Շիրվանզադե Ալեքսանդր՝   Զուր հույսեր

Քո գործը չէ, — ընդհատեց մայրը վճռական եղանակով, — դու ինձ մի բան ասա, ճշմարի՞տ է, որ այն բժիշկը, ինչպե՞ս է անունը...

Մելիք-Բարսեղյան...

Հա, ճշմարի՞տ է, որ սիրահարվել է այն լպստածի վրա:

Այդ չեմ իմանում, բայց թե Մարոն նրա համար գժված է, ես հաստատ գիտեմ: Էհ, նրա ճաշակն էլ

Ինչո՞ւ, մի՞ ասիլ, նա իրան բանը շատ լավ է իմանում, ուզում է կամ հարուստ մարդու կին լինել, կամ բժշկի:

Ներս մտավ աղախինը և, մոր ու դստեր խոսակցությունը ընդհատելով, հայտնեց, թե կառքը սպասում է:

Նեստորն էլ հագնված պատրաստ է, — հարցրեց օրիորդը:

Այո:

Մայր և դուստր եկան ծանր ու հպարտ քայլերով, առաջինը անընդհատ ուղղելով գլխի թաշկինակի տակից այտերի վրա դուրս սփռվող ալեխառն մազերը, երկրորդը կապելով մինչև արմունկները հասնող ձեռնոցների կոճակները: Փողոցի դռների առաջ սպասում էր տնային փայլուն կառքը: Երկու սևաթույր վիթխարի ձիերը անհամբեր կրծոտում էին իրանց սանձերը, ոտները ուժգնակի խփելով սալահատակին: Նեստորը, Սադափյանների իմերել ծառան, բռնեց յուր տիրուհիների թևից, նստեցրեց կառք և ինքն էլ կատվի արագությամբ թռավ ու տեղավորվեց փառահեղ միրուքով և կուրծքն ու մեջքը բարձերով հաստացրած կառապանի կշտին:

Կոմսուհի Նավալիխինայի տունը, — հրամայեց Նատալիան այնքան բարձր ձայնով, որ լսելի լինի այդ միջոցին մայթի վրա կանգնած երկու պարոններին:

Կառքը սլացավ:

Քառորդ ժամ անցած տուն վերադարձավ Նիկողայոսը սաստիկ վրդովված: Նա շպրտեց սպասավորին մի թղթադրամ, հրամայեց կառապանին վճարել և, վերարկուն ձգելով հանդերձակալի վրա, անցավ ուղղակի յուր սենյակը:

«Խղճմտանք չկա այդ մարդկանց մեջ, — խոսեց նա ինքն իրան, նստելով սեղանի մոտ և ձեռները ուժգին խփելով բազկաթոռի թևերին, — բոլորի սիրտը քարացել է: Ասում են չունենք, չունենք: Սուտ, ես ճանաչում եմ ձեզ, էէէ, շատ լավ եմ ճանաչում: Դուք ուրախանում եք, երբ մեկը, որ ձեզանից բարձր է, ձեզանից ցած է ընկնում, դուք ուզում եք նրան ոտնատակ անել, խեղդել, սպանել: Նախանձը ցեցի պես ուտում էր ձեր սիրտը, երբ տեսնում էիք, որ Սադափյանի թուրը երկու կողմով էլ կտրում է: Հիմա անհամբեր սպասում եք, որ ընկնեմ... Ոչ, ոչ, չեմ ընկնիլ, քանի աչքումս լույս կա, գլխումս խելք, էլի ամենին ետ կթողնեմ, ինչպես մինչև օրս ետ եմ թողել»...

Նա բարձրացավ տեղից և սկսեց հուզված անցուդարձ անել: Նա մտածում էր ո՞ւր դիմել փող ստանալու համար: Մնում էր դարձյալ Հալաբյանը: Բայց նա տվել էր արդեն տասնուհինգ հազար, կտա՞ էլի: Դեռ երեկ Նիկողայոսը նրան ակնարկել էր յուր գործերի դրության մասին, հասկացնելով, որ փող է հարկավոր մի քանի մուրհակներ ազատելու բանկերից:

«Նա խոսքը կտուր գցեց: Նա էլ չի հավատում ինձ. նա էլ է հեռու փախչում ինձանից այն օրից, երբ եղբորս որդիները դուրս են եկել իմ տնից: Սոփիոն ասում է, նա աչք ունե Մարիամի վրա. թող գլուխը քարին տա, ինչ ուզում է անի, ում վրա ուզում է պսակվի, միայն ինձ օգնի, իինձ: Ախ, անիծված փող, ո՞րտեղ ես մի հիսուն հազար... Հենց այսօր գործերս կդրստեի ու ամենի երեսին կթքեի... Նա վճռեց նամակով խնդրել Հալաբյանին: Այն, ինչ որ բերանացի դժվարանում էր ասել, գրչով հեշտ էր գրել: Առաջին տողերից հետո նա կանգ առավ, ճակատը մռայլվեց: Նա որոնում էր այնպիսի դարձվածներ, որ կարողանային շարժել Հալաբյանի գութը: Եվ գտավ: Մարդս մարդով է ապրում, նեղությունը ամենի համար է, կարոտողին օգնելը աստծու պատվերն է: Աշխարհին հայտնի է, որ Նիկողայոս Սադափյանը թղթամոլ չի, շառլատան չի: Նա ազնիվ վաճառական է, ընտանիքի տեր է: Նա հավիտյան չի չմոռանալ այն մարդուն, որ այս նեղ օրին ձեռք կմեկնեի նրան:

Նա ավարտեց նամակը, մատը սեղմեց պատի էլեկտրական զանգակի կոճակին:

Տար այս նամակը, — հրամայեց նա սպասավորին, — տուր Հալաբյանին: Եթե տանը չլիեի, գտիր, որտեղ որ է: Կա՛ց, տիրուհիդ տա՞նն է:

Ոչ, օրիորդի հետ կառքով գնացին:

Լավ, գնա:

«Իշխանի աղջիկ է, սեփական կառքով, ծառալին առաջը նստացրած «վիզիտներ» է անում գրաֆինյաներին: Ա՛խ, Սոփիո, Սոփիո, ափսո՜ս... հիմա եմ խմանում, թե դու ով ես... դու քո աղջկա հետ քանդեցիր ինձ. դու փչացրիր իմ հարստությունս»...

