Թումանյան Հովհաննես՝   Բալլադներ

Страницы: Начало Предыдущая 1 2 3 Следующая Конец

Խեղդե՛ց, խեղդե՛ց, վա՛յ, իմ կատուն.
Ա՜յ սատկես դու, շան որդու շուն,
Բարկանում է խանութպանը
Ու ձեռն ընկած մոտիկ բանը
Տուր՝ թե կտաս շան ճակատին,
Շուռ է տալի կատվի կողքին:

Վա՛յ, ձեզ մատա՛ղ, ասլան շանըս,
Իմ ապրուստը՛ս, տեղը՛ս, տունը՛ս...
Տունըդ քանդվի, ա՜յ խանութպան,
Անխիղճ, լիրբ, չար, ֆըլան, ֆըստան,
Ո՞նց թե դու իմ շանը զարկե՛ս,
Դե, զարկելը հիմի դու տես...
Գոռում է մեր աժդահակը,
Մեծագլուխ իր մահակը
Ետ է տանում ու ցած բերում,
Խանութպանին շեմքում փըռում:

Ըսպանեցի՛ն... հա՛յ, օգնաթյո՛ւն...
Ու թաղից թաղ, ու տանից տուն
Ձեն է տալի մեկը մյուսին.
Հա՛յ, օգնությո՛ւն... Ըսպանեցի՛ն...

Վերի թաղից, ներքի թաղից,
Ճամփի վըրից, գործի տեղից,
Ծիչով, լալով,
Հարայ տալով-
Էլ հերն ու մեր.
Քիր ու ախպեր,
Կին, երեխեք,
Ընկեր տըղերք,
Զոքանչ, աներ,
Քավոր, սանհեր,
Քեռի, փեսա...
Ինչ իմանաս էլ՝ ո՜վ է սա,
Գալիս են ու անվերջ գալիս,
Ով գալիս է՝ տուր թե տալիս.
Տո՜, կոպիտ արջ, տո՜, վայրենի,
Էս տեսակ էլ բա՞ն կըլինի.
Դու առուտուր եկար անես,
Թե՞ իր շեմքում մարդ ըսպանես...

Մին ասում են՝ տասը զարկում,
Աղցան անում, մեջտեղ ձըգում,
Իր շան կողքին երկար ու մեկ:
Դե, ձեր մեռելն եկեք տարեք:
Ու էստեղից բոթը գընում,
Գընում մոտիկ գյուղն է հասնում.
Հե՛յ, օգնեցե՛ք,
Մեռած հո չեք,
Ըսպանեցին մեր գյուղացուն...

Ինչպես շընաճանճի մի բուն
Քանդես, թողնես,
Էն ճանճի պես
Ամբողջ գյուղով օրդու կապում,
«Բու՛հ» են անում, դուրս են թափում
Ամեն մինը առած մի բան.
Որը ձեռին մի հրացան,
Որը եղան, ցաքատ կամ սուր,
Որը թի, բահ, որը շամփուր,
Որը կացնով, որը փետով,
Որը ձիով, որը ոտով,
Որն անգըտակ, որը բոբիկ
Դեպի դուշման գյուղը մոտիկ:
Տո՜, էսպես էլ անիրավ գյու՛ղ.
Ոչ խիղճ ունեն, ոչ ահ-երկյուղ.
Մարդ գընում է առևտուրի,
Հավաքվում են քաշում սըրի:
Թո՛ւ ձեր գեղին, միջի մարդին,
Ձեր նամուսին, ձեր ադաթին...
Գընա՜նք, զարկե՜նք,
Ջարդե՛նք, կրակե՛նք...
Հա՛յ, հո՛ւյ, հառա՛ջ, դե ձեզ տեսնե՛մ...

