Շիրվանզադե Ալեքսանդր՝   Զուր հույսեր

Տանտիրոջ հարստության և տանտիրուհու ճաշակի մասին գաղափար տվող այս դահլիճն էր, որի զարդը ֆրանսուհի գուվերնանտկան անճաշակ էր անվանել:

Նիկողայոսը հյուրերին առաջարկեց աբրիկանտ: Հալաբյանը օրիորդ Մարիամին խնդրեց դաշնամուր նվագել: — Մի անտակտություն, որ կատաղեցրեց Սոփիոյին: Տիկինը գաղտուկ նայեց Մարիամի երեսին, և նայեց այնպես, որ օրիորդը մերժեց Հալաբյանի խնդիրը: Իշխան Սահարունին, Նատալիայի թևը առած, մոտեցրեց դաշնամուրին:

Նա հնչեցրեց Ժորժ Բիզեի երաժշտությունից մի կտոր, որ այն ժամանակ խիստ տարածված էր Թիֆլիսի ընտանիքներում: Նրա խազը գրավեց մի փոքր ժամանակ Հալաբյանի ուշադրությունը:

Տիկին Սոփիոն հանդարտ մոտեցավ, նստեց ամուրիի մոտ և սկսեց շշնջալ, թե որքան Նատալիան սիրում է մուզիկը, թե ինչպես նա դյուրին սովորում է ամեն մի նոր եղանակ, թե քանի-քանի մարդիկ գովել են նրա առանձին ձիրքը: Զարմանում են, որ նա բարեգործական նվագահանդեսներում չէ մասնակցում: Հալաբյանը նույնպես գովեց, և այսպիսով անգիտակցաբար մեղմացրեց տիկնոջ ներքին ալեկոծությունը: Նրա հայացքը մի անգամ ևս դարձավ Մարիամի կողմը: Օրիորդը մի փոքր հեռու նստած լսում էր իշխան Սահարունիի զվարճախոսությունը: Երբեք նա այնքան սիրուն, այնքան գրավիչ չէր երևացել Հալաբյանին: Ամեն, ինչ նրա կերպարանքի մեջ գրավիչ էր: Եվ հեգ ամուրին ավելի ու ավելի զգում էր, թե դժբախտ կլինի, եթե չկարողանա հաղթել նրա հպարտությանը:

Նատալիան վերջացրեց նվագումը: Իշխան Սահարունին ծափահարեց: Հալարյանը բնազդումով հետևեց նրա օրինակին:

Օրը մթնեց, սպասավորը վառեց կանթեղները: Դահլիճը լուսավորվեց մի պայծառ, ուրախ լուսով, որի շողքերը առանձին մի հրապույր սփռեցին Մարիամի վրա: Մի վայրակյան Հալաբյանը հիշեց յուր դատարկ բնակարանի կիսախավար սենյակները օրվա այդ ժամին, երբ նա սովորաբար պառկած էր լինում անկողնում: Մի բուռն ատելություն զգաց նա դեպի այդ մռայլ կացարանը, որ յուր տաղտկալի մենությունն էր հիշեցնում: Նա կկամենար երկար նստել դեմուդեմ այն արարածի հետ, որի թովչությունը գրեթե կաշկանդել էր նրա հոգին: Այլ արդեն ուշ էր: Նա ոտքի կանգնեց:

Ո՞ւր եք շտապում, — ասաց Նիկողայոսը, հակառակ յուր ցանկության չկարողանալով հյուրի անսովոր սակավախոսության պատճառն իմանալ:

Արդեն մութն է, — պատասխանեց Հալաբյանը և, դառնալով Սոփիոյին, ավելացրեց. — ներեցեք, տիկին:

Դուք ներեցեք, որ չկարողացանք ձեզ զվարճացնել, — ասաց տիկինը մի առանձին եղանակով, որ արտահայտում էր մի տեսակ նուրբ հեգնություն: Եվ, յուր մատֆերի ծայրերը դնելով նրա ափի մեջ, ավելացրեց. — խնդրում եմ չմոռանաք մեզ...

Տեսա՞ր, — գոչեց տիկին Սոփիոն հուզված մտնելով ամուսնու հետևից ննջարան, — տեսա՞ր այդ քո եղբոր Աղջիկը ինչ է անում:

Ի՞նչ է անում, — հարցրեց Նիկողայոսը զարմացած:

Կապում ու կտրում է խեղճ Նատոյիս ճանապարհը: Չե, թեկուզ ինձ խեղդես, ես իմ աղջկանս այս տանը պահելու չեմ: Կամ նա, կամ քո եղբոր աղջիկը: Մեկի վրա էի դրել հույսս, նրան էլ ուզում է խելքից հանի, այն էլ ո՞վ... մեր հացով ապրողը:

Եթե խոսքդ Հալաբյանի մասին է, — ասաց՝ Նիկողայոսը սառնորեն, — Մարոն այդ մարդուն այնքան է հավանում, ինչքան ծիտը կատվին:

Հավանում է, չի հավանում, — ասաց Սոփիոն գրգռված, — այդ իմ գործը չէ... քանի որ նա այս տանն է, իմ աղջկա բախտը կապ է ու կապ...

Գիտե՞ս ինչ, — ընդհատեց Նիկողայոսը, սյուրտուկը հանելով, — եթե ուզում ես ճշմարիտն ասեմ, քո աղջիկ մարդու տալու այդ հոգսերդ ինձ մինչև այստեղ ձանձրացրել են, այ, մինչև այստեղ. — նա ճեռը դրեց կոկորդին: — Ես ավելի մեծ ցավ ունեմ, հասկանո՞ւմ ես: Գնա՛, ինչ ուզում ես արա, գլուխս մի ցավացնիլ:

Այս ասելով Նիկողայոսը պառկեց անկողնին յուր սովորական քունը վայելելու:

Իշխան Սահարունին, փողոցում հասնելով Հալաբյանին, հարցրեց.