Եվ նա, ատամները կատաղի կրճտելով, բռունցքը այնպես խփեց սեղանին, որ ծայրին դրած հաշվեմատյանները թափվեցին հատակի վրա:

Նույն պահին Հալաբյանը յուր տանն էր մոսիո Վախվախյանի հետ: Այդ օրը նրա ծննդյան քառասուներեքամյա տարեդարձն էր: — Մի օր, որ նա սովորաբար առնում էր յուր ընկերների հետ քաղաքի առաջնակարգ հյուրանոցներից մեկում:

Տանը նա խնջույքներ սարքել չէր սիրում և հարմարություն էլ չուներ: Առհասարակ նա բարվոք էր համարում դրսում եռապատիկ ծախսել, քան սեփական խոհանոց պահել և ամեն առավոտ խոհարարի հետ նիստ կազմել օրվա ուտելիքի մասին, ինչպես անում էին նրա ծանոթ ամուրիներից շատերը:

Սակայն, վերջին անգամ Սադափյանների մոտ ճաշելուց հետո, հանկարծ նա կամեցավ կերպարանափոխել յուր տնային կյանքը: Նա կանչեց մոսիո Վախվախյանին, պատվիրեց մի հմուտ խոհարար և մի արագաշարժ սպասավոր վարձել, վերանորոգել տան կահ-կարասին, մաքրել, զարդարել:

Ինչ ասել կուզի, մոսիոյի համար ավելի հաճելի զբաղմունք չէր կարող լինել: Եվ նա մենակյաց ամուրիի մռայլ կացարանում մի այնպիսի շարժում բարձրացրեց, որ Թաթոսը մնաց ապշած: Խեղճ ծառան մի անասելի տրտմության մեջ ընկավ, երբ յուր աղայի տանը տեսավ, բացի իրանից, ուրիշ ծառաներ:

Ի՞նչ հարկավոր էր պովարը, լակեյը, ես չէ՞ի կարող ամեն բան անել, — տրտնջում էր նա անդադար:

Տասն օր շարունակ Հալաբյանը զբաղված էր տնային վերանորոգություններով: Հաճելի էր նրան տեսնել յուր տան մեջ այդ անսովոր կենդանությունը: Ցերեկը նա, մոսիո Վախվախյանի օգնությամբ, կարգադրություններ էր անում, հրամայում էր, բարկանում էր: Երեկոյան փակվում էր առանձնասենյակում, կարգի էր բերում յուր հին ու նոր հաշիվները:

Նա ուներ մի քանի անշարժ կալվածներ, սրան ու նրան մուրհակով տված փողեր: Ո՞վ ինչ է պարտ, ո՞ր խանութպանը վարձը ժամանակին չէ տվել, որի հետ պետք է նոր պայմանագրություն կապել և այլն և այլն, այս բոլոր գործերը զբաղեցնում էին նրան ամբողջ երեկոները:

Այլևս նա ժողովարան չէր գնում: Ընկերները փողոցում տեսնելիս նրան հանդիմանում էին:

«Տկար եմ, գործ ունեմ», — ահա այն անորոշ խոսքերը, որոնցով նա արդարացնում էր իրան:

Բայց մեզանից խոմ չե՞ս կարող փախչել, — ասաց մի օր Ախշարումյանը, յուր հսկայական ձեռը դնելով նրա ուսի վրա:

Ո՞ւր պիաի փախչի, — հարցրեց իշխան Սահարունին, — շուտով էլի ծննդյան օրն է, քեֆ պիտի անենք: Հա, լավ միտս եկավ, բարեկամ, երազ ես տեսել, ի՞նչ է, ասում են տունդ սարքել ես, ուրեմն այս անգամ տարեդարձդ քեզ մոտ կտոնենք:

Տոնեցեք, եթե ուզում եք, — պատասխանեց Հալաբյանը ակամա:

Ի՞նչպես թե ուզում եք, — գոչեց Ախշարումյանը, — անհամբեր սպասում ենք: Այս անգամ մինչև հինգ շիշ շամպանյա չբաց անես, ձեռք չենք վերցնիլ քեզանից:

Դեռ վաղ առավոտից Վախվախյանը սկսել էր յուր եռանդուն գործունեությունը: ճաշի պատրաստությունը և հյուրերին զվարճացնելու իրավունքը նրան էին հանձնված:

Նա անդադար վազում էր դուրս, պատվերներ էր տալիս խոհարարին և կրկին վերադառնալով, զբաղեցնում էր Հալաբյանին, որի վերջին ժամանակվա տաղտկությունը տակավին նրա համար անբացատրելի էր:

Ամեն բան դրուստ է, — խոսում էր մոսիոն հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն և վրացերեն բառերից կազմված մի ինքնուրույն բարբառով, — մեծ իշխանն էլ որ գա, ամոթով չենք մնալ: Մեկ պովար է, որ գրաֆ Նավալիխինն էլ չունի: Մայոնես է պատրաստում, մայո պոչտենիե: — էյ, Պետրե, — դարձավ նա նույն պահին ներս մտնող սպասավորին, — ասա Անդրեյին, որ այն իմ բերած օրագուլը մի լավ սիրուն կտրի միջից, հասկանո՞ւմ ես, այ այսպես:

Պատվերը ավելի պարզ կացուցանելու համար նա աջ ձեռը շեղակի քսեց ձախ ձեռի ափից մինչև բազուկը, շարունակելով.

