Շիրվանզադե Ալեքսանդր՝   Զուր հույսեր

Այդ մեկը տիկին Սոփիոն էր: Բայց Ռուբենը մի քայլ անգամ չհեռացավ: Նրա աչքերը հառած էին այն հողագույն դեմքի վրա, ուր մահը ծավալել էր յուր խավար ստվերը: Մերթ բացվում էին, մերթ փակվում այդ խոշորացած աչքերը, որոնց պաղած շրջանակները ճենապակիի գույն էին ստացել:

Հանկարծ մեռնողը հետ ձգեց վերմակի ծայրը, ըարձրացրեց յուր թույլ ձեռը, որքան կարող էր: Ռուբենը և Մարիամը միաժամանակ բռնեցին այդ պաղ ձեռը, մեռնողի քարացած շրթունքի վրա սառավ վերջին խոսքը.

«Սիրեցե՛ք միմյանց»:

Անշնչելի կերպով այդ պատվերը դրոշմվեց որդու սրտում: Այնուհետև ամեն ինչ խավարեց Ռուբենի աչքում, երբ տեսավ, թե ինչպես երկու անծանոթ կանայք, գրկելով, դուրս բերեցին սենյակից ուշաթափ Մարիամին:

Եվ ահա ութ տարի է անցել այդ սգալի գիշերից: Այն ժամանակից շատ բան է փոխվել: Մարիամը, աճելով օրըստօրե, այժմ չափահաս օրիորդ է դառել: Հոր հիշատակը նրան պատճառում է մի թախիծ, մորը նա հիշում է շատ մութ կերպով: Նրա առողջ բնավորությունը հաղթող հանդիսացավ որդիական վշտին, ժամանակը ամոքեց օրիորդի սրտի վերքը: Իսկ Ռուբենը, անձնատուր լինելով ուսմանը, ավելի շուտ մխիթարություն գտավ այնտեղ: Սակայն նա չմոռացավ յուր ծնողների հիշատակը և հոր վերջին պատգամը: Նա սիրում էր քրոջը: Սիրում էր, որպես փափկասիրտ եղբայր, որպես մեծ և հովանավորող: Սրտաշարժ էր այն տեսարանը, երբ նա առաջին անգամ բաժանվեց Մարիամից Ռուսաստան գնալու համար: Ավելի սրտաշարժ էր նրանց վերջին հանդիպումը, երբ Ռուբենը արդեն ուսումն ավարտած վերադարձավ հայրենիք չորս ամիս առաջ:

Ռուբե՛ն, Ռուբե՛ն, — գոչեց Մարիամը, փաթաթվելով եղբոր պարանոցին վերջինի առանձնասենյակում, — սիրո՞ւմ ես ինձ:

Ռուբենը սիրով և անձնվիրությամբ համակված յուր դեմքը հետ դարձրեց: Նա թաքցրեց յուր զգացումների արտաքին նշանները, որոնց դեմ էր միշտ:

Գիտեմ, որ սիրում ես, — շտապեց ավելացնել Մարիամը հուզված, — ուրեմն մի անգամ էլ ցույց տուր սերդ, ինձ մի թողնիլ միայնակ: Առանց քեզ իմ կյանքը տխուր է անցնում:

Ռուբենը դեռ Ռուսաստանում վճռել էր երկու տարով արտասահման գնալ, այնտեղ յուր մասնագիտության մեջ կատարելագործվելու նպատակով: Նա լրացրած չէր համարում յուր ուսման պաշարը գեթ այնչափ, որչափ հարկավոր էր յուր որոշած նպատակին ծառայելու համար կյանքում: Նա հայտնեց յուր վճիռը Մարիամին: Քույրը ոչինչ չասաց, հառաչեց, գլուխը շարժեց, և եղբայրը նրա աչքերի մեջ նկատեց արտասուքի նշույլներ: Նա ընկավ մտատանջության մեջ. թողնել անկատար յուր վճիռըչէր կարող, այնքան նա ընտելացել էր այդ վճռին, անուշադիր մնալ Մարիամի աղերսանքինավելի դժվար էր: Այն ժամանակ նրա գլխում միտք հղացավ քրոջն ևս տանել յուր հետ: Արտասահմանում Մարիամը անգործ չի մնալ, կշարունակի յուր ուսումը, կսովորի որևէ մի մասնագիտություն, կդառնա ազատ, յուր ուժերով կյանքի դժվարությունների դեմ կռվելու պատրաստ անկախ կին: Երբ նա այս միտքը հայտնեց Մարիամին, վերջինը մի քանի վայրկյան ոչինչ չպատասխանեց, մտածեց և հետո ասաց.

Եթե անպատճառ ուզում ես գնալ, գնա միայնակ, իսկ ես... չեմ կարող...

Ոչինչ թախանձանք չկարողացավ ստիպել նրան բացատրելու պատճառը, թե ինչու չէ ուզում կատարել եղբոր առաջարկությունը: Միշտ և ամեն ժամանակ նա խույս էր տալիս այդ մասին խոսելուց և միայն շարունակ խնդրում էր Ռուբենին մնալ Թիֆլիսում:

«Քույրս մի գաղտնի հոգս ունի, ինձ չի հայտնում, — մտածում էր Ռուբենը, — բայց ես կիմանամ, անպատճառ կիմանամ»:

Օրը բավական անցել էր արդեն, երբ նա տնից դուրս եկավ մի փոքր զբոսնելու: Նա պատահեց յուր ընկերներից մի քանիսին և, մի երկու ժամ նրանց հետ անցկացնելով, մոռացավ ծանր մտքերը:

Երբ նա վերադարձավ տուն, Սադափյանները, սեղանատանը հավաքված, սպասում էին նրան ճաշի: Նիկողայոսը հրավիրեց նստել յուր քով և շատ սիրով ու բարեկամաբար սկսեց խոսել նրա հետ: Ինչպես զբաղված մարդ, որի միտքը միշտ դեպի յուր գործերն են ուղղված, Նիկողայոսը ընտանեկան խնդիրների մասին շատ քիչ էր խոսում տանը: Նույնպես նա Ռուբենի հետ խոսում էր հատ ու կտոր, և որովհետև Ռուբենն ևս խոսելու տրամադրություն չուներ, շուտով երկուսն էչ լռեցին:

Մարիամը զբաղված էր պատանի Գաբոյի և փոքրիկ Լիզայի հետ, որոնք աջ ու ձախ կողմերում նստած, վայելում էին նրա սիրալիր փաղաքշանքը:

Մարո, ջուր տուր:

Մարո, աղ տուր:

Ասում էր մերթ մեկը, մերթ մյուսը, և Մարիամը անդադար դառնում էր աջ ու ձախ, կերակրելով յուր սիրելիներին:

Նատալիան շարունակ գանգատվում էր գլխացավից, քիչ էր ուտում, պախարակում էր յուրաքանչյուր կերակուր և իմերել սպասավորի միջոցով հանդիմանություն էր ուղարկում ռուս խոհարարին: Վերջին կերակուրը բերելիս նա վեր կացավ տեղից և անցավ յուր սենյակը: Դա նրա քմահաճություններից մեկն էր, որի համար հայրը հանդիմանում էր նրան և փոխարենը միշտ հանդիմանվում Սոփիոյից:

Խեղճ իմ Նատո, տանջվում է այսօր, ինչո՞ւ հենց միայն նա է հիվանդանում այս տանը. — ասաց տիկին Սոփիոն և շտապեց յուր աղջկա հետևից:

Այսպես անցավ Սադափյանների ճաշը, Նատալիայի շնորհիվ, ամենի համար սառն, անախորժ:

Նույն օրը իրիկնադեմին Ռուբենը, դրսից տեւն վերադառնալով, Մարիամին հանդիպեց յուր սենյակում: Օրիորդը տնային սպիտակ հագուստով նստած էր սեղանի մոտ, գլուխը ձեռների մեջ դրած, արմունկները հենած սեղանին: Նրա առաջ դրած էր մի բաց գիրք: Նա չէր կարդում, այլ աչքերը հառած լուսամուտի կողմ, նայում էր դեպի դուրս:

Դարձյալ ի՞նչ երազների մեջ ես, — ասաց Ռուբենը կատակով:

Մարիամը մի քիչ շփոթվեց, երեսը հետ դարձրեց և ժպտաց: Սակայն այս անգամ նրա ժպիտը այնքան արհեստական էր և բռնազբոսիկ, որ Ռուբենի տրամադրությունը հանկարծակի փոխվեց: Նա քրոջ աչքերի մեջ կարդաց մի նոր դառնություն:

Մարիամ, — գոչեց նա, բռնելով քրոջ ձեռը, — դու վրդովված ես երևում, ի՞նչ է պատահել:

Մարիամը ձեռը մեղմիկ խլեց եղբորից և յուր տխուր ու անորոշ հայացքը կրկին թաց լուսամուտի կողմ դարձնելով, ձգեց դիմացի եկեղեցու արծաթափայլ գմբեթի վրա, ուր շողշողում էին մայր մտնող արևի վերջին ճառագայթները:

Դու ինձ չե՞ս պատասխանում-շարունակեց Ռուբենը, ավելի հետաքրքրված նայելով քրոջ երեսին:

Զվարթադեմ, ուրախ, գեթ արտաքուստ անհոգ օրիորդը անճանաչելի էր դարձել այդ րոպեին: Նա ոչ միայն չպատասխանեց, այլև խույս էր տալիս եղբոր հայացքից:

Երդվում եմ մեր ծնողների հիշատակով, — գոչեց Ռուբենը, նստելով նրա մոտ, — եթե դու չես հայտնիլ ինձ գաղտնիքդ, կվիրավորվեմ սաստիկ:

Մարիամը նայեց եղբորը, հազիվ զսպելով արտասուքը, որ ձգտում էր դուրս հոսել նրա խոշոր աչքերից:

Ռուբեն, — խոսեց նա, վերջապես, վրդովված ձայնով, — երեք ամիս է դու ինձ անդադար հարցնում ես իմ դրության մասին: Մինչև այժմ աշխատում էի լռել, ոչինչ չհայտնել քեզ: Բայց այլևս անկարող եմ այժմ: Ռուբեն, ինձ այս տանը հալածում են:

Մի վայրկյանում Ռուբենի աչքերը մթնեցին, գլուխը պտտեց, նրան պաշարեցին միմյանցից դառն, միմյանցից վատ կասկածներ: Նրա քրոջը հալածում են, ո՞վ, ինչո՞ւ, ի՞նչ մեղքերի համար:

Մարիամը չկարողացավ նրա անկանոն հարցերին միանգամից պատասխանել: Նա գանգատվեց միայն Նատալիայի վրա: Ամեն քայլում այդ աղջիկը աշխատում է որևէ դառնություն պատճառել նրան, տեղի և անտեղի ծաղրում է, հնարում է նրա մասին զանազան պատմություններ, արտահայտում է զանազան անհամեստ կասկածներ: Երբեք Նատալիան անկեղծ չէ եղել նրա հետ, երբեք պարզ սրտով չէ վարվել: Երբ Մարիամը ուրախ էՆատալիան տխրում է, երբ տխուր էուրախանում է, և միայն այն նպատակով, որ Մարիամին վշտացնի: Կարծես, նա երդվել է ամեն տեսակ վատություն անել նրան: Ինչո՞ւ, — չգիտե Մարիամը. նա , որ միշտ սիրով է վերաբերվել Նատալիային, ինչպես յուր մեծ քրոջը:

Ախ, Ռուբեն, — շարունակեց Մարիամը, աչքերը սրբելով, — այսօր նա չափից դուրս անսիրտ էր: Դու տեսար, ինչպես նա ընդունեց ինձ, ինչպես սկսեց հետս խոսել, երկու շաբաթ երեսս չտեսնելուց հետո: Դու գուցե հավատացիր, որ նա գլխացավ ունե: Ոչ, ես իմացա, որ սուտ է: Նա ինձ տեսավ և իսկույն գլխացավը բռնեց: ճաշից հետո գնացի սենյակս: Նա էլ յուր սենյակումն էր: Կանչեց ինձ յուր մոտ, հարցուփորձ արավ Մելիք-Բարսեղյանի մասին: Երանի նամակումս գրած չշինեի, թե նա էլ Դիլիջանումն է: Սկսեց հետս անվայել կատակներ անել: Ախ, աստված, ամոթից չեմ կարող պատմել, թե ինչեր ասաց: Եթե լսեիր, Ռուբեն, ականջներդ պիտի փակեիր: Ես համբերեցի, նա չդադարեց: Առաջին անգամը չէ անում ինձ հետ տգեղ կատակներ: Հենց որ մի նոր երիտասարդի հետ ծանոթանում եմ, նրա չարախոսությունը արդեն պատրաստ է:

Մինչ Մարիամը պատմում էր այս բոլորր, Ռուբենը վրդովված, շրթունքը ներքին ալեկոծությունից սեղմած, ճակատը ամուր բռնած, լսում էր:

Իսկ մա՞յրը, — արտասանեց երիտասարդը խեղդուկ ձայնով:

Մարիամը վարանեց իսկույն պատասխանել:

Գիտեմ, — ասաց Ռուբենը, — առանց քո ասելու էլ գիտեմ: — Այս տան մեջ քեզ ոչ ոք չի սիրում, ոչ ոք...

Ոչ, անարդար մի լինիլ, Ռուբեն, — ընդհատեց Մարիամը, — ես հարգում եմ մեր հորեղբորը. նա եթե չի սիրում, չի էլ ատում: Բայց ինձ սիրողներ էլ կան այս տանը, և հենց նրանք էին մինչև այժմ ինձ մխիթարողներըԼիզան ու Գաբոն:

Մի քանի վայրկյան տիրեց լռություն: Ռուբենի սիրտը ուժգին բաբախում էր հուզմունքից: Նա սաստիկ վարանման մեջ էր. պետք է դուրս բերել Մարիամին այդ տանից, ազատել նրան Նատալիայի և տիկին Սոփիոյի հալածանքից, այդ անվիճելի է:

Եվ դեռ այս բոլորից հետո դու ուզում ես, որ քեզ այստեղ թողնեմ և գնա՞մ, — գոչեց նա զայրացած, — ոչ, Մարիամ, դու պիտի գաս ինձ հետ, այլևս քո համառությունը ինձ խաբել չի կարող:

Մարիամը դառնությամբ հառաչեց:

Մտածի ր, Ռուբեն, — ասաց նա թախծալի ձայնով, — ո՞ւր ես գնում և ինձ էլ տանումմի օտար, հեռավոր երկիր, ո՞ւմ հաշվով, ի՞նչ միջոցներով:

Ի՞նչ միջոցներով, — կրկնեց Ռուբենը զարմացած, — միթե այդ հարցին էլ. պատասխա՞ն է հարկավոր:

Այո, հարկավոր է, — ասաց Մարիամը դրական եղանակով, — և հենց այդ է, որ ես չեմ ուզում գալ քեզ հետ և ոչ էլ քո գնալդ կցանկանայի, եթե միայն կարող ես գնալ...

Վերջին դարձվածը կրկնապատկեց Ռուբենի զարմանքը:

Եթե միայն կարող եմ գնալ, — մեքենաբար արտասանեց նա, — ո՞վ կարող է ինձ արգելել: Վերջապես, ի՞նչ ես ուզում ասել, պարզ խոսիր, Մարիամ:

Այն եմ ուզում ասել, Ռուբեն, — պատասխանեց քույրը, — որ նախքան մի տեղ գնալդ, դու պետք է պարզես մեր ժառանգական գործերի դրությունը: Հասկանո՞ւմ ես:

Մեր ժառանգական գործերի դրությունր պարզ է: Մեր հանգուցյալ հայրը մեր ժառանգությունը հանձնել է յուր եղբորը: Մենք ապահով ենք. ապրում ենք մեր կարողությամբ և արտասահման կգնանք մեր հայրական փողերով:

Այո , հայրական փողերով, — շեշտեց Մարիամը մի տեսակ հեգնությամբ, — ո՞ւր են այդ փողերը:

Ասացի, որ մեր հորեղբոր մոտ:

Գիտե՞ս հաստատ, խոսե՞լ ես նրա հետ, կա՞ արդյոք, եթե կա, ո՞րքան է, բավակա՞ն են մեր ծախսերին, ահա ինչ է հարկավոր պարզել, Ռուբեն: Այս չիմացած, դու չպիտի ոչ մի տեղ գնաս, եթե ինձ սիրում ես, եթե ինքնասիրություն ունես:

Ռուբենը մի վայրկյան ապշած նայեց քրոջ երեսին: Ապա ձեռը տարավ ճակատին, աչքերը սևեռեց սեղանին և մտատանջության մեջ ընկավ:

Սպասի՛ր, — ասաց նա, տատանվելով, — դու իմ սիրտս մի ինչ-որ կասկած ձգեցիր, Մարո... Այո, դու ճշմարիտ ես ասում... ես պիտի խոսեմ մեր հորեղբոր հետ... Մի՞թե...Բայց ոչ, պարզ հիշում եմ հանգուցյալ հայրիկի խոսքը... Նա մեզ չքավոր չի թողել: Ինչևիցե, ճշմարիտ ես ասում, պետք է պարզել, և շուտով, հենց այս քանի օրը, հենց վաղը գուցե:

Շտապել հարկավոր չէ, — ընդհատեց Մարիամը, յուր սրտի դառն գաղտնիքը հայտնելուց հետո փոքր-ինչ հանդարտված, — այսքան ժամանակ համբերել եմ, էլի կհամբերեմ: Սպասիր հարմար առիթի և մի օր անկեղծաբար խոսիր մեր հորեղբոր հետ: Ես չեմ ուզում, որ մենքձրիակերի անուն ստանանք... Համբերիր, մի ստիպիլ ինձ ավելի խոսել առայժմ: Ինչ որ ասացի, բավական է, մնացյալը հետո...