Այս երեկո կլուբում կտեսնվի՞նք:

Ոչ:

Ինչո՞ւ:

Որովհետև ուզում եմ տանը մնալ:

Հեր օրհնած, քեզ ի՞նչ է պատահել, — Գոչեց զարմացած: — Մի շաբաթ է ոչ մի տեղ չես երևում, տխուր ես, հետդ խոսել չի լինում: Այսօր էլ, կարծես, նորահարս լինեիր քրոջս տանը, ոչ կարգին ճաշեցիր, ոչ խմեցիր, ոչ խոսեցիր... փիե՛... Եկ այս երեկո կլուբ, թե չէ լուր կտարածեմ, որ գժվել ես:

Ինչ ուզում ես արա, միայն այս երեկո ինձ հանգիստ թող, — պատասխանեց Հալաբյանը թույլ ձայնով, — ես մի փոքր տկար եմ...

Տկար ե՛ս... նու, այդ տկարությունը մարմնավոր չի, ես այդ նկատում եմ...

Ցտեսություն, — ընդհատեց Հալաբյանը և, շտապով սեղմելով յուր ընկերոջ աջը, արագ քայլերով հեռացավ:

Քանի մի վայրկյան իշխանը ապշած նայեց նրա հետևից և, գլուխը շարժելով, ասաց մտքում.

«Հըմ, ուրեմն ես չեմ սխալվում, այդ մարդը սիրահարվել է, ո՞ւմ վրա... Իհարկե, Մարիամի: Իհա՛ա, բուրդը թափված արջ, լավ պտուղ ես ուզում քաղել մաշված թաթերովդ: Նու, բարեկա՛մ, Մարիամը քո հավասարը չի... Եթե վճռել ես իսկապես հիմարանալ, ահա Նատալիան, նրանից լավին արժանի չես»:

Անցնելով փողոցի մեկ մայթից մյուսի վրա, նա ավելացրեց.

«Այո , Նատալիան, ես Սոփիոյի միտքը հասկանում եմ այժմ, թե ինչու նա ինձ խնդրում է շուտ-շուտ այդ մարդուն նրա տունը տանել: Էէ , իշխան Սահարունի, կարծեմ ազնվական արյունդ չի պղտորվիլ, եթե քրոջդ աղջկա համար մոցիքուլություն անես... Տրալլա, տրալլա տրալլալալա... տխմար է նա, որ մահմեդական չէ և ամուսնանում է»…

Մի քանի րոպեից հետո մի սիրուն կառք իշխանին հասցրեց քաղաքի հետ ընկած փողոցներից մեկը: Կար այստեղ մի փոքրիկ տուն, ուր մեկը անհամբեր սպասում էր նրան և որին իշխանը նոմեր երկրորդ էր անվանում:

V

Երեք օր շարունակ Սադափյանների տանը տիրում էր մի անլուր խռովություն: Տիկին Սոփիոն չէր խոսում ոչ Մարիամի և ոչ Ռուբենի հետ, կամ խոսում էր, երբ միայն անհրաժեշտ էր, ակամա, կոշտ եղանակով, առանց նրանց կրեսին նայելու:

Չարակամությունը հանգիստ չէր թողնում: Ինչ, յուր սեփական տանը ամեն օր, ամեն ժամ աչքի առաջ ունենա մի կենդանի խոչընդոտ յուր դստեր բախտին, և կարողանա՝ սառնարյուն մնալ: Պետք է դուրս վռնդել այդ աղջկան էլ ու նրա եղբորն էլ: Այնպես վռնդել, որ նրանք իմանան, թե ինչ ասել է առանց հարուստ ազգականների օգնության ապրելը: Այն ժամանակ Մարիամը այլևս չի հանդգնիլ յուր գլխից բարձր մարդկանց մասին երազել:

« — Հա հա հա, — դառն ծիծաղում էր տիկինը յուրովի, — հարուստ մարդու կնիկ է ուզում լինել: Դեռ կոտրատվում էլ է... Նիկոն էլ ասում է, թե նա չի հավանում Հալաբյանին... Չի հավանո՛ւմ, հա հա հա... ո՞ւմ, ո՞վ...»:

Վիրավորված էր և Նատալիան, թեև պարզ չէր արտահայտում յուր սրտինը, Զգայուն և դյուրագրգիռ օրիորդը գեթ այնքան ինքնասեր էր, որ աշխատում էր թաքցնել յուր հոգեկան նվաստությունը: Բայց նախանձը կրծում էր նրա սիրտը, և ամեն անգամ յուր հակառակորդ համարածին հանդիպելիս, ակամա մի որևէ նշանով կամ դեմքի շարժումով մատնում էր իրան:

Մարիամը տեսնում էր այս խուլ թշնամական պայքարը յուր դեմ: Եվ համբերում էր. Ոչ մի խոսքով, ոչ մի նշանով նա չցույց տվեց յուր սրտի դառնությունը, Ինչպես միշտ, նա հարգում էր տիկնոջը գեթ արտաքուստ, ինչպես միշտ, վարվում էր Նատալիայի հետ իբրև կրտսեր քույր: Եվ չէր զգում, որ այսպիսով անգիտակցաբար արհամարհում է յուր հակառակորդի նախանձը, ուրեմն և ավելի գրգռում նրան, մանավանդ ընդունելով նրան իբրև իրանից մեծ: Նա վեց տարով Նատալիայից փոքր էր. մի հասարակ տարբերություն, որի հետ վերջինը չէր ուզում հաշտվել:

«Կարծես, բերանից կաթի հոտ է փչում, — ասում էր մտքում Նատալիան, — իրան անչափահաս աղջիկ է ձևացնում: Հարցնող չկա որն է մեզնից դեմքով ավելի երիտասարդ»:

Առավոտ էր: Մարիամը սովորական ժամին զարթնած, շորերը հագնում էր: Երկու օրիորդների ննջարանները թեև առանձին էին, բայց միմյանց կից: Շորերը հագնելուց հետո, Մարիամը հանկարծ անզգուշաբար կպավ յուր անկողնակալի մոտ դրած փոքրիկ և թեթև սեղանին. Սեղանը ընկավ բաց հատակի վրա և աղմուկ հանեց:

Լիզա, Գաբո, չե՞ք թողնելու, որ մի քիչ քնեմ, — ձայն տվեց յուր սենյակից Նատալիան բարկացած:

Մարիամը մոտեցավ միջին դռներին և ժպտալով ասաց.

