Թումանյան Հովհաննես՝   Քննադատություն և հրապարակախոսություն, Նամակներ

Նույն կենսական հարցին է նվիրված և պ. Ց. Խ.2 «Մեդալի մյուս կողմը» հոդվածը «Բաքվի ձայնի» նախավերջին №-ի մեջ3:

Պ. Ց. Խ. էլ նկատելով, որ մեր հոգաբարձուներն անբավարար են առհասարակ, շեշտը դնում է հիմնական կետիհայ ուսուցչի վրա, որ դպրոցին հոգի ներշնչողն է, և, նույնպես գործը քննելով բարոյական ու մտավոր կրկին տեսակետներից, հաստատում է, որ հայ դպրոցը իր բարձրության վրա չի:

Սակայն, ինչպես ճիշտ նկատում է պ. Ց. Խ., մեր դպրոցական գործի աննախանձելի դրությունը դեռ 60-ական թվականներից սկսած հասարակության և մամուլի մտահոգության ամենակարևոր առարկաներից մեկն է եղել:

Պատճառն ի՞նչ է, որ մինչև էսօր հայ դպրոցը, կամ հայ ուսուցիչը ոչ թե իր բարձրության վրա չի, այլ հրապարակ է հանում բարոյական թե մտավոր անկման էն տեսակ երևույթներ, որ առաջ են բերում հոդվածագիրները, և որոնցից ավելի սոսկալիները կարող է պատմել հենց տողերիս գրողը:

Պատճառը պետք է փնտրել մի կողմից քաղաքական պայմանների մեջ, մյուս կողմից մեր ժողովրդի պատմական յուրահատուկ վիճակի մեջ, ասում է պ. Ց. Խ.:

«Հորիզոնը» ավելի ընդհանուր բառ է գործածում: Ասում է՝ այն ճահճացյալ դրությունն է պատճառը, որի մեջ գտնվում է հայ ուսուցչությունը:

Այո՛, պատճառները կարող են մի քանիսը լինել, և մինը էս պատճառի վրա կծանրանա, մյուսն էն, բայց ինչքան ծանոթ եմ հայ ուսուցչին ու նրա կյանքին, ես կարծում եմ ամենագլխավոր պատճառն էն է, որ հայ ուսուցիչը խեղդված է նյութական նեղ վիճակի մեջ, չի կարողանում ապրել, չի կարողանում հաստատ ու սրտալի կանգնել իր տեղը, իր կոչումի բարձրության վրա և հետզհետե չի կարողանում զարգանալ ու զորանալ թե մտավորապես և թե բարոյապես: Էս կամ էն անկյունը ընկնելով, ընկնելով նեղ ու դժնդակ պայմանների մեջ, սպառում էր իր համեստ ուժերը և հետզհետե իջնելով ներկայացնում մի խանգարված ու ետ մնացած մարդ, և կամ, եթե կյանքի մեջ մի դուռն ու ճանապարն է գտնում, թողնում է փախչում հայոց դպրոցից, իր տեղը տալով ավելի ու ավելի տկարներին և հաճախ նույնիսկ էն տեսակ մարդկանց, որոնցից ժանդարմները ստորագրություն են առնում, թե էլ դանոս չգրեք: Եվ փաստ է սա:

Այո՛, փախչում է հայ ուսուցիչը հայոց դպրոցից, և ոչ միայն ինքն է փախչում, այլ փախցնում է և իր զավակներին՝ տալով օտար դպրոցներ, որ նրանք զերծ լինեն ազգային մշակույթի անդաստանում աշխատողների չարքաշ կյանքից, ինչպես հիշված է «Հորիզոնի» հիշյալ հոդվածում:

Եվ եթե մենք ուզում ենք ետ բերել նրան, լավացնել, զորացնել, բարձրացնել ու ամուր կանգնացնել իր տեղը, իր պաշտոնի մեջ, պետք է նրա համար ստեղծենք մարդավայել պայմաններ:

Դրա համար ամենից առաջ պետք է բարձրացնել նրա դասագինը, նրա ռոճիկը: Եվ նրա ռոճիկը բարձրացնելու ավելի հարմար օր չի կարող լինել, քան էսօրվա օրն է, հայոց գրի ու գրքի մեծ հոբելյանի օրը: Էսօր դրված է հայոց դպրոցական ֆոնդի խնդիրը, հայոց դպրոցի ապահովության խնդիրը: Եվ եթե դպրոցը ուսուցիչն է, ապա ուրեմն իսկապես դրված է հայ ուսուցչի ապահովության խնդիրը: Թող էդ խնդիրը, հարկավ խորհրդակցություններից ու քննություններից հետո, էսօր առնի իրեն իրական որոշումըմեծ տոնի օրը բարձրացնել հայ ուսուցչի դասագինը ամեն տեղ, թե ծխական դպրոցներում, թե միջնակարգ:

Եվ ցանկալի է, որ էս խնդիրը քննության առնվի մամուլի էջերում:

ՄԵՐ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՀՈԲԵԼՅԱՆԸ ԵՎ ԴՊՐՈՑՆ ՈԻ ԳՐԱԿԱՆՈԻԹՅՈԻՆԸ

Հոբելյանի թե անունը, թե սովորությունը եբրայական ծագումն ունի: Հիսուն տարին մի անգամ Իսրայելի ժողովուրդը տոնում էր եգիպտական գերությունից ազատվելու օրը, իր ազգային ինքնուրույն կյանքի վերածնության տոնը, և ցնծագին փողահարելով հռչակում էր ի լուր աշխարհի:

Էդ տարին բացվում էին նրա բանտերի դռները, զրկվածներն ու տնանկներն ստանում էին իրենց ինչքերն ու ստացվածքները, ստրուկներն իրենց ազատությունը, և էդ տարվա ամբողջ բերքն էլ հատկացրած էր աստծուն, որ հանել էր նրան եգիպտական գերությունից և պատվիրել էր. «Եւ արասջիք զամենայն իրաւանս իմ և զամենայն դատաստանս իմ, և պահեսջիք և արասջիք զնոսա, և բնակեսջիք երկրին ձերում վստահութեամբ»:

Ահա մենք էլ որոշել ենք հոբելյանական տարի: Տոնում ենք մեր գրերի գյուտի ու տպագրության հոբելյանը: Ամեն կողմից համազգային մի մեծ տոն:

Այո՛, մեծ ու հրաշալի էր տեսարանը, երբ Իսրայելի Մովսեսն իջնում էր Սինայից ու բերում էր հետը աստուծո պատգամները. բայց նրանից ոչնչով պակաս վեհ ու վսեմ չէր, երբ հայոց Մեսրոպը ժամանակի լուսավորության հայրենիքից Հայաստան էր մտնում հայոց այբուբենը բերելով իր հետ: Եվ իզուր չի ավանդությունը ասում, թե՝ աստվածային ձեռքը գրեց էդ այբուբենը, ու էդպեսով դրեց մեր գրի ու գրականության սկիզբը: Նրանից հետո մենք ունեցանք սեփական ազգային դպրոց ու գրականություն, որ ճանապարհ է ցույց տվել մեր ազգին դեպի լավագույն ապագան, էն լուսեղեն սյունի նման, որ երբեմն Իսրայելի ժողովրդին ճանապարհ էր ցույց տալի օձերով լիքը անապատներում դեպի Ավետյաց երկիրը:

Նույն ճանապարհն է ամեն մի ժողովրդի առաջ, նույն օրենքն ու նույն ուժերը:

Թող մեր 1500-ամյակի մեծ հոբելյանն էլ լինի մեր ազգային վերածնության սկզբի տոնը, թող սա լինի մի համազգային փողհարություն ի լուր աշխարհի, թե ապրում է հայ ժողովուրդը, և մենք էլ էս տարվան՝ ոչ թե ամբողջ բերքն ու աշխատանքը, գոնե նրա փոքրիկ մասը միամիտ սրտով նվիրենք Սահակին ու Մեսրոպին մեզ մոտ ուղարկող աստծուն, այսինքն նրան հաճելի գործերինհայոց դպրոցին ու հայոց գրականությանը:

Փույթ չի, թե փոքր կլինի մեզանից շատ շատերի տվածը: Մեր ժողովուրդը մի շատ իմաստուն առած ունի, որ ասում է. «շատը ուժից, քիչը սրտից»: Քիչը տալով ամեն մարդ իր սիրտը բերած կլինի մեջտեղ, և միայն սրտով է, որ գեղեցիկ ու մեծ գործեր են կատարվում:

<ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆԻ ՄԱՍԻՆ>

Մեր սիրելի երիտասարդ դասախոսը, որ էնքան բանաստեղծորեն խոսեց մեր տաղանդավոր բանաստեղծ Տերյանի քնարի մասին, հայտնեց նաև մի շատ տարածված կարծիք, թե Տերյանը զուրկ է տեղայնությունից և հարազատ չի մեզ: Ինձ թվում է, որ էդ կարծիքը սխալ է: Չմտնելով քննության մեջ, թե ինչ է հարազատությունը և ինչ նշաններով է արտահայտվում, ես գտնում եմ, որ նրա թախիծն ու երազները, մշուշն ու աղջամուղջը խորթ չեն մեր երկրին ու մեր հոգուն: Ես եղել եմ էն երկնքին մոտիկ լեռնադաշտում, ուր ծնվել է Տերյանը, և կարծես թե նա լիքն է էն մշուշային թախիծով ու քնքույշ երազներով, որ բնորոշում են մեր տաղանդավոր բանաստեղծի քնարը: Վերջապես թախիծն ու երազը խորթ չեն հայի հոգուն, և մենք շատ երազկոտ ժողովուրդ ենք:

Խոսեց և նրա երգերի մոնոտոնության մասին, և լսողները շատ հեշտ կարող են սրա տակ ձանձրալին հասկանալ: Բայց դուք, ինչպես ամեն բանաստեղծի, էնպես էլ Տերյանի լավ երգերն առեք և բանաստեղծական գոհարներ կտեսնեք, որ ձեզ բարձր գեղարվեստական հաճույքներ կտան: Չպետք է մոռանալ և էն հանգամանքը, որ Տերյանը դեռ տվել է իր առաջին շրջանի երգերը, և այժմ ինչպես ինքն է գրում իր վերջին երգերից մեկում, նոր արշալույս ու նոր հորիզոն, նոր կյանք է ողջունում:

ԱՆԳԻՏԱԿԻՑ ԹՇՆԱՄԻՆԵՐ

Վրացական «Закавказская речь» թերթը նեղացել է1, թե ինչու Հայ Գրողների ընկերությանը դիմել է ուր հարկն է, որ Թիֆլիսի մեծ երգչի արձանի բացման առիթով Ալրի կամ Թուրքի մեյդան կոչված հրապարակը, որի կողքին թաղված է Սայաթ-Նովան, կոչվի Սայաթ-Նովայի հրապարակ: Սրա մեջ նկատում է հայերի կողմից Թիֆլիսը զավթելու դիտավորություն և վատ կրքեր է հուզում:

Նույն տեսակ աղմուկ է բարձրացրել ռուսական «Голос Кавказа» թերթը Խ. Աբովյանի արձանի համար, որ կանգնելու է Երևանում, և հորդորում է իշխանությանը՝ ետ առնել իր տված իրավունքը:

Սրանով, իհարկե, իբրև թե ամեն մեկն իր հայրենիքի ու ազգի շահն է պաշտպանում հայերի դեմ: Մի կողմ թողնելով ավեյի լայն հայացքը, ես ուզում եմ նկատել, թե էս մարդիկ լավ էլ չեն հասկանում, թե ինչի դեմ են խոսում, և հենց թեկուզ իրենց նեղ տեսակետից էլ եթե առնենք խնդիրըդեմ չպետք է լինեին ո՛չ մեկը և ո՛չ մյուսը:

Ահա թե ինչո՛ւ:

Խ. Աբովյանը մի մոլեռանդ ռուսասեր էր, նրա «Վերք Հայաստանին» հայ ժողովրդի տանջանքի ու տենչանքի արտահայտությունը լինելով հանդերձ՝ միաժամանակ մի ոգևորված ջատագովություն է ռուս ազգին ու նրա պետական ուժին, և առաջ քաշել Խ. Աբովյանին, կնշանակի հայերի մեջ արծարծել նաև սեր ու համակրանք դեպի ռուս ազգն ու ռուս պետությունը:

Եվ հանկարծ... Էս մարդու հիշատակին դեմ է մի ռուս թերթ:

Ի՛նչ խոսք, որ սա չի հասկանում, թե որտեղ և ում դեմ է խոսում, և եթե չար է, նեղսիրտ ու փոքրոգի, ապա նաև անգիտակից է, և անգիտակից թշնամի ամենից առաջ իր ազգին ու հայրենիքին, որովհետև ուզում էետ մղել իր ազգի ու հայրենիքի մեծ բարեկամներին և նրանց տեղը ստեղծել՝ թշնամիներ:

Նույնը պետք է ասեմ և վրացական «Закавк. речь»-ին:

Ո՞վ է Սայաթ-Նովան: Մի երգիչ, որ համազոր ուժով ու սիրով երգել է թե հայերեն, թե վրացերեն և թե թուրքերեն: Մի համակովկասյան երգիչ, որ, ամենից քիչ երգել է հայերեն: Մի երգիչ, որին վրաց գրականության պատմությունը անվանում է՝ Վրաստանի երգիչ: Բաց արեք վրացի պրոֆ. Ա. Խախանովի վրաց գրականության պատմության երրորդ գիրքը2, էջ 218, կտեսնեք Սայաթ-Նովա վերնագրով մի առանձին գլուխ, որ սկսում էհետևյալ տողերով.

«Աղա Մահմադ խանի Թիֆլիսն առնելու ժամանակ սպանվեց Վրաստանի նշանավոր երգիչ Սայաթ-Նովան: Նա Հերակլ 2-րդ թագավորի պալատական աշուղն էր (Трубадур): Հարյուր տարի սրանից առաջ Սայաթ-Նովայի անունը հին Թիֆլիսում հռչակված էր ամենուրեք, թագավորական պալատից սկսած մինչև արհեստավորի խրճիթը»3:

Եվ վերջանում է հետևյալ խոսքերով.

«Սայաթ-Նովան միայն վրացերեն չի գրել, այլ նաև հայերեն ու թուրքերեն, որ դեռ մնում են անտիպ»4:

Նրա մեջ ասված է միայն, որ նա ծնունդով հայ էր և գրել է նաև հայերեն:

Եվ էս տեսակ մի երգիչ, որին հենց իրենց-վրացիների ասելով ամենից շատ իրենք են երախտապարտ, մի երգիչ, որ հավասար թանկ է Կովկասյան բոլոր ազգությունների համար, մի երգիչ, որ միայն սեր է արծարծել դեպի վրացին, վրացական լեզուն ու Վրաստանը, մի երգիչ, որ Թիֆլիս քաղաքի ամենամեծ պարծանքներից մինն է, հանկարծ իր հիշատակով, իր անվանը տված հարգանքով շարժում է վրացիներից ոմանց մաղձն ու զայրույթը:

Եվ էդ ոմանք, թեկուզ և ազգով վրացի, հայերին նեղսիրտ, չարակամ լինելուց առաջ Վրաստանի թշնամիներն են, որովհետև վեր են կենում ու խոսում նրա հոյակապ ու սիրելի երգիչներից մեկիՍայաթ-Նովայի անվան ու հիշատակի դեմ:

Այո, սրանք անգիտակից թշնամիներ են ամենից առաջ հենց իրենց հայրենիքին ու ազգին, ռուս թերթը` ռուսին ու Ռուսաստանին, վրացական թերթը՝ վրացուն ու Վրաստանին: Եվ սրանց համար է ասված, թե՝ պետք է ներել, որովհետև չեն հասկանում, թե ինչ են անում:

1914

<Թ. ԹՈՐԱՄԱՆՅԱՆԻ ԴԱՍԱԽՈՍՈԻԹՅԱՆ ԱՌԹԻՎ>

Վերջին տարիներս մեզանում հաճախ է խոսք լինում, թե մենք մեզ չենք ճանաչում և աշխատում ենք մեզ ճանաչել: Մեզ ճանաչելու համար հետզհետե մեր շուրջը դիտելով ու մեր ներկան քննելով հանդերձ ուզում ենք թափանցել մեր անցյալը, ուսումնասիրել մեր հին կյանքն ու պատմությանը:

Վաղուց ասված է, թե անցյալի պատմությունը մի լուսատու լապտեր է, որ ամեն մի ժողովուրդ ձեռքին պետք է ունենա իր ճամփեն անմոլոր գնալու համար:

Մենք, որ մեծ անցյալի ու մեծ ավերակների վրա ապրող մի ժողովուրդ ենք, և ինքներս արդեն ըստ ամենայնի ավերակ Ժողովուրդ, նոր ենք ջանքեր անում մեր խորտակված կյանքը վերականգնելու, վերանորոգելու և վերակազմելու, անցյալի ուսումնասիրությունը մեզ համար ունի առանձին կարևորություն, և մեր մեծ արժեքներն ու պարծանքներն էլ անցյալի մեջ են: Անցյալի մեջն են և մեր արվեստները: Գեղեցիկ արվեստները ֆիզիկական ու բարոյական առանձնահատուկ պայմանների մեջ ծնվելով ու զարգանալով՝ հատկանշում են ամեն մի ժողովրդի ինքնուրույն ազգային ոգին:

Գեղեցիկ արվեստների մեջ առանձին կարևորություն է ունեցել միշտ ճարտարապետությանը, որ կոչված է «քարացած երաժշտություն» և, միանգամ ընդմիշտ քարացած կանգնած, չի աղավաղվում ժամանակի հետ:

Սրանից տասնյակ տարիներ առաջ մենք չէինք համարձակվիլ մտածելու, թե ունեցել ենք առանձին հայկական ճարտարապետության, բայց էսօր, շնորհիվ գիտնականների ուսումնասիրության, ոչ թե լուրջ խոսք է լինում հայոց ճարտարապետության մասին, այլև նրա ազդեցության, որ արել է շրջակա ժողովուրդների ու հեռավոր ռոմանական ճարտարապետության վրա, հարկավ, ինքն էլ իր հերթին ազդվելով օտարներից:

Նոր է էս հայտնությունը ինչպես լուսավոր աշխարհքի, էնպես էլ մեզ համար: Եվ էսօր առաջին անգամն է, որ հայ ճարտարապետը հրապարակավ պետք է խոսի հայ ժողովրդի հետ հայոց ճարտարապետության ու նրա ազդեցության մասին, և դուք առաջին ունկնդիրներն եք, որ լսում եք նրան:

Մեր հարգելի պ. Թորամանյանը, որ վկայված է Պետերբուրգի Կայսերական Գիտությունների Ակադեմիայից և Վիեննայի համալսարանից և էս տարի մրցանակ է տարել, տասնևմեկ տարի է լուռ ու անդադրում ուսումնասիրում է հայոց ճարտարապետությունը՝ ավերակից ավերակ անցնելով: Տասնևմեկ տարուց հետո՝ էսօր էնքան նյութ է հավաքել, որ Ստրիժեգովսկու նման հեղինակավոր մի գիտնականի իրավունք է տալիս մեր մասին գրելու էն տողերը, որ այժմ կկարդացվեն ձեր առաջ: «Պատիվ ձեր մեծ ազգին», բացականչում է հայոց ճարտարապետության բեկորների առջև հիացած գիտնականը և խոստանում է հայտնություն անել Եվրոպայի առջև:

Եթե հիշենք, որ մի սառն ու լուրջ գիտնական է էսպես ոգեվորված մեզ մեծ ազգ անվանողը Եվրոպայի առջև, և եթե հիշենք, որ Եվրոպան էլ լոկ աշխարհագրական տերմին չի, այլ ժամանակակից քաղաքակրթության հայրենիքը, կարող ենք չափել պ. Թորամանյանի մեծ ծառայությանը և մեր հին կյանքի ու անցյալի ուսումնասիրության նշանակությունը, անցյալի, որ մեր նոր կյանքի ու կուլտուրայի պատվանդանն է:

Մոտիկ առաջիկայում Հայոց Գրողների Ընկերությունը կազմակերպելու է մի մեծ երեկույթ, ուր կցուցադրվեն հայ ճարտարապետության նմուշները մոգական լապտերով ու նկարներով և պ. Թորամանյանը կխոսի ավելի հանգամանորեն, իսկ առայժմ էսօր կանի ընդհանուր տեսությունը և տեղեկություններ կտա մեր նախնիքների բարձր ճաշակից ու մեծագործություններից:

Փառք ու պարծանք մեր նախնիքներին, որ աշխարհավեր հեղեղների դիմագրավելով հանդերձ, մեզ համար էսքան շքեղ ժառանգություն են թողել, և փառք ու պարծանք գիտության մարդկանց ու հատկապես պ. Թորամանյանին, որ մեր ազգի մեծությունը ավերակների միջից հանելով՝ ոչ միայն օտարների առջև, այլև մեր աչքում դարձնում են մեզ մեծ ու հարգելի:

ԹՈՐԱՄԱՆՅԱՆԻ «ԹՆԴԱՆՈԹՆԵՐԸ»

Եվրոպական նշանավոր գիտնականներից մինը մի մասնավոր նամակում գրում է. «Մենք ճանապարհ ենք բաց անում Թորամանյանի թնդանոթների համար»:

Հարգելի գիտնականը թնդանոթներ անվանում է պ. Թորամանյանի ուսումնասիրած ու հավաքած հայկական ճարտարապետության էն նմուշներն, որոնք մոտիկ ապագայում իրենց լուսաբանություններով լույս պետք է տեսնեն Եվրոպայամ: Ասում են, «դրանք նորություններ են Եվրոպայի համար» և առայժմ դրանց մասին ծանոթություններ են տալիս եվրոպացիներին, այսինքն՝ ճանապարհ են բաց անում Թորամանյանի թնդանոթների համար:

Այո՛, դրանք թնդանոթներ են, հայկական թնդանոթներ, և թնդանոթներից ամենաազնիվն ու ամենաուժեղը, որ երբևիցե հնարել է մարդը. իրենց հետ տանում են հայ ժողովրդի ստեղծագործական հանճարն ու կարողականը, գնում են հայերի համար նվաճելու լուսավոր ազգերի սերն ու համակրությունը, հարգանքն ու հիացումը:

Հիրավի, գործիչները նման են զորավարների և նրանց գործերը թնդանոթներ են, որոնք տիրում են հեռավոր տարածություններ ու ժամանակներ:

Բայց ինչպես ամեն մի զորավար հաղթությունը տանելու համար իր թիկունքին պետք է ունենա մի ոգևորված ու հավատարիմ բազմություն, էնպես էլ ամեն մի գործիչ պետք է զգա ու գիտենա, որ դատարկ չի իր թիկունքը:

Ահա վեր է կացել հայ ճարտարապետ պ. Թորամանյանը, ցույց է տալիս Եվրոպային ու ամբողջ աշխարհին, թե գոյություն է ունեցել հայկական ինքնուրույն ճարտարապետություն և հայկական ինքնուրույն ճարտարապետությունը ազդել է թե՛ հարևան և թե՛ հեռավոր ազգերի ճարտարապետությունների վրա, ստիպում է ազգերի արվեստների պատմության մեջ նոր գլուխ բաց անել «հայոց ճարտարապետությունը» վերնագրով:

Էդ նորություն է Եվրոպայի համար, ասում են եվրոպացիք, բայց էդ նորություն է և մեզ համար, հայերիս համար, պետք է խոստովանենք մենք:

Ահա էդ շատ նշանավոր նորությունն է, որ շաբաթ երեկոյան Հայ Գրողների Ընկերության նախաձեռնությամբ կազմած հրապարակական երեկույթում Թիֆլիսի հասարակության առաջ պետք է պարզի ու լուսաբանի պ. Թորամանյանը, բազմաթիվ վկայություններով ու նկարներով:

Թող գան հայերը, տեսնեն ու համոզվին, որ իրենք միշտ էն ժողովուրդը չեն եղել, ինչ որ հանդիսանում են էսօր, տեսնեն, թե ի՛նչ են ստեղծել ու ի՛նչ են եղել անցյալում, որ հոգեպես բարձրանան ու լցվին հավատով դեպի իրենց ազգային ապագան:

ԼՍԵՆՔ ՈԻ ՊԱՇՏՊԱՆԵՆՔ

Արդյոք մի որևէ ձևով վճռվե՞ց հայկական հարցը: Արդյոք վերացա՞վ տաճկահայոց ամբողջ կյանքի ու մեր հոգու վրից էդ կարմիր մղձավանջը, և կարո՞ղ ենք այսուհետև հանգիստ սրտով նվիրվել կուլտուրական աշխատանքի ու ավելի լայն խնդիրների:

Ո՞վ գիտի:

Չնայելով հայոց կաթողիկոսի ու նրա ներկայացուցիչ Նուբար փաշայի շնորհավորական հեռագիրներին՝ հայ ժողովուրդն ամեն տեղ էս հարցի դեմը խորին լռություն է պահպանում, ծանր ու իմաստուն մի լռություն, իսկ երիտասարդ թուրքերը Ռուսաստանի սահմանի վրա զորահանդեսներ են սարքում:

Այո՛, գուցե վերջը չի հայկական հարցի, բայց վերջի սկիզբն է: Դրա համար էլ խորհրդավոր է և էն համատարած խլրտումը, որ նկատվում է մեր կուլտուրական կյանքումդպրոցի, գրականության, գիտությանուսումնասիրության ու բանասիրության ասպարեզներում: Սա էլ սկիզբն է մի նոր վերածնության, որի համար մենք բավականաչափ ուժեր ու տրամադրություն ունենք արդեն:

Հինը ենթարկվում է վերագնահատության, առաջադրվում են նոր, ավելի լուրջ պահանջներ, և ամենամեծ պահանջըպարզ հասկանալ...

Պարզ հասկանալ մեր երկիրը, մեր ժողովուրդը, մեր գրականությունը, մեր պատմությունը ու մեր պատմական հիշատակարանները: Մինչև այժմ նրանք խոսել են մեր սրտի հետ, և մենք սիրել ենք զգացմունքով, անխտիր, հախուռն, առանց հասկանալու, թե ինչ ենք սիրում և ինչու. այժմ գալիս է ժամանակը՝ նրանց էությանը ներհմուտ լինելու, նրանց լեզուն ու միտքը հասկանալու, և էդ նպատակի համար են և Գրական Ընկերություն, և Ազգագրական Ընկերություն, և Պատմական Ընկերություն, և Երաժշտական Ընկերություն, և ուրիշ նման ընկերություններն ու մասնավոր ձեռնհաս անհատների ջանքերը:

Էս ճանապարհին ինչպես կլինեն շատ հայտնություններ ու հիացումներ, էնպես էլ անխուսափելի են շատ հիասթափություններ, բայց էս է հաստատ ու ճշմարիտ ճանապարհը:

Պետք է լռեն վերջապես բոլոր նրանք, որոնք խոսել են ու խոսում են և՛ ժողովրդի անունից, և՛ գրականության, և՛ պատմության, և՛ գիտությանմիմիայն մարդկանց աչքերին թոզ փչելու համար, կուրացնելու ու իրենց ետևից տանելու համար, իրենց համար առաջնորդողի դիրք ու աթոռ ստեղծելու համար, և հանդես պետք է գան ու խոսեն նրանք, որոնք երկար տքնությամբ ու ճգնությամբ ուսումնասիրել ու սիրել են իրենց խոսքի առարկան և չեն գալիս դիրք ու աթոռ գրավելու հավակնությամբ, այլ գիտությանն ու գեղարվեստին ծառայելու պատրաստակամությամբ:

Ահա՛ նրանցից մեկըճարտարապետ Թորոս Թորամանյանը, տասնումեկ տարի լուռ ու մունջ, հազար ու մի զրկանքով հայոց ավերակներում աշխատելուց հետո՝ վերջապես հրապարակ է գալիս խոսելու հայոց ճարտարապետության, նրա ծագման, զարգացման ու հարաբերությունների մասին: Եվ երկու նշանավոր գիտնականներ էս տեսակ վկայություն են տալիս նրա համար: Պրոֆ. Մառը իր մի աշխատության մեջ վկայում է, թե պ. Թորամանյանը հայոց ճարտարապետության հիշատակարանների լեզվի առաջին ուսուցիչն է: Իսկ պրոֆ. Ստրիժիգովսկին1 ասում է. ճարտարապետ Թորամանյանը մի մեծ նորություն է բաց անում ամբողջ Եվրոպայի առջև:

Պետք է լսենք ու պաշտպանենք հայոց ճարտարապետական հիշատակարանների լեզվի առաջին ուսուցչին, թև ու թիկունք պետք է լինենք մեր ազգային ստեղծագործական հանճարը հայտնագործող ու վեր հանող վաստակավորին:

ՄԻ ՊԱՅԾԱՌ ՇԻՐԻՄ

Մայիսի 15-ին, Համբարձման օրը, վարդի ու ծաղկի տոնին Թիֆլիսի հասարակությունը, առանց ազգի ու ցեղի խտրության, Հայ Գրողների Ընկերության առաջնորդությամբ վարդերով ու երգերով գնում է բաց անելու Սայաթ-Նովայի մահարձանը1: Գերեզմաններ կան, որ պայծառ են, ժպտում են մարդկանց սրտերին մի խոր հավիտենական ժպիտով ու ասես թե կյանքը հաշտեցնում են մահի հետ:

Էս տեսակ մի պայծառ գերեզման է Սայաթ-Նովայի գերեզմանը. ամբողջովին հաշտություն ու սեր է բուրում, ու միշտ էլ ժպտալու է ամենքին, ու միշտ էլ կրկնելու է ամենքին.

«Աշխարհքըս քունն ըլի, ի՞նչ պիտիս տանի՝
Աստվա՛ծ սիրե՛, հոքի սիրե՛, յա՛ր սիրե՛...
Աստված դիփունանցըն մին հոքի էրիտ՝
Աղկատ սիրե՛, ղոնաղ սիրե՛, տար սիրե...»2:

Միշտ կենդանի մի գերեզման, և կենդանությունը պայծառ, քնքույշ ու ազնիվ:

ԿՈՎԿԱՍՅԱՆ ԷՆՑԻԿԼՈՊԵԴԻԱՆ

Պարբերաբար խոսք է լինում հրապարակում, թե ոչ միայն ռուսները, այլև մենք, կովկասցիներս էլ մեր երկիրը չենք ճանաչում: Անծանոթ ենք նրա իրար կողքի ապրող ազգերի ու ցեղերի անցյալ պատմությանն ու ներկա կյանքին. անտեղյակ ենք նրա անբավ բնական հարստություններին ու գեղեցկություններին, նրա բուսական ու կենդանական աշխարհներին, և ոչ միայն անգետ ենք էս ամենին, այլև շուտով գիտենալու հույս ու միջոց էլ չունենք: Եղած կովկասագիտական գրականությունն էլ միանգամայն անմատչելի է մի քիչ ավելի ընդարձակ շրջաններին և նույնիսկ սպառված է մեծ մասամբ ու հազվագյուտ: Եվ, վերջապես, դեռ շատ բան էլ չի ուսումնասիրված կանոնավոր կերպով:

Եվ հենց էն ժամանակ, երբ զգում ենք էս մեծ պակասը, վրա է հասնում ռուս հայտնի գրական գործիչ Գ. Պ. Ռուկավիշնիկովի միտքն ու առաջարկը մեզ, կովկասցիներիսկազմել ու հրատարակել Կովկասյան էնցիկլոպեդիան: Ու էսպեսով լուրջ ցանկություններից հետո կանգնում ենք լուրջ հոգսերի առջև. որովհետև ի՞նչ կնշանակի կազմել Կովկասյան էնցիկլոպեդիա: Կնշանակի մոտ կես միլիոն ռուբլու ծախքի հոգացողության հետ միասին կազմակերպել ու կանոնավորել կովկասագիտական գիտությունները, կամ գրեթե ստեղծել Կովկասյան գիտությունների ակադեմիա:

Այո՛, շատ լուրջ և ամենագեղեցիկ գործերից մինը, ինչ որ հայ, ռուս, վրացի ու մահմեդական միասին կարող են կատարել Կովկասում: Եվ իր գիտական-բարոյական մեծ արժեքի հետ միաժամանակ Կովկասյան էնցիկլոպեդիան Կովկասի համար կբերի նաև նյութական մեծ օգուտ:

Կովկասը, աշխարհամիջի էս սքանչելի երկիրը, ասում է իր կոչի մեջ. պ. Ռուկավիշնիկովը, կտա մարդուն ամեն բան, ինչ որ կարող է զարդարել ու ճոխացնել մարդկային կյանքը, մեծացնել նրա երջանկությունը մինչև էն սահմանները, ինչ որ հնարավոր են աշխարհքում:

Եվ ինչո՞ւ չպետք է էսպես լինի:

Ամեն կողմից ասում են՝ Կովկասը դեռ անհայտ ու անծանոթ երկիր է...