Այս ասելով, Մարիամը վեր կացավ տեղից և հանդարտ դուրս եկավ եղբոր Սենյակից:

Ռուբենը ոչինչ չասաց և ոչ խնդրեց քրոջը չգնալ: Երկար ժամանակ նա խորհում էր քրոջ ասածների մասին:

Երբ ծառան սովորական ժամին ներս մտավ, տիկին Սոփիոյի կազմից հրավիրեց ընթրիքի, նա ձեռով բացասական նշան արավ...

IV

Օրը կիրակի էր: Օրիորդ Նատալիան սեփական կառքով դուրս եկավ զբոսնելու: Անհարմար համարելով միայնակ զբոսնելը, մայրը ստիպեց նրան Լիզային և Գաբոյին էլ հետր նստեցնել: Մարիամը և Ռուբենը նույնպես տանը չէին:

Տիկին Սոփիոն զբաղված էր տնային գործերով: Այդ օրը նրանց տանը պիտի ճաշեին Հալաբյանը և իշխան Սահարունին:

Նիկողայոսը յուր առանձնասենյակում միայնակ նստած, ակնոցը աչքին դրած, քրքրում էր ինչ-որ թղթեր, կարդում էր, գրում և երբեմն համարակալի վրա հաշիվներ անում: Նկատելի էր, որ վերջին օրերը նա սաստիկ զբաղված է, սովորականից ավելի երկար էր մնում առանձնասենյակում: Ամեն օր նոր-նոր մարդիկ են գալիս նրա մոտ, խոսում, վիճում են ցածր ձայնով: Գալիս են շուտ-շուտ և նրա գործակատարները: Նիկողայոսը նրանց հետ վարվում է կոպտաբար, գոռում է, հանդիմանում և վրդովված ճանապարհ դնում:

Նա պարապում էր կապալներով և Թիֆլիսի առևտրական, շրջաններում հռչակված էր իբրև հաջողակ, եռանդուն, օրինակելի «գործավար»: Եվ այս հռչակը հարստության հետ նա վաստակել էր վերջին տասնուհինգ տարվա միջոցում միայն:

Կար ժամանակ, որ նա մի հասարակ մահդավաճառ էր, քաղաքի մի կենտրոնական քարվանսարայում, յուր մեծ եղբոր հետ, պահում էր մի փոքրիկ խանութ: ԳևորգըՄարիամի և Ռուբենի հայրըկառավարում էր խանութը: Նիկողայոսը, ավելի երիտասարդ, լեզվանի և աչքաբաց լինելով, կատարում էր դրսի գործերը, գնում էր Ռուսաստան, հարաբերություններ էր պահում օտար գործարանատերերի հետ և այլն:

Մի օր Նիկողայոսը կանգնեց, թե ուզում է խանութը փակել և ուրիշ գործերի ձեռնարկել: Գևորգը առևտրի մեջ երկչոտ մարդ էր, ամեն մի նոր բան նրան կասկած էր պատճառում: Բայց նա մեծ հավատ ուներ դեպի Նիկողայոսի առևտրական հանճարը: Թույլ տվեց նրան գնալ յուր ընտրած նոր ճանապարհով: Իսկ ինքը, խանութը մի քանի տարի միայնակ կառավարելուց հետո, փակեց, յուր մասը զուտ փողով վերցրեց և հեռացավ:

Բախտը հաջողվեց Նիկողայոսին նոր ասպարեզում: Առաջին մի քանի տարվա ընթացքում նա կրկնապատկեց յուր դրամագլուխը: Հետո վրա հասավ արևելյան պատերազմը և նրա եռանդի համար մի նոր ասպարեզ բաց արավ: Նա ընդարձակեց յուր գործերը: Իսկ Գևորգը յուր փողերը պետական թղթերի վերածեց, նրանց տոկոսով սկսեց խաղաղ ու համեստ կյանք վարել, կնոջ մահից հետո փափագ չունենալով պարապել որևէ բարդ գործով:

Երկու եղբոր հարաբերությունները բարեկամական էին, թեև ընտանիքներն ապրում էին առանձին: Մի օր, միասին ճաշելուց հետո, Նիկողայոսը, հոգեկան ուրախ տրամադրության միջոցին, խոսում էր յուր գործերի մասին. — Հանկարծ նա դարձավ Գևորգին և հարցրեց.