Ես էի, Նատո, ներիր, Լիզան ու Գաբոն քնած են իրանց սենյակում:

Նատալիան արմունկը բարձին հենած, նայեց նրան արյունալի աչքերով: Գրավիչ էր Մարիամը այդ վայրկյանին յուր տնային թեթև հագուստով, սակավ ինչ գունատ այտերով, ուսերի վրա սփռված կակուղ ալեծուփ մազերով: Եվ հենց այդ սիրունությունը ավելի գրգռեց յուր հակառակորդին:

Նատալիան գոռաց, և գոռաց այնպես, ինչպես, մի բարի տիրուհի երբեք չի գոռում յուր աղախնի վրա.

Դուք միշտ այդպես եք, այ, ուրիշներին չեք թողնում քնելու, իսկ ինքներդ... Ախ, ատելի եք, գեղեցիկ օրիորդ, ատելի եք...

Եվ ատամները կրճտելով, գլուխն ավելի բարձրացրեց: Կարծես, պատրաստ էր կատաղի կատվի պես վեր ցատկել և յուր սուր ճանկերով կպչել հակառակորդի կոկորդին: Մարիամի այտերը և ականջների ծայրերը շառագունեցին ներքին հուզմունքից: Նա երեսը հետ դարձրեց արհամարհանքով:

Նույն վայրկյանին Մարիամի սենյակին կից սենյակի շեմում երևեցաննախ Գաբոյի, ապա Լիզայի զարմացած և երկյուղած դեմքերը:

Շուտով դուք ինձ այս սենյակից կփախցնեք, — գոչեց Նատալիան, նկատելով Մարիամի արհամարհական ժպիտը, — կփախցնեք իմ հոր տնից: Ես հանգստություն չունեմ այստեղ ձեր ձեռքից, գոռոզ օրիորդ...

Նրա ձայնին ներս եկավ աղախինը, հետո Սոփիոն: Տեսարանը այլ կերպարանք ստացավ: Հերթը տիկնոջն էր:

Լավ կլիներ, — դարձավ նա Մարիամին, առանց նախապես գործի էությանը տեղեկանալու, — որ մի քիչ խոնարհ պահեիր քեզ այս տանը: Ի՞նչ կա էլի լույսը չբացված կռիվ ես սարքել:

Մարիամի աչքերի մեջ փայլեց արտասուքը: Նա դողդոջուն ձայնով արտասանեց.

Կռիվ սարքողը ձեր աղջիկն է:

Նատալիան վերմակը մի կողմ շպրտեց և հերարձակ գլխով, կիսամերկ կրծքով նստեց անկողնի մեջ:

Այդ ի՛նչ ասել է, — գոռաց նա խեղդուկ ձայնով, — դու համարձակվում ես ինձ մեղադրե՞լ...

Եվ այնպիսի մի ճիչ արձակեց կրծքից, որ, կարծես, մեկը հանկարծակի նրան հնոցի մեջ ձգեց: Հետո նա երեսը դրեց բարձին, սկսեց հեկեկալ, յուր սուր ատամներով կրծելով բարձի կտավը:

Տիկին Սոփիոն վազեց դուրս և քանի մի վայրկյան անցած, յուր ամուսնու թևից բռնած, քաշեց, ներս բերեց:

Տե՛ս, ողորմած մարդ, բարեգործ մարդ, մեր հացը ուրիշներին տվող մարդ, — գոռում էր նա, յուր փոքրիկ աչքերի սուր բիբերից կայծեր թափելով, — տես լավությանդ տեղ ի՞նչ են անում:

Նիկողայոսը չգիտեր ամաչեր, որ այդպես անժամանակ տեսնում էր իրան օրիորդների կացարանում, թե զարմանար: Նա նայեց բարձրաձայն հեկեկող Նատալիային և հարցրեց.

Ի՞նչ է պատահել:

Մարիամը ամոթից երեսը ծածկեց՝ երկու ձեռներով:

Այն է պատահել, — պատասխանեց Սոփիոն, — որ աղջկաս օրը սևացնում է քո եղբոր էդ, էդ, էդ... մեղա քեզ, տեր աստված...