Ու դուրս եկան իրարու դեմ,
Հա՜ զարկեցին ու զարկեցին,
Կոտորեցին, կըրակեցին,
Ինչքան ավել կոտորեցին,
Էնքան ավել կատաղեցին,
Ջարդեցին իրար,
Ջընջեցին իրար,
Կորան, գընացին
Գետնին հավասար:
Դու մի՜ ասիլ, մեկը մեկից
Էսքան մոտիկ, սահմանակից
Էս գյուղերը հարկ են տալի
Ամեն մինը մի արքայի:
Մի տերության թագավորը,
Երբ լսում է էս բոլորը,
Արձակում է հըրովարտակ
Ժողովըրդին իր հըպատակ.
Հայտնի լինի մեր տերության,
Զինվոր, բանվոր, ազնըվական
Ամեն շարքին
Ու աշխարհքին,
Որ անօրեն ու դավաճան
Մեր դրացի ազգը դաժան,
Երբ մենք քընած էինք սիրով,
Մեր սահմանը մըտավ զոռով,
Ու կոտորեց սուրը ձեռին
Մեր սիրելի զավակներին:
Արդ, սըրահար ու հըրակեզ
Մեր որդիքը կանչում են մեզ,
Եվ մենք, ընդդեմ մեր իսկ կամքին,
Պատվեր տըվինք մեր բանակին,
Թընդանոթով մեր ավերող
Ու աստուծով մեծակարող,
Հանուն արդար ու սուրբ ոխի
Մըտնի հողը մեր ոսոխի:

Մյուսը նույնպես իրեն հերթին
Գըրեց զորքին, ժողովըրդին.
Մարդկանց առաջ և աստըծու,
Բողոքում ենք մեր դըրացու
Վարմունքի դեմ և՜ չար, և՜ նենգ,
Որ ոտքելով ամեն օրենք,
Բորբոքում է կըռիվ ու վեճ
Հին հարևան ազգերի մեջ,
Քանդում սիրո դաշը կապած:
Արդ՝ ակամա մենք ըստիպված,
Հանուն պատվի, արդարության,
Հանուն թափված անմեղ արյան,
Հանուն ազատ մեր աշխարհքի,
Հանուն աստծու և իր փառքի
Բարձրացնում ենք մեր ձայնն ահա
Ու մեր սուրը նորա վըրա:

Ու ըսկսեց կըռիվն ահեղ:
Շռինդ, որոտ էստեղ, էնտեղ:
Կըրակն ընկավ շեն ու քաղաք,
Արյուն, ավեր, ճիչ, աղաղակ,
Ամեն կողմից սարսափ ու բոթ,
Ամեն կողմից մեռելի հոտ...
Ամառ, ձըմեռ,
Ողջ տարիներ
Մըշակն անբան,
Դաշտերն անցան,
Ու, կըռիվն չըդադարած,
Սովը եկավ համատարած:
Սովը եկավսովի հետ ցավ,
Ծաղկած երկիրն ամայացավ...
Իսկ մնացած մարդիկ իրար
Հարցնում էին սարսափահար,
Թե ո՞րտեղից արդյոք ծագեց
Էս ընդհանուր աղետը մեծ:

ԱՂԱՎՆՈԻ ՎԱՆՔԸ

(Ազգային ավանդություն)