Որքա՞ն տոկոս ես ստանում փողերիցդ:

Հարյուրին հինգ, — պատասխանեց Գևորգը:

Հենց ա՞յդ, գոևեց Նիկողայոսն անկեղծ զարմացած: — Հարյուրին տասը կտամ, կուզե՞ս, — ավելացրեց նա անփույթ կերպով:

Գևորգին հրապուրեց այդ առաջարկը, մանավանդ որ սա յուր եղբոր ազնվության մասին կասկած չուներ: Հենց նոր քառասուն հազար ռուբլու տոկոսաբեր թղթերն անցել էին Նիկողայոսի ձեռքը, երբ Գևորգը հիվանդացավ, տասն օրից հետո մեռավ թոքերի բորբոքումից: Փոխառության վերաբերմամբ քանի մի պաշտոնական ձևեր անկատար մնացին, և մեծ եղբոր փողերը կրտսեր եղբոր մոտ մնացին առանց գրավոր ապացույցների:

Նիկողայոսը հանգուցյալի որբերին բնակեցրեց յուր տանը:

Հենց այդ ժամանակ նա, յուր կնոջ թախանձանքով, մի նորաշեն տուն գնեց քաղաքի կենտրոնում: Լինելով գործնական, հաշվագետ մարդ, նա անշարժ կալվածները «մեռած դրամագլուխ» էր համարում: Բայց Սոփիոն վաղուց ցանկանում էր անպատճառ յուր սեփական տանն ապրել: Նա լսել անգամ չէր ուզում, թե ամուսինը Խարափուխի հետ ընկած մի փողոցում կիսախարխուլ մի տուն ունի հորից ժառանգած:

Եվ այս Սոփիոյի առաջին պահանջը չէր միայն, որ կատարեց Նիկողայոսը: Նա սիրում էր կնոջը յուրովի, համարում էր նրան ժամանակակից կին, որ գիտե մարդկանց առաջ պարզերես անել մարդու անունը: Պակաս չէր նպաստում այդ սիրույն և այն հանգամանքը, որ Սոփիոն իշխան Սահարունիների տոհմիցն էր, այն է՝ Սրապիոն Սահարունիի հարազատ քույրը:

Նա ազատություն էր տվել Սոփիոյին տան համար անել, ինչ որ խելքը կտրում է: Իսկ Սոփիոն գիտեր յուր անելիքը, մանավանդ աղջկա վերաբերմամբ: Ոչինչ նա չխնայեց Նատալիայի համար, բացի մի բանից. Դա ատում էր «գուվերնանտկաներին», ուստի վճռել էր չվարձել:

Այդ փքված հնդուհավերը, — ասում էր նա, — գալիս են, մարդու տանը տիրանում են ու...

Բայց և այնպես նա թշնամիներին տրաքացնելու համար վարձեց մի պառավ ֆրանսուհի, մի տարի պահեց, հետո արձակեց: Եվ արձակեց կռվով, որովհետև օտարուհին հանդգնել էր Սադափյանների տան հարուստ կահ-կարասին անճաշակ համարել:

Վերջին տարիները Նիկողայոսն ընտանեկան ծախսերի վերաբերմամբ փոքր առ փոքր ժլատանում էր: Երբ Սոփիոն փող էր ուզում, նա ձեռը տատանվելով էր գրպանը տանում, գլուխը խորհրդավոր շարժում էր և կրկնում.

Սոփիո, ծախսերդ թեթևացրու:

Սուսպատասխանում էր Սոփիոն կատակով, և ամեն անգամ մատների ծայրերը շփում ամուսնու իստակ սափրված երեսին:

Նիկողայոսի ժլատանալը անհիմն չէրնրա գործերը ձախ էին ընթանում, մանավանդ վերջին տարի: Երկու անգամ իրար հետևից նա խոշոր վնասներ կրեց կապալներում: Նա փողի պակասություն զգալով, սկսեց դիմել սրա ու նրա օգնությանը, այնպես որ Հալաբյանն առաջինը չէր, որին նա ձեռք մեկնեց: Բայց նա զգուշությամբ թաքցնում էր կնոջից յուր ձախորդությունն այն մտքով, որ Սոփիոն յուր աղմուկով իզուր պիտի արյուն վրդովեր:

Դռները հանդարտ բացվեցին, ներս մտավ Սոփիոն և անխոս նստեց Նիկողայոսի գրասեղանի մոտ:

Ասա տեսնենք, — արտասանեց վերջինը, թևերը դնելով յուր առաջ ցրված հաշվեթղթերի վրա:

Սոփիոն ժպտաց: Նիկողայոսը հասկացավ:

Այսօր ոչինչ մի խնդրիլ ինձանից, — ասաց մարդը և շարունակեց պարապել ընդհատված գործերով:

Սոփիոն շրթունքն ամուր սեղմեց, ծռեց մի կողմ, հոնքերը վեր քաշեց և գլուխը շարժեց աջ ու ձախ:

Այս ձևով էր նա սովորաբար ծաղրում ամուսնու թույլ ընդդիմադրությունը:

Չեմ տալ, ասում եմ, — կրկնեց Նիկողայոսը, մի փոքր ձայնը խստացնելով:

Զարմանքից Սոփիոյի դեմքը երկարացավ և փոքրիկ աչքերի փայլուն բիբերն անշարժ մնացին դեղնափայլ շրջանակներում:

Հետո , — արտասանեց նա:

Հետո, փող չունեմ, Սոփիո, հավատացիր, որ չունեմ:

Հանաքը մի կողմ թող, ձեռդ գրպանդ տար:

Չունեմ, ասում եմ:

Եթե դու ծուլանում ես, ինքս կհանեմ փողամանդ, — ասաց Սոփիոն և, ոտքի կանգնելով, մոտեցավ ամուսնուն:

Բայց Նիկոդայոսը կատակ չէր անում: Նա բռնեց կնոջ ձեռքից, հետ մղեց և հրավիրեց նստել յուր տեղը:

Օհո՛, — բացականչեց տիկինը միանգամայն ապշած—, Չլինի թե դու ինձ ուզում ես փախցնել:

Ասաց նա և, կեղծ վիրավորված, երեսը շուռ տվեց իբր թե դուրս գնալու: Բայց երբ տեսավ, որ ամուսինը լուռ է, հետ դարձավ և կրկին նստեց:

Նիկո՛, — ասաց նա լրջորեն, — լավ իմացիր, ով որ մեծամեծների հետ ուզում է ծանոթանալ, նա մեծ սիրտ էլ պետք է ունենա:

Թոզ, աստված սիրես, — գոչեց Նիկողայոսը, — ծանոթներ, ծանոթներ, քանդեցիր տունս քո ծանոթներով: Այնքան ունենք, որ էլ ով ասես գալիս է այս տուն, ով ասես, բարևում է ինձ դրսում, շատերի անունն էլ չեմ հիշում:

Սոփիոյի տոհմական ինքնասիրությունը վիրավորվեց: Ինչ, միթե նա , պայծառափայլ Սահարունիների դուստրը, այնպիսի մարդկանց է ընդունում յուր տունը, այնպիսի ծանոթներ է ձեռք բերում, որ դուր չեն գալիս նախկին «բազազին»: Ո՞վ է Սադափյան անունը բարձրացրել, ո՞վ է այդ տունը իշխանների, չինովնիկների, լուսավորվածների համար բաց արել:

Շնորհակալ եմ, շատ շնորհակալ եմ, բոլորը դու ես արել, — ընդհատեց Նիկողայոսը կնոջ խոսքը , — հիմա, բավական է, էլ չեմ ուզում: Մինչև այժմ մենք ուզում էինք սրա ու նրա հետ բարեկամանալ, այժմ թող ուրիշներր աշխատեն մեզ մոտենալ: Որքան մեզ ծանր պահենք, այնքան մեր պատիվը կբարձրանա:

Հիմա այդպես ես խոսում, հաա՞, — գոչեց տիկինը հեգնաբար, — դու չէի ր, որ ասում էիր՝ մարդ պետք է միշտ յուր գլխից վերև նայի, ոչ թե ցած... Դու չէի՞ր հիմա փոխվեցի՞ր: Շատ լավ, ծանր պահիր, տեսնենք, ո ր կոմսուհին երեսիդ մտիկ կանի: Հասկանո՞ւմ ես, ինչ եմ ասում:

Ի՞նչ, ո՞վ, ի՞նչ ես ասում, — զարմացած արտասանեց Նիկողայոսը:

Ես ուզում եմ կոմսուհի Նավալիխինայի հետ ծանոթանալ, — պատասխանեց տիկինը դրական եղանակով:

Նիկողայոսը ապշած նայեց կնոջ երեսին: Այն անունը, որ հիշեց Սոփիոն, շատ և շատ բարձր էր նրա դիրքից ու շրջանից: Ոչ միայն ծանոթանալ, երևակայել անգամ չէր կարող, թե երբևէ բախտ կունենա երես առ երես տեսնվել նրա Հետ: Եվ հանկարծ Սոփիոն ասում է, թե այդ կնոջը կարելի է ստիպել անգամ, որ այցելի Սադափյաններին: Ինչպես:

Մեծ բան է, — բացատրեց Սոփիոն սառնորեն, — եթե նա կոմսուհի է, ես իշխանի աղջիկ եմ: Պապերս վրաց թագավորների հետ մի «հազարփեշից» գինի են խմել, կոմսուհիները ո՞վ են իմ մոտ: Ականջ դիր» կոմսուհի Նավալիխինան մի բարեգործական ընկերության նախագահ է: Ով որ պատվավոր անդամ է գրվում, նրան կարեթով այցելություն է անում: Հասկացա՞ր: Հիմա ես ուզում եմ, որ Նատոս պատվավոր անդամուհի գրվի: Լսո՞ւմ ես: Մի շաբաթ սրանից առաջ կոմսուհին Փափգիսովի կնոջ մոտն է եկել: Սիրտս քիչ մնաց տրաքի, երբ որ լսեցի: Հիմա դու ինքդ ասա, մենք Փափգիսովներից էլ հետ պիտի մնանք:

Ավարտելով յուր խոսքը, տիկինն աչքերը սևեռեց ամուսնու աչքերի մեջ, սպասելով նրա պատասխանին: Նիկողայոսը մի քանի վայրկյան մտածեց և հետո սեղանի արկղը բանալով, հանեց մի հատ աղեղնագույն թղթադրամ և, դնելով սեղանի վրա, ասաց.

Սրանից ավել տալ չեմ կարող, ինչ ուզում ես, արա: Սոփիոն արհամարհանքով շպրտեց թղթադրամը: Նա ոտքի կանգնեց:

Մուրացկա՞ն եմ, ի՞նչ եմ, — գոչեց կատաղած, — վերցրու, չեմ ուզում, տար եղբորղ աղջկա համար հագուստ գնիր:

Առաջին անգամ չէր Նիկողայոսը կնոջ կողմից այս տեսակ կծու ակնարկներ լսում յուր եղբոր որբերի վերաբերմամբ: Բայց երբեք մի առանձին ուշադրություն դարձրած չէր: Այս անգամ Սոփիոյի խոսքը ազդեց նրա վրա: Ազդեց իբրև. հանդիմանություն, և ոչ իբրև վիրավորանք յուր հարազատ եղբոր աղջկա համար:

Նա աչքերը լայն բաց անելով, նայեց կնոջը ոտից գլուխ և արտասանեց.

Սոփիո, բավական է:

Ոչ նրա սուր հայացքը, ոչ ձայնի սաստողական հնչյունը չունեցան ցանկալի ներգործություն: Ընդհակառակը Սոփիոն ավելի գրգռվեց:

Ասում եմ էլի, տար քո եղբոր որդիների համար ծախսիր, — կրկնեց նա, ձեռը խփելով սեղանի ծայրին, — չեմ ուզում, ոչ ես, ոչ իմ աղջիկը կարոտ չենք քո ողորմությանդ: Նրանց ուտեցրու, հագցրու, նրանց պահիր իշխանի որդիների պես ու ինձ ասա, «Ծախսերդ պակասեցրու»: Պակասեցնեմ: Լավ: Համեցեք. առաջ դու դուրս բեր այդ ձրիակերներին իմ տնից, հետո ինձանից պահանջիր:

Իմ եղբոր զավակները ձրիակերներ չեն, նրանք ապրում են իրանց հոր փողով, խստորեն և հանդարտ արտասանեց Նիկողայոսը: — Ես նրանց իրավունք չունիմ այս տնից դուրս բերելու, քանի որ... նրանց ժառանգությունը իմ մոտ է: Եթե ուզում ես դուրս բերել, գտիր ու տուր քառասուն հազարը, նրանք, առանց քո ասելու էլ կգնան...

