Շիրվանզադե Ալեքսանդր՝   Զուր հույսեր

Մարիամը չկարողացավ զսպել իրան, նրա արյունը սառավ երակներում, աչքերը պղտորվեցին:

«Ինչ շուտ կարողացավ ծանոթանալ դրանց հետ», ասաց նա մտքում: Բժշկի դեմքը արտահայտում էր խորին բավականություն, նա շատ ուրախ էր երևում:

Հոգով ցանկանում էր Մարիամը հեռանալ այդ չարագուշակ երեկույթից, ուր հետզհետե ավելանում էր նրա տանջանքը: Բայց ինչ անհաղթելի ուժ էր այն, որ դարձյալ մղում էր նրան դեպի այդ մարդը և որ տակավին ստիպում էր նրան հետամուտ լինել մի չքացող բախտի: Կատաղի խանդը կրծում էր նրա սիրտը: Նա չկարողացավ ոչ առաջ գնալ, ոչ ետ դառնալ: Նա մնաց տեղն ու տեղը, աչքերը դարձրած դեպի այն կողմը, ուսկից լսվում էր բժշկի բարձրաձայն ծիծաղը: Օրիորդները անցան դահլիճ: Բժիշկը մեջքից թեքված, հետևեց նրանց զվարճախոսելով, ծիծաղելով և աջ ու ձախ արտասանելով «վինովատ», «պարդոն», «ներողություն», ում ինչ լեզվով հարկավոր էր:

Մարիամը կանգնած էր միևնույն տեղում, մեջքը հենած սանդուղքի վանդակապատին:

Ի՞նչ է պատահել քեզ, — լսեց նա եղբոր ձայնը, — դու հոգնե՞լ ես արդեն:

Այո, հոգնել եմ, գնանք, գնանք այստեղից:

Ոչ, շատ վաղ է դեռ: Կես ժամ է քեզ փնտրում եմ, չեմ գտնում: Գնանք դահլիճ, ես ուզում եմ քեզ ծանոթացնել իմ ուսանողական ընկերների հետ:

Ոչ ոքի հետ չեմ ուզում ծանոթանալ: Մի տեղ նստենք, քիչ հանգստանանք, գլուխս պտտում է:

Ուրեմն չե՞ս պարելու:

Ոչ:

Ռուբենը նրան ուղեկցեց ասիական ձևով կահավորված դահլիճը, ուր փափուկ գահավորակների վրա նստած էին խումբ-խումբ հանդիսականներ:

Ախ, Մարո, եթե իմանայիր ինչպես էի վիճում մի կես ժամ առաջ իմ ընկերների հետ: Տեր աստված, ինչպես մարդիկ փոխվում են և ինչպես շուտ: Ես չեմ ճանաչում իմ նախկին ընկերներին, բոլորը փոխվել են, բոլորը մանրացել են, բոլորի խոսակցության նյութը այժմ կանայք են, իրանց պաշտոնները, իրանց զվարճությունը ուրիշ ոչինչ: Որքան հիմար դրության մեջ դրեցի ինձ, խոսելով նրանց հետ այն առարկաների մասին, որ մեզ ոգևորում էին: Դու պետք է տեսնս, թե ինչպես նրանք միմյանց ծաղրում են, քննում, քննադատում, բամբասում: Ահա հենց այդ բանի մասին էի վեճում նրանց հետ մի փոքր առաջ:

Եղբայրը խոս՛ում էր, քրոջ միտքը ո՞ւր էր: Կրկին նրա աչքով ընկավ բժիշկը նույն օրիորդի հետ:

Գնանք տուն, Ռուբեն, — ասաց նա, բռնելով եղբոր բազուկը, — այստեղ սաստիկ տոթ է, ես խեղդվում եմ, գնանք:

Բայց դու այս երեկո բոլորովին չզվարճացար: Ես ուզում եմ քեզ հետ մի քիչ պարել: Մերժո՞ւմ ես:

Դարձյալ երևաց Հալաբյանը: Ամբողջ մի ժամ մերթ իշխան Սահարունիի, մերթ տիկին Սոփիոյի և մերթ օրիորդ Նատալիայի ձեռքին տանջվելուց հետո, ամուրին, վերջապես ազատվել էր:

Արդյոք չէի՞ք կամենալ ընթրել, դիմեց նա Ռուբենին և Մարիամին:

Նա մերժումն ստացավ, և մինչ աշխատում էր համոզել, նրա թևից բռնեց Ախշարումյանը և քաշեց մի կողմ:

Բավական է, թող այդ հիմարություններդ, — ասաց որկրամոլը, — ի՞նչ ես ընկել այդ աղջկա հետևից: Գնանք ընթրելու:

Հալաբյանը կատաղեց:

Թողեք ինձ հանգիստ, ի սեր աստուծո, — խեղդուկ ձայնով արտասանեց նա, յուր թևը ազատելով Ախշարումյանի ձեռից:

Գնա, դու գժվել ես:

Հալաբյանը հետ վերադարձավ: Բայց Ռուբենն և Մարիամը չկային իրանց առաջվա տեղում: Նա անցավ ասիական դահլիճին կից փոքրիկ սենյակը: Այստեղ ոչ ոք չերևաց: Նա քայլերը ուղղել էր դեպի գլխավոր դահլիճը, երբ նրա ականջին հասավ մի շշնջման ձայն: Նայեց դեպի սենյակի կիսալուսավոր անկյունը և մնաց տեղն ու տեղը անշարժ: Նա չէր սխալվում, դա Մարիամն էր, նստած գահավորակի վրա: Իսկ մյո՞ւսը, բժիշկ Մելիք-Բարսեղյանն էր: Յուր եղբոր հետ հանդիպելով բժշկին այդ սենյակում, օրիորդը խնդրեց Ռուբենին թողնել իրանց մի քանի րոպե առանձին: Նա վճռեց անել վերջին քայլը, նա կամեցավ բացատրություն պահանջել Մելիք-Բարսեղյանից: Եվ ահա նրանք նստած էին դեմուդեմ...