Թող փորոտիքը հանի, սառը տեղ դնի, ես կգամ ու կասեմ, թե ինչ պիտի անի:

Սպասավորր մի հեգնական ժպիտ երեսին դուրս եկավ:

Ախ, շենի ճիրիմե, մի մտիկ արեք էէ , — դարձավ մոսիոն Հալաբյանին, ցույց տալով զարդարուն հյուրասենյակը, — սալոն չի, բաս ի՞նչ է, ափսոս, ափսոս ու ափսոս:

Ինչո՞ւ ափսոս:

Օօօօ, մոն շեր ամի, արքայությունը առանց հրեշտակի կլինի՞... Ի՞նչ սազ կգա այդ փափուկ խալիներին, հապա... աղունակի ոտներ: Չէ՞, սո՞ւտ եմ ասում:

Հալաբյանը ժպտաց: Վախվախյանի ասածը, թեև կողմնակի, համապատասխանում էր նրա մտածմունքին: Նա արդեն գիտեր Մարիամի և Ռուբենի դուրս գալը իրենց հորեղբոր տնից: Այս իրողությունը նախ տխրեցրեց նրան, ինչպես կարող է այսորհետև տեսնել օրիորդին: Բայց երբ իմացավ, որ Ռուբենը համարյա հետին աղքատության մեջ է, որ Մարիամը զրկված է օժիտից, մի նոր հույս ծագեց նրա մեջ: Աա՛, հպարտ օրիորդը այժմ կմեղմանա, չքավորի համար հարստության հրապույրը մեծ է: Նա կխոնարհվի, անպատճառ կխոնարհվի:

Ներս մտավ Թաթոսը և հանձնեց Սադափյանի նամակը:

Խիստ վաղ է շնորհավորում, ա՛յ, գոչեց մոսիո Վախվախյանը ծաղրաբար, կարծելով, թե նամակը տարեդարձի առթիվ է գրված:

Հալաբյանը կարդաց նամակը, աչքունքը թթվացրեց, հանդարտ բարձրացավ տեղից, եկավ և անձամբ Սադափյանի ծառային ասաց, թե պատասխանը վաղը կտա:

Ներս մտավ իշխան Սահարունին, զգալի շրթունքի վրա խաղացնելով մշտական կես-սիրալիր և կես-հեգնական ժպիտը: Նրա հետևից երևեցավ Ախշարումյանի բարձր հասակը, այնուհետև փոքրահասակ, սուր քթով ու ծնոտով, կոլորակ աչքերով մի շիկահեր մարդ, որի տարիքը որոշել անկարելի էր:

«Եկա՛վ», — արտասանեց մոսիո Վախվախյանը, քթի տակ մրթմրթալով:

Աստված, երկինք վկա, ուժով բերեցին, — ասաց փոքրահասակ մարդը, յուր անկոչ գալուստը արդարացնելով տանտիրոջ առաջ:

«Բեդզադն ես, որ ընկերդ չկա», մտածեց մոսիո Վախվախյանը:

Փոքրահասակ մարդը, որին Գիգո էին անվանում, հայտնի էր հարուստների, մանավանդ ամուրիների, շրջանում այնքան, որքան և մոսիո Վախվախյանը: Մի ժամանակ նա ծառայել էր մաքսատանը: Նիկողայոս Սադափյանին վերաբերող մի տարաբախտ դեպք պարզեց մաքսային վարչության զեղծումների մի շարք, որոնց մասնակցել էր և Գիգոն: Նրան վռնդեցին և այժմ նա պարապում էր մանրմունր կապալներով, կատարում էր առևտրական միջնորդի դեր, անդամ էր մի բանկային վերաստուգող մասնաժողովի, սիրում էր ընկերանալ դիրք ունեցող մարդկանց, նրանց հետ թուղթ խաղալ: Մի խոսքով այն մարդկանցից էր, որոնց մոսիո Վախվախյանը «ամեն տեղ քիթ խրող» էր անվանում: Այս պատճառով մոսիոն ատելով ատում էր նրան և փոխարենը միշտ ծաղրվում նրանից:

Էհե՛, այստեղ ե՞ս, — գոչեց Գիգոն, հեգնելով Վախվախյանին, — առանց իշի գլխի հարսանիք չի լինիր:

Ոնց որ առանց մկան պարելու էլ հարսանիք չի լինիլ. — խոսքի տակ չմնաց Վախվախյանը, և նույն վայրկյանին սովորական հազը բռնեց նրա կոկորդից:

Հինգ ամուրիներ ճաշի նստեցին նոր կահավորված, մաքուր, լուսավոր սեղանատանը: Խոսակցությունը պտտում էր Հալաբյանի բնակարանի վերանորոգության մասին: Իշխան Սահարունին գովեց նրա վարմունքը, որ սկսել է «տնային կյանք» վարել, մինչև անգամ համբուրեց ճակատից: Հալաբյանը չէր հավատում նրա անկեղծությանը, թեև չգիտեր նրա բուն դիտավորությունը: Նատալիային յուր ընկերոջ «վզին կապելը» իշխանը դարձրել էր յուր համար մի լուրջ խնդիր: Սոփիոն հանգիստ չէր թողնում նրան, և նա կամենում էր մասամբ վճարել այն «փոքրիկ ձեռապարտքերի» փոխարենը, որ ստեպ-ստեպ առնում էր Նիկողայոս Սադափյանից :

Ճաշը ուրախ անցավ: Սահարունին խոսում էր ամենքի վերաբերմամբ, բացի Հալաբյանից: Մոսիո Վախվախյանը և Գիգոն միմյանց ծաղրում էին: Փոքրիկ մարդը խոսում էր այնքան արագ, որքան արագ-արագ փակվում ու բացվում էին նրա աչքերի կոպերը:

Տը տը տըր, տը տը տըր, — ծաղրում էր նրա շուտախոսությունը մոսիո Վախվախյանը, — տո դադար չե՞ս տալու էդ կոտրած բարաբանիդ:

Ախշարումյանը կենացներ էր առաջարկում: Վիթխարի ամուրին հիացած էր Հալաբյանի ճոխ և շքեղ ճաշով, ուտում էր այնպիսի ագահությամբ, որ, կարծես, գրազ էր եկել: Նրա ամուր և լայն կզակի մեջ պես-պես համադամ խորտիկների, խորոված և խաշած ձկնի պատառները հալվում էին, թրջվելով Կախեթի ընտիր գինով: Տասն անգամ նա անուշ արավ Հալաբյանի կենացը, յուրաքանչյուր բաժակից հետո ձեռքը քսելով կրծքին և փորին: Կարծես ոգելից հեղուկի համար ճանապարհ էր հարթում: Կանանցից հետո, լավ ուտել խմելը նրա կյանքի առաջին զվարճությունն էր, որ խլում էր նրա եկամտի մի պատկառելի մասը: Նա հարուստ ընտանիքի որդի էր, վայելում էր ծերունի հոր լիուլի հավատարմությունը: Ամեն տարի գնում էր արտասահման և վերադառնում էր նորոգված ճաշակով: Ստամոքսի կատար ունեցողներին ծաղրում էր, ինչպես և ծաղրում էր այն մարդկանց, որ իրանց կյանքում «մի ազգի կանանց են ճանաչել»:

Երբ բոլոր բարեկամական կենացները վերջացան, Գիգոն առաջարկեց յուրաքանչյուրին խմել «յուր ընտրածի» կենացը: Նա ինքը միանգամից դատարկեց բաժակը և խփեց սեղանին:

ՄարսելՊոլիս, ՎիեննաՓարիզ, — գոչեց Ախշարումյանը, չորս բաժակ իրարու հետևից դատարկելով:

Հալաբյանը զզվանքով հրաժարվեց այդ «կենացից»: Իշխանը աչքով արավ մոսիո Վախվախյանին: Վերջինը նայեց տանտիրոջը, բերանը սրբեց, հազաց, դուրս վազեց և իսկույն վերադարձավ: Նրա հետևից մտավ սպասավորը, մի ձեռում բռնած մի սկուտեղի մեջ հինգ վարդաձև գավաթներ, մյուս ձեռում թաց անձեռոցիկի մեջ փաթաթված մի շիղ:

Ջան, ջան, մոսիո Վախվախյան, — գոչեց Ախշարումյանը:

Մոսիո Վախվախյանը հանդարտ լցրեց գավաթները շամպանիայով, այնպիսի խորհրդավոր դեմքով, որ կարծես, կրոնական սրբագործություն էր արածը: Հանկարծ լսվեց Գիգոյի կատվանման սուր ձայնը:

Նեկտար է և ոչ գինի՛ ի

Իշխանը լռեցրեց նրան և, տեղից բարձրանալով, գոչեց.

Առաջարկում եմ այս բաժակը այս տան ապագա տանտիկնոջ կենացը, հուռա ...

Նրան ձայնակցեցին Գիգոն և Վախվախյանը:

Կարելի՞ է հենց այժմ իմանալ մեր հարգելի տանտիկնոջ անունը, — ասաց Ախշարումյանը:

Խմի՛ր, ժամանակին կիմանաս:

Բոլորը այդ կենացը խմեցին հարգանքով: Հալաբյանը դժկամակություն ցույց ավեց իշխան Սահարունուն, նրա կատակը անվանելով անտեղի: Ախշարումյանը պահանջեց շամպանիայի երկրորդ շիշը, հետո երրորդը: ճաշը ավարտվեց: Զվարճացած հյուրերը անցան հյուրասենյակ: Թուղթ խաղալ ոչ ոք չկամեցավ: Հալաբյանի հրամանով սպասավորը բերեց մի շիշ «բենեդիկտին», և հյուրերը սկսեցին իրանց կոկարդը մաքրել աբրահայերի հնարած անուշ հեղուկով:

Մոսիո Վախվախյանը քիչ էր խոսում, շատ էր հազում և փոքր-ինչ տատանվում էր ոտքի վրա: «Նեկտար է ինչ գինին» ամենից շատ ազդել էր փոքրիկ Գիգոյի վրա: Նրա առանց այն էլ թոթով լեզուն բառերը շփոթում էր: Նա յուր հարգանքն ու սերն էր բացատրում Հալաբյանին և իշխան Սահարունուն:

Ախշարումյանի սև ու խոշոր աչքերը պլպլում էին, թշերը ուռել էին, կարմրել, թվում էր, թե իսկույն պիտի կաշին տրաքվի և արյունը հոսի: Նա գոռում էր, մոսիո Վախվախյանի հետ կատակներ էր անում, Գիգոյին գնդակի պես շպրտում էր այս ու այն կողմ, անհամեստ ակնարկություններ էր անում կանանց սեռի մասին, չքաշվելով Թաթոսի ամոթխած և նոր սպասավորի լկտի հայացքներից: Նրա գազանային կրքերը գրգռվել էին:

Վըվվվ, կենդանի-կենդանի կուտեմ, — ասում էր նա, ցույց տալով պատին քարշ արած մի յուղաներկ պատկեր, որ ներկայացնում էր ուսերը և կուրծքը բաց մի կին:

Հետաքրքիր մոսիո Վախվախյանը իշխան Սահարունիին մի կողմ հրավիրեց և հարցրեցո՞վ է «ապագա տիկին Հալաբյանը»: Իշխանը խորհրդավոր կերպով ակնարկեց յուր քեռորդու անունը և խնդրեց ոչ ոքի չհայտնել «գաղտնիքը»: Դա նրա միջնորդության առաջին փորձն էր. շատ լավ գիտեր, թե ով ով, մոսիո Վախվախյանը գաղտնիք պահելու սովորություն չունի: Մի րոպե չանցած մոսիոն «գաղտնիքը» շշնջաց Ախշարումյանի, հետո Գիգոյի ականջին:

Ուրեմն ինչո՞ւ չշնորհավորենք, — գոչեց Ախշարումյանը:

Ոչ, ոչ, հոգուդ մատաղ, մի ասեք, իշխանը հոգիս քնթիցս կհանի, — զգուշացրեց Վախվախյանը:

Բայց ինչ պտուղ է գտե՛լ, — ծաղրեց Ախշարումյանը Հալաբյանի կարծեցյալ հարսնացվին, — Վիեննա էլ չես տեսնի նրա նման գեղեցկուհի

Խը խը խը, — ծիծաղեց մոսիո Վախվախյանը, շաքարի պես հալվելով:

Իշխանը Հալաբյանին մի անկյուն քաշած, պախարակում էր ամուրի մարդու կյանքը: Նա ինքն ուրախ կլիներ յուր հոգնած ոսկորներին հանգստություն տալ ընտանեկան հարկի տակ, բայց արդեն ուշ է և նյութական գրությունն էլ չի ներում: Ով կարողություն ունե, հիմար է, որ փախչում է այդ խաղաղ կյանքից: Հալաբյանը ձևած կտրած է ընտանիքի գլուխ լինելու համար: Նա պետք է ամուսնանա, նա ուզում է ամուսնանալ, իշխանին վաղուց է հայտնի նրա մտադրությունը: Խոմ կատակով չառաջարկեց այն կենացը, խոմ իշխանը գիտե, թե Հալաբյանը ում վրա աչք ունի: Այո, Նատալիան հրաշալի աղջիկ է, նմանը չկա ամբողջ Թիֆլիսում:

Իշխա՛ն, — ընդհատեց, վերջապես, նրա խոսքը Հալաբյանը, — եթե հարգում ես քրոջդ աղջկան, թող այդ խոսակցությունը, ամոթ է:

Ինչպե՞ս, դու կարծում ես, որ արժանի՞ չես նրան, — արտասանեց իշխանը խորամանկությամբ, — վախենում ես, որ կմերժե՞ն: Օօ, բաս ես ո՞րտեղ եմ: Ես կաշխատեմ, իսկի մի վախենալ, գլուխս կտամ քո խաթրու ու բանդ կդրստեմ:

Հալաբյանը երեսը մի կողմ դարձրեց և հեռացավ: Օրը մթնում էր: Ախշարումյանը մոտեցավ, բռնեց իշխանի թևից և ուժով դուրս տարավ: Փոքրամարմին Գիգոն, որ թախտի վրա նստած, կիսաթմրած դրության մեջ էր, քայլամոլոր հետևեց նրանց:

Մոսիո Վախվախյանը տեսնելով, որ տանտերը օրոշտում է և առհասարակ տրամադիր չէ խոսելու, ակամա հրաժեշտ տվեց, ասելով.

Գնամ, տեսնեմ ոնց եմ մթնացնում օրս, ա՛յ քեսիբի օրն էլ...

Հալաբյանը առանձնացավ ննջարանում: Նրա գլուխը պտտում էր, ոչ այնքան ըմպելիքներից, որքան հյուրերի աղմուկից, անկարգ անկանոն խոսակցությունից: Այսպես, ուրեմն, մի անգամ ևս նա կատարեց նրանց հաճույքը: Այդ կլինի վերջինը: Երբեք, երբեք նա յուր տունը չի դարձնի անմիտ խնջույքների, անվայել կատակների, կեղտոտ սրախոսությունների հանդիսարան:

Նա վաղը ևեթ կգտնի յուր ընտրածի բնակարանը, իբրև ազնիվ մարդ արձակ-համարձակ կառաջարկի յուր ձեռքը: Նա հարուստ է, Մարիամը աղքատ: Նա ամեն ինչ կզոհի Մարիամի համար, եղբորը կուղարկի արտասահման, հոր և մոր գերեզմանների վրա փառավոր արձաններ կկանգնեցնի: Նա կտա նրան լիուլի ազատություն յուր տանը, թող ծախսիինչքան ուզում է, թող ապրիինչպես ուզում է: Նա կդարձնի Մարիամին կանանց դասի զարդ, ընդհանուր նախանձի առարկա, միջոց կտա նրան ժամանակակից կրթված տիկնոջ դեր կատարելու հասարակության մեջ, կարոտներին օգնելու, բարեգործական ընկերություններին մասնակցելու, ուսումնարան պահելու: Այո, մինչև անգամ մի առանձին ուսումնարան կհիմնի Մարիամի անունով:

Հետևյալ առավոտ նա զարթնեց ուրախ տրամադրությամբ: Նայեց յուր շուրջը, ամեն ինչ պատրաստ էր, ծառաները մաքրել էին սենյակները, կահ-կարասին փայլում էր, թանկագին, փափուկ, խայտաբղետ գորգերը մի դուրեկան ազդեցություն էին անում մարդու վրա: Սպասավորը հրամանի էր սպասում, խոհարարը արդեն բազար էր գնացել, ամեն ինչ պատրաստ էր մի բախտավոր կյանքի համար: Հալաբյանը մի առանձին եռանդ էր ստացել: Վճռված է, այսօր նա կգտնի Ռուբենին, կբարեկամանա, կառաջարկի յուր օգնությունը:

Հանկարծ նա հիշեց, որ խոստացել է պատասխանել Սադափյանի նամակին: Մարդը սնանկանում է, այսօր կամ Էգուց նրա անունը պիտի խայտառակվի, ինչպես գրում է: Չպիտի՞ օգնել նրան:

Խնդրած գումարը մեծ էր, և Հալաբյանը ընկավ մտատանջության քո վկան մեջ: Նա սկսեց քննել Սադափյանին առաջին անգամ իբրև մարդ և մի տարօրինակ ուրախություն զգաց, գտնելով նրա անցյալում շատ արատներ: Սադափյանը չէ՞ր, որ խեղճ Մարգարովի տան կայքը բազար հանել տվեց և պարտքի տեղ ծախեց: Նա չէ՞ր, որի պատճառով մաքսատան երեք չինովնիկներ դատի տակ ընկան և պատժվեցին: Հըմ, նա չէ՞ր, որ պոլկովնիկ Խարազովի տասը հազարը աչքերը բաց կուլ տվեց, և խեղճ ծերունին կաթվածահար լինելով, մեռավ: Վերջապես, նա չէ , որ յուր հարազատ եղբոր որդիներին զրկում է... է՛հ, ո՞ր մեկն ասես: Հիմա այդ. մարդը կանգնել ու աղաչում է, որ ուրիշները իրեն օգնեն:

Թեկուզ խեղդվի, դրա պես մարդուն օգնելը մեղք է, — ավարտեց յուր մտածմունքները Հալաբյանը և հանգիստ խղճով պատռեց ու դեն ձգեց Սադափյանի աղերսալի նամակը:

VIII

Նոր բնակարան տեղափոխվելու հետևյալ օրից արդեն Ռուբենը հանձն առավ յուր պաշտոնը: Դպրոցի տեսուչը, որ նրա նախկին ուսուցիչն էր, ընդունեց նրան ուրախությամբ և խոստացավ մոտիկ ապագայում ավելի հարմար պաշտոն:

Աշխատելու սեր ունեցողը, — ասաց նա, — երբեք քաղցած չի մնալ:

Իսկ Ռուբենը, կամա թե ակամա, պետք է ունենար այդ սերը: Նրա վճիռը հաստատ էր: Ոչ միայն չհետևեց Մելիք-Բարսեղյանի խորհրդին, այլև արհամարհանքով էր հիշում յուր հորեղբոր տունը: Այն տունը, ուր նրա միակ քույրը այնքան տարի բարոյապես տանջվել էր:

Բայց նրան անհանգստացնում էր մի հանգամանքՄարիամի անորոշ տխրությունը: Իզուր այն երեկո, բժիշկը դուրս գնալուց հետո, նույնպես հետևյալ և երկրորդ օրը, փորձեց իմանալ նրա հանկարծակի այլայլման պատճառը:

Հենց այնպես, սիրտս նվաղեց, — պատասխանում էր Մարիամը անվրդով:

Հակառակ յուր խոստմանը, բժիշկը չեկավ նրանց մոտ, ոչ հետևյալ օրը, ոչ հետո: Ռուբենը նկատում էր, որ Մարիամը չէ խոսում նրա մասին, մինչև անգամ խույս է տալիս անունը հիշելուց:

Զարմանալի է, — ասաց մի անգամ եղբայրը դիտմամբ, — Վասիլը, կարծես, մեզ բոլորովին մոռացել է:

Երևի զբաղված է գործերով, — պատասխանեց քույրը և ուրիշ ոչինչ չավելացրեց, հակառակ Ռուբենի սպասածին:

Քրոջ արտաքին անտարբերությունը ավելի շարժեց եղբոր հետաքրքրությունը: Այլևս նա համոզվեց, որ Մարիամը կեղծում է, որ նրա տխրության բուն պատճառը կապ ունի Մելիք-Բարսեղյանի հետ:

Հազիվ մի շաբաթվա ընթացքում Մարիամը կարողացավ կարգի բերել նոր բնակարանը: Նա աշխատում էր առավոտից մինչև երեկո անդադար: Նա համարյա ոչինչ հասկացողություն չուներ տնային տնտեսության մասինոչ եփել գիտեր, ոչ կարել, ոչ մինչև անգամ լվանալ: Հարկավոր էր մի խորհրդատու, մի ղեկատար: Եվ նա ստիպվեց դիմել հարևան կանանց օգնությանը: Մեկը նրան սովորեցրեց հասարակ սուպ պատրաստելը, մյուսը հանձն առավ սովորեցնել շոր լվանալու եղանակը: Ֆիզիկական աշխատանքի ծանրության տակ ճնշված այդ գռեհիկ կանայք հոգով խղճում էին նրան, որի կրթված ձևերից, քնքուշ կազմվածքից արդեն գուշակել էին նրա հարուստ ընտանիքի զավակ լինելը:

Ամենից ավելի ցավակցություն էր ցույց տալիս պառավ տանտիրուհին: Ստեպստեպ նա մտնում էր ներս, անկոչ հյուրի պես և Մարիամին ձանձրացնում յուր մանրակրկիտ հարցուփորձով: Ո՞վ է, ո՞րտեղից է, ազգականներ ունի , քանի՞ տարեկան է, ե՞րբ է ուսումը ավարտել և այլն և այլն: Այդ կինը, որին Մելանիա Պետրովնա էին անվանում, Մարիամին կասկածելի էր թվում յուր դեղնագույն դեմքի անհամեստ արտահայտությամբ, յուր հինայած մազերով, յուր պատկառելի հասակին անվայել ազատ և համարձակ շարժումներով:

Մի օր Մելանիա Պետրովնան, պատշգամբի վրա տեսնելով Մարիամին սամովարի մեջ ածուխ ածելիս, մոտեցավ: Նա բռնեց օրիորդի ծնոտից, վերև բարձրացրեց գլուխը և, նայելով նրա գեղեցիկ աչքերին արտասանեց.

Ի՞նչ սիրուն ես, ափսոս...