Այ գրողը տանի նրանց մի քանի հազար թումանը, ինչպես որ տարել է, — ընդհատեց Սոփիոն և ավելի ու ավելի գրգռվելով, շարունակեց նույն եղանակով: — Միայն Մարիամի վրա ավելի է ծախսվել, քան նրա հոր թողածը, իսկ Ռուբե՞նը, որ ութ տարի ուսում է առել: Ոչ, ոչ, բավական է, պետք է ճանապարհ դնել նրանց, թե ոչ, վերջին չքավորության կհասցնեն Սոփիոյին ու նրա զավակներին: Ինչո՞ւ, ի՞նչ իրավունքով, ո՞վ է մեր ժամանակում յուր հարազատներին թողած, եղբոր որբերի համար գլուխ կոտրում: Սև լիներ այն օրը, երբ Մարիամը ոտ դրեց Սոփիոյի տունը: Այն օրից Նատոյի բախտն էլ կապվեց, տարին տարիի հետևից անցնում է, նա պառավում է, չկա մի օրինավոր մարդ, որ նրա վրա աչք դնի: Մարիամը կապել է նրա ճանապարհը, ով ասես, նրա վրա է ուշադրություն դարձնում: Ինչո՞ւ...

Այս ասելով, տիկինը կրկին նստեց, գրասեղանի մոտ և աչքերը տնկեց Նիկողայոսի երեսին: Նրա բարակ շրթունքը կապտել էին, թեթև դպլդողում էին: Թվում էր, որ սպասում էր մի թույլ հակաճառության, և այն ժամանակ պատրաստ էր ավելի կատաղել:

Սակայն Նիկողայոսը չխոսեց: Նա նայեց ժամացույցին, շտապելով հավաքեց հաշվեթղթերը, վերցրեց սեղանի վրա ընկած հարյուրանոց թղթադրամը, փակեց սեղանի արկղիկում, բանալին գրպանը դրեց և վեր կացավ տեղից, ասելով.

Վաղը կստանաս ուզածդ, այժմ չունեմ:

Նույն վայրկյանին հանկարծ նրա դեմքը տարօրինակ այլայլվեց: Նա բռունցքը սեղմած խփեց սեղանին և խեղդուկ ձայնով գոչեց.

Սնանկացրիր ինձ, սնանկացրիր...

Գոչեց և արագ քայլերով դեպի դուրս շտապեց, դռները ուժգնակի ծածկելով յուր հետևից:

Տիկին Սոփիոն ապշած նայեց նրա հետևից:

Այդ մարդը խելքթ կորցրել է, — ասաց նա լսելի ձայնով, — մի քանի մանեթի համար այդքան կատաղե՞լ... Կոպիտ, անտաշ, այսուհետև իշխան Սահարունիի աղջկա հետ պիտի այդպե՞ս վարվե՞ս... Սպասիր, ես քեզ ցույց կտամ թե ով եմ...

Կեսօրվա երկու ժամից անց Նիկողայոսը վերադարձավ տուն, հետը բերելով յուր հյուրերին: Հալաբյանը ներս մտավ սովորական զվարթ տրամադրությամբ: Իբրև վաղուցվա ծանոթ, նա այնքան ընտելացել էր Սադափյանների ընտանիքին, որ այցերի ժամանակ մի առանձին ձևականություն չէր պահպանում: Եվ այդ շատ հավանելի էր Նիկողայոսին:

Տիկին Սոփիոն ընդունեց նրան ուրախ ժպիտը երեսին և հանդիմանեց բարեկամաբար, որ ուշ-ուշ է այցելում:

Ամբողջ մի տարի էր, որ նա Հալաբյանին յուր մտքում Նատալիայի համար փեսացու էր ընտրել: Այս ընտրությունը պայմանավոր էր: Այն օրից, երբ տիկնոջ հույսերը թուլացան ավելի արժանավորին գտնելու, սկսեց զիջումներ անել և ի վերջո նրա ուշումիտքը կանգ առան թերմաշ ամուրիի վրա: Հալաբյանը, եթե սպա չէր, եթե մի մեծ պաշտոնյա չէր, փող և դիրք ուներ: Եվ Սոփիոն քանի մտածում էր այս մասին, այնքան ամուրին բարձրանում էր նրա աչքում: Այս առթիվ նա մի օր խոսեց յուր աղջկա հետ և ուրախության տեսավ, որ Նատալիան ոչ միայն ընդդիմադրություն չի ցույց տալիս, այլև, կարծես, ուրախ է:

Եվ իրավ, քսանութամյա օրիորդը հարուստ ամուրիի մեջ տեսնում էր քանի մի հատկություններ, որ հավանելի էին նրան: — Հալաբյանը տակավին ծեր չէ, նա ունի ծանր ու հպարտ գնացք, խրոխտ ու դուրս ցցված կուրծք, նա գիտե ճաշակով հագնվել, վայելուչ խոսել կանանց հետ, արժանավորությամբ պահել իրան հասարակական շրջաններում: Փորձի համար Նատալիան մի անգամ պատկերացրեց իրան նրա հետ թև թեի տված ման գալիս և տեսավ, որ հեռվից նայողի մեջ մի այդ տեսակ զույգ կարող է հարգանք զարթեցնել: Ինչ անենք, որ ճաղատ է Հալաբյանը, գլխի մազերը կանանց համար են զարդ, տղամարդը ճաղատ գլխով ավելի պատկառելի է: Իսկ նրա հարստությունը, որի մասին օրիորդը մի փոքր առասպելական գաղափար ուներ: — Ահա այն ամենագլխավոր հրապույրը, որ բարձր էր նույնիսկ իշխանական ծագումից: Նատալիան յուր օժիտը մի ամենաչնչին բան էր համարում՝ այն ապրուստի համար, որ երազում էր տասնուվես տարեկան հասակից սկսած: Միայն Հալաբյանը կարող էր իրագործել այդ երազը, — գոնե այսպես էր մտածում օրիորդը: Ահա ինչու նա բացարձակ հավանություն էր տալիս յուր մոր միտումներին: Եվ մայրը, խրախուսված այս հավանությունից, ամեն կերպ աշխատում էր ձեռքից բաց չթողնել յուր որսը, որին նա վերջինն էր համարում, դիտելով դստեր հետզհետե թառամող դեմքը:

Հյուրերը գալուց մի քանի րոպե անցած ներս մտավ Նատալիան զուգված, զարդարված: Հետո եկան Մարիամը ու Ռուբենը, և իշխան Սահարունիի զվարճախոսության շնորհիվ հյուրասենյակը աղմկեպ:

Տիկին Սոփիոն նկատեց, որ Հալաբյանը միայն մի քանի րոպե ուշադիր եղավ դեպի յուր դուստրը, հետո ամուրին դարձավ Մարիամին և սկսեց նրա հետ խոսել: Նա ներքին հուզմունքից շրթունքները կրծեց և մոտեցավ Հալաբյանին:

Ինչի՞ մասին եք այդպես տաք-տաք խոսում, — հարցրեց նա պարզ:

Խոսում ենք Ռուբենի արտասահման գնալու մասին, — պատասխանեց Հալաբյանը, — այժմյան երիտասարդները շատ ագահ են, ինչքան գիտություն են ստանում, չեն կշտանում:

Այդ մասին հետո, — ասաց տիկինը շեղակի նայելով Մարիամի երեսին, — գնանք ճաշելու, բավական է ինչքան քաղցած պահեցինք ձեզ:

Նա առաջ գնաց, և հյուրերը հետևեցին նրան դեպի սեղանատուն:

ճարպիկ տանտիրուհին այնպես հմուտ կարգադրեց, որ ճաշի սեղանի մոտ Հալաբյանի մի կողմում իշխան Սահարունին նստեց, մյուս կողմում Նատալիան, դեմուդեմ Նիկողայոսը: Իսկ Մարիամին և Ռուբենին հրավիրեց նստել յուր մոտ, առաջինի աջ ու ձախ կողմերում տեղավորելով Գաբոյին ու Լիզային: Բայց... ապարդյո՛ւն ջանք: Ամուրին սկզբից մինչև վերջ այնչափ ուշադրություն դարձրեց յուր հարևանուհու վրա, որչափ պատշաճ էր, անքաղաքավարի չլինելու համար: Ամեն մի հաջող վայրկյանից օգուտ քաղելով, նա Նատալիայի ուսի վրայով նայում էր Մարիամին, որ զբաղված լինելով Գաբոյով ու Լիզայով, չէր նկատում նրա համառ հայացքները:

Տիկին Սոփիոյի սիրտը խռովեց, այլ նա չհուսահատվեց: Աչքով արավ իշխանին, որ կենացներ առաջարկի: Այս ևս չօգնեց: Ո չ նորին պայծառափայլության յուրաքանչյուր բաժակի վերաբերմամբ արտասանած սովորական խոսքը, ոչ տիկնոջ և Նիկողայոսի անսովոր հարգանքը չգրավեցին Հալաբյանին: Լուռ էր նա և եթե խոսում էր, միայն հարկից ստիպված:

Ճաշը ավարտվեց: Տիկին Սոփիոն հյուրերին հրավիրեց դահլիճ, որ Սադափյանների տասնուերկու սենյակների մեջ ամենահարուստ զարդարվածն էր: Դեպի փողոց նայող հինգ բարձր և լայն պատուհանները սքողված էին թանձր ու ծանր մետաքսյա մուգ-կարմրագույն վարագույրներով, որ ծառաները նոր մաքրել էին և քարշ արել: Մի անկյունում դրած էր տաճկական թախտը, մետաքսյա նրբանկար և ոսկեգործ կապերտով ծածկված: Չինական ձևով մանր քանդակված և փղոսկրով դրվագած քանի մի աթոռակներ շրջապատել էին Ոսկեհյուս բարձերով զարդարուն թախտը: Մի այլ անկյունում դրած էր ավելի մեծ մի թախտ, զարդարված բուն աարսկական ճաշակով: Դեմուդեմ մի անկյունում մորենագույն թավիշով ծածկված եվրոպական բազկաթոռները և բազմոցներն էին տեղավորված: Իսկ այնտեղ, դահլիճի խորքում, վարագույրների հովասուն ստվերի տակ, հպարտ կանգնած էր Նատալիայի ահագին դաշնամուրը, որի կափարիչի վրա անկանոն սփռված էին ոսկեկազմ նոտատետրերը: Այս ու այնտեղ շարված էին կոլորակ, սևագույն սեղաններ: Մեկի վրա դրած էր այցետոմսերով լի չինական վազը: Մյուսները ծանրաբեռնված էին թանկագին փնջամաններով, ալբոմներով և հարյուր տեսակի մանր-մունր արդուզարդով: Բացի կանթեղներից և պղնձե մոմակալներից, պատերի վրա քարշ արած էին մոտ տասը մեծադիր նկարներ, որոնց ոսկեզօծ շրջանակները ավելի թանկ արժեին, քան իրանց մեջ ամփոփվածը:

Следующая страница