Մի վայրկյան նրանք լուռ նայեցին միմյանց երեսին: Մարիամի աչքերի մեջ փայլում էր մի հուսահատ վճռականություն: Բժիշկը գուշակեց նրա միտքը: Նա զգաց, որ արդեն հասել է բարոյական ճգնաժամը, որ դեմուդեմ նստած է մի անողոք դատավոր, որին պարտավոր է հաշիվ տալ յուր վարվողության մասին: Նա շփոթվեց, նայեց աջ ու ձախ, ոչ ոք չէր երևում, բոլոր հանդիսականները կից դահլիճներումն էին:

Բժիշկ, — ընդհատեց Մարիամը վայրկենական անախորժ լռությունը մի այնպիսի ձայնով, որի մեջ հազիվ զգացվում էր նրա հոգեկան խռովությունը, — այսօր ես վճռեցի ձեզ հետ խոսել վերջին անգամ: Հուսով եմ, որ չեք մերժիլ մի քանի րոպե ինձ նվիրել, մի քանի րոպե միայն, այնուհետև դուք ազատ եք: Կարո՞ղ եք լսել:

Այստե՞ղ, — պատասխանեց բժիշկը, շվարված աջ ու ձախ նայելով, — այս հասարակական տեղո՞ւմ, Մարո, մեր խոսակցությունը, եթե գաղտնիք է, կար՞ող են լսել:

Մի վախենաք, ոչ ոք չի լսիլ: Ես այստեղ ընտրեցի մեր բացատրության համար այն պատճառով, որ մենք այսուհետև ուրիշ ոչ մի տեղ չենք կարող տեսնվելԵրբեք: Միամիտ կացեք, մի կարծեք, որ ես ձեզ կանպատվեմ: Ոչ, գիտեմ, որ դուք վախենում եք հասարակությունից:

Լսեցեք, ես ամեն բան զգում եմ, ավելորդ կլինի, եթե դուք սկսեք պարզել դեպի ինձ ձեր զգացմունքները: Դուք ինձ չեք սիրում, ես գիտեմ այդ, գիտեմ այն էլ, որ երբեք, երբեք չեք սիրել ինձ: Բայց... ասացեք.., ի՞նչ էր նշանակում ձեր այդ դառն կատակը ինձ հետ: Պատասխանեցեք, ինչո՞ւ համար դուք այդպես վարվեցիք, ինչո՞ւ...

Բժիշկը դարձյալ նայեց աջ ու ձախ: Չնայելով, որ Մարիամը խոսում էր ցածր ձայնով, գրեթե շշնջյունով, բժիշկը այնուամենայնիվ կարծում էր, որ կարող են լսել նրա ասածը: Օրիորդի արտաքին կեղծ սառնությունը նրան չէր խաբում: Նա զգում էր նրա ներքին բուռն հոգեկան խռովությունը, զգում էր և վախենում մի գուցե խոսակցությունը շարունակելով, առիթ տա մի անախորժ տեսարանի:

Մարո, — հաղորդեց նա մեղմ և փաղաքշական ձայնով, — թող, հետո կխոսենք այդ մասին: Ես պատրաստ եմ քեզ բացատրություն տալ, բայց ոչ այստեղ: Նայի՛ր, — ավելացրեց նա, ցույց տալով դեպի մեծ դահլիճը, որի դռների մոտ երևում էին մի խումբ հանդիսականներ:

Մարիամը հեգնաբար ժպտաց:

Ինչի՞ցն եք վախենումշարունակեց նա համառությամբ, — որ ես աղմո՞ւկ կբարձրացննեմ այստեղ, որ ես կարտասվե՞մ, որ ես ձեր անունը խոսակցության և բամբասանքի առարկա՞ կդարձնեմ: Չե՞ք ճանաչում ինձ, մոռացե՞լ եք... Ոչ, պատվելի բժիշկ, ես այդ չեմ անիլ, ես ինձ թույլ չեմ տալ մի երիտասարդ բժշկի, հա հա հա , պատիվը արատավորել: Բայց ես պետք է ձեզանից հաշիվ ստանամ ձեր վարմունքի մասին, հասկանո՞ւմ եք: Ի՞նչ, դուք կարծում էիք, որ գործ եք ունեցել մի խեղճ, մի ողորմելի, մի անլեզու աղջկա հետ, որ կարող է երեկվա ձեր վարմունքը այսօր մոռանա՞լ: Հասկացեք, ուրեմն, ձեր առաջ նստած է մի չափահաս կին, որ ինքը կարող է յուր պատիվը պաշտպանել: Տեսնո՞ւմ եք, այսօր, այս հասարակական տեղում, ես ամեն ինչ արհամարհելով, պահանջում եմ ձեզանից այն, ինչ որ իրավունք ունեմ պահանջելու: Տվեք ինձ պատասխան, ասացեք, ի՞նչ իրավունք ունեիք կարծելու, որ ես փողով ինձ համար փեսացու առնողներից եմ: Լռեցե՛ք... Թույլ տվեք խոսքս վերջացնեմ, խոմ ձեր հոգին այժմ ինձ համար պարզ է, խոմ դուք մի ծախու ապրանք եքհըմ, դուր չէ գալի՞ս ձեզ իմ ասածը: Միթե ճի՞շտ չէ, միթե դուք ձեր անունը, ձեր երիտասարդությունը, ձեր կրթությունը, ձեր գաղափարները, ձեր պատիվն անգամ կշեռքի մի թաթի վրա չեք դրել, մյուս թաթի վրա ոսկի՛-ոսկի՛ եք կանչում. Չէ՞, այսպես չէ՞: Հերքեցեք, եթե սուտ եմ ասում, պաշտպանվեցեք, եթե ասածս զրպարտություն եք համարում, հերքեցեք, որ դուք... մի մի մի... բախտախնդիր չեք...