Մարիամը զզվանքով երեսը շուռ տվեց և առանց մի խոսք ասելու, մտավ սենյակ: Լուսամուտից նա տեսավ, որ պառավը կանգնած նայում է, մի խորամանկ և հրող ժպիտ երեսին: Նույն երեկո նա Ռուբենին հայտնեց, թե ցանկալի կլիներ մի ուրիշ բնակարան վարձել:

Ինչո՞ւ:

Քեզ համար շատ հեռու է, — թաքցրեց նա իսկական պատճառը:

Ինձ համար հոգս մի անիլ: Եթե ուրիշ անհարմարություն կա, այն ասա:

Անհարմարություններ շատ կան, — պատասխանեց Մարիամը, և հանկարծ միտքը փոխելով, ավելացրեց. — բայց ով կտա մեզ ամսական տասը ռուբլով սրանից ավելի հարմար բնակարան...

Հաճախ նա միայնակ նստում էր եղբոր սեղանի մոտ և երկար-երկար ժամանակ մնում էր խորասուզված մտածումների մեջ: Մի քանի օրվա ընթացքում նա դարձել էր զարմանալի նյարդային: Անսովոր աշխատությունից հոգնած, նա երբեմն գրգռվում էր ամենաչնչին բաներից: Ցերեկը նա սրբում էր, մաքրում, մի կերպ կերակուր էր պատրաստում, երեկոները վերցնում մի որևէ գիրք և նստում լուսամուտի առաջ: Նա չէր կարողանում մի քանի էջերից ավելի կարդալ: Շուտով նրա աչքերը պղտորվում էին, գլուխը պտտում էր, գիրքը ընկնում էր ծնկների վրա, և նա մնում էր անշարժ, արձանացած:

Մոտ երկու շաբաթ էր անցել, Մելիք-Բարսեղյանը չէր երևում: Ուրեմն իզուր չէր Մարիամը կասկածում, ուրեմն իզուր չէր, որ բժշկի այն սառն «ընկերական» խորհուրդը այնքան սարսափեցրեց նրան:

«Նա ինձ չի սիրում, ոչ, չի սիրում, պնդում էր օրիորդը, հուսահատված գալարելով յուր մատները, — եթե սիրեր, այնպես չէր խոսիլ»:

Ի՛նչ, նա վիրավորական չէ՞ համարում Մարիամի համար վերադառնալ այն տունը, որտեղից համարյա արտաքսել են նրան: Մի՞թե այդ էր սպասում նա այդ մարդուց: Նա վախենում է չքավորությունից, նա, որ ինքը չքավոր է եղել և որ այնքան պարծենում է յուր անցյալ չքավորությամբ: Նա առաջարկում է յուր ընկերոջը մի այնպիսի քայլ անել, որ վայել չէ ամեն մի քիչ թե շատ ինքնասեր մարդու:

«Տեր աստված, տեր աստված, միթե ես խաբվա՞ծ եմ, — շշնջում էր օրիորդը ստեպ-ստեպ, — միթե իզո՞ւր էին իմ բարձր հույսերը նրա մասին»:

Տոն օր էր: Ռուբենը ազատ էր պաշտոնից: Նա յուր սենյակում զբաղված էր մի գրությամբ, որ սկսել էր նոր բնակարան տեղափոխվելու երկրորդ օրը և որին նվիրում էր յուր ազատ ժամերը:

Մարիամը յուր սենյակում, փոքրիկ, անշուք թախտի վրա նստած, սպիտակ կտավից վարագույր էր կարում եղբոր սենյակի լուսամուտի համար: Ամբողջ գործը բաղկացած էր երեք կարեգծերից: Երկու օր էր նա տքնում էր և չէր կարողանում վերջացնել այդ հասարակ կարը: Նրա անվարժ ձեռները դողդողում էին, ասեղը շարունակ ծակում էր նրա մատները:

Հանկարծ նա Ռուբենի սենյակից լսեց Մելիք-Բարսեղյանի ձայնը: Նա ակամա մի ցնցում զգաց, ձեռները թուլացան, կարը ընկավ ծնկների վրա:

Ա՛ ա, վերջապես, եկա՞ր, — դիմավորեց Ռուբենը բժշկին:

Հազիվ ժամանակ կարողացա գտնել, — գոչեց բժիշկը շունչը կտրված, — հավատացիր, որ մի րոպե ազատ ժամանակ չունեի:

Նա շտապով հանեց ձեռնոցները, նստեց աթոռի վրա: Ռուբենը յուր ձեռագիրը դրեց սեղանի արկղիկը:

Այդ ի՞նչ ես թաքցնում, — հետաքրքրվեց բժիշկը, — ինչպես տեսնում եմ, դու էլ զբաղված ես: Պարապիր, պարապիր, րոպեն թանկ է: Բայց ո՞րտեղ է... օրիորդը: Յուր սենյակո՞ւմ: Հույս ունեմ, որ առողջ է: Հըմ, ասա տեսնեմ, կատարեցի՞ր խորհուրդս, գնացի՞ր հորեղբորդ մոտ:

Ռուբենը գլխով բացասական պատասխան տվեց:

Իզուր, — արտասանեց բժիշկը, գլուխը ցավակցաբար շարժելով, — բայց ի՞նչ պիտի անես, ի՞նչ ես մտադիր անելու:

Գուցե նա դեռ շարունակեր յուր հարցուփորձը: Բայց Ռուբենը այն ձևով էր պատասխանում, որ միանգամայն առիթ չէր տալիս երկարաբանության: Բժիշկը սկսեց պատմել այն բոլորը, ինչ որ արել էր երկու շաբաթվա ընթացքում:

Նա արդեն ծանոթացել էր Թիֆլիսի մի քանի ընտանիքների հետ, դեպք է ունեցել հանդիպելու յուր արհեստակիցներին: Նա շատ նուրբ, շատ քաղաքավարի արհամարհանքով մի քանի նկատողություններ արավ վերջինների մասին: «Պրակտիկան» նրանց փչացրել է, թեորիան մոռացել են, գիտությանը բոլորովին չեն հետևում, չգիտեն բժշկականությունը ինչ հսկայական քայլեր է անում վերջին ժամանակ:

Երևակայիր, — շարունակեց Մելիք-Բարսեղյանը, հեգնաբար ժպտալով, — մեկը, անունը չեմ ուզում ասել, բժշկում է մի թոքախտ ունեցող հիվանդի: Հիվանդը իմ քաղաքացիներիցս է, հեռու ազգական է: Երեկ նրա մոտ էի, պատահաբար ծանոթացա այդ բժշկի հետ: Անունս հայտնեցի և մի կողմ քաշելով, հարցրի ազգականիս հիվանդության մասին: Խոսեցինք, վիճեցինք: Ի՞նչ հայտնվեց, այդ մարդը տասը տարի է բժշկություն է անում, անուն ունե, երևակայիր, երևակայիր, չգիտե լուծել հռչակավոր Կոխի բաքտերիտ-բացիլները: Ահա ձեր Թիֆլիսի էսկուլապները, կարելի բան է այդքան տգետ լինել և անուն ստանալ:

Հետո բժիշկը խոսեց յուր բնակարանի մասին: Խիստ աղմկալի տեղ է վարձել. ստորին հարկում հյուսներ են բան անում, վերին հարկում գիմնազիստներ են ապրում, ամբողջ օրը պարում են ու երգում: Վերև աղմուկ, ներքև աղմուկ, աջ ու ձախ հարևաններով լի:

Մի խոսքով, ինձ չեն թողնում որ պարապեմ: Իսկ դու գիտես, առանց պարապմունքի, ես մեռած եմ: Այժմ զբաղված եմ մի թեթև գիտական աշխատությամբ: Գրում եմ մի բրոշյուր հասարակ լեզվով: Թեման շատ հետաքրքրական է — «Մանուկների էպիդեմիական հիվանդությունների զանազան տեսակները, նրանց դեմ գործածելի ռացիոնալ միջոցները և առհասարակ ընտանիքների գիգիենական-սանիտարական պայմանների անհրաժեշտ կարևորությունը»:

Նա հիշեց մի լրագրի անուն, ուր առաջ պիտի տպվեր այդ գիտական աշխատությունը և հետո առանձին գրքույկներով հրատարակվեր աժան գնով հասարակ ժողովրդի մեջ տարածելու համար: Ռուբենը ակնարկեց, թե մի քանի օր առաջ այդ լրագրում կարդացել է «բժշկապետ Մելիք-Բարսեղյանի» մասին ռեկլամի պես մի բան:

Այնքան կռվել եմ խմբագրի հետ, որ երևակայել չես կարող, — պատասխանեց բժիշկը, սակավ ինչ շփոթվելով: — Հիմարություն, ուրիշ ոչինչ, դու գիտես, որ ես ռեկլամներից փախչում եմ...

Դռների ձայնը ընդհատեց նրա խոսքը: Մյուս սենյակից դուրս եկավ Մարիամը:

Մեղավոր եմ, զգում եմ, — գոչեց Բժիշկը` ոտքի կանգնելով, — ինչ արած, բժշկի արհեստը ծանր է, պատասխանատու է:

Իսկ ես կարծում էի, որ ինձ էլ ձեր հիվանդներից մինը կհամարեք, — արտասանեց Մարիամը մի առանձին, անսովոր եղանակով:

Ի՞նչ, դուք հիվա՞նդ եք: Նո՛ւ, Ռուբեն, դու ինձ ինչո՞ւ խաբեցիր, այդ ներելի չէ, միթե չէի՞ր կարող հայտնել: Թույլ տվեք, օրիորդ...

Մարիամը թույլ ժպտալով, ձեռը խլեց բժշկից և նստեց սեղանի մոտ:

Ոչ, դուք կատակ եք անում, դուք առողջ եք, — ասաց բժիշկը, ավելի շփոթվելով օրիորդի վարմունքով և համարելով նրա ժպիտը մի տեսակ հեգնություն:

Այնինչ վայրկենաբար Մարիամը փոխվեց: Նա բժշկի շփոթմունքը այլ կերպ հասկացավ:

«Միթե ես սխալվո՞ւմ եմ», անցավ նրա մտքով:

Եվ սկսեց լարված ուշադրությամբ հետևել բժշկի խոսակցությանը, դիտել բոլոր նրա շարժումները: Մինչդեռ բժիշկը զսպելով շփոթմունքը, կրկին դարձավ ազատ, համարձակ: Նա պատմեց մի քանի նորություններ, գովեց մեկին, պարսավեց մի ուրիշին:

Առհասարակ բժիշկը խոսում էր շատ ընդհանուր, շատ հասարակ բաների մասին: Նա ոչ մի խոսք չասաց, ոչ մի ակնարկություն չարավ Ռուբենի և Մարիամի ներկա կացության մասին: Նա չհիշեց մի որևէ դեպք անգամ, որ կարող էր կապ ունենալ այդ հանգամանքի հետ: Նա թաքցրեց և յուր այցելությունը Սադափյաններին:

Մարիամը ուրախ էրչգիտեր ինչու, ժպտում էր, ծիծաղում էրչգիտեր ինչից դրդված:

Քանի մի վայրկյան նրանք լռեցին: Բժիշկը, իբր թե ճակատը տրորելով, ձեռով ծածկեց աչքերը և մատների արանքով զննեց Մարիամին:

«Ի՞նչպես աղքատությունը վատ է ազդում գեզեցկության վրա», — ասաց նա մտքում, տեսնելով օրիորդի ձեռների վրա անսովոր աշխատանքի հետքերը:

Следующая страница