Եվ մինչդեռ իրենց երկիրն ուսումնասիրելով ու հայտնի դարձնելով փոքրիկ Շվեյցարիան, ամեն ուրիշ օգուտ մի կողմ թողած, միայն տուրիզմիցճանապարհորդություններից տարեկան ստանում է 400 միլիոն ֆրանկ, Իտալիան՝ 300 միլիոն, և կամ Ավստրիան՝ Բոհեմիայի ու Տիրոլի համար 160 միլիոն, Կովկասը, նրանցից ավելի ճոխ, հարուստ ու գեղեցիկ Կովկասը, Ալպերից շատ ավելի հզոր Կովկասը, ոչինչ չի տալիս և մնում է տակավին անհայտ ու անծանոթ երկիր:

Իհարկե, միշտ էսպես չի մնալու: Եվ ահա ժամանակն է:

Պ. Ռուկավիշնիկովի կոչին արձագանք տալով՝ վրացի ու հայ ինտելիգենցիայի նեղ շրջանների մեջ սկզբնական խորհրդակցություններ եղան, և, ամեն տեսակետից էլ շատ հավանելով առաջարկը, գործին ձեռնարկելու խորհրդակցություններ ու նախապատրաստություններ են լինում, իսկ մահմեդականներից պարսից պ. ընդհանուր հյուպատոսը հայտնեց իր պատրաստակամությունը ամեն կերպ նպաստելու և միջամտելու գործին:

Եվ անշուշտ, կովկասյան բոլոր ազգությունների ինտելիգենցիան միասին մեծապես պիտի նպաստի էս շատ կարևոր գիտական ձեռնարկությանը թե՛ իր ունեցած հմտությունով և թե բաժանորդ գրվելով և Կովկասի հասկացող ունևորներն էլ ուրախությամբ պետք է մոտենան գործին, մանավանդ զոհաբերության խնդիր էլ չկա մեջտեղը, որովհետև գործը դրվում է զուտ առևտրական հիմունքների վրա:

ԱԶԳԵՐԻ ՊԱՏԵՐԱԶՄՆ ՈԻ ԻՐԵՆՑ ԴՅՈԻՑԱԶՈԻՆՆԵՐԸ

Ինչպես որ մեծ հեղեղներից առաջ տոթը ճնշում է մարդկանց շնչառությունը, էնպես էլ մեծ պատերազմից առաջ գրեթե ամեն մարդու սիրտ ճնշում էր մի ծանր նախազգացում: Պայթեց փոթորիկը, ծանր զգացումին հետևեցին ահավոր ցնցումն ու իրարանցումը, էս էլ կանցնի, կբացվի պայծառ արևն ու կժպտա խաղաղ օրը, բայց անցնելուց հետո էլ՝ երկար-երկա՛ր քաղաքակիրթ աշխարհը կզբաղվի էս չտեսնված պատերազմով, և, թերևս, էս սեպտեմբերը1, որ ապրում ենք, պատմության մեջ մնա «սոսկալի սեպտեմբեր»: Ասես թե էլ սովորականի նման զորաբանակներն ու զորավարները չեն, որ վեր են կացել իրար վրա, այլ ժողովուրդները իրենց ամբողջ ազգային ուժով ու կարողությամբ: Եվ որովհետև ամեն մի ազգի ուժն ու ոգին մարմնացած է իր ազգային էպոսի մեջ՝ ամենայն համարձակությամբ կարող ենք էսպես ասենք, թե ազգերի դյուցազունները՝ սերբական Մարկոն2, գերմանական Զիգֆրիդը3, ֆրանսիական Ռոլանդը4, անգլիական Բեովուլֆն5 ու ռուսական Մուրոմցի Իլիան6 են առասպելների աշխարհից դուրս եկել մեր առաջ, ու մենք հանդիսատես ենք էս հսկաների կռվին: Եվ տեսեք թե ի՛նչքան հարազատ են գծված ու բնորոշված սրանցից ամեն մինը:

Ահա՛ գերմանական հուժկու Զիգֆրիդը, վեր է կացել՝ ձեռքին չեղած ամրության էն սուրը, որ դարբնել էր աշխարքի անհուն գանձերը մենակ տիրապետելու համար...

Ահա ֆրանսիական քաջարի Ռոլանդը, որոտագին հնչեցնում է իր հսկայական օլիֆանտը (փողը), օգնության է կանչում ֆրանսիական ազգային զորությունը՝ պաշտպանելու չքնաղ Ֆրանսիան...

Ահա սերբական ըմբոստ կտրիճը, արքայազն Մարկոն, իր Շարացի վրա, աջ ու ձախ ջարդելով՝ խորը մեխվել է սերբական ազգից շատ ավելի ուժեղ թշնամու բանակը, լողում է արյան մեջ ու աղաղակում է՝ էլ ի՞նչ անեմ, տե՛ր աստված...

Ահա անգլիական ազգային հսկան, ծերունի Բեովուլֆը, որ լողալու արտասովոր ընդունակություն ունի և մայր ցամաքն է դուրս գալիս՝ ժողովուրդներին իր հրեղեն շնչով սպանող մի վիշապի դեմ, նրան խորտակելու և նրա հավաքած անհուն գանձերը իր ազգին տանելու համար...