Քանի խոսում էր օրիորդը, հետզհետե կորցնում էր սառնությունը և նրա սրտի դառնությունը ավելի ու ավելի զգացվում էր աստիճանաբար հուզվող ձայնի ելևէջների մեջ: Եվ նրա նիհարությունը, նրա դեմքի գունատությունը, նրա աչքերի հիվանդոտ փայլը սարսափեցնում էին բժշկին: Նա ցնցվում էր օրիորդի ամեն մի խոսքից, նա անդադար նայում էր յուր շուրջը: Վերջին խոսքը նրան բոլորովին զինաթափ արավ: Նա ցանկանում էր, որ այդ րոպեին ներս մտնի մի ծանոթ մարդ և վերջ դնի այդ տագնապալի դրությանը: Սակայն երաժշտության ձայնը դեռ լսվում էր, պարերը դեռ շարունակվում էին: Երբեմն-երբեմն միայն մի հանդիսական մտնում էր սենյակի մի դռներով և իսկույն դուրս գալիս մյուս դռնձրով, ծուլորեն նայելով աջ ու ձախ և ուշադրություն անգամ չդարձնելով նրանց վրա:

Ախ, տեր աստված, — փոխեց հանկարծ յուր ձայնը Մարիամը, վերջապես, չկարողանալով շարունակել յուր կեղծ սառնասրտությունը, — ի՞նչ եմ ասում, որքա՞ն հիմար եմ ես: Ո՞ւմ հետ եմ խոսում: Ի՞նչ եմ պահանջում ես ձեզանից: Դուք լռում եք, դուք չափից դուրս շփոթված եք, դուք ուզում եք փախչել ինձանից: Գնացեք, — ավելացրեց նա, մի վայրկյան լռելուց հետո, — ես չեմ կարողանում ձեզ հետ սառնասիրտ խոսել: Թողեք ինձ, հեռացեք, դուք ազատ եք, այնտեղ ձեզ սպասում են... ուրիշները:

Նա թուլացած թիկն տվեց գահավորակին: Նա զգում էր, որ ինքն էլ չգիտե ինչ է ասում, որ առհասարակ այն չի խոսում, ինչ որ հարկավոր էր խոսել: Նրա դողդոջուն ձեռը ուժգնակի շարժում էր լայն հովհարը: Նա զգաց օդի սաստիկ պակասություն, նրա շնչառությունը ծանրանում էր:

Չե՞ք կամենում դահլիճ անցնել, — լսեց նա բժշկի ձայնը, և այդ ձայնը հնչեց նրա ականջին իբրև մի հանդուգն հեգնություն, իբրև մի սառն արհամարհանք:

Այլևս միանգամայն ավելորդ էր խոսել: Նա ճիգն արավ և անսպասելի արագությամբ ոտքի կանգնեց: Նա նայեց մի վայրկյան բժշկի երեսին և խեղդված ձայնով, գրեթե խուլ շշնջյունով արտասանեց.

Գնացեք ձեզ համար բախտ որոնեցեք, իսկ եսնա ծածկեց երեսը հովհարով և քայլերը ուղղեց դեպի հակառակ կողմ: Երբ բժիշկը հեռացավ, նրա առաջ դուրս եկավ սենյակի կիսախավար անկյունից... Հալաբյանը: Ամուրին հուզված էր, նրա աչքերի մեջ փայլում էր սաստիկ անհանգստություն: Մարիամը նայեց նրա երեսին, և վայրկենաբար սթափվեց:

«Մի՞թե լսել է իմ ասածները», անցավ նրա մտքով: Նա թույլ տվեց ամուրիին լուռ գնալու յուր մոտով: Նա ամբողջ մարմնով դողում էր:

«Ինչ ստորություն, ի՛նչ ստորություն, — կրկնեց նա մտքում, — ինչ արի ես, ինչ արի ես»:

Արդարև նոր միայն նա հասկացավ, որ միանգամայն արժանի էր յուր ինքնասիրությանը գրեթե ուժով բացատրություն պահանջել մի մարդուց, որ այնպես տմարդի կերպով խաբել էր նրա հույսերը: Այժմ այլևս նրա համար գոյություն չուներ չքացած բախտի խնդիրը: Զարթնեց նրա մեջ յուր բոլոր զորությամբ նսեմացած ինքնասիրության խայթող զգացմունքը:

«Ի՛նչ ստորություն, ի՛նչ ստորություն», — կրկնում էր նա անդադար:

Նրան թվում էր, որ ոչ միայն բժշկի առաջ ինքն իրան ստորացրեց, այլև ամենի աչքում, որ ամբողջ հասարակությունը այժմ ծաղրում է նրան, ծիծաղում է, բամբասում է: նա չգիտեր ինչ է կատարվում յուր շուրջը, նա չէր հասկանում յուր հետ ընթացող Հալաբյանի ասածը, լսում էր միայն նրա խուլ, երերվող ձայնը: Նա մտածում էր գտնել եղբորը շուտով և աննկատելի կերպով հեռանալ երեկույթից:

«Ինչ արի ես, ինչ արի, տեր աստված», շշնջացին այս անգամ լսելի ձայնով նրա շրթունքները:

Ի՞նչ ասացիք, — հարցրեց Հալաբյանը, լսելով նրա ասածը:

Մարիամը մի քիչ սթափվեց:

Խնդրեմ եղբորս գտեք և ուղարկեցեք ինձ մոտ, ես այստեղ կսպասեմ:

Նա ուժասպառ, թուլացած նստեց ընդարձակ հյուրասենյակի մի կիսալուսավոր անկյունում:

Հալաբյանը տեղից չշարժվեց: Չկարողանալով զսպել յուր բուռն հետաքրքրությունը, նա թաքնվել էր սենյակի մի անկյունում և ականջ դրել Մարիամի խոսակցությանը բժշկի հետ: Օրիորդի մի քանի, անզգույշ կերպով բարձր արտասանված դարձվածները այլևս պարզեցին նրա համար մի չարագուշակ գաղտնիք: Ուրեմն Մարիամը սիրում է այդ երիտասարդ բժշկին, իսկ նա... արհամարհում է: Նա պատրաստ էր նույն րոպեին հարձակվել Մելիք-Բարսեղյանի վրա, տալ նրան մի խայտառակ ապտակ: Նա կատաղած էր և Մարիամի դեմ: Ի՞նչ, մի երիտասարդ արհամարհում է նրան, և նա դեռ հետամուտ է լինում նրան:

Գտեք եղբորս, խնդրում եմ ձեզ, — ասաց օրիորդը կրկին:

Հալաբյանը մեքենաբար շարժվեց տեղից և սկսեց աչք ածել յուր շուրջը. Երեկույթը դեռ շարունակվում էր: Պարերից հոգնած զույգերը անցուդարձ էին անում, ուրախուրախ խոսակցելով: Դահլիճը կիսով չափ դատարկվել էր:

Նրան մոտեցավ մոսիո Վախվախյանը և ասաց, թե իշխան Սահարունին կանչում է: Նա ուշադրություն չդարձրեց, անցավ:

Վերջապես գտա քեզ, — լսեց նա դահլիճում իշխանի ձայնը: — Նո՛ւ, գնանք, քեզ են սպասում:

Ինձ ոչ ոք չպիտի սպասի, ես գործ ունեմ:

Չի կարելի, դու մերոնց խոսք ես տվել միասին ընթրելու:

Նոր միայն ամուրին հիշեց, որ արդարև, յուր գլուխը ազատելու համար, ակամա խոսք էր տվել Նիկողայոսին:

Նա ուշադրություն չդարձրեց իշխանի վրա: Նա դիմեց առաջ: Այս անգամ նրան հանդիպեց տիկին Սոփիոն:

Ախ, պարոն Հալաբյան, ես ձեզ էի պտրում, — ասաց տիկինը ուրախ-ուրախ: — Երևակայեցեք, կոմսուհի Նավալիխինան այնքան գովեց մեր բալը, այնքան գովեց, որ չգիտեմ... Փառք աստուծո, փառք աստուծո, շատ ուրախ եմ: Դեհ, գնանք այժմ, Նիկողայոսը սպասում է...

Երևեցան և՛ օրիորդ Նատալիան ու Ախշարումյանը, ամուրիին շրջապատեցին: Այլևս դժվար էր ազատվել նրանց ձեռքից: Սակայն նա դարձյալ ներողություն խնդրեց —, հեռացավ, ասելով, որ իսկույն կվերադառնա: Նա Մարիամին չգտավ այնտեղ, ուր թողել էր: Նա վազեց այս ու այն կողմ, անցավ նախագավիթ, և այստեղ տեսավ, որ օրիորդը եղբոր թևին հենած, սանդուղքով ցած է իջնում: Նա ինքն իրան մոռացավ, և հրելով ճանապարհին պատահած հանդիսականներին, խելագարվածի պես հետևեց նրանց:

Դուք արդեն գնո՞ւմ եք:

Նա պատասխան չստացավ: Իջնելով ցած, հանդերձարանում նա մի քիչ ուշքի եկավ, շփոթվեց ինքն յուր արածից: Նա ձեռը մեկնեց Ռուբենին: Երիտասարդը գունաթափված էր, աչքերի մեջ փայլում էր մի տեսակ, նրա բարի դեմքին անհամապատասխան, կատաղություն: Պարզ էր, որ Մարիամը հաղորդել էր նրան բժշկի վարմունքը: Դողդողացող ձեռներով նա պահեց քրոջ վերարկուն, հագցրեց, առավ նրա թևը և շտապեց դեպի դուրս:

Հեգ ամուրին մնաց բևեռված յուր տեղում: Ընկճված, հուսահատված, նայեց Մարիամի հետևից: Նա ծանր և ակամա քայլերով բարձրացավ վեր: Նա զգում էր յուր շուրջը մի ամայություն, կարծես, Մարիամի գնալով նրա համար ամեն ինչ վերջացավ, կարծես, այլևս հավիտյան խորտակվեցին նրա հույսերը: Սեղանատանը չհասած, նա հանդիպեց Մելիք-Բարսեղյանին, որ խոսում էր մի հարուստ և բավական ծեր դրամատիրոջ հետ: Որքան ատելի թվաց նրան բժշկի լուրջ կերպարանքը: Նա ձգեց նրա վրա մի սպառնողական, մի սուր հայացք: Բժիշկը բարեկամաբար ժպտաց: Այդ նրան ավելի կատաղեցրեց: Նա համարում էր իրան վիրավորված, հաղթված և մինչև անգամ ստորացած մի նոր, մի տակավին անհայտ երիտասարդի առաջ: Ինչպե՛ս, նա սիրե, նա այնքան եռանդով հետամուտ լինի մի օրիորդի, որից երես է դարձնում մի ինչ-որ կիսաքաղցած բժիշկ: Էլ ո՛ւր մնացին Հալաբյանի անունը, դիրքը, հարստությունը:

«Նա ծիծաղում է ինձ վրա, նա ծաղրում է ինձ, — ասաց, նա մտքում, — ես նրան ցույց կտամ, ցույց կտամ, թե ով եմ ես»...