Լենկթեմուրն եկավ, հուրն ու սուրն եկավ,
Անօրենն եկավ, եկա՛վ ու եկա՛վ.
Հավաքեց, կիտեց մեր ազգը Հայոց,
Փաթաթեց, պատեց, ինչպես վիշապ-օձ,
Կանգնեց Սևանա ափին հովասուն,
Էնտեղ, ուր ուշքը ու միտքն աստըծուն`
Անհունն է խորհում, մեռնեմ իր զորքին,
Օհաննա վանքը ծովի եզերքին:
Էն վանքում, հայոց ազգին պահապան,
Աղոթք էր անում ծերուկ հայր Օհան.
Աղոթք էր անում իր հոգու համար,
Իր ազգի համար, աշխարհքի համար:
Երբ տեսավ խաղաղ վանքիցը իրեն
Անօրեն մարդու էս գործն անօրեն,
Խըռովեց արդար ծերանու հոգին.
Ճերմակ միրուքով, իր ցուպը ձեռքին,
Դառնացած, դըժգոհ մարդուց ու կյանքից,
Աղոթքը կիսատ դուրս եկավ վանքից,
Իջավ Սևանա երեսը կապույտ,
Ու քըրթմընջալով, միամիտ, անփույթ,
Էն վետվետ, ծըփուն ջըրերի վըրա
Ցամաք ոտներով գընում էր ահա:
Տեսավ հըրաշքը Լենկթեմուրն ափից,
Տեսավ, սասանեց տեղը սարսափից:
Կանչեց, աղաչեց իշխանը թաթար,
Ե՜տ արի, ասավ, ե՜տ արի, արդա՜ր,
Ե՜տ արի, ասավ, ո՜վ դու աստծու մարդ:
Ետ եկավ մեր հայր Օհանը հանդարտ,
Իր ցուպը ձեռին, ջըրերի վըրով,
Ու առաջն ելավ թաթարը սիրով:
Ի՞նչ ես ուզում դու, ո՜վ սուրբ ալևոր,
Գա՞նձ, իշխանությո՞ւն, թե կյանք փառավոր...
Քո փառքն ու գանձը հարկավոր չեն ինձ,
Իմ ժողովուրդն եմ ուզում ես քեզնից:
Ուզում եմ թողնես՝ գընան ուր կուզեն,
Ու ազատ իրենց կյանքի ձենն ածեն
Էս լեն աշխարհքում, արևի տակին...
Ասավ սուրբ մարդը մեծ ավազակին:
Ժողովուրդ կուզե՞ս... լա՜վ, լինի էդպես:
Էս վանքովը մին ժողովուրդ տամ քեզ,
Գընա ինձ համար աղոթք արա, ծեր:
Ասավ Լենկթեմուրն ու տըվավ պատվեր,
Որ գերի հայոց ազգը մի թևից
Էն վանքը մըտնի սուրբ ի ետևից.
Ինչքան ժողովուրդ մըտնի էն վանքը,
Նրան է բաշխում էնքանի կյանքը:
Հրաման արավ իրեն զորքերին,
Ու բաց թողեցին հայ ազգի գերին:
Մըտնում է գերին, մըտնում մի ծերից,
Անցել է թիվը հարյուր հազարից,
Չի լըցվում սակայն հասարակ մի վանք...
Ապշում է թաթարնարմա՛նք ու զարմանք:
Թողե՛ք, կանչում է իրեն զորքերին,
Հորձանք է տալի նորից հայ գերին:
Գալիս է գերին, գալիս է նորից,
Անցել է թիվը հազար հազարից,
Չի լըցվում սակայն էն վանքը կըրկին,
Չի կանգնում հայի հոսանքն ահագին:
Երրորդ անգամ է կանչում զորքերին:
Գալիս է անցնում մընացած գերին:
Անցնում է գերին, անցնում շարեշար,
Էլ մարդ չըմնաց, գընա՛ց ինչ որ կար,
Դատարկ է սակայն վանքը տակավին...
Թեմուր զարհուրած դառնում է չորս դին.
Զարթո՞ւն եմ արդյոք, թե երազ տեսա...
Հայտնեցեք ինձ շո՛ւտ, ի՞նչ հըրաշք է սա...
Գընում են տեսնում մարդիկն իր ղըրկած
Մեր հայր 0հանը՝ աղոթքի չոքած,
Աչքերն երկընքին, միրուքն արցունքոտ.
Ով որ հայ ազգից մըտել է իր մոտ,
Իր սուրբ աղոթքով, կամքով վերինի,
Փոխել է իսկույն, դարձրել աղավնի,
Բաց պատուհանից թողել ամենքին,
Թըռցրել դեպ իրենց լեռները կըրկին,
Ու հիմի վանքում էլ չըկա ոչ ոք,
Ինքն է աղոթում մենակ, ծընկաչոք:

ԱՂՋԿԱ ՍԻՐՏԸ

Արեվելյան ավանդություն

Հին արևելքում, մի հին քաղաքում
Ժուկով մի ջահել աղջիկ էր ծաղկում:
Հարուստ էր հերը զալում սիրունի,
Անհուն գանձի տեր ու շատ անվախի:
Բայց սիրո համար խեղճ ու շեն չըկան.
Մի աղքատ տըղա սիրեց աղջըկան,
Աղջիկն էլ նըրան սիրեց կաթոգին,
Եվ ուզում էին լինեն մարդ ու կին.
Կա թե չըկա,
Նա է, որ նա...

