Թումանյան Հովհաննես՝   Բալլադներ

Արդեն ամպերի տակին է պարում,
Մոտիկ է արդեն գագաթը ձյունոտ,
Վերջին ուժերը հավաքում, լարում,
Դարձյալ մի պըտույտ, դարձյալ մի ոլորտ...

Մի քիչ էլ... քիչ էլ... վերջապես հասավ,
Վայր դըրավ ուսից սարի կատարին.
Հոգիս հանեցիր, օ ՛ֆ Շամո... — ասավ,
Ասավ ու ընկավ սըրինգը ձեռին:

Այժմ քո սերին հավատում եմ ես,
Այս ժամից ահա քոնն եմ հավիտյան,
Ճըչաց աղջիկը, գըրկեց վերջապես,
Գըրկեց Համոյի... դիակն անկենդան:

Այժըմ՝ էլ ժեռուտ սարի գագաթին
Դեռ ցույց են տալի մի հին գերեզման,.
Պատմում, ափսոսում անբախտ իգիթին.
Ու սարի անունն ասում Հոգեհան...

ԳԱՌՆԻԿ ԱԽՊԵՐ

Երկու որբեր,
Քուր ու ախպեր,
Կորա ՛ծ գընում են հեռու.
Արևը վառ,
Ճամփեն երկար,
Ոչ աղբյուր կա, ոչ առու:

Քույրը մեծ էր, ոնց որ լիներ
Կըհամբերեր արևին,
Բայց ախպերը փոքրիկ էր դեռ,
Չէր դիմանում ծարավին:

Գընում են, գընում, տեսնում են ճամփին
Կովի ոտնատեղ՝ մեջը լիքը ջուր:
«Քուրի ՜կ ջան, քուրիկ, ես շատ եմ ծարավ,
Ի՛նչ կըլի թողնես խըմեմ մի պուճուր»:

Չէ ՜, ախպեր ջան, չէ ՜, դու կով կըդառնաս,
Կովի կըճղակի տեղից մի ՜ խըմի.
Մի քիչ էլ կացի... քիչ էլ որ կենաս,
Առաջներըս պաղ աղբյուր կա հիմի:

Երկու որբեր,
Քուր ու ախպեր,
Գընո ՛ւմ, գընում են հեռու.
Արևը վառ,
Ճամփեն երկար,
Ոչ աղբյուր կա, ոչ առու:

Գընում են, գընո ՛ւմ, տեսնում են ճամփին
Ձիու ոտնատեղ՝ մեջը լիքը ջուր:
«Քուրի ՜կ ջան, քուրիկ, ես շատ եմ ծարավ,
Ի՞նչ կըլի թողնես խըմեմ մի պուճուր»:

Չէ ՜, ախպեր ջան, չէ ՜, դու ձի կըդառնաս,
Ձիու սըմբակի տեղից մի ՜ խըմի,
Մի քիչ էլ կացի, քիչ էլ որ կենաս՝
Մոտիկ մի զուլալ աղբյուր կա հիմի:

Երկու որբեր,
Քուր ու ախպեր,
Գընո ՛ւմ, գնում են հեռու.
Արևը վառ,
Ճամփեն երկար,
Ոչ աղբյուր կա, ոչ առու:

Գընում են, գընում. տեսնում են ճամփին
Գառան ոտնատեղ՝ մեջը լիքը ջուր:
Փոքրիկ ախպերը էլ չի համբերում,
Քըրոջից թաքուն խըմում է պուճուր:

Քույրը մին էլ ետ է նայում,
Որ մի գառը մղկըտալի
Իր ետևից տըխուր մայում
Ու մայելով վազ է տալի:

Խեղճ Մանուշը վայ է տալիս,
Վայ է տալիս, լալի՛ս, լալի՛ս.
Բայց էլ ի ՞նչ աներ,
Բայց էլ ո ՞նց աներ...

Երկու որբեր,
Քուր ու ախպեր,
Գառն ու աղջիկ մոլորված,
Հեռու երկրում
Տըխուր-տըրտում
Գընո ՛ւմ, գընում են կորած:

Սոված ու ծարավ գընում են, գընում.
Գընում են, գընո՛ւմ, չըգիտեն թե ուր.
Վերջապես մի հով անտառ են մըտնում,
Անտառի միջին մի զանգակ աղբյուր:
Կուշտ-կուշտ խըմում են էն սառոը ջրից,
Հետո Մանուշը ծառն է բարձրանում,
Գառնիկ ախպերն էլ ծառերի տակին
Մուշ-մուշ արածում, արոճ է անում,
Իըիկվան պահին խրխինջ ու քըրքիջ...
Լըցվում է հանկարծ անտառն աղմուկով.
Մոտիկ են գալի ձայները քիչ-քիչ...
Մոտիկ են գալի ծիծաղով, երգով...

Եվ ահա ոսկի սանձերց բըռնած
Բերում են ջըրեն ձիանքն արքայի:
Ամեհի ձիանքն աղբյուրից խըրտնած՝
Ծառս-ծառս են կանգնում ու մոտ չեն գալի:
Մըտիկ են տալի ծառայքը մեկ էլ,
Որ սիրուն մի ցոլք ջըրի մեջն ընկել,
Ու ջուրը քանի ալիք է տալի,
Նա էլ ջըրի հետ գընում է գալի:
Նայում են վերև: Ի ՛նչ տեսնեն, աստվա՛ծ.
Մի հուր-հրեղեն, մի շարմաղ աղջիկ,
Ծառի ճյուղերին նազելի նըստած՝
Նայում է ներքև լըռիկ ու մընջիկ.
Մի սիրո ՛ւն աղջիկ, արմանք ու զարմանք:
Զարմանք է պատում խեղճ ծառաներին.
Տեր աստված, արդյոք ի ՜նչ հըրաշք է սա,
Վայրի անտառում իջած էս ծառին:

Ո՞վ ես, չըքնաղ, տեսի՞լք ես դու,
Թե՞ հողեղեն արարած.
Թե տեսիլք ես՝ կաց մի քիչ էլ,
Թե աղջիկ ես՝ արի ցած:
Ցած ե ՜կ տեսնենք՝ ինչպես եղավ,
Որ ծագեցիր դու մեզ մոտ.
Ինչ ցավ է քեզ արդյոք բերել
Մեր աշխարհքը անծանոթ:
Մեզ որբության ցավն է բերել
Ձեր աշխարհքը անծանոթ: —
Ձայն է տալի ծառի վըրից
Մեր Մանուշը ամաչկոտ: —
Մենք տուն չունենք, ոչ ապավեն
Էս լայն արձակ աշխարհքում,
Մութն էլ հիմի շուտով կընկնի,
Վախենում ենք անտառում:

Ու ծառաները գառն ու աղջկան
Առնամ են բերում պալատն արքայի:
«Ո՞վ ես դու, սիրուն, — հարցնում է արքան, —
Անբան գառան հետ ի՞նչ ես ման գալի»:

Կանգնում է աղջիկն էստեղ նորից նոր
Պատմում է, ինչ որ պատմեցի ես ձեզ.
Թե ապրած կենաս, ահեղ թագավոր,
Մեր բանը, հապա ՛, էսպես ու էսպես...

Թագավորն երբ որ լըսում է մին-մին՝
Ե ՜վ շատ ցավում է, և ՜ շատ հավանում.
Անում է նըրան իրեն թագուհին,
Յոթն օր, յոթ գիշեր հարսանիք անում:

Ու փառքի միջում, շըքեղ դահլիճում,
Լիքն ու երջանիկ ապրում է Մանուշ.
Գառնիկ ախպերն էլ ճոխ պարտեզներում
Արոտ է անում ու խաղում անուշ:

Պալատումը կար նախանձոտ ու չար
Մի պառավ կընիկ, հընուց աղախին.
Նախանձում է սա, թե ոնց պիտի գա
Մի որբ՝ թագուհի դառնա մեր գըլխին:

Մի օր էլ գալի, գըլուխ է տալի,
Առաջը կանգնում, կեղծավոր գովում.
«Արի քեզ տանեմ, սիրուն թագուհի,
Չըփ-չը՛փ լողացնեմ շարմաղ էն ծովում»:

Խաբում է, տանում, գցում ծովի մեջ,
Շորերը առնում, ետ բերում քաղաք,
Հագցընում իր սև, դարձվոր աղջըկան,
Պալատ ուղարկում թագուհու տեղակ:

Երեսը ծածկած թանձըր շըղարշով
Պալատ է մըտնում էն սուտ թագուհին,
Ու թագավորն էլ կասկած չի տանում,
Թե ով է եկել բազմել իր գահին:

Բայց ինչ են անում, ինչ որ չեն անում,
Չեն կարում էլ տուն բերեն Գառնիկին.
Մայումէս ափից էն ափն է վազում,
Մայումէն ափից ետ գալի կըրկին:

Ի՞նչ անենք սըրան, ո՞նց անենք սըրան.
Պառավն ու աղջիկ շատ միտք են անում.
Վերջը գալիս է դարձվոր թագուհին
Անկողին մըտնում, հիվանդ ձևանում:

Էլ թանկ ուտելիք, էլ ազնիվ մրգեր
Բերում են փըռում, խնդրում, աղերսում.
Մըտիկ չի տալի ոչ մեկի վըրա.
Վերջը Գառնիկի մըսիցն է ուզում...

«Բայց չէ որ, Մանուշ, քու եղբայրն է նա.
Ո՞նց ես նըրա միսն ուզում դու հիմա...»
Ի՞նչ անեմ, ինձնից նա ազիզ հո չի ՞.
Ես որ մեռնում եմ, թող նա էլ կորչի...

Ասում է, ճչում. «Վա՛յ, մեռա ՛, աման...»
Ու թագավորը տալիս է հրաման.

«Կըրակ վառեցեք,
Դանակ սըրեցեք,
Բերեք մորթեցեք
Ախպեր-Գառնիկին,
Որ առողջ լինի
Իր քույրը տիկին»:

Թագավորն էսպես պատվեր է տալի,
Պատվեր է տալի ու դուրս է գալի,
Գընում է ծովափ սաստիկ սրտնեղած,
Թե ո ՛րքան Մանուշն անգութ է եղած...

Մայում է, լալիս Գառնիկ-Ախպերը,
Լացացնում է ժեռ ծովի ափերը,
Մի ափից բըռնած մյուս ափն է թըռչում`
Մարդկային լեզվով քըրոջը կանչում.

Քուրիկ ջան, քուրիկ,
Կըրակ են վառում,
Կըրակ են վառում,
Դանակ են սըրում:
Քուրիկ ջան, քուրիկ,
Լըսի անդունդից,
Օգնության հասի,
Սպանում են ինձ:
Լըսում է արքան՝ տեղը քար կըտրած,
Եվ ալիքների միջիցը հանկարծ
Շատ ծանոթ մի ձայն հեռո ՛ւ, խո՛ւլ ու խոր
Կանչում է քնքուշ, կանչում է անզոր.

«Ախպեր ջան, ախպեր,
Անհեր ու անմեր,
Անքուր ու անտեր,
Իմ Գառնիկ-Ախպեր.
Դըժար է տեղըս,
Ձենըս չեն լըսում,
Ձենըս չեն լըսում,
Ձեռըս չի հասնում:
Ա ՛խ, չար պառավը
Սև արավ օրըս,
Այժմ էլ կըսպանի
Գառնիկ-Ախպորըս»:

Լըսում է արքան, պալատն է հասնում,
Պատռում է քողը թագուհու դեմքի.
Պատռում է, տեսնում... բայց ի՛նչ է տեսնում,
Ո՛վ է իր գահին եղել թագուհի...

