Շիրվանզադե Ալեքսանդր՝   Զուր հույսեր

Այս բոլորը ուրախացնում էր Ռուբենին և հիացնում Սաթենիկին:

Սիրելիս, — ասաց մի օր վերջինը, — դու այժմ կատարյալ վարպետուհի ես դառել, առանց իմ օգնության կարող ես ինքնագլուխ աշխատել:

Այո, կարող եմ և ուզում եմ աշխատել, — պատասխանեց Մարիամը եռանդագին: — Բայց, գիտես ինչ, կարուձևի գործը ինձ չէ բավականացնում: Ես ուզում եմ մի ուրիշ աշխատանք, մի ավելի ծանր, դժվար գործ...

Օրինակ, ի՞նչ գործ, — հարցրեց Սաթենիկը, զարմանալով:

Ես ինքս էլ չեմ իմանում, բտյց ինձ թվում է, որ կարուձևը դատարկ բան է, շատ դատարկ բան:

Սաթենիկը վիրավորվեց: Մարիամը արհամարհում էր այն գործը, որին նա հոգով ու սրտով անձնատուր էր եղեք, և որի մեջ գտնում էր մի տեսակ երջանկություն: Յուր ընկերուհու սրտին չկպչելու համար, նա բարվոք համարեց լռել, որպեսզի չարտահայտի յուր վիրավորանքը: Սակայն Մարիամը զգաց յուր սխալը և շտապեց տպավորությունը մեղմացնել:

Ես չեմ արհամարհում քո պարապմունքը, — ասաց նա, ընկերաբար ժպտալով, — բայց կարծում եմ, դու և ես ընդունակ ենք ուրիշ ավելի բարդ գործ կատարելու:

Գիտես ինչ Մարո, — արտասանեց Սաթենիկը հանդարտ սեղանակով, — ես տեսնում եմ, որ վերջին ժամանակ դու փոխվել ես: Ասա ինձ ընկերաբար, արդյոք քեզ վրա մի նոր մարդ ազդեցություն չի արել:

Այս անորոշ ակնարկությունը դուր չեկավ Մարիամին: Նա հանդիմանաբար նայեց ընկերուհու երեսին:

Ինձ վրա՞... ոչ ոք և ոչինչ չի ազդել: Ես առաջ էլ այսպես էի, միայն ամաչում էի քեզ ասել, կարծում էի դու կվիրավորվես: Ախ, Սաթենիկ, գոնե դու ինձ լավ ճանաչեիր, հավատացիր, ես միշտ դժգոհ եմ եղել ինքս ինձանից, միշտ կարծել եմ, ինձ մի բան պակասում է: Բայց երբեք այդ դժգոհությունը այնպես սաստիկ չի եղել իմ մեջ, ինչպես այժմ: Եթե դու այդ ես փոփոխություն համարում, իրավունք ունես:

Այս խոսակցությունից անցել էր մի ամիս: Ապրիլի առաջին օրերն էին: Օդի մեջ արդեն տիրում էր գարնանակին բուրմունքը: Հարավային ջինջ երկնքի կապտությունը, արևի տաք ճառագայթները, ծառերի նորաբողբոջ տերևները, ծիծեռնակների ուրախ ծլվլոցը մի ախորժելի ազդեցություն Էին գործում մարդու հոգու վրա, սիրտը լցնում էին դուրեկան զգացմունքով: Մարդ զգում էր ապրելու և անհուն, անսահման երջանկություն վայելելու մի անհաղթելի ցանկություն:

Մի սիրուն օր էր: Ռուբենը առավոտյան առաջարկեց Մարիամին մինչև քաղաքից դուրս ոտով զբոսնելու: Մարիամը իսկույն համաձայնվեց: Սաթենիկին ևս խնդրեցին, ընկերացավ նրանց: Ռուբենը առաջնորդեց նրանց նախ մի նեղ և հետ ընկած փողոց, որ ճանապարհի վրա էր: Մի երկհարկանի տան առջև նա խնդրեց օրիորդներին սպասել, ինքը մտավ ներս: Փոքր անցած նա դուրս եկավ, Բագրատյանի թևից բռնած. Մարիամը ակամա մի ուրախություն զգաց:

Նրանք ծանր քայլերով անցան մի քանի փողոց և հասան քաղաքի ծայրը: Ոչ մեկը չէր զգում ճանապարհի երկարությունը, այնքան զբաղված էին խոսակցությամբ: Առանձին տրամադրության տակ էր երևում այդ օրը Բագրատյանը: Մերթ նա պատմում էր, մերթ զվարճախոսում և մերթ մինչև անգամ կատակներ էր անում Ռուբենի հետ: Եվ Մարիամը, որ սովոր էր նրան մռայլ տեսնել նույնիսկ զվարճախոսելիս, զարմացած նայում էր նրա պայծառ կերպարանքին: Նա չէր զգում այլևս ճնշումն, նա վստահ և համարձակ էր այդ մարդու մոտ:

Նրանք արդեն քաղաքից դուրս էին եկել: Բարձրանում էին ապառաժոտ զառիվայրով Բեթխայիմի լեռան լանջը: Ուղին նեղ էր, աջ ու ձախ զարդարված նոր-նոր կանաչող թփերով: Ռուբենը գնում էր Սաթենիկի հետ առաջից: Բագրատյանը և Մարիամը նրանց հետևից բարձրանում էին դանդաղ քայլերով, մերթ ընդ մերթ կանգ առնելով և մտիկ անելով դեպի հետ: Ստորև բացվել էր մի սիրուն տեսարանընդարձակ քաղաքը յուր խիտ ծառաստաններով, խայտաբղետ կտուրներով, յուր ուղղագիծ և ծուռումուռ փողոցներով: Հիսուն-վաթսուն եկեղեցիների արծաթագույն գմբեթներով, շրջակա դաշտերով ու լեռներով:

Մարիամը դիտում էր այդ տեսարանը հիացած: Վաղուցվա ծանոթ պատկերը այսօր մի առանձին գեղեցկություն էր ստացել նրա աչքում: Եվ զգում էր նա այդ տեսարանի ազդեցության ներքո մի տեսակ անդորր զվարճություն, խառն անորոշ մելամաղձության հետ: Արեգակի ախորժելի տաքությունը, բարեխառն օդի թեթև հոսանքը պարգևում էին նրա հոգնած ջղերին հանգստություն, կարծես, ներշնչելով մի նոր ուժ, նոր կենդանություն: Նրա գունատ այտերի վրա երևան էր եկել մի նուրբ կարմրություն: Նրա թախծալի աչքերը ժպտում էին, արտահայտելով մեղմ և անուշ տրամադրություն:

Հանկարծ մի տխուր ստվեր վարագուրեց նրա դեմքը: Հոնքերը սեղմվեցին, աչքերի կոպերը խոնարհվեցին: Պարզ էր, նրա մեջ զարթնեց մի անախորժ զգացումն: Նա երեսը հետ դարձրեց, հառաչեց և ճիգն արավ վանել անցյալի, տխուր անցյալի, հիշողությունները:

Բագրատյանը կանգնած էր թփերի մոտ և լուռ նայում էր դեպի ցած, յուր հաստ ձեռնափայտը կռնատակին դրած:

Հավանու՞մ եք այդ տեսարանը, — հարցրեց Մարիամը —, մի բան ասած լինելու համար, որպեսզի ընդհատի անհարմար լռությունը:

Գեղեցիկ է, — արտասանեց Բագրատյանը սառն, հանդարտ և անտարբեր, հայացքր չհեռացնելով քաղաքից:

Նրանք դարձյալ լռեցին: Մարիամը գաղտուկ նայում էր յուր ուղեկցի առնական կիսադեմքին:

Երկու շաբաթից հետո, — շարունակեց նա, — տեսարանը ավելի կգեղեցկանա, երբ բոլոր ծառերը ծաղկած կլինին:

Երկու շաբաթից հետո՛, — կրկնեց անգիտակցաբար Բագրատյանը և շարունակեց ընթանալ նրա հետ:

Դուք, իհարկե, Թիֆլիսո՞ւմ կլինեք:

Ոչ:

Ուրեմն շուտով գնալո՞ւ եք:

Տասն օրից հետո:

Ո՞րտեղ:

Օօ՛, նրանք ինչքա՛ն հեռացել են մեզանից, շտապե՞նք հասնել, — ասաց Բագրատյանը, ցույց տալով դեպի առաջ, ուր հեռու թփերի հետևից երևում էին Սաթենիկի և Ռուբենի գլուխները:

Մարիամին վիրավորական չթվաց այգ տարօրինակ վարմունքը: Սակայն նա ամաչեց և կարմրեց, զգալով, որ չափազանց է յուր հետաքրքրությունը, որ վայել չէ մանրամասն հարցերով հետամուտ լինել մի մարդու, որը չէ ուզում յուր մասին խոսել:

Երբ նրանք հասան, Սաթենիկը և Ռոլբենը լուռ նստած էին ճանապարհի եզրին: Նկատելի էր, որ վայրկյան առաջ ընդհատվել է նրանց մեջ մի ջերմ խոսակցություն: Երկուսն էլ հուզված էին: Ռուբենը ջղային աշխույժով կտրում էր կանաչ թփի փոքրիկ ճյուղը, մանրացնում և սփռում յուր առաջ: Սաթենիկի շրթունքների վրա երևում էր մի անհանգիստ ժպիտ: Նրա աչքերի անսովոր փայլը արտահայտում էր հոգեկան խռովություն:

Մենք ձանձրացանք ձեզ սպասելուց, — ասաց նա, սպիտակ ճակատից հեռացնելով գանգուր և գեղեցիկ մազերը, որ դուրս էին սփռվել մեխակագույն գլխարկի տակից:

Իսկ մենք շտապում էինք ձեզ հասնելու, — ասաց Մարիամը:

Երկու, ըստ երևույթին, աննշան դարձվածները, որ, սակայն, փոխադարձ պատասխան էին այն բնական կասկածին, որ միաժամանակ ծագեց երկու ընկերուհիների սրտերում

Քառորդ ժամ հանգստանալուց հետո խումբը շարունակեց յուր ճանապարհը: Հասնելով սարի գագաթը, որի մյուս կողմում, խոր ձորի մեջ, տարածված էր բուսաբանական այգին, նրանք դարձյալ կանգ առին: Սաթենիկը առաջարկեց հետ դառնալ:

Հոգնեցի՞ր, — հարցրեց Մարիամը:

Ոչ, ես մի փոքր տկար եմ:

Իսկ դու չե՞ս հոգնել, — հարցրեց Ոուբենը քրոջից:

Ծաղրո՞ւմ ես ինձ, — արտասանեց Մարիամը, — ոչ, ես կարող եմ երեք այսքան էլ բարձրանալ:

Արդարև, նա յուր մեջ զգում էր մի անասելի ուժ. թեթև զբոսանքը նրան մանկական խաղ էր թվում:

Զիջանելով Սաթենիկի խնդրին, խումբը հետ դարձավ նույն զառիվայրով: Այս անգամ Բագրատյանը և Մարիամն էին առաջ գնում: Նրանք լուռ էին: Երբեմն զառիվայրի դժվար տեղերում Բագրատյանը կամ առաջարկում էր Մարիամին յուր թևը, կամ խնդրում էր զգույշ ցած իջնել: Օրիորդը ուշադրություն չէր դարձնում, անվախ գնում էր առաջ, մերթ ուղիով, մերթ շեղվելով մի կողմ ճանապարհը կարճելու համար: Մի տեղ նա քիչ էր մնում ընկնի, բայց կարողացավ կանգ առնել: Միայն մի անգամ ժայռի բնական սանդուղքով իջնելիս, նա թույլ տվեց Բագրատյանին, բռնել յուր ձեռը:

Շնորհակալ եմ, — ասաց նա, ժպտալով:

Նրանք կանգ առան, սպասեցին ընկերներին:

Ի՞նչ է պատահել քեզ, որ այդքան եռանդ ես ստացել, — ասաց Ռուբենը մոտենալով, — ես երբեք քեղ այդպես չեմ տեսել:

Մարիամը, կարծվես, շփոթվեց: Նա դարձյալ առաջ ընկավ:

Ես չէի կարծում, որ օրիորդը այդքան աշխույժ է, — դարձավ Բագրատյանը Ռուբենին:

Մանավանդ, որ վերջին ժամանակ նա հիվանդ է եղել:

Խումբը հասավ քաղաք, մտավ նեղ փողոցները: Արդեն կեսօր էր. Մարիամը մտաբերեց, թե ճաշ պիտի պատրաստի: Նա շտապեց տուն: Բագրատյանը և Սաթենիկը հրաժեշտ տվեցին:

Առաջին անգամ այդ օրը Մարիամը զգաց մի տեսակ ատելություն դեպի տնային տնտեսությունը: Մտնել խոհանոց, զբաղվել մանր-մունր խոհարարական գործերովնրան վիրավորական թվաց: Նա ամբողջ օրը աշխատում էր ակամա, մերթ ընդ մերթ ինքն իրան տրտնջալով:

Իրիկնադեմին նա ավելի հանգիստ էր: Ստեպ-ստեպ մոտենում էր և նստում եղբոր մոտ: Նկատելի էր, որ նա կամենում էր մի բանի մասին խոսել և.., չէր վստահանում:

Հետևյալ օրը նա գնաց Սաթենիկի մոտ:

Այստեղ վիճակված էր նրան մի ուրիշ, ոչ պակաս կարևոր, նորություն ևս իմանալ:

Վարժուհին միայնակ նստած էր յուր սենյակում անգործ: Տեսնելով ընկերուհուն, նա արագությամբ ոտքի կանգնեց և, առաջ վազելով, մի անսովոր աշխույժով գրկեց նրան: Նա հուզված էր: Աչքերը ժպտում էին ոլրախ-ուրախ, կուրծքը բաբախում էր: Պարզ էր, որ մի արտաքո կարգի բան է պատահել նրան :

Գիտե՞ս, — գոչեց նա, ազատելով ընկերուհուն յուր գրկից: — ես այսօր տրամադրված չեմ գործելու: Նստիր, նստի ր, շատ ուրախ եմ, որ եկար:

Մարիամը զարմացած նայում էր յուր այլափոխված ընկերուհու վրա, չկարողանալով տակավին հասկանալ նրա հուզման պատճառը:

Դու հանդիպեցի՞ր Ռուբենին, — հարցրեց Սաթենիկը, ուժով նստեցնելով Մարիամին յուր քով:

Ոչ:

Հենց նոր դուրս եկավ այստեղից: Դու զարմանո՞ւմ ես, որ նա ինձ մոտ էրիրավունք ունես... Մարիամ, հոգիս, ես քեզանից ոչինչ, ոչինչ չեմ ուզում թաքցնել այսուհետև: Ասա , չե ս բարկանալ, չե՞ս ծաղրիլ, եթե պատմեմ, ամեն ինչ...

Եվ նա հափշտակված փաթաթվեց յուր ընկերուհու պարանոցին, գլուխը դրեց նրա ուսի վրա: Մարիամը զգում էր նրա կրծքի ուժգին բաբախումը: Նա ապշած էր, նա դեռ ոչինչ չգիտեր: Գուշակում էր միայն, թե դեպքը, անշուշտ, շատ նշանավոր է, որ այնքան այլափոխել է այդ մշտական հանգիստ, մշտական անվրդով աղջկան:

Անցավ քառորդ ժամի չափ, մինչև Սաթենիկը փոքր-ինչ հանդարտվեց: Այն ժամանակ պարզվեց բանի էությունը: Պարզվեց այն, ինչ որ վերջին ժամանակ մասամբ զգում էր Մարիամը և ինչ որ նույն րոպեին նա միանգամայն մոռացել էր: Արդեն նա նկատել էր, որ Ռուբենի և Սաթենիկի հարաբերությունները այլ կերպարանք են ստանում, որ քանի գնում՝, այնքան նրանց մեջ զարգանում է փոխադարձ համակրությունը:

Եվ ամեն ինչ պատմեց Սաթենիկը, բոլոր մանրամասները, առանց մի կետ անգամ թաքցնելու:

Ես նրան սիրեցի հենց այն օրից, երբ դու ինձ ծ՜անոթացրիր նրա հետ: Բայց ես ինձ զսպում էի, և ինչ իրավունք ունեի նրա մասին մտածել անգամ, ես... Ախ, դու ծաղրում ես ինձ, Մարո, այնպես չէ՞, դու մտքումդ անիծում ես ինձ, դու պախարակո՞ւմ ես եղբորդ ճաշակը...

Ես այգ գուշակում էի...

Ի՞նչ, իմ և Ռուբենի մասին, մի թե կարծում էիր, որ իրավունք ունեմ, ե՞ս, ե՞ս տգեղ, այլանդակված արարածս:

Լռի՜ր, — ընդհատեց Մարիամը սաստողաբար, — լռիր, եթե չես ուզում ինձ վիրավորել: Նախ և առաջ քո հոգու գեղեցկությունը բավական էր, որ արժանանայիր Ռուբենի սիրույն: Երկրորդ, ինչո՞ւ դու քեզ վրա այդպիսի վատ կարծիք ունես: Մի՞թե կարծում ես, ծաղկի մի քանի աննշան հետքերը փչացրել են քո գեղեցիկ դեմքը: Ոչ, դու այնքան համակրելի ես արտաքուստ, որքան և հոգով ու սրտով... Ռուբենը պետք է քեզանով պարծենա...