Չէ՜, որ չէ՜, կանչեց ծընողը փարթամ.
Իմ աղջիկն, ասավ, սև հողին կըտամ
Ու մերկ աղքատին աղջիկ չեմ տալ ես:
Ասավ ու կանգնեց էն լեռ քարի պես:
Բայց սիրո համար քար ու սար չըկան,
Սիրում էր գըժված տըղեն աղջըկան,
Աղջիկն էլ նըրան սիրում կաթոգին,
Եվ ուզում էին լինեն մարդ ու կին.
Կա թե չըկա,
Նա է, որ նա...

Սաստիկ բարկացավ հարուստն անկոտրում,
Փակեց աղջըկան մեծ աշտարակում
Իր սիրած տըղից ու կյանքից հեռու.
Թող էսպես, ասավ, մոռնան իրարու:
Բայց սիրո համար փակ ու բանտ չըկան.
Սիրում էր անվերջ տըղեն աղջըկան,
Աղջիկն էլ նըրան սիրում կաթոգին,
Եվ ուզում էին լինեն մարդ ու կին,
Կա թե չըկա,
Նա է, որ նա...

Տեսավ իր ձեռքին ոչ մի ճար չըկար,
Համառ հարուստը հերսից խելագար,
Իրեն աննըման զավակը միջին,
Կըրակի մատնեց աշտարակն էն հին:
Բայց սերը որտեղ հըրդեհ է ձըգել,
Ի՞նչ անի էնտեղ հըրդեհը մեկ էլ:
Ու թեժ բոցերի սաստկության միջում
Աղջիկն էրվելով ճըչում էր, կանչում.
Կա թե չըկա,
Նա է, որ նա...

Ու էրվեց հիմքից աշտարակն ահեղ,
Էրվեց նըրա հետ էն սիրունն անմեղ,
Հող-մոխիր դարձավ: Իր սիրտը մենակ
Չէրվեց հըրաշքով ու սառ մոխրի տակ
Մընաց կենդանի... Էն մոխրի վըրեն
Արտասուք թափեց սիրահար տըղեն
Ու կորա՛վ, գնաց, հեռո՛ւ, շատ հեռու,
Իր օրը լալա, նըրան փընտրելու,
Մենա՛կ, օտա՛ր,
Անմըխիթար:

Ո՛վ քընքուշ գաղտնիք, ո՛վ սիրուն հըրաշք.
Էրված աղջըկա սիրտը մոխրի տակ,
Իրեն մոխրի տակ կենդանի էր դեռ
Ոչ ոք չըգիտեր, ոչ ոք չըգիտեր...
Ժամանակ անցավ էս տըխուր դեպքից,
Արցունքով թըրջված էն մոխրի տակից,
Էն միշտ կենդանի սըրտից թըռթըռուն
Բուսավ խաշխաշի ծաղիկը սիրուն,
Կարմի՛ր, թեթև՛,
Բայց... սիրտը սև...

Սըգավոր տըղան հուսահատ, թըշվառ
Շըրջում էր մոլոր աշխարհից աշխարհ,
Չէր գըտնում սակայն կյանքում էլ նըրան.
Ամեն տեղ վիշտն էր սիրածի մահվան,
Որ հար, թե՜ զարթուն, թե՜ քընի միջում,
Տանջում էր նըրան, անդադար տանջում:
Բայց սիրո համար վերջ ու մահ չըկան
Տըղի հառաչքը հասավ աղջըկան
Անմահ կյանքում,
Էն աշխարհքում:

Հասավ, ու շարժված, կարոտ, կարեկից,
Թըռավ աղջիկը անմեռ աշխարհքից,
Սիրով ու բույրով, թարմ, անուշահոտ,
Երազով եկավ սիրած տըղի մոտ:
Լըսի՜ր, իմ սըգվոր, լըսի՜ր ինձ, ասավ.
Իմ մոխրի տակից մի ծաղիկ բուսավ
Ու էն ծաղկի մեջ իմ սիրտն է, որ կա,
Կարոտ, խենթ սիրտը ջահել աղջըկա
Լիքը սիրով,
Երազներով...