Երբ մտավ սեղանատուն, ամուրիին այնպես թվաց, որ ամենը հեգնաբար ժպտացին, մանավանդ Ախշարումյանը և իշխան Սահարունին: Նիկողայոսի խոնարհ հրավերով նա նստեց սեղանի մոտ, կասկածելի հայացքներ ձգելով բոլորի վրա: Ամբողջ ընթրիքի ժամանակ նա լռեց, անուշադիր թողնելով Նիկողայոսի հաճոյախոսությունները, տիկին Սոփիոյի սիրալիր ակնարկությունները, օրիորդ Նատալիայի հաղթական հայացքները, իշխան Սահարունիի սրախոսությունները և Ախշարումյանի կատակները: Նա վեր կացավ տեղից ամենից առաջ, բարևեց և պատճառ բերելով յուր գլխացավը, ներողություն խնդրեց ու հեռացավ: Նրա հետևից վազեց իշխան Սահարունին:

Սիրելիս, — շշնջաց իշխանը հեգնաբար, — ես հիմար չեմ:

Ի՞նչ ես ուզում ասել:

Ասում եմ, ես հիմար չեմ:

Ես այդ գիտեմ, հետո՞:

Ուրեմն իմացիր, որ գլխացավիդ պատճառը ինձ հայտնի է: Սպասիր, մի շտապիր, երկու խոսք: Զգույշ կաց, հասկանո՞ւմ ես, զգույշ կաց: Քեզ նման մարդիկ չեն ընկնում, բայց ընկնելիս երկու ոտով են ընկնում թալաքի մեջ

Խոսակցությունը տեղի ուներ նախասենյակի մի անկյունում, մոտիկ ոչ ոք չկար: Հալաբյանը ապշած նայեց՝ իշխանի երեսին, կարդալով նրա աչքերի մեջ մի չարամիտ բան:

Իբրև բարեկամ, խորհուրդ եմ տալիս, զգույշ կաց, — կրկնեց իշխանը խորհրդավոր եղանակով: Այո, զգույշ կաց, ձեռք մի մեկնիլ ուրիշի պատառին, հասկանո՞ւմ ես, կարող ես մատներդ այրել և շատ վատ այրել:

Իշխան, ամոթ է, լռի՛ր:

Ես կլռեմ, բայց դու զգույշ կաց,.. Դե գնա, Ուրիշ ասելիք չունեմ:

Իշխանը անհայտացավ: Հալաբյանը մնաց տեղն ու տեղը անշարժ, արձանացած: Այդ անորոշ խոսքերի մեջ նա զգաց շատ որոշ, շատ պարզ և շատ չարամիտ մի ակնարկություն: Նա սարսափեց:

«Ուրիշի պատառին», — արտասանեց նա, մեքենաբար, ճեռով շփելով ճակատը: Նա չիմացավ, թե ինչպես ցած իջավ, ինչպես ծառան հագցրեց վերարկուն, և միայն երբ դուրս եկավ փողոց, երբ ձմեռային սառն օդը խփեց նրա ճակատին, սթափվեց փոքր-ինչ: Այն ժամանակ նրա կրծքից մի ծանր հառաչանք դուրս թռավ, և նա արտասանեց.

Ես անբախտ եմ

XII

Մարիամի կծու հանդիմանությունները մի որոշ աստիճանի ազդեցություն գործեցին բժիշկ Մելիք-Բարսեղյանի հոգու վրա: Երեկույթից հետո մի քանի օր շարունակ նրա ականջին հնչում էին օրիորդի վիրավորական խոսքերը, իբրև սուր բողոք յուր անարժան վարմունքի դեմ:

Սակայն անցավ թարմ տպավորությունը, և նրա խիղճը փոքր առ փոքր սկսեց հանդարտվել: Այս անգամ ևս նրան օգնեց սառն, անկիրք դատողությունը: Չէ որ վիրավորողը Մարիամն է եղել:

«Իսկ ես միայն լսեցի նրա կոշտ ու կոպիտ հայհոյանքները: Ասենք իմ արածս, նրա կարծիքով, լավ բան չէ, բայց նրա արածը խոմ ավելի վատ էր»:

Ուրեմն պատիժը կատարված է, պարտքը վճարված է, հաշիվը վերջացած է:

Բայց արդյոք այդ երեկո հասարակությունից ոչ ոք չէ լսել նրանց խոսակցությունըահա այն միակ միտքը, ար սաստիկ անհանգստացնում էր բժշկին: Եթե նա համոզված լիներ, որ այդ անախորժ տեսարանին ոչ ոք վկա չի եղել և առհասարակ գաղտնիքը չէ հայտնվել ուրիշին, որքան դյուրին կլիներ նրա համար մոռանալ ամեն ինչ և անձնատուր լինել սովորական զբաղմունքներին: Բայց նա կասկածում էր, և կասկածում էր ամենից ավելի Հալաբյանի վերաբերմամբ:

Նրա սուր աչքերը նկատել էին Հալաբյանին այն պահին, երբ վերջինը դուրս եկավ սենյակի անկյունից Մարիամի հանդիմանություններից հետո: Նրա նուրբ դիտողությունից փախուստ չէր տվել ամուրիի հետամուտ լինելը Մարիամին: Նա նկատել էր և Հալաբյանի սպառնալի հայացք ժողովարանի նախասենյակում: Այնուհետև նա մի քանի անգամ պատահել էր ամուրիին փողոցում, բարևել էր հարգանքով, և արժանացել միայն սառն և թեթև պատասխանի: Այս բոլորը նրա կասկածները զորացնում էին, և նա, մութ կերպով, զգում էր, որ Հալաբյանը նախ անտարբեր չէ դեպի Մարիամը, երկրորդ վրդովված է յուր դեմ: Առաջինը ցանկալի էր, երկրորդը՝ ոչ: Ցանկալի էր՝ գտնվի մեկը, որ հետամուտ լինի Մարիամին և գուցե մոռացնել տա նրան յուր անցյալը: Ցանկալի չէր, որ այդ մեկը լինի Հալաբյանի նման մարդ: Սա հարուստ է, հասարակության մեջ ունի հայտնի դիրք, ունի ծանոթների մեծ շրջան, կատա՞կ բան է մի երիտասարդ բժշկի համար կյանքի ասպարեզում, հենց առաջին քայլում, հանդիպել այդպիսիների ատելությանը, երևալ նրանց աչքում իբրև մի ստոր խաբեբա:

Պետք է, ուրեմն, զգույշ լինել, պետք է մոտենալ Հալաբյանին, վաղօրոք գրավել նրա սիրտը, չթույլ տալ նրան վատ կարծիք կազմելու բժիշկ Մելիք-Բարսեղյանի մասին:

Չլիներ տխուր միջադեպը Մարիամի հետ, օրիորդ Նատալիայի բալը իսկապես բժշկի համար մի բախտավոր օր էր: Այդ երեկո նա ծանոթացել էր երեք-չորս հայտնի ընտանիքների հետ, գրավել էր մի քանի մայրերի ուշադրությունը: Մի հարուստ պարոն հենց այդ երեկո առաջաբկել էր նրան յուր տան բժիշկը լինել: Եվ նա շտապել էր հետևյալ օրն իսկ այցելություն անել պարոնի ընտանիքին: Մի խոսքով, այդ երեկույթից հետո նրա գործերը քիչ-քիչ առաջ Էին գնում, ապագան հույսեր էր տալիս: Նրա մասին արդեն սկսել էին խոսել հասարակության մեջ, նրա անունը տարածվում էր, նրանով հետաքրքրվում էին:

Իբրև բարեմիտ քաղաքացի, իբրև յուր դրությունը հաստատել ցանկացող մի բժիշկ, նա արդեն կանոնավորել էր քուր կյանքը: Առավոտյան զարթնում էր կանուխ, չայի ժամանակ թերթոսք էր տեղական լրագիրները, հետո կարդում էր յուր մասնագիտությանը վերաբերյալ այս կամ այն գրքից մի քանի էջեր, այնուհետև ծանր ու հանդարտ, ծառայի օգնությամբ, հագնվում էր, դուրս էր գալիս տնից առավոտյան, տասնումեկ ժամին: Եթե հիվանդ ուներ, գնում էր այցելության, եթե չուներ, դարձյալ կառք էր նստում որոշյալ ժամեն և մի կամ երկու անգամ անցուդարձ անում քաղաքի բազմամարդ փողոցներում:

Հետո նա գնում էր այն հիվանդանոցները, ուր առժամանակ ձրի բժշկություն էր անում: Այստեղ նա շփվում էր զանազան այցելուների հետ, ծանոթանում էր, և եթե այցելած փոքր ի շատն ունևոր մարդ էր, հայտնում էր նրան յուր հասցեն, հարմար դեպքում հրավիրելով յուր մոտ:

«Տանը ես ազատ եմ, կարող եմ ավելի լավ քննել ձեր հիվանդությունը», — ասում էր նա:

Եվ ամենի հետ նա վարվում էր միատեսակ մեղմ, սիրալիր և զարմանալի ուշադրությամբ: Նրա համբերությունը սահման չուներ, երբ քննում էր այս կամ այն շատախոս հիվանդին, որ մանրամասն նկարագրում էր յուր հիվանդությունը: Նա ինքն յուրաքանչյուրին շռայլում էր շատ ավելորդ հարցեր, կատակ էր անում, սրախոսում էր, զվարճացնում էր և այսպիսով ամենի սիրտը շահում:

Ա՛խ, Անիչկա, — ասում էր հիացած մի տիկին յուր ընկերուհուն, — դու չես կարող երևակայել ինչքան բարեսիրտ է այդ բժիշկ Մելիք-Բարսեղյանը, ինչքան ցավում է հիվանդի մասին: Ուրիշները մի քիչ քննում են հիվանդին ու հետո ձեռքին նայում, թե ինչ կտա: Իսկ նա, սիրող մոր պես, ամեն բան հարցնում է, ամեն բան ուզում է իմանալ:

Դուք ճանաչո՞ւմ եք բժիշկ Մելիք-Բարսեղյանին, — հարցնում էր մեկը մյուսից:

Ոչ, լսել եմ:

Օօօ՛օ., ծանոթացեք, ծանոթացեք, շատ համակրելի է:

Ինչո՞վ է համակրելի:

Ինչպես ասեմ, պրոստո դուշկա...