Անկեղծ սրտից բխած այդ խոսքերը կրկին ոգևորվեցին Սաթենիկին, և կրկին նա փաթաթվեց յուր ընկերուհու պարանոցին:

Հիշո՞ւմ ես առաջվա Սաթենիկին, հիշո՞ւմ ես, ինչպես էի ծաղրում սեր ասած բանը: Ես չգիտեի, որ նա այդպիսի բան է: Ա՛խ, ինչպես փոխվել եմ ես, կարծես, խելքս թռել է գլխիցս... Ոչ, ես չէի հավատում, չէի հավատում, որ մի օր պետք է այս դրության հասնեմ...

Վերջապես, անցան հուզման րոպեները, և Սաթենիկը շարունակեց ավելի հանգիստ խոսակցել Մարիամի հետ: Սակայն ամբողջ երկու ժամ նրա խոսակցության առարկան միմիայն Ռուբենն էր:

Ա՛խ, մոռացա ասելու, — գոչեց նա, երբ Մարիամը, վերջապես, խոսք բաց արավ Բագրատյանի մասին, — նա առաջիկա շաբաթ գնում է, Ռուբենը շատ տխուր է նրա պատճառով:

Ինչո՞ւ:

Ի՞ նչ, միթե չե՞ս լսել, Ռուբենը չէ՞ պատմել քեզ:

Ռուբենը Բագրատյանի մասին չի խոսում ինձ հետ:

Ուրեմն կարող ես ինձ նախանձել: Բայց, գիտես, մինչև հիմա ինձանից էլ թաքցնում էր գաղտնիքը, այսօր միայն հայտնեց:

Մի քանի խոսք ևս Աաթհնիկի կողմից, և... վարագույրը ընկավ Մարիամի աչքերից, այլևս ամեն ինչ պարզվեց նրա համար: Բագրատյանը պատկերացավ նրա առաջ իսկական դիրքով, սակայն ավելի զորավոր, ավելի ազդու:

Որպեսզի միանգամայն չպարզի յուր հոգեկան գաղտնիքը կարծես, ինքն իրանից ամաչելով, Մարիամը շտապեց հրաժեշտ տալ յուր ընկերուհուն:

Նա վերադարձավ տուն խռովված հոգով և առանձնացավ յուր սենյակում:

Օրերը անցնում Էին: Բագրատյանի բաժանման ժամը մոտենում էր, և Մարիամի մտատանջությունը ավելի ու ավելի զարգանում...

XVII

Վերջին ժամանակ Հալաբյանը բոլորովին հեռացել էր մարդկանցից և տանը նստած, յուր օրերը անց էր կացնում տխուր մենության մեջ:

Թաթոսը, նրա վաղեմի հավատարիմ Թաթոսն էր միայն օրվա ընթացքում մի քանի անգամ ընդհատում նրա լռությունը: Մյուս ծառաները նրա երեսը չէին տեսնում: Այլևս նա տնային գործերով չէր զբաղվում, չէր էլ հետաքրքրվում անգամ: Մոսիո Վախվախյանը փորձեց տնտեսական գերիշխանությունը յուր ձեռքն առնել, բայց Թաթոսը մի այնպիսի համառ ընդդիմություն ցույց տվեց, որ նա ստիպվեց հետ քաշվել:

Երբեմն Հալաբյանը ճաշում էր միայնակ, երբեմն նրան ընկերանում էր մոսիո Վախվախյանը առանց հրավերի: Գալիս էր հաճախ և Ախշարումյանը, միշտ աշխատում էր ցրել նրա տրտմությունը, և միշտ ապարդյուն էր մնում նրա ջանքը: Մի անգամ նա փորձեց Ռուբենի խիղճը գրգռել Հալաբյանի վերաբերմամբ: Սակայն, երբ խոսք բաց արավ, Ռուբենը քաղաքավարի և դրական եղանակով առաջարկեց նրան մի բառ անգամ չարտասանել այդ մասին:

Այն ժամանակ Ախշարումյանը բալորովին համարեց, որ իրավ անիրագործելի են Հալաբյանի հույսերը: Բայց նա երդվել էր վերջ տալ յուր ընկերոջ հուսահատ կամ, ինչպես ինքն էր ասում, «հիմար» դրությանը: Վաղուց Հալաբյանը գանգատվում էր, թե տկար է, ոսկորները, կարծես, ջարդված են: Ախշարումյանը հորդորում էր, դիմել բժշկին, նա չէր համաձայնում:

Ինչ կլինի, կլինի, — ասում էր վհատված ձայնով:

Մի օր Ախշարումյանը եկավ նրա մոտ քաղաքի հայտնի բժիշկներից մեկի հետ, որին վաղուց ծանոթ էր Հալաբյանը: ճանապարհին որկրամոլը սովորեցրել էր բժշկին, որ նա, արքան կարելի է վախեցնի ամուրիին, նկարագրելով նրա հիվանդությունը ամենախիստ գույներով: Միևնույն ժամանակ, խնդրել էր, որ խորհուրդ տա նրան՝ անպատճառ ուղևորվել արտասահման և այնտեղ բժշկվել:

Այստեղից հեոանալը շատ անհրաժեշտ է նրա համար, գիտե՞ք, շատ, — կրկնում էր Ախշարումյանը բժշկին:

Որքան ևս ձանձրացած լիներ կյանքից, Հալաբյանի վրա ազդեց բժշկի գիտնական բացատրությունը, որից նա ոչինչ չհասկացավ, բացի մեկ բանից, թե իբր յուր հիվանդությունը վտանգավոր է: Տաղտկալի կյանքը դարձյալ ավելի քաղցր թվաց, քան մահը:

Ամուրին վախեցավ:

Այդ օրվանից Ախշարումյանը հանգիստ չէր թողնում նրան և միշտ կրկնում էր արտասահման գնալու անհրաժեշտությունը: Վերջապես, նրա հորդորը ազդեց: Մի առավոտ ամուրին ինքը խոսք բաց արավ արտասահմանի վերաբերմամբ: Նույն պահին եկավ և մոսիո Վախվախյանը: Սկսեցին խորհրդակցել՝ ո՞ւր գնալ: Մոսիոն, կլիմայական և բժշկական հանգամանքները արհամարհելով, մի բերան պաշտպանում էր Փարիզ գնալու միտքը:

Աշխարհիս դրախտն է, այնտեղի Պերլա-Շեզում թաղվելը ուրիշ քաղաքներում ապրելուց լավ է, — գովում էր նա համաշխարհային մայրաքաղաքը, որի բուլվարներում չորս տարի շարունակ թափառել էր:

Հալաբյանը հակումն չուներ դեպի մեծ կենտրոնները: Նա եղել էր Փարիզում, այժմ տհաճությամբ էր հիշում նրա աղմկալից կյանքը, նրա բազմամարդ փողոցները:

Վիսբադեն կամ Կարլսբադ, — պնդում էր Ախշարումյանը:

Եղել եմ բարեկամս, այն տեղումն էլ եղել եմ, — դարձյալ մեջ մտավ մոսիո Վախվախյանը, որ, այսպես թե այնպես, հույս ուներ ուղեկցել ամուրիին, հարկավ, նրա ծախքով:

Հալաբյանը ընդունեց Ախշարումյանի խորհուրդը: Այդ օրվանից իսկ նա սկսեց ճանապարհի պատրաստություններ տեսնել: Այն գործերը, որ կարելի էր շուտով վերջացնել, ինքը վերջացրեց, իսկ մյուսները հանձնեց Ախշարումյանին, որ ամառը Թիֆլիսումն էր մնալու:

Զեզ էլ խնդրում եմ, — դարձավ նա մոսիո Վախվախյանին մի օր, — վերահասու լինել տանս: Ծառաներին ես կարձակեմ: Եթե ուզող լինի այս կահ կարասիքը, բոլորը կծախեք, փողը կտաք Ախշարումյանին:

Ո՞նց, ուրեմն էլ հետ չե՞ք գալու, — գոչեց մոսիոն զարմացած:

էհ, չեմ իմանում

Մոսիո Վախվախյանը բոլորովին հիասթափվեց: Բավական չէր, որ Հալաբյանը չէր ուզում նրան արտասահման տանել, յուր վերադառնալն էլ դեռ անհայտ էր թողնում:

Աչքիս վրա, — հանձն առավ նա ամուրիի պատվերը, գլուխը խեղճաբար թեքելով ուսին:

Պակաս քան տասն օրվա ընթացքում Հալաբյանը, Ախշարումյանի օգնությամբ, վերջացրեց յուր գործերը և պատրաստվեց ճանապարհի համար: Այժմ նա անհամբեր սպասում էր Թիֆլիսից հեռանալու րոպեին: Նրա վշտացած սիրտը ձգտում էր ժամ առաջ ազատվել յուր մշտական շրջանից, թողնել հեռանալ այն բոլոր տեղերից, որ հիշեցնում էին նրա դառն ցնորքը: Մի առավոտ Ախշարումյանը ասաց նրան, որ Մարիամին նախընթաց օրը հանդիպել է փողոցում ինչ-որ մի նոր երիտասարդի հետ զբոսնելիս: Դիտմամբ հայտնված այդ լուրը ունեցավ ցանկալի ազդեցություն Հալաբյանի վրա: Նա խղճալի դեմքով նայեց ընկերոջ երեսին և ընկճված եղանակով արտասանեց.

Ի՞նչ անեմ...

Արդեն ամեն ինչ նա վերջացած էր համարում, ամեն հույս խորտակված:

Հասավ այն երեկոն, որի հետևյալ առավոտը Հալաբյանը պետք է ուղևորվեր: Նա նստած էր Ախշարումյանի հետ հյուրասենյակում, և խոսակցում էին առաջիկա ճանապարհորդության մասին: Կանթեղի պայծառ լույսը լուսավորում էր նրա ոսկրոտ դեմքը, խոշորացած աչքերը: Մի վայրկյան Ախշարումյանը սոսկաց, ուշադիր դիտելով նրա կերպարանքը. այնքան փոխվել էր ամուրին նույնիսկ այն մարդու աչքում, որ այնպես հաճախ տեսնում էր նրան:

Այդպես, ուրեմն, դու բոլորովին միայնակ ես գնում, — ասում էր Ախշարումյանը:

Միայնակ:

Վատ չէր լինիլ, եթե հետդ ընկեր լիներ, ժամանակդ ուրախ կանցներ:

Ոչ ոքի երեսը չեմ ուզում տեսնել, ոչ ոքի, — ասաց Հալաբյանը վճռապես:

էհ, դու գիտես, — շարունակեց Ախշարումյանը, — բայց լսիր ինչ եմ ասում: Ամառը անց կկացնես որտեղ որ ուզում ես, Կարլսբադ թե Վիսբադեն, միևնույն է: Բայց աշնանը դու իմն ես: Սեպտեմբերին գործերս վերջացրած ես կգամ Վիեննա, դու էլ կգաս այնտեղ, լսո՞ւմ ես, մի երկու ամիս միասին քեֆ կքաշենք... քեֆ եմ ասում, հասկանո՞ւմ ես... վըվվվ, Մուհամմեդի հյուրիների շրջանում: Նու, լավ, մի բարկանալ, կատակ եմ անում: Հետո, Վիեննայից ուղիղ կճանապարհվենք Փարիզ: Այդտեղ ամբողջ ձմեռը մարդավարի կապրենք... Լսո՞ւմ ես, հրաշալի պրոեկտ է, չէ...