Ահա վերջապես և ռուսական վիթխարի գյուղացին, ծերուկ Իլյա Մուրոմցին, հայրենիքին սպառնացող վտանգի առջև Владимир Красное Сольнышко-ից, իշխանավորից զուր տեղը իրեն հասած վիրավորանքը մոռացության տալով՝ իր հսկայական գուրզն առած գնում է անմեղ ժողովուրդն ու երկիրն ազատելու վայրագ թշնամու արշավանքից: Գնում է անհոգ, հանդարտ ու բարի, բայց հզոր ու հաստատուն: Գնում է իր «ախպերացուների» հետ:

Ի՞նչ խոսք, որ ցաք ու ցրիվ են անելու գերմանական Զիգֆրիդի տիրած ինչերն ու տիրապետելու տենչերը, և անգլիական Բեովուլֆը շատ գանձեր է տանելու իր կղզին: Ի՛նչ կասկած, որ էս հսկաների զարկերի տակ մասնատվելու են Եվրոպայի Թուրքիան՝ Ավստրո-Հունգարիան, և Ասիայի Թուրքիան, որոնք նույնիսկ էս դյուցազունների շարքում չունեն իրենց ներկայացուցիչը, և շատ բարիքների ու ազատությունների հետ միասին, որ հետևելու են մեծ պատերազմին, վերջնականապես պետք է վճռվի և Տաճկահայկական հարցը, կամ, եթե կուզեք, արդեն վճռված է: Չէ՞ որ Մուրոմցի հսկայի «ախպերացուների» թվում է և մեր Սասունցի Դավիթը, եթե միայն Մսրա Մելիքի փորած հորից լուս աշխարհ է դուրս եկել:

Սակայն ավելի մեծը կա: Ժողովուրդների էպոսներն առհասարակ վերջանում են խաղաղության սրբազան խոսքով: Եվ ճշմարիտ որ, էս պատերազմից հետո չտեսնված թափով ու ծավալով է բարձրանալու խաղաղության հարցը, այլև նրա հետ միասին մի ուրիշ մեծ հարց, քաղաքակիրթ մարդու հարցը, կամ, ավելի ճիշտ մարդու հարցը, որ իր գազանություններով հարուցանում է լուսավոր գերմանացին ու դարձնում է լուրջ խորհրդածության նյութ աշխարհքի բոլոր ազգերի և բոլոր մտածողների համար:

ԱՊԱՇԱՎԱՆՔ

Ներեցեք մեզ, ո՛վ քրդեր, ո՛վ թուրքեր, որ 1878 թվականին մենք գնացինք Բեռլին1 ու գանգատվեցինք ձեր կատարած կողոպուտների, բռնաբարումների, սպանությունների, հրդեհների ու ավերումների դեմ՝ ձեզ անվանելով բարբարոսներ ու գազաններ, իսկ նրանց մարդասեր դատավորներ:

Ճիշտ է, էն ժամանակ էլ նրանք արտահայտվեցին, թե էդ ամենը չարժեն իրենց մի զինվորի փտած ոսկորներին2, և մենք շատ զարմացանք ու շփոթվեցինք, թե մի՞թե կարելի է՝ մարդ էսքան դաժան լինի, բայց դեռ չէինք լսել էն, ինչ որ լսում ենք էսօր, դեռ չէինք տեսել էն, ինչ որ տեսնում ենք էսօր, և մնում էինք միայն ցավալի տարակուսանքի մեջ: Սակայն էսօր, երբ էսքան բան է պարզված աշխարհքի առջև, «մարդասեր» գերմանացու ձեռքով գնդակահար եղած գյուղացիների վերջին գալարումների հետ, դժբախտ Միլիցայի ու իր նմանների վերջին հառաչանքների հետ, աչքերը հանոտած, լեզուները կտրատած մարդկանց կսկիծների և անեծքների հետ, Լուվենի3 գրադարանի հրդեհի կարմիր լուսի տակ, Ռայմսի տաճարի ավերման դղրդյունի մեջ՝ ստիպված ենք սրտի բեկումով խոստովանելու մեր միամտությունը և ձեզանից ներողություն խնդրելու էն խտրության համար, որ դրել ենք ձեր ու քաղաքակիրթ մարդու մեջ:

Մեր սրտերում Ռայմսի տաճարից շատ ավելի մեծ մի տաճար կար, որի մեջ նա՝ քաղաքակիրթ մարդը ապրում էր ձեզանից առանձին, նրանք խորտակեցին էն հոյակապ տաճարը և մնացին դուրսը, իրենց ձեռքով արած ավերակների մեջ, ձեզ հետ միասին, ձեզ հետ հավասար:

Էլ չեն խաբիլ մեզ նրանց մեքենաներն ու ճարտար արվեստները: Ճիշտ է ասել ժողովուրդը, թե դրանք բոլորը «սատանի հնարքներ» են, չոր ուղեղի ծնունդներ, և նրա լուսավորության մեջ ոչ աստվածային շունչն է տիրում, ոչ մարդկային խղճմտանքն է թագավորում:

Թերևս ազնիվ կլիներ ներողություն խնդրել և գազաններից, որ մարդկային էս բոլոր վայրագություններն անվանել ենք «գազանություն», և գուցե շատ իմաստուն ու տեղին կլիներ էս ամենի դեմ գնալ գանգատվելու նույնիսկ էն շներին, որ անընդունակ են էս տեսակ արարքների և ահա նույն պատերազմի դաշտում էնքան գութ են ցույց տալիս ու կարեկցություն, ինչպես հավաստիացնում են եկած տեղեկությունները:

Ավա՛ղ, կարծես, թե իզուր են ապրում ու անցնում մեծ փիլիսոփաները, մեծ գիտնականներն ու մեծ բանաստեղծները, ազգերի համար մեծ մասամբ նրանք հանդիսանում են լոկ որպես շքեղ զարդարանքներ:

ԿՈՎԿԱՍԻ ՄԵԾ ՈՐԴԵԳԻՐԸ

Մեծ է Կովկասը, արևելքի ու արևմուտքի, հարավի ու հյուսիսի մեջտեղը կանգնած հին հսկան: Աստվածների բնակավայրեր են եղած նրա երկնահաս բարձունքները: Նրանց ստորոտների վրա հանգչում են հին դարերի ու հին ժողովուրդների գերեզմաններն ու ավերակները, տներն ու տաճարները, իսկ գագաթները շողշողում են ամպերից վերև, արևին ու աստղերին ճակատ առ ճակատ:

Следующая страница