Եվ դեպի Մարիամի կողմը մի վիրավորական խոսք շպրտելով, նա մոտեցավ Նատալիային, գրկեց, համբուրեց և սկսեց մխիթարել:

Ես ոչինչ չեմ հասկանում, ոչինչ չեմ հասկանում, — գոչեց Նիկողայոսը, գլուխը երերելով, և ականջները փակած դուրս գնաց:

Նույն օրը Մարիամը հակառակ յուր ցանկությանը, չկարողացավ հաղթել յուր սրտի դառնությանը և միևնույն սեղանի մոտ ճաշի նստել տիկին Սոփիոյի և Նատալիայի հետ:

Անախորժ անցքը անհայտ մնաց Ռուբենին: Նրա սենյակը գտնվում էր Սադափյանների ընդարձակ բնակարանի ծայրում: Դահլիճը, սեղանատունը, Նիկողայոսի առանձնարանը և նախագավթի պես մի լայն միջանցք այդ սենյակը անջատում էին օրիորդների ննջարաններից:

Ո՞րտեղ է Մարոն, — հարցրեց Ռուբենը Լիզայից, երբ տեսավ, որ քույրը ճաշին չներկայացավ:

Յուր սենյակումն է, — պատասխանեց Գաբոն, — կանչեցի, չեկավ:

Ռուբենը ճաշը կիսատ թողեց, շտապեց յուր քրոջ մոտ: Պատուհանի առաջ կանգնած, օրիորդը մտահույզ դեմքով նայում էր դեպի գավիթ:

Մարո, — գոչեց եղբայրը և բռնեց նրա ձեռը:

Մարիամը մտքերից սթափվեց և հետ նայեց, ձեռով սրբելով աչքերը: Ռուբենը նրա կարմրած աչքերի մեջ նշմարեց արտասուքի թարմ հետքը:

Դու լա՞ց ես եղել, — հարցրեց եղբայրը, ուղիղ նայելով նրա երեսին:

Ոչ:

Ինչո՞ւ չես ճաշում:

Ախորժակ չունեմ:

Մարո, — գոչեց Ռուբենը, բաց թողնելով քրոջ ձեռը և մի քայլ հետ դնելով, — դարձյալ ինձ խաբո՞ւմ ես:

Մարիամը խոր հոգոց հանեց կրծքից և ապա բռնելով եղբոր ձեռը, թախանձանքով ասաց.

Եթե ինձ սիրում ես, այժմ ոչինչ մի հարցնիլ, ոչինչ: Գնա ճաշդ վերջացրու և իրիկնադեմին սպասիր ինձ սենյակումդ: Այնտեղ կխոսենք:

Ռուբենը ոչինչ չասաց, և ասելու բան չուներ: Նա գուշակեց, որ դարձյալ վիրավորել են յուր քրոջ սիրտը: Բայց նա արդեն յուր անելիքը վճռել էրպետք էր անշուշտ և անհապաղ դուրս գալ այդ տնից:

Արդեն հինգ օր էր, որ նա արտակարգ հոգնածության մեջ էր: Արտասահման գնալու գաղափարը հետ մղեց յուր գլխում «առ ժամանակ»: Տիկին Սոփիոյի պարզ արհամարհանքը, հորեղբոր անտարբեր վարմունքը, Մարիամի օրեցօր աճող թախիծը, այս բոլորը դրդում էին նրան՝ սեփական աշխատանքով ապրելու միջոցների մասին մտածել:

Միևնույն ժամանակ նա վճռեց յուր հոր թողած ժառանգության մասին վերջնապես բացատրություն խնդրել հորեղբորից: Արդյոք կա՞ մի բան, թե՞ ցնորք է այդ ժառանգությունը: Մի՞գուցե արդարև քույրը և ինքը ութ տարի շարունակ մի ավելորդ բեռն են եղել իրանց հորեղբոր ընտանիքի համար, նվաստ ձրիակերներ: Ձրիակե՛ր... միայն հենց այդ բառը սարսափո ար սարսափեցնում էր նրան և ձգում անհուն մտատանջության մեջ:

Սպասելով հարմար առիթի հորեղբոր հետ խոսելու, նա որոնում էր յուր համար մի պաշտոն: Չորս օր շարունակ նա սրան նրան դիմեց, ալ մի տեղ չգտավ մի հարմար պաշտոն: Այն ժամանակ նայ վճռեց նույնիսկ մի ամենահասարակ գործ հանձն առնել: Վերջապես, մի դպրոցում նրան առաջարկեցին առժամանակ մի քանի դասեր, և նա ընդունեց: Հենց միևնույն օրը քաղաքի աղքատիկ փողոցներից մեկում գտավ մի փոքրիկ բնակարան, երկու սենյակից բաղկացած: Բայց պետք էր նախապես այս բոլորի մասին խոսել Մարիամի հետ, և նա մտադիր էր նույն օրը խոսել:

Ռուբենի դուրս գնալուց հետո, Մարիամի մոտ եկան Գաբոն և Լիզան ձեռներում մի-մի աման կերակուր:

Ինչո՞ւ ես լալիս, Մարո, — ասաց Լիզան, — Նատոն քեզ հետ կռվեց նրա՞ համարՏեսա, տեսա, դու մեղավոր չես, Մարո, ես հայրիկին էլ ասացի, որ դու մեղավոր չես:

Եվ փոքրիկ աղջիկը ամանը դրեց սեղանի վրա, յուր փափուկ բազուկները փաթաթեց Մարիամի պարանոցին, այտերը մոտեցրեց նրա շրթունքներին:

Կե՛ր, Մարո, քաղցած մի՛ մնալ, — ասաց Գաբոն, — մաման լակեյին հրամայեց, որ քեզ համար ջոկ սեղան բաց անի, մենք չթողեցինք: Այ, ինչ որ ուզում ես, ասա բերենք...