Ուժ ունի իր մեջ նա կախարդական
Ու քաղցր արբեցում էնքա՛ն ու էնքա՛ն...
Քամիր ու խըմիր ուժը էն ծաղկի,
Նա քեզ կըփըրկի, նա քեզ կըփըրկի...
Մոռացնել կըտա իմ հուր սերն ու ինձ,
Հեռու կըտանի էդ կոպիտ կյանքից,
Ու կապրես անվիշտ և զըվարթ հոգով,
Կըխնդաս ընդմիշտ անթառամ կյանքով
Ազատ հեռվում,
Երազներում...

Ո՛վ սիրուն հըրաշք, ո՛վ քընքուշ գաղտնիք.
Տըղան էն օրից դարձավ երջանիկ:
Հարբած նվիրական էն ծաղկի ուժով,
Միշտ նոր կարոտով ու նոր աշխուժով,
Իրեն երբեմնի վիշտը մոռացած,
Էս կոշտ ու կոպիտ կյանքից հեռացած,
Ապրում էր ուրախ, ճոխ վայելքներով,
Լե՛ն ու լի սըրտով, անկաշկանդ սիրով
Ազատ հեռվո՛ւմ
Երազներում...

ՄՈԾԱԿՆ ՈԻ ՄՐՋ3ՈՒՆԸ

Գիժ Մոծակի պարի ժամին
Զարկեց հանկարծ աշնան քամին,
Ուժը խըլեց, ուշքը տարավ:
Գիժը մին էլ մըտիկ արավ,
Որ էն արև
Աշխարհքն արդեն պատած ողջ սև,
Լացով, թացով սուգ է անում,
Դողում, պարում ու դալկանում...
Շուտիկ, շուշտիկ իրեն կինն էլ
Սուսիկ-փուսիկ կողքից կորել,
Ով գիտի՝ ինչ ծակ էր գըտել,
Մինչև գարուն մեջը մըտել:
Սոված, սառած
Ու սալարած
Վեր թըռավ՝ վար, դես ընկավ՝ դեն,
Ժիր Մըրջյունի տաքուկ ու շեն
Բանը հիշեց, ելավ գընաց,
Դըռան առջև տըխուր տըզզաց.
Բա՜ց արեք, բա՜ց...
Էս տարաժամ՝ թըշվառ ձենից
Կոպիտ, թուխ-թուխ,
Հաստագըլուխ
Մի պահապան զարթնեց քընից,
Ներսի մըթնում մի կերպ արավ,
Փակած դուռը նեղ ծերպ արավ,
Տեսավ՝ սևով, թևով զուգված՝
Դըռան առջև մինը տընկված,
Ոտները թել,
Ինքը մի գել:
Հե՛յ, ո՞վ ես դու,
Ա՜խպերացու:
Տը՛զ-պը՛զզ, ասավ, Մոծակն եմ ես.
Բա չե՞ս ասիլ՝ էսպես, էսպես.
Ամառն ամբողջ,
Ուրախ, առողջ,
Պայծառ ու տաք
Արևի տակ
Կինըս աշխույժ սազ էր ածում,
Ես էլ անհոգ խընդում, ցընծում,
Տեսակ-տեսակ պարեր պարում,
Սըրա նըրա թուշն համբուրում
Ու վայելում ամեն բանից,
Ամեն բարուց ու սեղանից,
Լիքը այգում,
Ճահճոտ մարգում,
Ճոխ տըներում,
Պալատներում...