Եկե ՛ք, ձկնորսնե՛ր, ուռկան ձըգեցե ՛ք,
Հանեցեք ծովից մեր լավ Մանուշին.
Եկեք, դահիճնե՛ր, ծովը ձըգեցեք
Կախարդ պառավին ու էս հըրեշին:

Էսպես բարկացած գոռում է արքան,
Ժողովուրդն ամեն թընդում է ցավից,
Գալիս է կանգնում, ձըգում է ուռկան,
Անմեղ Մանուշին հանում է ծովից:

Հանում է ծովից, գահին բարձրացնում, —
Կրկին թագուհի ու տիկնանց տիկին.
Գառնիկ-Ախպերն էլ անչափ խընդումից
Պատռում է իրեն ոչխարի մորթին,
Դուրս գալի, կանգնում սիրուն տղամարդ,
Ճակատը պայծառ, աչքերը վառ-վառ,
Ոչխարի տըկար մայունի տեղակ
Մարդկային լեզվով ազատ ու ճարտար:

Իսկ չար պառավին, իրեն աղջըկան,
Որ խաբել էին աշխարհ բովանդակ,
Վըզներից կապում ջաղացի քարեր,
Ձըգում են ծովի անդունդը անտակ:

Երկու որբեր,
Քուր ու ախպեր,
Առած պատիվ, գահ ու թագ.
Աշխարհքն էլի
Խաղա՛ղ ու լի՛,
Չարը թաղված ծովի տակ:

ՉԱՐԻ ՎԵՐՋԸ

Լինում է մի սար,
Էն սարում մի ծառ,
Էն ծառում փըչակ,
Փըչակում մի բուն,
Բընում երեք ձագ,
Ու վըրեն Կըկուն:
Կո ՜ւկու, կո ՜ւկու, իմ կուկունե ՜ր,
Ե՛րբ պիտի դուք աոննք թևեր,
Թըռչե ՛ք, գընաք,
Ուրախանաք...
Երգում էո մարիկ Կըկուն,
Մին էլ, ըհը ՜, Աղվեսն եկավ:
Էս սարը իմն է,
Էս ծառը իմն է,
Ծառում փըչակ կա,
Փըչակում՝ մի բան,
Էս ո՞վ է եկել
Տիրացել թաքուն:
Ախ դու Կըկու, հիմա ՜ր Կըկու,
Քանի՞ փոքրիկ ձագ ունես դու:
Երեք հատ ծագ, աղա Աղվես:
Երեք հատ ձագ ցույց կըտամ քեզ:
Ու չե՞ս ասել, դու, անամոթ,
Մինը ծառա ղըրկես ինձ մոտ:
Ձըգի շուտով մի հատը ցած,
Թե չէ՝ կացինս հըրեն սըրած,
Գընամ բերեմ,
Ծառը կըտրեմ...
Վա ՛յ, չըկտրես,
Աստված սիրես,
Էս մինն ահա
Տար քեգ ծառա,
Միայն թե էդպես
Մի ջընջիլ մեզ
Բընով-տեղով,
Ամբողջ ցեղով:
Խնդրեց մարիկ Կըկուն ու ձագերից մինը ձգեց ներքև:
Աղվեսը՝ հա ՜փ, առավ գնաց:
Վայ-վա ՛յ, դու-դո ՛ւ,
Իմ լավ կուկու.
Ո՞ր սև սարում,
Ո՞ր անտառում,
Ո՞ր թըփի տակ
Կորար մենակ...
Վայ-վա՛յ, դու-դո ՛ւ,
Իմ խեղճ կուկու...
Լաց էր լինում մարիկ Կըկուն, մին էլ, ըհը ՜, Աղվեսը՝ ետ եկավ:
Էս սարը իմն է,
Էս ծառը իմն է,
Էս ծառում փըչակ կա,
Փըչակում մի բուն,
Էս ո՞վ է եկել
Տիրացել թաքուն:
Ախ դու Կըկու, հիմա ՜ր Կըկու,
Քանի՞ փոքրիկ ձագ ունես դու:
Երկու հատ ձագ, աղա Աղվես:
Երկու հատ ձագ ցույց կըտամ քեզ:
Ա ՜խ, չարամիտ դու ավազակ,
Ի՛նչ խաբար է, երկո ՛ւ հատ ձագ.
Ի՛նչ, ուզում էս էստեղ զոռով
Լըցնես ամբողջ կըկունեոո՞վ...
Ձըգի շուտով մի հատը ցած,
Թե չէ՝ կացինս հըրեն սըրած,
Գընամ բերեմ,
Ծառը կըտրեմ...
Վա՛յ, չըկտրես,
Աստված սիրես,
Էս էլ առ տար,
Ու թող դադար՝
Վերջինը գեթ
Մընա ինձ հետ...
Աղաչեց մարիկ Կըկուն ու երկրորդ ձագն էլ ձգեց ներքև:
Աղվեսը՝ հա ՜փ, էս էլ առավ ու գնաց:
Վայ-վա ՛յ, վույ-վո ՛ւյ,
Ընչի՞ համար
Եկա ես սար,
Բուն շինեցի,
Ձագ հանեցի...
Աղվեսն եկավ,
Տարավ, կերավ,
Երկու, երկու,
Կուկու... կուկու...
Լաց էր լինում մարիկ Կըկուն:
Էս միջոցինղա՛, ղա՛, ղա՛, Ագռավն անց էր կենում էն կողմերով:
Լսեց Կըկվի լացի ձայնը:
Էդպես տխուր ու զարհուրիկ
Ի՞նչ ես լալիս, Կըկու քուրիկ:
Ինչպես չըլամ, ա ՜ սանամեր.
Աղվեսն եկավ էն սըրտամեռ,
Գըլխիս էսպես փորձանք բերավ,
Ձագուկներըս տարավ, կերավ:
Վո՛ւյ իմ աչքին, անխելք Կըկու
Ինչպես իզուր խաբվել ես դու
Սուտ խոսքերից չար Աղվեսի:
Ոն՛ց թե սարը իմն է՝ կասի:
Ո՞վ է տըվել էն լըրբին սար.
Սարն ամենքիս է հավասար...
Ո՞վ կըթողնի վեր կենա նա
Ամբողջ սարին գա տիրանա,
Անունը տա սըրած կացնի,
Սրան-նրան սուտ վախեցնի,
Ու մինն էսօր, մյուսը երեկ,
Ձագեր տանի, ուտի մեկ-մեկ....
Սև գրողի էն տարածին
Ո՞վ է տըվել սըրած կացին:
Մին էլ որ գա ու սպառնա,
Մի ՜ վախենա, քըշի գընա:
Էսպես ասավ Ագռավն ու թռավ գնաց:
Ահա կրկին Աղվեսն եկավ:
Էս սարը իմն է,
Էս ծառը իմն է...
Հազիվ էր ասել, Կըկուն բնից գլուխը հանեց՝
Սուտ ես ասում, դու խաբեբա,
Անխիղճ գազան, անկուշտ, ագահ:
Ո՞վ է տըվել էստեղ քեզ սար,
Սարն ամենքիս է հավասար:
Ի՞նչ ես եկել սուտ տեր դարձել,
Ես էլ հիմար՝ ճիշտ եմ կարծել,
Ձագուկներըս տըվել եմ քեզ...
Կորի ՜, գընա, դու չար Աղվես,
Հերիք ինչքան սուտ ես ասել,
Հիմի գիտեմ, չեմ վախում էլ.
Կացին չունես ծառը կըտրես:
Ո՞վ ասավ քեզ:
Ագռավն ասավ:
Ագռա՞վը, լա՛վ:
Ու Ագռավի վրա բարկացած Աղվեսը պոչը քաշեց, հեռացավ: Գնաց մի դաշտում սուտմեռուկի տվավ, վեր ընկավ, իբրև թե սատկել է: Ագռավն էլ կարծեց՝ իրավ սատկել է, թռավ եկավ վրեն իջավ, որ աչքերը հանի: Աղվեսը՝ հա՜փ, հանկարծ բռնեց:

Ղա ՛-ղա ՛-ղա ՛-ղա ՛,
Աղվես աղա...
Ա ՜յ դու կռավան չարալեզու.
Ո՞նց թե Կըկվին ասել ես դու,
Թե ես կացին չունեմ սըրած...
Կացին չանե՛մ... դե հիմի կա ՜ց...
Վայ, քեզ մեղա,
Աղվես աղա,
Ես եմ ասել, չեմ ուրանամ,
Ինձ քըրքըրի, ինձ կեր հում-հում,
Տո ՜ւր, ինչ պատիժ սիրտըդ կուզի,
Բայց մի վերջին խոսքըս լըսի:
Ես էն սարում, հենց դեմուդեմ,
Էնպես մի թանկ պահուստ ունեմ,
Որ չես գըտնի դու քո օրում
Ոչ մի թառում կամ անտառում:
Ընչի ՞ համար էն ահագին
Գանձը կորչի հողի տակին:
Արի գընանք, հանեմ տամ քեզ,
Էնքան ուտե ՛ս, էնքան ուտե ՛ս...
Թե չըլինի ու սուտ դուրս գամ,
Ես հո էստեղ միշտ կամ ու կամ...
Գնա՛նք, ասավ Աղվեսը: Թե կըլինի, շատ լավ, թե չի լինի, էլի քեզ կուտեմ:
Գնացին:
Վերևից թռչելիս Ագռավը նկատել էր, որ մի թփում պառկած էր գյուղացու շունը: Աղվեսին տարավ, տարավ, դուրս բերավ ուղիղ էն թփի վրա:
Ա ՜յ, ասեց, էս թփումն է իմ պահուստը:
Աղվեսն ագահ վրա ընկավ թփին, շունը վեր թռավ, կոկորդից բռնեց ու դրեց տակին: Աղվեսը խեղդվելով սկսավ խռխռալ.
Ա ՛խ, ե ՛ս... ա ՛խ, ե ՛ս...
Զգույշ Աղվես,
Փորձանքի մեջ
Ընկնեմ էսպե՛ս...
Ա՛խ, անիրա՛վ
Դա սև Ագռավ...
Ինչքան էլ որ լինիս զգույշ,
Չարի համար թե վաղ, թե ուշ,
Էդ է պահված, Աղվես աղա,
Ղա ՛, դա ՛, ղա ՛, ղա ՛...
Պատասխանեց Ագռավն ու թռավ:

ՀՍԿԱՆ

Կովկասյան առասպել

Լավ չեմ հիշում թե որ դարում,
Հին ժամանակ, մեր աշխարհում
Ասում են թե՝ կար մի իշխան.
Մի մեծ իշխան, էնքան ուժեղ,
Որ թե մարդիկ նըրա աչքում
Թե ՜ հասարակ ճանճ ու մըժեղ:
Ինչ որ աներ ու կամենար,
Օրենք էր էն երկրի համար.
Ո՞վ էր գըլխից ձեռ վեր կալած,
Ո ՞վ դուրս կըգար նըրա դիմաց:
Ուներ անթիվ ու անքանակ
Ոչխարի հոտ, մարդի բանակ,
Կովի նախիր, խոզի բոլուկ,
Երամակներ ձիու, ջորու,
Էս բոլորը ցըրված, փըռված
Մինչև ծովի ափը հեռու:
Մինչև ուր որ քըշեր, տաներ,
Իր աշխարհքի սահմանն էն էր.
Ո ՞վ էր գըլխից ձեռ վեր կալած,
Ո՞վ դուրս կըգար նըրա դիմաց;
Մի անգամ էլ էս իշխանը
Երբ նըստած էր իրեն տանը,
Լեղապատառ ներս ընկավ տուն
Իր հոտերի վերակացուն.
Ապրած կենաս, մեր տեր իշխան.
Հապա՛, էսպես հրաշք մի բան,
Արածում էր ծովի ափին
Բազմությանը քո հոտերի,
Մին էլ տեսնենք՝ ծովի միջին
Մի վիթխարի մարդ է գալի:
Մի վիթխարի մարդ եմ ասում,
Որ մենք իր մոտ լու ենք չընչին,
Ծովը մինչև ծունկն է հասնում,
Իսկ գըլուխը ամպի միջին:
Եկավ, կանգնեց մեր հանդիման
Ու որոտաց ամպի նըման.
«Ո՞վ է, ասավ, էսպես բերում
Թողնում ապրանքն իմ հանդերում.
Կորե ՜ք իսկույն, դուք մարդուկներ,
Ձեռըս քանի չի հասել դեռ...»
Էն ժամանակ վեր կացա ես
Ու պատասխան տըվի էսպես.
«էդ սևակնած, մութ ամպերում
Զուր ես էդքան բարձըր գոռում.
Ով էլ լինես, ուսկից էլ գաս,
Էս մի բանը լավ իմանաս,
Դու, երկնահաս, ահեղ հըսկա,
Մեծ իշխանի ապրանքն է սա,
Ո ՞վ է գըլխից ձեռ վեր կալած,
Ո՞վ դարս կըգա նըրա դիմաց»:
Բայց ինձ իսկի չըլսեց էլ
Էն անճոռնի աժդահակը,
Էն ամպերից ցած կըռացավ,
Ձեռը կոխեց ծովի տակը,
Դուրս հանեց մի ձուկն ահագին
Ու դեմ արավ արեգակին,
Որ խորովի...» — Հազիվ էսքան
Պատմեց հովիվն իշխանական
Ու վեր ընկավ, շունչը փչեց:
Խիստ զայրացավ իշխանը մեծ
Ո՞վ է, ասավ, համարձակվել
Իմ տերության սահմանն եկել
Ու էդպես էլ վըրես հաչում...
Ինձնից ուժեղ չեմ ճանաչում
Ես ոչ մի տեղ և ոչ մեկին...
Էսպես ասավ ու զայրագին
Հըրամայեց՝ զորքերը գան:
Հըրամայեց՝ զորքերն եկան.
Կեցցե ՜ մեր տեր, մեր թագավոր,
Անհաղթ, անմահ, ամենազոր...
Ապրե ՜ք, ասավ իշխանը սեգ,
Ելեք իսկույն ու գընացեք,
Մանուկ ու ծեր
Իմ առյուծներ,
Ո ՞վ է, տեսեք, վըրես հաչում
Ու իմ ուժը չի ճանաչում:
Ցույց տըվեք դուք, որ ոչ մի տեղ
Չըկա ոչ ոք ինձնից ուժեղ...
Ասավ. զորքերն իրենց կարգին,
Փող փըչեցին, թըմբուկ զարկին,
Շըրըխկոցով, զըրընգոցով
Ճամփա ընկան դեպի մեծ ծով:
Հասան, տեսանա ՛յ քեզ հըսկա,
Գըլուխն էստեղ, ոտներ չըկա.
Գընա՛, գընա՛, թե որ գըտնես...
Երկար ու մին ձըգված էսպես,
Հըսկայական քընով քընած:
Էստեղ, էնտեղ դիրքեր բըռնած՝
Դես չոքեցին, դեն պառկեցին,
Հա զարկեցին ու զարկեցին,
Տեսան տեղից ժաժ չի գալի,
Խըխըմփում է զարհուրելի,
Խըռըմփոցից, ինչ-որ խոսում,
Մարդիկ իրար ձեն չեն լըսում:
Մոտ գընացին, էլի՛, էլի ՛...
Դարձյալ տեղից ժաժ չի գալի:
Կամաց-կամաց սիրտ առնելով,
Գոռգոռալով, հարայ տալով,
Դուրս թափվեցին թաքուստներից,
Ելան վըրեն, դեսից, դենից,
Որը ոտին,
Որը քըթին,
Որը լանջին,
Որն ականջին,
Փորի վըրա, միրքի միջում,
Ձի են քըշում, նիզակ ճոճում,
Զարկում, զարկում,
Ձըգում, թըքում,
Հայհոյում են էսպես, էնպես...

Մին էլ հըսկան էն սարի պես
Վըրա նստեցմե ՛ծ, ահարկու.
Ինչ պատահեցոչ տեսնես դու:
Հազարներով մարդն ու իր ձին
Տակովն եղան, կոտորվեցին.
Որն էլ գըլխից, քըթից, լանջից,
Կամ ուսերից, կամ ականջից
Ներքև ընկավ՝ թե մարդ, թե ձի,
Նըրա օրն էլ դու իմացի:
Շատ զարմացավ հըրեշ հըսկան,
Թե, տեր աստված, արդյոք էսքան
Մանըր-մանըր ի՞նչ բաներ են,
Որ եկել են թափվել վըրեն:
Տեսավ, ինչ որ կենդանի կան՝
Վազ են տալի, թե ետ գնան,
Բուռն արավ իր բըռնովը մեծ,
Իրար խառնեց, ողջ հավաքեց,
Գըրպանն ածավ
Ու վեր կացավ,
Լընգլընգալեն իրիկունը
Գընաց հասավ իրենց տունը:
Տանը իը պես մեծ, ահագին
Մի մեր ուներ, բարի մի կին:
Գընաց հըսկա մորը պատմեց
Թե իրեն հետ ինչ պատահեց,
Ու գըրպանից հանեց բոլոր՝
Ահից խելառ ձին-ձիավոր:
Բարի կինը հենց որ տեսավ,
Ամա՛ն, որդի, վա՛յ ինձ, ասավ.
Ի՞նչ ես անում էդ խեղճերին,
Բա չե ՞ս տեսնում, թե քո ձեռին
Ոնց են դողում: Ասենք մեծ ես,
Մի՞թե պիտի փոքրին տանջես:
Մեծ թե փոքըր, ինչ էլ լինի,
Ամեն ապրող շունչ կենդանի,
Որ ծընվել է արևի տակ,
Էս աշխարհքում միատեսակ,
Մինը պակաս, մյուսը ավել,
Ողջ էլ գիտեն խընդալ, ցավել:
Չըպարծենա երբեք ոչ ոք,
Թե ինքն անհաղթ մի բան է ջոկ.
Միշտ ուժեղից ուժեղը կա,
Իսկ ամենից ուժեղը՝ մահ...
Բա ՜ց թող, որդիս,
Բա ՜ց թող՝ գընան,
Ապրեն ազատ
Ուր կամենան:
Ու, հընազանդ մոր խըրատին,
Իսկույն հանեց հըսկա որդին
Իր գըրպւսնից ձին-ձիավոր,
Իրար խառնած զորքը բոլոր.
Թողեց գընան՝
Ուր կամենան:

ԷՍՊԵՍ ՉԻ ՄՆԱ

Հին զրույց

Լինում է թե չէ, ո՞վ գիտի հաստատ.
Եվ ի՞նչն է հաստատ աշխարքի վըրա... —
Աշխարքում հաստատ մի բան կա մենակ,
Այն է, որ հաստատ ոչ մի բան չկա: —
Լինում է՝ իբրև գյուղացի մի մարդ,
Աղքատ, օրական ապրուստի կարոտ:
Ունենում է սա մի խելոք տըղա,
Տանում է ծառա տալի մեկի մոտ:

Տարիք են անցնում: Էս խելոք տըղեն
Էնպես է ազնիվ ու ժիր ծառայում,
Որ տերն էլ սըրա վարձը շատացնում,
Ինչպես իրենը՝ էնպես է նայում:
Հիշում է մի օր հայրը իր որդուն
Ու վեր է կենում գալի տեսության.
Հը՞, ո՞նց ես, որդիս, հիմի էլ էնպես
Էլ մերկ ու տըկլոր, էլ քաղցած հո չե՞ս:
Չէ՜, լավ եմ, հայրիկ, ապրուստս միշտ կա,
Բայց ի՞նչ անես որ... Էսպես չի մընա...

Գընում է հայրը: Տարիք են անցնում:
Առաջ է գընում տըղեն օրն օրին,
Վերջը բարձրանում, պալատն է հասնում,
Դառնում է ծառա մեծ թագավորին:
Հիշում է մի օր հայրը իր որդուն
Ու վեր է կենում գալի տեսության.
Հը՞, ո՞նց ես, որդիս, էլ ի՞նչ ես ուզում,
Լողում ես առատ էս լիքը ծովում:
Հա՜, լի եմ, հայրիկ, դու հանգիստ գընա,
Բայց ի՞նչ անես որ... էսպես չի մընա...

Գընում է հայրը: Տարիք են անցնում:
Էնքան է սիրվում մեր խելոք ծառան,
Որ թագավորը բերում է սըրան
Իրեն տերության երկրորդն է անում:
Հիշում է մհ օր հայրը իր որդուն
Ու վեր է կենում գալի տեսություն.
Հը՞, ո՞նց ես, որդիս, էլ ի՞նչ է մընում.
Քու խոսքովն են ողջ նըստում-վեր կենում:
Հա՜, մեծ եմ, հայրիկ, նազիր եմ ահա,
Բայց ի՞նչ անես որ... էսպես չի մնա...

Գընում է հայրը: Տարիք են անցնում:
Էս բարի երկրի թագավորը ծեր
Մի օր անժառանգ ընկնում է մեռնում,
Գահն ու աշխարքը մընում են անտեր:
Ժողովք են կանչում երկրի մեծերին:
Ժողովք են գալի, խորհուրդ են անում,
Բերում են իրենց խելոք նազիրին
Առքով ու փառքով թագավոր դընում,
Ու մեր գյուղացին լըսում է մի օր,
Դարձել է իրեն որդին թագավոր:
Գալիս է. — Որդի՜ս, էլ ի՞նչդ է պակաս.
Ամբողջ աշխարքում մի դու ես, որ կաս...
Փառք աստծու, հայրիկ, ունեմ թագ ու գահ,
Բայց ի՞նչ անես որ... էսպես չի մընա...

Գընում է հայրը: Տարիք են անցնում:
Իր գահին բազմած ինքնակալը նոր
Մահվան ու կյանքի վճիռ է անում
Բուռը հավաքած աշխարքը բոլոր:
Բուռըդ հավաքի աշխարքը թեկուզ,
Թողնելու ես ողջ դարձյալ աշխարքին:
Մեր թագավորն էլ մի անգամ էսպես
Մահիճ է ընկնում, ավանդում հոգին:

Լըսում է ծերուկ հայրը մի օր էլ,
Որ իր թագավոր որդին չըմնաց:
Ի՞նչ ասել կուզի՝ գալիս է վըրեն,
Էլ ի՛նչ մըղկտոց, էլ ի՛նչ սուգ ու լաց...
Զորքով, աշխարքով, ծեսով, հանդեսով
Արքային վայել թաղում են անում,
Ու վեր են կենում՝ զըրույց անելով
Ամենքը իրենց տըներն են գնում:
Տարիք են անցնում: Հայրը մի անգամ
Գալիս է որդու շիրիմի վրա:
Գալիս է, տեսնում՝ մարմար մահարձան,
Բայց վըրեն գրած... «Էսպես չի մընա...»

Գընում է հայրը: Տարիք են անցել.
Ո՞վ կարա մեզնից հաշիվն իմանա...
Էն օրից էսօր անվերջ, դարեդար
Զրույցն ասում է՝ «էսպես չի մընա...»
Ու չըկա շըքեղ արձանն արքայի,
Ոչ նրա քաղաքն աշխարքի վըրա,
Մերն է աշխարքը ու կյանքը հիմի,
Բայց մեր աշխարքն էլ... Էսպես չի մընա...