Հին բժիշկների դասը, որ առաջ արհամարհանքով էր վերաբերվում, փոքր առ փոքր սկսեց լուրջ ուշադրություն դարձնել նրա վրա: Շատերը զգում էին, որ նրա հետ կատակ անել չի կարելի, որ նա մի վտանգավոր մրցակից է և կարող է շատերին նսեմացնել, եթե վաղօրոք առաջը չկապվի: Եվ հետզհետե սկսեցին նրա վրա բամբասել: Առաջ նրան անվանում էին «մանուկ», հետո սկսեցին «վիոկաչկա» մականունը գործածել: Իսկ նա, ինչպես հիվանդների, նույնպես և լավ, արհեստակիցների հետ վարվում է՝ ծերերի հետ հարգանքով և պարկեշտորեն, երիտասարդների հետ ընկերաբար և համեստորեն: Նա մյուսների պես չէր բամբասում նրանց, չէր աշխատում վայր գցել նրանց վարկը հասարակության աչքում: Նա չէր ցույց տալիս ոչ նախանձ, ոչ ատելություն, ոչ արհամարհանք: Երբ նրա մոտ անվանարկում էին այս կամ այն բժշկին, նա կամ աշխատում էր բամբասանքը ընդհատել, կամ ընդդիմադրում էր անվանարկողին, պաշտպանելով ոչ թե խոսակցության առարկա բժշկի անձնավորությունը, այլ առհասարակ բժիշկ մարդու արհեստը, նրա պատասխանատու դերը, նրա դիրքը և պատիվը: Իսկ երբ գովում էին մեկին, նա լռում էր, և միայն այն ժամանակ երևան էր գա չես նրա դեմքի վրա այն խորհրդավոր ժպիտը, որ նրան էր միայն հատուկ և որ, կարծես, արտահայտում էր հետևյալ դարձվածը.

«ճանաչում եմ քո գոված բժշկին, չարժե: Նայի՛ր ինձ...»: Եվ գովողը նայում էր նրա երեսին, լռում էր, ամաչում էր և կամա-ակամա մտածում.

«Ի՛նչ խելոք դեմք ունե այս մարդը»:

Այսպես էր վարվում բժիշկ Մելիք-Բարսեղյանը ամենի հետ: Նրա հնարագետ ուղեղը մատակարարում էր նրան միշտ նորանոր միջոցներ յուր նպատակին հասնելու համար: Մի օր այդ ուղեղր թելադրեց նրան հետևյալ սկզբունքը.

«Ընդհանուր համակրություն ձեռք բերելու համար հարկավոր է ընդհանրության հետ շփվող մարդկանց մոտենալ»: Եվ նա, որ անգիտակցաբար արդեն գործադրում էր այդ սկզբունքը, այժմ սկսեց գիտակցորեն գործադրել: Նա արդեն ծանոթացել էր տեղական բոլոր խմբագիրների հետ, այցելություն էր արել նրանց և յուրաքանչյուրի մոտ յուրաքանչյուրի տեսակետից առանձին-առանձին պաշտպանել էր հասարակական շահերի գաղափարը: Դրանով նա չբավականացավ: Բացի բժշկականից, նա գրվեց մի քանի ընկերությունների անդամ, մոտեցավ երիտասարդության հետ, ցույց տվեց իրան հնի թշնամի, նորի եռանդուն ջատագով:

Մի ընկերության ընդհանուր ժողովում, յուր մի ազատամտական ճառի շնորհիվ, երիտասարդները ընտրեցին նրան խորհրդի անդամ, և այդ օրվանից նա անցավ «հասարակական գործիչների» շարքը:

Բայց հազիվ նա ստացել էր այդ անունը, հազիվ նա ծանոթացել էր երիտասարդության հետ, երբ փորձով տեսավ, որ այդ միջոցով ձեռք բերած հռչակն էլ ունե յուր անհարմարությունները: Բանն այն է, որ, ինչպես ամենուրեք, նույնպես և բժիշկ Մելիք-Բարսեղյանի արյունակից հասարակության մեջ կա մի որոշ դասակարգ, որի համար արհեստավորին ձրի հարստահարելը անբարոյականություն չէ համարվում: Ահա այդ դասակարգի հետ առիթ ունեցավ մոտենալ նա, ընդունելով «հասարակական գործիչի» անունը: Նրա մեղմ ազատամտությունը, նրա արտաքին բարեհամբույր վարվողություն անխտիր ամենի հետ և, վերջապես, նրա ազգանվան «յան» մասնիկը, այս բոլորը համարձակություն էին տալիս շատերին դատարկ ձեռքով դիմել նրա արհեստի օգնությանը: Եվ նա չէր կարող մերժել, նա չէր կարող գանգատվել անգամ: Գիտեր, որ հակառակ դեպքում հետևանքը կարող է վատ լինել:

Պատահում էր, որ շաբաթվա մեջ ընդունելության համար երեք որոշյալ օրերից մեկը կամ մյուսը անցնում էր միայն ձրի հիվանդներ ընդունելով:

Ի՞ նչ գործի եք, — հարցնում էր նա եկողներից:

Ես հայոց դպրոցի աղքատ վարժապետ եմ, — պատասխանում էր մեկը:

Ես տիրացու եմ, — պատասխանում էր մյուսը:

Ես Ներսիսյան դպրոցի աշակերտ եմ, — պատասխանում էր երրորդը:

Եվ այլն և այլն: Բոլորն էլ գալիս էին մի տեսակ անբռնաբարելի իրավունքով, կարծես, նրա վարձը վճարել էին վաղուց: Վերջապես, նա տեսավ, որ այդպես շարունակել անկարելի է, որ պետք է սահմանափակել ձրիասերների թիվը: Բայց ինչպես: Սխալն այն էր, որ նա սկզբից չէր հայտնել, թե իբրև մանկաբարձ-բժիշկ դարմանում է միայն կանանց հիվանդությունները: Ինչ տեսակ հիվանդներ ասես, նա ընդունում էր վարձով, հետևաբար չէր կարող անվարձների վերաբերմամբ այլ կերպ վարվել:

Մի օր նա նստած էր յուր առանձնասենյակում: Ընդունելության ժամն էր: Նա բարկացած էր. մի րոպե առաջ նա ընդունել էր մի տերտերի, քննել, դեղատոմս գրել, և տերտերը, փոխանակ վարձ տալու, «պահպանիչ» էր ասել, կարծես, նրան ծաղրելու համար: Իսկ մի պացիենտ, որին բժշկել էր ծանր հիվանդությունից, տասն ու ինը «վիզիտի» համար ուղարկել էր ծրարով ընդամենը քսան ռուբլի:

«Վիզիտին մի ռուբլի, — ասում էր նա, — մարդ կարող է խելագարվել, խելագարվել, это чорт знает, что такое, այդպես էլ անբարեխղճությո ւն...»:

Հանկարծ նա լսեց դռան զանգակի ձայնը: Իբրև կանանց բժիշկ, նրան աջակցում էր մի մանկաբարձուհի:

Հիվանդ, — ասաց վերջինը, ընդունարանի դռներից ներս մտնելով:

Հրավիրեցեք, — պատվիրեց բժիշկը և մտքում ավելացրեց. — ձրի՞, թե՞ վարձով:

Ներս մտավ եվրոպական ձևով հագնված, երեսը թանձրը քողով ծածկած մի կին: Երկչոտությամբ նայելով աջ ու ձախ, կինը շշնջաց.

Ես ուզում եմ ձեզ հետ առանձին խոսել:

Մանկաբարձուհին դուրս եկավ: Բժիշկը դռները ամուր ծածկեց և հրավիրեց անծանոթին նստել: Կինը մի անգամ ևս նայեց յուր շուրջը և սաստիկ հոգնած մարդու պես, ընկղմվեց բազկաթոռի վրա: Նա գլուխը մոտեցրեց բժշկին և սկսեց շշնջալով խոսել: Թանձր քողի տակից նկատելի չէր նրա երեսի գույնը, սակայն նրա ստեպ րնդհատվող շնչառությունից, արագ բաբախող կրծքից և դողացող ձեռներից պարզ էր, որ նա մի ինչ-որ տենդային հուզմունքի մեջ է: Լսելով նրա շշնջյունը, բժշկի դեմքը հանկարծ մռայլվեց: Անծանոթը յուր ասելիքը վերջացրած, պատասխանի էր սպասում:

Չեմ կարող, — արտասանեց բժիշկը դրական եղանակով:

Կենը մի հուսահատական շարժումն արավ:

Ես կսպանեմ ինձ, — լսվեց նրա աղերսալի ձայնը քողի տակից, ես ինձ կսպանեմ, եթե չազատեք այս դրութունից: Իմ բոլոր հույսերս ձեզ վրա են, ուրիշին դիմել չեմ կարող, այստեղի բժիշկները ամենը ճանաչում են մեզ: Դուք նոր մարդ եք, դուք երիտասարդ եք, բարի եք, օգնեցեք:

Հետզհետե նրա թուլացող ձայնից երևում էր, որ նա արտասվում է, որ առհասարակ նրա դրությունը շատ հուսահատական է:

Չեմ կարող, — կրկնեց բժիշկը մի անգամ ևս, բայց ոչ առաջվա հաստատակամությամբ, — այդ կլինի իմ կողմից մի հանցանք գիտության սուրբ ավանդությունների դեմ:

Բայց միթե հանցանք չի՞ լինիլ ինձ սպանելը, -աղերսում էր անծանոթը, — միթե դուք թույլ կտաք, որ մի երիտասարդ կին. մեռնի խայտառակությունով: Բժիշկ, ես պատրաստ եմ ձեզ վարձատրել, ինչքան ուզում եք, օգնեցեք:

Վերջին խոսքերը բարկացրին բժշկին, գոնե այսպես ձևացրեց նա իրան:

Տիրուհի, — ասաց նա խստորեն, — մի մոռանաք, որ ես պատիվս փողով ծախողներից, չեմ:

Ներողություն, ես այդ չէի ուզում ասել: Ես գիտեմ, լսել եմ ձեր մասին, խնդրում եմ, խղճացե՛ք ինձ:

Բժիշկր լուռ էր: Նրա դեմքի սառն արտահայտությունը տեղի տվեց մտախոհության: Փորձնական տագնապալի րոպեն անցավ: Բժիշկը վերցրեց սեղանի վրա դրած մեծադիր գրքերից մեկը, թերթեց մի քանի վայրկյան և կրկին դրեց մեջը: Հետո նա ձեռով վճռական շարժումն արավ, կարծես, միանգամայն հեռացնելով իրանից ծանր մտքերի մի շարք:

Ձեր հասցե՞ն, — հարցրեց նա հանդարտ:

Անծանոթ կինը հառաչեց, բռնեց նրա աջը, շնորհակալությամբ ամուր սեղմեց և հետո մատիտով նշանակեց թղթի կտորի վրա յուր տան տեղը:

Վաղը չէ, մյուս օրը առավոտյան տասը ժամին ես ձեզ կսպասեմ, — ասաց նա, ոտքի կանգնելով:

Սպասեցե՛ք, բայց միայն մի պայմանով՝ բոլոր պատասխանատվությունը ձեզ վրա եմ թողնում:

Ես կյանքս հանձնեմ եմ ձեր գիտությանը, իսկ անունս` ձեր համեստությանը:

Եվ անծանոթը գրպանից հանեց մի աղեղնագույն թղթադրամ, սեղմեց բժշկի ձեռի ափում, ավելացնելով.

Առայժմ:

Նա դուրս եկավ: Բժշկի դեմքը փայլեց, նրա աչքերի մեջ պսպղաց անհագ շահասիրության ոգին, նայելով ձեռի մեջ սեղմած թղթադրամին:

Следующая страница