Մի անգամ էլ, երբ որ էսպես
Պարում էի, մինը անտես
Էնպես զարկեց՝ ուշքըս անցավ:
Ուշքի որ գամ՝ ի՞նչ տեսնեմ լավ.—
Երկինքը թուխպ, երկիրը սև,
Դառը քամի, սառը անձրև,
Արար աշխարհն պաղել, փոխվել...
Կողքիցըս էլ կինս է փախել,
Էլ ի՞նչ ասեմ, ողջը մի-մի
Էն ի՞նչ լեզու կարա պատմի
Կամ ի՞նչ բերան,
Չըտեսնըվա՛ծ, հըրաշք մի բան...
Հիմի էսպես՝ սոված, մենակ,
Մընացել եմ պատերի տակ,
Տեղ չի ունեմ, կեր չի ճարվում:
Ես էլ եմ հո շատ մըճըրվում,
Բայց ի՞նչ անեմ, ո՞ւր գընամ էլ,
Երեսս էլի ձեզ եմ արել:
Աստծու սիրուն, մի՜ խընայեք,
Էս մի ձըմեռ շահեք, պահեք,
Մինչև նորից գարուն բացվի,
Աշխարհքն էլ ետ բարով լըցվի:
Դե լա՜վ, դու կաց, ներս գընամ ես,
Տեսնենք՝ ներսից ինչ կասեն քեզ:
Ասավ պահնորդն ու մեջեմեջ
Կոկ սենյակներն անցավ անվերջ,
Մինչե հասավ ներսի տունը,
Ուր ապրում էր մեծ Մըրջյունը
Առատ կյանքով,
Իր համայնքով:
Գընաց իրենց լեզվով հայտնեց,
Մըրջյունը լուռ լըսեց, մըթնեց,
Ու ետ դարձավ
Էսպես ասավ.
Գիժ Մոծակի համա՞ր եմ ես
Ողջ ամառը արևակեզ՝
Էնքան ջանքով
Ու տանջանքով
Տուն տեղ դըրել, ճամփա հարթել,
Ամբար շինել, պաշար կիտել,
Որ ամառը ծույլ պըտըտի,
Ձմեռը գա նըստի ուտի՞...
Մեր ծույլերին ջարդել ենք մենք,
Ուրիշ ծույլի՞ բերենք պահենք...
Կերթաս կասես էդ անպետքին,
Բանի, գործի ժամանակին
Ով փոխանակ աշխատելու,
Ուշք ու միտքը տա խընդալու,
Պարապ շըրջի, երգի, պարի,
Սըրա նըրա թուշն համբուրի,
Էս կուռ վազի, էն կուռ ցատկի,
Վերջը էդպես պիտի սատկի:

ԹԱԳԱՎՈՐՆ ՈԻ ՉԱՐՉԻՆ

(Ջուղայի գաղթից)

Հե՛յ, լավ մանրո ՛ւք,
Ասե ՛ղ, հուլո՛ւնք,
Մատնի՛ք, մարջա՛ն,
Ապարանջա ՛ն...
Հա՛վ, ձու բերե ՛ք,
Առեք, տարե՛ք,
Խունջիկ-մունջիկ
Հարսն ու աղջի՛կ,
Էժան կըտա ՛մ,
Լավը կըտա ՛մ...

Էսպես կանչելով՝ փողոցից փողոց,
Իբրև թե չարչի մի թափառական,
Չարչու կերպ մըտած, ինչպես վիշապ օձ,
Անցնում էր ինքը՝ Շահ-Աբաս արքան:

Հե՛յ, ո՞վ կուզի թել ու ասե՛ղ,
Դուրս եկեք, դո՛ւրս, ինձ մո՛տ, էստե ՜ղ...
Չարչի ախպե ՜ր, չարչի ախպե՛ր,
Ասեղ ունի՞ս, էս կողմը բեր:
Կանչեց մի կին՝ հայ գաղթական,
Ու մոտ գընաց չարչին կընկան:
Օ՛, ի՛նչ ասեղ, իսկն օձի քիստ...
Թոփը մի հաց...
Վո ՛ւյ, թանկ է խիստ...
Է ՛, մի ՜ խոսիր, քուրի ՜կ, էդպես,
Շահի կյանքը թե կըսիրես:
Ամա ՛ն, հողեմ գլուխը Շահի,
Աստված Շահից հեռու պահի.
Արևդ ապրի, չարչի ախպեր,
Էդ անունը բերան մի ՜ բեր:
Վա ՜հ, էսքան էլ չա՞ր լինի մա՛րդ:
Ի՞նչ է արել Շահը ձեզ վատ: —
Գազան թուրքի սըրից փըրկել,
Չոր Ջուղայի քարից պոկել՝
Բերել է ձեզ առատ Փարիա,
Աչքն էլ քաղցըր միշտ ձեզ վըրա...
Օ ՛ֆ, հերիք է, չարչի ախպեր,
Մի ՜ խոսեցնիր ինձ դըրանից:
Երնեկ դըրա ոտը կոտրեր՝
Չըգար հաներ մեզ մեր տանից:
Եկավ վարար հեղեղի պես,
Զարկեց մեր շեն, մեր լի Ջուղան,
Ոչ աստըծուն նայեց, ոչ մեզ,
Սըրբեց բերավ ողջ տեղահան:
Թող արինք փակ մեր տուն ու Ժամ,
Բանալիներն Արազն ածինք,
Սարի ուսից վերջին անգամ
Ետ նայեցինք ու կանչեցինք.
«Աստվածածի ՛ն Վերին Կաթան,
Քեզ ամանաթ մեր սուրբ վաթան,
Ուր որ գընանք մեր վաթանից՝
Մեզ դարձըրու գերությունից»:
Աղաչեցինք աղերսելով,
Ետ շուռ եկանք ու անց կացանք.
Ծեծով, կոծով, հըրով, սըրով՝
Ծով Արազի ափը հասանք:
Արազը ծո ՛վ, Արազն ելմա ՛ն,
Դուրս է եկել իր ափերից.
«Անցե ՜ք», եկավ մեզ հըրաման.
Շահն է հրաման տալիս վերից...
Ետևը սո ՛ւր, առաջը ջո՛ւր,
Սո ՛ւգ, վայնասո ՛ւն, իրարանցո ՛ւմ,
Բառաչում են մեծ ու պուճուր,
Իրար գըրկված՝ գետը լըցվում...
Էն սև օրը, որ մենք տեսանք,
Քո թըշնամին թող չըտեսնի...
Ա՛խ, ե՞րբ պիտի մին էլ տեսնենք`
Մեր անեծքը երկինք հասնի...

Ու գալիս են չարչու գըլխին
Կիտվում պանդուխտ, գերի հայեր.
«Անե ՛ծք Շահին, իրեն գահին»,
Անիծում են երկինքն ի վեր:
Շուռ են գալիս իրենց բընում
Չարչու աչքերն ըսպառնալի,
Ձեռն ու ոտը դող են լինում,
Ու, սևակնած, հարց է տալի.
Շահի աոջև հապա էնօր
Գոռում էիք միաբերան,
Թե ապրոււմ եք դուք բախտավոր
Ու օրհնում եք թախտն ու իրա՞ն...
Սուտ էր, ախպե ՜ր: Դու մեզնից մեկն՝
Ի՞նչ թաքցընենք մենք քեզանից,
Բայց մեր սիրտը ո ՞նց չըծածկենք
Էն մարդակեր չար գազանից:
Սուտ էր: Ու միշտ, քանի որ կա
Շահ ու գերի, ըստրուկ ու տեր,
Չի լինելու երկրի վըրա
Ոչ շիտակ խոսք, ոչ կյանք, ոչ սեր
Մռընչաց չարչին, աբեն շըպըրտեց,
Դուրս ելավ տակից Շահ-Աբասն ահեղ,
Նաջաղը ցոլաց, իջավ շեշտակի,
Գերի ծերունին փըռվեց տեղնուտեղ:
Փըռվեց... Ու միշտ, քանի որ կա
Շահ ու գերի, ըստրուկ ու տեր,
Չի լինելու երկրի վըրա
Ոչ շիտակ խոսք, ոչ կյանք, ոչ սեր:

Страницы: Начало Предыдущая 1 2 3 Следующая Конец