ԱՐՏՈԻՏԻ ԵՐԳԸ

(ժողովրդական ավանդություն)

Մի մարդ տեսավ գարնան մարգում
Վեր ճախրելով,
Ճըռվողելով,
Ոնց էր արտուտն անուշ երգում:
«Սա որ, ասավ, էս վայրի տեղ
Երգ է ասում էսքան շքեղ,
Հապա թե մեր տանը լինի
Ի՛նչ դրախտի ձայն կըհանի»:
Ու ներշընչման տենդի միջին
Բըռնեց մարգի սիրուն երգչին,
Տարավ փակեց նեղ վանդակում.
Տեսեք, հիմի ոնց է երգում:
Բայց ի՛նչ, գերի, վանդակի մեջ,
Թըռչնակը լուռ նայում էր խեղճ
Հեռո՛ւ-հեռո՛ւ ճոխ մարգերին.
Միտն էր բերում կյանքը նախկին,
Երբ որ ազատ,
Էն ցողապատ
Թարմ արոտում,
Թավիշ խոտում
Ման էր գալի,
Սորոլ տալի...
Միտն էր բերում,
Տըխրո՛ւմ, տըխրո՛ւմ,
Ու հառաչում,
Ցավոտ ճըչում
Մաշող կարոտն ազատության.
«Վա՜յ, վաթա՜ն... վա՜յ, վաթա՜ն»:
Գուցե սրա կուտն է աղքատ
Կամ թե փայտե վանդակն է վատ,
Որ իր զըվարթ երգը թողեց:
Միտք արավ տերն ու ողջ փոխեց.
Փայտե կոպիտ հին բանտի տեղ
Ոսկի վանդակ շինեց շըքեղ
Ու կերակուրն, էն օրից վեր,
Արավ շաքար ու թանգ մըրգեր:
Սակայն մարգի քընքուշ գերին
Մըտիկ չարավ թանգ մըրգերին:
Ոսկի բանտից՝ նեղ ու խավար,
Սըլանում էր միտքն անդադար,
Դեպ վե՛ր, դեպ, վե՛ր...
Ու հիշում էր,
Թե մայիսի
Արշալույսի
Ջինջ երկընքում
Ո՛նց էր երգում,
Խորո՛ւնկ, անվե՛րջ,
Լույս ծովի մեջ
Անփույթ լողում,
Խընդում, խաղում...
Միտն էր բերում,
Տըխրո՛ւմ, տըխրո՛ւմ,
Ու էն կյանքի հուր կարոտով,
Նեղ վանդակում, կոտրած սըրտով
Հընչում էր ողբն իր գերության.
«Վա՜յ, վաթա՜ն... վա՜յ, վաթա՜ն…»
Ո՞րն է սրա լավ վաթանը,
Որ չի կենում իր ճոխ տանը,
Ո՜չ մի ուրախ երգ է երգում
Էս ոսկեղեն թանգ վանդակում:
Ասավ տերը ու ետ տարավ,
Թողեց հանդում: Գերին թըռավ,
Կարոտալի մըտավ էն պերճ
Ծաղիկների, խոտերի մեջ,
Ապա վերև,
Դեպի արև
Ճախրեց, խընդաց.
Օդում թընդաց,
Հոսեց երգը... Սակայն նորեն
Էն առաջվա երգը չէր էն...

Ու էն օրից
Ջինջ այերից
Զիլ, թըռթըռուն
Ինչ էլ երգի,—
Արև, գարուն,
Բույրը մարգի, —
Նըրա զըվարթ, հընչուն երգում
Դեռ լալիս է ու հեկեկում
Հիշատակը իր գերության.
«Վա՜յ, վաթա՜ն... վա՜յ, վաթա՜ն...»

ՄՈԻԿԻԿԻ ՄԱՀԸ

Ծիտիկն ու Մուկիկն ախպերացան: Գետի ափին բուն շինեցին, մտան մեջը:
Մի օր Ծիտը գնաց քուջուջ անելու, ետ եկավ տեսավ Մուկիկը մեռել է: Ծնկանը զարկեց.

Վա՛յ, ախպեր ջան, վա՛յ...
Օխտը ճամփի մեջտեղ նստեց, հողը փորեց, տվավ գլխին.
Վա՛յ, ախպեր ջան, վա՛յ...
Ձենի վրա Լորիկն եկավ.
Ծիտիկ-միտիկ, չալփետուրիկ,
Հողն ինչո՞ւ ես տալի գլխիդ:
Թաո՛ւ, թաո՛ւ, — ասավ Ծիտը, —
Ես որ չտամ, ո՞վ տա հապա.
Մուկիկի պես ախպեր մեռավ,
Աշխարքն էսպես մնաց անտեր,
Ես որ հողը տամ իմ գլխին,
Մե՞ծ բան է...
Ափսո՜ս, ափսո՜ս, — ասավ Լորլը, —
Մուկիկի պես մարդը մեռավ, —
Ասավ, իրեն էնքան զարկեց,
Թևը կոտրեց, կախ արավ:
Ծառը ասավ.
Լորիկ քուրիկ ճըտճըտուրիկ,
Ինչո՞ւ ես մի թևըդ կոտրել:
Բա ի՞նչ անեմ, որ չըկոտրեմ:
Մուկիկի պես մարդը մեռավ,
Աշխարքն էսպես մընաց անտեր.
Ծիտը գլխին հող է տալի,
Ես որ իմ մի թևը կոտրեմ՝
Մե՞ծ բան է...