Մատաղ սրտերի անկեղծ սերը մխիթարեց Մարիամին, մեղմացրեց անախորժ դեպքի ծանր տպավորությունը , ջնջեց այն թեթև ոխը, որ վայրկենաբար զարթնել էր նրա սրտում յուր ոսոխների դեմ:

Իրիկնադեմին նա գնաց եղբոր սենյակը: Դռներին չհասած, նա լսեց մի խոսակցության ձայն: Ռուբենը միայնակ չէր. Օրիորդը մի քանի վայրկյան կանգ առավ, ականջ դրեց: Խոսում էր Ռուբենը: Հանկարծ նա լսեց մի ծանոթ ծիծաղ, ևսիրտը սկսեց բաբախել: Նա մոռացավ յուր մտքերը, արյան մի ուժգին հոսանք խաղաց նրա երակների մեջ: Քունքերի վրա նա զգաց մի այրող տաքություն: Զգաց նույնպես, որ այտերը կարմրեցին:

Նա անգիտակցաբար մի քանի քայլ հետ դրեց: Քանի մի վայրկյան տատանվեցներս մտնել, թե՞ վերադառնալ: Ծանոթ ձայձը կրկին հնչեց նրա ականջին: Նա ուղղեց յուր հագուստը, կարգի բերեց գլխի մազերը, ձեռը սեղմեց ձախ կրծքին: Այնտեղ, որսված ճնճղուկի պես, թրթռում էր նրա սիրտը :

Նա դռները բաց արավ և ներս մտավ:

Ռուբենը նսաած էր բազկաթոռի վրա, արմունկը հենած գրասեղանին: Նրա առաջ անցուդարձ էր անում նա, որի ձայնը այնքան հուզմունք պատճառեց Մարիամին: Սեղանի վրա վառվող կանթեղը լուսավորում էր քսան ու յոթ, քսանութ տարեկան մի պնդակազմ միջահասակ երիտասարդի լայն ճակատը, թուխ երեսի բավական խոշոր գծերը, կարճ և ցանցառ միրուքը: Ոսկե շրջանակով պենսնեն թույլ չէր տալիս որոշելու նրա աչքերի գույնը: Նա հագած էր ժամանակակից ձևի կարճ, սև սյուրտուկ, մուգ-մոխրագույն վարտիկ և սրածայր կոշիկներ:

Տեսնելով Մարիամին, երիտասարդը արագորեն ձեռները դուրս բերեց գրպանից: Ուրախության ժպիտը երևան հանեց նրա խոշոր, սպիտակ ատամների շարքերը:

Հուսով եմ ներողամիտ կլինեք, որ այսպես անժամանակ եք տեսնում ինձ այստեղ, — ասաց երիտասարդը, մեջքից խոնարհ թեքվելով, և բռնելով օրիորդի աջը, ավելացրեց. — առո՞ղջ եք.

Շնորհակալ եմ, ե՞րբ եք եկել, — հարցրեց Մ արիամը, դարձյալ կարմրելով:

Այսօր առավոտյան և շատ բարևներ եմ բերել ձեր մորաքրոջ կողմից, օրիորդ Մարգարտից, Արշակից և ամբողջ ընտանիքից:

Նրանք դեռ Դիլիջանո՞ւմն են:

Ոչ: Երեկ միասին ուղևորվեցինքնրանք Երևան, ես` Թիֆլիս:

Ուրեմն

Այո, — ընդհատեց երիտասարդը, գուշակելով օրիորդի հարցը, — վճռեցի տեղափոխվել այստեղ և մշտական մնալ: Մարիամը հազիվ կարողացավ զսպել յուր ուրախությունը, լսելով երիտասարդի վերջին խոսքերը:

Այս րոպեին, — շարունակեց երիտասարդը, — Ռուբենի հետ հենց այդ մասին էինք վիճում, երբ դուք ներս մտաք: Երևակայեցեք, օրիորդ, ձեր եղբոր կարծիքով, ես չափազանց սխալվում եմ: Թիֆլիսը գավառից գերադասելով: Նա ասում է, թե ես պիտի մնայի Երևանում...

Վերջին դարձվածը արտասանելիս երիտասարդը ակնոցի բաց-ծխագույն ապակիների միջով աչքերը սևեռեց Մարիամի երեսին: Եվ, կարծես, այդ սուր հայացքից խուսափելով, օրիորդը անցավ սենյակի կիսալուսավոր մի անկյունը, նստեց պատի տակ: Այստեղ նրա այլայլվիլը մասամբ աննկատելի կարող էր մնալ Ռուբենից:

Երբեք ես չեմ ափսոսել իմ կատարած գործերի մասին, — դարձավ երիտասարդը Ռուբենին, — հույս ունիմ, որ այս անգամ էլ չեմ ափսոսիլ: Ինքդ դատիր, Պետերբուրգից հետո գնալ և՝ մի գյուղաքաղաքում ապրելշատ և շատ անտանելի է: Ես այդ զգացի ութ ամիս Երևանում մնալով: Անհնարին է այնտեղ ապրելը, կրթված մարդը կարող է բոլորովին խեղդվել լուսավոր օդի պակասությունից:

Իսկ այստեղ դու կխեղդվես այդ օդի շատությունից, — շեշտեց Ռուբենը հեգնաբար, — նեխված, ապականված օդի...

Ես չեմ հասկանում քո ասածը, — արտասանեց երիտասարդը և նույն վայրկյանին պենսնեն վերցնելով, երևան հանեց հաստոսկր կամարների տակ տեղավորված բաց-մեխակագույն, փոքրիկ, սակավ ինչ ցավագար, բայց սուր և խելացի աչքերը:

Շատ պարզ է: Դու իբրև բժիշկ, ստիպված կլինես մրցել անթիվ արհեստակիցներիդ հետ:

Մելիք-Բարսեղյանըայսպես էր երիտասարդի ազգանունըկես ներողամտաբար և կես-հեգնաբար ծիծաղեց, հանդարտ ուղղելով յուր նոր շապկի փայլուն օձիքը:

Տեսնո՞ւմ եք, օրիորդ, — ասաց նա Մարիամին, որ լուռ և հետաքրքրված լսում էր երկու երիտասարդների վիճաբանությունը, — ձեր եղբայրը ինձ ուզում է հուսահատեցնել: — Գիտես ինչ, — դարձավ նա Ռուբենին, — մրցումից վախեցողը չպիտի համարձակվի կյանքի ասպարեզ մտնել: Ես... երբեք այդ երկյուղը չեմ ունեցել: Ի՞նչ մրցումն կարող է լինել իմ և իմ արհեստակիցներիս մեջ: Գիտությա՞ն, թե՞ արհեստի: Եթե գիտության, այդ շատ ցանկալի է և օգտավետ ինձ համար: Եթե արհեստի, այն ժամանակ ես միայն մի զենք կունենամբարեխղճություն:

Մելիք-Բարսեղյանը դարձյալ նայեց Մարիամին, և նրա սուր աչքերը վերջինի դեմքի վրա կարդացին խորին հետաքրքրություն: Խրախուսվելով օրիորդի լուռ հավանությունից, նա շարունակեց.