Ներս մտավ մոսիո Վախվախյանը և հայտնեց, թե իսկույն փողոցում հանդիպել է Սահարունիին:

Նորին պայծառափայլությունը խիստ զարմացավ հենց որ ասացի, թե գնում եք: Շուտով ինքն էլ այստեղ կլինի:

Արդարև, կես ժամ չանցած, ներս մտավ իշխանը:

Ներել չեմ կարող, — գոչեց նա խորին հանդիմանությամբ, — մեզանից հեռանում ես ու ինձ ոչինչ չե՞ս ասում:

Մուրհակը Նիկողայոսին ստորագրել տալուց հետո իշխանը դարձյալ բարեկամացել էր Հալաբյանի հետ: Նա նպատակ ուներ այժմ հարստահարել ամուրիին, ահա ինչու նա դժգոհ էր, որ վերջինը հեռանում էր Թիֆլիսից:

Այդ երեկո վերջին անգամ չորս ամուրիները ընթրեցին միասին: Ամենից տխուրն էր մոսիո Վախվախյանը, ամենից ուրախը Ախշարումյանը: Ընթրիքի միջոցին և հետո երկար ժամանակ նրանց խոսակցության գլխավոր նյութն էր, հարկավ, Հալաբյանի ճանապարհորդությունը: Մոսիո Վախվախյանի սիրտն էր թնդում, լսելով այն ամենամեծ քաղաքների, այն հրապուրիչ տեղերի անունները, որ թվում էր Ախշարումյանը, հորդորելով Հալաբյանին այցելել մի առ մի:

Արդեն ուշ գիշեր էր, երբ ամուրիները բաժանվեցին: Իշխան Սահարունին համբուրվեց Հալաբյանի հետ, ներողություն խնդրելով, որ չէր կարող առավոտյան ճանապարհ գցելու գալ:

Տես, — ասաց նա Ախշարումյանին փողոցում, — աշխատիր, որ այդ մունդռեկը շուտ վերադառնա, նա մեզ հարկավոր մարդ է:

Մոսիո Վախվախյանը չկամեցավ բաժանվել Հալաբյանից, գիշերեց նրա մոտ:

Օրը լուսացավ: Հալաբյանը, վաղ զարթնելով, սկսեց արագ-արագ շորերը հագնել:

Մոսիո Վախվախյանը, արտասահման չգնալու հոգսից, ամբողջ գիշեր անքուն էր անցկացրել:

Ներս մտավ Թաթոսը տխուր ու տրտում: Տասնուհինգ տարի շարունակ ծառայելով, նա այնքան ընտելացել էր յուր տիրոջը, որ նրանից բաժանվելը կատարյալ դժբախտության էր համարում:

Անչափ էր նրա վիշտը այն օրը, երբ Հալաբյանը հայտնեց յուր գնալու լուրը և պատվիրեց նրան ուրիշ պաշտոն գտնել: Նա չկամեցավ մի այլ մարդու ծառայել: Հալաբյանը զգացվեց, տվեց նրան մի թեթև ապահովություն: Թաթոսը վճռեց հեռանալ յուր հայրենի գյուղաքաղաքը:

Գնա՛, երկու կառք կանչիր, — պատվիրեց Հալաբյանը:

Ծառան, հառաչելով, դուրս եկավ:

Գարնանային մի հրաշալի առավոտ էր: Հալաբյանի կառքը անցնում էր Գոլովինսկի պրոսպեկտով, դիմելով դեպի երկաթուղու կայարանը: Նա լուռ լսում էր յուր հետ նստած Ախշարումյանի, այդ փորձառու ճանապարհորդի, վերջին խորհուրդները և յուր առաջ նստած մոսիո Վախվախյանի տխուր հառաչանքները: Հետզհետե նրա աչքից հեռանում էին այն ծանոթ փողոցները և տները, որ այնքան ձանձրացրել էին նրան և որոնցից բաժանվելը այժմ մի տեսակ թախիծ էր պատճառում նրան:

Հանկարծ նրա դեմքը ժպտաց: Նա հրամայեց կառապանին կառքը պահել, ցած իջավ: Փողոցի մայթով դեմուդեմ գալիս էր Ռուբենը: Հալաբյանր մոտեցավ նրան: Ռուբենը զարմացած կանգ առավ:

Մնացեք բարև, ես գնում եմ, — ասաց Հալաբյանր, գդակը վերցնելով և ձեռք մեկնելով:

Ո՞ւր:

Արտասահման:

Բարի ճանապարհ, — մաղթեց Ռուբենը քաղաքավարի, սառն և անտարբեր:

Նա չհարցրեց, թե արդյոք ինչու է գնում, չհարցրեց անգամ, թե երբ կվերադառնա: Այնինչ Հալաբյանր սպասում էրավելի ջերմ վերաբերության: Դա եղավ վերջին հարվածը ամուրիի համար... Նա շուտով կառք նստեց, հրամայեց կառապանին շտապել: ժողովարանի ամառային շինության մոտով անցնելիս նա երեսը մի կողմ դարձրեց ատելությամբ... Այստեղ էր առաջին անգամ հղացել նրա մեջ այն զգացմունքը, որ այսօր այնպես դժբախտացրել էր նրան:

Նա հասավ կայարան: Մոսիո Վախվախյանը, նրա պատվերով, վարձեց առաջին կարգի կուպեներից մեկը:

Ամուրին ճանապարհին ևս ուզում էր մենակ լինել:

Հասավ բաժանման րոպեն: Ախշարումյանը համբուրվեց: Մոսիո Վախվախյանը վստահացավ նույնն անել, ավելի ամուր հպելով յուր շրթունքները Հալաբյանի բերնին:

Արդեն երկրորդ զանգը տվել էին: Ուղևորը, կուպեի վաքրիկ պատուհանի վրա արմունկները հենած, խոսում էր յուր վաղեմի ընկերակիցների հետ, որ կանգնած էին պլատֆորմի վրա: Զանգակը երրորդ անգամ հնչեց, լսվեց շոգեշվիի սուր ձայնը, գնացքը շարժվեց: Նույն վայրկյանին, երբ Ախշարումյանը և մոսիո Վախվախյանը գդակները բարկացրին իրանց վերջին բարևները տալու, նույն վայրկյանին նրանք Հալաբյանի աչքերի մեջ նկատեցին արտասուքի նշույլներ: Այս թշվառ ամուրին լալիս էր, ինչպես մի թույլ արարած:

Ախշարումյանը և մոսիո Վախվախյանը հետ դարձրին իրանց երեսները և տեսան կայարանի պատի տակ կանգնած, երեխայի պես, հեկեկում էր հավատարիմ Թաթոսը: Գուցե դա միակ մարդն էր ամբողջ աշխարհի երեսին, որ անկեղծ ցավում էր Հալաբյանի համար:

Իսկ ես հույս ունեի, — դարձավ մոսիո Վախվախյանը Ախշարումյանին, կրծքի խորքից մի ծանր հոգոց արձակելով, — որ Հալաբյանր ինձ վերջը մի մարդ կշինի... մնացի էլի առաջվա քաղցած, անփող, անտուն ու անտեր Վախվախյանր:

Այսօր եկ ինձ մոտ ճաշելու:

Մոսիո Վախվախյանը գլուխը թախծորեն շարժեց, Ախշարումյանի հրավերը ընդունեց:

Ռուբենը նույն պահին գնում էր ուսումնարան, երբ Հալաբյանին հանդիպեց: Տուն վերադառնալով, նա հայտնեց Մարիամին ամուրիի գնալը: Ինչպես Հալաբյանի առաջարկության լուրն էր Ռուբենից ընդունել սառն և անտարբեր, նույնպես և ավելի անխռով ընդունեց նրա ուղևորության լուրը: Միայն նա նկատեց.

Ասում են, վերջին ժամանակ նա սաստիկ հիվանդ է եղել, երևի գնում է բժշկվելու:

Հիվանդ լինելը չեմ իմանում, բայց այսօր աչքիս մեռելի էր նմանվումԳիտես, Մարո, ես այժմ հոգով խղճում եմ նրան, ճշմարիտ, վատ մարդ չէր...

Մարիամը ոչինչ չասաց, և ասելու ոչինչ չուներ: Նա արտակարգ խռովության մեջ էր մի այնպիսի պատճառով, որից դուրս նույն րոպեին ոչ մի բան չէր հետաքրքրում նրան: Գա Բագրատյանի ուղևորությունն էր, նրա խորհրդավոր նպատակը: Ինչ-ինչ պատճառներով այդ ուղևորությանը հետաձգվել էր մի քանի օրով: Եվ այդ մի քանի օրվա ընթացքում Մարիամը նկատում էր Բագրատյանի մեջ մի տեսակ փոփոխություն: Նա այժմ տխուր և մտախոհ էր ավելի, քան երբևէ տեսել էր նրան օրիորդը: Օրական մի երկու անգամ նա գալիս էր Ռուբենի մոտ: Գալիս էին երբեմն և մի քանի անծանոթ երիտասարդներ: Ոմանց բարբառից երևում էր, ռուսահայեր չեն: Ամենի հետ Բագրատյանը խոսում էր մի տեսակ հրամայողական եղանակով: Թվում էր, որ բոլորը հպատակվում են նրա, իբրև մի տեսակ գլխավորի, խոսքին: Եվ որքան համապատասխանում էր նրա լուրջ կերպարանքին պարագլխի դերը:

Պատահում էր, որ Մարիամը ներկա էր լինում նրանց պայմանավոր խոսակցությանը յուր ընկերների հետ: Շատ բան այդ խոսակցությունից նա չէր հասկանում և չէր էլ ուզում հասկանալ: Բավական էր այնքանն էլ, որ այդ բոլոր խոսակցությունների նպատակը գիտեր: Այդ էր գլխավոր և հետաքրքրական կետը, մանրամասները երկրորդական նշանակություն ունեին նրա աչքում:

Բագրատյանը գիտեր, որ այժմ գործի էությունը հայտնի է Մարիամին, ուստի այլևս առաջվա պես գաղտնապահ չէր և միշտ Ռուբենի հետ խոսում էր նրա ներկայությամբ: Բայց մյուս կողմից Մարիամը նկատում էր, որ Բագրատյանը անձնապես խուսափում է նրա հետ առանձին մնալուց և գալիս է միայն այն ժամանակ, երբ Ռուբենը տանն է լինում: Կանացի բնազդմամբ նա զգում էր, միևնույն ժամանակ, որ նրա խույս տալը արհամարհանքի արգասիք չէ, այլ ընդհակառակը...

Ռուբենը ասել էր նրան, որ արդեն Բագրատյանին հայտնի է բժիշկ Մելիք-Բարսեղյանի վարմունքը: Ինքը Ռուբենն էր պատմել նրան տխուր եղելությունը: Եվ Բագրատյանի վրա խորին տպավորության էր գործել այն մարդու տմարդի արարքը, որի մասին նա երբեք լավ կարծիք չէր ունեցել: Նա գրգռված էր բժշկի դեմ և հաճախ Ռուբենին ասում էր, թե պատահած ժամանակ պատրաստ է ուղղակի թքել նրա երեսին:

Այդպիսիներին երբեք չպիտի խնայել, պետք է պատժել ամեն քայլում... ում մեջ մեռած չէ ազնվության զգացմունքը, նա պետք է Կայենի կնիքը դրոշմի այդ մարդկանց անամոթ ճակատին:

Եվ այդ ասում էր նա, ատամները կատաղաբար կրճտելով և բռունցքը ամուր սեղմելով: Զգում էր Ռուբենը, որ, արդարև, եթե պատահի բժիշկ Մելիք-Բարսեղյանին, առանց երկար մտածելու յուր սպառնալիքը կգործադրե:

Մի անգամ Բագրատյանը եկավ սովորականից վաղ: Ռուբենը դեռ չէր վերադարձել ուսումնարանից: Մարիամը միայնակ զբաղված էր խոհանոցում: Նա անմիջապես լվացվեց, շտապեց յուր սենյակը, փոխեց վերնազգեստը և դուրս եկավ նրան դիմավորելու:

Ներեցեք, ես կարծում էի Ռուբենը տանն է, — ասաց Բագրատյանը, գլուխ տալով:

Կես ժամից հետո կվերադառնա:

Նրանք նստեցին՝ Բագրատյանը Ռուբենի սեղանի մոտ, Մարիամը փոքրիկ թախտի վրա: Բավական ժամանակ նրանք լուռ Էին: Մարիամը չէր վստահում առաջինը ընդհատել լռությունը, կաշկանդված մի ինչ-որ անհաղթելի զորությունից: Նա չէր համարձակվում անգամ նայել նրա կողմ:

Դա երրորդ անգամն էր, որ նրանք դեմառդեմ գտնվում էին առանձին:

Բագրատյանը մատիտը վերցրեց և սկսեց խզխզել սեղանի վրա դրած մի կտոր թուղթ: Նրա ձեռները նշմարելի կերպով դողում էին, նա հուզված էր երևում: Վերջապես, նա նայեց Մարիամի կողմը, Մարիամն էլ գլուխը բարձրացրեց, և նրանց աչքերը հանդիպեցին միմյանց: Ինչ-որ մի տարօրինակ երկյուղի զգացում զարթնեց օրիորդի սրտում, մի զգացում, որի նմանը նա երբեք չէր կրել: Թվում էր նրան, որ այնտեղ, մի քանի քայլ հեռու, բազմած է մի գերբնական զորություն, որի դեմ պետք է նա մաքառեր, բայց տկար էր և անզոր էր զգում իրան:

Ա՛հ, ի՛նչ ուշանում է, — արտասանեց Բագրատյանը, շտապով նայելով ժամացույցին:

Իսկույն կգա:

Դարձյալ լռեցին, դարձյալ չէին նայում միմյանց վրա: Այդ րոպեին Բագրատյանի ճակատը, հոնքերի մեջտեղում, մերթ սեղմվում էր, մերթ բացվում: Երբեմն նա, կարծես, ցնցվում էր, գլուխը բարձրացնում և պատուհանի միջով նայում դեպի դուրս: Ոչ, այդ հասարակ սպասող մարդու նայվածք չէր...

Եվ ինչպես գունատ էր թվում նրա դեմքը Մարիամին պատուհանից ներս տարածվող պայծառ լուսո ներքո:

Ոչ, ես չեմ կարող համբերել...

Այս դարձվածը դուրս թռավ հանկարծ նրա բերանից, կարծես, ինքնըստինքյան: Նա ոտքի կանգնեց:

Ես հետո կգամ, — ասաց նա, գլուխ տվեց Մարիամին և շուտով դուրս եկավ:

Մարիամը մնաց ապշած, նրա հետևից նայելով: Միևնույն ժամանակ, ինչ-որ մի հեռավոր, մութ, անորոշ միտք ծագեց նրա գլխում, հիշելով այն տարօրինակ հայացքը, որ ձգեց նրա վրա Բագրատյանը: Այժմ և միայն այժմ այդ հայացքի մեջ պատկերացավ նրան մի խորին հոգեկան պատերազմ: ճի՞շտ է, որ այդ երիտասարդին տանջում էր մի նոր միտք: Ի՞նչ է արդյոք այդ: Ինչո՞ւ նա չմնաց, ինչո՞ւ այդպես շտապեց հեռանալ, ինչո՞ւ չկարողացավ «համբերել»...

Քառորդ ժամ չանցած նա կրկին երևեցավ Ռուբենի հետ: Նրանք փակվեցին վերջինի սենյակում և մի ամբողջ ժամ այնտեղ էին: Երբ դռները բացվեցին, Բագրատյանը յուր լայնեզր գլխարկը մի ձեռին բռնած, մյուս ձեռը հենած սեղանի ծայրին, նայում էր մռայլ հայացքով դեպի դուրս.. Հեռու ու հեռու: Ռուբենը մտիկ էր անում նրա երեսին, նույնչափ զարմացած, որչափ և Մարիամը:

Հանկարծ Բագրատյանը ձեռքով ինչ-որ վճռական շարժում գործեց, սեղմեց Ռուբենի ձեռը, խոնարհ գլուխ տվեց Մարիամին, առանց նրա երեսին նայելու, և արագ քայլերով դուրս գնաց:

Ինչո՞ւ չհրավիրեցիր ճաշի, — հարցրեց Մարիամը եղբորից:

Չնկատեցի՞ր միթե, — պատասխանեց Ռուբենը, սթափվելով, — այն դրության մեջ էր, որ մոռացա էլ հրավիրելու: Ես երբեք նրան այդպես չեմ տեսել... Քեզ արդեն հայտնի է, թե նա որտեղ է գնում: Մինչև այսօր նրա ամեն մի քայլը վճռական էր, իսկ այժմ, երբ պետք է ուղևորվի, սկսել է տատանվել: Մահվան մասին խոսում էր սառն, անվրդով, այժմ, կարծես, վախենում է մահից... և ի՞նչ ծայրահեղ մտատանջության մեջ է: Ի՞նչ է պատահել այդ մարդուն, տեր աստված, — ավելացրեց նա յուրովի և սկսեց անցուդարձ անել սենյակում:

Ե՞րբ է գնում, — հարցրեց Մարիամը:

Следующая страница