Ա՜խ-վա՜խ, ա՜խ-վա՜խ, — կանչեց ծառը.
Մուկիկի պես մարդը մեռնի՞...
Գընաց եկավ, գընաց եկավ,
Իր ճյուղերը զարկեց իրար,
Ջարդեց, մընաց ճըղնակոտոր:

Քարերն ասին.
Ծառիկ-մառիկ, կանաչ թառիկ,
Ճյուղերդ ինչո՞ւ վեր թափեցիր:
Վա՜հ, ձեր տունը աստված շինի,
Մուկիկի պես մարդը մեռավ,
Աշխարքն էսպես մնաց անտեր.
Ծիտիկն էնտեղ հողը գըլխին,
Լորը իրեն թևը կոտրած,
Իմ ճյուղերը ես որ թափեմ՝
Մե՞ծ բան է...
Հազար ափսո՜ս, — քարերն ասին.
Մուկիկի պես մարդը մեռավ,
Ու գոռալեն, գըռգըռալեն
Գըլորվեցին սարերն ի վար,
Թափվեցին ցած՝ ջըրերի մեջ:

Ջըրերն ասին.
Ի՞նչ պատահեց, ա՜յ գիժ քարեր,
Չէ՞ դուք ձեր տեղն անժաժ էիք,
Ի՞նչ եք էդպես ցած գըլորվում:
Էլ ի՞նչ անժաժ, բա չե՞ք ասիլ,
Մուկիկի պես մարդը մեռավ,
Աշխարքն էսպես մընաց անտեր.
Ծիտիկն էնտեղ հողը գըլխին,
Լորիկն իրեն թևը կոտրած,
Ծառը մընաց ճըղնակոտոր,
Մենք մեր տեղից որ գըլորվենք՝
Մե՞ծ բան է...

Վա՜շ-վի՛շ, վա՜շ-վի՛շ, ի՛նչ իմացանք,
Մուկիկի պես մարդն էլ մեռնի՞...
Ջըրերն ասին. խառնվեցին,
Ու գնացին պըղտորմըղտոր:
Էն կողմերից տըմտըմբալով
Պառավն եկավ: Էս որ տեսավ.
Ա՜յ գըլգըլան ջըրեր, — ասավ,
Դուք պարզ էիք միշտ ու մարմանդ,
Ինչո՞ւ էսօր պըղտորվեցիք:

Վա՛յ քու տանը քանդվի, պառա՜վ,
Բա չե՞ս լըսել՝ ինչ է եղել.
Մուկիկի պես մարդը մեռավ,
Աշխարքն էսպես մընաց անտեր.
Ծիտը էնտեղ հողը գըլխին,
Լորը իրեն թևը կոտրած,
Ծառը եղավ ճըղնակոտոր,
Քարերը ցած գըլտոր-մըլտոր,
Մենք պղտորվենք՝ մե՞ծ բան է...

Հողն իմ գլխին,— պառավն ասավ,—
Մուկիկի պես մարդը մեռնի՞...
Զարկեց իրեն ու ծըվատեց,
Երեսն արավ արյունլըվիկ,
Մազաքձուձ՝ գյուղը վազեց:

Գյուղում ասին.
Պառավ տատիկ, ի՞նչ պատահեց.
Ինչո՞ւ երեսդ արյունլըվիկ:
Վա՜յ, քոռանամ, մի՜ խոսեցնեք:
Մուկիկի պես մարդը մեռավ,
Աշխարքն էսպես մընաց անտեր.
Ծիտը էնտեղ հողը գըլխին,
Լորը իրեն թևը կոտրած,
Ծառը եղած ճըղնակոտոր,
Քարերը ցած գըլտոր-մըլտոր,
Ես իմ երեսն արյունոտեմ՝
Մե՞ծ բան է...

Ափսո՜ս, ափսո՜ս, հազար ափսոս,
Որ էն տեսակ մարդը մեռավ...
Ափսոսացին էն գյուղացիք,
Սև կապեցին, սուգ նստեցին.
Վա՛, ո՞վ ասավ, ո՞վ ասավ...
Հողագըլուխ Ծիտիկն ասավ,
Թևը կոտրած Լորիկն ասավ,
Ճըղնակոտոր Ծառիկն ասավ,
Գըլտոր-մըլտոր Քարիկն ասավ,
Պըղտոր-մըղտոր Ջըրիկն ասավ,
Մազաքձուձ Պառվիկն ասավ,
Մեր Մուկիկը մեռել է՛...
Էլ ո՞վ մընաց էս աշխարքում,
Էլ ի՞նչ ապրենք էս աշխարքում...:
Էսպես ասին
Ու միասին
Լացով, կոծով,
Ճիչ-գոռոցով
Հավաքվեցին ու գընացին,
Քարիցն ընկան կոտորվեցին:

ՄԻ ԿԱԹԻԼ ՄԵՂՐԸ

Մի գյուղացի իրենց գյուղում
Խանութ սարքել, բան էր ծախում:
Օրվան մի օր մոտիկ գյուղից,
Մահակն ուսին, շունն ետևից
Ներս է մտնում մի զըռ չոբան.
Բարի օր քեզ, ա՜յ խանութպան,
Մեղըր չունե՞ս,
Մի քիչ տաս մեզ:
Ունեմ, ունեմ, չոբան ախտեր.
Ամանդ ո՞ւր է, ամանըդ բեր,
Ինչ տեղից որ ինքդ կուզես,
Էս սըհաթին քաշեմ տամ քեզ:

Էսպես հանգիստ, էսպես սիրով,
Մեղրից անուշ լավ խոսքերով
Մեղր են քաշում. մին էլ հանկարծ
Մի կաթ մեղրը ծորում է ցած:
Տը՛զզ, էն կողմից մի ճանճ գալի,
Էս կաթիլին վեր է գալի:
Ճանճի վըրա, թաքունթաքուն,
Էս խանութի տիրոջ կատուն
Դուրս է ցատկում,
Թաթով զարկում...
Բայց հենց կատվի ցատկելու հետ
Հովվի շունը իսկույն ևեթ
Հաֆ է անում,
Վեր է կենամ,
Խեղճ փիսիկին
Դընում տակին,
Ձեռաց խեղդում
Ու շըպըրտում:

Следующая страница