, բարկանում էր, գոռում էր, հրում էր ձեռքով կնոջ կրծքին, բայց իզուր: Ինչպես մի անխուսափելի չարիք, մի բնական պատիժ, Սոփիոն անգութ կերպով հալածում էր յուր ամուսնուն, ստվերի պես հետևելով նրան ամեն րոպե, ամեն վայրկյան: Մերթ նա գոռում էր, մերթ աղերսում և մերթ արտասվում, աշխատելով թունավորել մարդու հանգստությունը:

Ուրիշ ելք չկար: Վերջապես Նիկողայոսը համաձայնեց, միանգամայն հաղթված համառ կնոջ անընդհատ հալածանքից :

Բայց ասա եղբորդ, — պատվիրեց նա, մուրհակը ստորագրելիս, — այս վերջին անգամն է լինելու...

Իշխանը փողը ստացավ բանկից, և այնուհետև մոռացավ (գուցե առժամանակ) Նիկողայոսին էլ, Աոփիոյին էլ, բոլոր Սադափյաններին էլ:

Ձմեռվա ընթացքում Նիկողայոսի գործերը այնքան հաջող գնացին, որ կարողացավ յուր պարտքերից մի քանիսր վճարել: Մնում էին մի քանի խոշոր պարտքեր, ի միջի այլոց, և Հալաբյանից վերցրածի մի մասը: Մի օր հանդիպեց ամուրիին և խնդրեց մի քանի ամիս ևս համբերել: Հալաբյանը անտարբեր կերպով գլուխր շարժեց, կարծես, միևնույնն էր, կստանար յուր փողերը, թե ոչ:

Ես մինչև մահ չեմ մոռանալ, որ ձեզանով ոտքի կանգնեցի, — ասաց Նիկողայոսը երախտագիտաբար:

Ոչինչ չեմ արել ձեզ համար, որ ինձ չմոռանաք, — արտասանեց Հալաբյանը վհատված ձայնով:

Փա՜հ, բաս ո՞վ է արել...

Շնորհակալ եղեք ձեր եղբոր որդուց:

Նիկողայոսը զարմացավ: Առաջին անգամն էր նա այդ լսում: Այն ժամանակ Հալաբյանը բացատրեց բանի էությունը, հայտնեց, թե լոկ Ռուբենի խնդրելովն է նրան օգնել:

Ռուբենը, Ռուբե՞նն է ինձ համար ձեզ խնդրել, — գոչեց Նիկողայոսը, չհավատալով յուր լսելիքին:

Այո, Ռուբենը... բայց… — արտասանեց Հալաբյանը և, գլուխը երերելով, հեռացավ:

Անհասկանալի, նույնիսկ անբնական էր թվում Նիկողայոսին վեհանձնության մի այդպիսի օրինակ: Ի՞նչպես, նա, որին զրկել է, որին յուր տնից համարյա թե արտաքսել է, հանկարծ մոռանում է ամեն ինչ և կողմնակի օգնո՞ւմ է յուր զրկողին, այն էլ գաղտնի՞ կերպով: Ոչ, այդ անկարելի է, մեջտեղ մի բան կա: Մարդ ասված արարածը երբեք չի կարող այդչափ վեհանձն լինել:

Նա պատմեց Հալաբյանից լսածը յուր ամուսնուն: Տիկին Սոփիոն, լսելով Ռուբենի անունը, կատաղեց, փրփրեց:

Այդ էր պակաս, համ ութ տարի մեր հացով ապրի, համ մեզ խայտառակ անի քաղաքում, համ էլ մեր բարերաոը լինի, Չէ, Նիկո, մի հավատալ, սուտ է, Ռուբենը այն պտուղը չէ...

Երբ նույն բանը լսեց յուր մորից Նատալիան, քահ-քահ ծիծաղելով ասաց,

Եթե ուրիշին օգնել կարողանում է, ինչո՞ւ շվեյկա քրոջը չի օգնում:

Օրիորդ Նատալիան այժմ Մարիամի անունն անգամ լսել չէր ուզում, ուր մնաց նրա եղբոր բարեկամությունը ընդունել: Այն երազը, որ նա հույս ուներ կատարված տեսնել, այն ճոխ և փարթամ կյանքը, որ պետք է զարմացներ ամբողջ քաղաքին, մնաց երազ: Նա թեև ձայնակցում էր մորը, երբ վերջինը անխնա պարսավում էր Հալաբյանին, բայց կորուստը զգալի էր և շատ զգալի: Տարի ու կեսից ավելի էր, նա վճռել էր յուր կյանքը կապել Հալաբյանի կյանքի հետ, թեև մյուս կողմից նա պտրում էր ավելի արժանավորին: Սակայն բոլոր յուր շրջապատվողների մեջ չկար ավելի լավը և հույս էլ չուներ երբևէ գտնել մի այդպիսուն, ուստի Հալաբյանն էր մնում միայն: Այժմ դուրս է գալիս մի ատելի աղջիկ և վերջնապես խորտակում է նրա հույսերը:

Ահա ինչու նա այնքան կատաղել էր, նրա խելքը կրքից այնքան խավարել էր, որ ոչ մի միջոց չէր խնայում Մարիամի պատիվը արատավորելու համար: Ոչ ոք այնպես ջերմ չէր պաշտպանում բժիշկ Մելիք-Բարսեղյանին, որպես նա, ոչ ոք Մարիամի բարոյականությունը այնքան չէր զրպարտում, որքան այդ նախանձոտ աղջիկը:

Մի անգամ նա ոտով զբոսնում էր Գոլովինսկի պրոսպեկտի վրա, մի քանի կավալերներով շրջապատված: Պատահաբար հանդիպեց Մարիամին, որ Սաթենիկի հետ գալիս էր դեմուդեմ: Մի քանի քայլ մնացած նա ինչ-որ ասաց յուր ուղեկիցներին, բոլորը ուշադրություն դարձրին Մարիամի վրա, իսկ ինքը բարձրաձայն ծիծաղեց, համեստության սահմանից դուրս գալով: Մոտովը անցնելիս նա մի այնպիսի կատաղի հայացք ձգեց Մարիամի վրա, որ, կարծես, պատրաստ էր հարձակվել և տեղն ու տեղը խեղդել նրան:

Ֆո՜ւ, կատարյալ ֆուրիա է դառել այդ աղջիկը, — շշնջաց Սաթենիկը Մարիամի ականջին:

Մարիամը անուշադիր թողեց Նատալիայի ծիծաղը և կռվակոչ նայվածքը, անցավ: Նա վերջին ժամանակ մոռացել էր յուր ակամա ոխը Նատալիայի և տիկին Սոփիոյի դեմ: Եվ առհասարակ հետզհետե նրա սրտում մեղմանում էր ատելության զգացմունքը ոչ միայն դեպի յուր հեռավոր հակառակորդները, այլ անգամ դեպի նա, որ ավելի, քան ովևէ, վայելում էր նրա կծու ատելությունը: Թե ինչպես պատահեց այդնա չգիտեր և չէր զգում: Չէր զգում, որ Բագրատյանի գաղտնախորհուրդ անձնավորությունը, մի անհասկանալի դյութական զորությամբ, հաղթում և նսեմացնում է ամեն բան նրա աչքում: Տակավին այդ մարդը նրա համար մի տեսակ առեղծված էր, տակավին չէր հասկանում, թե ինչ է կատարվում յուր շուրջը, ինչ մի գաղտնի գործ է այն, որ այդքան զբաղեցնում է թե Բագրատյանին և թե Ռուբենին:

Ամեն օր երկու երիտասարդները տեսակցում էին վերջինի սենյակում, խոսում էին, վիճում և շտապով միասին դուրս գալիս: Ո՞ւր էին գնում, ինչո՞ւհայտնի չէր: Սովորաբար պարզախոս Ռուբենը այժմ դառել էր գաղտնապահ, անհանգիստ, նյարդային: Մերթ Մարիամը նրան տեսնում էր սեղանի մոտ նստած, ինչ-որ մի քարտեզ առաջը դրած, խորասուզված մտքով նայելիս, մերթ թղթի վրա ինչ-որ հաշիվներ անելիս: Նա նկատում էր, որ եղբայրը այլևս չէր պարապվում յուր սովորական գործերովչէ կարդում, չէ գրում:

Այս բոլորր ավելի ու ավելի սաստկացնում էր Մարիամի հիվանդոտ հետաքրքրությունը և դրդում նրան զանազան ենթադրություններ անել:

Սաթենիկ, ինչ մարդ է այդ Բագրատյանը, — դառնում էր նա երբեմն յուր ընկերուհուն:

Սակայն Սաթենիկը նույնքան էր ճանաչում այդ մարդուն, որքան Մարիամը: Մի անգամ վարժուհին ասաց, թե մի բան է լսել Բագրատյանի մասին, չգիտե որքան ճիշտ է:

Ի՞նչ, — հարցրեց Մարիամը:

Ասում են, նա եկել է այստեղ մի շատ կարևոր գործով և շուտով պետք է գնա:

Ի՞նչ գործ է:

Չգիտեմ: Ինձ ասաց իմ ծանոթներից մեկը, Բագրատյանի ուսանողական ընկերն է եղել: Եղբայրդ էլ այդ գործով է զբաղված:

Ավելի ոչինչ չգիտեր Սաթենիկը:

Մարիամի հետաքրքրությունը փոխվեց անհամբերության: Ռուբենը նրան ոչինչ չէր ասում և եթե մի բան հարցնում էր Մարիամը, նա բարկանում էր: Երբեմն Մարիամը փորձում էր Բագրատյանին խոսեցնել: Բայց իզուր: Այդ երիտասարդը ամեն բանի մասին խոսում էր նրա հետ հաճությամբ, բայց երբ հարց էր լինում յուր մասին, նա կամ խույս էր տալիս պատասխանից, կամ բավականանում էր անորոշ խոսքերից: Այնինչ Մարիամի համար յուրաքանչյուր անգամ նրա բնավորության և մտքերի մեջ բացվում էր մի նոր խորություն: Մերթ Բագրատյանը դանդաղախոս էր, մերթ պերճախոս, բայց և միշտ հավատ ներշնչող, ոգելից, ազդու, մանավանդ այն ժամանակ, երբ խոսում էր կնոջ հասարակական դերի մասին:

Հաճախ, երբ Մարիամը առանձնանում էր յուր սենյակում, նրա մտախոհության առարկան այդ երիտասարդն էր: Եվ որքան մտածում էր, այնքան անթափանցելի էր դառնում այդ մարդը նրա համար:

Պատահում էր, որ նրա մեջ զանազան կասկածներ էին ծագում Բագրատյանի վերաբերմամբ: Թվում էր նրան, թե դա բախտախնդիրների մեկն է, որ ով գիտե ինչ-որ ներքին ձգտումները քողարկում է արտաքին խորհրդավորությամբ, օրիգինալությամբ: Այդ անցյալի դառն փորձից առաջացած մի զգացմունք էր: Ահա ինչու, երբ Ռուբենը սկզբում մի քանի անգամ զգացված գովեց Բագրատյանին, առանց, սակայն, հայտնելու նրա նպատակը, Մարիամի դեմքի վրա սահում էր մի կասկածելի ժպիտ: — ժպիտ, որ, կարծես, արտահայտում էր. — Չե՞ս սխալվում արդյոք: Դու այն մյուսին էլ գովում էիր:

Բայց ամեն անգամ, երբ օրիորդը երես առ երես հանդիպում էր Բագրատյանին, երբ լսում էր նրա առնական ազդու ձայնը, երբ նայում էր նրա աչքերի խորության մեջ թաքնված վշտախառն բարկությանը, երբ նրա սեղմված շրթունքների վրա տեսնում էր այն մշտական տխուր ժպիտը, — փարատվում էին նրա կասկածները, և նա դարձյալ ենթարկվում էր նրա ազդեցությանը: Ո՜չ, այդ ազդեցությունը նման չէ այն մարդու ազդեցությանը, որ այնպես մոլորեցրեց Մարիամին: Ոչ, այստեղ կա մի բնական զորություն: Դա ոչ խելքի, ոչ պերճախոսության, ոչ գիտության ուժն է, դա մի ուրիշ, բոլորովին ուրիշ բան է:

«Ի՞նչ է, տեր աստված, ի՞նչ է», հարցնում էր Մարիամը անդադար և ոչ մի տեղից պատասխան չէր ստանում:

Արդեն ձմեռը մոտենում էր յուր վերջին, եղանակը սկսել էր մեղմանալ: Մարիամը զգում էր, որ փոքր առ փոքր վերադառնում են յուր ուժերը և նա հետզհետե կազդուրվում է մարմնապես: Միևնույն ժամանակ, նա հոգեպես ևս փոխում էր: Այլևս նա չէր. նստում առաջվա պես ամբողջ ժամեր և ծանր վշտից ճնշված մնում մի տեսակ թմրած դրության մեջ: Այլևս դեպի շրջապատող կյանքը չէր զգում խորին անտարբերություն, ինչպես առաջ: Ամբողջ օրը նա աշխատում էր մի անսովոր եռանդով, խոսում ու վիճում էր Սաթենիկի հետ և ազատ ժամերը ինքը խնդրում Ռուբենին գնալ միասին զբոսնելու:

Следующая страница