Գուցե դու, իբրև ընկեր, վախենում ես, որ ես այստեղ չեմ կարող մի կտոր հաց վաստակել: Բայց դու ինձ ճանաչում ես: Մի մարդ, որ տասներկու տարի ապրել է ցուրտ և խոնավ սենյակներում, կես-կուշտ, կես-քաղցած ստամոքսով, մի մարդ, որ դառն հանգամանքների մեջ սեփական ուժերով ճանապարհ է բաց արել յուր համար, այն մարդը կարող է դիմանալ կյանքի հարվածներին: Չքավորությունը, սիրելի Ռուբեն, — շարունակեց նա եռանդով, — խելոք վարպետ է, նրա շնորհիվ ես շատ վաղ եմ կարդացել կյանքի խրատական էջերը: Այժմ, երբ ես ուղիղ և պարզ ճանապարհի վրա եմ, մի թե ամոթ չի լինիլ, որ փախչեմ մանր-մունր խոչնդոտներից:

Մի այնպիսի հաստատ ձայնով և որոշ եղանակով արտասանեց նա այս խոսքերը, որ դժվար էր կարծել, թե այդ լոկ մի պարծենկոտություն է: Հետո նա նստեց սեղանի մոտ և, թույլտվություն խնդրելով Մարիամից, մի ծխախոտ վառեց:

Քո բարոյական ուժը ինձ վաղուց է հայտնի, — խոսեց Ռուբենը ընկերական հարգանքով, — միշտ դու իմ աչքումս մյուս ընկերներիցս բարձր ես եղել քո, տոկունության ու համբերության շնորհիվ: Էհ, ինչևիցե, դու քո գործը ավելի լավ գիտես, շնորհավորում եմ տեղափոխվելդ և ցանկանում եմ հաջողություն: Երանի թե հանգամանքները մեզ չշեղեն կյանքի ուղիղ ճանապարհից:

Համոզված եղիր, որ չեն շեղիլ, — գոչեց բժիշկ Մելիք-Բարսեղյանը խրոխտաբար: — Բայց այս խոսակցությունը միայն ինձ է վերաբերում, — ավելացրեց նա, — չպիտի եսական լինել: Ասա տեսնեմ, դու ինչպե՞ս ես կարգադրել ապագադ: Գնո՞ւմ ես արտասահման:

Այս հարցը սթափեցրեց Ռուբենին, ծանր մտքերը կրկին զարթնելով, վայրկենաբար մթագնեցին նրա ճակատը մի մռայլ ստվերով: Նա նայեց Մարիամին, որ միևնույն տեղում լուռ նստած լսում էր նրանց խոսակցությունը, և թախծալի ձայնով պատասխանեց ընկերոջ հարցին.

Ոչ:

Ո՞չ, — կրկնեց Մելիք-Բարսեղյանը, — ուրեմն վերջապես համոզվեցի՞ր, որ ավելորդ էր մտադրությունդ:

Առայժմ ստիպված եմ համոզվել: Հանգամանքները այդպես են պահանջում: Վճռեցի մնալ Թիֆլիսում, միայն ոչ այս տանը: Վաղվանից ես բախտ պիտի ունենամ Մարիամի հետ ապրել առանձին բնակարանում: Հրավիրում եմ քեզ շնորհ բերել ամեն օր, եթե ժամանակդ կների:

Ի՞նչ են նշանակում այդ խոսքերը, — դարձավ Մեքիք-Բարսեղյանը Մարիամին, ավելի ու ավելի հետաքրքրվելով, և զարմանալով:

Ես ոչինչ չեմ հասկանում, հարցրեք իրանից:

Այն է նշանակում, — ասաց Ռուբենը, բռնի ժպտալով, — որ Մարիամը և ես արդեն չափահաս լինելով, ազատվում ենք մեր բարեսիրտ հորեղբոր խնամակալությունից:

Մի քանի վայրկյան տիրեց անհարմար լռություն:

Էէ, անշուշտ մի բան պատահել է, — արտասանեց Մելիք-Բարսեղյանը, դառնալով նախ Մարիամին, ապա Ռուբենին, — ինձ թվում է, որ քո և հորեղբորդ մեջ...

Ոչինչ չի անցել: ես ցանկանում, եմ մի փոքր ծանոթանալ չքավորություն ասած բանի հետ, ինչպես դու արդեն ուսումնասիրել ես նրան: Վերջապես, ես ուզում եմ ազատ քաղաքացի լինել, քեզ պես, ուրիշների պես: Ամոթ չէ այս հասակում հարուստ ազգականների խնամակալության տակ ապրել:

Այդ խոսքերդ դարձյալ չեն պարզում այն, ինչ որ կուզեի իմանալ: Միթե դու աղքա՞տ ես:

Ռուբեն, — ընդմիջեց Մարիամը հանդիմանական եղանակով, — ի՞նչ հարկավոր է այդ մասին խոսել, դու ձանձրացնում ես բժշկին:

Ընդհակառակը, Ռաբենի վիճակը որքան ձեզ, գուցե ավելի հետաքրքրում է և ինձ: ճշմարիտն ասա, — դարձավ քժիշկը համառությամբ յուր ընկերոջը, — կատակ ես անում, թե իրավ վճռել ես առանձին ապրել:

Առայժմ ասածովս բավականացիր, — պատասխանեց Ռուբենը Մարրամի հանդիմանական հայացքից ստիպված, հարկավոր համարելով զսպել յուր լեզուն, — մանրամասնությունները հետո: Վաղը ես կհայտնեմ քեզ մեր նոր բնակարանի տեղը:

Բժիշկը այլևս անքաղաքավարություն համարեց յուր հարցուփորձը շարունակել: Նա վճռեց փոխել խոսակցությունը:

Երևակայեցեք իմ դրությունը, — ասաց նա Մարիամին, կարծես, հանկարծ մի բան մտաբերելով, — փողոցում պատահեցինք, Ռուբենը ուժով ինձ բերեց յուր մոտ, ես կամենում էի վաղը գալ և ձեր հորեղբոր ընտանիքն էլ տեսնել: Այժմ, եթե տիկին Սոփիոն իմանա, որ ես եկեք եմ այստեղ գողնովի և առանց իրան տեսնելու դուրս եկել, չի՞ նեղանալ ինձանից:

Տիկին Սոփիոն տանը չէ:

Իսկ օրիորդ Նատալիա՞ն:

Ոչ ոք չկա տանը:

Նու, այդ լավ է: Խնդրեմ չհայտնեք նրանց, որ ես այստեղ էի: Բայց ինչ եմ հոգս անում, երևի, նրանք ինձ մոռացել են, տեսնեն, չեն էլ ճանաչիլ, — ավելացրեց Մելիք-Բարսեղյանը այն ձևով, որ երևում էր, թե Սադափյանների ծանոթությունը մի առանձին նշանակություն ունի նրա համար:

Քառորդ ժամ անցած նա դուրս եկավ սաստիկ մտատանջության մեջ: Ռուբենի խոսքերը յուր դրության փոփոխման մասին ազդել էին երիտասարդ բժշկի վրա ավելի, քան կարող էր երևակայել առաջինը:

Ահա բախտավոր մարդ, — դարձավ Ռուբենը քրոջը, բժշկի դուրս գնալուց հետո, մանկական և պատանեկան հասակում արդեն անցել է կյանքի այն դպրոցը, ուր դու և ես դեռ նոր պիտի մտնենք...

Մարիամը կանգնած էր պատի տակ և դեռ նայում էր դռներին, որտեղից դուրս գնաց Մելիք-Բարսեղյանը: Թվում էր, որ նրան զարմացրեց երիտասարդի այդպես շուտ հրաժեշտ տալը և առհասարակ վարմունքը:

Նստի՛ր, — շարունակեց Ռուբենը, — նստիր, Մարիամ, և սառնասիրտ լսիր: Այսօր ճաշից հետո ես առաջին և վերջին անգամ վճռականապես խոսեցի մեր հորեղբոր հետ:

Խոսեցի՞ր, — կրկնեց Մարիամը մեքենաբար և նստեց սեղանի մոտ, — ի՞նչ իմացար:

Իմացա, որ դու զրկված ես քո օժիտից, որ մենք չքավոր ենք... Լսո՞ւմ ես, մենք չքավոր ենք...

Ես այդ վաղուց գիտեի, — պատասխանեց օրիորդը մի այնպիսի սառնությամբ, որ միանգամայն զարմացրեց Ռուբենին:

Ի՞նչ, դու գիտեիր և ինձանից թաքցնում էիր:

Ես չէի կամենում քեզ հայտնել, դու տաք բնավորության տեր ես, գիտեի, որ այդ լուրը քեզ վրա շատ վատ տպավորություն պիտի անի: Այո, մենք աղքատ ենք և վաղուց:

Ուրեմն դու գիտես, որ մեր հորեղբոր գործերը ձախ են գնում, որ նա պարտքերի տակ է ընկել, որ նա զոհել է յուր խոշոր ձեռնարկություններին մեր հայրական ժառանգությունը:

Նրա գործերի ձախորդության մասին ես ոչինչ չեմ լսել: Բայց թե մեր հայրական ժառանգությունը ցնորք է, այդ ինձ վաղուց է հասկացրնլ տիկին Սոփիան: Ահա, Ռուբեն, ինչու համար էի քեզ ասում այն օրը, որ դու նախքան արտասահման գնալը, խոսես այս մասին մեր հորեղբոր հետ: Ուրեմն նա պարզ հայտնե՞ց քեզ ամեն ինչ...

Համարյա թենա ինձ ոչինչ չասաց, ասաց միայն, թե փողի սաստիկ կարոտություն ունե, թե ստիպված է ծախսերը պակասեցնել: Մնացյալը ինձ պատմեց այսօր իրիկնադեմին նրա գլխավոր գործակատարը: Մի տարի է, որ սկսել է պարտքեր վերցնել: Երեք ամիս սրանից առաջ, կնոջից գաղտնի, գրավ է դրել այս տունը: Հալաբյանից մի գումար է վերցրել, այժմ աշխատում է մի խոշոր գումար էլ պոկել, ահա ինչու վերջին ժամանակ նրա հետ խիստ բարեկամացել է: Մինչև անգամ Նատալիայի օժիտի անունը կա, ինքր չկա: Իսկ Նատալիան, իսկ նրա մայրը շարունակում են իրենց շռայլությունը: Մի ինչ-որ կոմսուհու ծանոթության արժանանալու համար հարյուրներ են վճարում, երեք օր է անհամբեր սպասում են նրա այցելությանը, դեռ չեն արժանացել: Այսօր ճաշին մայրը կպավ խեղճ մարդուն, թե հարկավոր է Նատալիայի համար երկու ձեռք նոր հագուստ պատրաստել: — Մեկը պիտի հագնի մի մեծ պարահանդեսին, որ եկող ամսի վերջին պիտի լինի, մյուսը մի հայկական երեկույթի համար, որի կարգադրիչն է լինելու ինքը Նատալիան: Մայր և աղջիկ վճռել են պակասը լրացնել, մեր հորեղբոր տունը հիմնահատակ անել: Մյուս կողմից քանդել են գործակատարները: Այն շողոքորթ, հլու Գասպարը, որ տասը տարի ծառայել է, այժմ գրպանը լցրած թողել է ու փախել: Նույնպես քիչ թե շատ կողոպտել են նրա ընկերները: Այս բոլորից հետո մեզ համար ոչինչ չի մնում, և մենք չպիտի սպասենք մի բանի: Լսիր, սիրելի Մարիամ, ես արդեն վճռել եմ իմ անելիքը: Վաղվանից ես դասեր եմ տալիս դպրոցում, ամսական երեսունուհինգ ռուբլով:

Վերջին խոսքերը մի վայրկյան կոտրեցին Մարիամի սառնասրտությունը: Նա ապշած և գունատված նայեց եղբոր երեսին: Չքավորությունը ահռելի կերպարանքով ներկայացավ նրան: Ինչ, նրա եղբայրն այնքան տարի աշխատելուց հետո, պիտի գնա և մի ամենահետին գործակատարի, մի սպասավորի ռոճիկով ծառայի ...

Այդ... ո՛՛չ... անկարելի է... այդ չափազանցություն է, — գոչեց նա, հուզված ոտքի կանգնելով: — Դեռ մի քանի ամիս սրանից առաջ մեր հորեղբայրը քեզ հրավիրում էր յուր գործերը կատարել: Նա տասն անգամ ավելի էր խոստանում տալ:

Այդ առաջարկությունը մի ծիծաղ էր իմ ուսման վրա: Մեր հորեղբայրը գիտությանը նայում է յուր տեսակետից: Նա ծաղրում էր, որ ավելի օգտավետը թողած, ես ընտրել եմ մի մասնագիտություն, որ երբեք չի կարող ինձ հարստացնել: Նա չի կարողանում հաշտվել այն մտքի հետ, թե մի ժամանակակից երիտասարդ նյութականը կարող է զոհել գաղափարականին: Բայց բավական է, քեզ այժմ հայտնի է մեր իսկական դրությունը, Մարո: Գնա, ուրեմն, պատրաստվիր այս փարթամ տնից վաղը տեղափոխվելու մի անշուք բնակարան, որտեղ չգիտեմ, կկարողանա՞նք մի ծառա պահել, թե՞ չէ...

Այս ասելով, նա անմիջապես բաց արավ պատի տակ դրած ընկույզի պահարանը և սկսեց դուրս հանել յուր գրքերը: Մարիամը նստեց սեղանի մոտ, գլուխը ձեռների վրա դրեց և սկսեց հանդարտ լաց լինել:

Սիրելի, թանկագին քույր, — գոչեց եղբայրը, այլևս չկարողանալով զսպել իրան, — մի լաց լինիլ, հավատացիր, որ մենք այսուհետև ավելի բախտավոր կլինենք... Հոգեկան խաղաղությունը բարձը համարիր այս շքեղությունից: Սիրտ առ, Մարո, երեխա չես, քանի եղբայրդ հետդ է, դու երբեք անբախտ չես լինիլ

Եվ նա ներքին ալեկոծությունից դողդողացող ձեռներով քրոջ թանձրահեր գլուխը ջերմ սեղմեց յուր կրծքին: Մարիամը լսեց նրա սիրող սրտի ուժգին բաբախումը, նայեց նրա գունատ երեսին, և մի տարօրինակ ցնցումն զգաց:

Հանկարծ նա զսպեց աըցունքը, գլխով մի վճռական շարժումն արավ, ոտքի կանգնեց և բռնեց եղբոր բազուկը:

Արա, ինչ ուզում ես, — խոսեց նա անհողդողդ ձայնով, — ես պատրաստ եմ հետևել քեզ: Այսօրվա խայտառակությունից հետո, ես այս տանը մնալ չեմ կարող: Ինձ նախատեցին, ինձ հայհոյեցին, ինչպես մի ստոր աղախնի: Այդ գոռոզ տիկնոջ կծու խոսքերի մեջ ես լսեցի մեր անգին ծնողների անունը: Գնանք, հեռանանք այս շքեղ դժոխքից: Ութ տարի շարունակ ես այստեղ իմ սրտի դառնությունները ծածկել եմ կեղծ և ուրախ ժպիտներով: Ես ծիծաղել եմ, երբ պետք է լաց լինեի, ուրախացել եմ, երբ պետք է տխրեի: Այժմ իմ արտասուքս ուրախության արտասուք համարիր: Այս, ես ուրախ եմ... Ես արդեն հափշտակվում եմ մեր նոր կյանքով, — շարունակեց նա ավելի եռանդագին, — ես կապրեմ աղքատ, ինչպես հազարավոր ինձանից լավ օրիորդներ ապրում են: Թող փորձեմ ուժերս: Անգործ, աննպատակ կյանքը ինձ համար վաղուց է անտանելի դարձել, լսո՞ւմ ես, վաղուց: Ես ուզում եմ աշխատել, ես կարոտում եմ աշխատանքի: Թույլ տուր ինձ քո ընկերը, քո օգնականը լինել... դու աշխատիր դրսում, ես կաշխատեմ տանը... և դրսում, եթե կարող եմ: Ինչ որ գիտեմ, կանեմ, չիմացածս կսովորեմ: Տա՛ր ինձ, Ռուբեն, տար, ուր ուզում ես, միայն թե ազատիր ինձ այս կանանցից, որ գիշեր ու ցերեկ հալածել են ինձ՝ անմեղ քրոջդ...

Следующая страница